PDA

Դիտել ողջ տարբերակը : 30 փաստ մեր մասին



Էջեր : 1 [2]

Բարեկամ
06.07.2017, 17:16
Իմ տասնյակը լրիվ ինտիմ ա, բայց դե ես գլուխ գովել չեմ սիրում :D:

Էնքան ինտիմ, որ բացարձակապես ոչ ոք տեղյակ չի՞ :}

Գաղթական
07.07.2017, 06:24
Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․

10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։

;)

1. ուզեցա գրել..
չգիտեմ թե ինչու..
երևի շատ շշեր էի արդեն դատարկել:
դե էսօր <հանգստյանս> գիշերն էր, երբ վաղվա աշխատանքային օրս քիչ ավելի ուշ է սկսվում:

2. մեկ-մեկ ցանկությունա մոտս առաջանում <անձնական օրագիր> սկսելու Ակումբում,
բայց կոմպլեքսավորվում եմ, թե մեկ էլ տեսար <հանգստյան գիշեր>-ների ժամանակ շատ խորանամ,
ու կարդացողները ինձ ճիշտ չհասկանան..
բայց` մեկ էլ տեսար` մի օր բացեմ..
տեսնենք...

3. չեմ եղել դեռ Եռաբլուրում:
չգիտեմ` ինչու է էդպես ստացվել..
բայց դա, ինձ համար, խայտառակություն եմ համարում..
ցուցակ էի կազմում, թե 15 տարի բացակայությունից հետո,
Հայրենիք վերադառնալով,
ում պետք է անպայման հանդիպեմ
ու ուր այցելեմ..
Եռաբլուրը Թոփ 10-նյակիս մեջ է մտնում:

4. էս ամառ հաշված օրեր եմ արձակուրդ ունենալու:
ու Դիսնեյլենդ այցելության պլան եմ մշակում:
դժվար թե դա նպաստի հանգստիս,
բայց ընտանիքիս բավական շատ հաճույք կպատճառի..
Անակնկալ է լինելու բոլորի համար:

5. մեր քաղաքից ոչ հեռու մի փախստականների ճամբար կա:
գնացել էի էնտեղ` հայեր փնտրելու..
2 ընտանիք գտա` թիֆլիսահայ ու հայաստանցի..
առաջինները միանգամից հասկացնել տվեցին, որ հայու հետ կապ չեն որոնում:
իսկ երկրորդները գնացին-եկան մի քանի անգամ մեր տուն:
մի ջահել աղջիկ ունեյին` նոր չափահաս դարձած:
բավական խելացի էր` ըստ իս:
բողոքում էին, որ պետությունը չի ուզում օգնել նրան սովորել:
կնոջս հետ խորհրդակցելուց հետո` խոսք բացեցի,
թե ես ինքս պատրաստ կլինեմ նրա ուսման ծախսերը հոգալ,
եթե բանավոր խոսք տա, թե կյանքում միշտ կփորձի օգնել հայերին...
նկատելի կտրուկ խզեցին կապերը..
էնքան նեղվեցի, որ մարդիկ էլ չեն հավատում մարդկությանը.........
խի կարողա ես ձեր աղջկան ուտեյի...

6. երեխա դեռ չէի ունեցել,
երբ, բոլորի ներկայությամբ, հայտարարեցի,
թե` ավելի լավ է Աստված ինձ երեխա չպարգևի,
քան պարգևի մեկին, ով կապված չի լինելու Հայաստանին`
հոգով Հայ չի լինելու...
բոլորը հռհռացին..
իսկ հղի կինս վիրավորվեց..
հա, բայց ես դա սրտանց էի ցանկանում...

7. թակում են աշխատասենյակիս դուռը..
- ով է?
ներս են մտնում որդիներս` ինչ որ բան պատմելու..
իսկ ես նրանց ցույց եմ տալիս տեսահոլովակներ,
որ մինչ այդ դիտում էի..
քանդում եմ երեխայի վարդագույն աշխարհը?
բայց,
դրա շնորհիվ,
իրենց այսօրվա հերոսը`
ոչ թե ես եմ կամ պապիկը,
այլ` Զորավար Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը...
փոխանցում ենք` ոնց կարողանում ենք:

8. ինչ անում ենք` մեր երեխեքի համար ենք անում...
ծեծված արտահայտություն..
իսկ ինչ ենք անում մենք երեխեքի համար???
նորածին երեխուս օրինակ ես սուրբիկ ձագուկ եմ անվանում..
անմեղ արարած..
երբ գիրկս է լինում` Զարթնիր Լաո եմ իր համար երգում...
ու նախորդ երկուսի համար էլ եմ երգել..
անկախ էն հանգամանքից, որ բաղաձայն եմ...
իր համար եմ երգում, թե սեփական խղճի հանգստության??
այ սա է հարցը...

9. ..փաստ իմ մասին, որոնցից ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ..
հըմմմ..
հետույքայինա` շատ հետույքային եվրոպացու հետ աշխատելը...
ահագին շատ բաներ կան, որ ես չեմ հասկանում..
ու շատ ավելի ահագին դժվարա ձև անել, թե հասկանում եմ.....
դառը ու շատ կծու տրամադրությամբ տուն եմ հասնում..
- ոնց անցավ օրդ իմ սեր?
ու հազար անգամ ավելի հետույքայինա հազիվ ժպտալով արտաբերել.
- ամեն ինչ հրաշալիա կյանքս...

10. ասում են`
- ով որ թվին գնացելա` էդ թվում էլ մնացելա..
նայում եմ ու փորձում եմ հասկանալ, թե ուր են հասել այժմյան հայաստանյան բարքերը..
լուրջ փորձում եմ..
բայց շատ բան անհասկանալիա մնում...
սարսափում եմ, թե ինչ են տեսնելու վաղը երեխեքս` հասունանալով...

Տրիբուն
07.07.2017, 11:31
Էհ, անռիսկներ․․․
Ժամանակ գտնեմ - գրելու եմ :P

Դու գրի տենանք ինչ ես գրում, կարող ա մենք էլ գրենք։

boooooooom
08.07.2017, 01:54
1. Միանգամից սիրահարվում եմ կարճ սանրվածքով կանանց և չափահաս աղջիկներին:
2. Կինո զոռով եմ նայում, որ ընկերներիս զրույցներից բան հասկանամ, սերիալ` վավշե:
3. Մեր բակում 3 հատ թթի ծառ կա. պատահում ա, որ տարիներով մտքովս չի անցնում թութ ուտեմ:
4. Ոտքիս վրա այրվածքի սպի ունեմ. 8տ.-ում թութ ուտելուց ընկել եմ ջեռուցման գոլորշի մատակարարող բաց խողովակի վրա:
5. Բերանս ծուռ ա բացվում:
6. Մարդկանց հետ խոսելուց հազվադեպ եմ նայում իրենց ուղղությամբ:
7. Սիրում եմ "գետի հոսանքին հակառակ լողալ":
8. 169.5 սմ:
9. 72 կգ:
10. Մաքս. 15 սմ:

Բարեկամ
08.07.2017, 17:54
Գրեցի տասը փաստերս, սեղմեցի "պատասխանել", սայթը կախվեց։ Երևի տենց էր պետք․ չարժեր էդքան բացվել։

Գաղթական
08.07.2017, 18:17
Գրեցի տասը փաստերս, սեղմեցի "պատասխանել", սայթը կախվեց։ Երևի տենց էր պետք․ չարժեր էդքան բացվել։

տենց օյին չի )))
ուզում եմ իմ սայտն էլ քո 10 փաստերը տեսնի հետո կախվի..


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Ուլուանա
08.07.2017, 23:06
Գրեցի տասը փաստերս, սեղմեցի "պատասխանել", սայթը կախվեց։ Երևի տենց էր պետք․ չարժեր էդքան բացվել։
Դա լուծելի հարց ա. նորից ես սեղմում գրառման կոճակը, էնտեղ գրառման դաշտի հենց ներքևում մի կոճակ ա հայտնվում՝ Restore Auto-Saved Content։ Դա սեղմում ես, էն կորած գրառումդ հայտնվում ա գրառման դաշտում։ Էդ ժամանակ ապահովության համար մի հատ էլ քոփի ես անում, որ, մարդ ես, հանկարծ նորից կորի, էդ վերականգնումն էլ չօգնի, էդ գրառումդ մոտդ լինի :))։ Սպասում ենք փաստերիդ :P։

Հ.Գ. Կներեք, եթե փաստեր էիք սպասում, բայց հիասթափեցրի :D։

Յոհաննես
08.07.2017, 23:57
Էս ակումբում դուխով մարդ չկա՞ ։Դ

Բարեկամ
09.07.2017, 17:30
10 անհայտ փաստերից․

1․ Մի անգամ մահացել եմ։ Առաջին փուլում աննկարագրելի անձկություն էր։ Հուսով եմ՝ կա հետո, որը դրականորեն տարբեր կլինի։

2. Ինձ հետաքրքիր է մարդկության անցյալը, ոչ թե ապագան․ անցյալում փնտրում եմ կորուսյալը ՝ ներկայի համեմատ, ապագայում կորուստներն ավելանում են։

3. Տարիքի հետ տղամարդու գրավչությունն աճում է /հիմնականում/։

4. Գտնում եմ, որ ոչ թե մարդուս բախտն է կերտում նրա ճակատագիրը, այլ վախերը։

5. Երբ փոքր էի, գիտեի ապրելու արվեստը, չէի հասկանում, թե ինչպես մեծերը չեն տեսնում այն, և սպասում էի՝ մեծանամ, դառնամ կյանքիս տնօրինողը՝ իրագործեմ ու վայելեմ այն տեղը-տեղին։

6. Ունեցել եմ մեկուսի երիտասարդություն։

7. Վեցերորդ կետի հետևանքով կորցրի հինգերորդ կետի ունակությունս։ Հույս ունեմ մի օր վերագտնել։

8. "Վոժակ" չեմ։

9. Մարդու խելքը չի փոխարինում զգացողությանը․ գերադասում եմ երկրորդը։

10. Ամեն ինչ լավ է լինելու։

Բարեկամ
09.07.2017, 18:01
ապացուցելու կարիք չկա..

էս նեղ մաջալին հիմա ո՞րտեղից կոշկակար ճարենք, որ Ակումբով մեկ էդքան 50 ռազմերի կոշիկ կարի...


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

:D ...

Շինարար
09.07.2017, 18:41
1. կրծոսկրի ռախիտ ունեմ
2. հարթաթաթ եմ
3. քայլում եմ բադաթաթ
4. տեսողությունս -0.5, թվում ա՝ աննշան բան ա, բայց մի անգամ ակնոց դրեցի ու հասկացա, որ չեմ տեսնում աշխարհը լիարժեք
5. տառապում եմ խրոնիկական հայմորիտով
6. մարդկանց հետ հարաբերություններ պահպանելու հարցում բավականին վատն եմ, երբ կողքս են շփվում եմ, երբ չէ, ոչինչ չեմ անում շփումը պահելու համար
7. մեծ մասամբ առաջինը չեմ ծանոթանում, չեմ ընկերանում և ընդհանրապես շփման քայլ չեմ անում, բայց եթե դիմացից առաջին քայլը անում են, պարզվում ա, որ էդքան էլ վատ տղա չեմ
8. շաբաթը ամենաքիչը երեք անգամ կշռվում եմ
9. տանից ավտոբուսի կանգառ գնալիս ամեն օր փողոցում քարոզող մորմոնների եմ հանդիպում, քանի որ քաղաքավարի եմ, երբ մոտենում են միշտ զրույցի եմ բռնվում, արդեն շատերի հետ հին ծանոթի պես ենք
10. բոլոր մարդկանց ընդունում եմ նենց ոնց կան, ու եսիմ ինչ պիտի լինի էդ մարդը, որ կողքս չհանդուրժեմ, նույնիսկ եթե իմ ասածները տանում բերում են, նույնիսկ եթե իրանց հայացքները ներվերիս վրա ազդում են, եթե մեկին լավ մարդ եմ համարում, տենց բաների վրա աչք եմ փակում ու շարունակում եմ շփվել: Ընդհանրապես իմ ընկերը լինելու համար մեծ մասամբ բավական ա ուզել լինել ընկերս:

Ծլնգ
09.07.2017, 23:58
էհ․․․ գյոզալ թեման ուր հասավ․․․ փորձենք մի քիչ հետ փաստերի բերել․․․

Էն անհայտ փաստերից․
1․ Երկակնանի հեծանիվ քշել եմ բավականին ուշ, ու ահագին մեծ դժվարությամբ, բայց որ քշեցի, էլ իջնել չկար։ ;)
2. Ալերգիաների քայլող ծաղկեփունջ եմ․․․ մի անգամ էն աշխարհից են հետ բերել։
3. Միշտ կարծում էի, թե շատ երիտասարդ տարիքում ու շատ արագ մազերս պիտի սպիտակեն, էն էլ չհասցրեցին :))
4. Դեռահաս ու պատանեկան տարիքում միշտ ել սիրահարված եմ եղել․․․ մեծ մասամբ անպատասխան։
5․ Մի համակուրսեցի ունեի, ով կարծես ահագին հետաքրքրված էր ինձնով, իսկ ես միայն իր մատներով էի հրապուրված․․․ որոշեցի իրեն չտանջել, միայն մեկ հանդիպում ունեցանք։
6. Առաջին լուրջ ռոմանտիկ ընկերուհիս ինձ հաճախ պատմում էր, թե ոնց են իր ծնողները իրար հանդիպել․ մայրը հանդիպելուց է եղել հոր ընկերոջ հետ, ու հոր հետ ծանոթանալուց հետո թողել է ընկերոջը հոր համար։ Եկավ ժամանակը, ընկերուհուս ծանոթացրեցի ամենամտերիմ ընկերջս հետ․․․ ինձ թողեց ընկերոջս համար։
7. Փոքր ժամանակ միշտ երազել եմ շուն ունենալ, բայց տարիքի հետ հասկացել եմ, որ ոչ մի տնային կենդանու հետ չեմ կարա ապրել։
8. Սիրում եմ գերեզմանոցներում թափառել․․․ փոքր ժամանակ կարծում էի, թե տապանաքարը իր տակը թաղված մարդու ջերմությունն է իր մեջ պահում։
9. Երկարաժամկետ հիվանդանոց միայն մեկ անգամ եմ ընկել․ այլանդակ ձմեռով ձեռքս էի մի ահավոր ձևի կոտրել։ Դուրս գրվելու օրը համընկավ Պավլովյան ռեֆորմի (https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B5%D0%BD%D0%B5%D0%B6%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%80%D0%B5%D1%84%D0%BE%D1%80%D0%BC%D0%B0_%D0%B2_%D0%A1%D0%A1%D0%A1%D0%A0_1991_%D0%B3%D0%B E%D0%B4%D0%B0) հետ․ ամբողջ երկիրը ընկած փող էր փոխում, մի վիրաբուժ չէինք կարում բռնացնել, որ դուրս գրման թղթերս ստորագրի։ Հոյակա՜պ երկիր էր։
10. Կյանքումս ամենավախեցած եղել եմ մութ տարիներին՝ ամսվա սկզբին ընտանիքիս ամսեկան հացի կտրոնները (https://charkhchyan.files.wordpress.com/2014/06/t2ec16rhjgke9no8hljnbrbtfgy4q60_12.jpg) կորցնելուց հետո։ Բարեբախտաբար կռվով-դավով ստացվեց վերականգնել։ Այդ վախից երևի մինչև հիմա էլ չեմ ազատվել․․․

Յոհաննես
10.07.2017, 00:26
1.Էս կյանքում ոչ մի բանի չեմ հասել
2.Կյանքիս ամենահանգիստ տարիները բանակում էին ու էդ էլ զուտ բախտն ա ինձ ժպտացե։
3.Ուզում էի գրեի,որ մեծամիտ եմ,բայց էդ իրականում տենց չի,երևի էնքան եմ ինձ համոզել,որ արդեն մոռացել եմ,թե ով եմ ես։
4.Միշտ սիրել եմ ամառը,քանի որ աշխարհի ամենալոդռ մարդկանցից եմ։
5.Չեմ կարծում,որ էս կյանքում լուրջ հաջողությունների կհասնեմ,եթե իհարկե գլոբալ փոփոխություն կյանքումս չլինի։
6.Ծնողներս երբեք իմ վրա ձեռք չեն բարձրացրել,ցավոք սրտի։
7.Իրականում ես ահավոր վախկոտ եմ։
8.Կոմպլեքսավորված եմ։
9.Ինքնագնահատականս 0 է,ինչը համապատասխանում է իրականությանը։
10.Զարմանում եմ էն մարդկանց վրա ովքեր իմ հետ շփվում են։ճ

Աթեիստ
10.07.2017, 00:28
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները տեղափոխվել են նոր բացված՝ Քննարկումներ ինտիմ թեմաներով (https://www.akumb.am/showthread.php/67396-Քննարկումներ-ինտիմ-թեմաներով) թեմա։

Գաղթական
10.07.2017, 00:52
1.Էս կյանքում ոչ մի բանի չեմ հասել
2.Կյանքիս ամենահանգիստ տարիները բանակում էին ու էդ էլ զուտ բախտն ա ինձ ժպտացե։
3.Ուզում էի գրեի,որ մեծամիտ եմ,բայց էդ իրականում տենց չի,երևի էնքան եմ ինձ համոզել,որ արդեն մոռացել եմ,թե ով եմ ես։
4.Միշտ սիրել եմ ամառը,քանի որ աշխարհի ամենալոդռ մարդկանցից եմ։
5.Չեմ կարծում,որ էս կյանքում լուրջ հաջողությունների կհասնեմ,եթե իհարկե գլոբալ փոփոխություն կյանքումս չլինի։
6.Ծնողներս երբեք իմ վրա ձեռք չեն բարձրացրել,ցավոք սրտի։
7.Իրականում ես ահավոր վախկոտ եմ։
8.Կոմպլեքսավորված եմ։
9.Ինքնագնահատականս 0 է,ինչը համապատասխանում է իրականությանը։
10.Զարմանում եմ էն մարդկանց վրա ովքեր իմ հետ շփվում են։ճ

Յոհաննես ջան, էս ի՜նչ գորշ էր քո մոտ ամեն ինչ..

մենակ մի բան անհասկանալի մնաց.

էն որ էսքան մինուսներ քո մասին ինքնավերլուծել ու հայտնաբերել ես, էտի ահագին լավա:

էն որ մեջդ քաջություն ու ուժ ես գտել էս ամեն ինչը սենց հրապարակելու՝ էն էլ քեզ ճանաչող մարդկանց առաջ, էտ ուղղակի հրաշալիա:

չեմ հասկանում ուղղակի, թե ինչի մոտդ ցանկություն չի առաջանում էս բոլոր մինուսները կետ առ կետ մեջիցդ ճմռթես դուրս գցես ու ապրես ազատ


Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

John
10.07.2017, 01:01
1. մի այլ կարգի դիսկոմֆորտ եմ ապրում, երբ զանգ եմ ստանում, որին չէի սպասում (ախպերներ, էսօր զանգել էիք, քնած եմ էղել, ներող)
2․ միամիտ էրեխա եմ էղել, հիմա էլ նենց ոչինչ, բայց ահագին դժվարացել ա ինձ «քցելը»
3․ աշխարհի ամենաանվնաս մարդկանցից եմ, այ դրա համար մազերս բիզ-բիզ ա կանգնում, երբ ինչ-որ մեկին փորձում են ինձնից պաշտպանել
4․ ուսանող ժամանակ «սովորելուն» զուգահեռ 3 տեղ աշխատում էի, ավարտելուց հետո քիչ-քիչ խելիք էկա․ հիմա օֆիցիալ չեմ աշխատում, վաղուց :D
5. ինձնից խոսք քաշելը դժվար պահ ա, հատկապես, եթե նախօրոք տրամադրվել եմ, որ շանս չունեք
6․ հիշողությունս ահագին վատ ա, երևի էդ էլ կապ ունի, որ ընդհանուր առմամբ հիշաչար չեմ, բայց ցավում եմ էն մարդկանց համար՝ ում նկատմամբ երբևէ վատ եմ տրամադրված էղել
7․մարդկանց երկրորդ (երրորդ, չորրորդ) շանս տալիս եմ մեծ վերապահումներով
8․ իգական նամյոկները շատ թույլ եմ ընկալում, հաճախ չեմ էլ ընկալում
9․ կարող եմ տարիներով չշփվել մարդու հետ, բայց եթե ինքը հաստատուն տեղ ունի իմ մտքերում՝ ուրեմն միշտ ուրախ կլինեմ էդ մարդուն
10․ պարզության կարոտ եմ, էնքան են տարբեր ազդեցությունների տակ մարդիկ, որ ուղիղ խոսք լսելը երազանք ա դառել

Բարեկամ
10.07.2017, 06:05
էհ․․․ գյոզալ թեման ուր հասավ․․․ փորձենք մի քիչ հետ փաստերի բերել․․․

Էն անհայտ փաստերից․

8. Սիրում եմ գերեզմանոցներում թափառել․․․ փոքր ժամանակ կարծում էի, թե տապանաքարը իր տակը թաղված մարդու ջերմությունն է իր մեջ պահում։
10. Կյանքումս ամենավախեցած եղել եմ մութ տարիներին՝ ամսվա սկզբին ընտանիքիս ամսեկան հացի կտրոնները (https://charkhchyan.files.wordpress.com/2014/06/t2ec16rhjgke9no8hljnbrbtfgy4q60_12.jpg) կորցնելուց հետո։ Բարեբախտաբար կռվով-դավով ստացվեց վերականգնել։ Այդ վախից երևի մինչև հիմա էլ չեմ ազատվել․․․

Ես էլ եմ սիրում գերեզմանոցներում թափառել: Սիրում եմ կարդալ տապանաքարերը, հաշվել հանգուցյալների տարիքը, անունները, ազգակցական կապերը հայտնաբերել...

Մութուցուրտ տարիների որոշ վախերից ես էլ մինչև հիմա չեմ ազատագրվել. օրինակ սառելու վախը:

Բարեկամ
10.07.2017, 06:37
1.Էս կյանքում ոչ մի բանի չեմ հասել
2.Կյանքիս ամենահանգիստ տարիները բանակում էին ու էդ էլ զուտ բախտն ա ինձ ժպտացե։
3.Ուզում էի գրեի,որ մեծամիտ եմ,բայց էդ իրականում տենց չի,երևի էնքան եմ ինձ համոզել,որ արդեն մոռացել եմ,թե ով եմ ես։
4.Միշտ սիրել եմ ամառը,քանի որ աշխարհի ամենալոդռ մարդկանցից եմ։
5.Չեմ կարծում,որ էս կյանքում լուրջ հաջողությունների կհասնեմ,եթե իհարկե գլոբալ փոփոխություն կյանքումս չլինի։
6.Ծնողներս երբեք իմ վրա ձեռք չեն բարձրացրել,ցավոք սրտի։
7.Իրականում ես ահավոր վախկոտ եմ։
8.Կոմպլեքսավորված եմ։
9.Ինքնագնահատականս 0 է,ինչը համապատասխանում է իրականությանը։
10.Զարմանում եմ էն մարդկանց վրա ովքեր իմ հետ շփվում են։ճ

Յոհաննեսի նշած համարյա բոլոր փաստերը, կարծում եմ, բոլորն ունեն՝ այս կամ այն չափով:

Skeptic
10.07.2017, 07:18
Մտածում էի՝ ես էլ մի 10 փաստ գրեմ, բայց ուղեղս չէր աշխատում, որոշեցի առաջին անգամվա համար մի քիչ դաղալություն անեմ (:pardon), հետո երևի էլի կգրեմ.

1. հարթաթաթ եմ

2. քայլում եմ բադաթաթ

3. մարդկանց հետ հարաբերություններ պահպանելու հարցում բավականին վատն եմ. երբ կողքս են, շփվում եմ, երբ՝ չէ, ոչինչ չեմ անում շփումը պահելու համար

4. կարող եմ տարիներով չշփվել մարդու հետ, բայց եթե ինքը հաստատուն տեղ ունի իմ մտքերում, ուրեմն միշտ ուրախ կլինեմ էդ մարդուն

5. մեծ մասամբ առաջինը չեմ ծանոթանում, չեմ ընկերանում և ընդհանրապես շփման քայլ չեմ անում, բայց եթե դիմացից առաջին քայլը անում են, պարզվում ա, որ էդքան էլ վատ տղա չեմ

6. մամաս երբեք իմ վրա ձեռք չի բարձրացրել, ցավոք սրտի

7․ արտաքինով, ավելի ճիշտ՝ դիմագծերով, հորս copy-paste-ն եմ, ինչի պատճառով (ու մի փունջ այլ պատճառներով) կոմպլեքսավորված եմ

8․ ինքնագնահատականս 0 ա, ինչը շատ հեռու չի իրականությունից

9․ չնայած պատկառելի տարիքիս՝ երբեք ընկերուհի չեմ ունեցել, ու արդեն չեմ էլ կարծում, որ երբևէ կունենամ

10․ էս վերջինը գոնե դրական բան գրեմ. )) կինոման եմ ու էդ թեմայով կարող եմ ժամերով խոսել։

One_Way_Ticket
10.07.2017, 14:18
1. Ամենաուժեղ սիրահարվածությունս եղել է 3 տարի առաջ:
2. Դրանից հետո էլ նրան չեմ տեսել: Գուցե այդպես ավելի լավ է, որ տեսնեմ, երևի կհիասթափվեմ: Թող հիշողությանս մեջ նա մնա իդեալական: Հատկապես որ վեճերը լրիվ ինտերնետով եղան, իսկ իրական նա միշտ ինձ ժպտում էր:
3. Նախորդ կետում մի քիչ սուտ խոսեցի: Վիճելուց հետո մի անգամ նրան տեսա: Պատահական: 4 միլլիոնանոց քաղաքում: Գուցե և պատահական չէր: Նա այնպիսի խելք ու հնարամտություն ուներ, որ կարող էր դա կազմակերպել: Տեսա նրան, ապշեցի, դանդաղեցրեցի քայլերս, հետո կանգնեցի: Հեռախոսով խոսում էր, նկատեց ինձ: Բարևեցի, պատասխանեց բարևիս նույնքան ջերմ, ոնց որ չէինք էլ վիճել: Բայց ես սկզբունքորեն էի տրամադրված, ոչինչ չասացի ու հեռացա:
4. Դրանից կես տարի հետո ՖԲ-ում գտել էր մի փակ խումբ, որտեղ ես կայի, մտել, եքա սքրոլլ արել, ու կարդացել իմ մասին մի գրառում (seen ցուցակում իր մականունը միայն այդ գրառման տակ էր հայտնվում): Բայց միառժամանակ կապ վերահաստատելու փորձերս իգնոր էր անում:
5. Այն քաղաքը, որտեղ 4 անմոռանալի (ինձ համար) օր անցկացրինք, այլևս չեմ այցելել: Բազմաթիվ անգամ ճանապարհիս վրա է եղել, շրջանցել եմ: Թող մնա մի տեղ, ու տեսականորեն մի օր կարող եմ գնալ ու վերապրել նույն զգացումները:
6. Չնայած տարիքով ինձնից փոքր էր, շատ հարցերում ինձնից ավելի հասուն մտածելակերպ ուներ: Հիմա եմ հասկանում, թե ինչքան հարցերում էր ինքը ճիշտ: Մյուս կողմից, հիմիկվա պես հասուն լինեի այն ժամանակ, կարող է ոչ էլ սիրահարվեի, համենայն դեպս ոչ նույն ուժգնությամբ:
7. ՖԲ-ում նրա էջը լրիվ փակ է, համենայն դեպս ոչ ընկերների համար (ընկերներիս ցուցակից վիճելուց հետո հանեցի): Տեսնես ուր է, ինչ է անում: Մի ընդհանուր ընկեր ունենք, տարին մեկ իր ծնունդն է շնորհավորում, գոնե դրանից իմանում եմ, որ ողջ է:
8. Ընտիր համատեղ լուսանկարներ ունեինք իր ֆոտոխցիկի վրա, որոնք ինձ այդպես էլ չտվեց, ինչքան խնդրեցի թե տուր, հիշատակ մնա: Գրեթե համոզված եմ՝ պահել է, գուցե դեռ մի օր տեսնեմ:
9. Ներեք ինձ, մնացած աղջիկներ, դուք երբեք նրան իմ սրտից չեմ արտաքսի:
10. ...

ivy
10.07.2017, 15:18
Չգիտեմ՝ ինչքանով է տասնյակս «ոչ ոք չգիտի»-ին համապատասխան, բայց դե էս ստացվեց.

1. Շուրջս ոչ մի հայելի բաց չեմ թողնում: Ինձ ուղղելու համար չէ (ուղղելու բան էլ չկա վրաս՝ ոչ քսվում եմ, ոչ սանրվում), այլ ինքս ինձնով զմայլվելու: Մեկ-մեկ մտքում եմ հիանում, մեկ-մեկ՝ բարձրաձայն: Ընդհանրապես ես ինձ շատ եմ սիրում ու ինձ տեսնելու ոչ մի առիթ բաց չեմ թողնում:
2. Մի ձեռքիս մատները հերիք կանեին (դեռ ավելցուկով)՝ թվարկելու համար իմ կյանքում գոյություն ունեցող բոլոր էն մարդկանց, որոնց հետ մտերիմ կապն ինձ կարևոր է: Մնացած մարդկանց հետ հավես է թեթև ու բարյացակամ ծանոթներ լինել, բայց ընկերություն անելու պահանջ մոտս չի առաջանում:
3. Աջ ծնկիս վրա բնածին փոսիկ ունեմ. փոքր ժամանակ լավ չաղլիկ էի, ու էդ փոսը կողքի միսիկների հաշվին մի կարգին հոր էր, անունն էլ՝ «տոտոյի ձինձին»:
4. Սարսափ ֆիլմեր չեմ նայում: Վախենում եմ շատ: «Սա ընդամենը ֆիլմ է» ռացիոնալ միտքը վրաս չի ազդում:
5. Հայաստանի հետ ներքին կապը կտրվել է:
6. Շատ ուժեղ խուտուտ ունեմ: Միայն մի վիճակ կա, որի ժամանակ ինքն ամբողջությամբ կորչում է:
7. Սիրում եմ գրկվել, փաթաթվել, քսմսվել, ձեռք բռնել, կպնել ուղղակի ու նման պստիկ-մստիկ ֆիզիկական կոնտակտներ:
8. Ծնողներիս հետ կապ պահպանելը քիչ-քիչ վերածվում է պարտականության, ու ես ինձ մեղավոր եմ զգում, որ բնական ցանկություն/պահանջ չունեմ հետները շփվելու:
9. Տունը ջերմ ու հարմարավետ դարձնելու ոչ մի շնորհք չունեմ. ինձ մնա՝ դատարկ չորս պատի մեջ կապրեմ:
10. Սիրահարված եմ:

Ծլնգ
10.07.2017, 17:19
10. Սիրահարված եմ:

Էս վերջինը One_Way_Ticket-ի 10րդ տեղից այնքա՜ն էր պակասում, չնայած․․․ :)

Բարեկամ
10.07.2017, 17:26
Էս վերջինը One_Way_Ticket-ի 10րդ տեղից այնքա՜ն էր պակասում, չնայած․․․ :)

Ինձ թվում ա՝ Թիքեթի բոլոր ինը կետերի գումարի ու Այվիի տասներորդ կետի միջև հավասարման նշան որ դնես, խնդիրը կլուծվի։

Ծլնգ
10.07.2017, 17:37
Ինձ թվում ա՝ Թիքեթի բոլոր ինը կետերի գումարի ու Այվիի տասներորդ կետի միջև հավասարման նշան որ դնես, խնդիրը կլուծվի։

Ինձ թվում ա՝ Ծլնգի «չնայածից» հետևող ժպիտին որ մի երկու վայրկյան երկար նայես, Բարեկամի «հավասարման նշանը» կսկսի երևալ։ Ու էլ խնդիր էլ չես ունենա։ ;)

Բարեկամ
10.07.2017, 17:41
Ինձ թվում ա՝ Ծլնգի «չնայածից» հետևող ժպիտին որ մի երկու վայրկյան երկար նայես, Բարեկամի «հավասարման նշանը» կսկսի երևալ։ Ու էլ խնդիր էլ չես ունենա։ ;)

Ծլնգ ջան, միանգամայն ճիշտ նկատեցիր, թե որն ա իմ խնդիրը․ երկրորդ վայրկյանին սպասելու համբերություն չունեմ :(

Տրիբուն
11.07.2017, 00:08
Progart-ը աղջիկ ա !!!

Դեղին մուկիկ
11.07.2017, 00:17
Progart-ը աղջիկ ա !!!

Ես էլ լիովին համոզված էի, որ տղա ա, գրառումներից դատելով՝ նույնիսկ մտքովս չէր անցել, որ աղջիկ կարող ա լիներ :D

Ուլուանա
11.07.2017, 02:12
Progart-ը աղջիկ ա !!!
Բայց դա էս թեմայի հետ ի՞նչ կապ ունի :unsure։

Progart
11.07.2017, 06:32
:D :D ախ֊ախ֊ախ :P

StrangeLittleGirl
11.07.2017, 19:38
Մի բան առաջարկեմ․ եկեք թեման թարմացնենք հետևյալ չելընջինգ փոփոխությամբ․

10 անհայտ փաստ իմ մասին, որոնցից բացարձակապես ոչ ոք գաղափար չուներ մինչև այժմ։

;)

Ես էլ միանամ էս նոր խաղին :))
Մի քիչ դժվարանում եմ էնպիսի անհայտ փաստեր գրել, որ ոչ ոք չգիտի, բայց ես էլ ուզում եմ ակումբում գրել: Դրա համար կսահմանափակվեմ էնպիսի փաստերով, որոնց մասին ակումբցիների մեծ մասը չգիտեն: Ձեռի հետ էլ արդեն գրածներից ոգեշնչված:

1. Ես գրեթե երբեք մարդկանց չեմ կարոտում։ Երբ մեկն ինձ ասում ա, որ ինձ կարոտել ա, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, որովհետև մեծ մասամբ էդ զգացողությունը չեմ փոխադարձում, չեմ էլ ուզում խաբած լինել։
2. Ահավոր ներվերիս վրա ազում ա, երբ Հայաստանից հեռացած մարդիկ ողբ են կապում, թե Հայաստանը կարոտում են, առանց Հայաստանի ապրել չեն կարող և այլն։ Երևի որ նույն զգացողությունը չեմ ունենում, դրանից ա։
3. Դանիայի քաղաքականությանը շատ մոտիկից եմ հետևում։ Երևի սկի Հայաստանինը տենց չեմ հետևել։ Ամեն նոր օրենքի ընդունման մասին իմանում եմ։ Քաղաքական գործիչներին էլ գիտեմ, իրենց կուսակցություններն էլ։ Բայց մենակ ներկան։ Վերջին երկու տարիներից առաջվանից գաղափար չունեմ։
4. Սեպտեմբերից մի նոր գժական բան եմ փորձելու՝ միաժամանակ երկու երկրում ապրել։ Ահագին դաժան գործ ա։ Պետք ա հարկերի, կենսաթոշակայինի, ապահովագրության ու երկու տան վարձի հարցեր կազմակերպել։ Լրիվ խճճվել եմ էս հարցերի մեջ ու չգիտեմ՝ ոնց եմ տակից դուրս գալու։
5. Ես ինձ աշխարհում ոչ մի տեղ տանը չեմ զգում․ ո՛չ Հայաստանում, ո՛չ Կոպենհագենում, ո՛չ մի ուրիշ տեղ։ Դրա համար էլ ինձ համար տարբեր տեղերից հեռանալը խնդիր չի։ Էդքանով հանդերձ, կուզենայի ապագաս Կոպենհագենում կառուցել, բայց չգիտեմ՝ ինչքանով կստացվի։
6. Իմ երազանքներն իրականանում են։ Բայց ոչ թե նրանից ա, որ բախտավոր եմ, այլ նրանից, որ կոնկրետ քայլեր եմ ձեռնարկում դրանց հասնելու համար։
7. Ես բախտավոր չեմ․ երբ որևէ հարց վիճակահանությամբ ա որոշվում, իմ անունը երբեք չի ընտրվում։
8. Չնայած շատերին թվում ա, թե ես նպատակասլաց եմ, բայց ես ոչ մի կոնկրետ նպատակ չունեմ, ու շարժվում եմ հոսանքի ուղղությամբ։ Հենց հոսանքն ուղղությունը փոխում ա, ես էլ եմ փոխում։ Իմ հաջողությունները պայմանավորված են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելով։
9. Ես շփվող, բայց փակ մարդ եմ։ Ինձ հետ մտերմանալու համար տարիներ են պետք։ Հաճախ էդ տարիներն էլ չեն փրկում։
10. Հարցեր տալ չեմ սիրում, բայց սիրում եմ, երբ դիմացինն ինձ իր մասին պատմում է առանց հարցերի։ Բայց եթե շուռ տանք, ես իմ մասին սիրում եմ պատմել մենակ էն դեպքում, երբ կոնկրետ հարցեր են տրվում։

Mephistopheles
12.07.2017, 03:00
Ես որդեղ էի հասե՞լ...

Տրիբուն
12.07.2017, 19:26
....ես իմ մասին սիրում եմ պատմել մենակ էն դեպքում, երբ կոնկրետ հարցեր են տրվում։

Տո լավ է ։)

Alphaone
12.07.2017, 20:14
ևս մեկ փաստ՝
Ես շա՜տ ավելի լավն եմ, քան իմ մասին մտածում էի՝ իմ իդեալից էլի լուսատարիներով հեռու եմ, բայց ինչ ինքնասիրահարված վիճակներ են մոտս:

StrangeLittleGirl
12.07.2017, 21:38
Տո լավ է ։)
Իրական կյանքում :beee դրա համար տեղը վիրտուալում եմ հանում։


ևս մեկ փաստ՝
Ես շա՜տ ավելի լավն եմ, քան իմ մասին մտածում էի՝ իմ իդեալից էլի լուսատարիներով հեռու եմ, բայց ինչ ինքնասիրահարված վիճակներ են մոտս:
Հաստատ

Apsara
12.07.2017, 23:51
1, վստահ եմ, որ ոչ ոք իմփաստերը չեն հետաքրքրում, գուցե բացառությամբ մի քանիսի։
2, Ես մահացել եմ քիչ-քիչ ու գիտակցելով, ավաղ ոչինչ չկարողացա անել, որ կանխեմ։
3, Համադրելով մանկությանս մասին ինձ պատմածները և մի պահ շատ տարածված ինդիգո բալիկների մասին հոդվածները, համարձակորեն կարող եմ ենթադրել, որ ծնվել եմ և մի 5 տարի եղել եմ այսպես կոչված ինդիգո՝ խոսել կենդանիների հետ, երբեք և ոչինչից չվախենալ, երբեք և ոչ ոքի չնեղացնել, իսկ հակառակ դեպքում զարմանալ այլ ոչ նեղանալ, գուշակել ապագայի դրվագներ, պատմել այն ինչ եղել է մինչ ծնվելս և այլն։
4, մի անգամ սիրո պատճառով ընկա դեպրեսիայի անդունդը ու այդպես էլ դուրս չեկա։
5, Ծույլիկ մեռնում եմ, հիմնականում հենց այդ պատճառով կյանքումս չեմ հասել ոչ մի նշանակալից բանի։
6, Գժվում եմ պարելու, վազելու համար, եթե էս երկու բանը երկար բացակայում են կյանքիցս, ահավոր տխուր եմ դառնում։
7, Փոշմանել եմ, որ ամուսնացել եմ ու երեխեք եմ ունեցել, սա բխում է 5 կետից։
8, Համոզված եմ, որ տգեղ եմ, հակառակը չես համոզի, դրա համար ցանկացած կոմպիլմենտ ինձ համար հնչում է որպես քծնանք․ մի բան ուզում են ինձնից
9, Բուսակեր եմ և երբ մսեղենի գովազդ եմ տեսնում սկզբից զարմանք եմ ապրում՝ ախր սա ուտելիք չի, հետո հիշում եմ, որ մյուսները ուտում են։
10 Սրում եմ այս աշխարհը իր բազմազանությամբ, բոլոր մարդկանցով ու կենդանիներով, ձգտում եմ ապրել մաքսիմալ առանց վնասելու թեմարդկանց թե բնությանը, եթե կարող եմ օգնել ինքս ինձ վնասելով՝ կանեմ, իմ տեսակետից անարդարություն տեսնելիս չեմ դիմանում լացում եմ։

Ուլուանա
12.07.2017, 23:54
Իմ մասին չեմ կարող գտնել գոնե մի փաստ, որի մասին բացարձակապես ոչ ոք չգիտի։ Բայց ինչքան հասկանում եմ, բոլորն էլ գրում են իրենց մասին ուղղակի ոչ հայտնի կամ քչերին հայտնի փաստեր։ Ես էլ կփորձեմ էդպես անել.

1. Աջ ոտնաթաթս ձախից մոտ մեկ համարով փոքր է։

2. Վերջերս զգում եմ, որ Հայաստանն ինձ համար սկսել է խամրել որպես տուն, ու քանի որ ԱՄՆ–ն երբեք տուն չի էլ եղել ու դժվար թե լինի, հիմա ինձ մի տեսակ «անտուն» եմ զգում։

3. Ակումբում ինձ այլևս առաջվա պես հարմարավետ ու «տանտեր» չեմ զգում, օտարացել եմ ահագին։

4. Երբևէ չեմ փորձել գրավել մի տղամարդու, ում ինքս սիրահարված չեմ եղել։

5. Ահավոր վախենում եմ դժբախտ պատահարներից (հիմնականում մտերիմ, հարազատ մարդկանց հետ կապված)։ Էդ վախը ժամանակ առ ժամանակ թուլանում է, երբեմն նույնիսկ թվում է՝ ազատվել եմ դրանից արդեն, բայց պարբերաբար վերադառնում է՝ վերածված հիվանդագին մոլուցքի, էն որ անընդհատ «սպասում ես», որ հարազատներիցդ մեկի հետ դա տեղի կունենա։

6. Նախորդ կետի կոնկրետ օրինակ–փաստ. դեռ դպրոցական տարիքից ահավոր վախենում էի եղբորս կորցնելուց։ Իսկ երբ ուսանող դարձավ, էդ առումով կյանքս շատ բարդացավ. մինչև տուն չէր գալիս, չէի կարողանում հանգիստ շունչ քաշել։ Ես էլ էի դեռ ուսանող, բայց մեր դասերն իրենցից մի քիչ շուտ էին վերջանում, ու ես տուն հասնելուն պես հաշվարկում էի, թե իր դասը երբ է վերջանալու, ինչքան ժամանակ կտևի, մինչև հասնի տուն, ու եթե ակնկալված ժամից մի փոքր էլ ուշանար, պանիկայի մեջ էի ընկնում։ Լավ է՝ էն ժամանակ դեռ բջջային հեռախոսները տարածված չէին, թե չէ՝ պատկերացնում եմ՝ ինչքան էի խեղճին զանգելով ծնգլահան անելու։ Չեմ հիշում, թե երբվանից, բայց կոնկրետ եղբորս հետ կապված էդ մոլեգին վախն անցավ։

7. Օբյեկտիվ լինելու «մոլուցք» ունեմ։ Հատկապես երբ ինչ–որ մեկին հակակրում եմ, հատուկ ուշադրություն եմ դարձնում, որ հանկարծ անձնական վերաբերմունքս չազդի նրա վարքն ըստ արժանվույն գնահատելու վրա։

8. Ներվայնանում եմ մանկական երգերից, ոտանավորներից ու հանդեսներից։ Նաև տանել չեմ կարողանում, երբ երեխաներին ուրիշների համար արտասանել կամ երգել են տալիս։

9. Երբ ինձ սիրահարված են լինում, սովորաբար չեմ զգում դա. քանի դեռ ուղիղ խոստովանություն չի եղել, ուշադրության ու ջերմության բոլոր դրսևորումներն ընկալում եմ որպես ընկերական։

10. «Շատ մի ատի, սիրել կա» խոսքն իր ողջ հմայքով մաշկիս վրա զգացել եմ տասնչորս տարեկանում, երբ սիրահարվեցի մի տղայի, որին տանել չէի կարողանում, արհամարհում էի, չեմ հիշում, որ ուրիշ որևէ մեկին էդ աստիճանի ատած լինեմ (կյանքումս երևի մի երկու հոգու եմ ատել, բայց ոչ էդքան)։ Նրան նաև շատ գեշ էի համարում (բայց դա ատելուց չէր, մինչև ատելն էլ էի նույն կարծիքին), էն աստիճանի, որ մտածում էի՝ տեսնես՝ իրեն սիրող կլինի՞։ Ատելությունից սիրահարվածություն անցումը երբևէ ապրածս ամենածանր ու ամենանվաստացուցիչ զգացումներից է եղել՝ ինքնախաբեության բավական երկարատև ու տառապալից պրոցեսով ուղեկցվող։

Smokie
26.07.2017, 17:43
Էս ինչքան փաստեր, գրառումներ ու քննարկումներ եմ հետաձգել ու բաց թողել հերթական անգամ հերթական հետաքրքիր թեմայում::( :oy

Smokie
27.07.2017, 12:37
Քչերին հայտնի 10 փաստեր: :scen

1. Որոշ լավ ընկերների բոլորովին այլ կերպ եմ նայում: Երբ որոշ հարցերում անհաջողակ ու «դժբախտ» եմ լինում՝ անարդարացիորեն դրանում մեղադրում եմ նրանց, բայց ոչ ինձ: Էդպես եմ տրամադրվում ու դրանով իրենց եմ ցավացնում:
2. Իսկ եթե իրենց բացատրելուց հետո հասկանամ, որ ինչ-որ բան սխալ եմ անում՝ չեմ ընդունի: Ուզում եմ ինքս փորձել ու իմ աչքով տեսնել: Այ ոնց որ Сергей Михалков-ի Фома-ն ա, էդպիսինն էլ ես եմ: Չեմ հավատում, ոչ որ իմ հետ որևէ բան կլինի ոչ էլ «դեպքը մի անգամ ա լինում» խոսքին:
3. Չեմ գնահատում իրենց սերն ու հոգատարությունը: Չեմ սիրում, որ իմ համար անհանգստանում ու մտահոգվում են, բայց ինքս եմ իմ վարքով ստիպում անհանգստանալ:
4. Մոտ տասներեք տարի առաջ ձեռք եմ բերել ու ցայսօր պահպանել մի վատ սովորություն, ինչը քիչ անց իմացել են, հիմա գիտեն ու երևի միշտ կիմանան միայն վերոնշյալները:
5. Չեմ խրատվում, նույն սխալը կարող ա անեմ շատ անգամներ ու հազվադեպ եմ կյանքի դասեր քաղում:
6. Էս տարի կյանքումս առաջին անգամ գիշերել եմ մեր բալկոնում::roll Ոչ մեկ անգամ ա դա եղել ու դեռ էլի կլինի::aha
7. Թվում ա թե չեմ սիրում դուդուկ: Մեր ազգային գործիքի ձայնը երբեմն կարող ա նմանեցնեմ մուղամին::oy
8. Բողոքել ու բողոքում եմ արտագաղթից: Ասել եմ, որ ըստ իս արտագաղթողները երկարատև պայքարից հետո ի վերջո կոտրվող, հանձնվող ու թուլացող մարդիկ են: Հիմա չեմ բացառում, որ ձենս տաք տեղից ա գալիս ու եթե մի օրերից մի օր հնարավորություն ընձեռնվի, գուցե ես էլ բռնեմ ու փշտ լինեմ: Օրինակ՝ Իտալիա::love
9. Հեքիաթս վաղուց չեմ գրել ու վրան չեմ աշխատել: «Հանգստանում եմ»: Դեռ խոստանում եմ, որ էս մի գործը կիսատ չեմ թողնի, ավատին կհասցնեմ, շատերին եմ խոստացել: Բայց որ էսպես շարունակվի, մեկ էլ տեսար իսպառ թարգվեց::(
10. Անահիտի մոտ շատ լավ ա ստացվում մարդկանց ճանաչել (https://www.akumb.am/showthread.php/25949-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8?p=2552528&viewfull=1#post2552528):))
10-2. Վերջին տարիներին սկսել եմ ինքս ինձ տված խոստումները դրժել: Հիմա էլ հաճույքով էդպես կվարվեի անցած տարվա խոստումիս հետ: Էս էն դեպքերից ա, որ պետք չի հնարավորությունը բաց թողնել::oy

Moonwalker
30.07.2017, 00:43
3. Ակումբում ինձ այլևս առաջվա պես հարմարավետ ու «տանտեր» չեմ զգում, օտարացել եմ ահագին։

Ինքս ավելի դիպուկ չէի կարողանա նկարագրել: Ակումբում պտտվող ուրվականի եմ նման, փնտրում եմ անցած գնացած մարդկանց ու ինքս ինձ՝ Ակումբի անցյալից: Չեմ գտնում, բնականաբար: :)

Alphaone
30.07.2017, 01:12
Մի շատ կարևոր փաստ իմ մասին՝ ես մարդկանց հավատում եմ: Էնպես չի, որ ես սուտ չեմ խոսում, էնպես չի, որ տեղով իդեալ եմ, բայց երևի լիքը մարդկանցից ավելի մաքուր կամ պարզապես ավելի հիմար եմ:
Մի ուրիշ փաստ էլ՝ ակումբում ես ավելի շատ իսկական ընկերներ ունեմ, ում կարող եմ վստահել, քան էն մարդկանց մեջ, ում հետ երկար տարիներ կենդանի շփվել եմ:

Յոհաննես
30.07.2017, 01:17
Մի շատ կարևոր փաստ իմ մասին՝ ես մարդկանց հավատում եմ: Էնպես չի, որ ես սուտ չեմ խոսում, էնպես չի, որ տեղով իդեալ եմ, բայց երևի լիքը մարդկանցից ավելի մաքուր կամ պարզապես ավելի հիմար եմ:
Մի ուրիշ փաստ էլ՝ ակումբում ես ավելի շատ իսկական ընկերներ ունեմ, ում կարող եմ վստահել, քան էն մարդկանց մեջ, ում հետ երկար տարիներ կենդանի շփվել եմ:

Որդյակս,մոլորության մեջ ես :))

Յոհաննես
18.08.2017, 19:41
Փաստ 11
Գրական մրցույթի ժամանակ մեկի խնդրանքով եմ քվեարկել,սրտիս դարդ էր եղել,բայց էդ ժամանակ մերժելը մոտս չէր ստացվում։
Ինչ մեծ կարծիք ունեի ակումբցիների մասին ։ճճ

Mephistopheles
18.08.2017, 21:59
Փաստ 11
Գրական մրցույթի ժամանակ մեկի խնդրանքով եմ քվեարկել,սրտիս դարդ էր եղել,բայց էդ ժամանակ մերժելը մոտս չէր ստացվում։
Ինչ մեծ կարծիք ունեի ակումբցիների մասին ։ճճ
չես ամաչու՞մ... այ անամոթ

StrangeLittleGirl
18.08.2017, 23:07
Փաստ 11
Գրական մրցույթի ժամանակ մեկի խնդրանքով եմ քվեարկել,սրտիս դարդ էր եղել,բայց էդ ժամանակ մերժելը մոտս չէր ստացվում։
Ինչ մեծ կարծիք ունեի ակումբցիների մասին ։ճճ

Ու՞մ օգտին ես քվեարկել։

Յոհաննես
18.08.2017, 23:13
չես ամաչու՞մ... այ անամոթ

Գետինն եմ մտե ։ճ բայց ես եմ մեղավոր ։ճ փաստա ասում եմ ։ճ
Հ.Գ Բյուր չեմ ուզում էս թեման բացվի,հոգուս հանգստության համար եմ գրել ։ճ

Mephistopheles
18.08.2017, 23:17
Գետինն եմ մտե ։ճ բայց ես եմ մեղավոր ։ճ փաստա ասում եմ ։ճ
Հ.Գ Բյուր չեմ ուզում էս թեման բացվի,հոգուս հանգստության համար եմ գրել ։ճ

աաա՜.... Բյուրի դեմ ես քվեարկել, ի վնաս Բյուրի... խոստովանիր զավակս, որ սիրտդ թեթևանա..

Յոհաննես
18.08.2017, 23:19
աաա՜.... Բյուրի դեմ ես քվեարկել, ի վնաս Բյուրի... խոստովանիր զավակս, որ սիրտդ թեթևանա..

Սադրիչ ։Դ ֆսյո,չենք շարունակի ։ճ

Mephistopheles
18.08.2017, 23:25
Սադրիչ ։Դ ֆսյո,չենք շարունակի ։ճ

փաստորեն Բյուրը պտի հաղթած լիներ, բայց չի հաղթել... ու շատ հետաքրքիր ա թե էդ ու՞մ խնդրանքով ես քվեարկել...

ivy
18.08.2017, 23:34
Ես նկատել էի Յոհանի կեղծ ձայնը ու լավ հիշում եմ, որովհետև էդ Հավաքածուն համարյա քթիցս եկավ։

Mephistopheles
18.08.2017, 23:38
Ես նկատել էի Յոհանի կեղծ ձայնը ու լավ հիշում եմ, որովհետև էդ Հավաքածուն համարյա քթիցս եկավ։

փասըորեն Այվին ա տուժել ու փողի հաշիվ ա...

StrangeLittleGirl
18.08.2017, 23:42
փասըորեն Այվին ա տուժել ու փողի հաշիվ ա...
Էդ մրցույթում միակ տուժողը ես էի :D

ivy
18.08.2017, 23:44
Էդ մրցույթում միակ տուժողը ես էի :D

Բա ես ինչ ասեմ, իմ գլխին շան լափ լցրեցին, նույնիսկ անոնիմ նամակներով ։))

Mephistopheles
18.08.2017, 23:50
Էտ ո՞ր մրղույթն ա...

Mephistopheles
18.08.2017, 23:52
Էդ մրցույթում միակ տուժողը ես էի :D

ես էլ տենց գիտեի, բայց Այվին ասում ա ինքն ա...

... բայց դե տենց որ նայենք բոլոր մրցույթներում էլ դու ես տուժողը, չէ՞

StrangeLittleGirl
19.08.2017, 00:00
Բա ես ինչ ասեմ, իմ գլխին շան լափ լցրեցին, նույնիսկ անոնիմ նամակներով ։))
անոնիմ նամա՞կ :D

ivy
19.08.2017, 00:04
անոնիմ նամա՞կ :D

Հա, ու էն ինչեր էին գրված :cry
Բայց հետո էդ անձը խոստովանեց ու ներողություն խնդրեց ։)

Այ սենց բուռն վիրտուալ կյանք ։))

John
19.08.2017, 00:05
Հա, ու էն ինչեր էին գրված :cry
Բայց հետո էդ անձը խոստովանեց ու ներողություն խնդրեց ։)

Այ սենց բուռն վիրտուալ կյանք ։))
խի՞ ա ինձ թվում, որ էդ նույն անձն ա, ով Յոհանին համոզել ա քվեարկել :D

StrangeLittleGirl
19.08.2017, 00:07
Հա, ու էն ինչեր էին գրված :cry
Բայց հետո էդ անձը խոստովանեց ու ներողություն խնդրեց ։)

Այ սենց բուռն վիրտուալ կյանք ։))

աաաա, լավ, հասկացա ով էր :D

GriFFin
19.08.2017, 00:50
Ինձ կասեք որ մրցույթի մասին ա խոսքը?

LisBeth
19.08.2017, 17:37
Վաու, էս ի՞նչ կրքեր են մրցույթների կուլիսում։ Մի հատ մեզ էլ ասեք էլի որ մրցույթի մասին ա խոսքը։

boooooooom
21.08.2017, 00:58
Փաստ 41.
Իմ կինն իմ ընկերն ա ու մենք՝ անամոթներս, սեռական հարաբերություններ ենք ունեցել/ունենք/կունենանք։ Մնացած ընկերներիս հետ չի եղել տենց բան։ Բայց դե մտքներիս տեղ ըլնի...:D

Moonwalker
02.09.2017, 12:34
30-ն իմ պես անհետաքրքիր մարդու համար չափազանց ա, ուստի կբավարարվեմ 10 կետով:

1. Անվանս նշանակությունը [<հպրսկ. aršaka/«արջուկ» <նվազ. arša/«արջ»] ինչ-որ իմաստով դարձել ա իմ «ես»-ի մի մասը, ինձ հաճախ արջուկ էլ զգում եմ:
2. Սիրում եմ խոհանոցը: Հազվադեպ, բայց տրամադրություն ունենալու ժամանակ համով (ասում են) բաներ եմ սարքում:
3. Տանը տարբեր լեզուներով Ղուրանների փոքր հավաքածու ունեմ (էս պահի դրությամբ՝ 8 լեզվով 39 կտոր):
4. Բացարձակ գրական տաղանդ չունեմ, բայց մի անգամ 6 էջանոց անհաջող (ես ասեմ անհաջող, դուք հասկացեք համարյա խայտառակ) պատմվածքիս (http://newsroom.aua.am/files/2016/06/Arshak-Gevorgyan-PAT.pdf) համար 2000 դոլար պարգևավճար եմ ստացել:
5. Ազատ ժամանակ բզբզում եմ սեփական շախմատային շարժիչի (https://en.wikipedia.org/wiki/Chess_engine) վրա: Անում եմ սեփական հավեսի համար ու երբեք չեմ հրապարակայնացնելու (չնայած գոնե հիմա նենց թույլ ա, որ ոչ մեկին չի էլ հետաքրքրի):
6. Շատ փոքր ժամանակ հակում ունեի խաչերի նկատմամբ, մոտս անգամ խաչագողության միտումներ էին նկատվում:
7. Ինչ-որ պատասխանատու մտավոր աշխատանք կատարելիս ժամացույցի թկթկոցի ձայն (https://www.youtube.com/watch?v=euCViLHKFrk) եմ միացնում ականջակալներով:
8. Մեծ հույս ունեմ աշխատանքային գործունեությանս որոշ մասն ապագայում անցկացնել ասիական մշակույթ ունեցող երկրներից մեկում:
9. Իմ սիրած կենդանին խոզն ա: Մեծ, չաղ ու վարդագույն խոզը:
10. Ապուշ սովորություն ունեմ. նոր խոսել սովորող երեխեքին համոզում եմ ասել «թասավվուֆ» ու տեսագրում եմ: :)) Ամենասիրածս արդյունքը, որ ստացվել ա «ցասաֆօ»-ն ա: :))

Smokie
12.01.2019, 14:46
Սմոք, իսկ դու գրե՞լ ես, չեմ հիշում, եթե չես գրել, ապա ես պահանջում եմ:P
@Apsara (https://www.akumb.am/member.php?u=6245) Ավելի քան 2 տարի ուշացրած պատասխան: Այո, գրել եմ: ;) (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2543310&viewfull=1#post2543310)

Իսկ ո՞վ չի գրել, չեմ հիշում::))

ivy
13.01.2019, 12:32
Հավես թեմա էր, եկեք թարմացնենք:

Adam
13.01.2019, 19:49
1. Ուտելիքը գերադասում եմ ամեն ինչից: Երբեմն իրոք ապրում եմ ուտելու համար:
2. Բարյացակամ եմ: Մարդկանց ուզում եմ օգնեմ, բայց հենց տեսնում եմ, որ էդ օգնության ժամանակ տվյալ մարդն էնպես ա իրեն պահում՝ իբր ի՛նքն ա ինձ ծառայություն մատուցում՝ իմ օգնությունն ընդունելով, ահավոր ատելություն ու ջղայնություն ա արթնանում մեջս:
3. Դեմքին ասող եմ: Դրա համար չունեմ շատ ընկերներ: Երևի թե էդպես էլ պետք ա:
4. Հավատացյալ եմ: Հավատում եմ տիեզերքը ստեղծողի ուժին (լույս, ուժ, «Աստված», Լյուցիֆեր, մեծ ճարտարապետ կամ ինչ ուզում ա լինի. մեկ ա ինքը կա ու ներկա ա) ու իր միջամտությանն իմ կյանքի ուղուն ու ընթացքին:
5. Սիրում եմ ամերիկյան ու լատինոամերիկյան պոպսա երգեր: Լսում եմ պարբերաբար ու կայֆ բռնում:
6. Ունեմ ընտանիք, որ ներվերիս վրա ազդում ա հաճախ: Բայց սիրում եմ իրենց ու առանց իրենց չեմ պատկերացնում կյանքս:
7. Հաճախ մտածում եմ. եթե 16 տարեկանում ասենք երկու երեխա ունեցած լինեի՝ հիմա իրենք կլինեին 12 տարեկան: Հետները կկարողանայի ընկերություն անել, տանել ճամփորդության, կինոթատրոն… զրուցել տարբեր թեմաների շուրջ և այլն… մի խոսքով… իսկական ընկերներ կունենայի: Բայց հետո հասկանում եմ, որ անկապ միտք ա: Երեխեք չեմ ուզում իրականում, որովհետև պատրաստ չեմ էդ պատասխանատվությանը:
8. Սիրում եմ սարսափ ֆիլմեր: Ամեն տեսակի: Նույնիսկ հոլիվուդյան անաբելային հաճախ արդեն կլասիկ դարձած կլիշեներով: Հա՛ կնայեմ:
9. Տատանվում եմ ռեժիսոր կամ կինոդերասան դառնալու միջև: Երբեմն թվում ա՝ երկուսն էլ հավասարապես սիրում եմ ու փայփայում, բայց ենթագիտակցորեն միշտ հակված եմ կինոդերասանի մասնագիտությանը: Չգիտեմ… փոքր ժամանակվանից միշտ մեջս գերակշռել ա էդ կիրքը:
10. Չեմ սիրում գլուխ գովացող մարդկանց: Ատում եմ (նամանավանդ երբ էդ գլուխգովանությունը թրոլլինգի կամ որևէ հումորային սիտուացիայի շրջանակներից դուրս ա):
11. Շատ եմ սիրում սուր հումորով մարդկանց:
12. Երևանն ու Հայաստանը բացարձակապես չեմ կարոտում: Կարոտում եմ հայ խոսքն ու գիրը, հայ ծանոթներիս, հայկական միջավայր՝ Երևանից ու Հայաստանից դուրս:
13. Պատրաստ եմ դիմել անօրինական քայլերի՝ (նույնիսկ էքստրեմալ) օրենքով կատարված անարդարությունն ուղղելու համար:
14. Գժվում եմ golden retriever տեսակի շների համար: Իրանք իմ ուրախությունն են:
15. Հաճախ մեծամտի տպավորություն եմ թողնում: Բայց դա նրա համար ա, որ դիմացի՛նս մեծամիտ չլինի իմ հանդեպ:
16. Ահավոր նվիրվող եմ:
17. Միշտ ռոմանտիկ եմ եղել ու կլինեմ:
18. Էն մարդիկ, որ ասում են՝ փողը երջանկություն չի բերում… իրանց ուզում եմ ծեծեմ: Որովհետև տենց բան ասողները հիմնականում փող ունեցողներն են: Փողը երջանկություն կարո՛ղ ա շատ միանգամից չբերի: Նա բերում ա որոշակի անկախություն ու ազատություն, որոնք էլ իրենց հերթին նպաստում են երջանկության:
19. Ռուբեն Հախվերդյանից զզվում եմ որպես մարդ, բայց պարբերաբար լսում եմ իրա երգերը:
20. Գնացքներ եմ սիրում: Ժամերով գնացքով ճամփորդել ու պատուհանից նայել բնությանը՝ հաճախ ոչինչ չմտածելով: Գիշերային գնացքներ բախտ վիճակվել ա նստել. էդ զգացողությունն ինձ համար ռոմանտիզմի գագաթնակետն ա: Գիշեր, գնացքի կուպե, երկաթգծի ձայն…
21. Ջրիկ մարդ եմ շատ: Սիրում եմ իմ ջրիկությունը:
22. Երբ ինչ-որ մեկն ինձ վիրավորում ա՝ առաջին հերթին հակահարված տալու փոխարեն փորձում եմ հասկանալ, թե ինչու արժանացա էդ վիրավորանքին: Հետո՛ նոր հակահարվածի մասին եմ մտածում:
23. Զզվող եմ: Ահավոր: Փոքր ժամանակ նույնիսկ մի քանի ժամ առաջվա ինքս իմ խմած բաժակից հարյուր անգամ հարցնում էի մարդկանց՝ հո ոչ մեկ չի՞ խմել: Ու նույնիսկ ինքս իմ խմած բաժակը լվանում եմ, հետո նոր խմում: Հիվանդագին կասկածամտության արդյունք:
24. Փոքր ժամանակվանից ունեմ տագնապի զգացում (anxiety disorder), որը կարող ա շաբաթներ շարունակ չդրսևորվի ու մեկ էլ տեսար՝ հայտնվի: Երբեմն դա կարա լինի անկառավարելի ու ինձ ստիպի xanax խմել:
25. Ծախսող եմ ու շռայլող: Համարում եմ մեծ թերություն: Եթե մի բան սիրտս ուզեց էդ օրը՝ (ու նույնիսկ իմանալով, որ հաջորդ օրը կարող ա մնամ անփող ու սոված) մեկ ա կծախսեմ մինչև վերջ՝ պահի հաճույքի համար: Ինձ թվում ա սա անուղղելի թերություն ա ինձ մոտ:
26. Սկսում եմ վախենալ ու ուզում եմ ինքնասպան լինեմ, երբ մարդիկ ասում են, որ մարդը ոչ հոգի ունի, ոչ էլ: Ու որ կենդանիների ու մյուս կենդանական օրգանիզմների պե՛ս ենք մենք… այսինքն՝ վայրկյանական անջատման ու հավերժ անհետացման ենթակա: Աթեիզմն ինձ դեպրեսիայի մեջ ա գցում:
27. Գիրք շատ չեմ կարդացել համաշխարհային գրականությունից: Կինո՛ եմ շատ նայել: Բայց դա բավական չի՝ նորմալ (ոչ տեխնո) ռեժիսոր լինելու համար:
28. Վերջին 10 տարում դարձել եմ կրոնների ու տարբեր էզոտերիկ խմբերի մեծն ուսումնասիրող ու հետազոտող: Կրոնա-էզոտերիկաբան: Վերջում միշտ գալիս եմ էն եզրակացության, որ շանս հետ երեկոները զրուցելը, երկնքին նայելն ու թեյ խմելն ինձ ավելի՛ ա հոգևոր սնունդ տալիս, քան որևէ կրոն կամ էզոտերիկ խումբ:
29. Մեկ-մեկ մտածում եմ՝ լա՛վ ու հեշտ փող խփելու համար՝ բռնեմ պոռնո բիզնեսի մեջ մտնեմ: Սկսեմ պոռնո նկարել, на фиг: Բայց հետո ուշքի եմ գալիս ու հասկանում, որ դա տիեզերական մակարդակով հավերժ կփակի իմ բոլոր դռները՝ որևէ լուրջ բանի հասնելու համար:
30. Չափից դուրս, հիվանդագին աստիճանի հասնող կասկածամիտ եմ: Բայց կարող եմ ասել, որ ինչքան էլ զարմանալի թվա, դա ինձ ավելի շատ օգնել ա, քան խանգարել:

Յոհաննես
28.03.2019, 00:06
Thom ջան,արի ստեղ մի երկու բան գրի իմանանք ով ես :)

Thom
28.03.2019, 03:23
30 կետը շատ ա թվում, բայց փորձեմ․․․

1․ 22 տարեկան եմ, ծնվել ու մեծացել եմ Երևանում, դեռ ապրում եմ նույն տեղում։
2․ Երեխա ժամանակ (գլուխ գովալ չլինի) շատ խելացի եմ եղել։ 3 տարեկանում մաթեմատիկական հաշվարկներ էի անում 4անիշ թվերի հետ, 5-ում կարդում էի դրսում հանդիպող ցանկացած գրություն, իսկ հետո անգիր գիտեի աշխարհի 100+ երկրների դրոշները, մայրաքաղաքները ու աշխարհագրական դիրքը։ Մանկապարտեզում ինձ առանձնացնում էին ամբողջ խմբից, դե որ մյուս երեխեքն էլ մեկ մեկ պատասխանեն պարզ մաթեմատիկական հարցերի։ Իմ հետ ոչ մեկ չէր զբաղվել, ամբողջը՝ ինքնուրույն։
3․ Դպրոցում էլ միշտ աչքի եմ ընկել, եղել եմ դասատուների սիրելին։ Էս ու 2-րդ կետի պատճառով բոլոր շրջապատողները մեծ սպասելիքներ են ունեցել ինձնից։ Շատ եմ լսել գովերգի խոսքեր ու ենթադրում եմ, որ էտ հետո բացասական ազդեցություն ա ունեցել իմ վրա։ Ընդհանրապես, վերջերս պարզել եմ, որ մանկությունս էտքան էլ լավ ազդեցություն չի ունեցել իմ ձևավորման վրա։
4․ Մինչև վերջերս բավական մեծամիտ էի (նախորդ կետերի արդյու՞նք), համարյա բոլորին վերևից էի նայում, բայց հիմա աշխատում եմ իմ վրա ու շատ եմ փոխվել, անճանաչելիորեն։ Դե ինչ անեմ, սխալ են դաստիարակել :)
5. 13-14 տարեկանում սկսեցի հետաքրքրվել կյանքով, մարդկանց դերով, կրոնով, ծնունդ-մահ թեմաներով և այլն։ Մի քիչ մտածելուց ու քչփորելուց հետո գալիս եմ էն եզրահանգման, որ կրոնները իրենց փաստարկներով իմ համար համոզիչ չեն, դառնում եմ աթեիստ։ Մինչև հիմա, էտ մտքին եմ ու հիմա արդեն շատ ավելի վստահ, հասուն տեսակետով։
6․ Լավ, եթե աթեիստ դարձա, պետք էր էս կյանքում ինչ-որ նպատակ, ուղենիշ գտնել։ Իմ համար էս կյանքում իմաստը կյանքից, քեզնից առավելագույն հաճույք ստանալն ա, երջանիկ լինելը։ Ո՞նց։ Դժվար հարց ա։ Միանշանակ հիմա չեմ կարա պատասխանեմ։ Բայց պետք ա վայելել էս կյանքը ու գնահատել էն, ինչ ունես։ Ի միջի այլոց, տանել չեմ կարում էն աթեիստներին, որոնց բերանից կրոնի հետ կապված նախադասություններ ավելի շատ են դուրս գալիս, քան 10 հավատացյալինը իրար գումարած։ Եթե մի բանի գոյությունը հերքում ես, դրանից խոսալու իմաստ չկա։
7․ Պերֆեկցիոնիստ եմ։ Չէ, պերֆեկցիոնիստ էի․ ինքնադաստիարակումը էս գծի վրա էլ ա ազդում։ Պերֆեկցիոնիզմը հակասում ա 6-րդ կետին։ Իսկ մենք պետք ա գնահատենք էն, ինչ ունենք, իսկ մեր ունեցածը կատարյալ դժվար լինի։
8․ Առաջ շատ էի մտածում կայանալու, լավ անուն հանելու, հարստանալու ու հայտնի լինելու մասին։ Ոնց որ թե ամեն ինչ լրիվ ուրիշ ձև ա գնում։ Ավելի լավ, դրանք մարդուն երջանկություն չեն էլ բերում։ Էտ ուղղակի մարդկանց սպասելիքների ազդեցությունն էր իմ վրա ու ես դրանցից ազատվել եմ։
9․ Երբեք շատ շփվող չեմ եղել։ Մի ձեռքի մատերիս օգնությամբ կհաշվեմ ինձ մոտիկ մարդկանց։ Առաջ small talk էլ տանել չէի կարողանում, հիմա նույնիսկ սկսում ա դուրս գալ։ Թեթևություն կա դրա մեջ։
10․ Սիրում եմ ու գնահատում եմ մենակությունը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք ա ունակ լինի ինքն իր հետ հիանալի ժամանակ անցկացնելու ու չձանձրանալու։
11․ Ես աշխարհի բոլոր մարդկանց մեջ ամենավատ պարողն եմ։ Ես երբեք չեմ կարողացել պարել ու երբեք էլ չեմ պարի։ Չի ստացվում ու վերջ։
12․ Երազում եմ Հայաստանից գնալու ու եվրոպական ինչ-որ երկրում բնակություն հաստատելու մասին։ Հայաստանում լիքը պլյուսներ կան, բայց էս միջավայրը իմը չի, ես ինձ տանը չեմ զգում։ Աշխատում եմ էս ուղղությամբ ու շուտով իրականություն կդառնա։
13․ Կյանքում գերագույն արժեքը ինձ համար ազատությունն ա։ Ազատությունն ու ընտրության հնարավորությունը յուրաքանչյուր մարդու իրավունքն են ու մեծագույն պարգևը։
14․Երազում եմ ճանապարհորդելու մասին։ Մի օր գժվելու եմ, վերցնեմ ինչ-որ մեքենա ու իմ խելքի մի աղջկա հետ գնալու եմ տարբեր երկրներով։ Իդեալական կլիներ ամբողջ Եվրոպան ոտնատակ տալը։ Ինչքա՜ն հիշողություններ ու պատմելու բան կունենար մարդ էս անելուց հետո։ Չէ, պետք ա չվախենալ ու անպայման անել։ Գրելուց մենակ արդեն հաճույք եմ ստանում էս մտքից։
15․ Մարդկային հարաբերություններում շատ եմ գնահատում պատասխանատվությունը։ Ցանկացած հարաբերություն առաջ ա բերում պատասխանատվություն, օրինակ սիրածդ մարդու չխաբելու, կարծիքը հարգելու և այլն։ Հա, իմ համար ցանկացած աննշան սուտ լուրջ հարված ա հարաբերություններում։ Վստահությունը կորում ա, իսկ թե ընկերական, թե այլ հարաբերություններում ես ոչինչ չեմ պատկերացնում առանց վստահության։
16․ Սիրում եմ մարդկանց հետ շփվել առանձին-առանձին, երբ դուք երկուսով եք ու միմյանց ուշադրության կենտրոնում։
17․ Միշտ երազել եմ կյանքի ամեն մի հաջորդ օրվա համար քնելուց առաջ ընտրել տարեթիվ ու տեղ ու առավոտյան զարթնել նշված տեղում։ Օրինակ, մի օր՝ Հռոմ մ․թ․ա 47թ․, հետո՝ Նյու Յորք 1960թ․։
18․ Երաժշտության մասին․ սիրում եմ լավ երաժշտություն։ Հարաբերական ա, բայց դե։ Դասական էլ եմ լսում, բայց ավելի շատ ռոք։ Pink Floyd, Nirvana, The Beatles, Queen ու էտպես շարունակ։ Չնայած էս խմբերից ոչ մեկին մի քանի ամիս ա չեմ լսել :)) ՈՒղղակի երգեր կան, որ կյանքի ինչ-որ շրջանում պիտի լսես կամ չլսես։
19․ Արտաքնապես հայի նման չեմ ու էտ ինձ դուր ա գալիս։ Նոր միջավայրում հայտնվելուց հաճախ են հարցնում, թե ինչ ծագում ունեմ։ Ինձ մի ձևի լավ եմ զգում ու քմծիծաղով պատասխանում, որ այնուամենայնիվ մենակ հայկական արյուն ա հոսում երակներովս։
20․ Սիրահարված եղել եմ 3 անգամ։ Առաջինը մանկապարտեզում էր։ Էս վերջերս տեսա․ գրողը տանի, էտ ինչ գեշ էր։ Երկրորդը դպրոցում էր, մեր դասարանից։ Սիրուն էր, բայց դե հիմա կյանքում վրեն չէի նայի, մենակ հո տեսքը չի։ Երրորդը ex-ս էր։ Երկար հարաբերությունների մեջ էինք ու մի օր հանկարծակի ամեն ինչ վերջացավ։ Շատ սիրուն չէր, բայց լավ աղջիկ էր։ Բայց դե երկուսիս ուղեղն էլ ջուր էր։ Ի՜նչ հարաբերություններ։ Իրան մեկ մեկ հլը հիշում եմ։
21․ Ատում եմ, որ ex-ի հետ ոչ մի նորմալ հարաբերություն չի պահպանվել։ Ասենք, մարդուն քեզ էտքան մոտիկ թողես, էտքան էմոցիոնալ առումով նվիրվես, ու ինչ ա թե դուք էլ ձեր կյանքը իրար հետ չեք պատկերացնում, ոչ մի նորմալ շփման ի վիճակի չլինեք։ Բայց դե, կյանքը ստիպում ա, բան չեմ կարա փոխեմ ու չեմ էլ ուզում։
22․ Կյանքում իմ համար ամենավատ բանը երևի էն ա, որ քեզանից ոչինչ կախված չի ու դու չես կարող ոչ մի ձև փոխել/շտել իրավիճակը։
23․ Ինձ թվում ա, որ իմ մոտ կա синдром отложенной жизни։ Շատ վատ բան ա։
24․ Վերջին երկու տարիները բավականին դժվար են եղել իմ համար, հիմա ոնց որ ուշքի գամ էտ ամեն ինչից ու անցում կատարեմ դեպի նոր փուլ։ Ու ինչքա՜ն ա մարդուն փոխում կյանքը։
25․ Կախվածություն ունեմ ինտերնետից։
26․ Ակումբի մասին իմացել եմ պատահական։ Միջազգային ֆորումներում էի նստած, բայց պասիվ վիճակով, կարդում էի ուղղակի ու շատ լիքը ինֆո ստանում։ Մտածեցի, որ ոնց էլ չլինի, հայկական մի բան էլ կլինի ու գտա։ Ահագին երկար ժամանակ չէի գրանցվում, ու լուռ հետևում էի։
27․ Նոր եմ Ակումբում ու ստեղ ինձ ոչ մեկ չի ճանաչում, բայց հասցրել եմ սիրել Ակումբը։ Լավն եք բոլորդ ու բոլորիցդ էլ դրական էներգիա ա գալիս։ Շատ եմ ուզում, որ Ակումբը ակտիվանա ու էնքան գրառումներ լինեն, որ մենակ մտնես թեմատիկները հասցնես մի կերպ կարդաս։ Ու էտ ժամանակ Ակումբը էլ փսիխոդելիկ ազդեցությունների չի ենթարկվի (@ivy ջան, ականջդ կանչի)։
28․ Ուզում եմ ապագայում կողքս նենց մարդ լինի, որի կողքը ես մենակ չզգամ ինձ։ Ձևական հարաբերությունները տանել չեմ կարում, ամուսնանալ ամուսնանալու համար և այլն։ Եթե հոգեպես ես ինձ մենակ զգամ, ուրեմն էտ դեպքում ես կնախընտրեմ ազատությունս։
29․ Եթե ամփոփեմ, էս 22 տարում ես միանշանակ ավելի շատ բան պետք ա արած լինեի, քան արել եմ ու ավելիին պետք ա հասնեի, քան հասել եմ։
30․ Իմ մոտ էլ, ոնց որ ցանկացած մարդու մոտ, լիքը պրոբլեմներ կան։ Բայց ես երջանիկ եմ։

մարդագայլուկ
28.03.2019, 17:11
Էս թեմայում ֆռֆռում էի, տեսա, որ իմ անունը մի հարյուր տարի առաջ նշել են ու ես ինչպես միշտ մոռացել եմ արձագանքել։ Ու քանի որ հիմա ինչ-որ բան գրելու հավես ունեմ, որոշեցի մի քիչ ուշացած էս թեմայում գրառում անել։

1. Կյանքիս ընթացքում 5 երկրում եմ ապրել ու լրիվ կորցրել եմ «տանը լինելու» կամ ինչ-որ տեղ պատկանելու զգացողությունը։ Հիմա վերջապես փորձում եմ ինչ-որ մի տեղ արմատներ գցել։

2. Շատ ուժեղ կապվածություն ունեմ Թոլքինի գրքերի հետ։ «Մատանիների տիրակալը» առաջին անգամ հայտնաբերել եմ լրիվ պատահաբար՝ 10 տարեկանում ու դրանից հետո հարյուրավոր անգամներ անընդհատ կարդացել եմ ու դեռ կարդում եմ այն, ներառյալ «Սիլմարիլիոնը» ու «Հոբիթը»։ Միևնույն ժամանակ ընդանհրապես չեմ սիրում ուրիշների հետ Թոլքինի գրքերը քննարկել կամ դրանք ինչ-որ ձև մեկնաբանել, չեմ սիրում երբ ինձ Թոլքինի ֆանատ են անվանում, որովհետև ինձ համար իր ստեղծած աշխարհը ոչ թե ուղղակի ինչ-որ ֆենթեզի գրքի հորինված աշխարհ է, այլ անձնական տարածքի պես մի բան, որը քննարկման կամ մեկնաբանման ենթակա չէ։

3. Ինձ երջանիկ լինելու համար էնքան քիչ բան է պետք, ասենք սիրուն գույներով արևածագ, անկապ թափառել կամ հեծանիվ քշել, ընկերոջս հետ մեր խոհարարական գրքից նոր ռեցեպտ փորձարկել, հետո մեզնից գոհ փռվել բազմոցին ու կինո նայել և այլն։

4. Գրեթե երկու ամիս է ընկերոջս հետ եմ ապրում, նենց ուրախ ա կյանքը։

5. Շատ զգայուն եմ գունային կամ համային համադրությունների նկատմամբ։ Եթե կարծում եմ, որ ուտելիքի մեջ ինչ-որ համեր իրար հետ չեն բռնում, կարող ա դրանից նույնիսկ սրտխառնոց զգամ։

6. Մի տարի առաջ մոտս աուտիզմ են ախտորոշել։ Ախտորոշման նպատակը ինքս ինձ ավելի լավ ճանաչելն էր։ Երբեք դրանով ինչ-որ բաներ չեմ արդարացնում։

7. Վերջերս անընդհատ կարիերայիս մասին եմ մտածում ու դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ եմ ուզում անել։ Մի կողմից մտածում եմ PhD անել, որովհետև գիտությամբ զբաղվելն ինձ մեծագույն հաճույք ա պատճառում (բայց ակադեմիական աշխարհը ոչ այդքան), մյուս կողմից էլ ծրագրավորում եմ սովորում ու մտածում եմ տեղափոխվել IT աշխարհ։ Լավագույն տարբերակը երևի կլինի էս երկուսի համադրությունը։

8. Նոր բաներ սովորելուց մի այլ կարգի հաճույք եմ ստանում։ Իմ կարծիքով չկա որևէ բան, որ մարդ չկարողանա սովորել։ Դրա համար ինձ ահավոր հանգիստ եմ զգում․ եթե ինձնից պահանջեն գիտելիք, որը չունեմ, հանգիստ կարող եմ այն ձեռք բերել։

9. Անընդհատ լիքը մտքեր ու իդեաներ ունեմ գլխումս, բայց շատ դժվարությամբ եմ մոտիվացվում ու որևէ բան անում։ Օրինակ, արդեն մի երեք-չորս տարի է մտածում եմ բլոգ գրելու մասին, կողքից էլ լիքը բզում են, բայց էդպես էլ մատը մատին չեմ խփում։ Բայց ուժեղ մոտիվացված լինելու դեպքում էլ շատ կարճ ժամանակում ընտիր արդյունքներ կարող եմ ստանալ։ Որ սենց նայում եմ, իմ հաջողությունների մեծ մասը պահի տակ շատ ուժեղ մոտիվացված լինելու արդյունք են։

10. Կարծես թե իմ ապագան Նիդեռլանդներում է ձևավորվում։ Տարօրինակ է, որովհետև երբևէ նույնիսկ մտքովս չի անցել, որ կարող է հենց էս երկրում ապրեմ։ Մյուս ամսվանից հոլանդերենի դասերի եմ գնալու ու անհամբեր սպասում եմ։

11. Հասարակության ճնշումները/ստանդարտները ինձ վրա բացարձակ չեն ազդում։ Բոլոր դեպքերում անում եմ էն ինչ ուզում եմ ու ինչ ճիշտ եմ գտնում։

12. Վերջին երկու տարում ոնց որ մի քանի կյանք ապրած լինեմ։ Ինքս ինձ երկու տարի առաջ գրեթե չեմ հիշում/պատկերացնում/ճանաչում։

13. Առավոտները ամենապրոդուկտիվն եմ ու օրվա ընթացքում պրոդուկտիվությունս գնալով ընկնում է։

14. Սարսափելի մոնոգամ եմ։ Մի մարդու հետ հարաբերություններից մեծագույն հաճույք եմ ստանում ու երբեք չեմ ձանձրանում, նույնիսկ եթե էդ մարդու հետ 1000 տարի ապրեմ։

15. Փոքր ժամանակ լիքը գրում էի ու երազում էի մի օր գիրք գրել։ 15 տարեկանից ընդանհրապես չեմ գրել ու չգիտեմ էլ, թե էդ գրելու անհագ ցանկությունը հանկարծ ուր անհետացավ։

16. Չեմ սիրում որևէ խմբի պատկանել կամ երբ ինձ որպես խմբի մաս են դիտարկում։

17. Ամենաշատն ինձ նեղող ու քննադատող մարդը հենց ես եմ։

18. Ճանապարհորդել ահավոր շատ եմ սիրում, բայց մի այլ կարգի նեռվայնանում եմ խելագար տուրիստի նման մի տեսարժան վայրից մյուսը վազելուց։

19. Ինձ համար հանգստի ամենալավ ձևը տանը լինելն ու բազմոցին փռվելն ա։ Ընդանհրապես շատ եմ սիրում ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել։

20. Գլխումս սովորաբար եքա քաոս ա ու լիքը ժամանակ ա պետք լինում բոլոր մտքերս ու զգացմունքներս/զգացողություններս տեսակավորելու ու դրանցից գլուխ հանելու համար։ Ինձ թվում ա ես ինձ ամենաերջանիկը զգում եմ էն ժամանակ, երբ էդ քաոսը հանդարտվում ա ու սկսում եմ ավելի պարզ տեսնել։

21. Ինձ համարում եմ բուսակեր, չնայած մեկ-մեկ հավի միս եմ ուտում (եթե մաքսիմալ արհեստական վիճակում ա ու իրա իսկական համը չի զգացվում)։ Վերջին 13-14 տարվա ընթացքում որևէ ուրիշ տեսակի մսի չեմ կպել ու ոչ էլ ցանկություն եմ ունեցել։ Պատճառը կարծում եմ համն ու հոտն են, մսի համից ու հոտից վատանում եմ։

22. Որոշել եմ երեխաներ չունենալ։ Բացարձակ մայրական բնազդներ չունեմ ու ոչ էլ հասկանում եմ երեխաներ ունենալու իմաստը։

23. Իմ կյանքը սովորաբար լիքն ա տարբեր տեսակի անորոշություններով, բայց անկախ ամեն ինչից մտքումս ունեմ էն հիմնական ուղղությունը, որով ուզում եմ որ իմ կյանքն ընթանա։

24. Շատ եմ կարևորում ընկերական կապերս, բայց նաև կարծում եմ, որ բավականաչափ ժամանակ/էներգիա չեմ ներդնում դրանք ամրացնելու համար։

25. Անտանելի ինտրովերտ եմ, չնայած մոտ մարդկանց հետ կարող եմ ահագին բացվել ու «էքստրավերտանալ»։

26. Ընդանհրապես ալկոհոլ չեմ օգտագործում ու ոչ էլ ցանկություն ունեմ։

27. Ես ունեմ էսպես կոչված ձայնային/հոտային շատ ուժեղ հիշողություն։ Ասենք շատ փոքր, ուրիշների համար գրեթե աննկատելի հոտեր կարող են ինձ մոտ շատ ուժեղ հիշողություններ առաջացնել ինչ-որ կոնկրետ պահի մասին, նույնիսկ եթե էդ պահը իրենից եսիմ ինչ չի ներկայացնում։ Կամ ինչ-որ երգ լսելիս կարող եմ լրիվ վերապրել/պատկերացնել էն պահը, որն ապրում էի վերջին անգամ էդ երգը լսելիս։

28. Ընկերոջս ընտանիքը անգլերեն չգիտի, ես էլ՝ հոլանդերեն/ֆրիզերեն։ Իր ծնողներին շատ եմ սիրում ու առաջին անգամ եմ մաշկիս վրա զգում, թե ինչքան ահավոր է հաղոդակցվել չկարողանալը։

29. Շատ եմ կարևորում որոշակի արժեքներ ունենալը ու կյանքում դրանցով առաջնորդվելը։

30. Սարսափելի նրբանկատ եմ ու շատ ուշադիր եմ, որ երբեք մարդուն չհարցնեմ/չասեմ բաներ, որոնք կարող են նույնիսկ թեթևակի վիրավորել նրան։

Ուլուանա
01.04.2019, 22:34
Կուզենայի Progart-ի փաստերը կարդալ էստեղ:roll:

Բարեկամ
10.04.2019, 13:40
Thom-ի երեսուն փաստի տարեգրային ձևաչափը հետաքրքիր միտք առաջացրեց պատմելու նույն ձևով, բայց կոնկրետ մի թեմայի շրջանակում։

1. Երբ շատ փոքր էի, հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ, պատասխանում էի՝ բժիշկ։ Չգիտեմ ինչու։ Երևի շատ էի սիրում բժշկի խաղալիքներ ունենալ։ Մի անգամ Նոր տարուն ստացել էի այդպիսի խաղալիքների մի տուփ (այն ժամանակվա աչքերով հրաշք էր թվում), ու դրանից հետո ամեն Նոր տարուն նույն խաղալիքի մասին էի երազում (տուփի պարունակությունը տարվա ընթացքում կորչում էր մաս-մաս):

2. Երբ մի քիչ մեծացա, ամենահավես ու ցանկալի մասնագիտությունն ինձ համար ուսուցիչն էր, բայց հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ, ավանդաբար պատասխանում էի բժիշկ։

3. Մեծացա ևս մի երկու տարով, ուսուցչության հավեսները բոցավառվում էին է՛լ ավելի վառ լիցքերով, բայց լեզուս չէր պտտվում հարցին տալ ուղիղ պատասխանը։ Թեև չէի խաբում․ ուսուցիչ դառնալ ես չէի ուզում (համարում էի, ինչ մեղքս թաքցնեմ, սեփական պոտենցիալի կարգավիճակից ցածր՝ համեմատ ժամանակի ուսուցչական կարգավիճակի), միայն թաքուն երազում էի դրա հավեսների մասին։

4. Միջին դասարաններում հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ․ լրագրող։ Տատիկս ասում էր՝ ի՛նչ մասնագիտություն ա որ լրագրողը, անինքնասերի գործ, միկրաֆոնը ձեռիդ վազում ես սրա-նրա հետևից (ու դեմոնստրատիվ-հեգնական ցույց էր տալիս, թե ոնց են փորձում միկրոֆոնը խցկել սրա-նրա բերանը)։

5. Ուսուցչությունը շարունակում էր մնալ հավեսներիս անդավաճան տեղում, բայց անխոս բացառվում էր որպես ընտրություն, համենայնդեպս՝ իմ կողմից։

6. Լրագրողը նույնպես գրավիչ էր, բայց վախենալու մի քիչ ։ Բանը նրանումն է, որ երբ ես ինձ մի-փոքր վատ էի զգում ֆիզիկապես, թուլանում էի, ընկճվում, անտրամադիր էի ամեն ինչի հանդեպ ու ֆիզիկապես անունակ, և այդ պահերին ինձ միայն մի բան էր անհանգստացնում․ բա որ մի կարևոր ռեպորտաժի ժամանակ ինձ վատ զգամ, ո՞նց եմ ավարտին հասցնելու։

7. Բարձր դասարաններում մի գաղտնիք ունեի․ սպասում էի, որ բոլորը տնից գնան, հանում էի մանկությանց խաղալիքներից մի քանի կիսակոտրված տիկնիկներ ու քրչոտած փափուկ խաղալիքներ, շարում էի բազմոցին՝ զույգ-զույգ, ու սկսում դաս տալ։ Մատյաններ ունեի ինքնաշեն, տետրակներ, դաս էի հարցնում, հանդեսներ էի կազմակերպում, բայց հատկապես սիրում էի գնահատել ու գնահատականը դնել մատյանում։

8. Վերջին դասարանում բարձրացավ «ուր գնալ սովորելու» հարցը։ Արդեն տարին համարյա կիսվել էր, իսկ ես դեռ չէի կողմնորոշվում, մինչդեռ պետք էր պարապել դասախոսի մոտ, ինչ էլ որ ընտրեի։

9. Հայրս ուզում էր, որ ես բժիշկ դառնամ։ Մտածում էր, որ լավ բժիշկ կլինեմ, քանի որ բարեխիղճ եմ և մանրակրկիտ աշխատող։

10. Գնացի քիմիա և կենսաբանություն պարապելու։ Քիմիայի դասախոսի վրայից տոլմայի ուժեղ հոտ էր գալիս, րոպեն մեկ գնում էր խոհանոց, չրըխկ-թրըխկ, վերադառնում էր՝ շարունակելով կիսատ խոսքը հիմքերի ու ալկալիների մասին, լեզվով ճպացնելով ինչ-որ մնացորդներ ատամների վրայից։ Կենսաբանությունը մեծ խումբ էր Օրբելու վրա գտնվող մի կիսափուլ խրճիթում, ուր ահռելի, օվալաձև սեղանի մի ծայրից մյուսը չէր հասկացվում, թե ինչ էր կատարվում։ Երկու առարկաներն էլ վաղուց էին սկսել պարապմունքները խմբերի հետ, ես ինձ այդ ամենից դուրս էի զգում, ինձ բանի տեղ դնող էլ չկար։

11. Տանը մի կուշտ լացեցի, թե էլ չեմ ուզում գնալ քիմիայի ու կենսաբանության պարապմունքների, ու որ ես բժշկի մասնագիտության հետ շատ քիչ կապ ունեմ, առավելևս, որ նայել չեմ կարողանում, երբ մարդու մատը ծակում են, անգամ սեփականը։

12. Քիմիայի [դպրոցական] ահուսարսափ դասատուիս չասացի, որ բժշկական չեմ դիմելու, որովհետև տեղում կաթվածահար կլիներ․ նախ, այնպես էր ստացվել, որ քիմիայից լավ էի գլուխ հանում ու դարձել էի իր սիրելին, բայց ամենակարևորը՝ քիմիայից կարևոր բան աշխարհում չի եղել, չկա ու չի կարող լինել (սա կարծես սինդրոմ է քիմիայի դասատուների մոտ առհասարակ), ու ես քանի գլխանի եմ, որ ընդունելության քննություններին քիմիա չհանձնեմ։

13. Սրտիս ուզածը, ճիշտն ասած, լրագրությունն էր, ու թեև հայրս համարում էր, որ լրագրությունը մասնագիտություն չէ, այլ գրելու մեջ մասնագիտացում ինչ-որ ոլորտի հետ կապված, որոշեցինք փորձել ժուռնալիստիկայի ճանապարհը։ Բայց մի մեծ «բայց» կար․ բանավոր քննություններից վախենում էի ինչպես անխիղճ-անխնա հրեշից, որը հանգիստ, ցանկացած պահի կարող է տալ մի հարց, որի պատասխանը չիմանաս, հատկապես հիշելիք հումանիտար նյութի անվերջ-անհատակ ծավալի դեպքում ։

14. Սա երևի կյանքիս այն քիչ կետերից (փաստերից) մեկն է, որտեղ, կարծում եմ, սխալվել եմ։ Չգիտես որտեղից հայրս գտավ լեզու-գրականության պարապող մի դասախոս՝ պատկառելի տարիքի տղամարդ էր, խստադեմ, անժպիտ, աններում ու սակավախոս։ Առաջին մեր հանդիպմանը, որն իր բնակարանում էր (արևելյան պալատական ոճի ինտերիեր ու գույներ, ինքն էլ՝ բազմած գահանիստ մի բազկաթոռի), մի քանի հարց տվեց գրական ինչ-որ դեպքից ու հարցրեց, թե ինչ եմ կարծում, ինչու է այդպես։ Շփոթված ինչ-որ բաներ ասացի։ Ասաց՝ տրամաբանություն կա, բայց ուժեղ չէ։ Ապա մի թուղթ տվեց ու ասաց, որ հիմա ինձ հայերեն բառեր է թելադրելու, պիտի անսխալ գրեմ։ Ուրախացա․ ձև չէր մի սխալ անեի։ Թելադրեց մոտ 60 բառ, որոնցից որոշները առաջին անգամ էի լսում, արեցի 11 սխալ։ Նստած էի գլխահակ, ասաց՝ մինչև հիմա ամենաքիչ սխալը 8-ն ա եղել, ու ինձ վերցրեց։ Հաջորդ պարապմունքի համար, որ միանալու էի խմբին ու ահագին հետ էի, հանձնարարեց անգիր անել - չորրորդ դասարանի քերականության դասագիրքն ամբողջությամբ, Նալբանդյանի «Ազատություն» երկարաշունչ բանաստեղծությունը անգիր, Նալբանդյանի կենսագրությունն ինչ-որ հատորյակներից սովորել, իր մասին ասույթները անգիր, Աբովյանի կենսագրությունը ջրի մես իմանալ, Վերք Հայաստանին համարյա անգիր, որովհետև, ասաց, հարցնելու ա՝ էսինչ բանից հետո էնինչն ինչ ասաց։ Եկա տուն՝ մինչև հոգուս խորքը դեպրեսված ու հաստատ որոշմամբ, որ սա ես շարունակել ի վիճակի չեմ։ Տվածներից հասցրի միայն Վերք Հայաստանին դանդաղ ու մտապահելով կարդալ, Նալբանդյանի կենսագրությունը, ու Ազատությունից մի քանի տուն՝ անգիր։ Ռիսկ չէի անում տանը միանգամից ասել, որ էլ չեմ գնալու։ Պարապմունքի ժամանակ, մինչ պատմում էի, ինչ գիտեի, լսում էր խոժոռ, մեկ էլ ընդհատեց ու դիմեց մյուսներին՝ այ սենց ա պատասխանել, սահուն ու անկաշկանդ։ Սա իմ վերջին պարապմունքն էր, որովհետև դրան հաջորդեց լացիս երկրորդ սերիան՝ էս ծավալը յուրացնելն իմ ուժերից վեր է, անփող ու անտեր, հաստատ կկտրեն։ Կարծում եմ՝ սխալվեցի, իսկ նա ամեն տարի լինում էր ոչ ավել, ոչ պակաս՝ հանձնաժողովի նախագահ։

15. Հաջորդ օրը, ձմեռային մի ցուրտ օր, էլեկտրական տաքացուցիչի մոտ կուչ եկած, լուռ տանջվում էի՝ ինչ է լինելու իմ ապագան, ինչ մասնագիտություն ընտրել։ Կա՛մ փակուղի էր, կա՛մ իմ հետ կապ չուներ։

Շարունակելի

Նիկեա
11.04.2019, 23:47
23. Ես սարսափելի վատ խմող եմ, մի բաժակը արդեն զգացնել ա տալիս, բայց ես մի տեսակ սիրում եմ ինձ խմած ժամանակ, ինչ խոսք։


նոր փաստ՝ 23րդ փաստը այլևս չի համապատասխանում իրականությանը :D

LisBeth
11.04.2019, 23:52
նոր փաստ՝ 23րդ փաստը այլևս չի համապատասխանում իրականությանը :D

Դու այլևս քեզ չես սիրո՞ւմ խմած ժամանակ։

Նիկեա
11.04.2019, 23:54
Դու այլևս քեզ չես սիրո՞ւմ խմած ժամանակ։հա, ահավոր եմ ։))

LisBeth
11.04.2019, 23:57
հա, ահավոր եմ ։))

Քեզ հեչ ահավոր չեմ պատկերացնում, խմած նույնպես :)

Freeman
12.04.2019, 12:53
հա, ահավոր եմ ։))

Հերքում եմ)

Յոհաննես
14.04.2019, 01:09
34.անտրամ եմ

Ուլուանա
15.05.2020, 07:35
Էս թեման որ հիշեցրիք, մտա, սկզբից կարդալով գնացի, բոլորը չէ, բայց ահագին կարդացի, հավես էր: Էն հազվագյուտ թեմաներից ա, որտեղ անհետաքրքիր գրառումներ համարյա չկան: Մի խոսքով` լիարժեք ըմբոշխնեցի :love: Յուրօրինակ ինքնակենսագրականների ընտրանի ա մի տեսակ :)): Հավես կլիներ, եթե ակտիվանար: Մարդ չկա՞, որ իր մասին փաստեր ունի գրելու: Գրեք, կարդանք, էլի:

ivy
15.05.2020, 12:05
Էս թեման որ հիշեցրիք, մտա, սկզբից կարդալով գնացի, բոլորը չէ, բայց ահագին կարդացի, հավես էր: Էն հազվագյուտ թեմաներից ա, որտեղ անհետաքրքիր գրառումներ համարյա չկան: Մի խոսքով` լիարժեք ըմբոշխնեցի :love: Յուրօրինակ ինքնակենսագրականների ընտրանի ա մի տեսակ :)): Հավես կլիներ, եթե ակտիվանար: Մարդ չկա՞, որ իր մասին փաստեր ունի գրելու: Գրեք, կարդանք, էլի:

Քո գրառումներն էլ կարդացի՞ր: Ես իմ հին գրառումները սովորաբար չեմ վերընթերցում, ինչ թեմա էլ լինի, բայց ուրիշներինը հավեսով կարդում եմ:
Երեկ ես էլ էի էս թեման թերթում ու ձեր գրածները նայում, հետաքրքիր էր դրանց վրայով նորից անցնելը:

Ու հա, եկեք նորից ակտիվացնենք թեման:

Գաղթական
15.05.2020, 13:02
Ես իմ հին գրառումները սովորաբար չեմ վերընթերցում,

Հըմմ, հետաքրքիր ա, թե ինչի:

Ես էլ իմոնք սովորություն չունեմ վերընթերցելու, որտև դեպքերի մեծամասնությունում wtf զգացում ա, ծիպը՝ տենաս ի՞նչ էի մտածում էսի գրելուց )))

Ուլուանա
15.05.2020, 18:41
Քո գրառումներն էլ կարդացի՞ր: Ես իմ հին գրառումները սովորաբար չեմ վերընթերցում, ինչ թեմա էլ լինի, բայց ուրիշներինը հավեսով կարդում եմ:
Անպայման: Միշտ կարդում եմ ու հիմնականում` մեծ հաճույքով :D:

Freeman
15.05.2020, 21:14
Անպայման: Միշտ կարդում եմ ու հիմնականում` մեծ հաճույքով :D:

+1 ես էլ եմ իմը կարդում, մեկ-մեկ էլ զարմանում, թե ինչ կարգի ա կարծիքս փոխվել։
Նու գիտեմ, որ առաջ որոշ բաների մասին այլ կարծիք եմ ունեցել, բայց մինչև գրառումներս չտեսա, մտածում էի էդ աշխարհայացքն ունեցել եմ 2004 թվին, ոչ թե 2011։
Հետաքրքիր ա նկատել, թե ոնց ենք փոխվում

Յոհաննես
15.05.2020, 22:50
Երկու օր առաջ մտքիս մեջ ակումբի ամենաանկեղծ գրառումը արեցի էս բաժնում, բայց չգրեցի, քանի որ բոլորին հասանելիա թեման։

Ուլուանա
15.05.2020, 23:18
+1 ես էլ եմ իմը կարդում, մեկ-մեկ էլ զարմանում, թե ինչ կարգի ա կարծիքս փոխվել։
Նու գիտեմ, որ առաջ որոշ բաների մասին այլ կարծիք եմ ունեցել, բայց մինչև գրառումներս չտեսա, մտածում էի էդ աշխարհայացքն ունեցել եմ 2004 թվին, ոչ թե 2011։
Հետաքրքիր ա նկատել, թե ոնց ենք փոխվում
Զուտ մտածելակերպի, աշխարհայացքի առումով չեմ հիշում իմ նենց գրառում, որ հետո կարդամ ու մտածեմ` վայ, էս ի՞նչ եմ գրել, ո՞նց եմ սենց մտածել: Բայց լինում ա, որ գրելաձևն ա մի քիչ տարօրինակ կամ անսովոր թվում, ասենք, որ հիմա արտահայտելու լինեի նույն միտքը, ուրիշ կերպ կձևակերպեի: Կամ լինում ա` ուղղակի համարում եմ, որ չարժեր անել էսինչ գրառումը, հիմա լիներ` չէի անի:
Բայց ընդհանրապես Ակումբն էդ առումով ահագին հետաքրքիր ու հազվագյուտ շտեմարան ա, որտեղ լիքը մարդկանց մտածելակերպի էվոլուցիան կարելի ա ուսումնասիրել: Ուրիշ երևի ոչ մի տեղ էդ ինֆորմացիան տենց ֆիքսված չես գտնի:

Quyr Qery
17.05.2020, 04:50
1. երջանիկ եմ
2. կարոտել եմ Նաիրուհուն
3. կուզեի ամեն ինչ կյանքումս հենց սենց էլ մնար, մենակ քիչ աշխատեի
4. այ աշխատելուց հոգնել եմ
5. ամառվա շունչը լրիվ վերականգնել ա ինձ
6. չկամ սոցկայքերում (մենակ insta, լուրեր չկան էստեղ), չեմ կարդում ոչ մի լրատվական, ինչ իմանում եմ ակումբից եմ իմանում
7. արդեն մեկ տարի է չեմ ծխում, չնայած ինձ թվում էր դա անհնար է
8. շաբաթը հինգ օր պարտադիր մարզվում եմ՝ կարդիո-ուժային մոտ երկու ժամ
9. ահավոր շատ ուզում եմ բոքսի գնալ, UFC-ի ոչ մի մարտ բաց չեմ թողնում
10. давай поженимся եմ նայում տանը, երբ մենակ եմ լինում, ահավոր թեթև ա ու խնդալու )))))
11. կարոտում եմ տանեցիքիս, նեղվում եմ, որ ուշ-ուշ եմ գնում տեսնելու, լրիվ մոռացել եմ հին ու վատ հարաբերությունները
12. ակումբը տան պես է, բան էլ չլինի անելու, մեկ ա քեզ ստեղ լավ ես զգում
13. զգում եմ, որ տարիքիս հետ պարանոյան շատանում մոտս, կուզեի ազատվել
14. կյանքին էնքան պրագամտիկ եմ նայում, ընդհանրապես չեմ խորանում, թողնեն Marvel ու DC կնայեմ սաղ օրը, Դովլաթով կկարդամ, ժիմ կանեմ, համով բաներ կսարքեմ
15. նոր մարդիկ, նոր տեղեր հեչ սրտովս չեն, թեկուզ ծանոթ, բայց ոչ հաճելի մարդկանց վրա բացարձակ ժամանակ չեմ ծախսում, իմոնք ինձ հերիք են, գտել եմ իմ կոնֆորտ զոնան ու ոնց ասի՝ երջանիկ եմ
16. տուն եմ ուզում ունենալ, դա միակ ցանկությունս է էս պահին, որ անիրական է թվում
17. որ կարողանայի, մի քանի բան կփոխեի անցյալումս, բայց դե կա էն ինչ կա
18. ահավոր քիչ եմ սկսել երգեր լսել, եթե լսում էլ եմ հին երգերի նոր քավըրներն է, կամ թեթև ջազոտ երաժշտությունը:
19. անընդհատ ուզում եմ գնալ նոր տատու անել՝ մեդուզա, բայց ալարում եմ
20. շուն ենք ուզում պահել՝ սեթր կամ դոբերման, դեռ չենք կողմնորոշվում
21. երևի էսքանը, էդքան շատ բան չկա ասելու, ծով եմ ուզում ու արևի տակ պառկել, ցավոք քր. գործ կա ամուսնուս վրա (քաղաքական էշ թեմայով), իսկ առանց իրա չեմ գնա երկրից դուրս:

Sambitbaba
17.05.2020, 22:30
Էնքան ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ Ժառը ինչ-որ տեղ շնորհակալություն է դրել...
Ժառ ջան, չգիտեմ ինչու...

Ծլնգ
18.05.2020, 01:02
Քո գրառումներն էլ կարդացի՞ր: Ես իմ հին գրառումները սովորաբար չեմ վերընթերցում, ինչ թեմա էլ լինի, բայց ուրիշներինը հավեսով կարդում եմ:
Երեկ ես էլ էի էս թեման թերթում ու ձեր գրածները նայում, հետաքրքիր էր դրանց վրայով նորից անցնելը:


մի ձև չսազեց ինքդ քեզ հայելու մեջ նայելու սիրոդ հետ :))

ivy
18.05.2020, 13:15
մի ձև չսազեց ինքդ քեզ հայելու մեջ նայելու սիրոդ հետ :))

Գիտեմ, բայց դե արտաքինն ու ներքինն էլ մի քիչ տարբեր թեմաներ են :P

Jarre
18.05.2020, 21:28
:love:love:love
Շնորհակալ եմ շատ Սամ ջան

Sambitbaba
19.05.2020, 03:03
:love:love:love
Շնորհակալ եմ շատ Սամ ջան

Երկար ժամանակ չէիր երևում: Մի տեսակ տխուր էր առանց քեզ...
Կամ կարող է, ե՞ս չէի տեսնում... Բայց որ տեսա, շատ ուրախացա::)

Բարեկամ
20.05.2020, 09:20
Դե որ էս թեման էդքան սիրված ա, իսկ գրողները գրել-վերջացրել են հիմնականում, եկեք մի քիչ ձևափոխենք հարցադրումը։


10 հարց․ իմ առավելությունները, որ ինձ օգնում են կյանքում
10 հարց․ իմ թերությունները, որ ինձ պակասում են կյանքում (այսինքն, բաներ, որ կուզենայինք չպակասեին)

Բարեկամ
20.05.2020, 09:58
Որ չամաչեք, ես կսկսեմ :)

Առավելություններ

1․ Լավ եմ բացատրելուց։ Կապ չունի, թե ինչ։
2․ Մարդկանց սիրում եմ։ Իմ նախնական մոտեցումը գրկաբացն ու դրականն ա։
3․ Աշխատասեր եմ։
4․ Չնայած հիմնականում զգայուն եմ, փխրուն կամ փխրվող, նեղվող, անհանգստացող, ընկճվող, բայց իրականում ամուր ներքին-պահուստային վերապրողականություն ունեմ։
5․ Բավական անկախ եմ իմ խնդիրներում և նրանց լուծման մեջ, օգնություն համարյա երբեք չեմ խնդրում։
6․ Արտաքին փոփոխություններին հարմարվող եմ, չունեմ մեծ պահանջներ, բացի մի քանի բազային բաները, որոնցից առաջնային մաքրությունն է։
7․ Ժպտերես եմ, ու դա անկեղծ, ներսից եկող ժպիտ ա (իմ գնահատականը չի)։
8․ Մանկական ինչ-որ բան կա մեջս, որն արտահայտվում ա զարմանալու, փոքր բաներով ուրախանալու, հավեսների ու նման մի քանի ուրիշ հակումներով։
9․ Հիշաչար չեմ։
10․ Կարծում եմ՝ ինչ-որ ճիշտ բան կա իմ արժեքային համակարգի մեջ՝ խորքային առումով։


Թերություններ

1․ Ինքս ինձ չեմ գտել, հասկացել, մի խոսքով՝ ինքս ինձ բոլորովին չեմ ճանաչում, ու հոգնել եմ էդ վիճակից, չգիտեմ՝ կցրվի՞ մի օր էդ խավարը, թե՞ մարդ կա՝ էդպես էլ տգետ ավարտվում ա կյանքը։
2․ Անհամբերությունն իմ հիմնական թշնամին ա։ Առաջ կարծում էի՝ դրսևորվում ա տվյալ բանին չափազանց մեծ կարևորություն տալու պատճառով (ուզում ես հնարավորինս շուտ լուծել), հիմա կարծում եմ՝ վստահության/հավատի պակասից ա (որ կլուծվի առանց հապշտապի ու իրար խառնվելու)։
3․ Թերարժեքության բարդույթներ ունեմ, որի հետևանքով կարող եմ մեծախոսություններ դուրս տալ կամ անհարկի քննադատել ուրիշներին։
4․ Նախաձեռնող չեմ։ Երևի, որովհետև ամբիցիոզ չեմ։
5․ Տառապում եմ «գերազանցիկի» սինդրոմով․ առաջադրանքները պիտի կատարեմ ըստ պահանջի, չունեմ ըմբոստանալու կամ անարխիայի համարձակություն։
6․ Կյանքի առաջադրած իրավիճակներին հարմարվում եմ ու լռվում մեջը։
7․ Քանի որ չեմ ճանաչում ինքս ինձ, պահանջներն ինքս ինձնից բարձր են, ու հետևանքում թերարժեքության բարդույթն է առաջանում, որի հետևանքով էլ ներքուստ դժգոհ եմ ինքս ինձնից ու երկչոտում եմ։
8․ Եթե մի բան կամ մեկը դուրս չեկավ, անհանդուրժող եմ, ու դա չեմ զլանում արտահայտել, իսկ դա վատ է։
9․ Վիճող եմ ու կռվարար (վերևի կետի հետևանքներից), բայց հիմա ավելի քիչ (ինքնակառավարումս ու հանդուրժողականությունը մի քիչ լավացել են)։
10․ Մոռացկոտ եմ (դարձել)։ Բայց որոշ դեպքերի համար սա առավելություն է, և էդ դեպքերի համար չէի ուզենա, որ փոխվեր։

ivy
20.05.2020, 20:14
Թիքեթի տասնյակի (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2559070&viewfull=1#post2559070) ոճի գրառումներ եմ ուզում :aha

Յոհաննես
20.05.2020, 21:52
Թիքեթի տասնյակի (https://www.akumb.am/showthread.php/67151-30-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2559070&viewfull=1#post2559070) ոճի գրառումներ եմ ուզում :aha

ես էլ ես էլ

One_Way_Ticket
20.05.2020, 22:07
Սկսեք ձեզնից :)

Շինարար
29.05.2020, 06:29
Դե որ էս թեման էդքան սիրված ա, իսկ գրողները գրել-վերջացրել են հիմնականում, եկեք մի քիչ ձևափոխենք հարցադրումը։


10 հարց․ իմ առավելությունները, որ ինձ օգնում են կյանքում
10 հարց․ իմ թերությունները, որ ինձ պակասում են կյանքում (այսինքն, բաներ, որ կուզենայինք չպակասեին)
Առավելությունները

ա. Համեստ եմ, որքան էլ էսա ևս ինը կետ ինձ գովալու եմ:D, երբեք չեմ փորձում ինձ ներկայացնել մյուսներից ավելի խելացի, ավելի պրոֆեսիոնալ, չեմ ամաչում հարցնել, սովորել, թեկուզ ինչ-որ բանում ինձնից պակաս փորձառու մեկից: Արդյունքում ինձ նախանձողներ կամ չկան, կամ ես որ չեմ նկատել:
բ. Ամբիցիոզ չեմ, ինչ-որ բան նախաձեռնելիս գլխիս լուսապսակներ չեմ պատկերացնում, մոտեցումս էն ա, որ շատ-շատ ձախողեմ, աշխարհի վերջը չի, արդյունքում հեշտ եմ պատասխանատվության տակ մտնում:
գ. Պատասխանատու եմ, եթե մի բան նախաձեռնեցի, պիտի լավագույնս անեմ, ոչ թե լավագույնը՝ մյուսներից լավ, այլ հենց լավագույնս՝ իմ կարողացածի սահմաններում ամենալավը, դե որովհետև ամբիցիոզ չեմ:
դ. Լավատես եմ, երբեք չեմ մտածում ամենավատ հնարավոր տարբերակի հնարավորության մասին: Էս կորոնայից առաջ ուսանողներս մի օր բողոքեցին, թե միակ դասախոսն ես, որ ասում ա՝ ինչ հեռակա ուսուցում, ինչ բան, էդ հլա ուղղակի քննարկումներ են: Արդյունքում հեշտ ա ապրել:
ե. Հարմարվող եմ՝ նոր միջավայրերում, նոր ընկերախմբերում: Ինձ հետ շատ դժվար ա վիճել լրջորեն: Մի քանի վեճեր հիշում եմ, որ վեճի մեջ եմ ներքաշվել հենց էս տարի, բայց իմ մեղքով չէ, ասենք՝ ինձ տարիներով ճանաչող մարդիկ իրանց-իրանց բորբոքվել, հետս կռվել են իմ ես լինելու պատճառով, իմ մոտեցումը՝ չեք հավանում, մի շփվեք, ես տենց եմ անում, դրա համար ոչ մեկի հետ իրենց ինքը լինելու պատճառով չեմ վիճում:
զ. Ընկերական եմ, արդյունքում ստանում եմ լավ ընկերություն: Էս ղարիբության տարիներին տարբեր երկրներից ծանոթներս ասել են, որ էստեղ իրանց հայրենիքի ընկերության նման ընկերություն չկա և այլն: Ես տարբեր ազգերի իմ ընկերների շնորհիվ շատ դժվար իրավիճակների միջով եմ անցել, որ առանց նրանց անելանելի կլինեին կամ համենայն դեպս հիմա էնտեղ չէի լինի, որտեղ եմ: Բնականաբար ես էլ նույնկերպ եմ վարվում մարդկանց հետ, եթե կարող եմ օգնել, պատրաստ եմ:
է. Հեշտ չի ինձ կոտրելը: Ասենք՝ եթե ինձ թվաց էս ինչ բանը եթե փորձեմ՝ կստացվի, ինչքան ուզում ա կողքից ամեն օր ասեն՝ չես կարող, ես անելու եմ, համենայն դեպս մինչև վերջ փորձելու եմ, եթե ինձ դա պետք ա: Թեզս էստեղ տենց եմ պաշտպանել: Ընկերներիցս ամենալավերից մեկը միշտ ասում ա՝ ես երբեք քո համար չեմ անհանգստանում, որովհետև գիտեմ՝ դու կհաղթահարես ցանկացած իրավիճակ: Նու մի քիչ չափազանցված ա, հեռու թող ինձնից մնա ցանկացած իրավիճակը, բայց լիքը իրավիճակներ, որ մարդկանց կոտրում ա, ինձ համար անընկալելի ա, թե էդտեղ ինչ կա կոտրվելու: Սրան թերություններում էլ կանդրադառնամ:
ը. Ինձ հետ ուրախ ա ու թեթև: Եթե ինձ միջավայրը տրամադրող ա, բոլորի համար շատ ուրախ կանցնի: Արդյունքում՝ մարդիկ ուզում են հետս ժամանակ անցկացնել, մենակ շատ քիչ եմ մնում, էդ էլ եթե ինքս եմ ուզում: Իմ տանը խնջույքների, ընկերական հավաքների ժամանակ, ասենք, երբեք հարցը սեղանի խաղերին կամ նույնիսկ երաժշտությանը ու պարելուն չի հասնում, ասել, խոսալ, կատակել, աղմկել, ծիծաղել: Բայց ուրիշների տանը, քանի որ համեստ եմ, թողնում եմ նախաձեռնությունը տանտերերին:
թ. Շատ համբերատար եմ, ինչը դասավանդելիս շատ ա օգնում: Ասեմ, էս հատկանիշիս հականիշը թերություններում էլ եմ նշելու, դե մարդը հո մենակ սևուսպիտակ չի:
ժ. Չնայած համեստ եմ, բայց ես ինձ դուր եմ գալիս ներքուստ և արտաքուստ, նենց չի, որ հիանում եմ՝ էս ինչ լավն եմ, էս ինչ սիրուն, ավելի շուտ մոտեցումս էս ա՝ համենայն դեպս հաջողված եմ: :D

Թերությունները

ա. Նեղացկոտ եմ՝ ինձուինձ մեջս նեղանում եմ մարդկանցից ու երբեմն նույնիսկ դադարեցնում շփումս՝ փոխանակ փորձեմ քննարկել, ընդհանուր հայտարարի գալ: Չնայած աշխատում եմ էդ թերությունս շտկելու վրա, բայց հասել եմ նրան, որ էլ չեմ նեղանում, կամ ավելի քիչ եմ նեղանում, դե ինքն էլ տենց մարդ ա, բայց էլի շփումս կարող ա դադարեցնեմ :D
բ. Քննադատությունը շատ ծանր եմ տանում, դուրդ չեմ գալիս հետս մի շփվի, ինչ մի ինձ դաստիարակում ես, բայց չեմ կռվում, ուղղակի ոնց ասի դադարեցնում եմ շփումս :D Չէ սուտ եմ ասում, դեռ ոչ մի քննադատողի հետ չեմ դադարեցրել շփումս, առաջարկել եմ իրանք դադարեցնեն, բայց չեն դադարեցրել: Խոսքը Դերվիշի ոտանավորի թարգմանության մասին չի, այլ որ քնննադատում են իմ ես լինելու համար, հատկապես որ էթիկետ են սովորեցնում, ես լոռվա սարերից իջաց չոբան տղա, դուք էլ ձեր էթիկետն էլ :D Մանավանդ որ ախր ես բավականին քաղաքավարի տղա եմ, տեսեք հենց հիշեցի էդ քննադատությունները էլի սկսեցի ծանր տանել :D
գ. Դժվար եմ ապրումակցում մարդկանց: Էս էն կոտրվելու թեմայով, որ ասի կանդադառնամ: Ինքս շատ դժվարությունների միջով եմ անցել, հատկապես միջին խավի եվրոպացի կամ մերձավորարևելցի թեկուզ, բայց միջին մտավորական խավի, իմ էստեղ շրջապատի մեծ մասի համեմատ, ու որ էս մարդիկ սկսում են իրանց դժվարություններից խոսալ, չեմ կարողանում հասկանալ: Ու չեմ սիրում, որ հետս սկսում են շատ կիսվել ինչ-որ բաներից, որ չեմ հասկանում, ինչո՞վ կարող եմ օգնել, զուտ ականջ, որ լսի՞, էս մեկը չէ: Գիտեմ՝ մարդիկ տարբեր են, չեմ կարող բոլորին նայել իմ դիտանկյունից ու ասել՝ ոնց ա ես դիմանում եմ, իրանք չէ: Բայց դե ես էլ եմ ուրեմն տարբեր, եթե էնպիսի խնդիր ա, որ ռեալ կարող եմ ինչ-որ բանով օգնել, խնդրեմ, բայց եթե կոնկրետ ականջ ա պետք, որ ամեն օր լսի, իմ ականջը պատրաստ չի:
դ. Սպասել չեմ սիրում: Աշխատանքում եմ համբերատար, բայց աշխատանքից դուրս սպասողական վիճակը տանել չեմ կարողանում՝ սկսած բրիտանացիների սիրելի հերթ կանգնելուց:
ե. Ինձ թվում ա՝ համարձակ չեմ: Լիքը բաներ անում եմ էս բնավորությանս վրայով մեծ ճիգերով անցնելով:
զ. Բավարար ինքնավստահ չեմ: Նորից լիքը ճիգեր են պահանջվում, օգնում ա էն մոտեցումս, որ դե շատ-շատ ձախողեմ: Արդյունքում մեկ էլ տեսնում ես՝ ով հասավ վերևից բացատրում, սովորացնում ա: Ասեցի՝ ինքնավստահ չեմ, չասեցի՝ ուրիշներին ինձնից վեր եմ դասում:
է. Ուղղորդում, ղեկավարություն դժվար եմ հանդուրժում, ու հաճախ ոչնչով չարդարացված եմ մեջս ինձ ու ինձ հակադրվում, պատկերացրեք՝ աշխատող մարդու համար ինչքան դժվար ա, երբ իրան ղեկավարում են, իսկ ինքը դա տանել չի կարող: Ի վերջո ֆրիլանսեր չեմ ցավոք: Բայց հիմա լուծումը գտել եմ, մեկ ա՝ էս աշխատանքում ժամանակավոր եմ, իրականում հո ժամանակավոր չեմ, ես եմ տենց որոշել ինձ ու ինձ ու արդյունքում շատ բանի հետևից չեմ ընկնում: Առայժմ օգնում ա:
թ. Պանիկայի նոպաներ եմ ունենում: Պահի տակ ինձ ու ինձ կարող ա ներշնչեմ ամենահիմար մի դավադրության տեսություն, խառնվեմ իրար և այլն կամ սկսեմ ինչ-որ հարազատ մեկի համար անհանգստանալ, ասենք սաղ օրը ֆեյսբուքում օնլայն չի եղել, մի բան պատահած չլինի՞ :D Բայց կարճատև նոպաներ են, արագ ինձ հավաքում եմ: Ընդհանրապես էն թերություններդ, որ գիտակցում ես, հեշտ ա կառավարելը, ավելի բարդ ա, երբ չես գիտակցում: Լիքը թերություն կունենամ, որ ես չեմ էլ նկատում, ու քանի որ քննադատություն չեմ սիրում, չեմ էլ ուզում ինձ հուշեն::D
ժ. Երևի հենց էդ փաստը, որ ինձ դուր եմ գալիս ու չեմ ուզում առանձնապես փոխվել: Բայց դե անկեղծ մարդ մի ամբողջ կյանք կարա իրան ուտելով իրան տանջելով փոխվի ու կատարելագործվի և այլն, ավելի ճիշտ չի՞ ինքդ քեզ հետ հաշտ ապրես, էս մի կյանքն ա, կեսն էլ, գուցե կեսից շատն էլ անցել ա: Մանավանդ, որ քչից շատից հաջողված եմ :D Չգիտեմ:

ivy
07.06.2020, 16:55
Առավելությունների ու թերությունների մի-մի տասնյակ էլ իմ կողմից :)

Առավելությունները.

1. Չեմ համեմատվում։
Ամեն մարդ իր ուղին ունի։ Ես էլ իմով եմ գնում, ոնց խելքիս փչի։ Ու փորձում եմ աղջկաս էլ սովորեցնել իրեն ուրիշների հետ չհամեմատել, որ մի օր կարողանա ապրել էնպես, ինչպես ուզում է՝ առանց կողքերը նայելու։

2․ Կարծում եմ, ահագին ուժեղ եմ։
Հաճախ եմ զգում տարբեր իրավիճակներում, թե ինչքան ամուր եմ կանգնած ու ինչքան ինքնավստահ եմ։ Եթե ինձ համեմատեմ մի տասը տարի առաջվա հետ, սարեր ու ձորեր են։ Սա նաև թույլ է տալիս չընկնել տարբեր ազդեցությունների տակ․ ես ունեմ իմ կայուն աշխարհայացքն ու ամեն տեսակի, թեկուզ սիրուն փաթեթավորված լոլոների հանդեպ՝ նույնքան կայուն իմունիտետ։

3․ Իրատես եմ։
Սա էլ է ժամանակի հետ փոխվել, առաջ էդպես չէր։ Ու հնարավոր է, լավատեսությունս մի քիչ տուժել է արդյունքում։ Եթե մի բանի ավարտը բացասական է գծագրվում, հաստատ հեռու կմնամ՝ առանց ինքս ինձ համոզելու, որ գուցե լավ լինի։ Աշխատանքս էլ է իր բնույթով ահագին մաքրել վարդագույն անուրջներս ու իրատես դարձրել։

4․ Հուսալի եմ․ եթե մի բան ասեցի, ուրեմն կանեմ։
Պայմանավորվածություններ, վերջնաժամկետներ և այլն, բոլորը խստորեն պահպանում եմ։ Պատասխանատվության մեծ զգացում ունեմ։ Ու փորձում եմ ամեն ինչ հնարավորինս լավ անել։ Սա իհարկե շատ օգնում է կյանքում, հատկապես՝ աշխատանքային։

5․ Առողջ եմ ու էներգիայով լի։
Տարիներով չեմ հիվանդանում ու բանում եմ անդադար՝ լծկան էշի պես :)) Սա ինձ նաև թույլ է տալիս հոգ տանել ուրիշների մասին․ խնամել, օգնել, առաջ տանել, ուժ տալ։

6․ Լավ կազմակերպված եմ։
Ինչը որ հնարավոր է պլանավորել, պլանավորում եմ, ու հնարավորինս հասցնում ամեն ինչ։ Հետն էլ արագ եմ ու ծամծմել, ձգձգել չեմ սիրում։

7․ Լավ հիշողություն ունեմ։
Չհաշված էն դեպքերը, երբ երևակայությունս ներխուժում է հիշողությանս մեջ և ստեղծում հուշեր, որոնք իրականում չեն եղել։

8․ Սուր աչք ունեմ։
Իհարկե քրոջս չեմ հասնի, բայց իմ աչքից էլ է քիչ բան վրիպում։

9․ Մարդկանց լավ եմ զգում։
Ուզում եմ հենց «զգալ» բառն օգտագործել, ոչ թե «հասկանալ»։ Երևի սա էլ ինչ-որ ձևով կապված է վերևի կետի հետ։ Ու, կարծում եմ, սա կյանքում իմ ամենամեծ առավելություններից մեկն է։

10․ Նայելով վերևի ինը կետերին՝ մնում է խոստովանել, որ կարգին գլուխգովան եմ :))
Բայց դե ժամանակակից աշխարհում սա կոչվում է «առողջ ինքնագնահատական», էնպես որ, ներառում եմ առավելությունների մեջ :)


Թերությունները․

1․ Մանյակոտ եմ։
Չխորանանք :))

2. Ինձ հա տանջում է ամեն ինչի ու ընդհանրապես գոյության անիմաստության զգացումը (կարծում եմ, սրա մասին էլի եմ գրում)։
Դա իհարկե ժամանակ առ ժամանակ ահագին պղտորում է կյանքս, բայց միևնույն է, ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ, որ ապրում եմ․ հետաքրքիր է, թե հետո ինչ կլինի։ Սերիալի պես մի բան։

3․ Բանավոր խոսքս կաղում է։
Կարճ ասած՝ վատ եմ խոսում։ Բոլոր լեզուներով, ներառյալ՝ հայերեն։ Եթե միայն հնարավոր լիներ խոսելու փոխարեն միշտ գրել․․․
Ձայնս էլ մի բան չի։ Բացի դրանից, արտասանական խնդիրներ ունեմ «ռ-ղ-ր»-ի հետ։ Աղջիկս մինչև հիմա էդ երեք հնչյունները հայերենում լավ տարբերել չի կարողանում, որովհետև հայերեն ինձնից է սովորել։

4․ Սխալների հանդեպ չափազանց անհանդուրժող եմ։
Թե սեփական, թե ուրիշների։ Սեփական սխալներից ամոթի մեծ զգացում է առաջանում ու երկարատև, հիվանդագին ինքնապախարակում, ուրիշներ սխալներից՝ անթաքույց զայրույթ։

5․ Մարդկանց ընդհանուր առմամբ չեմ սիրում, միզանտրոպ եմ։
Հիմնականում փորձում եմ դիստանցիա պահպանել, իսկ հնարավորության դեպքում լրիվ հեռու մնալ մարդկանցից ու հետները գլուխ չդնել։ Գուցե կյանքս ավելի հեշտ լիներ, եթե մի քիչ ավելի մարդամոտ ու ավելի տոլերանտ լինեի։

6․ Մռթմռթան եմ (չշփոթել կռվարարի հետ)։
Կարող եմ օրերով մռթմռթալ նույն թեմայով, բողոքել, քննադատել, ինձ ներսից ուտել։ Մինչև ինքս ինձնից զահլես գնա, անջատվեմ։

7. Control freak եմ։
Սա հավանաբար վստահության պակասի հետ է կապված։ Ինձ ավելի լավ է ամեն ինչ ինքնուրույն անել, քան թե գործը մեկին վստահել։ Հակառակ դեպքում հա հսկելու եմ, որ ամեն ինչ ճիշտ արվի։ Սա թե աշխատանքում է էդպես, թե դրանից դուրս։

8․ Անընդհատ վառ զգացմունքների ու նոր տպավորությունների կարիք ունեմ։
Ու պիտի ինձ հա մատակարարեմ դրանցով։ Հեշտ գործ չի :)) Անփոփոխությունն ինձ ձանձրացնում է արագ ու կարող է վատ ազդեցություն ունենալ վրաս։

9․ Հեռու գնացող նպատակներ չունեմ։
Կարիերայի չեմ ձգտում, ունեցվածքի նկատմամբ անտարբեր եմ, ընտանիքի գաղափարին չեմ հավատում։ Ոչ մի գլոբալ նպատակ չունեմ, որ դնեմ աչքերիս առաջ ու գնամ դեպի նշանակետը։ Հեդոնիստ եմ ու ապրում եմ օրվա հաճույքներով՝ աշխատելով դրանք հնարավորինս բազմազան ու գունավոր դարձնել։
Ճիշտն ասած, հաստատ չգիտեմ էլ՝ սա թերություն է, թե չէ։ Ուղղակի էդպես է։

10․ Անկանխատեսելի եմ։
Ինքս ինձ համար՝ չէ։ Բայց ուրիշների համար հաճախ եմ անկանխատեսելի, ու իրենք էլ չգիտեն՝ ինձ ինչ դարակի մեջ տեղավորել։ Գիտեմ, որ շատերի վրա տարօրինակ տպավորություն եմ թողնում՝ որպես անհասկանալի պտուղ։ Մեկ-մեկ դա տհաճություն է պատճառում, բայց ինքս ինձ մխիթարելու ձև միշտ էլ գտնում եմ, որ էն եմ, ինչ կամ, ու դա ամենևին էլ վատ չի։

Jarre
07.06.2020, 17:37
Ես նշածդ ահագին կետեր կփոխեի «դրական»-ից «բացասական» և հակառակը։ Ահա իմ՝ քո ցուցակը :D

Թերություններ

8․ Սուր աչք ունեմ։
Իհարկե քրոջս չեմ հասնի, բայց իմ աչքից էլ է քիչ բան վրիպում։


9․ Մարդկանց լավ եմ զգում։
Ուզում եմ հենց «զգալ» բառն օգտագործել, ոչ թե «հասկանալ»։ Երևի սա էլ ինչ-որ ձևով կապված է վերևի կետի հետ։ Ու, կարծում եմ, սա կյանքում իմ ամենամեծ առավելություններից մեկն է։

Կյանքի որոշ կոնտեքստներում, այդ թվում՝ հարաբերություններում, ես սրանք դիտարկում եմ որպես թերություն, որովհետև սովորաբար էն մարդկանց որոնք վստահ են, որ իրենք ունեն «սուր աչք» և «զգում են» ուրիշներին համարյա թե անհնար է իրենց «տեսածից» և «զգացածից» մի փոքր շեղված այլ «իրականություն» տալ։ Ապրիորի իրենց տեսածն ու զգացածը գերակա ճշմարտություններ են։


Առավետություններ

2. Ինձ հա տանջում է ամեն ինչի ու ընդհանրապես գոյության անիմաստության զգացումը (կարծում եմ, սրա մասին էլի եմ գրում)։
Դա իհարկե ժամանակ առ ժամանակ ահագին պղտորում է կյանքս, բայց միևնույն է, ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ, որ ապրում եմ․ հետաքրքիր է, թե հետո ինչ կլինի։ Սերիալի պես մի բան։

Սա շատ խելացի ու իրատեսական կյանքի սկզբունքներից է։ Միմիայն բանական, կյանքում ահագին բաների միջոց անցած, լիքը դժվարություններ ու ահավոր լավ օրեր տեսած մարդը կարող է ունենալ այսպիսի մտածելակերպ։ Մեր մեծ մաթեմատիկոս, փիլիսոփա եղբայր Բերտրան Ռասելը շատ դիպուկ է ասել.
«Անվստահությունն ու անիմաստությունը, որը մենք ունենց մեր հույսերի և վախերի հետ կապված շատ տանջող է, բայց մենք պետք է դրանք պահպանենք, եթե ուզում ենք ապրել առանց հուսադրող հեքիաթների օգնության։ Ինչպե՞ս սովորել ապրել առանց վստահության և միևնույն ժամանակ կաթվածահար չլինել ապագայի հանդեպ անսվտահությամբ և անորոշությամբ։ Սա ամենագլխավորն է ինչ կարող է անել գիտությունը և փիլիսոփայությունը մեր օրերում»։



5․ Մարդկանց ընդհանուր առմամբ չեմ սիրում, միզանտրոպ եմ։
Հիմնականում փորձում եմ դիստանցիա պահպանել, իսկ հնարավորության դեպքում լրիվ հեռու մնալ մարդկանցից ու հետները գլուխ չդնել։ Գուցե կյանքս ավելի հեշտ լիներ, եթե մի քիչ ավելի մարդամոտ ու ավելի տոլերանտ լինեի։

Այստեղ no comment, պարզապես :love:love:love


7. Control freak եմ։
Սա հավանաբար վստահության պակասի հետ է կապված։ Ինձ ավելի լավ է ամեն ինչ ինքնուրույն անել, քան թե գործը մեկին վստահել։ Հակառակ դեպքում հա հսկելու եմ, որ ամեն ինչ ճիշտ արվի։ Սա թե աշխատանքում է էդպես, թե դրանից դուրս։

Control freak-ի այլ բացատրությունը այն է, մարդ պարզապես տեսել է ու գիտի, որ իր նման գործին նվիրված ու ամբողջությամբ գործը կատարող մարդ, քո նման որակով կատարող և այլն և այլն՝ չկա, չկան, բայց արդարության համար ասենք՝ «շատ քիչ են», որ ինձ չմեղադրեն անիրատեսության մեջ :D Ես էլ եմ լրիվ տենց :oy


8․ Անընդհատ վառ զգացմունքների ու նոր տպավորությունների կարիք ունեմ։
Ու պիտի ինձ հա մատակարարեմ դրանցով։ Հեշտ գործ չի :)) Անփոփոխությունն ինձ ձանձրացնում է արագ ու կարող է վատ ազդեցություն ունենալ վրաս։

Սա ո՞նց կարա վատ բան լինի։ Սա հենց կենդանի, կյանքը սիրելու..... նշան է։ Այսինքն քեզ համար բացասակա՞ն է կյանքի թթվածինը, այն ինչ ուժ է տալիս կյանքին։ Խնդրում եմ մի եղիր Ձեթինե Վառունցի նման :D Լրիվ լավ հատությունները վերցրել մտցրել ես բացասականի տակ, որ ի՞նչ։


10․ Անկանխատեսելի եմ։
Ինքս ինձ համար՝ չէ։ Բայց ուրիշների համար հաճախ եմ անկանխատեսելի, ու իրենք էլ չգիտեն՝ ինձ ինչ դարակի մեջ տեղավորել։ Գիտեմ, որ շատերի վրա տարօրինակ տպավորություն եմ թողնում՝ որպես անհասկանալի պտուղ։ Մեկ-մեկ դա տհաճություն է պատճառում, բայց ինքս ինձ մխիթարելու ձև միշտ էլ գտնում եմ, որ էն եմ, ինչ կամ, ու դա ամենևին էլ վատ չի։

Ուրեմն կաղապարված չի ուղեղդ։ Գուցե ներքուստ բանականությունդ պայքարում է ընդունված pattern-երով առաջնորդվելու դեմ, որը այդքան հեշտացնում է մեր կյանքը, բայց միևնույն ժամանակ դարձնում է երկաթեբետոնե «հոգի» ունեցող մարդիկ։

Դեռ որ շատ մտածեմ գուցե 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերն էլ մտցնեմ դրականների մեջ ))

Ուլուանա
07.06.2020, 19:10
Ընդհանրապես ահագին հետաքրքիր ա տեսնել, թե մարդ ինքն իր տարբեր հատկանիշները ոնց ա դասակարգում առավելությունների ու թերությունների: Ահագին խոսուն ա դա:
Հիշում եմ` մի քանի տարի առաջ ինչ-որ առիթով ivy-ի հետ խոսակցություն ունեցանք առավելությունների ու թերությունների մասին, ինքը պիտի իմ առավելություններն ու թերությունները նշեր, ասեց, որ իմ դեպքում դժվարանում ա դրանք առանձնացնել, որովհետև բոլոր էն հատկանիշները, որ կուզենար նշել, իր համար ինչ-որ պահերի թերություն են, ինչ-որ պահերի` առավելություն: Էս թեմայում մեր թերությունների ու առավելությունների մասին գրելու Բարեկամի առաջարկից հետո ես էլ փորձեցի իմոնք գրել, ու զգացի, որ համարյա բոլոր էն հատկություններս, որոնց մասին կարելի ա գրել, իրոք համ թերություն են, համ առավելություն` կախված իրավիճակից ու դրսևորման աստիճանից: Շուտով երևի ես էլ կդնեմ իմը, բայց, այ, առավելություններն ու թերություններն առանձնացնելու գործը կարող ա թողնեմ ընթերցողին :D:

Ուլուանա
07.06.2020, 23:41
Ես իմ հայեցողությամբ դասակարգեցի, ուղղակի առավելություններիս ցուցակի առաջին երեք կետերը ինչքան առավելություն եմ համարում, էնքան էլ թերություն: Ինչպես միշտ, չկարողացա տեղավորվել կետերի նշված քանակի մեջ, բայց հանուն արդարության ամեն մեկից հավասար թվով գրել եմ :)):


Առավելություններս

1. Շատ ուժեղ էմպաթիա ունեմ. ուրիշների ցավերը, խնդիրները, տառապանքները մարդու հետ նույնանալու աստիճանի զգում ու ապրում եմ: Սա առավելություն է մարդկանց հոգեպես սատարելու, օգնելու, հոգ տանելու հարցում, բայց թերություն է էն պատճառով, որ դրանից կարող եմ թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ ֆիզիկապես լրիվ ուժասպառ լինել: Վերջերս սկսել եմ հատուկ աշխատել էմոցիոնալ դաշտս պաշտպանելու ուղղությամբ. փորձում եմ կարեկցելով հանդերձ` չնույնանալ մարդու հետ իր ցավի մեջ: Որոշակի առաջընթաց նկատվում է:

2. Պերֆեկցիոնիստ եմ: Սա էլ առաջին հայացքից առավելություն է, քանի որ որևէ գործ անելիս աշխատում եմ հնարավորինս լավ անել, բայց հիվանդագին աստիճանի հասնելու դեպքում դառնում է թերություն: Իմ դեպքում հաճախ է հիվանդագին աստիճանի հասնում, ու դա կարող է դրսևորվել երկու ձևով.
ա) շատ բաներ ընդհանրապես չեմ նախաձեռնում, քանի որ համոզված չեմ, որ կկարողանամ լավագույնս իրագործել, իսկ «ինչ-որ կերպն» ինձ համար ընդունելի տարբերակ չի
բ) հաճախ ինձ կոտորելով աշխատում եմ գործը լավագույնս անել նույնիսկ էնպիսի դեպքերում, երբ պարզապես յոլա տանելը միանգամայն բավարար է, ու իմ լավագույնը ոչ ոք ոչ նկատելու է, ոչ էլ գնահատելու: Հիվանդագին պերֆեկցիոնիզմից ձերբազատվելու վրա էլ եմ աշխատում, էլի որոշակի առաջընթաց կա, բայց դեռ ահագին էլ աշխատելու տեղ ունեմ:

3. Ներողամիտ եմ շատ: Հեշտությամբ ներում եմ համարյա ցանկացած բան, եթե զգում եմ, որ դիմացինս գիտակցում է սխալը ու զղջում: Բայց սա էլ հանգեցնում է նրան, որ մարդիկ երբեմն չափից դուրս արխային են դառնում ինձ հետ` համոզված լինելով, որ ինչ էլ լինի, ի վերջո, կներեմ: Վերջերս փորձում եմ ներքուստ էլի ներելով հանդերձ` գործնականում հնարավորինս ինձնից հեռու պահել էդքան հաճախ ներման կարիք ունեցող մարդկանց:

4. Ազնիվ եմ: Ընդհանրապես ազնվությունը համարում եմ իմ ամենատիպիկ, ամենաիսկական հատկանիշներից մեկը, որը, կարծում եմ համ ի ծնե ունեցել եմ, համ էլ ստացածս դաստիարակության շնորհիվ ավելի է ամրապնդվել:

4. Օբյեկտիվ եմ: Որպես կանոն, կարողանում եմ մարդու կամ երևույթի/իրավիճակի նկատմամբ անձնական վերաբերմունքս հստակ տարանջատել իրականությունից ու մի կողմ դնել, եթե պետք է: Իհարկե, բացառություններ կարող են լինել, ռոբոտ չեմ, ի վերջո, բայց դրանք, կարծում եմ, խիստ հազվագյուտ են:

5. Պատասխանատու եմ ու հուսալի:

6. Շատ կայուն եմ` բազմաթիվ առումներով: Նախ կայուն արժեհամակարգ ու որոշակի սկզբունքներ ունեմ, որոնց հիմնական մասը տարիների ընթացքում չի փոխվել, ու դժվար թե երբևէ փոխվի: Նաև մարդկանց հետ հարաբերություններում եմ կայուն` նվիրված ու միշտ ներկա:

7. Կարողանում եմ ուրախանալ ու երջանկության ուժեղ զգացում ապրել ամենատարբեր մանրուքներից, որոնք շատերի համար կարող են լրիվ անէական բաներ լինել կամ ուղղակի չնկատվել, ու սա զգալի չափով բարձրացնում է կյանքիս որակը:

8. Հակված եմ սխալներս ընդունելու, երբ որևէ մեկը մատնացույց է անում դրանք: Նույնիսկ եթե դա արվում է շատ անտակտ ու վիրավորական ձևով, մեկ է, դա ինձ չի խանգարում, որ սխալս ընդունեմ, եթե իսկապես զգամ, որ սխալ եմ: Այսինքն` էլի կարող եմ վիրավորվել սխալս ցույց տալու անտակտ մոտեցումից, բայց միաժամանակ գիտակցել, ընդունել, որ սխալ եմ (եղել):

10. Չնայած վերին աստիճանի էմոցիոնալ ու տպավորվող լինելուս` բոլորովին ազդեցության տակ ընկնող չեմ, ոչ էլ պահի ազդեցությամբ գործող. որպես կանոն, կարողանում եմ իրավիճակից «պոկվել» ու դրան նայել շատ վերևից կամ կողքից ու վարվել էնպես, որ հետո չզղջամ: Եթե գիտեմ, որ ճիշտը սա է, ուզում է` շուրջս բոլորը հակառակն անեն, ես կմնամ իմ իմացածին հավատարիմ:

11. Մարդկանց բավական լավ եմ զգում ու ճանաչում ու շատ դեպքերում էնպիսի մանրուքներից, որոնց վրա շատերն ուշադրություն չեն դարձնում: Ամբողջ կյանքումս ընդամենը մի քանի դեպք եմ հիշում, երբ լրջորեն սխալվել եմ ինչ-որ մարդու հարցում:

12. Գաղտնապահ եմ: Ուրիշի գաղտնիքն ինձ համար անձեռնմխելի մի բան է` անկախ տվյալ մարդու նկատմամբ ունեցածս վերաբերմունքից, հարաբերությունների հետագա ընթացքից. նույնիսկ եթե տվյալ մարդը թշնամիս դառնա, ինձ համար դրանից ոչինչ չի փոխվի էդ հարցում: Ես գաղտնիքն ընկալում եմ որպես մի բան, որն ինձ չի պատկանում, ուրիշինն է, հետևաբար ես դրա հետ գործ չունեմ: Ասենք, ինչպես որ ուրիշի իրը չեմ յուրացնի կամ մեկ ուրիշին չեմ տա, նույն կերպ էլ որևէ մեկի գաղտնիքը չեմ պատմի մեկ ուրիշին:

13. Ինչքան էլ նեղված լինեմ, միշտ պատրաստ եմ ցանկացած հարց, կոնֆլիկտ հանգիստ քննարկել ու պարզաբանել մինչև վերջին կետը` փորձելով ընդհանուր հայտարարի գալ:


Թերություններս.

1. Control freak եմ: Իմ միջավայրում` թե՛ գործնական հարցերում, թե՛ մտերիմներիս ու հարազատներիս հետ կապված ամեն ինչն ուզում եմ վերահսկել, ամեն ինչից տեղյակ լինել, շատ բաներ ինքս անել, որ վստահ լինեմ` նորմալ ու ճիշտ կարվի: Ու պանիկայի մեջ եմ ընկնում, երբ զգում եմ, որ ինչ-որ բան իմ վերահսկողությունից դուրս է գալիս: Բայց հիմա փորձում եմ սովորել «բաց թողնելու» նուրբ արվեստը:

2. Անկազմակերպ եմ ու թափթփված: Չմանրամասնեմ:

3. Անջատված եմ: Որոշ չափով փոխվել եմ տարիների ընթացքում, բայց դեռ նորմալին չեմ հասել:

4. Ժամանակի զգացում չունեմ: Միշտ չափից դուրս լավատեսորեն եմ գնահատում ունեցածս ժամանակը, որի հետևանքով հաճախ ուշանում եմ կամ ինչ-որ բաներ չեմ հասցնում:

5. Մտերիմների հետ կարող եմ շատ անզուսպ ու անհավասարակշիռ ռեակցիաներ տալ ինձ դուր չեկած ամեն մանրուքի պատճառով: Որպես կանոն, անմիջապես հետո փոշմանում եմ ու ամաչում էդ պահվածքիս համար:

6. Շատ խորն արմատացած ցածր ինքնագնահատական ունեմ, որն ինձ լրջորեն խանգարում է: Ինչ ինձ հիշում եմ, միշտ էլ ինքնագնահատականս ցածր է եղել: Ու սա երևի միակ թերությունս է, որի հետ կապված էսքան տարիների ընթացքում ոչ մի կայուն առաջընթաց չեմ գրանցել: Ժամանակ առ ժամանակ կարող է ինքնագնահատականս տատանումներ ունենալ, էդ թվում և կտրուկ դեպի ներքև ու դեպի վերև, բայց գլոբալ առումով բան չի փոխվում:

7. Սկսածս գործն անավարտ թողնելու սովորություն ունեմ: Բայց սա չի վերաբերում վերջնաժամկետ ունեցող, ինչպես նաև ուրիշների առաջ պատասխանատվություն ենթադրող գործերին: Վերջիններիս դեպքում ամեն գնով ավարտում եմ, ուրիշ բան, որ էդ գինը երբեմն շատ բարձր կարող է լինել:

8. Հակված եմ ծայրահեղ ինքնաքննադատության` հաճախ մինչև ինքնակեղեքման աստիճանի: Սրա հետևանքով ընդունակ եմ ինձ լուրջ սթրեսի հասցնելու:

9. Մոտիվացիայի խնդիր ունեմ. հեշտությամբ եմ կորցնում մոտիվացիաս:

10. Հիվանդագին հակվածություն ունեմ որևէ բան անելիս ինձ վրա տարբեր մարդկանց` հավանություն չտվող հայացքներն զգալու ու դրանից սթրեսի մեջ ընկնելու:

11. Հաճախ կարող եմ բոբոյության աստիճանի խիստ լինել: Երբեմն որոշ ժամանակ անց գիտակցում եմ, որ լրիվ անտեղի ու նույնիսկ վնասակար էր խստությունս, ավելի շուտ մոլուցքի պես բան է:

12. Ղեկավարելու ձիրք ընդհանրապես չունեմ:

13. Խորը նստած հակում ունեմ իմ անհաջողությունները, ինձ հետ կապված տխուր իրավիճակները դրամատիզացնելու, բայց քանի որ խորապես նողկում եմ էդ երևույթից թե՛ իմ, թե՛ ուրիշների մեջ նկատելիս, հենց որ զգում եմ` մեջս դա գլուխ է բարձրացնում, միանգամից տապչկայով գլխին տալիս, սատկացնում եմ: Էդ պատճառով շատ քիչ մարդիկ են ինձ երբևէ տեսել էդպիսի հոգեվիճակում:

Շինարար
08.06.2020, 00:12
Ուզում էի սկզբում վարկանիշով ասեմ, բայց որոշեցի, որ էստեղ գրեմ: Դուցե քո կարծիքով բավարար չես դրսևորել քո ղեկավարելու ձիրքը, բայց երկար տարիների ակումբի ավագ մոդերատոր ես, ու չգիտեմ, թե ղեկավարելու ձիրք ասելով ինչ նկատի ունես, բայց իմ կարծիքով դու օրինակելի լիդեր կարող ես լինել, գուցե հրմաններ չես կարողանում տա՞լ, բայց ղեկավարելու ձիրքը որպես թիմի ղեկավար արդյունավետ արդյունք ապահովելն ա, ու բացառվում ա, որ դու էդ ձիրքը չունենաս, ընդհակառակը ինձ թվում ա եթե իրավիճակ լինի, որտեղ դրսևորելու հնարավորություն ունենաս, դու պիտի, որ իդեալական լիդեր լինես:

Բարեկամ
08.06.2020, 02:39
Պերֆեկցիոնիզմը և անկազմակերպ֊թափթված լինելը չեն հակասու՞մ իրար :think

boooooooom
08.06.2020, 03:04
Պերֆեկցիոնիզմը և անկազմակերպ֊թափթված լինելը չեն հակասու՞մ իրար :think

Ես էլ եմ միշտ սենց բաներ նկատում, բայց քանի որ ինքս "ինքս ինձ հակասելու" պրոֆեսիոնալ եմ, թեթև եմ տանում։ Մարդը կարա մի պահ իրեն պերֆեկցիոնիստ զգա, 10 րոպե հետո թափթփված։

Ուլուանա
08.06.2020, 06:54
Ուզում էի սկզբում վարկանիշով ասեմ, բայց որոշեցի, որ էստեղ գրեմ: Դուցե քո կարծիքով բավարար չես դրսևորել քո ղեկավարելու ձիրքը, բայց երկար տարիների ակումբի ավագ մոդերատոր ես, ու չգիտեմ, թե ղեկավարելու ձիրք ասելով ինչ նկատի ունես, բայց իմ կարծիքով դու օրինակելի լիդեր կարող ես լինել, գուցե հրմաններ չես կարողանում տա՞լ, բայց ղեկավարելու ձիրքը որպես թիմի ղեկավար արդյունավետ արդյունք ապահովելն ա, ու բացառվում ա, որ դու էդ ձիրքը չունենաս, ընդհակառակը ինձ թվում ա եթե իրավիճակ լինի, որտեղ դրսևորելու հնարավորություն ունենաս, դու պիտի, որ իդեալական լիդեր լինես:
Եսիմ, Շին, ես միշտ տենց եմ մտածել: Բայց գուցե իրոք մի քիչ տարբեր բաներ ենք հասկանում ղեկավարել ասելով: Ակումբը նախ վիրտուալ միջավայր ա, իսկ ես վիրտուալ միջավայրերում շատ ավելի ես եմ, քան ռեալում, ու շատ առումներով ինձ ավելի լիարժեք եմ դրսևորում, քան ռեալում: Ճիշտն ասած` ես ինձ թիմային աշխատանքից էլ առանձնապես լավ չեմ համարում :D: Բայց երևի մեծ նշանակություն ունի, թե ովքեր են թիմակիցներս: Ակումբում երևի ուղղակի հաջող թիմակիցներ են բաժին ընկել :):
Ամեն դեպքում շնորհակալ եմ բարձր գնահատականի համար, շատ անսպասելի էր :oy:

Ուլուանա
08.06.2020, 07:23
Պերֆեկցիոնիզմը և անկազմակերպ֊թափթված լինելը չեն հակասու՞մ իրար :think
Չէ :P: Հիմա կբացատրեմ, թե ինչի:


Ես էլ եմ միշտ սենց բաներ նկատում, բայց քանի որ ինքս "ինքս ինձ հակասելու" պրոֆեսիոնալ եմ, թեթև եմ տանում։ Մարդը կարա մի պահ իրեն պերֆեկցիոնիստ զգա, 10 րոպե հետո թափթփված։
Բում ջան, իմը ինքս ինձ հակասելու դեպքը չի: Տվյալ դեպքում հակասություն չկա: Գուցե կան մարդիկ, որ մեկ իրենց պերֆեկցիոնիստ են զգում, մեկ` անկազմակերպ ու թափթփված, բայց իմ դեպքում տենց չի. երկուսը միաժամանակ են առկա: Դրանք առաջին հայացքից անհամատեղելի հատկանիշներ են, բայց իրականում լավ էլ հնարավոր ա համատեղել: Ուղղակի երբ նմանատիպ հատկանիշներ ես համատեղում մեջդ, լարվածությունն ա դրանից ավելանում, այլ կերպ ասած` կյանքդ մի քիչ բարդանում ա: Ի վերջո, պերֆեկցիոնիզմն ի՞նչ ա. հիվանդագին ձգտում դեպի կատարյալը ամեն ինչում: Իսկ եթե բնույթով անկազմակերպ ու թափթփված ես, պերֆեկցիոնիզմը ստիպում ա, որ ամեն կերպ փորձես էդպիսին չլինել, ինչը և ես անում եմ ամբողջ կյանքում: Պարզապես իմ էդ թափթփվածությունն ու անկազմակերպությունն էնքան խորքային հատկանիշներ են, իմ կարծիքով (կոնկրետ իմ դեպքում), որ ես դրաբք կարող եմ լավագույն դեպքում վերահսկել պերֆեկցիոնիզմի միջոցով, բայց դա հետևողականորեն պահպանել չի հաջողվում, քանի որ իմ բնույթի համար էդպիսին չլինելը արհեստական, պարտադրված վիճակ ա (ինչը, սակայն, չի նշանակում, թե ինձ դուր ա գալիս թափթփված ու անկազմակերպ լինելը): Օրինակ, դժվար թե ինձ վիրտուալից ճանաչող որևէ մեկի մտքով անցնի, որ ես անկազմակերպ ու թափթփված եմ, չէ՞: Որովհետև պերֆեկցիոնիզմն ինձ «ստիպում ա» ձգտել հնարավորինս կազմակերպված լինելուն, իսկ վիրտուալում շատ ավելի հեշտ ա լինել էն, ինչին ձգտում ես: Էստեղ կարևոր ա հասկանալ, որ դա ոչ մի դեպքում ձևացնել չի նշանակում, պարզապես ոնց որ կյանքում են շատերը ձգտում հնարավորինս կատարելագործվել, իրենց թերությունները վերացնել, իրենց բոլոր առումներով ավելի լավ դրսևորել, նենց էլ վիրտուալում, ուղղակի, ինչպես արդեն ասեցի, վիրտուալում դա շատ ավելի հեշտ ա ստացվում, քան իրականում, դե, համենայնդեպս, ինձ համար տենց ա, չգիտեմ :):
Հուսով եմ` կարողացա ճիշտ բացատրել: Եթե հարցեր մնացին, գրեք, քննարկենք :)):

Ի դեպ, ահագին ժամանակ ա` մտածում եմ պերֆեկցիոնիզմի մասին թեմա բացել Ակումբում, բայց չգիտեմ` ինչքանով կհետաքրքրի ակումբցիներին:

Գաղթական
08.06.2020, 14:09
ՈՒլուանայի առավելությունների ցուցակից ես էլ «բողոք» ունեմ:
Ամեն մանրուքից հրաշալի մի արվեստի նմուշ ստեղծելու մեծ տաղանդ ունենալն ու յուրահատուկ ճաշակը չի նշել..

Ծլնգ
08.06.2020, 20:08
Թերություններ.
1. ռասիստ եմ
2. սեքսիստ եմ
3. նացիոնալիստ եմ
4. հոմոֆոբ եմ
5....
6....
7....
8....
9....
10....

Առավելություններ.
1. գիտեմ որ ռասիստ եմ
2. գիտեմ որ սեքսիստ եմ
3. գիտեմ որ նացիոնալիստ եմ
4. գիտեմ որ հոմոֆոբ եմ
5....
6....
7....
8....
9....
10....
11. աշխատում եմ իմ վրա

ivy
08.06.2020, 21:36
Թերություններ.
1. ռաստիստ եմ

Առավելություններ.
1. գիտեմ որ ռաստիստ եմ

Իսկ «ռաստիստ»ը ո՞րն ա, նա, ով հա ռաստվո՞ւմ ա:

Ծլնգ
09.06.2020, 00:17
Իսկ «ռաստիստ»ը ո՞րն ա, նա, ով հա ռաստվո՞ւմ ա:

Թերություններ.
...
10. անգրագետ եմ

Առավելություններ.
...
10. չիմանամ էլ, ակումբը չի հապաղի դրա մասին հիշեցնել. առավելությունը այստեղ երևի ակումբն է՝ իմ կյանքում
11. աշխատում եմ իմ վրա

Հ.Գ.
Ուլուանա, թե հավես կունենաս, խնդրում եմ նախորդ գրառմանս մեջ ավելորդ «տ»-երը հանես։ Շնորհակալ եմ։

Adam
09.06.2020, 00:46
Առավելություններս

1. Մեծահոգի եմ ու առատաձեռն (չնայած՝ համոզված չեմ՝ էսօրվա աշխարհում սա առավելություն ա՞, թե՞ թերություն:
2. Պրպտող եմ ու արագ կողմնորոշվող:
3. Անտարբեր չեմ մարդկանց հանդեպ:
4. Համառ եմ: Մի բանից որ պիտի կառչել՝ կառչում եմ՝ չնայած, որ ճակատով պատին խփելուց երբեմն ճակատս անիմաստ արյունոտվում ա, պատն էլ չի քանդվում:
5. Միջինից բարձր հումոր ունեմ:
6. Լռելու ու Լսելու ունակություն ունեմ (սկսել ա քիչ հանդիպել էս երևույթը մարդկանց մոտ):
7. Հայերենը չեմ մոռացել թե՜ խոսքում, թե՜ գրավոր ու խոսում-գրում եմ ինչպես 10 տարի առաջ:
8. Անկեղծ եմ ու ներողություն խնդրել գիտեմ եթե պետք ա:
9. Ingmar Bergman-ի ֆիլմերը նոր-նոր սկսել եմ հասկանալ:
10. Մարդկանց կարոդանում եմ ծիծաղ ու ժպիտ պարգևել:

Թերություններս

1. Իմպուլսիվ եմ ու կարամ խոսքերով ու արարքներով ուժեղ ցավ պատճառեմ էն մարդուն ու մարդկանց, որոնք պահի ջղայնությանս ու իմպուլսիվությանս պատճառն են եղել: Ու հետո կզղջամ դրա համար, թեև արդեն ուշ կլինի:
2. Չափից շատ շուտ ոգևորվող եմ: Հաճախ գործում եմ հետո նոր մտածում:
3. Դավադրական տեսությունների հավատացող եմ:
4. Ջրիկ եմ երբեմն նենց սիտուացիաներում, որտեղ պետք չի:
5. Երբեմն ինձ ռասիստության մեջ եմ բռնում:
6. Գեյ լինելով հանդերձ երբեմն ինձ հոմոֆոբության մեջ եմ բռնացնում:
7. Հուսահատվող եմ ու տագնապող:
8. Երբեմն ազգիցս ու էթնիկ պատկանելիությունիցս ամաչում եմ:
9. Ահավոր ու խայտառակ ձևի ծախսող եմ ու չխնայող:
10. Ապրանք առնել ու գին գցել չգիտեմ: Հավես չունեմ: Ինչ գին ասվում ա՝ եթե ապրանքի կարիքն ունեմ էդ գինն էլ տալիս առնում եմ: Առևտրի մեջ ինձ շատ հեշտ ա խաբելը:

Apsara
10.09.2020, 15:37
մի տարի ուշացած պատասխան Սմոկիին՝ հեսա գտնեմ կարդամ :D