Դիտել ողջ տարբերակը : Դավիթ Ավետիսյան-Կյանքի Երեկոյան Սրճարանում
«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ Դավիթ Ավետիսյանը ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:
Լույս է տեսել Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուն, որի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները:
Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:
ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՇԻԼԱՆ
«Ավելի հաճախ խեղդվում են լավագույն լողորդները»:
Թոմաս Ֆուլլեր
Հրանտը 60-ն անց տղամարդ էր՝ մշտախոհ, լուրջ մարդու տեսքով: Նա խոշոր ընկերության գլխավոր հաշվապահն էր: Հրանտն այնքան լավ էր տիրապետում իր մասնագիտությանը, որ ստուգողները նրա մոտ մանր թերություններ անգամ չէին կարողանում հայտնաբերել: Նրա բնավորության մեջ տարօրինակություններ կային, որոնց պատճառով շատերը նրան չէին ընդունում, սակայն նրա մասնագիտական կարողությունները բոլորն էլ գնահատում էին, նրա հետ հաշվի նստում: Կատակով, թե լուրջ նրան «Զգուշասեր Հրանտ» անունն էին տվել: Պատճառն այն էր, որ մարդկանց կենցաղի վերաբերյալ նա իր ուրույն փիլիսոփայությունն ուներ:
Նա միշտ մտածում էր, որ մարդը շրջապատված է կյանքը վտանգող մանրէներով և ամեն ինչ պետք է անի, որ դրանցից հեռու մնա: Ձվի մեջ մազ փնտրողներից էր: Խուսափում էր ձեռքով բարևելուց: Հաճախ էր օրինակ բերում ճապոնացիներին` ասելով, որ նրանք ճիշտ են անում, որ ձեռքով չեն բարևում: Ձեռքով բարևելը համարում էր հակահիգիենիկ, բարեկրթության պակաս:
Իսկ թե ստիպված էր լինում ինչ-որ մեկին ձեռքով բարևել, ապա անմիջապես ձեռքերը լվանում էր: Օրվա մեջ երեք անգամ լողանում էր` առավոտյան,
կեսօրին և երեկոյան: Կնոջից պահանջում էր նույնը անել: Տան ամանները և կահկարասին լվանալու կամ ախտահանելու համար գումար չէր խնայում: Նրա համար հատկապես լուրջ խնդիր էր վարսավիրի կամ ատամնաբույժի մոտ գնալը:
Մազերը կտրելու սարքեր էր գնել ու վարսավիրին խնդրում էր, որ միայն իր տարած գործիքներով մազերը հարդարի: Ատամնաբույժի մոտ գնալիս
նա դարձյալ իր պարագաներն ուներ: Վարսավիրն ու ատամնաբույժը, որոնց մոտ նա գնում էր արդեն 30 տարի, նրանից չէին նեղանում: Տնեցիները
նրա կենցաղի հետ հաշտվել էին: Մի տղա ուներ ու մի աղջիկ: Աղջիկը` Վալյան, ամուսնացած էր, առանձին էր ապրում: Այ, երբ տղային` Սուրենին,
պետք է ամուսնացներ, Հրանտը ապագա հարսի վերաբերյալ մի ամբողջ հետաքննություն անցկացրեց:
Մի քանի անգամ նրանց տուն գնաց, աման- չամանին, տան մաքրությանը նայեց, ի վերջո, հավանություն տվեց, որ Սուրենն ու Ալիսան ամուսնանան:
Ալիսան արագ ընտելացավ Հրանտի սահմանած կարգուկանոնին: Նա էությամբ մաքրասեր աղջիկ էր:
Հրանտը սնվում էր միայն տանը, այն էլ կնոջ` Վարդուհու պատրաստած ուտեստներով: Նրա աշխատանքի վայրը թեև տնից բավականին հեռու էր, սակայն ոտքով էր տուն գալիս, ճաշում էր, լողանում, մի փոքր հանգստանում ու գործի գնում:
Աշխատավայրում միայն սուրճ էր խմում: Սուրճն ինքն էր պատրաստում, սուրճի պարագաներն էլ ինքն էր լվանում, անպայման քիմիական լուծույթներով ու դնում բանալիով փակվող պահարանում: Նրա ենթակայության տակ 5-6 երիտասարդ կանայք ու աղջիկներ էին աշխատում: Նրանցից որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի նրան ինչ-որ բան հյուրասիրել կամ ձեռքով բարևել: Ու այդ ամենը նրանց համար սովորական երևույթ էր:
Մայիս ամսվա սկիզբն էր: Հրանտը հարբուխով էր հիվանդացել: Տենդագին փնտրում էր, թե ով է իրեն վարակել: Կասկածյալների շարքում Մարգարիտն էր՝ նրա հաշվապահներից ամենատարիքովը, ով նախորդ շաբաթ մի քանի անգամ նրա աշխատասենյակ էր եկել, ու Հրանտը նկատել էր, որ նրա քիթը մի փոքր կարմրած է: Դիտողություն արեց, սակայն Մարգարիտն ասաց, որ դրսից է գալիս, ցուրտ էր: Նրա աշխատակիցները գիտեին, որ եթե հիվանդ են, ուրեմն Հրանտի աշխատասենյակ մտնելն արգելված է:
Կեսօրին կինը հնդկաձավարով շիլա մատուցեց: Հրանտը նայեց պատառաքաղին, մաքուր էր: Ափսեն, որով մատուցվեց շիլան, մաքրությունից փայլում էր: Սկսեց ուտել: Հրանտին թվաց, թե շիլան դառնահամ է ու թթու: Պատառաքաղը դրեց ու կնոջը հարցրեց, թե շիլան ինչո՞ւ է թթու:
Կինը ժպտաց.
- Հնդկաձավարի շիլան ինչպե՞ս կարող է թթու լինել, հիվանդ ես, բերանիդ համը կորցրել ես:
Հրանտը մտքում համաձայնեց կնոջ հետ, որ, իրոք, հնդկաձավարի շիլան ինչպես կարող է թթու կամ դառը լինել, հավանաբար այդ անիծյալ հարբուխն
է պատճառը, ու մտքում մի քանի «քաղցր խոսք» ասաց Մարգարիտի հասցեին: Դժկամությամբ, բայց շարունակեց ուտել:
Հրանտը նոր էր մտել աշխատասենյակ ու փորձում էր միացնել համակարգիչը, երբ զգաց, որ ստամոքսը ցավում է, սիրտը տակնուվրա է լինում:
Քրտինքը պատել է մարմինը: Այդ պահին ներս մտավ Մարգարիտը, ինչ-որ թղթեր դրեց սեղանին, ուզում էր հեռանալ, սակայն, նայելով Հրանտի դեմքին, համարձակություն ունեցավ հարցնել. «Վա՞տ եք զգում, ուզո՞ւմ եք շտապ օգնություն
կանչեմ»:
Հրանտը թշնամաբար նայեց նրա կողմը ու հազիվ արտաբերեց. «Կանչի՛ր»: Հրանտը մտածում էր, որ այդ բոլորը հարբուխի հետևանք է, իսկ մեղավորն էլ Մարգարիտն է: Երբ շտապ օգնությունը եկավ, Հրանտը գետնին թավալվում էր:
Նրան հիվանդանոց տարան, որտեղ ախտորոշեցին նրա հիվանդությունը՝ սուր թունավորում:
Բժիշկը Հրանտին հարցնում էր, թե ինչից է թունավորվել:
Հրանտը պատասխանում էր, որ թունավորում չկա, դա անհեթեթություն է, ինքը հարբուխով է հիվանդ: Բժիշկն էլ, թե չէ` թունավորվել ես: Հարցրեց` ինչ է կերել, Հրանտը պատասխանեց.
- Կեսօրին հնդկաձավարի շիլա եմ կերել:
Բժիշկը, որ երիտասարդ տղա էր, ժպտաց.
- Ո՞վ է լսել, որ հնդկաձավարի շիլայից թունավորվեն,
ուրիշ ի՞նչ ես կերել:
Հրանտը որքան մտաբերեց, հնդկաձավարից բացի ուրիշ ոչինչ չէր կերել:
Եկավ կինը, հետո` տղան: Կինն էլ հաստատեց, որ կեսօրին միայն հնդկաձավարի շիլա է կերել: Հանկարծ մտաբերեց, որ ամուսինը ասում էր, թե շիլան դառն է ու թթվահամ: Հետո ինքն իրեն հանգստացրեց՝ ասելով, թե ո՞վ է տեսել, որ հնդկաձավարից թունավորվեն: Իսկ բժիշկը համառորեն ուզում էր իմանալ, թե Հրանտը ինչի՞ց է թունավորվել, որ կարողանար բուժումը ճիշտ կազմակերպել: Բոլորին էլ հայտնի էր, որ Հրանտը տնից բացի ուրիշ տեղ չէր սնվում: Հետո լսելով հնդկաձավարի շիլայի պատմությունը, Ալիսան հանկարծ սկեսուրից հարցրեց, թե շիլայի վրա ի՞նչ ջուր է լցրել: Վարդուհին զարմացավ՝ ասելով, թե միշտ էլ շիլայի վրա եռացրած ջուր է լցնում թեյնիկից: Հարսը լռեց: Ալիսան հիշեց, որ ինքը թեյնիկի մեջ Հրանտի պահանջով մաքրող հեղուկ էր լցրել: Հրանտը նկատել էր, որ թեյնիկի պատերը կրակալել են: Հարսին հանդիմանել էր ու պահանջել թեյնիկի պատերը հատուկ հեղուկով լվանալ: Ալիսան մաքրող հեղուկը լցրել էր թեյնիկի մեջ, սպասել, որ այն կրակալած պատերը քայքայի, նոր լվանա՝ մոռանալով սկեսուրին այդ մասին զգուշացնել: Հավանաբար սկեսուրը ջրի փոխարեն այդ հեղուկն է լցրել հնդկաձավարի շիլայի վրա: Նա տուն գնաց, Հրանտի բերած հեղուկից մի փոքր լցրեց մատի վրա, կպցրեց լեզվին, այն իրոք դառն էր ու թթու համ ուներ: Ամեն ինչ պարզ էր: Ալիսան ընկավ մտքերի մեջ՝ այդ մասին ասի՞, թե՞ լռի: Նա ամբողջ գիշեր չքնեց: Սակայն իրեն չկա րողացավ զսպել ու առավոտյան այդ ամենը պատմեց
ամուսնուն: Սուրենը, առանց ժամանակ կորցնելու, հասավ հիվանդանոց, գտավ բժշկին, ներկայացրեց չարաբաստիկ հեղուկը ու պատմեց եղելությունը:
Վարդուհին, որ կանգնած էր ամուսնու մահճակալի մոտ ու արդեն գիտեր կատարվածի մասին, խորհրդավոր հայացքով նայում էր Հրանտին
ու ինքն իրեն մտմտում. «Է՜, Հրանտ, քո գցած ուռկանների
մեջ ես հայտնվել: Դու այդպես էլ չհասկացար, որ ինչքան էլ զգույշ ու խելացի լինես,
ճակատագրից չես խուսափի: Քո Գարեգին պապը հողի ու քարի հետ էր կռիվ տալիս, անասունների թրիքն էր մաքրում, հետո ձեռքերով այդ թրիքից
ձմռան համար աթար էր պատրաստում, ամբողջ օրը դրսում էր՝ ձյան, անձրևի ու քամու տակ, շաբաթը մեկ էլ չէր լողանում, հետն էլ համարյա 100
տարի ապրեց: Դու չես կարողանում հասկանալ, որ մեռնել-ապրելը Աստծո գործն է: Այստեղ ոչ բժիշկն անելիք ունի, ոչ էլ քո զգուշասիրությունը»:
Իսկ Հրանտը մահվան մահճում պառկած բուժքրոջը նախատում էր. «Ի՞նչ եք առանց ձեռնոցների ներարկում կատարում»:
Այդ պահին ներս մտավ բուժող բժիշկը: Հրանտը բուժքրոջ հետ կապված իր դժգոհությունը հաղորդեց նրան: Բժիշկը մի փոքր լռեց, հետո հանդարտ
տոնով ասաց. «Զգուշությունը դեղի նման մի բան է, եթե դեղաչափը բարձր է՝ մարդուն վ նասում է, իսկ թե քիչ է՝ չի օգնում: Այնպես որ, դեղի ուժը
դեղաչափի մեջ է»:
ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Օտարության գնալը նույնն է, թե խարխուլ մակույկով քեզ հանձնես ծովին ու չգիտես, թե քո նավակը՝ մաշված ու հին, կդիմանա՞ ծովի փոթորիկներին, և դու կհասնե՞ս ափ: Ու թե բախտդ բերի ու հասնես ցամաքին, քեզ կդիմավորեն ավազն ու փոշի՞ն, թե՞ կանաչն ու բերրին:
Գերմանիայի Թյուրինբերգ քաղաքում էի: Փոքր ու հին քաղաք է այն՝ չորս կողմից շրջապատված անտառապատ լեռներով: Քաղաքի միջով ջրառատ գետ է հոսում: Մարդիկ գետը բաժանել են երկու մասի ու արանքում ստեղծել մի հրաշալի այգի, որը քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների ամենասիրած վայրն է: Գետի երկայնքով ու սարերի լանջերին գերմանական ճարտարապետությանը բնորոշ ոճով կառուցվել են շենքեր` մեկը մյուսին նման, մեկը մյուսից ինքնատիպ ու գեղեցիկ: Քաղաքի գույնը սպիտակն է, բոլոր շենքերն ու շինությունները սպիտակ են: Քաղաքն իր ճերմակությամբ կարծես փորձում է մրցել շրջապատող լեռների գագաթներին մշտապես կուտակված սպիտակ քուլաների հետ: Գետի մեջ լողացող ճերմակ կարապներն իրենց լողի նազանքով, երբեմն էլ գետի երկայնքով կատարած թռիչքի զորությամբ կարծես լրացնում են քաղաքի բնապատկերը: Քաղաքի վրա մշուշը հաճախակի է իջնում, հետո բարձրանում է մոտակա լեռները:
Այդ պահերին հեռվից նայողին թվում է, թե քաղաքի փոխարեն ծփացող ծով է: Մառախուղը չի նստում միայն լեռնագագաթներին` դրանք վերածելով փոքրիկ կղզյակների: Քաղաքի գլխավոր դեմքը լեռան լանջին տեղավորված հիվանդանոց-համալսարանն է` իր բազում մասնաշենքերով ու կառույցներով, որոնք միաձուլվում են շրջակա երկրակառույցին:
Համալսարանը ճանաչում ունի ամբողջ Եվրոպայում:
Ես բուժվում էի այդ հիվանդանոցում և հիվանդասենյակի իմ պատուհանից վայելում քաղաքի ու նրա բնաշխարհի գեղեցկությունը: Հաճախ էր մտքովս անցնում, թե աշխարհի այս գողտրիկ անկյունում հայեր ապրո՞ւմ են: Հերթական անգամ այս մտորումների մեջ էի, երբ ինձ զանգահարեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող իմ ազգականը` Հարութը, ու տեղեկացրեց, որ վաղն ինձ այցի է գալու: Ես նրան ասացի, որ հեռու է, չարժե այդքան ճանապարհ կտրել: Հարութը հավատացրեց, թե առաջին անգամ չէ, որ այդ քաղաքն է գալիս, ընկերն այդ կողմերում է ապրում, հաճախ են հանդիպում: Կարծես իմ հարցը պատասխան ստացավ: Ուրեմն այստեղ էլ են հայեր ապրում: Իսկ նրանք որտե՞ղ չեն ապրում: Չէ՞ որ հայերի համար արևը մայր չի մտնում: Քանի որ նրանք ապրում են մոլորակի գրեթե բոլոր հատվածներում:
Հիշում եմ՝ 80-ական թվականներին, երբ Խորհրդային
Միության Երիտասարդական պատվիրակության կազմում Ճապոնիայում էի, էլի հայ էի փնտրում ու գտա: Երբ մենք այցելեցինք Կիոտո քաղաքի համալսարաններից մեկը, ես կեսկատակ, կեսլուրջ հարցրի, թե այստեղ հայեր չե՞ն սովորում: Դրական պատասխանեցին, քիչ հետո ինձ ներկայացրին մի հայ աղջկա` Լուսինեին: Նա Ամերիկայից էր, Բոստոն քաղաքից: Ինձ ասացին, որ նա ճանաչվել է տարվա լավագույն ուսանող: Ես այդ պահին հպարտության ի՛նչ զգացում ապրեցի: Լուսինեի մասին արժե առանձին պատմել: Չէ՞ որ դրսում ապրող ամեն մի հայ մի կենդանի պատմություն է:
Հարութը ներկայացրեց իր ընկերոջը` Սարոյին, ասաց, որ նա բնակվում է Թյուրինբերգ քաղաքից 30 կմ հեռավորության վրա, ինչ-որ գյուղում, հետո էլ կատակով ավելացրեց, թե այստեղ բոլոր գյուղերին էլ քաղաք են անվանում:
Արտաքինից Սարոն քառասունին մոտ տղամարդ էր, թեև հետո պարզվեց, որ նա հիսունն անց է, կարմրաթուշ, թարմ դեմքով, կարճ մազերով: Կլոր ու խորամանկորեն ժպտացող աչքերը նրան գործարար մարդու տեսք էին հաղորդում: Առաջին իսկ պահից մենք սկսեցինք մտերմիկ զրույց վարել: Ինձ թվաց, թե նա ուրախ է, որ հանդիպել է իր հայրենակիցներից մեկին ու նրանից ուզում է հայրենիքի կարոտն առնել: Սարոն ամեն երեկո ինձ այցի էր գալիս: Մենք զրուցում էինք տարբեր թեմաներից, որոնց ընթացքում ես խնդրեցի, որ նա պատմի, թե ինչպես է հայտնվել այս կողմերում:
Նրա հայրը` Փայլակը, Երևանում ճանաչված ատամնաբույժ էր: Տարիների ընթացքում կարողացել էր բավականին գումար վաստակել: Երևա20
նի Ջրվեժ թաղամասում ռեստորան էր գնել: Երեք եղբայրներով աշխատացրել են այն և դրանով իրենց ընտանիքը պահել: Սակայն 90-ական
թվականների կեսերին թաղային հայրենասերներ են հայտնվել ու պահանջել ռեստորանն իրենց հանձնել` ասելով, թե իրենք Ղարաբաղի համար
«արյուն են թափել»:
Սարոն նշում էր, որ նրանք իհարկե Ղարաբաղի երեսն էլ չէին տեսել:
Այդպիսիք այդ տարիներին մարդկանց ունեզրկելով
էին միայն զբաղվել: Նման մարդկանց համար հայրենիքը նյութական ունեցվածքն է, հայրենասիրությունը` շիրմա: Սարոն հիշեց Բիսմարկի խոսքերը. «Հայրենասիրությունը սրիկայի վերջին ապաստանն է»:
Սարոն ասում էր, որ իրենք հոգնել էին նրանց հետ ունեցած բախումներից, որը կարող էր ի վերջո վատ ավարտ ունենալ: Հայրը որոշել է ռեստորանը վաճառել ու գումարը բաժանել որդիների միջև:
Այդ ժամանակ Սարոն քսանվեց տարեկան էր, սովորում էր Պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարագիտության ֆակուլտետի վերջին կուրսում:
Նոր էր ամուսնացել: Ծնվել էր նրանց առաջնեկը` Ռուբենը: Կինը` Վիոլետան, արդեն ավարտում էր համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը:
Հրաշալի խոսում էր գերմաներեն: Սարոն փորձել է իրեն բաժին հասած գումարով գործ ձեռնարկել, բայց չէր ստացվել: Էլի էդ թաղային հեղինակությունները, էլի բախումներ: Մեծ եղբայրը` Հովհաննեսը, մեկնել էր Ամերիկա:
Ինքն էլ, տեղի տալով կնոջ հորդորներին, վերցրել էր կնոջն ու երեխաներին ու տեղափոխվել Լեհաստանի Կրակով քաղաք, որտեղ մեկ-երկու տարի առաջ բնակություն էր հաստատել կնոջ եղբայրը` Կոլյան: Այդ ժամանակ Վիոլետան հղի էր: Տեղ հասնելուց երկու ամիս անց ծնվել է նրանց երկրորդ երեխան` Իվետան:
- Իսկ Լեհաստանն ի՞նչ վիճակում էր, այնտեղ հնարավո՞ր էր աշխատանք գտնել, - հարցրի ես:
- Չէ, այնտեղ էլ գրեթե նույն վիճակն էր, խորհրդային կարգերը փլուզվել էին, պետական սեփականությունը մասնավորեցնում էին, հողերը տրվում էին նախկին հողատերերին կամ նրանց ժառանգներին: Սակայն համատարած գործազրկություն էր: Հետս մի փոքր գումար էի տարել, տուն վարձեցի: Տանտիրուհին` պանի Լորին, հիսունն անց կին էր, այրի, մի քանի բնակարան ուներ, բոլորն էլ վարձով էր տվել, ինքն էլ ապրում էր ընկերուհու հետ: Սկսեցի շուկայում առևտուր անել: Կնոջս եղբայրը ինձ ծանոթացրեց հայաստանցի մի տղայի հետ, նրա անունը Ամար էր, ազգությամբ՝ եզդի: Նա շուկայում սպիրտ էր վաճառում: Նրանից պարտքով սպիրտ էի վերցնում, ես ու Կոլյան դրանք ջրով բացում էինք, լցնում շշերի մեջ, օղի սարքում ու վաճառում: Կարծես թե ինչ-որ եկամուտ մնում էր, հնարավոր էր ապրել:
Ոստիկանությունը մի քանի անգամ բռնեց, բնակվելու թույլտվություն չունեի ու դա շատ դժվար էր ստանալ: Միակ ելքը ինչ-որ մեկի հետ կեղծ ամուսնություն ձևակերպելն էր: Բայց ո՞վ կհամաձայներ ինձ հետ ամուսնանալ: Եվ հետո էլ՝ ես ամուսնացած էի, երկու երեխաների հայր: Մի անգամ, երբ տանն այդ մասին խոսում էինք, Կոլյան գաղափար տվեց, թե ձեր բնակարանի
տերը` պանի Լորենը, այրի է, կարելի է նրան համոզել ու հետը կեղծ ամուսնություն ձևակերպել:
Կոլյան էլ էր ինչ-որ մեկի հետ կեղծ ամուսնություն ձևակերպել ու բնակվելու թույլտվություն ստացել:
Ես ծիծաղեցի` ասելով, թե նա հիսունն անց կին
է, իսկ ես ընդամենը 26 տարեկան եմ: Կոլյան ժպտաց` ասելով, թե այստեղ դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Թե ուզում ես, պանի Լորենի հետ խոսեմ: Կինս դրան հավանություն տվեց:
Չնայած մտքումս մտածում էի, թե կինս կառարկի:
Մի քանի օր հետո, երբ հավաքվել էինք ճաշելու,
Կոլյան հաղթական տոնով հայտնեց, որ պանի Լորենը համաձայն է, միայն դրա դիմաց 500 դոլար
է պահանջում:
- Բայց չէ՞ որ դու ամուսնացած էիր, ինչպե՞ս
կարող էիր նորից ամուսնանալ, - հարցրի նրան:
Սարոն ժպտաց ու շարունակեց.
- Երբ պանի Լորենի համաձայնությունը ստացա, կնոջս վերցրի ու գնացի Երևան, դիմեցինք
դատարան ամուսնալուծության խնդրանքով, դատավորը շատ զարմացավ` ասելով, թե երկու երեխա
ունեք, ինչո՞ւ եք բաժանվում:
- Իսկ դուք ի՞նչ ասացիք:
- Դե մենք էլ իմ անհավատարմության վերաբերյալ
մի պատմություն հնարեցինք: Մի խոսքով, դատարանը մեզ բաժանեց, ու մենք վերադարձանք Կրակով:
Ես ծիծաղս չկարողացա զսպել:
- Եվ դու ամուսնացար պանի Լորենի հետ:
- Այո, ես ներկայացրի ամունալուծության վկա23
յականը և օրենքով ամուսնացա պանի Լորենի հետ, որից հետո ինձ երկրում բնակվելու թույլտվություն տվեցին:
- Իսկ Վիոլետայի վիճակն ի՞նչ եղավ:
- Իրոք, նրա համար փաստաթղթեր չկարողացանք ստեղծել, ու նա ստիպված երեխաների հետ վերադարձավ Երևան: Ես ու Կոլյան շուկայում շարունակում էինք աշխատել, եղավ մի պահ, որ Ամարը միայն մեզ էր սպիրտ տալիս, մեր շահույթը սկսեց աճել: Ես Վիոլետային ու երեխաներին կարգին գումար էի ուղարկում, նրանք գոհ էին:
- Հետո ի՞նչ եղավ, ինչպե՞ս հայտնվեցիր Գերմանիայում:
Սարոն լռեց, խոստացավ հաջորդ հանդիպմանը պատմել, մանավանդ, աշխատավայրից նրան անընդհատ զանգում էին ու զանգում:
Շարունակելի
Հաջորդ օրը, երբ Սարոն եկավ ու իր բերած նարինջները տեղավորեց սառնարանում, ես խնդրեցի, որ նա իր պատմությունը շարունակի:
- Շուկայում առևտուրը լավ էր գնում, ինչպես արդեն երեկ քեզ ասացի, սակայն մենք հայտնվեցինք ոստիկանության ուշադրության կենտրոնում, չէ՞ որ կեղծ օղի էինք պատրաստում: Ոստիկանությունը մեր գործը հանձնեց հարկային մարմիններին: Մեզ տուգանեցին ու այնքան շատ, որ մեր ամբողջ խնայողությունը հազիվ բավեց այն վճարելու համար: Հակառակ դեպքում մեզ բանտ կնստեցնեին: Ես արդեն բնակարանավարձը վճարելու հնարավորություն չունեի: Որոշեցի գնալ Գերմանիա և որպես փախստական հանձնվել երկրի իշխանություններին: Լսել էի, որ այդ երկիրը փախստականներին ընդունում է, գոնե կացարան է հատկացնում, հետո հնարավոր է աշխատանք ճարել: Այդ վիճակով Երևան չէի ուզում վերադառնալ:
Կոլյային էլ առաջարկեցի ինձ միանալ, սակայն նա չհամաձայնեց ու մեկնեց Պրահա:
- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր հենց այս վայրերում:
- Կոլյայի հետ գնացի Չեխիա, լսել էի, որ այնտեղից
հնարավոր է անտառներով անլեգալ մուտք
գործել Գերմանիա:
Պրահայում ես ծանոթացա այդ նպատակով այնտեղ եկած մի խումբ հայերի հետ: Մենք մեքենայով մոտեցանք Գերմանիայի սահմանին, ուղեկցողն ասաց, որ այդտեղից պետք է ոտքով գնանք:
Այն ժամանակ Չեխիան Եվրամիության կազմում չէր, սահմանային հսկողություն կար:
Մենք երկու օր անտառով գնում էինք, վերջապես ուղեկցողը հայտնեց, որ Գերմանիայում ենք:
Խորհուրդ տվեց մոտենալ ճանապարհին գտնվող բենզալիցքավորման կայանին և ասել, որ փախստականներ ենք, ցանկանում ենք հանձնվել իշխանություններին:
Մեզնից ոչ ոք գերմաներեն չգիտեր:
Կայանի աշխատակիցը չէր հասկանում, թե ինչ ենք ուզում:
Մեր խումբը բաղկացած էր վեց հոգուց, երկուսը` 4-5 տարեկան երեխաներ էին:
Ճանապարհին անձրևում էր, երեխաները մրսել էին ու ջերմում էին: Ես աշխատակցի ձեռքը դրեցի երեխայի ճակատին, նա հասկացավ, որ երեխան ջերմում է և զանգեց շտապօգնություն: Բժշկական օգնությունը շուտով եկավ, երեխաներին մոր հետ տարան հիվանդանոց: Մենք մնացինք կանգնած: Հերթական մեքենայից իջած ուղևորներից լսեցի ռուսերեն խոսակցություն: Պարզվեց, որ նրանք գերմաներենին տիրապետում են, նրանց օգնությամբ մենք բացատրեցինք, որ փախստականներ ենք և ապաստան ենք խնդրում: Քիչ հետո եկան ոստիկանները, մեզ տարան ոստիկանություն, հարցաքննեցին, 5-6 ժամ պահելուց հետո ուղարկեցին փախստականների ճամբար: Ինձ ուղարկեցին Շտուտգարդ քաղաքից քիչ հեռու գտնվող ճամբարը: Այնտեղ կերակրեցին, հագուստ տվեցին: Երկու օր էր ոչինչ չէի կերել: Մեզ ասել էին, թե երկու ժամից կհասնենք Գերմանիա, բայց բանից պարզվեց, որ դրա համար երկու օր էր պահանջվում, այն էլ՝ անտառներով: Մի քանի անգամ հարկ եղավ ոտքով անցնել գետերի միջով: Երեխաներից մեկին ես էի գրկել, մի անգամ ոտքս սահեց, ընկա ջրի մեջ, երեխան էլ ինձ հետ: Լավ էր, որ մնացածներն իրենց շորերից ինձ ու վեցամյա Հասմիկին բաժին հանեցին: Կրակ չէինք կարող վառել, ասացին` կհայտնաբերեն ու հետ կվերադարձնեն:
Սարոյի պատմությունը սրտիս վրա այնքան ծանրացավ, որ ես էլ չէի ցանկանում, որ նա շարունակի: Նրան սկսեցին աշխատավայրից զանգել: Սարոն ներողություն խնդրեց, խոստացավ վաղը շարունակել` ինձ առողջություն մաղթելով հեռացավ:
Ես ամբողջ գիշեր նրա պատմածի տպավորության տակ էի: Ինչո՞ւ է հայը մյուսներից ավելի հաճախ բռնում օտարության ճամփան: Ճակատագի՞ր
է, թե՞ մենք ենք մեղավոր: Ամեն ինչ չի կարելի ճակատագրի վրա գցել: Հավանաբար բոլորս ենք մեղավոր՝ և՛ գնացողները, և՛ մնացողները: Թե՞
օտարության գնալը մեր ներքին բնույթն է, ու մենք դրանից չենք կարողանում ձերբազատվել: Մի՞թե ճիշտն այն չէր, որ Սարոն մնար մեր երկրում ու իր
իրավունքների համար պայքարեր: Չէ՞ որ երկիրն ու ժողովուրդն այդպես են կայանում, այդպես են պահպանվում: Օրինակ` ռուսը, գերմանացին կամ
ֆրանսիացին այդպես էլ կաներ: Բայց մենք չէ. հավաքում ենք մեր իրերը ու հեռանում: Իհարկե, Սարոն էլ իր մոտեցումն ուներ. «Եթե երկիրը չունի
քո կարիքը, ուրեմն պիտի ման գաս ու աշխարհի վրա գտնես այն տեղը, որն ունի քո կարիքը: Դա հայրենիքը սիրելու կամ չսիրելու հետ կապ չունի,
հայրենիքի հետ կապը հոգևոր է, այն չես կտրի:
Ընդ որում, տարիքի հետ այն ավելի է ուժգնանում:
Հեռվից հայրենիքն ավելի քաղցր է, ավելի սիրուն»:
Հաջորդ օրը երեկոյան Սարոն նորից եկավ, հետաքրքրվեց իմ առողջությամբ, կատակներ արեց,բայց, միևնույն է, ես սպասում էի, որ նա իր
պատմությունը շարունակի:
- Սարո՛, իսկ Գերմանիայում ինչպե՞ս դասավորվեց
քո կյանքը, - հարցրի ես:
- Ճամբարում ինձ կերակրում էին, բայց աշխատանքի
թույլտվություն չկար, ես գերմաներենին
բացարձակապես չէի տիրապետում:
Ճամբարի կողքին մի գյուղ կար, որտեղ հաճախ էի շրջում:
Նկատեցի, որ տներից մեկում տաքսի ծառայություն
է աշխատում, մոտեցա տիրոջը, նա Ռուսաստանից
եկած գերմանացի էր, ասացի՝ կարո՞ղ եմ ավտոմեքենաներ նորոգել, թեկուզ անվճար: Նա համաձայնեց: Ես սկսեցի մեքենաներ նորոգել: Դեռևս երեխա տարիքից մեքենաների նկատմամբ սեր եմ ունեցել: Լեհաստանում էլ էի դրանով մի փոքր զբաղվել: Ծառայության տեր պարոն Հանսը հավանեց իմ աշխատանքը: Ժամանակի ընթացքում ես նրա օգնությամբ աշխատանքի թույլտվություն ստացա ու սկսեցի նրա մոտ տաքսի վարել: Աշխատում էի գիշեր ու ցերեկ, երեք-չորս ժամ էի քնում, կնոջս ու երեխաներին գումար էի ուղարկում: Շուտով նրանց էլ կանչեցի: Նրանք որպես զբոսաշրջիկ եկան: Ես նրանց տեղավորեցի նույն ճամբարում, որտեղ ես էի մնացել: Հետո տուն վարձեցի, նրանց տեղավորեցի իմ մոտ: Ամեն օր Աստծուն փառք էի տալիս, որ ամեն ինչ ստացվեց: Աշխատանք ունեի, լավ էլ վաստակում էի, կարողանում էի ընտանիքս արժանավայել պահել: Երեխաները դպրոց էին գնում, սպորտով էին զբաղվում: Կինս, որ լեզվին տիրապետում էր, արագ աշխատանքի անցավ Կարմիր խաչի ինչ-որ կառույցում: Նա էլ վատ չէր վաստակում, նույնիսկ ինձնից ավելի շատ:
Ես խոր շունչ քաշեցի` ինքս ինձ ասելով` փառք Աստծուն, որ այսքան փորձություններից հետո այս հայ ընտանիքը օտարության մեջ գտել է իր տեղը: Մի փոքր զվարթ տոնով Սարոյին ասացի.
- Սարո՛ ջան, ուրախ եմ, որ քո մոտ ամեն ինչ ստացվել է:
Սարոն մռայլվեց ու ասաց.
- Առաջ մի՛ ընկիր, ես իմ պատմությունը դեռ չեմ ավարտել ու շարունակեց...
- Մի օր երեկոյան կինս աշխատանքից
եկավ ու խորհրդավոր տոնով ասաց, որ ինձ
հետ լուրջ խոսակցություն ունի: Ես նրա ասածը
լուրջ չհամարելով՝ կատակով ասացի՝
լսում եմ`
մտածելով,
որ խոսքը երեխայի մասին է: Նա
սովորականի նման չժպտաց, այլ ինձ հրավիրեց
կողքի սենյակ և սկսեց.
- Ես սիրահարվել եմ մեր գրասենյակի աշխատակիցներից
մեկին` Ստալին, և մենք որոշել
ենք ամուսնանալ, պայմանավորվել ենք` երեխաներն
իմ մոտ կմնան:
Ինձ թվաց, թե նա կատակ է անում, փորձեցի
ես էլ կատակել, ասացի.
- Սերը տարիք չի հարցնում, ոչ էլ ազգություն,
- նկատի ունեի, որ Ստալը 60-ն անց տղամարդ է,
իսկ կինս` 28 տարեկան:
Նա շարունակեց, թե՝ կատակներդ թող, ես
լուրջ եմ ասում, եթե չես մոռացել, մենք վաղուց
ենք ամուսնալուծվել: Ես նոր հասկացա, որ նա այդ
ամենը լուրջ էր ասում: Կարծես պտտահողմն ինձ
երկինք բարձրացրեց ու նետեց մի խոր անդունդ:
Ես դրան պատրաստ չէի: Զայրույթից շնչահեղձ
եղա: Միայն հասցրի նրան ասել.
- Մի՞թե մենք այսքան փորձությունները դրա
համար անցանք, - ու տնից դուրս եկա:
Մի քանի օր անընդմեջ խմում էի: Հետո Հանսը ինձ գտավ, իմացավ կատարվածի մասին, փորձեց սփոփել, առաջարկեց տուն վերադառնալ: Երբ ես ուշքի եկա ու վերադարձա տուն, նա արդեն գնացել էր, երեխաներին էլ հետն էր տարել: Որոշ ժամանակ անց ես ճշտեցի Վիոլետի նոր հասցեն, սկսեցի երեխաներին հանդիպել: Հանդիպեցի նաև այդ Ստալին: Կարգին մարդու տպավորություն թողեց: Առաջարկեց հաճախակի գալ, նույնիսկ իր ընկերությունն առաջարկեց: Ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչու Վիոլետան ինձ հետ այդպես վարվեց: Ստալին սիրահարվելու վերաբերյալ նրա խոսքերին ես չէի հավատում: Հետո իմ կանխագուշակումը հաստատվեց: Նա ամուսնության շնորհիվ քաղաքացիություն ձեռք բերեց ու Ստալին լքեց: Նա Ստալին օգտագործեց իր նպատակին հասնելու համար: Ես Ստալին խղճում էի: Վիոլետի համար կարևորը իր նպատակին հասնելն էր: Ինչը նրա մոտ ստացվեց: Ես, որ անցել էի կրակների միջով՝ նրան ու երեխաներին ամեն ինչով ապահովելու համար, նրան արդեն պետք չէի: Ես նաև հասկացա, որ նա ինձ երբեք չի էլ սիրել: Նա ինձ հետ ամուսնացավ, որովհետև ունևոր ընտանիքից էի:
- Իսկ հիմա ինչո՞վ ես զբաղվում, ընտանիք կազմե՞լ ես, - հարցրի ես:
- Ես շարունակում էի տաքսի վարել: Մի օր Լեհաստանից ինչ-որ նոտարի կողմից նամակ ստացա, որտեղ նշված էր, որ մահացել է պանի Լորենը: Նամակում նշվում էր, որ նրա անունով սեփական տներ կան, ամառանոց, իսկ բանկում էլ` գումար: Եվ որ ես նրա միակ ժառանգն եմ: Սկզբից մտածեցի, թե դա չար կատակ է: Սակայն որոշ ժամանակ հետո ստացա հաջորդ նամակը, որով ինձ դարձյալ հրավիրում էին Կրակով` զգուշացնելով ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու վտանգի մասին:
- Եվ ի՞նչ, դու գնացի՞ր:
- Այո՛, գնացի՛, - ասաց Սարոն, - ժառանգությունն ընդունեցի: Բնակարանները վաճառեցի, գումարը ստացա: Պարզվեց, որ պանի Լորենը ուրիշ ժառանգ
չուներ: Իսկ ես օրենքով համարվում էի նրա ամուսինը:
- Ա՜յ քեզ բան, - բացականչեցի ես, - ի՞նչ արեցիր այդքան գումարը:
- Տաքսի ծառայություն եմ հիմնել, շրջակա վեց-յոթ քաղաքների տաքսի ծառայությունների սեփականատերը ես եմ, բիզնեսս գնալով ընդարձակվել
է, զբաղվում եմ նաև բեռների փոխադրմամբ, ավտոմեքենաների
նորոգման արհեստանոցներ ունեմ:
Մի խոսքով, մեկը տասն եմ դարձրել, բիզնեսս շարունակում եմ ընդարձակել: Այս երկիրը նման հնարավորություն տալիս է, միայն պետության հետ պետք է ազնիվ լինես:
- Իսկ ընտանիք չե՞ս կազմել:
- Սկզբից երդվել էի չամուսնանալ, հետո ինձ հանդիպեց իմ նախկին գործատիրոջ աղջիկը`Լիդան:
Նա համակրելի աղջիկ էր, զուսպ, դաստիարակված, գերմանական ճշտապահությամբ: Մենք ամուսնացանք, երկու երեխա ունենք: Լավ
ընտանիք եմ կազմել, այստեղ ինձ հարգում են: Ես հետո հասկացա՝ երբ ինչ-որ բան կորցնում ես, իհարկե, վատ է, իսկ երբեմն էլ շատ վատ, սակայն ամենավատն այն է, որ դու դրա դիմաց ոչինչ չես ստանում: Փառք Աստծո, ինձ հաջողվեց նոր ընտանիք ստեղծել:
- Իսկ նախկին կինդ փորձ չարե՞ց նորից
վերադառնալ:
- Նա գիտեր, որ անհնար է: Միայն երբ իմացավ պանի Լորենի թողած ժառանգության մասին, ինձանից բաժին էր պահանջում, իսկ երբ հրաժարվեցի, բողոքեց, սակայն Լեհաստանի դատարանները նրա բողոքը չհարգեցին:
- Իսկ ի՞նչ եղավ առաջին կնոջից ունեցած երկու երեխաների ճակատագիրը:
Սարոն այստեղ լռեց, նրա աչքերը լցվեցին:
- Իմ այս պատմության մեջ միայն երեխաները տուժեցին: Թեև նրանց նյութապես օգնում էի, սակայն նրանք մնացին մոր մոտ. ինչքան էլ փորձեցի նրանց վերադարձնել՝ չստացվեց: Երեխանես մեծացան առանց հոր: Արդյունքը եղավ այն, որ աղջիկս` Իվետան, սկսեց թմրանյութ օգտագործել, հիմա բուժվում է հիվանդանոցում, իսկ տղաս` Ռուբենը, վատ շրջապատ ընկավ, հիմա բանտում է:
Օտարությունը մի մեծ փորձություն է, որի միջով անցնողը պետք է պատրաստ լինի և՛ կորուստների, և՛ հիասթափության: Իսկ ձեռք բերած հաջողություններն առանձնակի արժեք չունեն, եթե ընտանեկան երջանկություն չունես, - իր խոսքը եզրափակեց Սարոն:
ՀԱՄԶԱՆ
Երիտասարդ տարիներիս իմ ընկերների մեծ մասը տարիքն առած, կյանքի ճանապարհ անցած մարդիկ էին, նրանք իմ ավագ խորհրդատուներն էին: Իմ հաջողությունների համար ես պարտական եմ նաև նրանց: Նրանցից մեկը Արմեն Գարուշիչն էր, ով թեև կարգին կրթություն չէր ստացել, սակայն կյանքի խորագետ էր ու լավ փիլիսոփա: Մի առիթով ինձ ասաց, որ ռեստորան գնալիս կամ տաքսի նստելիս նախ պետք է ճշտեմ մատուցողի կամ վարորդի անունը, խոսքեր շռայլեմ նրանց հասցեին: Չէ՞ որ երկուսին էլ քո կյանքն ու առողջությունն ես վստահում: Ես նրա խորհուրդը տարիներ ի վեր պահպանում եմ: Գերմանիայի Թյուրինգեն քաղաքում էի, տաքսի նստեցի, չգիտես ինչու ռուսերենով փորձեցի ճշտել վարորդի անունը: Նա ռուսերեն հասկանում էր (հավանաբար Արևելյան Գերմանիայից էր): Նա ինձ ասաց իր անունը` Համզա:
Նրա անունն ինձ զարմացրեց: Ղեկին նստածը տիպիկ գերմանացի էր` կապույտին տվող աչքերով, նիհարավուն կազմվածքով, քիչ դեղնած դեմքով, մարմնին նայելիս կարելի էր ասել, որ բարձր հասակ ունի: Դեմքը տխուր էր ու մտահոգ: Ճանապարհը երկար էր, որոշեցի նրա հետ զրույցի բռնվել: Բնականաբար առաջին հարցը վերաբերեց նրա անվանը:
- Դուք գերմանացու դեմք ունեք, ինչո՞ւ է Ձեր անունը Համզա:
Նրա դեմքը մթնեց.
- Երկար պատմություն է։
Հետաքրքրությունս շարժվեց, զգացի, որ անսովոր մի դիպվածի հետ գործ ունեմ։
- Այնուհանդերձ,- ասացի,- ցանկալի է իմանալ։
- Փորձեմ կարճ պատմել: Իրոք, մերոնք տոհմիկ գերմանացիներ են, կաթոլիկ: Տատիկս` Ֆրաու Յիտան, խոր քրիստոնյա էր: Եկեղեցու պատարագները բաց չէր թողնում: Ինձ էլ էր հետը տանում: Ես երգում էի եկեղեցու երգչախմբում: Դպրոցից հետո վարորդական դասընթացը ավարտեցի: Սկսեցի տաքսի ավտոմեքենա վարել ու այդպես մինչև այսօր: Գործատուն ինձնից գոհ էր, կարողանում էի մարդկանց հետ շփվել, հաճախորդներ շատ ունեի, վարձատրությունն էլ վատ չէր: Տատիկս ինձ հորդորում էր ամուսնանալ, ընտանիք կազմել: Մայրս թեկնածուներ էր որոնում: Սակայն ոչ մեկը իմ սրտով չէր, չէր ստացվում ու չէր ստացվում: Արդեն երեսուն տարեկան էի: Աշնանային օր էր, սովորականի նման մտա գրասենյակ` պատվերներ ստանալու: Երբ ներս մտա, տեսա մի աղջկա, որը, ինչպես հետո պարզվեց, մեզ մոտ նոր էր աշխատանքի ընդունվել: Պատվերներն էր համակարգում: Իմ գործատու Սամուելը ինձ ծանոթացրեց նրա հետ: Նրա անունը Ֆաթիմա էր: Նրա փարթամ մազերը դուրս էին թափվել գլխաշորի տակից: «Բանտարկված գեղեցկություն», մտածեցի ես: Նրա աչքերը խոշոր էին, սև ու փայլուն, որոնք բոցավառվում էին անապատի արևի նման, շուրթերը հաստ էին, բայց նրբագեղ: Աչքերի և շուրթերի դաշնությունն ընդգծում էին այն գերբնական ուժը, որը կարող է մագնիսի նման դեպի իրեն ձգել ցանկացած տղամարդու: Ես բացառություն չէի: Ֆաթիման ընդամենը տասնինը տարեկան էր: Սլացիկ հասակ ուներ: Հետո նա ընդհատեց իր պատմությունը, ինձ թվաց, թե նրբանկատորեն ուզում էր ճշտել՝ ցանկություն ունե՞մ լսելու իր պատմությունը: Ես խախտեցի լռությունը:
- Համզա՛, ինչու ընդհատեցիր, շարունակիր, - ասացի ես:
Համզան շարունակեց.
- Դե, ինչ ասեմ, ես մինչև ականջներս սիրահարվեցի այդ աղջկան: Գործատեր Սամուելը դա նկատել էր և կեսկատակ, կեսլուրջ ասաց.
- Պարո՛ն Յորգեն, այնպես արա՝ աշխատանքդ չկորցնես:
- Իրոք, իմ աչքին աշխատանքը չէր գալիս, առիթ էի փնտրում, որ մտնեմ գրասենյակ և տեսնեմ Ֆաթիմային:
Ժամանակի ընթացքում ես մտերմացա նրա հետ: Սկսեցինք հանդիպել: Ես զգում էի, որ նա էլ իմ նկատմամբ անտարբեր չէ: Հանդիպում էինք: Ես նրան սիրո խոստովանություն արեցի, իսկ հետո` ամուսնության առաջարկ: Նա ինձ ասաց, որ ինքն էլ է համակրում ինձ, բայց ամուսնանալ չի կարող, լուրջ խոչընդոտ կա. ինքը մուսուլման է, և հարազատները թույլ չեն տա, որ ամուսնանա քրիստոնյայի հետ: Եվ որպես ելք առաջարկեց, որ ես իսլամ ընդունեմ: Երբ տնեցիներն այդ մասին իմացան, ուղղակի ասացին, որ այդ դեպքում ես իրենց համար գոյություն չունեմ: Տատս իմ զանգերին չէր պատասխանում: Նույնիսկ պատվիրել էր, որ իր մահվան դեպքում թաղմանը չմասնակցեմ: Ծնողներս այդպես էլ արեցին, նրա մահվան մասին ինձ չտեղեկացրին: Հիմա ես հաճախակի ծաղիկներ եմ տանում նրա գերեզմանին ու չգիտեմ, թե գոնե այն աշխարհում նա ինձ ներե՞լ է, թե՞ ոչ: Սրտիս վրա մի մեծ խոց մնաց… Սիրո համար փակ ճանապարհներ չկան: Ես համաձայնեցի իսլամ ընդունել: Այդ նպատակով գնացի Ստամբուլ, որտեղ Ֆաթիմայի եղբայրը` Մուստաֆան, ինձ տարավ մզկիթ, և իսլամի բոլոր կանոններով ես մուսուլման դարձա: Իմ անունն էլ փոխեցին: Չգիտես ինչու մոլլան ինձ անվանակոչեց Համզա: Այնուհետև ես ու Ֆաթիման ամուսնացանք: Ես շատ երջանիկ էի:
Այստեղ Համզան նորից ընդհատեց պատմությունը: Այս անգամ ես նրա աչքերում արցունքներ նկատեցի: Անտեղի համարեցի պնդել, թե շարունակի պատմությունը: Որոշ ժամանակ մենք լուռ էինք, ամեն մեկն իր մտքերի հետ: Հետո Համզան խախտեց լռությունը.
- Ամուսնության սկզբում մենք երջանիկ էինք: Երկու երեխա ունեցանք: Հետո սկսեցին խնդիրներ առաջանալ: Մեր մշակույթների տարբերությունը
սկսեց զգացնել տալ: Ֆաթիման վերցրեց երկու երեխաներին և գնաց Ստամբուլ: Ես մենակ մնացի: Որոշ ժամանակ անց ես գնացի նրանց հետևից, բայց իզուր: Նա ինձ չընդունեց: Մուստաֆայի հետ վիճաբանություններ ունեցա, բանը հասավ ծեծկռտուքի: Ֆաթիման անցավ եղբոր կողմը: Ինձ ուրիշ բան չէր մնում, քան վերադառնալ հայրենիք: Մինչև այսօր ես ո՛չ Ֆաթիմայից, ո՛չ երեխաներից որևէ լուր չունեմ:
- Համզա, չե՞ս ուզում նախկին անունդ վերականգնել:
- Չէ, ինչի՞ համար, Ֆաթիմայի սիրուց մնացած իմ միակ հիշատակն է:
- Իսկ կրո՞նդ:
- Չէ, դա էլ չեմ արել, ես գնալով այդ կրոնի հավատավորը դարձա, մզկիթ եմ հաճախում, աղոթում ինչպես մնացած մուսուլմանները, ղուրանի գաղափարներն ինձ դուր են գալիս: Եվ հետո էլ՝ կրոնները միմյանցից տարբերվում են միայն դեկորացիաներով:
- Համզա՛, իսկ ո՞րն էր քո և Ֆաթիմայի բաժանման հիմնական պատճառը:
- Նա պնդում էր, որ այս երկրում հնարավոր չէ երեխաներին իսկական մուսուլման դաստիարակել, ինձ առաջարկում էր բնակություն հաստատել Թուրքիայում: Չհամաձայնեցի: Գերմանիան ես շատ եմ սիրում: Ամեն մեկը ազատ է կրոնն ընտրելու հարցում, բայց հայրենիքը մեկն է, նրանից չի կարելի հրաժարվել: Ո՞վ է մեզ իրավունք տվել, որ մենք երեխաներին այս կամ այն կրոնի հավատավոր դարձնենք: Մարդը կրոնը պետք է ընտրի հասուն տարիքում, երբ հասկանում է դրա իմաստը, երբ այդ են թելադրում նրա սիրտն ու հոգին: Եվ հետո ազգությունը, կրոնը և հայրենիքը չի կարելի նույն հարթության վրա դնել:
Համզայի հետ կարելի է համաձայնել, կարելի է վիճել, բայց դա էր նրա համոզմունքը:
- Իսկ դու ի՞նչ ազգ ես, - հարցրեց Համզան:
- Ես հայ եմ:
- Հայերին լավ եմ ճանաչում, գործունյա մարդիկ են, իմ գործատուն, պարոն Սամուելն էլ է հայ, լավ մարդ է: Երկար տարիներ նրա մոտ եմ աշխատում, ամենադժվար պահերին միշտ էլ իմ կողքին է եղել: Ես արդեն տեղ էի հասնում: Վճարեցի, ցտեսություն ասացի, սակայն նրա տխուր հայացքն ու աչքերից թափվող արցունքները մնացին իմ հիշողության դարակներում: