Հայկօ
06.08.2016, 23:19
«Զղջա՛, Խեղկատա՛կ», ասաց Թիկթակը
Հարլան Էլիսոն
1965
Միշտ էլ ինչ-որ մեկը հարցնում է. «իսկ ինչի՞ մասին է այս ամեն ինչը»: Եվ ուրեմն՝ բոլոր նրանց, ովքեր պարտադիր պիտի հարցեր տան, նրանց, ովքեր ուզում են, որ ամեն ինչ հատիկ-հատիկ բացատրվի, ովքեր պիտի անպայման իմանան՝ ինչն ինչոց է, առաջարկում ենք կարդալ հետևյալը.
«Այսպիսով՝ մարդկանց մեծամասնությունը ծառայում է պետությանն իրենց մարմիններով՝ ոչ այնքան որպես մարդիկ, այլ որպես մեքենաներ: Նրանք կազմում են բանակը, ոստիկանությունը, նրանք բանտապահներն են, դատական կատարածուները, ընթերավկաները և այլն: Ընդ որում՝ այդ մարդիկ գրեթե երբեք չեն կիրառում ո՛չ իրենց ազատ դատելու կարողությունը, ո՛չ էլ բարոյականության զգացումը. նրանք իրենց դասել են փայտի, հողի ու քարի մակարդակին: Եթե օրերից մի օր հնարավոր լինի փայտե մարդիկ սարքել, դրանք միևնույն հաջողությամբ կծառայեն նույն նպատակներին: Այդպիսինները նույնքան հարգանք են ներշնչում, որքան ծղոտե խրտվիլակները կամ կավե տիկնիկները կներշնչեին, և արժեն այնքան, որքան ձիերը կամ շները: Եվ սակայն՝ սրանց նմանները շատ հաճախ մինչև անգամ բարի ու ազնիվ քաղաքացիների համբավ են վայելում: Ուրիշները՝ ինչպես, օրինակ, օրենսդիրների, քաղաքական գործիչների, իրավաբանների, նախարարների ու հոգևորականների մեծ մասը, պետությանը ծառայում են առավելապես իրենց գլխով, և քանի որ հազվադեպ են բարոյական տարբերակումներ անում, ապա, իրենք էլ չգիտակցելով, հակված են միևնույն հաջողությամբ ծառայելու թե՛ Սատանային և թե՛ Աստծուն: Եվ միայն շատ քչերն են՝ հերոսները, հայրենասերները, նահատակները, բարենորոգիչներն ու պարզապես իսկական մարդիկ, որ պետությանը ծառայում են նաև իրենց խղճով՝ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտաբար գրեթե միշտ ընդդիմանալով դրան: Եվ պետությունը, որպես կանոն, վերջիններիս իր թշնամին է համարում»:
Հենրի Դեյվիդ Թորո, «Քաղաքացիական անհնազանդություն»:
Բուն էությունը հենց սա է: Հիմա եկեք սկսենք մեջտեղից, հետո պարզենք, թե սկզբում ինչ է եղել, դե իսկ ավարտն արդեն ինքն իր գլխի ճարը կտեսնի: Այսպիսով՝ քանի որ աշխարհը հենց այնպիսին էր, ինչպիսին որ կար, ճիշտ այնպիսին, ինչպիսին թույլ էին տվել դառնալ, Խեղկատակի գործունեությունն ամիսներ շարունակ խուսափում էր նրանց սևեռուն ուշադրությունից, Ովքեր Ապահովում էին Մեքենայի Անխափան Աշխատանքը, ովքեր լավագույն յուղով յուղում էին մշակույթի անիվներն ու զսպանակները: Եվ միայն երբ արդեն վերջնականապես ակնհայտ էր դարձել, որ նա, չգիտես՝ ինչպես ու չես իմանա՝ ինչու, դարձել էր հայտնի դեմք, հռչակավոր կերպար, իսկ (ըստ Ղեկավարության անխուսափելի որակման) «բնակչության անհավասարակշիռ ու ավելորդ հուզականությամբ տառապող շերտի համար»՝ գուցե նույնիսկ հերոս, գործը հասավ Թիկթակին ու վերջինիս իրավաբանական մեքենային: Բայց քանի որ աշխարհն այդ ժամանակ հենց այնպիսին էր, ինչպիսին որ էր, ինչպես նաև՝ որովհետև անհնար էր որևէ կերպ կանխագուշակել, որ նա գուցե բորոքում էր վաղուց անհետ կորած մի համաճարակ, որ հիմա հանկարծ վերածնվում էր այնպիսի մի համակարգում, որտեղ դրա իմունիտետը մոռացվել ու վերացել էր, նրան թույլ տվեցին դառնալ չափազանց իրական:
Խեղկատակն արդեն ձև ու բովանդակություն էր ստացել:
Նա դարձել էր անհատականություն՝ մի բան, որ արդեն տասնամյակներ ի վեր հետևողականորեն ոչնչացրել ու դուրս էին մղել համակարգից: Բայց եղավ այն, ինչ եղավ, ու խնդրեմ, համեցեք, ահա և ինքը՝ հույժ ազդեցիկ մի անհատականություն: Որոշ շրջանակների՝ այսպես կոչված միջին դասի կարծիքով դա գարշելի էր: Չէ, բայց ինչպիսի՜ գռեհիկ ցուցամոլություն: Անարխի՜զմ է, ինչ է: Ամո՜թ, խայտառակությու՜ն: Այլ շրջանակներում՝ այն խավերում, որտեղ միտքը հպատակված է ձևին ու ծեսին` արժանապատիվ ու բարոյական վարքի ընդունված չափանիշերին, միայն քմծիծաղ էին տալիս: Բայց ամենաներքևում, օ՜, այդ խորը հատակում, որտեղ մարդիկ միշտ պիտի ունենան իրենց սրբերն ու մեղավորները, իրենց հացն ու տեսարանները, իրենց հերոսներին ու չարագործներին, նրան համարում էին Բոլիվար: Նապոլեոն: Ռոբին Հուդ: Դիկ Բոնգ (ասերի ասը): Հիսուս: Ջոմո Կենյատա:
Իսկ այ գագաթին, որտեղ ցանկացած՝ նույնիսկ ամենաչնչին ցնցումներն ու տատանումները սպառնում են հարուստներին, հզորներին ու տիտղոսակիրներին ցած նետել իրենց թառած բարձունքներից, նրան դիտարկում էին որպես սպառնալիք: Հերետիկոս: Ըմբոստ: Անարգանք: Եվ վերջապես՝ որպես ուղիղ վտանգ: Նրան ճանաչում էին առանց բացառության բոլորը՝ վերևից ներքև, ներքևից վերև, գիտեին ընդհուպ մինչև ուղնուծուծը, բայց Համակարգում կարևոր էին միայն ամենավերևի ու ամենաներքևի արձագանքները: Միայն ամենաբարձր գագաթի, միայն ամենացածր ստորոտի:
Մի խոսքով՝ նրա գործը, ժամաքարտի ու կարդիոսալիկի հետ միասին, բարձրացրին Թիկթակի գերատեսչություն:
Թիկթակ: Վեց ոտնաչափից բարձր, քչախոս մի մարդ, ով հաճախ ինքն իրեն ինչ-որ բան է մռլտում քթի տակ, երբ ամեն ինչ ժամանակին համապատասխան է գնում: Թիկթակը՝ անձամբ:
Նույնիսկ իշխանական բուրգի աշխատասենյակներում, որտեղ վախը միայն սերմանում են, սակայն գրեթե երբեք չեն զգում, նրան հենց այպես էլ անվանում էին՝ Թիկթակ:
Բայց միայն հետևից: Ուղիղ դիմակին նայելով նրան այդպես կոչել չէր համարձակվի և ոչ ոք:
Չես կարող մարդուն առերես կոչել իրեն ատելի անվամբ, եթե դիմակի հետևի այդ մարդը կարող է չեղարկել քո կյանքի րոպեներն ու ժամերը, օրերն ու գիշերները, ամբողջ տարիներ խլել կյանքիցդ: Երես առ դիմակ դիմելիս նրան կոչում էին Ժամանակի Գերագույն Պահապան: Այդպես շատ ավելի անվտանգ էր:
- Այստեղ միայն նշված է, թե նա ինչ է,- անթաքույց մեղմությամբ ասաց Թիկթակը,- բայց նշված չի՝ ով է: Ձախ ձեռքիս այս ժամաքարտի վրա անվանում է գրված, բայց այդ անվանումն ընդամենը ասում է, թե նա ինչ է, ոչ թե ով: Աջ ձեռքիս կարդիոսալիկի վրա նույնպես անվանում կա, սակայն կրկին՝ ոչ թե ով, այլ ինչ: Նախքան պատշաճ կերպով չեղարկելը ես պետք է իմանամ, թե այս ինչը ով է:
Իր ողջ անձնակազմին՝ բոլոր հաստավզերին, բոլոր կամակատարներին, բոլոր գործ տվողներին, բոլոր պնակալեզներին, նույնիսկ բոլոր վեցնոցներին նա տվեց նույն կարճ հարցը.
- Ո՞վ է այդ Խեղկատակը:
Ու նա արդեն բնավ էլ հանգիստ չէր մռլտում: Ժամանակի տեսանկյունից այդ ամենը ջուրծեծոցի էր:
Այնուամենայնիվ՝ դա Թիկթակի ամենաերկար մենախոսությունն էր, որ երբևէ վիճակվել էր լսել նրա անձնակազմին՝ հաստավզերին, կամակատարներին, գործ տվողներին, պնակալեզներին, բայց ոչ, իհարկե, վեցնոցներին, որոնք, այսպես թե այնպես, երբեք էլ այնքան մոտ չէին եղել, որ հիմա հասկանային՝ խոսքը երկար է, թե կարճ: Բայց նույնիսկ նրանք իրար խառնվեցին, որ պարզեն:
Ո՞վ է Խեղկատակը:
Հեռու վերևներում՝ քաղաքի երրորդ մակարդակից էլ վեր, նա կուչ էր եկել աերոնավակի ցնցվող ու գվվացող ալյումինե հարթակի վրա (պա՜հ, չէ մի չէ՝ աերոնավակ. սովորական օդատաշտ էր՝ հետևում մի կերպ թքած-կպցրած քարշակով) ու նայում էր ներքև՝ շենքերի մոնդրիանական շարվածքին:
Ինչ-որ տեղ՝ շատ մոտիկից, ականջին հասավ, թե ինչպես է ցերեկվա ժամը 2:47-ի հերթափոխն անթերի համաչափ քայլքով՝ աջ-ձախ, աջ-ձախ, մտնում Տիմկինի առանցքակալների գործարան: Հետո՝ ուղիղ մեկ րոպե անց, լսվեց, թե ինչպես է գիշերվա ժամը 5:00-ի հերթափոխն արդեն ոչ այնքան հատու աջ-ձախով դուրս գալիս ու գնում տուն:
Խեղկատակի արևառ դեմքին չարաճճի ժպիտ խաղաց, այտերին փոսիկներ հայտնվեցին: Հետո գզգզեց մազերի թուխ դեզը, մի թեթև կծկվեց ծաղրածուի գույնզգույն շորերի մեջ՝ ասես կանխավայելելով այն, ինչ շուտով պիտի կատարվեր, կառավարման լծակը կտրուկ սեղմեց առաջ ու ներքև սուրացող աերոնավակի մեջ կռացավ քամուն դեմ հանդիման: Խեղկատակը սլացավ սահուղու վրայով՝ նավակը դիտմամբ այնքան իջեցնելով, որ բարձրաճաշակ տիկնանց գլխարկները բմբլահան եղան, բութ մատները խրեց ականջները, լեզուն դուրս ցցեց, աչքերը չռեց ու ինչքան ուժ ուներ՝ գոռաց. «ալա-բալա-բլա-բլա-բլա՜»: Հենց այնպես, փոքրիկ, հասարակ չարություն: Տիկնանցից մեկն իրեն գցեց աջուձախ, սայթաքեց ու ձեռքի փաթեթները շաղ տվեց չորս կողմ, մյուսը տակը թրջեց, իսկ երրորդն անգիտակից փլվեց գետնին, ինչից հետո սահուղու շարժիչներն ավտոմատ անջատվեցին, քանի դեռ կնոջն ուշքի էին բերում: Դե հա, թեթև չարություն էր, էլի:
Իսկ Խեղկատակը բռնեց համընթաց քամին ու չքվեց-կորավ: Հո հո հո՜:
Ժամանակի Ընթացքի Հետազոտությունների շենքի կտուրը շրջանցելիս նկատեց սահուղի բարձրացող մի նոր հերթափոխի: Նրանք հստակ ռիթմով ու շարժումների կատարյալ ներդաշնակությամբ հերթով ոտք էին դնում ամենադանդաղ սահուղու վրա, հետո (Բասբի Բերկլիի՝ անդրջրհեղեղյան 1930-ականների ֆիլմերը հիշեցնող անթերի պարաշղթայով) ջայլամի քայլերով մեկը մյուսի հետևից անցնում էին հաջորդ՝ ավելի արագ սահուղիներին ու վերջում շարվում էին էքսպրես սահուղու վրա:
Խեղկատակի դեմքին կրկին կանխավայելքի չարաճճի ժպիտ հայտնվեց: Նույնիսկ երևաց, որ ձախ կողմի հետևի ատամներից մեկը չկա: Նա կտրուկ սլացավ ներքև, գրեթե սահուղուն հպվելով արգելակեց ու նետվեց հերթափոխի հետևից: Հետո, երբ արդեն թռնում էր մարդկանց վրայով, կռացավ ու քաշեց-հանեց այն խցանները, որ փակ էին պահում նավակի քարշակին մի կերպ կպցրած ջրհորդաններն ու թույլ չէին տալիս, որ բեռը ժամանակից շուտ ներքև թափվի: Ու երբ խցանները հանեց, սահուղու վրա ջրվեժի նման շաղ եկան հազար հինգ հարյուր դոլար արժողությամբ անթիվ-անհամար մարմելադե գնդիկներ:
Մարմելադե գնդիկնե՜ր: Միլիոնավոր ու միլիարդավոր կամիր ու դեղին ու կանաչ ու հաղարջի ու խաղողի ու ելակի ու անանուխի ու դրսից հարթ ու խրթխրթան ու ներսից փափուկ ու ծորուն ու շաքարապատ՝ ցրվեցին ու ցատկոտեցին ու ցայտեցին ու շաղ եկան գործարանի աշխատողների գլխներին ու ուսերին ու սաղավարտներին ու թակելով սահուղին ու տարածվելով աշխարհով մեկ ու գլորվելով ոտքերի տակ ու երկինքը ներկելով ուրախության ու մանկության ու տոնի բոլոր երանգերով՝ հորդառատ անձրևի ու առատ ցնցուղի ու գույնի ու քաղցրության ջրհեղեղի պես թափվեցին ներքև ու խենթ ու խելառ թարմությամբ ներխուժեցին առողջ դատողության ու անթերի կարգուկանոնի այդ աշխարհը: Մարմելադե գնդիկնե՜ր:
Հերթափոխի բանվորները ծիծաղեցին ու ճչացին, մարմելադե ռմբակոծությունից նրանց կատարյալ շարքը հօդս ցնցեց, իսկ երբ գնդիկները հաջողացրին նաև լցվել սահուղու մեխանիզմների մեջ, այնպիսի մի զարհուրելի կրճտոց բարձրացավ, ասես մի միլիոն եղունգներ հանկարծ ճանկռեցին մի քառորդ միլիոն գրատախտակ, ու հետո մեքենան հազաց, փռշտաց, թքեց, բոլոր սահուղիները կտրուկ կանգ առան, ու տեղնուտեղը բոլորը գունդուկծիկ ու գլուխկոնծի թռան ուր ասես՝ դեռ շարունակելով քրքջալ ու բերանները լցնել մանկության գույնի փոքրիկ մարմելադե գնդիկներով: Տոն, զվարճանք, կատարյալ խենթություն ու հահա ու հիհի: Բայց...
Հերթափոխը յոթ րոպե հետ ընկավ:
Աշխատողները յոթ րոպե ուշ մտան տուն:
Գլխավոր գրաֆիկը յոթ րոպեով շեղվեց:
Փչացած սահուղու պատճառով քվոտաները յոթ րոպեով հետաձգվեցին:
Խեղկատակը հրել էր դոմինոյի երկար, շատ երկար շարքի առաջին քարը, ու հիմա, չխկ-չխկ-չխկ, մյուսներն էլ էին իրար հետևից փլվում:
Ամբողջ համակարգը յոթ րոպեով խափանվել էր: Թվում է՝ չնչին միջադեպ է, չէ՞, նույնիսկ ուշադրություն դարձնել էլ չարժի: Բայց այնպիսի մի հասարակարգում, որի միակ շարժիչ ուժը կարգուկանոնն է ու միասնությունը, արագությունն ու ճշտապահությունը, ժամացույցի նկատմամբ ուշադրությունն ու ժամանակի աստվածներին ուղղված ակնածանքը, դա ահռելի մեծ աղետ էր:
Եվ ուրեմն՝ Խեղկատակին կարգադրեցին անհապաղ ներկայանալ Թիկթակի գերատեսչություն: Կարգադրությունը հեռարձակվում էր տեղեկատվական ցանցի բոլոր ալիքներով: Նրան կարգադրված էր ուղիղ, գրողը տանի, ուղի՛ղ ժամը 7:00-ին լինել տեղում: Ու նրանք սպասեցին, սպասեցին ու սպասեցին, բայց Խեղկատակը չհայտնվեց գրեթե մինչև տասն անց կես, իսկ երբ հայտնվեց, ուղղակի մի երգ երգեց Վերմոնտ կոչվող ինչ-որ չլսված-չտեսնված վայրում լուսնի շողերի մասին ու կրկին չքվեց: Բայց ախր բոլորը ժամը յոթից նրան էին սպասում, ու դրա պատճառով բոլորի ժամանակացույցերն ու գրաֆիկները թռան գրողի ծոցը: Իսկ հարցը մնաց. ո՞վ է Խեղկատակը:
Եվ սակայն՝ շատ ավելի կարևոր էր մյուս հարցը (այն մեկը, որ ոչ ոք չէր տալիս), մասնավորապես՝ սա. ախր ո՞նց կարողացանք հասնել այն կետին, երբ բլբլացող, հռհռացող ու անպատասխանատու ծաղրածուն կարող է քարուքանդ անել մեր ողջ տնտեսությունն ու մշակութային կյանքը՝ ընդամենը հազար հինգ հարյուր դոլարի մարմելադե գնդիկներով:
Մարմելադե՛, դրա հերն եմ անիծել, գնդիկներո՛վ: Գժանո՛ց: Չէ, բայց ախր որտեղի՞ց է այդքան փող ճարել, որ հազար հինգ հարյուր դոլարի մարմելադե գնդիկներ առնի: (Նրանք հստակ գիտեին՝ ինչ արժեր, որովհետև իրավիճակային վերլուծաբանների մի ողջ ստորաբաժանման հրահանգել էին կիսատ թողնել իրենց ընթացիկ գործը, անհապաղ ուղևորվել դեպքի վայր, հատիկ-հատիկ հավաքել ու հաշվել բոլոր քաղցրավենիքները և ամփոփել տվյալները, ինչը, իր հերթին, խաթարել էր արդեն սրանց ժամանակացույցն ու ամբողջ մասնաճյուղի աշխատանքն առնվազն մեկ օրով հետ էր գցել): Մարմելադե գնդիկնե՛ր: Մարմելադե... գնդիկնե՞ր: Չէ, բայց սպասեք, մի վայրկյան (մի հաշված վայրկյան, ի դեպ). ախր արդեն հարյուր տարուց ավել է՝ ոչ ոք մարմելադե գնդիկներ չի արտադրում: Որտեղի՞ց է ճարել:
Խնդրեմ, էլի մի լավ հարց: Չնայած, իհարկե, ավելի քան հավանական է, որ այս մեկին լիովին բավարարող պատասխան երբեք էլ ոչ ոք չի ստանա: Բայց դե, մեր մեջ ասած, ո՞ր մի հարցն է երբևէ լիովին բավարարող պատասխան ստացել: