PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավաքածուներ



Ուլուանա
04.07.2016, 21:24
Ինչքան էլ տարօրինակ է, հավաքածուներին նվիրված թեմա կարծեմ չունենք Ակումբում։

Թեև չեմ կարծում, թե էստեղ գտնվի մարդ, որ չգիտի, թե հավաքածուն ինչ է, բայց ամեն դեպքում հավաքածու երևույթի մասին մի երկու տող տեղադրեմ՝ վերցված Վիքիպեդիայից (որոշ խմբագրումներով).


Հավաքածուն կամ կոլեկցիան միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների համակարգված ժողովածու է, որն ունի գիտական, պատմական կամ գեղագիտական արժեք։ Հավաքածուի հիմք կարող են հանդիսանալ տարաբնույթ առարկաներ, նյութական և հոգևոր մշակույթի հուշանմուշներ՝ ձեռագրեր, գրքեր, թղթադրամներ, մետաղադրամներ, նամականիշեր, կերպարվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև հանքանյութեր, բույսեր, միջատներ և այլն։ Ձևավորվել են հավաքածուների ստեղծման ինքնուրույն ուղղություններ՝ գիտական, ուսումնական, սիրողական։

Ինչպե՞ս եք վերաբերվում հավաքածուներին։ Երբևէ հավաքածուներ ունեցե՞լ եք։ Ի՞նչ հավաքածուներ ունեք հիմա։ Ի՞նչ հավաքածուներ եք ունեցել ավելի փոքր տարիքում։ Ինչպե՞ս եք սկսել հավաքել, երբվանի՞ց։ Մի խոսքով՝ ինչ որ հարմար եք գտնում, պատմեք ձեր ներկա կամ երբեմնի հավաքածուների մասին կամ թեկուզ հավաքածուների նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին, նույնիսկ եթե այն բացասական է։ Նաև շատ հետաքրքիր կլինի, եթե ձեր ունեցած հավաքածուների նկարներ տեղադրեք :)։

մարիօ
04.07.2016, 23:28
Ես մինչև համալսարան ընդունվելս գրիչների, մոմերի, լուցկու տուփերի, մոմերի ու շորերի պիտակների հավաքածուներ ունեի։ Էս վերջինն ամենաշատն էր, համարյա 500 օրինակ, մոտ 200 հատ էլ գրիչներս էին, երևի ավել։ Չնայած անցյալ ժամանակով ինչի՞ եմ գրում․ գրիչներս դեռ կան։
Էդ հավաքածուները ահագին երկար ժամանակ հավաքել եմ, պահել-փայփայել․ երբ դեռ քիչ էին հատ-հատ փոշիները մաքրում էի, հետները խոսում, բան-ման :)) Ինձ համար էդ հավաքածուները տարօրինակ ապահովության զգացողություն էին, սիրածս առարկաները մոտս պահելու ցանկություն։ Միշտ շատ եմ սիրել ինձ տենց մանր-մունր, հավես բաներով շրջապատել։ Մինչև հիմա էլ երբեք ոչ մի բան չեմ թափում համարյա, ամեն ինչ հավաքում, մի անկյունում պահում եմ էն մտքով, որ մի օր պետք կգան։
Հիմա էս հավաքածուներիցս մենակ գրիչներն են մնացել․ մոմերից հավեսս արագ փախավ, անկապ էին համ էլ, պիտակներս տանեցիները Երևան գնալուցս ու իրենց այլ տուն տեղափոխվելուց հավաքել էին, տարել տանիք, լուցկու տուփերն էլ շատ շուտ եղբորս հետ էինք հավաքում, հետո էլ սկսեցին չարտադրել տարբեր նկարներով տուփեր կամ մեր հավեսները փախավ, չեմ հիշում, մնացին մենակ գրիչներս։ Մինչև հիմա էլ լիքը մարդիկ գիտեն, որ գրիչներ եմ հավաքում, սիրուն բան տեսնելիս նվիրում են, բայց հիմա շատ քիչ գրիչներ են հայտնվում էնտեղ, ընտրությունը խստացրել եմ․ շատ օրիգինալ ու հավես բան պիտի լինեն կամ շատ կարևոր նվեր, որ ավելացնեմ հավաքածուիս։
Գրիչներիս հետ կապված հետաքրքիր հիշողություններ ունեմ․ օրինակ մի հատ գրիչ ունեի, ջահել տղա էր, բայց շատ տխուր էր, անընդհատ տխրում էր, ես էլ որոշեցի, որ մենակությունից է տխրում, տանեցիներով որոշեցինք ամուսնացնել։ Անունը Հակոբ էր էդ գրիչի, հիշում եմ :)) Ամուսնացրինք Սյուզի անունով մի այլ գրիչ աղջկա հետ, չնայած, որ Սյուզին մի քիչ բոյով էր Հակոբից․ հարսանիք կազմակերպեցինք, բոլոր գրիչներին հրավիրեցինք, մի լավ քեֆ արեցինք ու նրանց բնակեցրի հավաքածուիս առանձին մի անկյունում։ Ահագին երկար ժամանակ չեմ տեսել, չգիտեմ, թե հիմա ոնց են, բայց երբ փոքր էի, ինչ ասես անում էի գրիչներիս գլխին։ :D
Էս գրիչներիս կարևորությունն իմ կյանքում էն ա, որ ամեն մեկի հետ մի պատմություն ունեմ կապված․ օրինակ էդ նույն Հակոբին ինձ նվիրել էին մորեղբորս տղայի մահվան օրը ու ամեն էդ գրիչին տեսնելուց հիշում եմ էն ամենն ինչ կատարվում էր մեր տանն էդ օրերին։ Բացի դա նաև մարդկանց մասին հիշողություններ պահելու ձև է․ հատ-հատ հիշում եմ, թե որ գրիչը ով է նվիրել, երբ, որտեղից, ոնց ու հավես հիշողություններ են արթնանում մեջս էդ հավաքածուին նայելիս։
Հիմա չգիտեմ էլ կշարունակեմ հավաքել էդ գրիչները, թե չէ, որովհետև արդեն ահագին ժամանակ ոչ մի նոր բան չեմ ավելացնում, բայց ամեն անգամ մեր էդ տանը հայտնվելիս նայում, հիշում եմ, էլի հետները խոսում, որովհետև իմ կյանքի մասնիկներն են, որ հավաքել եմ մի դարակում։
Հ․Գ Ափսոս նկարներ չունեմ, որ հանկարծ գնամ մեր էդ տուն, կնկարեմ անպայման :oy