PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 5. Աստիճանը` որպես սիմվոլ

Վոլտերա
11.06.2016, 00:43
Եկեք մի քիչ ցրվենք գրական նոր առաջադրանքով, մինչև որ հուլիսին նոր մրցույթ կանեմ, համ էլ կբացվենք մինչև էդ: Առաջադրանքը հետևյալն է.

Ներկայացրեք տեքստ (կարող է լինել պատմվածք կամ չլինել), որտեղ աստիճանները որպես սիմվոլ կդիտարկվեն:

Ուրիշ սահմանափակումներ չկան, բայց ցանկալի է, որ տեքստը շատ երկար չլինի: Մի շաբաթից նոր առաջադրանք կտեղադրեմ, դրա համար լավ կլինի, որ մինչև էդ գրած ու տեղադրած լինեք, որ հասցնենք նորմալ քննարկել:

Հենց հիմա էլ կարող եք սկսել :)

ivy
12.06.2016, 20:46
Ոչ ոք չի գրո՞ւմ :unsure

Ինձ մոտ մի պատկեր էկավ էս թեմայով, հիմա գրեմ:

ivy
12.06.2016, 21:07
Ավտոբուսում ծեր զույգ էր նստած՝ իրար ձեռք բռնած: Տղամարդը պատուհանից ցույց էր տալիս դրսում ծաղկած յասամանը: Երկար նայում էին ծառին, քանի դեռ ավտոբուսը կանգնած էր: Հետո գրկեցին իրար, և տղամարդու տաք մատները սահեցին Աիդայի սպիտակ մազերի վրայով:
Տանը վաղուց արդեն երկուսով էին ապրում: Ժամանակին, երբ առնում էին տունը, ամուսինն ասել էր.
-Մի օր ստիպված ենք լինելու դուրս գալ էստեղից. աստիճաններով տունը ծեր մարդկանց համար չի:
-Ծերանալ չկա,- ծիծաղելով պատասխանել էր Աիդան:
Բայց ծերացել էին, ու առաջինից երկրորդ հարկ տանող աստիճաններն իսկապես դժվարություն էին դարձել: Մի օր պիտի լքեին տունը, և այդ օրը մոտենում էր:
Սկսել էին միասին բարձրանալ-իջնել, որ օգնեն իրար:
-Ես ձեռքս մեջքիդ եմ դրել, դու ոտքդ կամաց վերև տար,-ասում էր ամուսինը:
-Դու էլ պինդ բռնվիր, չընկնես հանկարծ:
Մի անգամ էլ էնպես ստացվեց, որ ամուսինը մենակ բարձրացավ երկրորդ հարկ: Հետո պիտի ներքև գար, որ դուրս գային զբոսանքի: Բայց էդպես էլ չիջավ:
Աիդան սպասեց-սպասեց: Սկսեց ձայն տալ, կանչել: Ոչ մի պատասխան: Մոտեցավ աստիճաններին, նայեց վերև: Դեպի ամուսնուն տանող ճանապարհը թվում էր երկար ու հեռու: Նա մի քայլ արեց դեպի վեր, ապա երկրորդը, երրորդը: Թեթևությամբ, ինչպես քսան տարի առաջ, Աիդան քայլեց աստիճանների վրայով, ու նրա քայլերի տեղերում յասամանի մատղաշ ճյուղեր աճեցին:
Վերջին աստիճանին հասնելով՝ ափի մեջ զգաց հարազատ տաք ձեռքը. դրանից հետո ճանապարհը միասին էին շարունակելու:

Վոլտերա
13.06.2016, 22:54
Ժողովուրդ, ավելի ակտիվ եղեք :) գրեք, քննարկենք:
Այվին փոքր ու ոչ խիտ տեքստով լրիվ ճիշտ է կատարել առաջադրանքը: Կարևորը որ կարդալուց հետո միանգամից հասկանում ես աստիճանների սիմվոլիկ պահը, ոչ թե ընկած ման ես գալիս ու ենթադրություններ անում:
Սիմվոլն ինքն առանց էդ էլ թաքնված բան ա, պետք ա ինչքան հնարավոր ա հասանելի ու ընկալելի լինի կարդացողի համար
Այվ :kiss

boooooooom
14.06.2016, 00:41
Առաջին 6 աստիճանը չեմ հիշում: Հետո 14 աստիճան անհոգ էի բարձրանում: 21-րդ աստիճանից գնալով աստիճանաձողերի միջև հեռավոևությունը սկսեց նվազել: Երբ մի պահ կանգնեցի 35-րդ աստիճանի վրա , հետհայացք գցեցի ու շատ կարոտեցի 21-րդ աստիճանը: 37-րդ աստիճանն այսօր հաղթահարեցի: Չէ, մի բան պետք է արվի էս աստիճանաձողերի որակը լավացվի. էստեղից որ ընկել եմ է, "մեծ կտորը ականջս կմնա": Ախր շատ փշոտ փայտից են սարքել տնաշենները: Սենց որ գնաց, էն վերևներում լրիվ կփտի. ոտք դնել չի լինի: Ընենց էլ քարքարոտ տեղ են դրել: Մի հրաշք լիներ. մեկը ինձ իմ աստիճանի հետ գրկեր, տաներ մի ուղիղ տեղ դներ: Համ ես հեշտ կբարձրանայի, համ էն վերևի փտած ձողերը կփոխեի. ախր հետևիցս էլի մարդ կա բարձրացող...

Լուսանդր
14.06.2016, 21:53
Ասում են՝ երբ Բաբելոնի աշտարակը դեպի երկինք էր խոյանում՝ հասնելու ակունքներն արարչագործության, աստիճաններից մեկի շաղախը դեռ չթրծված, շինարարներն, աչք փակելով, շտապ-շտապ շարունակեցին իրենց գործը, ու թուլացավ աշտարակը Բաբելոնի ու սկսեց դանդա՜ղ դանդա՜ղ փլուզվել։ Շինարարներն իրար անցան, սկսեցին խոսել շտապ-շտապ՝ լեզուներ խառնելով իրար։ Մեկը մի բան էր ասում, մեկ ուրիշը մի այլ բան էր հասկանում։ Ու սուրհանդակներ ուղարկեցին Թորգոմա տուն, որ գան թարգմանեն՝ իրար մի բան հասկացնեն։ Ու եկավ Թորգոմի թոռ Ֆերեշեթը, տեսավ տապալվող ծառի նմանվող աշտարակը ու հուզվեց։ Վայր էին ընկնում աստիճանները մեկը մյուսի ետևից. շինարարներն իրար խառնված այս ու այն կողմ էին վազում, գոռում գոչում ու իրար չէին հասկանում։ Ու սիրտը լցվեց Ֆերեշեթի, հայացքը երկինք պարզեց, մարգարեացավ, գլուխը խոնարհ իջեցրեց ու թքելով հողին, շաղախ սարքեց։ Հետո մոտենալով աշտարակին, մի վերջին անգամ նայեց մայր մտնող արևին ու անհետացավ տերևաթափ եղած ծառ հիշեցնող փլատակների տակ։

Ասում են՝ Բաբելոնի աշտարակից մի աստիճան է միայն կանգուն մնացել, որպես ավանդ սերունդներին, ու երբ կանգնած աստիճանի կողքին փակում ես աչքերդ, մի միտք է խոնարհ շուրջդ թևածում՝ «Եթե մենք խոսում ենք տարբեր բաներ, ապա լռում ենք միևնույն Բանը»։

Գալաթեա
14.06.2016, 23:53
Չգիտես ոնց ու որտեղից՝ համակարգչի մեջ աչքին զարնեց իր "My and his songs"ալբոմը։ "Ոնց էլ չի ջնջվել։ Մի քառասուն անգամ մենակ ես եմ անհաջող ֆորմատ արել էս հնամենիին"։
Ու ասես հենց հիմա, կողքին հնչեց ալբոմի չորրորդ երգը՝ հեռախոսի զանգ դառած"։ Carry on my wayward son"...
- Այլո։
- Պրիվետ ծիտ, գալիս ե՞ս Աշենց՝ դեղձ խմելու։
- Հը՞ն, - հայելու առաջ փորձում էր ձեռքի փոքր հայելիով ծոծրակի խալը տեսնել. կասկածներ կային, որ մի քիչ մեծացել է չափերով։
- Վաթսուն գռադուս ա, Դոբռին ա քաշել, թազա քաշիչով։ Երկու անգամ ֆիլտրել ա։ Սատկացնում ա։
-Դե՞ղձ, - խալն իսկապես ոնց որ մեծացած լիներ։
- Հա, դու սիրում ես, չէ դեղձի։
- Վաթսունը շատ չի՞։
- Քո համա՞ր, - ժպտաց հաստատ,- վաթսունը քեզ ինչ, այ իմ անհարբելի։

Համակարգչի դիմացից վեր կացավ, քայլեց դեպի խոհանոց, սառնարանի դռան վրայից հանեց դեղձի "պեչատնի" օղին։
Թեև շատ լավ գիտեր, որ քառասուն աստիճան է՝ նայեց պիտակին։ Քսան աստիճանի անտանելի պակաս զգաց։
Պռնկեպռունկ լցրեց դարակի միջից հանած բարձր ոտիկով ապակե բաժակը, անգիտակցաբար շփեց ծոծրակը, որի վրայից վիրահատության միջոցով վաղուց հեռացրել էր մեծացող խալը և բաժակն օդին զարկեց։
- Կենացդ, ծիտ...

StrangeLittleGirl
15.06.2016, 00:21
- Ի՜նչ սիրուն է,- Ջեսը նայեց շուրջը ու Դանիելի ձեռքը սեղմեց,- շնորհակալ եմ ինձ էստեղ բերելու համար: Նստե՞նք:
Երկուսով տեղավորվեցին վերին աստիճանին: Ներքևում տուրիստների գլուխներ էին, սելֆիների ձողեր ու զանազան-զարմանազան հեռախոսներ: Հետևում եկեղեցին էր: Ջեսը սեղմվեց Դանիելին: Վերջինս ձեռքերը հենեց գետնին ու սկսեց մարմնով հետ ձգվել:
- Սիրում եմ քաղաքներին վերևից նայել:
Դանիելը կարծես չէր լսում: Ջեսը փորձեց գլուխը դնել նրա ուսին: Հարմար չէր էդպիսի հետ ձգված դիրքում:
- Վատ եմ զգում,- վերջապես արտաբերեց Դանիելը:
- Ինչու՞, ի՞նչ եղավ:
- Բարձրությունից վախենում եմ: Ասել եմ քեզ: Գլուխս պտտվում է:
- Գնա՞նք:
Դանիելը ձայն չհանեց:
- Գնա՛նք,- Ջեսը կանգնեց: Դանիելն է՛լ ավելի հետ թեքվեց ու պառկեց: Նայում էր երկնքին՝ կապու՜յտ ու ոչ մի ամպ:
- Դու գնա,- ասաց,- ես մնում եմ:
- Հը՞:
- Ասում եմ՝ գնա:
- Բայց... վախենում ես:
- Գնա: Որ վախս անցնի:
Ջեսը շփոթված մի քանի քայլ իջավ, հետ նայեց: Դանիելը շարունակում էր պառկած մնալ: Էլի իջավ, էլի հետ նայեց: Դեռ պառկած էր: Մի վերջին անգամ ամենաներքևից նայեց ու գնաց:

***
Համերգասրահի դռները բացվելուն պես հանդիսատեսի հոսքը լցվեց ներս, բայց բեմին մոտեցողներն ընդամենը չորս-հինգ հոգի էին: Երևի ամենաթունդ ֆանատներից էին: Ջեսը գլուխը դուրս հանեց կուլիսներից, ուսումնասիրեց տարածքը ու աննկատ առաջ եկավ, նստեց բեմի աստիճանին: Բարի մոտ գարեջրի հերթ էր գոյանում: Բեմի մոտ հավաքվածներից մեկը հոգնեց, նստեց գետնին: Նստեցին նաև մյուսները:

«Հանգիստ, հան-գիստ,- ինքնիրեն կրկնում էր Ջեսը,- քեզ ոչ ոք չի ճանաչում: Լավ է լինելու»:
- Ես էլ ասում եմ՝ ուր ես: Քեզ գինի եմ բերել, վերցրու,- կուլիսներից մի տղա դուրս եկավ,- կօգնի: Մի հուզվիր:
- Շնորհակալ եմ,- Ջեսը վերցրեց գավաթը:
- Ի՞նչ ես անում էստեղ: Ներս արի, միասին խմենք:
- Հանդիսատեսին եմ ուսումնասիրում: Դու գնա, շուտով կգամ:
- Ջես,- ասաց տղան ու նայեց ուղիղ Ջեսի աչքերի մեջ,- սպասում եմ:
Հետ գնաց կուլիսներ:
Ջեսը մի կում արեց, գավաթը կողքը դրեց, շարունակեց ուսումնասիրել հանդիսատեսին: Բարի մոտ կանգնած Դանիելը նկատեց Ջեսին, ընդհատեց խոսակցությունը հետի տիկնոջ հետ:
- Հիմա կգամ,- ասաց ու մոտեցավ բեմին:
- Ջե՞ս: Ի՞նչ ես անում այստեղ: Արի, մեզ միացիր:
Ջեսը գույնը գցեց:
- Դե, դե, ի՞նչ ես ամաչում, արի, չենք կծում:
Ջեսը նայեց ժամացույցին:
- Համերգը հիմա կսկսվի:
- Դեռ մի քանի րոպե կա: Համ էլ բացողին լսելու հավես ով ունի:
- Ես,- ասաց Ջեսը,- ժամացույցդ սխալ է,- ոտքի կանգնեց, գավաթը պարզեց Դանիելին, բարձրացավ բեմ, մոտեցավ միկրոֆոնին, վերցրեց կիթառը: Դահլիճի լույսերը հանգեցին:
- Ողջույն: Ես Ջեսն եմ: Դամիեն Ռայսի համերգն այսօր ես եմ բացելու: Առաջին երգս կոչվում է «Քո մահն Իսպանական աստիճաններին»:

Վոլտերա
15.06.2016, 20:10
Գալի մոտեցումը շատ հետաքրքիր էր`աստիճան, բայց ոչ իր ամենաուղիղ իմաստով: Չնայած առաջադրանքի մեջ չէր էլ կոնկրետացված, թե աստիճանի որ մի իմաստը որպես սիմվոլ ներկայացնել:
Լուսանդրը ավելի պատմողական, նայիվ ոճով ա գրել, բայց էլի լավ ա կատարել առաջադրանքը
Բումը, նենց տպավորություն ա, էդ աստիճաններով շնչակտուր վազելուց ա գրել, կարծում եմ իր ուզածը լրիվ տեղ է հասել
Բյուրի առաջին կտորը շատ եմ հավանել` համ որպես լավ կատարված առաջադրանք, համ էլ որպես առանձին տեքստ: Երկրորդ մասը ոնց որ թե լավ չընկալեցի, նորից կկարդամ հեսա:
Գրողներին շատ շնորհակալություն :) իսկ ով չի գրել, շտապեք: Հլը ժամանակ մնացել ա

Ուլուանա
15.06.2016, 20:56
Մարի, իսկ էս թեմայում կարծիքներ կարո՞ղ ենք գրել, թե՞ պիտի սպասենք, մինչև ժամկետն ավարտվի, բոլորն արդեն դրած լինեն, նոր։

Հ.Գ. Կներեք հիասթափեցնելու համար, եթե անունս տեսնելով՝ կարծեցիք, թե ես էլ եմ տարբերակ գրել :oy :))։

ivy
15.06.2016, 21:21
Էս առաջադրանքներում միշտ էլ ընթացքում ասել֊խոսել ենք. հրեն, Մարին ինքն էլ ա ընթացքում գրել։

StrangeLittleGirl
15.06.2016, 21:32

Ուշադիր կարդա :)

Ուլուանա
15.06.2016, 21:41
Էս առաջադրանքներում միշտ էլ ընթացքում ասել֊խոսել ենք. հրեն, Մարին ինքն էլ ա ընթացքում գրել։
Դե, չէի հիշում նախորդները։ Ինձ թվաց՝ Մարին ուղղակի որպես կազմակերպիչ ա գրել :))։ Ուղղակի որ էս ամբողջ ընթացքում ոչ ոք կարծիք չէր գրել, դրա համար մտածեցի՝ գուցե ձևը տենց ա. պիտի ավարտվի, նոր գրենք։

ivy
15.06.2016, 21:57
Բյուր, «մի» բառը հատո՞ւկ ա գրված, թե վրիպակ ա:

Բարի մոտ կանգնած մի Դանիելը նկատեց Ջեսին, ընդհատեց խոսակցությունը հետի տիկնոջ հետ:

StrangeLittleGirl
15.06.2016, 22:15
Բյուր, «մի» բառը հատո՞ւկ ա գրված, թե վրիպակ ա:
Վրիպակ ա: Առավոտը նկատեցի: Թե դժվար չի, խմբագրի:

Վոլտերա
15.06.2016, 22:21
Մարի, իսկ էս թեմայում կարծիքներ կարո՞ղ ենք գրել, թե՞ պիտի սպասենք, մինչև ժամկետն ավարտվի, բոլորն արդեն դրած լինեն, նոր։

Հ.Գ. Կներեք հիասթափեցնելու համար, եթե անունս տեսնելով՝ կարծեցիք, թե ես էլ եմ տարբերակ գրել :oy :))։

Հենց առաջին տեքստից հետո էլ կարող եք քննարկումներ անել: Դեռ ուշի, կարծիքներ գրեք, ահագին էլ տարբերակներ կան

ivy
15.06.2016, 22:26
Բյուրի գրածը ես էսպես եմ հասկացել:

Առաջին պատկերում (աստիճանների վրա) Ջեսի հորինած Դանիելն է, երկրորդ պատկերում (համերգասրահում)՝ իսկականը: Առաջինում Ջեսն ու Դանիելը զույգ են, բայց դա իրական չի, երկրորդում՝ ընկերներ են, որն էլ իրականն է: Ջեսը քիչ-քիչ հեռանում է իր հորինած Դանիելից՝ թողնելով նրան աստիճանների վրա, որտեղ էլ պիտի կորչի էդ տեսիլքը. այստեղից էլ՝ «քո մահը իսպանական աստիճաններին»:

ivy
15.06.2016, 22:37
Կամ կարելի է էսպես էլ հասկանալ:

Երկու պատկերներն էլ իրական են, բայց տարբեր ժամանակներում կատարված: Առաջինում իրենք զույգ են, երկրորդում՝ չէ: Ու երկրորդ պատկերում Ջեսը հրաժեշտ է տալիս առաջինին, ավելի ճիշտ՝ էնտեղ թողած Դանիելին:

boooooooom
15.06.2016, 22:40
Բումը, նենց տպավորություն ա, էդ աստիճաններով շնչակտուր վազելուց ա գրել, կարծում եմ իր ուզածը լրիվ տեղ է հասել

Դե ես առաջին անգամ էի գրելու փորձ անում :oy. միշտ փորձել եմ ու չի ստացվել շարունակել, ավարտել:
Արդեն աչքերս փակել էի, որ քնեի, մեկ էլ տուկ-տուկ-տուկ, բացեմ տեսնեմ Մուսան ա եկել: Ու սենց արագ արագ գրեցի` ընթացքում զարմանալով, որ ամբողջական ա ստացվում:
Եվ միայն առավոտյան երբ արթնացա ու գիշերվա գրածս վերընթերցեցի, զգացի թե ինչքան կարելի էր դետալներ ավելացնել, համեմել հետաքրքիր լուծումներով...
Մյուս անգամ կփորձեմ ավելի "դանդաղ բարձրանալ", "շուրջս նայելով" :)
Շնորհակալություն :

Վոլտերա
15.06.2016, 22:42
Կամ կարելի է էսպես էլ հասկանալ:

Երկու պատկերներն էլ իրական են, բայց տարբեր ժամանակներում կատարված: Առաջինում իրենք զույգ են, երկրորդում՝ չէ: Ու երկրորդ պատկերում Ջեսը հրաժեշտ է տալիս առաջինին, ավելի ճիշտ՝ էնտեղ թողած Դանիելին:

Ես ավելի շատ հակված եմ երկու մասերի իրական լինելուն: Ինձ թվում է երկու մասերն էլ առանձին վերցրած շատ լավն էին, հատկապես` առաջինը, ու էդ երկուսի միջև կապը կարար և չլիներ: Մեկ ա երկու դեպքում էլ առաջադրանքը շատ լավ կատարված ա

Վոլտերա
15.06.2016, 22:44
Դե ես առաջին անգամ էի գրելու փորձ անում :oy. միշտ փորձել եմ ու չի ստացվել շարունակել, ավարտել:
Արդեն աչքերս փակել էի, որ քնեի, մեկ էլ տուկ-տուկ-տուկ, բացեմ տեսնեմ Մուսան ա եկել: Ու սենց արագ արագ գրեցի` ընթացքում զարմանալով, որ ամբողջական ա ստացվում:
Եվ միայն առավոտյան երբ արթնացա ու գիշերվա գրածս վերընթերցեցի, զգացի թե ինչքան կարելի էր դետալներ ավելացնել, համեմել հետաքրքիր լուծումներով...
Մյուս անգամ կփորձեմ ավելի "դանդաղ բարձրանալ", "շուրջս նայելով" :)
Շնորհակալություն :

Շնչակտուր վազք ասելուց նկատի չունեի, որ արագ-արագ, այսինքն էնքան որ մի բան գրելու համար ես գրել, չէ, հնարավոր ա որ կարճ ժամանակում ես գրել, դե տեքստը կարճ էլ ա, ուղղակի էդ շնչակտուրությունը հենց տեքստի մթնոլորտում կար ու դա շատ լավ էր, որովհետև ասելիքն էդ էր
հա, մյուս անգամներն էլ մասնակցի ^_^

Ուլուանա
15.06.2016, 22:59
Առաջին 6 աստիճանը չեմ հիշում: Հետո 14 աստիճան անհոգ էի բարձրանում: 21-րդ աստիճանից գնալով աստիճանաձողերի միջև հեռավոևությունը սկսեց նվազել: Երբ մի պահ կանգնեցի 35-րդ աստիճանի վրա , հետհայացք գցեցի ու շատ կարոտեցի 21-րդ աստիճանը: 37-րդ աստիճանն այսօր հաղթահարեցի: Չէ, մի բան պետք է արվի էս աստիճանաձողերի որակը լավացվի. էստեղից որ ընկել եմ է, "մեծ կտորը ականջս կմնա": Ախր շատ փշոտ փայտից են սարքել տնաշենները: Սենց որ գնաց, էն վերևներում լրիվ կփտի. ոտք դնել չի լինի: Ընենց էլ քարքարոտ տեղ են դրել: Մի հրաշք լիներ. մեկը ինձ իմ աստիճանի հետ գրկեր, տաներ մի ուղիղ տեղ դներ: Համ ես հեշտ կբարձրանայի, համ էն վերևի փտած ձողերը կփոխեի. ախր հետևիցս էլի մարդ կա բարձրացող...
Հետաքրքիր ա, ես կարդալիս Մարիի ասած շնչակտուրության զգացողությունը չեմ ունեցել։
Լավն էր, հավեսով կարդացի, իմաստալից էր, աստիճաններն՝ ըստ տարիքների, դիպուկ ու պատկերավոր էին նկարագրված։ Հատկապես երկրորդ կեսը շատ հավանեցի :)։

Մենակ մի միտք կար, որ, իմ կարծիքով, մի քիչ անբնական էր էս համատեքստում.

Երբ մի պահ կանգնեցի 35-րդ աստիճանի վրա , հետհայացք գցեցի ու շատ կարոտեցի 21-րդ աստիճանը:
Քանի որ տեքստն այլաբանական ա, գրված բոլոր մտքերը հաջողությամբ տեղավորվում են աստիճանների թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով ընկալման մեջ, իսկ կոնկրետ էդ նախադասությունը զուտ փոխաբերական իմաստով ա ընկալելի, ուղիղ իմաստով մի տեսակ անկապ ա. ասենք, սովորական աստիճաններով բարձրանալիս նշածդ բոլոր մտքերը մարդ կարող ա ունենալ, բայց դժվար թե կարոտ կամ թեկուզ նմանատիպ այլ զգացում ունենա հետևում մնացած որևէ աստիճանի նկատմամբ։

boooooooom
15.06.2016, 23:28
Մենակ մի միտք կար, որ, իմ կարծիքով, մի քիչ անբնական էր էս համատեքստում.

Ճիշտ ես. մանավանդ որ ես, մտքումս այլ բան եմ մտածել, իսկ գրվել է լրիվ ուրիշ բան: Կցանկանայի էդ մասում գրած լինեի այն մասին, որ 35-րդ աստիճանի վրա հետ նայելով, ես զգացի թե , ահագին աստիճան հաղթահարել եմ, բայց շատ քիչ եմ բարձրացել, որովհետև ինչպես դրանից առաջ նշել էի, աստիճանաձողերի միջև հեռավոևությունը գնալով փոքրքնում էր ու հեշտությամբ հաղթահարված հերթական աստիճանը շատ քիչ էր բարձրացնում:

boooooooom
16.06.2016, 11:54
Բյուրի գրածը ես էսպես եմ հասկացել:

Առաջին պատկերում (աստիճանների վրա) Ջեսի հորինած Դանիելն է, երկրորդ պատկերում (համերգասրահում)՝ իսկականը: Առաջինում Ջեսն ու Դանիելը զույգ են, բայց դա իրական չի, երկրորդում՝ ընկերներ են, որն էլ իրականն է: Ջեսը քիչ-քիչ հեռանում է իր հորինած Դանիելից՝ թողնելով նրան աստիճանների վրա, որտեղ էլ պիտի կորչի էդ տեսիլքը. այստեղից էլ՝ «քո մահը իսպանական աստիճաններին»:

Բեմի աստիճանների վրա նստած` Ջեսը դեռ համոզված չէր, որ ճիշտ որոշում է ընդունել, բայց Դանիելի հետ փոքրիկ զրույցը, "որոշիչ մի կաթիլն էր", որ պակասում էր:
Լավն էր SLG: Մանավանդ 2-րդ անգամ հանգիստ, առանց շտապելու վերընթերցելուց հետո:

boooooooom
16.06.2016, 12:36
Դանիելը Ջեսին տանում է մի բարձր տեղ, որտեղ Ջեսի հետ վախենում է մնալ, իսկ մենակ մտածում է, որ չի վախենա: Արդյոք Դանիելը Ջեսից վտանգ էր սպասում, թե ինքն էր չափազանց վախկոտ և չէր համարձակվում ասել մի բան, որը ավելի հեշտ ասեց, երբ ավելի մեծ վախի մեջ հայտնվեց:
Միգուցե ճիշտ չի բոլոր փակագծերը բացել և մանրամասն փորձել հասկանալ, բայց ես կցանկանայի, գոնե վերջում, հեղինակի կողմից մի քիչ բացատրություն լիներ. հետաքրքիր է, մենք ճիշտ ենք հասկացել?

StrangeLittleGirl
16.06.2016, 20:35
Բումը լավ էլ վերլուծել ա, չգիտեմ՝ ավելացնեմ, թե չէ :oy
Ամեն դեպքում, երկու տեսարաններն էլ իրական են, Իսպանական աստիճաններն էլ շատ կոնկրետ տեղ ա կոնկրետ ձևով նկարագրված, ու լրիվ ռեալ ա դրանց վերևում վախ ունենալը: Երկու տարբեր վախեր են երկու տարբեր աստիճանների վրա. մեկը բարձրությունից, մեկը՝ ելույթից: Բայց էդ երկու վախերի տակ ավելի կոնկրետ վախեր են թաքնված. մեկը մեկի հետ լինելու, մնալու հեռանկարը, մյուսը՝ բեմի վրա երգ կատարելն էն մարդու ներկայությամբ, որի մասին գրել ես երգը: Առաջին վախը չի հաղթահարվում, երկրորդը՝ հաղթահարվում ա: Հետո, առաջին տեսարանում Դանիելն ա վերևում մնում, երկրորդում՝ Ջեսը: Ու սենց լիքը կոնտրաստներ կան երկու տեսարանների միջև:

boooooooom
16.06.2016, 23:51
Ու սիրտը լցվեց Ֆերեշեթի, հայացքը երկինք պարզեց, մարգարեացավ, գլուխը խոնարհ իջեցրեց ու թքելով հողին, շաղախ սարքեց։

Այ էս մասում "թքեց գետնին շաղախ սարքեց"-ը չհասկացա. Ինչ ա էս մասը ուզում մեզ ասի?

boooooooom
17.06.2016, 00:23
Ով ա ինչ հասկացել Գալաթեաի գրածից? Զգում եմ, որ մի շատ կարևոր բան կարգին թաքցրել ա (ոնց որ էն կույրին)

Լուսանդր
18.06.2016, 09:35
Այ էս մասում "թքեց գետնին շաղախ սարքեց"-ը չհասկացա. Ինչ ա էս մասը ուզում մեզ ասի?

Երևի «կավ»-ն ավելի պարզ կլիներ։ Իմաստն ինչ-որ կպչուն ու բուժիչ բան սարքելն էր, որը կօգներ, որ փլուզվող աշտարակից գոնե մի աստիճան կանգուն մնար։

Micke
18.06.2016, 10:33
Երևի «կավ»-ն ավելի պարզ կլիներ։ Իմաստն ինչ-որ կպչուն ու բուժիչ բան սարքելն էր, որը կօգներ, որ փլուզվող աշտարակից գոնե մի աստիճան կանգուն մնար։

Նմանատիպ մի բան կա Հովհաննեսի ավետարանում գրված: Ի ծնե կույրին բերում են Հիսուսի մոտ և խնդրում բժշկության հրաշք: Հիսուսը թքում է հողին, սարքում մածուծիկ շաղախ ու քսում կույրի աչքերին, ապա պատվիրում որ գնա լվացվի, որից հետո կույրը կարողանում է տեսնել:

Լուսանդր, այս պատմությունն ես որպես պռոտոտիպ վերցրել? Մանավանդ այս վերջին "ինչ որ բուժիչ մի բան սարքելն էր" շատ է նման աստվածաշնչյան պատմությանը:

Լուսանդր
18.06.2016, 19:37

Դու այդպես ասացիր: :)