PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հայը, թուրքն ու Ադանայի քյաբաբը



Micke
31.05.2016, 10:06
Հայ, Թուրք և Ադանա քյաբաբ։

Եթե թուրքերը կարողանային ներում խնդրել...
Եթե հայերը կարողանային ներել...
Կարո՞ղ է ոճրագործը երբևե գիտակցել իր զոհին պատճառած ցավի ոչ միայն ֆիզիկական կողմը, այլ նաև նրա ենթագիտակցության մինչև ամենախորին շերտերին հասնող տառապանքը։
Փորձը ցույց է տալիս որ կարո՛ղ է։
Կարո՞ղ է զոհը ազատվել իրեն հետապնդող, իրեն ցավեցնել ցանկացող ոճրագործին իր մտքի պատկերասրահում ամեն օր նկարելուց ու անդադար տառապելուց։
Ավելի՛ դժվար է, բայց... կարո՛ղ է։
Վիեննայի օդանավակայանում եմ՝ Շվեխատում։ Երևանից եկող ընկերոջս եմ սպասում։ Ձանձրանում եմ։
Սպասասրահում ինչպես իմ տղաներն են անվանում «մեքի» կա, այսինքն Մըք Դոնալդս։ Սուրճ եմ պատվիրում՝ վիեննական մելանժ։ Սպասում եմ։ Ձանձրալի է։
Դիմացս մի երիտասարդ է նստած։ Խնամված սև մորուքով, ժելեյած սև մազերով, սև աչք ու ունքով, թուխ մաշկ ու կարմիր փողկապով։
Թու՛րք է՝ կռահում եմ անմիջապես։
Օդանավակայանի վարրորդական ծառայությունում աշխատող բազմաթիվ թուրքերից մեկը։
Ավստրիացին մեզ չի տարբերի իրարից։ Նրա համար մենք երկուսս էլ իրար նման ենք՝ ես էլ ունեմ սև մազեր, սև աչք ու ունք, թուխ մաշկ, բայց չունեմ կարմիր փողկապ։
Ըստ երևույթին երիտասարդն էլ չի կարողանում մեր տարբերությունը գտնել։
- Թյուրք մը՞ սան։
- Չէ՛թուրք չեմ,- պատասխանում եմ գերմաներեն, ապա որպեսզի հաստատ հասկանա որ հայ եմ՝ թուրքերենով ավելացնում սադրիչ,- էրմենի եմ, էրմենիստանից։
Երիտասարդը մի պահ լռում է։ Չգիտի ինչ խոսի։ Ես էլ եմ լուռ՝ բայց այն պատճառով, որովհետև մելանժս եմ ֆռթացնում։
- Թուրքիայի ո՞ր մասից ես,- հարցնում եմ անմիջական։
- Ադանայի՛ց։ Լսա՛ծ կլինես երևի՝ Ադանա Քյաբաբ,- պատասխանում է մաքուր՝ գերմաներեն առոգանությամբ։ Պարզ է՝ այստեղ ծնված երկրորդ սերնդի թուրքերից է։
Ժպտու՛մ եմ ցավով, կորա՜ծ բայց երբե՛ք չմոռացված հայրենիք...
- Ադանան իմ մոտ քյաբաբի հետ չի ասոցացվում, այլ իր նախկին տերերով։
Չհասկանալով ինձ է նայում։
- Վաս մա՞յնստ դու՝ ի՞նչ նկատի ունես։
- Սիս, Զեյթուն, Տարսոն կամ ինչպես դուք եք անվանում Թարսիս։ Գիտե՞ս այդ քաղաքները։
Երիտասարդն ուրախանում է ծանոթ անուններ լսելով։
- Յա՛ յա, նաթյուրլիխ՝ այո՛ այո՛ բնականաբար։ Որտեղի՞ց գիտես։
- Այդ քաղաքների նախկին տերերը հայե՛րն էն եղել։
Անվստահ հայացքով ինձ է նայում։
- Ես երբ արձակուրդներիս Ադանա եմ գնում, հայ տեսած չկամ։
Իհարկե՛ որտե՞ղից տեսնես։
- Քի՛չ են, բայց կա՛ն, թաքցնու՛մ են իրենց հայ լինելը,- ասում եմ ես,- բայց շատ մեծ մասը՝ ճիշտ էս ասում այլև չկա։
- Ինչու՞։
- Գիտե՞ս մեզ մոտ դաժան, մարդասպան, անմարդկային, արյունարբու, անկիրթ բառերի հոմանիշը որն է,- հարցին հարցով եմ պատասխանում։
Զարմացած պլըշում է վրաս.
- Որը՞։
- Թուրք բառն է։ Հայը հային այդպիսի բառերով հայհոյելու փոխարեն, պարզապես ասում է « դու թուրք ես» Դա ծա՛նր վիրավորանք է։
- Իսկ գիտե՞ս թե տատս ինձ ու եղբորս ինչպես էր հայհոյում երբ չարաճճիություն էինք անում,- երիտասարդը փորձում է ռևա՛նշ վերցնել։
Ուսերս թափ եմ տալիս. որտեղի՞ց իմանամ՝ դու՛, քո տա՛տը։
- Հայի թուլա էր անվանում։
- Տատդ իսկական թու՛րք է։
- Հա իհարկե՛,-չնկատելով հեգնանքը շարունակում է նա,- հայը մեր մոտ հոմանիշն է խաբեբայի, սրիկայի, գողի, խարդախի, ստորի...
« Ցավոք երբեմն մեր մոտ նույնպես» մտածում եմ ես թաքուն։
- Ինչքա՞ն է մեր ազգերի մեջ այս վիճակը շարունակվելու,- ավելի շուտ ինքն իրե՛ն է հարցնում թուրքը։
- Մինչև թուրքերը կարողանան ներու՛մ հայցել։
Մինչև Հայերը ի վիճակի՛ կլինեն, պատրա՛ստ կլինեն ներելու...
Անհարմար պատասխան թուրքի համար։
Անհարմար պատասխան հայի համար։
Երիտասարդը գլուխը տմբտմբացնելով ոտքի է կանգնում՝ պետք է գնա։ Ես՝ նույնպես։
Գալու է՞ այդ ժամանակը։
Գալու՛ է այդ ժամանակը։

Հ.գ.
Երբ այս պատմություն պատմվածքը գրում էի, Ադրբեջանի ապրիլյան լկտիությունը դեռ չէր սկսվել: Գիտեմ, շատերը մտածում են` թուրքին ներում չկա. Համաձայն եմ` եթե հանցագործը չի զղջում արարքի համար, ներում չի հայցի, հետևաբար չի ներվի: Բայց ինչ, եթե մի օր այնտեղ սերունդ բարձրանա, ով կհրաժարվի իր ոճրագործ հայրերից? Ուտոպիա է? Միգուցե...

Պարզ է սակայն մի բան. այս տարածքներից ոչ իրենք կվերանան, ոչ էլ մենք: Է բա հետո? Ոչ մենք իրենց կոչնչացնենք (ազգ ոչնչացնելու ոչ փորձ ունենք, ոչ հմտություն, ոչ էլ ցանկություն) Ոչ էլ իրենք մեզ կոչնչացնեն (պարզապես շատ պնդաճակատ ենք, չենք ցանկանում վերանալ)
Իսկ ատելությունը շարունակում է իր արյունոտ գործը:
Բա լավ սրա վերջն ինչ է լինելու?

Sambitbaba
31.05.2016, 10:22
Վերջը լավ կլինի::)

Micke
31.05.2016, 10:30
Հա, սաղ վերջից գալացողներն էտ են ասում.

Sambitbaba
31.05.2016, 10:45
Հա, սաղ վերջից գալացողներն էտ են ասում.
Վերջից գալացողն ի՞նչ է...

... Հասկացա...

Բայց ինձ չէր թվում, թե ինչ-որ վատ բան ասացի... Տխուր պատմություն էիր գրել, իրոք որ` մեծ հարցականի տակ... Ու ճիշտն ասած, ես էլ չգիտեմ դրա լուծումը... Եվ սակայն Ավստրիայում ծնված թուրքին (երևի Թութրքիայում ծնվածին էլ` սովորական պայմաններում) չէի կարողանա ասել, որ հայերը քֆուրի տեղ թուրք են ասում... Բայց ես քեզ չեմ մեղադրում, ավելի շուտ, դու ինձ պետք է մեղադրես: Ուղղակի ես էլ էմ ցավում այդ վիճակի համար, ու շատ մեծ ցանկություն ունեմ, որ ամեն ինչ լավ լինի...
Նույնիսկ անկախ իմ վերջից գալացող լինելուն...:(

Micke
31.05.2016, 11:02
Սամ ջան դու ոչ մի վատ բան չես ասել, ես էլ վատով չեմ ընդունել։ Ուղղակի կատակեցի։ Սաղ լավա։

Lion
02.06.2016, 12:02
Չէի տեսել - ապրես, հիանալի էր, դուրս շատ եկավ` զգացմունքային ֆոնը, հարցի արժեքը, կառուցվածքը, կուռ տրամաբանությունը, սկիզբն ու վերջը - ես իրական կյանքում երբեք իրական թուրք չեմ տեսել, հազիվ մի քանի ադրբեջանցի, ու միշտ ինձ հետաքրքիր է, ինձ ոնց կպահեմ, ինչ կասեմ: Համենայն դեպս հաստատ որոշել եմ, ոչ մի կոպտություն, երևի քո այս պատմվածքի հերոսի պես...

Micke
02.06.2016, 13:44
Լիոն ջան պատմվածքի հերոսը ես եմ, սա մի իրական խոսակցություն էր, որը մոտ երկու տարի առաջ տէղի ունեցավ։
Կարծիքիդ համար շնորհակալ եմ։

Lion
02.06.2016, 17:00
Դե... հերոսի պահով հասկանալի է, սպասելի էր, բայց այն, որ ամեն ինչ գեղեցիկ, ճաշակով ես արել, այ դրա համար ապրես :)