PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջորջ Մարտին «Գահերի խաղը»



impression
31.03.2016, 01:16
ժողովուրդ, որոշեցի գրքի թարգմանությունը կամաց-կամաց դնել էստեղ, բայց ի տարբերություն ֆեյսբուքի՝ ոչ թե հատվածներ, այլ ամբողջական գլուխներով, համ էլ մոտիվացիաս կավելանա:

Խնդրում եմ հիշել, որ տեղադրված տեքստն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ խմբագրված չէ, կան բազմաթիվ վրիպակներ ու սխալներ, խնդրում եմ մոտենալ ըմբռնումով:

Եվ այսպես,
ՆԱԽԱԲԱՆ

- Լավ կլինի՝ հետ գնանք,- պնդեց Գարեդը, երբ իրենց շուրջ անտառը սկսեց մթնել: - Վայրենիները մեռած են:
- Մեռելները քեզ վախեցնու՞մ են,-հարցրեց Սըր Վայմար Ռոյսը՝ թեթև ժպիտով:
Գարեդը խայծը կուլ չտվեց: Նա ծեր էր, հիսունն անց, ու գլխով շատ իշխանավորներ էին անցել:
- Մեռելը մեռել է,-ասաց նա,-մենք մեռելների հետ գործ չունենք:
- Բայց մեռե՞լ են արդյոք,-մեղմ հարցրեց Ռոյսը: - Ի՞նչ ապացույց ունենք:
- Ուիլլն է տեսել նրանց,-ասաց Գարեդը: - Եթե ինքն ասում է, որ մեռած են, դա արդեն բավարար ապացույց է ինձ համար:
Ուիլլը գիտեր, որ իրեն վաղ թե ուշ վեճի մեջ են ներքաշելու: Ուզում էր, որ դա հնարավորինս ուշ լինի:
- Մայրս ասում էր, որ մահացածները երգեր չեն երգում,-ասաց նա:
- Դայակս էլ էր նույնն ասում, Ուիլլ,- պատասխանեց Ռոյսը: - Երբեք մի հավատա կանանց կրծքերի մոտ լսած որևէ բանի: Նույնիսկ մեռելներից սովորելու բաներ կան:
Նրա ձայնը չափազանց բարձր արձագանքեց մթնող անտառում:
- Մեզ երկար ճանապարհ է սպասվում,-նշեց Գարեդը: - Ութ օր, գուցե ինը: Գիշերն էլ վրա է հասնում:
Սըր Վայմար Ռոյսն անտարբերությամբ նայեց երկնքին:
- Այն վրա է հասնում ամեն օր, մոտավորապես այս ժամին: Վախենու՞մ ես մթությունից, Գարեդ:
Ուիլը տեսնում էր Գարեդի շուրթերի լարվածությունը, հազիվ զսպված զայրույթն աչքերում՝ թիկնոցի հաստ, սև վեղարի տակ: Գարեդը քառասուն տարի էր անցկացրել Գիշերազորում, դեռ մանուկ հասակից, ու ծաղրի ենթարկվելուն սովոր չէր: Մինչդեռ, դա ամենը չէր: Խոցված հպարտության ներքո Ուիլն ինչ-որ ուրիշ բան էր զգում ծերունուց: Դրա համն էր զգում՝ նյարդային լարվածություն էր, որը վտանգավոր չափի մոտենում էր վախի զգացողությանը:
Ուիլը կիսում էր նրա անհանգստությունը: Չորս տարի էր, ինչ Պատի վրա էր: Երբ առաջին անգամ իրեն Պատից այն կողմ ուղարկեցին, բոլոր լսած հին հեքիաթները վերակենդանացան, ու վախից լեղին ջուր կտրեց: Հետո դրա վրա ծիծաղում էր: Մինչ այս պահն արդեն հարյուրավոր արշավներ տեսած հետախույզ էր, և անվերջորեն մռայլ թավուտները նրա, ինչը հարավցիներն անվանում էին Կախարդված անտառ, այլևս սարսափելի չէին իր համար:
Մինչ այս երեկո: Այս երեկո ինչ-որ բան ուրիշ էր: Ինչ-որ բան կար մթության մեջ, որից փշաքաղվում էր: Ինն օր շարունակ արշավել էին դեպի հյուսիս, ապա՝ հյուսիս-արևմուտք, ապա՝ կրկին հյուսիս, ավելի ու ավելի հեռանալով Պատից, մի կերպ բռնած վայրենի հետախույզների խմբի հետքը: Ամեն նոր օր նախորդից ավելի վատն էր: Այսօր ամենավատ օրն էր: Հյուսիսից սառը քամի էր փչում, որից ծառերը նմանվում էին շարժվող կենդանի արարածների: Ամբողջ օրը Ուիլն այն զգացողությունն էր ունեցել, թե ինչ-որ բան հետևում է իրեն, ինչ-որ սառն ու անողոք մի բան, որին ինքը դուր չէր գալիս: Գարեդն էլ էր նույնը զգացել: Ուիլլն այլ բան չէր ուզում, քան քառատրոփ սլանալ դեպի Պատի ապահովությունը, բայց դա այն զգացողությունը չէր, որով կարելի էր կիսվել հրամանատարի հետ:
Հատկապես սրա նման մեկի:
Սըր Վայմար Ռոյսը բազմաթիվ ժառանգներ ունեցող հինավուրց տոհմի ամենափոքր զավակն էր: Նա տասնութ տարեկան գեղեցիկ երիտասարդ էր, ուներ մոխրագույն աչքեր, և դանակի սայրի պես նրբագեղ էր ու բարեկազմ: Իր հսկայական սև նժույգին բազմած՝ նա ավելի բարձր էր, քան Ուիլլն ու Գարեդն իրենց առավել փոքր ձիերով: Նա կրում էր սև կաշվե կոշիկներ, սև բրդե տաբատ, խլուրդի մորթուց սև ձեռնոց ու եփված կաշվի ու սև բրդի շերտերի վրայից՝ պսպղացող սև օղազրահից մի հրաշալի մուշտակ: Դեռ կես տարի էլ չկար, ինչ Սըր Վայմարը Գիշերազորի Երդվյալ եղբայրն էր դարձել, բայց ոչ ոք չէր կարող ասել, թե նա պատրաստ չէր իր պաշտոնին: Գոնե հագուստը լավ էր ընտրված:
Թիկնոցն իր հպարտությունն էր՝ մռայլ, հաստ, սև ու մեղքի նման հաճելի:
- Գրազ գանք, նրանց բոլորին ինքն է սպանել, իր ձեռքով,-ասում էր Գարեդը զինանոցում գինի խմելիս,-մեր այս հուժկու զորավարը ոլորել է նրանց բարալիկ վզերը:
Բոլորը ծիծաղից թուլանում էին:
«Դժվար է կատարել այն մարդու հրամանները, ում վրա բաժակդ ձեռքիդ ծիծաղել ես»,-մտածում էր Ուիլլը՝ ձիու վրա նստած ցրտից դողալով: Պետք է որ Գարեդը նույնը զգար:
- Մորմոնտն ասաց, որ պետք է հետևենք նրանց, մենք էդպես էլ արեցինք,-ասաց Գարեդը:
- Նրանք մեռած են: Մեզ այլևս չեն անհանգստացնի: Մեզ ծանր արշավ է սպասվում: Այս եղանակն ինձ դուր չի գալիս: Եթե ձյուն տեղա, հետդարձը երկու շաբաթ կձգվի, իսկ ձյունն ամենալավն է, որ կարող է գլխներիս գալ: Երբևէ սառցե մրրիկ տեսե՞լ եք, միլորդ:
Իշխանը, թվում էր, թե չէր լսում նրան: Նա կիսաձանձրացած, կիսավերացած հայացքով ուսումնասիրում էր խորացող աղջամուղջը: Ուիլը նրա հետ բավականաչափ արշավել էր՝ իմանալու համար, որ լավ կլինի նրան չանհանգստացնել, երբ նման հայացք էր ունենում:
- Մի անգամ էլ պատմիր, թե ինչ ես տեսել, Ուիլ: Բոլոր մանրամասներով: Ոչինչ բաց չթողնես:
Մինչև Գիշերազորին միանալը Ուիլը որսորդ էր եղել: Ավելի ճիշտ՝ որսագող: Մալիստերի արշավորդները նրան բռնել էին Մալիստերին պատկանող անտառներում՝ ձեռքերն արյան մեջ կորած, Մալիստերին պատկանող այծյամներից մեկին մաշկելուց, ու նրան կանգնեցրել էին ընտրության առջև՝ կամ ձեռքն էին կտրելու, կամ նա պետք է սև հագուստ կրեր: Ոչ ոք չէր կարողանում Ուիլի նման անշշուկ շարժվել անտառում. սև եղբայրները շատ շուտ բացահայտեցին նրա այդ տաղանդը:
- Ճամբարը երկու մղոն այն կողմ է, գագաթից այն կողմ, գետի եզրին,-ասաց Ուիլը:-Ինչքան հնարավոր էր՝ մոտ գնացի: Նրանք ութն են, կին և տղամարդ: Երեխաներ չտեսա: Հանգստանալու տեղ էին սարքել ժայռի մոտ: Ձյունն այն ահագին ծածկել էր, բայց միևնույն է, կարողացա նշմարել: Կրակ չէր վառվում, բայց խարույկի տեղը ցերեկվա պես պարզ երևում էր: Ոչ մեկը չէր շարժվում: Ես երկար նայեցի: Ոչ մի կենդանի մարդ երբևէ այդքան անշարժ չի եղել:
- Արյուն տեսա՞ր:
- Չէ, չտեսա,-ընդունեց Ուիլը:
- Իսկ զե՞նք:
- Մի քանի թուր, մի քանի աղեղ: Մեկի մոտ կացին կար: Ծանր, կրկնակի շեղբով, մետաղե, ահարկու տեսք ուներ: Այն գետնին էր, այդ մարդու կողքին, հենց ձեռքի մոտ:
- Մարմինների դիրքը ուսումնասիրեցի՞ր:
Ուիլն ուսերը վեր քաշեց:
- Մի երկուսը նստած էին՝ ժայռին հենված: Շատերը գետնին էին: Ոնց որ ընկած լինեին:
- Կամ քնած,-նշեց Ռոյսը:
- Ընկած,-պնդեց Ուիլը:-Ծառի վրա, ճյուղերի արանքում մի կին կար: Աչքերը բաց էին, հեռուն էր նայում: - Նա թեթև ժպտաց:- Փորձեցի աննկատ մնալ: Երբ մոտեցա, հասկացա, որ ինքն էլ չէր շարժվում: - Ակամայից դողաց:
- Մրսու՞մ ես,-հարցրեց Ռոյսը:
- Մի քիչ,-մրթմրթաց Ուիլը:- Քամի է, միլորդ:
Երիտասարդ ասպետը շրջվեց դեպի իր սրտնեղած թիկնապահները: Սառած տերևները սոսափեցին նրանց հետևում, Ռոյսի նժույգն անհանգիստ շարժվեց:

(շարունակելի)

impression
31.03.2016, 01:16
- Ի՞նչ ես կարծում, ի՞նչը կարող էր սպանել այդ մարդկանց, Գարեդ,-Սըր Վայմարը հարցրեց ի միջի այլոց: Նա ուղղեց իր երկար սև թիկնոցի փեշը:
- Ցուրտը,-անսասան համոզմունքով ասաց Գարեդը:- Ես տեսել եմ, թե ոնց էին մարդիկ սառել անցած ձմեռ, ու դրա նախորդ ձմռանն էլ, երբ ես դեռ պատանի էի: Բոլորը խոսում են քառասուն ոտնաչափ խորությամբ ձյան մասին, այն մասին, թե ինչպես է սառցե քամին ոռնալով գալիս հյուսիսից, բայց իրական թշնամին ցուրտն է: Այն ավելի աննկատ է վրա հասնում, քան Ուիլը, սկզբից դողում ես, ու ատամներդ են կափկափում, երազում ես գինու և տաք խարույկի մասին: Ցուրտը նույնպես այրում է: Ոչինչ այնպես չի այրում, ինչպես ցուրտը: Բայց միայն սկզբից: Հետո այն մտնում է մարմնիդ մեջ ու սկսում լցնել քեզ, ու որոշ ժամանակ անց ուժ չես ունենում դրա դեմ պայքարելու: Ավելի հեշտ է ուղղակի նստել կամ քնել: Ասում են, որ վերջում էլ ընդհանրապես ցավ չես զգում: Սկզբից թուլանում ես ու քունդ է տանում, ամեն ինչ սկսում է մշուշվել, հետո քեզ թվում է, թե խաղաղ սուզվում ես տաք կաթի ծովը:
- Ինչպիսի պերճախոսություն, Գարեդ,-նկատեց Սըր Վայմարը:-Երբեք չէի մտածի, թե կարող ես էդպես:
- Ես ցուրտը զգացել եմ, իշխան,-Գարեդը հետ քաշեց վեղարը՝ Սըր Վայմարին թույլ տալով երկար զննել այն մասերը, որտեղ առաջ իր ականջներն էին: - Երկու ականջ, երեք ոտնամատ ու ձախ ձեռքիս ճկույթը: Դեռ լավ եմ պրծել: Մենք եղբորս գտանք դիտակետում սառած՝ դեմքին ժպիտ:
Սըր Վայմարը ուսերը թոթվեց:
- Պետք է ավելի տաք հագնվել, Գարեդ:
Գարեդը կատաղած նայեց իշխանին, սպիները, որոնք մնացել էին, երբ Մայստեր Աեմոնն իր ականջները կտրեց, զայրույթից կարմրեցին:
- Դեռ կտեսնենք, թե ինչքան տաք կհագնվես, երբ ձմեռը գա:
Նա վեղարը քաշեց գլխին և լուռ ու խոժոռ թեքվեց երիվարի վրա:
- Եթե Գարեդն ասում է, որ պատճառը ցուրտն էր...,-սկսեց Ուիլը:
- Անցյալ շաբաթ դիտակետում եղե՞լ ես, Ուիլ:
- Այո, միլորդ:-Շաբաթ չէր անցնում առանց մի դյուժին գրողի տարած հերթափոխի: Ի՞նչ էր ուզում ասել դրանով:
- Պատի մասին ի՞նչ կասես:
- Հալչում էր,-ասաց Ուիլը հոնքերը կիտելով: Հիմա հասկացավ, թե իշխանը ինչ նկատի ուներ:- Չէին կարող սառած լինել: Ոչ այն դեպքում, երբ հալչում էր Պատը: Ուրեմն բավականաչափ ցուրտ չէր:
Ռոյսը գլխով արեց:
- Խելացի տղա ես: Անցյալ շաբաթ մի քանի թեթև սառնամանիքներ տեսանք ու մի երկու թեթև ձնաբուք, բայց հաստատ այնպիսի ցուրտ չէր, որ սպաներ ութ չափահաս մարդու: Մարդկանց, որոնք փաթաթված էին մորթու ու կաշվի մեջ, թույլ տվեք հիշեցնել, օթևանն էլ մոտ էր, կրակ անելու հնարավորություն էլ կար:- Իշխանն ինքնավստահ ժպտաց.
- Ուիլ, տար մեզ այնտեղ: Ուզում եմ այդ մեռյալներին ինքս տեսնել:
Ուրիշ էլ ինչ էր մնում անելու: Հրամանը տրված էր, երդումը ստիպում էր հնազանդվել:
Ուիլը դիմացից էր գնում, իր քրջոտ փոքրիկ երիվարը զգուշորեն էր ոտքերը փոխում մացառուտների մեջ: Նախորդ գիշեր մի քիչ ձյուն էր տեղացել, ու ծածկել էր քարերը, արմատներն ու փոսերը, որոնք սպասում էին անուշադիր ու անհոգ մեկին: Հետո իր անհամբերությամբ փռնչացող հսկա սև նժույգի վրա գնում էր Սըր Վայմար Ռոյսը: Մարտաձին սխալ փոխադրամիջոց էր արշավների ժամանակ, բայց ով կփորձեր նման բան ասել իշխանին: Գարեդը գնում էր վերջում: Ծեր թիկնապահն իրեն-իրեն մրթմրթում էր քշելու ընթացքում:
Աղջամուղջը խորանում էր: Անամպ երկինքը մուգ մանուշակագույն էր դարձել, հին վերքի գույնի, ապա փոխվեց սևի: Աստղերը սկսեցին հայտնվել: Կիսալուսինը երևաց: Ուիլը շնորհակալ էր լույսի համար:
- Մենք վստահաբար ավելի արագ կարող ենք գնալ,-ասաց Ռոյսը, երբ լուսինը լրիվ դուրս եկավ:
- Ոչ այս ձիով,-ասաց Ուիլը: Վախն իրեն հանդուգն էր դարձրել: -Գուցե ձերդ մեծությու՞նն է ցանկանում առաջնորդել:
Սըր Վայմար Ռոյսը չբարեհաճեց պատասխանել:
Ին-որ տեղ անտառի խորքում մի գայլ ոռնաց:
Ուիլն իր երիվարը կանգնեցրեց մի հինավուրց, ծուռումուռ ծառի մոտ ու իջավ վրայից:
- Ինչու՞ կանգ առար,-հարցրեց Սըր Վայմարը:
- Ավելի լավ կլինի մնացած ճանապարհը ոտքով գնալ, միլորդ: Հենց գագաթի մոտ է:
Ռոյսը մի պահ սպասեց՝ մտածկոտ դեմքով սևեռված հեռու ինչ-որ կետի: Ծառերի արանքից սառը քամի փչեց: Նրա ծանր սև թիկնոցը ծածանվեց մեջքին, ասես կենդանի արարած լիներ:
- Ինչ-որ բան այն չէ,-մրթմրթաց Գարեդը:
Իշխանն արհամարհական ժպտաց նրան:
- Իրո՞ք:
- Չե՞ք զգում,-հարցրեց Գարեդը:-Ականջ դրեք մթությանը:
Ուիլը զգում էր: Գիշերազորում անցկացրած չորս տարիների ընթացքում ոչ մի անգամ այսօրվա պես չէր վախեցել: Ի՞նչ էր դա:
- Քամին, ծառերի սոսափյունը, գայլը, ո՞ր մի ձայնն է քեզ այդպես վախեցնում, Գարեդ:
Գարեդը չպատասխանեց, իսկ Ռոյսը ճարպկորեն ցատկեց թամբից: Նա նժույգը կապեց ծառի ներքև թեքված ճյուղից, մյուս ձիերից հեռու, ու թուրը հաեց պատյանից: Դրա կոթին փայլեցին գոհարները, լուսնի լույսը սահեց փայլուն շեղբի վրայով: Դա մի հոյակապ զենք էր, ամրոցում կռած, և տեսքից նոր էր երևում: Ուիլը կասկածում էր, թե այն երբևէ ճոճվել է ցասման պահին:
- Ծառերն այստեղ խիտ են,-զգուշացրեց Ուիլը:-Այդ թուրը ձեզ կխճճի, ավելի լավ կլինի դաշույն վերցնեք:
- Եթե հրահանգների կարիք ունենամ, կասեմ,-ասաց երիտասարդ իշխանը:-Գարեդ, մնա այստեղ, պահպանիր ձիերին:
Գարեդը ձիուց իջավ:
- Պետք է խարույկ վառել, ես կհոգամ այդ մասին:
- Ա~յ քեզ ծեր հիմար: Եթե անտառում թշնամիներ կան, խարույկը մեզ ընդհանրապես պետք չէ:
- Որոշ թշնամիների խարույկը հետ կպահի,-ասաց Գարեդը:-Արջեր, դիվագայլեր և... և ուրիշ բաներ:
Սըր Վայմարի բերանը դարձավ սեղմված գիծ.
- Ոչ մի խարույկ:
Գարեդի վեղարը ստվերում է դեմքը, բայց Ուիլը տեսավ թե նրա աչքերն ինչ դաժանությամբ էին փայլում, երբ նայում էր ասպետին: Մի պահ վախեցավ, թե տարեց մարդը ձեռքը կտանի թրին: Դա մի կարճ, տգեղ իր էր, կոթը գույնը գցել էր քրտինքից, շատ գործածելու պատճառով ծայրը ծռմռվել էր, բայց եթե Գարեդն այն պատյանից հաներ, Ուիլն իշխանի կյանքի համար գրոշ էլ չէր տա:
Ի վերջո Գարեդը հայացքն իջեցրեց.
- Ոչ մի խարույկ,- ցածր, քթի տակ մրթմրթաց նա:
Ռոյսը դա ընդունեց որպես համաձայնության նշան ու շրջվեց.
- Ցույց տուր ճանապարհը,-ասաց Ուիլին:

(շարունակելի)

impression
31.03.2016, 01:17
Ուիլը մացառուտների միջով ճամփա բացեց, հետո սկսեց բարձրանալ լանջով դեպի ցածր գագաթը, որտեղ հարմար դիրքավորվել էր պահապան ծառի տակ: Բարակ սառույցի տակ գետինը խոնավ էր ու ցեխոտ, ոտքերը սահում էին քարերի ու թաքնված արմատների լարած ծուղակների վրա: Ուիլն անաղմուկ էր մագլցում: Իր հետևոմ նա լսում էր տերևների սոսափյունը, իշխանի մետաղյա օղազրահի մեղմ զնգզնգոցն ու ցածր հայհոյանքները, երբ ճյուղերը կառչում էին թրից կամ հրաշալի սև թիկնոցից:
Հսկա պահապան ծառն այնտեղ էր, ամենավերևում: Ծառի ամենացածր ճյուղերը համարյա կպած էին գետնին: Ուիլը ճյուղերի արանքից ներս սողոսկեց՝ փորսող տալով ձյան ու ցեխի մեջ, ու նայեց ցած՝ ներքևում գտնվող բացատին:
Սիրտը կանգ առավ կրծքավանդակում: Մի պահ չէր համարձակվում շնչել: Լուսնի լույսն ընկնում էր բացատի, խարույկի մոխիրների, ձնապատ ծածկերի, ժայռի, փոքրիկ կիսասառած գետի վրա: Ամեն ինչ այնպես էր, ինչպես եղել էր մի քանի ժամ առաջ:
Միայն նրանք չկային: Բոլոր մարմիններն անհետացել էին:
- Աստվածներ,-լսվեց հետևից: Սըր Վայմար Ռոյսի թուրը ճյուղերն էր թրատում, երբ նա բարձրանում էր դեպի գագաթը: Նրա հոյակապ ուրվագիծը երևաց աստղերի լույսի տակ, երբ նա կանգնեց պահապան ծառի մոտ, թուրը ձեռքին, քամուց փողփողացող թիկնոցով:
- Կռացեք,-արագ շշնջաց Ուիլը:-Ինչ-որ բան այն չէ:
Ռոյսը չշարժվեց: Նա նայեց ցած՝ դատարկ բացատին ու ծիծաղեց.
- Ոնց որ թե մեռելներդ ճամբարը տեղափոխել են, Ուիլ:
Ուիլը ձայն չէր կարողանում հանել: Խոսքեր էր փնտրում ու չէր գտնում: Սա հնարավոր բան չէր: Նրա հայացքը, որ հետ ու առաջ սահում էր լքված ճամբարի վրայով, կանգ առավ կացնի վրա: Հսկայական երկշեղբ մարտական կացին էր, որը դեռևս ընկած էր այնտեղ, որտեղ Ուիլն այն տեսել էր: Հրաշալի զենք...
- Ոտքի, Ուիլ,- հրամայեց Սըր Վայմար Ռոյսը:-Այստեղ ոչ ոք չկա: Ես չեմ հանդուրժի թփերի հետևում քո թաքնվելը:
Ուիլը դժկամությամբ հնազանդվեց:
Սըր Վայմարը վերևից նայում էր նրան՝ ակնհայտ դժգոհությամբ:
- Ես իմ առաջին արշավը կատարյալ ձախողած չեմ վերադառնա Սև ամրոց: Մենք կգտնենք այդ մարդկանց: - Նա շուրջը նայեց:- Բարձրացիր ծառը, շուտ արա: Կրակի լույս փնտրիր:
Ուիլը լուռ շրջվեց: Վիճելն անիմաստ էր: Քամին ուժգնանում էր: Այն ասես անցներ իր մարմնի միջով: Նա մոտեցավ ծառին, որը կամարակերպ մոխրա-կանաչագույն պահապան ծառ էր, ու սկսեց մագլցել: Շուտով ձեռքերը թրջվեցին բուսահյութից, նա կորավ փշերի արանքում: Սարսափը գալարվում էր աղիքներում, ինչպես ուտելիք, որ չէր կարողանում մարսել: Նա աղոթք մրմնջաց առ անտառի անանուն աստվածներ,ու դաշույնը հանեց պատյանից: Այն բռնեց ատամներով, որպեսզի երկու ձեռքերն էլ ազատ լինեն մագլցելու համար: Սառը երկաթի համը բերանում մի փոքր մխիթարեց նրան:
Ներքևում իշխանը հանկարծ գոռաց.
- Ո՞վ կա այդտեղ:
Ուիլը նրա ձայնում անվստահություն զգաց: Դադարեց մագլցելը, սկսեց նայել, լսել:
Անտառը պատասխանեց. լսվում էր տերևների սոսափյունը, գետակի սառած կարկաչը, բվի կռինչը հեռվում:
Ուրիշները ձայն չհանեցին:
Ուիլն աչքի պոչով ինչ-որ շարժում նշմարեց: Գունատ ստվերներ էին սահում անտառով: Նա գլուխը շրջելով՝ մթության մեջ նկատեց մի ճերմակ ստվեր: Հետո այն անհետացավ: Ճյուղերը մեղմորեն ճոճվում էին քամուց՝ միմյանց ճանկռելով իրենց փայտե մատներով: Ուիլը բերանը բացեց, որ զգուշացնի ներքևում գտնվողներին, բայց բառերը սառեցին կոկորդում: Գուցե նա սխալվում էր: Գուցե դա ընդամենը թռչնի տվերն էր ձյան վրա կամ լուսնի լույսի խաղը: Ի վերջո, ի՞նչ էր տեսել:
- Ուիլ, որտե՞ղ ես,-կանչեց Սըր Վայմարը:- Ինչ-որ բան տեսնու՞մ ես:
Հանկարծ զգուշանալով՝ նա, թուրը ձեռքին, դանդաղ պտույտներ էր անում: Երևի ինքն էլ, ինչպես Ուիլը, զգացել էր նրանց ներկայությունը: Տեսնելու բան չկար:
- Պատասխանի՛ր: Ինչու՞ է այսքան ցուրտ:
Ցուրտ էր: Ուիլը դողալով ավելի սեղմվեց իր դիտակետում: Նա դեմքը սեղմեց ծառի բնին: Այտի վրա զգում էր քաղցր, կպչուն բուսահյութը:
Մի ստվեր դուրս եկավ անտառի մթությունից ու կանգնեց Ռոյսի դիմաց: Այն բարձրահասակ էր, նիհար ու հին ոսկորի պես ամուր, մաշկը կաթի նման գունատ: Նրա սպառազինությունը շարժման հետ փոխում էր գույնը: Մերթ այն ճերմակ էր, ինչպես նոր տեղացած ձյուն, մերթ՝ ստվերի պես սև՝ վրան արտացոլելով ծառերի մոխրա-կանաչ խայտաբղետ երանգները: Ամեն քայլափոխին պատկերները փոխվում էին, ջրի մեջ ընկած լուսնի արտացոլանքի նման:
Ուիլը լսեց, թե ինչպես Սըր Վայմար Ռոյսի շնչառությունը վերածվեց երկար ֆշշոցի:
- Առաջ չգա՛ս,-զգուշացրեց իշխանը: Ձայնը վախեցած պատանի հիշեցրեց: Նա իր երկար սև թիկնոցը գցեց ուսերից հետ, որպեսզի թևերն ազատ լինեն կռվելու համար, ու երկու ձեռքով բռնեց թուրը:
Քամին դադարել էր: Անտանելի ցուրտ էր:
Ուրիշն իր անձայն քայլերով առաջ սահեց: Նա իր ձեռքում թուր ուներ, որի նմանը Ուիլը երբևէ տեսած չկար: Մարդկությանը ծանոթ ոչ մի մետաղ չէր գործածվել այդ շեղբը կռելու ժամանակ: Այն լուսնի լույսի նման կենդանի էր, կիսաթափանցիկ, ասես բյուրեղի կտորտանքներից լիներ, այնքան բարակ, որ ծայրը գրեթե հնարավոր չէր տեսնել: Թրի սայրն առկայծում էր թույլ կապտավուն գույնով, ու ինչ-որ կերպ Ուիլը գիտեր, որ այն ցանկացած ածելուց ավելի սուր էր:
Սըր Վայմարը նրան խիզախաբար դիմավորեց:
- Դե, պարիր ինձ հետ:- Նա թուրն արհամարհանքով բարձրացրեց գլխից վեր: Ձեռքերը դողում էին. թրի ծանրությունից էր կամ գուցե ցրտից: Ամեն դեպքում, այդ պահին Ուիլը մտածեց, որ նա այլևս պատանի չէր, այլ Գիշերազորի եղբայրներից մեկը:
Ուրիշը կանգ առավ: Ուիլը տեսավ նրա կապույտ աչքերը, ավելի կապույտ ու խորը, քան որևէ մարդկային էակի աչքեր, այնպիսի կապույտ, որ սառցի պես կարող էր այրել: Դրանք նայում էին վեր բարձրացրած դողացող թրին, նայում էին, թե ինչպես է լուսնի լույսը սառը սահում մետաղի վրայով:
Մի պահ համարձակվեց հուսալ:
Սկզբում երկու հոգի լռելայն դուրս եկան ստվերներից, հետո՝ երեք... չորս... հինգ... Սըր Վայմարը պետք է որ զգար ցուրտը, որ իրենք բերում էին իրենց հետ, բայց չէր տեսնում նրանց ու չէր լսում: Ուիլը պետք է զգուշացներ, դա իր պարտականությունն էր, բայց նաև իր մահը կլիներ: Նա դողաց, գրկեց ծառն ու շարունակեց լռել:
Գունատ թուրը վեր բարձրացավ:
Սըր Վայմարը հարվածը թրով ընդունեց: Երբ սայրերը հանդիպեցին, ոչ թե մետաղների զրնգոց լսվեց, այլ մի բարձր բարակ ձայն եկավ, որը նման էր ցավից ոռնացող գազանի ձայնի: Ռոյսը երկրորդ հարվածը ստացավ, ապա՝ երրորդը, ու մի քայլ հետ գնաց: Հարվածների երկրորդ տեղատարափից նա նորից ընկրկեց: Նրա հետևում, աջից ու ձախից, շուրջբոլորը համբերատար կանգնած էին անդեմ, լուռ դիտորդները, իրենց նրբագեղ սպառազինության փոփոխվող պատկերները նրանց անտեսանելի էին դարձնում անտառում: Նրանք, սակայն, որևէ կերպ չէին միջամտում մենամարտի ընթացքին:
Նորից ու նորից թրերը հանդիպեցին, այնքան, որ Ուիլն ուզում էր փակել ականջներն ու ազատվել դրանց բախման տարօրինակ, տանջող սուր ձայնից: Սըր Վայմարի շունչը կտրվում էր արդեն, բերանից դուրս եկող գոլորշին երևում էր լուսնի լույսի տակ: Թուրը սառցակալել էր, մինչդեռ Ուրիշինը պարում էր՝ գունատ կապույտ լույս արձակելով: Հետո Ռոյսը մի քիչ ուշացրեց նահանջը: Գունատ թուրն անցավ օղազրահի միջով՝ խրվելով թևի տակ: Երիտասարդ իշխանը ցավից գոռաց: Արյունը դուրս էր ցայտում օղակներից: Այն հոսուն էր ներքև, ու երբ կաթիլները հասնում էին ձյանը, թվում էր, թե կրակ է վառվում: Սըր Վայմարը կողը բռնեց: Երբ ձեռքը հետ քաշեց, խլուրդի մորթուց ձեռնոցը կորել էր արյան մեջ:
Ուրիշն ինչ-որ բան ասաց մի լեզվով, որը Ուիլին անծանոթ էր. նրա ձայնը նման էր ձմռանը լճակի վրա կոտրվող սառույցի ձայնի, թվում էր, թե ծաղրում է իշխանին:
Սըր Վայմար Ռոյսը գազազեց.
- Հանուն Ռոբերտի,-գոռաց նա ու մռթմռթալով առաջ եկավ՝ երկու ձեռքով վեր բարձրացնելով սառցակալած թուրն, ու ամբողջ ուժով այն ճոճելով գլխավերևում:
Ուրիշը գրեթե ալարելով հետ մղեց նրան:
Երբ շեղբերը հանդիպեցին, պողպատը կոտրվեց:
Մի ճիչ արձագանքեց գիշերային անտառում, թուրը բաժանվեց հարյուրավոր փխրուն մասերի, կտորտանքներն ասեղների անձրևի պես թափվեցին ցած: Ռոյսը դողալով ծնկի եկավ, ու փակեց աչքերը: Նրա մատների արանքից արյուն էր հորդում:
Դիտորդներն, ասես հրամանով, միասին առաջ շարժվեցին: Թրերը բարձրացան ու իջան: Ամեն ինչ արվեց մեռելային լռությամբ: Դա մի սառնասիրտ սպանդ էր: Գունատ սայրերը կտրատում էին օղազրահն, ասես այն մետաքսից լիներ: Ուիլն աչքերը փակեց: Իրենից շատ ներքևում լսվում էին նրանց ձայներն ու սառցալեզվակների նման սուր ծիծաղը: Երբ ներքև նայելու քաջություն գտավ, արդեն շատ ժամանակ էր անցել, ու գագաթը դատարկ էր:
Նա մնաց ծառի վրա, հազիվ համարձակվելով շնչել, քանի դեռ լուսինը դանդաղ գլորվում էր սև երկնքում: Վերջապես, կծկվող մկաններով ու անզգայացած մատներով, նա ցած իջավ:
Ռոյսի մարմինը, մի թևը դուրս գցած, բերանքսիվայր ընկած էր ձյան մեջ: Հիանալի սև թիկնոցը տասնյակ տեղերից ծակծկված էր: Այդ ժամանակ երևաց միայն, թե ինչքան երիտասարդ էր նա: Ընդամենը տղա:
Մարմնից մի քանի մետր հեռու Ուիլը գտավ այն, ինչ մնացել էր թրից: Կոթը ճեղքված ու ծռված էր, կայծակնահար ծառի նման: Ուիլը ծնկեց, զգուշորեն շուրջը նայեց, ու վերցրեց այն: Կոտրված թուրն իր ապացույցն էր լինելու: Գարեդն ամեն ինչ կհասկանար, եթե նույնիսկ չհասկանար, ապա այդ ծեր սարի արջը՝ Մորմոնտը կամ էլ Մայստեր Աեմոնը հաստատ կհասկանային: Տեսնես Գարեդը մինչև հիմա ձիերի մո՞տ է: Շտապել էր պետք: Ուիլը վեր կացավ: Իր առջև կանգնած էր Սըր Վայմար Ռոյսը:
Նրա շքեղ զգեստը ցնցոտի էր դարձել, դեմքից բան չէր մնացել: Թրի կտորտանքները վնասել էին ձախ աչքի կույր սպիտակ բիբը:
Աջ աչքը բաց էր: Բիբը վառվում էր կապույտ գույնով: Այն նաև տեսնում էր:
Կոտրված թուրը ցած ընկավ թուլացած մատներից: Ուիլն աչքերը փակեց աղոթելու համար: Երկար, նրբագեղ ձեռքերը շոյեցին իր այտերը, ապա սեղմվեցին կոկորդին: Դրանց վրա խլուրդի մորթուց կարված հրաշալի ձեռնոցներ էին, որոնք կպչուն էին դարձել արյունից, բայց սառցի պես սառն էին:

impression
12.04.2016, 12:01
1. ԲՐԱՆ

Առավոտը մաքուր էր և ցուրտ, այնքան սառն էր, որ հուշում էր ամռան ավարտը: Նրանք կեսօրին ճամփա ընկան՝ տեսնելու, թե ինչպես են մարդ գլխատում: Նրանք քսանն էին, Բրանը իր ձին քշում էր նրանց կողքին, նյարդային ոգևորվածությամբ: Առաջին անգամն էր, որ իրեն բավականաչափ մեծ էին համարել՝ իր իշխան հոր և եղբայրների հետ ճանապարհ ընկնելու համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է գործում արքայի արդարությունը: Ամռան իններորդ տարին էր, իսկ Բրանի կյանքի՝ յոթերորդը:
Մարդուն տանում էին բլուրների մեջ գտնվող մի փոքրիկ պարսպի մոտ: Ռոբը կարծում էր, որ նա վայրենիներից էր, ով երդվել էր իր սրով Պատից Անդին Արքայի՝ Մենս Ավազակի առջև: Բրանը փշաքաղվում էր դրա մասին մտածելիս: Նա հիշում էր Մեծ Տատի պատմած հեքիաթները: Մեծ Տատն ասում էր, որ վայրենիները դաժան են, նրանք զբաղվում էին ստրկավաճառությամբ, մարդասպանությամբ ու գողությամբ: Նրանք կենակցում էին հսկաների ու ոգիների հետ, գիշերային մթության մեջ աղջիկ երեխաներ էին գողանում և արյուն խմում փայլուն եղջյուրից: Իսկ նրանց կանայք կենակցում էին Ուրիշների հետ Երկար Գիշերվա ընթացքում, որպեսզի ծնեն կիսամարդ երեխաներ: Բայց այն մարդն, ում գտան պարսպի մետ, ձեռքերն ու ոտքերը կապած, սպասելիս արքայի արդարությանը, ծեր էր ու ոսկրոտ, Ռոբից մի փոքր բարձրահասակ: Ցրտահարության պատճառով նա կորցրել էր երկու ականջներն ու ձեռքի մի մատը, ու Գիշերազորի եղբայրների նման ամբողջովին սև էր հագած, միայն թե նրա մորթիները քրքրված էին ու յուղոտ:
Մարդկանց ու ձիերի շունչը միախառնվելով՝ գոլորշանում էր ցուրտ առավոտյան օդում, երբ հայրը հրամայեց, որ մարդու կապանքները կտրատեն, իջեցնեն պատից, ու քարշ տան իր մոտ: Ռոբն ու Ջոնը լուռ նստած էին իրենց ձիերի վրա, Բրանը նրանց արանքում էր իր պոնիով, ու փորձում էր յոթ տարեկանից ավելի մեծ երևալ, փորձում էր ձևացնել, թե այս ամենին առաջ ևս ականատես է եղել: Թույլ քամի էր փչում պարսպի դարպասից: Նրանց գլխավերևում ծածանվում էր Վինտերֆելի Ստարկերի դրոշը՝ մոխրագույն դիվագայլ, որը սլանում էր ճերմակ դաշտերով: Բրանի հայրը մռայլ նստած էր ձիու վրա, նրա երկար, շագանակագույն մազերը շարժվում էին քամուց: Կարճ խուզած մորուքը տեղ-տեղ սպիտակել էր, և դա նրան ավելի հասուն տեսք էր հաղորդում, քան երեսունհինգը: Նրա աչքերի արտահայտությունը մռայլ էր այդ օրը, ու թվում էր, թե նա ամենևին այն մարդը չէ, ով երեկոները նստում էր կրակի դիմաց ու ցածր ձայնով պատմում հերոսական դարերի ու անտառի զավակների մասին: Նա այսօր հոր դեմք չուներ, մտածում էր Բրանը, այսօր նա կրում էր Վինտերֆելի Լորդ Ստարկի դեմքը:
Առավոտվա սառնության մեջ հարցեր տրվեցին ու ստացվեցին պատասխաններ, բայց հետագայում Բրանն ասվածների մեծ մասը չէր կարողանում մտաբերել: Վերջապես, նրա հայրը հրաման արձակեց, և իր թիկնապահներից երկուսը գերուն մոտեցրին Մետաղածառի կոճղին, որը գտնվում էր հրապարակի մեջտեղում: Նրան ստիպեցին գլուխը դնել կարծր, սև կոճղին: Լորդ Էդարդ Ստարկն իջավ ձիուց, նրա թիկնապահ Թեոն Գրեյջոյը առաջ բերեց թուրը: Թրի անունը «Սառույց» էր: Դրա լայնությունը մարդու ձեռքի չափ էր, ու այն ավելի բարձր էր, քան Ռոբը: Շեղբը Վալարիական պողպատից էր, կռված դյութանքով, ծխի նման սև: Վալարիական պողպատին ոչինչ չէր հասնում:
Հայրը հաեց ձեռնոցներն ու տվեց Ջորի Կեսելին՝ իր թիկնազորի ղեկավարին: Նա Սառույցը բռնեց երկու ձեռքով և ասաց.
- Բարաթեոնների տան Ռոբերտի անունից, ով իր անվան առաջին կրողն է, Անդալների, Ռոյնարների և Առաջին Մարդկանց Արքան, Յոթ թագավորությունների իշխանն ու տերության պաշտպանը, և Ստարկերի տան Էդարդի անունից, ով Վինտերֆելի իշխանն է և Հյուսիսի Պահապանը, ես քեզ դատապարտում եմ մահվան:
Նա թուրը գլխից վեր բարձրացրեց:
Բրանի բաստարդ եղբայր Ջոն Սնոուն մոտ եկավ:
- Պոնիի սանձը պինդ բռնիր,-շշնջաց նա:-Ու հայացքդ չթեքես: Եթե թեքեցիր, հայրդ կիմանա:
Բրանը պոնիի սանձը պինդ բռնեց ու չթեքեց հայացքը: Հայրը մեկ վստահ հարվածով գլխատեց մարդուն: Գինու պես կարմիր արյունը թափվեց ձյան վրա: Ձիերից մեկը ծառս եղավ, ու պետք եղավ նրան զսպել: Բրանն աչքերը չէր կտրում արյունից: Կոճղի կողքի ձյունն այն ագահորեն կլանում էր՝ Բրանի աչքի առաջ շառագունելով:
Գլուխը դեմ առավ հաստ ծառարմատի ու գլորվեց: Հասավ Գրեյջոյի ոտքերին: Թեոնը տասնինը տարեկան նիհար, թխամաշկ երիտասարդ էր, ում ամեն ինչ զվարճացնում էր: Նա ծիծաղեց, ոտքը դրեց գլխի վրա ու գլորեց այն:
- Անասու՛ն,-ցածրաձայն մրթմրթաց Ջոնը, որպեսզի Թեոնը չլսի: Նա ձեռքը դրեց Բրանի ուսին, Բրանն ուսի վրայով վեր նայեց բաստարդ եղբորը:
- Ապրես,-հանդիսավորությամբ ասաց Ջոնը: Նա արդարության տասնչորսամյա մարտիկ էր:
Հետդարձը դեպի Վինտերֆել ավելի ցուրտ էր թվում, թեև քամին դադարել էր, արևն էլ փայլում էր երկնքում: Բրանը քշում էր եղբայրներին համընթաց, ձիավորների հիմնական զանգվածից բավականին առաջ: Նրա փոքրիկ պոնին ջանք չէր խնայում հետ չընկնելու համար:
- Դասալիքը քաջաբար մահացավ,-ասաց Ռոբը: Նա հաղթանդամ էր, լայնաթիկունք, աճում էր օր օրի, մաշկի գույնն ու կարմրա-շագանակագույն մազերը ժառանգել էր մորից, իսկ կապույտ աչքերը Ռիվերրանի Տալլիներից էր իրեն հասել:-Գոնե արիություն ուներ:
- Ոչ,-հանդարտ ասաց Ջոն Սնոուն:-Դա արիություն չէր: Նա վախից մեռավ, դա նրա աչքերից երևում էր, Ստարկ:
Ջոնի աչքերն այնքան մուգ մոխրագույն էին, որ սև էին թվում, ու նրա հայացքից երբեք ոչինչ չէր վրիպում: Նա Ռոբի տարեկիցն էր, բայց նրանք իրար նման չէին: Ւոնը նրբիրան էր, Ռոբը՝ մկանուտ, Ջոնը թուխ էր, Ռոբի մաշկը բաց գույն ուներ, նա արագաշարժ էր ու ճարպիկ, մինչ խորթ եղբայրն ուժեղ էր ու թեթևաշարժ:
Ռոբը տպավորված չէր:
- Ուրիշների բաժին դառնան նրա աչքերը,-հայհոյեց նա: - Նա լավ մեռավ: Մրցե՞նք՝ ով ավելի շուտ կհասնի կամրջին:
- Սկսեցինք, -ասաց Ջոնն ու ձիուն առաջ մղեց:
Ռոբը հայհոյեց ու հետևեց նրան, եղբայրներն արշավեցին արահետով, Ռոբը ծիծաղում էր ու աղմկում, Ջոնը լուռ էր ու մտածկոտ: Վարգի ընթացքում նրանց ձիերի սմբակներից ձյան ամպեր էին բարձրանում:
Բրանը չփորձեց նրան հետևել: Իր պոնին նրանց հասնել չէր կարող: Նա տեսել էր այն մարդու աչքերն, ու հիմա նրա մասին էր մտածում: Որոշ ժամանակ անց Ռոբի ծիծաղի ձայնը մարեց, և անտառը լռեց կրկին:
Նա այնքան էր խորացել մտքերի մեջ, որ չէր լսել մնացածների ձայները, երբ հայրը մոտեցավ ու սկսեց համընթաց վարգել:
- Լա՞վ ես, Բրան,- հարցրեց նա բարի ձայնով:
- Այո, հայր,-ասաց Բրանը: Նա նայեց հորը: Մորթու ու կաշվի մեջ փաթաթված, նստած իր հսկայական մարտական ձիուն, հայրն իրեն հսկա էր թվում:
- Ռոբն ասում էր, որ այն մարդը քաջաբար մահացավ, իսկ Ջոնն ասաց, որ նա վախենում էր:
- Իսկ դու՞ ինչ ես կարծում,-հարցրեց հայրը:
Բրանը մտածեց:
- Կարո՞ղ է մարդը քաջ լինել, բայց վախենալ:
- Դա քաջ լինելու միակ տարբերակն է,-ասաց իրեն հայրը:- Հասկանու՞մ ես ինչու ես դա արեցի:
- Նա վայրենի էր,-ասաց Բրանը:-Նրանք գողանում են կանանց ու նրանց վաճառում Ուրիշներին:
Հայրը ժպտաց.
- Մեծ Տատն էլի քեզ հեքիաթներ է պատմել: Իրականում, այդ մարդը երդում էր խախտել, դասալքել էր Գիշերազորը: Ավելի վտանգավոր մարդու տեսակ գոյություն չունի: Դասալիքը գիտի, որ իր կյանքը կավարտվի, եթե իրեն բռնեն, ուրեմն ոչ մի հանցանքից հետ չի կանգնի, ինչքան էլ զզվելի լինի այն: Բայց դու ինձ ճիշտ չհասկացար: Ես չհարցրեցի, թե ինչու այդ մարդը պետք է մեռներ, հարցրեցի, թե ինչու ե՛ս պետք է անեի դա:
Բրանն այդ հարցի պատասխանը չգիտեր:
- Արքա Ռոբերտը դահիճ ունի,-ասաց նա անվստահորեն:
- Ունի,-ընդունեց հայրը:-Նրանից առաջ, դեռևս Տարգարիեն արքաներն էլ ունեին: Բայց մենք ուրիշ ենք: Ստարկերի երակներում դեռ հոսում է Առաջին Մարդկանց արյունը, ու մենք հավատում ենք, որ դատավճիռը կարդացողը պետք է թուր բարձրացնի: Եթե պետք է մարդու կյանք խլես, ապա պարտավոր ես նայել նրա աչքերին ու լսել նրա վերջին խոսքը: Իսկ եթե չես կարողանում դա անել, ուրեմն գուցե այդ մարդն արժանի չէ մեռնելու:
Մի օր, Բրան, դու կդառնաս Ռոբի դրոշակակիրը, կլինես քո եղբոր ու արքայի կողքին, ու արդարության բեռը կընկնի քո ուսերին: Երբ այդ օրը գա, այդ առաջադրանքը քեզ հաճույք չի պատճառի, բայց չպետք է հայացքդ թեքես: Վարձու դահիճների հետևում թաքնվող ղեկավարը շուտ է մոռանում, թե ինչ է մահը:

Այդ պահին էր, որ Ջոնը նորից հայտնվեց նրանց առաջ, բլրի գագաթին: Նա ձեռքով արեց ու բղավեց.
- Հայր, Բրան, արագ եկեք, տեսեք Ռոբն ինչ է գտել:-Ու նորից չքվեց: Ջորին մոտեցավ:
- Խնդի՞ր կա, միլորդ:
- Անկասկած,-ասաց իշխանը:-Եկեք տեսնենք, թե որդիներս ինչ անախորժության են հանդիպել այս անգամ:
Նա ձին թողեց վարգի: Ջորին, Բրանն ու մնացածները գնացին նրա հետևից:
Նրանք Ռոբին գտան կամրջից դեպի հյուսիս, գետափին, կողքին Ջոնն էր՝ ձիուն նստած: Այս ամիս ուշ ամռան ձյունը շատ էր տեղացել: Ռոբը մինչև ծնկները ձյան մեջ էր խրված, վեղարը հետ էր քաշել, արևը փայլում էր մազերի մեջ: Նրա գրկում ինչ-որ բան կար, տղաները խոսում էին ցածր, ոգևորված ձայնով:

impression
12.04.2016, 12:01
Ձիավորները զգուշությամբ իջնում էին զառիթափով՝ ամուր հող որոնելով փխրուն գետնին:
Ջորի Կեսելն ու Թեոն Գրեյջոյն առաջինը հասան տղաներին: Վարգի ընթացքում Գրեյջոյը ծիծաղում էր ու կատակներ անում: Բրանը լսեց նրա ձայնը:
- Աստվածներ,-բացականչեց նա՝ փորձելով կառավարել ձիուն ու հանելով թուրը:
Ջորիի թուրն արդեն դուրս էր եկել պատյանից:
- Ռոբ, հեռու գնա դրանից,-գոռաց նա, ու ձին ծառս եղավ նրա տակ: Ռոբը քմծիծաղեց ու հայացքը բարձրացրեց գրկում եղածից:
- Նա քեզ վնասել չի կարող,-ասաց նա:- Նա մեռած է, Ջորի:
Բրանն արդեն վառվում էր հետաքրքրությունից: Նա ավելի արագ կքշեր պոնին, բայց հայրն իրենց ստիպեց կամրջի մոտ ձիերից իջնել ու ոտքով մոտենալ: Բրանը ցած իջավ ու վազեց: Մինչ այդ, Ջոնը, Ջորին ու Թեոն Գրեյջոյն էլ էին իջել ձիերից:
- Սատանան տանի, դա ի՞նչ է,-ասաց Գրեյջոյը:
- Գայլ է,-պատասխանեց Ռոբը:
- Հրեշ է,-ասաց Գրեյջոյը:-Դրա չափերին նայիր:
Բրանի սիրտը տեղից դուրս էր թռչում, երբ անցնում էր գոտկատեղին հասնող ձնակույտի միջով, որ եղբորը հասնի:
Սատկած կենդանու մի հսկայական ուրվագիծ էր թաղված արյամբ ներծծված ձյան մեջ: Նրա գզգզված մորթին սառույց էր կապել, ու օծանելիքի նման թույլ նեխման հոտ էր գալիս դրանից: Բրանը նկատեց նրա կույր աչքերը, որոնցում որդեր էին գալարվում, հսկայական երախը՝ դեղին ատամներով լի: Բայց կենդանու չափն էր, որ իրեն անակնկալի բերեց: Այն Բրանի պոնիից մեծ էր՝ հոր շնանոցում եղած ամենամեծ որսաշան երկու չափին:
- Սա հրեշ չէ,-հանգիստ ասաց Ջոնը: - Դիվագայլ է: Սրանք մնացած տեսակներից ավելի մեծ են լինում:
Թեոն Գրեյջոյն ասաց.
- Պատից հարավ արդեն երկու հարյուր տարի է՝ ոչ ոք դիվագայլ չի տեսել:
- Հիմա ես տեսնում եմ,-պատասխանեց Ջոնը:
Բրանը հայացքը թեքեց հրեշից: Այդ պահին նկատեց Ռոբի գրկում եղածը: Նա հիացմունքի ճիչ արձակեց ու մոտեցավ: Քոթոթը մոխրագույն ու սև մորթու մի փոքրիկ գունդ էր, աչքերը դեռ փակ: Այն կուրորեն հոտոտում էր Ռոբի կուրծքը՝ կաշվե հագուսի վրա կաթ որոնելով ու արձակելով տխուր ցածր վնգստոց: Բրանն անվստահ ձեռքը մեկնեց:
- Դե, -ասաց Ռոբը,-կարող ես դիպչել նրան:
Բրանը կտրուկ, նյարդային շարժումով շոյեց քոթոթին, ապա շրջվեց, երբ Ջոնն ասաց.
- Ահա, բռնիր,-խորթ եղբայրը երկրորդ ձագին Բրանին տվեց: - Քոթոթները հինգն են:
Բրանը նստեց ձյան մեջ ու գայլի ձագին դեմքին սեղմեց: Մորթին փափուկ էր ու տաք:
- Թագավորությունում, փաստորեն, այսքան տարիներ անց դեռևս դիվագայլեր են շրջում, -մրթմրթաց Հալենը՝ ձիապանը: - Դա ինձ դուր չի գալիս:
- Սա նախանշան է,-ասաց Ջորին:
Հայրը հոնքերը կիտեց.
- Սա ընդամենը սատկած կենդանի է, Ջորի,-ասաց նա: Սակայն մտահոգված էր: Ձյունը ճռճռում էր ոտքերի տակ, երբ պտտվում էր կենդանու դիակի շուրջը:-Հայտնի՞ է, թե ինչից է սատկել:
- Կոկորդում ինչ-որ բան կա,-պատասխանեց Ռոբը հպարտորեն, որ գտել էր պատասխանը, մինչ հայրը հարցը կտար: - Հենց այնտեղ, ծնոտի տակ:
Հայրը ծնկի իջավ ու շոշափեց կենդանու գլուխը: Նա ինչ-որ բան ուժեղ քաշեց ու պահեց բարձր այնպես, որ բոլորը տեսնեն: Եղջերուի ոտք էր, արյան մեջ կորած:
Բոլորը հանկարծ լռեցին: Տղամարդիկ անհանգստացած նայում էին եղջերուին, ու ոչ ոք չէր համարձակվում խոսել: Նույնիսկ Բրանն էր զգում նրանց վախը, թեև չէր հասկանում՝ ինչից են վախենում:
Հայրն այն մի կողմ շպրտեց, ու ձեռքերը մաքրեց ձնով:
- Զարմանալի է, որ ապրել է մինչև ցնկնելը:-Նրա ձայնը կոտրեց լռությունը:
- Գուցե և չի ապրել,-ասաց Ջորին:-Ես պատմություններ եմ լսել... գուցե մայրն արդեն սատկած է եղել, երբ ձագերը ծնվել են:
- Ծնվել են մահացածից,-միջամտեց մեկ ուրիշը:-Դա ավելի վատ նշան է:
- Կարևոր չէ,-ասաց Հալենը:-Սրանք էլ շուտով կսատկեն:
Բրանը սարսափի զսպված ճիչ արձակեց:
- Ինչքան շուտ, այնքան լավ,-համաձայնեց Թեոն Գրեյջոյը: Նա թուրը քաշեց. – Բրան, կենդանուն ինձ տուր:
Ձագուկը սեղմվեց Բրանին, ասես ամեն ինչ լսում ու հասկանում էր:
- Ո՛չ,-կատաղած գոռաց Բրանը:-Նա իմն է:
- Թուրդ պահիր, Գրեյջոյ,-ասաց Ռոբը: Մի պահ նրա ձայնն այնպես հրամայող հնչեց, ասես հայրը լիներ, ասես լիներ այն լորդը, որ մի օր դառնալու էր: - Մենք կպահենք ձագերին:
- Դու դա անել չես կարող, տղա,-ասաց Հարվինը՝ Հալենի որդին:
- Նրանց սատկացնելը գթասրտություն կլինի,-ասաց Հալենը:
Բրանն օգնություն աղերսող հայացքով նայեց հորը, բայց միայն խիստ ու մտահոգ հայացք ստացավ:
- Հալենն իրավացի է, որդիս: Ավելի լավ կլինի արագ մեռնեն, քան դանդաղորեն՝ ցրտից ու սովից:
- Ո՛չ,-նա զգաց, թե ինչպես են արցունքները հավաքվում աչքերում, ու հայացքը թեքեց: Չէր ուզում հոր առջև լաց լինել:
Ռոբը համառում էր:
- Սըր Ռոդրիկի շունը կրկին ցնկնեց անցյալ շաբաթ,-ասաց նա: - Ձագերն ընդամենը երկուսն էին: Կաթը կբավականացնի սրանց:
- Այդ շունը սրանց կպատառոտի, եթե փորձեն մոտենալ:
- Լորդ Ստարկ,-ասաց Ջոնը: Տարօրինակ էր, որ նա այդպես պաշտոնական էր դիմում հորը: Բրանը մարող հույսով նրան նայեց:
- Հինգ քոթոթ են,-ասաց նա հորը,-երեքն արու, երկուսն էգ:
- Հետո՞ ինչ, Ջոն:
- Դուք հինգ օրինական զավակ ունեք,-ասաց Ջոնը:-Երեք որդի, երկու դուստր: Դիվագայլը ձեր տոհմի խորհրդանիշն է: Ձեր երեխաները պետք է մեծացնեն այս քոթոթներին, տեր իմ:
Բրանը տեսավ, թե ինչպես փոխվեց հոր դեմքը, տեսավ, թե մյուսներն ինչ հայացքներ փոխանակեցին: Այդ պահին նա ողջ սրտով սիրում էր Ջոնին: Թեև ընդամենը յոթ տարեկան էր, Բրանը միևնույն է հասկացավ, թե եղբայրն ինչ արեց: Հաշիվը ճիշտ ստացվեց միայն այն պատճառով, որ Ջոնն ինքն իրեն չհաշվեց: Նա հաշվել էր աղջիկներին, բաց չէր թողել նույնիսկ փոքրիկ Ռիկոնին, բայց չէր հաշվել բաստարդին, ով Սնոու ազգանունն էր կրում, ազգանուն, որը հյուսիսում տալիս էին բոլոր նրանց, ովքեր առանց սեփական անվան ծնվելու դժբախտությունն էին ունեցել:
Հայրը նույնպես ամեն ինչ հասկացավ:
- Իսկ քեզ համար քոթոթ չե՞ս ուզում, Ջոն,-հարցրեց մեղմորեն:
- Դիվագայլը զարդարում է Ստարկերի տան դրոշը,-նշեց Ջոնը: - Ես Ստարկերից չեմ, հայր:
Հայրը մտախոհ նայեց Ջոնին: Ռոբը շտապեց օգտվել լռությունից:
- Ես անձամբ նրան կխնամեմ, հայր,-խոստացավ նա:- Սրբիչը կթաթախեմ տաք կաթի մեջ ու կտամ, որ ծծի դրանից:
- Ես էլ կխնամեմ,-արձագանքեց Բրանը:
Լորդը երկար ու ուշադիր զզնեց որդիներին:
- Ասելը հեշտ է, անելը՝ դժվար: Ես թույլ չեմ տա, որ ծառաների ժամանակը խլեք սրանց պատճառով: Եթե ուզում եք ձագերին պահել, ինքներդ պետք է նրանց կերակրեք, հասկանալի՞ է:
Բրանն ուրախ գլխով արեց: Ձագը կծկվեց նրա գրկում ու իր տաք լեզվով լիզեց նրա այտը:
- Դուք նաև պետք է նրանց վարժեցնեք,-ասաց նրանց հայրը:- Իմ շնապանը գործ չի ունենա այս հրեշների հետ, խոստանում եմ: Ու թող աստվածները ձեզ օգնության հասնեն, եթե նրանց անուշադրության մատնեք, վայրենացնեք կամ վատ վարժեցնեք: Սրանք շուն չեն, որ ուտելու բան խնդրեն կամ աքացուց փախչեն: Դիվագայլը կարող է մարդու թևը ուսից պոկել նույնքան հեշտությամբ, որքան հեշտ է շան համար առնետ սատկացնելը: Վստա՞հ եք, որ ուզում եք նրանց պահել:
- Այո, հայր,-ասաց Բրանը:
- Այո,-համաձայնեց Ռոբը:
- Հնարավոր է, որ ձագերը սատկեն, անկախ ձեր ջանքերից:
- Չեն սատկի,-ասաց Ռոբը,-մենք թույլ չենք տա, որ սատկեն:
- Դե ուրեմն պահեք դրանց: Ջորի, Դեզմոնդ, մնացածներին էլ վերցրեք: Վինտերֆել վերադառնալու ժամանակն է:
Միայն ձի նստելուց և ճանապարհ ընկնելուց հետո էր, որ Բրանն ինքն իրեն թույլ տվեց հաղթանակի քաղցր համը զգալ: Այդ ժամանակ արդեն նրան բաժին հասած ձագուկը կծկվել էր Բրանի հագի կաշիների մեջ ու ապահով տաքացնում էր իրեն՝ դեպի տուն երկար ճանապարհի ընթացքում: Բրանը մտածում էր՝ ինչ անուն տալ նրան:
Կամրջի կեսին Ջոնը ձիու սանձը հանկարծ քաշեց:
- Ի՞նչ եղավ, Ջոն,-հարցրեց իրենց հայրը:
- Չե՞ք լսում:
Բրանը լսում էր ծառերի արանքում սուլող քամու ձայնը, երկաթե պայտերով սմբակների դոփյունը, քաղցած ձագուկների վնգստոցը, բայց Ջոնն ինչ-որ այլ բանի էր ականջ դրել:
- Այնտեղ,-ասաց Ջոնը: նա ձիու գլուխը շրջեց ու արագ հետ սլացավ կամրջի վրայով: Նրանք տեսան, թե ինչպես նա իջավ այնտեղ, ուր ձյան մեջ սատկել էր դիվագայլը, տեսան, թե ինչպես ծնկի եկավ: Մի պահ հետո նա արդեն ժպիտը դեմքին վարգում էր դեպի խումբը:
- Երևի թե այս մեկը մյուսներից հեռու է սողացել,-ասաց Ջոնը:
- Կամ էլ տարել են հեռու,-ասաց հայրը՝ նայելով վեցերորդ ձագին: Նրա մորթին սպիտակ էր, մինչ մնացած ձագերը մոխրագույն էին: Նրա աչքերը կարմիր էին այդ առավոտյան իրենց կողմից գլխատված մարդու արյան պես: Բրանը զարմացավ, որ միայն այս ձագի աչքերն էին արդեն բացվել, քանի որ մնացած բոլորը դեռևս կույր էին:
- Ալբինոս է,-դեմքը ծամածռելով ասաց Թեոն Գրեյջոյը: - Այս մեկը մյուսներից ավելի արագ կմեռնի:
Ջոն Սնոուն իր հոր թիկնապահին նայեց երկար, սառը հայացքով:
- Ես այդպես չեմ կարծում, Գրեյջոյ,-ասաց նա: - Այս մեկն իմն է:

impression
05.02.2017, 00:21
ԿԵՏԼԻՆ

Դիցանտառը երբեք Կետլինին դուր չէր եկել:
Նա ծնվել էր Տալլիում՝ Ռիվերրանում, որը հեռու հարավում էր, Եռաժանու Կարմիր Ժանիքի ափին: Այնտեղ դիցանտառը մի պայծառ ու զով պարտեզ էր, ուր կարմրափայտ ծառերը խայտաբղետ ստվերներ էին գցում քչքչացող առվակներին, ուր թռչունները երգում էին՝ իրենց բներում թաքնված, ուր օդն այնքա~ն հագեցած էր ծաղիկների բույրով:
Վինտերֆելի աստվածներն այլ տեսակի դիցանտառ ունեին: Դա մի մութ, հինավուրց վայր էր անտառում, երեկ ակր ձգվող տարածք, որը կուսական էր մնացել հազարավոր տարիներ, մինչև որ մռայլ ամրոցն էր բարձրացել դրա կողքին: Այստեղից խոնավության ու տիղմի հոտ էր գալիս: Այստեղ կարմրափայտ ծառեր չէին աճում: Սա մոխրա-կանաչավուն ասեղներով զինված համառ պահապան ծառերի, հզոր կաղնիների և մետաղածառերի անտառն էր. նույնքան հինավուրց, որքան ինքը` թագավորությունը: Այստեղ հաստ, սև ծառաբները գրեթե դիպչում էին միմյանց, մինչ իրենց միահյուսված ճյուղերը խիտ ամպհովանի էին դառնում գլխավերևում, իսկ տձև արմատները գալարվում էին գետնի տակ: Սա խորը լռության և տրտմալի ստվերների օրրանն էր, իսկ աստվածները, որոնք բնակվում էին այստեղ, անանուն էին:
Բայց նա գիտեր, որ ամուսնուն այս երեկո այստեղ կգտներ: Երբ պետք էր լինում մարդու կյանք խլել, նա միշտ դիցանտառի հանդարտության կարիքն էր ունենում:
Կետլինն օծվել էր յոթ յուղերով, և անվանակոչվել ի պատիվ լույսի ծիածանի, որը լուսավորում էր Ռիվերրանի մատուռը: Նա աստվածավախ էր, ինչպես իր հայրը, պապն ու պապի հայրը: Նրա աստվածներն անուններ ունեին, իսկ նրանց դեմքերը իր ծնողների դեմքերի նման ծանոթ էին: Աղոթքի համար պարտադիր էր բուրվառը ձեռքին սարկավագի ներկայությունը, խունկի բույրը, լուսարձակող յոթանիստ ադամանդն ու երգեցիկ ձայները: Տալլիներն էլ, բոլոր մեծ տների պես, ունեին դիցանտառ, բայց դա այնպիսի վայր էր, որտեղ կարելի էր զբոսնել, զբաղվել ընթերցանությամբ կամ էլ պառկել արևի տակ: Աղոթում էին մատուռում:
Կնոջ համար Նեդը մի փոքրիկ մատուռ էր սարքել, որտեղ նա կարող էր աղոթել աստծո յոթ երեսներին, բայց Առաջին Մարդկանց արյունը դեռ հոսում էր Ստարկերի երակներում, և իրենց աստվածները հին էին ու անդեմ, դրանք անանուն աստվածներն էին թավուտի, որը կիսում էին անտառի անհետացած երեխաների հետ:
Պուրակի կենտրոնում մի հինավուրց մոգածառ էր խոնարհված դեպի փոքրիկ ավազանը, որի ջրերը սառն էին ու սև: Նեդն այն կոչում էր Սրտի ծառ: Մոգածառի բունը ոսկրի նման ճերմակ էր, տերևները՝ մուգ կարմիր, հազարավոր արյունոտ ձեռքերի պես: Հսկայական ծառի բնին երկար, թախծոտ դիմագծերով դեմք էր փորագրված, խորը փորված աչքերը կարմրել էին չորացած բուսահյութից, ու ասես ուշադիր հետևում էին: Հին էին այդ աչքերը, ավելի հին, քան ինքը՝ Վինտեֆելը: Նրանք տեսել էին, թե ինչպես է Բրանդոն Շինարարը առաջին քարը դնում, եթե հեքիաթները չէին ստում, նրանք նաև տեսել էին, թե ինչպես են ամրոցի գրանիտե պատերը բարձրանում իրենց շուրջը: Ասում էին, որ անտառի զավակներն են փորել դեմքերը ծառերի բներին դեռ նախնադարում, մինչ Առաջին Մարդկանց ներխուժումը նեղ ծովից:
Հարավում վերջին մոգածառերը կտրվել կամ այրվել էին հազարավոր տարիներ առաջ, բացառությամբ Դեմքերի Կղզու, որտեղ մարդիկ շարունակում էին լուռ հոգալ բնության մասին: Այստեղ, հյուսիսում, ուրիշ էր: Այստեղ ամեն ամրոց ուներ իր դիցանտառը, իսկ յուրաքանչյուր դիցանտառ՝ իր Սրտի ծառը, ու բոլոր Սրտի ծառերն ունեին դեմքեր: Կետլինն ամուսնուն գտավ մոգածառի տակ, մամռակալած քարին նստած: Սառույցը՝ հսկայական թուրը հենել էր ծնկին, ու մաքրում էր դրա շեղբը գիշերվա պես սև ջրերում: Բուսահողի դարերով հավաքված հաստ շերտը ծածկում էր դիցանտառի հատակը՝ կլանելով ոտնաձայները, իսկ մոգածառի կարմիր աչքերը, թվում էր, թե հետևում էին Կետլինին, երբ նա մոտենում էր:
- Նեդ,-կանչեց նա մեղմորեն:
Նա գլուխը բարձրացրեց ու նայեց կնոջը:
- Կետլին,-ասաց: Նրա ձայնն անհաղորդ էր ու սառը:-Որտե՞ղ են երեխաները:
Նա միշտ այդ հարցը տալիս էր:
- Խոհանոցում են, վիճում են գայլի քոթոթների անունների շուրջ:
Նա իր թիկնոցը փռեց գետնին ու նսստեց ավազանի կողքին, մեջքով դեպի մոգածառը: Զգում էր, որ աչքերը հետևում են իրեն, բայց փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի ուշադրություն չդարձնի դրան:
- Արյան արդեն իսկ սիրահարվել է, Սանսան հիացած է, իսկ Ռիկոնը դեռ վստահ չէ:
- Վախենու՞մ է,-հարցրեց Նեդը:
- Մի քիչ,-ընդունեց կինը:- Նա ընդամենը երեք տարեկան է:
Նեդը հոնքերը կիտեց:
- Նա պետք է սովորի իր վախերը հաղթահարել: Միշտ երեք տարեկան չի լինելու: Ձմեռն էլ մոտենում է:
- Այո,-համաձայնեց Կետլինը: Այդ բառերից սառնություն զգաց, ինչպես միշտ: Ստարկերի բառերից: Ամեն ազնվական տուն իրեն հատուկ բառեր ուներ: Նշանաբաներ, կարգախոսներ, յուրատեսակ աղոթքներ, որոնք գովաբանում էին պատիվն ու փառքը, խոստանում հավատարմություն և անդավաճանություն, երդվում հավատքով և քաջությամբ: Բոլորը, բացի Ստարկերից: Ձմեռը մոտենում է, ասում էին Ստարկերը: Առաջին անգամ չէր, որ Կետլինը մտածեց, թե ինչ տարօրինակ մարդիկ էին այդ հյուսային ժողովուրդը:
- Այդ մարդը քաջաբար մահացավ,-ասաց Նեդը: Նա յուղոտ կաշվի մի կտոր ուներ ձեռքում, և խոսելիս այն թեթև սահեցնում էր սրի վրայով, փայլեցնելով մետաղը: - Իսկ Բրանն ինձ ուրախացրեց: Դու կհպարտանայիր նրանով:
- Ես միշտ եմ հպարտանում Բրանով,-պատասխանեց Կետլինը՝ նայելով թրին, քանի ամուսինն այն փայլեցնում էր: Նա տեսնում էր պողպատի ծալքն այն մասում, որտեղ մետաղը նորից հետ են ծալել ու կռել հարյուրավոր անգամներ: Կետլինը չէր սիրում թրեր, բայց չէր կարող չընդունել, որ Սառույցն իր ուրույն գեղեցկությունն ուներ: Այն կռել էին Վալիրիայում, Ազատ Հողերի կործանումից առաջ, երբ դարբինները մետաղը կռում էին ոչ միայն մուրճի, այլև դյութանքի օգնությամբ: Թուրը չորս հարյուր տարեկան էր, բայց նույնքան սուր էր, որքան եղել էր կռման օրը: Նրա անունը, սակայն, ավելի հին էր, գալիս էր հերոսների դարերից, երբ Ստարկերը Հյուսիսի Արքաներն էին:
- Այս տարի նա չորրորդն էր,-մռայլ ասաց Նեդը:- Խեղճը կիսով չափ գժվել էր: Ինչ-որ բան այնպիսի խորը վախ էր ներշնչել նրան, որ խոսքերս չէր հասկանում:

impression
05.02.2017, 00:21
Նեդը հոգոց հանեց:
- Բենը գրում է, որ Գիշերազորում հազարից էլ քիչ մարդ է մնացել: Պատճառը միայն դասալքությունը չէ: Արշավների ժամանակ էլ են կորուստներ ունենում:
- Վայրենինե՞րն են,-հարցրեց Կետլինը:
- Ուրիշ ո՞վ,-Նեդը վեր բարձրացրեց Սառույցը, նայեց վար՝ դրա հարթ, պողպատե մակերեսին:-Ու գնալով ավելի վատ է լինելու: Հնարավոր է՝ օրը գա, և ես դրոշակակիրների հետ գնամ Պատից Անդին Արքայի հարցերը մեկընդմիշտ լուծելու:
- Պատից անդի՞ն:-Այդ մտքից Կետլինը սարսռաց:
Նեդը տեսավ նրա վախը:
- Մենս Ռայդերից վախենալու բան չունենք:
- Պատից այն կողմ ավելի մութ բաներ կան:- Կետլինը հետ նայեց Սրտի ծառին, դրա գունատ կեղևին, կարմիր աչքերին, որոնք դիտում էին, լսում ու մտորում իրենց դանդաղ, երկար մտքերը:
Նեդը մեղմ ժպտաց:
- Դու չափազանց շատ ես ուշադրություն դարձնում Մեծ տատի հեքիաթներին: Ուրիշները մեռել են, անտառի զավակների պես, ութ հազար տարի առաջ: Մայստեր Լյուվինը կասեր, որ նրանք երբեք էլ գոյություն չեն ունեցել: Կենդանի ոչ մի մարդ նրանց չի տեսել:
- Մինչ այս առավոտ, ոչ ոք նաև դիվագայլ չէր տեսել,-հիշեցրեց Կետլինը:
- Պետք է միշտ հիշել, որ Տալլիների հետ վիճելն անիմաստ է,-ասաց Նեդը՝ տրտում ժպտալով: Նա Սառույցը պատյանը դրեց: - Բայց դու չես եկել ինձ մանկական հեքիաթներ պատմելու: Գիտեմ, որ չես սիրում այս վայրը: Ի՞նչ է պատահել, միլեդի:
Կետլինն ամուսնու ձեռքը բռնեց:
- Այսօր տխուր լուրեր են ստացվել, տեր իմ: Չէի ցանկանում քեզ անհանգստացնել, քանի լվացվում էիր:
Հարվածը թեթևացնելու ոչ մի տարբերակ չկար, այսպիսով նա ուղիղ ասաց.
- Ցավում եմ, սեր իմ, Ջոն Արրինն է մահացել:
Նրանց հայացքները հանդիպեցին, ու Կետլինը զգաց, թե ինչ ծանր էր լուրը նրա համար, ինչպես և սպասելի էր: Նեդը մեծացել էր Էյրիում, անզավակ Լորդ Արրինը երկրորդ հայր էր դարձել իր և իր երիտասարդ խնամակալ Ռոբերտ Բարաթեոնի համար: Երբ Խելագար Արքան՝ Աերիս Տարգարիենը պահանջեց իրենց գլուխները, Էյրիի իշխանը ի նշան ապստամբության բարձրացրեց լուսնի և բազեի դրոշները, քանի որ չէր պատաստվում հրաժարվել նրանցից, ում երդվել էր պաշտպանել:
Եվ տասնհինգ տարի առաջ մի օր երկրորդ հայրը նաև եղբայր էր դարձել իր համար, քանի որ նա ու Նեդը միասին կանգնել էին Ռիվերրանի մատուռում՝ ամուսնանալու երկու քույրերի՝ Լորդ Հոստեր Տալլիի դստրերի հետ:
- Ջոնը...,-ասաց նա: - Հավաստի՞ լուր է:
- Արքայի կնիքն էր վրան, իսկ ձեռագիրը Ռոբերտինն էր: Ես նամակը պահել եմ քեզ համար: Ասում է, որ Լորդ Արրինը արագ է մահացել, նույնիսկ Մայստեր Պիսելը չի կարողացել օգնել, թեև կակաչի կաթ է խմեցրել, բայց Ջոնը երկար չի տանջվել ցավերից:
- Դա այնքան էլ չի մխիթարում,-ասաց Նեդը: Կինը տեսնում էր տառապանքը նրա դեմքին, բայց նույնիսկ այդ պահին Նեդն առաջին հերթին կնոջ մասին անհանգստացավ:
- Քույրդ,-ասաց նա:-Ու Ջոնի տղան: Նրանցից ի՞նչ լուր կա:
- Նամակում միայն ասված էր, որ նրանք լավ են, ու վերադարձել են Էյրի,-ասաց Կետլինը: - Երանի դրա փոխարեն Ռիվերրան գնացած լինեին: Էյրին բարձրադիր ու միայնակ վայր է, և դա միշտ էլ եղել է նրա ամուսնու տունը, ոչ իրենը: Ամեն ինչ նրան Լորդ Ջոնի մասին է հիշեցնելու: Ես քրոջս գիտեմ: Նրան հիմա պետք է, որ ընկերներն ու ընտանիքը կողքին լինեն:
- Քեռիդ սպասում է Վեյլում, այնպես չէ՞: Լսել եմ, որ Ջոնը նրան նշանակել է Դարպասի Ասպետ:
Կետլինը գլխով արեց:
- Բրանդենը հնարավոր ամեն բան կանի նրա և տղայի համար: Դա իհարկե մխիթարում է, սակայն..
- Գնա նրա մոտ,- համոզեց Նեդը: - Վերցրու երեխաներին քեզ հետ: Նրա սրահները թող լցվեն աղմուկ-աղաղակի և ծիծաղի ձայներով: Նրա որդուն էլ լավ կլինի, եթե կողքին ուրիշ երեխաներ լինեն, Լիսան էլ մենակ չի լինի վշտի մեջ:
- Կգնայի, եթե կարողանայի,-ասաց Կետլինը:- Նամակում այլ լուրեր ևս կային: Արքան գալիս է Վինտերֆել, քեզ տեսակցության:
Որոշ ժամանակ պահանջվեց, մինչ Նեդը կարողացավ հասկանալ նրա խոսքերը, բայց երբ ընկալեց, մռայլությունը չքացավ աչքերից:
- Ռոբերտն այստե՞ղ է գալիս:
Երբ կինը գլխով արեց, Նեդի դեմքին ժպիտ երևաց:
Կետլինը շատ կուզեր կիսել նրա ուրախությունը, բայց նա լսել էր բակում պտտվող խոսակցությունները, ձների մեջ մեռած դիվագայլի ու դրան սպանած եղջերուի մասին: Սարսափն օձի պես գալարվում էր նրա ներսում, բայց ինքն իրեն ստիպում էր ժպտալ իր սիրած մարդուն, մարդու, ով չէր հավատում նշաններին:
- Գիտեի, որ կուրախանաս:-ասաց նա:- Պատի վրա գտնվող եղբորդ էլ պետք է լուր հասցնենք:
- Այո, իհարկե,- համաձայնեց նա:-Բենը կուզենա այստեղ լինել: Մայստեր Լյուվինին կասեմ, որ իր ամենասրընթաց թռչնին ուղարկի:
Նեդը վեր կացավ, և կնոջն օգնեց կանգնել:
- Գրողը տանի, քանի՞ տարի է անցել: Ու նա ընդամենը մի երկու բա՞ռ է գրել: Քանի՞ հոգի կլինեն, ասվա՞ծ է նամակում:
- Ինձ թվում է՝ գոնե մի հարյուր ասպետ, իրենց ծառաների հետ, ու երևի հիսուն հոգի էլ ձիավորներ: Սերսեյն ու երեխաներն էլ են գալիս:
- Ռոբերտը արագ չի անցնի ճանապարհը նրանց հետ,-ասաց Նեդը:- Դա մեր օգտին է: Ժամանակ կունենանք ինչպես հարկն է պատրաստվելու:
- Թագուհու եղբայրները նույնպես գալիս են,-ասաց կինը:
Նեդը դեմքը ծամածռեց: Թագուհու ընտանիքի ու իր միջև ջերմ հարաբերություններ չկային, Կետլինը գիտեր դրա մասին: Կաստերլի Ամրոցից Լանիստերները ուշ էին եկել Ռոբերտին օգնության, երբ հաղթանակն արդեն մոտ էր, ու Նեդը դա նրանց չէր կարողանում ներել:
- Դե, եթե Ռոբերտի ընկերակցությունը վայելելու գինը Լանիստերների ներխուժումն է, թող այդպես լինի: Ինչպես հասկացա, Ռոբերտն արքունիքի կեսին բերում է հետը:
- Արքան ուր գնում է, թագավորությունը հետևում է,-ասաց Կետլինը:
- Լավ կլինի, երեխաներին կտեսնենք: Ամենափոքրը դեռ Լանիստերների քրոջ կրծքին կպած էր, երբ վերջին անգամ տեսա նրան: Հիմա ինչքա՞ն կլինի, հինգ տարեկա՞ն:
- Արքայազն Տոմենը յոթ տարեկան է,-ասաց կինը:- Բրանի տարիքին է: Խնդրում եմ, Նեդ, լեզվիդ ազատություն չտաս: Լանիստերների քույրը մեր թագուհին է, և ասում են, որ նրա գոռոզությունն աճում է տարեցտարի:
Նեդը նրա ձեռքը սեղմեց:
- Պետք է տոնակատարություն կազմակերպել, երգիչներ կլինեն, Ռոբերտը հաստատ կուզենա որս անել: Ես Ջորիին հարավ կուղարկեմ պատվո պահակի հետ, որ արքային դիմավորի ճանապարհին և ուղեկցի նրան այստեղ: Աստվածներ, ո՞նց ենք նրանց բոլորին կերակրելու: Ասում ես՝ արդեն ճանապարհի՞ն է: Անիծվի՛ նա: Անիծյալ լինի նրա արքայական մորթը:

impression
05.02.2017, 00:23
ԴԱՅՆԵՐԻՍ

Եղբայրը խալաթը պահեց, որ նա զննի:
- Գեղեցիկ է: Ձեռք տուր: Դե, շոյիր կտորը:
Դայներիսը ձեռք տվեց: Կտորն այնքան փափուկ էր, որ թվում էր, թե ջրի հոսքի նման սահեց մատների արանքով: Չէր կարողանում մտաբերել, թե երբևէ այդքան փափուկ որևէ բան հագած լիներ: Դա վախեցրեց նրան: Ձեռքը հետ քաշեց:
- Սա իրո՞ք իմն է:
- Սա ընծա է Վարպետ Իլիրիոյի կողմից,-ասաց Վիսերիսը՝ ժպտալով: Այսօր եղբայրը լավ տրամադրություն ուներ:- Գույնը կընդգծի աչքերիդ մանուշակագույնը: Ոսկի էլ կունենաս ու ամեն տեսակի թանկարժեք զարդարանքներ: Իլիրիոն խոստացել է: Այսօր դու պետք է արքայադստերը վայել հանգված լինես:
Արքայադուստր, մտածեց Դենին: Արդեն մոռացել էր, թե դա ինչ է: Գուցե երբեք էլ չէր իմացել:
- Նա ինչու՞ է մեզ այդքան շատ նվերներ անում,-հարցրեց նա:- Ի՞նչ է ուզում մեզանից:
Արդեն համարյա թե կես տարի էր՝ նրանք ապրում էին մագիստրի տանը, ուր իրենց կերակրում էին, ծառաները հոգ էին տանում իրենց մասին: Դենին տասներեք տարեկան էր, արդեն բավականաչափ մեծ էր հասկանալու համար, որ ազատ քաղաք Պենտոսում նման ընծաները հազվադեպ իրենց գինը չէին ունենում:
- Իլիրիոն հիմար չէ,-ասաց Վիսերիսը: Նա նյարդային ձեռքերով ու գունատ մանուշակագույն հիվանդոտ աչքերով մի վտիտ երիտասարդ էր: - Մագիստրը գիտե, որ ես չեմ մոռանա իմ ընկերներին, երբ բազմեմ գահին:
Դենին ոչինչ չասաց: Մագիստր Իլիրիոն համեմունքների, թանկարժեք քարերի, վիշապների ոսկորների և այլ արժեքավոր իրերի առևտրական էր: Ասում էին, որ նա ընկերներ ուներ բոլոր Ինը Ազատ Քաղաքներում, ու նույնիսկ դրանց սահմաններից այն կողմ, Վաես Դոտրակում և Ջեյդ ծովի ափին գտնվող առասպելական հողերում: Նաև ասում էին, որ նա չուներ ընկեր, ում պատրաստ չլիներ հարմար գնով ծախել: Դենին լսում էր խոսակցություններ փողոցներում, գիտեր այդ ամենը, բայց նաև գիտեր, որ պետք չէ դրանք պատմել եղբորը, ով զբաղված էր իր երազանքների ցանցը հյուսելով: Եղբայրը սարսափելի էր, երբ զայրանում էր: Վիսերիսը դա անվանում էր «արթնացնել վիշապին»:
Եղբայրը խալաթը կախեց դռան կողքին:
- Իլիրիոն ստրկուհիներին կուղարկի, որպեսզի քեզ լողացնեն: Անպայման ախոռների հոտն անցկացրու վրայիցդ: Խալ Դրոգոն հազարավոր ձիեր ունի, այս երեկո մի այլ տեսակի երիվար է ուզում գտնել:
Նա քննադատական հայացքով նայեց քրոջը:
- Էլի մեջքդ կորացնում ես: Ուղիղ կանգնիր: - Նա հետ քաշեց նրա ուսերը: - Թող տեսնեն, որ այժմ կանացի կազմվածք ունես: - Նրա մատները կամացուկ սահեցին քրոջ կրծքերի վրայով և սեղմեցին պտուկը: - Այսօր դու իմ սպասելիքները կարդարացնես: Եթե չարդարացնես, քեզ համար վատ կլինի: Դու չես ուզում արթնացնել վիշապին, այնպես չէ՞: - Նրա մատները սեղմվեցին, ցավը զգաց անգամ պարեգոտի չոր կտորի վրայից: - Այնպես չէ՞,-կրկնեց եղբայրը:
- Ոչ,-ասաց Դենին խոնարհաբար:
- Լավ,-ժպտաց եղբայրը: Նա շոյեց նրա մազերը, համարյա թե քնքշորեն: - Երբ գրեն իմ տերության պատմությունը, սիրելի քույր, կասեն, որ այն սկսվեց այսօր:
Երբ նա գնաց, Դենին մոտեցավ պատուհանին ու տխուր նայեց դուրս՝ ծովախորշի ջրերին: Պենտոսի քառակուսի աղյուսե աշտարակները մռայլորեն ուրվագծվում էին մայր մտնող արևի լույսի տակ: Դենին լսում էր կարմիր քրմերի երգը, երբ նրանք վառում էին կրակները, ու քրջոտ երեխաների աղաղակները, որոնք ամրոցի պատից այն կողմ խաղում էին: Մի պահ ցանկացավ նրանց հետ դրսում լինել, բոբիկ, շնչակտուր, ցնցոտիների մեջ, առանց անցյալի ու ապագայի, ու առանց Խալ Դրոգոյի ապարանքն այցելելու պարտավորության:
Մայրամուտից անդին ինչ-որ տեղ, նեղ ծովից այն կողմ ընկած էր կանաչ բլուրների, ծաղկաշատ հարթավայրերի և սրընթաց գետերի երկիրը, որտեղ հսկայական կապտա-մոխրագույն լեռների միջև վեր էին խոյանում քարե մռայլ աշտարակները, ուր զինված ասպետները մենամարտում էին իրենց լորդերի դրոշների ներքո: Դոտրակիներն այդ երկիրը կոչում էին Ռաեշ Անդալի՝ Անդալների երկիր: Ազատ քաղաքներում այն կոչում էին Վեստերոս և Մայրամուտի թագավորություններ: Եղբայրն առավել պարզ անուն էր տալիս դրանց: Նա այն կոչում էր «մեր երկիրը»: Այդ խոսքերը նա արտաբերում էր աղոթքի պես: Եթե բավականաչափ շատ ասեր, ապա աստվածներն ականջալուր կլինեին իրեն: «Մերը՝ արյան իրավունքով, որը մեզանից խլել են դավաճանությամբ, բայց այն միևնույն է, մերն է ընդմիշտ: Պետք չէ գողանալ վիշապից: Վիշապը դա չի մոռանա»:
Հնարավոր է, որ վիշապը չէր մոռանում, բայց Դենին չէր կարողանում հիշել: Նա երբեք չէր տեսել այդ երկիրը, նեղ ծովից այն կողմ ընկած այդ թագավորությունը, որը եղբայրն իրենցն էր անվանում: Այդ վայրերը, որոնց մասին նա պատմում էր՝ Կաստերլի ամրոցը, Էյրին, Հայգարդենն ու Արրինի հովիտը, Դորնն ու Դեմքերի կղզին նրա համար միայն բառեր էին: Վիսերիսն ութ տարեկան էր, իսկ Դայներիսը դեռ մոր որովայնում էր, երբ իրենք փախան Արքայանիստից՝ Զավթիչի առաջացող բանակից խուսափելու համար:
Բայց երբեմն Դայներիսը կարողանում էր պատկերացնել, թե ինչպես է եղել ամեն ինչ, քանի որ եղբայրը շատ հաճախ էր նրան այդ պատմությունները պատմում: Կեսգիշերային փախուստը Դրագոնստոն, նավի սև առագաստների վրա շողացող լուսնի լույսը, իր եղբայր Ռաեգարը, ով մենամարտեց Զավթիչի հետ Եռաժանու արյունոտ ջրերում և մեռավ իր սիրած կնոջ համար: Արքայանիստի թալանը Լորդ Լանիստերի ու Լորդ Ստարկի կողմից, ում Վիսերիսը Զավթիչի շներ էր կոչում: Էլիան՝ Դորնի արքայադուստրը, ով գթասրտություն էր աղերսում, երբ Ռաեգարի ժառանգին պոկեցին գրկից ու սպանեցին իր աչքի առաջ, վերջին վիշապների փայլեցված գանգերը, որոնք կույր հայացքով ցած էին նայում թագադրման դահլիճի պատերից, մինչ Արքայասպանն իրենց հոր կոկորդն էր կտրում ոսկե թրով:
Դենին ծնվել էր Դրագոնստոնում, իրենց փախուստից ինը լուսին անց, այն ժամանակ, երբ ամառային փոթորիկը սպառնում էր ոչնչացնել կղզին: Ասում էին՝ ահավոր փոթորիկ էր: Տարգարյենի խարիսխ գցած նավատորմը ջախջախվեց, երբ հողապատնեշներից հսկայական քարե զանգվածներ պոկվեցին ու գլորվեցին դեպի նեղ ծովը: Դենիի մայրը մահացավ իրեն ծննդաբերելիս, և դա իր եղբայր Վիսերիսը երբեք չկարողացավ իրեն ներել:
Դայներիսը Դրագոնստոնն էլ չէր հիշում: Երբ Զավթիչի եղբայրը ծով դուրս եկավ նոր կառուցած նավատորմով, իրենք նորից փախուստի դիմեցին: Այդ պահին արդեն միայն Դրագոնստոնը՝ իրենց Տան հինավուրց նստավայրն էր մնացել այն Յոթ թագավորություններից, որ մի ժամանակ իրենցն էր: Դա էլ երկար իրենցը չէր մնալու: կայազորը պատրաստ էր իրենց վաճառել Զավթիչին, բայց մի գիշեր Սըր Վիլլեմ Դարին իր չորս հավատարիմ մարդկանցով ներխուժել էր մանկական սենյակև իրենց երկուսին էլ, դայակի հետ միասին առևանգել, ու մթության մեջ դուրս եկել բաց ծով՝ դեպի ապահով Բրավոսյան ափը:
Դենին Սըր Վիլլեմին աղոտ էր հիշում, նա արջի նման մեծամարմին, մոխրագույն մազերով մարդ էր, ով իր մահվան մահճում հրամաններ էր մռնչում:
Ծառաներն ապրում էին ահ ու սարսափի մեջ, բայց նա միշտ բարի էր եղել Դենիի հանդեպ:
Նա նրան կոչում էր «Փոքրիկ արքայադուստր», երբեմն էլ՝ «Միլեդի», իսկ նրա ձեռքերը հնացած կաշվի պես փափուկ էին: Նա երբեք դուրս չէր գալիս մահճից, հիվանդության կծու, խոնավ, հիվանդոտ քաղցր բույրը կպել էր նրան ու չէր անցնում: Այդ ժամանակ նրանք ապրում էին Բրավոսում, կարմիր դուռ ունեցող մեծ տանը: Դենին այնտեղ իր սեփական սենյակն ուներ, պատոհանից դուրս լիմոնի ծառ էր աճում: Սըր Վիլլեմի մահից հետո ծառաները գրապնեցին նրա թողած քիչ գումարը, շատ չանցած էլ՝ եղբորն ու քրոջը վռնդեցին մեծ տնից: Երբ կարմիր դուռը հավերժ փակվեց իրենց հետևից, Դենին լաց եղավ: Դրանից հետո նրանք թափառում էին Բրավեսից Միր, Միրից Տիրոշ, ապա՝ դեպի Քոհոր, Վոլանտիս, Լիս, բայց երբեք ոչ մի տեղ երկար չէին մնում: Եղբայրը թույլ չէր տալիս: Նա պնդում էր, որ Զավթիչի վարձու մարդասպանները հետևում էին իրենց, թեև Դենին երբեք նրանցից ոչ մեկին չէր տեսել: Սկզբում մագիստրները, տիրակալներն ու վաճառական արքայազնները վերջին Տարգարիեններին սիրով էին ընդունում իրենց տուն և իրենց սեղանների շուրջ, բայց քանի անցնում էին տարիները, իսկ Զավթիչը շարունակում էր բազմած մնալ Երկաթե Գահին, դռները փակվում էին, իսկ նրանց կյանքը գնալով ավելի խղճուկ էր դառնում: Տարիներ անց նրանք ստիպված եղան վաճառել իրենց ունեցած սակավաթիվ գանձերը, և հիմա չունեին անգամ այն մետաղադրամը, որը ժամանակին զարդարել էր իրենց մոր թագը: Պենտոսի նրբանցքներում և պանդոկներում նրա եղբորը «մուրացկան արքա» էին անվանում: Դենին չգիտեր, թե ինչ անուն էին տալիս իրեն:
- Մի օր մենք ամենը հետ կվերադարձնենք, սիրելի քույր,-խոստանում էր նա: Երբեմն ձեռքերը դողում էին, երբ խոսում էր դրա մասին: - Զարդեղենն ու մետաքսեղենը, Դրագոնստոնն ու Արքայանիստը, Երկաթե Գահն ու Յոթ Թագավորությունները, ամենը խլել են մեզանից, բայց մենք կվերադարձնենք: - Վիսերիսն ապրում էր այդ օրվա համար: Դենին միայն կցանկանար վերադարձնել կարմիր դռնով մեծ տունը, պատուհաի տակ աճող լիմոնի ծառը և մանկությունը, որ երբեք չէր ունեցել:
Դուռը կամացուկ ծեծեցին:
- Մտեք,-ասաց Դենին՝ պատուհանից շրջվելով: Իլիրիոյի ծառաները ներս եկան, խոնարհվեցին և գործի անցան: Նրանք ստրուկներ էին՝ մագիստրի բազմաթիվ Դոտրակի ընկերներից մեկի ընծաները: Ազատ քաղաք Պենտոսում ստրկատիրություն գոյություն չուներ:
Բայցևայնպես, նրանք ստրուկներ էին: Մկան պես մոխրագույն ու փոքրամարմին ծեր կինը երբեք չէր խոսում, բայց երիտասարդ աղախինը խոսում էր երկուսի փոխարեն: Նա Իլիրիոյի սիրելին էր, բաց գույնի մազերով, կապտաչյա տասնվեցամյա սպասուհի, ովաշխատելիս անդադար շաղակրատում էր:
Նրանք լոգարանը լցրեցին խոհանոցից բերված տաք ջրով, և անուշահոտ յուղեր ավելացրեցին: Աղջիկը կոպիտ բամբակե պարեգոտը հանեց Դենիի հագից, և օգնեց նրան լոգարան մտնել: Ջուրն այրող տաք էր, բայց Դայներիսը ոչ ցնցվեց, ոչ ճիչ արձակեց: Նա սիրում էր տաքություն, դրանից իրեն մաքուր էր զգում: Բացի այդ, եղբայրն իրեն հաճախ էր ասել, որ Տարգարիենի համար երբեք չափազանց տաք լինել չէր կարող:
- Մերը վիշապի տունն է,-ասում էր նա: - Կրակը մեր արյան մեջ է:
Ծեր կինը լվաց նրա երկար, արծաթագույն մազերն ու նուրբ սանրեց խճճված հյուսերը, ամենն արվեց լռության մեջ: Աղջիկը լվանում էր նրա մեջքը, ոտքերը, և ասում, թե ինչ բախտավոր էր Դայներիսը;
- Դրոգոն այնքան հարուստ է, որ անգամ նրա ստրուկներն են ոսկե մանյակներ կրում: Նրա խալասարում հարյուր հազարից ավելի ձիավոր կա, նրա պալատը Վաես Դոտրակում երկու հարյուր սենյակ ունի, իսկ սենյակների դռներն արծաթից են:
Էլի նման բաներ խոսեց, երկար պատմեց, թե ինչ գեղեցիկ տղամարդ է Խալը՝ բարձրահասակ և կատաղի, մարտում՝ անվախ, երբևէ ձի հեծած լավագույն ձիավորը, դիվային նետաձիգ: Դայներիսը ոչինչ չէր ասում: Նա միշտ մտածել էր, թե ամուսնանալու է Վիսերիսի հետ, երբ տարիքը հասնի:
Դարեր շարունակ Տարգարիեններն ամուսնանում էին իրենց քույրերի և եղբայրների հետ, այն բանից հետո, ինչ Աեգոն Նվաճողը կնության վերցրեց քրոջը:
- Արյունը պետք է մաքուր պահել,-հազարավոր անգամներ ասել էր իրեն Վիսերիսը, քանի որ իրենց արյունն արքայական էր, հինավուրց Վալիրիայի ոսկե արյունն էր, վիշապի արյունը: Վիշապները չէին զուգավորվում անտառի գազանների հետ, իսկ Տարգարիեններն իրենց արյունը չէին խառնում ավելի ցածր մարդկանց արյան հետ: Սակայն այժմ Վիսերիսը մտադիր էր քրոջը վաճառել անծանոթ մի բարբարոսի:
Երբ մաքրվեց, ստրուկներն օգնեցին նրան ջրից դուրս գալ և սրբիչով չորացրեցին: Աղջիկը սանրեց նրա մազերն այնքան, մինչև դրանք սկսեցին շողալ հալած արծաթի նման, իսկ ծեր կինն օծում էր իրեն ծաղիկներից պատրաստված օծանելիքով, որոնք քաղել էին Դոտրակիի դաշտերից. մի-մի հատ ամեն դաստակին, կրծքերին, և վերջինը՝ շուրթերին՝ ոտքերի արանքում: Նրա գլխին դրեցին մագիստր Իլիրիոյի ուղարկած ծաղկեպսակը, ապա հագցրեցին խալաթը, որը մուգ մանուշակագույն մետաքսից էր, և էլ ավելի էր ընդգծում աչքերի մանուշակագույնը: Աղջիկը նրա ոտքերին հագցրեց հարմար սանդալները, մինչ կինը տիարան դրեց գլխին և ամետիստներով զարդարված ապարանջանները հագցրեց դաստակներին: Վերջինը վզնոցն էր, մի ծանր ոսկե զարդ, որի վրա Վալիրիական փորագրություններ էին:

impression
05.02.2017, 00:24
- Այժմ իսկական արքայադստեր տեսք ունեք,-շունչը կտրվելով ասաց աղջիկը, երբ Դենին պատրաստ էր: Դայներիսը հայացք գցեց ինքն իրեն արծաթապատ հայելու մեջ, որն այնքան շրջահայեցողությամբ տրամադրել էր Իլիրիոն:
«Արքայադուստր»,-մտածում էր նա, և հիշում աղջկա պատմածները, որ Խալ Դրոգոն հարուստ էր այնքան, որ նույնիսկ իր ստրուկներն էին ոսկե մանյակներ կրում: Հանկարծ մրսեց, բաց թևերը փշաքաղվեցին:
Եղբայրն իրեն էր սպասում նախամուտքի զովության մեջ, լողավազանի ծայրին նստած, ձեռքով ջուրը խառնելով: Նա վեր կացավ, երբ Դենին հայտնվեց, և քննադատաբար նայեց քրոջը:
- Կանգնիր այնտեղ,-ասաց:- Շրջվիր: Ահա, լավ: Դու նման ես...
- Թագուհու,-ասաց Մագիստր Իլիրիոն՝ կամարից առաջ գալով: Նա այդքան մարմնեղ մարդու համար շատ նրբագեղ էր շարժվում: Բոցագույն մետաքսի լայն շորերի տակ նրա յուղոտ մարմինը օրորվում էր քայլելիս: Ամեն մատին փայլփլում էին թանկարժեք քարերը, ծառաները յուղերով էին օծում նրա եռածայր մորուքը մինչ այն սկսում էր իսկական ոսկու պես շողալ:
- Թող որ Արևի Տիրակալը օրհնանքներ սփռի ձեր վրա այս բարեբախտ օրը, Արքայադուստր Դայներիս,-ասաց մագիստրը՝ նրա ձեռքը բռնելով: Նա գլուխը խոնարհեց՝ մորուքի ոսկու արանքից ցուցադրելով ծուռտիկ դեղին ատամները:
- Նա հիանալի է, Ձերդ Մեծություն, հիանալի է,-ասաց մագիստրը Վիսերիսին: - Դրոգոն կտարվի նրանով:
- Շատ ոսկրոտ է,-ասաց Վիսերիսը: Նրա մազերը, որոնք Դենիի մազերի նման արծաթագույն էին, պինդ կապված էին գլխի հետևում և ամրացված վիշապի ոսկրից հերակալով: Դաժան հայացքը շեշտում էր նրա դեմքի մռայլ, հյուծված գծերը: Ձեռքը դրած թրի կոթին, որը Իլիրիոն էր տվել իրեն, ասաց.
- Վստա՞հ ես, որ Դրոգոյին դուր են գալիս այսքան երիտասարդ կանայք:
- Նրա մոտ դաշտան է լինում: Նա արդեն բավականաչափ հասուն է Խալի համար,-հերթական անգամ նույն պատասխանը տվեց Իլիրիոն:
- Նայիր նրան: Նրա արծաթազօծ մազերին, մանուշակագույն աչքերին... Նրանում հոսում է հին Վալիրիայի արյունը, կասկած չկա, նա բարձրաշխարհիկ է, նախորդ արքայի դուստրը, նորի քույրը, նա չի կարող դուր չգալ մեր Դրոգոյին:
Երբ նա բաց թողեց աղջկա ձեռքը, Դայներիսը զգաց, որ սարսռում է:
- Կարծում եմ,-կասկածամտորեն ասաց եղբայրը,-վայրենիների ճաշակը տարօրինակ է: Տղաներ, ձիեր, ոչխարներ...
- Խալ Դրոգոյին նման բաներ չառաջարկեք,-ասաց Իլիրիոն:
Եղբոր աչքերը զայրույթից կայծկլտացին.
- Դու ինձ հիմարի տե՞ղ ես դրել:
Մագիստրը թեթևակի խոնարհվեց:
- Ես ձեզ արքայի տեղ եմ դրել: Արքաներին վայել չէ սովորական մարդկանց զգուշավորությունը: Ներողություն եմ հայցում, եթե վիրավորել եմ:-Նա շրջվեց ու ծափ տվեց՝ բեռնակիրներին կանչելով:
Պենտոսի փողոցները մթության մեջ էին, երբ նրանք ճանապարհ ընկան Իլիրիոյի ընտիր փորագրված փոխադրման վրանում: Երկու ծառա առջևից էին գնում՝ լուսավորելով ճանապարհը բաց կապույտ ապակե շրջանակով զարդարված ձեթի կանթեղներով, իսկ մեկ դյուժին ուժեղ մարդ տանում էր վրանն իրենց ուսերին դրած: Վարագույրներից ներս տաք էր: Դենին զգում էր Իլիրիոյի թոշնած մարմնի գարշահոտությունը առատ օգտագործված օծանելիքի բուրմունքի միջից:
Եղբայրը, նրա կողքին բարձերի վրա փռված, ոչինչ չէր նկատում: Նրա միտքը հեռու էր, նեղ ծովից այն կողմ:
- Մեզ ամբողջ խալասարը պետք չէ,-ասաց Վիսերիսը: - Մատները խաղում էին պարտքով վերցրած թրի կոթի հետ, թեև Դենին գիտեր, որ նա երբեք թուրն իր իսկական նպատակով չէր գործածել: - Տասը հազարը բավարար կլինի: Ես հողին կհավասարեցնեմ Յոթ Թագավորությունները տասը հազար Դոտրակի ճչացողներով: Թագավորությունը ոտքի կկանգնի իրենց իրական արքայի համար: Տիրելլը, Ռեդվայնը, Դարին, Գրեյջոյը, նրանց սերը Զավթիչի հանդեպ ավելի քիչ է, քան իմը: Դորնիշները վառվում են Էլիայի և իր երեխաների վրեժը լուծելու ցանկությունից: Սովորական մարդիկ էլ մեր կողմից կլինեն: Նրանք կգոռան իրենց արքայի անունը,-նա մտահոգ նայեց Իլիրիոյին.-այնպես չէ՞:
- Նրանք ձեր ժողովուրդն են, և նրանք սիրում են ձեզ,-ընկերաբար ասաց Մագիստր Իլիրիոն:-Ամբողջ թագավորության տարածքով մարդիկ թաքուն բաժակ են բարձրացնում ձեր առողջության համար, մինչ կանայք վիշապի տեսքով դրոշներ են կարում ու թաքցնում դրանք մինչ այն օրը երբ դուք կվերադառնաք ծովի մյուս ափից,-նա ուսերը թափ տվեց:- Ամեն դեպքում ինձ այդպես են պատմում իմ գործակալները:
Դենին գործակալներ չուներ, ոչ էլ տարբերակ ուներ իմանալու, թե ինչ էր անում կամ մտածում որևէ մեկը նեղ ծովից այն կողմ, բայց նա չէր վստահում Իլիրիոյի քաղցրածոր բառերին, ինչպես չէր վստահում Իլիրիոյի հետ կապված ոչ մի բան: Եղբայրը ոգևորված գլխով էր անում.
- Ես ինքս կսպանեմ Զավթիչին,-խոստացավ նա, որ դեռ երբևէ ոչ մեկի չէր սպանել,-ինչպես որ նա սպանեց իմ եղբայր Ռաեգարին: Արքայասպան Լանիստերին էլ կսպանեմ, այն ամենի համար, ինչ նա արեց հորս հետ:
- Դա հրաշալի կլինի,-ասաց Մագիստր Իլիրիոն: Դենին նկատեց նրա շուրթերին երևացող մանր ժպիտը, բայց եղբայրը դա չտեսավ: Գլխով անելով՝ նա վարագույրը հետ քաշեց և դուրս նայեց դեպի գիշերվա մթությունը, և Դենին վստահ էր, որ նա մտքում ևս մեկ անգամ էր հաղթում Եռաժանու մարտում:
Խալ Դրոգոյի ինը աշտարակներով ապարանքը գտնվում էր ծովախորշի կողքին, դրա հաստ աղյուսե պատերը պատված էին գունատ բաղեղներով: Ապարանքը Խալին էին նվիրել Պենտոսի մագիստրները, պատմել էր Իլիրիոն: Ազատ քաղաքները միշտ առատաձեռն էին ձիերի տիրակալների հետ:
- Պատճառն այն չէ, թե մենք վախենում ենք այդ բարբարոսներից,-սիրում էր բացատրել Իլիրիոն ժպիտով:-Արևի Տիրակալը մեր քաղաքի պատերը կպաշտպանի նույնիսկ միլիոնավոր Դոտրակիներից, համենայն դեպս, այդպես են խոստանում կարմիր քահանաները... Ինչու՞ ռիսկի դիմել, եթե նրանց ընկերության գինն այդքան էլ թանկ չէ:
Նրանց վրանը կանգ առավ դարպասի մոտ, պահակներից մեկը կոպտորեն հետ քաշեց վարագույրները: Նա պղնձագույն մաշկ ուներ և Դոտրակիների մուգ նշաձև աչքերից, բայց դեմքին մազածածկույթ չկար ու նա կրում էր Անբասիրների սուր ելունդներով բրոնզե գլխարկը: Նա սառնորեն նայեց այդ երեքին: Մագիստր Իլիրիոն ինչ-որ բան մռլտաց նրան կոպիտ դոտրակերենով: Պահակը նույն ձևով պատասխանեց և նշան արեց, որ անցնեն դարպասներից ներս:
Դենին նկատեց, որ եղբոր մատներն ամուր կառչել էին պարտքով վերցրած թրի կոթից: Վիսերիսը գրեթե Դայներիսի չափ վախեցած տեսք ուներ:
- Հանդուգն ներքինի,-մրթմրթաց Վիսերիսը, երբ վրանը սկսեց շարժվել ապարանքի ուղղությամբ:
Մագիստր Իլիրիոյի խոսքերը մեղրից էին:
- Շատ կարևոր մարդիկ են ներկա լինելու այսօրվա խնջույքին: Այդպիսի մարդիկ թշնամիներ ունեն: Խալը պարտավոր է պաշտպանել իր հյուրերին, իսկ ձեզ՝ առավել ևս, Ձերդ Գերազանցություն: Անկասկած, Զավթիչը գումար չէր խնայի ձեր գլխի համար:
- Կասկած չկա,-մռայլ պատասխանեց Վիսերիսը: - Նա շատ է փորձել, Իլիրիո, երդվում եմ: Նրա վարձու մարդասպաններն ամենուր հետևում են մեզ: Ես վերջին վիշապն եմ, ու նա հանգիստ չի կարող քնել, քանի ես ապրում եմ:

impression
05.02.2017, 00:25
Վրանի ընթացքը դանդաղեց ու կանգ առավ: Վարագույրները հետ քաշվեցին, մի ստրկու ձեռքն առաջարկեց Դայներիսին՝ նրան դուրս գալ օգնելու համար: Դենին նկատեց, որ նա հասարակ բրոնզե մանյակ էր կրում: Նրա հետևից դուրս եկավ եղբայրը, մի ձեռքը դեռևս կառչած թրի կոթից: Երկու հուժկու մարդ պահանջվեց Մագիստր Իլիրիոյին կրկին ոտքի կանգնեցնելու համար:
Ապարանքի ներսում օդը ծանրացել էր համեմունքների, լիմոնի ու դարչինի բուրմունքից: Նրանց ուղեկցեցին նախամուտքից ներս, որտեղ գունավոր ապակիներից խճանկարը պատկերում էր Վալիրիայի կործանումը: Ձեթ էր վառվում պատի երկայնքով կախված սև երկաթե կանթեղներում: Միահյուսված քարե տերևների կամարի տակ մի ներքինի երգելով ներկայացրեց հյուրերին.
- Վիսերիսը Տարգարիենների տնից, իր անվան երրորդ կրողը,-կանչեց նա բարձր, քաղցր ձայնով,- Անդալների, Ռոյնարների և Առաջին մարդկանց արքան, Յոթ Թագավորությունների իշխանն ու տերության պահապանը: Նրա քույրը, Դայներիս Փոթորկածինը, Դրագոնստոնի արքայադուստրը: Նրա հարգարժան հյուրընկալը, Իլիրիո Մոպատիսը, Ազատ քաղաք Պենտոսի մագիստրը:
Նրանք ներքինիի կողքով անցան դեպի սյունազարդ բակը, ուր ամենուր բաղեղներ էին աճում: Լուսնի լույսը տերևներին ոսկրագույն ու արծաթագույն երանգ էր հաղորդում, երբ հյուրերը ճեմում էին բակով: Նրանցից շատերը Դոտրակի տիրակալներ էին՝ հաղթանդամ մարդիկ, շագանակագույն մաշկով, իրենց երկար բեղերը կապված էին մետաղե օղակներով, սև մազերը օծված էին յուղերով և վրայից զանգակներ էին կախված: Նրանց հետ միասին կային բրավոսներ և զինավաճառներ Պենտոսից, Միրից և Տիրոշից, կար մի կարմիր քահանա, ով նույնիսկ ավելի գեր էր, քան Իլիրիոն, Իբբենի նավահանգստից ժամանած փրչոտ մարդիկ և Ամառային կղզիներից եկած սաթի նման սև լորդեր: Դայներիսը նրանց բոլորին զարմանքով էր նայում և հասկացավ, հանկարծահաս տագնապով, որ ինքը միակ կինն էր այնտեղ:
Իլիրիոն շշնջաց.
- Այնտեղ Դրոգոյի երդվյալ ձիավորներն են: Սյան մոտ Խալ Մորոն է, իր որդի Ռոգորոյի հետ: Կանաչ մորուքով մարդը Տիրոշի Արչոնի եղբայրն է, իսկ նրա հետևինը՝ սըր Ջորահ Մորմոնտն է:
Վերջինը գրավեց Դայներիսի ուշադրությունը:
- Ասպե՞տ:
- Ոչ ավել, ոչ պակաս,-ժպտաց Իլիրիոն մորուքի միջից:-Բարձրագույն Քրմի կողմից օծված յոթ յուղերով:
- Նա այստեղ ի՞նչ գործ ունի,-հարցրեց Դայներիսը:
- Զավթիչը նրա գլուխն էր պահանջել,-պատմեց Իլիրիոն:-Ինչ-որ աննշան անհնազանդության պատճառով: Նա Տիրոշի ստրկավաճառին որսագող էր վաճառել, այն Գիշերազորին տալու փոխարեն: Հիմար օրենք է: Մարդ պետք է կարողանա սրտի ուզածն անել իր ունեցվածքի հետ:
- Ես ցանկանում եմ զրուցել սըր Ջորահի հետ մինչ գիշերը կավարտվի,-ասաց եղբայրը: Դենին զգաց, որ ինքն էլ է հետաքրքրությամբ զննում ասպետին: Նա քառասունն անց մարդ էր, ճաղատացող, բայց դեռևս ուժեղ էր և պահպանել էր լավ կազմվածքը: Մետաքսի և բամբակի փոխարեն նա կաշվից ու բրդից հագուստ էր կրում: Պարեգոտը մուգ կանաչ էր, զարդարված երկու թաթերի վրա կանգնած գորշ արջի պատկերով:
Նա դեռևս նայում էր այդ տարօրինակ մարդուն, որն եկել էր իրեն անծանոթ հայրենիքից, երբ Մագիստր Իլիրիոն իր խոնավ ձեռքը դրեց աղջկա բաց ուսին:
- Այնտեղ նայեք, սիրելի արքայադուստր,-շշնջաց նա,-Խալն այնտեղ է:
Դենին ցանկանում էր փախչել ու թաքնվել, բայց եղբայրն իրեն էր նայում, ու գիտեր, որ եթե եղբորը չգոհացնի, վիշապը կարթնանա:Նա մտահոգ շրջվեց ու նայեց այն մարդուն, ով, Վիսերիսը հույս ուներ, թե մինչև գիշերվա ավարտը քրոջ ձեռքը կխնդրի: Ստրկուհի սպասուհին չէր սխալվել, մտածեց Դենին: Խալ Դրոգոն սենյակի ամենաբարձրահասակ մարդուց էլ մի գլուխ բարձր էր, բայց թեթևությամբ էր շարժվում, Իլիրիոյի գազանանոցի հովազի պես նրբագեղ: Խալն ավելի երիտասարդ էր, քան մտածում էր Դենին, երեսունից ավել չէր լինի: Նրա մաշկը փայլեցված պղնձի գույն ուներ, հաստ մորուքը պատված էր ոսկե և բրոնզե օղերով:
- Ես պետք է գնամ և ողջունեմ նրան,-ասաց Մագիստր Իլիրիոն: - Սպասեք այստեղ: Ես նրան ձեզ մոտ կբերեմ:
Եղբայրը բռնեց նրա թևը, երբ Իլիրիոն իր բադի քայլվածքով մոտեցավ Խալին, մատները ցավեցնելու աստիճան սեղմեցին Դայներիսին:
- Տեսնու՞մ ես նրա հյուսը, սիրելի քույր:
Դրոգոյի հյուսը գիշերվա պես սև էր, յուղերով օծված, վրայից փոքրիկ զանգակներ էին կախված, որոնք մեղմորեն ղողանջում էին, երբ շարժվում էր: Հյուսն իջնում էր գոտուց էլ ցած, նույնիսկ նստատեղից ներքև, ու հասնում ազդրերին:
- Տեսնու՞մ ես՝ ինչ երկար է,-ասաց Վիսերիսը: - Երբ Դոտրակիները պարտվում են կռվում, նրանք կարճացնում են իրենց հյուսը, որպես ամոթի նշան, որ աշխարհն իմանա իրենց խայտառակության մասին: Խալ Դրոգոն երբեք ոչ մի կռվում չի պարտվել: Նա վերածնված Էգոն Դրագոնլորդն է, իսկ դու կդառնաս նրա թագուհին:
Դենին նայեց Խալ Դրոգոյին: Նա խիստ ու դաժան դեմք ուներ, աչքերը օնիքսի նման սառն էին ու սև: Եղբայրը երբեմն ցավեցնում էր իրեն, երբ ինքն արթնացնում էր վիշապին, բայց եղբորից չէր սարսափում այնքան, որքան այս տղամարդուց:
- Ես չեմ ուզում նրա թագուհին դառնալ,-լսվեց Դենիի բարակ, ցածր ձայնը:-Խնդրում եմ, Վիսերիս, խնդրում եմ, չեմ ուզում, արի տուն գնանք:
- Տու՞ն,-եղբոր ձայնը ցածր էր, բայց զգացվում էր զայրույթը:- Ինչպե՞ս գնանք տուն, սիրելի քույրիկ: Մեր տունը խլել են մեզանից:
Մատները խրելով քրոջ մաշկի մեջ՝ նա նրան քաշեց դեպի ստվերը, լույսից հեռու:
- Ո՞նց գնանք տուն,-կրկնեց նա՝ նկատի ունենալով Արքայանիստը, Վիշապաքարն ու ողջ կորսված թագավորությունը:
Դենին միայն նկատի ուներ Իլիրիոյի տանն իրենց հատկացված սենյակը, որը միակ բանն էին, ինչ ունեին սակայն, իհարկե, իսկական տուն չէր: Եղբայրը դրա մասին լսել անգամ չէր ուզում: Նրա համար դա տուն չէր: Նույնիսկ այն կարմիր դռնով մեծ տունը նրա համար տուն չէր եղել: Նրա մատներն ուժեղ սեղմեցին քրոջ թևը՝ պատասխան պահանջելով:
- Չգիտեմ,-ասաց Դենին վերջապես, ու ձայնը կտրեց: Աչքերում արցունքներ հավաքվեցին:
- Ե՛ս գիտեմ,-ասաց Վիսերիսը կտրուկ: - Մենք տուն կգնանք, երբ ունենանք բանակ, սիրելի քույր: Խալ Դրոգոյի զորքով կգնանք տուն: Եվ եթե դրա համար պետք է, որ դու ամուսնանաս նրա հետ ու պառկես հետը, դու այդպես էլ կանես:
Նա ժպտաց քրոջը:
- Ես նրա ողջ խալասարին թույլ կտայի հետդ պառկել, եթե կարիք լիներ, սիրելի քույրիկ, ամբողջ քառասուն հազարին ու դեռ նրանց ձիերին էլ, եթե դա լիներ բանակ ունենալու գինը: Շնորհակալ եղիր, որ միայն Դրոգոյին ես բաժին հասնելու: Ժամանակի ընթացքում գուցե սովորես նրան սիրել: Հիմա աչքերդ սրբիր: Իլիրիոն նրան մեզ մոտ է բերում, պետք չէ, որ նա քեզ արտասվելիս տեսնի:
Դենին շրջվեց ու հասկացավ, որ եղբայրը ճիշտ էր ասում: մագիստր Իլիրիոն, ժպտալով ու խոնարհվելով, ուղեկցում էր Խալ Դրոգոյին դեպի իրենց: Ափի հակառակ կողմով նա մաքրեց այդպես էլ չթափված արցունքները:
- Ժպտա՛,-նյարդային շշնջաց Վիսերիսը՝ ձեռքը դնելով թրի կոթին: - Եվ ուղիղ կանգնիր: Թող տեսնի, որ կուրծք ունես: Չնայած, աստվածները գիտեն, որ դրանք կարող էին մի քիչ մեծ լինել:
Դայներիսը ժպտաց ու ուղիղ կանգնեց:

impression
05.02.2017, 00:25
ԷԴԱՐԴ
Հյուրերը ամրոցի դարպասներից ներս էին հոսում ոսկու, արծաթի և փայլեցված պողպատի գետի նման, երեք հարյուր ուժեղ ասպետների և դրոշակակիրների, երդվյալ զինվորների և ազատ ձիավորների խումբը: Նրանց գլխավերևում հյուսիսային քամուց հետ ու առաջ էին փողփողում մի դյուժին ոսկե դրոշակներ, որոնք զարդարված էին Բարաթեոնի թագակիր եղջերուի պատկերով:
Նեդը ձիավորներից շատերին էր ճանաչում: Ահա սըր Ջեյմի Լանիստերը՝ ձուլած ոսկու պես շողացող մազերով, ահա Սանդոր Կլեգանը՝ իր սարսափելի այրված դեմքով: Նրա կողքի բարձրահասակ տղան միայն թագաժառանգ արքայազնը կարող էր լինել, իսկ նրանց հետևի թերաճ փոքրիկ մարդուկը հաստատ Իմպն էր՝ Սատանի ճուտը, նույն ինքը՝ Տիրիոն Լանիստերը:
Սակայն, շարասյան գլխավորությամբ եկող հսկան, որին Արքայազորի ձյունաճերմակ թիկնոցներով երկու ասպետ էին ուղեկցում, Նեդին գրեթե անծանոթ թվաց... մինչև որ նա քաջածանոթ մռնչոցով վար իջավ իր ռազմական ձիուց ու այնպես գրկեց Նեդին, որ վերջինիս ոսկորները ճրթճրթացին:
- Նեդ, Ախ, ինչ հաճելի է տեսնել քո սառցակալած դեմքը,-արքան ոտքից գլուխ նայեց նրան ու ծիծաղեց:-Դու ընդհանրապես չես փոխվել:
Երանի չէ՞ր Նեդը կարողանար նույնն ասել: Տասնհինգ տարի առաջ, երբ նրանք առաջ էին սլանում գահը գրավելու համար, Փոթորկի Լորդի դեմքը մաքուր սափրված էր, նա վճիտ աչքեր ուներ ու մկանոտ էր: Վեց ու կես ոտնաչափ հասակով նա վեր էր խոյանում մյուսներից, իսկ երբ հագնում էր սպառազենքն ու դնում իր տան եղջերավոր սաղավարտը, իսկական հսկա էր թվում: Հսկայի ուժ էլ ուներ, նրա սիրելի զենքը սուր ծայրերով ռազմական կացինն էր, որը Նեդը հազիվ էր կարողանում բարձրացնել: Այդ օրերին նրանից օծանելիքի փոխարեն կաշվի ու արյան հոտ էր գալիս:
Իսկ այժմ օծանելիքի փոխարեն հենց օծանելիքի հոտ էր գալիս նրանից, ու նա թամբակալ ուներ իր հասակին հարմար: Նեդը վերջին անգամ արքային ինը տարի առաջ էր տեսել, Բալոն Գրեյջոյի ապստամբության ժամանակ, երբ եղջերուն ու դիվագայլը միավորվեցին՝ վերջ տալու Երկաթե կղզիների ինքնակոչ արքայի հավակնություններին: Այդ գիշերվանից հետո, երբ նրանք կանգնած էին կողք կողքի Գրեյջոյի ընկած տիրությունում, որտեղ Ռոբերտն ընդունեց ապստամբ լորդի անձնատուր լինելը, իսկ Նեդը նրա որդի Թեոնին վերցրեց որպես գերի և թիկնապահ, թագավորն առնվազն ութ ստոուն (ծանրության չափ, մոտ վեց ու կես կգ) գիրացել էր: Երկաթե թելերի նման սև ու խճճված մորուքը ծածկում էր նրա կզակը՝ կրկնակզակը և արքայական բուկը թաքցնելու համար, բայց ոչինչ չէր կարող թաքցնել նրա փորը կամ աչքերի տակի սև պարկերը:
Մինչդեռ, Ռոբերտը Նեդի արքան էր հիմա, այլ ոչ թե պարզապես ընկերը, այսպիսով նա միայն ասաց.
- Ձերդ Գերազանցություն, Վինտերֆելը ձերն է:
Մինչ այդ, մնացածը նույնպես իջնում էին ձիերից, ձիապանները մոտենում էին ձիերին բռնելու: Ռոբերտի թագուհին՝ Սերսեյ Լանիստերը, իր փոքր երեխաների հետ ոտքով անցավ դարպասից ներս: Կառքը, որով ժամանել էին, հսկայական երկու վագոն ուներ՝ յուղած կաղնուց և փայլեցված մետաղից պատրաստված, որոնք քաշում էին քառասուն ծարաքարշ ձիեր, ու այն չափազանց մեծ էր ամրոցի դարպասից անցնելու համար: Նեդը ծնկի իջավ ձյան մեջ՝ թագուհու մատանին համբուրելու համար, իսկ Ռոբերտը Կետլինին գրկեց, ինչպես վաղուց կորցրած քրոջը կգրկեր: Հետո երեխաներին առաջ բերեցին, ներկայացրեցին և հաճոյախոսեցին երկու ընտանիքներն էլ:
Դեռ չէին ավարտվել ողջագուրվելու ձևականությունները, երբ արքան դիմեց իր հյուրընկալին.
- Ինձ տար ներքև՝ դամբարան, Էդարդ: Ես հարգանքիս տուրքը պետք է մատուցեմ:
Նեդը նրան դրա համար էր սիրում՝ այսքան տարի անց դեռ նրան հիշելու համար: Նա կանթեղ պատվիրեց: Ավելորդ խոսքերի կարիք չկար: Թագուհին սկսեց ընդվզել: Նրանք արևածագից ճամփա էին ընկել, բոլորը հոգնած ու սառած էին, անկասկած ճիշտ կլիներ նախևառաջ ուշքի գալ ճանապարհից: Մեռածները կսպասեին: Դրանից ավել ոչինչ չասաց, Ռոբերտը նայեց նրան, և թագուհու երկվորյակ եղբայր Ջեյմին լուռ բռնեց քրոջ թևը, թագուհին լռեց:
Նրանք միասին իջան դամբարան՝ Նեդն ու արքան, ում Նեդը գրեթե դադարել էր ճանաչել: Ոլորապտույտ քարե աստիճանները նեղ էին: Նեդը առաջինն իջավ, կանթեղը ձեռքին:
- Ես արդեն սկսել էի մտածել, թե երբեք չենք հասնի Վինտերֆել,-իջնելիս բողոքեց Ռոբերտը: - Հարավում այնպես են խոսում իմ Յոթ Թագավորությունների մասին, որ մարդ մոռանում է, որ քո հողերն ավելի հսկայական են, քան մնացած վեցը միասին վերցրած:
- Հուսամ՝ ուղևորությունը հաճելի՞ էր, Ձերդ Գերազանցություն:
Ռոբերտը փնչաց.
- Ճահիճներ, անտառներ, դաշտեր, ու ոչ մի պատշաճ պանդոկ չկա Նեկից հյուսիս: Ես երբեք այսքան լայնածավալ դատարկություն չեմ տեսել: Որտե՞ղ է քո ժողովուրդը:
- Կարծում եմ՝ ամաչել են դուրս գալ,-կատակեց Նեդը: Նա զգում էր աստիճաններից եկող սառնությունը. դա մի ցուրտ շունչ էր, որը բարձրանում էր երկրի տակից: - Հյուսիսում արքաների հաճախ չես տեսնի:
Ռոբերտը փնչաց>
- Ես հակված եմ մտածելու, որ նրանք ձյան տակ էին թաքնվել: Ձյան տակ, Նեդ,- արքան մի ձեռքով հենվեց պատին՝ իջնելու ընթացքում հավասարակշռությունը չկորցնելու համար:
- Ուշ ամառային ձյունը սովորական երևույթ է,- ասաց Նեդը:- Հուսամ՝ ձյունը ձեզ չի անհանգստացրել: Այն այս եղանակին թեթև է լինում:
- Ուրիշների բաժին դառնա քո թեթև ձյունը,-հայհոյեց Ռոբերտը:-Այս տեղն ինչի՞ նման կլինի ձմռանը: Մտածելիս սարսռում եմ:
- Ձմեռները ծանր են,-ընդունեց Նեդը:-Բայց Ստարկերը կդիմանան: Միշտ ենք դիմացել:
- Դու պետք է հարավ գաս,-ասաց Ռոբերտը:-Ամռան համը զգա, քանի այն չի վերջացել: Հայգարդենում ոսկե վարդերի պարտեզներ կան, որոնք ձգվում են ինչքան աչքդ կտեսնի: Մրգերն այնքան են հասել, որ պայթում են բերանումդ՝ սեխը, դեղձը, սալորը, նման քաղցրություն երբեք զգացած չես լինի: Կտեսնես, մի քիչ բերել եմ քեզ համար: Նույնիսկ Փոթորկի կղզում, ուր ծովախորշից քամի է փչում, օրերն այնքան շոգ են, որ հազիվ ես կարողանում շարժվել: Նեդ, դու պետք է տեսնես քաղաքները: Ամենուր ծաղիկներ են, շուկաները պայթում են ուտելիքից, գինին այնքան էժան է, ու այնքան լավը, որ միայն հոտը քաշելիս արդեն հարբում ես: Բոլորը չաղ են, հարբած ու հարուստ: - Նա ծիծաղեց ու հարվածեց իր սեփական պարարտ փորին: - Իսկ աղջիկները, Նեդ,- փայլող աչքերով բացականչեց նա,-երդվում եմ, կանայք շոգից ամեն տեսակի ամոթխածության մասին մոռանում են: Մերկ լողում են գետում, հենց ամրոցօ կողքին: Նույնիսկ փողոցում չափազանց շոգ է բորդ կամ մորթի կրելու համար, նրանք ճեմում են կարճ մետաքսե խալաթներով, եթե հարուստ են, իսկ եթե ոչ՝ բամբակե: Բայց միևնույն է, երբ սկսում են քրտնել ու զգեստը դիպչում է նրանց մարմնին, նույնն է, թե մերկ լինեն,-երջանիկ ծիծաղեց արքան:
Ռոբերտ Բարատեոնը միշտ էլ մեծ ախորժակի տեր մարդ էր եղել, մարդ, ով գիտեր հաճույքների գինը: Նման բան ոչ ոք չէր կարողասել Էդարդ Ստարկի մասին: Մինչդեռ, Նեդը նկատեց, որ այդ հաճույքներն իրենց հետքն են թողել արքայի վրա: Մինչև հասան աստիճանների վերջին, Ռոբերտն արդեն ծանր էր շնչում, դեմքը կարմիր էր կանթեղի լույսի տակ, երբ ոտք էին դնում դամբարանի մթության մեջ:
- Ձերդ Գերազանցություն,-հարգալից ասաց Նեդը: Նա կանթեղով մի լայն կիսաշրջան արեց: Ստվերները շարժվեցին ու երերացին: Թրթռացող լույսն ընկնում էր ոտքերի տակի քարերի վրա և կորչում հսկայական գրանիտե սյուների մոտ, որոնք երկու-երկու ձգվում էին ողջ դամբարանով: Սյուների արանքում մահացածները նստած էին իրենց քարե գահերին, մեջքով դեպի պատը, դեպի իրենց գերեզմանը, որտեղ պահվում էին իրենց մահկանացու մնացորդները: - Նա վերջում է, Հայրիկի և Բրանդոնի հետ:
Նա առաջանում էր սյուների արանքով, Ռոբերտն անմռունչ հետևում էր նրան՝ դողալով ստորգետնյա սառնությունից: Այստեղ, ցածում, միշտ սառն էր: Նրանց ոտնաձայները զրնգում էին քարերի վրա և արձագանքում իրենց գլխավերևի կամարներում, երբ նրանք անցնում էին Ստարկերի տան մեռյալների կողքով: Վինտերֆելի լորդերը հետևում էին նրանց ընթացքին: Նրանց նմանությունը փորագրված էր քարերի մեջ, որոնցով կնքել էին դամբարանները: Նրանք նստած էին երկար շարքով, կույր աչքերը հառած հավիտենական մթությանը, իսկ նրանց ոտքերի տակ պառկած էին հսկայական քարե դիվագայլերը: Կանթեղի լույսի պատճառով թվում էր, թե արձանները շարժվում են, երբ ողջերն անցնում էին իրենց կողքով:
Ըստ հին ավանդույթի, յուրաքանչյուր Վինտերֆելի լորդի ծնկներին դրված էր երկաթե թուր, որը պետք է ոխակալ հոգիներին պահեր իրենց դամբարաններում: Ամենահին թուրն արդեն վաղուցվանից ժանգոտվել էր ու իրենից միայն մի քանի կարմիր բծեր էին մնացել այն մասում, որտեղ մետաղը դիպչել էր քարին: Նեդը մտածեց, արդյոք դա վկայում էր այն մասին, որ այդ մեռյալի հոգին այժմ անարգել կարող էր թափառել ամրոցում: Վինտեֆելի առաջին լորդերը նույնքան սառնասիրտ էին, որքան սառն էր իրենց կառավարած երկիրը: Մինչև Դրագոնլորդերի գալը ծովից, նրանք դարեր շարունակ ոչ մեկին իրենց թրով հավատարմության երդում չէին տվել, և իրենց անվանում էին Հյուսիսի արքաներ:

impression
05.02.2017, 00:26
Նեդը վերջապես կանգ առավ և վեր բարձրացրեց ձեթի ճրագը: Նրանց դիմաց դեռ շարունակվում էր դամբարանը մթության մեջ, բայց այդ տեղից այն կողմ շիրիմները դատարկ էին ու չփակված: Սև փոսեր էին, որոնք սպասում էին իրենց մեռյալներին, սպասում էին իրեն ու իր երեխաներին: Նեդին դուր չէին գալիս նման մտքերը:
- Ահա,-ասաց նա արքային:
Ռոբերտը լուռ գլխով արեց, ծնկի եկավ և գլուխը խոնարհեց:
Կողք կողքի երեք շիրիմներ էին: Լորդ Ռիչարդ Ստարկը՝ Նեդի հայրը, երկար, մռայլ դեմք ուներ: Քանդակագործը նրան լավ էր ճանաչում: Նա նստած էր հանդարտ արժանապատվությամբ, քարե մատները պինդ բռնել էին ծնկներին դրված թուրը, թեև կյանքի ընթացքում բոլոր թրերն իրեն դավաճանել էին: Իր երկու կողքերի ավելի փոքր գերեզմաններում իր երկու զավակներն էին:
Բրանդոնը քսան տարեկանում էր մահացել, նրան խեղդամահ էին արել Խելագար Արքա Աերիս Տարգարիենի հրամանով, Ռիվերրանի Տալլիից Կետլինի հետ ամուսնանալուց օրեր առաջ: Նրա հորը ստիպել էին նայել, թե ինչպես է որդին մեռնում: Նա իրական ժառանգն էր, ավագը, որ ծնվել էր իշխելու համար:
Լիաննան ընդամենը տասնվեց էր, անհավանական գեղեցկությամբ օժտված մանկամարդ օրիորդ: Նեդը նրան ամբողջ սրտով սիրում էր: Ռոբերտն էլ ավելի շատ էր սիրում: Լիաննան պետք է իր հարսնացուն դառնար:
- Նա ավելի գեղեցիկ էր,-լռությունից հետո ասաց թագավորը: Նրա աչքերը թափառում էին Լիաննայի դեմքին, ասես փորձում էր նրան կյանքի կոչել: Վերջապես, ոտքի կանգնեց, սեփական ծանրությունից ճնշվելով: - Գրողը տանի, Նեդ, դու ինչու՞ ես նրան այսպիսի վայրում թաղել: - Ձայնը խռպոտել էր վիշտը վերհիշելուց: - Նա ավելիին էր արժանի, քան ընդամենը մութը...
- Նա Վինտերֆելի Ստարկերից էր,-հանդարտ ասաց Նեդը,-սա է նրա տեղը:
- Նրան պետք է ինչ-որ բլրի վրա թաղեիք, մրգի ծառի տակ, որ գլխավերևում արև ու ամպեր լինեին, անձրևն էլ մաքրեր գերեզմանը:
- Ես նրա հետ էի, երբ նա մահացավ,-հիշեցրեց Նեդն արքային:-Նա ուզում էր գալ այստեղ, հանգչել Հայրիկի և Բրանդոնի կողքին: - Նա երբեմն լսում էր Լիաննայի ձայնը: Խոստացիր ինձ, լաց էր լինում նա, արյան ու վարդերի բույրով լցված սենյակում, խոստացիր ինձ, Նեդ: Տենդը խլել էր նրա ուժերը, ու ձայնը շշունջի նման թույլ էր, բայց երբ նա խոստացավ քրոջը, վախն անհետացավ աղջկա աչքերից: Նեդը հիշում էր, թե ինչպես քույրը ժպտաց այդ պահին, ինչքան ուժեղ էր բռնել նա իր ձեռքը, երբ կյանքը լքում էր նրան, և երբ նրա ափից թափվում էին վարդի թերթիկները՝ մահվան պես սևացած: Դրանից հետո էլ ոչինչ չէր հիշում: Նեդին գտել էին լուռ վշտի մեջ քրոջ մարմինը գրկած: Հովլանդ Ռիդը, նավաստին, նրան տարավ Նեդից: Նեդն այդ ամենը չէր կարողանում հիշել: - Ես նրան ծաղիկներ եմ բերում, երբ կարողանում եմ,-ասաց նա:-Լիաննան... սիրում էր ծաղիկներ:
Արքան շոյեց արձանի այտը, մատները սահեցին կոշտ քարի վրայով այնքան նրբորեն, ասես նա կենդանի լիներ:
- Ես երդվեցի սպանել Ռաեգարին այն ամենի համար, ինչ նա արեց Լիաննայի հետ:
- Երդվեցիք,-հաստատեց Նեդը:
- Միայն մի անգամ,-դառնությամբ ասաց Ռոբերտը:
Նրանք միասին գնացին Եռաժանու ծանծաղուտներ, երբ նրանց շուրջբոլորը ճակատամարտում էին, Ռոբերտն իր մարտական կացինն էր կրում, գլխին իր հսկայական եղջերվակերպ սաղավարտն էր, Տարգարիեն արքայազնի սպառազինությունը ամբողջովին սև էր: Կրծքին շողում էր իր Տան երեք գլխանի Վիշապը՝ ռուբիններով ասեղնագործած, որ արևի տակ կրակի նման փայլում էին: Նրանց երիվարների սմբակների տակ Եռաժանու ջրերը կարմրեցին, երբ նրանք պտտվում ու մենամարտում էին, մինչև որ Ռոբերտի կացնի ջախջախիչ հարվածը մխրճվեց Վիշապի ու դրա տակ բաբախող սրտի մեջ: Երբ Նեդը հասավ այնտեղ, Ռաեգարը մեռած ընկած էր գետում, իսկ երկու բանակների զինվորները խռնվել էին նրա շուրջը՝ սպառազինությունից ընկած ռուբինները հավաքելու համար:
- Իմ երազներում ես ամեն գիշեր նրան սպանում եմ,-ասաց Ռոբերտը:-Հազար մահն անգամ քիչ է նրա համար:
Նեդը չէր կարող առարկել: Որոշ դադարից հետո նա ասաց.
- Լավ կլինի՝ վերադառնանք, Ձերդ Գերազանցություն: Ձեր կինը կանհանգստանա:
- Ուրիշների բաժին դառնա իմ կինը,-դառնորեն մրթմրթաց Ռոբերտը, բայց սկսեց ծանր քայլերով հետ գնալ իրենց եկած ճանապարհով: - Եվ եթե մի անգամ էլ եմ լսել «Ձերդ Գերազանցություն», քեզ ցից կհանեմ: Մենք միմյանց համար ավելին ենք:
- Ես չեմ մոռացել,-հանգիստ պատասխանեց Նեդը: Երբ արքան չպատասխանեց, նա ասաց.
- Պատմիր ինձ Ջոնի մասին:
Ռոբերտը գլուխը թափահարեց:
- Երբեք չեմ տեսել, որ մարդ այդքան արագ հիվանդանա: Մենք մրցույթ էինք հայտարարել որդուս անվանակոչության օրը: Եթե Ջոնին այնտեղ տեսնեիր, կարող էիր երդվել, որ նա հավերժ կապրի: Հիվանդությունն ասես կրակի էր տվել նրա մարմինը: Նա ասես ներքուստ այրվում էր:
Նա կանգ առավ մի սյան մոտ, վաղուց մեռած ինչ-որ Ստարկի գերեզմանի կողքին:
- Ես սիրում էի ծերուկին:
- Երկուսս էլ սիրում էինք,-Նեդը մի պահ լռեց.- Կետլինը վախենում է քրոջ համար: Ինչպե՞ս է Լիզան տանում վիշտը:
Ռոբերտի շուրթերը դառնորեն ծամածռվեցին:
- Այնքան էլ լավ չէ,-ընդունեց նա,-ինձ թվում է, Նեդ, ամուսնուն կորցնելով՝ այդ կինը խելագարվեց: Նա որդուն հետ է տարել Էյրի: Իմ կամքին հակառակ: Ես հույս ունեի նրա խնամակալը դառնալու Կաստերլի Ամրոցում, Տայվին Լանիստերի հետ միասին: Ջոնը ոչ եղբայրներ ուներ, ոչ էլ ուրիշ որդիներ: Չէի կարող թողնել, որ նրան կանայք դաստիարակեն:
Նեդն ավելի շուտ թունավոր օձին կվստահեր երեխային, քան Տայվին Լանիստերին, բայց նա իր կասկածները չբարձրաձայնեց: Որոշ հին վերքեր իրականում երբեք չեն սպիանում, չնչին բառից անգամ պատրաստ են նորից արնահոսելու:
- Կինն ամուսին է կորցրել,-ասաց նա զգուշորեն:-Գուցե որպես մայր վախենում էր կորցնել զավակին: Երեխան շատ փոքր է:
- Վեց տարեկան, հիվանդոտ, ու նա Էյրիի լորդն է, գթասիրտ աստվածներ,-հայհոյեց արքան: - Լորդ Տայվինն առաջ երբեք թիկնապահ չի ունեցել: Լիզան պետք է որ հպարտանար դրանով: Լանիստերներինը մեծ ու ազնվական Տուն է: Նա անգամ չուզեց լսել այդ մասին: Հետո ծլկեց գիշերվա խավարում, առանց հրաժեշտ տալու: Սերսեյը կատաղել էր:-Նա խորը հառաչեց:-Տղան իմ անունն է կրում, գիտեի՞ր, Ռոբերտ Արրին: Ես երդվել եմ նրան պաշտպանել: Բայց ոնց պաշտպանեմ, եթե մայրն իրեն առևանգում է:
- Ես կարող եմ նրան ինձ թիկնապահ վերցնել, եթե կուզես,-ասաց Նեդը:- Լիզան պետք է որ համաձայն լինի: Ինքն ու Կետլինը մտերիմ քույրեր էին, և նրան այստեղ միշտ ուրախ կլինեն տեսնել:
- Մեծահոգի առաջարկ է, եղբայր,-ասաց արքան:-Բայց չափազանց ուշ է: Լորդ Տայվինն արդեն իր համաձայնությունն է հայտնել: Տղային ուրիշ տեղ ուղարկելը նրա համար մահացու վիրավորանք կլինի:
- Ես ավելի շատ մտահոգված եմ զարմիկիս բարեկեցությամբ, քան Լանիստերների հպարտությամբ,-հայտարարեց Նեդը:
- Որովհետև դու չես քնում Լանիստերի հետ,-ծիծաղեց Ռոբերտը: Նրա քրքիջը տարածվեց գերեզմանների վրայով ու անդրադարձավ կամարաձև առաստաղից: Նրա ժպիտը ճերմակ ատամների փայլ էր հսկայական սև մորուքի մացառուտների արանքից:
- Ախ, Նեդ,-ասաց նա,-դու դեռևս չափազանց լուրջ ես:
Նա իր հսկայական թևը դրեց Նեդի ուսերին.
- Ես որոշել էի մի քանի օր սպասել, մինչև քեզ հետ խոսելը, բայց հիմա տեսնում եմ, որ սպասելու կարիք չկա: Արի քայլենք:
Նրանք սկսեցին հետ գնալ սյուների արանքով: Կույր քարե աչքերն ասես հետևեին նրանց քայլքին: Արքան թևը չէր իջեցնում Նեդի ուսից:
- Երևի թե զարմացել ես, թե ինչի համար եմ ես ի վերջո եկել Վինտերֆել, այսքան ժամանակ անց:
Նեդն իր կասկածներն ուներ, բայց գերադասեց լռել:
- Իմ ընկերակցության հաճույքը վայելելու համար, անշուշտ,-ասաց նա թեթևորեն: - Ու նաև Պատը տեսնելու, Ձերդ Գերազանցություն, դուք պետք է քայլեք դրա ատամնավոր պարիսպներով ու զրուցեք այնտեղ գտնվողների հետ: Գիշերազորի ստվերն է մնացել նրանից, ինչ կար մի ժամանակ: Բենջենն այդպես է ասում:

impression
05.02.2017, 00:27
- Անկասկած, ես եղբորդ հետ կխոսեմ շուտով,-ասաց Ռոբերտը:-Պատն ինչքա՞ն ժամանակ է կանգուն՝ մի ութ հազար տարի՞: Մի քանի օր էլ կարող է համբերել: Ես ավելի հրատապ խնդիրներ ունեմ: Դժվար ժամանակներ են: Ինձ հավատարիմ մարդիկ են անհրաժեշտ: Ջոն Արրինի նման մարդիկ: Նա ծառայեց որպես Էյրիի լորդ, Արևելքի Պահապան և Արքայի Խորհրդական: Նրան փոխարինելը հեշտ չի լինի:
- Նրա որդին...,-սկսեց Նեդը:
- Նրա որդին տեր թող կանգնի Էյրիին և դրա եկամուտներին,-կոպիտ ասաց Ռոբերտը:- Ոչ ավել:
Դա զարմացրեց Նեդին: Նա տագնապած կանգ առավ ու նայեց թագավորին: Խոսքերն ինքնաբերաբար ասվեցին.
- Արրինները միշտ էլ եղել են Արևելքի Պահապանները: Տիտղոսը ժառանգաբար է անցնում:
- Գուցե երբ չափահաս դառնա, վերականգնվի տիտղոսը,-ասաց Ռոբերտը:-Ես մտածելու համար դեռ երկու տարի ունեմ: Վեց տարեկան տղան ղեկավար չէ, Նեդ:
- Խաղաղ ժամանակ տիտղոսն ընդամենը պատիվ է: Թող տղան կրի այն: Հանուն իր հոր, եթե ոչ հանուն իրեն: Անկասկած Ջոնն այդքանին արժանի է իր ծառայության դիմաց:
Արքան գոհ չէր: նա թևը հետ քաշեց Նեդի ուսից:
- Ջոնի ծառայությունը պարտավորություն էր իր արքայի հանդեպ: Ես անշնորհակալ չեմ, Նեդ: Դու դա պետք է ավելի լավ իմանաս, քան մնացածները: Բայց որդին հայրը չէ: Փոքրիկ տղան չի կարող արևելքը պահպանել: - Հետո նրա ձայնը մեղմացավ: - Բավական է այս մասին խոսենք, ավելի կարևոր քննարկելու բան կա, և ես չեմ ուզում քեզ հետ վիճել:
Ռոբերտը բռնեց Նեդի արմունկից:
- Ես քո կարիքն ունեմ, Նեդ:
- Ես ձեր տրամադրության տակ եմ, Ձերդ Գերազանցություն: Միշտ,-սրանք այն բառերն էին, որոնք նա պարտավոր էր ասել, այդպես էլ արեց՝ քաջ իմանալով, թե ինչ է լինելու հետո:
Ռոբերտը թվաց թե չլսեց անգամ:
- Այդ տարիները, որ մենք անցկացրեցինք Էյրիում... Աստվածներ, ինչ լավ տարիներ էին: Ես ուզում եմ, որ դու կրկին իմ կողքին լինես, Նեդ: Ուզում եմ գաս Արքայանիստ, ոչ թե մնաս այստեղ՝ աշխարհի ծայրին, որտեղ քեզանից ընդհանրապես ոչ մի օգուտ չկա: - Ռոբերտը նայեց առաջ, դեպի խավարը, մի պահ նրա հայացքն այնքան տխուր էր, ասես Ստարկ լիներ:- Երդվում եմ, գահը պահելը հազար անգամ ավելի դժվար է, քան այն գրավելը: Օրենքներով զբաղվելը ձանձրացնում է, իսկ պղինձ հաշվելն էլ ավելի սարսափելի գործ է: Իսկ մարդիկ... նրանց հոսքը չի դադարում: Ես նստում եմ այդ գրողի տարած գահին ու լսում նրանց բողոքները, մինչև ուղեղս բթանում է, քամակս էլ՝ կոշտանում: Բոլորն ինչ-որ բան են ուզում՝ փող, հող կամ արդարություն: Ու բոլորը սուտ են ասում: Իմ լորդերն ու լեդիներն էլ մի բան չեն: Ինձ շրջապատում են շողոքորթներն ու ապուշները: Մարդ կարող է գժվել դրանից, Նեդ: Նրանց կեսը չի համարձակվում ինձ ճշմարտությունն ասել, իսկ մյուս կեսը չգիտի ճիշտը որն է: Լինում են գիշերներ, երբ ես մտածում եմ, որ լավ կլիներ պարտվեինք Եռաժանու մոտ: Դե դա լուրջ չէ, իհարկե, բայց...
- Հասկանում եմ,-մեղմ ասաց Նեդը:
Ռոբերտը նայեց նրան:
- Կարծում եմ, որ՝ այո: Եթե այդպես է, ապա դու միակն ես, եղբայր:- Նա ժպտաց: - Լորդ Էդարդ Ստարկ, ես քեզ նշանակում եմ Արքայի Խորհրդական:
Նեդը մի ծնկի վրա խոնարհվեց: Առաջարկը նրան չզարմացրեց, էլ ուրիշ ինչ պատճառ կարող էր ունենալ Ռոբերտն այսքան ճանապարհ անցնելու համար: Արքայի Խորհրդականը երկրորդ ամենահզոր անձն էր Յոթ Թագավորություններում: Նա խոսում էր արքայի անունից, ղեկավարում էր արքայի զորքերը, նախագծում օրենքներ: Երբեմն նա նույնիսկ նստում էր Երկաթե Գահին՝ արքայի արդարադատությունը գործելու համար, երբ թագավորը բացակայում էր կամ հիվանդ էր կամ այլ պատճառով պետք է փոխարինվեր: Ռոբերտը նրան իր տերության պես հսկայական պարտականություն էր առաջարկում: Իսկ դա ամենավերջին բանն էր, ինչ Նեդն ուզում էր:
- Ձերդ Գերազանցություն,-ասաց նա,-ես արժանի չեմ այդ պատվին:
Ռոբերտը բարեսիրտ անհամբերությամբ մռնչաց:
- Եթե ես ցանկանայի քեզ պատվել, թույլ կտայի, որ թոշակի անցնեիր: Իսկ ես մտադիր եմ քեզ ստիպել ղեկավարել թագավորությունն ու պատերազմներ վարել, քանի դեռ ես ուտում-խմում ու շնանում եմ՝ գերեզմանիս շուտ հասնելու համար: - Նա հարվածեց իր փորին և քմծիծաղեց,-գիտե՞ս ասացվածքը Արքայի և Խորհրդատուի մասին:
Նեդը գիտեր ասացվածքը.
- Այն, ինչ երազում է Արքան, իրականացնում է Խորհրդատուն:
- Ես մի անգամ մի ձկնորսուհու հետ քնեցի, ով ինձ պատմեց, որ ռամիկներն այլ կերպ են ասում դա: Նրանք ասում են՝ Արքան ուտում է, իսկ Խորհրդատուն՝ կղում նրա փոխարեն: - Ռոբերտը գլուխը հետ գցեց ու քրքջաց: Արձագանքը զրնգաց մթության մեջ, և թվում էր, թե Վինտերֆելի մեռելներն իրենց շուրջը նայում էին իրենց՝ սառն ու դժգոհ հայացքով:
Վերջապես ծիծաղը դադարեց: Նեդը դեռևս չոքած էր մի ծնկի վրա, աչքերը՝ վեր:
- Գրողը տանի, Նեդ,-բողոքեց արքան:-Գոնե ժպտա իմ կատակներից:
- Ասում են, որ այստեղ այնքան ցուրտ է լինում ձմռանը, որ մարդու ծիծաղը սառում է կոկորդում ու խեղդամահ անում նրան,-ասաց Նեդը վստահ:-Միգուցե դա է պատճառը, որ Ստարկերը հումորի զգացում չունեն:
- Արի ինձ հետ հարավ, ես քեզ կսովորեցնեմ նորից ծիծաղել,-խոստացավ թագավորը:-Դու ինձ օգնեցիր գրավել այս անիծված գահը, հիմա օգնիր, որ պահպանեմ այն: Մենք պետք է միասին ղեկավարենք: Եթե Լիաննան ապրեր, մենք եղբայրներ կլինեինք՝ թե արյամբ և թե մեր զգացմունքներով: Բայց դեռ ուշ չէ: Ես որդի ունեմ: Դու ունես դուստր: Իմ Ջոֆն ու քո Սանսան կմիացնեն մեր տները, ինչպես ես ու Լիաննան պետք է ժամանակին անեինք:
Այս առաջարկը Նեդին զարմացրեց:
- Սանսան դեռ տասնմեկ տարեկան է:
Ռոբերտն անհամբերությամբ ձեռքը շարժեց:
- Նշանվելու համար իսկական տարիքն է: Ամուսնությունը մի քանի տարի կսպասի: - Արքան ժպտաց:- Հիմա վեր կաց և ասա՝ այո, սատանան տանի:
- Ոչ մի բան ինձ համար ավելի հաճելի լինել չի կարող, Ձերդ Գերազանցություն,-պատասխանեց Նեդը: Նա տատանվեց:-Այս ամենն այնքան անսպասելի է: Կարո՞ղ եմ մտածելու համար ժամանակ խնդրել: Կնոջս հետ եմ ուզում խոսել...
- Այո, իհարկե, ասա Կետլինին, մտածիր ինչքան ուզում ես,-արքան կռացավ, բռնեց Նեդի ձեռքն ու նրան ոտքի հանեց: - Միայն թե ինձ շատ մի սպասեցրու: Ես այնքան էլ համբերատար մարդ չեմ:
Մի պահ Էդարդ Ստարկը սարսափելի վատ կանխազգացում ունեցավ: Սա էր իր տեղը, այստեղ, հյուսիսում: Նա նայեց իրենց շուրջն եղած քարե արձաններին, խորը շնչեց դամբարանի լուռ սառնությունը: Նա զգում էր մեռյալների հայացքը: Նրանք ամեն ինչ լսում էին, գիտեր: Եվ ձմեռը մոտենում էր:

Lion
05.02.2017, 09:28
Ապրես! Ընտիր գործ ես անում, եթե դու չանես, դժվար թե ինչ-որ մեկը սա հայերեն թարգմանի, բայց չէ որ, ոնց էլ նայես, սա համաշխարհային գրականության մի ակնառու մասն է: Աստված տա այս թարգմանությունդ էլեկտրոնային վիճակում չմնա, չկորի, այլ մի օր թղթային/գրքային տեսք ստանա...

Սա որպես կարծիք երևույթի մասին, թեև ինքս, ճիշտ ասած, Մարտինի շատախոսությունը չեմ սիրում և ֆիլմը հազիվ եմ նայում, այն էլ զուտ նրա համար, որ սկզբի սեզոնները հրապուրեցին, նայեցի, հիմա էլ ուղղակի մեծապես արդեն ուզում եմ տեսնել, թե ինչով ի վերջո այդ ամենը կվերջանա...

impression
05.02.2017, 10:41
ՋՈՆ
Նա հետ վերադարձավ իր տեղը՝ երիտասարդ ազնվականների նստարանին և խմեց: Գինու քաղցր, մրգային համը լցվեց բերանն ու նրա դեմքին ժպիտի պատճառ դարձավ:
Վինտերֆելի Մեծ Դահլիճը մշուշվել էր ծխից ու լցվել խորոված մսի և նոր թխված հացի ծանր բույրով: Մոխրագույն քարե պատերին դրոշակներ էին կախված: Սպիտակ, ոսկեգույն, բոսորագույն, Ստարկերի դիվագայլն էր, Բարաթեոնի գահակիր եղջերուն, Լանիստերի առյուծը: Երգիչը տավիղ էր նվագում և բալլադ երգում, բայց այստեղ, սրահի ներքևի մասում նրա ձայնը հազիվ էր լսվում կրակի, անագե ափսեների և բաժակների և հարյուրավոր հարբած երկխոսությունների աղմուկից:
Արքայի պատվին կազմակերպված խնջույքի չորրորդ ժամն էր: Ջոնի եղբայրներն ու քույրերը նստել էին արքայական երեխաների հետ, բարձրացված բեմի մոտ, որտեղ Լորդ և Լեդի Ստարկերը ընդունել էին արքային և թագուհուն: Այդ իրադարձության պատվին իր լորդ հայրը թույլատրել էր երեխաներին մի բաժակ գինի խմել, բայց ոչ ավելին: Իսկ այստեղ, նստարանների մոտ, ոչ ոք չկար, որ Ջոնին արգելեր խմել, քանի դեռ սիրտն ուզում էր: Եվ նա պարզեց, որ տղամարդու պես ծարավ է, ի ուրախություն իր շուրջը գտնվող ջահելների, որոնք իրեն շտապեցնում էին ամեն անգամ, երբ դատարկում էր գավաթը: Նրանց ընկերակցությունը լավն էր, Ջոնը սիրով լսում էր նրանց պատմած պատմությունները, որոնք ճակատամարտերի, աղջիկների և որսի մասին էին: Նա համոզված էր, որ իր ընկերներն առավել հետաքրքիր էին, քան արքայի ժառանգները: Հյուրերի հետ կապված իր հետաքրքրությունը հագեցրել էր նրանց սրահ մտնելու ընթացքում: Հյուրերը ներս էին եկել հենց այն նստարանի կողքով, որտեղ իրեն տեղ էր հատկացված, և Ջոնը կարողացել էր երկար զննել նրանց:
Իր լորդ հայրն առաջինն էր ներս մտել՝ թագուհուն ուղեկցելով: Տղամարդիկ ասում էին, որ թագուհին շատ գեղեցիկ կին էր: Թանկարժեք քարերով զարդարված տիարան փայլում էր նրա երկար ոսկե մազերի միջից, դրա վրայի զմրուխտները հոյակապ ընդգծում էին նրա աչքերի կանաչը: Հայրն օգնեց թագուհուն բարձրանալ աստիճաններով դեպի բեմը և օգնեց նստել, բայց թագուհին ոչ մի անգամ իր հորը հայացքի չարժանացրեց: Նույնիսկ տասնչորս տարեկանում Ջոնը կարողացավ կարդալ թագուհու ժպիտը:
Հաջորդը ներս մտավ Ռոբերտ արքան Լեդի Ստարկի ուղեկցությամբ: Թագավորին տեսնելը մեծ հիասթափություն էր Ջոնի համար: Հայրը հաճախ էր պատմել նրա մասին՝ անզուգական Ռոբերտ Բարաթեոնը, Եռաժանու դևը, թագավորության ամենահոյակապ ռազմիկը, արքաների շարքում՝ հսկա: Իսկ Ջոնը տեսնում էր ուղղակի մի գեր մարդու, մորուքի տակից երևացող կարմիր դեմքով, ով քրտնում էր իր մետաքսե հագուստի մեջ: Նա կիսահարբած մարդու նման էր քայլում: Նրանցից հետո եկան երեխաները: Սկզբից փոքրիկ Ռիկոնը, ով երկար սրահն անցավ այնքան արժանապատվորեն, ինչքան իրեն թույլ տվեց իր երեք տարեկանի փորձը: Ջոնը ստիպված եղավ նրան շտապեցնել, երբ նա կանգ առավ ողջունելու համար: Նրանց հետևից գալիս էր Ռոբը, ում զգեստը սպիտակ և մոխրագույն բրդից էր՝ Ստարկերի գույներով: Նա ուղեկցում էր արքայադուստր Միրսելլային: Նա մի փոքրիկ աղջնակ էր, դեռ ութ տարեկան չկար, նրա մազերն ասես թանկարժեք քարերի ցանցի տակից թափվող ոսկե խոպոպների ջրվեժ լիներ: Ջոնը նկատեց, թե ինչ ամոթխած հայացքով էր նա նայում Ռոբին, երբ անցնում էին սեղանների արանքով, և թե ինչ երկչոտ էր ժպտում եղբորը: Ջոնը որոշեց, որ այդ աղջիկը ձանձրալի էր: Ռոբը նույնիսկ չէր էլ հասկանում, թե ինչ հիմարն է արքայադուստրը, Ռոբը միայն հիմարի նման ժպտում էր:
Խորթ քույրերը ուղեկցում էին արքայազներին: Արյայի զույգը թմբլիկ փոքրիկ Տոմենն էր, ում ոսկեգույն մազերը Արյայի մազերից երկար էին: Սանսան, ով երկու տարով ավելի մեծ էր, ուղեկցում էր թագաժառանգ Ջոֆրի Բարաթեոնին: Ջոֆրին տասներկու տարեկան էր, ավելի փոքր, քան Ջոնը կամ Ռոբը, բայց իրենց երկուսից էլ ավելի բարձրահասակ էր, ի մեծ շփոթմունք Ջոնի: Արքայազն Ջոֆրին ուներ իր քրոջ մազերից և մոր խորունկ կանաչ աչքերից: Ոսկե խոպոպների մի խիտ կծիկ էր իջնում նրա ոսկե բարձր օձիքից և վելվետե պարանոցակապից ցած: Սանսան շողշողում էր նրա կողքին քայլելիս, բայց Ջոնին դուր չեկան Ջոֆրիի հավաքված շուրթերը և այն ձանձրացած, հոգնած հայացքը, որով նա դիտում էր Վինտերֆելի Մեծ Դահլիճը:
Նրան ավելի հետաքրքրեց նրանց հետևից եկող զույգը՝ թագուհու եղբայրներն էին, Կաստերլի Ամրոցի Լանիստերները: Առյուծն ու Իմպը, հնարավոր չէր սխալվել, թե որը որ մեկն է: Սըր Ջեյմի Լանիստերը թագուհի Սերսեյի երկվորյակ եղբայրն էր՝ բարձրահասակ, ոսկեգույն մազերով, վառվռուն կանաչ աչքերով և դանակի նման սուր ժպիտով: Նա բոսորագույն մետաքսներ էր կրում, բարձր սև կոշիկներ, սև սաթե թիկնոց: Նրա պարեգոտի կրծքավանդակին ոսկե թելերով ասեղնագործած էր նրա Տան Առյուծը, որը մռնչում էր՝ մարտի կոչելով: Նրան անվանում էին Լանիստերների Առյուծ, իսկ մեջի հետևից շշնջում՝ «Արքայասպան»: Ջոնը դժվարությամբ հայացքը թեքեց նրանից: Ահա թե ինչ տեսք պետք է ունենա թագավորը, մտածեց, երբ Ջեյմին անցավ իր կողքով:
Հետո տեսավ մյուսին, ով կաղալով առաջանում էր եղբոր կողքին: Տիրիոն Լանիստերն էր, Լորդ Տայվինի ամենափոքր և ամենատգեղ զավակը: Այն ամենն, ինչով աստվածներն առատորեն շնորհել էին Սերսեյին և Ջեյմիին, հրաժարվել էին պարգևել Տիրիոնին: Նա գաճաճ էր, եղբոր կես հասակին էլ չկար, դժվարությամբ էր կանգնում ծուռտիկ ոտքերի վրա: Գլուխը չափազանց մեծ էր մարմնի համեմատ, թավ ունքերի տակ ծռմռված կոպիտ դեմքով: Բարակ մազերի տակից, որոնք գրեթե ճերմակ էին թվում փայլից, նայում էին աչքերը՝ մեկը սև, մյուսը կանաչ: Ջոնը հիացած նրան էր նայում:
Բարձրաշխարհիկ լորդերից վերջինն, ով ներս մտավ, իր հորեղբայր Բենջեն Ստարկն էր՝ Գիշերազորից, և իր հոր երիտասարդ թիկնապահ Թեոն Գրեյջոյը: Բենջենն անցնելիս Ջոնին ջերմ ժպտաց: Թեոնն ընդհանրապես ուշադրություն չդարձրեց նրա վրա, բայց Ջոնը սովոր էր դրան: Երբ բոլորը զբաղեցրին իրենց տեղերը, կենացներ ասվեցին, շնորհակալություններ հայտնեցին երկուստեք, և ապա սկսվեց խնջույքը:
Հենց այդ պահից էլ Ջոնը սկսել էր հարբել ու մինչև հիմա այդ գործին էր:
Ինչ-որ բան քսվեց ոտքին սեղանի տակ: Ջոնը տեսավ ներքևից իրեն նայող կարմիր աչքերը:
- Էլի սովա՞ծ ես,-հարցրեց:
Սեղանի կենտրոնում դեռևս մնացել էր մեղրապատ հավի կեսը: Ջոնն առաջ թեքվեց, որ ոտքը պոկի, բայց հետո իր մոտ ավելի լավ միտք ծագեց: Դանակով վերցրեց ամբողջ միսը և թողեց, որ սեղանի տակ իր ոտքերի արանքով այն շեղբի վրայով սահի: Ուրվականը լուռ հարձակվեց դրա վրա: Եղբայրներին ու քույրերին չէին թույլատրել իրենց գայլերին բերել խնջույքի սրահ, բայց քանի որ այնտեղ ավելի շատ շներ կային, քան Ջոնը ի վիճակի էր հաշվել, ոչ ոք ոչինչ չէր ասել, երբ ներս էր բերել Ուրվականին: Ինքն իրեն ասաց, որ դրանում էլ է բախտը բերել:
Աչքերը մրմռում էին: Ջոնը կատաղի տրորում էր դրանք՝ ծուխն անիծելով: Եվս մեկ կում արեց գինուց ու սկսեց նայել, թե ինչպես է իր դիվագայլը բզկտում թռչնին:
Շները շարժվում էին սեղանների արանքներով՝ հետևելով սպասարկող աղջիկներին: Դրանցից մեկը, երկար, դեղին աչքերով սև խառնածին, զգաց հավի մսի հոտը: Կանգ առավ ու նստարանի ծայրից փորձեց անցնել սեղանի տակ՝ իր բաժինը պոկելու: Ջոնը հետևում էր նրանց բախմանը: Շունը ցածր գռմռաց ու մոտեցավ: Ուրվականը լուռ վեր նայեց ու նրա կարմիր աչքերը տեսան շանը: Շունը կատաղած հարձակվեց: Նա դիվագայլի ձագի երեք չափին էր: Ուրվականը չշարժվեց: Նա իր մրցանակի մոտ կանգնած մնաց, բերանը բացեց՝ ժանիքները մերկացնելով: Շունը լարվեց, նորից հաչաց, հետո մեկ անգամ էլ մտածեց՝ արժի կռվել թե ոչ: Նա շրջվեց ու հեռացավ՝ մեկ անգամ ևս հպարտորեն հաչալով: Ուրվականը շարունակեց իր ընթրիքը:
Ջոնը քմծիծաղեց և սեղանի տակ շոյեց նրա սպիտակ մորթին: Դիվագայլը նայեց վեր, ձեռքը կամաց կծեց և շարունակեց վայելել հավի միսը:
- Սա այն դիվագայլերից մե՞կն է, որոնց մասին այդքան լսել եմ,-հարցրեց մի ծանոթ ձայն:
Ջոնն ուրախ վեր նայեց,երբ հորեղբայր Բենը ձեռքը դրեց իր գլխին ու խառնեց մազերը էնպես, ինչպես Ջոնն իր դիվագայլին էր շոյել քիչ առաջ:
- Այո,-ասաց նա:-Անունն Ուրվական է:
Երիտասարդ ազնվականներից մեկն ընդհատեց իր անպարկեշտ պատմությունը, որպեսզի սեղանի մոտ տեղ բացեն իրենց լորդի եղբոր համար: Բենջեն Ստարկն իր երկար ոտքերով հեծնեց նստարանն ու գինու գավն առավ Ջոնի ձեռքից:
- Գինի է,-ասաց նա՝ կում անելուց հետո:-Սրա նման քաղցր բան չկա: Արդեն քանի՞ բաժակ ես խմել, Ջոն:
Ջոնը ժպտաց:
Բեն Ստարկը ծիծաղեց:
- Այդպես էլ կարծում էի: Դե լավ: Ինձ թվում է՝ քեզանից երիտասարդ էի, երբ առաջին անգամ իսկապես հարբեցի:
Նա իր մոտ դրված ափսեից խորոված սոխ վերցրեց, որից կաթում էր մուգ սոուսը, և կծեց: Սոխը ճրթաց:
Հորեղբոր դիմագծերը սուր էին և մռայլ, բայց նրա կապտա-կանաչավուն աչքերում միշտ ծիծաղկոտ մի բան կար: Նա սև էր հագած, որպես Գիշերազորի երդվյալ զինվոր: Այս երեկո նա կրում էր սև թանկարժեք վելվետ, երկար կաշվե կոշիկներ և արծաթե ճարմանդով լայն գոտեկապ: Վզից ծանր արծաթե շղթա էր կախված: Բենջենը հիացած հետևում էր Ուրվականին՝ սոխը ուտելու ընթացքում:
- Շատ հանգիստ գայլ է,-նկատեց նա:
- Մյուսներին նման չէ,-ասաց Ջոնը:-Սա երբեք ձայն չի հանում: Դրա համար եմ անունն Ուրվական դրել: Եվ այն բանի համար, որ սպիտակ է: Մյուսները բոլորը մուգ են, գորշ կամ սև:
- Պատից այն կողմ դեռևս դիվագայլեր կան: Մենք մեր արշավների ընթացքում լսում ենք նրանց: - Բենջեն Ստարկը երկար նայեց Ջոնին: - Իսկ դու սովորաբար քո եղբայրների հետ նույն սեղանի շու՞րջ չես ընթրում:
- Հիմնականում,-պատասխանեց Ջոնը զուսպ ձայնով: - Բայց այս երեկո Լեդի Ստարկը մտածեց, որ գուցե արքայական ընտանիքին վիրավորի իրենց կողքին նստած բաստարդը:
- Հասկանում եմ:-Հորեղբայրն ուսի վրայով նայեց սրահի մյուս ծայրին գցված սեղանին: - Եղբայրս այնքան էլ խնջույքի տրամադրություն չունի այսօր:
Ջոնը նույնպես դա նկատել էր: Բաստարդը պարտավոր էր սովորել նկատել որոշ բաներ, կարդալ ճշմարտությունը, որ մարդիկ թաքցնում էին հայացքի մեջ: Հայրը պահպանում էր հյուրասիրության բոլոր կանոնները, բայց նրա մեջ ինչ-որ լարվածություն կար, որ Ջոնը հազվադեպ էր տեսել: Նա քիչ էր խոսում, նայում էր սրահով մեկ կոպերն իջեցրած, ոչինչ չտեսնելով: Երկու աթոռ այն կողմ, արքան շարունակում էր հարբել ողջ երեկոյի ընթացքում: Նրա լայն դեմքը վառվում էր հսկայական սև մորուքի տակ: Նա բազմաթիվ կենացներ ասաց, բարձր ծիծաղում էր ամեն կատակի վրա և հարձակվում յուրաքանչուր ուտեստի վրա սովամահ լինողի նման: Նրա կողքին թագուհին սառցե քանդակի պես սառն էր:
- Թագուհին նույնպես զայրացած է,-ասաց Ջոնն իր հորեղբորը ցածր, հանդարտ ձայնով: - Հայրիկը թագավորի հետ իջել էր դամբարան կեսօրին: Թագուհին չէր ուզում, որ արքան իջնի այնտեղ:
Բենջենը ուշադիր, զննող հայացքով նայեց Ջոնին:
- Դու ամեն ինչ նկատում ես, այնպես չէ՞, Ջոն: Պատի վրա քո պես մարդիկ են անհրաժեշտ:
Ջոնը հպարտությունից ուռեց:
- Ռոբն ինձանից ավելի լավ է նիզակ նետում, բայց ես ավելի լավ եմ կռվում թրով, իսկ Հալենն ասում է, որ ես ամրոցի մարդկանցից պակաս ձիավոր չեմ:
- Հիշարժան հաջողություններ են:
- Ինձ հետդ տար, երբ վերադառնաս Պատ,-ասաց Ջոնը հանկարծակի շտապողությամբ: - Հայրիկը թույլ կտա, եթե դու խնդրես, գիտեմ, որ թույլ կտա:
Հորեղբայր Բենջենն ուշադիր զննեց Ջոնին.
- Պատը ծանր վայր է տղայի համար, Ջոն:

impression
05.02.2017, 10:42
- Ես համարյա թե մեծ մարդ եմ,-ընդվզեց Ջոնը: - Հաջորդ անվանակոչությանս օրը տասնհինգ տարեկան կդառնամ, իսկ Մայստեր Լյուվինն ասում է, որ բաստարդներն ավելի արագ են մեծանում, քան մնացած երեխաները:
- Դա զուտ ճշմարտություն է,-ասաց Բենջենը՝ շուրթերը ներքև թեքելով: Նա վերցրեց Ջոնի բաժակը սեղանի վրայից, նորից լցրեց այն մոտիկ դրված կուժից և երկար ումպերով խմեց մինչև վերջ:
- Դաերեն Տարգարիենն ընդամենը տասնչորս տարեկան էր, երբ նա գրավեց Դորնը,-ասաց Ջոնը: Երիտասարդ Վիշապն իր ամենասիրելի հերոսներից էր:
- Հաղթանակ, որը մի ամբողջ ամառ տևեց,-նկատեց հորեղբայրը:- Քո Երիտասարդ Արքան կորցրեց տասը հազար մարդ, ապա՝ ևս հիսուն հազարը, երբ փորձում էր նվաճածը պահպանել: Ինչ-որ մեկը նրան պետք է ասեր, որ պատերազմը խաղ չէ:-Նա ևս մի կում արեց գինուց:-Նաև,-ասաց նա՝ բերանը սրբելով,-Դաերեն Տարգարիենն ընդամենը տասնութ տարեկան էր, երբ մահացավ: Թե՞ դրա մասին մոռացել ես:
- Ես ոչինչ չեմ մոռանում,-պարծեցավ Ջոնը: Գինին գլխին էր խփել: Նա փորձում էր շատ ուղիղ նստել, որ ավելի բարձրահասակ երևա: - Ուզում եմ Գիշերազորում ծառայել, հորեղբայր:
Ջոնը դրա մասին շատ էր մտածել, երբ պառկում էր քնելու, իսկ եղբարներն արդեն քնած էին լինում: Ռոբը մի օր կժառանգեր Վինտերֆելը, հսկայական բանակ կղեկավարեր որպես Հյուսիս Պահապան: Բրանն ու Ռիկոնը կդառնային Ռոբի դրոշակակիրներն ու երկիրն իր անունից կկառավարեին: Իր քույրեր Արյան ու Սանսան կամուսնանային այլ մեծ տների ժառանգների հետ և կգնային հարավ, որպես իրենց սեփական ամրոցների տիրուհիներ: Իսկ ինչի՞ հույս կարող էր ունենալ բաստարդը:
- Դու չգիտես՝ ինչ ես խնդրում, Ջոն: Գիշերազորը երդվյալ եղբարների տեղն է: Մենք ընտանիք չունենք: Մեզանից ոչ ոք երբեք որդի չի ունենա: Մեր կինը մեր պարտավորությունն է, պատիվը՝ մեր սիրուհին:
- Բաստարդը նույնպես կարող է պատիվ ունենալ,-ասաց Ջոնը:-Ես պատրաստ եմ ձեր երդումը տալու:
- Դու տասնչորս տարեկան ես, -ասաց Բենջենը:-Դեռ տղամարդ չես դարձել: Քանի դեռ կին չի եղել քո կյանքում, դու չես կարող հասկանալ, թե ինչից ես հրաժարվում:
- Կանայք ինձ չեն հուզում,-տաքացած ասաց Ջոնը:
- Կհուզեին, եթե իմանայիր, թե դա ինչ է նշանակում,-ասաց Բենջենը:-Եթե իմանայիր, թե երդումն ինչքան թանկ է նստելու քեզ վրա, ավելի քիչ կուզենայիր այդ գինը վճարել, որդիս:
Ջոնը զգաց, թե ինչպես է զայրույթը գլուխ բարձրացնում:
- Ես քո որդին չեմ:
Բենջեն Ստարկը ոտքի ելավ:
- Ավելի վատ: - Նա ձեռքը դրեց Ջոնի ուսին:-Վերադարձիր ինձ մոտ, երբ քո սեփական բաստարդներն ունենաս, հետո կտեսնենք, թե ինչ կասես:
Ջոնը դողաց.
- Ես երբեք ոչ մի բաստարդի հայր չեմ դառնա,-ասաց նա զգուշորեն,-երբե՛ք: - Խոսքերը դուրս թռան թույնի պես:
Հանկարծ զգաց, որ սեղանի շուրջ բոլորը լուռ են, ու իրեն են նայում: Զգաց, որ աչքերն արցունքներով են լցվում: Ոտքի թռավ:
- Ես պետք է գնամ,-ասաց նա՝ արժանապատվության վերջին կաթիլները հավաքելով: Նա պտտվեց ու ծլկեց, քանի իրեն արտասվելիս չէին տեսել: Պետք է որ ավելի շատ խմած լիներ, քան իրեն թվում էր: Ոտքերը ոլորվում էին, երբ փորձում էր հեռանալ, ու նա ընկավ սպասուհու վրա, նրա ձեռքի գինու տափաշիշն ընկավ ցած: Շուրջը բոլորը սկսեցին հռհռալ: Ջոնը զգաց տաք արցունքներն իր այտերին: Ինչ-որ մեկը փորձեց նրան հանգստացնել: Նա պոկվեց մարդկանցից և հազիվ տեսնելով՝ վազեց դեպի դուռը: Ուրվականը գնաց նրա հետևից ու նրանք անհետացան խավարում:
Բակը հանդարտ էր ու դատարկ: Միայնակ ժամապահը կանգնած էր ներքին պատի ատամնավոր պարսպի վրա՝ թիկնոցն ամուր փաթաթած վզի շուրջը, ցրտից պաշտպանվելու համար: Այնտեղ կանգնած՝ նա թշվառ ու ձանձրացած տեսք ուներ, բայց Ջոնն առանց մտածելու տեղերով կփոխվեր նրա հետ: Ամրոցը մռայլ էր ու լքված: Ջոնը մի անգամ էր տեսել լքված ամրոց, դա մի մռայլ վայր էր, ուր ոչինչ չէր շարժվում բացի քամուց, իսկ քարերը լռում էին այնտեղ մի ժամանակ ապրած մարդկանց մասին: Վինտերֆելն այսօր նրան այդ ամրոցը հիշեցրեց:
Նրա հետևում բաց պատուհանից լսվում էին երաժշտության և երգի ձայներ: Դրանք ամենավերջին բաներն էին, որ Ջոնը կուզենար լսել: Նա վերնաշապկի թևքով մաքրեց արցունքները, կատաղած, որ ինքն իրեն թույլ էր տվել արտասվել, և շրջվելով՝ ուզում էր հեռանալ:
- Տղա,-մի ձայն կանչեց: Ջոնը շրջվեց:
Տիրիոն Լանիստերը նստած էր Մեծ Դահլիճի դռան վերևում գտնվող քարին, ու նայում էր աշխարհին ինչպես գրոտեսկացված արձան: Գաճաճը վերևում քմծիծաղ տվեց:
- Այդ կենդանին գա՞յլ է:
- Դիվագայլ է,-ասաց Ջոնը: - Անունն Ուրվական է: - Նա վեր նայեց մարդուկին՝ հանկարծ մոռանալով իր հիասթափության մասին:-Իսկ դուք այդտեղ ի՞նչ եք անում: Ինչու՞ խնջույքին չեք մասնակցում:
- Չափազանց շոգ է, չափազանց աղմկոտ, ես էլ՝ չափազանց շատ գինի եմ խմել,-պատասխանեց գաճաճը:-Ինձ դեռ մանկուց սովորեցրել են, որ եղբոր վրա փսխելն անքաղաքավարի է: Կարո՞ղ եմ մոտիկից նայել քո գայլին:
Ջոնը տատանվեց, ապա դանդաղ գլխով արեց:
- Կարո՞ղ եք իջնել, թե՞ աստիճան բերեմ:
- Կարիք չկա,-ասաց մարդուկը: Նա ինքն իրեն ցած գցեց քարից: Ջոնը ախ քաշեց, հետո տեսավ, թե ինչես Տիրիոն Լանիստերը, գունդուկծիկ եղած, թեթևորեն վայրէջք կատարեց ձեռքերի վրա, ապա ոտքի թռավ:
Ուրվականն անվստահորեն հետ գնաց:
Գաճաճը փոշին թափ տվեց վրայից ու ծիծաղեց:
- Ինձ թվում է՝ վախեցրի գայլիդ: Ներողություն եմ խնդրում:
- Նա չվախեցավ,-ասաց Ջոնը, ծնկի եկավ ու կանչեց,-Ուրվական, արի էստեղ: Արի, էդպես:
Քոթոթը մոտ եկավ ու հոտոտեց Ջոնի դեմքը, բայց հայացքը չէր կտրում Տիրիոն Լանիստերից, իսկ երբ գաճաճը ձեռքը մեկնեց, որ շոյի իրեն, նա հետ գնաց ու ժանիքները բացեց՝ անձայն գռմռալով: - Ամաչում է, այնպես չէ՞,-նկատեց Լանիստերը:
- Նստիր, Ուրվական,- հրամայեց Ջոնը: -Այդպես, հանգիստ մնա: - Նա նայեց գաճաճին:-Հիմա կարող եք դիպչել: Նա չի շարժվի, մինչև թույլ չտամ: Ես նրան վարժեցրել եմ:
- Հասկանում եմ,-ասաց Լանիստերը: Նա շոյեց Ուրվականի ականջների արանքի ձյունաճերմակ մորթին ու ասաց.-Լավ գայլ է:
- Եթե ես այստեղ չլինեի, նա ձեր կոկորդը կկրծեր,-ասաց Ջոնը: Դա իհարկե ճշմարտությունը չէր, բայց կարող էր լինել մի օր:
- Այդ դեպքում, դու լավ կանես այստեղ մնաս,-ասաց գաճաճը: Նա իր մեծ գլուխը թեքեց մի կողմ ու նայեց Ջոնին՝ տարբեր գույնի աչքերով: - Ես Տիրիոն Լանիստերն եմ:
- Գիտեմ,-ասաց Ջոնը: Նա վեր կացավ: Կանգնած նա գաճաճից ավելի բարձրահասակ էր: Դրանից իրեն տարօրինակ զգաց:
- Իսկ դու Նեդ Ստարկի բիճն ես, չէ՞
Ջոնը զգաց, թե ինչպես իր ներսով սառնություն անցավ: Շուրթերը սեղմեց ու ոչինչ չասաց:
- Ես վիրավորեցի՞ քեզ,-ասաց Լանիստերը:-Կներես: Գաճաճները քաղաքավարի լինելու կարիք չունեն: Խայտաբղետ հագնված ծաղրածուների սերունդներն ինձ իրավունք են վերապահում վատ հագնվելու և ասելու այն ամենն, ինչ գալիս է լեզվիս,-քմծիծաղեց նա: - Միևնույն է, դու բիճ ես:
- Լորդ Էդարդ Ստարկն իմ հայրն է,-ընդունեց Ջոնը:
Լանիստերն ուսումնասիրում էր տղայի դեմքը:
- Այո,-ասաց նա:-Տեսնում եմ: Քո մեջ հյուսիսն ավելի շատ է, քան եղբայրներիդ:
- Խորթ եղբայրներիս,-ուղղեց Ջոնը: Նա շոյվել էր գաճաճի ասածից, բայց փորձում էր ցույց չտալ:
- Թույլ տուր ինձ քեզ մի խորհուրդ տալ, բիճ,-ասաց Լանիստերը:-Երբեք մի մոռացիր, թե դու ով ես, քանի որ աշխարհն, անկասկած, դա հիշելու է: Այն քո ուժը դարձրու: Այդ դեպքում դա երբեք քո թուլությունը լինել չի կարող: Սպառազինվիր դրանով, և ոչ ոք այն երբեք չի օգտագործի քեզ վիրավորելու համար:
Ջոնը տրամադրված չէր որևէ մեկի խորհուրդները լսելու:
- Դուք ի՞նչ գիտեք բիճ լինելն ինչ է:
- Բոլոր գաճաճները բիճ են իրենց հոր աչքերում:
- Դուք ձեր մորից ծնված Լանիստերի իսկական որդին եք,-ասաց Ջոնը:
- Այդպես է,-հեգնանքով ասաց գաճաճը:-Դրա մասին իմ լորդ հորն ասա: Մայրս մահացավ ինձ ծնելիս, իսկ հայրս երբեք վստահ չի եղել, որ ես իրենն եմ:
- Ես անգամ չգիտեմ, թե ով է իմ մայրը:-ասաց Ջոնը:
- Ինչ-որ կին, անշուշտ: Մայրերը հիմնականում կանայք են,-նա Ջոնին տրտում ժպտաց: - Հիշիր, տղա, բոլոր գաճաճները բիճ են, բայց ոչ բոլոր բիճերը պետք է գաճաճ լինեն: -Այդ խոսքերով նա կաղալով վերադարձավ խնջույքի սրահ՝ ինչ-որ եղանակ շվշվացնելով: Երբ նա դուռը բացեց, ներսից եկող լույսից նրա ստվերը ձգվեց ամբողջ բակով մեկ, և մի պահ Տիրիոն Լանիստերը թագավորի նման հաղթանդամ թվաց:

impression
05.02.2017, 10:43
ԿԵՏԼԻՆ
Վինտերֆելի հսկայական ամրոցի բոլոր սենյակներից ամենատաքը Կետլինի ննջարանն էր: Նա հազվադեպ էր ստիպված լինում այնտեղ կրակ վառել: Ամրոցը կառուցված էր բնական տաք աղբյուրների վրա, եռացող ջուրը անցնում էր ամրոցի պատերով ու սենյակներով, ինչպես արյունն է վազում մարդու մարմնով, այն պատերը տաք էր պահում, ապակե պարտեզները լցնում էր խոնավ ջերմությամբ, չէր թողնում, որ հատակը սառչի: Բացօթյա լողավազաններից օր ու գիշեր գոլորշի էր դուրս գալիս մի դյուժին փոքրիկ բակերում: Ամռանը դա, իհարկե, այնքան էլ կարևոր չէր, սակայն ձմռանը դա կենաց մահու խնդիր էր դառնում:
Կետլինի բաղնիքը միշտ տաք էր և ջրով լի, սենյակի պատերը տաք էին: Տաքությունը նրան Ռիվերրանն էր հիշեցնում, Լիզայի և Էդմուրի հետ անցկացրած արևոտ օրերը, բայց Նեդը երբեք տանել չէր կարողացել տաքը: Ստարկերը ստեղծված էին ցրտի համար, ասում էր նա, Կետլինն էլ ծիծաղում էր, թե այդ դեպքում նրանք իրենց ամրոցն անշուշտ սխալ տեղում են կառուցել:
Երբ վերջացրեցին, Նեդը շրջվեց ու վեր կացավ անկողնուց, ինչպես արել էր հազարավոր անգամներ: Նա անցավ սենյակով, բացեց ծանր գոբելենները և մեկը մյուսի հետևից բացեց բարձր նեղ պատուհանները՝ սենյակ լույս թողնելով:
Քամին պտտվում էր շուրջը, երբ կանգնած էր նա դեմքով դեպի մթությունը, մերկ ու անզեն: Կետլինը մորթիները քաշեց կզակի մոտ ու նայեց ամուսնուն: Նեդը մի տեսակ ավելի փոքրամարմին ու խոցելի տեսք ուներ, նման այն պատանուն, ում հետ Կետլինն ամուսնացավ Ռիվերրանի մատուռում, տասնհինգ երկար տարիներ առաջ: Գոտկատեղը դեռ ցավում էր ամուսնու արագ սիրո պատճառով: Սիրում էր այդ ցավը: Զգում էր նրա սերմն իր ներսում: Աղոթում էր, որ այն պտուղ դառնա: Ռիկոնի ծնվելուց երեք տարի էր անցել: Ինքը դեռ շատ ծեր չէր: Կարող էր նրան ևս մեկ որդի պարգևել:
- Ես նրան կմերժեմ,-ասաց Նեդը՝ շրջվելով դեպի կինը: Աչքերը հոգնած էին, ձայնը՝ կասկածներով լի:
Կետլինը նստեց անկողնում:
- Չես կարող: Պետք չէ:
- Իմ պարտականությունն այստեղ է՝ հյուսիսում: Ոչ մի ցանկություն չունեմ Ռոբերտի Խորհրդականը դառնալու:
- Նա չի հասկանա: Նա հիմա արքա է, իսկ արքաները նման չեն մյուս մարդկանց: Եթե հրաժարվես նրան ծառայել, նա կզարմանա, իսկ վաղ թե ուշ կսկսի կասկածել, որ դու ընդդիմանում ես իրեն: Չե՞ս հասկանում, թե ինչ վտանգի ես ենթարկում մեզ:
Նեդը գլուխը թափահարեց՝ հրաժարվելով հավատալ:
- Ռոբերտը երբեք ինձ ու իմ ընտանիքին չի վնասի: Մենք ավելի մոտ էինք, քան եղբայրները: Նա սիրում է ինձ: Եթե մերժեմ, նա կգոռգոռա, կհայհոյի ու կաղմկի, բայց մի շաբաթ անց երկուսով կծիծաղենք դրա վրա: Ես նրան գիտեմ:
- Դու նրան գիտեիր,-ասաց Կետլինը:-Արքան անծանոթ է քեզ: - Կետլինը հիշեց ձյան մեջ մեռած դիվագայլին, կոկորդում մնացած եղջերվի կոտրված ոսկորը: Ինքը պարտավոր էր ամուսնու աչքերը բացել: - Արքայի համար պատիվն ամեն ինչ է, միլորդ: Ռոբերտն այս ամբողջ ճանապարհն անցել է քեզ տեսնելու համար, քեզ մեծ պատվի արժանացնելու համար, դու չես կարող դրանք հետ շպրտել նրա դեմքին:
- Պատվի՞,-դառնորեն ծիծաղեց Նեդը:
- Իր կարծիքով՝ այո,-ասաց Կետլինը:
- Իսկ քո՞:
- Իմ կարծիքով նույնպես,-զայրացած պոռթկաց նա: Ախր ինչպե՞ս չէր հասկանում: - Նա առաջարկում է որդուն ամուսնացնել մեր դստեր հետ, ուրիշ ո՞նց կոչել դա: Սանսան մի օր կարող է թագուհի դառնալ: Նրա որդիները կարող են կառավարել երկիրը Պատից մինչև Դորնի լեռները: Ինչո՞վ դա քեզ դուր չի գալիս:
- Աստվածներ, Կետլին, Սանսան ընդամենը տասնմեկ տարեկան է,-ասաց Նեդը:-Իսկ Ջոֆրին... Ջոֆրին...
Կետլինը նախադասությունն ավարտեց ամուսնու փոխարեն.
- Թագաժառանգ արքայազնն է և Երկաթե Գահի ժառանգորդը: Ես տասներկու տարեկան էի, երբ հայրս ինձ խոստացավ քո եղբայր Բրանդոնին:
Այդ խոսքերից Նեդի շուրթերը տխուր ծռվեցին:
- Բրանդոնը: Այո: Բրանդոնը կիմանար՝ ինչ է պետք անել: Նա միշտ գիտեր: Այս ամենը պետք է Բրանդոնինը լիներ: Դու, Վինտերֆելը, ամեն ինչ: Նա ծնվել էր Արքայի Խորհրդական և թագուհիների հայր լինելու համար: Ես երբեք չեմ խնդրել, որ այս ամենն իմը լինի:
- Գուցե և այդպես է,-ասաց Կետլինը:-Բայց Բրանդոնը մահացել է, գավաթը քեզ է փոխանցվել, և դու պետք է խմես դրանից, անկախ նրանից՝ դա քեզ դուր կգա թե ոչ:
Նեդը շրջվեց նրանից՝ նորից դեմքով դեպի գիշերը: Նա նայում էր մթությանը, լուսնին և գուցե նաև աստղերին կամ պատի վրայի ժամապահներին: Կետլինը շուտով մեղմացավ, հասկացավ ամուսնու ցավը: Էդարդ Ստարկն ամուսնացել էր իր հետ Բրանդոնի փոխարեն, ըստ ավանդույթի, բայց իր մեռած եղբոր ստվերը դեռ մնացել էր իրենց միջև, ինչպես նաև այն մյուսի՝ ստվերն այն կնոջ, ում անունը Նեդը չէր տալիս, նրա, ով իրեն բաստարդ որդի էր պարգևել: Կետլինն արդեն ուզում էր ամուսնու մոտ գնալ, երբ դուռը բարձր ու անսպասելի թակեցին: Նեդը, հոնքերը կիտելով, շրջվեց.
- Ի՞նչ է պատահել:
Դռան մյուս կողմից եկավ Դեսմոնդի ձայնը:
- Միլորդ, Մայստեր Լյուվինն այստեղ է և շտապ հանդիպում է խնդրում:
- Դու նրան ասե՞լ ես, որ ես խնդրել եմ ինձ չխանգարել:
- Այո, միլորդ, բայց նա շարունակում է պնդել:
- Շատ լավ, նրան ներս ուղարկիր:
Նեդը գնաց զգեստապահարանի մոտ և ծանր խալաթը գցեց վրան: Կետլինը հանկարծ զգաց, թե ինչքան էր ցրտել սենյակը: Նա նստեց անկողնում և մորթիները քաշեց կզակի տակ:
- Գուցե պատուհանները փակե՞նք,-առաջարկեց:
Նեդը ցրված գլխով արեց: Մայստեր Լյուվինը ներս մտավ:
Մայստերը փոքրամարմին, մոխրագույն մարդ էր: Նրա աչքերը մոխրագույն էին, արագաշարժ և շատ բան էին տեսնում: Մազերը մոխրագույն էին, թեև տարիների ընթացքում պակասել էին: Խալաթը մոխրագույն բրդից էր, սպիտակ մորթով ասեղնագործված, ըստ Ստարկերի գույների: Նրա հսկայական կախ ընկած թևքերի ներսում թաքուն գրպաններ կային: Լյուվինը միշտ ինչ-որ բան էր խցկում դրանց մեջ և լրիվ ուրիշ բան հանում այնտեղից՝ գրքեր, տարօրինակ արտեֆակտներ, երեխաների համար խաղալիքներ: Թևքերի մեջ այնքան բան էր տեղավորում, որ Կետլինն ապշում էր, թե նա ինչպես է ընդհանրապես թևերը բարձրացնում:
Մայստերը սպասեց, մինչև դուռը փակվեց իր հետևում, և ապա ասաց.
- Միլորդ,-դիմեց նա Նեդին:- Ներողություն եմ խնդրում ձեր հանգիստը խանգարելու համար: Ինձ երկտող են թողել:
Նեդը զայրացած էր:
- Թողե՞լ են: Ո՞վ: Ձիավո՞ր է եկել: Ինձ ոչինչ չեն ասել:
- Ձիավոր չի եղել, միլորդ: Իմ լաբորատորիայի սեղանին փորագրված փայտե արկղ են թողել, երբ ես ննջում էի: Ծառաները ոչ ոքի չեն տեսել, բայց պետք է որ դա արքայի մարդկանցից ինչ-որ մեկը բերած լինի: Հարավից այլ այցելուներ չենք ունեցել:
- Ասում ես՝ փայտե ա՞րկղ,-ասաց Կետլինը:
- Ներսում մի հրաշալի նոր ոսպնյակ էր դիտարանի համար, տեսքից դատելով՝ Միրից էր: Միրի ոսպնյակի վարպետներին ոչ ոք չի հասնի:
Նեդը հոնքերը կիտեց: Նա նման բաների համար համբերություն չուներ, Կետլինը գիտեր դա:
- Ոսպնյակ,-ասաց նա:-Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ:
- Ես էլ նույն հարցը տվեցի,-ասաց Մայստեր Լյուվինը:-Ակնհայտ էր, որ պետք է ավելին լիներ, քան այն, ինչ թվում էր:
Մորթիների ծանրության տակ Կետլինը դողաց:
- Ոսպնյակը մեզ օգնում է տեսնել:
- Անշուշտ:-Նա ձեռքը տարավ օձիքին: Վզից ամուր կապված ծանր շղթա էր, զգեստի տակ, ամեն օղը տարբեր մետաղից էր պատրաստված:
Կետլինը նորից ցրտից դողաց:
- Այդ ի՞նչ են ուզում, որ ավելի պարզ տեսնենք:
- Ես ինքս ինձ նույն հարցը տվեցի,-Մայստեր Լյուվինը թևքից ամուր փաթաթված թուղթ հանեց:-Իսկական երկտողը գտա թաքնված կեղծ հատակի մեջ, երբ քանդեցի արկղը, որի մեջ ոսպնյակն էր դրված, բայց երկտողն իմ աչքերի համար չէր:
Նեդը ձեռքը պարզեց:
- Դե ուրեմն տուր ինձ:
Լյուվինը չշարժվեց:
- Ներողություն, միլորդ: Երկտողը ձեզ համար էլ չէ: Այն պետք է կարդա միայն Լեդի Կետլինը: Կարո՞ղ եմ մոտենալ:
Կետլինը գլխով արեց՝ չհամարձակվելով խոսել: Մայստերը նամակը դրեց անկողնու կողքի սեղանին: Այն կնքված էր կապույտ մոմի փոքրիկ կաթիլով: Լյուվինը խոնարհվեց և պատրաստվեց հեռանալ:
- Մնա,-հրամայեց Նեդը: Նրա ձայնը մռայլ էր: Նայեց Կետլինին: - Ի՞նչ է գրված, միլեդի, դուք դողում եք:
- Վախենում եմ,-ընդունեց կինը: Նա ձեռքը մեկնեց և վերցրեց նամակը դողացող մատներով: Մորթիները ցած ընկան՝ մերկացնելով նրան, բայց նա չկատեց: Կապույտ մոմի վրա Արրինի լուսնի և բազեի կնիքն էր:
- Սա Լիզայից է,-Կետլինը նայեց ամուսնուն:-Այն մեզ չի ուրախացնի,-ասաց նա:-Այս ուղերձում վիշտ կա, Նեդ, ես այն զգում եմ:
Նեդը մռայլվեց, դեմքը մթնեց:
- Բաց արա:
Կետլինը կոտրեց կնիքը:
Նրա աչքերը շարժվում էին բառերի վրայով: Սկզբում ոչինչ չհասկացավ: Հետո հիշեց:
- Լիզան ռիսկի դիմել չի սիրում: Երբ մենք երեխա էինք, գաղտնի լեզու էինք հորինել:
- Կարո՞ղ ես կարդալ:
- Այո,-ընդունեց Կետլինը:
- Դե կարդա:
- Գուցե ես պետք է գնամ,-ասաց Մայստեր Լյուվինը:
- Ոչ,-ասաց Կետլինը:-Մենք ձեր խորհրդի կարիքը կունենանք: - Նա հետ գցեց մորթիներն ու դուրս եկավ անկողնուց: Գիշերվա օդը գերեզմանի պես սառն էր, երբ նա անցավ սենյակով: Մայստեր Լյուվինը հայացքն իջեցրեց: Նույնիսկ Նեդն էր շփոթված:
- Ի՞նչ ես անում,-հարցրեց նա:
- Կրակ եմ վառում,-ասաց Կետլինը: Նա խալաթ գտվ ու հագավ այն, հետո ծնկի իջավ սառած բուխարու մոտ:
- Մայստեր Լյուվին,-սկսեց Նեդը:
- Մայստեր Լյուվինն ընդունել է իմ բոլոր երեխաների ծնունդը,-ասաց Կետլինը:-Կեղծ համեստության ժամանակը չէ: Նա կպչանների արանքում թուղթ դրեց, իսկ ավելի մեծ փայտերը դրեց դրանց վրա:
Նեդն անցավ սենյակով, բռնեց թևից և նրան ոտքի կանգնեցրեց: Նա գրկեց կնոջը, դեմքը նրա դեմքին շատ մոտ, ասելով.
- Միլեդի, ասացեք, ի՞նչ կար այդ նամակում:
Կետլինը ձգվեց նրա գրկում:
- Նախազգուշացում,-ասաց նա մեղմորեն:-Եթե ցանկանանք լսել նրան:

impression
05.02.2017, 10:44
Նեդի հայացքն ուսումնասիրում էր կնոջ դեմքը:
- Շարունակիր:
- Լիզան ասում է, որ Ջոն Արրինին սպանել են:
Նեդի մատները սեղմեցին նրա թևը:
- Ո՞վ:
- Լանիստերները,-ասաց նա:-Թագուհին:
Նեդը բաց թողեց նրա թևը: Մաշկի վրա խորը կարմիր հետքեր մնացին:
- Աստվածներ,-շշնջաց նա: Ձայնը խռպոտ էր:-Քույրդ խելագարվել է վշտից: Նա չգիտի՝ ինչ է խոսում:
- Գիտի,-ասաց Կետլինը:- Այո, Լիզան իմպուլսիվ է, բայց այս նամակը ուշի ուշով է պլանավորվել, խելացի կերպով թաքցվել: Նա գիտեր, որ եթե նամակը սխալ ձեռքում հայտնվեր, դա իր համար մահ կնշանակեր: Այդքան ռիսկի դիմելու համար նա պետք է որ սոսկ կասկածներից ավելին ունենար,-Կետլինը նայեց ամուսնուն:-Այժմ մենք իսկապես ընտրության հնարավորություն չունենք: Դու պետք է դառնաս Ռոբերտի Խորհրդականը: Դու պետք է գնաս հարավ նրա հետ և պարզես ճշմարտությունը:
Կետլինը միանգամից նկատեց, որ Նեդը լրիվ այլ եզրահանգման էր եկել:
- Իմ իմացած միակ ճշմարտություններն այստեղ են: Հարավն իժերի բույն է, որից լավ կլինի հեռու մնալ:
Լյուվինը շփեց վիզը, որտեղ շղթան վնասել էր նուրբ մաշկը:
- Արքայի Խորհրդականը շատ մեծ հզորություն ունի, միլորդ: Հզորություն՝ գտնելու Լորդ Արրինի մահվան ճշմարտությունը, հանձնելու մարդասպաններին արքայի արդարադատությանը: Պաշտպանելու Լեդի Արրինին և նրա որդուն, եթե ամենավատ լուրը ճիշտ դուրս գա:
Նեդն անօգնական նայեց ննջարանով մեկ: Կետլինի սիրտը տեղից դուրս էր թռչում, բայց գիտեր, որ այդ պահին նրան գրկելը սխալ կլիներ: Սկզբից պետք էր հաղթել, հանուն երեխաների:
- Ասում ես, որ Ռոբերտին եղբոր պես ես սիրում: Եղբորդ կթողնեի՞ր Լանիստերներով շրջապատված:
- Ուրիշների բաժին դառնաք երկուսդ էլ,-մրթմրթաց Նեդը մռայլորեն: Նա շրջվեց նրանցից և գնաց պատուհանի մոտ: Կետլինն ու Մայստերը լուռ էին: Նրանք հանգիստ սպասում էին, մինչ Էդարդ Ստարկը լուռ հրաժեշտ կտար այս տանը, որն այնքան սիրում էր: Երբ նա վերջապես հետ շրջվեց պատուհանից, ձայնը հոգնած էր և տխրությամբ լի, աչքերի անկյունները խոնավ էին:
- Հայրս մի անգամ գնաց հարավ, արքայի հրավերով: Նա այլևս երբեք տուն չվերադարձավ:
- Ուրիշ ժամանակներ էին,-ասաց Մայստեր Լյուվինը:-Ուրիշ արքա էր:
- Այո,-ասաց Նեդը անտարբերությամբ: Նա նստեց բուխարու կողքի աթոռին: - Կետլին, դու պետք է մնաս այստեղ, Վինտերֆելում:
Նրա խոսքերը սառցի պես մխրճվեցին կնոջ սիրտը:
- Ոչ,-ասաց նա, հանկարծ վախենալով: Սա իր պատի՞ժն էր լինելու: Այլևս երբեք չտեսնել նրա դեմքը, երբեք չզգալ նրան իր գրկում:
- Այո,-ասաց Նեդն այնպես, որ հակաճառության տեղիք չտվեց: - Դու պետք է իմ փոխարեն ղեկավարես հյուսիսը, քանի դեռ ես Ռոբերտի հանձնարարությունները կատարեմ: Վինտերֆելում պետք է Ստարկ լինի: Ռոբը տասնչորս տարեկան է: Շուտով տղամարդ կդառնա: Նա պետք է սովորի կառավարել, և ես նրա կողքին չեմ լինելու: Նրան քո խորհրդականը դարձրու: Նա պետք է պատրաստ լինի, երբ իր ժամանակը գա:
- Աստվածների կամոք, մի քանի տարուց,-մրմնջաց Մայստեր Լյուվինը:
- Մայստեր Լյուվին, ես քեզ վստահում եմ, ինչպես իմ հարազատին: Բոլոր մեծ ու փոքր հարցերում քո խորհրդով օգնիր կնոջս: Սովորեցրու որդուս այն ամենն, ինչ նա պետք է իմանա: Ձմեռը մոտենում է:
Մայստեր Լյուվինը մռայլորեն գլխով արեց: Հետո լռություն տիրեց, մինչ Կետլինը քաջություն գտավ և տվեց այն հարցը, որից ամենաշատն էր վախենում:
- Իսկ մյու՞ս երեխաները:
Նեդը կանգնեց ու գրկեց նրան, դեմքը մոտեցրեց իր երեսին:
- Ռիկոնը դեռ շատ փոքր է,-քնքշորեն ասաց նա:- Նա պետք է մնա այստեղ, քո ու Ռոբի հետ: Մյուսներին կտանեմ ինձ հետ:
- Ես դրան չեմ դիմանա,-դողալով ասաց Կետլինը:
- Պարտավոր ես,-ասաց Նեդը:-Սանսան պետք է ամուսնանա Ջոֆրիի հետ, դա արդեն պարզ է, մենք մեր նվիրումը կասկածի տակ դնելու որևէ տեղիք չպետք է տանք նրանց: Իսկ Արյայի համար արդեն ժամանակն է սովորելու հարավային արքունիքի վարվելակերպի կանոնները: Մի քանի տարուց նրա ամուսնանալու ժամանակն էլ կգա:
Կետլինը մտածեց, որ Սանսան կփայլեր հարավում, և աստվածները գիտեին, թե Արյան ինչքան կարիք ուներ հղկվելու: Դժկամությամբ, նա նրանցից բաժանվեց հոգու խորքում: Միայն թե ոչ Բրանից: Բրանից՝ երբեք:
- Լավ,-ասաց նա,-բայց խնդրում եմ, Նեդ, հանուն իմ հանդեպ քո սիրո, թող Բրանը մնա Վինտերֆելում: Նա ընդամենը յոթ տարեկան է:
- Ես ութ տարեկան էի, երբ հայրս ինձ ուղարկեց Էյրի,-ասաց Նեդը:-Սըր Ռոդրիկն ասում է, որ Ռոբի ու Արքայազն Ջոֆրիի միջև լարվածություն կա: Դա լավ չէ: Բրանը կարող է կոտրել սառնությունը: Նա քաղցր տղա է, կենսախինդ, սիրվող: Թող նա ապրի երիտասարդ արքայազների հետ, դառնա նրանց ընկերը, ինչպես Ռոբերտն ի՛մ ընկերը դարձավ: Մեր Տունը դրանից ավելի ապահով կլինի:
Նա ճիշտ էր, Կետլինը գիտեր: Բայց դրանից ցավը չէր մեղմանում: Կետլինը նրանց չորսին էլ կկորցներ՝ Նեդին, երկու աղջիկներին և իր անուշ, սիրելի Բրանին: Իր հետ միայն Ռոբն ու փոքրիկ Ռիկոնը կմնային: Արդեն իրեն միայնակ էր զգում: Վինտերֆելն այնքան հսկայական տարածք է:
- Այդ դեպքում նրան պատերից հեռու կպահես,-ասաց Կետլինը քաջաբար: - Գիտես, թե ինչքան է Բրանը սիրում մագլցել:
Նեդը համբուրեց կնոջ աչքերից թափվել չհասցրած արցունքները:
- Շնորհակալ եմ, միլեդի,-շշնջաց նա:-Գիտեմ, քեզ համար ծանր է:
- Իսկ Ջոն Սնոուի հետ ի՞նչ կլինի, միլորդ,-հարցրեց Մայստեր Լյուվինը: Այդ անունից Կետլինը լարվեց: Նեդը զգաց նրա զայրույթն ու հեռու քաշվեց:
Շատ տղամարդիկ ունեին բաստարդներ: Կետլինը մանկուց դա գիտեր ու շատ չէր զարմացել, երբ իրենց ամուսնության առաջին տարվա ընթացքում Նեդն իրեն ասել էր, որ պատերազմական արշավներից մեկի ընթացքում հանդիպած մի պատահական աղջիկ իրեն որդի էր պարգևել: Ի վերջո, նա տղամարդ էր, ուներ որոշակի կարիքներ, իրենք էլ այդ տարին առանձին էին անցկացրել. Նեդը պատերազմում էր հարավում, մինչդեռ ինքը մնացել էր Ռիվերրանում՝ իր հոր ապահով ամրոցում: Ու ավելի շատ մտածում էր կրծքին կպած փոքրիկ Ռոբի մասին, քան ամուսնու, ում հազիվ էր ճանաչում: Կետլինը դեմ չէր, որ ամուսինը զվարճանար մարտերի ընդմիջումների ժամանակ: Եվ եթե սերմը պտուղ տար, Կետլինը գիտեր, որ նա կհոգար երեխայի կարիքները:
Բայց նա ավելին էր արել: Ստարկերը նման չէին ուրիշ տղամարդկանց: Նեդը բաստարդին իր հետ տուն էր բերել, ու նրան «որդիս» էր կոչում՝ ի տես ամբողջ հյուսիսի: Երբ պատերազմները վերջապես ավարտվեցին, ու Կետլինը վերադարձավ Վինտերֆել, Ջոնն ու իր ստնտուն արդեն իսկ տեղավորվել էին ամրոցում:
Դա շատ ցավալի էր: Նեդը ոչ մի բառ չէր ասում երեխայի մոր մասին, բայց ամրոցում գաղտնիքներ լինել չեն կարող, ու Կետլինը լսել էր իր սպասուհիների պատմությունները, որոնք լսել էին իր ամուսնու զինվորներից: Շշուկներ էին պտտվում, Սըր Արթուր Դայնի՝ Արշալույսի Թրի ասպետի մասին, ով Աերիի արքայական թիկնազորի յոթ ասպետներից ամենասոսկալին էր: Պատմում էին, թե ինչպես է իրենց երիտասարդ իշխանը սպանել նրան մենամարտում: Եվ պատմում էին, թե ինչպես է հետո Նեդը Սըր Արթուրի թուրը վերադարձրել նրա գեղեցիկ երիտասարդ քրոջը, ով սպասում էր իրեն Ամառային ծովի ափին գտնվող Ստարֆոլ ամրոցում: Լեդի Աշարա Դայնն էր նա՝ բարձրահասակ, բաց գույնի մազերով ու մանուշակագույն, երկյուղած աչքերով: Կետլինից երկու շաբաթ էր պահանջվել իր մեջ քաջություն գտնելու համար, և ի վերջո մի գիշեր անկողնում ուղիղ հարցրել էր ամուսնուն նրա մասին: Այդ ամբողջ տարիների ընթացքում դա միակ դեպքն էր եղել, երբ ինքը վախեցել էր Նեդից:
- Ինձ երբեք չհարցնես Ջոնի մասին,-ասել էր նա սառցե սառնությամբ:- Նա իմ արյունն է, և դա ամենն է, ինչ քեզ անհրաժեշտ է իմանալ: Իսկ հիմա ասա ինձ, թե այդ անունը որտեղից ես իմացել, միլեդի:
Կետլինը ստիպված էր հնազանդորեն խոստովանել, ու այդ օրվանից շշուկները դադարել էին, իսկ Աշարա Դայնի անունն էլ երբեք չէր լսվել Վինտերֆելում:
Ով էլ եղած լիներ Ջոնի մայրը, Նեդը պետք է որ խելագարի պես սիրահարված լիներ նրան, քանի որ Կետլինի ասած և ոչ մի բառ նրան չէր կարող ստիպել տղային տնից վռնդել: Դա միակ բանն էր, որ ինքը երբեք չէր կարողացել ներել նրան: Սկսել էր ամբողջ սրտով սիրել ամուսնուն, բայց չէր կարողացել սիրել Ջոնին: Կետլինը չէր անհանգստանա Նեդի թեկուզ մի դյուժին բաստարդների համար, քանի դեռ նրանք աչքի առաջ չէին: Ջոնը միշտ էր աչքի առաջ, ու գնալով ավելի էր նմանվում Նեդին, քան իր ծնած օրինական որդիներից որևէ մեկը: Ու դա ավելի էր բարդացնում ամեն ինչ:
- Ջոնը պետք է հեռանա,-ասաց Կետլինը:
- Ինքն ու Ռոբը մտերիմ են,-ասաց Նեդը:-Ես հույս ունեի...
- Նա չի կարող մնալ այստեղ,-նրա խոսքը կտրեց Կետլինը: - Նա քո՛ որդին է, ոչ՝ իմը: Ես նրան չեմ հանդուրժի:
Գիտեր, որ դաժան է վարվում, բայց ասում էր ճշմարտությունը: Նեդը տղային լավություն չէր անի՝ նրան Վինտերֆելում թողնելով:
Նեդը վշտահար նայեց կնոջը:
- Գիտես, որ նրան չեմ կարող տանել հարավ: Արքունիքում նրա համար տեղ չկա: Բաստարդին... գիտես՝ ինչեր կասեն: Նա կմեկուսանա մարդկանցից:
Կետլինը զինվեց ամուսնու աչքերում երևացող համր աղաչանքի դեմ:
- Ասում են, որ քո ընկեր Ռոբերտն էլ մի դյուժին բաստարդներ ունի:
- Եվ նրանցից ոչ մեկին երբևէ արքունիքում չեն տեսել,-պոռթկաց Նեդը:-Լանիստերների քույրը դրա մասին հոգացել է: Ինչպե՞ս ես կարողանում այսքան սարսափելի դաժան լինել, Կետլին: Նա ընդամենը տղա է: Նա...
Նեդը կատաղել էր: Գուցե ավելին ու առավել վատն ասեր, բայց Մայստեր Լյուվինը միջամտեց.
- Մեկ այլ լուծում է հայտնվել ինքն իրեն,-ասաց նա հանդարտ ձայնով:-Ձեր եղբայր Բենջենն ինձ մոտ եկավ Ջոնի հարցով, մի քանի օր առաջ: Կարծես թե տղան ցանկանում է սև կրել:
Նեդը ցնցվեց:
- Նա ցանկանում է միանալ Գիշերազորի՞ն:
Կետլինը ոչինչ չասաց: Թող Նեդն ինքը մտածի դրա մասին: Իր ասածին հիմա ականջ չէին դնի: Կետլինն ուրախությամբ կհամբուրեր մայստերին: Դա լավագույն լուծումն էր: Բենջեն Ստարկը Երդվյալ Եղբայր էր: Ջոնը նրա համար որդի կդառնար՝ զավակ, որ ինքը երբեք չէր կարող ունենալ: Իսկ ժամանակի ընթացքում տղան նույնպես երդում կտար: Նա երբեք հայր չէր դառնա երեխաների, որոնք կարող էին Վինտերֆելի համար պայքարել Կետլինի հարազատ թոռների դեմ:
Մայստեր Լյուվինն ասաց.
- Մեծ պատիվ է Պատի վրա ծառայելը, միլորդ:
- Եվ նույնիսկ բաստարդը կարող է բարձր պաշտոնի հասնել Գիշերազորում,-խորհեց Նեդը: Սակայն, ձայնը անհանգիստ էր:-Ջոնը շատ երիտասարդ է: Եթե դրա մասին խնդրեր չափահաս մարդը, դա այլ բան կլիներ, բայց տասնչորս տարեկան տղայի համար...
- Ծանր զոհաբերություն է,-համաձայնեց Մայստեր Լյուվինը:-Սակայն ծանր ժամանակներ են, միլորդ: Նրա ընտրած ճանապարհն առավել դաժան չէ, քան ձերը կամ ձեր տիկնոջինը:
Կետլինը մտածեց իր երեք երեխաների մասին, որոնց պետք է կորցներ: Այդ պահին լռելը հեշտ բան չէր: Նեդը շրջվեց նրանցից՝ պատուհանից դուրս նայելու համար, նրա երկար դեմքը մտածկոտ էր և լուռ: Վերջապես նա հառաչեց և հետ շրջվեց:
- Շատ լավ,-ասաց Մայստեր Լյուվինին:-Կարծում եմ՝ այդպես ամենահարմարը կլինի: Ես կխոսեմ Բենի հետ:
- Իսկ Ջոնին ե՞րբ կասենք,-հարցրեց մայստերը:
- Երբ որ պետք լինի: Պետք է նախապատրաստվել: Մինչև ճանապարհ ընկնելու պատրաստությունը տեսնենք, երկու շաբաթ կանցնի: Ես կուզենայի, որ Ջոնը վայելեր այս վերջին օրերը: Ամառը շուտով կավարտվի, նրա մանկությունն էլ՝ դրա հետ միասին: Երբ ժամանակը գա, ես ինքս նրա հետ կխոսեմ: