PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Քարի մեջ արյուն կա…



Lusntag Lusine
04.12.2015, 16:35
Երեխաներին միշտ վախեցնում են. «Քարի մեջ արյուն կա», որ միմյանց չխփեն:ՈՒ երեխաները մանկական միատությամբ հավատում են:
Բայց դա այնքան էլ սուտ չէ…
Մի օր հասկանում ես, որ դու չես ապրում կյանքը, այլ նա է ապրում քեզ: Ու օրդ սկսվում է, որովհետև դեռ չես մահացել ու արթնացել ես: Սկսվում է կրկին պարտականություններիդ երկա՜ր շղթան, որ փաթաթված քեզ քաշում է իր ետևից ու դիմադրել նրան անկարող ես: Հասկանում ես, որ դարձել ես մի քարե հուշարձան ու ոչինչ չես զգում, ոչի՜նչ: Միայն հուշարձանի և քո մեջ կա մի տարբերություն: Քո մեջ դեռ արյունն է հոսում, խենթանում քո սառնությունից, այրում մատներիդ ծայրերը, վառում քեզ ներսից, բայց դու չես այրվում, քանի որ քարը չի կարող այրվել: Քարը միայն կարող է տեսնել, նույնիսկ հառաչել չի կարող, ձայնը դուրս չի գալիս, ամենը ներսում է… Խոսում է, արտասվում, լռում, կուլ տալիս բոլոր արտասուքները ու ներծծում իր մեջ այն արյան լիճը, որ չգիտես ինչու, միշտ հոսում է դեպի իրեն ու ամենը ներսում, իր մեջ, աննկատ օտար աչքերց:
Մի ժամանակ հավատում էիր, որ բացվելու է լուսաբացը ու սպասում էիր: Իսկ հիմա՞ Հիմա երկար սպասելուց հոգնել ես, գիտեմ, հոգնե՜լ ես: Սկզբում սպասում էիր, հետո սովորեցիր միշտ սպասել, հետո սովորություն դարձած սպասումը քայքայեց քո լուսաբացի հետ հանդիպման կամուրջը ու դու քարացար… Գիտեմ, թե ինչքան ես ուզում հիշել ինչպես էի՜ր զգում… Քարը հիշողություն ունի, կարող էիր հիշել, եթե նա զգալ կարողանար, եթե նա կարողանար զգա՜լ: Ասում են ` քարի մեջ արյուն կա ու ես չեմ կարող պնդել հակառակը, քանի որ ես այդպիսի մի քար եմ, որում դեռ չգիտես ինչու, չգիտես, որ օրենքով դեռ արյուն է հոսում…

Լուսինե Լուսնթագ