PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գտնված երջանկություն



Lusntag Lusine
05.11.2015, 10:32
Ննջարանի դուռը կամաց բացվեց ու Արևիկը ոտնաթաթերի վրա ներս մտավ: Մոտեցավ մոր անկողնուն, թեթևացած շունչ քաշեց ու անաղմուկ դուրս եկավ: Լիլիթը քնած չէր, աչքերը փակ մտածում էր իր և Վարդանի հանդիպման մասին: Ինչքա~ն էր պատկերացրել այդ հանդիպումը ու ահա այսօր հանդիպելու էին…
Արևիկի սենյակ մտնելը նրան հիշեցրեց, որ պետք է վեր կենալ ու նրան դպրոց ճանապարհել: Նայեց ժամին, արդեն տանից դուրս գալու ժամանակն էր:
- Մա, արդեն արթնացե՞լ ես,- խոհանոցում փարվեց մորը Արևիկը:
- Ինչպես տեսնում ես,- ժպաց մայրական ջերմ ժպիտով ու համբուրեց նրա մանկական անմեղ աչուկները:
- Լսեցի՞ր, որ մտա սենյակդ:
- Լսեցի անուշս:
- Մա, այսօր շատ վատ երազ էի տեսել ու շատ ուժեղ վախեցել էի:
- Ի՞նչ երազ:
- Ես ու պապան քեզ էինք ման գալիս, բայց դու չկայիր, ոչ մի տեղ չկայիր:
«Ես վաղուց չկամ այստեղ» մտածեց Լիլիթը, սրտի ներսում հոգոց քաշեց, բայց բարձրաձայն ասաց.
- Դա ընդհամենը երազ էր անուշս, իսկ հիմա արագ հագնվիր, դպրոցից ուշանում ես:
Արևիկին ճանապարհելիս ամեն անգամվա նման նրան հիշեցրեց, որ դպրոցից պետք է ուղիղ տուն գա ու դեռ երկար կանգնած նայում էր նրա ետևից:
Այսօր Աշոտը տանն էր ու Արևիկին դպրոցից հետո տանը սպասող կլիներ: Որոշել էր, որ հենց այսօր էլ պետք է հանդիպի Վարդանի հետ:
Վարդանը արդեն սրճարանում էր: Ընտրել էր աչքից հեռու գտնվող սեղանիկը և սպասում էր Լիլիթին: Լիլիթը ներս մտավ ու մինչ հայացքով որոնում էր նրան, Վարդանը մոտեցավ, բռնեց ձեռքից ու տարավ սեղանի մոտ:
- Շատ գեղեցիկ ես այսօր,- շփոթված կմկմաց Վարդանը:
- Դե, որ դու ես ասում, հավատում եմ,- կատակեց Լիլիթը:
Մատուցողը սեղանին դրեց երկու բաժակ սուրճը:
- Ինչ որ բան կուզե՞ս:
- Հիմա ոչինչ:
- Չի լինում այդպես, մարդը միշտ ինչ որ բան ուզում է:
- Երևի, բայց ես սովորական մարդ չեմ,- ծիծաղեց Լիլիթը,- հիմա ոչինչ չեմ ուզում:
- Իսկ առա՞ջ: Ի՞նչ էիր ուզում առաջ:
- Առաջ ե՞րբ: Մեկ օր առաջ, մեկ տարի առաջ, տաս տարի առաջ: Ե՞րբ:
- Ասենք երեխա ժամանկ, ի՞նչ էիր ուզում երեխա ժամանակ:
- Օ~, երեխա ժամանակ գիտե՞ս ինչքան բան էի ուզում: Շատ խաղալիքներ, որովհետև ոչ մի հատ չունեի, նոր հագուստ ու նոր կոշիկ` իմ ոտքով, ոչ թե մի երկու համար մեծ, բայց ամենաշատը գիտես ի՞նչ էի ուզում, ավելի ճիշտ ու՞մ էի ուզում,- մի պահ լռեց, հետո շարունակեց,- մամայիս էի ուզում: Մամայիս…Իսկ դու, ի՞նչ էիր ուզում դու երեխա ժամանակ:
- Ինչի մամադ որտե՞ղ էր:
- Հարցիս հարցով մի պատասխանիր, դու ի՞նչ էիր ուզում երեխա ժամանակ:
- Ուզում էի դասերը քիչ լինեին ու խաղալու շատ ժամանակ ունենաի: Ինչքան, որ սիրտս է ուզում ֆուտբոլ խաղայի ու մամաս տուն չկանչեր դասերը սովորելու:
Լուռ էին, ասես բառերը վերջացել էին:
- Դուրս գանք, այս փակ տարածությունը ինձ խեղդում է,- Լիլիթը վեր կացավ:
- Գնանք:
Սրճարանից դուրս եկան ու քայլեցին դեպի մոտակա այգին:
- Արի այստեղ նստենք,- ասաց Լիլիթը ցույց տալով ծառի տակ տեղադրված մենավոր նստարանը:
- Նստենք: Քեզ հետ ինձ համար ամեն ինչն էլ լավ է` քայլել, նստել, զրուցել, լռել: Ես քո հետ ինձ երջանիկ եմ զգում:
- Իսկ գիտե՞ս ինչ է երջանկությունը:
- Դու ես իմ երջանկությունը:
- Այս պահին երևի:
- Ինչու՞ այս պահին:
- Որովհետև մարդը միշտ իր երջանկությունը համարում է այն, ինչը որ չունի, կամ կորցրել է արդեն: Իսկ ես քոնը չեմ ամբողջովին, դրա համար էլ այդպես ես մտածում:
- Դու իմն ես:
- Քոնն եմ, բայց ինքդ էլ լավ գիտես, որ գնալու եմ: Քոնն եմ, բայց կիսով չափ` իմ մտքերում, երազներում, իմ աշխարհում: Իսկ գիտե՞ս որտեղ է երջանկությունը:
- Դու գիտե՞ս:
- Գիտեմ, թափանցիկ ապակուց այն կողմ, որին տեսնում ես, բայց շոշափել չես կարողանում:
- Իսկ ի՞նչ է քո համար երջանկությունը,- հանկարծ հարցրեց Վարդանը:
- Սերը, որը ոչ կարող ես գնել, ոչ էլ վաճառել: Որը սրտումդ ապրում է ու չի թողնում ոչ մի դատարկ անկյուն…
- Սիրում ես ուրեմն, կարո՞ղ եմ իմանալ ում:
Լիլիթը ժտաց, բայց չպատասխանեց, գլուխը դրեց նրա ուսին ու հարցրեց.
- Ինչու՞ չես հարցնում, թե ինչ եմ ուզում հիմա:
- Ու ի՞նչ ես ուզում հիմա:
- Ուզում եմ հիշել մատներիդ ջերմությունը:
Վարդանը բարձրացրեց Լիլիթի գլուխը, նայեց ուղիղ աչքերի մեջ ու համբուրեց նրա դողացող շուրթերը: Լիլիթի աչքերից գլորվեցին արցունքի կաթիլները, բայց նա չէր արտասվում, այդ արցունքներն էին իրենք իրենց հոսում:
- Ինչու՞ ես լաց լինում:
- Լաց չեմ լինում, այդ արտասուքներն են փոխել իրենց ճանապարհը, ներս հոսելու փոխարեն դուրս են հոսում:
Մրսում էր, ցուրտ էր…Պայուսակից հանեց հեռախոսը, նայեց ժամին ու վեր կացավ.
- Կներես, բայց պետք է գնամ:
- Այսքան շու՞տ,-անակնկալի եկավ Վարդանը,- նորից ե՞րբ կհանդիպենք:
- Չգիտեմ, երևի երբեք:
Մինչ Վարդանը շփոթված կանգնած էր, Լիլիթը արագ քայլերով հեռանում էր:
- Սպասիր,- ուշքի գալով բղավեց նրա ետևից Վարդանը, բայց Լիլիթը ավելի էր արագացնում քայլերը:
- Սապասիր,- Լիլիթի ականջին էին հասնում նրա բղավոցները: Մի պահ կանգ առավ, շրջվեց, վերջին անգամ դողաց, վերջին անգամ արտասուքը կաթեց սրտից ու գնաց…
«Դու գիտես ուր են հոսում սրտի կաթիլները» հարցնում էր Վարդանին, բայց նա չէր լսում, հեռու էր…
Արևիկը արդեն դպրոցից եկել էր: Աշոտը նրան կերակրել էր ու նստած հեռուստացույց էր նայում:
- Մա եկա՞ր,- հարցրեց Արևիկը, դռան ձայնը լսելով, բայց Լիլիթը չպատասխանեց, նա դեռ այնտեղ էր, Վարդանի մոտ, Վարդանի գրկում:
- Մա, դու նորից դրախտու՞մ ես:
Լիլիթի գլուխը բարձրացրեց ու տեսավ, որ արդեն տանն է ու իր դիմաց կանգնած է իր կյանքի ամենալուսավոր կետը` Արևիկը…
Լուսինե Լուսնթագ