PDA

Դիտել ողջ տարբերակը : Ունիվերսալ պորտալ



Էջեր : [1] 2

Նիկեա
13.08.2015, 15:08
…նոր օրագիր…

Երբ նախկին օրագիրս (http://www.akumb.am/showthread.php/64031-%D4%B5%D6%80%D5%A5%D5%AF) էի ստեղծում, մտածում էի, որ էդտեղ կպատմեմ իմ բոլոր երեկների մասին, կհավաքեմ բոլոր էն մանր-մունր դեպքերի նկարագրությունները, որոնք էդ պահին չափազանց մեծ նշանակություն կունենան իմ համար, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է մոռացվեին:

Հիմա նոր օրագիր… բայց էս ուղղակի օրագիր չի: էս կախարդական դուռ ա, որ կարա փրկի ինձ: Նենց դուռ, որով կհայտնվեմ էնտեղ որտեղ ուզում եմ, հենց խելքիս փչի կփախչեմ բոլորից… ու ինչ կապ ունի, թե ես էդ պահին որտեղ եմ… Կարևորը, թե ուր եմ գնում ու ինչի համար…

Նիկեա
15.08.2015, 17:02
Եթե ենթադրենք, որ բոլոր հեքիաթների բոլոր հերոսների ստեղծման համար եղել են իրական իրական կերպարներ, ուրեմն վստահաբար կարող եմ ասել, որ ես Փանոսի հետնորդն եմ :D Այմ Փանոս, Ձախորդ Փանոս :D

էս ամառ ինչ արել եմ, հակառակն է ստացվել: Մենակ երկու անգամ հոսանքահարվել եմ: Դե ես ուշադրությամբ երբեք էլ չեմ փայլել, բայց երկու անգամն էլ շատ ուշադիր էի, հոսանքահարվելու ոչ մի հնար չունեի, վախեցած մազերս վկա :D

Հանգիստ քայլում էի, երբ ոտքս ոլորեցի ու արդյունքում կոտրեցի ոտքիս ցուցամատը :D Երեք օր մի ոտանի էի դարձել: Հետո, չորրորդ օրը ամենամոտ ընկերոջս ծնունդն էր, բնականաբար չգնալ չէի կարող… Գնացի… ուրախ անցավ… լավ քեֆ արեցինք… ուղղակի երևի կպած մատս մի անգամ էլ ջարդեցի :D

էն օրը քիչ էր մնում պատշգամբից ընկնեի… ու դիակս միայն առավոտյան կհայտնաբերեին, որովհետև գիշերվա ժամը երեքն էր… :D

Մի առավոտ արթնացա ու պարզվեց, որ հեռախոսս փչացել ա… հենց էնպես, վերցրել ու փչացել էր… բայց առանց հեռախոսի ավելի հանգիստ ա:

Հիմա էլ էս հիմար ալերգիան :D

Ուրախ ա անցնում, ի՜նչ խոսք:

Նիկեա
17.08.2015, 13:56
Զարմուհուս հետ ամբողջ գիշեր արթուն մնացինք: Պատշգամբում նստած էինք: Սիրուն գիշեր էր: Սառը օդից երեքնուկի հոտ էր գալիս: Գլխավերևում Ծիրկաթինն էր… Հանկարծ երկնքում աստղ բռնկվեց ու ոսկեգույ հետագիծ թողնելով անհետացավ, հետո մյուսը, երրորդը, չորրորդը… դադարները երկար էին տևում, բայց երկինքը առատ հրավառություն էր կազմակերպել: Ու ես հիշում էի, թե ոնց առաջին անգամ ամբողջ գիշեր արթուն մնացի, որ ընկնող աստղ տեսնեմ ու երազանք պահեմ: Դեռ յոթ տարեկան էլ չկայի: Քունս տանում էր, աչքերս հազիվ էի բաց պահում ու միշտ աչքիս առաջ Ջերրին էր, թե ոնց էր փայտիկներ դնում կոպերի միջև որ հանկարծ չքնի: Իսկ երազանքիս իրականացումը իմ համար չափազանց կարևոր էր: Գիշերվա լռության մեջ լսում էի ժամացույցի սլաքների աշխատանքը, իսկ էդ միշշտ իմ համար էղել ա ամենասարսափելի ձայնը: Թիկ-թակ, թիկ-թակ, վայրկյանները դանդաղ քայլում էին մեկը մյուսի հետևից, իսկ իմ պատուհանից էդպես էլ ընկնող աստղ չէր երևում:

Պատուհանի մոտ նստած քնել էի: Ինձ թվաց, թե ինչ-որ բան հարվածեց պատուհանին, էդ համարյա անհնար էր, որովհետև ես երկրորդ հարկում էի, բայց էն տպավորությունն էր, թե մեկը թակեց պատուհանը: Աչքերս բացեցի ու ի՜նչ տեսնեմ. աստղ ընկավ, սրան հաջորդեց, երկրորդը, հետո երրորդը: Ես հասցրեցի երազանք պահել: Ո՜նց էի ուրախացել: Էդ պահին իմ համար կարևոր էր ոչ թե էն, որ ես ընկնող աստղ եմ տեսել, այլ էն, որ երազանքս իրականանալու էր: Իսկ երազանքս մի մեծ բան չէր. ցերեկը մոռացել էի, որ մուլտիկ կա, բաց էի թողել, կրկնությունը հաջորդ օրը առավոտ ժամը ութին էր, իսկ ես երկար էի քնում, մաման էլ հաստատ ինչ-որ մուլտիկ նայելու համար ինձ քնիցս չէր հանի: Բայց ես վստահ էի, որ հիմա եթե քնեմ, առավոտ հաստատ շատ շուտ կարթնանամ, ես երազան էի պահել, չէ՞: Ու արթնացա… :)

Երեկ նայում էի ընկնող աստղերին ու մտքովս էլ չէր անցնում երազանք պահել, որովհետև իմ բոլոր երազանքերը մի օր իրականացնելու եմ: Ուղղակի վայելում էի տեսարանը:

Ու հիմա չգիտեմ լա՞վ ա, որ ես հրաշքներ չեմ ուզում…

Նիկեա
24.08.2015, 12:03
Մի քանի օր առաջ ատամնաբուժարանում Աքսանին հանդիպեցի: Ինքը ինձանից մի տարի է մեծ… իրենց դասարանում ես մենակ իր ու Արեգի հետ չէի կռվում ու ոչ էն պատճառով, որ ընկերներ էինք… չէ, ուղղակի շատ թե քիչ իրար հասկանում էինք… Իրար հետ խոսելու, շփվելու կարգին առիթ չէր եղել, իսկ էդ օրը եղավ: Ու քանի որ լռելը չափազանց դժվար ա, համենայն դեպս իմ համար… մի խոսքով, երկար գլուխ չտանեմ, հատկապես, երբ մեր զրույցը գնալով ավելի էր նմանվում էսինչ շորի մասին էրկու հիմար աղջիկների զավզակության… Աքսանի հեռախոսին զանգեցին, ներողություն խնդրեց, սենյակի անկյունում պատասխանեց ու երբ ուզում էր վերադառնալ, էլի զանգ էկավ, արագ անջատեց ու ժպտալով նստեց կողքիս.
-Կարևոր չէր,- ասում ա ու ժպտում:
-Զանգը…
-Զանգողը,- ու էլի ժպտում ա…


էսօր անձրևոտ, հիմար եղանակ է… ինձ շնչելու համար արև է պետք… արև չկա ու գլխիս մեջ էլի կարճ միացում ա… ու ես անընդհատ հիշում եմ, որ զանգողը կարևոր չէ… էլ կարևոր չէր… արդեն կարևոր չէր… ու ոնց ա լինում որ մարդը ինչ-որ պահից էլ կարևոր չի լինում… ո՞նց ա էդ կարևորությունը կորցնում, ինչի՞…

Մարդու կարծիքները, դիրքորոշումները, հավատը, գաղափարները, արարքները կարող են կարևոր չլինել… դրանք հիմնականում կարևոր չլինելու համար են… Բայց մա՞րդը…

Նիկեա
30.08.2015, 12:35
Օրագիրս կարդացին… ուռաաա, երազանքս իրականացավ, մուրազս փորս չմնաց… բայց դրանից ի՞նչս ավելացավ… ես օրագիրս սեղանին էի թողնում, որ ինչ որ մեկը վերցնի կարդա, բաց էի պահում… ոչ մի արդյունք… հետո կարդացին… թուղթը դավաճանեց… ու ես հիմա էլ իրան չեմ վստահում… բա…

Ես մի ժամանակ վախենում էի էն մարդը դառնալուց, որին ատում եմ… հիմա հասկանում եմ, որ էդ մարդը իմ մեջ ա ապրում… ինձ հավասար… ես տականք եմ… ու էդ չպետք ա մոռանամ… հա, ճիշտ ա ինքը իմ մեջ ա, բայց ես չպետք ա թողնեմ որ ինքը ես դառնամ… ու մենակ իրա գոյության մասին հիշելով կհաղթեմ իրեն… բա…

Բայց մեկ ա ես ուժեղ չեմ… ես ուղղակի խաբեբա եմ… ու ամենալավը ինձ եմ խաբել…

Բայց մեկ ա ես հաղթելու եմ… ինձ…

Ու մեկ ա սաղ լավ ա լինելու…

Ո՞վ էր ասում թե իսկական ծովահենը իր ծրագրերի մասին ոչ մեկին չի ասում, անգամ ինքն իրեն… ճիշտ էր ասում…

ՈՒ հաստատ էս հեքիաթի վերջում երկնքից երեք խնձորը իմ գլխին չի ընկնելու… ոչ էս անգամ…

Խոսք եմ տալիս՝ չեմ գժվի…

Նիկեա
15.09.2015, 07:24
Իսկ ես ինձ էս աստիճանի ղզիկ չգիտեի... ու մտքիս ամենահեռավոր ծայրով էլ չէր անցնի, որ էս աշունը կլինի մինչև հիմա ապրածս ամենադեպրեսիվ աշունը... Բայց ամեն ինչ պետա ա լավ լինի, չէ՞… ամեն ինչ լավ կլինի, չէ՞…

Նիկեա
17.09.2015, 03:43
Արժի՞ երկար գրել, պատմել: Չարժի: Ուղղակի լավ ա որ կան ընկերներս: Իրանք չեն թողնում որ ես ոչնչացնեմ ինձ: Ի՞նչ եմ արել էս պարգևներին արժանանալու համար...

Նիկեա
05.10.2015, 12:04
Թղթե օրագիր ունեի, որ միշտ բարձիս տակ էի պահում ու երբ բոլորովին վերջերս օրագիրս դարձավ "հանրության սեփականությունը", ինչ-որ բան փոխվեց ու ես էլ թղթին չէի հավատում: Ու ոչ միայն թղթին... օրագրիս էլ: Շատ թե քիչ կարևոր երևույթների մասին գրում էի մեկ-երկու բառով, էնպես որ մենակ ես հասկանայի, որ ինձ ծառայեին ուղղակի ինչ-որ բաներ հիշեցնելու համար: Երբեք էսքան շատ գաղափարներ չէի ունեցել պատմվածքների ու հեքիաթների համար... բայց մուսա չունեի...
Իրականում ամեն ինչ լավ
էր, դեպրեսվելու ոչ մի պատճառ չկար, բոլորը ինձ շատ էին սիրում (դե կուրսի Լիանային չհաշված, քանզի վասնզի ինքը լու՜րջ դեմք ա, իսկ ես խեղկատակ), բայց մեկ ա զգում էի թե ոնց եմ ներսից փչանում ու սեփական բորբոսի հոտից արդեն գլուխս ցավում էր: Ես հասկանում էի, որ կարող եմ լինել չափազանց կեղծ լինել, կարող եմ բոլորին խաբել ու նենց վարպետորեն խաբել, որ բոլոր-բոլորի աչքում դառնամ աշխարհում ամենաերջանկագույն ապուշը: Ու էդ պահերին ինձ հաջողվում էր աշխարհի ողջ ծանրությունը լուռ տանողների դեմքին ժպիտ գծել ու ես էլ էի ինձ ավելի հանգիստ զգալ, սկսում էի հավատալ ինքս ինձ... Պարապ մնալը վտանգավոր է ուղեղի համար, ես էլ չէի թողնում որ ինքը էրկու րոպե անգործության մատնվի, իսկ ո՞րն է ուղեղը բթացնելու լավագույն տարբերակը, եթե ոչ արդեն հազար անգամ սովորած քերականության ու պատմության դասերը հազար մեկերորդ անգամ սովորելը: Հիմա երբ հետ եմ նայում նախորդ ամիսից ընդամենը 4 օր եմ հիշում: Իսկ էն մնացած 26-ից՝ ոչ մի բան:
Բայց.... Վերջապես հասանք բայցին, թե չէ էս մոխրագույն գրառումը արդեն սկսում էր ջղայնացնել Բայց ամեն ինչ ընտիր ա ու ընտիր ա լինելու նախ որովհետև... և հետո որովհետև... Բայց ամեն ինչ ընտիր ա ու ընտիր ա լինելու նախ որովհետև... և հետո որովհետև... Ես կպատմեմ ամեն ինչ բայց ոչ էսօր :)) Ի վերջո կարևորն էն ա որ ես ժամանակին կասեցրեցի նեխման գործընթացը :))

Նիկեա
07.11.2015, 16:03
Տրամադրության փոփոխություններն էնքան արագ են տեղի ունենում, որ արդեն սկսում եմ վախենալ, կարո՞ղ ա գժվել եմ… չէ հա… հազիվ թե… կամ էլ եսիմ…

Հիմա ես առաջվա պես ամեն օր չեմ կռվում մերոնց հետ… հիմա իրանք երեսս երկու շաբաթը երկու են տեսնում, այսինքն երկու շաբաթը մեկ երկու օրով… ու բնական ա որ էն ընթացքում իրենք հազիվ հասցնում են ինձանից կարոտն առնեն… կռվել չի լինում… թվում ա թե ես պետք ա ուրախ լինեի… ուռա՜, վերջապես մենք ընդհանուր լեզու ենք գտել… բլա բլա բլա բլա բլա բլա… ուռա՜, վերջապես էլ չեն լինի էն հիմար, քայքայիչ կոնֆլիկտները… ուռա՜… բայց գրողը տանի, մենք ոչ մի ընդհանուր լեզու էլ չենք գտել, ուղղակի ես՝ հանճարս, հանկարծ մի օր ուղեղիս հերթական փայլուն փայլատակման ժամանակ հասկացա որ եթե ինձ մեկ ա չեն հասկանալու ուրեմն իմաստ չունի էդքան բացատրել, ժամանակ մեռցնել, ներվեր քայքայել, ինչի՞ եթե կարելի ա ուղղակի լռել: Ու ոչինչ որ դու էդ դեպքում գուցե գժվես մի գեղեցիկ օր, մեկ ա երբ առճակատվում ես գաղափարներիդ համար, սենց թե նենց քեզ գժի տեղ են դնում, տարբերությունը էնքան էլ շատ չի: Արածս թույլիկություն ա բայց եսիմ… Ես լռում եմ… Ես լուռ ժպտում ու դանդաղ մահանում եմ :D չէ, լուրջ, կատակ չեմ անում…

Հիմա ինձ բոլորը սիրում են, երևի առաջ էլ էին սիրում, հիմա ես էնքան լավն եմ, հիմա ամեն ինչ անում են որ ամեն ինչ լավ լինի, ու գրողը ինձ տանի ես կատաղում եմ դրանից: Ես ինձ հյուր եմ զգում… ու իրենք ստիպում են որ ես ինձ հյուր զգամ… էս տան պատերը երբեք հարազատ չեն էղել իմ համար, միշտ են խեղդել… ու հիմա ավելի են խեղդում… Ինչքան եմ ինձ քարկոչել չկարոտելուս համար: Ես ինձ մեղավոր էի զգում, որ չեմ կարոտում, որ երբ օրերով տանը չե,մ լինում չեմ կարոտում էն տանտ, որտեղ ապրում եմ, որ իմ համար մեկ ա թե ինչ բարձի վրա կքնեմ ու թե ով ա առավոտ չայ սարքել: Ու ես ինձ մեղավոր էի զգում, որ մամայի սարքած ճաշերից մամայի համ չէի առնում… Ու մեղավոր էի զգում, երբ տուն էի գալիս, իրանք պաչում էին ինձ, ես էլ սրբում էի… Գրողը ինձ տանի… էսքան էլ մարդ տականք կլինի՞, ինչքան ես եմ… Բայց ի՞նչ վատ ա, գոնե էս առումով ես ինձ կարող եմ բացառիկ զգալ, եզակի, առանց հոգնակիի…

Ու իրանք նեղանում են, երբ ես ամեն ինչ պատմում եմ առանց դետալները մանրամասնելու, չոր ու ցամաք, մի կես րոպեում… իսկ ի՞նչ անեմ: Ո՞նց պատմեմ: Երբ շատ էի խոսում, խնդրում էի որ լռեմ, լռել եմ, վայելեք, ի՞նչ եք ուզում ինձանից: Ու ի՞նչ իմաստ ունի պատմելը, եթե մեկ ա հասկանալու եք նենց ոնց ձեզ ա պետք ոնց ձեզ ա ձեռ տալիս… եթե պատմածս հասկանալու եք նենց որ ինձ չհասկանաք… գրողը ինձ տանի… ուզում եմ որ մարդիկ հասկանան ինձ էն դեպքում երբ ես էս հիմար գլխիցս գլուխ չեմ հանում…


Ու ես էլի ինձ աթոռ եմ զգում… Ոչինչ կանցնի… Համ էլ լավ ա, որ դեպրեսվել եմ: Ես որ դեպրեսվում եմ, լիքը պրոդուկտիվ բաներ եմ անում… Ինձ պետք ա արգելել չդեպրեսվել… թե չէ ինչ եմ գլուխ հարթուկում…

Նիկեա
15.11.2015, 17:39
Ես դե ախր շատ ապուշ եմ, հո զոռով չի:

Եսիմ, փաստորեն ճիշտ ա. վեց տարեկանում ում էլ հետ էլ լինի, յոլա կգնաս: Համակեցություն կստեղծեք ու տասնմեկ տարի հանգիստ կապրեք… Երեկվա ապուշ հարսանիքին հոգուս խորքում ուզում էի գնալ, կարող ա շա՜տ քիչ բայց ուզում էի, որովհետև կտեսնեի ընկերներիցս շատերին: Վարդին կտեսնեի… ախր ինքը միշտ լսել ա տզտզոցս… ու ոչինչ որ էս անգամ ես չէի տզզալու, պատմելու էի իրան էն ինչը իմ համար կարևոր ա, գուցե ոչինչ ա, բայց իմ համար հսակայական նշանակություն ունի… ու ինքը միանգամից վրա տվեց ու… ու նենց հասկացրեց որ իր համար հաճելի չի իմ ներկայությունը, որ ինչքան էլ բթամիտ լինեի, մեկ ա կհասկանայի: Իսկ ես իրան կարոտել էի… ես էնքա՜ն բան ունեի պտմելու: Մի ուրիշ ընկեր կողքովս անցավ ու չճանաչեց… ուրախ եմ, շատ լավ ա… թող միշտ չճանաչեն, ազատեն ինձ իրենց բարևելու պարտականությունից…

Ու ես իրանց էլ շոկոլադ չեմ նվիրի, հա, հենց չեմ նվիրի, վերջ: Վատ ա երբ դադարում ես ինչ-որ մեկին շոկոլադ նվիրել… դժվար ա…

Էսօր վերջապես « Պանի լաբիրինթոսը » նայեցի… էս անգամ իսպաներենով… ու էդ ավելի ա սրում դեպրեսիան… Ու հիմա օրորոցային եմ լսում…

Չէ, ես ունեմ լիքը ընկերներ, իրարից լրիվ տարբեր, լրիվ հակառակ բևեռներում, անգամ հասարակածում… Բայց ինչի՞ չկա գոնե մեկը էդքան ընկերների մեջ, ով կհասկանա ինձ, ով կօգնի որ ես ինձ հասկանամ, չի թողնի որ հիմար մտքերս սղոցեն գլուխս, ում հետ պարտադիր չի լինի որ ես խոսեմ, ինքը մեկ ա կհասկանա:

Հետո պարզվում ա ինձ տանն էլ չէին սպասում, բա… Որ ասեցի հարսանիք չեմ գնում, հարցրեցին թե էդ դեպքում ինչի՞ եմ տուն էկել, բա: Ու նորմալ ա, որ էս տանը ես ինձ տանը րեմ զգում… ասենք, եթե ես տուն չգայի, ոչինչ, նորմալ ա, ինչ ա էղել… բայց որ ասում եմ գնալու եմ էս երկրից, սվիններով դուրս են գալիս: Բայց իրանց համար տարբերություն չպետք ա լիներ… Մի օր ես կդադարեմ սովորական ձրիակեր լինելուց ու էդ ժամանակ… չեմ ասի, թե ինչ կլինի էդ ժամանակ, որովհետև իսկական ծովահենը երբեք իր պլանների մասին ոչ մեկին չի ասում…

Ու ես երեկ ինտերնետ չունեի, դրան գումարվել էր նաև անքնությունը ու ես չղջիկ էի դառել… ու մեկ-մեկ ինձ թվում ա, թե ես դեռ վախենում եմ մթությունից…

Չէ, ես հաստատ գիտեմ, որ եթե մի օր ինչ-որ հեռու տեղ գնալ, ոչ մեկին չեմ ասի, ոչ մեկին հրաժեշտ չեմ տա…

Ես կարծում էի, թե Վարդը հասկանում ա ինչի համար եմ երազում Աֆրիկա գնալու մասին, ավելի շատ քան Իսլանդիայի կամ Նորվեգիայի… բայց պարզվում ա՝ չէ…

Վերջերս մարդիկ ուզում են, որ ես խոսեմ, իսկ ես ասելու ոչինչ չունեմ… ես դատարկ եմ…

Կուզեի սարդ լինել, տանիքի փոշոտ անկյունում սարդոստայն հյուսող, ճանճեր խժռող փոքր ու չար սարդ: Չէ, իրականում ես հենց սարդ եմ որ կամ, ուղղակի ոչ սարդոստայն գործել գիտեմ, ոչ էլ էնպես քայլել ոստայնով որ հանկարծ թակարդը չընկնեմ: Ես անտաղանդ սարդ եմ, ով ճանճերի համար կապիկություն ա անում… տրագիկոմիկ ա հնչում…

Ես հիմա ինքնահրկիզվում եմ, որ առավոտը սեփական մոխիրներիցս էլի հարություն առնեմ… բայց որ էս անգամ նախորդ անգամների նման կիսատ-պռատ չվերակենդանանամ, պետք ա որ մինչև վերջ մոխրանամ:

Նիկեա
27.11.2015, 02:18
կյանքում լինում են պահեր, որ հաստատ գիտես՝ երբեք, երբեք, երբեք չեն մոռացվելու: Հետո դու միշտ հիշելու ու վերհիշելու ես ամեն վայրկյանը, ակնթարթը, թե օդը ինչ հոտ ուներ, թե ոնց էր փոքր պատուհանից գնալով ավելի ու ավելի քիչ լույս թափանցում, ոնց էր օրը քայլում դեպի վերջը... Էդ պահը դեռ վերջացած չի լինում, բայց դու արդեն հաստատ գիտես, որ ամեն անգամ, երբ երկինքը փուլ գա գլխիդ, ոտքերիդ տակ գետինը չզգաս, էդ վայրկյաններն ես հիշելու, ուզենալու ես հետ գնալ, փակվել էդ ժամանակում ու էդտեղ թաքնվել բոլորից: Ու դու թևիդ ես փաթաթում էդ ժամը, րոպեն, վայրկյանը, որ միշտ հետդ լինի, քո հետ անցնի բոլոր ժամանակային մրրիկների միջով...

Նիկեա
30.11.2015, 04:36
Բարեկամները սովորաբար բաժանվում են 2 խմբի՝ մամայի կողմից բարեկամներ և պապայի կողմից բարեկամներ, յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվում է ևս 2 ենթախմբի՝ տատիի բարեկամներ ու պապիի բարեկամներ: Սովորաբար սենց ա, ուրիշ էլ ի՞նչ: 7 պորտության սկզբունքով էլ լինում են մոտ ու հեռու բարեկամներ:

Բայց ես բարեկամների թեմային չէի անդրադառնա, եթե որոշեի որ նման ստանդարտ խմբերի եմ բաժանելի, ոչ, բնավ չէ... Իրականում բարեկամները (կամ չարեկամները, որն ավելի հարմար կգտնեք) լինում են բազմատեսակ, բազմագույն, բազմազբաղ ու բազմազան: Իրենց կարելի է տեսակավոր ըստ.
1. ձեզ հյուր գալու հաճախության.
• բարեկամներ, որոնց տունը մոտիկ ա, ու ամեն օր ձեր տանն են,
• բարեկամներ, որոնց տունը հեռու ա, բայց մեկ ա համարյա ամեն օր ձեր տանն են
• բարեկամներ, որոնց տունը հեռու ա, դրա համար էլ մենակ Նոր տարվան են ձեր տանը,
• բարեկամներ, որոնց տունը մոտ ա, բայց մեկ ա իրանք մենակ Նոր տարվան են ձեր տանը:

(վերջին 2 ենթատեսակները իմ սիրելիներն են)

2. ձեզ զանգելու հաճախության.
• զանգել և խոսել սիրողներ, ովքեր օգտվում են նույն բջջային օպերատորից ինչ դուք և նրա հեռախոսային խոսակցությունը կարող է ժամեր տևել,
• զանգել և խոսել սիրողներ, որոնք կարող են ժամերով զավզակել ու կապ չունի որ ձեր բջջային օպերատորները տարբեր են,
• զանգել սիրողներ, ովքեր զանգում են բայց ձեզ հեռախոսի մոտ կաթվածահար չեն անում,
• ձնգցնել սիրողներ.
ա. ովքեր "փող չունեն"
բ. ովքեր կապ չունի, որ "փող ունեն"
գ. ձնգցնողներ որոնց դու հետ ես զանգում,
դ. ձնգցնողներ որոնց դու տենց էլ հետ չես զանգում

3. քեզ շատ սիրելու չափի ու ձևի արտահայտման եղանակի.
• անտաղանդներ, էն որ անվանդ վերջում -իկ են ավելացնում ու լիքը փաղաքշական մուսի-պուսի բառեր օգտագործում,
• տաղանդավորներ, բայց սրանց չանդրադառնանք այս անգամ:

4. քեզանով հետաքրքրվածության աստիճանի.
• բարեկամներ, որոնք հարցնում են թե ոնց ես, ինչ ես անում
• ոնց ես, ինչ ես անում, ո՞նց են դասերդ:
• ոնց ես, ինչ ես անում, ո՞նց են դասերդ, ովքեր են կուրսեցիներդ
• լա՞վ ես, սաղ լա՞վ ա, դասերդ լա՞վ են, կուրսեցիներդ լա՞վն են,
• ե՞րբ ես դասից պրծնում
• ամեն ին լաաաա՞վ ա
• հաստա՞տ ամեն ինչ լավ ա
• խելո՞ք ես մնում
• հաստա՞տ
• ընգեր-մընգե՞ր
• դա քեզ պետք չի
• բա քեզ ե՞րբ ենք պսակելու


5. Ընկալելու տեսակետից.
• անհասկացողներ,
• հասկացող-անհասկացող խաղացողներ:

6. ըստ նրանց սպանելու ձեր ցանկության.
• բարեկամներ, որոնց կմորթեիք,
• կվառեիք,
• բետոնի մեջ կթաղեիք
• փետուրով խուտուտ կտայիք 7 ժամ,
• սև պղպեղը քիթը կլցնեիք,
• կխոսեիք իրենց հետ:

Իրականում կարելի է անվերջ տեսակավորել ու վերատեսակավորել բարեկամներին, բայց այնուամենայնիվ նրանք բոլորը ունեն երկու ընդհանրություն՝ ազդում են ձեր նյարդերի վրա ու նրանք բոլորը անխտիր "սիրում են" ձեզ ^^

ես էսքան չէի ճառի, եթե երեկ մեր տունը բարեկամների հարձակմանը ենթարկված չլիներ: թարսի պես էդ հարձակման օրերը միշտ համընկնում են իմ տուն գալու օրերի հետ, ես այստեղ չաև կանխամտածվածություն եմ տեսնում :D
ոնց եմ ես զզվում իրանցից:
ու կապ չունի, որ ընդհանուր ոչ մի հետաքրքրություն չկա, իրանք մեկ ա կարան ժամերով խոսան հետդ, ախր իրանց հենց քո նման մեկն էր պետք, որ լուռ լսեր, ախր իրանց էլ ա հարթակ պետք, չէ՞, արտահայտվելու համար, հիմա դու ես էդ հարթակը ու իրենք մտադրվել են էնքան վրայովդ գնան ու գան, մինչև հարթեն ուղեղդ: ու համ էլ դու շատ լավ գիտես, որ մի օր դու կկարողանաս նենց անել, որ սաղը բացահայտ ատեն քեզ, զզվեն քեզանից, տեսնեն ու չճանաչեն... այո, կգա այդ երանելի օրը, անպայման կգա... :D

ու մեկ ա իմ ամենասիրելի բարեկամները նրանք են, որոնց ես չեմ ճանաչում:

Նիկեա
01.12.2015, 23:13
Սպիտակուցը բնափոխվում է, երբ ձուն խաշում ես: Սպիտակուցը էլի սպիտակուց ա մնում, բայց արդեն ուրիշ, տարբեր ու հաճախ հնարավոր չէ փոփոխությունները հետ շրջել... ես չեմ հիշում, թե ոնց սկսվեց էս աշունը, որովհետև էդ ամենևին էլ սեպտեմբերի մեկից չի սկսվում, բայց արդեն վերջանում ա աշունը, փաստացի էսօր ձմռան առաջին օրն ա ու ես ուղղակի էկել էի ասելու, որ բնափոխման աշուն էր... Ամեն ինչ էլի նույնն ա, բայց հաստատ էլ նույնը չի լինի... ու էդ լավ ա, երևի:

Նիկեա
02.12.2015, 20:51
Երբեք, երբեք, երբեք չէի պատկերացնի, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնելը կարող է ինձ էս աստիճանի մոտիվացնել:

Իմ "աշակերտները" ... չէ, լավ, չեմ ասի որ իրանք լավն են, կարող ա երես առնեն, համ էլ իրանք ուղղակի լավը չեն: Ես անընդհատ, ամեն վայրկայան ինչ-որ նոր բան եմ սովորում ու էդ ստիպում ա իրենց տալ էն ամենը, ինչ գիտեմ, որ հանկարծ պարտք չմնամ... Ու կապ չունի, որ մենք ընդամենը մի անգամ ենք դաս արել... ես սովորել եմ ուզում, շատ սովորել, որ տալու շատ բան ունենամ, որովհետև իրենցից չափազանց շատ եմ վերցնում:

Վերջին անգամ առաջին դասարանում էի սովորեցնելու փորձ արել, բայց խաղալիքներս անտաղանդ աշակերտներ դուրս էկան... դրանից հետո լիքը շարադրություններ ու տնայիններ եմ գրել ուրիշների համար, չնայած որ կարող էի բացատրել ու իրենք ինքնուրույն կգրեին... Իմ կարճ խելքով կարծում էի, թե ժամանակ ու նյարդեր եմ խնայում ու դրանով արդարացնում էի ինձ...

Հիմա լրիվ ուրիշ ա: Ես հաճույք եմ ստանում սովորեցնելուց ու չգիտեմ, էդ ժամանակ ինձ ավելի լավ եմ սկսում ճանաչել: մի խոսքով, ամեն ինչ ընտիր ա :))

Նիկեա
16.12.2015, 23:33
Հիմա ես պետք ա պարապեի վաղվա քննությունների համար, բայց չի ստացվում...

Լավ, կարճ կկապեմ ու շուտ կգնամ:

Ես սիրում եմ կուրսեցիներիս, իրանք էնքան լավն են, ես իրանց չեմ կարոտում, իրենք ինձ, ես էլ իրենց էն աստիճանի չեմ ճանաչում որ ցավեցնեն ինձ:

Դասարանցիներիս էլ եմ սիրում, մենք չենք շփվում :)) ու ես արդեն սկսում եմ հասկանալ թե ինչի են մեռածներին հիմնականում սիրում:

ճիշտ ա... պետք ա սովորել մարդկանց համար, մարդկանց բացակայությունից, մարդկանց պատճառով չմեռնել... կսովորեմ... էս տարի, երևի... էս ասելով նկատի ունեմ 2016-ը:

իսկ 2015-ին ես սովորել եմ ապրել ներկայով, մինչև վերջ վայելել ու գնահատել պահը ու միաժամանակ մտածել ապագայի, կարիերայի մասին... ու հասկացել եմ թե ինչ եմ ուզում, համենայն դեպս գոնե հիմա... ու գիտեմ թե ինչ պետք ա անեմ:

Գնահատականներս ահագին լավացրել եմ, ես էլ ծույլիկ չեմ :)) ու քննությունները զզվելի են...

Նիկեա
19.12.2015, 18:38
Մենակ թափառելիս ավելի շուտ ես հոգնում, ավելի շատ ես մրսում, ոտքդ որպես կանոն ոլորում ես ու սկսում անկապ փիլիսոփայել... օրինակ սկսում ես մտածել, որ երբ ուղեղդ շատ հոգնի մտածելուց, էնքան հոգնի, որ գանգատուփդ տաքանա, կարող ես անջատել էդ ու սկսել մտածել ոտքերով, թողնել որ ոտքերդ քեզ առաջ տանեն էնքան մինչև ուղեղդ կհովանա: Ուղղակի կանջատես քեզ, կդատարկես ու առաջ կգնաս... միշտ էլ հնարավոր է առաջ գնալ, կապ չունի խոշոր քայլերով ես գնում թե ոտքերդ հազիվ քարշ տալիս, արագ ես գնում թե դանդաղ, քամուն հակառակ թե համընթաց, սահել-ընկնելով թե վազելով... Ցուրտը առհասարակ լավ է ուղեղի, զգայարանների համար, ստիպում է զգալ, որ ձեռքերդ էն աստիճանի էն սառել, որ չես կարողանա բռունցք անել, կարող ա փշրվեն մատներդ... էդ ժամանակ, երբ երակներում արյունը բյուրեղանալու չափ սառում են մատներդ ուղեղդ միանում է վերջապես ու դու հասկանում ես որ ձեռքերդ պետք է գրպաններդ դնես, ցուրտը խանգարում է բթացմանը: Հետո էդ նույն ուղեղը կարգադրում է տուն գնալ: Հետո տուն ես հասնում ու ձեռքերդ տաք ջրի տակ պահում ու էլի ծակ փիլիսոփայում էն մասին, որ հիշողությունների ծորակից միշտ տաք հիշողություններ են հոսում, ջերմացնում քեզ, բայց ժամանակի ծորակ էլ կա, սառը ժամանակի ծորակ... ու որ չվառես ինքդ քեզ, կամ չփայտացնես ձեռքերդ պետք է հավասարակշռես էդ երկուսը, բայց մինչև սովորես հավասարակշռել, մի երկու անգամ պետք ա վառես ձեռքերդ մի երկու անգամ էլ սառես ձմեռվա կեսին... բա:
Իսկ հետո չայ ես խմում հիշելով որ էսօր բացի պարապելուց դու ոչ մի բան էլ չես արել...

Նիկեա
22.12.2015, 22:27
Ու մենք ուղղակի չենք կարող չսիրել էն մարդկանց, որոնց շնորհիվ (համար, պատճառով, կողքին) մենք ավելի լավն ենք դառնում... էսքանը... :))

Նիկեա
26.12.2015, 19:55
Հա, ես թափառական եմ ու մի օր աշխարհը ոտքի տակ կտամ, կլինեմ բոլոր էն երկրներում, որոնց մասին երազում եմ, կարճ ժամանակում կփորձեմ էդ երկրից ու մարդկանցից վերցնել էն ամենը ինչ հնարավոր ա, լիքը գիտելիքներ հավաքել, լիքը մարդկանցով լցնել օրերս: Աֆրիկա կգնամ, անապատը կկտրեմ-կանցնեմ ու կհիշեմ էն ժամանակները, երբ ջայլամավարի էի ապրում ու կծիծաղեմ էդ ժամանակների եսիս հիշելով:
- Բրազիլիա գնացիր՝ կզանգես,- էն օրը ասեցիր...

Բայց չի՞ լինի Իսլանդիա գնալուց առաջ զանգեմ... Իսլանդիա...
Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, բայց հիմա, էս պահին դու ես էն մարդը, ով ուզում եմ իմ հետ թափառի... Իսլանդիայում, ու կապ չունի, որ ես անգամ չգիտեմ կուզենայի՞ր գնալ էլֆերի երկիր թե՞ չէ... Մեկը պետք ա լինի, չէ՞, որ ասի ձեռնոց դնեմ... իսկ ես մեկ ա չեմ դնի... Մեկը պետք ա լինի, չէ՞, որ չթողնի ճանապարհների ամենաեզրերով քայլեմ, իսկ եթե Իսլանդիայում էդ մեկը չլինի, ամենաշատը 2 ժամ հետո կընկնեմ ինչ-որ տեղից, ինչ-որ լեռան վրայից ինչ-որ անդունդ ինչ-որ գետ կքշի-կտանի ու կտորներս ինչ-որ ջրվեժից ցած կթափվեն: Համ էլ մենակ հավես չի էլֆերին հյուր գնալը, հետո ում պատմեմ չի հավատա:
Բա հյուսիսափա՞յլը: Ուզում եմ տեսնել հյուսիսափայլը... աչքերիդ մեջ: Ով էլ ասես, կարա հյուսիսափայլ տեսնի, բայց ոչ քո աչքերի մեջ: Ես անգամ ինձ եմ սիրում քո աչքերի մեջ, պատկերացնու՞մ ես թե հյուսիսափայլը ինչքա՜ն կսիրեմ:

-... կզանգես, ես էլ կասեմ, որ չեմ կարա գամ:
-Տո, ոչ էլ զանգելու եմ:

Ի՞սկ երբ Իսլանդիա գնամ...

Նիկեա
28.12.2015, 00:41
Ես սիրում եմ գրկել էն մարդկանց, որոնց սիրում եմ, ովքեր կարևոր են իմ համար: Էդ պահին, երբ իրանք ձեռքերիս մեջ են, ինձ լիքը ջերմություն են տալիս, լիցքավորվում եմ իրենցից ու ավելի ուժեղ դառնում: Բայց քեզ գրկելիս...

Ես հասկանում եմ որ պետք ա քեզ բաց թողնեմ, որ միշտ ինձ քեզ կպած պահել չեմ կարող, որ սառած ալյումինե ձող չեմ, պետք ա պոկվեմ քեզանից ու ինչքան գիտակցում եմ էդ էնքան ավելի շատ եմ ուզում կպնել քեզ, դառնամ սև շարֆ ու կախվեմ վզիցդ: Բայց գալիս է էն պահը երբ ես պետք է բաց թողնեմ քեզ... ու բաց եմ թողնում: էդ ընթացքում հասցնում եմ քեզանից մի տոննա արև պոկել ու ինձ հետ տանել: բայց էդ նուն ընթացքում, երբ պոկ եմ գալիս քեզնից, ինձանից լիքը մանր փշուրներ մնում են վերարկուիդ վրա, թափվում գետնին ու դու երևի էդ փշուրները չես էլ նկատում: Էդ պահին ես ուժեղ եմ, շատ ուժեղ, որովհետև արևից կտոր ունեմ մենակ իմ համար, բայց համ էլ կիսափշրված եմ... Բայց հո ուժեղ եմ...

Նիկեա
30.12.2015, 01:52
Nowhere-ը հետաքրքիր բառ ա, ինձ շատ ա դուր գալիս:
Nowhere = ոչ մի տեղ, բայց now = հիմա here = այստեղ... Ու ինչքան էլ փորձեմ բառը պատկերացնել no + where կաղապարով, մեկ ա չի ստացվում...

Էսօր լավ օր էր, լիքն էր, քաղցր էր, տաք էր ու խուտուտ էր տալիա ... Ու հիմա էր, ու այստեղ էր համ էլ ոչ մի տեղ էր... Լավ ա երբ օրագիր ես պահում...

Նիկեա
30.12.2015, 19:34
ես էսօր արդեն հարյուր քառասունյոթ երգ եմ լսել: մնում ա հիսուներեք երգ, հնգական գիրք, մուլտիկ, կինո ու անիմե ու էրկու կարճ սերիալ էս տաս օրվա համար: հա, ու պետք ա հունվարի քննություններիս պատրաստվեմ, քանի՞ քննություն ունեմ հունվարին… հնչյունաբանությունը, արտակարգ իրավիճակները, ռուսացը… ու վե՞րջ… քիչ ա, եսիմ…

կհասցնեմ, կանեմ ամեն ինչ, մինչև կոկորդս կթաղվեմ գործերի մեջ ու չեմ նկատի որ կարոտում եմ…

ու քանզի ես որոշել եմ օրագիր գրել, ամեն օր գրառում եմ անելու, կարող ա կարճ, մի բառով, բայց կգրեմ…

Նիկեա
31.12.2015, 23:13
Տարվա վերջին գրառումս: 2015-ը ինձ շատ-շատ բաներ տվեց, ամենակարևորը՝ լիքը մարդիկ...

Իսկ ի՞նչ եմ ուզում 2016-ից, ի՞նչ պետք ա սովորեմ, ի՞նչ պետք ա անեմ:

1. Քանզի ես չեմ կարող փախչել ու փախչելը լուծում չի, պետք ա անեն հնարավոր առիթ օգտագործեմ երջնիկ լինելու համար ու պետք ա թողնեմ որ ամեն ստից բան ուրախացնի ինձ:

2. Պատերազմելու եմ նոր միջոցներով, ավելի ժանանակակից ու հագեցած :D փորձը ցույց տվեց որ մուննաթը ինքնաոչնչացնող զենք ա:

3. Չեմ կզղիանալու:

4. Գնահատականներս լավացնելու եմ:

5. Աշխատելու եմ, աշխատելու եմ անպայման, ինչ ուզում ա լինի:

6. Վարձով եմ ապրելու, դառնալու եմ հնարավորինս ինքնուրույն, ինքը իրա գլխի տերը մարդ:

7. Ճապոներեն եմ սովորելու:

8. Թափառելու եմ, լիքը-լիքը, ու թափառելու ենք...

9. Շատ-շատ գրելու եմ: Ես գիրք եմ գրելու, չգիտեմ երբ, էդ գրքի վերջն արդեն կա, գիտեմ ինչ ա լինելու, բայց սկիզբը դեռ չի եղել, ես մոտավորապես պատկերացնում եմ սկիզբը բայց հաստատ չեմ գրի մի բանի մասին որը չեմ փորձել, որովհետև էդ դեպքում սարսափելի եմ գրում իսկ ես զգում եմ որ էդ, ինչ գրելու եմ, լավն ա լինելու:

10. Ապրելու եմ մինչև վերջ, ամբողջ հոգով:

Լիքը գրքեր կարդալը, երգեր լսելը, մարդկանց ճանաչելը ինքնըստինքյան ա ստացվում:

Ու հա՜... ես էս տարի իմ համար եմ լիքը բաներ անելու, մենակ քեզ չէ, ինձ էլ եմ սիրելու ու իմ մասին էլ մտածեմ :))

Մյուս տարի, էս նույն օրը էս նույն ժամին ես տարիս կամփոփեմ ու կտեսնեմ որ 10 կետերից 8-ը լրիվ արել եմ, իսկ էն 2-ը մի քիչ թերություններով :))

Նիկեա
01.01.2016, 19:53
Նորմալ նոր տարի էր: Տխուր լինելու համար համարյա բոլոր չափանիշներին բավարարում էր, բայց ես որոշել էի ուրախ դիմավորել ու հա, ամեն ինչ էդքան էլ վատ չէր, նորմալ էր էլի: Համ էլ կարևորը տարին լավը լինի, իսկ տարին լավն ա լինելու:

Առավոտ ժամը ութին սովորականի նման զարթուցիչս անջատեցի ու էլի քնեցի, ես ուզում էի արթնանալ, բացել աչքերս կամ առանց բացելու, կիսաքնած իրան զանգել, բայց լրիվ անջատված էր, միանգամից քնեցի: Հետո հոպարիս փոքր տղան արթնացրեց, նոր տարիս էր շնորհավորում... ախր, լավ էլի, մինչև ժամը 2-ը ես ձեր տանն էի, ինչի՞ ես հիմա ինձ քնիցս հանում... բայց մուննաթ չեմ էկել, գրկեցի, մազերը խառնեցի, ինքը հավես էրեխա ա: Հետո էլի քնեցի...

Ընդհանրապես սովորական օր էր, նորմալ, քիչ հյուրերով: "Խաթաբալադան" նայեցի, "Elfen lied"-ը սկսեցի ու վերջացրեցի, 13 սերիա ընդամենը, վերջում էլ լաց էղա, հուզել էր, տեսածս սիրունագույն անիմեներից էր, սիրունագույն երգով:

Հինգ գիրք կարդալու փոխարեն որոշեցի մի հատ ախմախ վեցագրություն սկսեմ, "Vampire Academy", բայց 10-րդ էջից չեմ ուզում առաջ գնալ, գրքասանտայիս գրքին եմ սպասում:

Կարոտել եմ...

Նիկեա
07.01.2016, 19:53
Տաս օրը մոտենում ա ավարտին, քսանչորս ժամից էլ քիչ ժամանակ է մնացել ու ես ասածներիս իսկի կեսը չեմ արել: Բայց ինչքան էլ զարմանալի լինի ես ինձանից գոհ եմ, շատ գոհ: Հանգստացել եմ, ինչքան կարող էի, չնայած մեկ-մեկ նյարդերս լարվածության առավելագույն սահմանին էին հասնում, գուցե էդ սահմանն էլ էին անցնում, բայց ես սովորել եմ քիչ թե շատ ինձ բուռս հավաքել, ու ճգնաժամային պահերը արագ հաղթահարում էի: Տնեցիքի հետ չեմ կռվել, համարյա, մեկ-մեկ ախպորս, մեկ-մեկ քրոջս, մեկ-մեկ էլ մամայի, բայց քիչ են էղել ու վեճեր չէին… լարվածություն էր, որը երկու րոպե հետո լուծվում էր օդում ու չքանում: Էս անգամ ինձ ավելի շատ ու ավելի հաճախ եմ տանը զգացել… մենակ մի անգամ մաման ասեց որ իմ համար իրանք մեկ են… իսկ ես չասեցի որ էդ իրականում էդքան էլ տենց չի… եսիմ է, եթե մենակ իմանային թե իրանք ինչքան մեկ չեն իմ համար… իրենք դեռ ինձ լուրջ չեն վերաբերվում երբ ասում եմ որ աշխարհով մեկ թափառելու եմ… իրենք լուրջ չեն վերաբերվում անգամ նրան, որ դրսում եմ սովորելու… ու իրենք չգիտեն թե ինչքան է ցավեցնում էն, որ քեզ լուրջ չեն վերաբերվում… բայց ոչինչ, էդ էլ իրա առավելություններն ունի, նշանակում ա չեն մտածի խանգարելու մասին, էդ արդեն մեծ բան ա…

Հաշիվը կորցրել եմ թե ինչքան երգեր եմ լսել էս ընթացքում, բայց հաստատ շատ էին, ամենազիբիլներից մինչև ամենագլուխգործոցները: 444 երգերից կազմված մի հատ փլեյլիստ էի գտել, ալտերնատիվ, հին, փոշոտ, սիրուն, շատերը անծանոթ որ առաջին անգամ էի լսում… հիմնականում լավն էին, չնայած որ սենց (https://www.youtube.com/watch?v=97S66xee0U8) երգեր էլ կային, իսկ էս (https://youtu.be/fgT9zGkiLig) սրա (https://youtu.be/-55ZYpTwu1g) սրա (https://youtu.be/TdWEhMOrRpQ) սրա (https://youtu.be/JTc1mDieQI8) կամ էլ սրա (https://youtu.be/1lSnAmRnBfQ) հետ ես չեմ համեմատի, եսիմ… Բայց դա չի կարևորը, ես ուղղակի ուզում էի ասել որ The Killers (https://en.wikipedia.org/wiki/The_Killers) էի լսում, համարյա երկու տարի չլսելուց հետո… հա ի՞նչ, խումբ ա էլի, սովորական խումբ, որը մի ժամանակ, երևի վեց տարի առաջ, երակներիս մեջ էր մտել, որ էս (https://www.youtube.com/watch?v=lLLCVb-7oZU) երգը, մենակ էն որ էս երգը երգում էին իրանք, որը հիմա ես էնքան էլ չեմ հավանում, դարձավ պատճառ որ «Սմոլվիլը» (http://www.imdb.com/title/tt0279600/) նայեմ, հենց մինչև ութերորդ սեզոնը… ու ոչինչ որ Քլարքին նմանեցնում էի դասարանցուս ում էն ժամանակ չէի սիրում, ով արժանացել էր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ով գլխին հարված ստանալու պատվին, արդեն չեմ էլ հիշում թե որ մեղքի համար… բայց մեկ ա նայում էի, ինչի՞ էի էդքան նայում… հիմա ոչ մի բան չեմ հիշում էդ սերիալից, բացի կրիպտոնիտից ու որ Քլարքը ալերգիա ուներ էդ քարից ու չեմ հիշում թե ոնց, թե՞ հիշում եմ… լավ չեմ հիշում… ինքը մի գեղեցիկ օր էլ չէր կարող մոտենալ Լանային… Լանայի՞ն… տե՞նց էր աղջկա անունը, հավես չկա ստուգելու… թող լինի Լանա… որովհետև մաշկի տակ կրիպտոնիտե չգիտեմ ինչ էր… գրողը տանի, չեմ հիշում… բայց հաստատ եթե մոտենար կճաքճքվեր, կփշրվեր, կմեռներ… ու ես վերջը չգիտեմ, որտև չեմ տեսել, բայց էս մասը լավ եմ հիշում… լրիվ «արեգակին պետք է հեռվից նայել» էր… ինչի՞ եմ էս հիշում… հաաա, ես Killers էի էլի լսում ու առաջվա նման չէի լսում… ու ինչի՞ պետք ա առաջվա նման լսեի, ախր էնքան բան ա փոխվել… ես էլ եմ փոխվել, բա…

Իսկ հիմա էս (https://www.youtube.com/watch?v=1APv9t_LyOY) եմ լսում, հավեսն ա, ու էլի ուզում եմ Frozen (http://www.imdb.com/title/tt2294629/)-ը նայեմ, լիքը մանդարինով, տաք չայով ու … ու ուզում եմ ձնեմարդ սարքեմ, մեծ, սառը ու սառցե… ես իսկի ձնագնդի չխաղացի… որովհետև երբ եղանակը լավն էր, Նոր տարի էր, իսկ երբ հյուրեր չկային, եղանակը ձնագնդու եղանակ չէր… ի՞նչ եմ արդարանում… ամեն ինչ ինձանից էր կախված… բայց դեռ ձմեռը չի վերջացել, կհասցնեմ…

ես էս ընթացքում մի գրամ անգամ չեմ պարապել քննություններիս համար… առավելագույնը որ արել եմ, էդ էղել ա անթիվ-անհամար-բազմաչարչար քսերոքսները պայուսակիցս հանելը ու էլի պայուսակիս մեջ դնելը… ապրեմ ես, բայց մեկ ա լավ եմ հանձնելու: Ես ասել եմ որ արագ ու հեշտությամբ սովորելը մենակ խանգարում ա… նպաստում ա ծուլության առաջացմանն ու զարգացմանը, բայց ես չեմ թամբալանալու, կհասցնեմ… համ էլ էս ընթացքում ես գրել եմ… ինչ-որ հեքիաթ ինչ-որ բանի մասին, որ դեռ կիսատ ա ու չգիտեմ ինչ ա, բայց հո գրել եմ, ու աշխատելու եմ դրա վրա, սկիզբ ու վերջ հորինեմ, մարմին տամ ու թողեմ որ ապրի… ապրեն… ու երևի առաջին անգամ կստացվի որ ստեղծում եմ հերոսներ որոնք իրական են… այսինքն իրենք իմ գլխից բացի ուրիշ բնակության վայր էլ կունենան ու դրանով արդեն կիրականանան ավելի շատ քան հիմա երբ հիմնականում իմ գլխում են ապրում, մասամբ՝ սևագրություններում… խոստանում եմ որ իրանց տուն եմ տալու: Հավես ա ստեղծելը… եսիմ, էդ նշանակում ա որ դու չես վերջանա, ուղղակի էներգիայի մի տեսակը կփոխակերպես մեկ ուրիշի… ու էն ինչ դու ես ստեղծում, կարևոր ա քո համար, չափազանց կարևոր, որովհետև դրա համար ջանք չես խնայել, արել ես ամեն ինչ որը հնարավոր էր էդ պահին, էն ինչի գիտեիր անել էդ պահին, որովհետև դրա մեջ հոգի ես դրել, քո հոգուց մի մաս ու էդ Horcrux (https://en.wikipedia.org/wiki/Magical_objects_in_Harry_Potter#Horcruxes) ա դառնում ու չի թողնում որ դու մեռնես, բայց դե Գիտես-թե-ով էլ չես դառնում… Ռուսացիս դասախոսը հավատում ա որ ես գրող եմ դառնալու… չէ, ինքը ինձ վերաբերվում է նենց, իբր ես արդեն գրող եմ, ու հավես ա երբ քեզ հավատում են, ես զգում եմ երբ ինձ հավատում են… ու ես գրող եմ դառնալու… կդառնամ… ես անգամ գիտեմ թե ով ա նկարազարդելու գիրքս :D

Երբ հանդիպում ես անցյալիդ մարդկանց, իրենք նենց են անում որ դու քեզ հիշես մի ամիս, մի տարի, մի դար առաջ ու տեսնես թե ինչքան ես փոխվել, աճել, դարձել ես ուրիշ… էդ աճը տեսնելու լավագույն միջոցն ա… իրենք քեզ հիշեցնում են թե դու ով էիր, ու դու հասկանում ես թե ով ես դարձել, ինչքան ես աճել, ինչքան ես ուժեղացել հիմա… ու էդ քեզ դուր ա գալիս… իսկ երբ իրենք փոխված չեն լինում, դու կարող ես կարդալ նրանց, ինչքան սիրտդ ուզի… ու դու առանց իրենց ասելու իմանում ես նախկին ընկերներիդ գաղտնիքները, դու հասկանում ես որ իրենք նախկին են մենակ քո համար, որ իրենց պատկերացմամբ դուք դեռ ընկերներ եք… դուք հենց ընկերներ եք, գրողը տանի, որովհետև մարդիկ նախկին չեն դառնում, որովհետև մենք միշտ սիրում ենք նրանց ում սիրել ենք, թեուզ ուրիշ ձևով բայց մեկ ա նույն չափով… հասկանում ես որ եթե իրենք քեզ ինչ-որ գաղտնիք վստահեն (ու իրենք վստահում են քեզ նենց ոնց առաջ էին վստահում) դու երբեք չես դավաճանի, բայց դու իրենց վստահել չես կարող, որովհետև իրանք քեզ չեն հասկանա, որովհետև դու պարզ տեսնում ես որ իրարից ավելի տարբեր եք քան հասարակածն ու հյուսիսային բևեռը ու որ էդ տարբերությունը վաղ թե ուշ կհանգեցնի դավաճանության ու դու գաղտնիքներդ մենակ քո համար ես պահում… չէ, խաբեցի… գաղտնիքներդ տանում ես հանձնելու էն մարդկանց, ովքեր կպահեն դրանք, ովքեր նման են քեզ, քո պես են ու դու էլ իրանց պես ես ու դու մենակ չես, երբ իրանց հետ ես… Համ էլ հասկանում ես ևս մեկ շատ կարևոր բան, որ էլի վերջերս ես սովորել. դու մարդկանց կարող ես թույլ տալ ճանաչել քեզ էնքան ինչքան քեզ է պետք, էնքան ինչքանը քեզ չի վնասի ու անցյալի մարդիկ քեզ տեսնում են քո անցյալի դեմքով, ու որովհետև իրականում էդ դեմքը գոյություն չունի արդեն ու եթե անգամ վնասեն, կվնասեն մի բան որը արդեն գոյութուն չունի …

ես համ էլ արդեն տարբերում եմ փախուստը տակտիկական նահանջից… պետք ա լինի աշխարհում մի տեղ, ուր կգնաս ուժերդ վերականգնելու, լույս ու ջերմություն շնչելու համար, որ կարողանաս կռվել աշխարհի դեմ նենց ոնց վայել է իսկական չորկող ու համառ ծովահեններին…

ես նկատել եմ, որ մեկ-մեկ գրելուց անջատվում եմ ու էլ չեմ զգում թե ինչ եմ գրում… հիմա էլ է երևի տենց… ոչ մեկին չի հետաքրքրի վերոնշյալ ցնդաբանությունները, բայց իմ վատ բնավորության համաձայն ես գրում եմ ինձ համար, հիմական նպատակս՝ չգժվել… մի բան էլ ասեմ, որ հասկացել եմ էս մի քանի օրը նայած անիմեներիցս ու ռադս քաշեմ… մարդիկ կարող են հրեշ դառնալ, երբ զգում են որ իրենց չեն սիրում ու նույն սկզբունքով հրեշներն էլ մարդ են դառնում բավականաչափ սիրո առկայության պայմաններում… ու եթե մենք ապրում ենք մի աշխարհում, որին մենք չենք պատկանում, էդ աշխարհը ամեն ինչ անում ա ու կանի մեզ ոչնչացնելու համար, բայց եթե մենք էնքան աներես լինենք ինչքան պետք ա ու կարողանանք գոյատևել որոշ ժամանակահատված, ենթադրենք մինչև օգոստոսի քսանհինգը, էդ գրողի տարած աշխարհը կհոգնի վայր կդնի բոլոր զենքերը, կհրաժարվի մեր մոխիրը քամուն տալու նպատակից որովհետև մենք արդեն մեր աշխարհի ուղեգիր վաստակած կլինենք… մնում ա ուղղակի դիմանալ, մինչև օգոստոսի քսանհինգը…

Վերջ… ես կարոտած եմ… մի քիչ ցնդած եմ… բայց դե ի՞նչ անեմ…

Գրողը տանի, ինչի՞ ա գրելը ինձ էսքան դուր գալիս ու ինչի՞ եմ ես սենց թափթփված գրում… էս ձեռագրով գրող չեմ դառնա, գրողը տանի…

Նիկեա
11.01.2016, 20:31
Գրադարանում՝ էնտեղ որտեղ առաջին անգամ իտալերեն էինք պարապում, քնել էի: Շենքի էդ հատվածում էդ ժամի համար աղմուկը շատ-շատ էր, բայց էնքան հոգնած էի որ ոչ մի բան չէր կարող ինձ խանգարել քնել էլ ուր մնաց սալահատակի վրա բարձրակրունկ կոշիկների կտկտոցը: Երեկը մաշկիս տակ էր անցել ու ես երեկի մեջ քնեցի … Ժամանակ առ ժամանակ կողքովս մարդիկ էին անցնում՝ բարձր խոսելով ու ծիծաղելով կամ բարձր ոտնաձայներ թողնելով իրենց հետևից … ուրիշ ժամանակ էդ ձայները կջղայնացնեին ու ես կթողնեի-կփախնեի էդտեղից, բայց էսօր լրիվ անջատված էի …
Էլի հերթական ոտնաձայներ, բայց էս անգամ մի քիչ ուրիշ: Սկզբում լսում էի աստիճաններով բարձրացող, ամեն վայրկյան ավելի մոտիկից ու հստակ լսվող ոտնաձայներ: Հետո մի պահ ոտնաձայները դադարեցին, իսկ դրանից հետո խորհրդավոր ինչ-որ մեկը սկսեց դանդաղ ու զգույշ քայլել, կարծես ոտնաթաթերի վրա ու ես համարյա ոչ մի բան չէի լսում: Ուզում էի տեսնել թե ով ա, փորձեցի բացել աչքերս … առանց ակնոցների էի … ինձանից մի քանի մետր էն կողմ ինչ-որ մեկի աղոտ սիլուետն էի տեսնում, բայց չէի հասկանում ծանոթ է թե ծանոթ չի: Աչքերս տրորեցի ու դրեցի ակնոցներս: Ծանոթ դեմք էր, մի քանի վայրկյան պետք եղավ հասկանալու համար որ իրեն էլի եմ տեսել, էլի գրադարանում ուղղակի էն ժամանակ սափրված չէր:
- Ձեր նոր տարին շնորհավոր, համ էլ բարի լույս:
Էլի մի երկու վայրկյան հետո հասկանում եմ որ ինձ հետ է խոսում:
- Բարի լույս,- նոր տարին ա շնորհավորում առանց իմանալու որ իրոք նոր տարի շնորհավորելու օրն է, որ իրոք նոր տարի է ու ես հիշում եմ երեկվա նոր տարին, զգում եմ թե ոնց է ժպիտ գծվում դեմքիս ու ձգվում մինչև ականջներս, հետո հիշում եմ թե որտեղ եմ ու որ պետք ա պատասխանեմ,- հա՜, մերսի,- սեղանի վրայից վերցնում եմ հեռախոսս, սեղանի տակից հանում եմ պայուսակս,- ձեր նոր տարին էլ շնորհավոր:
Հետո անջատվում եմ, սկսում իջնել աստիճաններով՝ չլսելով, բայց համարյա վստահ որ պետք ա "մերսի" բառը լսեի …

Հեռախոսս անջատված էր, ես՝ հեռախոսից ավելի անջատված… պետք էր տուն գնալ, որ հանկարծ չանհանգստանան:

37 համարի ավտոբուսում արդեն չեմ հիշում թե ինչ երաժշտություն էր, իսկ գլխիս մեջ՝ Մեսչյան ու Բիթլզ: Զգում էի որ կամաց-կամաց մոտենում է մարդկանց աշխարհ վերադառնալու ժամանակը… իմ երկու աշխարհները չեն հատվում երևի ու էդ լավ ա … ես ամփոփում էի գլխներովս երեկվա անցածը ու չնայած ամեն ինչին, անգամ ստամոքսի ցավին ու սրտխառնոցին, երեկը լավն էր … ու հասկանում էի որ եթե ուզում եմ որ էն աշխարհս չտուժի, պետք ա էս աշխարհից թաքուն պահեմ թե չէ իրանք իրար կոչնչացնեն … ինչ-որ մեկի ձեռքին գիրք էր, կարդում եմ վերնագիրը՝ "Գործնական վիրուսաբանության ձեռնարկ"… հասկանում եմ որ կարդում եմ ինչ-որ բառեր բայց չեմ կարողանում հասկանալ թե էդ բառերը առանձին առանձին ինչ են նշանակում առավել ևս թե ինչ կարող են նշանակել գրքի շապիկին գրված… գործնական վիրուսաբանության ձեռնարկ, գործնական վիրուսաբանության ձեռնարկ… կարդում եմ ու քիչ-քիչ սկսում եմ հասկանալ թե էդ ինչ կարող է նշանակել ու որ սովետական արտադրության գրքի վերնագիրը եթե "Վիրուսաբանության գործնական ձեռնարկ" լիներ, երևի ավելի ճիշտ կլիներ…

… ու շնորհավոր Նոր տարի… Նոր տարի

Նիկեա
12.01.2016, 22:40
Ասում ա` մի օր դու կգտնես քո երկիրն ու էլ չես թափառի: Ասում ա` ու էդ երկիրը հազիվ թե Հայաստանը լինի… Հայաստանը չի… իսկ իմը Հայաստանն ա, ուր էլ գնամ, ուշ թե շուտ հետ եմ գալու…

Իսկ եթե իմ երկիրն էլ ա Հայաստանը… կարող ա մի օր հոգնում եմ սովորելուց էլ, թափառելուց էլ, ամեն քայլափոխի գլխիս փորձանք բերելուց էլ, հոգնում եմ ամեն ինչից ու հետ գալիս, ինչ-որ կորած-մոլորած տեղում ինչ-որ տանիքի նման բան եմ գտնում, սկսում եմ նուռ աճեցնել, գինի քաշել, լիքը նապաստակներ պահել… եսիմ… հնարավոր ա, չէ՞…

Նիկեա
16.01.2016, 00:06
գրադարանի դիմաց ջրափոսեր էին ու ես նայում էի երկնքին դրանց միջով: Երկինքը կապույտ էր, բայց ջրափոսերի միջից գորշ էր երևում, ծառերի վրայի կիսաչորացած կիսաշագանակագույն տերևների էլ ցեխագույն էին...

մենք մեր կյանքի որոշակի ժամանակահատվածում որոշ ժամանակով աշխարհին նայում ենք ուրիշի աչքերով ու տեսնում էնպիսին ինչպիսին երևում են էդ ուրիշի աչքերի մեջ... ու մենք վարդագույնը մոխրագույն ենք տեսնում, եթե էդ ուրիշի աչքերը մոխրագույն են... ջրափոսի մեջի երկնքին նայելու նման...

երբ ջրափոսի երկընքին երկար ժամանակ նայելով քայլում ես, գլուխդ սկսում ա պտտվել ու եթե չես ուզում ցեխը ընկնես, պետք ա էլ ջրափոսի մեջ չնայես…

երևի կյանքում էլ գալիս ա որոշակի ժամանակահատված, երբ պետք ա լինում սեփական աչքերով, առանց ուրիշի աչքերի նայել երկնքին, որովհետր գլուխդ սկսում ա պտտվել ու դու կարող ա ընկնես …

Նիկեա
22.01.2016, 14:51
Ես որոշել էի որ մինչև գուլպաները չվերջացնեմ ոչ մի օրագրի մեջ ոչ մի տող չեմ գրելու :D

Ամեն ինչ շատ լավ ա, ընտիր… շյուղագործությունից հավեսս հանեցի, հիմա էլ իմ համար նոր խաղալիք եմ գտել՝ օրիգամին… չնայած շյուղերով ես դեռ գործելու եմ, ուղղակի հիմա, երբ ինքս ինձ համոզել եմ որ ես գործել գիտեմ ու կարող եմ մի բան սկսել ու վերջացնել, ավելի հանգիստ եմ…

Շյուղերով գործել սովորել եմ երբ դեռ յոթ տարեկան չկայի ու ինձ դա ոչ ոք չի սովորեցրել, գլուխ եմ գովում էլի :D նստում էի մամայի կողքին ու նայում թե ոնց ա գործում հետո մի օր վերցրեցի մատիտներս՝ մեկը կարմիր էր, մյուսը կապույտ, լավ եմ հիշում ու մատիտներով սկսեցի գործել, ստացվեց ի զարմանս մամայի :D բայց երբեք ոչ մի բան չէի գործել, սկսում էի ու քանդում գործածս… բայց արեցի, ստացվեց ու ես չէի պատկերացնում որ դա կարող ա էսքան հավես լինի… մեդիտացիայի նման բան ա :))

Իսկ օիրգամին… մի հատ անիմե եմ հիշել «Երկինք»… էդ անիմեում մի աղջիկ անընդհատ տարբեր օրիգամի կենդանիներ էր սարքում… հավես ա… ոնց որ անպետք թղթին կյանք տաս, իրան պետքական դարձնես, եսիմ…

Չգիտեմ ինչից ա, բայց հիմա ինձ ավելի շատ եմ հավատում քան առաջ ու ինձ դա դուր ա գալիս… ու ես գիտեմ որ անելու եմ էն ամենը ինչ ասում եմ...

ինձ թվում ա էսօր ես կգերազանցեմ ընթերցանության անձնական ռեկորդս ու 501 էջ կկարդամ :))

բայց մի բան քիչ ա խանգարում ա , չի հերիքում... ես չեմ կարա լրիվ լավ լինեմ, երբ ամեն ինչ նորմալ չի էն մարդկանց մոտ որոնց ես շատ եմ սիրում... չի լինում, չգիտեմ... ու իմ մոտ ամեն ինչ լավ լինելու դեպքում ամբողջական լավ լինելս ապահովելու համար կամ պետք ա ոչ մեկին չսիրեմ կամ էլ էնպես անեմ որ մյուսների մոտ էլ ամեն ինչ լավ լինի, բայց երկուսն էլ իմ ուժերից վեր են ... :D

Նիկեա
01.02.2016, 22:49
Ես որոշել էի որ ամեն ամսվա վերջում պետք ա ամփոփեմ ամիսը: Հետո տարին ամփոփելը ավելի հեշտ կլինի համ էլ կչափեմ ստացածս, սովորածս, կորոշեմ թե ինչ պետք ա անեմ վաղը… բայց երեկ գլուխս ցավում էր… ես էլ էսօր կամփոփեմ... ուրեմն...

Հունվարները սովորաբար երկար են թվում բայց էս հունվարը արագ անցավ, չնայած որ համարյա ոչինչ չէի անում, հիմնականում:

Իսկ ես էս ամիս գրել եմ ավելի շատ քան առաջ մի քանի ամսվա ընթացքում կգրեի, որովհետև ես իսկական մուսա ունեն, ով քիչ ա կարդում ա գրածս զիբիլները, հլը մի հատ էլ գրական առաջադրանքներ ա տալիս: Ու ես մի ամիս ժամանակ ունեմ կյանքումս առաջին անգամ իսկական, մշակված, աշխատած պատմվածք գրելու համար... ու կգրեմ... էս ամենակարևորն ա որ պետք ա անեմ փետրվարին:

Ճապոներեն քիչ բաներ եմ սովորել, Ճապոնիայի մասին՝ ահագին: Երբ 100 կանջի իմանամ կսկսեմ քերականությունը սովորել: Ես դեռ չեմ հասկանում թե ինչ սկզբունքով են կազմում իրանք իրանց նախադասությունները: Հավես ա ճապոնական "լեզվամտածողությունը " ... անիմեների երգերն էլ լավն են :love

օրիգամիի ու շյուղագործության մասին արդեն ասել եմ, հաջորդ նվաճումս կլինի սվիտր գործելը, բայց հաստատ փետրվարին չի լինի: Ու մենք լիքը ծուրուներ ենք սարքելու ու վիշապներ… ծուրուն թղթե կռունկն ա... համ էլ ես արդեն ծրարներ ունեմ :love հաաա, էս ամիս ես ինձ կուղարկեմ նամակներս որոնք կստանամ տարիներ հետո....

ու խոսել եմ սովորելու, եթե անգամ մենախոսելով լինի դա

ես լիքը բաներ եմ սովորել: ավելի ճիշտ՝ տեսել, որովհետև իրանք աչքիս առաջ էին ուղղակի ես էդ կողմ չէի նայում կամ չէի ուզում նայել…

մի բան էլ եմ նկատել. թե էս թե թաքուն օրագրիս վերջին գրառումները սկսվում են "ես որոշել էի" "որոշեցի" բառերով…

հաաա, մի օր էղավ երբ որոշել էի բոլոր երազանքներս ծալեի, դնեի ձեղնահարկում որ ցեցերը ուտեին, բայց էսօր համոզվեցի որ տենց չեմ անելու, կռվելու եմ, թե չէ էլ ի՞նչ ծովահեն եմ ես :D


էէէէ, բայց ախմախ ամփոփում ստացվեց, երեկ պետք ա գրած լինեի, երևի ավելի լավը լիներ

Նիկեա
20.02.2016, 20:11
Որոշել էի, որ մինչև գործ չգտնեմ, օրագիր չեմ գրելու ու քանի որ հիմա գրում եմ, նշանակում ա ես արդեն աշխատանք ունեմ: Ապրեմ ես: Բայց մերոնք դեռ չգիտեն :D սկզբում որոշել էի չասել մինչև առաջին աշխատավարձս ստանալը :D բայց երկուշաբթի օրը կասեմ:


Երեկ մեր համար հեքիաթ էին պատմում այն մասին, որ թրթուրը թիթեռ չի դառնա, եթե իրան օգնելու համար ծակենք բոժոժը....

բայց ես իմ պատկերացրածի չափ չուրախացա, եսիմ... սովորական էր, ի վերջո արտասովոր ոչ մի բան չի եղել...

2016 թվականին անելիք 10 կետերից 2 արդեն արել եմ` գնահատականներս բարձրացրել եմ ու էլ գործազուրկ չեմ: Մնում են մնացածները... հաջորդը երևի կլինի վարձով ապրելը... Տնտեսական ապրանքների կողքով ուղղակի չեմ կարողանում անտարբեր անցնել: :D Փորձում եմ հաշվել. եթե էսքան աշխատավարձ ստանամ հիմա, էսքան կխնայեմ, հետո որ վարձով ապրնք արդեն մի էսքան խնայած գումար կունենամ, որից էսքանը կտրամադրենք սպասքին, էսքանով վարագույրներ կառնենք.... չէէէ, վարագույր կառնենք Անժելի սենյակի համար, իսկ իմ սենյակինը ես կկարեմ ^-^

Ահագին շատ բան ա եղել էս ամսվա ընթացքում, բայց հիմա չեմ գրի, երևի ամսվա ամփոփման ժամանակ պատմեմ:

Ու պարզվում ա աշխարհի ամենադաժան երևույթներից մեկը ժամային գոտիների տարբերությունն ա...

Նիկեա
23.02.2016, 20:38
Զարթուցիչ, որը չի կարողանում ստիպել քեզ բացել աչքերդ... ժամանակ, որը շատ արագ ա վազում: Շատ տաք չայ ու ծիրանի ջեմ, որ էլեկտրական լույսի տակ փայլում ա ու երևում են հացի վրա քսված ջեմի մազիկները: Շատ կծու ատամի մածուկ ու սառը ջուր, ֆենի նյարդայնացնող ձայն ու գրքերով լիքը ուսապարկ: Զարմանալիորեն դատարկ ավտոբուս: 5-րդ հարկում իտալերենի դաս: Հետո լեզվաբանության կռիս դասախոս: Ռուսաց լեզվի լսարան ու fuck-ի պատ: Տզտզոց ու նվնվոց: Ընկեր, որ քեզ լսում ու գրկում ա: Կուրսեցի, ով չի նեղանում երբ իրա հետ խոսալու ընթացքում հեռախոսի մեջ ես մտնում: Նամակ, որը կիսատ ա մնում: Աշխատանք, որը աշխարհի ամենալավ աշխատանքը չի: Անձրևանոց, որը կորցրել ես: Նախադասություն, որ ստիպված ես կրկնել անընդհատ... ժամը 05 : 10 ... Հոնքերը կիտած երկինք, 58 համարի ավտոբուս ու նամակ, էն նամակը որ կիսատ էր մնացել: 4-5 տարեկան ճուտ, որ կողքիդ նստած "Հարրի Փոթթեր"- ից հատվածներ ա անգիր ասում, ֆիլմի ռուսերեն թարգմանությունից ու հետո հարցնում ա` մուկը կմահանա եթե կատու ուտի? Խոշոր, կլոր աչքեր, որ քեզ են նայում ու դրանց մեջ դու ես երևում: Կանգառից տուն ձգվող երկար ճանապարհ ու նվնվան երկինք, անձրևի հատուկենտ պաղ կաթիլներ, ականջակալներ ու անջատող երաժշտություն: Տաք ճաշ: Գլխացավ: Քերականության դաս, որը պետք ա սովորել: Ու մառախուղ դարձած կարոտ, որ տարածվում ա բոլոր ուղղություններից ու իրենից զերծ ոչ մի քառակուսի միլիմետր չի թողնում...

Նիկեա
01.03.2016, 22:09
գրողը տանի, ինչի են բոլոր ամիսները սարսափելիորեն ներվային սկսվում.... ավելի ճիշտ սարսափելիորեն ներվայնացնում են ինձ: եթե տարվա մնացած ամիսներն էլ էս ձևով սկսվեն, եսիմ.... կարող ա տարվա կեսից լրիվ հիստերիկ դառնամ: Թե ասա` ինչի ասեցի մերոնց որ աշխատում եմ.... կարող էի, չէ? ասել որ գործ եմ ման գալիս, կամ որ գործ եմ գտել... ախր Անժելը զգուշացրել էր: Բայց գրողը տանի, ինչի են վրաս գոռգոռում ու հետո անջատում? ես չեմ կարա տենց անեմ? գրողը տանի, գրողը տանի, գրողը տանի... փորձը ցույց ա տալիս որ երբ մարդիկ չեն տեսնում ատամներդ, մտածում են խխունջ ես, հենց կպնեն պատյանիդ գլուխդ ներս կքաշես ու էդ սաղ գալիս ա տևականորեն ջայլամավարի ապրելուց... հայոցի դասախոսը վհուկ ա, ինքը ինձ բացակա դրեց էսօր, գրողը իրան տանի... հեչ պետքս չի, թող կորի գրողի ծոցը իրա բոլոր շրթնատամնային ու առաջնալեզվային հնչյուններով, ձևույթներով, հնչույթներով ու մնացած բոլոր զըռթույթներով.... իտալերենը չթողեց դասին նստեմ, որովհետև 5 րոպե ուշացել էի... գրողը տանի.... լեզվաբանության վհուկն էլ անընդատ կրկնում էր որ սեղանի վրա չեն պառկում... գրողը տանի, ես սեղանի վրա չէի պառկել, ուղղակի գլուխս էի դրել... նենց ընտիր ա որ ռուսերենից ոչ մի բան չանելով ու իմ հաշմանդամ ռուսերենով 80-ներ եմ ստանում:
Գրողը տանի... ու էսօր ես պետք ա ամփոփեի անցած ամիսը բայց հետ եմ նայում ու յախք; գրողը ինձ տանի... ես յանի պատմվածք եմ գրել որը արդեն ոչ մեկին պետք չի, որովհետև ես ուշացել եմ արդեն ու էդ ախմախ պատմվածքս ավելի ախմախ ա դարձնում... փետրվարի համար ես 2 կարևոր բան պետք ա անեի` գտնեի գործ ու գրեի պատմվածք: Գրեցի եսիմ-ինչ որը էշություն ա ու գտա գործ... ապրեմ ես... գրողը տանի: Ուրիշ հետաքրքիր ու կարևոր բան չեղավ չնայած սրանք էլ հետաքրքիր ու կարևոր չէին: Լիքը մարդկանց հանդիպեցի, ովքեր հա, հետաքրքիր էին, բայց իրանք իմ մարդիկ չէին... ու հա, ես մի օր կհավաքեմ ունեցածս փալաս-փուլուսը, մրոտած ու սպիտակ թերթերը, մատիտներս ու գրիչներս ու կփախնեմ տնից, կգնամ կդառնամ երջանիկ անօթևան: Հա, մի բան էլ ասեմ. ես բառախաղերի նկատմամաբ մոլուցք ունեմ ու դա նոր եմ նկատում... ու անօթեւան չլինել դեռ չի նշանակում որ անտուն չես: Անտուն չլինելն էլ չի ենթադրում որ դու սեփական 4 պատ, հատակ ու առաստաղ ունես... մի օր երևի անօթեւան կլինեմ ով տուն կունենա... գրողը տանի գրողը տանի գրողը տանի.... ախր ինչի են գոռգոռում ու անջատում? չեն հասկանում, որ ես էլ իրանց նման կարամ անեմ...

լավ է... գնալու եմ թաքնվեմ բազկաթոռի հետևում ու տզզամ...

Նիկեա
06.03.2016, 15:48
Հին օրագրումս հաճախ էի պատմում մարդկանց մասին, առանց որոնց չէի պատկերացնում օրս, կյանքս, ինձ ու թվում էր թե առանց իրանց ես կիսատ կլինեմ: Հիմա կարդում եմ գրածներս ու էդ մարդկանց կողքիս չեմ գտնում, բայց առանց իրենց ես լավ էլ ամբողջական եմ: Իրենց բացակայությունից առաջացած դատարկությունը ժամանակի ընթացքում ավելի լավ մարդկանցով լցվեց, չնայած հիմա հասկանում եմ, որ մի օր գուցե էս մարդիկ էլ կողքիս չլինեն: Բայց ես ուզում եմ պատմել իրենց մասին: Չէ... էս գրառումը կպատմի բոլոր էն մարդկանց մասին, ովքեր թեկուզ աննշան ազդեցություն կարող են ունենալ իմ, տրամադրությանս վրա...
Սկսում եմ:

Միլենան շատ չարաճճի աղջիկ է ու մինչև հիմա ճանաչածս միակ երեխան, ում հետ ես չեմ կարողանում լեզու գտնել: Ես սիրում եմ երեխաներին ու իրենք էլ երևի ինձ են սիրում: Միշտ մտածել եմ, որ եթե իրենք տեսնեն հետաքրքրված ես իրենցով, բավականաչափ ուշադրություն ես դարձնում, եթե զգան որ սիրում ես իրենց, իրենք էլ քեզ նույն ձևով կպատասխանեն: Իսկ եթե դրան գումարվում է նաև էն, որ դու տեսել ես իրենց սիրած մուլտֆիլմը, վերջ, դուք դառնում եք հավերժ բարեկամներ: Ու փորձը ցույց ա տվել, որ մեծերի դեմ "պայքարում" ամենալավ ու հավատարիմ դաշնակիցները իրենք են:
Բայց իրա դեպքում իմ իմացած ոչ մի մեթոդ չի աշխատում: Ինքը ուզում է, որ անընդհատ խաղան իր հետ, մենակ իրեն սիրեն, լինի անընդհատ ուշադրության կենտրոնում, լռեն բոլորը, երբ ինքն է խոսում ու բոլորը իրեն նայեն: Կատաղում է, երբ ուղղում են սխալները: Մեկ-մեկ ուղղակի հավատս չի գալիս, որ ինքը 7 տարեկան ա, որովհետև չափազանց չար ու խորամանկ բաներ ա անում, որ 7 տարեկանը, համենայն դեպս իմ պատկերացրած հրեշտականման անմեղ արարածը, հաստատ չէր անի: Չէի ուզենա փնովել ինչ-որ մեկին, բայց ախր էս երեխային սխալ են դաստիարակել, եթե իհարկե դաստիարակել են: Ախր երեխայի մեջ աճում ա էն, ինչ ցանում են ու եթե մեր հասարակությունում աջ ու ձախ մոլախոտեր են, դա նաև իրենց ծնողների շնորհիվ ա: Հետո էլ ասում են` սերունդը փչանում ա:
Ես իրոք փորձում եմ իրա հետ ընդհանուր լեզու գտնել, բայց չգիտեմ նյարդերս ինչքան կբավականացնեն դրա համար:

Տատին, որի հետ ապրում եմ, իսկական հրաշք է: Փաստորեն մարդիկ միշտ չէ, որ մեծանալուն զուգահեռ փչանում են, դառնում կյանքից դժգոհ փնթփնթաններ:
Սիրում եմ իրեն լսել: Տարիքի պատճառով է երևի, շատ հաճախ չի հիշում, թե ինչ է պատմել ու ինչը` չէ: Կան պատմություններ, որ լսել եմ արդեն շատ-շատ անգամներ, բայց մեկ ա շարունակում եմ ուշադիր լսել ու ձևացնել թե առաջին անգամն է: Զգում եմ, որ ինքը պատմելու, խոսելու կարիք է զգում: Էն տպավորությունն է, թե պատմելու ընթացքում վերապրում է անցած կյանքը, որ երբ երիտասարդության տարիների մասին է պատմում, էդ ընթացքում մի քանի րոպեով երիտասարդ է դառնում: Երբ պատմում է մանկության մասին, աչքերը դառնում են 8-9 տարեկանի մանկական կապույտ ու պարզ աչքեր ուղղակի 70 տարիների տխրությունն ու ուրախությունը իրենց մեջ հավաքած: Երբ պատմում է մահացած ծնողների, եղբայրների, ամուսնու մասին, փշաքաղվում եմ: Իրեն լսելիս նայում եմ ճակատին, ուսերին, բայց աչքերին վախենում եմ նայել, որովհետև ինձ թվում է, թե լաց կլինեմ: Ձայնի, պատմածի մեջ զգում եմ թե ինչքան է կարոտել ու սարսռում եմ մտածելով, որ ինքը երևի կուզենար մահացած լինել: Մի ժամանակ մտածում էի, որ ընտիր կլիներ եթե մի 80 տարի ապրեի, թոռներիսու ծոռներիս կտեսնեի, մարդկության զարգացումը, բլա բլա բլա բլա բլա բլա... բայց հիմա անգամ վախենում եմ պատկերացնել, որ գուցե էդքան ապրեմ: Ինչքան երկար ես ապրում, էնքան շատ սիրելի մարդկանց ես թողնում հետևում, իսկ ես երևի չդիմանամ: Չնայած երևի տատին էլ է փոքր ժամանակ մտածել, որ չի դիմանա...

Թամարան համալսարանում գտածս երևի միակ ընկերն է: Շատերի խորին համոզմամբ` մենք ընկերներ ենք, բայց իրանցից ոչ մեկը իմ ընկերը չի ու էդ մի քիչ ցավալի ա: Բայց իրա հետ ուրիշ ա: Ինքը էն քիչ կուրսեցիներիցս էր, որ քիչ ա գիտեր թե ինչ ա անիմեն, հլը մի հատ էլ մանգա էր կարդում ու մի քիչ ճապոներեն էր ինքնուրույն սովորել: Ամեն ինչ սկսվեց ընդհանուր անիմեներից, հետո պարզվեց որ ահագին նման երաժշտական ճաշակներ ունենք ու բավականին շատ են նաև գաղափարական ընդհանրությունները: Ինքը ճանաչում ա իրեն, գիտի սեփական թերությունները, դրանք չի թաքցնում ու իրեն սիրում է նենց, ոնց ինքը կա: Կարող ա տարօրինակ հնչի, բայց ամենաշատը ինձ դուր ա գալիս են, որ ինքը չի ուզում ավելի լավը դառնա, կատարելության չի ձգտում: Ու ինքը ինձ հավատում է: Էդ չափազանց պատասխանատու ու պարտավորեցնող ա, բայց ինքը հավատում ա ինձ, էնքան ինչքան ես, իսկ երբ պետք ա լինում` ինձանից էլ ավելի շատ ա հավատում:
Վերջին 2 օրվա ընթացքում իրեն անընդհատ Վարդի հետ եմ համեմատում: Մի տարի առաջ, երբ Վարդին ասում էի որ մի տարի հետո աշխատանք եմ ունենալու, ինքը ուզում էր բացել աչքերս ու հավատացնել ինձ, որ չեմ կարող, որ գործը թափած չի, ինձ ոչ մեկը աշխատանքի չի ընդունի ու որ ես չեմ կարողանա համատեղել դասերիս հետ:
Մի ամիս առաջ, երբ Թամուշին ասեցի, որ մինչև ամսվա վերջ պետք ա գործ գտնեմ, ինչ գնով էլ լինի, ինչ արեց ինքը? Ինքը ասեց, որ բնականաբար կգտնեմ ու եթե լավ ման գամ, կարող ա միանգամից երկու հատ: ինքը էդ հենց էնպես չասեց ուղղակի ասելու համար: Ինքը դրան հավատում էր էնքան, ինչքան ես էի հավատում:
Ամեն անգամ աշխատանքի համար զանգելիս, ինքը կողքիս էր ու գրկում էր երբ հերթական մերժումն էի ստանում: Ու ինքը վստահում ա ինձ, իսկ էդ արդեն նշանակում ա, որ ես էլ կարամ իրան վստահեմ:

Հրանուշը, Հակոբն ու Խաչատուրը իմ քյառթանման այն կուրսեցիներն են, որոնց հետ ես շարունակում եմ շփվել: Իրենք հետազոտության համար բավականին հետաքրքիր արարածներ են: Օրինակ Հրանուշը (այսուհետև Նուշ) սովորական, դասական, կիսաքյառթ, մեծ ախպոր բռի մեջ մեծացած մուննաթադեմ աղջիկ մըն է, ում խորհին համոզմամբ իմ ու Թամարայի փոքր ախպերները դժբախտ են, որովհետև մեզանից փոքր են, իսկ մենք` դժբախտագույն, որովհետև մեզանից փոքր են: Էս ինչ-որ աքսիոմ ա, երևի, որը չի ապացուցվում ու մենակ իրա հաշվարկման համակարգի համար ա ճիշտ: Եսիմ, ես անզոր եմ հասկանալ այս ամենի ամբողջ խորությունը: Վստահություն չի ներշնչում:
Խաչատուրի նկատմամբ իմ դրականորեն տրամադրվելուն էականորեն նպաստել ա իր` գյումրեցի լինելու հանգամանքը, իսկ ընդհանրապես` դասական իմաստով քյառթ չէի անվանի, բայց լիքը պնդացած կարծրատիպեր ունի, որոնք հազիվ թե հնարավոր է մի քանի տարում փշրել: Օրինակ` ինքը ուսապարկ չի կրում, դե բանակից էկած, մեծ տղա ա, հո էրեխա չի?
Հակոբի մոտ քյառթությունը ամենաքիչն է նկատվում: Ես մի պահ անգամ կասկածում էի, որ ինքը գուցե ակումբցի ա, երբ տեսա որ Կակտուսը մեր ընդհանուր ֆեյսբուքյան ընկերն ա, բայց բարեբախտաբար թե դժբախտաբար` չէ, ես ակումբցի կուրսեցի չունեմ:
Ինքը իսկական տրոլ ա ու հիմա ինչ-որ գիրք ա թարգմանում, որը ինչ-որ բանի մասին ա, երևի, բայց որը ես կվերնագրեի "Ինչպես գերել 100 սրտեր կամ աղջիկ կպցնելու մասնագիտական գաղտնիքները": Որ ասում եմ` տրոլ ա:

Անին հոյակապ երգում ա ու երազում Հոլիվուդի մասին: Դե երազելու ավելի լավ բաներ կան, գուցե, բայց ինձ հատկապես դուր ա գալիս իր երազելը, հավատալը ու ամեն ինչ անելը, որ երազանքը կյանքի կոչի: Մենակ թե չկոտրվի, մինչև վերջ պայքարի: Ես հաստատ շատ կուրախանամ, երբ իրա երազանքը իրականություն դառնա:

Արամը ուզում ա օգնել ինձ, որ ես տեսնեմ իմ բռնած սխալ ուղին ու կարգին քրիստոնյա դառնամ ու երբ ասում եմ, որ հանգիստ ապրի, համակերպվի իմ կիսաաթիստական հայացքների հետ, նենց ոնց ես եմ համակերպվել իրա քրիստոնեությանը, ասում ա, որ դա ինքը անել չի կարող, որովհետև իր հավատը թույլ չի տալիս մարդուն թողնել որ գնա կործանվի: Բայց ընդհանրապես ինքը լավն ա, երբ աստվածաշնչից չի խոսում: Ու հա, ինքը շատ հետաքրքիր հոբբի ունի, էլեկտրոնային գրքեր ա գողանում:

Լուսնյակը կարծում ա թե ինքը սիրում ա ինչ-որ տղայի: Եսիմ, ինչքան ճիշտ կլինի ուրիշի զգացմունքների մասին դատելը, բայց հաստատ տենց են սիրում? եսիմ... ու ինքը իրա դեպրեսիաները չի օգտագործում: Դեպրեսվեց` վերջ, էլ չի նկարում: Ես ուզում եմ, որ ինքը իսկական նկարիչ դառնա: Ինքը նաև գրում ա, բայց քաջությունս չի հերիքում, որ ասեմ` իրենը գեղանկարչությունն ա, որ եթե շատ շատ շատ նկարի, ավելի լավ կլինի:

Հարութը հավես մարդ ա, ում ես համարյա միշտ տալիս եմ էն հարցերը որոնք կուզենայի էդ պահին ինձ տային ու հավես ա իմ պատասխաններից կիլոմետրերով տարբեր պատասխան լսել, որը համ էլ ահագին նման են իմ պատասխաններին: Ես ասել եմ, որ ուրիշ մեկին, ով իմ եղբայրը չի, չեմ կարող եղբոր պես սիրել: Բայց մեկ-մեկ ինձ թվում ա, թե մենք քույր ու եղբայր ենք: Մի օր երևի ինքը հայտնի երաժիշտ կդառնա ու ես իրենց համերգին կգնամ:

Մարդիկ հետաքրքիր են, միշտ: հավես ա իրանց բացահայտելը: ու եթե մի օր էս մարդիկ էլ չլինեն իմ կյանքում, ես մեկ ա իրանց շնորհակալ կլինեմ, որ թողել են ճանաչեմ իրենց:

իսկ ես ամենակարեւոր 3 մարդկանց մասին չգրեցի...

Նիկեա
13.03.2016, 20:11
Սուրճի բաժակի պռունկի ամբողջ երկայնքով սահեցնում էի մատս: Բաժակը ականջիս մոտ էի պահել ու լսում էի շփումից առաջացած հավես ձայնը: Իսկ սուրճի բաժակի մեջ գինի էր...

Քամին խաղում էր արևածաղիկների հետ: Տարուբերում էր արևածաղիկների դեղին գլխիկները, խփում իրար, խաղում տերևների հետ ու օդը լցնում արևածաղկի ձայնով ու բույրով, գույնով...

Արևի ճառագայթները նետահարում էին պատուհանը, լույսով լցնում սենյակը լույսն էլ էր հավես... իսկ մենք խավարասեր էինք...

Նիկեա
15.03.2016, 00:30
Անդրեասը հավես դեմք էր: Ասում ա` ես զարմանում եմ երբ հայերը սկսում են բողոքել ամեն ինչից, հանգիստ ապրեք էլի: Ասում ա` բողոքելուն էլ ձև կա, էն ինչ անում են հայերը 4 տարեկան երեխայի կամակորություն ա հիշեցնում` չեմ ուզում ու վերջ: Ասում ա` ձեր երկրի միակ խնդիրը հայերն են ու երևի ճիշտ ա ասում:
Ասում էր.
- Ես ձեր ախպարներին չեմ սիրում: Էն որ մի 15 տարի դրսում են եղել, հիմա հետ են եկել ու իբր մոռացել են հայերենը, հարցնում են` էս ինչ բանը հայերեն ոնց էր? Քեզ մի բան ասեմ` մայրենի լեզուն երբեք չեն մոռանում, ոչ մի դեպքում, եթե իհարկե իրենց ձեռքերով իրենց բերանից չեն պոկում: Բայց էդ դեպքում լիքը բաներ փոխվում են: Երբ պոկում ես մայերնիդ, կտրում բերանիցդ, սկսում ես ուրիշ լեզվով մտածել, իսկ ուրիշ լեզվով միշտ ուրիշ ձևով ես մտածում:

Հավես էր կինոներից, գրքերից, սերիալներից ու անիմեներից խոսելը:

- "Հարրի Փոթթերի" գրքերը ֆիլմերի համեմատ չափազանց լավն են, գրքերը կարդալուց հետո նայելն իմաստ չունի, գիտես, չէ, շուտով նոր գիրքը լույս կտեսնի... "Գահերի խաղը" երբեք չկարդաս, երակները կտրելու չափ ձանձրալի է, զարմանում եմ ինքը ոնց է հայտնի դարձել: այ սերիալը անպայման պետք է նայես... ոնց? դու "Աստղային պատերազմները" չես տեսել? կնայես անպայման... "Լուսատիտիկների գերեզմանը" էն անիմեն է, որ կարող եմ 1000 անգամ նայել ու 1000 անգամն էլ կհուզվեմ...

Ուրախացավ երբ իմացավ, որ մեկ-մեկ գրում են.
- Ջահել ժամանակ ես էլ էի գրում: Չնայած հիմա էլ եմ մեկ-մեկ գրում... Մեր օրերում դժվար է գրող լինել: Առհասարակ դժվար է արվեստագետ լինելով մարդավարի ապրել: Դու գիտես մեկ գրողի անուն իսկ նրա հետ նույն ժամանակահատվածում, հավանաբար նույն երկրում ապրող 1000-ի մասին ոչ մի բան չգիտես, տեսել ես մի նկարչի գործեր, իսկ էդ նույն ընթացքում 1500 նման նկարիչների գործեր ցեցն է ուտում:
Հայտնի չլինել չի նշանակում լինել վատ արվեստագետ: Շատերի բախտը ուղղակի բերում է ու նրանք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում են հայտնվում: Էս նույն սկզբունքով շատ միջակ գրողներ դառնում են հայտնի, իսկ էդ նույն ընթացքում բազմաթիվ գլուխգործոցների մասին էդպես էլ չենք իմանում: Եթե որոշել ես գրող դառնալ, ուրեմն պետք է պատրաստ լինես ամեն ինչի, պետք է նկատի ունենաս որ գրելով հավանաբար երբեք էլ գումար չես աշխատի ու եթե գումարի համար գրես, շատ ավելի վատ կգրես...

Ուղղակի շատ վատ ա որ ես չեմ հասցնի դասերս, եթե համ էլ իրանց մոտ սկսեմ աշխատել: Ուղղակի ես ատում եմ տոննաներով տրվող տնայինները, որոնք ոչ մի բան չեն սովորեցնում, ախմախ "London is the capital of Great Britain" մակարդակի դասերը, հիստերիկ դասախոսներին...

Մեկ-մեկ մտածում եմ, որ ես երևի 1000 անգամ շատ ու ավելի լավ բաներ կսովորեի, եթե օրական 6-7 ժամ համալսարանում անցկացնելու փոխարեն գրադարանում գիրք կարդայի...

Նիկեա
01.04.2016, 01:51
Ամփոփում ենք մարտ ամիսը:
Հավես էր:
Մարտի մեկն եմ լավ հիշում, ծայրահեղ դեպրեսիվ սկիզբ էր ամսվա համար, բայց մենակ սկիզբն էր էդքան սարսափելի, հետոն լավն էր:
Կարելի է ասել, ես էս ամիս մերոնց հետ չեմ կռվել, չհաշված էն ատոմային ռումբը, որ պայթեց երբ իմացան, որ աշխատում եմ, բայց շուտով հաշտվեցին էդ հանգամանքի հետ հետո ամեն ինչ նորմալ էր: Ամսվա կեսերին կար մի ժամանակահատված, երբ ես ունեի 2 աշխատանք, բայց 2 օր պահանջվեց հասկանալու համար, որ ես դեռ բավականաչափ կոփված չեմ որ էդքանին դիմանամ ու դուրս եկա մի գործի տեղից, ինչի համար հիմա մի քիչ ափսոսում եմ, մի երկու շաբաթ պետք կգար ընտելանալու համար, հետո արդեն հեշտ կլիներ:

Ամսվա ընթացքում ինչ-որ պահից հետո հասկացա, որ կուրսեցիներիս ավելի շատ չեմ սիրում քան սիրում եմ ու կապ չունի, որ իրանք ինձ ոչ մի վատություն չեն արել, որ ես դեռևս իրանց չսիրելու պատճառներ չունեմ, մեկ ա հիմնականում չեմ սիրում իրանց:
Ամսվա ընթացքում մեկ-մեկ դեպրեսվում էի, ճիշտ ա, բայց մի օրից երկար չէին տևում: Ընդհանրապես, կարծում եմ, որ մի օր ես գժվելու եմ…

Ես գիրք սկսեցի կարդալ մարտին, բա: Հետո ինչ-որ սկսածներիցս մեկը կիսատ թողեցի այլևս չշարունակելու մտադրությամբ, իսկ էն երկուսը դեռ կիսատ են ու գաղափար չունեմ թե երբ կվերջացնեմ:
Ես անցած ամսվա ընթացքում լիքը հանճարեղ ապուշություններ եմ արել, բայց դրանցից մեծագույնը թերևս օդից ընկած մարդկանց վստահելն էր: Գրողը ինձ տանի, ինչի եմ ես էսքան ապուշ: Ես հիմարաբար մտածում էի, որ մարդիկ քեզ չեն խաբի, եթե դու իրանց հետ անկեղծ ես: Չէ մի, պոզեր… մարդիկ վատն են… տո ոչ էլ վատն են, ուղղակի ես եմ հիմար: Վերջակետ:
Ես հեծանիվ քշել գիտեմ հիմա, բա… ու հիմա համեմատաբար ավելի քիչ մարդկանց եմ վրաերթի ենթարկում :)) հեծանիվ քշել սովորելը էս տարվա իմ պլանների մեջ չկար, բայց շատ լավ ա: Այ եթե կարողացել եմ էս տարի նաև մեքենա վարել սովորել, տարեվերջին ինձանից գոհ լինելու պատճառ կունենամ, եթե անգամ ճապոներեն չիմանամ:
Ու վերջին 2 շաբաթները ես ապրում եմ բացարձակապես իմ հաշվին, ու դա չափազանց լավ ա:

Նիկեա
04.04.2016, 22:30
Էսօր ես դարձա 4 տարեկան: Միշտ զարմացել եմ, թե ակումբում ինչի են շնորհավորում մարդու կենսաբանական ծնունդը ֆորումային ծնունդի փոխարեն… Էսօր Նիկեայի ծնունդն ա, ինքը ծնվեց չորս տարի առաջ էս օրը ու էդ տարիների ընթացքում լիքը աճեց, լիքը մեծացավ ու հիմա ինքը երջանիկ ա: Հիմա կյանքիս ամենամարդիկ ակումբցիներ են, ու եթե անգամ բացի իրենցից ակումբը ինձ ուրիշ ոչ մի բան տված չլիներ, մեկ ա մինչև շունչս փչելը Չուկից շնորհակալ էի լինելու…
Ու էսօր իմ բոլոր տարեդարձներից ամենալավն էր` երկար թափառումով, ծնունդս շնորհավորող երգով, տորթով ու խնձորի պիռոգով:

Ժամանակը վարակիչ է. վաղ թե ուշ մենք բոլորս մեծանում ու ծերանում ենք: Ժամանակը մեկ-մեկ վախենալու է, մանավանդ երբ չգիտես թե ինչ կլինի էդ 3, 5, 7, 10 տարիների ընթացքում: Բայց ժամանակը համ էլ ոնց որ խստապահանջ ու կարգապահ տնային տնտեսուհի լինի ու ամեն ինչ դնում ա իրա համար հատկացված տեղում… Տաս տարի հետո ես 14 տարեկան կլինեմ: Ժամանակը ինձ էլ վարակած կլինի ու ես սկսած կլինեմ դանդաղ ծերանալ: Ու էդ ժամանակ ես անցյալից ուղարկածս հակաթույնը կստանամ, որը երևի կծառայի իր նպատակին ու ես չեմ զառամի :))

Ծնունդս շնորհավոր :))
Ու որոշ մարդիկ էնքան լավն են, որ իրանց պատճառով ես էլ եմ լավը դառնում ու սկսում եմ սիրել ինձ: Ու պետք ա չափազանց շատ սիրել էդ մարդկանց, որովհետև իրանք մեր բոլոր անցած ու դեռ չեկած ծնունդների նվերներն են:

Նիկեա
11.04.2016, 22:43
Ես ուզում էի գնալ-քնել, բայց հետո որոշեցի գրել օրվա տպավորություններիս մասին:
Ես կարծում էի թե տնետուն հարցումներ անելը հոգնեցուցիչ կլինի, բայց որ համ էլ մեկ-մեկ կարա լինի ծայրահեղ էքստրեմալ, մտքիս ամենահեռավոր ծայրով էլ չէր անցնի:
Սաղ մարդիկ գիժ են... սաղս գիժ ենք, ուղղակի գիժ ենք յուրովի... Երբ հանկարծ մտածես թե հետաքրքիր, յուրահատուկ, ինքնօրինակ կյանք ունես, քեզ թվա թե մնացածին հասու չի քո վեհ, բարձր, անմատչելի աշխարհը, գնա ու պատահական տան դուռ թակիր ու շատ մեծ ա հավանականությունը, որ էդ դռան հետևում քո համար մինչև էդ լրիվ անհայտ տիեզերք ա ու դու իրա կողքին փոքր մժեղ ես թվում: Ախր, գրողը տանի, ինչքան ապուշ եմ ես եղել... իմ համար չափազանց մեծ նշանակություն ա ունեցել թե ինչ ա կարդացել մարդը, թե ինչ ա լսում, բայց մարդը հազար անգամ ավելի խորն ա թաքնված էս ամեն ինչի հետևում: Բիթըլզ լսելն ու Գեյման կարդալը չի խանգարի ինչ-որ մեկին սրիկա լինել: Հետևաբար կարող է լինել նաև հակառակը: Մարդիկ մենակ էն չեն, ինչ կարդում ու լսում են, իրանք դրանից դուրս զգում են լիքը բաներ կամ չեն զգում ու մարդիկ սարքվում են իրանց զգացածից ու չզգացածից:

Ես չգիտեմ, թե ով է Կարենը, ես չգիտեմ ինչ էր իրա մամայի անունը, բայց ինքը հավես գիժ էր: Ինքը մենակ էր ու չէր սիրում մենակությունը: Ինքը ուզում էր խոսել, ուզում էր որ իրան լսեին: Իրան ջղայնացնում էին տղային նվիրած սիգարետները ու "Բիլայնի" գրասենյակի աշխատողները: Ու ինքը ջանք չէր խնայում որ ինձ ծանոթացներ իմ իրավունքների հետ: Հետո ինքը ինձ զգուշացրեց որ 18-րդ բնակարան չգնամ.
- Էնտեղ կես դրույքով գիժ ունենք,- ասեց:
Բայց բնականաբար իմ քայլերը ինձանից անկախ ինձ 18-րդ բնակարանի մոտ բարձրացրեցին:
Դռան առաջ տոպրակներով ու ստվարաթղթե տուփերով աղբ էր կուտակված: Իսկ դուռը սպիտակ, ներկը թափված ու երևի վերջին 10 տարիների ընթացքում նոր ներկի երես չտեսած դուռ էր: Զանգը չէր աշխատում: Թակեցի դուռը: Սկզբում երկար ժամանակ ոչ մի արձագանք չկար: Երբ ուզում էի մի անգամ էլ թակել, դռան մյուս կողմում` հատակի վրա հողաթափերի քստքստոց լսեցի: Մի քանի վայրկյան էլ ու դուռը ճռռալով բացվեց: Ինձ թվաց թե դուռը իրականում կախարդական պորտալ է ու վհուկների թագավորություն է տանում, որովհետև դուռը բացողը ոնց որ ինչ-որ հեքիաթից փախած կախարդ լիներ ու ինքը փախստականի աչքեր ուներ: Կիսաշագանակագույն-կիսասպիտակ ակնհայտորեն կեղտոտ մազերը թվում էր թե սոսնձած են գլխին: Նիհար էր ու նիհարության ֆոնին կնճիռները ավելի խորն էին դառնում: Մի քիչ դժվար էր հավատալ, որ ինքն էլ երբևէ երիտասարդ ու առողջ ա եղել: Ինքը ժամանակից էլ ավելի հին էր թվում:
Իրան տեսա թե չէ, մարմնովս տարօրինակ սարսուռ անցավ: Ես իրանից չէի վախենում, ինքը վախենալու չէր... ուղղակի մտածեցի, որ ես ինքը կարող եմ լինել...
Երբ ասացի թե ով եմ ու թե ինչի համար եմ եկել, ինձ ներս հրավիրեց: Բարեհամբյուր էր ու էդ ինձ համար ամենազարմանալին էր:
Ես չէի սխալվել. դուռը իրոք պորտալ էր: Ես կյանքումս առաջին անգամ էի էդքան սյուրռեալիստական սենյակում հայտնվում: Անհայտ ծագման ինչ-որ կտորներ վարագույր էին ծառայում ու չէին թողնում որ ցերեկը ներս թափանցի: Տարօրինակ կիսամութ էր ու օդի շագանակագույն էր դարձել: Սենյակ ոտք դնելու առաջին պահից դեմքիս խփեց դուրս չհանված աղբի, երևի սատկած մկների ու ծխախոտի հոտերի խառնուրդը: Ցեցը կերել էր հատակը... Տանը էստեղ-էնտեղ տարբեր իրեր էին թափված ու ոչ մի օրինաչափություն հնարավոր չէր գտնել դրանց "դասավորության" միջև: Միջանցքը լայնանում ու համեմատաբար լուսավոր սենյակ էր դառնում: Սենյակի կենտրոնում մահճակալ էր դրված ու մահճակալի մեջ... գրողը տանի, մահճակալի մեջ դիակ էր: Սկզբում մտածում էի, որ ես ուղղակի սխալվել եմ, որ ակնոցներս ինձ դավաճանում են, բայց գրողը տանի, մահճակալի մեջ չռված աչքերով ինչ որ մարմին էր պառկած ու ինքը ինձ էր հառել իրա մեռած աչքերը: Հիմա հիշում եմ ու մտածում, որ եթե ես նորմալ մարդ լինեի, պետք ա էդ պահին շուռ գայի ու փախնեի բայց ես ոչ մի բան չէի անում... փորձում էի հնարավորինս զսպել զգացմունքներս ու տպավորություններս ու ինչքան կարող էի շուտ դուրս գալ վհուկների էդ որջից:

- Ծխում եք?- հարցնում եմ:
- Ես չեմ ծխում,- պատասխանում ա կախարդը:
- իսկ տանը ծխող ունեք?
- Ես եմ ծխում,- ու էդ պահին ես չգիտեմ վախենամ թե ուրախանամ որովհետեւ խոսողը դիակն էր: Պարզվում ա ինքը ուղղակի շատ հիվանդ էր...
Արագ-արագ նշումներ եմ անում, վերջացնում հարցերս ու դուրս նետվում սենյակից, բնակարանից, շենքից... Ես վախեցած չէի ու ինձ դուր էր գալիս որ չեմ վախեցել, բայց հուզված էի...գրողը տանի, ինձ վերջին շրջանում ուրիշները էսքան չէին հուզել... վերջին շրջանում ես իմ մելոդրամայով եմ հիացած... բայց էդ կինը... Իրա բանականությունը առողջ չէր ու դա հասկանալու համար պարտադիր չէր հոգեբան կամ հոգեբույժ լինելը, բայց ինքը ավելի պատրաստակամ էր օգնելու, աջակցելու, քան լիքը առողջ, "նորմալ" մարդիկ... Գրողը տանի, ես իրա մասին ոչ մի բան չգիտեմ, չգիտեմ թե ինչ ա էղել, ինչի ա էղել... բայց ախր եղել ա ժամանակ, երբ ինքն էլ էր երիտասարդ, երբ կնճիռի նման ինչ-որ բաներ էին առաջանում միայն երբ լայն ժպտում էր: Ինքն էլ ա ունեցել երազանքներ, ինքն էլ գիշերը չի կարողացել քնի, երբ ինչ-որ լավ բան ա եղել կամ չի իմացել ինչ սպասի... Ինքը մի ժամանակ եղել ա իմ, քո, մյուսի նման ու ինչը կխանգարի որ մի օր էլ ես, դու, մյուսը լինենք այնպիսին ինչպիսին ինքն է հիմա:

Հետո երկար ձգվում էր աննպատակ կամ չնպատակադրված ու անիմաստ թափառնամ ճանապարհը... ու ես էլի մտածում էի, որ աշխարհը պտտվում ա մեր շուրջ, որ մեր էգոն ա առանցքը... Ամեն ինչ, անգամ ամենաալտրուիստական գաղափարները պայմանավորված են մեր էգոիզմով ու մենք սիրում ենք մարդկանց, որովհետև ուզում ենք որ մեզ սիրեն, կամ որ մեզ վեհ զգանք, որ ապացուցենք ինքներս մեզ մեր` սիրելու համար բավականաչափ ուժեղ ու լավը լինելը: Ու երբ խղճում ենք ինչ-որ մեկին, իրա մեջ խղճում ենք ինքներս մեզ: Մենք միշտ օգտագործում ենք մեկս մյուսիս, բայց էդ օգտագործվելուն տալիս ենք լիքը ուրիշ անուններ... Ու երբ փաստացի օգտագործում ենք ինչ-որ մեկին, դրան էլ են պաշտոնական ուրիշ բնորոշումներ տալիս:

Մենք սաղս, բոլորս գիժ ենք ուղղակի ամեն մեկս յուրովի ա գիժ...

Նիկեա
17.04.2016, 20:33
Գրառում երեկվա մասին

Առավոտ, երբ գործի էի գնում, փողոցներում համարյա մարդ չկար: Անձրևանոցներով զինված հատուկենտ մարդիկ ինչ-որ տեղ էին շտապում ու չափազանց զբաղված էին սեփական ոտքերի տակ նայելով, որ հանկարծ ջրափոսի մեջ չընկնեն: Ես չեմ սիրում անձրևանոցներ, բայց թրջվել էլ առանձնապես չեմ սիրում, բայց ջրափոսերի միջով քայլել ուղղակի պաշտում եմ: Հավես ա էդ ժամանակ թրջվելը: Բայց դե գործի էի գնում, չէ? ու չէի կարող չըփչըփալով քայլել ուզածս ջրափոսերի միջով: Ես էլ էի զգույշ անցորդ դարձել:

Դիմացից մի մարդ էր քայլում` 60-65 տարեկան պապի, ով շանն էր զբոսանքի հանել: Ժամը 11-ը չկար ու անձրև էր գալիս, իսկ ինքը… ինքը մի ձեռքով շան վզկապն էր բռնել ու քայլում էր, աչքերը փակ, ջրափոսերի մեջ ընկնելով ու թրջվելով ու ժպտում էր, լայն-լայն, իսկ անձրևի կաթիլները դեմքից ցած էին սահում…

Սպասում եմ կանգառում, որ տուն գնամ: Իրիկունն ու մայրամուտը լիքը արևով են համեմված ու էդ “համեմունքի բույրը” մարդկանց դուրս է բերել իրանց որջերից: Լիքը մարդիկ են շուրջ, լիքը աղմուկ, բայց ես էդ աղմուկը ուղղակի զգում եմ, որովհետև ականջներս ականջակալներով երաժշտություն լսելով են զբաղված: Հոգնած եմ, աչքերս փակվում են ու ես ուզում եմ շուտ տուն գնալ:
Տարօրինակ տեսարանը ստիպում է, որ հանեմ ականջակալներս հասկանալու համար թե ինչ է կատարվում: Մի մարդ պառկել էր կանգառում, էնտեղ որտեղ ավտոբուսներն են գալիս-կանգնում ու չէր շարժվում: Ասում էր, որ հոգնել ա, էլ չի կարողանում ապրել, հոգնել ա ամեն ինչից… Խռպոտ ձայնը դողում էր:
Մարդիկ նայում ու ծիծաղում էին` դերասանություն ա անում, էս էլ փող մուրալու նոր ձև ա, բլա բլա բլա բլա բլա բլա… Չգիտեմ որտեղից հայտնվեցին երկու հաստափոր տղամարդիկ, բռնեցին էդ մարդու ձեռքերից ու ոտքերից ու մայթ շպրտեցին… շպրտեցին բառի բուն իմաստով… գլուխը կպավ աղբադույլին ու էդ մարդը սկսեց լաց լինել… Էդ անցումների մոտ կանգնած մուրացիկների լացից չէր… ինքը լաց էր լինում սեփական անզորությունից… Ինքը լաց լինել էր լինում, իսկ իրա կողքին կանգնածներից շատերը ծիծաղում էին…

իսկ ես? ինչ էի անում ես? ոչ մի բան… նայում էի թե ոնց ա մի տղա նստում իրա կողքը ու ասում որ ամեն ինչ լավ կլինի, որ չպետք ա հանձնվել, որ ինքը ուժեղ մարդ ա… Իրականում էդ տղան էր ուժեղ, համենայն դեպս ավելի ուժեղ քան ես…


Գրառում էսօրվա մասին

Սաշը 6 տարեկան ու շատ համով էրեխա ա: Ինքը հայերեն չի խոսում, բայց խնդրում էր ինձ որ ես իր հետ հայերեն խոսեմ: Թուղթ ու գրիչը բերել ու գրում ա.
- Вот, это Ա մեծատառ, а это ա փոքրատառ… Ա` արև…

Ու ինքը սիրուն նկարում ա…

Մենք էսօր իրար հետ գնդակ էինք խաղում: Երեխաների հետ խաղալիս պետք ա թողնես որ իրենք քեզ հաղթեն: Բայց երեխաները… իրանք ավելի լավն են:
Երեխաները ինձ հիմնականում սիրում են, ու Սաշն էլ ա սիրում: Ինքը թողնում էր, որ իմ անկապ, թույլ ու ծուռ հարվածները գոլ դառնան, չնայած որ դրանք կանգնեցնելու համար իրենից նվազագույն ջանքեր կպահանջվեին կամ ընդհանրապես չէին էլ պահանջվի… Ուղղակի ինքը ուզում էր որ ես ուրախանամ, որովհետև ինքը ուրախանում էր ամեն անգամ գոլ խփելիս, անկեղծ ու շատ ու էլ ավելի շատ էր ուրախանում երբ դիտմամբ թողնում էր որ ես գոլ խփեմ:

Մենք էլ ենք էրեխեքի նման. ուրախանում ենք երբ ինչ-որ մեկը, ում մենք սիրում ենք ու որի հետ “ֆուտբոլ” ենք խաղում, հաղթում ա… Ու կապ չունի որ հերթով գնդակներ ենք բաց թողնում սեփական դարպասը… Ու կապ չունի որ վերջում կարող ա մենք պարտվենք:

Նիկեա
25.04.2016, 18:42
Գիշերը
տանիքներին էր պառկել,
աստղե աչքերը
ամպերով փակել,
դեռ չքնած
կատուներին
ցանկանում էր
մութ ձեռքերով
ամուր գրկել:

Գիշերը
եռում էր
թեյնիկի մեջ,
սև թեյ էր դառնում,
իսկ ես թեյի հետ
շաքար չէի խառնում
որ գիշերվա համը
թեյից չգնա
որ դառնահամը
բերանումս մնա:

Գիշերը
գրկել էր
մեր տանիքը,
իսկ ինձ՝
քո կանաչ
վերնաշապիկը:


Հ. Գ. Էսօր ես բանաստեղծություն գրեցի... եսիմ ինչքան ժամանակ չգրելուց հետո...

Նիկեա
28.04.2016, 20:53
Ինձ թվում ա` ես գժվում եմ: Չգիտեմ ոնց սկսվեց ամեն ինչ, բայց մի օր զգացի, որ երբ բոլորը տանը քնում են ու արթուն ոչ մեկը չի լինում ում ներկայությունը կարող եմ լսել, հեռուստացույցի ձայնը սկսում է ջղայնացնել ինձ, ականջակալներով էլ չեմ կարողանում երաժշտություն լսել: Երկու տող կարդալուց, երկու բառ գրելուց հետո տեղիցս վեր եմ թռչում, վազում խոհանոց, ջուր խմում, բաժակով ջուր հետս բերում ու հետո ավելի շատ ջուր եմ խմում, քան դաս անում: Առաջին մի քանի օրը թաղվում էի ֆեյսբուքում, մեկ-մեկ մենակության զգացողությունը էնքան սպանիչ էր դառնում, որ գրում էի վաղուց մոռացված բարեկամներին ու ընկերներին, բայց 2 բառ փոխանակելուց հետո փոշմանեմ էի ու էլ նամակները չէի կարդում/պատասխանում: Հիմա չպատասխանված 36 նամակ ունեմ: Էդքան ինչ ա գրած? չգիտեմ... չեմ էլ կարդալու երևի... Հաջորդ օրը, երբ բոլորը քնեցին, ամեն ինչ էլի սկսվեց: Զանգեցի ու խնդրեցի որ հեռախոսը չանջատի մինչև կքնեմ ու ականջակալներով քնեցի... Առավոտ դասի էի գնում, զանգեցի կուրսեցուս ու խնդրեցի, որ հեռախոսը չանջատի մինչև համալսարան հասնեմ: Մեր մոտ փիլիսոփայություն էր ու ես, սովորականի նման, նախընտրել էի առավոտ քնելը: Էսօր էլ Անժելին էի զանգել, երբ տուն էի գալիս... Ախր, եթե չեմ զանգում, ինչ-որ մեկի հետ չեմ խոսում, ինչ-որ մեկին չեմ լսում, ոչ մեկը հետս չի լինում, մոտս ներքին տագնապ ա սկսվում, ոնց որ փշերի վրա լինեմ, ամեն ինչից նյարդայնանում եմ... Սրա հակառակն էլ կա` երբ շուրջս լիքը ինձ խեղդող մարդիկ են լինում, օրինակ` կուրսեցիներ... չեմ սիրում իրանց, գրողը տանի, չեմ սիրում: Իրանց պատճառով ես ինձ տականք եմ զգում, որովհետև ես ինձ իրենցով եմ շրջապատում, որ մենակ չլինեմ, ես օգտագործում եմ իրանց: Ես տականք եմ... Իրանց խոսալուց ու խոսացածից եմ ջղայնանում, էնքան որ դասերի ժամանակ երազում եմ բաղնիքում ջրի խշշոցը լսելու մասին: Էն որ ջուրը մինչև վերջ բացում ես ու ջրի շիթը լվացարանին խփվելուց հետո փշրվում ու ցայտում ա բաղնիքի պատերին... գրողը տանի, չեմ ուզում համալսարան գնամ, չեմ ուզում դաս անեմ, չեմ ուզում որ առավոտ շուտ ինձ պաչիկով բարևեն ու գրկեն, չեմ ուզում ոչ մեկի հետ մուննաթով խոսել, չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում... Չեմ ուզում իտալերեն անեմ, որովհետև ատում եմ դասախոսիս, ատում եմ: Գրողի տարածը քննության ժամանակ քիչ ա վերցրեց թեստս ու ուզում էր զրո դնել, էսօր էլ բերել ա շարադրությունս ու ասում ա, որ զրո եմ ստացել, որովհետև գուգլով եմ թարգմանել: Գրողը քեզ տանի, ախմախ, ապուշ, հիմար, վհուկ... ասում եմ որ սաղ ինքնուրույն եմ գրել, բայց չէէէէ, ինքը ամենատես ու ամենագետ ջադու ա, ասում ա` մենք բայց անցյալ ու ապագա ժամանակները չենք անցել, դու ոնց ես գրել? Գրողը քեզ տանի, մենակ ներկա ժամանակով ինչ տեքստ գրեի? Հետո էլ ասում ա` մենք էսքան շատ բառեր չենք հասցրել անցնել, ասում ա` ինչի ես անծանոթ բառեր օգտագործել? Տո դախ, նախ էդ բառերը իմ համար անծանոթ չէին, հետո էլ ինքը ոնց ա պատկերացնում օտար լեզու սովորելը, եթե փաստացի մեզ արգելում ա շարադրության մեջ մեզ անծանոթ բառեր օգտագործել, արգելում ա բառեր թարգմանել ու սովորել... Ապուշ, դախ, վհուկ... ինչի են կրթական համակարգը իրա նման զիբիլներով լցնում? չեն ուզում, որ լավ սովորենք, լավ մասնագետներ դառնանք? Ինչի են նենց անում, որ փոշմանեմ ընտրածս մասնագիտության համար:
Հիշեցի ու էլի ջղայնացա: Հիմա որ հայոցի դասախոսիս հիշեմ, էլ ավելի եմ ջղայնանալու: Ինքը էլ բեթար ա` հայեցի վհուկ ա, հայեցի ու կանացի... ու ընդհանրապես, ինձ թվում ա էդ հայոց լեզվից ա, ոչ դպրոցում ուսուցչի հարցում բախտս բերեց, ոչ էլ ստեղ` դասախոսի... մեկը մեկից վատը ու սաղ իրար նման են, սաղին լցնել լուցկու տուփի մեջ ու... չգիտեմ ինչ անել հետո... սաղին լցնել լուցկու տուփի մեջ, հետո տուփը աղալ, ավելացնել աղ, պղպեղ, չորացրած կանաչի, մի քիչ բրինձ, հետո կաղամբի մեջ փաթաթել, տոլմա սարքել, 6 ամիս սառեցնել սառցախցիկում, հետո 3 ժամ եփել ու վերջում թափել...

Գրողը տանի... ծանոթներիցս մեկը անընդհատ ասում ա, որ ես չպետք ա գրածներս թաքցնեմ ու տենց, ինքը մի հատ "Մտահեղեղ գրական ակումբի" մասին էր ասում: Ասեց, որ միանամ էդ խմբին ֆեյսբուքում, ստեղծագործություններս դնեմ, լսեմ քննադատությունները, որ էդ ինձ լիքը բան կտա, կօգնի... Ինչ ասեմ? հենց էդպես էլ արեցի ու հիմա հիասթափված եմ... էնտեղ էլ ա սաղ ծանոթով: Կապ չունի ինչքան վատն ա գրածդ, ինչքան պաթոսահոտ ա, խակ, անմշակ, իրականությունից հեռու շպրտված իրականություն... մեկ ա, քոմենթ կգրեն որ շատ հուզիչ էր, որ բոլոր պատկերները կենդանի էին, որ մինչև հոգու խորքը ազդվեցին, որ հեղինակը շատ տաղանդավոր ա... ինչքան ադմին, մոդեր-մուդուր ա փոստի հեղինակը, էնքան սիրաբորբ են մեկնաբանությունները... էս վերջերս էլ ապրիլի 24-ի թեմայով ինչ-որ մրցույթ էին կազմակերպել ու յախք... ես հիասթափվեցի... ախր ըտեղ գրողների միության ապագա կադրեր են աճում, ոչ թե իսկական գրողներ...

Էսօր հինգերորդ օրն էր... իրենք ասեցին որ 3-4 օրվա ընթացքում ինձ կզանգահարեն, բայց չզանգեցին... գրողը տանի, աշխատանք փնտրելուց էլ եմ հոգնել...

Ես հիշեցի, որ էսօր մի լավ բան ա էղել... երբ դասից հետո անջատված քայլում էի, շուրջս ոչ մի բան չտեսնելով, չզգալով թե ոնց եմ քայլերս փոխում, մի հատ էրեխա ինձ ծիրանի ցոգոլ տվեց :love հավես էր...

չէ, ամեն ինչ լավ կլինի...
մի քանի շաբաթից քչից-շատից կարգին գործ կգտնեմ...
մի քանի ամսից վարձով կապրեմ...
մնաց գրողի տարած 3 տարի ու 3 ամիս, ես կվերջացնեմ համալսարանը...

Նիկեա
30.04.2016, 00:31
Երեկ ես մեռնում էի, իսկ էսօր...

Առավոտ շուտ գնացի գրադարան ու գրքերս պատվիրեցի, հետո վազեցի համալսարան ու դասի ժամանակ դաս արեցի, ինչը չափազանց հազվադեպ ա լինում: Հայոցի դասախոսս 100 չդրեց, որովհետև ինքը համոզված ա` ես հերթ եմ պահում, բայց ես կապացուցեմ, որ դա էդպես չի, սրանից հետո դաս սովորելու եմ: Իրականում ինձ թվում էր, թե ես ամեն ինչ գիտեմ: Ես ուղղակի գիտեմ էն, ինչ հիմա մեզ սովորեցնում են, բայց կան լիքը բաներ, որ մենք պետք ա ինքնուրույն վերցնենք: Էսօր առավոտ երկար փնտրելուց հետո գտա մեր կրթական համակարգի առավելությունը. ինքը շատ լավն ու իդեալական ա, որովհետև շատ վատն ա ու դեգրադացնող, որովհետև երբ լեկցիաները վատն են, առաջադրանքները` անիմաստ, դասախոսը` կռիս, ու դու որոշում ես չդեգրադացվել, ինքնուրույն բացահայտել քեզանից թաքցրած շերտերը, դառնում ես ավելի ինքնուրույն, ավելի համառ ու երբ կարողանում ես չթողնել որ համալսարանի ճահիճը քեզ իր մեջ քաշի, դառնում ես ավելի ուժեղ ու հաստատ ավելի շատ առաջ կգնաս: Իրականում ամեն ինչ դիտմամբ ա էսքան վատը սարքած, որ մենք չուզենանք կուլ գնալ ու ավելի լավը դառնանք: Ինչ անում են, մեր համար են անում :))
էսօր համ գործի եմ գնացել, համ գրադարանում մի տոննա մասնագիտական գրականություն եմ կարդացել (հա, ես մոռացա ասել, որ իրականում սիրում եմ լեզվաբանությունը ու մի օր առանձին երկար կգրեմ իրա մասին ^-^ ) "Coraline" վերջացրեցի էսօր, համարյա մի ժամ ու կես անդադար հաղորդակցվել եմ տնեցիների հետ ու դաս եմ արել: Համ էլ երեկվա թարգմանածս բանաստեղծությունը խմբագրեցի: 2 նոր ալբոմ եմ լսել, ավելի ճիշտ նոր չէին, ուղղակի ես էի իրանց նոր լսում: Ու հիմա էլ օրագիր եմ գրում:

Ես գոհ եմ իմ էսօրվանից: Երանի ամեն օրս էսքան արդյունավետ լինի:

Նիկեա
01.05.2016, 19:22
Գրողը տանի, վերջացավ տարվա արդեն 4-րդ ամիսը:

Լավ, ապրիլի մեկից հիշում եմ, որ էդ օրը Սմոքին ինձ ու ոչ միայն ինձ դաժանաբար խաբեց, իսկ ես հավատացել էի: Ամսվա սկիզբը ծանր էր բոլորիս համար. սահմանի դեպքերը մի կողմից, միջանկյալները մյուս կողմից, դրանց գումարվում էր գործ փնտրելն ու չգտնելը... ու ամիսը պարանոյիկ, դեպրեսիվ էր... ախր էս ամսվա ընթացքում ես ոչ մի բան չեմ արել ու ես ինձ չեմ սիրում: Հեքիաթս կիսատ մնաց, որը 4 շաբաթ առաջ շաբաթ օրը պետք ա վերջացրած լինեի... քննություններիս գնահատականները... ես էնքան էլ գոհ չեմ ինձանից, բայց հատկանշական ա էն, որ չպարապածս առարկաներից ավելի բարձր գնահատականներ եմ ստացել, քան նրանցից, որոնց պատճառով գիշերը համարյա չեմ քնել: Հետևություն` գիշերը պետք ա քնել...

Հա, ես էս ամիս ոչ մի լավ բան չեմ արել: Ես էս ամիսս վատնել եմ: Ճիշտ ա... Առավոտից փորձում էի հիշել, գտնել արածս պիտանիությունները, բայց ոչ մի արդյունք:

Բայց սենց լավ ա: Էս նշանակում ա որ մայիսս վարի չեմ տա: Արդեն որոշել եմ թե ոնց անեմ որ ժամանակս մաքսիմալ ռացիոնալ օգտագործեմ: Ու ես հունիսի մեկին ինձանից գոհ կլինեմ:

Նիկեա
07.05.2016, 21:15
Պապայիս հորական կողմի միակ բարեկամը, որին շատ-շատ էի սիրում պապս էր… Պապայիս հորական կողմի բարեկամներին հիմնականում տանել չեմ կարողանում: Իրանք ախր չափազանց վատն են, չափազանց հաշվենկատ, չափազանց մտածող, չափազանց մեծամիտ: Ու ընդհանրապես, բոլոր բացասական գծերը, որ մարդը կարող է կրել, իրանց մոտ առավելագույն չափաբաժնով են ու մի քանի բացառություննեի չհաշված, մնացածը իմ համար պարզապես ազգականներ են, որոնց ես չեմ ընտրել, բայց որոնք երբևէ ոչ իմ բարեկամները կդառնան, ոչ էլ հարազատները:

Մաման ինձ ստիպում է այցելել իրենց ամեն անգամ, երբ տուն եմ գալիս, որովհետև չի ուզում որ «հարազատներիցս» կտրվեմ: Բայց գրողը տանի, իրանք իմ հարազատները չեն: Էսօր չորս ժամ անկապ վատնել եմ իրանց վրա: Էդ չորս ժամը ես հարազատներիս հետ վա՞տ կանցկացնեի:
Գրողը տանի… ես կարոտում եմ, չգիտեմ ում, ինչը, ինչի, բայց զգում եմ, որ կարոտում եմ… Մի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: Մի ժամանակ ես ու ախպերս գիշերը չէինք քնում, որ վախեցնեինք մեր տանը մնացած հոպարիս աղջկան կամ որ ուղղակի դեմքին նկարեինք ատամի մածուկով, կամ որ կինո նայեինք: Մի ժամանակ մենք իրար ամեն ինչ պատմում էինք: Մի ժամանակ մենք թաքուն «դավադրություններ» էին կազմակերպում ու էնքան հմտորեն, որ երբ հարևանները մամային բողոքում էին, մաման իրանց չէր հավատում, մեզ էր պաշտպանում՝ թե իմ էրեխեքը կարգին, խելոք, դաստիարակված էրեխեք են: Մեկ - մեկ հիշում եմ շատ հին ժամանակները ու ինչքան էլ զարմանալի է, էդ ժամանակ ամեն ինչ լավ էր… էդ ժամանակ ես պատերի վրա չէի գրում…

Նիկեա
12.05.2016, 01:46
Վերջին շրջանում երբ քնած չեմ աննորմալ շատ գործ եմ անում: Վերջին շրջանում ես միշտ հոգնած եմ: Համ քնելուց եմ հոգնում, համ չքնելուց, համ պարապելուց, համ մարդկանց հետ շփվելուց… ամեն ինչից: Ի դեպ, մարդիկ ինձանից ահռելի քանակությամբ էներգիա են խլում, վերցնում են ու հիմնականում ոչ մի բան չեն տալիս: Մարդիկ լավը չեն, ես չեմ ուզում մարդ լինել, զզվեցի արդեն:

Ես ապուշ եմ: Չէ, ես հաստատ ապուշ եմ: Որովհետև պատրաստի ռեֆերատը թողած որոշեցի, որ չէէէ, էս նեղ մահջալին ես պետք ա իմ ռեֆերատը գրեմ… Վերջին շրջանում ես համ էլ չեմ կարողանում ինչ-որ մեկի հետ աշխատել: Կապ չունի թե ես ինչ եմ անում ու թե ինչ ա անում էդ ինչ-որ մեկը, ինքը մեկ ա ինձ խանգարում ա: Բայց մեր փիլիսոփայության դասախոսը ինձանից ավելի ապուշ ա, որովհետև դախը էսօր նոր ասում ա որ պետք ա ռեֆերատ գրենք մինչև մյուս շաբաթ: Չէ, դուք հասկանում եք? Էս մի ամիս ա լեզվաբանություն եմ գրում ու դեռ իսկի կեսը չեմ արել ու էդ մյուս երեքշաբթի օրը պետք ա վերջացրած լինեմ, հիմա էլ էս էկել ու ասում ա` գիտեք ինչ, էրեխե՛ք ջան, իմ մտքից ուղղակի թռել էր, բայց դուք պետք ա ռեֆերատ գրեք, մյուս դասին ինձ ներկայացնեք, էս էլ ձեր թեմաներն են, ընտրեք որը ուզում եք: Գրողը քեզ տանի, ուզում եմ, որ հաջորդ կյանքում քեզ Թովմասյանը լեզվաբանություն տա ու ամեն դասին լսարանից դուրս հանի ինչ ա թե իրան թվացել ա թե դու խոսում ես: Ինչի են իրան պահում համալսարանում? Ես իրանից լավ փիլիսոփայության դասախոս կլինեմ:

Գրողը տանի, ես չեմ ուզում որ մարդիկ ինձ սիրեն: Բայց արդեն ուշ ա, ես արդեն վարժվել եմ սիրված լինելուն կամ նրան որ մարդիկ տպավորություն են ստեղծում թե իբր սիրված եմ ու ես էն անտուն կատվի նման, որին սոված ժամանակ հաց են տալիս, գնում եմ իրանց ետևից: Ուզածս շատ բան չի, մենակ խաղան գզգզված մազերիս հետ, մենակ բռնեն թաթս… բայց իրանք իրանց պարտքը արդեն կատարել են, ես արդեն զզվացնում եմ իրանց, բայց մեկ ա գնում եմ իրանց հետևից: Ու ընդհանրապես, վերջին շրջանում ես հաճախ եմ ինձ կատու զգում:

Ինձ ձայները չեն հերիքում: Ես բացում եմ սենյակի լուսամուտը, որ աղմուկ խառնվի սենյակիս օդին, բայց էդ էլ ա քիչ: Մարդկանց ձայները հիմնականում ազդում են վրաս: Ականջակալներով երաժշտությունն էլ արդեն չի հերիքում: Հասկացել եմ. ես ականջներից “կարճատես” եմ: Ականջակալները ականջների ակնոցներն են: Երբ տեսողությունդ վատանում ա, ակնոցդ սկսում ա չբավարարել քեզ: Ու հիմա ականջակալները չեն բավարարում ինձ: Բարձրացնում եմ ձայնը մինչև վերջ, հասկանում եմ որ վնասում եմ ինձ, բայց մեկ ա ոչ մի բան չեմ զգում: Հասկանում եք? Ուզածս մեծ բան չի. ընդամենը շատ, շատ, շատ բարձր ձայն, որը չի թողնի լսեմ ուրիշ որևէ բան: Մտքերիցս ավելի բարձր բան միացրեք գլխիս մեջ:

Ես վատն եմ…
Ես չկամ…
Մենք ծառ ենք…
Մենք ագռավ ենք…

Եթե քեզ աշխատանքի չեն ընդունում, նշանակում ա դու ավելի լավ աշխատանքի ես արժանի, շարունակիր փնտրել, որ գտնես: Էս կարգախոսով եմ առաջնորդվելու/ առաջնորդվում:

Մի ամսով Հնդկաստանում կամավորության ծրագիր եմ գտել ու հիմա գանգոսկրիս տակ քնած դևերը արթնացել են ու ասում են որ դիմեմ քանի դեդլայնը չի անցել, բայց ես վախենում եմ, որ կարող ա դիմեմ ու հետո անցնեմ :)) Ու ես չգիտեմ թե ինչ եմ ուզում, գրողը տանի:

Երազումս դասարանցիներիս էի տեսել: Սարսափելի էր: Իրանք ինձ կարոտել էին, գրկել էին ու բաց չէին թողնում ու ես խեղդվում էի: Իրականում մտել էի վերմակի տակ ու բնական ա որ խեղդվում էի:

Երաժշտության մասին:
Վերջին շրջանում ես ոչ մի բան չեմ հավանում: Բայց երեկ տուն գալիս իմ համար նոր “խաղալիք” գտա` Iron and wine: Լավն էին իրանք: Հավես էր մենակատարի ձայնը: Սենց լսեիր, լսեիր, լսեիր անընդհատ: Լսեիր երբ մութ լիներ, ու կամաց լսեիր, որ հազիվ հասկանայիր թե ինչ ես լսում: Ու ձմեռ լիներ, որ ձայնից տաքանայիր… Ու չզգայիր թե ոնց ես քնում: Ու քո քնած ժամանակ ձմեռը ձայնի մեջ հալվեր… Բայց էսօր լսեցի իրանց կենդանի կատարումներից մի քանիսը ու ինձ դուր չէկավ: Ու հասկացա որ իրանք լավն էին, որովհետև արհեստականացված էին: Ու ես տխրեցի դրանից: Բայց ես լսում եմ իրանց, որովհետև չգիտեմ թե ուրիշ ինչ լսեմ: Որովհետև ես համ էլ ականջներով եմ կարճատես:

Ընդհանրապես, ես կուզենայի անձրևորդ լինել, որ ինձ մասերի բաժանեին իսկ ես գայի ու էլի մի հատ դառնայի: Ինձ կտոր-կտոր անեին, 2 րոպե հետո էլի կպնեին բոլոր կտորներս իրար: Հող շնչեի ու մենակ անձրևի ժամանակ դուրս գայի օդ շնչելու… Իսկ կարող ա ես անձրևորդ եմ?


Ես էսօր արել եմ ամեն ինչ, ինչ պետք ա անեի: Ես էսօր պետք ա սիրեի ինձ, որովհետև ես էսօր լավն էի: Ես չպետք ա դեպրեսվեի, որովհետև ամեն ինչ լավ էր լինելու ու լավ կլինի ու լավ ա… Բայց ես անկախ իմ կամքից օրվա ընթացքում մերթընդմերթ մեռնում եմ ու ոչ մի տրամաբանական բացատրություն չեմ գտնում մահերիս համար: Ես անգամ չգիտեմ ինքնասպան եմ լինում թե ինձ սպանում են, որովհետև առաջիմ հայացքից իմ մոտ հանկարծամահություն ա… Տվեք ինձ ինձանից ավելի հիստերիկ մեկին, որ ես խաղամ իրա հետ ու չզգամ, որ ես հիստերիկ եմ: Գրողը տանի, ինչի միշտ ես պետք ա լինեմ ուժեղը, լավատեսը, բարին, հիմարը… էկեք փոխվենք դերերով ու ես դառնամ կատու ով կարճատես ա ականջներով ու կիրակի օրերի անձրևաների ժամանակ անձրևորդ ա դառնում…

Նիկեա
22.05.2016, 14:40
Ես գիտեմ, որ շատ հաճախ ամեն ինչ մեր ուզածով չի լինում… Բայց էս անգամ ամեն ինչ իմ ուզածով է լինելու, բացարձակապես ամեն ինչ: Վերջակետ:

Նիկեա
27.05.2016, 01:46
վերջին 24 ժամվա ընթացքում ես ունեցել եմ 45-50 կամ ավելի շատ բաց թողնված զանգ: Սովորական, հասարակ, ոչնչով աչքի չընկնող օրերին ստացածս զանգերի թիվը չի գերազանցում 10-12-ը: Ինչով էր էսօրը էդքան յուրահատուկ? ուղղակի հեռախոսս flight mode-ի վրա էր դրած, ու ես խսսացել եմ մենակ էն ժամանակ, երբ ես եմ ուզել: Պարզապես հրաշալի է: Ու ինչի են մարդիկ զանգաբարում հեռախոսդ էն ժամանակ, երբ անջատված ա: Ես ունեմ երկու տարբերակ: Առաջինը` հոգու խորքում իրանք զգում են, որ դու չես պատասխանելու: Երկրորդ` հոգու խորքում իրանք դեռ հավատում են, որ դու կպատասխանես:
Իսկ ինչի էի անջատել? Եսիմ: Ուղղակի զգում եմ, որ ինձ հիմա մի տեսակ քիչ մարդիկ են պետք: Կամ ավելի ճիշտ` ես հիմա մարդկանց պետք չեմ:
Գրողը տանի: Ես ներվային, հիստերիկ եմ ու կատաղում եմ, երբ մարդիկ ինձ ներվայնացած, հիստերիկացած են տեսնում: Բայց էսօր` օրվա վերջում, էլ չէի կարողանում հանգստություն հագած շրջել: Անժելի հետ թատրոնից դուրս ենք էկել ու ես աշխարհի մուննաթագույն ձայնով բողոքում եմ որ ոտքերս, գլուխս, սիրտս ցավում ա… հետո ասում եմ, որ լավ ա, որ ոտքերս ցավում են… հետո անկապ բողոքում եմ քաքմեջ արած գնահատականներից… հետո ճառում, որ իմ բոլոր խնդիրները հոգեբանական են… Հետո… ինչ ա լինում հետո?

Հետո սենց Անժելի հետ մենախոսելով քայլում ենք առաջ, մեկ էլ կլոր, խոշոր աչքերով, համակրելի ինչ-որ երիտասարդ կանգնեցնում ա մեզ.
- Կներեք էլի, ձեզ մի բան ասեմ:
Ես էդ պահին դժբախտաբար Անժելի դեմքին չէի նայում:
- Ըհն, լսում ենք:
- Ուրեմն ես որ փոքր էի, լիքը համակարգչային խաղեր էի խաղում ու դրանցից մեկը Մարիոն էր:
- Ըհն,- ասում եմ փորձելով հասկանալ թե ինչն ա կապում ինձ, իրա փոքր ժամանակին ու Մարիոյին:
- Ուրեմն էդ որ խաղում ես, պետք ա գնաս-գնաս, սնկեր ուտես, մեծանաս, անցնես աշխարհներով:
- Հա, գիտեմ, ես էլ եմ խաղացել:
Սկզբում այդ անձնավորության ուշադրությունը գամված էր Անժելին ուղղակի տեսավ, որ ես եմ իրան բանի տեղ դնում, փոխեց նշանակետը:
- Ուրեմն էդ խաղի մեջ մի հատ վիշապ կար, որ սենց վերև-ներքև էր թռչում, կրակ բաց թողնում ու ես ամեն անգամ իրան չէի կարողանում հաղթել:
-Հա, ըհն:
- Ու հիմա հետաքրքիրը ինչն ա. անցել ա տաս տարի, բայց ես էլի չեմ կարողանում: Ուզում էի իմանալ, եթե դուք գիտեիք, ասեիք, ես էլ իրան հաղթեմ:
Ու ես էդ պահին էլ չեմ կարողանում իրա դեմքին լուրջ նայել: Հիստերիկ ծիծաղի նոպա ա մոտս սկսում ու ես անկապ բարձր ծիծաղում եմ:
- Ես էլ չեմ կարողանում: Էդ վիշապին հաղթել չի լինում,- հազիվ հավաքում եմ ինձ ու փորձում առանց ծիծաղելու լուրջ պատասխանել, էն դեպքում երբ ուզում էի էդ պահին ամբողջ կոկորդով գոռալ ու լաց լինել, որովհետև ես չգիտեի թե ոնց պետք ա հաղթել էդ վիշապին… որովհետև ես ինձ էդ վիշապն էի զգում:
- Իրականում ես հարցումներ եմ իրականացնում մարդկանց հետ իրանց ռեակցիան ստուգելու համար ու ասեմ, որ քո ռեակցիան շատ պոզիտիվ էր (իմ ռեակցիան հիստերիկ էր իրականում) ու հազարից մեկն ա տենց արձագանքում էլի ( ուռռա, ուռռա, ուռռա, գոնե կմեռնեմ ինձ հույս տալով թե հազարի մեջ 999 չէի): Մի բան հարցնեմ. դուք հայ եք?
- Հա:
- Միշտ ստեղ եք ապրել:
Ուզում էի ասել` չէ, մի ժամանակ կարծեմ ինչ-որ Նեվրլենդ էր, ինչ-որ ծովահեններ էին, հետո ճանապարհը կորցրեցի, բայց դե.
- Հա, միշտ:
- Ըմ, ես կասեի, որ դուք շվեդ եք:

Շվեդ? Հա, շվեդ? Գրողը տանի, քիթս շվեդի էր թե հայերենիս մեջ շվեդական ակցենտն էր զռռում: Գրողը տանի, գրողը տանի, գրողը տանի, ինչի են մարդիկ գլխիս ընկնում, երբ ես ուզում եմ փախնեմ սաղից ու գոռամ ձայնալարերս կտրելու աստիճան շատ ու բարձր:

Ինձ երևի միշտ կհիացնեն ոտքի վրա աղջիկ կպցնելու նորարարական... ու ոչ միայն, նաև պապական ու մնացած բոլոր մեթոդները:

Հետո ես իրա համարն եմ վերցնում, որը բնականաբար ջնջվում ա հեռախոսիցս ամենակարող ու ամենակուլ flight mode-ի շնորհիվ: Ու երբ մենք հեռանում ենք, ես էլի հիստերիկանում եմ, բայց համ էլ չեմ ուզում որ Անժելը վախենա ինձանից, փորձում եմ զսպել ինձ: Հետո հիստերիկ ծիծաղի մի նոպա էլ երթուղայինում ա սկսվում ու մինչև տուն հասնելը ես սոված մարդակերի հայացքով խժռում էի ինձ թարս-թարս նայած ծյոծյային ու ինքը ակնհայտորեն վատ էր զգում իմ նայելուց: Թող վատ զգա… թող երազին էլ տեսնի թե ոնց եմ իրան կտոր-կտոր անում ու հետո աղում մսաղացով…

Բա… ես կօգնեմ ինձ: էս անգամ մենակ ես եմ ինձ օգնելու:

Նիկեա
04.06.2016, 21:55
Էսօր դասարանցուս ծնունդն էր: Զարմանալի է, թե ոնց են ժամանակի ընթացքում փոխվում մարդկանց կարգավիճակները. մի ժամանակ ինքը ընկեր էր, հիմա` դասարանցի, մի օր էլ` ուղղակի մեկը ում հետ նույն դպրոցում եմ սովորել:
Իմ ճանաչած հասակակիցներիս հետ իրենց ծննդյան օրը ամեն անգամ մի տեսակ վերապրում եմ տարիքս: Ենթադրենք ինչ-որ մեկը ինձանից մեծ ա 10 ամսով ու ինքը հիմա 19 տարեկան ա դառնում, էդ ստիպում ա ինձ ինչ-որ տեղ 19 տարեկան զգալ, չնայած որ դեռ 10 ամիս կա: Ու դրա հակառակն էլ ա լինում. երբ դու համարյա 19 ես, բայց ինչ-որ մեկ նոր ա 18 դառնում ու ես ինձ 18 տարեկան եմ զգում...
Երեք անգամ զանգեցի, չպատասխանեց: Իրականում շատ էլ ուրախ էի, որովհետև իր ծնունդը շնորհավորելը ինձ համար ուղղակի պարտականություն էր, ձևականություն որ պետք էր կատարել, ոչ ավել: Հետո արագ-արագ հանվեցի ու տնից դուրս էկա. Արուսի հետ հայոց պետք ա պարապեինք: Միասնական քննությանը մնացել ա 3 օր, իսկ մենք նոր ենք գլխի ընկնում որ կարելի էր միասին պարապել:
Լվացվելիս էլի դասարանցուս հիշեցի ու սկսեցի մտածել, թե ինչ կզգամ երբ հասակակիցներիցս որևէ մեկը մահանա: Դե եթե ծնվում ենք, ուրեմն պետք ա նաև մեռնենք ու եթե ծնվելու համար զանգում շնորհավորում են, մեռնելու համար ինչի չեն զանգում: Կամ կարող ա զանգում են: Ենթադրենք գոյություն ունի հանդերձյալ կյանք կոչվածը ու էնտեղ հարգի է մեռածդ օրը քեզ շնորհավորելը: Գիշերը 12-ին զանգում են քեզ ու` շնորհավորում եմ մահվանդ 18 տարին: Քեզ երջանկություն, առողջություն ու լիքը շաբլոն մահկանացու բաներ եմ ցանկանում: Հետո հիշում եմ, որ կարևորը չուշանալն է, ինչ-որ դռան հետևում կողպում եմ բոլոր անկապ մտքերիս ու տանից դուրս գալիս:

Պարապմունքը հավես անցավ: Ինձ միշտ զարմացնում ա էն, թե ինչքան հավես կարող է լինել ինչ-որ բան սովորեցնելը: Մինչև էս օրը, մտքովս չէր անցել, որ խոնարհումը իրականում կախարդական թուրմ ա, որը բայերի վրա լցվելով` կերպարանափոխում ա դրանք: Կամ որ, ընդհանրապես, բայերը կարող են լինել չեզոք ու սեռաճկուն ( սեռափոխական տերմինը մոռացել էի, ես էլ նոր տերմին մոգոնեցի): Հետո սկսեցի մտածել` ինչ կստանայի եթե հայոցի բանավոր քննության ժամանակ սենց պատասխանեի: Չեմ կարծում, որ Ասատրյանը կգնահատեր քերականության ասպարեզում իմ ստեղծագործական պոռթկումները:

Ու ընդհանրապես, եթե ես որոշել եմ սովորել, պետք ա պեղեմ նաև մարդկանց որոնց կկարողանամ սովորեցնել սովորածս: Ես ինձ հիմա դասատու եմ զգում:

Իրիկունը, երբ տուն էկա, որոշեցի մի անգամ էլ զանգել դասարանցուս: Էս անգամ պատասխանեց: Ամբողջ կոկորդով, ինչքան հնարավոր ա վատ երգում եմ, ինչքան հնարավոր ա ժամանակ ձգելով, որովհետև ես չգիտեմ թե ինչ եմ իրան մաղթելու, որովհետև ես իրան մաղթելու ոչ մի բան չունեմ: Հետո խոսում ենք եղանակից, քննություններից, արձակուրդներից ու զգում եմ, որ ուղղակի խոսում ենք... ու մտքումս ավտոմատ էն երգն ա միանում, էն որ շատ եմ սիրում...
- Սուրենենց հիշում ես,- հարցնում ա:
- Հա, հիշում եմ, ինչի?
- Վերջին զանգից մի օր առաջ ավտովթար ա էղել: Շատ արագ են քշել, ժամանակին չեն արգելակել ու խփվել են ծառին: երեքն հոգի ծանր վնասվածքներ են ստացել: Սուրենն ու իրանց դասարանից էլի մի տղա մահացել են:

Հետո էլի ինչ-որ բաներ ա ասում: Հետո ասում ա որ կարոտել ա ինձ: Ասում եմ, որ կհանդիպենք շուտով: Անջատում եմ...

Սուրենը մահացել է: Ինքը էլ չկա... չէ, ոնց կարող է... Լավ, մենք երբեք մտերիմ չենք եղել: Իրա մասին գիտեմ էն, որ ձախլիկ ա, կապույտ աչքեր ունի ու պարտվել չի սիրում... Ձախլիկ էր, կապույտ աչքեր ուներ ու պարտվել չէր սիրում: Ձենը գլուխն էր գցում, հենց խաղալիս ինքն էր պարտվում ու եթե ինքը պարտվել էր, նշանակում ա ինչ-որ մեկը դաղալություն էր արել: Չէ, գրողը տանի, ես չեմ ուզում գրել իրա մասին, որովհետև երբ ինքը ողջ էր, ես իսկի չէի էլ հիշում իրա գոյության մասին: Երբ ինքը ողջ էր, ինքը համարյա գոյություն չուներ: Իսկ հիմա, երբ գրում եմ, ինքը չափազանց մտերիմ, չափազանց հարազատ մեկն ա թվում, ում կորուստը ցավեցնում ա, սարսափելի ցավեցնում: Առավոտ մտածում էի թե ինչ կզգամ, երբ հասակակիցներիցս ինչ-որ մեկը մահանա: Մտածում էի, որ կսկսեմ ծերանալս զգալ, որովհետև, գրողը տանի, էդ մահ կոչվածը ինչ-որ զառամած, ձեռնափայտով պապի տեսքով էր պատկերանում: Որովհետև չէի պատկերացնում... հիմա ես վախենում եմ մեռնելուց...

Նիկեա
12.06.2016, 18:00
Գրելու մասին եմ գրելու:

Ես սիրում եմ գրել ու ինձ ինչ հիշում եմ, միշտ գրել եմ: Փոքր ժամանակ լիքը նամակներ էի գրում տատին ու պապին… Հետո մի քիչ մեծացա ու սկսեցի ինչ-որ պատմություններ գրել, լիքը տառասխալներով, առանց որևէ կետադրական նշանի ու օգտագործելով կարդացածս հեքիաթների ու սահմանափակ գրքերի հերոսների անունները: Ազնիվ խոսք, մենակ անուններն էին փոխ առնված :D բայց մեծերը մտածում էին թե ուղղակի պատմում եմ էն, ինչ կարդացել եմ ու բավականաչափ ուշադրություն չէին դարձնում իմ իմ փայլուն ստեղծագործություններին: :)) ես էլ իրենցից նեղաա ու սկսեցի թաքուն օրագիր գրել: Մինչև հիմա հինգ անգամ վառել, պատռել կամ էլ այլ մեթոդներով թղթե օրագրեր եմ ոչնչացրել:

Մի ժամանակ տանել չէի կարողանում, երբ ինչ-որ մեկը կարդում էր գրածներս: Իսկ հիմա դա ինձ դուր ա գալիս: Հավես ա գրածիդ մասին տարբեր կարծիքներ լսել: Հավես ա, երբ նույն գործի մասին մեկը ասում ա, որ պետք ա վառել, իսկ մյուսը հավանում ա: Հավես ա, երբ քեզ ասում են, որ էնքան էլ դուր չէկավ ու թե ինչի: Ու մի օր ես գրող կդառնամ:

Գրելիս ես մեծագույն հաճույք եմ ստանում: Կապ չունի ինչ եմ գրում. նամակ ինչ-որ մեկին, պատմում եմ թե ինչ եմ անում, ինչ-որ դեպքի մասին եմ հիշում, որի մասին վաղուց մոռացել էի թե նկարագրում եմ պատի տակ կծկված կատվին ու ինձ հոգեպես բավարարված եմ զգում, երբ վերջացնում եմ: Գրելը չափազանց շատ էներգիա ա խլում, համենայն դեպս ինձանից ու երեք ժամ անընդահ գրելուց հետո ավելի սպառված եմ ինձ զգում, քան երեք ժամ քայլելուց հետո կզգայի, բայց անգամ էդ հոգնածության զգացողությունն է հաճելի: Ինձ ավելի… ավելի լիքն եմ զգում, ավելի ուժեղ:

Ես սիրում եմ բոլոր հերոսներիս: Բոլորին անխտիր: Էն տպավորությունն ա, որ իրանք իմ երեխաներն են կամ չգիտեմ… ես ինձ պատասխանատու եմ զգում իրենց առաջ ու ամեն անգամ, երբ ինչ-որ բան, ինչ-որ մեկին կիսատ եմ թողնում, խոստանում եմ, որ անպայման վերջացնելու եմ իրենց, ամբողջականացնելու: Էն բոլոր հերոսները, որ ծնվում են գլխումս, բայց ես իրանց մարմին ու ձև չեմ տալիս, կարծես հետևեն ինձ ու երկար ժամանակ ոչինչ չգրելու դեպքում սկսում եմ ինձ վատ զգալ: Այ էդ ժամանակ ներսս սկսում ա դատարկությամբ լցվել: Ու ես երևի հիվանդագին կապվում եմ իմ հորինած հերոսներին: Էնքան, որ մինչև հիմա երկու անգամ եմ ինչ-որ մեկին գրելով սպանել ու չափազանց վատ էի զգում, որովհետև ես հորինել էի իրեն քիչ ա, ես էլ սպանում էի: Ընդհանրապես գրելը, համենայնդեպս ինձ համար, նման ա ուրիշ տիեզերք ստեղծելուն, մի աշխարհ, որտեղ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կարդում է պատմվածքդ, քո հորինած մարդիկ ապրում են էն կյանքը, որը դու ես իրանց համար որոշել: Ու չեմ ուզում, որ ամեն անգամ, երբ կարդան իրանց մասին ու իրենք հերթական անգամ ապրեն նույնը, տանջվեն: Ես չեմ սիրում իրենց տանջել, բայց դե մեկ-մեկ ստիպված եմ…

Ու սիրում եմ առաջին դեմքով գրել: Ամեն ինչ ավելի անկեղծ եմ թվում, ամեն ինչ ավելի լավ ու ավելի շատ եմ զգում: Կարող եմ դառնալ ինչ ուզեմ. թոշակի հույսին մնացած պապի, ձեռքերը առանց լվանալու հաց ուտող հինգ տարեկան տղա, անտեր կատու, լուսամուտի անկյունում բնակություն հաստատած սարդ… Կարող եմ մեռնել ու հարություն առնել, անտեսանելի դառնալ ու թռչել:

Ինձ թվում ա հեղինակը իր անհատականությունը, բնավորությունը, նախասիրությունները բաժանում է իր հերոսների մեջ ու ցանկացած, անգամ աննշան գործ, հեղինակից ինչ-որ մասնիկներ է իր մեջ պահում, թեկուզ բոլորը, այդ թվում նաև հեղինակը, վստահ լինեն թե ամեն ինչ հորինված է:

Ու ես մի ընկեր ունեմ, մի շատ լավ ընկեր… Չէ, ինքը իմ հորինածներից չի, ինքը իրականում գոյություն ունի… Ինքը միշտ գրական առաջադրանքներ ա տալիս ինձ ու ես գրում եմ բաների մասին, որոնք երբեք պատմվածք չէի դարձնի: Իրա շնորհիվ գրելը ոչ թե հոբբի, այլ ինչ-որ լուրջ բան ա դարձել: Ինքը ամեն տեղ ա, բայց գրածներիս մեջ շատ քիչ ա երևում ու ինձ հատկապես էդ ա դուր գալիս: Ինձ դուր ա գալիս էն, որ գրածներիս մեջ մենակ ես կարամ իրան գտնեմ կամ էլ ամենաշատը ինքն իրեն տեսնի: Ինքը համ էլ իմ մուսան ա…

Նիկեա
24.06.2016, 21:03
Մի քանի օր առաջ մի քանի րոպեով ես նարինջ էի: Հա, ես նարինջ էի ու ինձանից հարցազրույց էին վերցնում ու ես ասում էի, որ ոչ մի մանդարինից, ինչքան էլ ինքը լավը լինի ու մանդարին լինի, երբեք նարնջի հոտ չի գա…

Մենք նոր շուն ունենք՝ Ջաքին… ինքը աղջիկ ա ու ես դեռ չեմ համակերպվում իր անվան հետ: Իսկ ինքը համկերպվել ա: Կհամակերպվեմ ինչի՞, ո՞վ ա ասում թե աղջիկը պետք ա աղջկա անուն ունենա…

Ինքը կլոր ա, փափուկ ու մոխրագույն… այ, երբ էս գրում էի, մտածեցի, որ ինքը նման ա վառված սպիտակ թղթի մոխրի… Հա, ինքը ոնց որ հենց մոխիր էլ լինի, տաք, փափուկ ու… մոխրագույն մոխիր: Ջաքին մոխրիկ ա: Ես չեմ ուզում իրան սիրել: Որովհետև ինքը ինձանից շուտ կմեռնի, ամենայն հավանականությամբ, իսկ ես չեմ ուզում հերթական անգամ ընկեր կորցնել: Մենք հաճախ չենք զգում, թե ոնց են ինչ-որ բաներ, ինչ-որ երևույթներ, մարդիկ, կենդանիներ մեր կյանք ներխուժում, բայց երբ գնում են, զգում ենք: Ինչի՞: Եթե իրանց գալը չենք զգացել, թող գնալն էլ չզգանք: Թող հանգիստ ու հեշտ ապրենք: Բայց կյանքը անարդար ա, չէ՞, ուրեմն ամեն ինչ ճիշտ ա: Ու երևի ավելի անարդար ա էն, որ շանդ մահից հետո նոր շուն էս պահում իմանալով որ ինքն էլ ա մեռնելու…
Ջաքին արդեն հասցրել ա փախցնել-պահել կոշիկներս, իսկ Բոբին բերում էր… ես անընդհատ, ինձանից անկախ զուգահեռներ եմ անցկացնում երկու շների միջև… իրանք էնքան տարբեր են, բայց համ էլ նման են: Իրանք երկուսն էլ սիրում են ինձ, իսկ ես դեռ վախենում եմ էս երկրորդին սիրել: Ես չեմ ուզում, որ ինքը գլուխը ոտքերիս դնի, երբ ամռանը գիշերները բակում կնստեմ ու չեմ ուզում, որ ուրբաթ օրերին, երբ տուն գամ, ինքը ինձ ընդառաջ վազի, կանգնի հետևի թաթերի վրա, դիմացի թաթերը դնի վրաս, կանգնի, համարյա ինձ հավասարվի ու լեզուն դուրս հանած սպասի որ իրան գրկեմ, խաղամ հետը: Չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում: Որովհետև ամեն անգամ կհիշեմ հին շանս:
Հոպարենց տուն պետք ա գնայի ու Ջաքին չէր թողնում տանից դուրս գամ, գլուխը դրել էր ոտքերիս ու ինձ էր նայում: Ես զգում էի, որ մի քիչ էլ ու կսկսեմ արդեն սիրել իրան, դրա համար էլ վազելով փախա:


Սոֆի Զելմանի… իրան էսօր եմ գտել, լավն ա ինքը… Հանգիստ ա: Իսկ ես ուզում եմ հանգիստ լինել… միակ բանը որ հիմա ուզում եմ:


Երեկ մտածում էի, որ ամռանը կգնամ բարեկամներիս մոտ, թող երեսս տեսնեն, ի՞նչ ա էղել, բայց հետո՝ չէ, ես որոշեցի, որ էս ամառ մենակ իմն եմ լինելու: Հաստատ հետաքրքիր ա, երբ դու մենակ քոնն ես:

Ու լավն ա Քոհեն պապին: Ինձ թվում ա ինքը ամեն ինչ վաղօրոք ու դիտմամբ արել ա ինձ լացացանելու համար…


When you've fallen on the highway
and you're lying in the rain,
and they ask you how you're doing
of course you'll say you can't complain --
If you're squeezed for information,
that's when you've got to play it dumb:
You just say you're out there waiting
for the miracle, for the miracle to come…

Նիկեա
29.06.2016, 15:12
Ողջույն, զավակս: Հա, հա... ես էսօր որոշել եմ նամակ գրել ապագա երեխայիս, որը կարող ա հանգամանքների բերումով մի օր գոյություն ունենա:
Ես չգիտեմ, թե դու ով կլինես կամ դուք ովքեր կլինեք, բայց ուզում եմ քեզ/ձեզ գրել էն ժամանակ, երբ դեռ չկաք ու ես էլ դեռ շատ չերեխա չեմ: Ասեմ ինչի եմ քեզ/ձեզ գրում: Որովհետև ես կուզեի խոսել ծնողներիս հետ էն ժամանակ, երբ դեռ իրանք դախ 18 տարեկաններ էին: Հիմա իրանք չափազանց չափազանց չափազանց հեռացել են իրենցից ու երևի մոռացել թե ինչպիսին էին կամ կարող ա եսիմ, կարող ա իրոք իրանց ժամանակները ուրիշ էին ու քանի որ ես վախենում եմ մի օր կյանքի հորձանուտում /ինչ էլ բառ էր, բայց ուրիրշ բառ չեմ մտածում հիմա/ որ մի օր կարող ա սպանեմ կամ քնեցնեմ իմ մեջ եղած դախին, փորձում եմ ամեն կերպ ապահովագրել ինձ դրանից: Էս նամակները, որոնք ես տարբեր ժամանակահատվածներում գրել եմ, մի տեսակ հորկրուկսներ ոնց որ լինեն, որոնց մեջ ես իմ հոգու մի մասն եմ պահում: Դու հաստատ գիտես թե ինչ ա հորկրուկսը, որովհետև եթե դու մի օր գոյություն ունենաս, կամ դուք գոյություն ունենաք, մենք միասին կկարդանք Հարի Փոթերի բոլոր գրքերը, անգիր կանենք բոլոր հմայախոսությունները ու շատ խմած ժամանակ կարող ա քվիդիչ էլ խաղանք:
Երբ դուք բավականաչափ մեծանաք, միասին կկարդանք օրագրերս: Էն թաքուն օրագիրս էլ կկարդանք: Ես կպատմեմ բոլոր ժամանականերում արած ու չարածս ապուշությունները, նորմալ ու աննորմալ սերերիս, վախերիս, նպատակներիս մասին: Իսկ եթե անգամ չպատմեմ էլ, դուք կկարդաք էս ու ես ուզած-չուզած կպատմեմ:
Ասում են՝ բնավորությունը գեների հետ կապ չունի, բայց կոտոշներս վկա, կապ ունի, հետն էն էլ ոնց ունի: Ու ամենայն հավանականությամբ դուք էլ եք կոտոշավոր լինելու: Հիմա որ դա ինձ ուրախացնում ա: Ինր խոսք, ես հպարտ եմ ձեզանով: Երբեք չէի մտածի, որ մի օր նամակ կգրեմ չունեցածս էրեխեքին ու կասեմ թե հպարտ եմ իրանց կոտոշներով: Բայց հա...

Ես լիքը էշություններ եմ արել, իսկ դա նշանակում ա, որ դուք ունեք լիքը էշություններ անելու հնարավորություն, անսահմանափակ էշություններ անելու հնարավորություն: Բայց ես համ էլ հետո լիքը հեքիաթներ եմ հորինել, դուք կարիք չկա որ հեքիաթ հորինեք: Իսկ եթե հորինելու էլ լինեք, ինձ էլ ասեք, կարող ա կարողանամ օգնել: Վերջիվերջո ձեր մաման ժամանակին ուզում էր գրող դառնալ ու կդառնա...

Հետո ինձ դուր ա գալիս եզրով քայլել: Հասկացեք էդ ուղիղ ու փոխաբերական իմաստներով: Ինձ դուր ա գալիս քայլել, երբ գիտեմ, որ եթե ընկա, կտոր-կտոր կլինեմ: Էդ պահին թվում ա թե սիրտս 60 անգամ ավելի արագ ա աշխատում ու դրանից ես ինձ 60 անգամ ավելի ողջ եմ զգում: Բայց էդ չի նշանակում, որ դուք պետք ա իմ օրինակին հետևեք: Դուք պետք ա խելացի ու շրջահայաց լինեք:

Եթե մի օր դուք գոյություն ունենաք ու կարդաք էս, կնշանակի որ ես դադարել եմ թափառական լինելուց ու վերջապես գտել եմ տունս: Ուես կփորձեմ էնպես անել, որ դուք ձեզ տանն զգաք:

Նենց տարօրինակ զգացողություն ա. դուք չկաք, գոյություն չունեք, դեռ... ու կարող ա ընդհանրապես չլինեք էլ... բայց ես ուզում եմ ասել, որ ձեզ սիրում եմ:

Նիկեա
02.07.2016, 15:32
Ալբան մեր համալսարանում կամավոր էր: Սեպտեմբերից դեկտեմբեր մեկ-մեկ մոտը իսպաներենի էի գնում: Տանը հիմնականում ոչ մի բան չէի անում, որովհետև անելու բան էլ չկար, բայց ինքը գոհ էր ինձանից, ասում էր` զգում եմ լեզուն:

Ալբա արևածագ է նշանակում ու Ալբան հենց արև էր: Միշտ էներգիայով լեցուն ու գունավոր: Հայերեն էր սովորում ու մեր դասի ընթացքում մենք իրան էնքան հայերեն էինք սովորեցնում, ինչքան ինքը մեզ իսպաներեն:

Առավոտ շուտ էին լինում մեր դասերը ու ինքը մեր համար միշտ մանդարին, կոնֆետներ կամ չայ էր բերում: Ինքը հավանել էր Հայաստանը: Ասում էր` ինչ-որ բան իր հայրենի քաղաքին է հիշեցնում, որի անունը հիմա ես չեմ հիշում: Մեկ-մեկ ընտանիքից էր պատմում ու ես մտածում էի` տեսնես բոլոր կարոտած մարդիկ են իրենց տան, ընտանիքի, սիրելիների մասին նույն աչքերով խոսում: Հա, մարդիկ աչքերով են խոսում, համենայնդեպս, Ալբայի նման մարդիկ:

Դեկտեմբերին լրանում էր իրա կամավորության ժամկետը: Վերջին դասի օրը համալսարանի բոլոր կամավորները New Year party էին կազմակերպել: Լավն էին մեր կամավորները, սկզբում մի քիչ ամաչկոտ, կաշկանդված, բայց հետո երգում ու պարում էինք` պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես... Հետո էլ մեր կամավորների մայրենի լեզուներով էինք երգում: Հավես էր: Ալբան մեզ համար տորտիլիա էր սարքել:

Բայց ինքը չգնաց Հայաստանից, մնաց էստեղ ու հիմա աշխատում ա: Փաստորեն ինքը իրոք հավանել էր Հայաստանը:

Արդեն երկու շաբաթ ա, ինչ վերսկսել եմ իսպաներենիս դասերը: Հին ու բարի ժամանակների նման մենակ ու ինքնուրույն, բայց ահագին առաջ եմ գնացել: Իմ գիտելիքները պետք ա որ առավելագույնը A2 մակարդակի լինեին, բայց Նաիրուհու երեկ շեյր արած իսպաներեն հոդվածը կարդում ու հասկանում էի, էն օրն էլ սոված գայլերի մասին ինչ-որ կարճ պատմվածք էի կարդում: Անծանոթ բառերը ահագին են, բայց կարևորը հասկանում եմ:

Եսիմ, ուղղակի կարոտել եմ Ալբայի "օլա չիկաս"-ին:

Նիկեա
02.07.2016, 21:32
Ոնց որ լիքը մարդիկ հավաքված լինեն գլխումս ու ուղեղիս միջուկը կրակի տված շուրջը պարեն: Այ էդ զգացողությունն ա: Որոշել էի էսօր գրել բոլոր էդ մարդկանց, դեմքերի մասին, գրելով փորձել իրանց հանել գլխիցս, բայց մենակ Ալբայի մասին գրեցի ու զգացի, էլ չեմ կարող, էլ հավես, էներգիա չունեմ:

Ինձ վերջացած, սպառված եմ զգում: Ոնց որ դատարկ պլաստիկ շիշ լինեմ: Դրսից ամեն ինչը` մարդիկ, ձայները, ակնջակալներիցս եկող երաժշտությունը, լույսը, արևը, եղանակը, գույները... ամեն ամեն ինչը ճնշում ու դեֆորմացնում ա ինձ: Ես ներսից դատարկ եմ, ես հակազդել չեմ կարող ու ենթարկվում եմ իրանց: Ու իրանք ճնշում, ծռում-թեքում են ինձ, մեկ դեմքիս ժպիտ են գծում, ծիծաղելուն նման ձայն ստիպում որ հանեմ, հետո բաց են թողնում ու ես վերականգնվում եմ: Պատերս հեռանում են իրարից ու դրանց միջև եղած տարածությունը լցվում ա դատարկությամբ ու չգիտեմ որն ա ավելի սարսափելի: Չգիտեմ` երբ ա ավելի շատ ցավում` էն ժամանակ երբ ինձ ստիպում են զգալ ինչ-որ բաներ կամ մտածել թե զգում եմ թե էն ժամանակ երբ բացի ներքին դատարկությունից ուրիշ ոչ մի բան չեմ զգում:

Ես ինձ անպետք ու... ու... ու չեմ հիշում էն մյուս բառը... հիշեցի, ես ինձ անպետք ու անօգտակար եմ զգում: Մխիթարվում եմ մտածելով որ ես միակը չեմ էդ զգացողությամբ:

Հոգնած եմ երևի, բայց հոգեպես եմ հոգնած: Էսօր Ազգային գրադարանից ոտքով մինչև տուն եմ էկել: Որոշել էի էնքան հոգնել, որ տուն հասնելս ու քնելս մեկ լինի: Բայց չէղավ: Բայց ես հոգնած եմ... Բայց էնքան էներգիա ունեմ, որ երևի մի երկու անգամ էլ կանցնեի էսօրվա անցածս ճանապարհը:

Սկզբում սարսափելի շոգ էր, հետո եղանակը կտրուկ փոխվեց: Ու քամին ալիքներ էր նկարում լճի մակերևույթին...

Գրողը տանի, վերջ եմ ուզում, ուզում եմ վերջացնել էն, ինչ կիսատ ա, որ դրանք չխանգարեն էն ամենին, ինչը պետք ա սկսեմ, բայց իմ դրած բոլոր վերջակետերը բազմակետեր են իրականում: Հանգստություն եմ ուզում: Տուն եմ ուզում...

Նիկեա
07.07.2016, 23:07
օրագրային գրառում, որը մենակ ես եմ լրիվ հասկանալու ու կարող ա մոռանամ թե ինչ էր նշանակում ինչը: Բայց դա կարևոր չի: Այսպես ուրեմն... Ես երեկ էի ուզում գրել: Ես պետք ա երեկ գրած լինեի, որովհետև էսօր արդեն որոշ բաներ մոռացել եմ: Բայց ես հիշում եմ, որ եթե իմ քիթը Բուրատինոյի քթից չի, դա դեռ չի նշանակում, որ ուր ուզեմ քիթս կմտցնեմ ու դա տրորման չի ենթարկվի (տրորման չենթարկվել, չէ մի, Թամուշը, կարդար կասեր` լեզվաբանում եմ: Զարմանալիորեն կարոտել եմ էդ դախին, ինձանից նման բան չէի սպասում ու թողել թռել ա Մարտունի, այսինքն մինչև սեպտեմբեր էլ իրան չեմ տեսնի): Վերադառնանք մեր ոչխարներին: Մի ժամանակ երկու ընկերներ ունեի, որոնք սիրահարված էին իրար ու ես իրանց Վալենտինն էի, ՎալենԾինը, ավելի ճիշտ: Հիմա իրանք իրար տեսնել չեն ուզում ու էլ իմ ընկերները չեն: Ցավալի ա, բայց փաստ: Իսկ երկու տարի առաջ ես իրանց հետ դպրոցում գինի կխմեի: Հա ժողովուրդ, հա, իրանք մի ժամանակ իմ էն մարդիկ էին, որոնց հետ ես պատրաստ էի գինի խմել: Ու քանզի ես վատագույն խմողն եմ, բաժակից հոտ քաշելուց հետո հարբած դասի էի նստում: Իրանք էն մարդիկ էին, որոնց հետ ես սովորեցի գինի սիրել:
Բայց էս անգամ ամեն ինչ ուրիշ ա լինելու, որովհետև էս անգամ ամեն ինչ ուրիշ ա: Որովհետև Իրանք իրանք չեն ու ես էլ էն եսս չեմ: Ու հանգամանքներն էլ էն հանգամանքները չեն:

Ես մի ընկեր եմ գտել ու արդյունքում մի ուրիշ ընկեր մի քիչ հեռացել ա: Բայց ես որոշել եմ չկորցնել իմ մարդկանց: Զզվելի բան ա, երբ քո մարդիկ գնում են: Դրանից քո կյանքը դատարկ ա դառնում: Դու ես ավելի դատարկ դառնում: Ու էդ դատարկությունը մենակ ուրիշ մարդիկ կարան լցնեն... ուրիշ մարդիկ պետք ա դառնան քո մարդիկ, եթե չես ուզում դատարկ մնալ, իսկ ինձ համար ավելի հեշտ ա պահել իմ մարդկանց քան, գտնել ուրիշ իմ մարդկանց: Ու համ էլ... ես ուղղակի չեմ ուզում կորցնել... էդ անդամահատվելու նման պահ ա: Եսիմ, կարող ա շատ մեծամտական հնչի, բայց ես մտածում եմ, որ իմ մարդիկ առանց ինձ լավ չեն լինի, նենց ոնց ես առանց իրանց լավ չեմ լինում: Ինչքան շատ օգտագործեցի "իմ մարդիկ" արտահայտությունը:

Մարդիկ իրանց բույրերը ու գույները ունեն:
Ամենաուժեղը ես մամայիս հոտն եմ զգում: Մեջքով կանգնած լինեմ, ու ինքը անձայն սենյակ մտնի, ես հաստատ կզգամ որ էդ ինքն ա: Բոլոր մարդկանց հոտերը չեմ զգում, բայց ումը զգում եմ, ուրիշինին նման չի: Ու ես սիրում եմ էն մադկանց բույրը, որոնց ես սիրում եմ: Էդ մարդու, իրա բնավորության, նպատակների, ներքին ու արտաքին ուժերի, խելագարության բույրն ա: Ու որ մարդկանց գրկում եմ, մի պահ իրանց բույրն էլ եմ զգում, հավես ա: Ու ես էլի եմ ասել, որ մարդկանց գրկել սիրում եմ: Իրանք ինձ էներգիա են տալիս: Ես ինձ մի տեսակ լավն եմ զգում: Չգիտեմ, ավելի բարի եմ դառնում:
Վերադառնանք գույներին: Մարդիկ գույներ էլ ունեն: Չեմ հիշում էս էլի ասել եմ թե չէ, բայց հա, մարդիկ գունավոր են: Ինչ-որ մեկը կարա լինի կապույտ, սպիտակ ամպերով, բայց էդ մի գույն ա, ոչ թե սպիտակ ու կապույտ... դա էդ մարդու գույնն ա ու ես սիրում էն մարդկանց գույները որոնց սիրում եմ: Մի ճչան մանուշակագույն կա, ես իրան բարևելիս "ողջույն" եմ ասել ու թաթիկով արել, հիմա մտածում ա թե վերջ, մենք ախպերներ ենք ու ես ինձ մի կերպ պահում եմ որ իրան չուղարկեմ գրողի ծոցը: Որովհետև ես էսօր բարի եմ :))

Հա, էսքանը ասում էի, որ ասեմ` ինձ թվում ա ես վերջապես գտել եմ իմ գույնը, ավելի ճիշտ հասկացել եմ թե ես ինչ գույնի եմ, երևի դեղին եմ ու տեղ-տեղ կանաչ: Բաց դեղին ու բաց կանաչ:

Էլ ինչ էի ուզում ասել? Այ, մոռացա:

Հաաաա, ես որոշել եմ թե ինչպես եմ ծախսելու ամռանս 1248 ժամը ու ամեն ինչ անելու եմ որ գոնե էս անգամ ամեն ինչ իմ որոշածով եմ անելու: 156 ժամում որոշել եմ վեբ ծրագրավորում սովորել, լավ ա, չէ? Գիտեմ որ կարող ա գերագնահատել եմ ինձ: Ի վերջո ես մի տկար լեզվաբան եմ, հետն էլ ապագա...

Ու շատ եմ գրելու... Ամռանը ես իսկական գրող եմ լինելու: Կամ կփորձեմ...

Իսկ վաղը վերջին օրն ա: Վաղը պետք ա դնել մի վերջակետ, որը ըստ էության բազմակետ ա:

Նիկեա
11.07.2016, 17:21
10.06.2016

- Դու եվրոպայի առաջնությունը նայելու ես?
- Եսիմ, եթե հավես ունենամ, կնայեմ:
- Դու պետք ա նայես, որովհետև ինձ թվում ա եզրափակիչը իրար հետ ենք նայելու ու էս անգամ դու չես կարողանա կեսից թողնել, թռնել:

23.06.2016

- Ասա, որ ես ավելի լավ բան եմ մտածել, քան դու:
- Ու ավելի դաժան:
- Ինչի դաժան?
- Որովհետև ես ասում էի վերցրու էս սղոցն ու ձևացրու թե ձեռքդ անդամահատում ես, իսկ դու ասում ես` վերցրու ու անդամահատի ձեռքդ:
- Մենք էլի ձևացնում ենք, ուղղակի երկար ժամանակով:

08.07.2016 կամ արդեն 09.07.2016-ի առավոտ

- Դու եղել ես իմ ամեն ինչը, մենակ վերջում կինս չլինես:
Ժպտում ա, գրկում եմ:

10.07.2016

Հաղորդագրություն եմ ստանում. (Ցերեկը ուղարկած հաղորդագրությունս դեռ անպատասխան էր ու երևի լավ որ որ պատասխան էլ չկար):

- Նիկի ? կհամենաս էսօր ֆուտբոլի եզրափակիչը նայելու?
- Չես նեղանա, չէ? եթե չգամ:
- Չէ, իհարկե չեմ նեղանա:
- Բայց կգրես, եթե ինչ-որ բան փոխվի:


Հ. Գ. Եսիմ, էս գրառումը երևի ամփոփում ա վերջին մի ամիսը: Ու կյանքիս վերջին մի ամիսը ոնց որ Եվրոպայի առաջնությունը լիներ: Մի տեսակ չէի հավատում, որ կարող ա Պորտուգալիայի հաղթանակով պրծնի: Ընթացքում լիքը հետաքրքիր բացահայտումներ ու անմոռանալի պահեր էղան, բայց եզրափակիչը սրտովս չէր մի տեսակ:

Հ. Հ. Գ Ես դախացել եմ ու ոչ մայիսի ամփոփումն եմ գրել, ոչ էլ հունիսի, բայց եսիմ... ու հիմա որ հետ եմ նայում, որևէ բան չեմ էլ հիշում, որ գրեմ:

Նիկեա
12.07.2016, 15:09
Տանը ինձ անակնկալ էր սպասում, բավականին մեծ ու բավականին տհաճ անակնկալ: Ուրեմն էս ախպերս ստանձնել ա մեր խոհանոցի վերանորոգման աշխատանքները: Չէ, դուք հասկանում եք, անորոշ ժամանակով ես չեմ կարողանա եփել, թափել, պատրաստել, տարբեր փորձարկումներ անել, չեմ կարողանա մինչև լույս խոհանոցում նստած կինո նայել ու չայ խմել:

Սաղ հեչ, էսօր ես ուշաթագնաց մարդուն օգնություն եմ ցույց տվել: Ինչ մեղքս թաքցնեմ, որ ինքը հանկարծ ամբողջ հասակով փռվեց գետնին, ահագին վախեցել էի, սրտիս զարկերի ձայնը կողքից կլսվեր, բայց ինձ կարողացա բուռս հավաքել ու իրան ուշքի բերեցի: Սկզբում նենց հպարտ էի ինձանով: Հիմա հասկանում եմ, որ արածս առանձնապես մեծ բան չէր, տարական գիտելիքներ ունեցող ցանկացած մեկը կաներ դա, կյանք չեմ փրկել, բայց եսիմ, անսովոր էր:

Ես առհասարակ կենսակերպով խավարասեր եմ: Բայց չգիտեմ ինչի լույսի պահանջ եմ զգում: Ինձ շատ արև ա պետք: Սենյակիս վարագույրները փոխեցի, անկողնուս ծածկոցն էլ ու հիմա սենյակս լուսավոր ու արևագույն ա: Առավոտ, երբ արթնանաում եմ բացում եմ վարագույրները, պատուհանը, որ արևը ամբողջ ուժով սենյակ լցվի ու սրևոտի պատերը, հատակը, առաստաղը: Եղանակն էլ նենց լավն ա, հենց էն ա ինչ ես եմ ուզում, ոչ շոգ ա, ոչ ցուրտ:

Միշտ կարծում էի, թե բարեկամների հարցում բախտս ամենաքիչն է բերել կամ ընդհանրապես չի բերել, բայց պարզվում ա ես խելքը գլխին բարեկամներ էլ ունեմ: Էսօր էդ իրանցից մեկին եմ գտել. Գոհարը համարյա հորքուրիս աղջիկն ա: Ու ես հիացած եմ իրենով: Ինքը երեք երեխա ունի, չէ, ավելի ճիշտ դասավորեմ միտքս. ինքը միանգամից եռյակ ա ունեցել: Մի երեխայի պահելը հեշտ չի, էլ ուր մնաց երեք փոքր, երկու տարեկան ճտերին պահելը ու էնպես անելը, որ իրենցից ոչ մեկը ուշադրության պակաս չզգա, որ հանկարծ իրենց չվնասեն, որ իրար չվնասեն: Ու ես զարմացած եմ, թե ինքը ոնց ա հասցնում ժամանակ գտնել իր արտաքինին, տան մաքրությանը հետևելու համար: Ոնց ա ինքը միշտ էդքան սիրուն ու լավը: Ոնց երբեք չի ջղայնանում:

Իսկ իրա ճուտիկները մեկը մեկից լավն են: Էկել էին ու ուզում էին երեքին էլ միանգամից գրկեի: Ու նենց հավես են բլբլում, բա ժպտալը: :love

Երեկ խոստացա, որ կզանգեմ ու տենց էլ չզանգեցի, տականք եմ, գիտեմ, բայց կներեն ինձ: Ուղղակի ժամանակը խայտառակ արագ ա թռչում ու ես ոչ մի բան չեմ հասցնում անել:

Ու ես որոշել եմ ամեն օր օրագիր գրել: Ընդհանրապես միակ բանը որ մինչև հիմա որոշածներիցս անում եմ էդ օրական երեք ժամ գրելն ա:

Երեկ ես երևի մի քիչ դեպրեսված էի, բայց էսօր էլ չէ, էսօր ես անգամ երջանիկ եմ: Էսօր ես սիրում եմ ինձ:
Չգիտեմ, կամ ես իրոք լավն եմ կամ էլ մարդիկ են մոլորության մեջ կամ էլ ինձ ուղղակի թվում ա, բայց ոնց որ թե բոլորը ինձ սիրում են :))
Մնացածի մասին հետո կգրեմ :))

Նիկեա
13.07.2016, 21:46
Էսօր գրելը սկսեմ ակումբում օրագիր գրելուց:

Մարդիկ ինձանից չափազանց շատ ժամանակ են խլում: Երեկ քնելուց առաջ համարյա մի ժամ մտածել եմ թե ինչ եմ անելու ու երբ, որ մաքսիմալ արդյունավետ լիներ էսօրս, բայց չգիտես որտեղից հայտնվեցին ինչ-որ մարդիկ, ովքեր խլեցին ժամանակիցս հսկայական կտոր ու սաղ պլաններս խառնեցին: Ու ոչ մի բան չեն տալիս ախր:

Ես արդեն երկրորդ օրն ա, ինչ վեբ ծրագրավորում եմ բզբզում: Եսիմ ինչ լուրջ բաներ չեմ անում, բայց հավես ա: Արդեն որ կոդը տեսնում եմ, սկսում եմ պատկերացնել, թե ինչպիսին դա կտեսնեին սովորական մահկանացուները ու լավ էլ պատկերացնում եմ: Ընդհանրապես ծրագրավորում սովորելն էլ ա լեզու սովորել, լեզու առանց քերականության բայց իրա օրենքներով: Եսիմ, ինձ հլը որ դուր ա գալիս:

Մի հատ իսպաներեն սերիալ էի գտել, առաջին սերիան անգլերեն սուբտիտրերով նայեցի, տեսա՝ չեմ կենտրոնանում, հաջորդ հինգ նայեցի իսպաներեն տիտրերով, իսկ հիմա ընդհանրապես առանց տիտրերի եմ նայում: Նենց չի, որ լրիվ, ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի ինձ հերիք ա ինչ հասկանում եմ, մնացածն էլ քիչ-քիչ կհասկանամ:

Ու ընդհանրապես, սովորելու էնքան շատ բան կա, որ ինձ թվում ա երբեք չեմ հասցնի սովորել էն ամենը ինչ ուզում եմ սովորել:

Որոշեցի գրողի ծոցը ուղարկել տասներեք տարեկանից կիսատ մնացած ախմախագույն սերիալը ու հանգիստ խղճով մուլտիկ նայել: Հա, էս ամառ ես մենակ մուլտիկներ եմ նայելու, ավելի ճիշտ՝ հիմնականում: Հիմա էս (https://en.wikipedia.org/wiki/Gravity_Falls) սերիալն եմ նայում, ոնց որ թե լավն ա: Կարևորը՝ թեթև ա, չի դեպրեսում, լավն ա մի խոսքով:

Ես սիրում եմ մարդկանց հետ գրքեր կարդալ ու դա նոր եմ իմանում: Էսօր «Փոքրի Իշխանը» կարդալու օր ա, էս քանի օրը կիսատ գրքերս վերջացնեմ ու «Ջերալդի խաղը» կսկսենք: Ու էն գիրքն էլ, որ հիմա եմ կարդում, էլի հեռակա ինչ-որ մեկի հետ եմ կարդում, դրա համար էլ մի տեսակ չեմ ուզում շուտ վերջացնել: Էն գրքերը, որոնք կարդում եմ ինչ-որ մեկի հետ, ինձ համար առանձնահատուկ են դառնում, դառնում են ավելի կարևոր էն մարդկանց նման, որոնց հետ կարդացել եմ դրանք:

Ստենդալ եմ կարդում, ինչ-որ «Պարմի մենաստանը»: Ինչի՞: Ես Րաֆֆուց համարյա ամեն ինչ կարդացել եմ, անգամ նամակներն ու բանաստեղծությունները, վստահ լինելու համար, որ իրոք իրան չեմ սիրում: Ստենդալի դեպքում էլ ա նույնը. ես վստահ եմ, որ իրան չեմ սիրում, ուղղակի իրանից ոչ մի բան չեմ կարդացել:

էլ ի՞նչ էի ուզում ասել: Հա՜… էսօր վերջապես նամակներ կգրեմ էն մարդկանց, որոնցից փորձել եմ թաքնվել, բայց ովքեր ոչ մի կերպ չեն թողնում ապրեմ առանց իրանց ու ես սիրում եմ իրանց:

Նիկեա
16.07.2016, 00:36
Ոնց որ նույն կինոյում խաղամ, ուղղակի էս անգամ իմը ուրիշ դեր ա: Ու ուրիշն ա խաղում էն դերը, որ առաջ ես էի խաղում ուրիշի հետ: Ու ես գիտեմ, թե հիմա ինչ ա զգում էն ուրիշը, ով իմ դերն ա խաղում, ես գիտեմ թե ինքը ինչ ա ասելու, ինչ ա անելու: Ու հիմա, երբ իմ դերը փոխվել ա, ես հասկանում եմ էն հին ուրիշին, ում դերը հիմա ես եմ խաղում, հասկանում եմ թե ինչ էր ասում, ինչի էր ասում: Ու հիմա ես եմ որոշելու` կինոն լինի նենց, ոնց առաջին տարբերակում էր, ուղղակի իմ դերը փոխվի թե ընդհանրապես կինո չլինի: Ու ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում: Ավելի ճիշտ գիտեմ, թե ինչ չեմ ուզում. տականք լինել հաստատ չեմ ուզում:

Նիկեա
22.07.2016, 02:32
Շատ-շատ հեռվից, հավանաբար թունելի մյուս կողմից ինձ էին կանչում: Լսում էի, որ անունս են տալիս, բայց ոչինչ տեսնել չէի կարողանում: Մութ էր, սարսափելի մութ: Ես իսկապես ուզում էի ձայնի ուղղությամբ գնալ, զգում էի որ ախր շատ ծանոթ ա էդ ձայնը, բայց ոնց որ կաթվածահար էղած լինեի: Հետո հանկարծ լուսացավ: Ոնց որ թափանցիկ ու կեղտոտ պլաստմասայի հետևից նայեի. ամեն ինչ մի տեսակ լղոզված էի տեսնում: Գլուխս թվում էր թե դատարկ է ու դրսի ճնշումից գանգատուփիս պատերը ներսից իրար են կպնում, ճնշում ակնագնդերիս ու որ հիմա ուր որ է աչքերս ցավից դուրս կթռչեն: Ականջներումս էլ տարօրինակ ու տհաճ խշշոց էր: Հետո փորձեցի քայլել ու… ու պարզվեց, որ ես ինչ-որ թափանցիկ գնդի մեջ եմ: Զգում էի, թե ամեն անգամ քայլ անելիս ոնց եմ ոտքս գնդի կոր պատերին դնում, ոնց է գունդը սկսում պտտվել ու ես էլ գնդի հետ առաջ էի գնում: Գնդի թափանցիկ պլաստմասայի հետևից նայում էի աշխարհին ու զգում հերթով բոլոր պտույտներս էնքան, մինչև գլուխս սկսեց պտտվել, պտտվել, պտտվել, սիրտս սարսափելիորեն խառնում էր ու ես ընկա գնդիս պայմանական հատակին: Միակ բանը որ ուզում էի, էդ գրողի տարածից դուրս գալն էր: Հասկանալու համար թե ինչպես էի դրա մեջ հայտնվել, 3 ժամ հետ գնանք կամ ավելի ճիշտ` մի քանի տարի:

Ես հինգ մորքուր ունեմ ու 13 մորքուրի երեխա: Իրանցից ոմանք հենց մորքուրի էրեխա են, բայց էդ 13-ի մեջ ես ախպերներ ու քույրեր էլ ունեմ: Ու բանը կայանում էր նրանում, որ էդ ախպերներիցս մեկին ամսի 19-ին բանակ էին տանելու:

Արդեն լույս 19-ի գիշերն ա, ժամը ուղիղ 3-ը: Մենք` ես ու ախպերս դեռ խոհանոցում նստած ենք ու փորձում ենք էնպես ծիծաղել, որ տնեցիները չարթնանան: Էնքան էլ լավ չի ստացվում, բայց ամեն դեպքում փորձում ենք: Ու էդ պահին չգիտեմ ինչ դև ա մտնում մեջս ու գլուխս լցնում էն մտքով, թե քանզի առավոտ ախպերս բանակ ա գնում, պետք ա էսօր օգտագործել վերջին առիթն ու իրա հետ պայթելու աստիճանի խմել: Ինձ թվում ա սաղ մեղավորը նախորդ օրը պապիս հետ խմած 5 բաժակ տնական թթի օղին էր, որը դեռ լրիվ օրգանիզմիցս դուրս չէր եկել ու հիվանդագին մտքեր էր հարուցում: Բայց դե ինչ? Կար միտք, որը բարձրաձայնվելուց հետո հավանության էր արժանացել ու մնում էր մենակ իրագործել:

Ու մենք խմեցինք: Մի շիշ օղի, 2 հոգով ու վերջին երեք բաժակը մենակ խմեցի, որովհետեւ իրա սիրտը արդեն խառնում էր, իսկ ես սկսել էի երգել ու մլավել: Նենց տարօրինակ ա. ես հիշում եմ համարյա ամեն ինչ, էն դեպքում երբ նախկինում ավելի քիչ խմած ժամանակ շատ բաներ մոռացել եմ: Հիշում եմ ասածս բոլոր կենացները: Հիշում եմ, որ ասում էի` ինչքան էլ խմեմ, մեկ ա չեմ ասելու թե ես խմած չեմ, հիշում եմ կոտլետի վրա խտացրած կաթ ու կեչուպ քսելը ու որ ուտելուց հետո ասում էի թե անմոռանալի համ ուներ: Հիշում եմ, որ ամեն ինչից երկու հատ էի տեսնում:

Հետո մի պահից սկսած մտքերս մենակ մի առանցքի շուրջ էին պտտվում. երկար-երկար թափառումներ ու թիթեռնիկի էֆֆեկտ, լիքը շոկոլադ որ միշտ վերջանում էր, անկապ հարցեր բարի ծաղկակաղամբի ու չար թզուկի մասին ու մադմուազել Նուար թե Նոիր: Դեղին փուչիկներ ու խնձոր: Ու մեկ էլ հոպ` քեզ բռնացնում ես էն ժամանակ երբ արդեն սիրահարված ես, չնայած երևի էն թիթեռնիկի էֆֆեկտի ժամանակից էիր սիրահարվել: Հետո… Հետո Հաղթական Կամարն էր թե Հաղթանակի կամուրջը? բալի համով չուպաչուպս ու կաթնածիր ծիրկաթին... Հունվարի 10-ին նոր տարի ու բաղնիքի դուռ, որ նենգաբար փակված մնաց, մինչև փրկարարները չեկան ու դուռը բացեցին, որովհետև բարեբախտաբար մինչև էդ գազի արտահոսք էր էղել ու խոհանոցի լուսամուտը բաց էր, թե չէ չէին կարողանա տուն մտնել ու ես կմնայի բաղնիքում բանտարկված: Հետո անվերջ ուզում-եմ-որ-լավ-լինեսներ ու առավոտ գիշերը մրսելուց մնացած գլխապտույտ ու սրտխառնոց: Հետո գծավոր գուլպաներ ու 21 օր: Հետո գարուն` Սունդուկյանի այգում նստած, նամակ, պատմվածք, շոկոլադ, ականջօղեր ու շրթներկ: Հետո մարտ: Մարտի 11-ին էլ էր նոր տարի, էս անգամ ացտեկների տոմարով, երբ վերջանում էին տարվա ոչ մի եղանակի չպատկանող 5 օրերը ու ծագող արևի հետ նոր օր էր սկսվում… 5 փորձ… Անընդհատ, ամեն վայրկյան մենակ չլինելու, քո ինչ-որ մեկին մաշկիդ տակ կրելու սարսափելիորեն հաճելի զգացողություն: Հիստերիայի նոպաներ, դեպրեսիաներ, երջանկություն: Նավասարդը ասում էինք թե միասին կնշենք ու կստացվեր որ ճանաչում ենք իրար արդեն 3 տարի, ամենաքիչը… Գրական առաջադրանքներ մեկը մեկից տարբեր, մեկը մեկից դախ… Քնելուց առաջ զանգել ու չխոսել, չխոսել ժամերով, մինչև քնելը… Հետո? Հետո ես զգում եմ, որ մտքերով վաղուց հեռացել եմ ախպորս կողքից ու որ մեկ լացում եմ, մեկ ծիծաղում ու ինքն էլ է հարբած էնքան ինչքան ես ու ինքն էլ հետս համ լացում է համ ծիծաղում:
Հետո ախպերս ինձ տանում ու շպրտում ա անկողնուս վրա, բայց ես որոշում եմ բազմոցին քնել: Թարս հագնում եմ գիշերանոցս, էլի անկապ ծիծաղում ու պառկելուց 1 րոպե հետո ես արդեն քնած էի: Ասում են` քնած ժամանակ էլ մեկ լացել եմ, մեկ ծիծաղել, բայց ավելի հաճախ ուղղակի մլավել եմ… մյաու…

Երեք ժամ հետո լուսանում է, ինձ զոռով արթնացնում են: Ես զգում եմ ինձ վերը նկարագրված իրավիճակում: Ու ես սարսափելի շատ զզվում եմ ինքս ինձանից: Անգամ հետ տալուց հետո ամբողջ օրը սիրտս խառնում էր, բացի խնձորից ու սալորից էդպես էլ ուրիշ բան չկերա էդ օրը, որովհետև մնացած ամեն ինչի տեսքից անգամ վատանում էի: Ու ես երբեք, ոչ մի դեպքում ոչ մի գրամ ալկոհոլ էլ չեմ օգտագործի: Ու… ու ինչի եմ գրում էս ամենը? Եսիմ, ուղղակի քունս չի տանում...

Նիկեա
22.07.2016, 18:31
Էկեք խմենք պատճառների կենացը: Սեփական սխալները, սեփական թերությունները տեսնելու պատճառների… պատճառների, որոնք մեզ փոխում ու ավելի լավն են դարձնում: էն պատճառների, որոնք մեզ ստիպում են կարդալ գրքեր, որոնք երբեք երևի չկարդայինք, լսել երգեր, որոնք հազիվ թե հատուկ փնտրեինք լսելու համար, անընդհատ նայել նույն կինոն կամ մուլտիկը, նայել էնքան մինչև ամեն ինչ անգիր կանենք: Էն ամենի, որոնց պատճառով մինչև կոկորդը ինչ-որ խառը գործերի մեջ թաղված փորձում ենք ինչ-որ բան սովորել, ինչ-որ նոր բան: Սխալվելու, փախնելու, կորելու, դեպրեսվելու ու երջանիկ լինելու, ժպտալու, անկապ բարձր ծիծաղելու ու անկապ անձայն լաց լինելու պատճառինը… Էն ամենի, ինչը պատճառ դարձավ ավելի ուժեղ դառնալուն, ինքդ քեզ հաղթելուն, ումից ումից, բայց քեզանից չփախչելուն… էլ ոչ մեկից չփախչելուն: Էն, որ ստիպեց էլի բանաստեղծություն գրել, թեկուզ որ էդ էղավ միակը: Ես զզվում էի գարեջրից, բայց խմեցի, էդ պատճառի կենացն էլ… Թափառումների ու էդ թափառումների պատճառով մաշված կոշիկների պատճառի կենացը, որովհետև իմ մաշված ու հին կոշիկները հիմա իրանց մեջ պահում են կիլոմետրերով ձգվող կանաչ լուսացույցներով ճանապարհ ու դրանից իրանք ավելի թանկ են դառնում, քան աշխարհի բոլոր նոր ու չհագած կոշիկները միասին վերցրած: Շրջազգեստ հագնելու պատճառինն էլ: Ու հա, ես առանց շաքարի թեյով կխմեմ թեյը առանց շաքարի խմելու պարճառի կենացը:

Նիկեա
24.07.2016, 00:49
Ես որ փոքր էի, գուլպաներս էնքան էի ձգում, մինչև հասնում էին ծնկներիս: Բոլոր գուլպաներս պետք ա ծնկից վերև լինեին կամ գոնե ծնկիցս: Էսօր երազիս իմ հին սենյակում` մահճակալիս վրա նստած էի ու գուլպաներս էի հագնում, ձգում էի որ հասնեն ծնկներիս բայց չէին հասնում, որովհետև ես մեծացել էի մի քիչ: Մեծացել էի էնքան, որ գուլպաները ծնկներիս չէին հասնում, բայց դեռ փոքր էի էնքան, որ ոտքերս էլ գետնին չէին հասնում ու մահճակալից կախված էին: Դեռ փոքր էի, որովհետև ոտքերս գետնին չէին կպնում, բայց համ էլ մեծ էի էնքան, որ չէի վախենում թե մահճակալի տակ թաքնված ինչ որ մեկը կբռնի ոտքս: Ու հա, ես հիմա մի քիչ ավելի մեծ եմ, բայց դեռ փոքր եմ, բայց մի օր իմ ոտքերը կհասնեն գետնին, գուլպաներս կլինեն ծնկից ներքև սովորական գուլպաներ, մահճակալի տակի հրեշն էլ վաղուց մենակությունից մեռած կլինի ու ինձ հետաքրքրում ա, թե էդ ժամանակ ինչը կլինի էն մյուս կշռաքարին, որը կհավասարակշռի մեծանալս, որ չնայած էդքան մեծ լինելուն, մի էդքան էլ փոքր լինեմ:

Նիկեա
29.07.2016, 19:38
Երեկ մորքուրիս վեց տարեկան տղան հարցրեց, թե ես ո՞նց եմ տեսնում առանց ակնոցի… ու իրոք, ո՞նց եմ տեսնում ես առանց ակնոցի: էս հարցը երևի ամենադժվար հարցերից է, որ երբևէ ինձ տվել են ու երևի կշարունակեն տալ:

Առանց ակնոցի… Ակնոցներ սկսել եմ կրել ուղիղ ութ տարի առաջ, երբ նոր էի տասնմեկ տարեկան դարձել ու էդ ժամանակ Հարրի Փոթթերը իմ կուռքն էր (ինչի՞ մենակ էդ ժամանակ, հիմա էլ, որ դեպրեսվում եմ, մի օրում նայում եմ բոլոր յոթ սերիաները): Բնականաբար առաջին ակնոցս կլոր շրջանակով էր ու ես հենց ամենասկզբից սիրեցի իրանց: Հիմա իրանք իմ մարմնի մի մասն են դարձել էնքան, որ մեկ-մեկ արդեն ինքս եմ ինձ հարցնում՝ ես քնելիս հանու՞մ եմ ակնոցս: Բայց չէ, իրոք, ո՞նց եմ ես տեսնում առանց ակնոցի:

Լինում է, չէ՞, որ ուժեղ անձրև է գալիս ու դուք լուսամուտի մոտ կանգանծ դուրս եք նայում: Թաց ապակուց էն կողմ աշխարհն ու ամեն ինչ մի տեսակ լղազված է թվում, ոնց որ ամեն ինչ լուծվի անձրևի մեջ: Առանց ակնոցի տեսնելը շատ նման է էդ թաց ապակու միջով նայելուն, բայց թաց ապակու միջով նայել չի:

Առանց ակնոցի… Առանց ակնոցի էլ է երկինքը կապույտ, ամպերը՝ սպիատակ, ուղղակի մենակ էդքանը. երկինքը կապույտ է, ամպերը՝ սպիտակ, իսկ ամպերի մեջ թաքնված շունը, արջը, վիշապն ու դինոզավրը չկան, առանց ակնոցի ամպերը ուղղակի ամպեր են, լավագույն դեպքում հսկայական սպիտակ, փափուկ բարձեր: Իսկ գիշերը երկինքը համարյա սև է, լրիվ սև, լուսինը՝ հեռու հեռվում վառված լամպ, որ հազիվ է լույս տալիս, իսկ աստեղ ու համաստեղություններ չկան, չեն կարող լինել, համենայն դեպս ոչ քեզ համար, որովհետև դու առանց ակնոցի ես:

Առանց ակնոցի անտառը ուղղակի ինչ-որ կանաչ կուտակում է ինչ-որ կանաչ լանջի վրա: Էդտեղ չկան ու չեն կարող լինել սոճիներ, եղևնիներ, բարդիներ, սոսիներ ու կեչիներ, էդտեղ ուղղակի ծառեր են և վերջ:

Առանց ակնոցի գետնին մրջյուններ չկան, ուղղակի գոյություն չունեն մրջյունները էդ դեպքում, մյուս միջատներն ու մոծակներն էլ, հատկապես մոծակները, որովհետև իրանք սկսում են գոյություն ունենալ մենակ էն ժամանակ, երբ քեզ կծում են:

Առանց ակնոցի մարդիկ, դեմքերը… առանց ակնոցի մարդիկ դեմքեր չունեն, մեկի դեմքը խառնվում է մյուսին ու ոչնչով չեն տարբերվում մեկը մյուսից, դեմքերի վրա հալվում ու իրար են խառնվում ամեն ինչ, բոլոր դիմագծերը, քիթը լուծվում ու հավասարվում է ճակատին, իսկ աչքերը դառնում են գլխի վրա բացբած ինչ-որ անցքեր: Առանց ակնոցի բոլոր մարդիկ իրար նման են, առանց ակնոցի բոլոր մարդիկ նույնն են:

Առանց ակնոցի տեսնում եմ էնպես, ինչպես առանց ակնոցի բոլոր մարդիկ, ուղղակի էդ մարդկանցից շատերը կարճատես չեն ու ոչ էլ հեռատես են, ու ոչ մի ակնոց չի օգնի իրենց:

Նիկեա
31.07.2016, 19:32
Էսօր հուլիսի վերջին օրն է ու ես պատրաստվում եմ էդ օրվա վերջին մասը լցնել գրելով, մենակ գրելով:

Քննություններս վերջացրել էի ու ունեի լիքը ազատ ժամանակ, բայց ամսվա սկզբում էդ ժամանակը օգտագործում էի կամ դեպրեսվելու կամ էլ կարդալու համար:

Ես գիտեի ինչ է լինելու ու սաղից թաքուն նախորոք դեպրեսվում էի իմ համար հետո էլ էդ ամեն ինչում մեղադրում ցածր ճնշումիս, չնայած որ ճնշումս իրոք խայտառակ ցածր էր ու ես ինձ թուփ էի զգում, բայց գուցե էդ պայմանավորված էր դեպրեսիաներովս: Ինչևէ:

Հեմինգուեյ էի կարդում, «Հրաժեշտ Զենքին»: Էդ գիրքը կարդալը միշտ հետաձգել եմ, որովհետև էն մարդը, որ խորհուրդ էր տվել դա կարդալ, չէր զլացել ու պատմել էր թե ինչ ա լինում գրքի սկզբում, ընթացքում, վերջում: Ես համարյա ամեն ինչ գիտեի ու էդ գիրքը մի տեսակ չէր ձգում: Բայց կարդացի: Մեկուկես օրում ու վերջում Ազգային գրադարանում նստած տզզում էի: Ախր ես գիտեի թե ինչ ա լինելու, ես պատրաստ էի վերջին, բայց մեկ ա չդիմացա, հուզվեցի ու լաց էի լինում:

Դրանից անմիջապես հետո սկսեցի իսպաներեն սովորել: Ավելի ճիշտ՝ վերհիշել էն, ինչ գիտեի ու շարունակել: Արագ առաջ էի գնում: Հավես էր: Հիմա իսպաներենը մի քիչ աչքաթող եմ արել, բայց երեկ երբ հանկարծ սթափվեցի ու հասկացա որ լսածս երգը իսպաներեն ա, ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ ես համարյա ամեն ինչ հասկանում եմ ու էդ կինո կամ մուլտիկ չէր, որ նայելով իմաստը գլխի ընկնեի, երգ էր ու ես հասկանում էի: Սովորածս չեմ մոռացել: Ու ընդհանրապես, սովորածը սովորաբար չեն մոռանում:

Հետո էկավ էն օրը, որին չգիտեմ սպասում էի թե չէ ու որի պատճառով նախօրոք էդքան դեպրեսվել էի: Հուլիսի ութը երևի կյանքիս ամենասիրուն օրն էր, թափանցիկ ու սիրուն: Էդ օրը լիքն էր մարդկանցով, նենց մարդկանցով, որոնք ինձանից էներգիա խլելուց բացի հսկայական էներգիա էին տալիս ու գուցե շատերին, ում հանդիպեցի էդ օրը էլ երբեք չտեսնեմ, բայց իրանց միշտ-միշտ հիշելու եմ երևի որովհետև իրանք յուրահատուկ էին ու իրանց հենց էդ օրը հանդիպեցի: Ու էդ օրն էլ էր հատուկ: Որոշ մարդկանց նոր լույսի տակ տեսա ու ավելի շատ սիրեցի: Ու քայլեցի, շատ քայլեցի էդ օրը: Հարբելու չափ:

Երանի մի օր կարողանամ էնքան սիրուն գրել, որ պատմեմ էդ օրվա մասին: Սիրուն, սիրուն, սիրուն օր: Լինում են, չէ՞, շատ սիրուն գրքեր, շատ սիրուն ֆիլմեր, որ վերջանում են մի վերջով, որը փչացնում ա էն սիրունությունը, որ կար: Սիրուն բանի վերջն էլ պետք ա սիրուն լինի ու էդ ամենասիրուն վերջն էր, որ հնարավոր էր հորինել: Ամեն ինչ սկսվել էր, էն օրը, երբ մայրամուտ էր ու վերջացավ արևածագի օրով:

Ասե՞մ, որ հաջորդ օրը կյանքիս ամենադեպրեսիվ օրն էր: Ասում եմ: Բայց դե իմ դեպրեսիաները մոտիվացնում են ինձ… հիմնականում, ու սկսվեց իմ կյանքում վեբ ծրագրավորում սովորելու ժամանակաշրջանը: HTML ու CSS էի սովորում, յանի: Հավես էր, բայց վերջին մի շաբաթում ոչ մի բան չեմ արել: Կիսատ չեմ թողնի, հաստատ կշարունակեմ: Որովհետև ինձ դուր են գալիս նաև էդ լեզուները: Ու համ էլ, կարծում եմ, մի օր հաստատ պետք կգան:

Սրան հաջորդեց մի կարճ էտապ, երբ ես բացարձակապես ամեն ինչի վրա թքած ունեի, ամեն-ամեն ինչի: Ոչինչ ու ոչ ոք գոյություն չուներ ինձանից դուրս, ինձանից բացի: Մենք էինք մենակ՝ ես ու իմ դեպրեսիաները, դատարկ մտքերը: Բայց չէ, գրողը տանի չէ, ես ուղղակի ուզում էի անջատել ինձ ու ոչինչ չզգալ, որովհետև տենց ավելի հեշտ ա: Անգամ պարապում էի չլացելու վրա: Դե հասկանու՞մ եք, ես ամեն ստից բանից աչքերս լցնում եմ ու սկսում տզտզալ: Հետո հասկացա, որ պետք չի փոխել էդ: Եթե ամեն ստից բանից չլացեմ, ամեն ստից բանից չեմ էլ ծիծաղի, էս երկուսը իրար հավասարակշռում են ու թող տենց էլ մնան:

Ես որոշել էի, որ ամռանը տուն եմ գալու ու հնարավորինս քիչ մարդկանց տեսնեմ: Գրադարանից էնքան գրքեր վերցրեցի, որոնք մինչև օգոստոսի վերջ ինձ կհերիքեին ու էլ ստիպված տանից դուրս չէի գա: Ֆեյսբուքը արդեն սառեցրել էի: Ու թվում էր թե վերջ. ես վերջապես փախել եմ բոլոր մարդկանցից, բայց չէ՜, իրանք շարունակում էին ինձ հետևել ու հետապնդել: Արդյունքում էն պլանները, որ ես կազմել էի, ջուրն ընկան: Ես չեմ ապրում իմ կազմած գրաֆիկով, բայց, ինչ խոսք, սենց էլ վատ չի: Ի վերջո էս տարվա անելիքներիցս մեկը չկզիանալն էր: Անգամ ինձ հաջողվել ա բարեկամներիս մեջ հետաքրքիր դեմքերի բացահայտել ու ես ինձ այլևս դժբախտ չեմ զգում: :))

Վերջերս մորքուրենցս տանն էի, ամենափոքրի ու մի քանի օր պետք ա մնայի, դայակություն անեի ճտերին: Մենք իրար շատ էինք սիրում, իրոք, բայց էդ մասամբ պայմանավորված էր նաև նրանով, որ խեղճ էրեխեքը ինձ համարյա չեն տեսնում ու երբ հանդիպում ենք, չենք հասցնում իրար զզվեցնել, բայց էդս անգամ ամեն ինչ ուրիշ էր: Իրենք իմ պատասխանատվության տակ էին ու ես պետք ա հետևեի իրանց հենց էն ժամանակ, երբ ամենաշատն էի զզվում մարդկանցից: Երբ ոչ մեկի համար չէի ուզում էներգիա ծախսել, բայց երկու փոքր էրեխեքի հետ գործ ունենալիս էներգիա չծախսելը մի քիչ անհնար ա: Մանավանդ երբ պարզ ա դառնում, որ իրանք շատ քմահաճ են ու ամեն ինչ չի որ ուտում են ու ընդհանրապես, իրանց կերցնելն ու քնացնելը երևի ամենադժվար բաներից ա որ երբևէ արել եմ: Բայց արել եմ: Մորքուրս հարցնում ա, թե ոնց եմ ստիպել էրեխեքին կանաչ լոբի ու ոսպով ու բրնձով փլավ ուտել: Իսկ ես իսկի չեմ էլ ստիպել. իրենք բավականաչափ իմաստուն էին և հասկացան ինքնուրույն: Իսկ քնելը… «Սուրի ու Սամի արկածներն» էի կարդում ու մենք երջանիկ քնում էինք: Բա որ մի անգամ մորքուրս ու իրա ամուսինն էլ քնեցին էն ընթացքում, երն ես գիրք էի կարդում: :))
Հիմա մենք իրար ավելի շատ ենք սիրում, քան առաջ ու օրերն ենք հաշվում, թե երբ են անցնելու էս տաս օրերը, որ էլի իրենց մոտ գնամ: Ախր շատ լավն են իրանք… Իրանք ինձ ավելի շատ օգնեցին, քան սպասում էի ինչ-որ մեկից, ավելի շատ քան ինքս ինձ կօգնեի:

Ու ես էս ամիս լիքը բաներ եմ հասկացել.

1. եթե գիտես, թե վերջում ինչ է լինելու, դա դեռ չի նշանակում թե վերջում չես հուզվելու, դա դեռ չի նշանբակում թե դու վերջին պատրաստ ես ու ընդհանրապես, մենք երբեք վերջին մինչև վերջ պատրաստ չենք լինում
2. ամեն ինչը կամ համարյա ամեն ինչը մի օր անցյալ ա դառնում ու բնականաբար դու էլ կարող ա մի օր լինես շատ մարդկանց անցյալում, ընդամենը: Բայց էդ պետք ա կարողանալ գնահատել, որովհետև, վերջիվերջո, դու ինչ-որ մեկի կամ մեկերի անցյալի մի կտորն ես ու ներկա էիր մի ժամանակ:
3. ես սիրում եմ, որ մարդիկ ինձ հիմնականում սիրում են: Նենց հավես ա: Չէ, իրոք հավես ա

էլի բաներ էի հասկացել, բայց մոռացա: Էս գրառումը նման չէղավ նրան, որը ես էի պատկերացնում:

Ես չեմ ուզում մարդկանց կորցնել ու չեմ կորցնի: Ես գիտեմ, որ կարող եմ անտանելի զզվելի տզտզան լինել, ես գիտեմ որ բզիկավոր հիստերիկ եմ մեկ-մեկ դառնում ու գիտեմ, որ երբ ինձ հինգ տարեկանի նման եմ պահում… ես լավը չեմ, երբ ինձ հինգ տարեկանի պես եմ պահում: Ես գիտեմ, որ դժվար ա լինել իմ կողքին, ինձ հետ, դժվար ա լինել իմ ընկերը, մեկը, ով կլսի տզտզոցներս ու հիստերիկ, անկապ ծիծաղս… ես գիտեմ, որ դժվար ա լինել իմ մարդը, բայց ես… ես սիրում եմ էն մարդկանց, ովքեր իմ կողքին են անկախ իմ էսպիսին լինելուց, անկախ ինձանից: Իրանք թունելի վերջի լույսն են… չէ, իրանք թունելի վերջում չեն, իրանք լուսավորում են բոլոր մութ թունելները… ես սիրում եմ իրանց, անսահման շատ: Գուցե ես միշտ չէ, որ լավ, իսկական ընկեր եմ եղել, բայց իրանք ինձ սովորեցրել են, թե ինչպիսին են լինում իսկական ընկերներ: Գրողը տանի, ես բախտավորագույն մարդ եմ, որովհետև ունեմ իրանց ու հաստատ, երբեք, ոչ մի դեպքում չեմ կորցնի:

Ու պարզվում ա՝ ես իմ պատկերացրածից ավելի ուժեղ էի/եմ:

Նիկեա
02.08.2016, 02:19
Ու հետո մի օր հասկանում ես, որ սարսափ ֆիլմերը արդեն հետաքրքիր չեն, որովհետև չկան էն մարդիկ, որոնց հետ դու սարսափ ֆիլմեր էիր նայում: Մեկն ամուսնացել ա, էն մեկը բանակ ա գնացել, էն երրորդն էլ քո հավեսը ընդհանրապես չունի: Էլ ախպերդ մահճակալի տակ հատուկ չի թաքնվում, որ ոտքդ քաշի ու դու ամբողջ կոկորդով չես բղավում դրանից հետո: Թեյիդ մեջ ոչ մեկ աղ չի լցնում ու համարյա ուշաթափվելու աստիճան ոչ ոք քեզ խուտուտ չի տալիս, որ դու սարսափ ֆիլմ նայելիս ավելի շատ ծիծաղես, քան ցանկացած կատակերգության ժամանակ: Ու մի օր քեզ բռնացնում ես մենակ սարսափ նայելիս: Տխուր ա:

Մենք մեր սիրած շորերը սովորաբար էնքան ենք հագնում, մինչև մաշվում են էն աստիճանի, որ էլ հագնել չի լինում: Մտածում եմ` կարող ա նույն սկզբունքը գործում ա նաև մեր սիրած մարդկանց դեպքում? Իրանց շատ, շատ, շատ, շատ ենք սիրում, էնքան շատ, որ դրանից մաշվում են: Մտածում եմ` կարող ա մարդկանց պետք չի էդքան սիրել: Կամ ընդհանրապես, էդ դեպքում պետք ա սիրելի մարդկանց պահել դարակում, մնացած ամեն ինչից հեռու ու առանձին: Բայց չէ, մարդիկ հո շորեր չեն: Մարդիկ... մարդիկ են:

Ես մի բզիկ ունեմ, չգիտեմ երբ եմ ձեռք բերել: Մարդկանց անունները տալու, մարդկանց կանչելու բզիկ: Օրինակ` ես ու մաման նստած ենք նույն սենյակում ու եթե էդ պահին բռնում ա բզիկս.
- Մամ:
- Հա?
- Ոչ մի բան:

Ամենաշատը ախպորս ա ջղայնացնում էս. կարծում ա, թե ձեռք եմ առնում: Բայց չէ, գրողը տանի, երջանկացնող, թեթևացնող զգացողություն ա, երբ տալիս ես մարդու անունը ու ինքը պատասխանում ա "հա", "ինչ"... Ուղղակի մեկ-մեկ ինձ հազիվ եմ զսպում, որ բարձրաձայն չասեմ անուններ, որից հետո պատասխան չեմ ստանալու:
Երանի ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի անունը տայինք, կարողանայինք լսել իրա պատասխանը:

Մի տեսակ մելամաղձիկ գրառում ստացվեց: Սենց չէի ուզում: Ախր ես ուրախ եմ:

Նիկեա
02.08.2016, 17:05
Այո, ահավասիկ անսահման է մարդկային հիմարությունը և ես ամեն օր սեփական օրինակներով դա ցույց եմ տալիս: Իսկ թե ինչ եմ արել ես էս անգամ, չեմ ասի:

Նիկեա
06.08.2016, 13:36
Ինձ միշտ թվացել է, որ ես չեմ սիրում հրաժեշտները: Ու երևի իրոք չեմ սիրում: Ամեն անգամ ինչ-որ մեկին, ինչ-որ բանի հրաժեշտ տալիս հետո երկար դեպրեսվում եմ, որովհետև, ախր յուրաքանչյուր հրաժեշտ կարող է լինել վերջինը: Երբ ինչ-որ մարդիկ են քեզանից գնում, երբ դու ես գնում ինչ-որ մարդկանցից, թողնում ես ինչ-որ կարևոր տեղեր, դու հաստատ չես կարող ասել` էլի հետ կգաս, էլի կլինես էնտեղ, որտեղ էիր, էլի կլինեն էն մարդիկ, որոնք կային: Ամեն հրաժեշտ լիքն է հարցականներով ու չգիտես` էդ հերթականն է թե վերջինը, չգիտես կլինի հաջորդ հանդիպում, որը էլի հրաժեշտով կվերջանա թե հաջորդ օրը 8-րդ հարկի պատշգամբից գլխիդ ծաղկաման կընկնի ու, լավ, շատ վատատես չլինենք, մեռնելու փոխարեն դու ուղղակի կկորցնես հիշողությունդ: Բոլոր հիշողություններդ: Ամեն անգամ, երբ ինչ-որ տեղից, ինչ-որ մարդկանցից գնալուց առաջ հրաժեշտ ենք տալիս, էդ պահին մենք հրաժեշտ ենք տալիս նաև ինքներս մեզ, որովհետև ինչքան էլ չուզենանք մեզանից մի մասնիկ թողնում ենք էնտեղ, որտեղից գնում ենք, թողնում ենք էն մարդկանց, որոնց թողնում ենք: Ամեն անգամ մենք նաև ինքներս մեզ ենք հրաժեշտ տալիս ու չգիտենք հաջորդ հանդիպում կլինի ինքներս մեզ հետ թե չէ: Ու ընդհանրապես, ինչպիսին կլինենք մենք հաջորդ հանդիպման ժամանակ, կճանաչենք մենք ինքներս մեզ? Ու մենք փոխվում ենք հրաժեշտից հրաժեշտ ու կամ ավելի լավն ենք դառնում կամ ավելի վատը:

Նիկեա
07.08.2016, 18:02
Ես շատ ընկերներ ունեմ, ինչ խոսք: Հա, մարդիկ ինձ սիրում են, ես մարդկանց եմ սիրում ու ես շատ մարդիկ ունեմ ու ես ինձ հարուստ ու երջանիկ եմ զգում դրա համար: Բայց ես ունեմ շատ մարդիկ ու մի հատ Անժել: Ես կարող եմ սրանից ավել չշարունակել էս գրառումը, որովհետև ես դեռ էնքան լավ չեմ գրում, որ Անժելի մասին գրեմ նենց, ոնց պետք ա, բայց հիմա, էս պահին ես ուզում եմ հենց իրա մասին գրել: Ինքը էն մարդկանցից մեկն է, ում համար ակումբին ինչքան էլ շնորհակալություն հայտնեմ, մեկ ա քիչ կլինի, սարսափելի, չափազանց քիչ:

Ես զարմանում եմ՝ ինչի՞ էինք մենք մեր առաջին հանդիպումը հետաձգում մինչև նոյեմբերի տասնչորսը: Իրոք չեմ հասկանում: Ո՞նց կարելի էր:

Էդ օրը ամպամած էր ու ցուրտ: Ուսխորհրդում չեմ հիշում ինչ էր եղել ու դասերից հետո կես ժամ ավել մնացի համալսարանում, հետևաբար ես կես ժամ ուշացա էդ ֆանտաստիկ, պատմական, ճակատագրական հանդիպումից: Օպերայի մոտով անցնելիս քամին ծառից ճյուղեր պոկեց ու քիչ էր մնում գլխիս խփեր: Հիմա եմ հասկանում, որ դա աստվածների նշանն էր և նախազգուշացնում էր այն բոլոր փորձությունների մասին, որոնց միջով պետք է միասին անցնեին: :D:D

Արամ Խաչատրյանի արձանի կողքին՝ նստարանի վրա նստած էր Անժելը՝ արևագույն դեղին ժակետով, մազերը կապած էին ու բացի դրանից կտորից սպիտակ աբադոկ ուներ (ես չգիտեմ էս զրթիկի հայերեն անունը): Ու բնականաբար, մեր առաջին հանդիպումը, ինչպես շատ ակումբցիների հետ առաջին հանդիպումը, հեչ նման չէր առաջին հանդիպման: Էն տպավորությունն էր, որ մենք հազար տարի ճանաչում էինք իրար, ուղղակի մի հազար տարի չէինք հանդիպել: Առանց հերթ տալու բլբլում էինք: Էդ օր ես համալսարանում ահագին թրոլել էի, կուրսեցի մի աղջկա, մի շատ հայեցի անձնավորության ասել էի, թե սիրահարվել եմ իրեն ու զգացմունքներս ապացուցելու համար բանաստեղծություն էի գրել: Էդ գլուխգործոցը կարդացի Անժելի համար ու մենք մի կուշտ ծիծաղում էինք: Ամիրյանով քայլելիս մեր կողքով անցավ Ձայնալարը ու մինչև ես կհասցնեի հասկանալ, թե ինքը ով էր, կհասցնեի ասել Անժելին ու մենք կորոշեինք բարևել, Ձայնալարը կորավ մեր տեսադաշտից: Հետո էլի երկար թափառում էինք ու խոսում ու ջրիկանում: Ցուրտ էր, բայց էնքան ջերմ էր, էնքան ջերմ, որ հիմա էլ հիշում ու ջերմանում եմ:

Հաջորդ հանդիպումը կարծեմ երկու օր հետո էր: Իսկ դրանից հետո երևի համարյա ամեն օր:

Անժելը… ինքը բարիագույն, դախագույն, ագռավագույն մի անձնավորություն ա: Ինքը չի նեղանում ինձանից երբեք, ոչ մի դեպքում: Ընդհանրապես, մենք չենք նեղանում, երևի ինչ-որ բան սխալ ա… կամ չափազանց ճիշտ: Ես կարող եմ տզզալ ժամերով, նվնվալ, ամեն ինչից բողոքել: Ինքը էն մարդն ա, ում կարող եմ զանգել, գրել միշտ, կարող եմ ասել բոլոր հիմարություններս: Դեպրեսված ժամանակ կզանգեմ, կպատմեմ դեպրեսիաներիցս, հետո կասեմ, որ ինձ լուրջ հոգեբանական օգնություն ա պետք, հետո մի անգամ էլ կտզտզամ ու կհասկանամ, որ ինձ անհրաժեշտ հոգեբանական օգնությունը արդեն ստացել եմ: Կամ երբ բզիկներս բռնեն, կխնդրեմ հեռախոսը չանջատի մինչև տուն հասնեմ: Կամ կորոշեմ լինել հեզ ու խոնարհ, ժպտերես, բարի աղջիկ մը, որ Անժելի մաման ինձ հավանի հետո էլ աշխարհով մեկ կլինեմ, որովհետև, հասկանու՞մ եք, Անժելի մաման ինձ հավանել ա:

Ու սարսափելի հաճելի զգացողություն ա, երբ ունես մեկը, ով միշտ կողքիդ կլինի, ով քո դարդերով, քեզ հավասար տապակվում ա ու քեզ հավասար ուրախանում: Անժել :love Թող ես ղզիկ լինեմ, բայց էս վերջերս անընդհատ, աջուձախ հուզվում եմ ու հիմա էլ: Ես ախր ասելու լիքը բաներ ունեմ, բայց ինչ-որ բան ասելը, հատկապես կարևոր ինչ-որ բան, միշտ էլ դժվար ա եղել ինձ համար: Մի խոսքով՝ կըռ-կը՜ռ: :cry:kiss

Նիկեա
12.08.2016, 19:28
Ես ուզում եմ գրող դառնալ, իսկ լավ գրող դառնալու համար պետք է գրել, գրել ամեն օր ու ամեն անգամ ավելի ու ավելի լավ գրել: Գրողը պետք է ապրի գրելով: Իսկական գրողը պետք է կարողանա բառերի մեջ տեղավորել ամեն ինչ, անգամ էն ամենը ինչ ուրիշները չեն կարողանում զգայարաններում տեղավորել: Իսկական գրողը պետք է կարողանա նենց գրել, որ մարմնովդ զգաս կարդացածդ անգամ եթե էդ ամենը ապրած չլինես: Երբեք, ոչ մի դեպքում զգացած չլինես: Ես մի օր կդառնամ իսկական գրող:

Էսօր ուզում էի թարգամանություն անել: Սկզբում Գեյմանի «Ինչպես խոսել աղջիկների հետ երեկույթների ժամանակ» հետո էլ «Ճշմարտությունը քարանձավ է Սև լեռներում» պատմվածքներն էի փորձում թարգմանել, բայց հետո հավեսըս փախավ: Նախ` ես վատ եմ թարգմանում: Ես չեմ կարողանում թարգմանել առանց ինչ-որ բաներ փոխելու: Ես միշտ մի բան հանում եմ, մի բան դնում դրա փոխարեն ու արդյունքում երկուսից էլ շատ քիչ թարգմանեցի, բայց էդ թարքմանածիս մեջ ես ավելի շատ ինձ եմ տեսնում, քան Գեյմանին: Բայց տենց չպետք է լիներ: Թարգմանություն անելը շատ կարևոր գործ է: Թարգմանիչը հեղինակի հետևում է մնում, բայց էդ նույն հեղինակը էդ նույն թարգմանչի շնորհիվ է շատերին հայտնի դառնում: Եսիմ, ես երևի թարգմանությամբ չզբաղվեմ: Համ էլ, ոչ մի բան չի հասնի օրիգինալ լեզվով, էդ լեզուն զգալով կարդալուն: Էնպես որ` ինչի՞ զրկենք մարդկանց էդ հաճույքից:

Հետո որոշեցի բլոգի գրառում անել, բայց չգիտեմ ինչ գրել: Աստվածների մասին գրել չեմ ուզում, երաժշտական խմբերի մասին էլ: Ոչ էլ ինչ-որ հանճարեղ խելագարի մասին եմ ուզում գրել: Ու ընդհանրապես, ես էսօր շատ անտրամադիր եմ: Ես էսօր ուզում եմ ուղղակի գրել, որ մատներս ստեղնաշարի վրա ավելի արագ աշխատեն քան մտքերս՝ գլխումս: Հետո որոշեցի որ օգտվելու եմ հոգեկան անհավասարակշիռ վիճակիցս ու ինչ-որ բան հորինեմ, ինչ-որ պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն: Կամ վեպ, թեկուզ վեպ: Բայց էլի ոչ մի բան մտքիս չէր գալիս: Ու էդ պահին մտածեցի` իսկ ինչի՞ ինչ-որ գրական առաջադրանք չանել: Գրական առաջադրանք, տափակ գրական առաջադրանք, որը կնպաստի ձեռագրի լավացմանը ու ոՐը պարտադիր չի, որ հենց հիմա պատմվածք դառնա: Սկսեմ գրել ու կարող ա ընթացքում գաղափար է ծնվում, կարող ա ես ոգևորվում եմ ու սկսում, չգիտեմ, էպիկական պոեմ գրել: Բայց էլի ոչ մի առաջադրանք մտքովս չանցավ: Գուգլեցի: Մեկը մեկից տափակ առաջադրանքներ էին: Երբ ասում էի` տափակ, էսքան տափակ նկատի չունեի էլի: Սենց երկար ցուցակ բերեց, 365 առաջադրանքներ էին ու կարդալով ներքև եմ իջնում: Հա, բան չունեմ ասելու, եթե էդքանը գրես, վերջում ձեռագիրդ հաստատ կլավանա: Եթե էդքանը մի երեք անգամ գրես, երեք տարբեր ձևերով, դա երևի կօգնի նույն երևույթը տարբեր կողմերից ներկայացնելուն ու լավ կլինի, դու կսկսես գրողի նման գրել, ոչ թե գորղ ու սև ցավի: Ուղղակի էդ ցուցակի առաջադրանքները մեկը մեկից վատն էին: Բայց հանկարծ մի կետ գրավեց ուշադրությունս: Ասում էր` պատմեք խոստումի մասին, որը դուք եք տվել, պահել եք այդ խոստումը: Խոստումներ, խոստումներ, խոստումներ… ես իրանց էլ չեմ սիրում, ոնց մնացած բոլոր կապանքները: Ու կապ չունի դու ես խոստացել թե քեզ են խոստացել, էդ մեկ է շարունակում է կապանք լինել ու կապանք մնալ: Ինչի՞ են մարդիկ խոստանում: Եթե անելու են ինչ-որ բան, թող անեն առանց խոստումների, առանց իրենց ու ինչ-որ ուրիշների վրա որևէ պարտավորություններ դնելու: Խոստանում եմ էլ չեմ անի, խոստանու եմ կասեմ, խոստանում եմ չեմ ասի, խոստանում եմ կլինեմ, խոստանում եմ, խոստանում եմ, խոստանում եմ… ում են պետք սրանք: Ինչ արժեն սրանք: Ոչ մեկին պետք չեն ու ոչինչ էլ չարժեն: Ուղղակի խոստումներ են:

Ու մենք բոլորս էլ խոստանում ենք: Խոստանում ենք, որ կգանք, որ կլինենք, որ կօգնենք, կխոսենք, չենք լինի, չենք խանգարի, կլռենք… Ու ինձ թվում է խոստումները ուղղակի խոստանալու համար են, որովհետև բոլոր խոստումները, համարյա բոլոր խոստումները, որ մենք տալիս ենք, հաճախ չենք կատարում: Որովհետև եթե ինչ-որ բան անել լինենք, կանենք առանց էդ խոստումների էլ: Չէ, վատ բաներ են էդ խոստումները: Ու ամենավատը էն է, որ ես էլ եմ էդ վատ բաներից արել: Ուղղակի հիմա չեմ հիշում դրանցից համարյա ոչ մեկը: Ավելի ճիշտ` ընդամենը մեկն եմ հիշում: Ես խոստացել եմ անկեղծ լինել:

Չէ դե, հասկանում եք, նենց չի, որ ես խաբում էի, չէի վստահում կամ չգիտեմ էլ ինչ: Ես ուղղակի չէի խոսում: Բայց խոստացա անկեղծ լինել… բայց հետո էլի չէի խոսում ու էլի խոստացա անկեղծ լինել: Հետո էլի, էլի, էլի… Ամեն անգամ, երբ ես լռում էի, խոստանում էի անկեղծ լինել:

Ամեն անգամ երբ որոշում էի լռել, ասում էի, թե լռել չի նշանակում կեղծել: Բայց հետո պետք է հասկանայի, որ լռելը էդ կեղծելու ամենադիվանագիտական տարբերակն է: Դու չես ասում ինչ-որ բան, որը կարող է կեղծ լինել, սուտ լինել: Դու ուղղակի չես ասում: Անվտանգ հեռավորությունից կեղծավորություն ես անում ու ոչ մի ապացույց չես թողնում, որ քեզ բռնեն:

Բայց ես երևի վերջապես խոսել սովորել եմ, գոնե մի քիչ: Երևի սկսեցի խոսել էն ժամանակ, երբ հասկացա որ իրոք անկեղծ չեմ, երբ լռում եմ: Ու երևի հիմա հասկանում եմ խոստումների աշխատել-չաշխատելու մեխանիզմը: Երբ խոստանում ես առանց հասկանալու, թե ինչ ես խոստանում, բնականաբար չես պահի խոստումդ: Էկեք հասկանանք ինչ ենք պատրաստվում խոստանալ ու երբ հասկանանք, հաստատ ինչ-որ խոստումների կարիք էլ չենք էլ զգա: Իսկ ես էսօր տենց էլ ոչինչ չգրեցի, համարյա ոչինչ:

Նիկեա
13.08.2016, 20:37
Ես էսօր ուզում էի բզիկների մասին գրել, երբ հասկացա, որ իրականում բզիկների մասին ես ոչինչ չգիտեմ: Ես անգամ չգիտեմ, թե «բզիկ» հայերեն ոնց կլինի: Գուգլեցի, գուգլեցի, գուգլեցի, բայց ոչ մի բան չգտա… Հասկանու՞մ եք, բացարձակապես ոչինչ, ոչ մի սահմանում, ոչ մի հստակ բնոշում, հետո ի՞նչ որ ես գիտեմ, թե ինչ ա բզիկը: Դա չի նշանակում, որ սահմանում ինձ պետք չի: Ոչ մի լեզվով չկարողացա բզիկների մասին կարգին տեղեկություններ գտնել, ասենք օրինակ, ի՞նչ են իրանք, ո՞նց են առաջանում, ո՞նց են անցնում, հետո ինչի՞ են էլի վերհիշվում ու նման բաներ: Բայց ոչ մի բան չգտա: Ինչ արած, ես էլ կպատմեմ իմ բզիկների մասին, կպատմեմ ինչ հիշեմ:

Ինձ ինչ հիշում եմ, բզիկավոր եմ: Նախկինում ամեն ինչ հաշվելու բզիկ ունեի: Որ ասում եմ ամեն ինչ, նշանակում ա ամեն ինչ: Իրոք ամեն ինչ: Ուտելիս հաշվում էի թե քանի՞ անգամ եմ ծամում սնունդը, քանի՞ անգամ է թիկթակում ժամացույցը մինչև ես հասցնում եմ քնել, քանի՞ դանակ, պատառաքաղ, ափսե եմ լվանում, քանի՞ քայլ է տնից մինչև դպրոց ու դպրոցից մինչև տուն, օրվա մեջ քանի՞ հոգու եմ բարևում, քանի՞ բառ եմ ասում խոսելիս ու էսպես շարունակ: Ու կապ չուներ, թե քանի հատ էի հաշվում, ինձ համար թվերը նշանակություն չունեին, ես ուղղակի հաշվում էի: Ինձ դուր էր գալիս հաշվելը, հանգստանում էի հաշվելիս մի տեսակ: Հետո մի ուրիշ բզիկ էլ ունեի, որը չնայած հիմա էլ ունեմ ու երևի էդ ավելին ա քան ուղղակի բզիկը: Ես հատակին նստած եմ դաս անում: Եթե չնստեմ բազկաթոռի հետևում, հենց հատակին, սաղ գրքերս շուրջս փռեմ, ոչ մի բան գլուխս չի մտնի: Հատակները ուղղակի կախարդական են:

Էս վերջերս լիքը նոր բզիկներ եմ նկատել: Անունները բարձրաձայն արտասանելու մասին արդեն մի անգամ գրել եմ: Էդ հիմա իմ ամենասիրելի բզիկներից է: Երկրորդ բզիկը քնելուց առաջ օրերը վերնագրելն է: Էս բզիկը բազմաթիվ ասպեկտներ ունի. ես կարող ա ոչ միայն օրվա համար վերնագիր մտածեմ, այլև՝ ինչ ճաշ կլիներ էս օրը, եթե ինքը ճաշ լիներ: Եթե ինքը մարդ լիներ, ինչպիսի՞սն կլիներ: Չէ, եթե էս օրը վերցնենք, պնդացնենք, խաղանք հետը, ձև ու մարմին տանք, ինքը ո՞վ կդառնա: Կամ եթե գրքից լիներ կամ մուլտիկից ու կինոյից, ո՞ր գրքից մուլտիկից կամ կինոյից կլիներ էս օրը: Ու ես կուզենայի՞ էլ էդ օրից ունենալ թե չէ: Օրինակ՝ օրի վերնագիրը կարող է լինել «Չղջիկ», եթե ինքը ճաշ լինի, ապա կլինի աջան-սանդալ, եթե մարդ լինի, կունենա մեք քիթ, փոքր աչքեր ու բերանը ճակատին կլինի… և այսպես շարունակ: Էս ուղղակի օրինակ էր, ինչքան հիշում եմ նման օր ես դեռ չեմ ունեցել :)) էս էլ վատ բզիկ չի, բայց ինձ վախեցնում ա մի տեսակ:

Հաջորդ բզիկը գիշերը մութ խոհանոցում չայ խմելու բզիկն ա: Չգիտեմ՝ ինչքանո՞վ է ճիշտ էս բզիկ կոչելը: Եթե ժամը երկուսի, երեքի կողմերը պարտադիր մութ խոհանոցում չայ չխմեմ, չգիտեմ ինչ կլինի: Ես լավ չեմ լինի էդ դեպքում: Մի տեսակ տարօրինակ վատ լինելու զգացողություն ա, եսիմ:

Ես մի բզիկ էլ ունեմ, փնտրել-գտնել-կարդալու բզիկ: Երբ ինչ-որ բան, մարդ, երևույթ, խումբ, երաժշտություն, ֆիլմ, ժանր կամ չգիտեմ էլ ինչ ինձ սկսում է դուր գալ, ես սկսում եմ փնտրել ու գտնել էն ամենը ինչ կարող եմ գտնել դրանց, իրենց մասին ու մինչև չգտնեմ ինձ բավարարող ինֆորմացիան, չեմ հանգստանա: Այ, օրինակ բզիկների մասին ոչ մի բան չեմ գտել ու հիմա ոնց որ փշերի վրա լինեմ: Ես լիքը ակումբցիների բոլոր գրառումները կամ համարյա բոլորը կարդացել եմ, որովհետև իրենք սարսափելի շատ հետաքրքրել, հետաքրքրում են ինձ ու քանի որ գուգլելը իրենց դեպքում լուծում չի, մնում են երկու տարբերակ՝ հարցախեղդը ու գրառումների ընթերցանությունը:

Երաժշտության, խմբերի, գրքերի, գրողների դեպքում էս ահագին նման ա ֆանատիզմին, բայց ֆանատիզմ չի: Ուրիշ ա: Հետաքրքրություն ա երևի, չափազանց սուր ու երբ գտնում եմ էն ամենը ինչ ինձ հետաքրքրում է, հանգստանում եմ: Ֆանատների դեպքում տենց չի:

Մի ժամանակ քնելուց առաջ բանաստեղծություններ էի կարդում: Հետո անցավ էդ: Հիմա էլի էկել ա, բայց էս անգամ մանկական գրքեր եմ կարդում ու դրանից հավես բան չկա: Երևի մեկ էլ նամակ գրելն ա:

Ես մի ընկեր ունեմ, ինքը մոտ ապագայում կդառնա տասնութ տարեկան ու ինքը մինչև հիմա մենակ իրենց տան զուգարանից է օգտվել: Ես սենց հետաքրքիր բզիկներ չունեմ, բայց սիրում եմ բզիկներս: Իրենք երևի ավելի շատ են, ուղղակի հիմա էսքանը հիշեցի:

Վերջ երևի:

Նիկեա
15.08.2016, 22:33
Ինչի էրեխեքը միանգամից մեծ չեն ծնվում: Թող միանգամից 12-15 տարեկան ձվից դուրս գային էլի, իրանց էդ դեպքում դայակություն անելու հարկ չէր լինի: Չէ դե, ոչ մի լուրջ բան չի էղել ուղղակի ես էլի դայակ եմ: Չէ դե, չեմ բողոքում, ես սիրում եմ իրանց, իրանք լավն են, իրանք էլ ինձ են սիրում, ուղղակի ես չեմ կարա իրանց հետ քննարկեմ կարդացածս վերջին գրքերը, եթե դրանք "Փոքրիկ Ջրոգին" ու "Ավազակի դուստր Ռոնին" չեն, չեմ կարա իրանց հետ "Գերբնականը" նայեմ, ոչ էլ "Սպայդրմենը" (մուլտիկը) ոչ էլ "Gravity Falls"-ը, ես չեմ կարա իրանց հետ երկար-երկար քայլեմ, որովհետև հասկանում եք, ինչքան էլ լավը լինեն իրանք, մեկ ա փոքր են, շատ փոքր: Ու իրանք չափազանց շատ ուշադրություն, ժամանակ, հավես, էներգիա են պահանջում: Ուղղակի հոգնում ես առավոտից իրիկուն հետևներից վազելուց, կապրիզները տանելուց, անխնա էներգիա տալուց ու պատասխանատու լինելուց էլ ես հոգնում: Ու մարմնովդ տարօրինակ սարսուռ ա անցնում, երբ քեզ հարցնում են` մեր տնից չես գնա, չէ?

"Մայրության հակառակ կողմը"... էդ թեման դեռ լրիվ չեմ կարդացել, բայց սենց հոգնած ժամանակ եթե ինձ հարցնեք, ես կասեմ որ ոչ միայն մայրությունը, հայրությունն էլ, ընտանիք-պահելությունն էլ մենակ հակառակ կողմ ունեն: Լավ, անցանք, սա բավականին լուրջ թեմա ա ու ինձ չի վերաբերվում: Ինչի իզուր ցավացնեմ արդեն ցավող ուղեղս:

Չէ բայց, գիտեք որն ա ամենավատը: Էն որ դու քնելուց առաջ հեքիաթ ես կարդում իրանց համար ու ամբողջ ընթացքում անընդհատ ծիծաղում եք, երջանկանում ու չգիտեմ էլ ինչ լինում, հետո իրանք քնում են, համբուրում ես իրանց, վերմակով ծածկում, հետո անջատված նայում ես իրանց ու ավելի անջատված ժպտում ու էդ պահին հասկանում ես, որ սաղ անցել ա: Հա հա, մի ժամ առաջ դու կթողնեիր ու կփախնեիր, որովհետև իրանք խլում էին էներգիադ, ժամանակդ, քեզանից քեզ էին գողանում, բայց հիմա ամեն ինչ անցել ա ու դու հասկանում ես, որ հիմա իրանցից գնալու իրավունք չունես, որովհետև դու պատասխանատու ես իրանց համար: Ու համ էլ, մենք իրավունք չունենք թողնել էն մարդկանց, որոնց հետ կիսում ենք մեր հեքիաթները, հաստատ իրավունք չունենք:

Հետո պառկում ես, զգում ես, աչքերդ փակվում են: Չնայած որ դեռ ժամը տասն ա, բայց դու համարյա ամբողջությամբ արդեն քնել ես ու մենակ ուղեղիդ կեսն ա արթուն: Ու էդ արթուն կեսի դրդմամբ դու նամակներդ ես ստուգում ու տեսնում, որ մարդիկ քեզ կարոտում են, որ դու հզոր ես ու որ բացի քեզնից մի քանի Ուրիշներ էլ են հավատում երազանքներիդ ու նպատակներիդ իրականացմանը: Ու հոգնեցուցիչ, ջախջախիչ օրվանից հետո դու քեզ զգում ես ինչպես դդումը բանջարանոցում, այսինքն թարմ ու երջանիկ:

Հ. Գ.

Թեմայից դուրս մի բան էլ ասեմ ու մարշ քնելու: Ինձ թվում ա` իմ դժոխքում միշտ ամառ ա լինելու ու ես միշտ գրիպ լինեմ, որովհետև ամռանը գրիպ լինելուց ավելի վատ բան երևի չկա:

Նիկեա
20.08.2016, 00:45
Քիչումիչ, խառը-մառը, քնելուց առաջ, հոգնած, անկապ:

Հենց օրինակ "քիչումիչ" բառը. ես մտածում, մտածում, մտածում էի ու խճճվեցի` "քիչ ու միչ" թե "քիչումիչ" ու մտածելու ընթացքում ես մոռացա բոլոր կանոնները որոնցով հնարավոր կլիներ ասել, թե երկուսից որն է ճիշտ:

Կամ հենց երկուսից ինչ-որ մեկի ճիշտ լինելը. ով ա ասել, թե երկուսից մեկը պետք ա սխալ լինի, որ էն մյուսը լինի ճիշտ?

Կամ ընդհանրապես, որն ա ընդհանրապես ճիշտ կամ սխալը?

Կամ ինչի եմ ես էսքան շատ օգտագործում "ընդհանրապես" բառը:

Կա մի պարզ ճշմարտություն` ամենալավ խոհանոցները էն խոհանոցներն են, որոնց լուսամուտից գիշերը երկինքն ա երևում ու գիշերվա հազարին երբ չայ խմես, կարաս հաշվել աստղերն ու ծղրիդներին լսես: Ամենալավ խոհանոցներում մութը տաք ա, սվիտրը` մոխրագույն:

Փոքր ժամանակ, երբ "Չախ-չախ թագավորն" էի կարդում, մտածում էի թե բաղարջ թխում են մենակ տատիները: Էդ հեքիաթը ես չեմ հիշում, բայց հիշում եմ, որ հեքիաթում ինչ-որ մեկը բաղարջ ուներ: Էսօր ես բաղարջ էի թխում ու հիշում էի, թե ինչ էի մտածում բաղարջների ու տատիների մասին: Հայելին ու թոռներիս բացակայությունը խոսում են այն մասին, որ փոքր ժամանակ ունեցածս պատկերացումները այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը:

Քանի տատիների մասին թեմա ա բացվել. ամեն անգամ, երբ իմ ծերությունը պատկերացնելիս ինձ մենակ եմ պատկերացնում, անտուն, անտեղ, թափառական մը, չգիտես ինչի ինձ պապի եմ պատկերացնում, ոչ թե տատի:պատկերացնելի

Ես ոչ մի անգամ որևէ մեկին բարձրաձայն որևէ մաղթանք չեմ ասել որևէ առիթով ( "լավ մնա"-ն հաշիվ չի): Էդ երևի ամենաբարդ բաներից ա ինձ համար:

Քանի երբեքների մասին խոսք բացվեց, մի բան էլ ասեմ: Ես երբեք զեյթուն չեմ կերել, որովհետև գիտեմ` էդ լավը չի, համով չի ու ես իրան չեմ սիրում ու սպանեն, թեկուզ համոզմունքներումս ավելի համոզվելու համար, երբեք չեմ ուտի: Էսպես ես խոսում էի նաև հանքային ջրի մասին, մինչև վերջերս մի օր հունիսիվերջյան երեկո, երբ ես խմած էի, երկու զավրեր ինձ հանքային ջուր չխմցրեցին:

Կան որոշ բաներ, որ ես արել եմ միայն հատուկ մարդկանց հետ ու ուրիշների հետ էդ նույնը չեմ անի: Օրինակ ինչ-որ մեկի հետ թափառելիս "Դոլչե վիտա" ուտելը, էն մյուսին ռուլետ տանելը, երրորդի հետ մինչև լույս թափառելը ու հասկանում եք? չի լինի եթե առաջինի կամ երկրորդի հետ թափառես կամ երրորդի հետ ուտես էն պաղպաղակը, որ ուտում էի առաջինի հետ: Տենց չի լինի:

Ամառը վերջանում ա, իմ էներգիան էլ ա դանդաղ վերջանում ու ես սպասում եմ իմ արձակուրդին, որը սկսվելու ա չգիտեմ երբ:

Բայց ես լավ եմ, անգամ շատ:

Նիկեա
24.08.2016, 19:26
Վերջին շրջանում նյարդերիս ազդում են երկու բան՝ աղմուկն ու տատս: Աղմուկի դեմ պայքարի միջոցներ կան. փակում ես դռներն ու լուսամուտները, գտնում ես ականջակալներդ և խնդիրը լուծված է: Տատի դեմ պայքարի միջոցներ չկան: Չէ, ես սիրում եմ իրան, իրոք, ուղղակի իրա չափազանց շատ հոգատարությունը, ինձ միշտ որպես փոքր երեխայի վերաբերելը, ինձ ու ուժերիս չհավատալը, արածս ու չարածս ամեն ինչի համար վախենալը… ու էլի սենց լիքը բաներ կատաղեցնում են ինձ:

Քնելն ու արթնանալը վերջերս էնքան դժվար են մոտս ստացվում. երկու ժամ գտանջվում եմ, որ քնեմ, հետո մի էդքան էլ պետք ա լինում որ արթնանամ ու արդյունքում ավելի հոգնած եմ ինձ զգում քան մինչև քնելս: Ախր քնելս էլ ընդհանրապես քնած լինելու նման չի, ամեն ինչ զգում, լսում եմ, թեթև շշուկից արթնանում: Ինչ լավ էր էն ժամանակ, երբ անկախ եղանակային, քաղաքական, հասարակական պայմաններից կարողանում էի քնել:

Առավոտ աչքերս մի կերպ բացեցի, «բարի լույս» գրեցի ու զգացի, որ մի տեսակ ուզում եմ պարկապզուկային երաժշտություն լսել: Տարօրինակ էր, շուտվանից նման ցանկություն չէր էղել: Տենց երգից երգ թռնելով միամիտ էս (https://www.youtube.com/watch?v=rNY0OuAYKGA) գտա: Ընդհանրապես տուն գնալու մասին բոլոր երգերը մի տեսակ նման են, այ օրինակ վերևի երգն ու էս (https://www.youtube.com/watch?v=1vrEljMfXYo) մի տեսակ իրար նման են, հաստատ:

Երեկ մաման ասում ա՝ ոնց որ հեչ էս տանից չլինես, քո համար առանձին ապրում ես, թողնեն սենյակիցդ էլ դուրս չես գա: Մամ, ախր ես արձակուրդի մեջ եմ, ուղղակի արձակուրդի մեջ:
Իրիկունը նստած եմ տնեցիքի կողքին, դե որ չասեն թե առանձին ես ապրում, իրան հաղորդակցվում են զմիմյանս հետ, ես էլ սերիալս եմ նայում: Հոպարիս աղջիկը գալիս կողքիս ա նստում, բանի տեղ չեմ դնում, որ իբր թողնի գնա, բայց չէ, ինքը պաշտում ա ինձ խանգարել. թևիցս ա քաշում: Հանում եմ ականջակալներս.
- Ի՞նչ:
- Լա՞վ ես:
- Հոյակապ,- ու ուզում եմ սերիալիս վերադառնալ, բայց ինքը շարունակում ա:
- Մի բան ասե՞մ,- ինքը գիտի որ ես կատաղում եմ էդ հարցից, որովհետև ինքը մեկ ա ասելու ինչ ուզում ա ասի:
- Արագ ասա:
- Դու ոնց որ մամայիդ աղջիկը չլինես, ոչ էլ քրոջդ քույրը, ոչ էլ եղբորդ եղբայրը:
- միանշանակ, ես չեմ կարող եղբորս եղբայրը լինել:
- Չէ դե, դու ոնց որ ձեր տնից չլինես:
- Էս ձեն ձե՞նի եք տվել,- ու ես շարունակում եմ իմ սերիալը նայել, որովհետև, հասկանու՞մ եք, ես արձակուրդում եմ, ես ամեն ինչից, տնեցիքից էլ հետը արձակուրդի մեջ եմ:

Ինձ թվում ա ես հետո կկարոտեմ իմ սենյակում բաց լուսամուտով, վերմակոի մեջ փաթաթված քնելը, հեռվից առվի ձայնը ու գորտերին լսելը ու լիալուսնից սենյակիս կաթնագույն լույսով լցվելը ու արևածագին պատերի դեղին դառնալը:

Էսօր տնեցիք տանը չեն ու ես նենց հավես ա: Սերիալ եմ նայում, չայ խմում, գիրք կարդում, բարձր երաժշտություն լսում, լուսամուտները վարագույրներով ծածկել եմ ու տանը հաճելի կիսախավար ա: Ոչ ոք սենյակիս թափթփվածությունը որպե իմ ծուլության ապացույց չի բերում (պետք ա ասել, հանուն արդարության, որ իմ սենյակը հեչ էլ թափթփված չի, բոլոր իրերը ուղղակի էնտեղ են, որտեղ ինձ ամենից հարմարն է ու ինձ հատկապես էս դասավորությունն ա դուր գալիս, լրիվ որջի տպավորություն ա ստեղծում):

Ասում ա.
- կարա՞ս մեկ ամսում գերմաներեն սովորես:
- եսիմ, եթե շատ ուզենամ պետք ա որ:
- դե ուզեցի, B2 մակարդակի ու ամառը Գերմանիա լեզվի դասընթացների գնա:

Հիմա մարտահրավերը ոչ թե էն ա որ դիմեմ ծրագրին, անցնեմ ու կարողանամ Գերմանիա գնալ, այլ որ մեկ ամսում սովորեմ էնքան գերմաներեն, ինչքան ռուսերեն սովորել եմ երկրորդ դասարանից մինչև հիմա: Չէ բայց, փորձել ա պետք: Ստացվում ա՝ մի շաբաթում լեզվի մի մակարդակ յուրացնել, իսկ էդ ի՞նչ ա որ: Չէ, ես կփորձեմ, չնայած որ գերմաներենը էն լեզուներից ա, որոնցից մի քիչ վախենում եմ, բայց դե անհնարին ոչինչ չկա, չէ՞: Գնամ, գնամ գրքեր գտնեմ ու Ջոն Դենվեր լսեմ :love


https://www.youtube.com/watch?v=RNOTF-znQyw

Նիկեա
28.08.2016, 21:25
Փոքր ժամանակ սիրում էի մեքենայով ինչ-որ տեղ գնալ, կարևոր չէր թե ու՞ր, ինչի՞, ինչքա՞ն ժամանակով, ինձ ուղղակի դուր էր գալիս պատուհանի մոտ նստելը, քիթս ապակուն կպցնելն ու դուրս նայելը: Եթե անգամ էդտեղով անցել էի հազար անգամ, մեկ ա էլի նույն հիպնոսացած հայացքով զննում էի շուրջս՝ կարծես առաջին անգամն էի տեսնում: Մեքենայի մեջ նստած աշխարհը ինձ խմորի գունդ էր թվում, չգիտեմ ինչի, ու թվում էր թե քիչ-քիչ գրդնակում են էդ գունդը ու մենք գնալով ավելի ու ավելի ենք հեռանում կենտրոնից ու եթե մեքնան արագ, չափազանց արագ ընթանա, էլ նույն կենտրոնի շուրջ չի պտտվի, կթռչի երկինք ու կգնա, կգնա, կգնա հեռու:

***

- Կգաս, չէ՞, երդմանս արարողությանը:
- Անպայման:

Ամենահուզիչ խոսքերը հրաժեշտի ժամանակ ականջիդ ասվածներն են թվում: Կապ չունի, թե ինչ եք ասում, ինչ եք լսում, դրանք ամենահուզիչն են, որովհետև… չգիտեմ, դրանք ամենահուզիչն են:

Հետո ես իրեն բաց թողեցի ու գնացի սենյակից որ մյուսներին հրաժեշտ տա, ես էլ չհուզվեմ, որովհետև ես առանց էդ էլ շուտ եմ հուզվում ու մի քանի անգամ ավելի շատ հուզվում եմ, երբ կողքիս հուզվում են ուրիշները: Բայց մեկ է, չդիմացա, դռան արանքից նայում էի ու մտածում, որ մեկ-մեկ չարյունակից եղբայները էնքան ու կարող ա ավելի հարազատ եղբայներ են լինում, քան արյունակիցները: Մեր երկուսի գլուխներն էլ ցավում էին. խումհարն էր պատճառը երևի, որովհետև ընդամենը չորս ժամ առաջ մենք տեղը տեղին հարբել էինք միասին: Հարբել ու լացել:

Հետո մորքուրիս էի դայակություն անում: Ստիպում, որ հաց ուտի, չայ խմի, քնի, խոսի, ժպտա: Ու մտածում, որ մեծերին դայակություն անելը ավելի դժվար է, քան փոքրերին, որ մեծերը ավելի կամակոր են:

Իսկ հետո իմացանք, որ եղբայրս իրա եղբոր հետ նույն զորամասում է ծառայելու: Մորաքրոջս միայն դա էր մխիթարում. գոնե Ղարաբաղում եղբոր հետ կլինի, կօգնեն իրար, թև ու թիկունք կլինեն:

***

Ու էկավ էն օրը, երբ պետք է Արցախ գնայինք:
Յոթ ժամ մտածում էի` ինչ վերցնել հետս, նայում էի եղանակի տեսությունը Շուշիում ու Ստեփանակերտում, հետո նայում թարմացված տարբերակն ու էլի չէի կողմնորոշվում: Չէի ուզում պայուսակ քարշ տալ հետս ու որոշեցի, որ ես խելոք աղջիկ եմ լինելու, հողերի հետ չեմ խաղալու, ջրափոսերը չեմ մտնելու, վրաս ոչինչ չեմ թափելու: Մենակ ժակետ վերցրեցի:

Միկրոավտոբուսով էինք գնալու: Ես սովորաբար սիրում եմ խմբակային ուղևորությունները, որոհետև դրանք սովորաբար ավելի հետաքրքիր են անցնում, ավելի ջերմ:
Պետք ա շարժվեինք ժամը վեցին, բայց համարյա ինն էր, երբ դուրս էկանք: Ուրախ էինք, ուրախ էր անցնում: Բոլորս թարմ էինք, ոչ ոքի մտքով չէր էլ անցնում քնել, իսկ ով քնում էր, պատժվում էր դաժանաբար: Օրինակ Տիգրանը` մյուս մորքուրիս մեծ տղան: Մի տարուց մի քիչ շատ կլինի, էդ մորքուրենքս էլ վեր կացան ու գնացին երկրից ամբողջ ինտանիքով: Երկու ամիս չանցած Տիգրանը վերադարձավ ու ես էնքան էի ուրախացել էդ օրը: Ինքը քնեց, երբ համարյա Գորիս էինք հասնում ու խեղճի գլխին ինչ ասես չխաղացին, էրեխեքից մեկը ոտքերը դրեց իրա գիրկը, ինքն էլ փաթաթվեց ոտքերին ու փերանը բաց, աչքերը կիսափակ շուռ եկավ ոտքերի կողմն ու քնեց մինչև կարթնանար բարձրացած համատարած ծիծաղից:


Հավես էր: Խոսում, ծիծաղում էին ու զգում էի, թե ոնց եմ գնալով բոլորին մի քիչ ավելի շատ սիրում:
Հետո բոլորը լռեցին, երևի հոգնել էին ու երևի խոսելու թեմաներն էլ էին վերջացել:
Փոքր մորաքրոջս տղան, ում դայակը վերջին շրջանում հաճախ էի դառնում, գիրկս էկավ, նստեց ու քնեց, երբ մազերի հետ էի խաղում: Քույրս էլ գլուխը ուսիս դրած էր քնել ու ես ինձ մի տեսակ պատասխանատու էի զգում իրենց քնի համար: Փորձում էի հնարավորինս քիչ շարժվել, հնարավորինս քիչ շնչել, որ չխանգարեմ իրենց:
Լաչինում կանգնած էինք, երբ մորաքրոջս տվեցի երեխային ու որոշեցի վերջին անգամ հաղորդագրություն գրել նախքան սահմանը կանցնեինք: Չէի ուզում ռոմինգ միացնել: Հետո… երևի ես էլ էի հոգնել, որովհետև աչքերս բացեցի էն ժամանակ, երբ արդեն Ստեփանակերտում էինք:

Հաճելի զով առավոտ էր ու մորաքրոջս հետ գնացինք քայլելու: Ես, ինքն ու իրա ձագը: Մեկ ու կես տարի առաջ ավտովթարի ժամանակ մահացավ իր ամուսինը: Ինքն ու երեխան էլ էին էդ ժամանակ մեքենայում: Երեխան մինչև հիմա էլ երբեմն պատմում է վթարի մասին, ասում որ տեսել ա, թե ոնց ա կողքից մեքենան եկել ու խփվել իրենց, ոնց է մորաքուրս մարմնով ծածկել իրեն, ոնց են իրենց մեքենայից հանել: Ինքը տեսել ա, թե հայրը ոնց է քայլել, սկզբում երբ գիտակցությունը տեղում է եղել: «Մամ, բայց ո՞նց ա իմ պապան քայլելով աստված պապիի մոտ գնացել, եթե ինքը երկնքում ա ապրում» «Բա ինչի պապաս չի գալիս ինձ տեսնելու, ես իրան ասել եմ որ կարոտել եմ իրեն» «Ես խելոք չեմ մնա, մինչև պապաս չգա» «իմ պապան ինձ չի՞ սիրում, որ չի գալիս» ու սենց էլի նախադասություններ, որ լսում եմ ու քիչ ա մնում լաց լինեմ, որովհետև ես չգիտեմ, գաղափար չունեմ թե ինչպես բացատրեմ հինգ տարեկան երեխային, որ իրա պապան էլ չի գա, մահացել ա ու մահանալիս ոչ ոք չի հարցնում սիրում ենք ինչ-որ մարդկանց թե չենք սիրում. ուղղակի մահանում ենք ու վերջ:

Մորաքուրս մինչև վերջերս վախենում էր մեքենա նստելուց ու իրոք զարմացել էի, երբ իմացա, որ ինքն էլ է գալու: Բայց երևի իրոք վախերը հաղթահարելու լավագույն միջոցը վախին առճակատվելն է:

Քաղաքը համարյա լրիվ քնած էր. հատուկենտ անցորդներ ինչ-որ տեղ շտապող ու սառը օդ, որից մրմռում են կիսաքնած աչքերդ: Մաքուր, սիրուն փողոցներ ու չորս կողմից բարձրացող բարձր-բարձր լեռներ: Ընդհանրապես, ես Ստեփանակերտը թափանցիկ եմ հիշելու:

Հետո ինձ չեն թողնում սրտիս ուզածի չափ թափառել ու ես հասկանում եմ, որ խմբակային ուղևորությունները էնքան էլ չեմ սիրում: Հետո գնում ենք զորամաս, տեսնում մորքուրիս տղաներին, ես կարոտել էի իրանց, շատ: Հետո երկու ժամ քնելու հնարավորություն, որը ես ձեռքիցս բաց չեմ թողնում: Հետո երդմնակալության արարողություն: Ընդամենը չորս նորակոչիկ կար էդ զորամասում: Հավես էր հուզված զինվորների երդումը լսելը… ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ողջ խստությամբ… Հետո ինձ չեն թողնում Շուշիում թափառել ու ես հաստատ որոշում եմ, որ մյուս անգամ մենակ եմ Արցախ գալու: Մի քիչ փնթփնթում եմ՝ ոչ մի բան չտեսա, ոչ մի բան չեք թողնում տեսնեմ, անհետաքրքիր ա ձեր հետ, ձեզ տեղ տանելը հանցագործություն ա, բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա… բայց հետո համակերպվում եմ էն մտքի հետ, որ իմ պատկերացրած ուղևորությունը չի լինելու:

Հետո գետի կողքին տաղավար մը ու մարդիկ անցնում են գործի, ամեն մեկը ինչ-որ բանով է զբաղված, ես էլ առիթը թաց չեմ թողնում ու գնում եմ անտառներում թափառելու՝ ոտքերիս տակ ուշադիր նայելով, որովհետև ես ամենաշատը չեմ ուզում միամիտ օձ տրորել: Գետնին մի քանի տարվա հնեցման տերևներ էին ու դրանց բույրը խառնվում էր կանաչ տերևների ու խոտերի բույրին ու օդը հետաքրքիր ինչ-որ երանգ էր ստանում: Ոտքս գետնին էի դնում ու չգիտես որտեղիս սկսում էին թիթեռներ թռչել: Ծառ, որի բունը երեք հոգին հազիվ կգրկեին: Ու քարին արևկող պառկած երկու լորտու: Ես էլ ինձ վրա զարմացած նստեցի կողքի քարին ու իրենց էի նայում: Չգիտեի, որ օձերը էդքան սիրուն կարող են լինել:

Չեմ հիշում ինչքան ժամանակ անցավ, բայց ես ու լորտուները համարյա նույն տարածաժամանակային հարթությունում էինք հայտնվել, երբ որոշեցի գնալ մյուսների մոտ:
Գետն էին մտել: Խորունկ չէր, բայց բավականին արագահոս էր ու եթե բացականչություններին հավատանք նաև բավականին սառն էր: Նայում, նախանձում եմ թրջվածներին, հետո գնում նստում եմ ծառի տակ ու տատիկական բամբասանքներ եմ սկսում լսել, զուտ հետաքրքրության համար:

Մյուս մորաքրոջս տղան, էն որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում առաջին անգամ է Հայաստանում լինում, էկավ ու նստեց կողիքս: Գլուխս ուսին դրեցի:
- Ինչ էլ լավ գործի ես:
- Հա, էլ դու սուս: Նենց իմաստուն բաներ եմ լսում:
Ու հետո մտածում եմ, որ կարող ա իմաստուն բառը չհասկանա:
- Հըն, ստեղ լավ ա,- հարցնում եմ իրեն:
- Լավ ա էլի, ահագին լավ ա:
Ընդհանրապես, ես չգիտեի, որ էսքան էմոցիոնալ, զգացմունքային մորքուրի տղա ունեմ: Մեր մեջ նույն գեներն են խոսում:
- Մյուս անգամ էլ ե՞րբ կգաս Հայաստան:
- Սեպտեմբերի քսանին կգնամ, մի շաբաթ կմնամ, հետո մեքենաս կսարքեմ ու մի շաբաթից էստեղ եմ:

Ու ես էլի երջանկանում եմ: Նենց հավես ա, որ ինքը էլի ա գալու:

Հետո գալիս ա Տիկոն ու սկզբում կողքիս նստում, հետո գլուխը դնում ծնկներիս ու պառկում:
- Տիկ, Ռաստովում որտե՞ղ էր ձեր տունը,- Արայիկն էր հարցնում` զգացմունքային, էմոցիոնալը:
- Եսիմ, ես հիշում եմ որ աջ էիր պտտվում, հետո էլի աջ էիր պտտվում, հետո չգիտեմ ինչ էիր անում, երկրորդ մուտքում էր մեր տունը, երկրորդ հարկում;
- Ինչքա՞ն ժամանակ ես էնտեղ մնացել:
- Երկու ամիս:
- Երկու ամիս էնտեղ ես մնացել ու ձեր տան տեղը չգիտե՞ս: Ոչ էլ փողոցի անու՞նը:
- Ես գիտեմ մեր տան տեղը, ինձ համար մենք մի հատ տուն ունենք` էստեղ:
Էլի լռություն: Գետի ժողովրդի ուրախ գոռգոռոցներն ենք լսում:
- Իսկ դու կռիս ես,- ինձ ա ասու,- ամառը պրծավ, տենց էլ չէկար մեր տուն, կինո կնայեինք, հոգի կկանչեինք…

Ես, ինքն ու Մամիկոնը` էն եղբայրս որի հետ հարբել էինք, ոչ հեռավոր անցյալում լիքը դախություններ ենք արել: Ես իրենց երևի բոլորից շատ եմ սիրում:

- Թե շատ ուզեիր, լավ հա, գերեզմատուն էլ կգնայինք:

Մի գիշեր մենք գերեզմանոց էինք գնացել: Ինչքան դախ էինք մենք: Ինչքան վախենալու էր էդ օրը: Ես ինձ լրիվ սարսափ ֆիլմում էի զգում` լիալուսին, հաչող շներ, գերեղմանաքարին նստած սև կատու… բայց մեկ ա հավես էր: Երևի կյանքիս ամենահավես օրերից մեկը սկսվել է գերեզմանտանը:

- Դախ, ձմռանը կգամ:
- Ձմռանն էլ ասում էիր` ամռանը կգաս:
- Մի շաբաթ-կիրակի անպայման կգամ,- ասում եմ ու գիտեմ, որ անպայման գնալու եմ:

Էդ պահին, երբ ես իրա մազերի հետ էի խաղում, մենք էլի փոքր երեխաներ էինք թվում, որոնք իրարից ոչ մի գաղտնիք չունեն ու միշտ միասին են խաղալու:

Հետո մենք մրոցի էինք խաղում, որովհետև էդ միակ թղթախաղն ա, որը ես գիտում ու մրի փոխարեն մորի էինք օգտագործում: Մամայենք իհարկե չողջունեցին մեր արարքը, բայց հո մենք լավ ուրախացանք:

Հետո որոշեցի գնալ գետի մոտ նստել, փորձել գորտեր գտնել… Երբ հասա գետին, միտքս փոխեցի ու որոշեցի ոտքերս ջրի մեջ կախել: Մանկության մղձավանջներիս թոփ տասնյակը գլխավորում էին երեք պարբերաբար կրկնվող մղձավանջներ.

մութ ա ու ես մենակ եմ
սենյակում հրդեհ ա ու ես վառվում եմ
անկողնուս մեջ ջուր ա լցվում ու ես խեղդվում եմ



Ու երևի հիմա էլի հոգուս խորքում վախենում էի խեղդվելուց:

Գետի կողքին նստած էի, երբ Մամիկոնը էկավ:
- Էս էլի փախե՞լ ես, ես էլ քեզ էի ման գալիս:
- Հա, ասեցի գամ մի քիչ լողամ:
ժպտում ա: Նենց հավես ա ինքը ժպտում: Մի տեսակ անսովոր ա իրեն ճաղատ ժպտալիս տեսնելը:
- Մի քիչ էն կողմ գնա, կողքիդ նստեմ:

ՈՒ մենք սկսում ենք ոտքերով ջուր ծեծել: Ես էլի իմ անկապ հարցերից եմ տալիս: Մենք էլի լիքը դախություններ ենք հիշում ու ծիծաղում ու ես զգում եմ, որ իրա վրա կարող եմ հույս դնել: Հետո տեսնում եմ, որ շորերս լրիվ թրջել եմ ու հիշում եմ խելոք աղջիկ լինելու մասին ինչ-որ որոշումանման բան:

- Մեկ ա արդեն թրջվել եմ,- ու սկսում եմ գետի միջով քայել:
Սարսափելի հաճելի էր հոսող ջրին հակառակ քայլելը, իսկ ես դա չգիտեի: Բայց վախենում եմ շատ հեռու գնալ, հետ եմ վերադառնում, բռնում եղբորս ձեռքից ու սկսում ենք քայլել գետի մեջ: Հետո որոշվում է, որ ես պետք է լողալ սովորեմ, որովհետև չի կարելի, չէ՞, ամոթ ա չէ՞, լողալ չիմանալը: Էկեք հիշենք որ ես երկու ժամ առաջ վախենում էի խեղդվելուց ու հետո փորձում եմ լողալ սովորել: Բայց հաստատ հոսող գետը դրա համար լավագույն տեղը չէր: Ու քանի որ իմ լողալը ավելի շատ լողանալ էր, հոգնած ու թրջված նստում ենք ջրի մեջ: Ես շորերով էի ու հավես էր շորերով թրջցվելը:
- Գոնե շոր բերե՞լ ես:
- Հը-ըն, ես որոշել էի էսօր խելոք աղջիկ լինել:
- Բա ի՞նչ ես անելու:
- Արևի տակ կպառկեմ էնքան մինչև չորանամ:

Հետո մաման ջղայինանում ա: Հետո ես հագնում եմ ախպորս շորտիկն ու մյուս ախպորս շապիկը ու գետի մոտ պառկում մինչև մազերս չորանում են:

(շարունակելի…)

Նիկեա
28.08.2016, 21:25
Բայց գալիս ա հավաքվելու ու տուն գնալու ժամանակը: Ու հավաքվում ենք: Էդտեղ ստիպում եմ նաև հավաքել մեզանից առաջ թափթփվածները ու էլի ինձ սարսափելի երջանիկ զգում: Երբեք չէի մտածի, որ աղբը հավաքելը կարող է երջանկացնել ինձ:

Հետո էլի հրաժեշտ: Ու ես չեմ սիրում հրաժեշտները:

Բայց ես մի տեսակ ավելի ուժեղ դարձած էի տուն գնում: Ես լիքը խոսելու, մտածելու ու որոշելու ժամանակ ունեցա: Ու հա, երևի ես մինչև էդ էլ գիտեի թե ինչ եմ ուզում, ուղղակի պետք էր հասկանալ դա: Հիմա երբ հասկացել եմ, մնում է ժամանակագրական հաջորդականությամբ դասավորել ամեն ինչ ու վերջ:

Տուն գալիս բոլորը արդեն հոգնած էին ու խոսելու, ժպտալու, կատակելու համար էներգիա չկար: Շուտով համարյա բոլորը քնեցին իսկ ես հիպնոսացված դուրս էի նայում: Ոնց կարող էի առավոտ քնել: Աջ կողմում լեռներ էին բարձրանում, ձախում` անտառն էր կամ հակառակը: Ամենուր կանաչ անտառներ էին: Թվում էր, թե գիշերը աշունը խաղացել է ծառերի հետ ու տեղ-տեղ դեղին մատնահետքեր թողել: Լեռների լանջերին, անտառների մեջ թաքնված տներ էին, որ թվում էր` էնքան հին են, ինչքան լեռները, որ թվում էր թե սկզբում կառուցել են էդ տները ու հետո են լեռները բարձրացել, որովհետև չէիր հասկանում թե ոնց են էդտեղ` էդ ժայռերին, անդունդի եզրին տուն կառուցել: Կապույտ-կապույտ լեռներ, մայրամուտոտ լեռներ: Չէ, ես հաստատ հետո էլի կգնամ Արցախ, բայց հետո, հիմա չէ: Կգնամ ու կթափառեմ լիքը:

Լաչինում մի երկու րոպե էլի պետք է սպասեինք: Ու ես մտածում էի, որ երևի էդ սահմանը էնքան էլ պետական սահման չի, աշխարհագրական ինչ-որ զրթիկ ա: Մտածում էի, որ իմ սերերը երևի ուղիղ համեմատական են միմյանց ու երբ մեկին շատ եմ սիրում, մյուսներն էլ եմ սկսում շատ սիրել: Մտածում էի, որ անկախ ամեն ինչից մեկ ա ես սիրում եմ էս երկիրը ավելի շատ քան պատկերացնում էի:

Հետո երկինքն էր ու աստղերը, որ երևում էին ապակուց էն կողմ: Հավես ա քեզ ծանոթ համաստեղությունները երկնքի ուրիշ կողմերում տեսնելը: Ու հետո քնեցի: Չգիտեմ ինչքան ժամանակ անցավ ու չգիտեմ` գլխիս խշշոցից արթնացա թե հերթական անգամ ապակուն խփվելուց, բայց աչքերս բացեցի ու քնած օրորվող գլուխներ տեսա: Սիրուն էր: Հետո հասկացա, որ խշշոցը ոչ թե գլխում է, այլ դրսում: Պատուհանից դուրս նայեցի: Կարծես աստղերը հալվել էին ջերմությունից ու ներքև էին կաթում:

Նիկեա
30.08.2016, 15:47
Էս վերջերս օտարալեզու երազներ եմ տեսնում ու ոչ միայն էն լեզուներով, որոնք սովորում եմ, լրիվ ուրիշ, անծանոթ լեզուներով եմ խոսում երազներումս ու որ կողքից նայում եմ, թվում ա թե լավ էլ հասկանում եմ թե ինչ եմ ասում, նենց ինքնավստահ եմ բլբլում: Առավոտ երբ արթնանում եմ, հատուկենտ բառեր եմ հիշում, բայց որ գուգլում եմ, ինչ-որ փախած լեզվի հետ համընկնում են: Ինձ թվում ա՝ ենթագիտակցությանս մեջ պահպանվել են երբևէ կարդացածս, լսածս բոլոր օտարալեզու բառերը, քնած ժամանակ ենթագիտակցությունս արթնանում ա, ես «վերհիշում» եմ էդ բառերը, իսկ երևակայությունս համանմանությամբ նոր բառեր ա հորինում ու ես սպսում եմ «խոսել» էն լեզուներով, որոնց արթուն ժաամանակ չեմ տիրապետում: Հավես ա, ինչ խոսք:

***

Ախպորս ծնունդը օգոստոսի քսանիննին ա, բայց ծննդականում գրված ա երեսունին, ինչ-որ սխալ ա եղել ժամանակին ու մեր տանը մենակ ես եմ իր ծնունդը շնորհավորում էն ժամանակ, երբ պետք ա շնորհավորել: Տեսնես ինչի՞:

***

Փոքր ժամանակ մեր տանը մի սենյակ կար, որը ոչ մեկի սենյակը չէր: Ամեն անգամ, երբ բոլորի ուզում էի փախչել, գնում էի էդ սենյակ ու մահճակալի տակ մտնում:
Հիմա յեքա էշ եմ, բայց էլի իմ ամենասիրելի տեղը մահճակալի տակն ա: Էդ աշխարհի ամենապահով տեղն ա, երևի որովհետև մի ժամանկ էդտեղ էին ապրում իմ մեծագույն սարսափներից մի քանիսը, իսկ սարսափներչը սովորաբար ամենաապահով տեղերում են ապրում:
Ու հավես ա էդտեղ պառկած մտածելը էնքան, մինչև անշարժությունից կսկսի մեջքդ ցավել:

***
Էլի ճամպրուկային տրամադրություն… բայց ես գիտեմ, որ մի օր վերջին անգամ կհավաքեմ իրերս ու իմ տուն կգնամ:

Նիկեա
03.09.2016, 21:58
ես գիտեի թե ամենաշատը ում եմ ցավացրել ու հիմա ավելի լավ գիտեմ ու դրա համար ես ինձ չեմ ներում, բայց իրոք փորձում եմ ամեն ինչ ուղղել: Չնայած սխալները ուղղելը էդքան էլ հեշտ չի, ուղղակի կարմիր գրիչով գիծ ես քաշում ու ճիշտը վերևում գրում, անունն էլ դնում սխալ ուղղել, բայց դրանից սխալդ չի կորում ոչ մի տեղ, ավելի լավ ա երևում:

էսօր ես լիքը լացել եմ ու լիքը ծիծաղել: Էսօրը հակասական էր ու խառը, բայց ես իրան միշտ կհիշեմ: Էսօր ինձ ես մեկ մեծ էի զգում, մեկ փոքր, մեկ ուժեղ էի ես, մեկ էլ չափազանց անզոր, մեկ ատում էի ինձ ու հետո սկսում սիրել ու էս տատանումների մեջ ինքս ինձ չէի կարողանում գտնել: Բայց գտա երևի:

Էսօր ես տետր նվեր ստացա, որի մեջ կարող եմ խզբզել, որովհետև կյանքի ու հատկապես ուրիշների կյանքի վրա խզբզել չի կարելի: Ես կսովորեմ ճիշտ խզբզել թղթի վրա, տետրի մեջ:

Լավն էր էսօրը: Էսօրվանից սկսած ես սկսում եմ իրոք պատասխանատու լինել:

Նիկեա
10.09.2016, 19:47
Օգոստոսի ամփոփումը անընդհատ վաղվանն էի թողնում, երևի հիմա մի երկու բան ասեմ:

Հենց ամսվա ամենասկզբում հսկայական էշություն արեցի ու մինչև բոլորովին վերջերս փորձում էի ուղղել արածս, բայց սխալները ուղղել երբեք ոչ մեկին չի հաջողվում, ուղղակի կարմիր գրիչով ցույց ես տալիս, որ սխալ էիր ու բոլորը տեսնում են դա: Հետո ծայրահեղ դեպրեսիվ էր ամիսը ու լավ էր, որ վերջացավ:

Հետո սկսվեց սեպտեմբերը: Ի հակադրություն իմ սպասելիքների դեպրեսիվ չէր, համենայն դեպս առաջին երեք օրից հետո: Էդ առաջին երեք օրը անընդհատ տարբեր մարդկանց հետ, տարբեր մարդկանց համար դեպրեսվել ու լաց եմ եղել, իսկ հետո ոնց որ թե ամեն ինչ կարգավորվեց: Կարեցածիս չափ կոկիկ ու սիրուն դասավորեցի կյանքս ու դեռ ամեն ինչ լավ է ընթանում:

Հետո մորքուր դարձա ու ես երջանիկ էի: Նենց հավես էր: Ես Լինային շատ էի սպասում: Ինքը դեռ չէր ծնվել ու ես ինձ արդեն պատասխանատու էի զգում իրա համար: Պատկերացնում էի, թե ոնց է ինձ մոտ մնալու ամառային արձակուրդներին, երբ մեծանա: Պատկերացնում էի, թե ինչ եմ ասելու իրեն, ինչ եմ սովորեցնելու, ինչ երգեր ենք լսելու ու ինչ ֆիլմեր նայենք, որտեղ ենք թափառելու գնալու: Իրա համար փափուչիկներ գործեցի ու դեռ սիրուն գուլպաներ ու գլխարկներ եմ գործելու: Ինքը մենակ իրա ծնողների կյանքում չէ, որ փոփոխություն բերեց, իմ կյանքում էլ: Ես ուզում եմ ավելի լավը դառնալ, որ իրա համար ավելի լավ օրինակ լինեմ:

Հետո ասում ա, թե ինքը ինձ փչացրել ա: Դախ ա, լրիվ դախ: Ախր ես իրա հետ, իրա կողքին ավելի լավն եմ դարձել:

Բայց իրականում երբ որոշում էի օրագիր գրել, մտադիր էի համալսարանիս ու դասախոսներիս մասին խոսել: Ախր էս տարի համալսարանում ամեն ինչ ոնց որ հատուկ արված լինի ինձ սովորել ստիպելու համար: Բացի ռուսացի դասախոսից, մնացածը փոխվել են ու ես սարսափելի ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ հին, սովետական, դախ դասախոսներին փոխարինելու են եկել մարդիկ, որոնցից կարելի ու հնարավոր է ինչ-որ բան սովորել, համ էլ նրա համար որ ռուսաց շարունակելու ա դասավանդել Մարիա Ալեքսանդրովնան :love ինքը ինձ հարցնում էր, թե ամռանը ինչ եմ գրել :love ու ինքը մինչև հիմա ունեցածս դասախոսներից միակն է, ով քիչ ա Բիթլզ ու 60-7-ականների ռոք ա լսում, դեռ մի բան էլ Գեյման ա կարդում: Ախր շատ լավն ա տնաշենը :love

Հետո Բարսեղյանը հավանում ա թարգմանություններս, ասում ա՝ շատ գեղարվեստական են :D Ախր ես հեչ չեմ հավանում իմ թարգմանածները: Ինձ դուր չէր գա, եթե իմ գրածների հետ անեին էն, ինչ ես անում եմ ուրիշների գրածի հետ թարգմանելու ընթացքում. սեփականաշնորհում եմ, իմն եմ սարքում, վարվում եմ համարյա նենց, ոնց կվարվեի իմ ստեղծախի հետ: Ու եսիմ, կարող ա դրա պատճառով իմ թարգմանածները չեմ հավանում: Բայց ախր ես թարգմանել էլ չեմ սիրում, ուղղակի տնային էր, ստիպված անում էի ու փորձում էի կարեցածիս չափ լավ անել: Ընդհանրապես, Բարսեղյանը ինձ հսկակայական էներգիա ա տալիս: Էն որ օրվա վերջում ինչքան էլ մեռած լինեմ, ամեն ինչ կանեմ իրա դասին պատրաստ ներկայանալու համար կամ առավոտ վեցին կարթնանամ, որ վերջացնեմ կիսատ թողածս: Հավես ա, ինձ սենց ճառագող դասախոս էր պետք: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս something-ին «սամսինգ» ասելն ա :))

Մանգասարյանի իտալերենի ժամերին ես պարապ չեմ նստում, խոսում եմ, բացատրում, մնացածնեին օգնում, զգում եմ, որ ես էլ եմ ինչ-որ նոր բան սովորում կամ հասականում եմ թե ինչ գիտեի: Իսկ անցյալ տարի Գրիգորյանի ժամերին պարապ նստում էի կամ իսկի դասի չէի էլ նստում, որովհետև ես անելու ոչինչ չունեի, որովհետև իտալերենի ժամերը մանկապարտեզային են:

Սկզբում չէի ուզում չինարեն սովորել, երբ իմացա, որ մեր չինարենի դասախոսը հայ ա լինելու, ինտրիգը կորավ, անհետաքրքիր էր: Բայց մեր սենսեյ Լուսինեն (ես մոռացա թե չինարեն ոնց էին իրան դիմում) ինքը էնքան լավն ա: Իրոք շատ լավն ա: Իրանից էլ ա ճառագում էն նույն լույսը, ինչ Բարսեղյանից ու իրանից էլ եմ հսկակայան էներգիա ստանում: Ու համ էլ էն զգացողությունն ա, որ կարող եմ հանգիստ սխալվել: Ես մի տեսակ սիրում եմ էն մարդկանց, որոնց կողիքն հանգիստ կարող եմ սխալվել: Ավելի ինքնավստահ եմ զգում: Ինքը հավանեց արածս «նկարչությունը»: Ու իրոք, ես համարյա երկու ժամ տանջվել էի տասնյոթ հիերոգլիֆ գրելու համար: Ու հիմա ես մոտիվացված եմ ոչ միայն չինարեն շատ լավ սովորելուն, ես ուզումմ եմ բացահայտել չինական մշակույթը, ժողովրդին, ամեն ինչը, որովհետև լեզուն սովորելը ինձ համար մենակ գրել, կարդալ, խոսել կարողանալը չէ: Ինձ լեզուն պետք չի, եթե դրանով ես ինձ համար մշակույթ չեմ բացահայտելու: Դեռ չինարենիս էնքան ժամանակ չեմ հատկացնում, ինչքան ուզում եմ, բայց ես ամեն ինչ կանեմ էս տարի գոնե երկու հազար հիերոգլիֆ սովորելու համար :))

Միս Սեյրանյանը ոնց որ թե մեր ամենաերիտասարդ դասախոսն ա ու writing skills ա դասավանդում: Ամենայն հավանականությամբ էս դառնալու է իմ ամենասիրելի առարկան, որովհետև չնայած մենք ընդամենը էսսեյ գրել ենք սովորում, բայց ինքը հավես ա կազամակերպում դասընթացը: Իրանից յուրահատուկ էներգիա չեմ ստանում, բայց յուրահատուկ հանգստություն ունի, էն որ ուզում ես գլուխդ ուսին դնես ու քնես :)) միակ վատ բանը՝ իրա դասերը վերջին ժամին են, երբ ես համարյա ամբողջությամբ սպառած եմ լինում էներգիայիս պաշարը:

Իսկ Տիոյանին ես սիրում եմ :love հայոցի նախկին դասախոսիցս ավելի կռիս երևի մեկ էլ մեր գրադարանի պառավն ա, իսկ ընկեր Տիոյանը էնքան լավն ա, էնքան աշխույժ, կյանքով լի, չնայած որ բավականին տարիքով է: Նենց հավեսով ա ասում «Քեզ մատաղ, էդ ի՞նչ ես հորինում», որ քիչ ա մնում անընդհատ հորինեմ :D հայոցի դասին ես երբեք ավելի հանգիստ չեմ եղել, ավելի սիրուն ու սահուն երբեք չեմ խոսել: Ախր իրոք շատ լավն ա: Անցած ժամին էլ «Այլ կերպ» էինք խաղում դասի ժամանակ: Պետք էր սիրուն ու քերականորեն ճիշտ նախադասություններով բնորոշել թաքնված բառերը ու տեղավորվել ժամանակի ընթացքում ու ամեն անգամ ինքը էնքան սիրուն, էնքան համբերատար էր ուղղում ու բացատրում, որ չգիտեմ, ուզում էի գնալ, գրկել :love

Լավ մանկավարժ, լավ ուսուցիչ, լավ դասախոս ունենալը ինչքան լավ բան ա: Նոր եմ հասականում: Ու մեզ պետք են լավ մանկավարժներ, ուսուցիչներ, դասախոսներ, որովհետև էս երկրում մարդկանց կրթելով մենակ կարելի ա ինչ-որ բան փոխել:

Մյուս դասախոսներիս մասին էլ բան չասեցի, բայց իրանք էլ են շատ լավը: Ասում եմ է. ամեն ինչ հատուկ արված ա, որ համալսարանից բողոքելու առիթ չունենամ: :love Այ, եթե գրադարանի ու դեկանատի աշխատողներին էլ փոխեին, հաստատ ոչ մի բանից չէի բողոքի, բայց էլի չեմ բողոքում:

Էս տարի սովորելու եմ ու լավ եմ սովորելու:

Անընդհատ ակամա համեմատում եմ անցած տարին էս տարվա հետ ու տեսնում եմ, որ համարյա ոչինչ չի փոխվել, բայց համ էլ ամեն ինչ փոխվել ա: Ես լսում եմ նույն երգերը, ինչ մի տարի առաջ էի լսում, բայց էդ երգերից չեմ դեպրեսվում: Տանը էլի նույն վիճակն ա, ինչ մի տարի առաջ էր, բայց ես դրանից էլ չեմ դեպրեսվում: Ոնց որ նույն շրջանը լինի ուղղակի ուրիշ ես ա անցնում էդ շրջանը ու տպավորություններն ուրիշ են:

Հավես ա էս շրջանը: :))

Նիկեա
13.09.2016, 22:29
22 համարի վարդագույն ավտոբուս կա, որ լրիվ ուրիշ աշխարհից է: Էդ ավտոբուսը տուն գնալու ավտոբուս է, ոնց որ հատուկ ու հատկապես տուն գնալու համար իրան ստեղծած լինեն:

Զարմանալի զուգադիպությամբ ամեն անգամ ավտոբուսի վարորդը նույն բարի ու ժպտերես պապին ա: Ինքը էնքան լավն ա, որ ամեն անգամ ուզում եմ իրան գրկել կամ ասել, որ լավ նայի իրան կամ որ իրան շատ եմ սիրում կամ ուղղակի շոկոլադ տալ, որ տա թոռներին, բայց ամեն անգամ անպատրաստ եմ էդ ավտոբուս նստում ու մոտս էլ բնականաբար շոկոլադ չի լինում:

Ավտոբուսում երբեք էնքան մարդ չի լինում, որ ինչ-որ մեկին տեղը զիջելու անհրաժեշտություն լինի, ու ախմախ ռադիո միացրած չի լինում ու դու կարող ես հանգիստ, առանց ականջակալների, անիվների շփումը ասֆալտին լսելով տուն գնալ: Վարորդ պապին էլ էնքան զգույշ ու ուշադիր ա քշում, որ կարող ես գլուխդ ապակուն հենել ու քնել: Մի տեսակ հոգատարության հոտ ա գալիս իրա ավտոբուս վարելուց: Էն, որ ինքը հոգ ա տանում ոչ թե մեքենայի, այլ ուղևորների մասին, որովհետև դու հոգնած ես ու էդ ավտոբուս ես նստել տուն գնալու համար, որովհետև էդ մեծ ու վարդագույն 22 համարի ավտոբուսն ա:

Իմ կանգառը ամենավերջինն է ու երևի համ էլ էդ պատճառով եմ 22-ը ամենաշատը սիրում. որովհետև հավես ա վերջին կանգառում իջնելը: Էն որ ավտոբուսում մենակ դու ես մնացել ու քո կանգառը ամենավերջինն է: Ընդհանրապես, հավես ա վերջին կանգառին հասնելը ու ոչ միայն ավտոբուսի:

Ու երբ էդ ժամանակ ավտոբուսից իջնելիս բարի գիշեր ես ասում պապիին ու շնորհակալություն հայտնում, մի տեսակ տարօրինակ երջանիկ ես քեզ զգում: Չէ, ինձ թվում ա` մի օր անպայման շոկոլադ կտամ էդ պապիկին:

Նիկեա
17.09.2016, 00:13
Ինձ համար կենսաբանական ծննդյանս օրը առանձնապես կարևոր նշանակություն չունի, օր ա էլի ու հիշեցնում ա այն մասին, որ օրգանիզմս մի տարով էլ մեծացավ: Էդ փոքր ժամանակ էր, որ սրտատրոփ սպասում էի էս օրվան, օգոստոսի վերջից հետհաշվարկ սկսում ու երազում էն օրվա մասին, երբ ես ու մյուսները արդեն ինձ մեծ կհամարեն: Էն ժամանակ 18, 19, 20 տարեկանը էնքան մեծ էր թվում: Հետո դրա հակառակ փուլը սկսվեց` ես որոշեցի չմեծանալ ու ամեն տարի 15 տարեկան էի դառնում: Հիմա էլ երևի իմ մի մասը միշտ 15 տարեկան ա մնում, բայց էն մնացածը մեծանում ա, կարող ա դանդաղ, բայց ամեն դեպքում մեծանում ա:

Նիկեայի ծննդյան օրերը ես սիրում եմ, իրոք շատ եմ սիրում: Ուրախանում եմ իրա մեծանալը, հասունանալը տեսնելով: Բայց Սվետայի մեծանալը ինձ մի տեսակ տխրեցնում ա: Էն տպավորությունն ա, որ մեծանալը, ծերանալը, մահանալը ու տարիքով պայմանավորված մնացած փոփոխությունները մենակ Սվետային են վերաբերվում, իսկ Նիկեան ինչքան հնանա, էնքան ավելի լավն ա դառնալու :))

Ուրեմն առավոտ սովորականից շուտ եմ արթնանում, որ սովորականից շուտ տնից դուրս գամ ու որ տնեցիքի գրկոցներից ու համբույրներից խույս տամ, բայց դա բնականաբար ինձ չի հաջողվում ու բնականաբար տատին էլի չի թողնում, որ առանց նախաճաշի դուրս գամ տնից: Բայց վերջապես գնում եմ ու հանգամանքների բերումով մաշկիս վրա զգում մի էրոտիկ սարսափ ֆիլմ, որը բարեբախտաբար կարճամետրաժ էր:
Առավոտ: Գործի ու դասի շտապող լիքը մարդիկ: Բնականաբար գերբեռնավորված ավտոբուս: Սենց իմ համար կանգնած եմ էն վերևի ձողից կախված դեղին բռնիչներից եմ բռնվել ու երգ լսելով դասի եմ գնում: Երևի ավտոբուսի վարորդը կարծում էր, թե էդ անտերը անսահման քանակությամբ մարդիկ կարող է իր մեջ տեղավորել ու ամեն կանգառում կանգնում էր, արդյունքում ինչ-որ պահից սկսած ավտոբուսը էնքան լցվեց, որ էն դեղին բաներից բռնվելու կարիք չկար. մեկ ա չէիր ընկնի: Ու հետո սկսվեց ամենասարսափելին. ավտոբուսում շարունակաբար ընթացող գոյության կռվի արդյունքում երկու լայնածավալ և հսկայակուրծ տատիներ հայտնվեցին անիմջապես իմ դիմաց, իրենց ծավալի շնորհիվ հաշված վայրկյաններում բոլոր կողմերից շրջապատեցին ինձ ու երևի դավադրաբար ուզում էին ինձ ծեփել ավտոբուսի ապակուն և այդ առաքելությունը իրականացնելու համար գործիք էին ծառայում, գուշակեք. ... բնականաբար նրանց կրծքերը: Սարսափելի էր: Բայց ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում երբ կարողացա դուրս պրծնել ավտոբուսյան գերությունից: Մինչև հիմա վերապրում ու սարսափում եմ:

Հետո ոնց որ թե ամեն ինչ նորմալ ու հնարավորինս սովորական էր, մինչև էն պահը երբ գնացի դեկանատ` տեղեկանք վերցնելու: Ու ապշեցուցիչ էր էն, որ ոչ ոք մուննաթ չէր գալիս, անկապ չէին չլչլում, ու Բաբայանը, պարոն Բաբայանը, ախր չէ, դուք չգիտեք թե ինչ է նշանակում բաբայանական արագությունը եթե դրան ականատես չեք էղել, ավելի ճիշտ չեք էլ լինի, որովհետև իրա մոտ արագություն որպես այդպիսին չկա, մենակ դանդաղություն ա: Բայց էս անգամ քիչ ա արագ էր (կամ կարող ա ես էի իրանից ավելի անջատված ու չէի զգում իր անջատվածությունը) հլը մի բան էլ բարի ու բարեհամբույր էր: Անգամ մի տեսակ ինձ մեղավոր զգացի որ իրան չեմ սիրում:

Հետո վազում եմ լսարան, մեկ էլ սենց խառը, անկապ տարբեր լեզուներով ինչ-որ բան են երգում կուրսեցիներս, ու ինձ հաջողվում ա կռահել որ ծնունդս են շնորհավորում ու մինչև ուշքի եմ գալիս, Թամուշ սաղ քիթս կրեմ ա անում: Ու ես էդ ամբողջ ընթացքում զգում եմ, որ չեմ սիրում կուրսեցիներիս, որ իրենք գոյություն ունեցող ամենանկապ դեմքերն են ու չեմ կարողնաում հասկանալ իրանք միասին են ավելի անկապ թե առանձին-առանձին: Ու դրա համար էլ եմ ինձ մեղավոր զգում:

Դասերից հետո պատրաստվում եմ տուն գնալ ու ավտոբուսի մեջ էլի նույն բռնաբարիչ վիճակն ա, ինչ առավոտ, ու լուրջ, առանց փոխաբերական կամ դարձվածային իմաստի, մի ոտքի վրա կանգնած եմ մնում էդ գրողի տարած ավտոբուսում, որովհետև էն մյուսի համար տեղ չկար:

Ժամեր անց ես մեր տուն եմ հասնում: Անկապ ա: Մերոնք գրոհում... է, շնորհավորում են ինձ, տանը լիքը հյուրեր կան ու ես չէի ուզում որ տենց լիներ, ես ամբողջ ճանապարհին երազում էի տուն հասնել ու քնելու մասին: Սենց մի տեսակ հարազատ դեմքեր են, իրանցից շատերին ես անգամ կարոտել էի, բայց ուզում էի որ բոլորը գնային, անմիջապես, միանգամից: Մի տեսակ համ սիրում էի իրանց, համ չէի սիրում: Հոգնածությանն էի վերագրում, բայց էդ պահին բոլոր զգացողություններս ու զգացմունքներս անջատված էին: Իրանց սազի դեմքերը էնքան տարօրինակ էին թվում, ոնց որ իրենք իրենք չլինեին: Օտար էին, սարսափելիորեն օտար:

Հետո ինձ մի անգամ էլ էն տորթով լողացնում ու ես էս անգամ ցանկություն եմ պահում մոմը փչելիս, որովհետև առավոտ ինձ ասել էին, որ հավաքեմ ինձ ու մտքերս, կենտրոնանամ, ճռճռալու աստիճան ամուր փակեմ աչքերս ու ցանկություն պահած փչել: Տենց էլ արեցի ու նենց ուժեղ փչեցի, որ թվաց` տորթը կթռչի սեղանից: Չէի պատկերացնում որ էդքան ուժեղ կլինի:

Իսկ հետո, հետո բնականաբար ամենահետաքրքիրը սկսվեց: Ախպորս համոզեցի որ ինձ մեքենա քշել սովորեցնի: Վերջապես համաձայնեց: Գնացինք: Լայն դաշտ էր ու ոչինչ չկար, որին կարող էի խփվել, սովորելու համար ապահով տեղ էր: Սկզբում ինձ երկար բացատրում էր թե որ տնակը ինչի համար է, որը երբ սեղմել ու երբ ոնց սեղմել, որ ոտքը որտեղ պետք ա լինի, բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա ու դանդաղ քշելով ցույց էր տալիս, հետո երբ ինձ հոգեպես պատրաստ զգացի, ես նստեցի ղեկին: Սկզբում լավ էր, հանգիստ քշում էի, հետո չգիտեմ ինչ էղավ, ոտնակների տեղը խառնեցի թե սխալ բան սեղմեցի, չգիտեմ, բայց մեքենան տեղից պոկվեց, մութ էր, բայց լուսարձակները հեռվում հենց ուղիղ իմ դիմաց էլեկտրասյուն էին ցույց տալիս, ես լսում էի որ պետք ա արգելակեմ, պետք ա բաց թողնեմ էդ գազի կնոպկեն, բայց մի տեսակ չէի հասկանում թե ինչ եմ լսում, մենակ տեսնում էի թե ոնց ա ավելի մոտենում սյունը ու ոնց ենք մենք ավելի արագ շարժվում ու էդ պահին ռեֆլեքսորեն փակեցի աչքերս ու պատահական ոտնակ սեղմեցի: ախր տեսնել էր պետք թե ինչքան էր մնացել սյունին բախվելու համար, ավելի քիչ քան մի մետր, իսկի կես մետր էլ չէր մնացել: Էն ինչ էր: Չեմ ուզում էլ սենց զգացողություններ: Ու ոչ էլ մեքենա վարել եմ ուզում սովորել:

Ու հիմա... ես մոռացա թե ինչ էի ուզում ասել: Հա, հիշեցի. էս տարվա ընթացքում 2-րդ ծնունդս էր Ու ես պատրաստվում եմ նաև 3-րդը ունենալ :D

Նիկեա
27.09.2016, 22:13
Վերջին շրջանում իմ կյանքում ամեն ինչ լավ է, անգամ շատ լավ: Էն որ մի տարի առաջ ես կերազեի էս ամենի մասին: Տնեցիք թևաթափ անելու փոխարեն թևեր են տալիս, հատկապես մաման: Մոտիվացնում ա, որ չդադարեմ գործ ման գալ, հետո ինչ, որ մենք-ձեզ-կզանգահարենքներից ոչ մեկը իրականություն չի դառնում: Մոտիվացնում ա, որ սովորեմ, հավատում ա ինձ: Մենակ ասում ա, որ առողջությանս հաշվին ոչինչ չանեմ ես էլ չեմ անում. օրական 8 ժամ քնում եմ, նորմալ սնվում, ֆիզիկական ակտիվության պակասն էլ առավոտ ու իրիկունը քայլելով եմ լրացնում, մութ սենյակներում չեմ կարդում, ականջակալներով երաժշտությունը ամենաբարձր աստիճանով չեմ լսում: Ես լավ եմ վերջերս:

Դասախոսներիս մասին մի անգամ պատմել եմ, նորից նույնը չեմ կրկնի: Դպրոցում դասաժամեր կային, որ 45 րոպեն սարսափելի շատ էր թվում ու էդ ընթացքում սարսափելի հոգնում էի: Առաջին կուրսում 80 րոպե անընդմեջ "դաս անելու" մասին էլ չեմ ասում: Իսկ էս տարի 80 րոպեն էնքան քիչ ա թվում, չի հերիքում ոչ մի բան սովորելու համար, տնային առաջադրանքներն էլ էնքան քիչ ու հեշտ են, որ կարողանում եմ հետո գիրք կարդալ, լիքը նոր ու հավես բառեր, դարձվածքներ սովորել, եթե իհարկե մեջս էներգիա ա մնում դասերս հավուր պատշաճի անելուց հետո: Էս տարի կրթությունս ինքնակրթվելուս չի խանգարում:

Երևի մյուս շաբաթվանից կսկսեմ գերմաներեն պարապել: Ու էդ էլ ա հոյակապ:

Համալսարանի ու կուրսեցիներիս մոխրագույնի կողքին էդ նույն համալսարանում գունավոր էրեխեք եմ գտել, հավես դեմքեր, որոնք գիրք կարդալն ու սովորելը չեն նույնացնում ու որոնց հետ խոսելիս վրայի տեսակ-տեսակ կրեմների հոտից սիրտս չի խառնում:

Վերջին շրջանում ես սիրահարվել եմ չինական մշակույթին: Չինական գրականություն եմ կարդում ու չեմ հիշում գրողների անունները, բայց ամեն ինչ էնքան սիրուն, նուրբ ա գրված, որ կարող ա կես ժամ նույն պարբերությունը կարդամ ու աչքերս արցունքներով լցվեն, որովհետև ախր սարսափելի սիրուն ա գրված: Անգլերեն թարգմանություններ եմ կարդում ու երազում էն օրվա մասին, երբ բնագիրը ձեռքս կվերցնեմ ու չինարենով կկարդամ: Ախր, իրոք, էնքան սիրուն ա: Չինարեն սովորելն էլ ինձ գերագույն հաճույք ա պատճառում: Չգիտեմ, երևի պատճառը էն ա, որ մինչև էս չինարենին նման ոչ մի լեզու չեմ սովորել, բայց մինչև էս լեզուն սովորել սկսելը մտքովս չէր անցել, որ լեզուն արվեստ ա: Ու ախր իրոք արվեստ ա: Պարտադիր չի չինարենի պես գաղափարագրային լեզու լինի:

Մի հատ փիսո կա, իրան մի անգամ եմ տեսել, առավոտ դասի գնալիս կանգառ վազելիս: Էնքան լավն էր ինքը, փոքր, փափուկ, անպաշտպան: Նկարեցի իրան ու վազեցի դասի: Հիմա ամեն օր էդ կողմերում իրան եմ ման գալիս, որ տուն բերեմ, բայց ինքը չկա: Բայց ես կգտնեմ իրան:

Կանգառից տուն տանող ճանապարհի մի ահագին հատված ընդհանրապես չի լուսավորվում: Բարձրանում, բարձրանում, բարձրանում ես զառիթափը ու մեկ էլ հոպ` դիմացդ հայտնվում է մի մենավոր դեղին լապտեր, որը էնքան սիրուն ա գիշերվա մթության մեջ: Ամեն անգամ քիչ ա մնում գնամ էդ լույսի տակ նստեմ: Մի տեսակ կախարդական ա թվում:

Բայց...
Ես տականք եմ: Երկու մարդ կան, շատ լավն են իրանք ու ես իրենց սարսափելի ցավեցրել եմ: Մեկից գողացել եմ իր մարդկանց, խառնվել եմ կյանքին, իբր ուզում էի օգնել, բայց վնասեցի: Ինձ թվում ա իրա մեջ մի շատ կարևոր բան կոտրել եմ: Չէ, ինձ չի թվում, հենց կոտրել եմ: Իրա հետ կեղծ ու տականք եմ եղել: Ես վատն եմ: Պաղպաղակ ուտելով թափառելը, գրադարանում դաս անելը, միասին լացելնու ծիծաղելը արդեն էնքան հեռու են թվում:

Իսկ մյուսը... ես առանց իրան հարցնելու իմ կամքից անկախ իրա կյանք մտա, հետո անզգուշաբար էլի սաղ ջարդեցի ու փախա կամ փորձում եմ փախնել: Ես չեմ ուզում ապրել էն նույն փողոցում, ինչ ինքը, իրանից մի քանի տուն էն կողմ: Ես չեմ ուզում առավոտ վախենալով կանգառ իջնել հետո էլ անհամբեր սպասեմ ավտոբուսին հուսալով որ էդ ընթացքում իրան չեմ տեսնի ու չեմ ուզում իրիկունը համարյա վազելով տուն գալ, որ էլի հանկարծ պատահմամբ իրան չտեսնեմ: Ես սարսափելի վատն եմ:

Էսօր սկզբում առաջինին հիշեցի ու էդ հիշողությունները ձգվեցին, հասան մինչև երկրորդը: Ես ինձ մեղավոր եմ զգում երկուսի առաջ էլ, ես վախենում եմ երկուսից էլ: Ինչքան էլ իրանք ասեն, թե ամեն ինչ լավ ա, մեկ ա ինչ-որ բան խանգարում ա ինձ: Կարող ա մեղքի զգացումն ա, խղճի խայթը կամ չգիտեմ էլ ինչը, բայց ինչ-որ բան ներսից արգելակում ա ամեն անգամ: Ու ես գիտեմ, որ ոչինչ էլ առաջվանը չի լինի, բացարձակապես ոչինչ: Բայց ես չէի ուզում իրանց ցավեցնել, իրոք չէի ուզում: Ինձ թվում էր, թե ես լավ բան եմ անում, ես իրոք ուզում էի լավ բան անել: Բայց ես փշրեցի, ճզմեցի, դեֆորմացրեցի ու ինչքան էլ հիմա իմ կյանքում ամեն ինչ վարդագույն լինի, ինչ-որ տեղից երբեմն մոխրագույն ստվեր ա հայտնվում ու ծածկում ինձ ու ես ուզում եմ փախնել էդ ստվերից, գնալ էն մենակ լապտերի մոտ նստել, գլուխս լույսի մեջ սուզել ու կատու դառնալ...

Նիկեա
29.09.2016, 16:27
Մի անգամ դպրոցում շարադրություն էին տվել. պետք ա գրեիինք մարդու ձեռքով ստեղծված մեզ համար ամենագեղեցիկ բաների մասին ու ես մի քանի էջ պատմել էի անիմեների, իմ ամենասիրած անիմեների մասին ու բնականաբար էդ շարադրությունս չգնահատվեց նենց, ոնց հարկն էր, որովհետև դասատուս գաղափար էլ չուներ, թե ինչ անիմեն: Բայց ախր, գրողը տանի, էդ արվեստ ա, արվեստի սիրունագույն ձև: Շարքային մուլտիկները ինչքա՞ն հաց ու պանիր պետք ա ուտեն, որ անիմեի պես սիրուն դառնան: Գույների համադրությունն ու հակադրությունը, հերսոների բազմազանությունը, հերսների գույները, երաժշտությունը, ճապոներենը... Էն, որ մազերն ու աչքերը արտահայտում են հերոսների ողջ զգացմունքները... էդ ամեն ինչի համադրությունը ախր սարսափելի սիրուն ա, էնքան սիրուն, որ անիմե նայելուց հնարավոր չի ես լաց չլինեմ (սիրուն բաներից ես միշտ լաց եմ լինում): Ու անիմեն կորցնում ա էդ գեղեցկության զգալի մասը, երբ նայում ես թարգմանված, ինչ որ ուրիշ լեզվով: Չէ, պետք չի էլի, ճապոներենը նայի անգլերեն, ռուսերեն, ղազախերեն, բանտու, կապ-չունի-թե-ինչ-լեզվի սուբտիտրերով: Ու կապ չունի, որ անորոշ ժամկետով հետաձգել եմ ճապոներեն սովորելս, մի օր ես գոնե էնքան կտիրապետեմ էդ լեզվին, որ առանց սուբտիտրերի անիմե կնայեմ: Յակուսոկու:

Նիկեա
01.10.2016, 22:17
Ես չեմ սիրում կուրսեցիներիս: Ինչ մի սիրելու բան են որ? Իրենք էլ ինձ առանձնապես չեն սիրում: Ինչ մի սիրելու բան եմ որ? Բայց մեր կուրսում մի աղջիկ կա, ով էդ մարդկանց հետ օրական 5-7 ժամ անցկացնելը տանելի ա դարձնում: Թամուշը: Իրա մասին եմ էսօր պատմելու: Ինքը մեր խմբում միակն էր, որ քիչ ա գիտեր անիմեն ինչ ա, դեռ մի բան էլ մանգա էր կարդում (երբեք չեմ կարդացել) ու ճապոներեն էր սովորում (եթե ինքը չլիներ, հաստատ սովորել չէի սկսի): Ինքը էն մարդն էր, ում համալսարանի տվածը չէր հերքում, որովհետև էդ անտերը ոչ մի բան չէր տալիս, ինքը չէր էկել ուղղակի ինչ-որ դիպլոմի համար սովորելու: Ինքը բացեիբաց աշխարհին պատերազմ չէր հայտարարել, ի տարբերություն ինձ, բայց աշխարհի հետ չէր էլ համակերպվել: Ու ինձ դուր էր գալիս ձանձրալի դասերին գլուխս իրա ուսին դնելն ու փնթփնթալը կամ դասի չնստելն ու անկապ թափառելը էնքան մինչև ինչ-որ բակում ինչ-որ բիսեդկա կգտնեինք ու էդտեղ կսպասեինք մինչև մեր դասերը վերջանային: Ի տարբերություն շատ շատերի ինքը լավ լսող ա: Երևի էդ էն բաներից մեկն էր, որ ինձ գրավել ա, որովհետև միշտ ես եմ լսում ուրիշներին, իսկ երբ ուզում եմ, որ ինձ լսեն, չեն լսում ուղղակի: Չեն լսում, բայց խոսում են, անկապ ինչ-որ բաներ ասում, յանի խորհուրդներ տալիս: Իսկ ինքը իրոք լսում ա: Եթե չիմանա ինչ ասել, ուղղակի կասի որ չգիտի, եթե կարծի, որ ես սխալ եմ, կասի որ սխալ եմ: Եթե ինձ հերթական անգամ ինքնախարազանեմ ու դա արդարացված լինի, ինքն էլ կմիանա ինձ, հակառակ դեպքում` ինձ ինձանից կպաշտպանի: Ինքը էն մարդկանցից ա, որոնք կամա թե ակամա ինձ մոտիվացնում են: Ու ես սիրում եմ իրան գրկել:

Հիմա կթվա թե մենք մտերիմ ընկերներ ենք: Ու ամենահետաքրքիրը հենց էդ ա` մենք... մենք ախր չգիտեմ, մենք կարող ա ընկերներ ենք, բայց ինքը տարբերվում ա իմ մնացած բոլոր ընկերներից ու իրա հանդեպ զգացածս էլ ա տարբեր: Մեր կուրսում մի հատ աղջիկ կա, որի խորին համոզմամբ Թամուշը իրա լավագույն ընկերուհին ա: Այ էդ մեկին չեմ հավատում: Չի կարա նման բան լինի, որովհետև ինքը տեսնում ա մենակ էնքանը, ինչքան Թամուշը ցույց ա տալիս բոլորին:

Ես գիտեմ իրա համարյա բոլոր գաղտնիքները, ինքն էլ` իմը: Ինքը ինձ ա պատմում իր վեց կատուների մասին ամենաստից ու անկարևոր թվացող բաները, ես էլ բացատրում եմ թե սովորածս նոր հիերոգլիֆը մասնիկների ինչ հերթականությամբ պետք է գրել: Ու ինքը նաև էն մարդկանցից մեկն ա, ում մաշկի բույրը ես տարբերում եմ մյուսներից: Բայց գրողը տանի, մենք իրար ոչ մի թելով կապված չենք: Ամբողջ ամառ մենք չէինք զանգել իրար, չէինք գրել, ես ոչ մի բան իրա մասին չգիտեի, ինքը` իմ, բայց երբ սեպտեմբերին նորից հանդիպեցինք, թվում էր թե ոչ մի բան չի փոխվել, ոչ մի օր չի անցել: Ինձ թվում ա` եթե մի ամառվա փոխարեն տաս տարի անցած լիներ, էլի ոչ մի բան չէր փոխվի:
Եսիմ, երևի լավ ա ունենալ ընկեր, որից կախվածություն չունես ու ոչ էլ կապվածություն:

Նիկեա
03.10.2016, 22:07
Արի ու տես, որ ամեն օր նորմալ մարդու պես նորմալ կյանքով ապրելը հեչ էլ ձանձրալի չէ: Ու ոչ էլ ձանձրալի ա էն, որ կյանքդ անընդհատ նույն շրջաններն ա գծում:

Առավոտյան ու երեկոյան նույն ավտոբուսում նույն մարդկանց տեսնելը... էդ անգամ հաճելի ա: Արդեն ուզում եմ ամեն առավոտ բարևել իրանց, ուզում եմ հարցնել թե ոնց են: Երբ ծանոթ դեմքերից ինչ-որ մեկը էդ օրը բացակայում ա, սկսում եմ մտածել թե ինչի չկա. կարող ա հիվանդ ա կամ ուղղակի էսօր իրա հանգստյան օրն ա: Հավես ա նույն մարդկանց դեմքին տրամադրությունների փոփոխությունը կարդալը, տեսնելը որ առավոտ լարված էին, աչքերը անընդհատ շարժվում էին, թվում է ուզում էին փախչել ակնափոսերից, իսկ իրիկունը տուն գնալիս արդեն մի տեսակ հանգիստ են, մի քիչ հոգնած բայց համ էլ խաղաղ ու ենթադրում ես, որ առավոտ անհանգիստ էր բայց երևի ամեն ինչ իր սպասածից ավելի լավ է անցել: Կամ հակառակը: Կամ որ արդեն գիտես` էն կարմրամազ, կապույտ աչքերով կինը Հայկ անունով փոքր տղա ունի, որ միշտ զանգում է մորը, ճշտում թե ուր է հասել ու խնդրում, որ մայրը ինչ-որ բան առնի իր համար, չգիտեմ ինձ միշտ թվում ա, թե Հայկը կինդեր ա ուզում:

Ամեն օր տեսնում եմ էդ մարդկանց ու եթե կյանքիս մնացած մասն էլ ամեն օր տեսնեմ, երևի չձանձրանամ:

Մի հատ տատիկ կա, ինքը արցունքագույն աչքեր ունի: Ես վախենում եմ իրեն ուշադիր նայել, որովհետև թվում ա` եթե ուշադիր նայեմ, հայացքս կծակի իրան, էն ապակին, որից պատրաստված է ինքը, կփշրվի: Թվում ա, թե էդ տատին լաց կլինի, երբ տեսնի թե ես ոնց եմ իրեն նայում:

Մի հատ էլ պապի կա, ինքը ոնց որ "Սպիտակաձյունիկի" միջի էն ճաղատ, անմորուք, սիրուն, փոքր թզուկը լինի: Որ փոքր էի, մի անգամ պապս ասեց` մարդիկ երբ ծերանում են, փոքրանում ու երեխաներ են դառնում: Շատ երկար ժամանակ ես էդ ուղիղ իմաստով էի հասկացել ու սպասում էի, թե երբ ա պապս երեխա դառնալու: Հիմա երբ էդ պապիկին եմ նայում, իմ պապի ասածներն եմ հիշում մարդկանց ծերանալու ու երեխա դառնալու մասին. էս պապին էնքան ա ծերացել, ու երեխա ա դարձել: Պետք ա տեսնել, թե ինքը ոնց ա ժպտում: Կնճիռները թվում ա ամբողջությամբ ծածկում են աչքերը, ժպիտից դեմքը էլ ավելի ա կնճռոտվում, բայց մեկ ա էդ իմ երբևէ տեսած ամենասիրուն ժպիտներից ա: Ես մի տեսակ փշաքաղվում եմ իրա ժպիտից:

Ամեն առավոտ ես անցնում եմ նույն ծառերի մոտով ու տեսնում եմ թե օր օրի ոնց են ծառերը գունափոխվում. կանաչ տերևները սկսում են դեղնել, դեղնում են սկզբում եզրերը, հետո ամեն օր դեղին գծերը ավելի ու ավելի են առաջանում մինչև ծածկում են ողջ տերևը: Հետո եթե տերևը չի ընկնում, սկսվում է երկրոդ փուլը. արդեն դեղին տերևը սկսում է շագանակագունել: Ամեն անգամ երբ տեսնում եմ թե մի օրվա մեջ ինչքան են փոխվել ծառերը, մտածում եմ` տեսնես իրանք իրենց կողքից տեսնում են: Կամ ասենք էն մի ծառը, որ տենում ա էն մյուսի գունափոխվելը, մտածում ա, որ ինքն էլ ա նույն փոփոխություններին ենթարկվում? Ու հետո մտածում եմ, որ մենք էլ ենք ծառեր, անարմատ ծառեր:

Հետո էլի քայլում եմ ու ծանոթ պատահական անցորդներ փնտրում ու ամենատարօրինակը` գտնում եմ: Մի կարմիր ուսապարկ կա, չեմ հասցրել ֆիքսել էդ ուսապարկի տերը աղջիկ ա թե տղա, բայց ինքը բացի հինգշաբթի օրերից առավոտ գործի ա ու երբ Հյուսիսային պողոտայում անցորդների մեջ էդ ուսապարկը չեմ նկատում, մի տեսակ անհանգստանում եմ` հանկարծ գործից չուշանա: Ջուր եմ խմում, հեռախոսիս նայում, երգը փոխում, հետո էլի ջուր խմում, որ մի քանի վայրկյան էլ ժամանակ ձգում, որ տեսնեմ` կհայտնվի կարմիր ուսապարկը թե չէ?

Համալսարանում մի աղջիկ կա, ամեն անգամ, երբ ես ձեռքիս լիքը գրքեր շտապում եմ մի մասնաշենքից մյուսը, պարտադիր պետք ա իրան բախվեմ, գրքերս ձեռքիցս պետք ա թափվեն ու հատակով մեկ ցրվեն, ինքն էլ պետք ա օգնի ինձ դրանք հավաքել: Նենց ռոմանԾիկ ա: Իրա մասին ոչինչ, բացարձակ ոչինչ, բայց հետո որ միջանցքում հանդիպում ենք, ժպտում ենք իրար ու անցնում: Մի տեսակ հավես ա :))

Ընդհանրապես, հավես ա, երբ մարդիկ քեզ ժպտում են, դրանից սկսում ես ավելի լայն ժպտալ, իսկ էս վերջերս համարյա միշտ բերանս մինչև ականջներս բաց ա:
Դասերի ժամանակ կուրսեցիներիս ու դասախոսներիս զննելուց հավես բան չկա: Ես սիրում եմ իրանց լսել անգամ եթե ապուշություններ են ասում, իսկ իրանք միշտ են ապուշություններ ասում: Իսկ որ շատ պարապ եմ լինում ու դասի ժամանակ չգիտեմ ինչ անել, սկսում եմ նույն իրավիճակում հերթով պատկերացնել բոլոր կուրսեցիներիս ու դասախոսներիս, նենց հավես ա, չալարեի, էդքանը կգրեի: Բայց էն օրը գրել էի. շարադրություն պետք ա գրքեինք ես էլ դասախոսիս մասին էի գրել, ով պարզվում ա կես դրույքով կախարդ ա ու ժամանակի մեջ հետ ու առաջ ա անում ու էլ եսիմ ինչեր: Ամենավատը` դասախոսս մտածեց, թե իմ "շարադրության" վհուկը ինքն ա, բայց ես լրիվ ուրիշ դասախոսի նկատի ունեի: Բայց ինքը գնահատեց երևակայությանս թռիչքը :))

Մի ժամանակ քայլելու ընթացքում քայլերս հաշվելու բզիկ ունեի: Հիմա, երբ մենակ ավելի շատ եմ քայլում քան ինչ-որ մեկի հետ, էլի սկսել եմ հաշվել քայլերս: Գրադարան գնալու ճանապարհին միշտ հաշվում եմ, բայց կեսից մտքերով եսիմ ուր, եսիմ ինչքան հեռու եմ գնում ու կորցնում հաշիվս:

Գրադարանում` էն ներքևում մի հատ ոստիկան կա, որ միշտ հարցնում ա, թե ոնց եմ: Դե կարող ա ինքը բոլորին ա հարցնու, բայց ինչ խոսք, հաճելի ա, երբ ուղղակի անծանոթ մարդիկ հարցնում են թե ոնց ես, մի տեսակ կարևոր ես քեզ զգում:

Գրադարանում էլ բոլոր կամ համարյա բոլոր դեմքերը ծանոթ են: Արդեն գիտեմ, թե ով երբ կգա ու երբ կգնա, ինչ կկարդա ու թե որտեղ ա հավանաբար սովորում: Երբ ինչ-որ մեկը ուշանում ա իր սովորական ժամից, մտածում եմ, որ երևի էդ օրը ուղղակի դասերը ուշ են վերջանում կամ որ գործեր ունի: Երբ հոգնում եմ կարդալուց, սկսում եմ մարդկանց ուսումնասիրել: Ինձ թվում ա` բոլորի դեմքերն ու դիմագծերը արդեն անգիր գիտեմ:
Հետո ես արդեն գիտեմ, թե երբ որ գրադարանավարուհու հերթափոխն ա ու գիրք չեմ վերցնում, երբ գիտեմ որ էն 2 վհուկներն են լինելու :))
Ու դուք ընդհանրապես տեսել եք թե ինչ սիրուն ա Ազգային գրադարանի ընթերցասրահի առաստաղը? Ախր իրոք սիրուն ա: Էսօր պառկած առաստաղին էի նայում ու հետո չգիտեմ ինչի սկսեցի մտածել` արդյոք երբևէ ինչ-որ մեկի մտքով անցել ա էն ամենավերևի պատուհանները սրբել :))

Հետո հավես ա դասերը վերջացրած գրադարանից դուրս գալն ու իրիկվա սառը օդը շնչելը: Հավես ա էդ ժամանակ ինչ-որ մեկին զանգելը ու մինչև կանգառ հասնելը հետը խոսելը:
Ու ավտոբուսի բարեհամբույր վարորդներն են հավես: Ու մեկ էլ կանգառից տուն քայլելիս կողքովդ քայլող անտուն կատուները: Ու չվառվող լապտերները: Ու վառվողներն էլ: Ընդհանրապես, հավես ա ապրելը:

Նիկեա
08.10.2016, 22:55
էսօր լիքը անկապ քայլել եմ: Սկզբում որոշել էի հասնել Անժելենց տուն, տզտզալ մի քիչ, նվնվալ, հետո բազմոցի մի անկյունում բարձերը գրկած քնել ու նախքան էդ ամբողջ ճանապարհը քայլելով գնալ, որ բողոքելու ավելի շատ բան ունենամ: Հետո անընդհատ կողքովս կանաչ, դեղին, կարմիր, կանաչ, դեղին, սև, կանաչ, դեղին, դեղին ծառեր էին անցնում ու թվում էր, թե ես եմ ծառը: Չեմ հիշում, թե սկզբում ինչ էի մտածում, բայց վերջում` երբ համարյա Անժելենց տուն էի հասնում, մտածում էի, որ մենք մեր սիրած մարդկանց խառնուրդն ենք: Ուզենք թե չուզենք մենք մեր մեջ պահում ենք մեր սիրած մարդկանցից ինչ-որ կտորներ տարբեր չափերի, մեծ ու փոքր, սուր ու բութ եզրերով, մենք ունենք ժեստեր, որ մերը չեն, մեր սիրած մարդկանցն են, ունենք բառեր, տոներ, հայացքներ, մտքեր, ձայներ, բնավորություններ, որ էլի մերը չեն, իրանցն են: Մեր մեջ խառնված են մեր սիրելի մարդկանց սիրելի կամ չսիրելի գծերը: Մենք իրանց խառնուրդն ենք: Բայց տենց էլ չհասկացա` մենք սիրում ենք էդ մարդկանց, որովհետև մեր մեջ իրանց նման, իրանցից ինչ-որ մասնիկ կա, եղել ա նախքան իրանց հանդիպելը թե մենք էդ խառնուրդն ենք դարձել իրանց սիրելու հետևանքով? Եսիմ է:

Հետո ես Անժելենց տուն հասա, իրենք ինձ մեխակով, դարչինով ու ուրիշ համով համերով չայեր տվեցին ու ես մոռացա, որ որոշել էի նվնվալ:

Նիկեա
11.10.2016, 21:16
Երկու օր տուն չէի գնացել: Սկզբում` Գյումրի: Գյումրին սարսափելի սիրուն քաղաք ա ու իմ իմացած գյումրեցիներն էլ սարսափելի լավն են:
Հաջորդ օրը` Անժելենց տուն իբր օգնելու համար, բայց թարգմանությունը անելիս զգում եմ, որ քնում եմ ստեղնաշարին, որոշեցի առավոտ շուտ վերջացնել: Բայց առավոտ էլ քնած մնացի ու հազիվ վազելով դասի հասա: Նախորդ օրը քեռուս աղջկա հետ հանդիպումը հետաձգել էի, որ իբր դասից հետո միանգամից տուն գնամ, լողանամ ու քնեմ, բայց բնականաբար տենց չէղավ: Հետո երբ գրադարանից տուն էի գնում, որոշեցի քայլել ծառերիս մոտ. երկու օր ա չէի տեսել ու հաստատ ահագին գունափոխված կլինեին: Ու իրոք, համարյա լրիվ դեղին էին: Հետո 2 ավտոբուս բաց թողեցի, որովհետև իբր չէի ուզում ճխլվելով տուն հասնել, բայց սպասելու ընթացքում հասկացա որ ուզում եմ շուտ տուն հասնել թեկուզ լինի ճխլվելով: Ու հետո մտածում էի, որ ինչքան էլ թափառական լինեմ, ինչքան էլ ինձ համար հաճելի լինի նոր բաներ բացահայտելը, անծանոթ տեղերում կորելը, մեկ ա ես տուն եմ ուզում: Որ ամեն անգամ երբ ոտքերս լրիվ կոշտուկներով պատվեն, թվա թե քայլելուց կմեռնեմ, չուզեմ ոտքերս շարժել, կոկորդս ցավի անգամ շնչելուց ու մտածեմ թե գլուխս մետաղից ա պատրաստված, որը ուղղակի չափազանց տաքացել ա, որ երբ հոգնեմ ամեն ինչից, վերցնեմ ու տուն գնամ:

Նիկեա
13.10.2016, 21:48
Հաշվելու մասին

Հեչ հաշվել եք թե օրվա ընթացքում քանի հոգու եք բարևել? Կամ քանի քայլ ա լսարանի վերջին նստարանից մինչև գրատախտակը? Քանիսն աստիճանները համալսարանի երկրորդ մասնաշենքի 2-րդից 4-րդ հարկերը ընկած հատվածում? Փողոցում լամպերից քանիսը չեն վառվում? Քանի գիրք է գրված գրապահարանի մի գրադարակում ու էդ գրքերից քանիսը կապույտ կազմ ունեն? Նկարում ժպտալիս իրա ատամներից քանիսն են երևում? Իսկ ես հաշվում եմ: Հաշվում եմ ամեմաանկապ, ամենաանպետք բաները: Հոգնել եմ քայլելուց, հաշվում եմ քայլերս: Ու հետո գալիս ա մի պահ, որից հետո էլ քայլելս չեմ զգում, մենակ թվեր են... 126, 127, 128, 129, 191... ու էդ պահից հետո թվերի հաջորդականությունն էլ ա կորցնում իրա իմաստը... 191, 326, 13, 73, 1000...

Հետո մեկ-մեկ թվում ա, թե բացի հաշվելուց ուրիշ ոչինչ չի մնացել անելու: Ու ես հաշվում եմ ստացածս զանգերը, գրածս sms-ները, անցած աշնան օրերը, հինգշաբթիները, նոր-տարիները... Հաշվում եմ: Անկապ: Հենց նենց: Ուղղակի: Եսիմ: Երևի որովհետև մեկ-մեկ հաշվելուց բացի անելու ուրիշ ոչինչ չի մնում:

Նիկեա
14.10.2016, 20:23
8 տարի առաջ էս օրը առաջին անգամ ես օպտիկական ակնոցներ կրեցի: Էն ոնց էի ուրախացել, որ կարճատես եմ: Աննորմալ էի թե ինչ, չգիտեմ, բայց էդ օրը կյանքիս ամենաերջանիկ օրերից էր: Ուրախ էի, որ կկարողանամ առանց կկոցելու նորմալ տեսնել աշխարհը, բայց ավելի շատ ուրախ էի, որ վերջապես ակնոց եմ դնելու: Ոնց էի հուզվում էդ օրը: Շրջանակը ընտրելը :love չնայած ես մտքումս վաղուց որոշել էի թե ինչպիսին եմ ուզում լինի ակնոցս, բայց վախենում էի, որ կլոր շրջանակներ չեն լինի: Բայց կային: Իմ առաջին ակնոցը... Երևի 12 անգամ ակնոց եմ փոխել էս տարիների ընթացքում, բայց մեկ ա առաջին ակնոցիս չափ ոչ մեկին չեմ սիրել: 11 տարեկան էի էն ժամանակ, Հարի Փոթերին նոր բացահայտած, ես կլոր ակնոց ունեի ու ինձ էլ մի տեսակ փոթերոտ էի զգում: Երանելի ժամանակներ էին: :))

Ու հետո ոնց էի լաց լինում, երբ կոտրեցի ակնոցս: Էն ակնոցս, որով քնում ու արթնանում էի: Էն կախարդական ակնոցս: Դրանից հետո էլ կլոր շրջանակներով չառա: Եսիմ, երևի վախենում էի որ էլի կկոտրեմ ու ամեն անգամ դրանց հետ կկոտրվի նաև էդ ակնոցների մեջ եղած կախարդանքը, էնքան մինչև կախարդանքի կոտրվելը կդառնա սովորական:

Կոտրված ակնոցս դեռ պահում եմ: Պահարանի մի անկյունում դրված ա: Ու չեմ թափում: Չգիտեմ ինչի: Պահում եմ: Թող մնա էդպես:

Ու էսօր արդեն ութ տարի:
Շնորհավոր:
Ինձ հուշեցին, որ կարելի ա էս տոնին անուն տալ` ակնոցիվերսարի: Ուրեմն ուրախ ակնոցիվերսարի ինձ :))

Նիկեա
16.10.2016, 20:56
Ասում ա. "Its easy to make frends if you let pepul laff at you. Im going to have lots of frends where I go".

Երևի բոլորիս մեջ էլ, ինչ-որ տեղ, թաքուն, մի Չարլի Գորդոն ա ապրում ու երբ մենք բավականաչափ խելացի ենք դառնում, էդ Չարլին մեռնում ա: Ու քանզի մենք բոլորս ուզում ենք խելացի լինել, ժամանակի ընթացքում բոլորս էլ սպանում ենք մեր Չարլիին:

Նիկեա
18.10.2016, 22:16
Առավոտ ասեցին, որ համալսարանից մի աղջիկ է մահացել: Հետո ասեցին որ Հռիփսիմեն է: Հետո էլ` ավտովթար է եղել:

Էս տարվա մեջ արդեն երկրորդ հասակակիցս է մահանում երկուսն էլ ավտովթարից: Մի քանի ամիս առաջ մտքովս չէր անցնի, որ մեկը, ով իմ տարիքին է, կարող է մեռնել:

Հետո ֆեյսբուքը լցրեցին մահացած աղջկա նկարներով, ցավակցական գրառումներով: Ուսխորհրդի էջն էր ցավակցում հարազատներին, ասում թե ինչքան լավն էր ինքը, ինչքան բարի, կյանքով ու երազանքներով լի: Ուսխորհրդի նախագահը հոգու տառապանքը արտահայտող բառեր չէր գտնում: Հետո լիքը անկապ կուրսեցիներ, որոնք էլի հոգու պարտքն են համարում աղջկա նկարը տարածելն ու չպատկերացնելը թե առանց իրա ոնց են ապրելու: Ու հարյուրներով լայքեր, որ նկարվում են էդ փոստերի տակ:

Գրողը տանի, ոնց են մարդիկ կարողանում գրել մեկի մասին, ում տեսել են մենակ շաբաթական մի անգամ հոսքային առարկաների ժամանակ ու ֆիզկուլտուրայի ժամին, եթե ընդհանրապես գնացել են էդ դասերին: Ոնց են մարդիկ հիմա մտերիմ համարում մեկին ում բացակայությունը կենդանության օրոք չէին էլ նկատի: Տեսնես քանի հոգի կսիրի ինձ, եթե վաղը որոշեմ մեռնել: Քանի հոգի չի իմանա թե ոնց է ապրելու առանց ինձ? Քանի հոգի չի կարողանա "էդ անտանելի ցավը ներսում պահել"?

Ու իրանցից ոչ մեկը չգիտի, թե ինչ երազանքներ ու նպատակներ մեռան էսօր: Ինքը էլ չի կարդա էն բոլոր գրքերը, որ որոշել էր կարդալ: Չի նայի էն ֆիլմերը, որ էս շաբաթ-կիրակի պետք է նայեր: Չի գնա էն տեղերը, որտեղ ուզում էր գնալ: Չի ծանոթանա էն մարդկանց հետ, որոնց հետ կարող էր ծանոթանալ: Լիքը բաներ, որ կարող էին լինել, էլ չեն լինի, որովհետև էսօրը էս օրն էր:

Վաղն էլ կանցնի ու մարդիկ կմոռանան իրան: Իրան էլ, ժպիտն էլ, ձայնն էլ ու թե ինչքան լուսավոր էր ինքը: Մարդիկ մոռանում են էն ամենը, ինչ կարող է խանգարել իրենց երջանիկ լինել ու ապրել: Մարդիկ հակված են ապրելու անկախ ամեն ինչից:

Մի քանի ամիս առաջ չէի մտածի, որ կարող ա իմ տարիքին ինչ-որ մեկը մեռնի: Բայց դե մարդիկ մեռնում են: Մեռնում են բոլորը. մեծ ու փոքր, երիտասարդ ու տարեց, գեղեցիկ ու տգեղ, ծնված ու անգամ չծնված են մարդիկ մեռնում: Ուղղակի էդ բոլոր մահերը վերացական են: Երբ լսում ես, որ Սիրիայում 500 երեխա է մահացել, փշաքաղվում ես, ինչ-որ բան ներսումդ ցավում ա, որովհետև երեխաներ էին վերջիվերջո: Բայց էդ չի համեմատվի էն ցավի հետ, որ զգում ես, երբ մահանում է քո ճանաչած մարդկանցից մեկը: Անգամ եթե իր հանդեպ առանձնապես ջերմ զգացմունքներ չես ունեցել, գլխիցդ չես կարողանում իրան հանել: Երևի որովհետև դու գիտես կամ գոնե պատկերացնում ես էն ամենը ինչ մահացել է իր հետ: Երևի որովհետև մահը էդ ժամանակ քեզ ծանոթ դեմք է ստանում ու դու սարսափում ես: Սարսափում ես, որովհետև էն մարդը, ով մի քանի ժամ առաջ կար, իսկ հիմա դիակ է, քեզանից ոչնչով չէր տարբերվում: Հասկանում ես, որ կարող ա էսօրը լինի կյանքիդ վերջին օրը ու հաջորդ օրը մարդիկ քո նկարի վերևում ցավակցություններ ցիտեն:

Ու կյանքդ թվում է թե ավելի արագ է ընթանում ու դու էլ ես ավելի արագանում, որովհետև դու ուզում ես հնարավորինս շատ բաներ հասցնել: Որովհետև գիտես` սենց թե նենց ամեն ինչ չէ, որ կհասցնես:

Ու հետո հասկանում ես, որ ուրիշների մահերը սովորեցնում են քեզ ապրել:

Նիկեա
24.10.2016, 01:18
Մեկ֊մեկ դեպրեսվելու պահանջ եմ զգում։ Երբ ամեն ինչ համարյա հոյակապ ա կամ համենայն դեպս կողքից նայելիս հոյակապ ա թվում, երբ դեպրեսվելու որևէ ակնհայտ պատճառ չկա, ուզում եմ վերցնել ու դեպրեսվել, գլուխս թաղել Վերմակլենդի թագավորությունում ու լացելու չափ Բոբ Դիլան ու Լուիս Արմսթրոնգ լսել։ Ու որ բարձր ձայնով լաց լինեմ, որ անգամ ագռավները վախենան ու փախնեն։ Ու ուզում եմ որ էդ ժամանակ ինձ գրկեն էն մարդիկ, որոնք ուզում եմ գրկեն։ Որ թողնեն գլուխս իրանց գիրկը դնեմ կամ թևը մտած տզզամ։ Որ ինձ չայ տան, մազերիցս քաշեն, կանաչ մատիտով դեմքիս գազարագույն ձնեմարդ նկարեն։ Մեկ֊մեկ ուզում եմ դեպրեսվել ու որ դեպրեսված ժամանակ ինձ երես տան։ Բայց սովորաբար էդ մարդիկ չեն իմանում դեպրեսիաներիս մասին ու ես դրանից ավելի եմ դեպրեսվում։ Նենց տարօրինակ ա։

Նիկեա
26.10.2016, 22:46
***
Զարթուցիչը խփում ա։ Անջատում եմ, շուռ գալիս մյուս կողմի վրա ու քնում։ Խփում ա երկրորդ անգամ։ Ես էլի եմ քնում։ Ավելի ճիշտ` հոգեպես պատրաստվում եմ երրորդ համազարկին, որովհետև էդ ժամանակ պետք ա իրոք վեր կենամ։ Երրորդ անգամը։
- 08։40,- ասում ա ժամացույցը։
- Լավ,- ասում եմ ես ու ևս երկու րոպե քնում։

***
- Ըհն,- ասում ա քնաթաթախ ձայնը։
- Բարի լույս,- էս էլ ուրիշ քնաթաթախ ձայն ա հեռախոսի էս կողմից։
- Բարի լույս,- առաջին քնաթաթախը։
Երկու ձայներն էլ ոչինչ չեն ասում։ Մութ ա։ Դրսում էլ ամպամած ու ցուրտ ու երևի երկուսն էլ վեր կենալ չեն ուզում։
- Դե լավ,- ասում ա առաջին ձայնը։
- Ըհն,- պատասխանում ա երկրորդը ու երկուսն էլ անջատում են հեռախոսները։
- 08։45,- ասում ա ժամացույցը։
- Վեր եմ կենում,- ասում եմ ես ու քնում էլի երկու րոպե, որ վեր կենամ։

***
Ավտոբուս։ Մի հղի պարսկուհի, որի նկատմամբ բոլոր ուղևորները տարօրինակորեն սիրալիր ու հոգատար են։ Ինչ֊որ մեկը հարցնում ա` պատուհանը բացի՞, հո տոթ չի՞ իր համար։ Հայերեն չի հասկանում։ Ձեռքերով ու ոտքերով ա սկսում բացատրել։ Կինը ժպտում ա, "մերսի" ասում ու գլուխը բացասական շարժում։ Որ կարող ենք լավը լինել, ինչի՞ լավը չենք լինում։ Ականջակալներ։ Scorpions - Humanity:
- 11:50,- ասում ա ժամացույցը։
- Ես ժամը 2֊ից եմ դասի,- ասում եմ ես։

***
Համալսարան։ Գրադարան։ Ընթերցադրահ ու ընթերցասրահի բզզոց։ Ինչ֊որ մեկի մազերից փչող լաքի սուր հոտ։ Սիրուն ու չմուննաթ գրադարանավարուհի։ Չարած դասեր։ Կարդում եմ մի անգամ։ Ախմախ պատմվածք ա ախմախ ամուսինների մասին։ Փակում եմ ու շարունակում "Մարսյան քրոնիկները կարդալ"։ Երրորդ արշավախումբ, որը հաստատ վերջինը չի ու արշավախմբի հնագետ, որը էդ գրքում սարսափելի սիրուն ա։ Ասում ա` մենք ամեն ինչ փչացնելու բացառիկ տաղանդ ունենք։ Ախր ինչի՞ են կարգին գրականությունը թողած, դասագրքերը զիբիլով լցնում։ Մի քիչ կարդում եմ ու դուրս գալիս ընթերցասրահից։
-13։25,- ասում ա ժամացույցը։
- Մեկ ա դասս չեմ կարդալու,- ասում եմ ես։

***
Հետո պարզվում ա, որ 50% զեղչ ունեմ։ Զանգում եմ։
- Պարզվում ա` ես 50% զեղչ ունեմ,- ասում եմ։
- Իա՜, շնորհավո՜ր։ Էդ ո՞նց,- էլ քնաթաթախ չի ձայնը։
- Դե ես վերջերս սովորում էի, չէ՞։
- Ըհն, շատ լավ ա, ապրես։
- Կտեսնե՞մ էսօր քեզ։
- Ըհն։
- Դե լավ։

-13։37,- ասում ա ժամացույցը։
Ես ոչ մի բան չեմ ասում իրան որովհետև տեսնում եմ Two-Face-ին։ Խոսում ենք մի քիչ քննություններից, մի քիչ բանբասում ակումբից ու գնում ենք դասի։
- Անպայման արի ուրբաթ օրը,- ասում ա։
- Ես չեմ խմում, չէ՞։
- Դու չայ կխմես։
- Կփորձեմ։

- 13։59,- ասում ա ժամացույցը։
- Մի րոպե մնաց,- ու գնում եմ լսարան։

***
Առաջին ժամ։ Չինարեն։
Մեր ընկեր Լուսինեն կուրսեցիներիս սովորեցնելու հավես մի տեսակ ոնց որ չունենա ու մեղադրելու էլ չի. ախր տնաշենները կրիտիկական դեբիլ են։ Բայց սիրում ա ինձ ընկեր Լուսինեն ու, ի՜նչ խոսք, հաճելի ա երբ դասախոսներդ քեզ սիրում են։ Նոր սովորածս հիերոգլիֆներն եմ գրում։ Ամեն ինչ շատ լավ ա. ես գիտեմ որ հիերոգլիֆները գրելիս սկզբում վերևի հորիզոնական գաղափարագծերն են անում հետո դեպի ձախ ետծալվածները։ Ամեն ինչ լավ ա, հրաշալի ա, հոյակապ ա։

Հետո հաջորդ դասը։ Էն որ տենց էլ չսովորեցի։ Բայց 98 ստացա ու ափսոսում եմ որ չէի սովորել, թե չէ 100 կստանայի։ Բայց տնայինս չէի գրել ու ինձ մեղավոր էի զգում։ Ախր սարսափելի լավն ա Բարսեղյանը։

Դասի վերջին մնում ա 5 րոպե։ Մի հատ նամակներս ստուգեմ։ Ընդամենը երկու վայրկյան։ Կարդում եմ մենակ մի հաղորդագրություն. "ես վերջացրեցի, դու ե՞րբ կվերջացնես"։ "4 րոպեից"֊ պատասխանում եմ ես։
- 16։56,- ասում ա ժամացույցը։
- մնաց 4 րոպե,- ասում եմ ես։

***
- Բարև, ձնեմարդ,- ինձ ա ասում։- Ի՞նչ հավես տաք ես,- ասում ա։
Քայլում ենք։
- Բարի ու՞ր ես գնալու։
- Գրադարան։ Դու՞։
- Ես տուն կգնամ,- ասում ա ինքը։
- Ուրեմն կգնանք կանգառ, դու տուն կգնաս, ես էլ գրադարան։
- Դե նամակս տուր։
Պայուսակս քրքրում եմ, գտնում նամակս ու տալիս իրան։ Բացում ա։
- Հիմա՞ ես կարդում,- հարցնում եմ։
- Հա՜, դու ո՞նց էիր էն օրը իմ տվածը կարդում։
- Հա, բայց ամեն ինչ սկսվեց էն օրը, որ ձեր տանն էի ու դու կարդացին նամակս հենց տվեցի։
Փակեց ծրարը ու գրպանը դրեց։
8 համարի ավտոբուս։ Հաջող։ Գնաց։ Ժամացույցին չեմ նայում էս անգամ։

***
Գրադարան։ Անժել։ Հետո Էլիա։ Հետո դաս ենք անում։ Հետո զանգում, անԾիլօպներից ա հարցնում :D Ժամացույցը 19։19 ա ասում ու որոշում եմ մի քիչ շուտ տուն գնալ։ 22 համարի ավտոբուս։ Էն իմ սիրածը։ Ու ես մտածում եմ, որ երևի 22 համարի ավտոբուս իրականում չկա, որ երևի ես եմ իրան հորինել, որովհետև էդ չափազանց լավն ա իրական լինելու համար։
Տուն։ Հաց։ Չայ։ Չաթ։ Օրագիր։
- Տափակ գրառում,- ասում ա ժամացույցը։
-22։46,- ասում եմ ես։

Նիկեա
30.10.2016, 20:50
Մեկ հասկանում եմ ինձ, մեկ էլ հաջորդ պահին էլ չեմ հասկանում։ Գրում եմ, թե ինչ եմ ուզում, հետո կարդում եմ ու չեմ հավատում որ ես եմ գրել էդ։ Մեկ անկապ քրքջում եմ, երկու րոպե հետո դեպրեսվում ու ես էլ չեմ հասկանում` ինչի՞։ Ամեն ինչ լավ ա, բայց ախր ոչ մի բան էլ լավ չի։ Էսօր կարող էի Գավառում լինել, բայց չգնացի։ Զբաղված եմ ես դե, չէ՞, ու չեմ հասցնում ոչինչ անել, բայց արածս էլ չի երևում։ Ու ես ուզում եմ գրողի ծոցը ուղարկել ամեն ինչ, բայց հասկանում եմ, որ հիմա պետք չի, հիմա չի կարելի, ամեն ինչ ջուրը կլցնեմ հիմա։ Բայց մեկ ա գրողի ծոցն եմ ուղարկում ամեն ինչ։ Ինձ թվում ա` ես մեռել եմ։

Նիկեա
03.11.2016, 23:25
***
Ինձ թվում ա` մարդիկ ինձ սիրում են։ Եսիմ, ինձ տենց ա թվում։ Մարուսիկը ասեց, որ կկարոտի ինձ, Դիանը` որ շուտ֊շուտ գնամ իրանց տուն։ Կուրսեցիս, էն քիչ խելքը գլխին մարդկանցից մեկը, ուղարկել էր հավանածս երգի հղումը ու ես երջանկացել էի դրանից։ Համալսարանում մեր մասնաշենքի պահակը` Արթուր ձյաձյան ինձ հիշում ա դեմքով համալսարանի մնացած բոլոր դեմքերի միջից ու էդ էլ ա երջանկանում։ Թամուշի հետ լաց էինք լինում ու հավես ա, որ մարդիկ քեզ իրանց արցունքներն են վստահում։ Տուն էկա ու պառկել էի։ Չէի քնել, ուղղակի էներգիա չունեի աչքերս բաց պահելու համար։ Միլենան, էն էրեխեն որ ներվերս անընդհատ ուտում ա, գրքերս ու թղթերս խառնում, շորերս անհայտ կորցնում, բերեց ու ծածկոցով ծածկեց, որ չմրսեմ։ Հետո ախպերս զանգեց։ Մենք ընդհանրապես հազվադեպ ենք իրար զանգում, բայց հավես էր։ Զանգել էր ու անկապ բաներ էր պատմում։ Հուզվեցի։ Ախր գիտեմ` փոքր, անպետք, անկարևոր լիքը մանրուքներ կան որ ինքը մենակ ինձ կպատմի։ Ու ինչքան էլ իրար կոկորդ կրծենք, մեկ ա մենք սիրում ենք իրար էնքան, ինչքան փոքր ժամանակ էինք սիրում, էն ժամանակ որ գիշերները արթնանում էինք, կպցնում իրար մեր մահճակալները ու խոսում ամենաանկապ ու անիրական բաների մասին։ Չէ, երևի այնուամենայնիվ մարդիկ սիրում են ինձ։


***
Մեկ֊մեկ պատահաբար մարդկանց եմ հանդիպում, լրիվ անծանոթ, որ թեկուզ տաս տարի հետո էլ եթե նորից տեսնեմ, կճանաչեմ ու կհիշեմ թե առաջին անգամ որտեղ եմ տեսել։ Էսօր էդ դեմքերից մեկին տեսա։ Առաջին անգամ ուղիղ մի տարի առաջ ու էլի ավտոբուսում էի հանդիպել։ Կողքիս էր նստած։ Մեծ ականջակալներով էր ու հետո վարորդը իրա վրա մուննաթ էկավ, որովհետև ինչ֊որ բան էր ասել ու էդ տղան չէր լսել։ Չեմ հիշում թե ինչ։ Էսօր տուն գալիս ավտոբուսում էլի իրան տեսա։ Էլի կողքիս էր նստած։ Հետո երկար ժամանակ փորձում էի հասկանալ թե որտեղ եմ իրան տեսել։ Մի պահ անգամ թվում էր թե անունն էլ գիտեմ։ Հետո հիշեցի։ Փոխվել, մեծացել էր։ Ընդհանրապես, ո՞նց են մարդիկ մի տարում էդքան շատ փոխվում։ Ու հետո ես մտածում էի` վերջին մի տարում փոխվե՞լ եմ ես թե՞ չէ ու հասկացա, որ չէ, գլոբալ առումով ես չեմ փոխվել։


***
Ես մի էնքան հրաշալի դասախոսներ ունեմ, որ մեկ֊մեկ ափսոսում եմ իրանք դասախոսներս են ու ոչ թե, ասենք, ակումբցիներ։ Չէ, դուք պետք ա տեսնեք, թե ոնց են փայլում Բարսեղյանի աչքերը, երբ ուսանողները լավ են պատասխանում, երբ տեսնում ա, որ իրեն հաջողվել ա սովորեցնել ինչ֊որ բան։ Իրանց գործը սիրող մարդիկ ուրիշ կրքով ու ոգևորությամբ են անում է գործը։ Ուրիշներին ոգևորող ոգևորությամբ։ Ախր էնքան լավն ա ինքը, որ ամեն անգամ միջանցքում տեսնելիս սկսում եմ ժպտալ։ Լրիվ արև ա։
Քերականությունը ատելով ատում եմ։ Ավելի տափակ առարկա չի կարող լինել, բայց Մաթևոսյանը ստիպում ա սիրել համ իրան, համ էլ իր առարկան։ Սեպտեմբերին, երբ դեռ դաս չէինք արել ու չգիտեինք թե ով ա լինելու մեր նոր դասախոսը, մտածում էի, որ Մաթևոսյանը (մենակ ազգանունը գիտենք էդ ժամանակ) պետք ա լավը լինի, դե Մաթևոսյան ա վերջիվերջո ու չգիտեմ ազգանունից էր թե ինչից, բայց ինքը սարսափելի լավն ա։ Էնքան լավը, որ քիչ ա տանը կարդում եմ դասերը, դեռ մի բան էլ դաս եմ պատմում, քննություններին պատրաստվում։ Քերականության գրքերս հենց բացում եմ, ականջներումս սկսում ա Մաթևոսյանի ձայնը հնչել։ Սիրում եմ իրան։
Չէ, իրոք, իրանք ափսոս են ուղղակի դասախոս լինելու համար։


***

............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ............................................................................................................................................ ........................................................................................... ու ամեն ինչ հիասքանչ ա :))

Նիկեա
06.11.2016, 03:25
Մեկ֊մեկ մարդիկ սարսափելի երջանիկ են լինում։ Էնքան երջանիկ, որ չեն կարողանում քնել, որ երջանկությունից շունչները կտրվում ա։ Որ հազար անգամ Քինգի "Stand by me"-ն են լսում, որ ուղղակի stand by me։ Սարսափելի լավ ա, երբ մարդիկ երջանիկ են լինում։

Նիկեա
09.11.2016, 22:10
Մի տեսակ ներվայինացնող, բայց հաճելի բաներ են ավտոբուսները։ Ես սիրում եմ իրանց։ Մի օր ավտոբուսապատում կգրեմ։
Երեկ առավոտ շուտ դասի էի գնում ու բնականաբար ավտոբուսի 0.5 քառ. մետրում 5 հոգի էին տեղավորված, շարք֊շարք, շերտ֊շերտ։ Ավտոբուսը էնքան լիքն էր, որ մի տղա գլուխը դրել էր իր դիմաց կանգնած ձյաձյայի մեջքին ու հանգիստ պառկել, իսկ էդ ձյաձյան չէր էլ մտածի, թե իր մեջքին հանգչում է ինչ֊որ մեկի հոգնատանջ ու խորամանկ քմծիծաղ տվող գլուխը։ :))

***
Կային բաներ, որ երբեք չէի ուզի անել։ Չէի ուզի մամային ցավացնել։ Չէի ուզի անպատասխանատու մարդ լինել։ Չէի ուզի մարդկանց փողոցում տեսնել ու չտեսնելու տալ։ Չէի ուզի մարդկանց զգացմունքների հետ խաղալ ու իրանց մեջ ինչ֊որ բաներ փչացնել։ Բայց արել եմ։ Հիմա էլ կան լիքը բաներ, որ երբեք չեմ ուզենա անել։ Ես վախենում եմ էն ամենից, ինչը չեմ ուզում որ լինի։

***
Երեկ գրադարանից նոր էի դուրս էկել, լուսացույցի մոտ կանգնած սպասում էի որ կարմիրը կանաչ դառնա ու լսում էի, թե կողքիս կանգնածները ինչ էին խոսում։ Մի տղա ընկերոջը ասում ա.
֊ Ապեր, չգիտեմ էդ աղջկա հետ էլ ինչից խոսամ, թեման պրծել ա։ Բեզոարյան այծերից խոսացել ենք, կռիսներից խոսացել ենք....
Ու հետո էլ չլսեցի։ Մարդիկ բեզոարյան այծերից են խոսում, իսկ դու՞։ Ի՞նչ ես արել դու քո ողջ գիտակից կյանքում։

***
էսօր կուրսեցիս register-ը [ռեգիստըռ] կարդաց։ Ու ես հասկացա, որ ամենակարևորը քննության ժամանակ արտագրել բաշարելն ա, թե չէ ի՞նչ կրթություն, ի՞նչ զարգացում։ Դիպլոմ լինի, որպես օժիտ կեսրանց տուն տանի, ուրիշ էլ ի՞նչ է պետք այս կյանքում երջանիկ լինելու համար։ Մարդիկ կարողանում են արտագրելը արվեստի մակարդակի հասցնել ու մինուս անվերջությանը ձգտող IQ֊ով 90֊ներ ու 100֊ներ ստանալ քննությունից, իսկ դու գյոզալ գնահատականներդ փչացնում բառերի մեջ տառերը հետուառաջ գրելով։ Է՜հ, աշխարհ, աշխարհ (խոհափիլիսոփայական հոգոց, վարագույր, ծափեր)։

***
Թողնեն ժամերով կկանգնեմ իմ սիրած լապտերների տակ։ Տուն գնալու միակ մխիթարանքը էն ա, որ ճանապարհին միանգամից երկու սիրելի լապտեր կտեսնեմ քիչ ա, լույսի միջով կանցնեմ քիչ ա, դեռ մի բան էլ կարող եմ մի քանի վայրկյան կանգնել ու տաքանալ։ Իրոք, էնքան տաք են էդ լապտերների լույսերը ու կապ չունի թե էդ պահին դրսում ինչքան ցուրտ կլինի։

***
Ես վախենում եմ, որ Չինաստանը կդառնա էն երկրներից մեկը, որին սիրահարվել եմ, բայց ինչքան ավելի շատ եմ ծանոթանում մշակույթին, տեսնում թե ինչքան սիրուն են արվեստը, լեզուն, բնությունը, լեգենդները, հասկանում եմ, որ չսիրահարվելու ձև չունեմ։ Ախր իրոք ամեն ինչ սարսափելի սիրուն ա։ Արդեն 86 հիերոգլիֆ գիտեմ, մինչև գալիս սեպտեմբեր ծրագրում եմ սովորել ևս 1914֊ը։ Ես կանեմ դա։ :))

***
Որոշ երգեր մտնում են գլուխս ու մի քանի օր շարունակ գլխիցս դուրս չեն գալիս։ Կապ չունի թե ինչ կլսեմ, ինչքան կլսեմ, էդ երգը ինձ բաց չի թողնի մինչև ուրիշ երգ չգտնեմ ու դրա ճիրաններում հայտնվեմ։ Մինչև էսօր առավոտ Քեյվենց "Henry Lee"֊ն էր անընդհատ գլխումս, էս օրվանից արդեն Passengerանց "Beautiful Birds"֊ը։ Տեսնենք էս մեկից հետո գլխիս ինչ կգա։

***
Սկզբում դասախոսիս խոսքում քերականական սխալներ էի նկատում ու մտածում, թե ինձ ուղղակի թվացել ա, թե ականջներս են ձայն տվել։ Հետո երբ իմացա որ մյուս կուրսեցիներիս էլ են այդօրինակ անոմալիաներ նկատել, մի պահ նենց էի ուրախացել. նշանակում ա ես ճիշտ եմ։ Հետո մի տեսակ ջղայնացա, տխրեցի, ափսոսացի, փոշմանեցի։ Վաղը առաջին ժամին իրա դասն ա ու էդ միտքը արդեն իսկ չի տրամադրում առավոտ շուտ արթնանալուն։

***
Անցած տարի գոթերեն էինքը անցնում ու մտածում էի թե երբեք չեմ հասկանա էդ լեզվով կարդալու տրամաբանությունը։ Ամռանը սկսեցի գերմաներեն սովորել ու հույս չունեի թե մի օր գերմաներեն կկարողանամ կարդալ, թեկուզ մենակ կարդալ։ Հիմա գրաբար եմ սովորում ու գոթերենն ու գերմաներենը էնքան մանկական են թվում :))

Նիկեա
17.11.2016, 22:32
You're always there, you're everywhere
But right now I wish you were here...
Oh, how I wish, how I wish I were beer...
Ես չեմ խմում։ Չէ, իրոք, լուրջ։ Հաստատ չեմ խմում։ Ես վատանում եմ, գրողը տանի։ Համ ֆիզիկապես եմ վատանում, համ հոգեպես։ Ես էսօր էլ չեմ խմել։ Ես շատ քիչ եմ խմել։ Ես շատ քիչ եմ խմած։ Էնքան քիչ, որ ես խմած չեմ։ Պետրոսը պետք ա բալետ պարեր։ Ինչի՞ չպարեց։ Ինքը ուղղակի քիչ էր խմել։ Ընդհանրապես, լավն են իրանք։ Մի տեսակ առանձնահատուկ լավն էին Գոհարն ու Ռազմիկը։ Դախ են իրանք, չեմ հիշում էրկուսից որ մեկն էր, մյուդին ասում ա` ուզում եմ տեսնեմ` դու ես տաք թե ես եմ սառը։ Ու "Lie lie lie"-ն ու "Empty walls"-ը նույնը չեն։ Մեզ վերջում էկան, ռադ արեցին։ Բայց հավես էր, ինչ խոսք։ Չէ, իրոք ես սիրում եմ ինձ խմած ժամանակ։ Ու երևի մենակ ես չէ։
Ասում ա` ես կնեղանայի եթե ինձ նման բան ասեին, դու չե՞ս նեղանում։ Ու հասկանում եմ որ պետք ա նեղանամ, որ դա միանգամայն բնական տրամաբանական և օրինաչափ կլիներ, բայց զգում եմ որ չեմ կարա, ուղղակի չեմ կարա։ Ուզում եմ լացեմ եմ պահին, բայց ապուշի պես ժպտում եմ, չնայած որ լացելը ավելի հարմար էր։ Բայց ուզում էի լացել ոչ թե իրանք ասածի համար, այլ ուղղակի երբ նախադասությունը սկսեց, ես ուրիշ վերջի էի սպասում։ Ես չգիտես ինչի կարծում էի, թե իմ մտածած նախադասությունը կլսեմ։ Ես ուզում էի էդ լսել։ Բայց ուրիշ բան էղավ։ Սենց սիրուն ոտքերիցս քաշեց, կանգնեցրեց գետնին ու ասեց` կներես, բայց քո թևերով դու չէ, որ պետք ա քայլես, դու գոյություն չունեցող տեղեր ես թռչում, ավելի լավ ա դու քայլես։ Կքայլեմ ես։ Ես լավ եմ քայլում։ Ես քայլել գիտեմ։ Ընդհանրապես, միշտ տենց ա, միշտ քո թևերով ուրիշներն են թռչում։ Ընդհանրապես, այսուհետ ես կքայլեմ մենակ։ Գրելիս զգացի որ էս նախորդ նախադասությունը ես հասկանում եմ երկու իմաստով, բայց չեմ հասկանում թե որ իմաստով եմ մտածել։

Ասում ա` կյանքը կարճ ա։ Կարճ ա, բայց ինչ ա։ Ես էլ որոշել եմ ապրելուց մեռնել։ Ոչ թե ծերությունից, լիֆտի դռան տակ մնալուց, տանիքից ընկնելուց, ձկան փշից, չայից թունավորվելուց, կաթվածից, ծիծաղից, մենակությունից, մազաթափությունից կամ չգիտեմ ինչից։ Չէ, ուղղակի ապրելուց մեռնեմ։ Գրողը տանի, ինչ տափակ ա էս նախադասությունը։

Գրողը տանի, ասում էր թե նամակ ունի ինձ համար։ Մի շաբաթ առաջ էր։ Չի գրել երևի դեռ։ Դե լավ հա։

Ես հիմա չեմ հասկանում` ատում եմ բոլորին թե սիրում եմ։ Ես սկսեցի տզզալ։ Ես իմը չեմ, հասկանու՞մ եք։

Ես կշտացել եմ բոլոր մարդկանցից։ Ես էլ մարդիկ չեմ ուզում։ Անջատեք բոլորին, թող մնան մի երկուսը։ Ինձ էլ անջատեք։ Ես չեմ սիրում ինձ։

Նիկեա
23.11.2016, 16:09
Արդեն երկրորդ օրն ա, որ առավոտ տնից դուրս եմ գալիս դասի գնալու հաստատ մտադրությամբ ու արդյունքում գալիս գրադարանում վեր եմ ընկնում։ Դասերս արած չլինեի, կասեի հա, ջահնդամ։ Ես զզզզզզզվում եմ համալսարանից, ախմախ կուրսեցիներիցս, ախմախ դասերիցս։ Բայց միևնույն պահին ես նաև գիտակցում եմ որ սենց բառադի երկար չի կարելի շարունակել։ Պետք ա խելքս գլուխս հավաքեմ։ Մեկ որոշում եմ որ վաղը հաստատ դասի եմ գնալու, մեկ էլ ասում եմ` վարի տալու դեպքում միանգամից սաղ շաբաթը վարի տամ։ Ես ինձ էն ծխողներից եմ զգում, որ ամեն երկուշաբթի թարգում են։ Չէ, բայց իրոք, հաստատ, սա իմ բառադիության վերջին շաբաթն է։ Ախր ոչ էլ դեպրեսված եմ, որ ասեմ` հա, դրանից ա։ Թարսի պես մոտիվացված եմ էլ։ Սաղ համալսարանն ա մեղավոր։ Ատում եմ, զզվում եմ, չեմ ուզում։ Բայց ատելությունն ու զզվանքն էլ կարելի ա մոտիվացիա սարքել։ Ամեն ինչից կարելի ա մոտիվացիա սարքել...

***
֊ Կարող ա ստացվի ու մյուս տարի գնամ։
֊ Շատ լավ ա,- ասում եմ ես։
֊ արա, ինչն ա լավ։ Լավ չի։ Եթե գնամ, ես կգնամ ու... ,- ասում ա թե ինչ կլինի եթե գնա։
Չէ բայց, իրոք, ես ուրախ կլինեմ երբ ինքը գնա։ Ինքն էր ինձ ասում, որ ստեղ չմնամ։ Էս ճահիճ ա ու ինձ էլ մի օր կճահճացնի։ Ու ես չեմ ուզում, որ ինքը մնա ստեղ, ճահճանա։

***
Ընդհանրապես, վերջերս հաճախ եմ համեմատում անցյալ տարվա էս ժամանակահատվածը հիմայի հետ ու էս ինչքա՜ն բան ա փոխվել։ Ու մենք բոլորս ենք փոխվել։ Վերջին մի տարին սարսափելիորեն սիրուն էր։ Տեղ֊տեղ ախմախ էր։ Ու միշտ դժվար։ Լավն էր էս տարին։ Ինձ թվում ա ես մեծացել եմ էս տարի։

***
Գյումրին եմ կարոտում։ Չգիտեմ ոնց էղավ, բայց ես սիրահարվել եմ քաղաքին։

***
ասում ա` դու Նիկեան ես, ով աշխարհով մեկ թափառելու ա, բայց Հայաստանը դեռ չի իմանում: Բայց ինձ հետ ա Հայաստանում թափառելու: Ինքը, ընդհանրապես, սովորաբար, լավ բաներ ա ասում։ Ես սարսափելի շատ սիրում եմ իրան։

***
Բայց վաղը հաստատ դասի կգնամ։ 240 րոպե ա էլի։ Չեմ մեռնի։

Նիկեա
25.11.2016, 22:33
Հենդրիկ վան Լուն... ինքը դանիացի պատմաբան, գրող, լրագրող ա էղել։ մի քանի օր առաջ ես բացահայտեցի իրա "Մարդկային ցեղի պատմությունը" (The Story of Mankind") ու սիրահարվեցի համ էդ գրքին, համ էլ վան Լունին։

Պատմավեպեր տանել չեմ կարողանում, պատմության դասագրքերն էլ առանձնապես չէի սիրում, 5֊րդ դասարանի համաշխարհային պատմության գիրքը չհաշված։ Բայց էս գիրքը ախր շատ լավն ա։ Եթե ուզենայի, որ էրեխեքս փոքր ժամանակվանից իմանային թե ոնց էղավ, որ մեր մոլորակը դարձավ էն, ինչ հիմա ա, էս գիրքը կկարդայի իրանց համար։ Ոչ մի թվական, ոչ մի ավելորդ ինֆորմացիա, փոխարենը լիքը սիրուն նկարագրություններ ու հեշտ ընկալելի լեզու։ Ասում ա` որ կանգնես Քեոփսի բուրգի կատարին ու նայես չորս կողմդ անապատից բացի ոչ մի բան չես տեսնի, բայց այ որ ուշադրությունդ մի քիչ լարես, կտեսնես որ հեռվում, հենց անապատի մեջտեղում մի հատ կանաչ օազիս կա երկու գետի արանքում։ Այ էդ հենց Միջագետքն ա։ Ու սենց սիրուն Հին Եգիպտոսի պատմությունից անցնում ա Միջագետքի պատմությանը։ Հետո ասում ա` Հենրիխ Շլիմանը որ փոքր էր, իրա պապան հաճախ պատմում էր Տրոյայի մասին ու էս մեր փոքրիկ Շլիմանը որոշում ա` հենց մեծանա, գնալու ա Տրոյան գտնի։ :love ախր ո՞նց չսիրես էս գիրքը։ Գեղարվեստագիտական գրականություն ա. միաժամանակ գեղարվեստական, "արվեստագիտական" ու գիտական։ Ու վատ ա, որ մենք հայերեն սենց գրքեր չունենք։

***
Ես զգում եմ թե ոնց են քիչ֊քիչ մեր տնից ջնջվում իմ հետքերը։ Ամեն անգամ տուն գալիս ես ավելի ու ավելի շատ եմ ինձ հյուր զգում։ Գնալով ավելի քիչ բաներ են ինձ հիշեցնում էս տանը։ Մի ժամանակ էստեղ ունեի իմ սենյակը, մահճակալը, դարակները, գրքերը... հիմա ոչ մի բան էլ չունեմ ու մի տեսակ լրիվ մեկ ա իմ համար։ Անգամ ուրախ եմ, որ տնեցիք համակերպվում են իմ` տանը չլինելու մտքի հետ։
Երբ փոքր էինք, գիշերը մաման ու պապան մի քանի անգամ հերթով գալիս էին մեր սենյակ, մեզ վերմակով տաք֊տաք ծածկում, որ չմրսենք։ Ես զգում էի, թե ոնց են ինձ ծածկում, համբուրում ճակատս հետո էլ փակ աչքերով զգում էի թե ոնց են սենյակի դռան մոտ կանգնած մինչև դուրս գնալը մեզ նայում։ Մենք իրանց ունեցած ամենալավ բաներն էինք։ Բայց ես չէի ուզում, որ իրանք գիշերները արթնանան մեր վրա ծածկելու համար ու փորձում էի հնարավորինս վերմակի տակ մնալ։ Արթնանալու դեպքում էլ եղբորս վրա էի ծածկում։ Մտածում էի, որ եթե մերոնք տեսնեն մեզ ծածկելու անհրաժեշտությունը չկա, հանգիստ կքնեն գիշերները։ Բայց մեկ ա գալիս էին։ Ես ինձ մեղավոր էի զգում, բայց համ էլ հաճելի էր։ Հիմա ոչ ոք գիշերը չի գալիս ստուգի` վերմակով լավ ծածկավա՞ծ եմ թե՞ չէ։ Հիմա ամեն ինչ փոխվել ա։ Ու ես էլ չգիտեմ թե ինչի էս հիշեցի հիմա։ Եսիմ, կարոտեցի կարող ա։

***
Երկու դասախոս ունեմ, ինձ շատ են սիրում ու ես անկեղծ ինձ մեղավոր եմ զգում դրա համար։ Ինձ թվում ա` ես չեմ արժանացել դրան։ Երբ բացակայում եմ, Բարսեղյանը բացականերս չի նշանակում, բայց հաջորդ ժամին էնքան ա վրաս խոսում, որ փոշմանում եմ բացակայելու համար։ Ախր նենց էլ չի որ շատ եմ բացակայում։ Էն մնացածի բացակայությունները աչքին չեն էլ երևում։ Կամ մեկ էլ տեսար դասի կեսից սկսում ա մենակ իմ հետ դաս անել, ոնց որ էն մնացած Էրեխեքը լսարանում չլինեն, մենք իրար հետ խոսում ենք, քննարկում, բանավիճում, ես սիրուն գնահատականներ եմ ստանում, էն մնացածներն էլ էդ ընթացքում մյուս առարկայի տնայիններն են արտագրում։ Չէ, իհարկե հավես ա, լավ ա, չեմ բողոքում։ Ուղղակի մի տեսակ ինձ պարտավորված եմ զգում սովորել անկապ դասերը, կարդալ անկապ պատմվածքները։ Իսկ այ որ իրանք վհուկներ լինեին, ես էն ժամանակը որ դաս սովորելու վրա եմ ծախսում, կօգտագործեի ավելի հետաքրքիր բաներ սովորելու համար։

***

Իսկ ես կարծում էի, թե էլ սիրահարված չեմ։ Բայց չէ, գրողը տանի, չէէէէէ։ Ես արդեն մի տարի ա երևի համարյա ամեն օր իրան եմ սիրահարվում։

Նիկեա
01.12.2016, 02:47
Արի գրազ գանք, որ իզուր էր էսքան նստելդ ու դաս անելդ։ Արի գրազ գանք, որ առավոտ կքնես ու քնած կմնաս, դասի չես գնա, առաջին ժամին կլինես բացակա ու էսքան արածդ ջուրը կընկնի։ Միշտ էլ տենց ա լինում։

Նիկեա
02.12.2016, 17:54
Ես ատում եմ էս գրողի տարած համալսարանը։ Ինքը ինձանից խլել ա երկու ականջակալ, մեկ զարյադչնիկ, գլխարկ ու նախշուն կիսաձեռնոցներս։ Ինքը ամեն օր ինձանից խլում ա էդքան թանկ ժամանակս ու ոչ մի բան փոխարենը չի տալիս։ Ինքը խլում ա էդ ժամանակահատվածում ինչ֊որ բան սովորելու հնարավորությունը։ Ինքը ամեն օր ճզմում֊սպանում ա իմ նյարդային բջիջներին ու ես ամեն օր իրա պատճառով ավելի հիստերիկ եմ դառնում։
Բայց ինքը հո մենակ չի՞ վերցնի։ Ինքը նաև շատ բաներ ինձ տվել է։ Օրինակ տափակ, տախտակ, քյառթ, բլանդինկա, հայեցի, գաջ կուրսեցիներ։ երանի մենակ գաջ լիներ, իրանց դեմքի վրա հնարավոր ա հայտնաբերել Մենդելևի աղյուսակի տարրերի մեծամասնությունը, հիմնականում ծանր մետաղներ։ Ես անգամ կասկածներ ունեմ որ էդ ծանր մետաղները կգտնենք նաև իրանց գլխում։ Իրանք չեն դադարում ամեն օր ինձ զզվցնել իրանց տափակ կատակներով, "սրամիտ" մեկնաբանություններով։ Գրողը տանի, ատում եմ իրանց, ատում եմ, ատում եմ, ատում եմ, ատում եմ, ատում եմ ամբողջ ուժով, իսկ ես բավականին ուժեղ եմ։ Ինչքան չագուճ, տապոռ, հարթաշուրթ են իրանք, ո՞նց են տենց կարողանում։ Ու ինչի՞ եմ ես ստիպված օրվաս մեծ մասը իրանց հետ անցկացնել։ Ասում են` ինչի՞ ես էկել էս համալսարան, եթե սենց բողոքում ես։ Դե արի ու սրանց բացատրի որ ամեն տեղ նույն քաքն ա ու կապ չունի ես Բրյուսովում կսովորեմ թե Պետականում, լեզվաբան կդառնամ թե հնագետ։
Գրադարանի մուննաթ աշխատողներ։ Յախք։ Իրանց մասին չեմ էլ ուզում գրել։ Իրանց էլ եմ ատում։ Ընդհանրապես ես սրանից հետո մենակ էլեկտրոնային տարբերակով եմ կարդալու, եթե իհարկե ազգային գրադարանում չեմ։
Հեռակայի քյառթազավր դեմքեր։ Ես իրանց չեմ ատում, իրոք, լուրջ։ Ուղղակի չեմ հանդուրժում։ Ձեռքս հնար լիներ, հատիկ֊հատիկ կվառեի սաղին ու էդ կրակի վրա մուրաբա կեփեի։
Համալսարանը ինձ մի մի տոննա տնային ա տալիս, բայց այ թե ինչ են տալիս էդ տնայինները ոչ ոք չգիտի։
Չէ, ես ունեմ նաև լավ դասախոսներ, մի երկուսը։ Իրանք էդ համալսարանում արևներ են ուղղակի ես շաբաթական 80 րոպե եմ տեսնում։ Այ, սենց պահերին ափսոսում եմ, որ Էրասմուսին չդիմեցի ու գոնե մի սեմեստր էդ համբալսարանից հեռու կլինեի։

Նիկեա
05.12.2016, 21:30
Առավոտ արթնանալու համար ես կարևոր մոտիվացիա ունեմ. սովորաբար 8։45 էլի մեկին եմ քնից հանում։

***
Ինչ ուզում ա ասեն, ցուրտը սիրուն ա։ Սկսած "ցուրտ" բառից վերջացրած երևույթով։ Իսկ ի՞նչ ա ցուրտը։ Ցուրտը սառած քիթն ու փայտացած մատներն են։ Ցուրտը գործած գլխարկներն ու շարֆերն են։ Խոսելիս բերանից դուրս էկող գոլորշին։ Չէ, էդ գոլորշի չի։ Մառախուղ ա։ Ցուրտ եղանակին մենք մառախուղի գեներատորներ ենք դառնում։ Իրական մառախուղները առաջանում են որովհետև ցրտին խոսում, ծիծաղում ենք ու մեր բերանից գոլորշիններ են դուրս գալիս։ Մի անգամ երբ սովորականի նման էլի անկապ բաներ էի ասում, ասեց, որ ինքն էլ ինձ ա մառախուղի չափ սիրում։ Մառախուղի չափ։ Մառախուղի չափ... Ցուրտը համ էլ պոնչիկանոցում խմած տաք կակաոն ա երբ օդափոխիչը սառը օդը հենց գլխիդ ա փչում։

***
- Իսկ դու վաբշե սխալ խաղադրույք ես արել,- ասում ա ինձ։
- Ըհն, բայց ես վերջում շահելու եմ,- ասում եմ ես։
Մեծ աչքերը դեմքի վրա ավելի են մեծանում ու ավելի սիրուն փայլում ու ես մտածում եմ որ հնարավոր չէր ավելի ճիշտ "խաղադրույք" անել։

***
- Ինձ մի տեսակ հարբած եմ զգում։
- Հա, ես էլ։
Իսկ մենք ընդամենը կակաո էինք խմել։

***
Սիրուն ա ցուրտը։

Նիկեա
14.12.2016, 21:57
Արի խոստովանի, որ դու հոգնած ես էնքան, ինչքան հնարավոր ա հոգնած լինել։ Հոգնած բոլոր առումներով, բոլոր հաշվարկման համակարգերում։ Ամեն ինչից, համարյա սաղից։ Ոչ մի բան չանելուց ու առավելագույն գնահատականը ստանալուց։ Տափակ դասերից, տոննաներով տնայինները ռոբոտացած գրելուց։ Գրադարան գնալուց էլ եմ հոգնել, որովհետև հիմա համարյա միշտ լիքն ա ու հնարավոր չի գտնել նենց սեղան, որի մոտ կնստեմ մենակ, սաղ գրքերս կփռեմ սեղանով մեկ ու իմ սիրած ձևով դաս կսովորեմ։ Նույն քարոզները լսելուց (էն որ արդեն անգիր գիտեմ իրանց տեքստը, հասկանում եմ որ իրավիճակը փոխելու համար ես պետք ա իմ դերը փոխեմ, իմ տեքստը փոխեմ, բայց ես մտադիր չեմ իմ ելույթին "հա", "ըհն", "բնականաբար", "անշուշտ", "իհարկե", "ըհն", "հա" բառերից բացի ուրիշ բան ավելացնել իմ հանդիսավոր խոսքին, համ էլ էսքանը արդեն բավականաչափ նյարդայնացնում ա մարդկանց, էլ ի՞նչ կարիք կա բաց տեքստով հակաճառելու)։ Ախպորս հետ անընդհատ նույն կռիվներից եմ հոգնել, իրա անվերջ պրովոկացիաներից ու իմ անվերջ պրովոկացվելուց։ Լավատեսությունից, աջուձախ մարդկանց մոտիվացնել փորձելուց, հույսեր տալուց։ Ու՞մ ա դա պետք։ Հույսեր, ակնկալիքներ, սպասելիքներ ունենալուց եմ հոգնել, ապագա նկարելուց ու դրա մասին մտածելուց եմ հոգնել։ Անընդհատ ինչ֊որ բան փնտրելուց, ինչ֊որ տեղ շտապելուց, ինչ֊որ մեկի, ինչ֊որ բանի համար անհանգսանալուց, ինչ֊որ բան չհասցնելուց եմ հոգնել։ Ու չէ, ես դեպրեսված չեմ, ոչ մի վատ բան չի էղել։ Ես ուղղակի զգում եմ, որ վերջանում եմ։ Բայց ես չպետք ա վերջանամ։ Պետք ա դիմանալ, էլի ձգել, առաջ գնալ, որովհետև պետք է հանձնել գալիք քննությունները, որովհետև պետք խաղալ ապուշի դերը, որովհետև պետք ա կռվել գալիք ճակատամարտերում։ Որովհետև մարդիկ ուզում են կողքից լսել, որ ամեն ինչ լավ կլինի ու դու պետք ա ասես, որ դա հենց տենց էլ կլինի ու դու, ամենաառաջինը հենց դու պետք ա հավատաս դրան։ Վերջանալ չի կարելի, որովհետև դու վաղը մարդկանց պետք է տեսնես, ինչ֊որ բաներ պետք է անես, որոնք կարող ա հեչ էլ կարևոր չեն, կարող ա իմաստ էլ չունեն։ Մի անգամ, երբ էլի սենց ախմախ հոգնած գրառում էի արել օրագրումս, Ջոնը ասեց, որ հոգնելը ծերության առաջին նշաններից ա։ Ու ես չեմ ուզում "ծեր" լինել, հոգնել... Ու ես չպետք ա հոգնեմ, վերջանամ, մեռնեմ, որովհետև ես անելիքներ, հույսեր, սպասելիքներ ունեմ։

Նիկեա
15.12.2016, 21:54
Սարսափելի վատ ա, երբ կան մարդիկ, որոնցից փախչում ենք։ Անընդհատ, անկախ էն բանից հավանական ա էդ մարդուն էդ ժամին էդ տեղում տեսնելը թե չէ, դու վախենում ես որ կարող ա հանկարծ էդ պահին անկյունից դուրս գա ու դու չիմանաս թե իրան ոնց չտեսնելու տաս։ Սարսափելի ա կանգառ գնալը մտածելով, որ կարող ա ինքը կանգառում ա։ Սարսափելի ա ավտոբուսում իրան տեսնելը ու կողքիդ կանգնած խոշորամարմին կնոջ թևի տակ թաքնվելը։ Իրոք սարսափելի ա։ Նման մարդկանց գոյությունը չի կարող թողնել, որ դու մինչև վերջ երջանիկ լինես։ Ու ես արդեն չունեմ նման մարդիկ։ Տեսա առավոտ, բարևեցի, խոսացինք մի քիչ ու հիմա էլ ոչ մեկից ես չեմ փախչում։ Հրաշալի ա :))

***
Դասի եմ գնում, մեկ էլ տեսնեմ իմ Գրիֆինդորի շարֆից մեկ ուրիշի վզին ու էդ մեկ ուրիշը արագ֊արագ համալսարան ա գնում։ Մի անգամ էլ էի տեսել, ուղղակի ինձ թվում էր թե ինձ թվացել ա։ Էս անգամ որոշեցի գնամ, խոսեմ հետը։ Վազում, հասնում եմ հետևից ու ձեռքով ուսին խփում։ Շրջվում ա, նայում ինձ, նայում շարֆիս ու միանգամից ժպտում.
- Դուք Հոգվարթսի՞ց եք,- հարցնում եմ գլուխս շարֆի ու գլխարկի մեջ խրած։
- Դու՞ք էլ,- ժպտում ա։
Ծանոթանում ենք։ Պարզվում ա չորրորդ կուրսում ա արդեն սովորում ու շուտով կավարտի։ Բնականաբար ինքն էլ ա դժգոհ ու բողոքավոր։ Հետո որոշում ենք, որ մի օր անպայման քվիդիչ կխաղանք։ Արդեն համալսարանում էինք ու երկրորդ հարկից ամեն մեկս մեր ուղղությամբ պետք ա գնայինք։ Հինգ րոպե էր, ինչ ծանոթ էինք բայց արդեն լիքը֊լիքը խոսել էինք։ Ոնց որ մի հազար տարվա ծանոթներ լինեինք։ Գնալուց առաջ Մելինեն (տենց էր անունը) ասեց` էս համալսարանը տենց էլ Հոգվարթս չդարձավ, բայց մենք հեսա կավարտվենք Հոգվարթսը։ Չգիտեմ ինչի ամբողջ օրը գլխիս մեջ էս նախադասությունն էր պտտվում։ Ու չէ, Հոգվարթսը էն դպրոցն ա, որը մենք երբեք չենք ավարտի։ Ու պետք էլ չի ավարտել։

***
Էսօր մի տեսակ ջրիկ էի։ Ասում ա.
- Не будь ջրիկом.
- Буду պնդիկом,- ասում եմ ու կեսից սկսում էլի անկապ ծիծաղել։
... Ես կսարքեմ... կգնամ առաջին պատահածով... առաջին պատահած հասարակական տրանսպորտով... Հովիկը... Թումանյան Հովիկը... ասա` բայց քեզ ո՞վ էր հարցնում... դիր տեղը... մի փչացրու պետական գույքը... որ մի քիչ էլ ճոճես, կքնեմ, մի արա... շատ լիքն ա, սրանով չեմ գնում... դարձիր իմ Ֆրոյդը, ես կպատմեմ քեզ իմ երազները... ես կանաչ եմ, կանաչ ինչպես Լիբիայի դրոշն էր մինչև 2011 թվականը... հա, ըհն, ըհն... ըհն... լավ... :D

Նիկեա
20.12.2016, 21:37
Այոոոոոո, վերջապես... ես էս կես ժամ անց լացում եմ...

Սկզբում ուղղակի CV֊իս էի ուղարկել ու մտածում էի` մեկ էլ տեսար կանչեցին հարցազրույցի։ Սենց առանձնապես չէի ուզում մեծ հույսեր կապել, որովհետև էս տարվա ընթացքում գործ փնտրելն ու չգտնելը լիքը դեպրեսիաների պատճառ էր դարձել ու չէի ուզում տարվա վերջում կիսադեպրեսված հալիս էլի դեպրեսվել։
Առաջին անգամ որ զանգել էին, չէի տեսել։ Հաջորդ օրը ես իրանց հետ զանգեցի, բայց հեռախոսավարուհին գաղափար չուներ թե ինձ ինչի համար են նախորդ օրը զանգել մինչև մյուս քանի ժամ հետո նորից չզանգեցին ու հաջորդ օրը կանչեցին հարցազրույցի։ Հարցազրույցը խմբակային էի լինելու։ Էդ էն օրն էր, որ Նոյեմին էի հանդիպել։
Էդ նույն օրը ժամը 5֊ի կողմերը զանգեցին ու ասեցին որ երկուշաբթի օրը գնամ թեստ գրելու, առաջին փուլը անցել եմ։ Երկուշաբթի օրվա թեստից հետո մի շաբաթ մեռնելով, փշերի վրա ապրում էի, արդեն համակերպվել էի էն մտքի հետ, որ ինձ չեն կանչի հաջորդ փուլին, որ պըրծ, վերջացավ։ Բայց ուրբաթ օրը, էն ակումբի հանդիպումից հետո որ տուն էի գնում էլի զանգեցին ու երկուշաբթի օրը էլի հարցազրույցի կանչեցին։ Էս անգամ անհատական էր լինելու։
Էդ օրը։ Գրողը տանի։ Ես աղոթել էի իմ իմացած բոլոր աստվածներին, առավոտ շուտ աստվածաշնչի փոխարեն Բրեդբերի էի կարդացել, խմել էի էնքան չայ, ինչքան չայ կարող էի խմել ընդհանրապես, զինվել Գրիֆինդորի շարֆով, սիրածիս ձեռնոցներով ու էլ մյուս սիրածիս նվիրած վզնոցով։ Մի խոսքով ես պատրաստ էի մարտնչել աշխարհի բոլոր չար ուժերի դեմ ու հաղթող դուրս գալ, բայց ինձ ընդամենը պետք էր մի հարցազրույց հաղթահարել։
Ժամը չորսին էին ինձ կանչել, 3։10 էր, դեռ Անժելենց տանը չայ էի խմում։ Ու դաշնամուր նվագում։ Մենակ Անժելը գիտի թե ոնց եմ ես դաշնամուր նվագում։ Ավելի ճիշտ չնվագում։ 3։20 դուրս էկա իրանց տնից։ Շենքից կանգառ հասնելու համար պետք ա ընդամենը մի վերգետնյա անցում անցնել։ Ու երբ էդ գրողի տարած աստիճաններն էի սղղալով իջնում, 27 ու 8 համարի ավտոբուսները անցան։ Հետո 10 րոպե սպասում էի ու բնականաբար էդ երկուսից ոչ մեկը չէր գալիս որ ես գնայի։ Վերջը էկավ 27֊ը։ Խցանում էր ճանապարհին։ Սարսափելի խցանում։ Ներվերս չհերիքեց, օպերայում իջա ու մի 5 րոպե սպասելուց հետո վերջապես էկավ 8 համարը ու ես 4։01 տեղ հասա։ Մի րոպե ուշացել էի, բայց պարզվեց ինձանից առաջ մի աղջիկ էլ պետք ա անցնի հարցազրույց, այսինքն ես չէի ուշացել։ Էն ոնց սիրտս տեղն ընկավ։

Հետո հասավ իմ հերթը։ Լիքը անկապ հարցեր էին տալիս։ Անկապ չէ, որ մտածում եմ շատ էլ կապակցված էին ուղղակի ես հեչ չէի մտածի որ նման հարցեր կլինեն։ Հարցնում էին` ի՞նչ կանեմ եթե ուսանողներիցս մեկը ինձ սիրահարվի, ի՞նչ կանեմ եթե պետք լինի կոլեգիայիս արածները կոծկել, որտե՞ղ եմ ինձ պատկերացնում 3 տարի հետո։ Ու ես էլ էշ֊էշ պատասխանում էի։ Արդյունքում ասեցի, որ եթե պետք լինի ղեկավարությանն էլ կխաբեմ, ու որ երեք տարի հետո ես Հայաստանում չեմ լինի։ Ու էլի լիքը անկապ բաներ էի ասում, որոնք երևի չարժի ասել հարցազրույցի ժամանակ, բայց ինձ ասել էին անկեղծ կլինես ու ես էլ ինչքան կարայի անկեղծ էի։
Երբ Վարդանին պատմեցի հարցազրույցի մասին, ասեց` խզարել ես, բայց ես էնքան էլ վստահ չէի։

Իսկ էսօր... մի քիչ առաջ... մի քանի րոպե առաջ... մեյլիս նամակ էկավ, որ ինձ կանչում են պրակտիկա անցնելու ու որ ես էլ գործազուրկ չեմ։
Չէ, դուք չեք պատկերացնի թե ես ինչ էի զգում էդ պահին ու ինչ եմ զգում հիմա։ Էլ ոչ մի սթրես, ոչ մի դեպրեսիա գործ ման գալու պատճառով։ Վերջ։ Պրծավ։
Զանգել եմ Անժելին ու լաց եմ լինում։ Անկապ լրիվ։ Դրսում ցուրտ ա, ես մրսում եմ ու արցունքները սառում են դեմքիս բայց ես մեկ ա լացում եմ։ Անկախ ինձանից ա ստացվում։ Ես էլ գործազուրկ չեմ... հասկանու՞մ եք։

Էս տարվա "առաքելություններիցս" մեկը գործ գտնելն ու գործազուրկ/ձրիակերի կարգավիճակից դուրս գալն էր։ Արեցի։ Հետո ինչ որ ես էս տարվա վերջին ամիսն էլ եմ ձրիակեր լինելու ու առաջին աշխատավարձ ստանամ մյուս տարի։
Կյանքը հրաշք ա, էլ ի՞նչ ասեմ

Նիկեա
23.12.2016, 15:34
Գաղտնիք չի, որ ես ատում եմ ռուսերենը: Էն փոքր ժամանակվանից, որ տնեցիք ռուսական ալիքներ էին նայում, ես մի տեսակ ջղայինանում էի էդ լեզվից: Ու հիմա էլ եմ ջղայինանում, երբ ինչ-որ բան անգլերենից հայերեն թարգմանելիս կուրսեցիներս ասում են, թե դրա հայերենը չկա, ռուսերենը ավելի սիրուն է: Ախր ո՞նց չկա չկա: Ո՞նց է ավելի սիրուն: 12-րդ դասարանում միակ լավ բանն էն էր, որ երկրորդ կիսամյակում էլ ռուսաց չէինք անցնում: Բայց երջանկությունս կարճ տևեց, որովհետև համալսարանում բնականաբար անցնում էինք հետն էլ շաբաթական երկու ժամ: Ու մինչև ռուսերենի առաջին դասը ես համոզված էի, որ ատելու եմ շաբաթվա էդ 180 րոպեները ու որ վերջում էլ լիկվիդ եմ մնալու: Բայց հետո եկավ Մարիա Ալեքսանդրովնան:

Դեմքին նայելով դժվար էր ասել 50 տարեկան է, 55 թե՞ 60: Տարեց չէր երևում, բայց երիտասարտ էլ չէր: Չէ, խաբեցի: Ինքը ինձանից էլ, քեզանից էլ, բոլորիցս էլ ավելի երիտասարդ էր մնացել: Դեմքի վրա փայլում էին չարաճճի աչքերը: Դժվարանում եմ ասել, թե ինչ գույն ունեին աչքերը: Սև չէին, ոչ էլ շագանակագույն, բայց համ սև էին, համ շագանակագույն, համ էլ մի տեսակ կարմիր երանգ ունեին: Համարյա միշտ ժպտում էր, չեմ հիշում մի դաս, որ գար անտրամադիր, հոգնած, սկսեր մուննաթով խոսալ: Ու որ ժպտում էր, դեմքի կնճիռները ավելի էին շատանում, բայց ինքը դրանից չէր տգեղանում: Ինքը իմ տեսած ամենասիրուն տատիկներից էր: Առաջին օրը, երբ ծանոթանում էինք, հարցրեց թե ինչ եմ ուզում անել հետո: Ասեցի, որ գրող եմ դառնալու: Ժպտաց, բայց մի տեսակ ուրիշ, մի տեսակ խորհրդավոր: Ինձ թվում էր՝ կմոռանա իմ մասին պատմածներս էլ, անունս էլ, բայց չէ, Մարիա Ալեքսանդրովնան բոլորին ճանաչում ու հիշում էր: Չգիտեմ ինչ յուրահատուկ բան կար իրա մեջ, բայց հենց առաջին օրվանից սիրեցի իրան: Ու չնայած ատելով ատում էի ռուսերենը, ինձ համար ամենաքայքաիչ բանը ռուսերեն կարդալ, գրել ու մտածելն էր, բայց ես կարդում էի իրա հանձնարարած բոլոր պատմվածքները, գրում էի բոլոր տնայինները, անգամ շարադրությունները: Անգամ ռուսերենով պատմվածք եմ գրել: Որովհետև դա հանձնարարել էր Ինքը:

Ռուսացի ժամին մենք խոսել ենք եգիպտագիտությունից ու մումիաներից, լատիներենից ու գոթերենից, դիցաբանություններից ու աստվածներից: Մենք խոսում էին աշխարհի լավագույն համալսարանների ու Հոգվարթսի մասին, սև անցքերի, տելեպորտացիայի ու կախարդական փայտիկների մասին: Մենք Չակ Պալանիկ ու Օրհան Փամուկ էինք քննարկում, մենք սարսափ ֆիլմեր էինք նայում, Բիթլզ ու Բոուի լսում: Ռուսացի ժամին ինչ ասեց որ չենք անցել. բնապահպանություն, քաղաքագիտություն, պատմություն, մշակութաբանություն, աստվածագիտություն, կինոմատոգրաֆիա, երաժշտություն, անգամ ֆիզիկա ու մաթեմատիկա ենք անցել: Ախր դուք չգիտեք ինչ հրաշք է էն դասախոսը, որի սիրած գրողը Բրեդբերին է: Ախր իրոք հրաշք է էն դասախոսը, որ կարողանում է էնպես անել, որ դու էլ չզգաս թե ոնց ես սովորում: Մի անգամ, երբ խոսում էինք թե ինչպիսիսն պետք է լինի իսկական մանկավարժը, ասեց՝ դասարան կամ լսարան մտնելուց առաջ իսկական մանկավարժը պետք է կարողանա իր անձնական խնդիրներն ու մնացած ամեն ինչը թողնել դռնից էն կողմ ու էդ 45 կամ 80 րոպեն լրիվ, ամբողջությամբ ապրի իրա էրխեքով: Ու ինքը կարողանում էր անել դա: Ու մենք էլ ռուսացի լսարան մտնելով աշխարհը ու ամեն ինչը թողնում էինք դռան մյուս կողմում:

Երեկ ռուսացի քննությունն էր: Բանավոր էր, առաջինը պատասախանեցի ու շուտ վերջացրեցի: Դասախոսս գոհ էր ինձանից ու դրանից ավել բան չէի էլ ուզում: Ասեց, որ չմոռանամ ռուսերենը, գրքեր կարդամ, ոնց էլ չլինի մի օր պետք կգա: Ասեց, որ ես կդառնամ գրող: Երկրորդ սեմեստրից էլ ռուսաց չենք անցնի, Մարիա Ալեքսանդրովնան մեզ էլ դաս չի տա: Ու էնքան տխուր էր դա գիտակցելը: Ուզում էի գրել, ասել, որ ինքը ամենաամենասիրելի դասախոսս է, որ համալսարանի գորշության մեջ ու հատկապես ռուսերենի ամբիոնի, ինքը իսկական արև է, բայց չարեցի: Ամաչեցի, չնայած որ շատ էի ուզում:
Հիմա էս ժամին մեր մոտ պետք ա ռուսաց լիներ, բայց էլ չի լինի: Մարիա Ալեքսանդրովնան էն մարդկանցից է, որ չգիտեմ երջանի՞կ լինեմ որ դասախոսս է/էր թե՞ տխրեմ, որ իրա նման ընկեր չեմ ունենա:

Նիկեա
29.12.2016, 00:52
Երեկ ես քայքայեցի էնքան նյարդեր ինչքան չէի քայքայել երբևէ։ Երեկ ես վճռական էի էնքան, ինչքան չէի էղել նախկինում երբեք։ Երեկ ես պատրաստ էի պայթեցնել աշխարհը, եթե համարձակվեր կանգնել ճանապարհիս, խանգարել ինձ։ Գիշերը քնեցի 3 ժամ։ Արդյունքում վերջացրեցի կիսատ գրքերիցս 2-ը։ Առավոտ արթնացա ուռած աչքերով, որ թվում էր հիմա դուրս կգան ակնագնդերից, պայթող գլխով ու մինուս անվերջություն ձգվող տրամադրությամբ։ Առավոտ արթնացա ու որոշեցի որ ես պետք ա գերազանց ստանամ վերջին քննությունս, որ ոչինչ չի կարող խանգարել ինձ։ 20 րոպե ուշացած մտա լսարան, 20 րոպե հետո բոլորից շուտ վերջացրած դուրս էկա ու հետո իմացա որ 100 եմ ստացել։ Հետո որոշեցի, որ ես հիստերիկ չեմ։ Մի քանի րոպե քայլեցի ձյուների միջով, տեղը տեղին սառեցի ու անցավ հիստերիկությունս։ Հետո ամեն ինչ հոյակապ էր։ Դե պետք չի տաք գլխով որոշումներ կայացնել էլի, հո զոռով չի։ Մեր մեջ քնած տեռորիստը պետք ա միշտ քնած մնա, թե չէ մեզ էլ հետը կպայթեցնի։ Մի տեսակ լավն են գործի տեղի էրեխեքը։ Արևոտ են։ Իրիկունը տուն էի գալիս ու ավտոբուսում 2 երեխա ապակու վրա X, O էին խաղում։ Փոքր էին, 7֊8 տարեկան երևի հազիվ։ Հետո էլ կռվում էին, թե ով ա հաղթել։ Նենց լավն էին։ Հավես ա։ Իրոք։ Շատ։ Էս տարվա վերջին շաբաթը ոնց որ էս տարվա խտապատկերը լիներ։ Ամեն ինչ էնքան խառն էր, էնքան հակասական։ Մեկ նյարդային էի, մեկ հանգիստ, մեկ լիքը խառը բաներ էի զգում, մեկ էլ բացարձակապես չէի զգում։ Մեկ ամեն ինչ հոյակապ էր ու հաջորդ վայրկյանին երկինքը գլխիդ փուլ էր գալիս, մեկ էլ հանկարծ նույն անակնկալ կերպով էլի արևաշող էր դառնում ամեն ինչ։ Կարևորը` հիմա ամեն ինչ լավ ա ու մինչև տարվա վերջ երևի ամեն ինչ սենց լավ էլ կմնա։ Չէի պատկերացնում, որ գործից հոգնած տուն գալը կարա էսքան հանգստացնող լինի։

Նիկեա
31.12.2016, 23:05
Անցած տարի ես գրել էի 10 կետ, որոնք պետք ա հասցնեի անել էս տարվա ընթացքում։ Տեսնենք ինչ պատկեր ա ստացվել։


1. Պետք ա անեն հնարավոր առիթ օգտագործեմ երջնիկ լինելու համար ու պետք ա թողնեմ որ ամեն ստից բան ուրախացնի ինձ:


Գրողը տանի, անկախ ամեն ինչից ես երջանիկ էի էս տարի։ Լիքը ստից բանից դեպրեսվում էի, բայց տարվա ընթացքում երջանկությունը ավելի շատ էր քան մնացածը։ Էս մի բանը արել եմ։

2. Պատերազմելու եմ նոր միջոցներով, ավելի ժանանակակից ու հագեցած փորձը ցույց տվեց որ մուննաթը ինքնաոչնչացնող զենք ա:


Ես չէի կարծում թե կասեմ սա, բայց մերոնք ինձ սկսել են մեծ մարդու տեղ դնել։ Հասկանու՞մ եք, իրանց աչքերում ես էլ 12 տարեկան էրեխա չեմ։ Ճիշտ ա, իրանք էլի սարսափելի շատ անհանգստանում են ինձ համար ու դա հաճախ նյարդայնացնում ա, բայց ես մի տեսակ հաղթել եմ մերոնց դեմ “պատերազմում”։ :D

3. Չեմ կզղիանալու:


Հա, չեմ կզղիացել։ Էս տարի լիքը մարդիկ են էկել իմ կյանք ու գնացել, լիքը մարդկանց եմ ճանաչել ու բացահայտել։ Ընդհանրապես, հավես են մարդիկ երբ ես դեպրեսված չեմ :))

4. Գնահատականներս լավացնելու եմ:


Արել եմ, դեռ անվճարի չեմ ձգում, բայց այդ ուղղությամբ էլ կաշխատեմ։

5. Աշխատելու եմ, աշխատելու եմ անպայման, ինչ ուզում ա լինի:


Աշխատել եմ, հետո չեմ աշխատել, իսկ հիմա վերջապես կարգին աշխատանք ունեմ։

6. Վարձով եմ ապրելու:


Այ էս մեկն էլ որ արած լինեի, հրաշալի կլիներ, բայց չէ, ցավոք սրտի։ Բայց էդ օրն էլ կգա, քիչ ա մնացել։

7. Ճապոներեն եմ սովորելու:


Ճապոներենը կիսատ թողեցի որովհետև պարզվեց համալսարանում չինարեն ենք սովորելու, էդ երկու լեզուներն էլ մի քիչ դժվար ա իրար հետ համատեղելը։ Բայց հո ես ամռանը իսպաներեն եմ սովորել, էնքան որ եթե շատ ուզենամ հայերենից իսպաներեն գրավոր թարգմանություն կանեմ, բայց ես դա չեմ ուզի :))

8. Թափառելու եմ, լիքը-լիքը, ու թափառելու ենք...


Օ, այոոո։ Թափառել եմ։ Ես հիմա ունեմ լիքը նոր փախած ճանապարհներ։

9. Շատ-շատ գրելու եմ:


Նեկրոֆիլներս վկա, գրել եմ :D

10. Ապրելու եմ մինչև վերջ, ամբողջ հոգով:


Էս մի տարվա ընթացքում ես ապրել եմ 3 տարի, սրանից ավելի էլ ի՞նչ եմ ուզում։


Հիմա էն մասին թե ինչ եմ անելու 2017֊ին։


1. Ապրելու եմ վարձով։ Այստեղ այլ տարբերակ լինել չի կարող, ինչքան շուտ, էնքան լավ։
2. Գերմաներեն եմ սովորելու ու DAAD-ի լեզվի ամառային դասընթացների համար դիմեմ, արդեն 2018 թվականի ամռան։
3. Չեմ կողմնորոշվում` ես հեծանիվ ուզու՞մ եմ թե՞ չեմ ուզում։ Չգիտեմ է։ Ախր մի երկու տարուց կգա էդ հեծանիվին ստեղ թողնելու կամ ծախելու ժամանակը, իսկ ես դա չեմ ոիզում։ Բայց հեծանվարշավների գնալու եմ։
4. Հավեսով կամավորություն եմ անելու։
5. Գնալու եմ վրանով սարերում կորեմ։
6. Բացի վրանով կորելուց, երևի օգոստոսին ինչ֊էր ժամանակով կգնամ ինչ֊էր տեղ մենակ կապրեմ։


Էլ մտքիս ոչ մի բան չի գալիս թե ինչ եմ ուզում անել 2017֊ին։ Երևի էսքանն էլ քիչ չի։

Նիկեա
10.01.2017, 00:19
Յախք։

Նիկեա
10.01.2017, 11:32
Անցած տարի մի նոթատետրում գրել էի առաջիկա երեք տարիների անելիքներս։ Ինքը ասեց, որ գրեմ։ Հիմա ման եմ գալիս նոթատետրս ու չեմ գտնում։ Չկա։ Կորցրել եմ երևի։ Էն զգացողությունն ա, որ նոթատետրիս հետ երեք տարվա նպատակներս էլ եմ կորցրել։

Նիկեա
11.01.2017, 23:31
Խառն ա ամեն ինչ, Գուստավ, շատ խառն ա։ Գուստա՞վ։ Ո՞վ ա Գուստավը։ Գուստավ դու ո՞վ ես։ Չգիտեմ ով ես, բայց էսօր ու երեկ ու երեկ չէ առաջին օրը ու դրանից առաջ էլ դու իմ հետ ես։ Դու հետս ես ինչ էս տարին սկսվել է։Դե խոսամ, լսի։

Նենց հյուծված եմ, չես պատկերացնի։ Իրոք։ Մեկ֊մեկ որ կանգնում եմ, սկզբում ոտքերս չեմ զգում, ոնց որ օդերով լինեմ ու քայլելս էլ թռչելու ա նմանվում, վատ թռչելու։ Առավոտ արթնանում եմ մի կերպ, երբ 10 անգամ զարթուցիչս խփում ա։ Ու ամեն անգամ էն տպավորությունն ա, որ խփում ա գլխիս։ Արթնանալուց հետո ահագին լավ եմ, սովորականից համարյա չտարբերվող, բայց ժամը վեցից հետո մեռնելս գալիս ա։ Չէ, ժամը վեցից հետո մեռնում եմ։ Ուղեղս էլ չի աշխատում կամ աշխատում ա մի տաս անգամ դանդաղ։ Բթանում եմ ու ոչինչ չեմ զգում։ Կարող ա անկապ սկսեմ խոսալ, անկապ բաներ ասել որ էդ պահին ոչ մեկին չեն հետաքրքրում ու պետք էլ չի որ որևէ մեկը լսի դրանք։ Իսկ իրիկունը տուն գնալիս ես այլևս զոմբի եմ... zombie, zombie, zombie... Էդ ժամանակ ոչինչ անելս չի գալիս։ Ես երբեք չէի մտածի թե կարող ա էդքան շատ ուզեմ տուն գնալ, բայց արի ու տես որ էդ պահին ես երազում եմ տանը լինելու ու մահճակալիս վրա փռվելու մասին։ Երազում եմ, որ տուն գամ ու տանը մարդ չլինի։ Որ ոչ մեկը չխոսա, ձայն չհանի։ Ոչ մի տեսակի ձայն լսել չեմ ուզում։ Մենակ լռություն։ Թեկուզ երկու րոպե բայց բացարձակ լրիվ լռություն։ Ընդհանրապես ո՞նց են մարդիկ կարողանում մինչև գիշերվա ժամը 2֊ը կամ ամբողջ գիշեր աշխատել։ Գուսատավ դու ո՞նց ես կարողանում օրվա 24 ժամը ինձ հետ լինել ու չմեռնել։ Իսկ կարո՞ղ ա դու արդեն մեռած ես։ Ուրվակա՞ն ես, Գուստավ։

Իմ ներսում մառախուղ ա ու մազանոթներիս ու երակներիս վրա եղյամ ա դրել։ Ես մառախուղ եմ ու երբ դու նայես իմ մեջ, ոչ մի բան չես տեսնի։ Չէ, սպասի, դու իմ ներսում ես ու եթե ուզես դուրս նայել, ոչինչ չես տեսնի, ես ինձանով կսահմանափակեմ քո աշխարհը։ Քո սիրտը ինձանից ու իմ տափակություններից չի՞ խառնում։ Խառնու՞մ ա։ Ուրեմն դու հղի ես, Գուստավ։ Քո գլուխն ա հղի ու եթե կացնով կոտրենք գլուխդ, մի քանի հատ աթենասներ դուրս կթռչեն։ Չէ, չէ, կներես։ Էդ իմ գլուխն ա հղի ու որ կացինով երկու կես անենք, մեջից դու դուրս կգաս։ Գուստա՞վ։ Գուստա՜վ... ո՞ւր գնացիր, արա։

Գլխիս մեջ անընդհատ կրկնվող թվերը սկսեցին հետադարձ հաշվարկ կատարել ու հավասարվեցին զրոյի։ Գլխիս մեջ շրջանաձև պտտվող գույներին սև անցքը կուլ տվեց ու մնաց մենակ խավար։ Աղմուկը սկզբում մաքրվեց, ձայների վերածվեց հետո ձայներն էլ սկսեցին քիչ֊քիչ նվազել ու լռություն իջավ։ Այ սենց Գուստավը ջնջվեց իմ գլխից։ Ավելի ճիշտ` լուծվեց գլխիս մառախուղի մեջ։ Ու հիմա սև անցքը կկլանի սենյակիս լույսն էլ ու ես կքնեմ։

Վաղը նոր օր կլինի։ Վաղը ավելի լավը կլինի։

Նիկեա
24.01.2017, 00:04
էսօր կարելի է ասել իմ կիսաաշխատանքային առաջին օրն էր։ Էսօր ամեն ինչ նենց էր, ոնց կլինի, եթե մյուս շաբաթ աշխատանքային պայմանագիր կնքեն ինձ հետ։ Էսօր սկսվեց իմ պրակտիկայի վերջին շաբաթը։

Մի տեսակ վախենում եմ, մեկ էլ տեսար սկսում եմ մտածել` բա որ ինձ գործի չընդունեն։ Ախր ես իրոք սիրում եմ իմ գործը։ Չեք պատկերացնի ինչքան հաճելի ա էն, որ 6 ժամ ոտքի վրա լինելուց, հարթակի մի ծայրից մյուսը վազելուց հետո երբ քո համար հազիվ խախանդ անկյուն ես գտել ու կանգնել, գալիս են էրեխեք ու հարցնում թե ոնց ես։ Ախր չեք պատկերացնի թե ինչքան հավես ա սենց թիմի հետ աշխատելը։ Կարող ա ներսում խնդիրներ կան ու ես նոր եմ շատ բան չեմ հասկանում, բայց անգամ ինձ, ինձ, որ միշտ հնարավոր բոլոր միջոցներով խուսափել ա թիմում լինելուց, որ պատրաստ էր բոլորի գործը մենակ անի, մենակ թե մյուսների հետ շփում չունենա, անգամ ինձ ա դուր գալիս էս թիմը։ Սկզբում Էլինան էր։ Նենց հավես էր ինքը։ Հանգիստ, ներդաշնակ։ Իսկ էսօր Վիկային բացահայտեցի։ Ինքը էնքան լավն ա, էնքան լավը, որ դու եթե իրա հետ ես, չես կարա վատը լինես, չես կարա կեղծես, խաբես։ Ինքը էն մարդկանցից ա որոնց հետ դու դու ես։

Իսկ էրեխեքը ^֊֊^ վերջն են իրանք։ Նենց թույն դեմքեր կան, իրոք։ Էն որ նայում եմ թե իրանք ինչ են անում ու հիշում եմ թե ես ինչ էի անում իրանց տարիքում, ուզում եմ խոնարհվեմ։ :D Ախր շատ լավն են։ Ուզում եմ բոլորի անունները, դեմքերը հիշել։ Ավելի ճիշտ` դեմքերը հիշում եմ։ Չէ, լավն են իրանք։ Պետք ա ամեն ինչ անենք իրանց պահելու համար։

Որ իրոք աշխատանքի անցնեմ, մյուսների մասին էլ կպատմեմ։ Մենակ թե գործի անցնեմ։

Իրիկունը կանգառից տուն էի բարձրանում։ Ժամը 11֊ից մի քանի րոպե էր պակասում ու բնականաբար էդ ժամին էս կողմերում անգամ անտուն կատուներն են տուն գնացած լինում։ Նենց հավես ա էդ ժամին ճանապարհի հենց մեջտեղով քայլելը։ Ու շատ, շաաատ դանդաղ քայլելը։ Էսօր էնքան խիտ էր մառախուղը որ ճանապարհի մեջտեղում կանգնած մայթեզրը չէր երևում ու մառախուղից մազերիս սպիտակ եղյամ էր նստել։ Խանութի մոտով անցնելիս հարայ հրոցներ (ինչ էլ բառ ա ո՞նց գտա) լսեցի։ Մի խումբ քյառազավրեր անկյունում իրար կոկորդ էին կրծում։ Ռազբոռկա էր։ Մառախուղի տակ իրանք չէին երևում։ Մենակ ձայներն էի լսում ու տեսնում մարմինների թեթև ուրվագծերը։ Մի տեսակ սյուրռեալիստական տեսարան էր` խիտ, սպիտակ մառախուղ, սև քյառթեր, գիշերվա լռություն եւ անկապ գոռոցներ։ Ու համարյա չլուսավորված փողոց։ Համարյա չլուսավորված փողոց։ Էս կողմերում 11֊12֊ի կողմերը նենց սիրուն ա։ Մեր փողոցում համարյա բոլոր տների լույսերը էդ ժամին հանգցրած են ու մենակ փողոցի հատուկենտ լապտերներն են։ Էսօր երբ տուն էի գալիս, տենց էր։ Իմ սիրած լապտերի մոտ կանգնած նայում էի։ Լամպը տաքացել էր ու ապակուց տաք օդը գնում խառնվում էր մառախուղին։ Էն տպավորությունն էր որ լապտերը շնչում էր։ Չէ, հաստատ լապտերը շնչում էր։ Ու մառախուղն էլ առաջանում ա հոգնած լապտերների շնչառությունից։

Նիկեա
29.01.2017, 15:45
Մի քանի տարի առաջ մտքովս չէր անցնի, որ սենց բան կասեմ, բայց ակումբը մի տեսակ աչքիցս ընկել ա։ Էն որ անգամ օրագիր գրել չեմ ուզում։ Բա։

Նիկեա
11.02.2017, 02:16
Ես սիրում եմ առավոտ զանգել ու իրան քնից արթնացնել, մի ժամում զանգել 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, էնքան մինչև կարթնանա ու ես սիրում եմ իր կիսաքնած ձայնը։ Ես սիրում եմ ջղայինացած ժամանակ զանգել իրան ու ոգևորված պատմել ջղայինությանս պատճառը կամ գրել էս ամենը։ Ես սիրում եմ իր իմ վրա մուննաթ գալն ու մուննաթով ասելը որ իր վրա մուննաթ չգամ ու իմ մուննաթով ասելը որ ես մուննաթ չեմ գալիս։ Ես իր կողքին սիրում եմ իմ դեբիլությունները։ Ես սիրում եմ մոռանալ ձեռնոցներս ու իրա ձեռնոցները դնել ու սիրում եմ երբ իր գնալուց հետո ձեռքերիս մեջ մնում է իր բույրը։ Աշխարհում իմ շնչած բոլոր բույրերից ամենաշատը ես իրենն եմ սիրում ու ինձ օդի պես պետք է իրեն շնչել։ Ես սիրում եմ, երբ ինքը ասում է թե ես արև եմ, որովհետև ես ինձ ավելի արևոտված եմ զգում ու որովհետև իսկական արևը ինքն ա։ Ես սիրում եմ լսել իր բացատրությունները ամեն ինչի մասին, սկսած թերմոսի կառուցվածքից վերջացրած առնետավազքերը։ Ես սիրում եմ լսել իր նախկին սերերի ու նախկինների մասին պատմությունները ու ես երևի սիրում եմ իր նախկիններին ու նախկին սերերին էլ։ Ես սիրում եմ պատմել իրեն լիքը փոքր անկապ ու անկարևոր բաներ ու ես սարսափելի սիրում եմ էն ամենը, ինչ պատմում եմ իրան ու սարսափելի սիրում եմ էն, ինչ ինքն է ինձ պատմում։ Ես սիրում եմ մեր տափակ, հիմնականում մենակ մեզ հասկանալի կատակները, որոնք մեկ֊մեկ էնքան տափակ են, որ անգամ մենք ենք մոռանում թե դրանք ինչի՞ մասին էին ու ինչի՞ էին ընդհանրապես ծիծաղելի։ Ես սիրում եմ իր հետ երազել ու ինչ֊որ բաներ պատկերացնելը, որոնք մի օր կդառնան իրականություն ու ես կսիրեմ էդ իրականությանը նայելը։
Ես սիրում եմ էն երազներս որտեղ իրեն եմ տեսնում։ Ես սիրում եմ համարյա բոլոր երազներս։ Ես սիրում եմ իր մորուքի հետ խաղալ ու իրան գրկած Ջուլիա Սթոուն լսելը։ Ես սիրում եմ իր համար թեյ պատրաստել ու իր պատրաստած ճաքերը ուտելը։ Ես սիրում եմ իր անհանգստանալու, մտահոգվելը։ Ես սիրում եմ կրկնել որ ես չեմ խանդում ու սիրում եմ իր խանդելը։ Ես սիրում եմ իր` ինձ վրա ջղայինանալը ու ինձ մոտիվացնելը։ Ես սիրում եմ իրան։

Նիկեա
14.02.2017, 23:38
Որոշել էի օրագիր գրել բոլոր էն մարդկանց մասին, որոնք մետրոյում իմ դիմաց են նստում։ Ես հաճախ չեմ մետրոյից օգտվում, մեկ֊մեկ տուն գնալուց։ Բարեկամությունից կայարան 11֊12 րոպե ա տևում ու ես ուզում էի գրել էն ամենը ինչ մարդկանց մասին հնարավոր կլիներ պարզել էդ մի քանի րոպեների ընթացքում։ Ես մտադիր էի անգամ հատուկ առանձին նոթատետրում գրել էդ ամենը։

Էսօր էնպես էր ստացվել որ իմ դիմաց մարդ չկար նստած։ Դիմացի ամբողջ շարքը զբաղված էր, բացի իմ դիմացի նստարանից ու ես պատուհանի մեջ տեսնում էի իմ արտացոլանքը։ Գզգզված մազերս էի տեսնում ու գլուխս որ մի կողմի էր թեքվել։ Հետո ինձ բռնացրեվի էն մտքի վրա որ ես ինձ եմ ուսումնասիրում։ Ով ես եմ իմ առաջ նստած։ Որ ես եմ իմ առաջ նստած անծանոթը ում 11 րոպե հետո էլ չեմ տեսնելու։ Էդ պահին ես ինձ էնքան օտար էի, ինչքան դիմացի շարքում նստած բոլորը։ Էդ պահին ես չգիտեի, թե ով եմ ես։ Ու հիմա էլ չգիտեմ։ Ո՞վ եմ ես։ Ես ինձ մի շաբաթ ժամանակ եմ տվել։ Մի շաբաթ ժամանակ պարզելու համար թե ով եմ։ Ու եթե մի շաբաթ հետո դա չիմանամ, ես կարգին կդեպրեսվեմ դրանից։

Նիկեա
17.02.2017, 23:24
Ես կպատմեի մթության մեջ ժամանակի դանդաղելու ու տարածության անսահամանորեն ձգվելու մասին, բայց էներգիա չկա։

Նիկեա
22.02.2017, 23:33
***

Չորեքշաբթի օրը իմ ամենասիրած օրն ա շաբաթ օրվանից հետո։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Նախ էդ օրը դասի չեմ գնում, որովհետև դասերս սկսվում են 12։35, իսկ ես 13։30 աշխատանքի եմ ու միանգամից գործի եմ գնում առանց ախմախ կուրսեցիներիս ու ավելի ախմախ դասախոսներիս երեսը տեսնելու։ Հետո էդ օրը սովորաբար ես ժամանակ եմ ունենում լիքը նոր բաներ սովորելու համար (էսօր չստացվեց ուղղակի, բայց էդ մենակ էսօր) ու երբ համեմատում եմ ունեցածս գիտելիքները մի շաբաթ առաջվա հետ ու թեկուզ աննշան առաջընթաց տեսնում, իրոք ուրախանում եմ։ Ես սիրում եմ իմ աճին հետևել էն էրեխեքի նման, որ առավոտը, ցերեկը ու իրիկունը կանգնում են պատի մոտ ու անընդհատ չափում իրենց հասակը, սպասում թե երբ են մի մետրից անցնելու։ Հավես ա։

Չորեքշաբթի օրը սիրելու մյուս պատճառներից մեկն էլ էն ա, որ էդ օրը գործից տեղը ոչ մեկի հանգստյան օրը չի, ինչը նշանակում ա, որ բոլորս աշխատանքի ենք։ Ինչքան էլ կոլեգաներիս մեջ լինեն մարդիկ որոնց չսիրեմ, ոչ մի կերպ չկարողանամ հասկանալ, մեկ ա իրանք ուսումնասիրելու համար հետաքրքիր դեմքեր են։ Անգամ Տարոնն ա ինձ զարմացնում։ Էն որ չեմ հասկանում` ինքը ամենասովորոկան ձախողա՞կ ա, աբիժնի՞կ, հոմոֆո՞բ թե՞ Նարուտոն :D Կոլեգաներիս առանձին֊առանձին կարող ա չեմ սիրում, բայց որպես մեկ հավաքական ամբողջություն, սիրում եմ։

Բայց չորեքշաբթին սիրելու գլխավոր պատճառները էրեխեքս են։ Էնքան լավ էրեխեք են գալիս էդ օրը, էնքան էնքան էնքան լավ, որ ինչքան էլ մեռած լինեմ, իրանց տեսնելիս երկրոդ շնչառությունս ա բացվում։ Ասենք ո՞նց կարելի ա թթվել, երբ Միքայելի ու Դավիթի նման էրեխեքը գալիս գրկում են քեզ։ :love իրանք երկվորյակներ են, մի օր առանձին կպատմեմ ես իրանց մասին։ Բայց ինչ լավն են իրանք ^^ Ու մենակ իրանք չէ։ Չորեքշաբթի օրը Էրիկն ա գալիս, ինքը ոնց որ Հարի Փոթերը լինի, էն Հարին ում պատկերը ծնվել ա գլխումս գրքերից։ Սամվելն ա իրա բանդայի հետ գալիս էդ օրը: Թոմասի ու Արմինեի մասին էլ ոչ մի բան չեմ ասում։ Շատ լավն են իրանք։ Իրանք մարդկանց էն տեսակին են պատկանում, որ հնանալիս ոչ թե փչանում, այլ ավելի լավն են դառնում։ Մի խոսքով ես սիրում եմ իրանց բոլորին։ Ու, չէի պատկերացնի որ նման բան կասեմ, բայց սարսափելի հաճելի ա լինել մեկը, ում էրեխեքը ուզում են նմանվել։ Էդ ստիպում ա ինձ մտածել որ ես լավն եմ։ Էդ ինձ ավելի առաջ ա հրում, որ էրեխեքիս ավելի հեռուն տանեմ ^^ Բայց ավելի հաճելի ա լիքը փոքր ընկերներ ունենալը, էն որ քեզ սկսում են ինչ֊որ մանր բաներ վստահել, էն որ սկսում ես իրանց ժեստերից, հայացքներից հասկանալ իրենց։ Չէ, հավես ա աշխատելը, երբ սիրում ես աշխատանքդ։


***

Էսօր կուրսեցիս ա գրել, ասում ա` հիշու՞մ ես մեր կուրսում սենց֊սենց աղջիկ կար ու սկսում ա ինձ նկարագրել։ Չէ, վաղը համալսարան կգնամ։ Անպայման կգնամ։ Իսկ մյուս շաբաթվանից էլ չեմ բացակայի։


***

Անընդհատ չգիտեմ ինչի անցած տարվա էս նույն ժամանակահատվածն եմ հիշում։ Ու հատկապես փետրվարի 29֊ը։ Լավն էր փետրվարի 29֊ը։ Ու մի տեսակ սիմվոլիստական ա էն, որ էս տարի փետրվարի 29 չի լինելու ու գալիք երկու տարիների ընթացքում էլ։ Հասկանու՞մ եք, փետրվարի 29 չի լինելու։

***

Մյուս շաբաթ աշխատավարձ ենք ստանում։


***

Երկու շաբաթ հեռախոսիս երգերը չէի լսել։ Կարոտել էի։ Մեկ֊մեկ պետք ա սենց բան անել։ Իրենց արժեքը կորցրած մանրուքները էլի արժեվորվում են։

***

Ես մաթեմ եմ պարապում ու ծրագրավորում սովորում (հլը որ մենակ վեբ) ու փորձում եմ լրացնել մասնագիտական գիտելիքների պակասս (դե համալսարանը դա երբեք չի անի) ու հլը որ ամեն ինչ հասցնում եմ։ Անգամ գրքի կարդալու ժամանակ եմ գտնում։ Վաղը որ համալսարան գնամ, ընկեր Տիոյանին ու Մարիա Ալեքսանդրովնային գտնելու եմ գրկեմ։ Իրանք ինձ էլ դաս չեն տալիս (ափսոս), բայց մենակ իրանց հիշելիս արդեն մոտիվանում եմ։

***

Գարուն եմ ուզում։ Ես գարնանը ավելի անհամբերությամբ եմ սպասում, քան աշխատավարձիս, պատկերացնու՞մ եք։

Նիկեա
27.02.2017, 22:47
Աշխատավարձս էկավ։ Մնում ա գարունը գա։ :))

Նիկեա
01.03.2017, 00:17
Ես ինձ աննորմալության հսկայական մագնիս եմ զգում։ Կամ ես եմ աննորմալ։ Կամ երկուսը մեկում։
***
Տուն եմ ուզում, տուն։

Նիկեա
04.03.2017, 22:35
֊ Կարո՞ղ ես 100 բան գտնել, որոնք քեզ երջանկացնում են։
֊ Եսիմ, երևի։ Իսկ դու՞։
֊ Երևի ես էլ։
֊ Իսկ դու՞, Գուստավ, կարա՞ս 100 բան թվես, որոնք մեզ կերջանկացնեն։
֊Կուզե՞ս 200 ասեմ։
֊Չէ, 100֊ը լավ ա։
֊Լավ։

Հիմա ես, ես ու Գուստավը աշխատում ենք էս ցուցակի վրա :))

Նիկեա
11.03.2017, 20:38
***
Ավտոբուսում մի աղջիկ ասեց, որ ես սիրուն եմ։ Հետո պարզվեց, որ ինքը Քրիստոսի գալստյան վերջին օրերի եկեղեցու (կամ նման մի բան) կամավոր էր ու ինձ հրավիրեց երեքշաբթի օրերը ժամը 5֊ին իրենց հավաքներին։ Հետո հարցնում էր` ինչ եմ սովորում, առաջարկեց միասին անգլերեն պարապել, հետո` քանի հոգի ենք մեր ընտանիքում (5֊7 վայրկյան պահանջվեց հաշվելու համար որ մենք 5 հոգի ենք։ Ուղղակի մի պահ խառնեցի թե ինքը որ ընտանիքս նկատի ուներ) ու էլի նման հետախուզական հարցեր։ Հետո ինձ տվեց հեռախոսի համարն ու իջավ իր կանգառում։ Ես փորձում էի ժպտալ ամբողջ ընթացքում ու լսել իրան ու լսում էի։ Բայց ես ինձ սիրուն չէի զգում։ Տխրեցի մի տեսակ։ Ինչի` չգիտեմ։ Կամ գիտեմ ուղղակի չգիտեմ թե բառերով էդ ոնց բացատրեմ։ Մի խոսքով։

***
Ես էլ եմ գիտակցում, որ երկրորդ գործ գտնելը ու երկու գործ + դասեր + ինքնակրթություն + ապրել... անհամատեղելի են իրար հետ։ Բայց ես տուն եմ ուզում։ Ես մեռնում եմ էս տանը։ Բայց ավելի շատ մեռնում եմ, երբ գիտակցում եմ, որ իմ աշխատավարձով ես չեմ կարող մենակ վարձով ապրել ու տալ ուսմանս վարձը ու որ երկու գործ ունենալու դեպքում էլ ինձ պետք չի լինի ուսման վարձ տալ, որովհետև ես էդ ստանալու ոչ ժամանակ կունենամ, ոչ էլ էներգիա։ Չգիտեմ ինչ կլինի, բայց ուզում եմ որ լավ լինի։

***
Քնելուց առաջ պետք չի Սթիվեն Քինգ կարդալ։ Էն օրը երազիս դռան բռնակը կուլ տվեց ձեռքս։ Ես հասցրեցի փախչել, բայց մի ձեռքս արդեն չկար։ Էսօր երազիս մեջ չէի հիշում թե ինչ եմ տեսել երազիս մեջ, բայց երևի դռան բռնակը էս անգամ էլ մյուս ձեռքս էր կերել ու ես դարձել էի կռնատ աղջիկը։

***
Երբ տուն ունեցա, առաջին շաբաթ֊կիրակին տանս քնած եմ անցկացնելու։ Ոչ մի բան չանեմ, ոչ մեկին չտեսնեմ։ Մենակ կքնեմ։ Կքնեմ 48 ժամ ու մի բան էլ ավել։

Նիկեա
17.03.2017, 01:48
Ասում ա` մարդու ուղեղի մոտավորապես 80%֊ըկազմված է ջրից կամ նման ինչ֊որ բան։ Իմ ուղեղի 80%֊ը կազմված է չայից։ Նենց հավես ա որ գործի տեղը պահարանս բացում եմ ու տարբեր չայերի հոտերը լցնում են սենյակը, խառնվում վանիլի, մեխակի, դարչինի հոտերի հետ ու գժվեցնող ինչ֊որ բան դառնում ^֊֊^ Էսօր Արսենին, Գայանեին ու Հարութին իմ սև թեյից էի հյուրասիրել ու իրանք դրանից հետո տարօրինակ բարձր տրամադրություն ունեին, չեմ զարմանա եթե չայս իրա մեղքի բաժինը ունենա դրանում :))

Էսօր նենց խառն էր ամեն ինչ։ Մանավանդ օրվա վերջում անեն ինչ խառնվել էր իրար։ Չգիտեմ ինչ էի անելու, ոնց էի ամեն ինչ հասցնելու եթե էրեխեքս ինձ չօգնեին։ Մարտինն ու Էրիկը իմ էսօրվա բացահայտումներն են։ Ինչքան ուժ ունեն, լավն են իրանք։ Էն որ արդեն ինձ ստիպելով եմ ոտքի վրա մնում ու Էրիկը աթոռ ա բերել ու համոզում ա, որ նստեմ։ Էն որ էրեխեքից մեկը հարց էր ունենում, Մարտինը առաջ էր ընկնում ինձանից որ ես տեղիցս վեր չկենամ։ Էն որ հենց հարթակի կողմերով ուրիշ մեկն էր անցնում, սաղ խելոք նստում էին իրանց տեղը, որ իմ վրա խոսակցություն չգա։ Էն որ Մարտինը կարմրում էր ամեն անգամ երբ Անին խոսում էր իր հետ։ Էն որ էն մյուս Անին ինձ նկարեց ու ասեց, որ ես հավես եմ ժպտում։ Էն որ երրորդ Անին դասընթացից դուրս էր էկել, որ գա, ինձ հիշեցնի` գնամ ընդմիջման (հալվել էի, երջանկությունից չգիտեի ինչ անեմ։ Ախր հասկանու՞մ եք, ինքը թողել էր իրա դասընթացը, էկել հասել էր իմ մոտ, որ ինձ հիշեցներ` գնամ հաց ուտեմ)։ Ու էնքան լավն էին բոլորը ^֊֊^ Էրեխեքից մեկը էսօր հարցրեց` սիրու՞մ եմ իմ գործը։ Էս պահին ես չեմ պատկերացնում ինձ ուրիշ աշխատանք անելիս, որը կսիրեմ էնքան, ինչքան էս եմ սիրում։ Ու աշխատանքս ինձ երջանկացնող բաներից մեկն ա։

Նիկեա
19.03.2017, 21:54
Նենց հավես օր էր էսօր։ Ծնունդ պետք ա գնայի, վերջին պահին որոշեցի որ չեմ գնում ու դրանից օրս մենակ ավելի հոյակապ դարձավ։ Սկզբում ազգային գրադարանում պառկած նայում էի առաստաղին, ես սիրում եմ գրադարանի առաստաղը։ Բարձր ա, չճնշող ու սիրուն։ Հետո քայլում էինք մինչև Թումանյանի այգի ամեն տեսակ տափակ բաներից խոսալով։ Հետո այգում գլուխս դրել էի ոտքերին, ոտքերս երկարացրել էի նստարանի վրա ու արևոտվում էի։ Հետո քայլում էինք երկար, երկար, երկար։ Հավես էր։

Համարյա երկու ժամ պետք ա սպասեմ Անժելին։ Պանիր ու գինի առա, հետո կասկադում պառկած երկնքին էի նայում։ Սիրուն էր երկինքը էսօր։ Կապույտ֊կապույտ էր։ Նայում ու ինա թափանցիկ էի զգում։ Հետո երբ իջնում էի Կասկադից, Հայկոյին տեսա։ Ինքը իմ էրեխեքից ա, շատ լավն ա ինքը, մի օր կպատմեմ իրա մասին։ Մի քիչ քայլեցինք ու խոսեցինք հետո ինքը գնաց իրա գործերով, ես` Անժելենց տուն։
Գինին լավն էր։ Խմելու ընթացքում ոչ մի բան չէիր զգում, ոնց որ համով սոկ լիներ, բայց հետո հասկանում էիր որ ոտերդ ու մնացած ամեն ինչը չես զգում։ Հավես էր։
Էս վերջերս ամեն ինչ իրան֊իրան լավ ա դասավորվում։ Երանի ոչ մի բան չփչանա ու սենց շարունակվի։

Նիկեա
29.03.2017, 02:21
***

Առավոտ դասախոսս ասաց, թե ես կրեատիվ եմ։ Եսիմ, էդ պահին մի տեսակ շոյվեցի, որովհետև հատկապես էդ դասախոսից նման բան չէի սպասում։ Ինքը մաքսիմում կարա մտածի, որ ես դեբիլ եմ։

Ես բացարձակապես ոչ մի բան չեմ անում դասերի համար ինչ սկսել եմ աշխատել ու մի տեսակ նեղվում եմ, որ տնային գրող, դաս պատասխանող էրեխեքից ավելի առաջ եմ ընկել, բայց իրանց գնահատականները ավելի բարձր են, որովհետև իրանք ախմախ տնայինները գրում են։ Գնահատականի համար կռիվ չեմ արել ու չեմ էլ անի, ուղղակի ջղայինանում եմ։ Ինչի՞, էլի։

Մյուս շաբաթից քննությունները սկսվում են։ Ինձ թվում ա` լավ կհանձնեմ։

***

Երեկ ինձ անընդհատ լիքը մարդիկ համով բաներ էին տալիս ու հավես էր։
Հայկը կիտկատ էր բերել։ Տրամադրություն չուներ. պետք ա Լիանի հետ հանդիպեր էդ օրը, հանդիպել էր ու ամեն ինչ մեր ուզածի նման չէր ստացվել։ Ասում ա` մտածեցի` չկա` չկա, քեզ կիտկատ կտամ, կուրախանաս, ես էլ կուրախանամ։ Հետո Անին ինձ լիքը պանդաներ տվեց, Արմենը` իրա կոնֆետներից, Մարտինը` նեսքուիք։ Հավես էր։ Հետո ես համով ռուլետ ունեի ու m&m's։ Ես երջանիկ էի։ Չնայած հիմա էլ եմ երջանիկ։

Աշխարհի բոլոր m&m's֊ները ինձ հիշեցնելու են ացտեկների նոր տարին։

Կոլեգաներիս մեջ կան մարդիկ, որոնց սարսափելի շատ եմ սիրում։ Մենք թիմ ենք, իրոք ու էդ մենակ իրար հետ հաց ուտելով չի սահմանափակվում։ Հավես ա աշխատել էն մարդկանց հետ, ովքեր գիտես քեզ չեն "քաշի"։ Չէ, լավն են իրանք։

Մյուս շաբաթվանից հանգստյան օրս ուրբաթն ա։ Կարող ա դա ստիպի ինձ չատել ուրբաթները։

Նենց տարօրինակ ա` հիմա ամենաշատը ես ուզում եմ խելացի լինել։

Նիկեա
29.03.2017, 23:41
Մի տեսակ տխրում եմ մտածելուց, որ ինչ֊որ մեկը կարող ա ինչ֊որ մի օր, ինչ֊որ տեղից մեկընդմիշտ գնա։ Լացելու չափ տխուր միտք ա։

Նիկեա
05.04.2017, 00:02
Անցած տարի էս օրը ազգային գրադարանում էի։ Դասերից հետո չեմ հիշում ինչ էի անում։ Ամենայն հավանականությամբ ոչ մի բան։ Երևի պառկել ու առաստաղին էի նայում։ Հետո հանդիպեցինք Թումանյանի ու Մաշտոցի խաչմերուկում, էն Մոմբլանի մոտ։ Իրա հետ մի հատ աղջիկ կար, շեկ մազերով, սիրունիկ։ Ծանոթացրեց բայց ես հիմա չեմ հիշում իրան։ Հետո սիրունիկը գնաց ու մենք սկսեցինք քայլել Թումանյանով մինչև Խանջյան, հետո Ռասիյա, հետո Կայարան ու ճանապարհին մի նստարանի վրա կերանք ծնունդիս տորթը։ Մութ էր արդեն էդ ժամանակ ու հավես էր խնձորի պիրոգ ուտելը միասին, չնայած որ Սասի պիրոգը առանձնապես համով չէր։

***
Դասախոսներս ոնց որ դիտմամբ ազդեն վրաս։ Համալսարան գնալուց հետո ինձ ամենաքիչը 2 ժամ ա պետք լինում կարգին տրամադրություն վերագտնելու համար, որ ինչ֊որ բան ջարդել֊փշրելու, փչացնելու ցանկությունը միջիցս կորի։ Ու ինչ վատն են իմ գնահատականները։ Բայց ես դրա վրա արդեն թքած ունեմ։

***
Էսօր վերջապես Նանեի ու Արմենի հետ նույն հարթակում էի։ Ես սիրում եմ իրանց։ Նենց լավն են իրանք։ Հավես ա իրանց հետ գործ անելը։ Արդեն ժամը 9֊ն էր, երբ պարզվեց որ Արմենը հաց ունի, Նանեն` մեղր, արդյունքում ես ունեցա մեղրով հացիկներ։ Հավես էր։
Ընդհանրապես ես սիրում եմ երեքշաբթի օրն ու երեքշաբթի օրվա էրեխեքին։ Թոմասը, որ մի ամիս առաջ գալիս, մենակ խելոք նստում, հետո թողնում գնում էր, արդեն ընկերներ ունի ու հավես ա իրան ուրախ, երջանիկ, մի քիչ չարաճճի տեսնելը։ Նենց հավես ա ինքը ժպտում, որ ջղայինանալդ չի գալիս։ Էդուարդը էսօր իրա մահացած ծովախոզուկի մասին էր պատմում։ Տխուր էր։ Բայց համ էլ էնքան հավես էր, որ ինքը պատմում էր էդ ինձ։ Էրիկը արդեն 3֊րդ դասընթացին ա մասնակցում իրար հետևից ու ես իրան համարյա չեմ տեսնում ու կարոտում եմ մի տեսակ։ Նաէ, սիրուն անունով աղջիկ։ Նենց բարի ա ինքը։

***
Չգիտեմ, ես Մի քիչ վախենում եմ, որ գործս սկսում ա չափազանց շատ տեղ զբաղեցնել իմ կյանքում։ Ավելի ճիշտ` ոչ թե գործս, այլ էրեխեքը։ Անգամ քնած ժամանակ մտածում եմ` ինչ անե՞լ, որ իրա համար լավ լինի, ո՞նց խոսամ էն մյուսի հետ, լավ, բարի իրա՞ն ոնց օգնեմ։ Գլխիս մեջ լիքը անուններ ու դեմքեր են հավաքվում ու մեկ֊մեկ թվում ա, թե ուր որ ա էդ անունների ու դեմքերի հսկայական բազմության մեջ կկորցնեմ իմ դեմքն ու անունը։ Ու եթե մոռանամ անունս, երբեք տուն չեմ կարողանա գնալ։ Էն որ քնելուց առաջ նայում եմ ինձ հայելու մեջ, որ դեմքս հիշեմ։

***
Զարմանում եմ թես առաջ ո՞նց եմ առանց նկարելու ապրել։ Ո՞նց։ Ու էս վերջերս, ինչ սկսել եմ նկարել, անընդհատ մի բան եմ մտածում, որ գլխիցս դուրս չի գալիս։ Դպրոցում, երբ պետք էր լինում ինչ֊որ բան նկարել ու հարցնում էին, թե ով ա լավ նկարում, ես ու մի անգամ ձեռք չէի բարձրացնում, որովհետև իմ խորին համոզմամբ ես լավ չէի նկարում։ Բայց ձեռք էին բարձրացնում մարդիկ, ովքեր ինձանից լավ չէին նկարում, բայց որովհետև իրանք ձեռք էին բարձրացրել ու իրանք կարծում էին, ավելի ճիշտ` վստահ էին, որ իրանք լավ են նկարում, բոլորը սկսում էին տենց մտածել։ Արդյունքում մի օր ես էլ չնկարեցի։ Ինչի՞։ Իրոք։ Հիմա երբեք կարողություններս չեմ թերագնահատի։ Որովհետև իմ կարողությունների սահմանը որոշում եմ մենակ ես։ Ինչքան էլ ինքնահավան թվա, մեկ ա, չկա մի բան, որը ես իրոք ուզում եմ ու չեմ կարող անել։ Ուրիշ հարց ա, թե ինչքան դժվար կլինի էդ։ Ու հիմա որոշել եմ ամեն օր նկարել։ Թեկուզ 5 րոպե։ Էնքան մինչև մի օր կկարողանամ նկարել գլխիս մեջ էղած պատկերները ու գլխիս մեջ էղած գույները։ Թեկուզ էլ լինի 50 տարեկանում։

***
Էսօր ես դարձա 5 տարեկան։ Մի տեսակ տխուր ուրախ եմ էսօր։ Ակումբում գրանցվելը անկախ ամեն ինչից իմաստուն որոշում էր :))

Չգիտեմ ինչի որոշեցի որ էլի կայարան եմ գնալու։ Կարասի դիմաց կանգնել ու էն լուսացույցի գույների փոխվելուն էի նայում, էն որ անցումի մյուս կողմում Դավթի արձանն ա։ Ուղիղ մի տարի առաջ ես դիմացի մայթին էի կանգնած ու հիմա կանգնածս տեղից ոնց որ մի տարի հետ նայեի, էն ախմախ կինոների նման։ Նայում էի թե երեք անգամ ո՞նց են կարմիր ու կանաչ գույները իրար հաջորդում, հետո, երբ երրորդ կանաչի մնաց 14 վայրկյան ես անցա փողոցը։ Բայց էս անգամ ես էնտեղ էի, որտեղ պետք ա լինեի։ Լուսացույցի կանաչ լույսը ոչ մի բան չէր նշանակում ինձ համար ու երբ 14 վայրկյան էր մնացել երրորդ կանաչին, 46 համարի ավտոբուսի լույսերը չթողեցին մինչև վերջ տեսնել հիշողություններս։

***
Տուն գնալիս ճանապարհին կարդացի նամակներս։ Երեք հոգի, ովքեր հավանաբար իրար չեն ճանաչում իրարից անկախ գրել էին որ սիրում են ինձ։ Ուղղակի ձմեռվա ֊30 աստիճան ցրտին հացի փուռ մտնելու պես ու դրանից էլ շատ հաճելի ա սատկած օրվա վերջում լսելը որ մարդիկ քեզ սիրում են։ Էն, որ ոչ մի հատուկ առիթ չկա, ուղղակի մարդիկ քեզ սիրում են։

Նիկեա
19.04.2017, 03:09
Ամռանը մնաց համարյա մի ամիս ու դա ինձ ուղղակի սարսափեցնում ա։ Ինչքան մոտենում ա ամառը էնքան կարոտում եմ ձմեռը, ձմռան վերջին շաբաթը, ցուրտ գիշերներն ու սենյակների մթության մեջ մեր բերանից դուրս էկող գոլորշին։ Անգամ անկապ, անհամ փլավներն եմ կարոտում։ Չեմ ուզում գա ամառը, որովհետև ինձ թվում ա` էս ամառվանից հետո ավելի եմ ատելու բոլոր ամառները։

Էսօր թարմացրեցի փլեյլիստս։ Նենց ոգևորված էի, վաղուց էի ուզում անել էս ու ջնջել էի հեռախոսիս մեջ էղած համարյա բոլոր երգերը, որ լսելու բան չունենամ, ստիպված փոխեմ։ Ու հիմա ես ունեմ նոր երգեր... Ու իմ փլեյլիստը երբեք էսքան դեպրեսիվ չի էղել։ Գործից տուն գալիս լսում էի ու մեռնելս գալիս էր։ Բայց սիրուն են երգերս։ Մեռնելու չափ սիրուն։ Ընդհանրապես ինձ թվում ա ես հասկացել եմ թե ինչի են մարդիկ ծերանում ու մեռնում. կյանքի ընթացքում իրանք էնքան սիրուն բաներ են տեսնում, զգում, անում, մտածում, էնքան սիրունությունների են առնչվում, որ իրենց մահկանացու օրգանիզմը էդ ծանրաբեռնվածությանը չի դիմանում ու մի օր մեռնում ա։ Մենք մեռնում ենք որովհետև չափից շատ սիրունությունները տանել չենք կարողանում։

Ասում ա` դու գիտես որ էդ ինձ պետք ա գալու, ես դեռ ունեմ դրա կարիքը, նենց որ սիրտս դիր տեղը։ Հետո ասում ա` դու էնքան գրողի տարած յուրահատուկ ես։ Հետո շվեդերենով արևի մասին ինչ֊որ բան ա ասում։ Հետո պատմում ա թռչող խոզերի մասին, որոնց չի կարողանում գտնել ու ես մտածում եմ, որ թռչող խոզերին երևի պետք ա մահճակալի տակ ման գալ։ Հետո ասում ա, որ ինձ մի օր վերցրել ու տեղը չեն դրել։

Ես ինձ բանաստեղծություններով լցված եմ զգում։ Ուղղակի ես հանգեր չեմ գտնում։ Բայց կուզեի, շատ կուզեի կարողանալ հանգերով ինչ֊որ բան գրել։

Ես էս վերջերս էնքան հաճախ եմ ինձ մոխրագույն փետուր զգում։ Երևի էս նոր մակարդակ ա։ Մի ժամանակ ընդամենը աթոռ էի առաստաղին նայող, հիմա` փետուր, հետն էլ մոխրագույն։ Ուղղակի չեմ հասկանում` էս հետընթա՞ց ա թե՞ առաջընթաց։

Բայց մեկ ա վախենում եմ։ Ու էնքան շատ բաներից ու միաժամանակ։ Ես հիմա ավելի ինքնավստահ եմ, քան առաջ։ Ավելի համառ, նպատակասլաց, ավելի ուժեղ, ավելի քաջ, բայց ես հիմա ավելի շատ բաներից եմ վախենում։

Բարձր գոռալու, բարձրաձայն լաց լինելու կարիք ունեմ։ Ինձ թվում ա` կպայթեմ, եթե շարունակեմ էմոցիաներս մեջս պահել։

Նիկեա
05.05.2017, 23:48
մի տեսակ տխրում եմ, երբ հասկանում եմ, որ որոշ մարդկանց համար ուղղակի կարևոր ա, որ ես ինչ֊որ ժամի լինեմ տանը, ոչ թե էն, թե ես ոնց կլինեմ, երբ տանը լինեմ։

Վերջին մի ամսում ուրբաթ օրը գործի չէի էղել ու մտածում էի` ուրբաթ օրվա էրեխեքին մոռացած կլինեմ, իրանք էլ ինձ չեն հիշի, բայց էսօր գնացի ու լիքը մարդու էի հիշում, իրանք էլ ինձ էին հիշում ու հավես էր։ Հարցնում էին` ու՞ր էի կորել։ Իսկ հիմա ես եմ ինձ հարցնում` ու՞ր եմ կորել։

Ես ատում եմ համալսարանը։ Կատարյալ երջանկության համար իմ կյանքում մի բան ավել ա` համալսարանը։ Էն օրը ձև տված դասախոսներիս մեկը ասում ա` էս ո՞նց ա էկել ես, մի ամիս ա դասի չէիր գալիս։ Ես էլ չդիմացա ու ասեցի, որ եթե ես ու ինքը սինխրոն դասի չգայինք, ես համարյա բացակա չէի ունենա։ Աշխարհում ամենաշատը զզվում եմ իրանց մեծ քաքի տեղ դրած մարդկանցից, իսկ համալսարանը լիքն ա իրանցով։ Ամեն անգամ, երբ աշխատավարձիցս տալիս եմ համալսարանի վարձս (ճիշտ ա ձեռքս չի գնում, բայց դե) ինձ մխիթարում եմ, թե ամեն ստրուկ պետք ա գնի իր ազատությունը ու ես հիմա մաս֊մաս իմ ազատությունն եմ գնում։ Բայց Ես ատում եմ էդ համալսարանը։ Ինչքան ուժ ունեմ ատում եմ։

Վիլյամ Սարոյան։ Ես սիրում եմ իրան։ Մոռացել էի, թե ինչ հավես ա Սարոյան կարդալը։ Էն քիչ րոպեները, որ կարողանում եմ տրամադրել կարդալուն, օրվաս ամենահանգիստ ու ամենահանգստացնող պահերն են։

Էսօր Javascript-ով մի հատ պարզ ծրագիր էի գրել, որը վիրավորանքներ էր գեներացնում։ Ամեն անգամ էջը թարմացնելիս նոր վիրավորանքով էր պատասխանում։ Նենց էի ուրախացել։ Հայկոն ասեց, որ մեկի համար, ով մի շաբաթ էլ չկա, ինչ Javascript ա բզբզում, մաքուր կոդ եմ գրել ու ես էլի երջանկացել էի։

Մյուս շաբաթվանից երկու անգամ շատ գործ ունեմ անելու ու էդ ընթացքում պետք ա ժամանակ գտնել դասերը անելու, ինքնակրթվելու, համբալսարան գնալու, քննություններիս պատրաստվելու համար։ Պետք ա կարողանամ էդ ընթացքում էներգիա գտնեմ չմեռնել կարողանալու համար։ Մենեջերս ասում էր, որ ցածրից հետո միանգամից շատ բարձր նշաձող եմ սահմանում իմ համար, դրա համար էլ ճկռտվում եմ, բայց չեմ հասնում։ Բայց չէ, էս անգամ ես կհասցնեմ։ Ու որ մայիսի վերջին էլ դաս չունենամ, երկրորդ գործ եմ գտնելու։ Էդ նշաձողը բարձր չի իմ համար։

Մարտինի հետ աշխատելուց գերագույն հաճույք եմ ստանում։ Հակոբը ասում էր, թե իբր ես պերֆեկցիոնիստ եմ։ Ինքը Մարտինին չի ճանաչում, դրա համար էլ տենց էր ասում։ Ինչքան շատ բան ունեմ ես իրանից սովորելու։

Բայց Ես էսօր մեռած եմ։ Էնքան հոգնած եմ, որ մի ժամ կլինի ինչ տուն եմ էկել, բայց տեղիցս չեմ կարողանում վեր կենալ, գնալ հաց ուտել չնայած որ առավոտից սոված եմ։ Ու չեմ էլ կարողանում քնել։ Ասում ա` some dreams are better when they end ու ամեն անգամ էս լսելիս, մեռնելս գալիս ա։ Հա՞։ Հա՞ որ։ Եսիմ։

Ես ամենաշատը կարոտում եմ ցերեկը այգում խոտերին պառկելուն ու ժամերով ազգային գրադարանի առաստաղին նայելուն։

Նիկեա
10.05.2017, 02:40
Կուզեի Pink Floyd լսող հարևան ունենալ ու որ տանս պատերը բարակ լինեին, որ ես էլ լսեի իրա լսած երգերը։ Նենց հավես կլիներ առավոտ աչքերը բացել ու լսել որ հարևանդ Dark side of the moon-ն ա լսում։ Հետն էլ քթի տակ երգում ա մեկ֊մեկ ու իրա հեչ պետքն էլ չի, որ իրա ձայնային տվյալները մեղմ ասած սարսափելի են։

Պատշգամբում ինքը լիքը հող լցրած կլիներ ու տարբեր ծառեր, ծաղիկներ կաճեցներ։ Փոքր ջունգլի կունենար ինքը, ես էլ թաքուն կնախանձեի իրան։ Առավոտները ինքը իրա բույսերի համար ոտանավորներ կարտասաներ ու ծաղիկների մոտ չէր ծխի, որ վատ օրինակ չծառայեր։

Ինքը իրա ծակ գուլպաները չէր թափի։ Կկարեր իրար ու երկար, գունավոր լվացքի պարան կստանար։

Ես դիտմամբ իմ խոհանոցի պատուհանը բաց կթողնեի, որ իր խոհանոցի բույրերը իմ տուն էլ լցվեին։

Իրիկունները ինքը թույն կինոներ կնայեր ու բարձր ձենով լաց կլիներ։ Գիշերը մահճակալից կընկներ ու ես իրա զմփոցից վեր կթռնեի ու կլսեի թե ինքը ոնց ա քֆրտում ախմախ մահճակալին։

Բայց մենք իրար համարյա չէինք ճանաչի։ Մենք մենակ կբարևեինք իրար հազարից մեկ, երբ առավոտները գործի գնալիս պատահական կհանդիպեինք։

Նիկեա
14.05.2017, 00:53
Կուզեի կապույտ ու փափուկ ինչ֊որ բան լինել։ Կուզեի իմ սիրած գրքերի էջերի արանքում փոքր փոշոհատիկ լինել. էդ գրքերի մեջ կապրեի։ Կուզեի թույն ձայն ունենալ ու հարվածային գործիքներ նվագել։ Կուզեի ձեռքերի վրա կանգնել ու քայլել կարողանայի, որ հենց ամեն ինչ գլխիվայր շուռ եկած լիներ ուղղակի ձեռքերիս վրա սկսեի քայլել ու ամեն ինչ իր տեղում ընկած տեսնեի։ Կուզեի որ ամեն անգամ երբ սուտ խոսեի, բերանիցս փրփրափուչիկներ դուրս գային։ Կուզեի հիշել էն ամենը, ինչ անում ու ասում եմ խմած ժամանակ։ Կուզեի հիշել էն ամենը, ինչ չեմ ուզում մոռանալ։ Կուզեի կարողանալ երազներս ինչ֊որ մեկի հետ տեսնել, էդ դեպքում երևի չէի ուզի երբևէ արթնանալ։ Կուզեի որ պաղպաղակը երբեք չվերջանար։ Աստղադիտակ կուզեի, իսկ ավելի շատ կուզեի որ ակնոցս աստղադիտակի ռեժիմ ունենար։ Կուզեի մի օր աշնանը այգում նստարանի վրա քնել ու որ երբ առավոտ արթնանայի, եղյամոտված լինեի ու էդ օրվանից իմ վրա նստած եղյամը չանցներ։ Կուզեի տանը նապաստակներ պահել, լիքը նապաստակներ, բայց որ իրանք բնական կարիքները բաղնիքում մարդավարի հոգային, վերջում էլ ջուրը քաշեին ու լվացվեին։ Կուզեի մի օր էնքան լավ բան լիներ, որ երջանկությունից կաթված ստանայի ու մեռնեի։ Կուզեի, որ մարդիկ ովքեր ինձ չէին ճանաչի, տխրեին որ ես մեռել եմ։ Կուզեի Ավելուկի երգերի անիմացիոն տարբերակները նկարել։ Կուզեի որ ծնունդիս լամպ, կապույտ չայ ու Տոտորոյի ձու նվիրեին, ու որ երբ ձուն կապույտ չայի մեջ դրած թողնեի լամպի տակ, ձվից Տոտորո դուրս գար։ Կուզեի մի օր նենց սիրուն բան ստեղծել, որ նայելիս մարդկանց շունչը կտրվեր։ Կուզեի ծով լինել։

Նիկեա
25.05.2017, 23:44
Ես ինձ իմ տեղում եմ զգում։ Ես էնտեղ եմ, որտեղ պետք ա լինեի։ Ես անում եմ էն, ինչ պետք ա անեի։ Իմ կյանքում էն մարդիկ են, որոնք պետք ա լինեին ու ես էլ էն մարդկանց կյանքում եմ, որ պետք ա լինեի։ Ամեն ինչ իր տեղում ա։ Ես իմ տեղում եմ։ Իմ օգտակար գործողության գործակից երբեք էսքան բարձր չէր էղել։ Հավես ա։ Էսօր մի տեսակ սիրում եմ ինձ։

Նիկեա
10.06.2017, 03:01
Ինձ թվում ա` ես ջնջվում եմ, ու դա սարսափելի ա։

Նիկեա
25.06.2017, 01:54
***

Stardust-ը նենց սիրուն էր, որ վերջացնելուց հետո չեմ կարողանում քնել։

***
Ոնց որ թե մոտենում է այն երջանիկ պահը, որին այդքան երկար սպասում էինք :D

***

Վերջին երկու շաբաթների ընթացքում ստրուկի ռեժիմով էի աշխատում ու հիմա մեռած եմ։ Բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում նենց թույն դեմքերի եմ բացահայտել, որ մի անգամ էլ եմ պատրաստ մեռնել, մենակ թե իրանց ճանաչելու հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնեմ։

***

Ես իրոք դեպրեսվել էի, երբ հասկացա, որ բոլոր էրեխեքը չէ, որ անմեղ, հրեշտակային, բարի դեմքեր են ու հիմա չեմ կարողանում համակերպվել էրեխեքի միջի չարության հետ։

***

Ասում ա` որ խնդրեմ մի քիչ կամաց երազ կտեսնե՞ք, Ձեր երազները խանգարում են իմ երազներին։ Ախր, իրոք, շատ սիրուն ա ասում։

Նիկեա
09.08.2017, 00:34
ես փոքր ժամանակ լիքը անկապ վախեր ու ֆոբիաներ ունեի ու հիմա դրանցից շատերը հիշելիս ծիծաղս գալիս ա, բայց կան վախեր, որոնք անգամ հիմա ծիծաղելի չեն թվում։

Լիքը էրեխեքի պես ես էլ եմ մահճակալի տակ ապրող հրեշից վախեցել։ Սպանեին մութ սենյակում անկողնուցս չէի իջնի կամ ձեռքս չէի երկարացնի, որ գետնին ընկած ինչ֊որ բան վերցնեմ։ Լույսը պետք ա պարտադիր վառված լիներ։ Ու անգամ էդ դեպքում վազելով ու ցատկելով էի մահճակալիս վրա բարձրանում։ Հետո էլ կապ չուներ ամառ էր թե ձմեռ, շոգ էր թե ցուրտ, ձեռքերս ու ոտքերս միշտ վերմակի տակ էի պահում, որովհետև նա, ով ապրում էր իմ մահճակալի տակ, կարար ինձ քաշեր֊տաներ չգիտեմ ուր։ Մաման, պապին միշտ ասում էին, որ եթե նայեմ մահճակալիս տակ, կհամոզվեմ որ ոչ մի բան էլ չկա, բայց ես ոչ մի անգամն գիշերով մահճակալիս տակ չեմ նայել։ Ցերեկները կարող ա մտնեի մահճակալի տակ, խաղայի, քնեի (իմ ամենասիրած տեղերից էր), բայց սպանեին նույնը գիշերով չէի անի։ Ու մի բան էլ. էդ հրեշը մենակ իմ մահճակալի տակ էր ապրում։ Եթե ես մի օր հանկարծ որոշեի մամայի ու պապայի մոտ քնել կամ ախպորս մահճակալի մեջ, ինքը իրանց մահճակալի տակ չէր գա, բայց եթե որոշեի ախպորս հետ տեղերով փոխվել, ինքը մի շաբաթ հետո կհասկանար ամեն ինչ ու էլի կգար հետևիցս։

Էն օրը պառկած էի, քունս չէր տանում, մինչև առավոտվա 5֊ը նայում էի առաստաղին ու մտածում աշխարհի ամենատափակ բաների մասին` ընթացքում մազակալիս հետ խաղալով։ Բայց ինչ֊որ պահի ուժեղ ձգեցի ու ձեռքից թռավ, ընկավ գետնին, մահճակալիս կողքին։ Անտանելի շոգ էր մանավանդ թափված մազերով, պետք էր ընդամենը ձեռքը երկարացնել, շոշափել հատակը ու գտնել էդ անտեր ռեզինը, բայց ես հիշեցի մահճակալիս տակ ապրող հրեշին։ Չէ, սուտ կլինի եթե ասեմ` վախեցա կամ չգիտեմ էլ ինչ։ Գիտեի, որ մահճակալիս տակ ոչ մի բան չկա, որը կձգի, կքաշի ձեռքս, գիտեի, որ կարող եմ նայել ու ինքս համոզվել։ Բայց չարեցի։ Չգիտեմ ինչի։

Շոգ էր, բայց ոտքերս ու ձեռքերս վերմակիս տակ դրած էի քնել։ Չեմ հիշում՝ քնած ժամանակ էի տենց մտել վերմակի տակ թե արթուն, բայց շոգ էր, երբ առավոտ արթնացա։

Հիմա որ հիշում եմ թե ոնց եմ վախեցել փոքր ժամանակ սև գուլպաներից, որովհետև իրանք ինձ ինչ֊որ անհայտ միջատի էին հիշեցնում, ու տատիս սպիտակ մազերից (չգիտեմ էլ թե ինչի), չեմ կարողանում ինքս ինձ վրա չծիծաղել, բայց մեկ ա` անգամ հիմա մահճակալի տակ ապրող հրեշը ծիծաղելու չի։

Նիկեա
30.09.2017, 00:40
Մտքովս երբեք չէր անցնի, որ մի օր գործից հոգնած տուն կգամ ու աման լվանալու հեղուկի հոտը ինձ սենց կերջանկացնի։ Նենց հավես ա։ Խնձորի հոտ ա, որը հաճելի ա դարձնում ափսեները լվանալու գործընթացը։ Ու երբեք մտքովս չէր անցնի, որ լվացքի փոշու ընտրությունը իմ համար կյանքում ամենակարևոր ընտրություններից մեկը կդառնա ու նաև երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր խանութ կմտնեմ ու կնկատեմ աօրանքների գների տատանումները։ Ու նաև որ մի օր մաղադանոսն ու համեմը կտարբերեմ իրարից։ Ու էլի լիքը տան-կնիկ բաներ մտքովս չէր անցնի, որ կկարողանամ անել ու կանեմ, բայց արի ու տես, որ կարողանում եմ ու անում եմ։

Նենց հավես ա, որ աշխարհում կա տեղ, որը դու տուն ես կոչում։ Ոչ թե մյուսները, հասարակությունը, հարևանները կամ չգիտեմ էլ ով, այլ դու։ Հավես ա տանը լինելու զգացողությունը։ Կապ չունի թե օրվա ընթացքում ինչքան եմ ներվայինանում ու էներգիա ծախսում, ինձ թվում ա օրը սկսվում ա էն պահին, երբ ես իրիկունը հոգած տուն եմ գալիս ու իմ սենյակ մտնում։ Սենց հավաքում եմ սենյակումս կուտակված էներգիան ու սկսում եմ դաս անել, գիրք կարդալ, կինո նայել, կոդ գրել, վերջերս արդեն նկարել։ Նենց հավես ա։

Ես հասկացել եմ, որ օրվա մեջ գոնե մի անգամ պետք ա իմ համար ճաշ սարքեմ ու տանը հաց ուտեմ, էդ իդիալական երջանկության կարևորագույն բացադրիչներից ա։ Էն տպավորությունն ա, որ իմ համար ինչ-որ համով բան սարքելիս զգում եմ, որ ինձ սիրում եմ ու իմ կողմից սիրված լինելու զգացողությունը նպաստում ա լավ բաներ անելուն։ :))

Էս վերջերս մենեջերությունս համը հանում ա ու ես մեկ-մեկ ուղղակի կատաղում եմ, աշխատելու ցանկությունը կորում ա գրողի ծոցը, բայց էրեխեքս նենց լավն են, որ նայում եմ իրանց ու մտածում՝ լավ, ո՞նց կարելի ա չուզենալ աշխատել իրանց հետ ու դժբախտ են էն մարդիկ, ովքեր աշխատում են Թումոյում, բայց էրեխեքի հետ չեն աշխատում։ Իրանք չգիտեն թե ինչից են զրկվում։

Համալսանից մի քիչ պատմեմ։ Աբսուրդ ա ուղղակի, որ լեզվաբանական համալսարանի լեզվաբանության ամբիոնում կուրսային ու դիպլոմային չես կարա գրես։ Զարմանալի չի, որ էդ ամբիոնում ջահել, նոր դասախոսներ չկան։ Աբսուրդ ա նաև էն, որ էդ նույն համալսարանում բուն մասնագիտական առարկաները անցնում են 3-րդ կուրսի 2-րդ սեմեստրում։

Մի բան էլ նոր դասախոսներիս մասին։ Մի դասախոս ունենք, ինքը շատ լավն ա, իրանից իրոք լիքը բաներ կարաս սովորես, բայց ամենաբոցը էն ա, թե ինքը ոնց ա կուրսեցիներիս նվաստացնում։ Չգիտեմ, կարող ա աշխատանքային էթրիկայի խախտում ա, բայց մարդը ճիշտ ա ասում։ Բաց տեքստով դեբիլներին ասում ա, որ իրանք դեբիլ են, որ ինչ էլ ուզում ա անեն, իրանք մեկ ա դեբիլ են ու դեբիլ էլ կմնան, բայց ամենավատը էն ա որ իրանց դզում ա դեբիլ լինելը։ Ասում ա, որ չի զարմանում որ մեր համալսարանը քաքի մեջ ա, որովետև ստեղ գալիս են, որ ոչ թե սովորեն, հետո գիտություն անեն, իրանց հետևից ինչ-որ արժեքավոր բան թողնեն, այլ գալիս են որ ամուսնանան։ Ու ճիշտ ա ասում մարդը։

Ես որեշել եմ շաբաթվա մեջ գոնե մի օր գրել ու դուրս հանել մեջս կուտակված ամեն ինչը։ Ամենայն հավանականությամբ էդ օրը ուրբաթը կլինի։ Սկզբում երևի օրագիր կգրեմ, հետո հուսանք ինչ-որ ուրիշ բաներ էլ։ Ես ինձ դատարկ եմ զգում, երբ չեմ գրում։

Նիկեա
07.10.2017, 01:18
Չորեքշաբթի օրը մեր մոտ ժողովների օրեր են, սովորաբար անկապ ժողովների, որոնք բացի ժամանակդ խլելուց ուրիշ ոչ մի գործնական բան չեն տալիս։ Էս անգամ արդեն չդիմացա ու մեջս կուտակված համարյա ամեն ինչը ասեցի։ Ասեցի, որ եթե արածդ ամեն ինչը դրոշակ չես դարձնում ու մյուսների աչքը մտցնում, չի նշանակում դու չես աշխատում ու վատ աշխատող ես։ Հետևանքը՝ էն մարդիկ, ովքեր մի շաբաթ առաջ ինձ վերևից էին նայում, էսօր հետս զգույշ են խոսում։ Երևի պետք ա շուշուտ մարդկանց դեմքին թռնել (ինչ կոպիտ ու զզվելի ա հնչում էս արտահայտությունը), որ քեզ մարդու տեղ դնեն, շահագործելուց գոնե քիչ շահագործեն։

Ինչի՞ են մարդկանց գործի ընդունելուց նայում իրանց դիպլոմին։ Բա ու՞ր մնացին մարդկային որակները։ Թե՞ դրանք կարևոր չեն։ Արդյունքում լիքը դատարկագլուխներ լիքը կարևոր գործեր են սկսում անել, լիքը մարդիկ սկսում են գլխիդ լոլոներ կարդալ, լիքը մարդիկ սկսում են փչացնել աշխատանքային միջավայրդ ու դու սկսում ես կասկածել՝ արդյո՞ք ուզում ես շարունակել աշխատել ըտեղ, էդ մարդկանց հետ թե՞ չէ։

Արձակուրդ եմ ուզում։ Ամեն ինչից, ինձնից էլ արձակուրդ, որ ինձնից թաքուն ինչ-որ տեղ գնամ, չիմանամ թե ուր ու չկարողանամ հետևիցս հասնել։ Ուզում եմ առաստաղին նայելու ու մտածելու ժամանակ ունենալ։ Ուզում եմ առանց պլանավորելու ու գրել-գծելու ապրել։ Արդեն հոգնել եմ էն բաներից, որ պետք ա անեմ ու էն բաներից էլ, որ ուզում եմ անել, որովհետև դրանք էլ են արդեն վաղուց պետքեների շարքը անցել։ Ուզում եմ գոնե մի քանի օր ապրել առանց ժամացույցին նայելու, քայլել առանց շտապելու, հասնել առանց ուշանալու։ Երևի էնքան էլ շատ բան չեմ ուզում։ Եսիմ։ Ուղղակի դրսում իմ ամենասիրած եղանական ա ու ես դրա ժամանակը չունեմ։

Նիկեա
10.10.2017, 03:18
Էսօր գործից հետո պատահաբար Ջոնին տեսա։ Հավես էր։ Կարոտել էի մի տեսակ։ Իրան հաջող անելուց հետո Խաչատրյանի արձանի կողքին նստած էի ու սպասում էի։ Ավելի տաք էր քան նախորդ մի քանի օրերի ընթացքում ու հավես էր նստելն ու պատահական մարդկանց նայելը։ Որոշեցի մի քիչ կարդամ, ի վերջո էսօր իմ մոտ կարդալու օր էր։ Մի 15 րոպե հետո մի աղջիկ մոտեցավ, հարցրեց՝ կարա՞ կողքս նստի։ Չգիտեմ ոնց նկարագրեմ զգացողությունս։ Էն, որ փոքր գազանները փոքր խմբերով են ման գալիս, որովհետև տենց ավելի ապահով ա։ Առաջինը էդ մտքովս անցավ։ Մենք էրկու փոքր գազաններ էինք ու եթե իրար հետ նստեինք, մեծ գազանները կմտածեին, թե մենք միասին ենք ու հեռու կմնային։ Նստեց կողքիս ու սկզբում ուշադրություն առանձնապես չէի դարձնում, մտածում էի՝ երևի ուզում ա մենակ մնալ, դասավորել մտքերը, բայց հետո մի քիչ մտածեցի ու հասկացա, որ եթե ինքը ուզեր մենակ մնալ կնստեր կողքի նստարանին, որը ազատ էր։ Նայում էի աչքի պոչով ու սարսափելի տխուր էր էրևում։ Հարցրեց՝ կխանգարի՞ ինձ եթե ծխի։ Ասեցի, որ ամեն ինչ նորմալ ա։ Տուփից հանեց սիգարետը, վառեց ու հետո դրեց բերանը։ Ձեռքերը դողում էին ու երևի մրսածությունից չէր։ Հետո սկսեցինք մի քիչ խոսել։ Ես իմ անունը ասեցի, ինքը իրանը։ Չգիտեմ ինչի ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, չէի կարողանում ուղիղ աչքերի մեջ նայել։
- Լա՞վ ես,- հարցրեցի։
- Եսիմ, իսկ դու՞։

Իրա ձենից ոնց որ մի բան մեջս փշրվեր։ Լավ չէր ոչ մի բան երևի։

Հետո էկավ էն մարդը, ում ես սպասում էի, ու ես գնացի։ Բայց գնալուց առաջ գրկեցի իրան ու ասեցի, որ չգիտեմ ինչ ա էղել, բայց ամեն ինչ երևի վերջում լավ կլինի։ Ասեց, որ լացը էկավ։ Իրան գրկել էի ու ես էլ էի զգում, որ ուզում ա լաց լինել, բայց լաց չի լինի, որովհետև ուզում ա ուժեղ լինել։ Զգում էի, թե ոնց ա դողում, ոնց չի ուզում մենակ մնա։

Ինչ էկել եմ տուն, իրա մասին եմ մտածում։ Աչքերս փակում եմ, որ քնեմ, ինքն ա հայտնվում աչքիս առաջ ու ինչ-որ ծայրահեղ սարսափելի բան կա իրա մեջ, որ մեղքի զգացում ա առաջացնում։ Չգիտեմ, էն տպավորությունն ա, որ իրա մեջ ես տեսնում եմ սեփական թուլություններիս արտացոլանքը։ Գիտեմ, պաթետիկ ա հնչում, բայց էն տպավորությունն ա, որ ես իրան դավաճանել եմ։ Ընտելացրել եմ մեկին ու պատասխանատու չեմ էղել իրա համար։ Էն տպավորությունն ա, որ ես ինձ եմ դավաճանել։

Նիկեա
11.10.2017, 01:47
Մենեջերիս նենց նամակ եմ գրել, որ երևի կառաջարկի ազատման դիմումս ստորագրեմ :D բայց եթե անկեղծ չասեի ինչ կա, ու ինչ մտածում եմ, կպայթեի:

Նիկեա
18.10.2017, 00:47
Էսօր դեկանատի ծյոծյաների վրա նենց եմ մուննաթ էկել, որ էլ ասելու չի։ Վերջում էլ դուռը շխկացրեցի դեմքներին։ Գիտեմ, էդ մեկը երևի պետք չէր, բայց արդեն շատ են երես առել։ Տո շատ էլ լավ եմ արել, հասնում ա իրանց։ Բայց դրանից հետո նենց հանգստացա։ Ոնց որ վերջին 3 տարվա ընթացքում հավաքված ատելությունս դուրս թափեի ու հետո ինձ նենց թեթև էի զգում։ Մտածում եմ՝ սրանից հետո ամիսը մի անգամ գնալու եմ դեկանատում մուննաթ գամ։ :))

2 հատ դասախոս ունեմ, էնքան լավն են իրանք։ Ու բնականաբար 2-ին էլ իմ էքստրադեբիլ կուրսեցիները չեն սիրում, որովհետև իրանք դպրոցի դասատուների նման դաս չեն անում։ Իրանք մինչև հիմա ունեցածս ամենաիդեալական ուսուցիչներն են։ Էսօր Քեչեչյանի հետ խոսում էինք կրթական համակարգից, ուսուցիչներից ու մի բան ասեց, որ մինչև հիմա ականջներիս մեջ ա։ Ասեց՝ ուսուցիչը մեկն է, ով բացում է դուռը։ Քեչեչյանը էդ ուսուցիչներից է։

Նիկեա
24.10.2017, 22:49
Երազիս նինձիա կրիաներին էի տեսել։ Իբր մի թագավոր կար, անկապի մեկն էր ու ինքը որոշել էր, որ կրիաները մարդկության ստրուկներն են, պետք ա ենթարկվեն։ Իսկական դեբիլիզմ։ Բայց մեկը, ում ինքնությունը ամբողջ երազիս ընթացքում պարզել չհաջողվեց, խառնում ա ռադիո ու հեռուստահաճախականությունները ու թագավորի անունից հայտարարություն անում, թե յանի կրիաները արդեն ազատ են, ինչ ուզեն կանեն։ Էս թագավորը ապուշացած լսում ա, հրամայում բռնեն համ կրիաներին, համ էլ էն ըմբոստին, ով թագավորի անունից ինքնակոչ հայտարարություններ ա անում։ Բայց արդեն ուշ էր։ Կրիաները իրանց հետևորդները ունեին՝ թագավորից ինչքան կարայի զզված մի խումբ մարդիկ, ովքեր պատրաստ էին մեռնել, մենակ թե էլ չենթարկվեին։ Ու սկսվում ա ապստամբությունը։ Մոռացա նշել, որ էդ թագավորի նստավայրը յանի Թումոյի 7-րդ հարկում էր, յանի էդ հարկ հնարավոր էր բարձրանալ մենակ բեռնատար վերելակով ու էդ հարկը դրսից չէր էրևում, որովհետև ինչ-որ կախարդանքով պաշտպանված էր, էդ պատճառով էլ բոլորը կարծում էին, թե Թումոն իրականում 6 հարկ ունի։

Երևի կարիք էլ չկա ասելու, որ ես ապստամբներից մեկն էի։ Միքելանջելոյի հետ ինչ-որ բան էի խոսում, բայց հիմա չեմ հիշում թե ինչ։ Ուղղակի ինքը կրիաներից իմ ամենասիրածն էր ու ես փոքր ժամանակ երազում էի իրան հանդիպելու մասին։ Համ էլ կարողանում էի մուչակիներով կռվել։

Ապստամբների գաղտնի շտաբը Գյումրիում էր՝ Վարպետաց փողոցի վրա։ Ու մենք Տարդիս ունեինք, որով վայրկյանապես գնում էինք Գյումրի ու հետ դառնում։ Հավես էր շատ։

Վերջնական ճակատամարտի հետո, երբ արդեն բոլորին կրած պետք ա գնանք, որ թագավորին էլ կրենք ու վերջ տանք իրա դեբիլ բռնապետությանը, մտնում ենք վերելակ, սեղմում 7-րդ հարկի կոճակը, սկսում վերև բարձրանալ ու էն պահին ու պետք ա էն վերելակների ծնգոցը լսվի ու դռները բացվեն, դուրս գանք, լսվում ա Metallica-ի Dye My Darling ու ես արթնանում եմ քնիցս զարթուցիչից պատճառով։

Ամբողջ օրս անցավ երազիցս ստացած տպավորություններով։ Չգիտեմ էլ ոնց երազիցս էներգիա էի ստանում։ Մի տեսակ հավես էր։ Իսկ մարդիկ չեն հասկանում, թե ոնց կարելի ա սենց դեբիլ երազներից էս չափ ոգևորվել։ Երևի մեկ էլ սենց էի ինձ զգացել մի քանի տարի առաջ Մարիոյի աշխարհներում Ալադինի թռչող գորգով ման գալուց, էլի բնականաբար երազում։ :D

Նիկեա
07.11.2017, 23:52
Երանի թույն նկարել իմանայի։
Նենց բառադի եմ դարձել։ Էն օրը գլուխ էի գովում, որ երբեք առանց դաս անելու դասի չեմ գնացել։ Իսկ շարունակությունը չէի ասում։ Չէի ասում, որ երբ դաս չեմ արել, ուղղակի դասի չեմ գնացել։ Կամ առավոտ քնելը նախընտրեմ եմ ամեն ինչից։
Նենց տարբեր ա ամեն ինչ հիմա։ Մի տարի առաջ ամեն ինչ լրիվ ուրիշ էր։ Հիմա երևի ավելի լավ ա։ Կամ էլ չգիտեմ։
Ես աշխարհում ամենից շատ կարոտում եմ էն, որ մի տարի առաջ կարայի ինձ թույլ տալ օրվա մեջ ուղղակի 6 ժամ անկապ քայլել, փողոցում ընտրել ուղղակի ինչ-որ մեկին ու իրա հետևից գնայի էնքան մինչև կհոգնեի իրան հետևելուց։ Հիմա կարելի է ասել ընդամենը մեկ ազատ օր ունեմ ու որ սպանեն էդ օրը սենյակիցս դուրս չեմ գա։
Կամ գոնե երգել իմանայի, նկարել չգիտեմ չէ։
Պահի տակ օրվա ընթացքում հուզվում եմ։ Սենց նստած եմ իմ համար, մեկ էլ ուզում եմ լացել։
Ես խնձորի սոկ եմ լսում։
Ես արդեն տանել չեմ կարողանում ինձ սիրահարված հայացքները։ Կորեք գրողի ծոցը, խնդրում եմ։
Ես ատում եմ մեր կողքի հարևանին։ Եթե աշխարհում կա մի մարդ, որին իրոք ատում եմ, էդ ինքն ա։
Ես երեկ հասկացա, որ ունեմ էն ինչ ուզում եմ։ Բացի արձակուրդից։ Էդ էլ ու վերջ։
Տիկին Սուսաննան իմ ճանաչած ամենաթույն դեմքերից ա։
Ես հասկացել եմ, որ էս կյանքում կարևորը լիկվիդ չմնալն է։
Արևս կորցրել եմ ու ինձ տականք եմ զգում։ Տխուր ա, երբ կորցնում ես արևդ, բայց ավելի տխուր ա, երբ Արևդ ես կորցնում։ Իսկ ես իրան չեմ կորցնի։
Մեզ ապրելու համար սիրուն բաներ են պետք, թող շատ լինեն սիրուն բաները։
Բայց խոհանոցում կեղտոտ ամաններ թող չլինեն։ Ընդհանրապես, երբ են էդ ափսեները ինքնալվացվել սովորելու։
Ես չէի ուզում օրագրային գրառում անել։
Ինձ ինչ-որ բան էր պետք, բայց մոռացա թե ինչ։ Երևի էլ պետք չի։
Բարի գիշեր։
Մենք իրականում ուրախ ենք, ուղղակի հոգնած ենք մենք։

Նիկեա
15.11.2017, 18:13
Հիվանդ լինելը իրականում լավ բան ա․ դու լիքը կարդալու, նոր բաներ սովորելու ու Մարվելի կինոները հատիկ-հատիկ ժամանակագրական հերթականությամբ նորից նայելու ժամանակ ես ունենում։ Չհաշված որ կարող ա ջերմությունդ բարձրանա ու քեզ ինչ-որ բաներ թվան։ Տենց զանգել ասում ա՝ իսկ ես տուն եմ հասել։ Ասում եմ՝ գիտեմ։ Ասում ա՝ որտեղի՞ց գիտես։ Ասում եմ՝ նոր չխոսեցի՞նք, 15 րոպե առաջ, դու էլ ասեցիր որ տուն ես մտել, լավ ես։ Ասում ա՝ չէէէ, ես հենց նոր եմ տուն մտել։ :D Պարզվեց իրոք չէինք խոսել, ինձ թվացել էր։ Մնացած ամեն ինչը շատ հոյակապ ա։ Վաղվանից կսկսեմ էլի դասի գնալը։ Հուսանք էս անգամ իրոք կգնամ ու գոնե մի ամիս կանցնի մինչև հաջորդ ինքնագլուխ արձակուրդս։

Նիկեա
16.11.2017, 23:17
Պարզվեց արևս չեմ կորցրել։ Գործից տուն գալիս բանալիս էի ման գալիս ու միամիտ պայուսակիս գրպանից գտա։ Ասենք հազար անգամ նայել էի, թափ էի տվել պայուսակս, չկար ու չկար։ Օրվա ընթացքում անընդհատ ձեռքս տանում էի վզիս, որ խաղամ արևիս հետ, բայց չէի գտնում, հետո հիշում էի, որ կորցրել եմ ու ինձ տականք էի զգում։ Ընդհանրապես, լավ օր էր էսօր։

Նիկեա
23.11.2017, 02:13
Երբ տուն ունեցա, առաջին շաբաթ֊կիրակին տանս քնած եմ անցկացնելու։ Ոչ մի բան չանեմ, ոչ մեկին չտեսնեմ։ Մենակ կքնեմ։ Կքնեմ 48 ժամ ու մի բան էլ ավել։

Խեղճ էրեխա, ինչ մեծ ակնկալիքներ ունեի :D

Նիկեա
30.11.2017, 00:28
https://www.youtube.com/watch?v=djU4Lq_5EaM

Գրողը տանի, տուն եմ ուզում։ Ես ուզում եմ լինի մի տեղ, որտեղ միշտ կկարողանամ գնալ, որտեղից ինձ չեն հանի։ Ես ուզում եմ ունենալ տուն, որի պատերին կնկարեմ ու կկպցնեմ փախած գրաֆիկներս։ Ոչինչ, թող լուսամուտներից փչի ու ձմռանը տաք չլինի, բայց թող տուն լինի։

Նիկեա
01.12.2017, 01:23
Ես իրոք լավ չեմ։ Ինձանից մի շաբաթից շատ պահանջվեց խոստովանելու համար, որ ես լավ չեմ, բայց լավ չեմ։ Ես զգում եմ, թե ոնց եմ մեռնում։ Ամեն ինչ էնքան վատ ա։ Կողքս ամեն ինչ հերթով փլվում ա, վազում եմ, ինչ-որ բան հազիվ մեկը մի քիչ կարգի բերում, ոտքի կանգնեցնում, մի ուրիշն ա գլխիս փլվում։ Հորս 2 տարի ա չեմ տեսել ու էլի մի տարի չեմ տեսնի։ Տխուր ա։ Էս տան հետ արդեն հազար պլան էի կազմել նոր տարվա, գարնան․ ամառվա հետ կապված, հիմա դուրս ենք գալիս էս տնից ու էս տունը դարձել ա աշխարհում ամենավերջին տեղը ուր ես ուզում եմ գնալ։ Ես նախընտրում եմ գերծանր աշխատանքային օրվանից հետո անկապ թափառել, կոլեգաներիս հետ ժամանակ անցկացնել, քան գալ տուն։ Ես իմ սենյակում ինձ իմ սենյակում չեմ զգում։ Ես էս տանը ուզում եմ ինչ-որ բան ջարդել, փշրել։ Բայց ավելի շատ ուզում եմ սպանել մեր հարևանին։ Ինքը առաջին մարդն ա, ում ես իրոք ատում եմ, ինչքան ուժ ունեմ ատում եմ։ Որովհետև ինքը ոնց որ էն չար կախարդը լինի, ով ամեն ինչ գիտի ու դիտմամբ ամեն ինչ փչացնում ա։ Գրողը տանի իրան։ Ու հիմա էլ էլի ուզում եմ փախնել էս տնից։ Էս տան պատերն էլ սկսեցին խեղդել ինձ։
Զեմֆիռան ինձ ամենաշատը դեպրեսող երաժշտությունն ա։ ՈՒ ես հիմա Զեմֆիռա եմ լսում։
Ռուբենը հետս չէր խոսում։ Ու չի խոսա էլ հետս։ Ես չէի ուզում իրան վատություն անել, իրոք չէի ուզում։ Ինքը իմ ուսանողներից ա։ 14 տարեկան տղուկ։ Զանգել էի տուն, խոսել ծնողների հետ, որովհետև իմ ասածները, իմ խոսալը իրա վրա չէր ազդում։ Էսօր Ռուբենի աչքի տակ կապույտ էր։ Էսօր Ռուբենը հետս չէր խոսում ու չի էլ խոսա։ Նենց տարօրինակ ա՝ կանոններով խաղում ես, վատ ա լինում։ Կանոններով չես խաղում, էլի վատ ա լինում։ Կարո՞ղ ա ուղղակի չպետք ա խաղալ։ Բայց կապույտ էր Ռուբենի աչքի տակ։ Ես տականք եմ, ըհն։ Մյուս կողմից էլ Արտյոմն ա։ Ինքը չի տեսնում, թե ովքեր են էն մարդիկ, որոնց ինքը իրա ըներներն ա համարում։ Երկար խոսում էինք։ Երանի գոնե ինքը մի բան հասկանա։
Սենյակը, որում ես հիմա եմ, էլ չեմ ուզում մաքրել, կարգի բերել։ Ովորհետև էս էլ իմ սենյակը չի։ Որովհետև ես ինձ ստեղ իմ տեղում չեմ զգում։ Ու իմ համար արդեն վաբշե մեկ ա թե սենյակս որտեղից կգտնեմ։ Մեկ ա էս իմ տունը չի։ Ընդհանրապես պետք ա դադարել կապվել իրերի, շենքերի, տների, սենյակների հետ։ Անգամ լամպերի հետ պետք չի կապվել։ Պետք չի կապվել։
Ես վճարում եմ մի կրթության համար, որը չեմ ստանում։ Վերջին շաբաթը, երբ կանոնավոր համալսարան եմ գնացել, քննական շաբաթ էր։ ՈՒ ցավը էն ա, որ եթե անգամ գնամ դասի, ոչ մի բան չի փոխվի․ ես վճարում եմ մի կրթության համար, որը չեմ ստանում։
Ես փորձում եմ, բայց մեկ ա խառնում եմ աշխատանքայինը անձնականի հետ։ Էսօր կոլեգաներիս ասեցի, որ ես իրանց հետ կինո չեմ գնալու ու իրանց հետ ոչ մի բան չեմ անելու, որովհետև ես չեմ ուզում իմ ազատ ժամանակը հատկացնել իրենց։ Նեղացան։ Հետո իրանցից 3-ի հետ ես քայլում էի ու չայ խմում։ Չէ դե, իրանք մի քիչ ուրիշ են, իրանք ինձ աշխատանքս չեն հիշեցնում զուտ դրա համար էլ իրանց ներկայությունից չեմ նեղվում։ Բայց գրողը տանի, ես ուզում եմ տուն գալ, լողանալ, ինչ-որ բան սարքել ուտելու, ինչ-որ հավես բան կարդալ, նայել Նարուտոյի հերթական սերիան, մեկ-մեկ նաև կինո, լիքը չայ խմել, խոսալ սիրածս մարդկանց հետ ու քնել առանց գործի մասին մտածելու, առանց տականք զգալու, որ Պողոսը էսօր տանը ծեծ ա ուտելու, չմտածելու ոչ Սուրենների, ոչ Վիվիենների մասին։
Իսկ ես երկրորդ գործ եմ ման գալիս ու ինձ թվում ա՝ գտնելու եմ, որովհետև վերջին 2 տարիների վիճակագրությունը ցույց ա տվել, որ ես դեկտեմբերին գործ եմ գտնում։ Վերջին 2 տարիների վիճակագրությունը ցույց ա տալիս, որ նոյեմբերն ու դեկտեմբերը, ինչու ոչ նաև հունվարը ամենահետույքային ամիսներն են լինում տարվա ու դրանց հետույքայնությունը տարեց տարի աճում ա երկրաչափական պրոգրեսիայով։ Ես հոգեպես պատրաստ եմ դրան, բայց ֆիզիկապես կդիմանա՞մ թե՞ չէ, գաղափար չունեմ։
Իսկ ձմեռը ցուրտ է լինելու։ ՈՒ ես գարուն եմ երազում։ Ավելի ճիշտ ամառ, բայց 2019-ի։

Նիկեա
01.12.2017, 23:38
Օր 3

Ես շատ կուզեի ասել, որ ամեն ինչ լավ ա, բայց էդ տենց չի։ Գործի տեղը էսօր ես ավելի շատ մարդկանց էի ատում, իսկ նրանց ում ատում էի նաև նախկինում, ատում էի ավելի շատ։ Բայց Լենան լավն ա, ես երևի անգամ սիրում եմ իրան։

Տուն գալիս զուգարանի թուղթ առա։ Մի շաբաթ ա ձգում էի էդ հանդիսավոր պահը։ Խանութի աշխատող աղջիկը տարօրինակորեն լավն էր, ջերմ։ Երևի դեռ նոր ա ու իր գործից զզվել չի հասցրել։

Հետո համարյա մի ժամ նստել էի զուգարանում։ Չէ, ոչ մի լուրջ բան չէր էղել, ուղղակի էդ մեր տան ամենամեկուսի տեղն ա։ Փոքր ա քիչ ա, դեռ մի բան էլ դուռը դրսից բացել չի լինում․ բռնակը պոկել եմ։ Երգ էի լսում հեռախոսով ու երգում, բայց չէի երգում էն երգը, որը լսում էի։ Երգածս երևի գոյություն էլ չուներ։ Հետո հեռախոսիս զարյադկեն նստեց, անջատվեց ու ես էկա էս սենյակ։

Որոշել էի գրել ինչ-որ բան, հավանաբար պատմվածք ակումբի մրցույթի համար, բայց էներգիա չկա։

Իմացա, որ ամենասիրածս երգը երկար տարիներ արգելված ա էղել ռադիոներում տարածված քաղաքային լեգենդների պատճառով, որովհետև յանի ով շատ էր լսում էդ երգը, ինքնասպան էր լինում։ Մի տեսակ անակնալ չէր։

Մազերս կտրելու եմ։

Նիկեա
10.12.2017, 22:14
Դեկտեմբերի 10֊ը վերջին տարիների ընթացքում միշտ հետաքրքիր ա էղել։ Ու էս 3֊րդ դեկտեմբերի 10֊ն ա, որ չեմ մոռանա։
Քանի որ մեր հարևանը շատ տականք էր, իսկ էդ լրիվ ուրիշ սերիալից ա, որը չեմ էլ ուզում պատմել, մենք ստիպված էղանք ձմեռվա կեսին ուրիշ տուն գտնել ու ուրիշ տուն ու տեղափոխվել։
Դե բնականաբար էս սեզոնին նորմալ տուն չես գտնի, որն էլ կա, թանկ ա, բայց մենք պատրաստ էինք ամեն ինչի, մենակ թե ազատվեինք մեր հարևանից։ Բայց տունը ինքը մեզ գտավ։ Ասում էին` շաաաատ թույն տուն ա, հոյակապ վերանորոգած, լիքը տեխնիկայով ու ամեն ինչով, շատ շատ շատ շատ թույն տուն ա։ Ասում էին։ Ոչ մեկը չէր ասում, որ օրինակ տունը առաջին հարկում ա ու մենք փողոցի կողքին ենք ապրելու։ Ոչ մեկը չէր ասում որ էդ վերանորոգումը ամենաքիչը 10֊15 տարվա ա։ Ոչ մեկը չէր ասում որ եթե անգամ չուզենանք, պետք ա ջեռուցենք տունը, որովհետև խողովակները կպայթեն։ Ոչ մեկը չէր ասում, որ լվացքի մեքենան էնքան հին ա, որ լվացքը քամելու ձայնը հասնում ա մինչև 4֊րդ հարկ։ Ու սարսափելի, սարսափելի, սարսափելի կեղտոտ տուն էր։ Անասուն կեղտոտ տուն։ Հետո տան տերը զգուշացրեց որ շենքի մոտ ապրող կատվին ու առհասարակ կենդանիներին ոչ տուն բերել ա կարելի, ոչ էլ անգամ կերակրել։ Ասեց` էն օրը, երբ էս տուն կենդանի կմտնի, դուք կգնաք էս տնից։ Ասեց ու ջուրը ցփնեց միաչքանի փիսոյի վրա, որ էլ չգա մեր մոտ։ Ես ամեն ինչին կհամակերպվեմ, բայց մենակ էն, որ էս տան պատուհանները ճաղավանդակներ ունեն, ինձ խեղդում են։ Էս տունը դրանից ավելի ա բանտ դառնում։ Դրան չեմ համակերպվի։ Չնայած որ էս տանը կահույքն ու դարակները էնքան շատ են, որ փչացած ականջակալներիս համար առանձին դարակ ունեմ ու մենք ունենք դաշնամուր, բայց մեկ ա, ես էս տունը չեմ սիրում։

Տխուր ա։ Մեկ֊մեկ մտածում եմ, որ սաղ կյանքս թափառելու եմ տուն գտնելու հույսով։

Նիկեա
01.01.2018, 02:32
2017 թվականի առաջին օրագրային գրառումս թերևս մարգարեական էր։ Այն շատ պարզ էր, հակիրճ և համապարփակ։ Ընդամենը մեկ բառ, որը սակայն գրեթե ամբողջությամբ բնութագրում էր 2017 թվականի մեծ մասը։ Եվ այդ բառն էր․


յախք։

Այո, յախք։ Հետադարձ հայացք գցելով տեսնում եմ, որ անցած տարում ավելի շատ տվել եմ քան ստացել։ Ավելի շատ կորցրել եմ, քան գտել։ Ավելի շատ հետ եմ գնացել, քան առաջ։ Նախ անցնենք էն չարածս կետերի վրայով, որ յանի պետք ա անեի, հետո հիշենք լավ բաները, հետո 2018-ի պլանները գծենք։


1. Ապրելու եմ վարձով։ Այստեղ այլ տարբերակ լինել չի կարող, ինչքան շուտ, էնքան լավ։

Այո, ես արեցի դա։ Հուլիսից ես ապրում եմ Անժելի հետ վարձով, առանց տնեցիքից ֆինանսականա կախում ունենալու։ Առանձին ապրելուց հետո տնեցիք սկսել են ինձ ավելի շատ մեծի տեղ դնել, ավելի քիչ հարցեր տալ, ավելի շուտ համաձայնել։ Մի խոսքով հուլիսից հետո ահագին փոխվել է ամեն ինչ: Բայց առանձին ապրելու կարևորագույն առավելություններից մեկը, թերևս, միշտ կմնա էն, որ ամեն անգամ ուշ տուն գնալուց հետո ստիպված չես տնեցիքին բացատրել, թե որտեղ էիր ու հետո կարաս շաբաթներով սենյակդ չհավաքես ու հանգիստ ապրես քո որջում։ Լավ, առաջին կետը արել եմ, անցնենք առաջ։


2. Գերմաներեն եմ սովորելու ու DAAD-ի լեզվի ամառային դասընթացների համար դիմեմ, արդեն 2018 թվականի ամռան։

Հա հա հա հա, խնդալս գալիս ա։ Չէ, 3-րդ անհաջող փորձից հետո ես արդեն մտածում եմ, որ էդ լեզուն իմը չի ու երբեք էլ չի լինի։



3. Չեմ կողմնորոշվում` ես հեծանիվ ուզու՞մ եմ թե՞ չեմ ուզում։ Չգիտեմ է։ Ախր մի երկու տարուց կգա էդ հեծանիվին ստեղ թողնելու կամ ծախելու ժամանակը, իսկ ես դա չեմ ոիզում։ Բայց հեծանվարշավների գնալու եմ։

Դե ես շատ զբաղված եմ առհասարակ արշավների գնալու համար։ Իսկ երբ զբաղված չեմ, էնքան մեռած եմ, որ քիչ ա հավանականությունը, թե ես ցանկություն կունենամ սենյակիցս դուրս գալու ու ինչ-որ մեկի երեսը տեսնելու, էլ ուր մնաց գնամ արշավների։ Որպես վերևի կետի ամփոփում կարող եմ ասել, որ 2016-ից մնացած հեծանվարշավի ժամանակ մեքենայի տակ ընկնելու ու մեռնելու վախը դեռ մնում ա։


4. Հավեսով կամավորություն եմ անելու։

Ամենավատը էն ա, որ ես իրոք ուզում էի կամավորություն անել, բայց ես սպառվում եմ գործի տեղը։ Օրական հարյուրավոր մարդկանց հետ շփվելուց հետո, ես էլ հավես չեմ ունենում ազատ ժամանակս էլ ուրիշներին նվիրելու։



5. Գնալու եմ վրանով սարերում կորեմ։

Հա, ըհն, արեցիր, բա չէ։


6. Բացի վրանով կորելուց, երևի օգոստոսին ինչ֊էր ժամանակով կգնամ ինչ֊էր տեղ մենակ կապրեմ։

Էս կետը կարելի է համարել մասամբ իրականացած, որովհետև ես ու Անժելը չնայած, որ նույն տանն ենք ապրում կարանք շաբաթներով չշփվենք։

Կար 6 բան, որ ես պետք ա անեի 12 ամսում։ Էդքանից ես արել եմ ընդմենը մեկը։ Երբ սենց եմ նայում ու նայում եմ, թե ինչքան քիչ գրքեր եմ կարդացել ու ֆիլմեր նայել անցած տարվա ընթացքում, ինչքան քիչ եմ աճել մասնագիտական տեսանկյունից ու ինչքան փնթփնթան կնիկ եմ դարձել, տեսնում եմ որ տարին ուղղակի ձախողել եմ ու ուզում եմ ինձ ինչ-որ նկուղում փակել ու կանոնավոր տանջել։ Բայց ինչ-որ պահի տարին, ժամանակը ու առհասարակ ամեն ինչը դուրս եկավ իմ վերահսկողությունից ու ես սկսեցի ապրել հոսանքին ենթարկվելով։ Չգիտեմ, էդ լավ էր թե վատ, բայց 2017-ը հաստատ երկար կհիշեմ։ Կհիշեմ, թե ինչ սրտի թրթիռով էի սպասում առաջին աշխատավարձիս ու ոնց էր սրտիցս արյուն կաթում, երբ էդ աշխատավարձիս զգալի մասը տալիս էի համալսարանի վարձ։ Կհիշեմ, թե ոնց 2017-ին հերթական անգամ ընեկերաթափ եղավ։ Եսիմ, ես կարծում եմ, որ ընկերները ժամանակին չեն ենթարկվում։ Կապ չունի թե ինչքան ուշ-ուշ եք տեսնում իրար, մեկ ա մնում եք ընկերներ։ Բայց հունվարից, երբ ճղվում էի համալսարանի ու աշխատանքիս միջև ու համարյա ժամանակ չունեի ինքս ինձ համար, էլ ուր մնաց մյուսների, լիքը մարդիկ դանդաղ ու աննկատ հեռացան իմ կյանքից։ Երևի վաղուց պետք ա արդեն սովորած լինեի, որ մարդիկ գնում են, հո չեն մնալու։

2017-ին ես լիքը խմել եմ ու հիմա դեպրեսվում եմ, որ օրինակ գինին ու շամպայնը առաջվա նման ինձ չեն կարողանում երջանկացնել։ Բայց հավերժ կհիշեմ Անժելի հետ ռոմ խմելը ու կհիշեմ, որ երգում էի։ Բայց թե ոնց էինք բաղնիքի դռնա դիմաց նստել ու ինչ էինք խոսում, չեմ կարողանում հիշել։ Շատ եմ ուզում, բայց չեմ կարողանում։ Անկախ հաջորդ օրվա սարսափելի գլխացավից, մեկ ա թույն օր էր։

Կհիշեմ իմ տեղափոխվելու օրը ու մեր սիրուն տունը կհիշեմ։ Բայց տականք Էմիլիային էլ եմ հիշելու, ում պատճառով մեր սիրուն տունը էլ մեր տունը չի։

Էս տարվա ընթացքում բացահայտածս էրեխեքին կհիշեմ․ Հրաչին, Նանեին, Էրիկին, Արմանին ու Վոլտերին հատկապես։

Գյումրին եմ հիշելու, թե ոնց էր գլուխս պտտվում եկեղեցու էն ամենավերևի աստիճանները բարձրանալիս, ոնց էինք Դե խաղա խաղում ու Մարիոյենց տանը խմելն ու Դիեգո Տատիան կարդալը կհիշեմ։ Հետո մեր էս տանը գինի խմելը կհիշեմ ու Անժելի ծնունդը կհիշեմ։ Չէ, անկախ ամեն ինչից շատ տարի էր 2017-ը, շատ ամեն ինչով։ Ու ես մի տեսակ ինձ էլ երեխա չեմ զգում։ Ես էս տարում մեծացել եմ մի քանի անգամ ավելի շատ քան նախորդ մի քանի տարիների ընթացքում։ Ես էս տարի դարձել եմ ավելի վատը, այո, ես դա զգում եմ։ Բայց էս վերջին երկու օրերի ընթացքում ես հասցրեցի հաշտվել ինքս ինձ հետ։ Հիմա մնում ա նենց անել, որ 2018-ը, չնայած նրան որ խոստանում է լինել կատաստրոֆիկ, ապշեցուցիչ լավը լինի։ Իսկ ի՞նչ պետք է անեմ ես։

1․ Մի ժամանակ լավ սովորություն ունեի ամիսը ամփոփելու։ Էդ մի տեսակ զգաստ էր պահում։ Ամեն ամսվա վերջում օրագրային գրառում եմ անելու ու բացթողումներից վրա աչք չեմ փակելու։ Ես եմ լինելու իմ ամենախիստ դատավորը։
2․ Շաբաթական գոնե երկու օր գրելու եմ։ Երբ չեմ գրում, ես ինձ իրոք դատարկ եմ զգում։
3․ Պետք է հնարավորինս առողջ ապրելակերպով ապրել, որովհետև նորմալ չսնվելու, նորմալ չքնելու արդյունքը մի քանի ամիս ա, զգում եմ ու ինձ հեչ դուր չի գալիս անընդհատ հոգնած լինելու զգացողությունն ու ամեն ստից քամուց հիվանդանալը։
4․ Maya եմ սովորելու ու վերջապես կարողանամ կարգին անիմացիա անել։
5․ Կամ երկրոդ գործ եմ ճարելու կամ գործս փոխելու եմ։
6․ Ապառիկս կփորձեմ մարել։
7․ Ժամանակս ու գումարս ավելի լավ կառավարել եմ սովորելու։

Էսքանը։
Սթիվեն Քինգը ասում էր, որ հրեշները գոյություն ունեն։ Ուրվականներն էլ։ Իրանք ապրում են մեր մեջ ու մեկ-մեկ իրանք հաղթում են։ Էս անգամ իմ հրեշները հաղթեցին ինձ, բայց 2018-ին տենց չի լինի։
Շնորհավոր Նոր տարի։

Նիկեա
02.01.2018, 23:26
Չեմ հիշում, թե վերջին անգամ, երբ եմ սենց թույն արձակուրդ ունեցել։ Էս ամենաթույն ձմեռային արձակուրդն ա, երևի էն արձակուրդից հետո, երբ հոպարս ինձ դահուկ քշել էր սովորեցնում։ Կամ կարող ա էս ավելի լավն ա։ Մի հատ պատկերացրեք․ դրսում իսկական ձմեռ ա, կես մետր ձյունով։ Ներսում տաք վառարանն ա, մանդարիններն ու խնձորները, որ թվում ա չեն վերջանա ու տնական, ոնց որ թե շատ թույն գինին, որը դեռ չեմ փորձել։ Մեկ-մեկ լինում են հյուրեր, ովքեր բնականաբար երկար չեն մնում, որովհետև ինչ-ինչ ես գիտեմ վատ զրուցակից լինել ու նենց անել որ 15 րոպե հետո ուզեն գնալ։ Մեկ-մեկ էլ ստիպված եմ լինում շփվել ախպորս ու հոպարենցս հետ, երբ մեր տուն են գալիս, բայց ընդհանուր առմամբ ես ունեմ լիքը ազատ ժամանակ։ Ես հասցնում եմ սերիալ նայել, գիրք կարդալ, պարապել հունվարի քննություններիս համար ու հանգստանալ։ Գրողը տանի, ես արդեն չեմ հիշում, թե երբ էի վերջին անգամ իրոք հանգստացել։ Իսկ հիմա զգում եմ, թե ոնց եմ դատարկվում ու լցվում նոր էներգիայով, ամեն առավոտ զգում եմ, թե ոնց եմ լիցքավորվում։ Ինձ իրոք պետք էր էս արձակուրդը ու հենց սենց արձակուրդ էր պետք։

Նիկեա
05.01.2018, 18:56
Մի անգամ, երբ ընկերներիցս մեկը հարցրեց, թե ինչի՞ Stranger Things-ը չեմ նայում, ասացի, որ հենց սերիալի սկզբում տեսնում եմ կարմիրով գրված Netflix-ը, վատանում եմ: Չգիտեմ ինչով ա պայմանավորված, բայց ես Netflix-ի նկատմամբ հակակրանք ունեմ: Էս զուտ ինֆորմացիա։

Քանի որ անցած տարվա անկազմակերպվածությանս պատճառով չհասցրեցի ոչ կարգին կինո, սերիալ նայել, ոչ կարգին գիրք կարդալ, էս տարի կազմել եմ ցուցակներ ու նպատակս տարվա վերջում էդ ցուցակների սաղ անունները ջնջելն ա։ Ու քանի որ հիմա արձակուրդ ա, ես որոշեցի նայել էդ ցուցակի հերթական սերիալներից մեկը։ Mindhunter: Ինչի՞ որոշեցի հենց էս նայել։ Որովհետև ընկերներիցս ոչ դեռ մեկը չէր նայել ու ոչ ոք խորհուրդ չէր տվել նայել։ Հետո, որովհետև ընդամենը մեկ սեզոն էր, 10 սերիա։ Արդեն երրորդ օրն ա, ինչ նայում եմ ու ձեռքս չի գնում արագ-արագ նայեմ վերջացնեմ։ Սարսափելի սիրուն ա։

Ես մի ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել էն բոլոր ռեժիսորների անունները, որոնց գիտեմ։ Ես կինոման չեմ ու ինձ համար կինո, սերիալ նայելը հանգստանալու ամենահավես միջոցներից ա, ընդամենը։ Բայց առաջին սերիայի սկզբում որ կարդացի Դեյվիդ Ֆինչերի անունը, արդեն խոստումնալից թվաց։ Հիմա էլ չեմ էլ նկատում սերիաների սկզբում հայտնվող Netflix-ին ու չնայած, որ էս իմ սիրած ժանրի սերիալներից չի, նայելուց բավականություն եմ ստանում։ Ու մի քանի սիրուն կադրեր էդ սերիալից։

https://i.imgur.com/qCBqx0U.png

https://i.imgur.com/YBl3zaU.png

https://i.imgur.com/xidVT68.png

https://i.imgur.com/YAMtde9.jpg

Հա, մի երկու բառ էլ սերիալից։ 1970-ականներ։ ԱՄՆ։ FBI-ի երկու գործակալ սկսում են բանտերով շրջել, խոսել հանցագործների հետ, որ ավելի լավ հասկանան դեռ ազատության մեջ գտնվող հանցագործներին։ Էդ բանտային հանդիպումների տեսարանները շատ թույն են։

Վերջ, էսքանը։ Գնամ հերթական սերիան նայեմ։

Նիկեա
08.01.2018, 21:44
Այսօր իմ կյանքում շատ կարևոր օր էր։ Ես վերջապես մարտկոց առա սենյակիս ժամացույցի համար։ Արագ մտա տուն, տոպրակի միջից հանեցի տուփը ու միանգամից դրեցի ժամացույցի մեջ։ Հասկանու՞մ եք, այս կյանքում իմ ամենասիրելի ձայներից մեկը դա ժամացույցի թևիկների թկթկոցն է։ Վերջը, դրեցի ժամացույցի մեջ ու պարզվեց, որ ժամացույցը փչացած է։ Վայրկյանները ցույց տվող սլաքը մի հատ առաջ է գնում, մի հատ հետ ու արդյունքում միշտ մնում նույն տեղում, բայց եթե չես նայում ժամացույցին մտածում ես, որ աշխատում է։

Ինչպես արդեն նշեցի, այսօր ինձ համար շատ կարևոր օր է և ոչ միայն այն պատճառով, որ իմ սենյակի ժամացույցը թկթկում է, այլ որովհետև այսօր պաշտոնապես վերջացավ 2 տարի 28 օր +/- 6 ժամ տևած փոքրիկ սիրավեպը։ Բայց էս անգամ ես չեմ անելու էն ամեն ինչը, ինչ սովորաբար արել եմ նախկինում սիրահարային դեպրեսիաների ժամանակ (այն է՝ ջնջել հեռախոսիս, կոմպիս ու մնացած բոլոր տեղերում պահպանված երգերը, թարմացնել փլեյլիստը, հետո ջնջել հեռախոսի մեջ կամ ցանկացած մեկ այլ կրիչում պահպանված նկարները, դեպրեսվել, դեռահասանալ ու սիրահարվել առաջին պատահած տխմարին)։ Չէ, էս անգամ ես պարապելու եմ ու խզարեմ քննություններս, երկրորդ գործ եմ գտնելու, անիմացիա անել եմ սովորելու, լիքը թույն սերիալներ ու կինոներ եմ նայելու, գրքեր եմ կարդալու, աճելու եմ, քայլելու եմ լիքը ու ինձ ավելի շատ սիրեմ, չնայած որ ես ավելի տականք եմ քան երբևէ։

Ես արդեն երրորդ անգամ եմ նշում, բայց շատ կարևոր է, չնշել չեմ կարող։ Ես այսօր գնել եմ մանուշակագույն, թույն, խոհանոցային բանջարեղենի սուր դանակ և ես երջանիկ եմ։ Մենք ունեինք իրա կարիքը։

Հա, ինչպես նաև ներկել եմ մազերս, դեռ չգիտեմ ինչ գույն, բայց 10 րոպեից որ լվանամ ու 20 րոպեից չորացնեմ, կիմանամ։

Էսօր երեք հոգու հետ ծանոթացա։ Երեք տարբեր իրար չճանաչող մարդկանց։ Ու իրանք սիրեցին ինձ։ Ես զգում եմ երբ ինձ սիրում են։ Ու էն, որ երեք հոգի, ովքեր նախկինում իմ նկատմամբ ուրիշների կողմից ձևավորված կարծիք չունենալով սիրեցին ինձ, մտածում եմ՝ կարո՞ղ ա ես էդքան էլ վատը չեմ։

Հետո էսօր բարեկամներիցս մեկի մաման ասեց, որ ինքը հպարտանում է իր որդով։ Ես շատ լավ ճանաչում եմ իրեն ու գիտեմ, որ ախր հեչ հպարտանալու չի տնաշենը։ Ու հետո մտածեցի, որ էն մարդկանց մամաները, ովքեր իրոք կարող են հպարտանալ իրենց երեխաներով, երբեք չեն անում։ Երբեք հրապարակավ չեն խոսում թե ինչքան լավն են իրանց էրեխեքը, երբ էդ էրեխեքը իրոք լավն են։ Հետո մտածեցի, որ մամաս էլ, երբեք չի ասել, որ հպարտանում ա ինձնով։ Բայց էսօր, ինչպես արդեն բազմիցս նշեցի, շատ կարևոր օր է իմ կյանքում, որովհետև ես տկլոր ֆռֆռում էի տանը չնայած որ մեր տուն առաջին հարկում ա, համարյա փողոցում, ես էսօր քանդել եմ գործել սկսածս թաթմանները, թափել եմ ատամի խոզանակը, հավաքել ու չեմ թափել աղբը, ու քանի որ շատ կարևոր օր է այսօր, ես կհպարտանամ ինձնով։

Նիկեա
10.01.2018, 01:00
Մի անգամ Բիատը ասեց, որ սիրում ա ինձ ու համարում լավ աշխատող, որովհետև ես կարողանում եմ անձնականը գործնականից անջատել։ Էն պահին, երբ ես շենք եմ մտնում, դրսում եմ թողնում սաղ դարդերս ու երբ գործ եմ անում, մենակ գործ եմ անում։ Ոնց որ թե ճիշտ ա ասում։

Էսօր երկար ժամանակ ընդմիջումից հետո ես էլի երջանիկ էի, որ Թումոյում եմ աշխատում ու լիքը թույն էրեխեք ունեմ, ովքեր միշտ իմ համար մանդարին ու շոկոլադ կբերեն։ Իսկ տիկին Սուսաննան․․․ իրա նմանը չկա, նենց ա մոտիվացնում, որ էլ ասելու չի։ Ծայրահեղ հաճելի ա իր պես կոլեգա ունենալը։

Ու հա, էսօր ես որոշեցի, որ մի օր ապրելու եմ մի տեղում, որտեղից գիշերները միշտ կերևա աստղազարդ երկինքը։ Ես ամենաշատը երկինքն եմ կարոտում։

Նիկեա
11.01.2018, 01:36
Չգիտեմ ինչի, բայց դեպրեսված ժամանակ ես դառնում եմ ռացիոնալ, ՕԳԳ-ս բարձրանում ա, իմ համար ու ոչ միայն իմ լիքը լավ բաներ եմ անում։ Աշխարհում ամենաշատը ինձ երևի դեպրեսիաներն են մոտիվացնում։ Էն ղզիկ, թեթևները չէ, իսկական, ծանր, էն որ ամբողջ ուժով ընկնում են վրեդ ու դու բնազդաբար սկսում ես էդ հետ հրել, ոչ չոչնչացվես, որ չճխլվես։

Առանց ֆեյսբուքի կյանքը հիասքանչ է։ Հսկայական ավելորդ ինֆորմացիա չես ստանում, փոխարենը էդ ժամանակը անկապ չաթերի վրա ծախսես, գիրք ես կարդում, պարապում ես վաղվա դեբիլ քննության համար։

Ինձ 3 անգամ էս շաբաթվա մեջ արդեն առաջարկել են, որ գնանք խմելու, մի անգամ հարցրել են՝ բա չե՞ս ուզում խմես, մի անգամ էլ թե՝ մոտս ծխածոտ կա, եթե ուզես․․․ Չէ, այ մարդ, չէ։ Տանը լիքը շամպայն ու գինի կա, բայց որ սառնարանը բացում եմ, ինձ յոգուրտն ու նարինջն են գրավում։ Ինքնապաշտպանության բոլոր մեխանիզմներս ավտոմատ միացել են ու ես հիմա ոչինչ չեմ անի, որը վնաս կհասցնի օրգանիզիս կամ հավելյալ սթրեսի կենթարկի։

Ես լիքը անկապ գրում եմ։ Մի անգամ շատ կարևոր մեկը, ում հետ պայմանավորվել էինք, որ փետրվարին պատմվածք եմ գրելու ու երբ ամսվա վերջում Հայաստան գար, տպած տալու էի իրեն։ Ինքը էդ ժամանակ գրել էր, որ աշխատեմ հաճույք ստանալ գրելուց, չլարվեմ, դանդաղ բայց սահուն ու հաստատուն առաջ գնամ։ Էն ժամանակ, երբ էդ դեբիլ պատմվածքն էի գրում, իրոք անկապ լարված էի։ Բայց հիմա երբ գրում եմ, ամեն տպածս բառի հետ, զգում եմ, թե ոնց ա լարվածությունը միջիցս դուրս գալիս։

Իսկ էս երգը թող ստեղ մնա, որ հիշեմ գաղտնաբառս։

https://www.youtube.com/watch?v=iC4GZqdocE8

Նիկեա
12.01.2018, 23:31
Էսօր ամբողջ օրը եղել եմ ստաբիլ, առանց էմոցիոնալ պոռթկուների։

Պարզվում ա՝ այնուամենայնիվ կան մարդիկ ովքեր ինձ սիրում ու օգնում են։

Երեկ համակերպվեցի մազերիս գույնի հետ, էսօր հասկացա, որ սիրուն են ու սազում են։

Ես հասկացել եմ, որ ես ահագին բախտավոր մարդ եմ, որ ունեմ ինձ :)) ու մեկ էլ բնականաբար Անժելին։

Նիկեա
13.01.2018, 21:16
Ասում ա՝ մարդիկ սովոր են վազել հույզերի, զգացմունքների, հիշողությունների, ուրիշ մարդկանց հետևից, հետո էլ բողոքում են թե ոչինչ չեն հասցնում, այնինչ ժամանակ առ ժամանակ պետք է ուղղակի նստել ու նայել, թե ոնց են հույզերը, զգացմունքները, հիշողությունները անցնում քո կողքով ու տեսնել, թե ինչ սիրուն ա էդ ամեն ինչը։

Ու ես հիմա նստել ու նայում եմ սենց։ Ու սիրուն ա, ինչ խոսք։

Նիկեա
14.01.2018, 19:04
2018-ը ինձ մոտ հռչակվել է մարդկանց բացահայտելու, արժեվորելու ու վերաարժեվորելու տարի։ Ամեն ինչ նոր գույն ու նոր տեսք է ստանում։ Մոտ մի տարի առաջ մեկին տվել էի, որ պահեր մի նվեր, որ ստացել էի մեկից ու չէի կարող էդ պահին կրել։ Խնդրել էի, որ լավ պահի ու երբ մի օր ուզեմ, հետ վերադարձնի։ Էսօր, քայլում էի Տերյանի էն մյուս մայթով, էն մասով, որ ինչքան էլ տարօրիանակ է, երբեք, ոչ մի անգամ չէի քայլել, զգացի, որ ես հիմա կարող եմ ժամանակին ստացած նվերս մոտս պահել։ Զանգեցի իրեն, որ խնդրեմ վաղը ինձ տա, պարզվեց թափել ա, որովհետև կարծել ա թե մոռացել եմ ու ինձ էլ պետք չի։

Երկար տարիների ընդմիջումից հետո ես էլի թղթե օրագիր ունեմ, ասեմ ավելին՝ թղթե թափառումների օրագիր։ Ես մի տուփ ունեմ, որի մեջ 10-20 դրամանոցներ եմ հավաքում։ Հենց տուփը լցվի, կգնամ ինչ-որ մոտիկ տեղում թափառելու։ Բոլոր ծախսերը պետք ա պարտադիր հոգալ հավաքված գումարով ու ոչ մի կոպեկ ավել։ Ու բոլոր թափառումներիս բոլոր մանրամասները կգրեմ նոր օրագրիս մեջ ու կաշխատեմ տարվա ընթացքում լիքը օրագրեր վերջացնել։ Ու ամեն թափառումից հետո տուփի մեջ հավաքվող գումարի միավորը կմեծանա ու դրան զուգահեռ կսկսեմ ավելի ու ավելի հեռու թափառել։ Իսկ մյուս տարի ինձ համար վրան կառնեմ, եթե մարդկանց գլուխը լիքը չհարդուկեմ մինչև էդ ու իրանք չորոշեն ինձ վրան նվիրել։

Էսօր Անժելին ասում էի՝ ամենավատ բանը, որ ինքդ քո նկատմամբ կարող ես անել, էդ թևեր ունենալն ու չթռչելն է։ Ես թռչելու եմ։

Նիկեա
16.01.2018, 23:32
Դատարկություն զգում ես ամեն անգամ, երբ նոր երգ ես գտնում, սիրուն, որը մինչև էդ չէիր լսել ու հասկանում ես, որ չես կարա ուղարկես, ցույց տաս։


https://www.youtube.com/watch?v=YmzfaapaPMA

Բայց ես փորձում եմ լցնել դատարկությունը։

Նիկեա
19.01.2018, 23:46
EdX-ով նոր կուրս եմ սկսել, կիսատ թողնողը դեբիլ դինոզավր ա։ Ուղղակի ինքնուրույն մաթեմ պետք ա սովորեմ էդ կուրսը վերջացնելու համար, մատրիցներ ու էլի ինչ-որ զրթիկներ։ Հավես ա լինելու։

Նիկեա
22.01.2018, 00:20
Պետք ա հասնել էն մակարդակին, որ ամսվա ընթացքում գոնե 10 ֆիլմ նայեմ, 5 գիրք կարդամ ու 2 օնլայն կուրս վերջացնեմ։ Թե չէ սենց չի լինի, չենք զարգանում տո։ :))

Նիկեա
22.01.2018, 20:55
- Ո՞նց, երկուշաբթի չե՞ս գալու,- հարցրեց Անժելը։
- Չէ՜։
- Ինչի՞։
- Ուզում եմ տանը, ընտանքիս հետ ժամանակ անցկացնել,- ես էլ չհավատացի ասածիս։ Ախր էս տանը ես վաղուց ինձ տանը չեմ զգում։


***

Ընկերներիցս մեկին պատմում էի նայածս սերիալի մասին, որից շատ էի տպավորվել։

-5-րդ սերիան գիշերվա հազարին էի նայում ու վերջում էնքան անսպասելի էղավ ամեն ինչ, որ լացում էի ու գոռում, էնքան, մինչև մաման կողքի սենյակից արթնացավ, էկավ։
- Դու առանձին չէի՞ր ապրում։
- Հա, երկու օր ազատ էի, էկա մերոնց տուն։

Ու առաջին անգամ անգիտակցաբար խոստովանելուց հետո միայն սկսեցի գիտակցել, որ իրոք, գրողը տանի, էս մերոնց տունն ա, ոչ թե իմ ու միշտ էլ տենց ա էղել։ Ու էդ նորմալ ա։ Հիմա ինձ ավելի հանգիստ եմ զգում։

***

Մեկ ա ամենաիդեալական ընտանիքը իմ ու Անժելի ընտանիքն ա։

Նիկեա
27.01.2018, 00:14
Ես մեկ-մեկ զարմանում եմ, թե ինչքան շատ բան եմ հիշում։ Ու զարմանալի է, թե ինչքան շատ բան կարող է հիշեցնել հասարակ լվացքի փոշու հոտը։

Նիկեա
28.01.2018, 00:33
Էսօր ստիպված էի գործի տեղը մեկուկես ժամ երկար մնալ։ Առաջ կնեղվեի դրանից, բայց հիմա, քանի որ առանձնապես չեմ մեռնում տուն գալու ցանկությունից, անգամ հաճելի էր։ Էլի կմնայի, բայց արթնացավ ուղեղս ու ասաց, որ աշխատանքից հետո էլ կյանք կա, հուշեց, որ օրինակ կարող եմ գնալ քայլելու կամ տուն գալ, գիրք կարդալ, կինո նայել, ինչ-որ նոր, հավես բան սովորել։ Բայց էս վերջերս նեղվում եմ մենակ քայլելուց, մենակ ուտելուց, մեկ-մեկ անգամ մենակ կինո նայելուց, տակը մնում է մենակ գիրք կարդալը։

Վերջին երեք շաբաթների ընթացքում սենյակս չէի մաքրել ու իսկական որջ էր դարձել։ Տուն մտա ու որոշեցի, որ էսօր էն օրն է, երբ ես վերջապես կհավաքեմ տունս ու կթափեմ միջի աղբը, կարող է իմ միջի աղբն էլ հետը թափեմ դրա հետ։ Հիմա հանգիստ նստած եմ մաքուր տանը, գիտեմ, որ առաջիկա երկու օրերին լրիվ ազատ եմ ու էն մտքից որ կարող եմ հանգստանալ, արդեն հանգստանում եմ։ Առավոտ կքնեմ ինչքան ուզեմ։ Վաղը ոչ մի տեղ չեմ շտապի։ Հետո կգնամ կքայլեմ, կսառեմ մի քիչ, կգամ տուն ու կգրեմ։

Էսօր էրեխեքից մեկը ասաց, որ ես իր իմացած ամենաբարի մարդն եմ ու ես մի տեսակ ինձ բարի զգացի դրանից։ Հետո ասաց․
- Դուք բարի եք քիչ ա, դեռ մի հատ էլ անընդհատ ժպտում եք։
Ժպտացի։ Հիմա էլ եմ ժպտում։ :))

Նիկեա
29.01.2018, 03:22
Մարդիկ դժվարությամբ են մոռանում իրենց սիրածների ծննդյան օրերը ու բույրերը։ Էսօր, ավելի ճիշտ արդեն երեկ, դպրոցական ժամանակների սիրուս ծնունդն էր։ Իսկ ես ինձ նեղություն չպատճառեցի անգամ շնորհավորել։ Դե որովեհետև, եսիմ, պե՞տք էր։

Մտածում եմ՝ իսկ ի՞նչ եթե փողերս հավաքեմ ու հունիսին համերգի գնամ։ Հը՞ն։ Մնում ա երկրորդ գործ գտնեմ, որ հավաքելու փողեր ունենամ։ Էսօր մի աշխարհ տեղ CV եմ ուղարկել, հուսամ առաջիկայում գոնե ինչ-որ տեղից կկանչեն։ Բայց իրոք, իսկ եթե իրոք ստացվի ու գնամ։

Էսօր ես փորձում էի նորմալ լինել։ Բայց անհետաքրքիր էր շարքային տան կնիկ լինելը։ Էլ չեմ անի տենց։

Իսկ էս երգը թող ստեղ մնա։

https://www.youtube.com/watch?v=AtHubsyGD8w

Նիկեա
01.02.2018, 01:59
Ինչպես որոշել էի ամփոփում եմ անցած մեկ ամիսը։

Հունվարի առաջին շաբաթը փառահեղ էր։ Վերջին անգամ եսիմ երբ նորմալ արձակուրդ ունենալուց հետո վերջապես հանգստացա, լիքը հավես թույն սերիալներ նայեցի, էներգիայով լցվեցի, որ հետո հաջորդ երեք շաբաթների ընթացքում դեպրեսիայից չճկվեմ, չպոկվեմ։

Հետո break-up ու ղզիկացումներ, լիքը կարոտել ու անկապ տզտզալ, բայց հիմա կամաց-կամաց ոնց որ թե ամեն ինչ իր տեղն ա ընկնում։ Մոտս էն տպավորությունն էր, որ ես իմ համար հանգիստ կանգնած եմ, մեկ էլ ինձ բռնում են ոտերից ու գլխից, խփում ծնկին ու մեջքս ջարդում։ Հետո շպրտում են ինչ-որ տեղում ու գնում իրանց ճանապարհով, ինձ էլ թողնում ճանապարհին մի տեղ ընկած։ Սկզբում ես փորձում եմ վեր կենալ ու կանգնել ոտքերիս վրա, բայց գլուխս էնքան ծանր ա ու ամեն տեսակ աղբով լիքը, որ կոտրած մեջքս կողքի ա ծռում։ Ես երկու ձեռքով առջևից ու հետևից կոտրված մեջքս ձիգ սեղմած մի կերպ ոտքի եմ կանգնում ու սկսում քայլել ու քանի որ ամբողջ կյանքում խեղկատակ եմ եղել, ոչ ոքի տարօրինակ չի թվում իմ տարօրինակ լինելը։ Բայց հիմա, կամաց-կամաց նորմալ մարդ եմ դառնում։

Հունվարին լիքը նոր, թույն մարդկանց հետ ծանոթացա։ Լիլիի հետ կարամ լիքը դեբիլ բաներից խոսամ։ Ինքը մտածում ա, որ ես մարդկանց թաքուն կծում եմ ու իրանք էլ են դառնում իմ նման։ :)) Լիլիթը ինձ միշտ գրկում ա, երբ պետք ա։ Հանգստանում եմ մի տեսակ իրա հետ։ Միհրանը բարիագույն արարած ա, նենց եմ երջանկանում բարի մարդկանց գտնելիս։ Իսկ էրեխեքիս մասին էլ չեմ խոսում։ Էսօր մեկը ասում ա՝ բա մենք առանց ձեզ ո՞նց ենք ապրելու։ Ու զգում ես, որ լուրջ ա հարցնում, ձև չի թափում։ Կարևոր ու կարևորված զգացի ինձ։ Մի խոսքով հունվարը նաև մարդկանցով հարստացումների ամիս էր։

Մի օր, կարծեմ երկուշաբթի էր, տեսա որ Լիզա Հանիգանը Դուբլինում համերգ ա տալու։ Գլխիս մեջ մի խլուրդ արթնացավ ու հուշեց, որ եթե երկրորդ գործ գտնեմ, ես կարամ փող հավաքեմ ու գնամ էդ համերգին։ Հաջորդ օրը գլխիս մեջ արթնացավ երկրորդ խլուրդը ու թե՝ դու հո ղզիկ չե՞ս, ո՞վ ա նստում ինքնաթիռ ու Ա կետից Բ կետ գնում։ Դու էդ փողերդ հավաքի ու համարյա նույն փողով, բայց գնացքներով ու ավտոբուսներով, տեղ-տեղ նաև նավերով գնա ու ավելի շատ քաղաքներում էղի, ավելի շատ երկրներում, ավելի շատ բաներ բացահայտի։ Ու որոշել եմ գնալու եմ Դուբլին։ Ու էն, որ հաստատ, հաստատ, հաստատ, հաստատ զգում եմ, որ գնալու եմ։

Հունվարը Նեթֆլիքսի սերիալները սիրելու, լիքը հավես կինոներ նայելու, վերջապես գեղարվեստական գիրք կարդալու ու օնլայն կուրսերը վերսկսելու ամիս էր։ Նայածս ամենատպավորիչ սերիալը Dark-ն էր, կինոն՝ Nocturnal Animals-ը, միակ կարդացածս գիրքը՝ Green mile-ը, օնլայն կուրսս արհեստական բանականության ու ռոբոտաշինության մասին ա։ Էս ամիս նաև սկսեցի ֆիններեն սովորել, դեռ շատ բան չեմ արել, բայց հուսանք էս լեզուն կեսից չեմ թողնի ու ինչ-որ հատկանշական մակարդակի կհասցնեմ։

Չգիտեմ, մի տեսակ զգում եմ, որ ամեն ինչ շատ թույն ա լինելու։

Նիկեա
06.02.2018, 02:59
Փետրվարի սկիզբը էնքան սիրուն ա, էնքան հագեցած, էնքան հավես, ոնց որ հեչ իմ կյանքը չլինի։ Ոնց որ մի շաբաթով ուրիշի կյանքը ապրեմ։ Սկզբում Ժուլիանը ու Մարգոն էկան մեր տուն։ Իրենց գալը համընկավ իմ թափառումների նախնական պլանի ծնունդի հետ ու իրանց ներկայությունը հիմա ինձ աշխարհում ամենաշատն ա մոտիվացնում, ամառը մի քանի օրով կամ շաբաթով ամեն ինչ ռադ անեմ ու գնամ թափառեմ։ Էնքան լուսավոր են իրանք, էնքան ջերմ։ Ուղղակի ափսոս իրանց հետ բավականաչափ շատ ժամանակ չեմ անցկացնում, բայց իրենց ինձ մոտիվացնում են նենց, ոնց երբեք ոչ մեկը չի արել։ Հետո իրանց հետ խոսելիս, իրենց ինչ-որ բան պատմելիս լիքը բաներ վերաարժեվորվում են մոտս։ Կարող ա էդ նրանից ա, որ խոսում եմ ոչ էն լեզվով, որով մտածում եմ ու ընթացքում սկսում եմ անգլերեն մտածել կողքից ինձ նայելով, ավելի ռեալ, ավելի սթափ դատելով, ավելի ադեկվատ իրավիճակը գնահատելով։ Ու ես վաղուց-վաղուց էի էկել էդ եզրահանգմանը, բայց հիմա ավելի հաստատ եմ համոզված, որ Հայաստանն ա էն երկիրը, որում ցանկանում եմ ապրել ու ինչ-որ բան փոխել։ Գրողը տանի, արժեքներ կան, որ իմ համար էնքան թանկ են ու էնքան դժվար ա բացատրելը, որ էդ քո համար արժեք ա։ Հենց էս տառերը, որոնցով գրում եմ, ասենք, ո՞նց ուրիշ լեզվով օրագիր գրես, կամ ուրիշ լեզվով սիրածդ մարդկանց ասես, որ սիրում ես իրանց, չսիրածներիդ էլ՝ ռադ լինեն։ Գիտեմ, պաթետիկ ա։ Ուրիշ երկրում էրեխեքին իրանց իրավունքների համար պայքարել սովորեցնելը սենց հավես չէր լինի։ Եսիմ։ Էն որ ես վստահ, վստահ, վստահ եմ, որ ուր էլ գնամ, մի օր գալու եմ ու ստեղ ապրեմ, աշխատեմ։ Որովհետև ծխախոտի մնացորդը էլ փողոցում չեն քցի ու չեն թքի։ Որովհետև կրթական համակարգը կամաց-կամաց քաքի միջից դուրս կգա, որովհետև գիտությունը ու գիտնականը վերջապես կարևորված կլինեն։ Որովհետև մեր սիրած խմբերը վերջապես ստեղ համերգներ կունենան։ Որովհետև էդ ժամանակ մենք մեզ տանը կզգանք, ոչ թե վանդակում ու չենք փորձի դուրս փախչել։ Ոնց որ շատ եմ ղզիկանում, անցնեմ առաջ։

Հետո ակումբի հանդիպումն էր։ Հավես էր։ Լիքը մարդկանց կարոտել էի։ Պետք ա երևի ավելի շուշուտ գնալ ակումբի հանդիպումներին։ :))

Հետո Արսենի ծնունդն էր։ Նոր մարդկանց եմ բացահայտել ու վերաբացահայտել։
Մարիամի հետ պահարանի մեջ նստել, երգ էինք լսում ու զռռում էինք։ Մենք երկուսս էլ բացարձակ սթափ էինք էդ ժամանակ։ Ուղղակի պահարանը, երաժշտությունը, մթությունը մի տեսակ տրամադրում էր սիրածներին հիշելու ու լացելու։ Նենց հաճելի ա, որ կողքիդ լրիվ քո վիճակին ինչ-որ մեկը կա ու դուք էն աստիճանի եք ապրումակցում իրար, որ բացի ամեն մեկդ ձեր համար լացելուց, ցավում եք մեկդ մյուսի համար ու մեկդ մյուսի համար լացում։ Ոչ մեկդ չի ասում, որ սաղ կանցնի, սաղ լավ կլինի։ Մենակ անկապ երգեր եք լսում, պարբերաբար իրար գրկում ու զռռում։ Ու հետո իրոք սաղ անցնում ա, սաղ լավ ա լինում։

Մարինեին ճանապարհելուց հետո Փակ շուկայից Արմենի հետ քայլում էինք հետ՝ դեպի տուն ու խոսում։ Մենք երկուսս բոլոր խմածներից ամենաադեկվատն ու օյաղն էինք։ Ու նենց հավես էր իրա հետ լիքը տափակ բաների շուրջ ինտելեկտուալ զրույցներ ծավալելը։ Հետո պաղպաղակ առանք ու գնացինք տուն։ Արդեն համարյա բոլորը գնացել էին ու մնացել էինք մենակ ես, Գոռը, Արսենը, Արմենը, Մերին։ Պաղպաղակ էինք ուտում ու էլի զավզակում։ Մեզնից ոչ մեկը էլ խմած չէր, մթնոլորտը լրիվ ընտանեկան էր, հերթով մեր սիրած երգերն էինք դնում ու շատ ցածր ձայնով լսում։ Հաճելի էր, մի տեսակ էս չորսին ավելի շատ սիրեցի։ Ժամը չորսն էր, գնացինք քնելու։ Արմենը սաղ գիշեր վատ երազներ էր տեսնում, Գոռը՝ հազում էր։ Իսկ ես ու Մերին առավոտ 6-ին գնացինք Մանումենտ՝ արևին նայելու։ Մերին լավն էր, իրեն մինչև Արսենի ծնունդը չէի ճանաչում, Արսենի մյուս ընկերներից էր, բայց հավես դեմք ա, արևոտ, պայքարող, ճակատով պատին խփող ու պատը ծակող։ Իր հետ խոսելն էլ էր հաճելի։

Հետո ստից-մտից նախաճաշեցինք, 12-ին տունը հանձնեցինք տիրոջը ու իրար ճանապարհեցինք։ Դուրս գալուց չեմ հիշում ով, ասեց, որ հավես էր որ գնացել էի, թե չէ ամեն անգամ քաշում, թռնում էի։ Եսիմ, իրոք հավես էր։ Սկսել եմ կոլեգաներիցս ոմանց վերաբերվել որպես "ավելին քան կոլեգա", իսկ իրանցից 2-ը արդեն ընկերներս են։

Գնացել էի Անժելից բանալիները վերցնելու, որ տուն գնամ, ու բժշկականում ինձ նենց տանը զգալով էի քայլում, ոնց որ մեր համալսարանը լիներ։ Հազար տարի չէի էղել ու մի պահ նենց հպարտացա ինձանով, որ ամեն ինչի տեղը ճիշտ էի հիշում :)) հետո Ռեմինիլոյին տեսա, գրկեցի։ Հավես էր։ Պետք ա մի օր հարմարեցնել ու իրան կարգին տեսնել։

Իրիկունը Հակոբին տեսա։ Լիքը անկապ խոսացինք, լիքը քայլեցինք, հավես էր։ Մնա, մի քանի օր հետո Հակոբի մասին ավելի մանրամասն, երկար կպատմեմ։
Իսկ վաղը գնում եմ Ազգային պատկերասրահ Այվազովսկու նկարները տեսնեմ քանի դեռ կարող եմ։ Մի խոսքով, ոնց որ թե լավ եմ։ :))

Նիկեա
08.02.2018, 02:08
Էսօր փետրվարի առաջին սովորական օրս էր։ Հայկը ասեց, որ սա գրքի հավես առաջին նախադասություն կլիներ։

Նիկեա
10.02.2018, 02:25
Երբ էսօր էլի բողոքում էի ու ասում, որ դեպրեսվում եմ էն մտքից, որ շուտով 21 տարեկան կդառնամ ու համարյա ոչինչ չեմ արել, Եվան սկսեց հիշեցնել արածս փոքր բաները, որոնք որ իրար գումարենք, ահագին բան կստացվի։ Չէ, փաստորեն 21 տարի լրիվ իզուր չեմ ապրել, հետո ի՞նչ որ դեռ ոչ մի մնայում արժեք չեմ հորինել։ Հետո, չեմ հիշում ինչից էինք խոսում, ասեց, որ երբ դեպրեսվեր, միակ մարդը, որի հետ կուզեր խոսել, ես կլինեի։ Հաճելի էր իրենից էդ լսելը։ Ասեց, որ ես էնքան տարօրինակ եմ, որ տարօրինակ ինչ էլ ասեր, ես չէի զարմանա ու կլսեի իրեն։ Եսիմ։

Արմենն ու Արսենը ասում են, որ էնքան քթի մազ, պերֆեկցիոնիստ եմ, որ չեմ ընդունում պերֆեկցիոնիստ լինելս։ :))

Լիլին ասում էր, որ երեկ համոզում էր իրենց հարևանին իր տունը էժան վարձով տալ, որ ես դառնայի իր հարևանը ու մենք պատի էն կողմից լսեինք իրար լսած երգերը, առավոտներն էլ մեկ-մեկ նախաճաշեինք։ :))

Էրեխեքս էլ էլի սովորականի նման կերակրում էին ինձ շոկոլադներով ու մանդարիններով, գալիս գրկում, բան։

Առավոտները ես ու Անժելը "գոռում" ենք իրար վրա։ Էդ ավելի շատ բողոք ա ուղված վերևի հարևաններին ու տարօրինակորեն հաճելի ա, ինչ խոսք :D

Մոտս էն տպավորությունն ա, որ ամբողջ աշխարհը սիրում ա ինձ։ Ավելի ճիշտ՝ համարյա ամբողջ աշխարհը։

Նիկեա
11.02.2018, 01:23
Ասում ա՝ այսօր առաջին օրն էր, երբ ես բացեցի աչքերս ու չէի մտածում քեզ զանգելու մասին։ Դա գիտակցեցի միայն արթնանալուց 3 րոպե հետո, երբ ատամներս լվանալիս հասկացա, որ ուզում եմ զանգել քեզ։

Նիկեա
12.02.2018, 03:16
Մորքուրիս տղան վեց տարեկան ա, սովորում ա առաջին դասարանում ու ատում ա գրելը։ Էսօր պայմանավորվել ենք, որ ամեն ամիս ինքը ինձ թղթի վրա նամակներ ա գրելու։ Ոգևորվել էր, բարձրաձայն ասում էր բառեր, հասկանալու համար էդ բառի բոլոր տառերը սովորել ա թե՞ չէ, որ կարողանար գրել ինձ։ Հիմա ես անհամբերությամբ առաջին նամակիս եմ սպասում։

Նիկեա
14.02.2018, 00:47
Մտածում եմ սենց բան անել․ համալսարանում մեզ հանձնարարված աղբի փոխարեն սովորել էն, ինչը իրոք ինձ պետք, հետո գնալ դասի ու ասել՝ դուք էլ գիտեք, որ մենք սովետաբույր գրականությամբ անկապ ժամանակ ենք վատնում, ես ավելի հետաքրքիր բան եմ կարդացել, կուզե՞ք քննարկենք։ Մեկ էլ տեսար աշխատեց։

Բայց որ սովորելու եմ ու գնահատականներս ուղղեմ, հաստատ։ Թե չէ սենց ճահիճն եմ ընկել ու ամեն անցնող օրվա հետ ավելի խորն եմ խրվում։

Ու մեկ ա, աշխարհում ամենահաճելի զգացողությունը էն ա, երբ զգում ես քո դրական ազդեցությունը ինչ-որ մեկի կյանքում։ Ոնց որ առաքելությունդ իրականացրած լինես։ Էդգարը, 14 տարեկան․․․ էսօր աչքերը նենց էին փայլում, որ նայում էի ու չգիտես ինչի սկսում հավատալ, որ հրաշքներ լինում են ու մի օր տիեզերագնաց եմ դառնալու :))

Կիրակի օր քայլարշավում ենք Գառնի, ամսի 24-ին Գյումրի եմ գնալու։ Փետրվարի երկրորդ կեսը խոստանում ա ավելի լավը լինել, քան առաջինը :))

Նիկեա
15.02.2018, 01:58
Էն որ քո համար քայլում ես, մեկ էլ դիմացից ինչ-որ ծանոթ դեմք ա անցնում։ Էն որ էն պահին, երբ իրար կողքով անցնում եք, ճանաչում եք իրար ու պտտվում ու դու հենց էդ, ամենաամենավերջին պահին ես ջոկում, որ ինքը մի 2,5 տարի առաջվա սերերիցդ էր։ Հետո հիշում ես, որ մի շաբաթ առաջ դու փորձում էիր, իրա անունը հիշել, որ ֆեյսբուքում ձեր նամակագրության միջից գտնեիր էն երգը, որը ինքը ժամանակին քեզ էր ուղարկել, որովհետև էդ օրը հենց էդ երգն ես ուզում լսել ու ոչ մի կերպ չես կարողանում անունը կամ խմբին հիշել, ու թարսի պես, նախկին սիրածիդ անունն էլ չես հիշում :)) Հետո խոսում եք ու ասում ա, որ մի շաբաթ առաջ քեզ էր հիշել, էն օրը որ պատահական հանդիպել էիք ու մի քանի ժամ Հրաչին սպասել։

Ուղղակի տխուր ա, որ ես մոռացել էի իրա անունը :))

Նիկեա
17.02.2018, 03:52
Մի քանի օր առաջ Եվայի հետ համերգներից էինք խոսում։ Խոսում էինք էն մասին, որ համերգների ժամանակ ուրիշ էներգիա ես ստանում, երաժշտության հետ բարձրանում ես ու իջնում։ Ուղղակի համերգներին միշտ լիքը մարդ ա լինում ու երևի դա լավ համերգների միակ թերությունն ա։ Հետո խոսում էինք էն մասին, որ հոյակապ կլիներ անձնական համերգի գնալը, երբ ինչ-որ մեկը մենակ քո համար կերգեր։

Եսիմ, երևի պետք ա ավելի ուշադիր լինել բառեր ընտրելիս ու մտքերը բարձրաձայնելիս։ Պատահում ա, որ դրանք իրականություն են դառնում։ Որովեհտև էսօր գնացել էի մենակ իմ համար "համերգի"։


https://www.youtube.com/watch?v=ZZVwnj5NqyY

Նիկեա
18.02.2018, 14:47
Ես հիմա Գառնի քայլարշավելիս պետք ա լինեի, բայց ես թթված վեր ընկած եմ տանը, որովեհտև երեկ Արսենը խմել էր ու իրան տարել էին քեռանց տուն, որտեղ ոչ ոք չգիտեր, որ ինքը առավոտ շուտ պետք ա արթնանա ու ինքը քնած էր մնացել։ Հետո երբ արթնացել էր, իրեն սկսել էր վատ զգալ ու չէր կարողացել գալ։ Ճիշտ ա՝ 10 րոպե սպասելուց հետո ես պետք ա ճանապարհ ընկած լինեի ու մենակ քայլեի, բայց ես մտածեցի, որ կնեղանա Արսենը։ Դեբիլ, դեբիլ ես։

Չէ, ես իրականում Արսենի վրա ջղայինացախ չեմ, ոչ էլ նեղացած եմ իրենից։ Ես նեղվում եմ նրանից, որ մարդկանց համար ինձ համար կարևոր արժեքները կարան արժեք չլինեն ու կարևորություն չունենան ընդհանրապես։ Ես նեղվում եմ նրանից, որ վախենում եմ մենակ քայլել ու միշտ խնդրում եմ ինչ-որ մեկին գալ հետս՝ Եվային, Արսենին, Լիլիին, Լիլիթին, Արմենին, բայց պետք չի ախր։ Ախր ես ինձ ավելի լավ եմ հասկանում, քան իրանցից յուրաքանչյուրը ու իրանք բոլորը միասին վերցրած։ Ախր ես ինքս ինձ հետ շատ ավելի հետքրքիր հարցերկարամ քննարկեմ, քան ցանկացած ուրիշի հետ։

Հետո պետք ա սովորել ագահ ու ժլատ լինել։ Որովհետև իմ անցած ճանապարհները իմ հարստություններն են ու ես չպետք ա դրանք կիսեմ ում հետ պատահի։

Ու ընդհանրապես, ամենաանկախը մենք էն ժամանակ ենք, երբ կախված ենք մենակ ինքներս մեզանից, երբ մենակ ենք էլի։ Ես որոշել եմ անկախ լինել։

Նիկեա
20.02.2018, 02:34
Ասում եմ՝ մարդ էլ, ով ժամանակին կարում էր միանգամից 5 հոգու սիրահարվեր օրվա տարբեր ժամերին, հիմա զոռով մի հոգու չի կարում։ Բոյով, սիրուն, բարի, նկարում ա, երգում ու նվագում, առաջինը իր ձայնագրությունները քեզ ա ուղարկում, էլ ի՞նչ ես ուզում։ Կարաս ժամերով ցանցառանաս հետը ու մոռանաք թե ձեր աբսուրդ խոսակցությունները ինչից էին սկսել։ Աշխարհաքաղաքական ու տարածաժամանակային այլ պայմաններում, որ չուզենայիր էլ, վաղուց սիրահարվել էիր իրան, բայց հիմա․․․ չէ, հո զոռով չի, չես կարում։

Նիկեա
23.02.2018, 03:48
Երբ 13 տարեկան Սմբատը ասեց, որ կյանքը էնքան սիրուն ա, որ կուզեր անմահ լինել հնարավոր բոլոր ձևերով ապրելու ու հնարավոր ամեն ինչ բացահայտելու համար, փշաքաղվեցի։ Ավելի փշաքաղվեցի, երբ 12 տարեկան Սայաթը, ասեց, որ ամեն ինչ հարաբերական ա, կախված ա քո հաշվարկման համակարգից, եթե քո կյանքը համեմատում ես մայիսյան բզեզի կյանքի հետ, ստացվում ա, որ դու համարյա անմահ ես։

Նիկեա
27.02.2018, 20:35
Երևի վերջին անգամ սենց հիվանդացել էի վեց տարեկանում։ Մինչև հիմա էդ ձմեռը տպավորվել ա որպես կյանքիս ամենացուրտ ձմեռ։ Մաման ասում ա, որ ցուրտ չէր, սովորական ձմեռ էր դրանից առաջ ու հետո էղած բոլոր ձմեռների մնան, ուղղակի տաքությունս անընդհատ բարձրանում էր ու ես վերմակների ու ծածկոցների տակ անընդհատ մրսում էի։

Գյումրու գնացքի մեջ ես արդեն զգում էի, որ հաջորդ օրը էներգիա չեմ ունենա իմ ուզածի պես քայլելու համար։ Զգում էի ու չէի ուզում հավատալ զգացածիս, հո ղզիկ չէի՞։ Բայց հաջորդ օրը Գյումրուց վերադարձա կիսամեռ, իսկ մինչև կհասնեի իմ սենյակ հասցրեցի մեռնել։ Ջերմությունս ստատիկ բարձրանում էր․ 10 րոպեում 0,1 աստիճանով։ Ամենաանդուր զգացողությունները ունենում էի, երբ ջերմությունս 37,5 - 38,5 միջակայքում էր, մեռնելս գալիս էր, դրանից հետո ինչ-որ չզգացող վիճակ էր սկսվում։ Էն որ մենակ աչքերիդ վառվելն ես զգում։ Բայց հիվանդանալու ամենաահավոր մասը էդ ֆիզիկական թուլությունը չի, էդ էն չի, որ գնում ես խոհանոց թեյ սարքելու ու հետո խոհանոցից հետ գալիս ուզում ես ճանապարհին ինչ-որ տեղ նստել, հանգստանալ, որովհետև մտածում ես ոտքերդ հեսա կպոկվեն տակիցդ։ Ոչ էլ էն, որ վերմակդ ընկնում ա գետնին ու էդ գետնից բարձրացնելու ընթացքում հնարավոր բոլոր հոդերդ ցավում են։ Չէ, ամենազզվելին էդ ղզիկացումներն են, էն որ սկսում ես մտածել, որ քեզ ոչ մեկը չի սիրում։ Որ միակ մարդը, ով կտխրի, եթե սատկես, հիմա գործի ա։ Հետո սկսում ես հիշել հոկտեմբեր-նոյեմբերի էն ստից հիվանդանալդ։ Էն ժամանակ բացի Անժելից էլի մի խնամող էլ ունեիր, որ կողքիդ կնստեր, մինչև կդզվեիր։ Հետո շոկոլադի տուփը, որ հեշտությամբ բացվում ու փակվում ա մի քանի անգամ, քեզ կհիշեցնի էն ձեր անկապ կատակը, որը հավանաբար հիմա մենակ դու ես հիշում։ Ու ինչքան էլ տարօրինակ ա, հիվանդ ժամանակ անգամ շոկոլադի տուփին նայելուց կարելի ա լացել։ Հետո հասկանում ես, որ մամայիդ ես ուզում։ Նորից չափում ես ջերմությունդ ու տեսնում որ հիմա նույն պարբերությամբ, որով բարձրացել էր, իջնում ա։

Հինգշաբթի օրը կապույտ մազերով Վիկայի հետ խոսում էինք մենակ ապրելու, ինքդ քո մասին հոգ տանելու ու նման բաներ մասին։ Չեմ հիշում ինչից հետո, ասեց․
- Հիվանդանալու՞ց ես վախենում,- մի տեսակ հեգնական բան կար տոնի մեջ։
- Չէ, հարգում եմ օրգանիզմիս պահանջները։
Էս քանի օրը ինչի մասին ասես, ինչքան ասես մտածել եմ ու ախր, գրողը տանի, հա, պետք ա վախենալ հիվանդանալուց, երբ դու ապրում ես լավագույն ընկերոջդ հետ ու ինքը ստրուկի նման աշխատում ա, չի կարա ոչ քո քմահաճույքները տանի հիվանդ ժամանակ, որովհետև ինքը սովորաբար տանն էլ չի լինում։ Պետք ա վախենաս հիվանդանալուց, երբ կողքիդ մամա չկա, ով միշտ գիտի ինչ պետք ա անել։ Պետք ա վախենաս հիվանդանալուց, որովհետև եթե դու տանը մենակ ես հիվանդ ժամանակ սկսում ես մղձավանջներ տեսնել, թե ոնց ես թեյնիկը գազի վրա թողել ու ոնց ա տունը պայթում, երբ դու քնած ես ու էդ ամեն ինչը էնքան բնական ա թվում, որ երազիդ պայթյունից ընկնում ես մահճակալիցդ։ Ու էլի ուրիշ, լիքը մանր-մունր բաներ կան, որոնք սկսում ես նկատել, երբ տանը մենակ հիվանդ պառկած ես ու դրանք նկատելուց հետո սկսում ես վախենալ դրանցից։

Բայց ես որոշել եմ սրանից հետո էլ չհիվանդանալ։ Ավելի եմ հարգելու օրգանիզմիս։ :)) Ուժեղանալ բոլոր ասպեկտներում (15 րոպե ա ասպեկտ բառի հայերենն եմ ուզում հիշել)։ Դառնալու եմ էն մարդը, որի վրա կհենվեմ ամբողջ ծանրությամբ ու ոտքերս սեփական ծանրությունից չեն կոտրվի։

Պաթետիկ էղավ։

Նիկեա
01.03.2018, 00:02
Նենց հաճելի ու գլխապտույտ արագ ամիս էր փետրվարը։ Էնքան շատ էին հաճելի պահերը, որ հիմա հետ եմ նայում ու աչքիս առաջով մեկը մեկից սիրուն կադրեր են անցնում։

Ամսվա առաջին չորս օրը խմած օրեր էին, դրանից հետո էլի միանշանակ էղան խմած օրեր, բայց ոչ 4 օր իրար հետևից անընդմեջ։

Առաջին բանը, որ հիշում եմ, էդ ամսի մեկին կոլեգաներիս համոզելն ու պաղպաղակ ուտելն էր։ Հավես էր հատիկ-հատիկ պաղպաղակի տուփի վրա պահպանման ժամկետը նայելու արարողակարգը ու թե ոնց էին պաղ պաղպաղակից մատներդ պաղում :))

Նավավարում Ժուլիանենց հետ խմելը ու հետո տուն գալն ու տափակ խոսելը, հետո բազմոցին փռվելն ու քնելը։ Հետո Արսենի ծնունդն էր հավես, թե ոնց էր սիրահայ Արենը սեղանի տակից ռուսերեն երգ երգում։ Իսկ գիշերը պաղպաղակ ուտելն ու շատ ցածր ձայնով երգեր լսելը։ Հետո էդ օրվա արևածագն էր հավես :)) Էդ օրվանից հետո Գոռին, Արսենին, Արմենին ու Մերիին ավելի շատ սկսեցի սիրել, չնայած որ մինչև էդ էլ էի սիրում։

Հետո ինչ-որ պահի ամիսը սովորականացավ, բայց անգամ էդ ժամանակ օրվա ընթացքում ես էնքան սիրուն ու անսովոր բաներ էի բացահայտում, որ չէի կարողանում հավատալ, թե էդ հերթական սովորական աշխատանքային օրն էր։ Մի քանի հարցազրույցի գնացի երկրորդ գործի համար ու հասկացա, որ ինչքան էլ լավ գործ գտնեմ, էս պահին ես ուղղակի չեմ կարա իմ էս պահի աշխատանքը թողնեմ, ես սասափելի շատ եմ սիրում էդ, սարսափելի շատ եմ սիրում էրեխեքիս։ Մենք հազիվ սկսել ենք իրար նորմալ ճանաչել, հազիվ գրքեր ու կինոներ ենք քննարկում, ու՞ր գործից դուրս գամ։ Բայց էս հարցազրույցները, չնայած որ ոչ մի շոշափելի արդյունք չունեցան, նպաստեցին ինքնագնահատականիս բարձրացմանը։ Էն որ ամեն տեղ ինձ ակնհայտորեն հավանում էին։ Էն որ սկսում էի մտածել՝ չէ, ես իրականում լավն եմ։ :))

Գիրք առա, որ նվիրեմ գիրք նվիրելու օրը ու 2 օր շուտ նվիրեցի։ Մենակ իմ համար "համերգի" գնացի, մենակ իմ համար երգած Creep-ը լսեցի կիսամութ սենյակում, մազերս բիզ-բիզ կանգնելու չափ փշաքաղվեցի ու չսիրահարվեցի։

Ինչ-որ պահի հասակցա, որ public speaking-ը լավ էլ ստացվում ա մոտս ու ես հաճույք եմ ստանում լսարանիս փայլող աչքերը տեսնելիս։

Մենակ գնացի Գյումրի ու մենակ էկա Գյումրուց։ Զարմանալիորեն հաճելի էր։ Ես գնացքում երբեք էդքան հաճելի ժամանակ չէի անցկացրել ինքս ինձ հետ :)) Հետո հիվանդացա, բայց արդեն լավանում եմ։

Փետրվարի ընթացքում էլի վերջացրեցի մի գիրք՝ Պալացիոյի "Հրաշքը", սկսեցի Կունդերա կարդալ ու սիրահարվեցի իր գրածին։
Stranger things-ը նայեցի, Dark-ից հետո մի քիչ սովորական էր թվում, բայց էլի լավն էր։ Game of Thrones-ի երկրորդ սեզոնը վերջացրեցի ու դեռ չեմ հասակցել թե էդ սերիալի ի՞նչն ա էդքան գրավում մարդկանց, սովորական քաղաքականացված ֆենթզի ա էլի :)) Սկսեցի նայել Օսկարին նոմինացված կինոները ու ամեն հաջորդից ավելի շատ հիասթափվել, քան նախորդից։ Մինչև հիմա մենակ LOU-ն եմ հավանել, կարճամետրաժ անիմացիա ա։
Էս ամիս ես նաև սկսեցի խաղ խաղա, Life is Strange-ը։ Չնայած որ դեռ առաջին էպիզոդն եմ վերջացրել, ահագին հավես ա թվում։ Բայց արդեն վերջում կռահում եմ ինչ ա լինելու։ Փետրվարին առողջ եմ սնվել, կտրել եմ մազերս ու էլի ինչ-որ ուրիշ բաներ էլ եմ արել։

Սիրուն ամիս էր փետրվարը։ Ավելի սիրուն քան հունվարն էր։ Մարտը պետք ա որ փետրվարից ավելի սիրուն լինի։
Օգին ասում էր, որ բոլորը իրենց կյանքում գոնե մեկ անգամ պետք ա արժանանան հոտնկայս ծափահարությունների, որովհետև իրանք ամեն օր հաղթահարում են կյանքը։ Չգիտեմ, վերամբարձ կհնչի, բայց ես երբեք ինձ ավելի շատ կյանքը "հաղթահարելիս" չեմ զգացել։

https://www.youtube.com/watch?v=TTAU7lLDZYU

Նիկեա
03.03.2018, 02:24
Հունվարի վերջերն էր։ Կամ ցուրտ օր էր, կամ ես էի մրսում։ Ահագին երկար կենտրոնում քայլելուց հետո կանգառում նստած սպասում էի ավտոբուսին։ Պրոսպեկտի կանգառում ինձանից բացի ոչ ոք չկար։ Համարյա 12-ն էր դառնում։ 40 րոպե կանգառում նստած նայում էի, թե ոնց են իրար հետևից 44 համարի կիսադատարկ ավտոբուսները գալիս, կանգնում, իսկ ես իրանց բաց եմ թողնում։ Էն որ էկել ա, քո համար ա էկել, դատարկ-դատարկ ա, քեզ ա սպասում, հենց քեզ, իսկ դու թողնում ես իրան։

Բաց թողնել էի պարապում։

Նիկեա
13.03.2018, 01:17
Ես աշխատում եմ կոլեկտիվիս հետ գործից հետո շատ ժամանակ չանցկացնել, բայց իմ կոլեգաների մեջ կան հավես մարդիկ, որոնց ոչ մի այն կարելի ա տրամադրել ազատ ժամանակդ, այլև իրանց համար տանել էն մյուս զզվանք կոլեգաներիդ ներկայությունը ու իրանց հետ գնալ ամառանոց։

Սկզբում ձանձրալի էր անցնում, ինչ խոսք, բայց էն պահին, երբ մենք վերցրեցինք մեր հոգեպահուստ խմիչքները ու բարձրացանք երկրորդ հարկ, ամեն ինչ սկսեց հետաքրքրանալ։ Գետնին նստած խմում էինք ու ամենաանկապ բաներից խոսում։ Սկզբում 4-5 հոգով էինք, հետո, քանի որ ներքևում շատ ձանձրալի էր ու իրար գրկած սիրակստիկ զույգերի ներկայությունը էնքան էլ հաճելի չի, երբ էդ սիրակստիկությունը բռնում ա իրանց սերը մյուսների աչքը մտցնելու համար, ոչ թե որովհետև էդ պահին տենց էին զգում, մեզ սկսեցին միանալ նաև ուրիշները։ Սենյակը փոքր էր, մենք գետնին էինք նստած ու քայլել չէր լինի էդ սենյակում, չնայած որ քայլել պետք էլ չէր։ Կամաց-կամաց մթնում էր, իսկ մենք մեր սիրած երգերն էինք վայելում ու տպավորություն էր, որ մենք երգերից ավելի շատ ենք հարբել քան խմիչքից։ Հետո երբ արդեն շատ մութ էր, գինու շշի վրա մոմ դրեցինք ու էդ մոմն էինք վառել, մոմի շուրջ հավաքվել։ Էնքան անկեղծ էր ամեն ինչ, բոլորը էնքան բաց էին։ Սկսեցինք իրար մասին ունեցած կարծիքները ասել։ Էդ ընթացքում Մոնիկան բարձրացավ վերև ու ես վերջապես իրան ասեցի, որ չեմ սիրում իրան։ Նենց թեթև եմ զգում ինձ հիմա, երբ ինքը գիտի դա։ Տարոնն ու Սոնան մի քանի րոպեով մտան սենյակ իմ խոսելու ընթացքում զուտ հետախուզելու համար ու ես մտածում էի՝ լավ, սենց խմած, երբ ուղեղս ավելի դանդաղ ա աշխատում, ես ո՞նց եմ բառեր գտնելու նկարագրելու համար թե ինչքան շատ են իրանք ազդում նյարդերիս վրա, հատկապես Սոնան իր հավերժական սառցե ադեկվատությամբ ու ցցած քթով։ բայց բարեբախտաբար իրանք շուտ գնացին ու ես ստիպված չէղա խոսել իրանց մասին։

Հետո ես ու Էլլան քայլում էինք մութ չոլերում։ Իդեալական մթություն էր։ Ես ասեցի, որ մթությունը նրա համար ա, որ մյուսները չտեսնեն թե ինչքան տխուր են էն մյուսները, դրա համար մեր սենյակում էլ էր մութ ու մենք մենակ մի մոմի էինք թողել, որ լուսավորեր մեզ։
Հետո երկար-երկար խոսում էինք։ Էլլան շատ լավն ա։ Մենք մտերիմ ընկերներ չենք ու չենք էլ լինի կարծում եմ, բայց ինքը էն մարդկանցից ա, որ զգում են՝ քեզ պետք են ու առանց սպասելու, որ դու կխնդրես, գալիս, կանգնում են կողքդ, բռնում ձեռքդ։

Հետո բոլորով մի բազմոցին ու փոքր կլոր սեղանի շուրջ, էլի մութ բայց էս անգամ ուրիշ մութ սենյակում նստած լուռ երգ էինք լսում ու դանդաղ օյաղանում էինք։ Էդ սենյակում մեզանից բացի մյուսներն էլ էին, էն տատիկական ժողովուրդը, էն որ չէի սիրում։ Բայց մի պահ զգացի, որ իմ համար մեր կլոր սեղանից էն կողմ մութ-մութ ա ու ես վաբշե թքած ունեմ նրանց վրա, ովքեր էդ մթության մեջ են։ Էնքան լի ու լրիվ էի զգում ինձ էդ պահին մի տեսակ։ Չգիտես ինչի հիշեցի, որ երբ դրսում քայյլում էինք, Էլլան ասեց՝ դու էնքան լիքն ես, որ քեզնից ինչ էլ պոկեն, ինչ էլ կորցնես, դրանից դատարկ չես դառնա։ Ու ես իրոք լիքն էի էդ պահին։ Իսկ օդում մեկը մյուսից հաճելի երգեր էին, ինչ խոսք։



https://www.youtube.com/watch?v=M-DOZ4XsMq0

Նիկեա
17.03.2018, 01:23
Ակումբը ինձ տվել ա իմ կյանքի ամենաէպիկ մարդկանց։ Էն որ ես երջանիկ եմ, որ գիտեմ իրանց, որ կան ինչ-որ բույրեր, գույներ, տեղեր, որոնք հենց իրանց են հիշացնում։ Էն որ ես ես եմ նաև իրանց դաստիարակության շնորհիվ։ Ամեն մեկը ինչ-որ չափով նպաստել ա իմ ձևավորմանը ու ես հավերժ կհիշեմ էն պահը, երբ Հարի Փոթերի Գալաթեայի թարգմանությունն էի կարդում ու որոշեց անպայման գրանցվել ակումբում։ ՈՒ առաջին ակումբի հանդիպումս։ Գրողը տանի, շուտով կլրանա ակումբում լինելուս 6 տարին ու էդ 6 տարիների աճս տեսնելով սկսում եմ ինձ մի քիչ ավելի շատ սիրել։ Ու սիրել ակումբում բոլորին, անգամ Բայնադուռին։
Գրողը տանի, ես ղզիկացել եմ ու էլի չգիտեմ ինչ ասեմ։ Մի խոսքով՝ օրհնվի էն սհաթը, երբ Չուկը արարեց ակումբը։

Նիկեա
18.03.2018, 19:19
Ես երբեք չէի մտածի, որ իմ սենյակում կկարողանանք 6 հոգով քնել, բայց էդ էլ էղավ։ Չնայած ավելի շատ չքնեցինք, քան քնեցինք, բայց դե, ամեն դեպքում։ Ինչ-որ պահի հեքիաթ էի պատմում։ Մարիամը մի քիչ հուզվեց։ Մի քիչ էլ ես։ Բայց ես կարիք էի զգում մարդկանց հեքիաթ պատմելու։ Որ հեքիաթ ես պատմում, ինչ-որ պահից սկսած դու էլ ես սկսում հավատալ էդ հեքիաթին։

Խմած գինու խցանների վրա ամսաթվերը գրելու ու խցանները պահելու սովորություն ա մոտս առաջացել։ Ոնց որ լավ հիշողությունները հավաքես, սեղմես էդ խցանի մեջ ու ամեն անգամ խցանին նայելիս իրանք էլի կենդանանում են։

Արմենը շատ լավն ա։ Էդ հասկանում ես մենակ էն ժամանակ, երբ ճանաչում ես իրեն, թե չէ առաջին հայացքից անլուրջ, անկապ գյադա ա թվում, ով անընդհատ խոսում ա։ Բայց չէ, ոչ էլ շատ ա խոսում։ Ժամանակի ընթացքում դրան էլ ես հարմարվում :)) դեռ Արսենի ծնունդի օրվանից ես ուզում եմ մի օր կարգին պատմել իր մասին, բայց երևի մի քիչ էլ սպասեմ, մի քիչ էլ իրան բացահայտեմ իմ համար, հետո կպատմեմ։ Ուղղակի նենց հաճելի ա, որ լավ մարդիկ երես չեն առնում, երբ 4 կողմից իրանց ասում են, որ իրանք լավն են։

Դախերը երջանկացել էին, որ իրենց համար ուտելիք էի սարքել։ Ընդհանրապես մարդիկ երջանկանում են, երբ իրենց համար ուտելիք ես սարքում ու երևի եթե ուզում ես որ քեզ մյուսները սիրեն, պետք ա սկսես կերակրել իրանց :))

Նիկեա
26.03.2018, 01:23
Փոքր ժամանակվանից ես անընդհատ սպասել եմ, որ ինձ հետ ինչ-որ կախարդական բան ա լինելու։
Որ շատ փոքր էի, վստահ էի, որ հայելու միջի աղջիկը ուրիշ աղջիկ ա, հայելու միջի աշխարհը ուրիշ աշխարհ ու բոլոր հնարավոր ձևերով փորձել եմ մտնել մեր տան բոլոր հայելիների մեջ։ Ոնց տեսնում եք չի ստացվել։ Հա, գուցե նմանատիպ մտքերի պատճառն էն էր, որ երբ փոքր էի, էնքան փոքր որ համարյա չեմ էլ հիշում, քնելուց առաջ պապս "Ալիս"-ն էր կարդում ու որովհետև դա տառերը սովորելուց հետո կարդալ փորձածս առաջին գիրքն էր։ Այնուամենայնիվ էն կախարդական բանը, որին սպասում էի, էդ ժամանակ տենց էլ չէղավ։

Հետո, կար ժամանակ, երբ պապիս տան պատուհանները դեռ չէին փոխել, իրենց հին, փայտե, երկշերտ ապակիներով պատուհաններ էին, որ հազար փեղկ են ունենում ու ձմռանը ամեն առավոտ ապակուն նոր պատկերներ էին նկարված լինում ու քանի որ էդ ժամանակ էլ "Ձյունե թագուհով" էի տարված, չգիտես ինչի որոշել էի, որ թագուհին հատուկ մարդ ունի, ով գիշերները պատուհաններին նկարում ա սառույցով։ Էդ ժամանակվանից ձևավորվեց գիշերները պատուհանագոգին նստելու ու դուրս նայելու սովորությունը։ Հույս ունեի մի օր բռնացնել էդ նկարչին։

Էն մասին, թե ինչքան մեծ նշանակություն ա ունեցել ինձ համար Ձմեռ պապը ու թե ոնց էի հավատում նրան, որ ամանորին հրաշքներ լինում են ու թռչող եղնիկներ իրականում գոյություն ունեն, էլ չեմ էլ խոսում։ Անգամ մանկական մղձավանջներս էին կախարդական, ինչ-որ կանաչ ու չար կախարդներ կային, ովքեր ինձ ուզում էին ուտել ու երբեմն ուտում էին։

Իմ կյանքում "կախարդական" նոր շրջան սկսվեց Հարի Փոթերով։ 10-11 տարեկան էի, որ առաջին անգամ առաջին ֆիլմը տեսա։ Սարսափելի տպավորված էի, ոնց որ հետս ինչ-որ կախարդական բան էղած լիներ։ Մոտ մի տարի հետո սկսեցի ակնոց կրել ու նենց ուրախ էի, որովհետև Հարիի նման կլոր շրջանակներով ակնոցներ ունեի ու ակնոցներիցս ինձ ավելի կախարդական էի զգում։ Էդ ընթացքում որոշեցի, որ պետք ա վերջապես կարդալ Հարիի շարքի բոլոր գրքերը։ Ռուսերնից մանկուց զզվում էի, ռուսերենը հաշիվ չէր, անգլերեն էլ էն ժամանակ նորմալ չգիտեի, հայերեն թարգմանությունն էլ կարծեմ դեռ չկար ու էդ ժամանակ ա որ ակումբը գտա։ Գալաթեայի թարգմանությունը վերջնականպես համոզեց, որ գրանցվեմ ստեղ ու ակումբում գրանցվելու պահին էլ զգում էի, որ իմ հետ ինչ-որ կախարդական բան ա լինում։ Բայց վերադառնանք Հարիին։ Որոշել էի ֆիլմերը չնայել, մինչև գրքերը լրիվ չվերջացնեմ։ Ու տենց մինչև 2014 թիվը դիմացա, Order of the Phoenix կիսատ թողեցի ու մի գիշերում սաղ նայեցի։ Դրանից հետո էլ չէի տրամադրվում, որ վերջացնեմ գրքերը երբ արդեն գիտեի թե ինչ ա լինելու վերջում։

Մի քանի օր առաջ Արմենի ու Հայկի հետ քայլում էինք Արմենենց տուն, որը մեր գործի տեղի կանգառից մի կանգառ վերև ա, որ ինչ-որ բան վերցներ ու հետո գնայինք տներով, երբ էլի սկսեցինք Հարիից ու Հոգվարթսից խոսել։ Արմենը իսկական ֆանատ ա, բայց նոր ա գրքերը կարդում։ Ինքը մի անգամ ասեց, որ ստիպելով երբեք ոչինչ չի կարդա, պետք ա հասունանա պահը կարդալու, որ անընդհատ չնայի թե գրքի վերջին քանի էջ ա մնացել, ընդհակառակը՝ չուզենա, որ գիրքը վերջանա։ Հիմա իր մոտ հասունացել ա Հարիները կարդալու պահը ու շատ տպավորված պատմում էր դետալներ, որ չէի էլ հիշում։ Տենց հավեսս տվեց, որոշեցի, որ հենց Միլան Կունդերան վերջացնեմ, Հարիներն եմ սկսելու։

Էսօր վերջացրեցի "Գաղտնիքների սենյակը" ու մոտս էլի էն զգացողությունն ա, որ հետս ինչ-որ շատ կախարդական բան ա էղել, որ հեսա դարակից հանելու եմ ցախավելս ու գնամ Քվիդիչ խաղալու։

Ուրեմն փոքր ժամանակվանից ամենաքիչը համ երկրորդ գիրքն եմ սիրել, իսկ երկրորդ կինոն ընդհանրապես չեմ սիրել։ Չգիտեմ ինչի։ Ասենք եթե 3-րդը մի 10 անգամ նայել եմ ամենաքիչը, 2-րդը երկու անգամ եմ նայել ու երկրորդ ագամից հետո էլ ցանկություն չկար մի անգամ էլ նայելու, չգիտեմ ինչի, իրոք։ Բայց էս գիրքը մահացու լավն էր։
Հեչ կապ չունի էն որ դու սաղ գիտես, որ գիտես թե վերջում ինչ ա լինելու, մեկ ա պարբերաբար սիրտդ տեղից դուրս ա հելնում, որովհետև մտածում ես՝ լավ, Հաֆլփաֆները ոնց կարան էդքան միամիտ լինեն ու հավատան թե Հարին ա ամեն ինչի մեղավորը։ Էն որ առաջին անգամ կարդալու նման ինչ-որ պահի կասկածում ես՝ կարո՞ղ ա ամեն դեպքում Փերսին ա, էդ իրան շատ տարօրինակ ա պահում ու կապ չունի, որ դու գիտես, որ էդ դեբիլը ընդամենը սիրահարվել ա։ Կամ որ գաղտնիքների սենյակով Հարին քայլում ա մտքում անընդհատ կրկնում՝ մենակ թե Ջինին ողջ լինի, մենակ թե ողջ լինի, դու էլ մոռանում ես, որ գիտես, որ ինքը սաղ ու սաղ լավ ա, մեկ ա վախենում ես, որ բա որ հանկարծ էս անգամ մեռած լինի, կարող ա վերջին անգամ կարդալուց հետո ինչ-որ բան փոխվել ա գրքի մեջ։ Սենց աննկարագրելի զգացողություն ա հիմա մոտս։ Ախր առաջին անգամ, որ կարդում էի, սենց չէի։

Մի անգամ քիչ էր մնում լիկվիդ մնայի ու Հարի Փեթերից պատմելով լիկվիդ չմնացի քիչ ա, մի հատ էլ 100 ստացա։ Ընդհանրապես, կար մի ժամանակ, երբ համալսարանում ինչ պատմում էի, Հոգվարթսոտ էր։ Հիմիկվա աշխատանքիս համար առաջին հարցազրույցին գնացել էի Գրիֆինդորի շարֆով ու Հոգվարթսից էի խոսում։ Հետո էդ շարֆը դարձավ դրոշակ, ազդանշան, որով լիքը մարդիկ գտան ինձ ու հիմա ուրախ եմ, որ կան կամ ինչ-որ ժամանակ էղել են իմ կյանքում։ Եսիմ, երևի գրող պետք ա լինել Ռոուլինգի նման, որ քո ստեղծած աշխարհը փոխի ընթերցողիդ աշխարհը, ավելի լավը դարձնի ու չնայած յեքա էշ լինելուն, իրան թվա թե հենց նոր ինչ-որ շատ կախարդական բան էղավ։ Ու երևի մեզ Հագրիդ ա պետք, ով կասի որ մենք կախարդ ենք ու անգամ ամենասարսափելի գազանների մեջ բարեկամի կտեսնի։ Ու երևի բոլորիս պետք ա Դամբլդոր, որ կասի, թե It is our choices, Harry, that show what we truly are, far more than our abilities։ Ու երևի մեզ Դոբի ա պետք, որ կփորձի փրկել մեզ, հետո էլ կհարթուկի ձեռքերը, որովհետև իրան արգելված էր փրկել մեզ։

Նիկեա
27.03.2018, 23:46
Ասում ա՝ մենք պատրաստ էինք ոչնչացնել ամեն սիրուն բան մենակ ապացուցելու համար, որ ոչինչ հավերժ չի։ Նենց սիրուն ա ասում, ո՞նց ա էս երգը շուտ չէի գտել։

***

Էն որ ես սարսափելի շատ եմ սիրում գործս, բայց սարսափելի շատ ուզում եմ դուրս գամ էնտեղից։ Մեր՝ իմ ու աշխատավայրիս հարաբերությունները արդեն անառողջ են։ Մի ժամանակ ես տալիս ու տվածիս չափ ստանում։ Հիմա ես տալիս, տալիս, տալիս եմ ու համարյա չեմ ստանում։ Դատարկվում եմ։ իրիկունը տուն եմ գալիս ու գլխիս մեջ վակում ա։ Ու միևնույն պահին սարսափում եմ էն մտքից, որ կարող ա մի օր էլ էնտեղ չաշխատեմ։ Ուֆ, եսիմ է։

***
Մի ժամանակ ես կարողանում էի հասցնել օրվա մեջ 15-20 ժամ երաժշտություն լսել, որովհետև ինչ անում էի, երաժշտություն լսելով էի անում, անգամ քնելիս ականջակալներս չէի հանում։ Իսկ հիմա չեմ կարողանում։ Ասենք ո՞նց կարելի ա միաժամանակ երգ լսել ու խոհանոցում ճաշ եփել ու երաժշտությունից բավականություն ստանալ։ Չէ, ճաշ սարքելը ավելի հաճելի ա դառնում, բայց երաժշտությունը մղվում ա երկրոդ պլան։ Ու հիմա օրվա մեջ գոնե կես ժամ ես ոչինչ չեմ անում բացի երգ լսելուց։ Անասելի հաճելի ա։

Նիկեա
29.03.2018, 03:26
Էն որ լինում են մարդիկ, որոնց մի անգամ պատահական տեսնում ես, լրիվ պատահական, լրիվ անծանոթ մեկին։ Էն որ քո հետ վաբշե կապ չունի ինքը։ Բացարձակապես։ Ու էն որ դու գիտես որ մի օր իրանց էլի տեսնելու ես, չգիտես երբ ոնց որտեղ, բայց գիտես որ տեսնելու ես։ ՈՒ էն որ գրողը տանի, էսօր առաջին անգամն էր, որ էդ կանխազգացումներիցս մեկը իրականացավ։ Էն որ մարդու հետ մի ժամ խոսալուց հետո նստում եք ավտոբուս ու էդ պահին գլխիդ մեջ սաղ մի պահ խառնվում ու դզվում ա ու դու ասում ես՝ գրողը տանի, ես քեզ ճանաչում եմ, մենք էլի ենք հանդիպել։ Ու էն որ պատմում ես ու պարզվում ա որ ինքն էլ էր հիշում, բայց ասում ա՝ էն ժամանակ ավելի փոքր էիր։ Մի խոսքով շատ թույն էր։ :))

***

Ես հենց նոր հասկացա որ ուզում եմ սենյակիս մի պատը կապույտ լինի ու վարագույրներն էլ դեղին։

Նիկեա
04.04.2018, 06:41
Ես ամբողջ կյանքս նույն սկզբունքով, կանոնով, ձևով, չգիտեմ ինչ ասեմ, մի խոսքով, նույն ձևով եմ ապրել․ սկզբում սաղ քաքմեջ եմ անում, հետո ջոկում եմ որ տենց չի կարելի, սթափվել է պետք, սա փոքր երկիր է, սա մեր ու ձեր երկիրն է, էէէէ, ինչ եմ ասում․․․ մի խոսքով ամեն ինչի հերը հնարավոր բոլոր ձևերով անիծելուց հետո, վերջին պահին փրկում եմ իրավիճակը։ Ու հեքիաթների նման վերջում ամեն ինչ թույն ա լինում, երկնքից էլ երեք խնձոր ա ընկնում։ Լավ հիշեցի, մյուս անգամ, որ Լոֆթ գամ դաս անելու, հետս 3 խնձոր եմ բերելու։ Կամ 4։ Հա, ինչի՞ եմ էս ամեն ինչը ասում։ Կուսեցիներս կուսայինները գրել վերջացրել են, իսկ ես ղեկավարիս հետ չեմ ծանոթացել, էսօր նոր սկսեցի գրել, բայց 12 էջ արդեն գրել եմ ու չնայած, որ կուրսայինիս թեման իմ հետ ընդհանրապես կապ չունի, ոնց որ թե լավ ա ստացվում, խզարում եմ :)) Ինձ թվում ա, ղեկավարս կհպարտանա ինձանով։ Կամ վաբշե շան տեղ էլ չի դնի, բայց դա չի կարևորը, կարևորը էն ա, որ ես էս ամեն ինչից հաճույք եմ ստանում։ Տարօրինակ ա։

Էսօր նաև 4 էսեյ եմ գրել։ Տարօրկինակ էր մի քանի ժամում 4 էսեյ գրել կարողանալը, որովհետև սովորաբար մեկից հետո լռվում եմ, բառերը ու մտքերը պրծնում են ու սկսում եմ անընդհատ կրկնել ինքս ինձ, բայց էս անգամ 4 իրարից տարբեր, տարբեր մոտեցումներո էսեյ գրեցի։ Տենց սիրում եմ ինձ հիմա :))

Մտածում եմ՝ Կարմիր գլխարկը 8ին բաց կլինի՞ գնամ մի կտոր կարկանդակ ուտեմ ու հետո վազեմ դասի։ Էդ իդեալական օրվա սկիզբ կլիներ։

ՄԻ դեբիլ բան էլ ասեմ ու գնամ մի ժամ էլ կուրսայինիս վրա աշխատեմ։ Էն որ գիշերը չեմ քնել, ոնց որ երեկը վերջացած չլինի, ոնց որ դեռ երեքշաբթի լինի, դեռ ամսի 3ը։ Ու չգիտեմ՝ էդ լավ ա թե՞ վատ։ բայց եթե դեռ ամսի 3ն ա, նշանակում ա ես մի օր շատ ունեմ պարապելու ու կուրսայինիս վրա աշխատելու ու որ ինքը ավելի թույն բան դառնա։

Համ էլ էսօր իմ ծնունդն ա, մենք դարձանք 5 տարեկան։ Հեհ։ Հետաքրքիր ծնունդ ա, ինչ խոսք։ Էականապես տարբերվում ա նախորդ երկու ծնունդներիցս։ ՈՒ վաղը Անժելի մամայի ծնունդն էլ ա։ Ոնց որ թե։ Եթե չեմ սխալվում։

Նիկեա
09.04.2018, 14:07
Անկեղծ ասած հաճելի ա նորմալ լինելը։ Առավոտ հելնելը, ոտի վրա մի բան ուտելը, հետո քննության վազելը։ Հետո կամ գործի կամ տուն գնալը։ Բայց հատկապես հաճելի ա տուն գնալը։ Օրը ցերեկով, երբ փողոցներում լիքը մարդիկ կան անընդհատ վազքի մեջ ու ինչ-որ տեղ շտապող։ Հաճելի ա տեսնելը, որ քո սիրած բանջարեղենի խանութը վերջապես էլի բաց ա, որովհետև նախորդ մի քանի օրերին փակ էր։ Հետո հաճելի ա նույն հացի խանութից հաց առնելը ու հատկապես հաճելի ա, երբ հացավաճառ տատին քեզ տեսնելով ասում ա, որ քունջութվ հացերը հենց նոր վերջացան, մի քիչ ուշացել եմ։ Ընդհանրապես լավն ա ինքը, ինձ թվում ա մի քանի ամսից, երբ էլ էս շենքում չապրենք, ես մեկ ա մեկ-մեկ գալու եմ իր մոտից քունջութով հաց առնեմ։ Անգամ լվացք անելն ա հաճելի, երբ մեկ-մեկ ես լվացք անում։ Հետո հաճելի ա մտածել, որ պատուհանիդ տակ ապրող միաչքանի փիսոն իրականում քոնն ա ու հաճելի ա, երբ դուք իրար հետ կաթ եք խմում ու արևոտվում եք։ Փիսոն մռռում ա ու իր մի աչքով քեզ նենց նայում, որ հալվում-ծորում ես պատուհանագոգից նորքև։ Ու ինչ հաճելի ա, որ վերջապես կարաս պատուհանդ բացես, ու քո լսած երաժշտությունը բացի սենյակիցդ մի քիչ էլ փողոց ա լցվում։

Նիկեա
13.04.2018, 02:14
Էրեխեքիցս մեկը իմ համար ֆիլմերի ցուցակ էր կազմել ու թղթի վրա գրած սիրուն բերել։ Հալվեցի։

Արփինեն ասեց, որ ես իրա միակ ընկերն եմ։

Արմանը ետևիցս քայլում էր ու իր սիրուն, ծորուն ակցենտով ասում, որ եթե ես մի օր գործից դուրս գամ, ինքն էլ դասի չի գա։

Բայց ես ուսանողներիս դանդաղ պատրաստում եմ նրան, որ շուտով էլ միասին չենք աշխատելու։ Տխուր ա։ Բայց նաև հաճելի ա մտածելը, որ իմ կյանքի ինչ-որ փուլում ինձ էսքան շատ էրեխեք սիրել են, որ ինչ-որ բան արել եմ իրենցից թեկուզ որոշներին օգնելու համար ու էդ որոշներից որոշներին էլ իրոք օգնել եմ։ Էրեխեքիս հետ շփվելիս աշխատանքս հազար անգամ ավելի շատ եմ սիրում ու զգում, թե ինչ կատաստրոֆիկ ծանր ա լինելու իրենց հրաժեշտ տալը։ Հետո հիշում եմ ղեկավարությանս ու թե ոնց են նենց անում, որ զզվեմ գործիցս։ Հիշում եմ, թե ոնց ա աշխատանքս աշխատանքային տարածքից բացի գրավել անձնական հարթակս էլ ու հասկանում եմ, որ որոշումս ճիշտ ա։

Մոտս նենց զգացողություն ա, որ երբ գործից դուրս գամ, կյանքս հիմնովին փոխվելու ա։ Ընդհանրապես չգիտեմ ինչի զգում եմ, որ էս տարին շրջադարձային ա լինելու իմ կյանքում։

Նիկեա
20.04.2018, 00:32
Երթից հետո Նալբանդյանով քայլում էի վերև, դիմացով էլի երկու ուրիշ ակտիվիստներ էին քայլում՝ մի աղջիկ ու մի տղա։ Իսկ մի էրկու քայլ էն կողմ մի ոստիկան էր քայլում։ Տղան ասաց՝ մենք ձեզ իրականում սիրում ենք, պարոն ոստիկան։
- Մենք էլ ձեզ ենք հարգում, պատասխանեց ոստիկանն ու արագ-արագ քայլեց Նալբանդյանով վեր։
Էդ ընթացքում միացրեցի երաժշտությունը, ականջակալներս դրեցի ու ես էլ արագացրեցի քայլերս։ Ոստիկանը լուսացույցի մոտ կարմիր լույսի տակ կանգնած էր, էն պահին երբ հասա, կարմիրը փոխվեց կանաչի ու առանց ընթացքս դանդաղեցնելու շարունակեցի քայլել առաջ։ պատրաստվում էի անցնել փողոցը, երբ ոստիկանը, ձեռքով պահեց ինձ ու չթողեց անցնել փողոցը։ Մի մեքենա շատ արագ անցավ փողոցը ու քանի որ ես չէի նայում մեքենայի կողմը մեծ հավանականություն կար որ մեքենայի տակ կընկնեի։

- Փողոցն անցնելիս հանեք ականջակալները,- ասաց ոստիկանը։
- Սովորաբար հանում եմ ու ավելի ուշադիր եմ, ուղղակի մտքերով էի։ Մերսի շատ։

Հետո քայլում ենք կողք կողքի։ Ես արդեն հանել եմ ականջակալներս։
- Իսկ դուք ո՞նց եք տրամադրված։ Դուք մեզ չե՞ք ատում,- հարցրեց ոստիկանը։
- Չէ, ես ձեզ հասկանում եմ։
- Չեք ձայնագրում, չէ՞։
- Չէ, ինչ եք ասում,- երկուսս էլ ժպտում ենք։
- Մենք հարգում ենք ձեզ ու ձեր քաղաքական հայացքները։ Հասկանու՞մ եք, լիքը բաներ մեզ էլ դուր չեն գալիս,- մի պահ լռում է,- խնդիրը ուղղակի նրանում ա, որ մենք բոլորս կիսում ենք համարյա նույն քաղաքական հայացները ուղղակի ես համզգեստով եմ։
- Չէ, ես հասկանում եմ Ձեզ։
- Բա էս ժամին տրանսպոր կլինի՞, որ տուն գնաք։
- Ըհն։
- Դե զգույշ կլինեք։ Լավ մնացեք։ Հուսամ մի օր ավելի լավ պայմաններում ու ավելի լավ առիթով կհանդիպենք,- ասում է պարոն ոստիկանը։
- Ավելի լավ Հայաստանում,- ասում եմ ու առաջ անցնում ոստիկանից։
- Հուսանք,- լսում եմ իմ հետևից։
- Կլինի,- վերջին անգամ շրջվում եմ, ոստիկանը ժպտում ա։ Հետ եմ դառնում ու ինչքան կարող եմ արագ քայլելով շարունակում եմ բարձրանալ։ Համարյա վազում եմ ու լաց լինում։ Թե ինչի՞, ես էլ չգիտեմ։

Նիկեա
24.04.2018, 04:22
Ապրիլի 13ին առաջին անգամ գործից հետո կոլեգաներիցս մի քանիսի հետ գնացի Ֆրանսիայի հրապարակ։ Ոնց որ առաջին օրն էր, երբ էդ կողմերում ճանապարհները փակել էին։ Ուրիշ բան էի սպասում, ուրիշ բան տեսա։ Օդում ընդհանրապես հեղափոխական տրամադրություն չկար։ Լիքը մարդիկ ուղղակի էկել էին, որովհետև դզում էր Մաշտոցի պողոտայի կենտրոնով քայլելը ու սելֆի անելը, հետո թոռներին ցույց կտային, ի՞նչ ա էղել որ։ Քայլում էինք, կողքներովս արևածաղկի սերմերով զինված երկու երիտասարդ անցան, մեկը մյուսին ասում էր՝ հա, ախպեր, հենց էն սկամեյկի վրա էլ կլռվցնենք։ Շատ տխուր էր գիտակցել, որ լիքը մարդիկ էկել էին ստեղ ոչ թե ինչ-որ սպասելիքների հույսով, այլ ուղղակի լռվցնելու համար։

Հաջորդ օրը գործից հետո էլի իջա Օպերա։ Մթնոլորտը, տրամադրությունը էլի նույնն էր, ոչ մի բան չէր փոխվել։ Ու էդ ամեն ինչից ավելի դեպրեսված որոշեցի, որ իմ համար աջս քաշած ապրելու եմ։

Կիրակի օրը մնացի տանը, ֆեսյբուք չմտա, ազատության ուղիղ միացումները չնայեցի, սերիալ էի գտել, բզբզում էի, ջայլամի պես գլուխս ավազի մեջ խրած սպասում էի։ Համոզում էի ինձ, որ ես լավ եմ, որ սաղ թույն ա, որ իմ ներկայությունը ոչ մի բան մեկ ա չի փոխի, որ ես շատ փոքր եմ, քիչ եմ։ Բայց սիրտս տեղից հելնում էր, չէի դիմանում, պայթում էի։ Ու մեկ էլ որ չտեսա՝ երկուշաբթի օրվանից դասադուլ, գործադուլ ա, մետրոն են կանգնացնելու, փողոցներ փակեն, չեմ կարա նկարագրեմ թե ինչ էղա։

Երկուշաբթի առավոտը մի քիչ խառն էր ու ժամը 2-ին հազիվ կարողացա հասնել կենտրոն։ Իմ սպասածից ավելի շատ մարդ կար։ Բաղրամյանը դեռ փշալարերով չէին փակել։ Մեջտեղերում ամբոխի մեջ կանգանած էինք, երբ պայթեցին նռնակները։ Իրոք վախենալու էր, բայց էդ պահին էդտեղից չէի ուզում փախնել, ոչ մեկը չէր ուզում փախնել։ Հիմա մտածում եմ՝ եթե էդ օրը ձայնային նռնակներ չլինեին ու մարդիկ չվիրավորվեին, գուցե էսքան մարդ փողոց դուրս չգար ու չլիներ էն ինչ էղավ։ Նռնակների պայթյունից հետո մարդիկ մի տեսակ ուրիշ դարձան, ավելի լուրջ, էլ լռվցնելու համար չէին մնում։

Հոդված 3ից ակտիվիստներ էկան, բուկլետներ էին բաժանում թե ինչ պետք ա անել, երբ քեզ բերման են ենթարկում կամ ոնց պաշտպանվել ցույցը ցրելու տարբեր միջոցներից։ Կեսից ես էլ սկսեցի իրենց հետ բաժանել։ Սկզբում խուսափում էի քյառթուներից, մտածում՝ դե լավ, իրանց ինչին ա պետք։ Հետո սկսեցի մտածել, որ գրողը տանի, բայց ախր հենց իրանց ա պետք կրթել, իրանցից պետք ա սկսել հեղափոխությունը։

Էդ օրը ես մնացի փողոցում։ Էդ օրը որոշ փողոցներ ու խաչմերուկներ դարձան իմը, Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի լապտերը՝ ամենասիրածս լապտերը, անգամ աղբամաններին սիրեցի։ Էդ օրը գեյերն ու քյառթուները նույն կրակի շուրջ նստած իրար էդ կրակի մեջ չէին վառում, իրար չէին քֆրտում, ռասիզմից էին խոսում մարդիկ։ Էդ օրը որ կողմ քայլում էիր, քեզ կանչում էին որ տաքանաս կրակի շուրջ ու Ռոդեննոցում սարքած տաք-տաք պլեճ ուտես։ Մարդիկ էնքան բարի էին էդ օրը ու էդ օրվանից հետո, որ ուղղակի անհնար էր իրենց չսիրելը։
Նորայրի տանը չայ խմելուց ու տաքանալուց հետո, երբ Դատարկն ու Մարկուսը արդեն տուն էին գնացել, Մարիօյի հետ Սայաթ-Նովա- Մաշտոց խաչմերուկը փակած նստարանին կիսանստած առաջին անգամ մտածում էի, որ չեմ ուզում արտագաղթել, որ չեմ արտագաղթելու։ Ես համարյա բան չէի արել, ուղղակի մի գիշեր լիքը ուրիշ մարդկանց հետ արթուն էի մնացել, բայց ինձ համար ինչ-որ շատ-շատ կարևոր բան էի արել։ Ես ու Մարիօն խոսում էինք, որ մենք մեծ սպասելիքներով չենք էկել, որ մենք էկել ենք հիասթափությանը պատրաստ ու որ էն, ինչ լինում ա հիմա, արդեն հսկայական քայլ ա։ Side project-ի երազն էինք լսում, մտածում թե ինչ սիրուն ա կարգավորվում երթևեկությունը ու թե ինչ լավն ա, անգամ էն լուսացույցը, որ միշտ կարմիր ա ցույց տալիս ու թե ոնց ա երկնքի կապույտը փոխում երանգները։ Ու խոսում որ եթե հեղոփոխության մասին կինո նկարելու լինեմ, կսկվի ինչ-որ փողոցի լույսերի անջատվելու տեսարանով ու կվերջանա թե ոնց են վառվում էդ նույն փողոցի լույսերը։ Անքնությունը խմածության էֆեկտ էր թողել ու ես լիքը անկապ բաներ էի ասում։

Առավոտ երիտասարդականն էինք փակել։ Մենք երկրորդ գծում էինք կանգնած, երբ ոստիկանները առաջին գծից լիքը ցուցարարների հավաքեցին, լցրեցին մեքենաները ու տարան, բայց էդ պահին ոչ ոք չմտածեց հետ գնալու ու ճանապարհը բացելու մասին։

Երբ իմացա, որ ոչ պաշտոնապես մենք էլ ենք գործադուլ անում, առիթից օգտվեցի, գնացի մի քանի ժամ տուն, քնեցի։ Ավտոբուսի մեջ բոլորը ցույցերից էին խոսում, հատկապես 2 պապի էին շատ բուռն քննարկում։ Մեկը ասեց․
- էրեխա են դեռ, ջահել են, ոտի տակ կտան, կճզմեն, կկոտրեն, ափսոս են։
Ինձանից մի քիչ հեռու մի մամա էր նստած 9-10 տարեկան տղայի հետ։ Էդ պապիկների խոսակցությունից հետո էրեխեն մամային ասեց․
- Մամ, որ մեծանամ, կլնի՞ իրար հետ ցույցի գնանք։
Մաման ոչ մի բան չասեց, ժպտաց մենակ։

Իրիկունը երբ էլի կենտրոն իջա, երբ երթից հետո Նիկոլը բոլորին տուն ուղարկեց, մի տեսակ նեղվեցի։ Մտածեցի, որ էս վերջն էր։ Որ հիմա ամեն օր ավելի ու ավելի քիչ մարդ կգա, շարժումը կմարի ու մենք էլի նույն կոտրած տաշտակը կունենանք։ Չնայած,որ մենք պատրաստ էինք հիասթափությանը, բայց երևի հիասթափությունը էն բաներից ա, որին երբեք, ինչքան էլ ուզում ա պատրաստ լինես, մեկ ա պատրաստ չես։ Նավավարում մի էրկու ժամ նստելուց, մի քիչ գինի խմելուց հետո, թթվածությունս անցավ ու սկսեցի մտածել՝ իսկ ի՞նչ եթե էս ամեն ինչը թույն մտածված պլանի մի մասն ա, իսկ ի՞նչ եթե էդ պլանը էնքան հիասքանչ ա, որ ոչ մեկը դրա մասին սկի գլխի էլ չի ընկնում։ Էդ միքտը մի տեսակ հույս էր տալիս։

Դրանից հետո համարյա ամեն առավոտ գնում էի կենտրոն, ինչ-որ փողոց փակելու, հետո գործի, իրիկունն էլ գործից հետո հանրահավաքի։ Արանքում հասցնում էի լողանալ, մեկ-մեկ էլ հաց ուտել։ Մի տեսակ հավատս էլ չէր գալիս, բայց օր օրի հրաարակում քայլելը ավելի դժվար էր դառնում։ Արդեն սկսել էի ինձանից թաքուն հավատալ, որ ինչ-որ բան փոխվելու ա։

Էսօր Կարմիր գլխարկում նստած էինք, տելեգրամին հերթական նամակը էկավ։ Անկախ ինձանից բարձր կարդում եմ․ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սաղս իրար ենք նայում, իրար չհավատալով։ Կողքի սեղանից սկսում են գորգոռալ, իրենք էլ են նույնը կարդացել։ 5 րոպե հետո Pan-ն ա գրում էդ մասին։ Ու ես փողոց եմ վազում որ Մարինեին գտնեմ, հետո գրկում ենք իրար ու երկար-երկար ծիծաղում, ծիծաղում էնքան մինչև սկսում ենք լացել։ Գրողը տանի, ես երբեք կյանքում նման զգացողություն չէի ունեցել։ Էն որ սաղ փողոցը, բոլոր բոլոր բոլոր բոլորը հետդ գոռում են, պայթում են։ Էն որ գրողը տանի, 10 օր առաջ մենք փողոց էինք ելել առանց հույսերի ու ակնկալիքների, ելել էինք որովհետև զզվել էինք անարդարությունից ու մնացած ամեն ինչից, չլսված լինելուց, սեփական երկրում ստրուկ լինելուց առանց պատկերացնելու, որ նման ավարտ կարա լինի։

Էս օրերի արդյունքում մենակ վարչակազմը չէ, որ փոխվեց։ Մարդիկ փոխվեցին։ ՈՒ իրոք փոխվեցին։ Ասենք իմ համալսարանի էրեխեքը էսօր մինչև դասադուլը սկսելը հանդիպել են ռեկտորի հետ ու պահանջել որ ՀՀԿ-ական ՈՒԽ-ն լուծարվի ու նորը ընտրվի, որ համալսարանը պահպանի իր ապաքաղաքական դիրքորոշումը ու որ ցույցերի ընթացքում բացակա էղած ոչ մի ուսանող բացակա չստանա ու քննություններին չներկայանալու համար ոչ թե լիկվիդ մնա, այլ ուրիշ օր հանձնի։ Մեր համալսարանի էրեխեքը, հասկանու՞մ եք։ Լիքը մարդիկ, հատկապես ավագ սերնդից, ովքեր թերահավատությամն էին նայում էսօրվա երիտասարդությանը, արդեն ավելի լուրջ կվերաբերվեն մեզ, որովհետև ինչ-ինչ, բայց մենք հեղափոխություն ենք արել։ Լիքը մարդիկ հասկացան, որ երբ իրոք ուզում են ինչ-որ բան փոխել, փոխում են։

Գրողը տանի ինչքան թույն էին վերջին մի քանի օրերը։ Ու անգամ էսքան գրելուց հետո մեկ ա լիքը չասված բաներ են մնում։ Բայց գրողը տանի, բառեր էլ չկան զգացմունքները արտահայտելու համար ու մեջդ մնացած էդ ամեն ինչը չի թողնում որ քնես։ Ինչ գերէմոցիոնալ էր ամեն ինչ, ինչ սիրուն էր։ Ինչքան լավն են էն մարդիկ ում հետ ծանոթացա էս ընթացքում, ում վերաբացահայտեցի էս ընթացքում։ Ես չգիտեմ, թե ինչ են զգում մարդիկ իրենց բանակի ընկերների նկատմամբ կամ պատերազմի ընկերների, բայց շատ թույն ա հեղափոխության ընկերներ ունենալը։ Ու CV-իս մեջ գրելու եմ, որ ես կարողանում եմ փողոց փակել։

Իսկ առավոտ գնում ենք մաքրություն անենք, սկսենք երկիր կերտել։

Ինչ պաթետիկ եմ, գրողը տանի։

Նիկեա
24.04.2018, 23:26
էս ավելի շատ ներքին հեղափոխություն էր։

Էն որ սկսում ես դասավորել դարակներդ, առանձնացնել վերջապես ամառային ու ձմեռային շորերը, հետո ըստ գույների ու երանգների դասավորել։ Էն որ լվացք ես անում ու միանգամից փռում, ոչ թե մնում ա լվացքի մեքենայի մեջ մի շաբաթ, հետո երկրորդ անգամ ես լվանում։ Էն որ աղբը միանգամից տանում թափում ես չսպասելով որ ամբողջ շաբաթվանը կուտակվի ու միանգամից թափես։ Էն որ զանգվածային բոյկոտում ես բոլոր օլիգարխիկ սուպերմարկետները ու էս անգամ հաստատ գիտես, որ վերջնական-վերջնական։ Էն որ խանութ գնալիս հետդ տոպրակ քո տոպրակն ես տանում։ Էն որ փողոցում ինչ-որ տեղ թափված աղբ ես տեսնում, անկախ քեզանից հավաքում ես։ Էն որ եթե առաջ զզվում էիր համալսարանից ու չէիր ուզում գնալ, հիմա անհամբեր սպասում ես մայիսի 2-ին, որ վերջապես դասի գնաս ու սկսես ինչ-որ բան փոխել։ Ինչ-որ բան փոխվել է ու էդ վարչապետը չի։ Մեր մեջ ա ինչ-որ բան փոխվել։

Նիկեա
27.04.2018, 17:52
Գրողը տանի, սիրահարվել եմ :))

Նիկեա
01.05.2018, 11:52
Ես որոշել էի ամեն ամիսը ամփոփել։ Մարտի 31-ին նստած զարգացման էի սպասում, որովհետև հավատում էի, որ ինչ-որ բան ա լինելու։ Բայց չէղավ։ Գրելու հավեսս էլ փախավ։ Հիմա արդեն գլոբալ չեմ էլ հիշում, թե ինչ էր եղել, բայց դե։ Գոնե ապրիլը ամփոփեմ, որ հետո չմոռանամ։

Ապրիլի սկիզբը նշանավորվեց Բագրատով։ Որոշել էի իրեն սիրահարվել, բայց ո՞վ ա որոշելով սիրահարվել, որ ես սիրահարվեմ։ Բագրատը էն տղան ա, ում մի անգամ ավտոբուսի մեջ էի տեսել, մի տարի առաջ։ Չէինք խոսել, մենակ իրար էինք նայել։ Հետո ինչ-որ պահից չէի դիմացել, ծիծաղս զսպել չէր եղել ու արդեն ողջ ավտոբուսն էր ինձ նայել :)) Թե որտեղից եմ իրեն հիշում, հիշեցի ավելի ուշ։ Ինքն էլ հիշեց։ Ասաց՝ էն ժամանակ ավելի փոքր էիր, մազերդ էլ կարմիր էին։ Կարմի՞ր։ Երևի կարմրոտ։ Ինչևէ։ Մնա հետո կպատմեմ իրա մասին։ Աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով Բագրատը մղվեց երրորդ պլան։

Ապրիլի սկիզբին ծանոթացա նաև Գոռի հետ։ Դժվար ա ասել, որ ինքը քյառթու ա, ու դժվար ա ասել նաև որ քյառթու չի։ Վանաձորցի ա, ամուսնացած ա, մինչև մայիսի վերջերը երեխա կունենա, ատամնաբույժ ա ու իր կյանքը երկրորդ մեծ սերը մեքենան ա։ ՍՕԱԴ ա լսում, երբ քյառթու չի ու Սելին Դիոն։ Հավես կերպար էր, արժի մի օր իր մասին ինչ-որ բան գրել։

Հետո սկսվեց հեղափոխությունը ու ամեն ինչ, բացի փողոց փակելուց, քաղմաս չընկնելուց, հանրահավքին գնալուց, կորցրեց իր կարևորությունը։ Ամսի 10ին էր կարծեմ, Եվայի հետ քայլում էիք գործից հետո ու ես բացատրում էի, թե ինչի ա ինձ անհրաժեշտ սիրահարվել։ Ասում էի, որ ես ինձ ողջ զգալու համար սիրահարվել ա պետք։ Բայց չէ, հեղափոխությունը առավել քան հերիք ա որ քեզ ողջ զգաս, որ սկսես օդերով քայլել :)) Էդ առաջին տաս օրերի տրամադրությունը ամեն ինչ արժեր։ Էն որ կես ժամ առաջ Բաղրամյանում ձայնային նռնակներ էին օգտագործել, իսկ մենք մայթին նստած գիրք էինք կարդում։ Լրիվ անծանոթ մարդիկ երբեք էդքան հարազատ չէին էղել։ Էդ մի քանի օրերի ընթացքում լիքը մարդկանց մեջ լիքը բան փոխվեց։ Մարդիկ սկսեցին ավելի շատ իրար հոգ տանել, ավելի շատ սիրել իրար։ Ամսի 23-ին, երբ տուն էի գնում, ավտոբուսում մի տղա ընկերոջ հետ էր խոսում։ Երկուսին էլ կարելի ա ասել գիտեի, վերջին օրերին համարյա ամեն օր տեսել էի։ Ասաց՝ կարևորը էն չէր, որ սերժը հրաժարական տվեց կամ չգիտեմ էլ ինչ, կարևորը էն որ, որ ժողովուրդը դադարեց ստրուկի նման մտածելուց, իրան ստրուկ զգալուց, որ մեկ ա ոչ մի բան չի կարա անի։

Էս հեղափոխության արդյունքում Դատարկին, Մարիօյին ու Մարկուսին ավելի շատ սիրեցի։ Էն որ ծայրահեղ հաճելի ա Լեայի փորի, դեբիլ թե դմբո լինելու, դաշտանի դիմացի պատմությունները լսելը։ Մի օր ես իրանց մասին էլ եմ ինչ-որ բան գրելու ու էդ օրը շատ մոտ ա, զգում եմ։ Ու նենց հաճելի էր էն օրը Նավավարում հոգնած-սատկած-գիշերը չքնած գինի խմելը։ Էս տարվա լավագույն օրերից էր հաստատ։

Հեղափոխության շնորհիվ նաև սկսեցի սիրել կուրսեցիներիցս շատերին, էն որ վաղը գնալու եմ կյանքում առաջին անգամ գրկեմ-պաչեմ իրանց։ Պարզվում ա իրանք իրականում լավն են, գնում կռիվ են տալիս ՀՀԿ-ական դասախոսների հետ, ռեկտորի առաջ պահանջներ դնում։ Էն որ էն պահին, երբ ես ամենաշատն էի սպասում, որ կվախենան ու փողոց դուրս չեն գա, առաջին շարքերում կանգնեցին։

Մամաս զարմացրեց։ Երեկ տատին քարոզ էր կարդում, թե չգնաս, քեզ պետք չի ու մաման սկսեց տատիի վրա ջղայինանալ, փաստարկներ բերել թե ինչի պետք ա գնամ, ինձ էլ մենակ ասեց, որ զգույշ լինեմ, մենակ չմնամ ու հաց ուտեմ :))

Հարցազրույցի գնացի։ Ու հավանաբար չանցա։ Բայց ինձ դուր ա գալիս էդ հարցազրույցի գնալու պահը։

Ու վերջում վերջապես սիրահարվեցի։ :love

Հա, ու գտա էն գիրքը որը մի տարուց ավել ա փնտրում էի։

Մայիսին ես պետք ա՝ վերջացնեմ ու բարեհաջող հանձնեմ կուրսայինս, նոր տուն գտնեմ, նոր գործ գտնեմ, Հաֆլփաֆի շարֆը վերջացնեմ գործել ու նվիրեմ։ ԸՆթացքում էլ ինչ հասցրեցի, հասցրեցի :))

Նիկեա
03.05.2018, 02:31
Գրողը տանի, էսօր կյանքիս վերջին քսան տարիների ամենաբարի ու ամենաերջանիկ օրն էր։

Էն որ առավոտ շուտ ավտոբուսի ժողովուրդը գնում ա կենտրոն որ փողոց փակի։ Էն որ էն տղան, ով չաղ ծյոծյային զիջել էր կանգնելու իր տեղը ու ճխլվում էր ավտոբուսի չփակվող դռան արանքում, ժպտում էր, երբ ավտոբուսը կանգնում էր ամեն կանգառում։

Պլանի գլուխը փակել էինք առավոտ շուտ։ Մի ոստիկանական մեքենա էկավ ու երբ առանց սկանդալների, միաձայն ու լռելյայն ճանապարհ տվեցինք, մեր կողքով անցնելիս ոստիկանը ժպտաց ու պատիվ տվեց։ Գրողը տանի, հուզվում եմ ամեն անգամ հիշելիս։

Ակտիվիստներից մեկը ականջակալներով եմ ման գալիս, հեռախոսով էր անընդհատ խոսում ու ականջակալներով ավելի հարմար էր երևի, ձեռքերը ազատ էին մնում։ Մեկ էլ կողքին կանգնած ոստիկանը ասում ա՝ քաղաքացի ակտիվիստ, հանեք ականջակալները, ցույցի եք էկել։ Մի տեսակ բարի նախատինք կար իրա ասածի մեջ, մի տեսակ հաճելի էր։

Ուսին լիքը աստղիկներով, համազգեստով ու դրոշով զինվորոկան պապին, լայն-լայն ժպիտը դեմքին երթի ամենաառջևից էր գնում։

Արմենենք ասեցին, որ Բաղրամյանում քիչ են, իրանց միանամ։ Քայլում էի դեպի Օպերա, Աբովյան-Իսահակյան խաչմերուկում մի ոստիկան հեռախոսով մի ուրիշ ոստիկանի հետ էր խոսում, ասում ա․
— Ախպեր, ձեր մոտ ճամփեքը բա՞ց են, չեմ ջոկում։
— Չէ, ախպեր,- հավանաբար պատասխանում են հեռախոսի միջից։
— Բա, արա, ստեղ ոնց ա ավտո գալիս։

Բաղրամյանում նստած գիրք էինք կարդում, կուրսային անում ու քննության պատրաստվում ու կեսից, էն ամենաթույն պահին տատի-պապիները գալիս "սադրում" էին, բա թե էս գաթան կերեք, էրեխեք ջան, էս ջուրը վերցրեք, հա այ մարդ, ոչինչ որ ունեք, էս էլ վերցրեք կամ էլ՝ ապրեք դուք, ապրեք, էն ինչ մենք չկարողացանք, դու արեցիք կամ չկոտրվեք էրեխեք, չհավատաք դրանց :))

Մեկ էլ տեսար կողիք խանութներն ու սուպերմարկետներն էին ինչ-որ ուտելիքներ ու խմիչքներ էին ուղարկում ցուցարարներին։ Էն որ խանութում սպասում ես քո հերթին դրամարկղի մոտ, հետո հիշում որ բան ես մոռացել վերցնել, հերթի ամենավերջում կանգնածը գնում, գտնում, բերում ա ու հետո հերթի ամենավերջից քեզ են փոխանցում քո մոռացված ապրանքը կամ ասենք եթե պաղպաղակ ես առել ու հալվում ա, որովհետև 15 րոպե ա կանգնած ես, հերթում տեղը զիջում են։

Էն որ խանութի մոտ նստած տատին քեզնից հարցնում ա՝ բա էս սանիտեկի աղբարկղերը որտեղի՞ց եք բերել, չէ, եթե բան ա, եթե պետք լինի, հեռու չգնաք, մեր հայաթում 4 հատ կա, ստեղ մոտիկ ա, չենք օգտագործում, հեռու չգնաք, տանջվեք։

Էն որ մեկը կլաս ա գծում, որ էրեխեքը խաղան, մյուսը կավիճներով գետնին նկարում ա, էն մյուսները գնդակ են խաղում, պապիները նարդին բակից փողոց են բերել։ Էն որ բոլորը կատուներին են կերակրում։ Էն որ միամիտ ոտքդ մի տեղ ես խփում ու քիչ ա մնում ընկնես, չորս կողմից ձեռք են պարզում ու ձև չի ընկնես։ Էն որ ձեզ ասել են՝ 5ից փողոցները բացում ենք, փողոցները բացել եք ու մայթերով կանաչ լույսին նորմալ սպասելով ուզում եք փողոցն անցնեք, մեքենաները էլ չեն նայում, որ իրանց համար կանաչ ա, գալիս կանգնում, ճանապարհ են տալիս։ Էն տպավորությունն ա, որ ավելի համառ ու զիջող ենք դարձել։ Էն որ պարադոքսալ ու սիրուն ա սաղ։ Էն որ գրողը տանի, դու քեզ տանն ես զգում, էն որ դու սիրում ես բոլորին ու քեզ են սիրում։

Էն որ տուն գալիս, երբ արդեն կանգառից մի 500 մետր էն կողմ շենքն ա, ականջակալներդ դնում ես, Արմսթրոնգի Wonderful World-ն ա միանում ու մտածում ես՝ գրողը տանի, իրոք էլի։

Մի մամա փորձում էր զոռով լաց լինող երեխային տուն տանել։ Աստիճանների վրա ճուտը նստել էր ու արցունքների միջից ասում էր՝ մաաաաաամ, բայց ես ուզում եմ պայքարեմ։

Էն որ գալիս ես տուն, Հախվերդյան լսում ու լացում, որովհետև գրողը տանի, սա Երևանն է, այստեղ դու տանն ես ու քեզ միշտ են սպասում, իսկ դու էլ հիմար ժպիտով տեղում քարացել ես։ Որովհետև գրողը տանի, դու առաջին անգամ ուշացած ճամփորդ չես, քո գնացքը նոր ա էկել։ Ու որ գրողը տանի, իսկական սիրահարները երբեք չեն լքել։



https://www.youtube.com/watch?v=bTOUVW9KJJQ

Նիկեա
07.05.2018, 01:12
Օրական երեք տեղ CV եմ ուղարկելու, էնքան մինչև գործ գտնեմ։

Չորեքշաբթի ասում եմ մենեջերիս որ գործից դուրս եմ գալիս։ Մի ամիս դեռ հաստատ կպահեն, բայց գոնե հունիսի կեսերից ազատ կլինեմ։ Վերջապես։

Ավելուկ լսելու սեզոն ա էլի։

Ասում ա՝ ընդամենը ուզում եմ լսես, ուզում եմ հասնես իմ սիրած տողին։


https://www.youtube.com/watch?v=_3To7C6CHVw

Նիկեա
09.05.2018, 19:34
Մենեջերիս ասեցի, որ գործից դուրս եմ գալիս։ Հունիսի 8-ը լինելու է իմ վերջին աշխատանքային օրը։ Ասեցի, որ ուզում եմ հեղափոխել կյանքս։

Հետո Արմենին ասեցի, որ իրան եմ սիրահարվել։ Շատ լավ գիտեի, թե ինչ ա ասելու։ Ասեց, որ չի ուզում փչացնել էն սիրուն հարաբերությունները, որ ունենք հիմա։ Ասեց, որ ես էլ իրեն պետք ա փորձեմ հասկանալ․ ինքը չի ուզում հիմա հեղափոխել իր կյանքը։ Ու ասեց, որ լավ լինեմ։ Լավ եմ։

Արսենի հետ խմած խոսում էինք, որ կյանքը էնքան սիրուն ա, որ լացդ գալիս ա։ Լավն ա Արսենը, ոնց որ փոքր ախպերս լինի։

Առավոտ գնացի նոր գործի համար թեստի ու հիմա սպասում եմ, որ զանգեն ինձ, որովհետև մի տեսակ վստահ եմ, որ զանգելու են։ :))

Նիկեա
15.05.2018, 00:31
***

Իմ նոր հոբին գիշերը ժամը 12-ին Մասիվի փախած այգիներում ծիտիկներին ու ծղրիդներին լսելն ա։ Ավելի աստվածային զգացողություն չգիտեմ որը կարա լինի։
***

Նախագահականի մոտի ոստիկանները ուրախ, բարի, ժպիտները մինչև ականջները ձգած մի խումբ տուրիստների փորձում էին անգլերենով ինչ-որ բան բացատրել։ Լեզուները բերանում հազար տակ պտտվում էր, բայց բոլորը ծիծաղում էին, բոլորը ուրախ էին։

***

Մնում ա Գոշի լիճ գնալը լինի։ Էդ էլ ու էս տարվանից էլ հրաշքներ չեմ ուզի, սիրտս էդքան շատ լավ բաներին չի դիմանա։

***

էրեխեքիցս էրկուսը նենց ուրախացան, որ գործից դուրս եմ գալիս, ասեցին՝ դու ավելիին ես արժանի։ Հուզվեցինք։ Իրանցից մեկը անգամ իմ համար գործ ա ման գալիս :))

Նիկեա
17.05.2018, 01:03
Առավոտ սովարականի նման դասի չգնացի, որովհետև, ոնց ասեմ, ոչ մի մոտիվացիա չկա համալսարան գնալու համար։ Կեսօրին տնից դուրս էկա, որ գնամ գործի, բակում միջին վիճակագրական քյառթու ցմփորիկով ձյաձյան էս երգը (https://www.youtube.com/watch?v=NiG_o6nBp6I) լսելով նիվայի վրա գործ էր անում ու հետն էլ քթի տակ երգում come and get your love, come and get your love, come and get your love։ Էնքան անհավանական ու դրական էր ամեն ինչ։ Էն որ եթե գործից ուշանալու չլինեի, կսպասեի որ լսեմ, թե ոնց ա “լա լա լա լա լա լա լա”-ների պահը երգում։

Ավտոբուսի պատուհանից դուրս էի նայում։ Կանգառում սպիտակ-սպիտակ մի պապի էր կանգնած։ Էն որ ոտքից գլուխ սպիտակ էր հագել, սպիտակ բոթասներ, սպիտակ շալվար ու վերնաշապիկ, սպիտակ թրաշ ու մազեր։ Հագին էլ ծիածանագույն պիջակ կար ու բաց վարդագույն փղիկներով պայուսակ էր բռնել։ Նենց սիրուն էր ամեն ինչ։ Ոնց որ հեռուստացույցի էկրանը մի կողմ հրած ու ինչ-որ մուլտֆիլմից դուրս էկած լիներ։

Ու հիմա մտածում եմ, թե ինչքան սիրուն մարդիկ են էղել, շուրջս, որ տենց էլ չեմ նկատել։

Նիկեա
18.05.2018, 01:27
Draw your future. Սենց դեբիլ վերնագրով դաս էինք անցել նախորդ կիսամյակում։ Մոտ էրկու ժամ առաջ չգիտես ինչի էս հիշեցի։ Ամբողջ երկու էջ խոսվում էր էն մասին, որ նպատակներիդ, երազանքներիդ հասնելու համար պետք ա վիզուալիզացնես ամեն ինչ ու հեղինակը առաջարկում էր նկարել էդ երազած ապագան ավելի լավ պատկերացնելու համար։

Վաղը "նկարելու եմ" ապագաս, թե ինչ պետք ա անեմ, որ հասնեմ էն ամեն ինչին, որին ուզում եմ հասնել, կարճաժամկետ ու երկարատև պլաններ կգծեմ, ժամկետներ կսահմանեմ, թե ինչ ու ինչքան ժամանակում պետք ա սովորեմ ու էս անգամ զգում եմ, որ գրած-գծածներս թղթի վրա չեն մնալու։ Սկսելու եմ նկարել ապագաս, բայց ոչ թե թղթի վրա ու զուտ ամեն ինչ ավելի լավ պատկերացնելու համար, այլ ամեն օր ինչ-որ նոր բան անելով ու նոր բան սովորելով, ամեն օր ավելի շատ ապրելով։

Նիկեա
27.05.2018, 01:51
Աստվածներ, ինչ խառը ժամանակներ են։ էն որ չգիտեմ թե վաղը կյանքս ոնց կփոխվի, ուր կգնամ, ինչ կանեմ։ Ոնց որ միամիտ մի ալիքի վրա հելած լինեմ, իսկ էդ ալիքը գնալով մեծանում, մեծանում, մեծանում ա ու ես վստահ չեմ որ ինձ չի խփի ափի ժայռերին, բայց դեռ ոտքի վրա կանգնած եմ։


***

Իրար հետ գործ էինք անում ու երգ լսում։

— Տենց էլ փլեյլիստ չսարքեցիր իմ համար,- ասեց Արմենը։
— Մինչև գործից դուրս գալս կսարքեմ։
— Հա բա չէ։

Մտածեց ցրում եմ։ Դե արի ու բացատրի, որ 210 երգ արդեն քաշել ես, մնում ա ևս 490-ը ու իր փլեյլիստը պատրաստ կլինի։

***

Գրողը տանի, հունիսի 8֊ին ամեն ինչ փոխվելու ա, զգում եմ։ Ու փշաքաղվում էդ փոփոխությունների մտքից։
Ինձ ասել են, որ լավ տի ըլի, ես էլ ամեն ինչ անում եմ որ տենց էլ ըլի։ :))

Նիկեա
05.06.2018, 01:27
Ես մի ընկեր ունեմ, մեկ-մեկ թվում ա՝ ինքը մեծ ես եմ։ Իր հետ խոսելիս ոնց որ մեծ տարբերակիս հետ խոսամ, ինքս իմ փորձից ինձ խորհուրդներ տամ։ Ուղղակի ինքը աշխարհի ամենաբարի ու ամենահասկացող արարածն ա, ես՝ ամենադախ։

Նիկեա
07.06.2018, 00:16
էրեխեքս ինձ հիշում էին ասածս դեբիլությունների պատճառով։ Հատկապես, երբ սկսում էի համոզել որ արևը կանաչ ա։
Էսօր մեկը ասում ա

— Ո՞նց գնում եք, բա առանց Ձեզ ո՞նց ա լինելու։
— Սովորականի պես, ոչ մի բան էլ չի փոխվելու։
— Ո՞նց սովորականի պես, մի կապտականաչ արև էլ ստեղ չի լինի,- ասեց ու հուզվեց։ Ես էլ հուզվեցի։

Ինձ թվում ա՝ ես լքում եմ ինձ սիրող մարդկանց։ Ինձ թվում ա՝ իմ աշխատանքից դուրս գալով ես դավաճանում եմ էրեխեքիս։

Նիկեա
08.06.2018, 01:30
Անսահման տխուր են էս հրաժեշտները, անսահման տխուր։ Էն որ ինձ թվում ա՝ մինչև լույս տխրությունից կմեռնեմ ու դիակս մինչև առավոտ տխրությունից կքայքայվի, փոշի կդառնա։

Նիկեա
17.06.2018, 21:24
Իսկ ես արդեն գործազուրկ եմ։ Վերջին աշխատանքային շաբաթս էնքան հագեցած էր, բոլորը ինձ սիրում էին, բոլորը տխրում էին որ գնում եմ։ Հետո նոր տուն տեղափոխվեցի։ Նենց աստվածային տուն ա, չեք պատկերացնի։ Փոքր, ջերմ, առավոտները ծիտիկների ծլվլոցից եմ արթնանում, կողքի բանջարեղենի խանութի կինը աշխարհի ամենաբարի ու քնքուշ արարածն ա, մեր կանգառից մինչև էն մյուս բանջարեղենի խանութ էղած ճանապարհին լիքը բալի ծառեր են աճում ու երբ առավոտ ժամը 6-ին ես էդ կողմերով քայլում, մենակ օդի հոտից սկսում ես քեզ երջանիկ զգալ, որ ապրում ես։ Հետո Հայկի ծնունդն էր։ Մենք պայմանավորվել ենք, որ մի օր երբ ինքը օկագե դառնա, միասին ռամեն կուտենք։

Իմ ընտանիքը գնալով ընդլայնվում ա․ արդեն ունեմ երկու սենյակային բույս ու սև-սև կատու։ Իրանք տունս մի տեսակ ավելի լիքը ու ավելի իսկական են դարձնում։ Իրանց հետ տունս սկսում ա շնչել ու էն տպավորությունն ա, որ ապրում եմ ոչ թե տան մեջ, այլ տանս հետ։

Լեհերեն եմ սովորում։ Էսօր պատահական ինչ-որ լեհական կինո էի նայում ու կեսից ջոկեցի, որ միշտ չի, որ տիտրերը կարդում եմ, ահագին բան հասկանում եմ, նենց թույն էր։ Սկսել եմ առանձին փլեյլիստ հավաքել ֆիլմերից գտածս սիրուն երգերից։

Սենց էլի, ասեցի պատմեմ։

Նիկեա
19.06.2018, 15:30
Չգիտեմ ջրին ու կրակին հնարավոր ա անվերջ նայել թե չէ, բայց անվերջ կարելի ա նայել, թե ոնց ա փիսոդ վազում տուն մտած խավարասեր թիթեռի հետևից, թե ոնց ա իրար խառնված վազում սենյակի մի ծայրից մյուսը, երբ խեղճ թիթեռը միամիտ կպնում ա պոչին։

Էն օրը, երբ պետք ա գնայի իրեն վերցնելու անընդհատ մտածում էի՝ իսկ ես պատրա՞ստ եմ էդ պատասխանատվությունը կրելուն։ Վախենում էի։ Բա որ հանկարծ երբ տանը չլինեմ պատշգամբից ընկնի ու մեռնի, բա որ հիվանդանա։ Բա որ ես տանը չլինեմ, կերամանի միջի ուտելիքը վերջանա ու ինքը սոված մնա։ Հետո որոշեցի, որ եթե սպասեմ պատրաստ դառնալուն, երբեք էլ չեմ դառնա։ Կորդեգրեմ իրան ու մենք իրար հետ կմեծանանք։

Շենքի բակում կանգնած սպասում էի, որ էդ աղջիկը ձագիս ներքև իջացներ։ Նենց հուզված էի, իրոք։ Ոնց որ ծննդատան միջանցքում սպասելիս լինեի։ Երբ լսեցի փիսոյի մլավոցը, մի տեսակ փշաքաղվեցի։ Նենց լացակումած էր մլավում տնաշենը, որ վախենում էի գրկեմ, բայց սկզբում էկավ գիրկս, հետո բարձրացավ ուսիս ու ծենը կտրեց։ Կնեղվեի, եթե գար մոտս ու էլի լացեր։ Կմտածեի՝ ինձ չի սիրում։ Բայց էն, որ խելոք նստեց ուսիս, հույս տվեց, որ ամեն ինչ լավ կլինի։

Երբ տուն հասանք, սկզբում թաքնվել էր մահճակալիս տակ ու դուրս չէր գալիս։ Ուտելիք լցրեցի ու մոտ դրեցի։ Լուրջ չգիտեմ ոնց նկարագրել էն պահը, երբ ինքը դանդաղ ու զգույշ գլուխը դուրս հանես մահճակալիս տակից ու կանաչավուն աչքերը ճպճպացրեց։ Գժվելու չափ սիրուն էր։ Էլ չէի վախենում, որ չեմ կարողանա հոգ տանել ձագիս մասին նենց ոնց պետք ա։

Գիշերը փռվել էր ուղիղ մահճակալիս մեջտեղում նենց, որ որ կողմում էլ պառկեի, նորմալ չէի քնելու։ Հետո ժամը մեկ արթնանում էր, պահանջում որ խաղամ հետը։ Ու չէի կարողանում ջղայինանալ իրա վրա։ Ո՞նց ջղայինանաս, երբ էկել ա, դունչը դնչիդ դրել ու թաթով դեմքիդ ա խփում։ Կամ երբ վզիդ վրա կուչ ա գալիս ու սկսում ականջդ կծոտել։ Հետո երբ տեսնում ա, որ արհամարում ես իրեն սկսում ա վազվզել վրայովդ։ Հետո գալիս ա, գլուխը դնում ափիդ մեջ ու հասկացնում, որ սիրես իրեն։

Հիմա արդեն գիշերները հանգիստ քնում ենք։ Երբ գիշերը ուզում ա կողքիցս գնա, առաջվա նման չի վազվզում, նենց զգուշ ա քայլում, որ իրա հոգատարությունից փշաքաղվում եմ։ Հա, դեբիլ բան եմ ասում, բայց ինձ թվում ա՝ ինքն էլ իմ մասին ա հոգ տանում ու մենք իրար հետ իդեալական ընտանիք ենք։ Ի վերջո ամեն կախարդ պետք ա սև-սև կատու ունենա։

Հա, մոռացա ասել, որ փիսոյիս անունը Կիիտոս ա։ Kiitos ֆիններենից նշանակում ա շնորհակալություն։ Ստացվում ա, որ ամեն անգամ տուն գնալիս ու իրեն կանչելիս, ես համ էլ շնորհակալություն եմ հայտնում, որ ինքը կա իմ կյանքում։

Նիկեա
21.06.2018, 16:58
Իմ կյանքում կան մարդիկ, որոնց հետ մեր հարաբերությունները շատ յուրահատուկ են։ Լուրջ։ Յուրահատուկ․ ուրիշ չգիտեմ թե ինչ բառով բնորոշել։

Անին կուրսեցիս ա։ Մի տարի ԵՊՀ-ում ա սովորել, ռոմանոյում չի դիմացել, էկել ա մեր մոտ՝ չիմանալով որ մրից հելնում, մրաջուրն ա մտնում։ Ինքը նման ա սովորական, միջին վիճակագրական Բրյուսովում սովորող աղջկա, բայց համ էլ նման չի։ Քանի որ արդեն մի տարվա ուսանողության փորձ ուներ, որոշեցինք, որ ինքը կլինի մեր ավագը ու ինչ խոսք, շատ թույն ավագ ա։ Գերազանցիկ բաներ չունի, հավեսը տվեց՝ կսովորի, չէ՝ էշը ցեխից կհանի։ Գնահատականի համար երբեք կռիվ չի անում, բայց շատ ա նեղվում, երբ օրինակ Լուիզան, ով տիպիկ բլանդինկա ա, առանց որևէ բան անելու իրենից բարձր ա ստանում։ Ես էլ կնեղվեի, եթե համալսարանի ու համալսարանի հետ կապված ամեն ինչի վրա թքած չունենայի։ Բայց Անիի մեջ ամենաշատը ինձ դուր ա գալիս թե ոնց ա ինքը երազում ու թե ոնց ա վերաբերվում իր ընկերներին։ Առաջին կուրսից մենք բավականին մոտ ենք էղել, բայց չէի ասի թե ընկերներ էինք, բայց տեսնելով թե ինքը ոնց ա հոգ տանում իր ընկերների նկատմամբ, մտածում էի որ հաճելի կլիներ իր նման ընկեր ունենալ։ Էն որ լինում էն մարդիկ, որ քեզ չեն լքի, անգամ եթե դու ծայրահեղ սխալ ես, էն որ կխորտակվեն հետդ ու չեն գնա։ Անին այ էդ մարդկանցից ա։

Անիի երազանքների մասին չեմ պատմի։ Ինձ թվում ա իրավունք չունեմ, բայց պետք ա տեսնեք, թե ոնց են փայլում աչքերը դրանց մասին խոսալուց։ Ուղղակի երբ Անիի ոտքերից քաշում են, փոխանակ ավելի բարձր թռչելուն, խելոք կանգնում ա գետնին։ Հազար անգամ խոսել ենք իր երազանքներից ու հազար անգամ իրեն համոզել եմ, որ ամեն ինչ կարա անի, ամեն-ամեն ինչ, մենակ պետք ա չհանձնվի։ Որովհետև ախր, գրողը տանի, միանգամայն իրականացնելի երազանքներ են դրանք։ Ու ես էլ եմ մի տեսակ մոտիվանում, երբ դեբիլ բաներ եմ ասում ու դրանից Անին ոգևորվում ա։ Իրականում ինքը էն քիչ պատճառներից ա, որ չեմ ափսոսում համալսարանում սովորելուս համար։ Եթե ճիշտ ա էն, որ մենք բոլորս ինչ-որ առաքելություն ունենք, ուրեմն համալսարանում իմ առաքելությունը Անիին "երազել տալն" է։

Հիմա Անիի կյանքում մի քիչ խառը ու բարդ շրջան ա։ Ու մենք էլի սաղ օրը իրար հետ ենք խոսում։ Եսիմ, մի տեսակ մենք միասին կիսում ենք մեր դժվարությունները։ Էն որ չգիտեմ ոնց, լուռ, առանց պայմանավորվելու մենք որոշել ենք իրար հետ կիսել հենց դժվարությունները։ Երևի դրանից են մեր հարաբերությունները յուրահատուկ դառնում։ Ու մի տեսակ թերապեվտիկ են մեր զրույցները երկուսիս համար էլ, եսիմ։

Նիկեա
22.06.2018, 18:50
Անձրև էր գալիս, կատուս քնել էր մահճակալիս, գլուխը ոտքիս դրած, սեղանին դարչինով թեյն էր սառում, ես էլ երգ էի լսում վարդագույն լիմոնադի մասին ու մտածում, որ երջանիկ եմ։

Նիկեա
24.06.2018, 16:46
ես մի ընկեր ունեմ, ով կարծում ա, թե ընկերներ չունի։ Մի անգամ տենց անկապ քայլում էինք ու խոսում ու ինքը ասեց՝ այ ես օրինակ ընկերներ չունեմ, իսկ դու պարտավոր ես ունենալ։ Հիմա կիսադեպրեսված տանը նստած մտածում եմ՝ արդյո՞ք ես ընկերներ ունեմ։ Մի տեսակ ոնց որ չէ։ Բայց երևի պարտավոր եմ ունենալ։

Նիկեա
25.06.2018, 22:23
Իրականում մենք մենակ մնալուց չենք վախենում։ Մենք վախենում ենք որ կմնանք ինքներս մեզ հետ ու սեփական մտքերը խլացնող աղմուկ չի լինի։ Ու պետք ա փորձել ոչ թե մենակությունը լցնել ուրիշ մարդկանց ներկայությամբ, այլ աշխատել քո վրա, որ ինքդ քեզ համար էլ վախենալու չլինես։

Նիկեա
27.06.2018, 10:09
Մի տեսակ հաճելի ա, որ ընկերներդ գիտեն որ բոլոր անհասկանալի իրավիճակներում կարան քո տուն գան։ Բայց հիմա ուրիշ բանի մասին եմ պատմելու։

Գիշերը 2։20 էր, կիսադեպրեսված պառկել էի քնելու։ Ուզում էի ինչ-որ մեկի հետ խոսել, բայցչէի ուզում ինչ-որ մեկին անհանգստացնել, հետո նաև գիտակցում էի, որ քիչ ա հավանականությունը թե էդ ժամին ինչ-որ մեկը կարձագանքեր, իսկ առավոտ չէի ուզի ինչ-որ մեկի հետ խոսել։ Էդ պահին Արսենը գրեց, թե Մերիի հետ քաղաքում ենք, կարո՞ղ ա գաս։ Ասեցի լավ, կես ժամից ըտեղ եմ, բայց ոտքով եմ գալու։ Տենց արագ հագնվեցի, տնից դուրս էկա։ Գիշեր, Զեյթուն։ Մենակ ես էի ու ինչ-որ Շումախերներ։ Արագ-արագ քայլելով հասնում եմ Հաղթանակի զբոսայգի։ Արսենն ու Մերին են զանգում, իմանում որ այգում եմ ու չեն անջատում մինչև այգուց դուրս գալս։ Հետո հանդիպում ենք օպերայում։ Անկապ սկսում ենք խոսել, էսօրվա ֆուտբոլը քննարեկել, հետո “Այլ կերպ” ենք խաղում։ Արսենենց հետ իրենց ընկերներից մեկն էր՝ Մարինեն, մե հիանալի անձնավորություն ու տենց շատ թույն էր գիշերը 4ին կասկադում լինելը։ Հետո ինչ-որ գերմանացի տուրիստներ էկան, իրենց հետ Արսենի ծանոթներից մեկն էր, առաջարկեցին իրենց միանալ, բայց չգնացինք, որովհետև ուրիշ պլաններ ունեինք, ճոճանակ էինք ուզում։ ՈՒ քանի որ մեր իմացած ամենամոտ ճոճանակը Թումոյի այգում էր, քայլեցինք դեպի Թումո։ Բայց մինչև հասանք արդեն լույսը բացվեց։ Այգում խոտերն էին ջրում ու ահագին ման էկանք մինչև չոր տեղ գտանք։ Տնից դուրս գալիս հետս 2 ծածկոց էի վերցրել մտածելով որ կարող ա մրսենք։ Տենց ահագին ուրախացան։ Հետո խոտերին քնած էինք մեկ էլ հանկարծ ցրտեց ու խոնավացավ․ այգին ջրելով հասել էին մեր հատվածին ու մինչև հասակցանք ինչ ա տեղի ունենում ու փախանք, արդեն թրջվել էինք։ Որոշեցինք որ ավելի լավ ա գնանք իմ տուն, գոնե մի էրկու ժամ նորմալ քնենք։ Ռոլտն առանք, որովհետև ամբողջ գիշեր քայլել էինք ու սոված էինք ու տանը գազի հետ կապված ինչ-որ խնդիր կար ու ես միայն էլեկտրական թեյնիկով էի կարող ջուր տաքացնել։ Բայց երբ տուն հասաք, պարզվեց որ գազի հետ էլ խնդիր չկա, նորմալ ուտելիք ու թեյ սարքեցինք, խմեցինք։ Նենց հավես էր։ Արսենը ասում ա՝ վայֆայիդ ֆասվորդը Rubeus Hagrid ա, բանալինդրիդ կապոցի վրա՝ սսկախարդական փայտիկ, կոմպիդ անունը՝ Դոբբի ա, էն էլ Գրիֆինդորի շարֆն ա, կախարդական ա մի տեսակ։ Ու ես էլ սկսեցի մտածել, որ իրոք կախարդական ա մի տեսակ։

Նիկեա
28.06.2018, 13:38
Չգիտեմ, վերջին 3-4 տարիների ընթացքում ես չեմ ընդունել, որ տատիս հիվանդ ա։ Սկզբում ես ամենաշատն էի հավատում, որ լավ կլինի։ Ու սկզբում ամեն ինչ դրան էլ գնում էր։ Հետո մի պահ վիճակը կտրուկ վատացավ։ Բոլորը հույսները կտրել էին, իսկ ես էլի հավատում էի, որ տատիս կլավանա։ Ու տենց էլ էղավ։ Ու հետո երբ հանկարծ իր վիճակը էլի վատանում էր, ես սպասում էի, ես գիտեի, ես վստահ էի, որ կլավանա։ Ես հարմարվել էի իր առողջական վիճակի փոփոխություններին։ Առողջական վիճակի փոփոխություններին, ոչ թե հիվանդությանը։ Որովհետև երևի տենց ավելի հեշտ էր։

Բայց էսօր ես ընդունեցի, որ տատիս հիվանդ ա։ Թափված մազերն ու ատամները ստիպեցին, որ ընդունեմ։ ՈՒ պայթած մազանոթներից առաջացած հսկայական կապտուկներն ու անքնությունից աչքերի տակի պարկերը, դուրս ցցված այտոսկրերն ու սրացած քիթը։ Ու գրողը տանի, անգամ ես էլ ուժ չունեմ հավատալու, որ ամեն ինչ լավ կլինի։

Նիկեա
30.06.2018, 11:03
— Իրականում բոլորիս մեջ ոչ թե փոքր էրեխա ա ապրում, այլ փոքր կատու։ Նայի, կատուս ինձ իրոք սիրում ա ու տես էդ սիրելու արդյունքում ինչ ա արել ձեռքերս։ Մենք էլ, որ ինչ-որ մեկին սիրում ենք, չենք զգում թե ոնց ենք մեր ճանկերը խրում էդ ինչ-որ մեկի մեջ։ Էդ ինչ-որ մեկի համար էլ ա խոշոր հաշվով մեկ, որովհետև ինքն էլ մեզ ա սիրում։
— Չէ բայց կան մարդիկ որոնց մեջ կատու չի ապրում, տառական ա ապրում։
— Բայց էդ տառականի մեջ էլ էլի ապրում ա մի կատու, որ ուզում ա իրան սիրեն։

Նիկեա
02.07.2018, 01:49
When there is nothing left to burn set yourself on fire.

Եթե բառացի թարգմանենք, կնշանակի՝ երբ վառելու էլ ոչինչ չի մնացել, քեզ կրակին տուր։ Իրականում նշանակում ա՝ երբ աշխարհում ոչինչ էլ քեզ չի մոտիվացնում, դու պետք ա դառնաս քո մոտիվատորը ու Բյուրի ասածի պես մազերիցդ բռնած քեզ առաջ տանես։ Ու ձմռանից մազերիցս բռնած ինձ առաջ եմ տանում։ Մեկ-մեկ խաբում եմ, թե լավ կլինի, մեկ-մեկ խոստանում, որ եթե առաջ գնամ, կպարգևատրեմ ինձ, մեկ-մեկ էլ մազերս էնքան ձիգ եմ քաշում, որ արմատների ցավից ոռնում եմ, բայց հո գիտեմ, որ ես պետք ա լինեմ իմ մոտիվատորը, ինձ ստիպողը, որ առաջ գնամ, որովհետև վառելու ուրիշ բան չի մնացել։ :))

Սկզբում էսքանն էի գրել, հետո հիշեցի, որ ես վերջին երկու ամիսը չեմ ամփոփել։

Մայիսի մասին մի էրկու խոսք։ Ահավոր էմոցիոնալ ամիս էր, ինչ ասես չեմ զգացել։ Հեղափոխությունը, էլի լիքը քայլելը, էն որ ես ոնց որ թե Արմենին էի սիրահարվում, իրա համար շարֆ էի գործում, փլեյլիստ հավաքում, բլա բլա բլա, ինչ-որ նոր մարդիկ էին իմ կյանք գալիս, որոշները գնում էին։ Քննական շրջանն էր մոտենում, իսկ մենք համալսարանում դաս չէինք արել։ Կուրսայինիս ղեկավարին հոկտեմբերից չէի տեսել ու կուրսայինիս պաշտպանության օրն էր մոտենում ու չնայած որ կուրսայինս կար, ես համոզված էի, որ էդ չափազանց լավն ա իրենց անառողջ քննադատությանը հանձնելու համար։ Հա, ես սա լուրջ եմ ասում։ Հա, թող ես լինեմ մեծամիտ։ Տենց կուրսայինիս պաշտպանությանը չգնացի, հիմա սեպտեմբերին պետք ա լիկվիդ հանձնեմ։ Բայց վերջապես ծանոթացա ղեկավարիս հետ ու հիմա ինքը անգամ ինձ սիրում ա ու որոշել ա, որ ես իր մոտ եմ դիպլոմայինս գրելու։ :)) Քննություններս, ընդհանուր առմամբ նորմալ ա։ Բոլոր քննությունները ստացել եմ, մենակ լիկվիդ ունեմ, որովհետև էդ առարկաներին ընդհանրապես չէի նստել ու չնայած, որ քննությունները նորմալ ստացել էի, ընդհանուր միջին գնահատականս 60-ից ցածր էր։ Բայց դե բացարձակ չեմ նեղվում։ 2 քննության չեմ գնացել, բայց ստացել եմ, չինարենն ու գրականությունը։ Գրականության դասախոսի հետ մի օր անտիուտոպական գրականությունից էինք խոսում, քննությանը դեռ երկու շաբաթ կար, վերջում ասեց՝ դու կարաս քննությանը չգաս, ես էլ չգնացի։ Իսկ չինարենի դասախոսս կյանք ա, գնացել եմ ասում եմ՝ ես էդ օրը էդ ժամին գործի եմ, կարա՞մ ուրիշ խմբերի հետ ուրիշ օր գամ հանձնեմ, ասեց՝ ես քեզ կգրեմ թե երբ գաս։ Հետո գրեց թե՝ կարաս չգաս, ես քեզ 85 եմ նշանակել։ Հա, ես մոռացա ասել, որ որոշել էի դուրս գալ համալսարանից։ Բայց հետո հասկացա որ ափսոս են սպանածս տարիները ու ոչինչ, մի տարի էլ կդիմանամ։ Ու ոնց որ թե ստացվում ա։ Հա, գրածս էսսեյը ամսվա լավագույն էսսեյն էր դարձել։ Ու էդ էսսեյները տարածում են ինչ-որ էջով, որ յանի մնացած էրեխեքն էլ կարդան, բան, ու էն դասախոսը, որով միշտ թաքուն հիանում եմ, մեկնաբանություն էր թողել, թե ոնց որ հայտնի գրողի ինչ-որ գործ կարդար, բան ու ես նենց էի ոգևորվել դրանից, էրկու օր օդերով թրվռում էի։ :)) Մայիսին ոնց որ թե էսքանն ա էղել։

Հունիսի առաջին կեսն էլ էր սարսափելի էմոցիոնալ։ Պետք ա տեղափոխվեի նոր տուն ու էդ ժամանակ ինձ բոլորից լքված էի զգում։ Գործից դուրս էի գալիս ու ինձ թվում էր, թե դավաճոնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սիրում են։ Բայց սիրուն գործից դուրս էկա։ Ու երբ հիմա եմ հետ նայում, իրոք սիրուն էր դուրս գալս։ Էն որ էրեխեքիս հետ լաց էինք լինում, կոլեգաներս տխրում էին։ Երեկ Արուսը՝ կոլեգաներիցս, գրել էր, որ կարոտում են ու էրեխեքն էլ են կարոտում։ Համլետն էլ էր գրել, ինքը էրեխեքիցս ա, թե մի օր երբ Վես Անդերսենի նման թույն ռեժիսոր դառնա, իմ մասին կինո ա նկարելու։ Ու էլի սենց բաներ։ Ու մտածում եմ՝ հա, երևի ես ամեն դեպքում լավ աշխատող էի։ Երևի պետք ա նենց աշխատել, որ երբ արդեն չաշխատելու լինես, բոլորը լաց լինեն :)) Գործից դուրս գալու հաջորդ օրը տեղափոխվեցի նոր տուն։ Հին տան հետ մի քիչ խնդիրներ էղան, որոնց պատճառով ներվայինացա, բայց հիմա դրանց մասին գրելու ու նորից բոլոր մանրամասները հիշելու հավես չկա։

Սևոյիս որդեգրեցի ու սենյակային բույսեր առա ու մասամբ նաև իրենց շնորհիվ հիմա ինձ լրիվ տանն եմ զգում։ Իրոք տանը։ Էն կարգի, որ ձմռան համար չրեր եմ սարքում ու ափսոսում, որ կրթագաղթելիս տունս հետս տանել չեմ կարողանա։

Նորայրի հետ պոլարոիդով ֆոտոներ արեցինք ու նենց թույն էր, որ տնից հին պոլարոիդը վերնելու եմ, ժապավեններ առնեմ ու կախարդական ֆոտոներ անեմ։ Լուրջ աշխարհում ավելի հաճելի բան չկա, քան ֆոտո անելը ու հետո սպիտակ ժապավենը ձեռքիդ սպասելը մինչև էդ սպիտակի վրա դանդաղ կսկսի հայտնվել հենց նոր արածդ նկարը։ Էդ ֆոտոն անելու պահին, երբ փորձում ես հաշվել, թե քանի վայրկյան ես բաց պահել օբյեկտիվը, որ իմանաս թե ինչքան լույս է "կլանել" խցիկդ ու պատկերացնել թե ինչքան լուսավոր նկար կստացվի, էդ սպասեու պահին քեզ թվում ա թե մատիդ տակ զգում ես ֆոտոխցիկի սրտի աշխատանքը։ Հետո Անիի ու Մարինեի հետ ծանոթացա, իմ իմացած ամենաարևոտ մարդկանցից են։ Մանավանդ Մարինեն, ոնց որ ծննդատանը կորած երկվորյակ քույրս լինի ու էն որ մի անգամ ենք հանդիպել, բայց իրար կես բառից ու անգամ առանց խոսելու հասկանում էինք։ Հա, ու Հարութը։ Ինքն էլ ա շատ լավը։ Իսկ Լևոնը հետաքրքիր ա, ես իրան դեռ լրիվ չեմ բացահայտել։ :))

Հա, լեհերեն եմ սկսել բզբզալ, արդեն նոր գործ ունեմ, կենսաբանության դասընթացները շարունակում եմ, առավոտները սկսել եմ առանց զարթուցիչի շուտ արթնանալ, համարյա ամեն օր գրում եմ։ Մի խոսքով՝ ամեն ինչ կամաց-կամաց լավանում ա։

Էս ամիս դրականն ու բացասականը ոնց որ թե հավասարակշռված էր։ Խառն ու անկապ էղավ ամեն անգամվա պես։ Բայց կատուս էր մեղավոր, էկել էր, որ իրեն սիրեմ ու անընդհատ ուշադրությունս շեղում էր, վերջում էլ հարմար նստեց գլխիս ու մտքերիս թելը վերջնականապես կտրեց։ :))

Հա, հուլիսին ես մի քանի կարևոր բան ունեմ անելու՝ վերջապես գրել գրողի տարած նոր բացած բլոգումս ու գնալ Գյումրի, լեհերեն հավեսով բզբզալ ու վերջացնել կիսատ թողած բոլոր գրքերն ու սերիալները։

Հա, էս էլ էն երգըմ որից ոգեշնչված սկսել էի գրառումս։

https://www.youtube.com/watch?v=r5Or6-HOveg

Նիկեա
07.07.2018, 00:10
Երկու օր առաջ Մարին գրել էր, ասում էր, որ Թումոյում ինձ բոլորը ահավոր շատ սիրում են ու որ ինքն ա հիմա էնտեղ աշխատում։ Ուրախացա։ Պայմանավորվեցինք հանդիպել, նորմալ խոսել, որովհետև իրար շատ երկար չէինք տեսել։Մենք հաճախ չենք հանդիպում, բայց ինքը աշխարհում իմ ամենահարազատ մարդկանցից ա ու էդ հարազատության զգացողությունը երբեք չի կորում։

Գործից հետո վազում եմ Թումո ու հետևի մուտքի մոտ սպասում։ Սկզբում Մարկն ա գալիս, լիքը խոսում ենք։ Հետո բոլոր մյուսները։ Բոլորը էնքան ջերմ էին գրկում, որ մտածեցի՝ հենց դեպրեսվեմ, իրիկունը 9,30 կանգնելու եմ էդ մուտքի մոտ ու սպասեմ, որ շենքից բոլոր դուրս էկողները հերթով գրկեն ինձ։

Արմենը արդեն ակնոց էր կրում ու ակնոցը սարսափելի սազում էր իրեն։ Մարիի հետ կանգնած էինք, ասեց՝ բա ու՞ր։
— էս կողմերում կթափառենք։
— Իսկ ես Հայկոյենց տուն եմ գնում։
— Զեյթուն։
— Ըհն։
— Դե քեզ բարի ճանապարհ։

Իրա գնալուց հետո պարանոյաս էլի բռնեց ու ես սկսեցի ենթադրել, որ ինքը նկատի ուներ՝ ես ձեր կողմերն եմ գնում, չե՞ս գալիս։ Հետո Մարին ավելի խորացրեց պարանոյաս ասելով, որ իրա վերաբերմունքի մեջ առանձնակի հոգատարություն կար իմ հանդեպ։ Ու ստամոքսում քնած թիթեռներս նորից արթնացան։ Իրան ու Հայկոյին առավոտ չայ խմելու կանչեցի, ասեցին որ քննության են, թե չէ սիրով կգային։ Ու ես մի տեսակ ուզում եմ հավատալ, որ պատճառը մենակ քննությունն էր։

Հետո տուն գալիս խանութից իմ սիրած սև հացից ու մածուն առա ու հիմա երջանիկ եմ։ Որոշել եմ էսօր վերջապես բլոգումս գրառում անել։

Նիկեա
08.07.2018, 00:38
Մեկ-մեկ մտածում եմ, որ գլխիս մեջ ծղրիդներ են ապրում, որովհետև հենց գալիս եմ տուն ու պատրաստվում քնել, սկսում են ծվծվալ։ ՈՒ ես չեմ կարողանում հասկանալ՝ ձայնը գլխիս մե՞ջ ա թե՞ շուրջս։ Ու ոչ ոք չկա, որ հարցնեմ՝ ի՞նքն էլ ա լսում ծղրիդներին թե՞ չէ։

Նիկեա
08.07.2018, 16:53
Էս նոր գործի տեղում ինձ բոլորը սիրում են։ Էդ տարօրինակ ա։ Որովհետև ես նոր եմ։ Բայց նաև տարօրինակ ա, որ ինձ ստեղ էլ են սիրում։ Ինձ Թումոյում էլ էին սիրում։ Անգամ համալսարանում են ինձ սիրում։ Էս ամեն ինչը շատ֊շատ տարօրինակ ա։ Ու արդեն քանի օր ա, անընդհատ մտածում եմլավ, իսկ ինչի՞ են մարդիկ ինձ սիրում։ Ոչ եսիմ ինչ սիրուն եմ, ոչ խելացի, ոչ անընդհատ օգնում եմ բոլորին, շատից֊քչից երբեմն ապրումակցում եմ մարդկանց, բայց սովորաբար ես իմ ինքնաշեն աշխարհում եմ ապրում, ինչի՞ էլի մարդիկ ինձ պետք ա սիրեն։ Ու տենց մտածեցի, մտածեցի ու հիմա մտածում եմ կարո՞ղ ա էդ նրանից ա, որ ես մարդկանց շնորհակալություն եմ հայտնում ու իրենցից ներողություն եմ խնդրում։ Որովհետև շնորհակալություն հայտնել էդ իրականում նշանակում ա գնահատել դիմեցինի արարքը, իսկ մարդիկ սիրում են գնահատված լինել։ Իսկ ներողություն խնդրել նշանակում ա ընդունել որ դու սխալ էիր դիմեցինի նկատմամբ։ Իսկ մարդիկ սիրում են նաև իրենց ճիշտ ու գերակա զգալ։ Ու տենց մտածեցի, մտածեցի ու հասկացա որ մարդիկ իրականում ոչ թե ինձ էն սիրում, այլ էն հանգիստ վիճակը որն ունենում են իմ պատճառով։ Ու որ պատրանք ա էն, թե մարդիկ մեզ սիրում են։

Նիկեա
09.07.2018, 01:46
Տան դուռը բաղելիս կատուս հասցրել էր դուրս ճողոպրել։ Դռան մոտ դրսից կանգնել ու մլավում էր։ Ձայնը լսում էի, բայց գտնել չէի կարողանում։ Հետո մտքովս անցավ՝ կարո՞ղ ա դրսում ա։ Դուռը բացեցի թե չէ, միանգամից ներս վազեց։ Համ ահավոր վախեցել էի, համ էլ ջղայինացել։ Բա որ հանկարծ աստիճաններով իջներ ներքև ու կորեր, բա որ մի բան լիներ։ Նստեցի, էկավ գիրկս։ բայց ես դեռ իրեն չէի ներել։ Մի ձեռքով բռնեցի ու գլխիցս վերև բարձրացրեցի։ Շատ կտրուկ էղավ ու վախեցավ դմբոն։ Զգացի, թե ոնց ձեռքիս մեջ արագացավ սրտխփոցը։ Աչքերը միանգամից լայն բացեց ու վախեցած ինձ էր նայում, երևի մտածում էր, որ հիմա շպրտելու եմ։ Ինձ մեղավոր զգացի իր արագացած սրտխփոցի համար։ Գրողը տանի, ինչքան տականք կարելի ա լինել ինչ-որ մեկին տենց վախեցնելու համար։ Մինչև հիմա ձեռքս դողում ա։ Մինչև հիմա էն տպավորությունն ա, թե զգում եմ, ոնց ա ափիս մեջ արագ-արագ խփում իր էրկու մատի չափ սիրտը։

***

Գործից դուրս գալուց առաջ էրեխեքիցս մեկը համոզեց, որ բլոգ բացեմ։ Ես էլ հիմա բզբզում եմ։ ինքը (https://fugerent.blogspot.com/2018/07/blog-post_8.html)դեռ շատ վատն ա, բայց ես փորձելու եմ իրեն կարդալու արժանի մի բան դարձնել։ :))

Նիկեա
09.07.2018, 19:58
Կան տարվա մեջ օրեր, որ անկախ քո կամքից հիշում ես ու համեմատում թե ինչ էիր անում անցած, նախանցած ու դրանից առաջ էղած տարիների էդ օրը։

2015 թ․ հուլիսի 9-ը

Նախորդ օրը ընդունելության համար անգլերենի բանավոր քննությունն էի հանձել ու վերջապես ազատ էի։ Էդքան սպասված արձակուրդիս առաջին օրն էր։ Էդ օրը հիշելիս առավոտյան զգացածս էլի հետ ա գալիս։ Ահավոր թեթև էի։ Էլ չէի մտածում թե ինչ հարց ա ընկնելու քննության ժամանակ, թե ինչ եմ անելու, էլ պետք չէր շտեմարանները քրքրել ու համ էլ հաստատ գիտեի, որ ընդունվել եմ։ Էդ օրը 12 սերիա սերիալ նայեցի ամբողջ գիշեր պատշգամբում նստած ու մոծակները ինչքան ուժ ունեին, կծել էին։

2016 թ․ հուլիսի 9

Նախորդ օրը ես ու նախկինս բաժանվել էինք։ Մենք տենց մեր հարաբերությունների կեսին սկսել էինք մտածել՝ իսկ ի՞նչ եթե միասին չլինենք, կարող ա տենց ավելի լավ ա ու որոշել էինք փորձնական բաժանվել։ Ահավոր օր էր։ Ամբողջ գիշեր չէի քնել, առավոտ 6-ին գնացել էի քայլելու։ Ու եթե դրա փոխարեն առավոտ քնեի, Վաչեն չէր գա հետս ու հետո չէր լինի կյանքումս էն շիլափլավը, որը վերջնականապես հարթելու համար համարյա 6 ամիս պահանջվեց։ Էդ առավոտ իրար հրաժեշտ տալիս Վաչեն ինչ-որ բան ասեց։ Ասեց․

— Ու չմոռանաս․ ․․․ ․․․

Մի քանի րոպե հետո, երբ տանը թեյ էի պատրաստում, փորձեցի հիշել, թե ինչ չպետք ա մոռանայի, բայց մինչև հիմա չեմ հիշում։

2017 թ․ հուլիսի 9

Ակումբի հանդիպում կար էդ օրը։ Շաբաթ էր ու գործս շուտ էի վերջացրել։ Հանդիպումն էլ Թումանյանի այգում էր, պետք ա գործից դուրս գայի ու գնայի հանդիպման։ Վարդանը քրոջ հեծանիվով էր էկել։ Հավես հանդիպում էր։ Հետո Ալֆան մեր տանն էր մնալու։ Երբ ցրտեց, որոշեցին գնալ ինչ-որ փաբ։ Վարդանը ասեց, որ հեծանիվը պետք ա իրենց տանը թողնի։ Ասեցի, որ կքայլեմ իր հետ, Յոհանն էլ մեզ միացավ։ Ինքը ասում էր, որ մենք բիձա ենք, բիձա, որ մեր մեջ կրակ չկա։

Ընթացքում ջոկեցի, որ բանալիս մոտս չի։ Էդ հասկացա էն ժամանակ, երբ զգացի, որ չեմ ուզում ինչ-որ փաբ գնալ, ուզում եմ գնալ տուն ու համով ինչ-որ բան սարքել, որ Ալֆան ու Անժելը տուն գան ու միասին ուտենք։ Բայց քանի որ բանալի չունեի ու փաբ գնալ էլ չէի ուզում, Յոհանի ու Վարդանի հետ քայլում էինք անկապ։ Հետո Յոհանը լքեց մեզ խոստանալաով մի օր անպայման սովորեցնել ապրել, բայց դեռ չի կատարել խոստումը ու գուցե մենք ինքնուրույն արդեն սովորել ենք։ Տուն հասա համարյա ժամը 2-ին։ Անժելն ու Ալֆան էին ինձ համար համով բաներ սարքել։ Ինչ-որ ահավոր ուրախ էր էդ օրը։ Իրոք։ Էդքան ուրախ, էդքան թեթև օր, երբ ամեն ինչ էդքան լավ էր բոլորիս մոտ, իրոք չեմ հիշում։ Հա, Ալֆան էդ օրվանից ինձ գլիտվեյն ա պարտք, ու հուսանք պարտքի հանձման պաշտոնական արարողությունը շուտով տեղի կունենա։ Էդ օրը մինչև 4-5-ը Ալֆայի հետ զավզակում էինք ու ծիծաղում։ Չգիտեմ ինչն էր էդ ուրախության պատճառը, բայց ահավոր ուրախ էր։ Ես ուզում եմ էլի էդքան ուրախ լինել։

2018թ․ հուլիս 9

Ու դու հանկարծ ջոկում ես, որ հունիսի 1-ը արդեն անցել ա ու դու չես բողոքել ոտքիդ տակ ընկնող էրեխեքի բազմությունից։ Ավելին՝ հուլիսի մեկն էլ ա արդեն անցել։ Բարեկամներիցս մեկն էր մահացել ու էսօր գնացել էի իրենց տուն։ Տարօրինակ ա, որ մեռնում են էն մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք։ Չէ, տարօրինակ ա, երբ երկու շաբաթ առաջ խոսում ես ինչ-որ մեկի հետ, ինքը հարցնում ա թե ե՞րբ ես գալու օգնես գրքերը հանենք արևին ու վերադասավորենք, դու ասում ես որ հիմա մի քիչ խառն ես, բայց անպայման կգաս։ հետո մյուս շաբաթ գալիս ես ու էդ մարդը արդեն մեռած ա լինում։ Էն որ ինքը էլ երբեք չի խոսի հետդ։ Ու դուք էլ երբեք չեք դասավորի գրքերը։ Անսահման տխուր ա։ 2015-ից հետո առաջին անգամ եմ էսօր մերոնց տանը։ 2015-ին ես ստեղ խաղաղ էի։

Ուզում եմ, որ 2019-ի հուլիսի 9-ին ինչ-որ լավ բան լինի։ Իրոք լավ բան։

Գրառումը անելու ամբողջ ընթացքում էս երգն էր գլխիս մեջ։ Դուք էլ լսեք։

https://www.youtube.com/watch?v=VePaI3jX4Sk

Նիկեա
11.07.2018, 01:01
Գործից հետո դուրս գալուց 2 վայրկյան առաջ, երբ բարի գիշեր էի մաղթում անվտանգության աշխատողին մտքովս անցավ ժամադրել ինքս ինձ։ Համաձայնեցի ու որոշեցինք գնալ 12 սեղաններ։ Մատուցողը, էն նախշուն աղջիկը, որ միշտ հանգիստ ու բարի ա, ասեց, որ 10 րոպեից իրենց խոհանոցը փակվում ա, նենց որ եթե ուզում եմ ինչ-որ բան ուտել, պետք ա արագ պատվիրեմ։ Քանի որ արդեն կողմնորոշված էկել էի, արագ ասեցի որ վաֆլի ու հատապտուղներով թեյ եմ ուզում։ Աստվածներ, ինչ համով էր էդ թեյը։ Ու ինչքան սիրուն։ Դե վաֆլին գիտեի, որ աստվածային ա լինելու։ Մոտս Վոնեգուտի "Հոկուս Պոկուս"-ն էր, բայց 25-30 էջ էր մնացել վերջացնելու էն գրքին, որ հիմա կարդում եմ։ Բայց զգում էի, որ պատրաստ չեմ էդ գիրքը վերջացնելուն։ Որովհետև երբ վերջացնեմ, ինչ-որ լուրջ որոշում եմ կայացնելու, իսկ ես չէի ուզում լուրջ երանգներ տալ ինքս ինձ հետ հանդիպմանը։ Սկսեցի Վոնեգուտ կարդալ։ Աաաաաաաաաաաաաա, ինչքան աստվածային են օրագրային ֆորմատով գրքերը։ Մի օր ես էլ եմ նման մի բան գրելու։ Հետո հատապտուղներով թեյս վերջացավ։ Ես էլ չէի լինում էն զզվելի հաճախորդներից լինել, որ մինչև վերջին րոպեն նստում են։ Ու դուրս էկա։ Դուրս գալիս որոշեցի, որ սրանից հետո ամեն երեքշաբթի, կապ չունի, եթե անգամ միջուկային պատերազմ սկսվի ու այլմոլորակայինները միջգալակտիկական պատերազմ հայտարարեն, ինչ ուզում ա լինի, ես պետք ա գամ էստեղ հատապտուղներով թեյ խմելու։ Ու որոշեցի, որ ստեղ աշխատող նախշուն աղջկա համար էլ եմ միշտ նարինջներ բերելու։ Մինչև էս մենակ Հալդի գնալիս էի հետս նարինջ տանում։ Տենց էդ կլինի իմ յուրահատուկ ժամը ինձ նվիրելու, մարդկանց ուսումնասիրելու ու ինչ-որ փոքր նկուղում նստած դրական լիցքեր ստանալու համար։

Հետո քայլում էի փորձելով ինչ-որ տեղից համով պաղպաղակ գտնել, մեկ էլ Ալենին տեսա։ Մենք միասին էինք աշխատում Թումոյում, բայց իրար մենակ վերելակում հանդիպում։ Իսկ էսօր որ հանդիպեցինք ու պարզվեց նույն ուղղությամբ ենք քայլում, սկսեցինք անկապ բաներից խոսալ, ես իրան պատմեցի չպլանավորած ժամադրությանս մասին ինքս ինձ հետ։ Հարցրեց՝ ի՞նչ եմ ծխում։ Ինչի՞ են բոլորը ինձ հարցնում, թե ես ինչ եմ ծխում։ Սենց շատ ուրախ քայլում էինք, մեկ էլ տեսնեմ՝ Մարկը։ Ինքն էլ ա Թումոյից, էլի TA։ Ու տենց որոշեցի, որ ես իրանց պաղպաղակ եմ հյուրասիրում։ Հետո մենք էլի անկապ խոսում էինք, ու անկապ ծիծաղում։ Ալենը ասում ա՝ ինքդ քո հետ չպլանավորված ժամադրությունն ա ավելի հետաքրքիր թե՞ չպլանավորված ժամադրությունը 2 տղաների հետ :))

Վերջում պարզեցինք, որ Ալենը գեյ չի։ :))

Նիկեա
11.07.2018, 11:13
Գրողը տանի, ես հաստատ լավ չեմ։ Բայց ես որոշել եմ թե ինչ պետք ա լինի 2019-ի հուլիսի 9-ին։ Գրքիս շնորհանդեսը։ Հա, գրողը տանի։ Էսօրվանից պաշտոնապես սկսում եմ գրքիս վրա աշխատել։ Ինչքա՞ն կարելի ա ականջի հետև գցել։ Չի կարելի, չէ՞։ Վերջիվերջո ես գրող եմ դառնալու, չէ՞։

Նիկեա
12.07.2018, 01:12
Մտածում եմ՝ էն ամեն ինչը, որ տեղի ա ունեցել ինձ հետ տարին սկսվելուց ի վեր, ինձ էս կետին հասցնելու համար էր։ Նոր տարին, բարեկամներիս անկապ խոսակցությունները, բարկոդում էն իրիկունը, Ժուլիանի ու Մարգոյի իմ կյանքում հայտնվելը, անգամ հեղափոխությունը, Արմենը, տունս փոխելը, տարկետման մասին օրենքը, Վոնեգուտ կարդալս, գործից դուրս գալս ու նոր գործ գտնելս, երեկ խմածս հատապտուղներով թեյը, ամեն-ամեն ինչ, տանում էր էս կետին։ Ամեն ինչ ծայրահեղ փոխկապակցված էր ու եթե տարվա սկզբից ինչ-որ բան չլիներ կամ ուրիշ լիներ, ես հիմա ես չէի լինի, ստեղ չէի լինի ու մի խոսքով սաղ թույն ա, որ ամեն ինչ սենց ա դասավորվել։

***
Որոշեցի, որ գնալու եմ նավավար, մի բաժակ գինի խմեմ, բարմենին ասեմ, որ որոշել եմ գիրք գրել ու գալ սկսել։ Բարմեն-մատուցողը էսօր ուրիշ էր, մի աղջիկ՝ Լիլիթը, ում առաջին անգամ էի տեսնում, բայց պարզվում ա ինքը դեկտեմբերից էստեղ ա աշխատում, ուղղակի ավելի հաճախ էղել ա Ժան Պոլում։ Սկսեցինք խոսել անկապ բաներից։ Հետո չգիտես ինչի մտածեցի, որ ինքը պետք ա սիրի լուսանկարել, հարցրեցի, պարզվեց՝ այո։ հետո պարզվեց, որ առաջին մասնագիտությամբ մանկավարժ ա, դե տնեցիքին լսելով ա դարձել։ Բայց պաշտում ա թատրոնն ու կինոն, ապագա դերասան ա։ 2 կուրսից մի տարի տարկետում ա վերցրել, որ հասկանա՝ ճի՞շտ ընտրություն ա արել թե՞ չէ ու հիմա անհամբեր սպասում ա սեպտեմբերին, որ նորից դասի գնա, ասում ա՝ խեղդվում ա առանց դրա։ Ես էլ պատմեցի, որ ուզում եմ գիրք գրել, կենսաբան դառնալ։ Ու ինքը ասեց, որ կարևորը սրտիս ձայնին լսելն ա ու չթողնելը որ կողքիս աղմուկը խլացնի էդ ձայնը։ Նենց տարօրինակ էր, միշտ ես եմ ուրիշներին ասում, թե պետք ա անել էն, ինչ զգում ես։ Ինձ էդ չեն ասում, որովհետև երևի գիտեն, որ ես միշտ զգալով եմ անում, բայց ինձ էլ ա մեկ-մեկ ասել պետք։ Հավես էր, որոշեցինք որ ես ամեն չորեքշաբթի կգնամ նավավար, կնայեմ թե ոնց ա Լիլիթը կոկտեյլներ սարքում ու կպատմեմ, թե ու՞ր հասավ գիրքս։ Նենց հավես ա։

Նիկեա
15.07.2018, 01:39
Արմանը ամսի 17-ին բանակ ա գնում ու էսօր հավաքվել էինք ես, Արմանն ու Հակոբը գարեջուր էինք խմում առաջիկա երկու տարիների ընթացքում հավանաբար վերջին անգամ միասին։ Էնքան էի գլուխ արդուկել, որ իրենք էլ մուգ գարեջուր խմեցին։ Ահավոր հավես էր։ Մեր կատուներից էինք խոսում, Արմանի բանակ գնալուց, իրան ծայրահեղ վատ խորհուրդներ էինք տալիս։ Մի խոսքով ուրախ էր։ Հետո Հակոբը ասեց, որ բացառություն կանի ու մեզ իր ամենասիրած տեղը ցույց կտա, բայց որ առանց իրան ասելու կիրակի, երեքշաբթի ու հինգշաբթի ըտեղ չենք գնա։ Ահավոր սիրուն էր։ Ինչ-որ գրադարանի տանիքին նստած էինք, Հակոբը կիթառ էր նվագում ու երգում ու կեսից քամի ու անձրև սկսվեց։ Մի խոսքով։ Կյանքիս ամենասիրուն օրերից էր։ Ու վերջացավ հերթական հրաժեշտով։ Նենց տխուր ա․ սիրածս մարդկանց մեծ մասը, մի 98 տոկոսը կամ կրթագաղթում ա կամ գնում ա բանակ ու ես էլի մնում եմ մենակ, առանց ընկերական շրջապատի, առանց թափառելու մարդկանց։ Ու ես էլ էներգիա չունեմ նոր մարդկանց հետ ծանոթանալու, նոր մարդկանց սիրելու, որովհետև մի տարի հետո էլ գալու ա իմ իրանց լքելու հերթը ու ես դրա համար էլ էներգիա չունեմ։

Նիկեա
16.07.2018, 23:42
Խաչմերուկում կանգնած սպասում էի, որ կարմիրը կանաչ դառնա ու մարդկանց էի նայում։ Դիմացի փողոցում գույները արդեն փոխվել էին ու մարդկանց զանգվածը փողոցի երկու կողմերից իրար ընդառաջ էր քայլում։ Հանկարծ էդ ամբոխից երկու հոգի ճանաչեցին իրար, բարևեցին, գրկեցին ու գծանշման վրա կանգնած խոսում էին էն ընթացքում, քանի կանաչ էր։ Էնքան սիրուն էր իրենց նայելը։ Փորձում էին հնարավորինս արագ իրար շատ բան ասել։ Հետո լուսացույցի թվերը ձգտում էին զրոյի ու իրենք իրար հրաժեշտ տվեցին ու ամեն մեկը գնաց իր ուղղությամբ։ Ու էնքան կյանքի նման էր էս միջադեպը։ Ոնց որ կյանքում էլ, երբ լուսացույցը մեզ համար կանաչ ա, հանդիպում ենք հարազատների, խոսում հնարավորինս արագ որ իրար հնարավորինս շատ բան ասենք ու կիսատ թողած գնում ենք ամեն մեկս մեր ուղղությամբ հաջորդ կանաչ լույսին սպասելու։

***
Հատապտուղներով լիմոնով դարչինով ու մեղրով չայ էի խմում ու մտածում որ կյանքն էլ իրականում էս թեյի նման ա։ Սկզբում արագ ու ագահ խմում ենք ու վառում լեզուն, հետո հասկանում որ ինչքան երկար ա մնում հատապտուղները մեջը, էդքան հաճելի համ ա ունենում մեր չայը։ Ու ամենահաճելի պահը բաժակի կեսերում ա, երբ սկսում ես զգալ ներքևում նստվածք տված մեղրի համը։

Կոելյո եմ անում :))

Նիկեա
19.07.2018, 12:08
Աստվածներ, տարկետման մասին օրենքը փոխել ու փոխում ա իմ կյանքը։ Իրոք, ասենք, ամեն ինչ լրիվ ուրիշ կլիներ, եթե էդ օրենքը չլիներ ու անգամ չգիտեմ՝ ես իմ կյանքի է՞ս տարբերակն եմ ավելի շատ հավանում թե՞ էն որ կարար լիներ։

Երեկ Հայկոյի ու Արմենի բանակի "քեֆն " էր։ Գործս ուշ վերջացրեցի ու ուշ գնացի։ Դավոն, Մարտինն ու Հակոբը դրսում էին։ Ասեցին՝ մտածում էինք էլ չես գա։ Իրանք ինձ սիրում են ու նենց հաճելի ա իրանց կողմից սիրված լինելը։ Ասեցի, որ երկրորդ գործ եմ գտել, ուրախացան, բայց ասեցին, որ խնայեմ ինձ։ Խնայում եմ։ Պատշգամբում Հասմիկն ու Համոն էին։ Համոն ասեց՝ մյուսները վերևն են, քնում են արդեն, գնա, հանի քնից :)) Հետո բոլորը ինձ գրկում էին։ Արմենին էի ման գալիս։ Բարի մոտ էր, ինչ-որ կոկտեյլ էր պատվիրում ու լիքը մարդիկ էին մեր արանքում ու ահավոր անհասանելի էր ինքը թվում։ Էն մղձավանջների էֆեկտից կար մի տեսակ, էն որ ինչքան մոտենում ես, ինքը էնքան հեռանում ա։ Վերջը գրկեցի։ Արմենը միշտ փախնում էր իմ գրկելուց։ Էս անգամ թողեց, որ գրկեմ ինչքան ուզում եմ։ Երջանկությունից թրվռում էի, էն կարգի, որ օյաղ պարել եմ։ Ու օյաղ կենացներ ասել։

3-րդ շիշ գարեջուրը վերջացնելուց հետո, ուզում էի Արմենի հետ խոսել։ Միջանցքում Մարտինի հետ էր խոսում։ Քանի որ ահավոր աղմուկ էր ու բարձր երաժշտություն, Արմենի ականջի մեջ էի գոռում, որ լսեր։ Էն պահին, երբ իրեն տեսնում էի ու քայլում իր ուղղությամբ, դեռ գաղափար չունեի, թե ինչ եմ ասելու, բայց զգում էի, որ ասելու ինչ-որ բան կա։ Ասեցի՝ ուզում էի քեզ շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար։ Ասեց՝ քեզ էլ մերսի։ Ասեցի․
— դու երբեք չես թողել, որ ինչ-որ բան ասեմ ու ես միշտ գրել եմ․․․
— ու պետք էլ չի ասես։
— չէ, բայց էս անգամ պետք ա ասեմ։ Հարգի իմ ասելու պահանջը, լա՞վ։

Ժպտաց։ Ու մտածեցի, որ մեկ ա՝ ակնոցները իրան ահավոր սազում են։

— Իմ կյանքի վերջին մի քանի ամիսը նման ա էղել թունելով քայլելուն։ Ինչ-որ ճեղքեր եմ գտել, գնացել պատին խփվել, անընդհատ նույն տեղերով հետ ու առաջ արել։ Բայց դու օգնել ու օգնում ես ինձ էդ թունելից դուրս գալ։ Ես գիտեմ, որ թունելի վերջում դու չես, դու շատ շատ շատ ավելի հեռու ես, նենց որ ես երևի երբեք էդքան հեռու չեմ կարա գնամ, բայց դու հիմա ինձ օգնում ես ու ես քեզ շնորհակալ եմ դրա համար։

Հետո համբուրեցի այտը ու փախա։ Գնացի Մարիամի կողքին նստեցի ու խոսում էինք էն մասին, թե ինչ ահավոր շատ ա կարոտելու ինքը Թումոն։ Ասեցի, որ չեմ խաբի, իրոք շատ-շատ ա կարոտելու։ Բայց ամեն ինչ լավ կլնի։ Իմ տանը պահարան կա, որում կարելի ա թաքնվել դեպրեսիաներից։ Ժպտաց։ Դավոն ասեց, որ ես կարամ հանգիստ մեռնեմ, որովհետև առնվազն մի երեխայի կյանքի վրա դրական ազդեցություն եմ ունեցել։ Մտածեցի՝ ինչ հաճելի պետք ա լինի հանգիստ խղճով մեռնել կարողանալը։ Հետո մտածեցի, որ ես հլը լիքը լավ բաներ եմ ուզում անել ու որ դեռ մեռնել չեմ կարող։

Ահավոր հաճելի օր էր երեկ։ Խոստացել եմ, որ էրկու տարի հետո երբ էս դախերը բանակից գան ու մենք էլի նույն կազմով հավաքվելու լինենք, ես բոլոր խնայողություններս տալու եմ ու թռնեմ Երևան ու եթե բոլորս լինենք, ես էդ նույն օրը, էդ նույն տեղում բոլորի ներկայությամբ կքաչալանամ։ Երանի էրկու տարի հետո ես քաչալանալու առիթ ունենամ։

Իրար հրաժեշտ տալուց Արմենը էլի թողեց, որ գրկեմ ինչքան ուզում եմ։ Բաց թողեցի ավելի շուտ, քան կհասցնեի լաց լինել։ Հայկոյի հետ նույն տաքսիով էինք գնում, գլուխս դրել էի ուսին ու թվում էր իր ողջ տխրությունը ինձ ա անցնում։

Իսկ վաղը դախերը կգնան բանակ։ Էրկու տարի։

Նիկեա
21.07.2018, 11:39
Աաաաաաաա, ինչ անասելի հաճելի ա առավոտ շուտ ճնճղուկների հետ արթնանալը, սառնարանից մի շիշ սառը ջուրը միանգամից խմելը, հետո ինչ-որ թեթև, բարի երաժշտություն միացնելն ու քո համար նախաճաշ սարքելը։ Անասելի հաճելի ա, երբ դու ունես վարսակի փաթիլներ ու թարմ (երեկվա) կաթ։ Արագ-արագ նախաճաշում ես ու սկսում դաս անել։ Հետո ընթացքում քո համար թեյ ես պատրաստում ու էն ընթացքում, երբ սպասում ես թեյնիկի մեջ ջրի եռալուն թվիթերն ու ֆեյսբուքն ես քրքրում։ Հետո երբ թեյդ պատրաստ ա, նստում ու սկսում ես կարդալ բաժանաորդագրված բլոգներն ու կայքերը։ (Բայց մտածում եմ երևի առավոտվա ժամերը ավելի ճիշտ կլինի գիտական հոդվածներ կարդալու վրա ծախսելը, որովհետև երբ գործից եմ տուն գալիս, ուղեղս անալիզ անելու իվիճակի չի լինում։) Հետո սերիալ ես նայում։ Պահի տակ ջոկում ես, որ պատուհանից էն կողմ երևացող շենքի վարդագույն կտուրը, կապույտ ծաղկամանը, ծաղկամանի միջի ծաղիկները ու բազմոցի վանդակավոր ծածկոցը իդեալականորեն համապատասխանում են իրար։

Մի խոսքով՝ սիրուն ա ապրելը։

Նիկեա
22.07.2018, 01:16
Մենեջերս էշի գլուխ ա։ Էսօր ասում ա՝ քեզ դու՞ր ա գալիս գորխիդ տեղը, դե նենց արա որ չկորցնես։ Զուտ մի պահ հեռախոսի մեջ էի նայում։ Էլ չգիտի, որ մաքսիմում մինչև սեպտեմբեր եմ իրանց մոտ մնալու։ Ասենք ես գիտեմ, որ ես լավ աշխատող եմ, ես գլուխ չեմ գովում ու երբ իմ աշխատանքը ըստ արժանվույն չի գնահատվում, ես թքում եմ էդ աշխատանքի վրա ու գնում։ Բայց վատ բաների մասին չխոսանք։

Համիկը իմ կոլեգան ա։ Ավելի ճիշտ էնքան էլ կոլեգա չի։ Մի խոսքով։ Էսօր ահագին խոսում էինք։ Պարզվեց, որ ուզել ա հոգեբան դառնալ, հետո 12-րդ դասարանից սկսել ա աշխատել ու կամ իրան պետք ա պահեր կամ սովորեր, ընտրել ա իրան պահելը։ Բայց ինքնակրթությամբ ա զբաղվում, բզբզում ա, լիքը գրքեր ա կարդում։ Տենց խոսացինք, համոզեցի որ ճիշտը սկզբում անգլերեն սովորելն ա, հետո օնլայն կուրսեր վերցնելը, հետո ինչ-որ ծրագրերի դիմելը հետո դրսում նորմալ սովորելը։ Ոնց որ թե մոտիվացված ա։ Հիմա անգլերենի ինչ-որ կուրսեր եմ ման գալիս, որ ուղարկեմ։ նենց հաճելի ա ինչ-որ մեկին մոտիվացնելը։ Ոնց որ իմ ուսանողներից լինի։ Էն որ կապ չունի, որ էլ Թումոյւոմ չեմ աշխատում, մեկ ա քոչություն եմ անում։ ու հաճելի զգացողություն ա ինչ խոսք։

Նիկեա
24.07.2018, 01:13
կանգառում կես ժամ կանգնելուց հետո ծանոթներիցս մեկին տեսա, ով ծանոթացրեց իր երկու ծանոթների հետ, որոնք մեկը մեկից թույն դեմքեր էին՝ Մերին ու Հակոբը։ Նույն կանգառում կանգանած էի մի 15 րոպե հետո մեկ էլ տեսնեմ Թուֆեյսը իր երկու ընկերների հետ, որոնք էլի ոնց պարզվեց մեկը մեկից լավն էին։ Էսքանից հետո, երբ 45-50 րոպեում ծանոթանում ես 4 պատահական մարդկանց հետ ու չորսն էլ լավն են լինում, էլ հավատդ չի գալիս, որ վատ մարդիկ էլ են վաբշե լինում։ Եսիմ։

***

Վերջը որոշեցի քայլել տուն։ Արսենի ու Հայկի հետ էի խոսում։ Անհանգստացան, որ գիշերվա հազարին մենակ քայլելու եմ ինչ-որ փախած ճամփեքով։ Նենց տարօրինակ էր, որ ինձ համար անհանգստանում են։ Ու տարօրինակ ա, որ մարդիկ անհանգստանում են քեզ համար, երբ դու գիշերվա հազարին մենակ քայլում ես դրսում, բայց չեն անհանգստանում, երբ ամբողջ գիշեր դու մենակ ես մնում ինքդ քեզ հետ։

***

— Էս ժամին էսքան մարդ ու՞ր ա գնում։
— Կամ տուն, կամ սիրածի տուն։

Նիկեա
25.07.2018, 02:16
Աշխատանքի համար CV֊իս վաղուց մի տեղ էի ուղարկել, էսօր զանգեց մենեջերը, բա թե` դուք մեզ մոտ CV էիք ուղարկել։ Զանգել եմ ասելու, որ մենք ձեզ չենք ուզում աշխատանքի վերցնել, որովհետև դուք բավականին խոստումնալից ռեզյումե ունեք ու ավելի լավ աշխատանք կարող եք գտնել։

Ահավոր մոտիվացա։ :D

Նիկեա
26.07.2018, 13:18
Լաց լինելու անսահման պահանջ եմ զգում, ոնց որ հոգիս հիվանդ լինի։

https://www.youtube.com/watch?v=LCqVJObmSIk

Նիկեա
28.07.2018, 16:29
- Յոլա գնալ արտահայտությունը լսած կլինես։
- Հա իհարկե։
- Իսկ գիտե՞ս թե ինչ ա նշանակում "յոլա"
թուրքերենում։
- Ի՞նչ։
- Յոլա նշանակում ա ճանապարհ։ Այսինքն մենք բոլորս ճանապարհ ենք գնում ու ոչ մի վատ բան չկա դրա մեջ։ պետք ա ուղղակի գնահատել ճանապարհը։

Լռեցինք։

- Դե ուրեմն խմենք էն բոլոր յոլաների կենացը որ նոր պետք ա գնանք։

Էն պահին երբ մեր գարեջրի շշերը իրար կպան ու արձագանքը տարածվեց, հրապարակի ժամացույցը ասեց որ գիշերվա ժամը մեկն ա ու էդ նույն պահին անջատվեց նաև քաղաքի գլխավոր լուսավորությունը։ Իսկ երկնքում լուսինը դեռ կարմիր էր։

Նիկեա
28.07.2018, 22:14
երևի իրոք ես բավականաչափ ուժեղ չեմ ինչ-որ մեկից օգնություն խնդրելու համար։

Նիկեա
31.07.2018, 21:22
Փոքր ժամանակ երազում էի շատ մեծ տուն ունենալու մասին որ բոլոր նրանք ում սիրում էի, հետս ապրեին ու ես ոչ ոքի չկարոտեի: Գերեզմանատանը ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ իմ սիրած մարդկանցից շատերը արդեն միասին են ապրում գերեզմանատանը:

Հուլիսը մարդաթափի ամիս էր: Մի մասը գնաց դրսում սովորելու ու կամավորություն անելու, մի մասը գնաց բանակ ու իրանցից որոշները անգամ նեղություն չտվեցին իրենց ասել՝ գիտե՞ս վաղը գնում եմ ու առաջիկա երկու տարիների համար անհասանելի եմ լինելու: Հետո տատիկս մահացավ:

Ընդհանուր առմամբ ամեն ինչ ահավոր ա, ես էլ էներգիա չունեմ, էլ չեմ ձգում: Ես հոգնել եմ մարդկանց գնալուց ու հավերժական անորոշ հրաժեշտներից ու իմ արժեքային համակարգի վրայով անցնել փորձող մարդկանցից:

Ու երաժշտությունը միակ բանն ա, որ առավոտ ստիպում ա բացել աչքերս, իսկ գիշերն էլ՝ փակել:

Նիկեա
03.08.2018, 13:32
Երեկ 12-րդ հարկում ինչ-որ ծնունդ կար, լիքը էրեխեք էին էկել փուչիկներով ու ծաղիկներով զինված։ Ընդունարանում սպասում էին։ Էրեխեքից մեկի ձեռքից թելը դուրս պրծավ ու կապույտ փուչիկը թռավ վերջ, կպավ սյուներից մեկին ու մնաց։ էրեխեքն թռնում էր, բայց չէր հսնում թելին։ Մաման էլ խիստ զբաղված էր հեռախոսով խոսելով որ փուչիկը իջացներ։ Գնացի, իջեցրեցի ու տվեցի իրան։ Էրեխու աչքերը փուչիկը պես կապույտ ու կլոր էին։ Աշխարհի ամենաուրախ ժպիտով ասեց շնորհակալություն ու փուչիկը վերցրած վազեց մամայի մոտ թե բա՝ մամ, մամ, էն քուրիկը փուչիկս տվեց։ Ու ես էդ պահին մտածում էի, որ իմ երազանքների աշխատանքն ա էրեխեքից փախած փուչիկները իրենց վերադարձնելը։

Նիկեա
05.08.2018, 03:31
Ինձ թվում ա՝ ես բուժվում եմ։

Նիկեա
05.08.2018, 17:59
Որ նոր էի իմ էս տուն տեղափոխվել, երկու սենյակային բույս առա։ Երկուսի անունն էլ վաճառող տատիկը ասեց, բայց չմտապահեցի։ Ասեց, որ էն մեկը՝ փոքրը, ասում են երջանկության ծաղիկն ա։ Ես էլ ոգևորվեցի։ Որովհետև էդ ժամանակ իրոք երջանիկ էի ու ինձ համար շատ սիմվոլիկ էր երջանկության ծաղիկ ունենալը։ Էդ նշանակում էր, որ իմ փոքր երջանկության հետ երջանկության ծաղիկս էլ ա աճելու ու մեծանալու։

Անցել ա համարյա 2 ամիս։ Էն մյուս դեբիլ ծաղիկը մեծացել ա ու էլ իր ամանում չի տեղափոխվում, իսկ երջանկությունս չորանում ա։

Նիկեա
14.08.2018, 01:25
Մոտս էն զգացողությունն ա, որ հետագա կյանքս կախված ա էն ամեն ինչից ինչ լինելու ա օգոստոսի վերջին մի քնաի շաբաթվա ընթացքում։ Էս շաբաթ օրվանից 3 հարցազրույցի եմ գնացել ու էս շաբաթ դեռ 3 հարցազրույցի էլ պետք ա գնամ։ Ռեանիմանիայի ժամանակ կամավորություն եմ անելու ու եթե փառատոնին գնաք, իմ թարգմանած տիտրերով եք նայելու անիմացիաները։ Ու հավանաբար ամեն ինչ լավ կլինի։ Էներգիաս կամ վերականգնվում ա կամ էլ հերթական ալիքն ա, որը շուտով էլի կհանգի։ Չգիտեմ։ Բայց զգում եմ, որ լավ բան ա լինելու։ Ուզում եմ, որ լավ բան լինի։

***

Ես սովորություն ունեմ Հալդի գնալիս հետս նարինջ տանել։ Էսօր էլ ուրիշ աշխատող էր, ում էլի էսքան ժամանակ դեռ չէի տեսել։ Նարնջից ահավոր շատ ուրախացավ։
— էս շոգին սիրուն նարինջները որտեղի՞ց եք գտնում, սուպերմարկետի՞ց թե՞ աճեցնում եք։
— Իրականում շատ կուզեի նարնջի ծառեր ունենալ, բայց չէ, խանութից :))
— Երբ ա ձեր ծնունդը։
— Սեպտեմբերի 16-ին։
— Ես ամեն տարի սեպտեմբերի 16-ին անգամ եթե չտեսնեմ ձեզ, ձեզ նարնջի ծառեր կմաղթեմ։

Մի օր ես կունենամ նարնջի ծառեր։

Նիկեա
14.08.2018, 12:27
Առավոտ մեռնելով եմ հելնում, բայց երբ շուտ եմ արթնանում ու օրվա կեսը չէղած մի աշխարհ բան արած եմ լինում, հպարտանում եմ ինձնով։ Հետո նենց չի, որ շուտ արթնանալուց աշխատունակությունս ընկնում ա, ուղղակի ես սիրում եմ առավոտները երկար քնել։ Բայց երևի ես կշարունակեմ էս ռիթմով ապրել։ Դաջվածքիս տեղը լրիվ լավանա, կսկսեմ առավոտները վազել ու հավանաբար նաև մարզասրահ գնալ։ Հիմա ուղղակի չեմ ուզում անկապ քրտնի, հետո կտրուկ շարժումներ անելուց էլ մի թեթև ցավում ա։ Կդիմանամ 2 շաբաթ։

Առավոտվա հարցազրույցս հավես անցավ։ Իրենք օֆիսում մեծ, հսկայական կապույտ աչքերով հասկի ունեն, որ էկել նստել էր կողքս ու իրար հետ խաղում էինք մինչև ինձ հարցազրույցի կկանչեին։ Հետո տանս ահավոր մոտ ա։ Սրանից բացի կա ևս 2 փուլ։ տեսնենք էս անցնում եմ, թե՞ չէ։

Բայց վաղվա հարցազրույցին ավելի սրտատրոփ եմ սպասում։ Ես գիտեմ, որ էդտեղ աշխատավարձս շատ քիչ ա լինելու ու հազիվ ծերը ծերին եմ հասցնելու, բայց ուզում եմ, որ էդ լինի։ Ահավոր, անտանելի շատ եմ ուզում։ Իսկ հիմա մեջիս սատանան արթնացել ա ու ասում ա՝ Ռենդերֆորեսթի ինթերնշիփի համար էլ դիմի։ Ուֆ աման եսիմ է, չիդեմ։

Չգիտեմ լավ ա թե վատ, բայց ես հույսս էլ ոչ մեկի վրա չեմ դնում, ոչ մեկից ոչ մի ակնկալիք ու սպասելիք չունեմ։ Ոչ մեկից, բացի ինձանից։ Ու օգնություն էլ ոչ մեկից չեմ խնդրում։ Ու թող ես տափակ լինեմ, բայց ինձ վեհ եմ զգում դրանից։ Էս ամեն ինչի արդյուքնում ես լիքը աճել եմ, իսկ աճը ամենակարևորն ա, ի վերջո ես որոշել եմ բույսի նման ապրել՝ աճել արևին ձգտելով մինչև չորանալս։ Չնայած զգում եմ, որ էս էվոլուցիայի արդյունքում կակտուս եմ դառնում, արդեն ինչ-որ փշեր ունեմ։

Նիկեա
01.09.2018, 01:56
Օգոստոսի և ամռան մասին ընդհանրապես։

Երևի սկսեմ օգոստոսը ամփոփելուց։
Ամսվա սկզբին գործից դուրս էկա։ Ոչ թե դուրս էկա, այլ ուղղակի մի օր վերցրեցի ու էլ աշխատանքի չգնացի։ Այո, էդ երևի անպատասխանատու արարք էր կոլեգաներիս նկատմամբ ու կարող ա նաև դավաճանություն, բայց ես արեցի դա ու չեմ ափսոսում։ Ու չեմ ափսոսում, որովհետև երբեք պետք վատ իրավիճակին հարմարվել պետք չի, ինչ է թե դու էդ պահին այլընտրանք չունես, որովհետև այլընտրանք միշտ կա։ Իսկ եթե իրոք չկա, նշանակում ա դու պետք ա ստեղծես քո այլընտրանքը։ Ես էլ ստեղծեցի։ Երկու օր հետո արդեն ուրիշ գործ ունեի։ Դրանից հետո հարցազրույցների շարան էր։ Համարյա ամեն օր ինչ-որ տեղում ինչ-որ աշխատանքի, կամավորության, ինթերնշիփի համար հարցազրույցի էի։ Արդյունքում հիմա ես ունեմ երկու աշխատանք ու մի կամավորություն։ Արդյունքում ես 72 ժամվա ընթացքում քնում եմ 8-10 ժամ, բայց ինձ մի տեսակ հզոր եմ գզում, որովհետև ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ հսցնում եմ։

Օգոստոսը էն ամիսն էր, երբ ես համարյա չկարդացի ու ոչ մի ֆիլմ չնայեցի։
Օգոստոսը մարդկանց զանգվածային գաղթի ամիսն էր, ու էդ գաղթը համ ներգաղթ էր, համ արտագաղթ։ Եթե հաշվեմ թե քանի հոգի ինձ կմնա էս ամսվանից գոնե առաջիկա կես տարվա համար, երևի ամենաշատը 3-ը։ Իսկ մնացածները ոնց էկան, նենց գնացին։

Ոտքս վնասելու ու էդ նոր փորձառությունն էլ ձեռք բերելու ամիս էր։
Ուզում էի գրել՝ օյաղ ամիս էր, հետո հիշեցի, որ ամսվա սկզբում երկու օր խմել եմ, բայց դե շատ քիչ։ նենց որ հա, կարելի ա ասել օյաղ ամիս էր։ Երևի էմոցիոնալ տեսանկյունից ավելի կայուն էր, քան նախորդը, բայց էլի էմոցիաներով գերհագեցած էր։

Իսկ էս ամառը․․․ ես պատրաստ չէի էսքան բան միանգամից զգալ։ Հունիսից ինչ-որ էմոցիաների հողմապտույտ ինձ վերցրել ու պատերին էր տալիս։ Թումոյից դուրս գալը, տունս փոխելը, գործ գտնելը, հետո երկրորդ գործ գտնելը, հետո երկրորդ գործից դուրս գալը, որովհետև հեչ իմը չէր, հետո տատիկիս մահը, հետո էն մյուս գործիցս էլ դուրս գալը, նոր գործ գտնելը, անընդհատ հարցազրույցները ու մի տեղից մյուսը վազվզոցները, մարդկանց առանց մի բան ասելու գնալը։ Ամեն ինչ ահավոր շատ էր։ Ես պատրաստ չէի սրան։ Ու հիմա ես համարյա սպառված գոյությունս եմ քարշ տալիս ամբողջ հոգով հավատալով որ դեկտեմբերին հավանաբար ամեն ինչ ուրիշ կլինի ու ավելի լավ։ ՈՒ ես ուղղակի հիմա չունեմ բավարար պայմաններ իմ խնդիրները լուըծելու համար։ ՈՒ զուտ պետք ա սպասել, որ էդ պայմանները հայտնի դառնան։

Իսկ առջևում հավանաբար կյանքիս ամենադեպրեսիվ աշունն ա։

Նիկեա
05.09.2018, 05:46
Մի տեսակ ակումբում գրելս էլ չի գալիս։ Ինձ էլ վստհ չեմ զգում։ Որովհետև մարդիկ ինձ ճանաչում են ու ես առաջվա նման հանգիստ չեմ կարա տզտզամ։ Ու ոչ մի տեղում գրելս էլ չի գալիս։ ՈՒ երևի սկսեմ էլի թղթի վրա գրել։

Նիկեա
05.09.2018, 22:35
Վաղվանից հետո կյանքս հավանաբար կբաժանվի 2018-ի սեպտեմբերի 6-ից առաջի ու սեպտեմբերի 6-ից հետոյի։ Ու ես գիտեմ, որ վաղը ուրիշ կարգավիճակում եմ լինելու, վաղվանից ուրիշ եմ լինելու ու վաղվանից նոր բան ա սկսվելու իմ կյանքում։ Լրիվ նոր փուլ։ Ինչ-որ առումով ես էսօր մեռնելու եմ ու վաղը ավելի ուրիշ ծնվեմ։

Նիկեա
06.09.2018, 12:21
Առավոտ արթնացա ու գնացի վազելու։ Պարզվում ա՝ իմ փլեյլիստերից մեկը իդեալական ա վազելու համար, ահավոր մոտիվացնող, տեղ-տեղ պարային, իսկ ես չգիտեի էդ մասին։ Իմ սիրած շենքերի մոտով էի վազում ու հավես էր, լրիվ իդեալական վազելու տեղ մի խոսքով։

Հետո իմ համար նախաճաշ սարքեցի ու էլի ուտելիք՝ հետս գործի տանելու համար։ Կիսատ թողած թարգմանությունս վերջացրեցի, թեդ նայեցի, ոգևորվեցի, որովհետև էդ կինը ասում էր, որ պետք ա լինել դոմիոյի առաջին քարը ու ընկնել, որ մյուսներն էլ տեղից շարժվեն։

Գնացի լիկվիդս ստանալու։ Ապսուրդ ա որ ես իտալերենից լիկվիդ եմ։ Դե մենակ քննություններին էի գնացել, դասախոսս էլ քանի որ ինձ չէր ճանաչում, մտածել էր հաստատ արտագրել եմ, արդյունքում լիկվիդ։ Էս անգամ գնացի, բարձր ու զիլ ձայնով ու վստահ տոնայնությամբ պատասխանեցի, լիկվիդս ստացա, վերջում էլ դասախոսիս ասեցի, զուտ իր իմացության համար, որ պատրաստվում եմ համալսարանից դուրս գալ ու կարայի էս լիկվիդը չհանձնեի ուղղակի որ իր մոտ ստեղծված թյուր պատկերացումները ցրեմ, էկա։

Հետո գնացի դեկանատ։ Որ ասեցի ուզում եմ դիմում գրեմ, դուրս գամ, մի հատ չհարցրեցին էլ ինչի, երկար մտածե՞լ եմ էդ մասին, հաստա՞տ, հետո չե՞մ փոշմանի։ Իհարկե դա իմ մոտ ոչ մի բան չէր փոխի, բայց իրենց վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ էդ բուհում ուսանողը արժեք չէ։ Այնինչ պետք ա լիներ։ Բայց չէ։ Ու էդ պատճառներից մեկն էր դուրս գալուս։

Հիմա ես ազատ եմ։ Հիմա ես առավոտները սովորելու լիքը ժամանակ ունեմ։ Վայ, նենց հանգիստ եմ, չեք պատկերացնի :D

Նիկեա
06.09.2018, 20:17
Էսօր հետաքրքիր օր ա իմ կյանքում։ Մի քանի րոպե առաջ ջնջեցի նաև ֆեյսբուքը։ Իսկ 14 օր հետո ամեն ինչ վերջնականապես ու անդարձելիորեն կջնջվի։ Ու մինչև հիմա դա չէի արել, որովհետև էնտեղ պահած հիշողություններ ունեի։ Բայց գուցե պետք ա էդ հիշողություններն էլ ռադ անել։ Գուցե երբեմն ոչ միայն վատ, լավ հիշողություններն էլ ա պետք մոռանալ, որ սովորենք առաջ գնալ։ Գուցե վերջապես պետք ա սովորել բաց թողնել։

Ու հետո, հետաքրքիր ա, թե ինչպիսին ա կյանքը երբ քո կյանքի բոլոր մարդիկ հիմնականում շոշափելի են։

Նիկեա
07.09.2018, 23:19
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում ես մեծամասամբ զբաղված եմ լինելու կամավորական ծրագրերին դիմելով, մոտիվացիոն նամակներ գրելով, առավոտները մեդիտացիա անելով ու կյանքս հնարավորինս գեղեցկացնելով։ Աստված, ինչ հաճելի ա ամեն ինչ, քո կյանքին վերաբերվող, ձեռքերումդ ունենալու զգացողությունը ու իմանալը որ դու պատասխանատու ես քո առաջ քեզ համար։

Ու հա, ես էսօր արդեն վստահ եմ որ էլ երբեք ֆեյսբուք չեմ վերադառնա։

Իսկ էսօր էնքան դրական մարդկանց պատահական հանդիպեցի, որ մտածում էի երջանկության գերդոզավորումից կարող ա միամիտ մեռնեմ։

Նիկեա
09.09.2018, 18:43
Չգիտեմ, մարդկանց ներկայությունից, անգամ ընկերների, շեղվում եմ, դառնում ոչ արդյունավետ, սպառում էներգիա։ Իսկ երբ մենակ եմ, արդյունավետ եմ ու լիքը գործ եմ անում։ Ու երևի պետք ա ինչ-որ ժամանակ բոլորին ցրել ու մենակ մնալ։

Նիկեա
11.09.2018, 02:27
Ես ուզում եմ ակումբում գրել, որովհետև ակումբը միշտ եղել ա աշխարհում ամենահարազատ տեղը, որտեղ չեմ խաբել, չեմ կեղծել։ Բայց չգիտեմ ինչ գրեմ իրոք։ Ոնց որ թե ամեն ինչ լավ ա, բայց ոչ մի բան էլ լավ չի։ Մոտս էն տպավորությունն ա որ ես իմ փուչիկն եմ սարքել ու իմ փուչիկում ամեն ինչ լավ ա, իսկ դրանից դուրս ահավոր ա ու իմ փուչիկի պատերը բարակ ու թափանցիկ են ու օդս վերջանում ա ու ես ստեղ երկար չեմ ձգի ու էդ մտքից մեռնելս գալիս ա։

Ես երևի սպառվել եմ։ Իրոք։ Ես ուզում եմ ոչ մի բան չանել։ Սենց նստեմ ու ոչինչ չանեմ։ Ոչ մի պարտավորություն ու պարտականություն չունենամ։ Ուզում եմ պարապ լինել։ ՈՒ զգալ թե ոնց ա ժամանակը գնում իսկ ես որ մի բան չեմ անում։ Բայց ես դեռ պետք ա անեմ, գրողը տանի։

Իսկ դեռ մարդիկ կան, որ իմ կարիքը ունեն ու ես չեմ կարա ինձ իրանց հետ չկիսեմ, բայց ես էլ չեմ ուզում կիսվել, որովհետև հասկանու՞մ եք, ես ավելի շատ ուրիշներինն եմ, քան իմը ու էդ ճիշտ չի։

Բայց ամեն դեպքում պետք ա մոտիվացիոն նամակ գոնե գրել։ Որ չստացվի թե գիշերը անկապ եմ անցկացնում։ Ի վերջո ես ինձ համոզել եմ որ էսօր գործ եմ անելու։

Ուզում եմ որ ամեն ինչ վերջանա։

Նիկեա
18.09.2018, 17:26
Իրիկունը ուտելիք տաքացնելիս մտածում էի՝ որ ես սիրում եմ երբ ուտելիքը տաքացվում ա կրակի վրա, ոչ թե միկրոալիքային վառարանում ու որ ինձ դուր ա գալիս կրակի համը։ Հետո պատկերացրեցի որ երևի հեռավոր ապագայում երբ սպառած կլինենք վառելիքի բոլոր պաշարները, էլ կրակ չի լինի ու իմ ծոռները հավանաբար կրակի վրա տաքացրած ճաշ երբեք չեն ուտի ու երևի լավ ա որ ես էդքան չեմ ապրի ու չեմ լինի էն ապագայում, որտեղ չկա կրակ ու կրակի համ։

Նիկեա
27.09.2018, 18:31
Տանել չեմ կարողնաում էն պահը, երբ մի քանի դեդլայն նույն օրն ա լինում, էս դեպքում՝ սեպտեմբերի 30-ը։ Ու քանի որ ես որոշել եմ 29-ին ինչ գնով էլ լինի գնալ Դիտասար, 30-ին առավոտից մինչև գիշերվա հազարը գործի եմ, դա նշանակում ա, որ ունեմ ինչ-որ բան անելու համար ընդամենը 2 օր։ Բայց կարծում եմ կհասցնեմ։ Ու կարծում եմ լավ կլինի։

Նիկեա
06.10.2018, 23:04
Ծաղկավաճառները

Էն խաչմերուկի երկու կողմերում, որ հատում եմ ամեն անգամ տուն գալիս կամ աշխատանքի գնալիս, ծաղկի խանութներ կան։ Երկուսն էլ ապօրինի շինություններ են, երկուսում էլ վաթսունն անց տատիկներ են աշխատում։ Մեկը քարե շինություն է, կոսմետիկ վերանորոգված՝ պատերին անճաշակ վարդագույն։ Բայց երևի ամենամեծ հարստությունը փափուկ բազկաթոռն ու հարթ էկրանով հոռուստացույցն են։ Ծաղկավաճառ տատին սիրում է նստել իր բազմոցին, հնդկական սերիալներ նայել ու աղջի Սիրուշի հետ էն Նվարդից խոսել։

Մյուս ծաղկի խանութը երևի վերանորոգման երես առաջին ու վերջին անգամ տեսել է ստեղծման ժամանակ։ Բայց ապակիները ավելի լայն են ու երբ արևի ճառագայթները գունատ պատերին են ընկնում, սենյակը կյանք է ստանում։ Էս խանութում աշխատող տատին աշխարհի ամենաքնքուշ արարածներից է։ Ամեն անգամ իր մոտից երիցուկներ գնելիս չեմ կարողանում չմտածել, որ սպիտակ երիցուկները տատիկի սպիտակ մազերի մեջ են աճում։ Խանութը հավանաբար տատիկի տղայի սեփականությունն է, իսկ տատիկի տղան մեղմ ասած անարժանի տպավորություն է թողնում։ Երևի ինչ-որ ընտանեկան խնդիրներ կան։ Հետո էս խանութը ավելի երկար է բաց լինում։ Մի անգամ համարյա 11-ն էր, երբ տուն էի գնում։ Խաչմերուկը անցնելիս նկատեցի, որ լույսը ներսում վառվում է, դուռն էլ բաց է։ Տատիկը էն փոքր, ուռուցիկ էկրանով հեռուստացույցով «Կասաբլանկան» նայելիս քնել էր։

Նիկեա
13.10.2018, 01:01
Անապահովության մասին

Երբ մետրո էի մտնում կայարան հասնելու ու Գորիս գնալու համար, առաջին անգամ մտածեցի, որ գնում եմ չգիտեմ ուր, չգիտեմ ինչ կարա լինի ու ես բացարձակապես ոչ մի ինքնապաշտպանության միջոց չունեմ։ Ու որ իմ միակ հույսը ես եմ։ Ու էդ միտքը մի քիչ վախեցնող էր։ Երևի մի քիչ շատ։

Գորիսը

Առավոտ երբ աչքերս բացեցի ու պատուհանից դուրս նայեցի, նեղ փողոցը արդեն լցվել էր արևի ճառագայթներով։ Հեռվից ինչ-որ տեղից սալիկների վրա բարձրակրունկ կոշիկների կտկտոցն էր գալիս, ձայնը գնալով մոտենուր էր իսկ կոշիկները դեռ չկային։ Ես հոսթելի առաջին հարկում էի, պատուհանը ցածր էր, գետնից մի քանի սանտիմետր բարձր ու երևում էր դիմացի բակում կանգնած կարմիր 07-ը։ Քիչ անց կարմիր բարձրակրունկներն էլ հայտնվեցին տեսադաշտում։ Էնքան սիրուն էր էդ կադրը, որ նետվեցի հեռախոսիս հետևից ու արագ նկարեցի։ Ավելի ուշ նկատեցի, որ հեռախոսիս մեջ հիշողություն չկա ու էդ կադրը որսալ չէր հաջողվել։

Էն սենյակում, որտեղ քնել էի, ինձանից բացի ևս երեք հոգի կային, որոնց դեմքերը չէի տեսնում։ Արագ իրերս վերցրեցի ու հնարավորինս անաղմուկ դուրս էկա։ Բայց քիչ անց քնածներից մեկն էլ արթնացավ։ Պարզվեց, որ ինքը Դանիլն ա, Պորտուգալիայից ու գնում են Մեղրի։ Առաջարկեց իրենց հետ գնալ, ես էլ սկսեցի պատմել Ա․-ի մասին, որ գնում եմ իրեն տեսնեմ ու չեմ կարա։ Քթի տակ ժպտալով ասեց՝ ինքը ոնց էրևում ա քո համար շատ կարևոր ա։ Ասեցի, որ շատ։ Հետո բակում ճոճաթոռին նստած մասուրի թեյ էի խմում ու նայում քաղաքի վրա կախված մառախուղին, իսկ մառախուղից էն կողմ սարերից մի կտոր էր երևում։

Իսկ Գորիսը աննկարագրելի նուրբ քաղաք է։ Երևի պետք էր հենց Gորիսում լինել Բակունց լինելու համար։ Երբ գնում էի ավտոկայան՝ Շուշիի ավտոբուսին հասնելու, մայթին քարե նստարանի վրա ձեռքը դնչի տակ դրած մի պապի էր նստել ու լու՜ռ նայում էր անցորդներին։ Մտածեցի, որ երևի դա իմ տեսած ամենակյորեսական ու կոլորիտային բանն էր։

Մշուշ

Առաջին անգամ, երբ երկու տարի առաջ Շուշիում էի, քաղաքը մառախուղի մեջ էր ու աննկարագերլի տխուր տրամադրություն էր օդում։ Էս անգամ էլի քաղաքը թաղված էր մշուշի մեջ։ Բայց չէի հասնակում՝ տխու՞ր էր թե՞ չէ։

Դպրոցի դիմացով պետք ա անցնեի, որ Ա․-ի համար քարտ առնեի։ Դասերը վերջացել էին ու էրեխեքը տուն էին գնում։ Ինձ տեսելուց հետո դիմացի մայթից սկսեցինք բացականչել՝ պրիվե՜տ, ատկուդա՞, hi, hello: Ժպտացի ու ձեռքով արեցի իրենք էլ ոգևորված շարունակեցին բացականչությունները ուղղակի էս անգամ դրանց շարքում սալամալեյկոմն ու բոնժուխն էլ ավելացան։ Էրեխեքից երեք հավանաբար ամենաքաջերը հետևիցս քայլում էին։ Կանգնեցի, սպասեցի որ ինձ հասնեն։ Էդ ժամանակ իրանցից մեկը փախավ։ Էն էրկուսն էլ էկան, կանգնեցին դիմացս ու ամաչկոտ ինձ նայելով թե բա

— Hello
— Բարև։
Զարմացած իրար նայեցին, ուրախացան։
— Հա՞յ ես։
— Ըհն,- գլխով արեցի։
— Բա ինչի՞ ես տուրիստի նման։
— Դե, երկար ճանապարհ պետք ա գայի։
— Բա ինչի՞։
— Ընկերներիցս մեկին պետք ա տեսնեմ։
— Հա՜,- ասում են միաբերան։
— Ես Ս․-ն եմ,- ասում եմ ու ձեռքս մեկնում։
— Մարտին։
— Դավիթ։

Երեխաները ձեռքս են սեղմում հետո իրար նայում ու փախնում ու կորում մշուշում։

Սպասելն ու տեսնելը

Հսկիչ անցագրային կետում սպասելիս հանեցի Ա․ի մամայի ուղարկածներ պայուսակիցս, գիրքը, իրեն գրածս նամակը, դրեցի գրքի մեջ ու սպասում էի։ Իրենց մոտ ճաշի ժամ էր։ Հինգ րոպե հետո լսում եմ, որ ասում ա՝ արագ էկա, ոչ մեկին չհասցեցի զգուշացնել, ոչի՞նչ։

— Ոչինչ, անցի, քեզ սպասում են։

Գրկեցի ձիգ-ձիգ։ Ու հասկացա, որ իմ պատկերացրած հնարավոր հեռանկարներից ոչ մեկը չի լինելու ու որ գաղափար չունեմ, թե ինչ է լինելու հետո։ Հետո խոսում էինք ավելի շատ ես, քան ինքը, որովհետև ասում էր, թե իր մոտ ոչ մի հետաքրքիր բան չի լինում։ Ասեց, որ չեմ փոխվել ու մի տեսակ ուրախ էր դա ասում։ Ասեցի, որ չեմ էլ փոխվելու։ Ժպտաց։ Հետո գրքիս մակագրությունը կարդաց։ Ես տառերը հայելային արտացոլանքով էի գրել, բայց ինքը ջոկեց, թե ինչ եմ գրել։ Անգամ կոորդինատները հասկացավ։ Հետո ասեց, որ էդ գիրքը հանրային օգտագործման գիրք ա դառնալու ու մակագրածս էջը պոկեց, դրեց գրպանում։ Նամակս կարդալուց հետո խնդրեց, որ պահեմ մոտս մինչև արձակուրդ կգա ու կվերադարձնեմ իրեն։
Երբ պետք ա գնայի, ասեց որ զգույշ լինեմ ու որ ուզում ա ողջ հասնեմ տուն։ Հետո մենք կորանք մառախուղի մեջ ու երևի լավ էր, որ մառախուղ էր, որվհետև ես շրջվել ու նայում էի իր կողմը, լսում էի ձայնը, գիտեի որտեղ ա, ես համարյա տեսնում էի իրեն, իսկ ինքը ինձ՝ չէ։



Բարդակ

Արսենը էնքան ոգևորված էր պատմում Բարդակի ու Ազատի մասին, որ չէի կարող հասնել Ստեփանակերտ ու Բարդակ չգնալ։ Բարդակը մի նախշուն փաբ ա։ Իսկ Ազատը մի նախշուն մարդ, ով բացել ա էդ փաբը ու ավտոբուսում հոսթել ա սարքում։ Բայց երբ հասա, փակ էր դուռը ու ոչ ոք չկար։ Ես էլ որոշեցի իրենց նամակ գրել ու թողնել, որ հեռվից հեռու ինչ-որ մարդիկ իրանց սիրուն են, առանց անգամ տեսնելու։ Բայց երբ գրեցի, բերեցի որ դռան վրա թողնեմ, ներսում արդեն լույս էր վառվում։ Մոտեցա բարի հետևում կանգնած աղջկան։
— Վայ, էս բաց եք։
— Ճիշտն ասած փակ ենք, բայց որ էկել եք, էկեք։

Ես չեմ նկարագրի թե ինչքան թույն մթնոլորտ էր Բարդակում։ Երևանի ոչ մի փաբ երբեք Բարդակ չի դառնա ու արժի Կիլիկիա խմելու հասնել Ստեփանակերտ։ Հետո ես ու սթաֆը միասին սուրճ ու թեյ էինք խմում։ Սաշան՝ բարմենը պատմում էր, թե ո՞նց ա ինչ-որ մեկը 120 կիլոգրամանոց մարմնով ընկել իր վրա ու սկսել կծել։ Քանի որ էս պատմությունը կեսից էի լսում, սկզբում մտածեցի, որ հավանաբար շուն ա էղել, հետո՝ կին, հետո պարզվեց ընդամենը խմած ընկերն էր։

— Ո՞նց, դու 30 րոպե մեկին տեսնելու համար 300 կմ ես անցել,- զարմացած ասում ա Սաշան, երբ իմանում ա թե ինչ եմ կորցրել Արցախում։
— Դե հա։
— Բա սենց չի լինի։ Լսի, եթե վաղը ստեղ մնաս, մենք կկազմակերպենք իրեն դուրս կթողնեն, նորմալ մարդավարի կշփվեք։

Բայց ես հո գործի էի շաբաթ օրը ու չէի կարա ուշանայի։ Բայց հուզվել էի մարդկանց օգնելու պատրաստակամությունից։

Գրիշան որոշեց որ ես պետք ա անպայման տեսնեմ ինչ-որ բան։ Անունը հիմա չեմ հիշում։ Ասում էր, որ ըտեղից քաղաքը ահավոր սիրուն ա էրևում։ Ու գնացինք։ Բայց քանի որ դրսում խիտ մառախուղ էր, ոչ մի բան էլ չտեսանք ու Գրիշան տխրեց։ Ասում ա՝ ոչինչ, եթե ամռանը գաս, քեզ սիրուն տեղերը ցույց կտանք։

Գիշերը

Գիշերը թափառում էի երկար։ Ստեփանակերտը մի քաղաք ա, որտեղ ամեն փողոցում գոնե մի բաց վայֆայ կա ու դա ինչ խոսք հաճելի ա, երբ քո ունեցած օֆլայն քարտեզները զիբիլ են։ Ազատամարտիկների այգում նստած էի, որոշեցի նկարել, չնայած որ հեռախոսս վատ լուսավորության պայմաններում ահավոր ա նկարում։ Մի տղա մոտեցավ, հարցրեց՝ հո իրան չէ՞ի նկարում։ Ցույց տվեցի ու ասեցի որ չէ։ Ինքն էլ ներողություն խնդրեց ու գնաց։ Քիչ անց մոտեցան 2 անչափ բարեհամբույր ոստիկաններ ու հարցրեցին՝ հո նեղություն չէ՞ր տալիս են տղան, եթե կարիք կա, գնան հետևից։ Բացատրեցի, որ ամեն ինչ կարգին է ու իրենք ինձ բարի գիշեր մաղթելով գնացին։

Կարելի ա ասել իրականացավ կյանքում կարևորագույն նպատակներից մեկը՝ քնել անծանոթ քաղաքում փողոցում։ Քնապարկ ունեի, տեղավորվեցի մի խաղահրապարակում ու քնեցի։ Զարմանալիորեն հանգիստ ու հաճելի էր։ Առավոտ երբ արթնացել էի ու հավաքվում էի, փողոցն ավլող կինը հարցրեց՝ դրսու՞մ եմ քնել։ Ու նեղվեց երբ ասեցի, որ հա։ Ասում ա՝ տնաշեն, գայիր մեր տուն, կարո՞ղ ա տեղ չտայինք։ Ու իրոք նեղվեց։ Իրեն վիրավորված էր զգում։ Նեղացել էր նենց, ոնց նեղանում ես բարեկամից, որ գալիս ա քո երկիր ու քեզ հյուր չի գալիս, ինչի՞ կարող ա մի գիշեր չպահեինք։

Բարեկամը

Ավտոստոպը ավելի հեշտ ստացվեց քան պատկերացնում էի։ Մոտ 5 րոպե ոչ մի մեքենա չկար, հետո առաջին իսկ մեքենան կանգնեց։ Ստեփանակերտցի մի պապի էր, որ Լաչինում աշխատանքի էր գնում։

— Ինչ դուխով աղջիկ ա է, մենակով ճանապարհ ա ընկել,- ժպտացի,- բա ի՞նչ ես կորցրել մեր Ստեփանակերտում։
— Ընկերներիցս մեկը ձեր մոտ ա ծառայում, էկել էի տեսնելու։
— Հաաա, լավ ես արել, ապրես դու։ Հը՞ն, հավանեցիր։
— Հա, շա՜տ։
Ու պապին գոհ-գոհ ժպտաց։
— Ժինգյալով հաց կերա՞ր։
— Ըհն։
— Համո՞վ էր։
— Ըհն։

Ու պապին էլի գոհ ժպտաց։ Հետո պատմում էր իր երեք երեխաներից։ Որ մեծ աղջիկը Գերմանիայում ա հիմա սովորում, իսկ փոքրը էս տարի կավարտի, բանակից գալուց հետո տղան չէր սովորում, բայց հիմա խելքը գլուխն ա հավաքել։ Որ մի տղա կար, ում հետ աղջիկը հանդիպում էր, բայց հասկացավ որ չի սիրում ու դադարեցին հանդիպել իսկ ինքն ու էդ տղան մնացին ընկերներ ու հիմա մեքենա վարել ա սովորացնում։
— Դե հո առանց սիրելու չէին ամուսնանալու։ Սաղ սուտ ա, երջանկություն ոչ մի բանը չի բերում բացի սիրուց, ոչ փողը, ոչ փառքը ոչ էլ անգամ խաղաղությունը։ Իսկ ես գիտեմ խաղաղության գինը․ պատերազմում եմ տեսել։

— Հոպարս զոհվել ա արցախյան ազատամարտի ժամանակ։
Պապին լռեց։ Երևի տխուր բաներ հիշեց։ Պատմեց, որ երբ մեծ աղջիկը ծնվել ա, էդ ժամանակ անգիտակից պառկած ա էղել Երևանում։ Ճակատ մեկնելուց առաջ ա առաջին անգամ աղջկան տեսել, երբ արդեն 6 ամսեկան էր ու չգիտեր երկրորդ անգամ կտեսնի թե չէ։
— Ստեփանակերտում բարեկաներ ունե՞ս։
— Հը-ըն։
— Հաշվի արդեն ունես։ Գրի համարս ու երբ մյուս անգամ գաս, զանգի, արի մեր տուն, ինչքան ուզում ես մնա, մենք էլ ինչով կարանք կօգնենք։ Հաշվի թե բարեկամներ ենք։

Ինչ երկար գրառում ա ստացվում։ Իսկ ես ավտոստոպի կեսին եմ հասել։

Ու ես դեռ չեմ պատմել Լաչինից կամազով Գորիս հասնելու, վարորդից թաքուն ծլկելու, Գարուն պապիի, ՊՆ մեքենայով ավտոստոպելու ու Դամիանի մասին։

Նիկեա
28.10.2018, 15:14
Էսօր վերջապես գնացի Նատուրա Գոլդ։ Քանի որ դա վերջին տեղն էր, որ հիշեցնում էր նախկինիս, ես գնացել էի պատրաստ ուրվականների ու դեմենտորների հետ կռիվ տալու։ Բայց գնացի ու պարզվեց, որ ուրվականները իմացել են, որ ես հաղթում եմ ու նահանջել իրենց վերջին հենակետից։ Հիմա կարող եմ հանգիստ ասել, որ իմ բոլոր տարածնքերը ազատագրված են։ Ու էդ զգացողությունը անչափ հաճելի ա։

Հետո Արուսին տեսա։ Ասեց, որ ինքն ու Գարիկը տունիկ են առել, 16-րդ հարկում ա, 15-րդ թաղամասում ու ահավոր լուսավոր, ջերմ տունիկ ա, որտեղից երևում ա ամբողջ քաղաքը։ Աննկարագրելի շատ ուրախացա։ Ինչ հաճելի ա, որ էս դախերը վերջապես տուն կունենան։ Ես երևի աշխարհում ոչնչից ավելի շատ չեմ ուրախանում, քան նրանից որ մարդիկ վերջապես տուն են ունենում։

Հիմա էդ տանը վերանորոգում ա ու ասեցի, որ եթե օգնություն պետք լինի, թե՛ վերանորոգելուց, թե՛ տեղափոխվելուց, ձեն հանեն։ Հետո նստած բարձրաձայն մտածում էի, թե ինչ եմ նվիրելու իրենց։ Դե վերջիվերջո նորակազմ ընտանիք ա, չէ՞։ Ու որոշեցինք որ ես իրենց թեյի դիլլերը կդառնամ։ Երբեմն նաև սուրճերի։

Բուկինիստի կողքով անցնելիս հազիվ էի ինձ զսպում, որ Ա-ի համար գիրք չառնեմ։ Միակ հանգամանքը, որ հետ էր պահում դա անելուց, էն էր, որ ինքը ավտոստոպը նոր ա սկսել ու ինքը դանդաղ ա կարդում։ Բայց մեկ ա, հաճելի ա ունենալ մարդիկ, որոնց համար միշտ ուզում ես գրքեր առնել։ Ու չես ափսոսում նվիրել քո սիրած գրքերը։

Նիկեա
30.10.2018, 21:55
Մամայի ամեն հոգոցից, ամեն նայելուց հիասթափություն ա կաթում։ Ամեն ժեստը, ամեն քայլը միտված ա ցույց տալ էն, որ ես մենակ չեմ կարա, որ ես կձախողեմ։ Ու ինքը հավանաբար կուզեր նորմալ, միջին վիճակագրական աղջիկ, ով իր համար տղայի վերնաշապիկներ ու իրանից մի քանի անգամ եմծ սվիտրներ չէր առնի, ով երբեմն բարձրակրունկ կոշիկներ կհագներ, հսկայական ուսապարկի փոխարեն փոքր սումչկա կունենար, պարբերաբար կշպարվեր, իրան աղջկա պես կպահեր, աղջկական բաներ կաներ, աղջկական բաներ կմտածեր, առավոտները հետը կոֆե կխմեր, ամեն օր նույն հարցերը կտար, օրինակ՝ ո՞նց ա պապին, ախպերս զանգել ա ու ամեն օր կստանար նույն պատասխենները, որ պապին լավ ա, ախպերս էլ զանգել ա։ Բայց ես հիասթափություն դարձա։ Ու հիմա երևի մաման մտածում ա, որ արժե՞ր հինգ տարի սպասել երեխա ունենալուն, եթե էդ երեխան ինձ պես հրեշ էր լինելու։ Ու էս պատմության մեջ ամենավատը էն ա, որ իմ համար մեկ ա, որովհետև ես սաղ կյանքս ապրել եմ իրանցից փախնելով ու շարունակելու եմ նույնը անել։ Փոքր ժամանակ պապիս մոտ էի փախնում, հետո՝ դպրոց, հետո՝ գրադարան, հետո էլի գրադարան, հիմա ես ունեմ թույն արդարացում՝ գործի եմ, իսկ երբ գործի չեմ, թաքնվում եմ կոմպի հետևում, հագնում poker face ու մամայի կողքը նստած մտքում հյուսում ավելի հեռու փախնելու հաջորդ պլանը։

մտածում եմ՝ ինչ լավ ա որ մերոնք ունեն քրոջս․ գոնե մի աղջիկ, ով կլինի իրանց ուզածը, կիրականացնի իրանց չիրականացած երազանքներս, կլինի օրինակելի, հեզ, խոնարհ, առանց հարցեր տալու կանի էն ամեն ինչը, որ պահանջվում ա իրենից, չի ունենա սեփական կարծիք ու կլինի երջանիկ։