PDA

Դիտել ողջ տարբերակը : Սևագրություններ



Alphaone
04.07.2015, 22:46
Էստեղ խառն, առանց համակարգման դնելու եմ օրվա ընթացքում արված խզբզանքներս: Այստեղ գրականություն չի լինելու, այստեղ լինելու են կմախքներ, որոնց ապագայում կամ հրաշալի մարմին կտամ, կամ կթաղեմ:

Alphaone
04.07.2015, 22:55
Պետք է օրն առնվազն երեք ժամ գրել: Դա պայման է, որ հարթես գրելու տեխնիկան ու գրող դառնաս, դա պայման է, որ ինքդ քո առաջ չես դրել, բայց ընդունել ես, քանի որ ավելի լավ տարբերակ ինքդ չգիտես: Դու ամեն ինչից շատ աշխարհում սիրում ես գրել: Ստեղնաշարով գրել: Նստում ես, սառում, հայացքդ սևեռում ինչ-որ կետի ու սկսում ամեն ինչ տեսնել, հետո զգացողությունները խորանում են, դու արդեն դու չես, դու վերացարկվում ես ինչ-որ նոր իրականության հերթական կերպարի ու տեսնում նրա աչքերով: Դու զգում ես դիմացդ նստած երկրացու ծխախոտի տհաճ հոտը: Կրակն ամենուր է նշանակում կործանում, ծուխը բոլորի համար տհաճ է, էս զզվելի գարշանքը շնչելու համար ես թողել, հասե՞լ էս մոլորակ:
Դու տեսնում ես դիմացդ նստած տարօրինակ էակին(պայմանականորեն նստած, եթե նա անգամ կանգնած է աթոռին, դու դա չես հասկանա): Շնչում ես նրանից տարածվող քաղցր, կպչուն հոտը: «Անգամ այնտեղ են օծանելիքով գարշահոտում».- մտածում ես, ու շփոթմունքը, վախը, հուզմունքը, տարակուսանքն ու քեզ անհայտ բառերով արտահայտվող զգացողությունները թաքցնում ծխախոտի շղարշի հետևում:
Դու միաժամանակ կողքից հետևող օտարականն ես, ով կարողանում է ազդել ամեն ինչի վրա, դու այդ երկու մոլորակների աստվածությունն ես, էստեղ դու կարող ես անել ինչ մտքովդ անցնի, ինչ ուզես, ցանկացած քմահաճույք այստեղ դու կյանքի ես կոչում:
Բայց միշտ չէ, որ դու խառնվում ես: Երբեմն բառերը, պատկերները, գույներն ու բույրերը ծնվում են քեզանից անկախ, երբեմն նրանք անում են ինչ ուզում են, քեզ մնում է միայն հետևել: Երբեմն երևակայությունը դուրս է գալիս հսկողությունից, դառնում երազի պես անկանխատեսելի, դու սովորում ես ժամանակի հետ կառավարել սեփական երազները, բայց անկարող ես դառնում սեփական երևակայաությունը կառավարել: Կերպարներդ ըմբոստանում են, պաշտում ուրիշ աստվածների, զուր ես համոզում, որ իրենց միակ ու անփոխարինելի աստվածությունը դու ես: Նրանք կամքի ազատություն են պահանջում, նրանք քեզ գահընկեց են անում, ինքդ ես քեզ գահընկեց անում, քանի որ դու նրանցից յուրաքանչյուրի մեջ ես ու նրանցից յուրաքանչյուրն է քո մեջ:
Այլմոլորակայինը հեռու է գնում, որ չշնչի ծխի բույրը: Մարդը թեթևացած շունչ է քաշում. չկա քիթը, կոկորդը, անգամ մաշկը լցնող զզվելի, քաղցր հոտը:
Փորձում են զրուցել: Իրար չեն հասկանում: Այլմոլորակայինն այստեղ չպիտի գար, այստեղ գալուն նա չէր պատրաստվել, ինչ-որ աննորմալ աստվածության քմահաճույքն էր նրան այս մոլորակը գցելը: Քոնը չէ, դու աստվածություն չես այլևս, դու տվել ես քո կերպարներին կամքի ազատություն, դու հիմա միայն ժամանակ առ ժամանակ կօգնես նրանց, կխրախուսես ու կպատժես, երբ լճանան ու դառնան քեզ համար ձանձրալի, հերթական աննորմալությունը կանես, որ նորից սկսեն գործել:
Իսկ երբ համը հանեն, միշտ էլ կա գործուն տարբերակ՝ ոչնչացնել, կլինի դա ջրհեղեղ, հրդեհ, երկնաքարային անձրև թե գորգոնա մեդուզայի հեռավոր ծոռնուհին...
Այռայժմ այսքանը: