PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 4. Դիտարկումներ



StrangeLittleGirl
11.05.2015, 01:10
Քանի որ դիտարկումների մրցույթն ահագին դուրս եկավ ու քանի որ չեմ ուզում փուլային մրցույթների բաժինը մխտռել, առաջարկում եմ էս թեմայում երբ հասցնենք որևէ դիտարկում անել, դնենք, քննարկենք:

Առաջադրանքը պարզ ա. գնում ենք որևէ կոնկրետ միջավայր, սկսում ուսումնասիրել ու գրի առնել: Հենց հիմա էսօր արածս մի դիտարկում դնենք, քրքրենք:

Լճի մոտ

Երեկոյան ութի կողմերը կլինի: Լճերի մեծ մասն արդեն ստվերի մեջ է: Մարդիկ կուտակվել են մի ափին՝ կառչելով արևի վերջին ճառագայթներից: Կուտակումները խոտերի մեջ են, նստարաններին, գարեջրի կամ հյութի շշերով:

Լճի ափը ցածր ճաղերով է շրջապատված: Դրանցից մեկի վրա սպիտակած մազերով, հետևից պոչիկ կապած մի տղամարդ է նստած: Արևն ուղիղ դեմքին է ընկնում: Մաշկը թուխ է, բայց երևում է՝ իր սեփականը չէ, արևի տակ շատ մնալուց է: Այսօր չի սափրվել: Մեջքին սև ու սպիտակ ուսապարկ կա, հագուստը՝ կոկիկ, մուգ շագանակագույն տաբատ, մուգ կանաչ կուրտկա ու կարմիր սպորտային կոշիկներ: Ուսապարկի տակից բանալի է կախված: Նայում է անորոշ ուղղությամբ ու անորոշ ժպտում է: Ճաղերին այնպես է նստել, որ թվում է՝ ուր որ է կնետվի ջուրը, բայց գիտես՝ չի անի, որովհետև լիճը խորը չէ. հազիվ կես մետր կլինի: Իսկ լճի հատակին երևում են ուրբաթ ու շաբաթ գիշերներից այնտեղ մնացած գարեջրի դատարկ շշեր:

Մեջքի հետևում նստարաններին ջահելներ են շարված, ուրախ չաչանակում են: Ամեն լեզու կլսես. իսպաներեն, անգլերեն, դանիերեն, ֆրանսերեն, լեհերեն:

Տղամարդը սկսում է մեղմ սուլել, հետո անցնում է երգելուն.
Hey Jude, don't let me down.
Այս բառերը երգելուց հետո դեմքը մռայլվում է, դիմախաղը թրթռում է, շուրթերը սեղմում է իրար ու լռում:

Լճում կարապները հանդարտ լողում են, ֆոնի ջահելները շարունակում են չաչանակել, արևն իջնում է: Տարածքով անցնում է չսափրված գրեթե սև մաշկով ու թափթփված հագուստով մեկը, շշերն է հավաքում:

Տղամարդը դառը ժպտում է ու նորից սկսում երգել, այս անգամ՝ ավելի բարձր: Նայում է արևին:

Իջնում է ճաղերից: Դանդաղ հեռանում է: Քայլվածքն ուղիղ չէ, չառլիչապլինյան է: Ժամանակ առ ժամանակ կանգնում է, կարապներին նայում: Հետո կանգնեցնում է զույգի, ինչ-որ բան ասում: Զույգը ժպտում է ու առաջ շարժվում: Տղամարդը շարունակում է քայլել, ասես ոչ մի տեղ չի շտապում: Կանգնում է, ժպիտը դեմքին հեռախոսը փորփրում: Զանգում էի ինչ-որ մեկին, սկսում խոսել: Դանիերեն է: Շարունակում է դանդաղ քայլել: Բայց հենց հասնում է փողոցին, քայլերն արագացնում է ու անհետանում: Արևն արդեն այնքան է իջել, որ ամբողջ լիճը ստվերի մեջ է:

StrangeLittleGirl
14.05.2015, 12:55
Ժող, դե մի բան ասեք, ի՞նչ անեմ էս ձյաձի հետ: Նույնիսկ ֆոտո եմ արել: