PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել

ivy
11.04.2015, 17:42
Նոր դիտարկում :)
Դե ասեք:

Դիտարկում 6.

ՈՒսանողական ավտոբուս, 14:30. անձրևոտ, մռայլ եղանակ:

Ավտոբուսի մեջ մոտավորապես 30 ուսանող կա: Հին ու խարխլված ավտոբուս է, ճանապարհի կեսից թվում է, թե ջարդուփշուր է լինելու: Դիմացի հարթակին տարբեր բարձիկներ են դրված, խոնավ շորեր, գործիքներ, մի սպունգի մեջ ռեզինից վագրիկ է ամրացված, հայելու վրա թղթից խաչ է կախված՝ Քրիստոսի պատկերով: Ապակիների վերևի հատվածում հայելիներ են ամրացված, մեկի մեջ մի կիսամերկ մոդելի նկար է, որի մարմինն ամբողջովին հուլունքներով է զարդարված, մյուսին Քիմ Քարդաշյանն է, նորից կիսամերկ ու լողափին:

Վարորդն ահավոր լարված է վարում, ինչ-որ բանից անհանգստացած է: Մոտ 50 տարեկան պապիկ է, սպիտակ մազերով, մեկ-մեկ ժպտում է, ընթացքում քաղաքականությունից խոսում, տարբեր կուսակցական գործիչներից կամ այլ վարորդների հետ կռիվ անում ու մեկ-մեկ բարձրաձայն գոռում,-«անասունյա՜ն, դեմդ նայի, ժիվոտնիի մեկը»: Էդ արտահայտությունից հետո ամեն անգամ ծիծաղի ալիք է բարձրանում ու արագ էլ մարում, հետո բոլորն անցնում են իրենց զրույցներին: Վարորդի հարցերին ու վերլուծություններին հիմնականում արձագանքում են իր կողքի հարթակին ու փոքր նստարանին նստած 2 աղջիկ, որ գլխով են անում կամ մեկ-մեկ ինչ-որ բան պատասխանում ու ձևացնում, թե ահավոր հետաքրքիր է քաղաքականությունից խոսելը: Հարթակին նստած աղջիկը միակն է երաժշտական գործիքով. Քանոն է, դրել է իր և ընկերուհու ոտքերի արանքում, ուղիղ, միջին երկարության մազեր ունի, հաճախ է ժպտում, զգացվում է, որ վարորդի սիրելին է: Նստարանի աղջիկը խնամված տեսք ունի, ի տարբերություն ընկերուհու, մազերի տակերը բաց են ներկված ու հյուսել է աբադոկի նման: Բաճկոնի հետ է խաղում ու փորձում մորթին հանել, մազերը մնում են շղթայի տակ, փնթփնթում է ցավից ու ասում իրեն օգնող աղջկան, որ զգույշ անի: Կողքին կանգնած աղջիկը փորձում է չցավեցնել ու տեղում թռվռալով, շատախոսում է, պատմում, որ գիշերը չի քնել, հեռախոսով է խոսել, աչքերը ուռել են, բացել չի կարողանում, բայց երջանիկ է, հիմար ժպիտ կա դեմքին ու երջանիկ հոգոցներ է հանում: Մորթին հանում է, խցկում ընկերուհու պայուսակը, հագնում ականջակալներն ու վերսկսում հեռախոսով կիսատ թողած զրույցը: Զրուցակիցն այդ ընթացքում ամենայն հավանականությամբ սպասում էր առանց անջատելու: Նստած երկու աղջիկները հիմա էլ սկսում են առաջինի մազերի ձևը փոխել, կապել-քանդել, մինչև որոշում են, որ կապած պիտի մնա՝ ընթացքում գլխով անում վարորդին իբր լսում էին:

Ավտոբուսի մեջ ռադիո է միացված ու հիմնականում ռուսական ինչ-որ պոպսայոդ մեղեդիներ են, չնայած տպավորություն է, որ ոչ մեկը չի լսում բացի վարորդից: Բոլորը 3-3 են նստած, դիամցը բոլորն աղջիկներ են: Միայն առաջին շարքում են երկուսով նստած. ռուսախոս աղջիկներ են, հնարավորինս վուլգար ու տհաճ տեսքով. մեկը կարմիր շրթներկ է քսել, աչքերը սև-սև՜, կովբոյի սև գույնի բաճկոն է հագել, բարձր, փայլուն կրունկներով կոշիկներ, մազերի մեջ ինչ-որ փետրանման բան կա, որն ամբողջացնում է կերպարը ու ռուսերենախառը հայերենով ինչ-որ բան է պատմում, տպավորություն է, թե կուլ է տալու ընկերուհուն, այնքան որ մեծ բերան ունի: Նրանց հետևում հիմնականում ականջակալներով աղջիկներ են իրարից ոչնչով չտարբերվող, համարյա միանման ջինսերով, կոշիկներով ու կոժից բաճկոններով: Մեջները մեկ էլ երկվորյակ քույրիկներ են աչքի ընկնում, բանծիկով կոշիկներ են հագել, մեկը սև, մյուսը՝ կապույտ, ջինսերը էլի սև ու կապույտ, մեկի եղունգների լաքը սև է, մյուսինը՝ կապույտ, կանաչ ու նարնջագույն շապիկներ, ու իրարից տարբեր շարֆեր(սա նրանց համարյա միակ տարբերությունն է). Նույն հեռախոսներն ու ականջակալներն ունեն, նույն պայուսակից, նույն ականջողերից ու հեռախոսի էկրանին էլ նույն՝ Հիսուսի նկարն է: Իրար հետ չեն խոսում ամբողջ ընթացքում, ամեն մեկն իր ականջակալի հետ է, տպավորություն է, թե զզվում են իրարից ու ստիպված են իրար կողքի նստել:

Հետևում տղաները շարքով լցվել են իրար վրա, կատակներ են անում ու ժամանակ առ ժամանակ հռհռոցներ են լսվում, որոնց դիմացի աղջիկները թունոտ ու սաստող հայացքներով են արձագանքում, տղաները մի պահ լռում են, հետո նորից սկսում ուրախանալ: Հիմնականում ֆուտբոլից են խոսում կամ սերիալներից. Նրանցից մի փոքրամարմին սև կոշիկներով ու երկա՜ր թևքերով, շատախոս մեկը իրեն դասախոսի տեղն է դրել ու «խոսքի դու գիտե՞ս Ֆելիպեի ու Դուվանի մոր անունը» կամ «կարա՞ս Ջեյդի երկրորդ մարդու անունն ասես», «էն մեծ խաչով սերիալի անունը հիշու՞մ ես, էս էլ ասեք, մագիստրատուրայի հարցերից սկսեմ տալ»-ի կարգի հարցեր է տալիս սերիալներից ու գնահատում ճիշտ պատասխանները, ամեն հարցից հետո բոլորը սկսում են հրճվել, երբ մեկը ճիշտ է պատասխանում: Վերջում մենակ մի աղջիկ կա, որ նստած է անկյունում ու ձևացնում է, թե հեռախոսով բան է գրում, բայց ականջի տակով լսում է տղաներին ու հետները ծիծաղում: Տղաներից էլ միայն մեկն է մի քիչ առանձնացած նստած, ականջակալով է, մենակ թե անհանգիստ է մի քիչ:

Էս բոլորի մեջ մեկն առանձնանում է իր բարձր ձայնով ու անընդհատ սրան-նրան է կանչում իր մոտ, վարորդի կամ դիմացի աղջիկների խոսակցություններին մեջ ընկնում: ՈՒ ամբողջ ընթացքում լսվում է, բոլորը ֆիքսում են նրա անլուրջ ու ցինիկ դեմքը, բարձր գոռալը,-«Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»: Հետևում առանձնացած նստած տղայի հետ է, որը չի արձագանքում:

LisBeth
11.04.2015, 20:47
-«Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»:

Եթե խոսակցությունից որևէ բան լսել ես լավ կլինի մտաբերես: Տղայի պահը առանձնանում ա, բայց իրա նկարագրությունը քիչ ա, ոնց որ: Ընդհանուր հետաքրքիր միջավայր ա, ուսանողներ՝ ենթադրաբար 19-21տ: Էլի կկարդամ, հարցեր լինեն կգրեմ:

ivy
12.04.2015, 22:09
Պասիվ մի եղեք, տեսեք մարդն ինչքան երկար էլ գրել է։

GriFFin
13.04.2015, 01:14
Մի բան ասե՞մ։ Կներեք էլի, բայց 50 տարեկանը պապի չի։ :)) ինձ դուր եկավ, հատկապես ավտոբուսի մանրամասն նկարագրված պահը։

Գալաթեա
13.04.2015, 01:58
Մի բան ասե՞մ։ Կներեք էլի, բայց 50 տարեկանը պապի չի։ :)) ինձ դուր եկավ, հատկապես ավտոբուսի մանրամասն նկարագրված պահը։

Մանրամասն նկարագրությունը վատ բան չի, բայց կարծում եմ վերջնական արդյունքի՝ պատմվածքի համար էնքան էլ օգտակար չի:
Բոլոր ներկա մարդկանց երկու-երեք բառով նկարագրելով ու առաջ անցնելով ընթերցողին տրվում ա մակերեսային ու տարածական պատկեր, իսկ եթե այն լինի խորքային, ասենք էս մեր նույն ուսանողը, որի համար 50 տարեկանն արդեն բիձա ա, հայ գիդի ջահելություն, եթե ներկաների մեծ մասին վերցներ որպես ֆոն իսկ մի 3-4 պերսոնաժի տոչկեր ու հետևեր իրենց պահվածքին՝ /կհասցներ էլի, մինչև Էջմիածին 20 կմ ա/ ընթերցողը կուզենար իրենց տեսնել պատմվածքի մեջ, շարունակություն կուզեր, գրողի երևակայության պոչին կհետևեր: Իսկ սենց չգիտես ում վրա կենտրոնանաս: Իսկ գրողի ընտրած պերսոնաժներն էլ դժվար կլինի հասկանալ՝ ինչի հենց իրանք:

Հիմա հեղինակ ջaն, կփորձե՞ս հիշողությունդ փորփրել ու ինձ համար երկու հոգու առանձնացնել որպես պատմվածքի արժանի հերոս: Մի աղջիկ, մի տղա: Հետո կարող ես իհարկե չներառել իրենց, քո գործն ա: Բայց համոզի ինձ, որ իրենք արժանի են:

Սպասում եմ :)

ivy
13.04.2015, 20:39
Հեղինակի պատասխանները.

Եթե խոսակցությունից որևէ բան լսել ես լավ կլինի մտաբերես: Տղայի պահը առանձնանում ա, բայց իրա նկարագրությունը քիչ ա, ոնց որ: Ընդհանուր հետաքրքիր միջավայր ա, ուսանողներ՝ ենթադրաբար 19-21տ: Էլի կկարդամ, հարցեր լինեն կգրեմ:

Էդ «ինչ են խոսում քո մասին»-ը «քաղաքում խոսում են»-ի նման մի բան ա, ասենք՝ իր «ականջին նման բան ա հասել» ու կոնկրետ մի ուրիշ բառ էլ ա հնչել, որը եթե ասեմ պատմվածքիս իմաստ կկորի ու արդեն կիմանաք, թե ինչ ա լինելու պատմվածքում, ինչը չէի ուզի: Հստակ հիշում եմ, որ այլ խոսակցություն էս թեմայով չի եղել :))

Մի բան ասե՞մ։ Կներեք էլի, բայց 50 տարեկանը պապի չի։ :)) ինձ դուր եկավ, հատկապես ավտոբուսի մանրամասն նկարագրված պահը։

Ճիշտն ասած ինձ համար էլ ինքը պապիկ չի, բայց իմ տարիքին թոռնիկ ունի, որը մեր հետ նույն ուսանողականով ա գալիս-գնում, տենց իրանից ֆիքսել ենք, որ պապի ա ասում, բոլորս պապի ենք ասում՝ Վաչո պապի :D

Մանրամասն նկարագրությունը վատ բան չի, բայց կարծում եմ վերջնական արդյունքի՝ պատմվածքի համար էնքան էլ օգտակար չի:
Բոլոր ներկա մարդկանց երկու-երեք բառով նկարագրելով ու առաջ անցնելով ընթերցողին տրվում ա մակերեսային ու տարածական պատկեր, իսկ եթե այն լինի խորքային, ասենք էս մեր նույն ուսանողը, որի համար 50 տարեկանն արդեն բիձա ա, հայ գիդի ջահելություն, եթե ներկաների մեծ մասին վերցներ որպես ֆոն իսկ մի 3-4 պերսոնաժի տոչկեր ու հետևեր իրենց պահվածքին՝ /կհասցներ էլի, մինչև Էջմիածին 20 կմ ա/ ընթերցողը կուզենար իրենց տեսնել պատմվածքի մեջ, շարունակություն կուզեր, գրողի երևակայության պոչին կհետևեր: Իսկ սենց չգիտես ում վրա կենտրոնանաս: Իսկ գրողի ընտրած պերսոնաժներն էլ դժվար կլինի հասկանալ՝ ինչի հենց իրանք:

Հիմա հեղինակ ջaն, կփորձե՞ս հիշողությունդ փորփրել ու ինձ համար երկու հոգու առանձնացնել որպես պատմվածքի արժանի հերոս: Մի աղջիկ, մի տղա: Հետո կարող ես իհարկե չներառել իրենց, քո գործն ա: Բայց համոզի ինձ, որ իրենք արժանի են:

Սպասում եմ :)

Ես ուզում էի ընդհանուր պատկերը տալ, հետո պատմվածքի մեջ արդեն գրել գլխավորների մասին, բայց ասեմ. մորթին հանել օգնող աղջկա ու բարձր խոսող տղայի մասին մի երկու բառ գրել էի, բայց հիմա Գալաթեայի առաջադրանքը:
Աղջիկը դռան մոտ է կանգնած, կարճահասակ է ու համարյա իր նստած ընկերուհիների հետ նույն մակարդակի վրա է, միջին երկարության սև վերարկու է հագել, առանց այն էլ շատ նիհար է, գոտին այնքան ամուր է կապել, որ տպավորություն է, թե խեղդվելու է: Համարյա շպարված չէ, մենակ մի թեթև մաշկագույն շրթներկ: Մազերը բարձր պոչիկ է կապել, ընկերուհիները հարցնում են, թե ինչի շատ չի կապում մազերն էսպես, պատասխանում է,-«չի թողնում, էսօր իրան չէի տեսնելու դրա համար եմ կապել, թե չէ չէի կապի, ըհը, զանգեց անունը տվեցինք, հա կյանք, նստել եմ, աղջկերքի հետ եմ, կանգնած եմ, չէ, ստեղ հարմար ա, հեչ, Լիանի ու Էլենի հետ եմ, ես քեզ կզանգեմ հա՞ կյանք»: Ասում է ու անջատում, հինգ տարեկանի նման սկսում է թռվռալ ու պատմել, որ գիշերը չի քնել, ասում է,-«ամբողջ գիշեր ես իրան էի ասում քնի, ինքը՝ ինձ, տենց էլ չքնեցինք, առավոտ հինգին եմ քնել, դե յոթին էլ հելա, հա, լավ տենց մի նայեք, դուք էլ ընկեր կունենաք, կիմանաք, հասնենք տուն քնեմ, երեկ նենց համով պաղպաղակ ենք կերել, բայց կոկորդս ցավում ա, չնայած ջհանդամ»,- գլուխը դնում է ընկերուհու ուսին, երջանիկ հոգոցներ հանում, հետո շարունակում շարժվել, կողքինի մազերից քաշել, թևին խփել, բայց տեսնում է, որ ընկերուհիներին դուր չի գալիս իր էդ ոգևորությունը, հագնում է ականջակալն ու զանգում,-«հա, չէ, չեմ հասել դեռ, լսի կյանք, վաղը ուզում եմ գնամ մամային նվեր առնելու, իրանց հարսանիքի քսանամյակն ա, կթողնե՞ս չէ, քեզ հարմար չի՞, չի լինի՞ մենակ գնամ, կամ Լիանի հետ, լավ, դե որ ասում ես»,-զգացվում է տրամադրության անկումը, բայց շարունակում է խոսել, հետո անջատում է, երգ միացնում, հենվում ավտոբուսի ձողերից մեկին մինչև տեղ հասնելը:

Հիմա տղան. Անունը՝ Եղիշ, բոլորի համար՝ Եղո: Միշտ ուշանում է, բայց դե ուսանողականի վարորդն ու ժողովուրդն ամեն օր պարտաճանաչ կերպով սպասում են մոտ 5 րոպե: Կապույտ կարճ բաճկոնով է, սև բոթասներ, ջինս, տեսքից միջին վիճակագրական հայ տղա է: Բայց մենակ տեսքից, որովհետև մինչ էն մյուս միջին վիճակագրականները հետևում լցված սերիալներից ու ֆուտբոլից են խոսում, Եղոն իր ոտքից գլուխ կապույտ հագնված ընկերներից մեկի հետ առջևում կանգնած աղջիկներին հավաքել է գլխին: Նա միակն է, որին բոլորը ճանաչում են, բոլորի հետ շփվում է, բոլորի հետ հերթով մի թեմայից խոսում է, վարորդը ինչ-որ կարևոր բան ասելիս իրեն է ասում, որ բոլորին փոխանցի, աղջիկները հազար կողմից ծամոն են տալիս ուզելուց հետո, իր կատակներն ամենածիծաղելին են: Բայց նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ. Որոշների համար էդ կատակները շատ ցինիկ են ու ոչ տեղին, դրա համար կամ անտարբեր են նրա նկատմամբ, կամ թեթև ժպտում են, որոշներն էլ անգամ չեն լսում: Ինչու՞ է ուշադրություն գրավում. Մոտ 30 մարդ կա էդ ավտոբուսի մեջ, բայց մենակ իր ձայնն է լսվում, մենակ ինքն է ուշադրություն գրավում, մենակ ինքն է բոլորին կապում իրար: ՈՒսանողականի մեջ միակ մարդն է, ում անունը կարելի է իմանալ, որովհետև մենակ իր անունն են տալիս: Հա, մեկ էլ մի կարևոր բան. Խոսակցությունները: Ընկերոջ հետ ինչ-որ բաներ քչփչալուց հետո դառնում է դիմացը նստած աղջիկներից մեկին ու հարցնում,-«համասեռամոլությունը գեներով անցնու՞մ ա, թե՞ ձեռքբերովի ա»: Աղջիկը զարմանում է հարցից, բայց ուշքի գալիս ու պատասխանում,-«կարողա գեներով էլ անցնի, ձեռքբերովի էլ լինի, նայած էլի»: Եղոն ձեռքը խփում է ծնկին ու ափսոսանք արտահայտող տոնով ընկերոջն ասում՝,-«արա խի՞ սենց եղավ, է»: Երկրորդ շարքում նստած աղջիկներից մեկը գլուխը վեր է բարձրացնում ու զզվանքով լի մի հայացք նետում տղաների կողմը, բարձր ճպացնում ու նորից կախում գլուխը, իբր քնում է, բայց զգացվում է, որ լսում է բոլոր խոսակցությունները: Հետո արդեն էն գրածս վերջում նստած Էրո անունով տղայի պահը. «Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»: Էս երկուսի մեջ ակնհայտ հակամարտություն կա ու Էրոն մի տեսակ ամաչում է գլուխը վեր բարձրացնել, չի պատասխանում, ինչից գոռացողի ձայնի տոնն ավելի է բարձրանում, բայց էլի անարդյունք ու հանգստանում են երկուսն էլ, անցնում իրենց գործին: Հասնում ենք տեղ:
Կարճ կապել չեմ կարողանում, կներեք :(

Գալաթեա
13.04.2015, 21:26
Լավ դեմքերի ես ընտրել: Կամ էլ՝ իրենցով աչքի են ընկել:
Երկուսն էլ ինձ հետաքրքրեցին:

Իսկ սիրահարված ացջկա ընկերուհիները քո կարծիքով մոտ ընկերներ ե՞ն, թե մի կուրսից/խմբից/քաղաքից են պարզապես:
Ու էն որ չթողեց գնա մամային նվեր առնի ու տխրեց, ի՞նչն էր պատճառը տխրելու,, կոնկրետ մամայի նվերի դե՞պքը, թե՞ ընդհանրապես ընկերոջ էդ պահերը ծանր ա տանում: Ինչի եմ հարցնում, որովհետև կան աղջիկներ, ում դուր ա գալիս էդ "դու առանց ինձ տեղ չբդի գնաս" պահերը:
Ու Եղոն: Եթե ինքը էդ շուխուրները չհանի, իրեն բանի տեղ դնող չի լինի՞: "Անտեսանելի" լինելն ա՞ պատճառը, որ տենց ա իրեն պահում:

ivy
14.04.2015, 20:23
Հեղինակի պատասխանը Գալաթեային.

Աղջկա ընկերուհիները ինչքան ես եմ հասկանում իրեն ահագին սիրում են, որովհետև ոչ լավ վերաբերմունք ունեն էդ տղայի ու ընդհանրապես աղջկա էդ անջատված, վերացած կերպարի նկատմամբ: Իրանց ակնհայտորեն դուր չէր գալիս էդ տղի համար աղջկա ախմախ երջանիկ ժպիտը ու նվեր առնելու գնալը չթողնելուց հետո ընդհանրապես սկսեցին զզվանքով նայել իրար: Իսկ աղջիկը երևի սովորական, դեբիլոտ աղջիկ ա, որ տիրանի պես են վերաբերվում իր նկատմամբ, ինքն էլ ահավոր տխրում ա, բայց ձայն չի հանում: Իրան կարողա դուր չգա էդ ամենը, բայց ոչ մի բան չի անում ուղղելու համար, ինչը էնքան էլ խելացի աղջկա ձեռքի բան չի:
Եղոն, ըմ, Եղոն ուշադրության կարիք երևի չունի, որովհետև ինքը լուռ կանգնած ա, բայց որ մի երկու կատակից հետո տեսավ, որ իրեն ուշադրություն են դարձնում ավելի ա ոգևորվում, բայց կարա նաև լուռ մենակ կանգնի, ուղղակի իրա տեսակն ա՝ բարձախոս, մարդամոտ, շփվող, բոլորին իրա գլխին հավաքող:
Հ.Գ. անձամբ ես իրեն ահավոր չեմ սիրում, մի տեսակ հակակրանք առաջացնող տիպ ա, նենց զզվելի ցինիկ կեցվածք ունի, նույնիսկ խելոք կանգնելուց ա ցինիկավարի կանգնում ու շարժվում. միանշանակ վերաբերմունք իրա նկատմամբ չկա երևի :)

Գալաթեա
15.04.2015, 01:37
Նորից կարդացի, որ համոզվեմ ու ոնց որ թե ճիշտ էի նկատել, որ դու գրեթե ոչ մեկին չես հավանում ավտոբուսի խալխից :)
Միայն Էրոյի մասին կարծիքդ դրականին մոտ:
Հիմնականում բացասական կողմերն ես նշել ներկաների:
Կա՞ն մեջները մարդիկ, որ դուրդ գալիս են, լավ բանով են աչքովդ ընկնում:
Կամ էդ նույն վատ գծերով նշվածները լավ կողմեր ունե՞ն քո կարծիքով:
Որքան հասկացա հաճախ, եթե ոչ՝ ամեն օր ես հետները գնում-գալիս, չէ՞:
Միշտ նույն մասսա՞ն ա, թե՞ փոխվում են երբեմն:

ivy
15.04.2015, 02:29
Գալ, հլը խոստովանիր, էս վեց դիտարկման միջից ինչի ես հենց սրա վրա կանգնել: Բա մնացածը՞ (արտամրցութայինը հաշիվ չի):
Մյուսների մասին էլ գրի. հինգ հոգու կուրախացնես:

Գալաթեա
15.04.2015, 02:40
Գալ, հլը խոստովանիր, էս վեց դիտարկման միջից ինչի ես հենց սրա վրա կանգնել: Բա մնացածը՞ (արտամրցութայինը հաշիվ չի):
Մյուսների մասին էլ գրի. հինգ հոգու կուրախացնես:

Այվ, մնացած դիտարկումներին քիչ թե շատ անդրադարձներ եղել էին, հարցեր էին տրվել ու պատասխաններ էին հնչել հեղինակների կողմից: Էս մեկին կարծես մարդ չէր մասնակցում, որոշեցի ակտիվացնել:

Mephistopheles
15.04.2015, 07:40

Ես ուզում էի ընդհանուր պատկերը տալ, հետո պատմվածքի մեջ արդեն գրել գլխավորների մասին, բայց ասեմ. մորթին հանել օգնող աղջկա ու բարձր խոսող տղայի մասին մի երկու բառ գրել էի, բայց հիմա Գալաթեայի առաջադրանքը:
Աղջիկը դռան մոտ է կանգնած, կարճահասակ է ու համարյա իր նստած ընկերուհիների հետ նույն մակարդակի վրա է, միջին երկարության սև վերարկու է հագել, առանց այն էլ շատ նիհար է, գոտին այնքան ամուր է կապել, որ տպավորություն է, թե խեղդվելու է: Համարյա շպարված չէ, մենակ մի թեթև մաշկագույն շրթներկ: Մազերը բարձր պոչիկ է կապել, ընկերուհիները հարցնում են, թե ինչի շատ չի կապում մազերն էսպես, պատասխանում է,-«չի թողնում, էսօր իրան չէի տեսնելու դրա համար եմ կապել, թե չէ չէի կապի, ըհը, զանգեց անունը տվեցինք, հա կյանք, նստել եմ, աղջկերքի հետ եմ, կանգնած եմ, չէ, ստեղ հարմար ա, հեչ, Լիանի ու Էլենի հետ եմ, ես քեզ կզանգեմ հա՞ կյանք»: Ասում է ու անջատում, հինգ տարեկանի նման սկսում է թռվռալ ու պատմել, որ գիշերը չի քնել, ասում է,-«ամբողջ գիշեր ես իրան էի ասում քնի, ինքը՝ ինձ, տենց էլ չքնեցինք, առավոտ հինգին եմ քնել, դե յոթին էլ հելա, հա, լավ տենց մի նայեք, դուք էլ ընկեր կունենաք, կիմանաք, հասնենք տուն քնեմ, երեկ նենց համով պաղպաղակ ենք կերել, բայց կոկորդս ցավում ա, չնայած ջհանդամ»,- գլուխը դնում է ընկերուհու ուսին, երջանիկ հոգոցներ հանում, հետո շարունակում շարժվել, կողքինի մազերից քաշել, թևին խփել, բայց տեսնում է, որ ընկերուհիներին դուր չի գալիս իր էդ ոգևորությունը, հագնում է ականջակալն ու զանգում,-«հա, չէ, չեմ հասել դեռ, լսի կյանք, վաղը ուզում եմ գնամ մամային նվեր առնելու, իրանց հարսանիքի քսանամյակն ա, կթողնե՞ս չէ, քեզ հարմար չի՞, չի լինի՞ մենակ գնամ, կամ Լիանի հետ, լավ, դե որ ասում ես»,-զգացվում է տրամադրության անկումը, բայց շարունակում է խոսել, հետո անջատում է, երգ միացնում, հենվում ավտոբուսի ձողերից մեկին մինչև տեղ հասնելը:

Հիմա տղան. Անունը՝ Եղիշ, բոլորի համար՝ Եղո: Միշտ ուշանում է, բայց դե ուսանողականի վարորդն ու ժողովուրդն ամեն օր պարտաճանաչ կերպով սպասում են մոտ 5 րոպե: Կապույտ կարճ բաճկոնով է, սև բոթասներ, ջինս, տեսքից միջին վիճակագրական հայ տղա է: Բայց մենակ տեսքից, որովհետև մինչ էն մյուս միջին վիճակագրականները հետևում լցված սերիալներից ու ֆուտբոլից են խոսում, Եղոն իր ոտքից գլուխ կապույտ հագնված ընկերներից մեկի հետ առջևում կանգնած աղջիկներին հավաքել է գլխին: Նա միակն է, որին բոլորը ճանաչում են, բոլորի հետ շփվում է, բոլորի հետ հերթով մի թեմայից խոսում է, վարորդը ինչ-որ կարևոր բան ասելիս իրեն է ասում, որ բոլորին փոխանցի, աղջիկները հազար կողմից ծամոն են տալիս ուզելուց հետո, իր կատակներն ամենածիծաղելին են: Բայց նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ. Որոշների համար էդ կատակները շատ ցինիկ են ու ոչ տեղին, դրա համար կամ անտարբեր են նրա նկատմամբ, կամ թեթև ժպտում են, որոշներն էլ անգամ չեն լսում: Ինչու՞ է ուշադրություն գրավում. Մոտ 30 մարդ կա էդ ավտոբուսի մեջ, բայց մենակ իր ձայնն է լսվում, մենակ ինքն է ուշադրություն գրավում, մենակ ինքն է բոլորին կապում իրար: ՈՒսանողականի մեջ միակ մարդն է, ում անունը կարելի է իմանալ, որովհետև մենակ իր անունն են տալիս: Հա, մեկ էլ մի կարևոր բան. Խոսակցությունները: Ընկերոջ հետ ինչ-որ բաներ քչփչալուց հետո դառնում է դիմացը նստած աղջիկներից մեկին ու հարցնում,-«համասեռամոլությունը գեներով անցնու՞մ ա, թե՞ ձեռքբերովի ա»: Աղջիկը զարմանում է հարցից, բայց ուշքի գալիս ու պատասխանում,-«կարողա գեներով էլ անցնի, ձեռքբերովի էլ լինի, նայած էլի»: Եղոն ձեռքը խփում է ծնկին ու ափսոսանք արտահայտող տոնով ընկերոջն ասում՝,-«արա խի՞ սենց եղավ, է»: Երկրորդ շարքում նստած աղջիկներից մեկը գլուխը վեր է բարձրացնում ու զզվանքով լի մի հայացք նետում տղաների կողմը, բարձր ճպացնում ու նորից կախում գլուխը, իբր քնում է, բայց զգացվում է, որ լսում է բոլոր խոսակցությունները: Հետո արդեն էն գրածս վերջում նստած Էրո անունով տղայի պահը. «Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»: Էս երկուսի մեջ ակնհայտ հակամարտություն կա ու Էրոն մի տեսակ ամաչում է գլուխը վեր բարձրացնել, չի պատասխանում, ինչից գոռացողի ձայնի տոնն ավելի է բարձրանում, բայց էլի անարդյունք ու հանգստանում են երկուսն էլ, անցնում իրենց գործին: Հասնում ենք տեղ:
Կարճ կապել չեմ կարողանում, կներեք :(

լավ հավեսով տեսել ես… լավ ես արել երկար ես գրել… հետո կարաս կոմպակտացնես… տես ասել ես "միջին վիճակագրական հայ տղա" բայց հետո մնրամասնել ես, չես բավարարվել… Եղոյի համար եմ ասում…

դուրս եկավ որ սաղդրել ես թղթի վրա… 50 տարեկանն էլ կարա բիձա լինի… 16-ից սկսած կարա մարդ բիձա դառնա…

ivy
15.04.2015, 23:37
Հեղինակից.

Նորից կարդացի, որ համոզվեմ ու ոնց որ թե ճիշտ էի նկատել, որ դու գրեթե ոչ մեկին չես հավանում ավտոբուսի խալխից :)
Միայն Էրոյի մասին կարծիքդ դրականին մոտ:
Հիմնականում բացասական կողմերն ես նշել ներկաների:
Կա՞ն մեջները մարդիկ, որ դուրդ գալիս են, լավ բանով են աչքովդ ընկնում:
Կամ էդ նույն վատ գծերով նշվածները լավ կողմեր ունե՞ն քո կարծիքով:
Որքան հասկացա հաճախ, եթե ոչ՝ ամեն օր ես հետները գնում-գալիս, չէ՞:
Միշտ նույն մասսա՞ն ա, թե՞ փոխվում են երբեմն:

Ավտոբուսից քչերին եմ սիրում, բայց իմ սիրելի կերպարներն ունեմ էստեղ, ուղղակի իրենք շատ չեն աչքի ընկնում, շատ լուռումունջ են իրենց մասին գրելու համար: Դիտարկման համար հիմնականում ընտրել եմ էնպիսի կերպարներ, որոնք գոնե ինչ-որ հետաքրքիր գծեր ունեն. օրինակ հեռախոսով խոսող աղջկան էլ եմ սիրում, բայց մենակ էն տեսանկյունից, որ ահավոր հաճելի դեմք ա՝ ժպտերես, ուրախ, թռվռացող, իրան տեսնելուց տրամադրությունս ավտոմատ բարձրանում ա, բայց էդ ընկերոջ հետ կապված իր վիճակը չի թողնում նորմալ սիրել իրեն, էդ տղան կտրում ա իրան բոլորիցս ու սկսում ենք չսիրել, եսի՞մ:Էրոյին ամենաշատն եմ սիրում էս ամենի մեջ, իրար շատ նման ենք, սովորաբար վերջում լուռ նստած ենք երկուսս էլ. ինձ շատ քիչ հարազատ կերպարներից է: Դրական կողմեր ունեն երևի, բայց գրել եմ էն, ինչ տեսել եմ, երևի դրականները ցույց չեն տվել էդ օրը. բայց քանի որ իրենց հետ հաճախ եմ լինում նույն ավտոբուսում ու համարյա նույն մարդիկ ենք միշտ կարող եմ ասել, որ ասենք օրինակ միշտ իրար տեղ են տալիս, կողքի են գնում, որ նստի մեկը, շատ լավ են իրար հետ, փոքր քաղաքից են, բոլորը բոլորին ճանաչում են, բայց ուսանողականն էն տեղը չի, որ դրական կողմերդ ցույց տաս իրականում(ինձ համար գոնե): Հազարից մեկ են նոր դեմքեր հայտնվում, էն էլ սեպտեմբերին ամեն տարվա, ես օրինակ մի շաբաթ հետո բոլորին ֆիքսում եմ ու սկսում հետևել, առանց նույնիսկ էս մրցույթի :)) ՈՒղղակի նենց դեմքեր կան, որ գրեմ, կարողա մի տարի գրեմ իրանց մասին, դետալներ-բան, սիրում եմ շատ, ինչ մեղքս թաքցնեմ: :D Իրենց հետ շատ չեմ գնում-գալիս, նայած ժամանակ, բայց ֆիքսում ու հիշում եմ բոլորին:

լավ հավեսով տեսել ես… լավ ես արել երկար ես գրել… հետո կարաս կոմպակտացնես… տես ասել ես "միջին վիճակագրական հայ տղա" բայց հետո մնրամասնել ես, չես բավարարվել… Եղոյի համար եմ ասում…
դուրս եկավ որ սաղդրել ես թղթի վրա… 50 տարեկանն էլ կարա բիձա լինի… 16-ից սկսած կարա մարդ բիձա դառնա…

Ես 20 եմ, բայց ինձ բիձա եմ զգում :))

Այվիին.
Ինձ հավես ա շատ, հաճույքով պատասխանում եմ, ու իրոք ուրախանում, մերսի երկուսիդ էլ Այվի ու Գալաթեա: :love

Գալաթեա
16.04.2015, 02:03
Կարո՞ղ ես իմ խաթր էդ քո հավանած լուռումունջներից մեկին նկարագրել: Բացի Էրոյից (ի դեպ, իր լրիվ անունն ի՞նչ ա): Դու հո իրենց մենակ սուսուփուս լինելու համա՞ր չես սիրել...
Ասենք մյուս գնալուց նաև նայի՝ ինչ են հագել, հեռախոսի զանգն ինչ ա դրած, մազերը ոնց են սարքել, ում հետ են խոսում, բարձր են խոսում թե ցածր, մի խոսքով, գիտես :)

Զույգ քույրերի մասին էի մտածում: Իրանց մասին ի՞նչ գիտես հեչ:
Ըստ քո տեսածի՝ հավատացյալ են, կամ տանն իրանց ասել են, որ հավատացյալ են, միանման են հագնվում, մենակ տարբեր գույների մեջ, այսինքն շատ չեն ձգտում իրարից տարբերվել, ինչպես իմ ճանաչած զույգ ուրիշ քույրեր, որ դիտմամբ իրար չնման են հագնում, հենց իրենք են սկսում իրենց հագուստն ընտրել խանութներում: Այսինքն մեր երկրում՝ մոտ 18 տարեկանից:
Բայց անկախ նրանից, որ իրար նման հագնվելուց վատ չեն զգում, իրար հետ, ասում ես՝ չեն խոսում, իրար չեն նայում, նույնիսկ թվում ա՝ զզվում են իրարից: Անունները գիտե՞ս իրենց:

Վերջում մենակ մի աղջիկ կա, որ նստած է անկյունում ու ձևացնում է, թե հեռախոսով բան է գրում, բայց ականջի տակով լսում է տղաներին ու հետները ծիծաղում:

Էս կարող ա՞ դու ես :)

Mephistopheles
16.04.2015, 06:30
Մազերը բարձր պոչիկ է կապել, ընկերուհիները հարցնում են, թե ինչի շատ չի կապում մազերն էսպես, պատասխանում է,-«չի թողնում, էսօր իրան չէի տեսնելու դրա համար եմ կապել, թե չէ չէի կապի, ըհը, զանգեց անունը տվեցինք, հա կյանք, նստել եմ, աղջկերքի հետ եմ, կանգնած եմ, չէ, ստեղ հարմար ա, հեչ, Լիանի ու Էլենի հետ եմ, ես քեզ կզանգեմ հա՞ կյանք»: Ասում է ու անջատում, հինգ տարեկանի նման սկսում է թռվռալ ու պատմել, որ գիշերը չի քնել,

էս մասն իսկական observation ա, շատ բան ա բացահայտում համ նեղ անձնական իմաստով համ գլոբալ հասարակական դրվածքի իմաստով (գոնե հասարակության ինչ որ հատվածի)… էս էն մոմենտն ա որ գրվածքը բացարձակապես զգացմունքից զուրկ ա (գրվածքը, գրողը չէ), բայց կարդացողի մոտ ներվի ա ձեռ տալիս… եթե անգամ չկռահես թե որտեղ ա սա տեղի ունենում, ապա գոնե կուզենաս իմանալ թե սա որտեղ ա… ընկերը չի թողնում որ մազերը կապի տենց, բայց երբ որ չի լինում՝ կապում ա… երևույթի նկատմամբ անձնական վերաբերմունքն ու շրջապատի ռեակցիան… ահագին հակասություն ու լարվածություն կարա լինի, չնայած առաջին հայացքից կարծես էդ սաղը ներմալ ա ընդունվում…

Mood swing-երը հավանեցի… բացահայտող դետալներ են որ եթե ուշադրություն չդարձնես, ահագին բան կկորցնես…

մի բան ա հետաքրքիր ու դուրս գալիս… դիրատկողը չի փորձել հասկանալ կամ ներթափանցել դիտարկվող սուբյեկտի էության մեջ, չի փորձել հասկանալ թե ինչ ա զգում, կամ ինչ ձևի մարդ ա… այլ վերցրել ա ու փաստերը հերթով արձանագրել ա, դետալ առ դետալ… ու հետո մենք (հետո նաև ինքը) էդ դետալներն իրար կոքի ենք դնում ու պատկեր ենք սարքում… these details reveal the charachter… սրա համար պետք չի գրող լինել, բայց պետք ա ուշադիր ու ուսումնասիրող լինես… ես դիտարկման էս ձևնավելի եմ հավանում, որովհետև ինքն ինձ չի ասում ինչ մտածեմ, այլ ես պտի մտածեմ ու տեսնեմ… ու սա ավելի դժվար ա, իմ կարծիքով…

առանց այն էլ շատ նիհար է, գոտին այնքան ամուր է կապել, որ տպավորություն է, թե խեղդվելու էստեղ տեսանկյուն կա, կարծիք կա, բայց չի խանգարում ինձ…

մնում ա տենաս թե ինչ ես անելու սրա հետ…

ivy
16.04.2015, 14:52
Պատասխան՝ Գալաթեային.

Էրոյի լրիվ անունը երբեք չի հնչել, իրեն բոլորս Էրո գիտենք, ինքը Էրո դեմք ա, ուրիշ դիմելաձև չեմ էլ պատկերացնում իրեն ասելու, բայց Էրիկ կլինի երևի:
Գալաթեա՜, ես քո խաթր բանանով տորթ թխել էլ կսովորեմ: :love Լավ, չշեղվեմ, ուրեմն իմ սիրած կերպարներից. էն հարթակին նստած աղջկան երևի կհիշեք, ինքը իմ սիրած կերպարներից մեկն է, կերպար, որովհետև որպես մարդիկ ես իրենց չեմ ճանաչում, ես գիտեմ իրենց որպես իմ հերոսներ ու իրական կերպարներ: Առանձնապես աչքի չընկնող դեմք է, անունը Էլեն է, ուսանողականի վարորդի համար՝ Էլենչիկ: Էն դիմացի բարձր հարթակին ոչ մեկը չի նստում, որովհետև բոլորը գիտեն, որ Էլենի տեղն է, եթե ինքը եկած չեղավ, նոր համարձակվում են նստել: Մազերը միջին երկարության են, բայց երեկ կտրել էր ու բողոքում էր, որ ուղիղ չեն կտրել, ինքը սիրում է, որ միլիմետրի ճշգրտությամբ ուղիղ կտրված լինեն մազերը: Մուգ կարմիր ռետրո ոճի կոշիկներ է հագնում ու նույնիսկ ես, որ կոշիկներ տանել չեմ կարողանում, հավանում եմ: Ջինսերի տակերը միշտ երկու տակ ծալում է ու կարճացնում: Իրեն երբեք չեմ տեսել հեռախոսով, լուրջ կասկածներ ունեմ նույնիսկ, որ չունի ու նույնիսկ թքած էլ ունի, որովհետև երբեմն երբ իրեն նկարներ են ցույց տալիս կամ հեռախոսների մասին խոսում անտարբեր է դառնում ու գերադասում վարորդի հետ խոսել: Իր երաժշտական լինելն եմ սիրում, էնքան նուրբ ու քնքուշ ա վարվում իր գործիքի հետ, որ նախանձում էլ եմ էդ քանոնին :D Շատ երգեցիկ ու նուրբ դեմք է, անտանելի հաճելի ժպիտ ունի, բայց հաճախ չի ժպտում: Իր մեկ էլ մի քիչ բրուտալ դեմք լինելն եմ սիրում, մեկ-մեկ էնքան անտարբեր է, որ կարող է հարցը տալ ու պատասխանի կեսից արդեն չլսել, որովհետև պատասխանն արդեն ստացել է: Երբեք չի ուշանում, միշտ իր տեղում է, ինչքան էլ շուտ գնամ: Առանձնապես չի շպարվում, բայց զգացել եմ, որ սեր ունի նման թիթիզ բաների նկատմամբ: Չեմ սիրում, որովհետև էն օրը անմոռուկ էր բերել ու տղերքից մեկի հետ ճպցրին ուսանողականի ապակուն: Ավտոբուսի մեջ շատ հաճախ է որոշում իր մազերի ձևը փոխել ու ընթացքում «կապիկություններ» է անում ընկերուհիների համար, բայց էն երկուսն իրար հետ ավելի մոտ են, քան իր: Հա՜, մեկ էլ ձեռքի նոտաներն եմ սիրում, էն որ գրկած գալիս ա: :oy
Հիմա քույրերը. իրենց մասին գիտեմ, որ էդ կանգառում մենակ իրենք են իջնում ու բարձրանում, այսինքն՝ բոլորից շուտ իջնում են գնալիս ու բոլորից ուշ բարձրանում հետդարձին, երևի ինչ-որ քոլեջում են սովորում: Էդ հավատացյալի պահով մեզ բոլորիս ասում են տանը, որ քրիստոնյա ենք, բայց ոչ բոլորս ենք Հիսուսի նկարը դնում մեր հեռախոսների էկրանին. էս երևույթի մասին քանի օր ա մտածում եմ, ուղեղումս չի տեղավորվում: Ինձ թվում է իրենք անհատներ չեն ու էն զույգերից են, որ համարյա նույն մարդն են, գույնի տարբերությունն էնքան էլ տարբերություն չեմ դիտարկում, ինձ համար հենց սկզբից տարօրինակ էր, որ էդ տարիքում էլ կարելի ա էդքան կապված լինել իրար. օրինակ մի անգամ մի քիչ դատարկ էր ավտոբուսը, բայց իրենք գերադասեցին մի աղջկա կողքը երկուսով մի կերպ նստել, քան բաժանվել ու վերջում ազատ նստել, կամ միգուցե ամաչկոտ են, որովհետև իրենցից շնորհակալություն բառից բացի ուրիշ բան չեմ լսել: Իրար դեմքի էլ չեն նայում, համ ամբողջական են, համ էլ առանձին, ոնց որ իրարից տարբեր աշխարհներ ունենան, բայց միաժամանակ շատ կապված: Կարողա իրար հայացքներով էլ են հասկանում. ամենահավանական տարբերակն է ինձ համար: Երբեք ոչ մեկի հետ չեն խոսում, նույնիսկ եղել ա Եղոն հարց տա՝ չպատասխանեն, իրանց մասին բան իմանալը համարյա անհնար է, ինքս էլ շատ կուզեի :(
Էս քանի օրը շատ ուշադիր եմ, որ տեսնեմ, թե ինչ երգեր են լսում, որովհետև միշտ ականջակալով են, բայց դեռ չեմ ֆիքսել:

Վերջում մենակ մի աղջիկ կա, որ նստած է անկյունում ու ձևացնում է, թե հեռախոսով բան է գրում, բայց ականջի տակով լսում է տղաներին ու հետները ծիծաղում:
Էս կարող ա՞ դու ես :)
Հա, ես եմ, ոնց էլ իմացար է :))

Պատասխան՝ Մեֆին.

Առաջին հայացքից, հա, թվում ա, թե անկարևոր մի դետալ ա, բայց անձամբ ինձ համար էս մանրուքներ շատ կարևոր են ու շատ բան են ասում ու խոստովանում եմ, որ էդ դետալների տակ լիքը բաներ եմ պահել. օրինակ հենց էն, որ վերջում մենակ մի աղջիկ կա նստած, իսկ մնացածը 3-3 են նստել, մենակ թե տղաների հետ չնստեն. իմ համար էս մեր հայ աղջիկների մեծագույն խնդիրներից մեկն ա, կամ որ էն ռուսախոսները էնքան քթներտնկուս դեմքեր են, որ մենակ իրենք են երկուսով նստած(իրենք երբեք տեղ չեն տալիս) ու կանգնած մարդիկ կան: Սենց որ մտածում եմ, ամեն բառի տակ գլուխկոտրուկ եմ դրել ո՞նց եմ դուրս գալու էսքանի տակից :D

LisBeth
26.04.2015, 10:24
Քթներտնկուս :-)) հաստատ բժկականի երեխեքից ա հեղինակը: Շատ հաջող դիտարկում ա ու ի շնորհիվ Գալաթեայի լրիվ` տակով վրով քննված: Հուսով եմ շուտով կտեսնենք ոնց ա վարվել նյութի հետ: