StrangeLittleGirl
10.04.2015, 01:09
Էս պատմվածքի նախապատմությունը պատմեմ: Շատ դանդաղ ա ստեղծվել՝ գրողների մեր խմբում lost and found թեմայի տակ: Սկզբում մի քանի պարբերություն բան եմ գրել, մի քանի հարցերով, թե ինչ ուղղությամբ շարունակեմ: Ըստ ստացած կարծիքների, շարունակել եմ: Ասեմ, որ էս պատմվածքը շարքի պատմվածքներից մեկն ա, ու որոշ երկրորդական կերպարներ դրանցում գլխավոր են: Էս տարբերակը, կարծում եմ, դեռ շատ ավարտուն չի ու աշխատելու տեղ կա: Նենց որ, պատրաստ եմ լսել ձեր առաջարկները:
Սառած
«Շատ լավ գիտես, որ քեզ տեսնել չեմ ուզում»,- գրեց Լիլիթն ու հեռախոսը դրեց վերարկուի գրպանը: Կեսգիշերն անց էր, և արդեն հասել էր իր նոր բնակավայրը՝ տան նկուղ Կոպենհագենի Վելբյու արվարձանում:
Գրպանները փորփրեց, բայց բանալիները չգտավ: Երևի սառած մատների պատճառով էր, որ պարունակությունը չէին զգում: Գրպանները շուռ տվեց: Ոչ մի բանալի: Հավանաբար ընկել են այն պահին, երբ հեռախոսը դրել է էնտեղ: Նայեց ոտքերի տակ և շուրջը: Ոչինչ: Կարող էր նաև դրսում եղած ժամանակ գրպանից գցել: Դա նշանակում էր, որ տրցակն ընկել էր ինչ-որ տեղ Ամայի և Վելբյուի միջև՝ աշխատավայրից մինչև Ֆակտա, Իսլանդս բրյուգե կայարան, մետրոն, Նորեպորտ, քաղաքի կենտրոնը, ջազ կաֆեն, նորից մետրոն, գնացք և վերջում՝ կայարանից նկուղ քայլելու ճամփան:
Լիլիթը սկսեց ինքն իրեն մեղադրել Բլումին գրելու և ոչ մի տեղ չտանող զրույց սկսելու և ընդհանրապես ջազ կաֆեում հայտնվելու համար, որովհետև գիտեր, որ Բլումին տեսնելը ոչ մի լավ բանի չի բերելու: Ի վերջո, ինքն իրեն մեղադրեց նաև առավոտյան հեծանիվը չվերցնելու համար: Եթե վերցրած լիներ, ավելի շուտ կնկատեր բանալիների բացակայությունը, իսկ ճանապարհին հաղորդագրություններ չէր ուղարկի:
Բայց նկուղի դռան մոտ կանգնած պահին այնքան էլ կարևոր չէր, թե ինչ կարող էր չանել կամ որտեղ էին բանալիներն ընկել: Լիլիթը նախ պիտի ներս մտներ, որ փողոցում չգիշերեր: Տատանվելով մոտեցավ տան գլխավոր մուտքին և զանգը տվեց: Շունը հաչաց: Տանտերը բացեց դուռը՝ հագին միայն անդրավարտիք: Լիլիթը հազար անգամ ներողություն խնդրեց՝ փորձելով չնայել ծերունու մերկ մարմնին, ու վազեց դեպի նկուղ տանող աստիճանները, մինչ տանտերը կբռներ կատաղած շանը:
Մտնելով անկողին՝ Լիլիթը կամաց-կամաց հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել: Բանալիների տրցակը չկար, ինչը նշանակում էր, որ չէր կարողանալու տան դուռը փակել հաջորդ օրը, չէր կարողանալու հեծանիվ քշել ու չէր կարողանալու իր գրասենյակ մտնել: Դա նաև նշանակում էր, որ եթե բախտը չբերեր ու չգտներ դրանք, ստիպված էր լինելու նոր կողպեքների համար վճարել և ինչ-որ կերպ կոտրել հեծանիվի փականները, նորերը գնել: Ինչ-որ կերպ, որովհետև չկար Բլումը, չկար նաև հեղուկ ազոտը: Գուցե ընդհանրապես չկարողանար փականները կոտրել ու ստիպված լիներ նոր հեծանիվ գնել: Լիքը ֆինանսական անախորժություններ:
Այդ օրը գործից դուրս գալուց առաջ Միան իրեն մի կողմ էր քաշել, ու մինչ Լիլիթն ուրախությամբ հայտարարել էր, որ արդեն մի ամիս է, ինչ Բլումին թողել է, Միան ասել էր.
- Լսիր, Բլումը գեյ է:
Լիլիթի առարկություններին, թե՝ բայց ինձ դեռ սիրում է, բայց նախկին ընկերուհիներ ունի, բայց, բայց… Միան պատասխանել էր.
- Ասում եմ՝ հաստատ գեյ է: Դեկտեմբերին էն վերջին հանդիպման ժամանակ Քրիստան հատուկ ինձ ուղարկեց ձեր կողքը նստելու: Բոլոր լեզվաբանական նշանները կան. գեյական լիսպերը, ձայնավորների խզումը: Ավելին ասեմ՝ լիսպերի մասին ինքն էլ գիտեր:
- Բայց… բայց…
- Բայցերդ չգիտեմ: Բաժնի բոլոր գեյերին հավաքեցի, նկարը ցույց տվեցի, միասին խորհրդակցեցինք: Բոլորն էլ միակարծիք են: Եթե նույնիսկ գեյ չի, ինչ-որ խնդիրներ ունի: Գործ չունես հետը:
Բլումն իրոք տարօրինակ էր: Հիշեց, որ առաջին անգամ հետը համբուրվելիս աչքերը փակել էր ու կարծել էր Լուիզան էր: Իսկ երբ աչքերը բացել էր, ասել էր՝ հավատս չի գալիս, որ սա դու ես: Հետագայում էլ միշտ Լուիզան աչքի առաջ էր գալիս Բլումի հետ համբուրվելիս: Ու Լուիզայի պես Բլումը ձեռքերը սահեցնում էր որովայնի վրայով՝ բռնելով ճարպի ավելցուկը, չհամարձակվելով ավելի ներքև իջնել:
Քնելուց առաջ Լիլիթը հիշեց նաև Լուիզային: Նա միակ կինն էր, որի հետ երբևէ համբուրվել էր, այն էլ՝ կիսահարբած-կիսաքնած ժամանակ, երբ աղջիկներով մնացել էին Լիլիթենց տանը: Լուիզան պնդել էր, որ Լիլիթն իր ծոցը քնի: Սենյակի լույսերը հանգցնելուց հետո նրանց մարմինները մոտեցել էին իրար, փաթաթվել էին միմյանց ու սկսել համբուրվել, մինչ Լուիզայի ձեռքը դանդաղ սահել էր Լիլիթի մարմնի վրայով՝ հասնելով փորին ու խաղալով փափուկ մասերի հետ: Իսկ առավոտյան Լուիզան բոլորին հայտարարել էր, թե մի սարսափելի երազ էր տեսել, թե ինչ-որ մեկն ամբողջ գիշեր իրեն զոռով համբուրում էր: Սկզբում Բլումն էլ էր պնդում, թե Լիլիթն իրեն զոռով է համբուրում:
Մի անգամ էլ Բլումը հանկարծ սկսել էր Լիլիթի մատը ծծել: Այդ վարքը թեև տարօրինակ էր թվացել, բայց իր հիշելով միակ պահն էր, երբ Բլումի հետ ֆիզիկական շփումը հաճելի էր: Իսկ Միան անընդհատ ասում էր՝ էդ տղայի հետ մի բան էն չի, ո՞նց եք երկու անգամ նույն մահճակալում քնել առանց սեքս անելու:
Բլումն ուղղակի փաթաթվում էր Լիլիթին ու գլուխը թաղում նրա մազերի մեջ:
Բայց երրորդ անգամից հետո սեքսը եղավ: Միան լսել չէր ուզում:
- Ասում եմ քեզ՝ հետը մի բան էն չէ: Եթե գեյ էլ չէ, իդենտիֆիկացիայի խնդիրներ ունի:
Բլումին թողել էր, որովհետև ահավոր խանդոտ էր. խանդում էր, երբ երեկոյան տուն գնալու փոխարեն Միայի հետ գարեջուր խմելու էր գնում:
-Լոբինե՞ր էիք խաղացնում,- ասում էր:
Խանդում էր Լիլիթի կյանքի ցանկացած մասնիկը. ընկերներին, հետաքրքրությունները, այցելած վայրերը, անգամ Լիլիթի՝ ինքն իր հետ մենակ մնալու ցանկությունը:
Բայց դե տխուր էր առանց Բլումի. կարոտում էր մեկ-մեկ:
Գիշերը Լիլիթը չկարողացավ նորմալ քնել: Անընդհատ վեր էր թռնում երազներից, որտեղ հայտնվում էր Բլումը՝ կանացի հագուստով, ձեռքին Լիլիթի բանալիների տրցակը:
Առավոտյան գուգլեց Կոպենհագենում կորած իրերի ծառայությունների հեռախոսահամարներ: Լիքն էին: Այնուհետև Ֆեյսբուքի Կոպենհագենում բնակվող էքսպատների խմբում հարց գրեց: Ինչպես միշտ, հարյուրավոր պատասխաններ ստացավ, բայց դրանցից որևէ մեկը որևէ օգուտ չտվեց: Ոմանք մեղադրում էին նրան, որ ուշադիր չի եղել ու կորցրել է բանալիները: Մյուսները Գուգլի տեղն էին ցույց տալիս, ու կապ չուներ, որ Լիլիթը մի հազար անգամ բացատրում էր, որ Գուգլի արդյունքները գոհացուցիչ չէին: Կապ չուներ, որ իրեն ավելի շատ մյուսների կորած իրեր գտնելու փորձն էր հետաքրքրում, ոչ թե չոր հեռախոսահամարները:
Լիլիթը նկուղից դուրս եկավ առանց դուռը կողպելու: Կայարանի ճամփին զանգեց երկաթուղու կորած իրերի բաժին: Երբ նկարագրեց իր հետագիծը, զանգին պատասխանող կինը գոռգռաց, թե մետրոյինն ուրիշ հեռախոսահամար է, թե չպիտի այդ համարով զանգեր, ու եթե գնացքում է ինչ-որ բան կորցրել, կարող է մոտենալ գլխավոր կայարանի կորած իրերի բաժին:
Գլխավոր կայարան գնալուց առաջ արժեր նախ ջազ կաֆե ու մետրո զանգել, Ֆակտա մտնել, կապվել ոստիկանության կորած իրերի բաժնի հետ: Վերջինս շաբաթը երկու օր էր աշխատում: Հաջորդ աշխատանքային օրը հինգշաբթի էր, իսկ այդ օրը դեռ երեքշաբթի էր: Ութից տասը օր է տևում կորած իրը գտնելը, եթե գտնում են ընդհանրապես: Դա միակ օգտակար տեղեկատվությունն էր, որ Լիլիթը կարողացավ կորզել էքսպատների խմբից՝ համեմված «Կարծում ես՝ ոստիկանությունն անելիք չունի՞» կամ «Ինչու՞ զապաս բանալին ընկերոջդ մոտ չես թողել» տիպի մեկնաբանություններով:
Ինչու՞ գնաց ջազ կաֆե ընդհանրապես: Ինչու՞ Բլումին գրեց: Դա պակա՞ս գեյ էր սարքելու նրան:
Միայի հետ խոսելուց հետո զանգեց Իննային, թե՝ գնում ենք ջազ կաֆե: Գիտեր, որ այդ օրը Բլումն այնտեղ էր լինելու: Իննային հանդիպեց Նորեպորտում, դողդողացող ձայնով ասաց, որ ուզում է Բլումին տեսնել: Ջազ կաֆե գնալու ճամփին համարյա ոչ մի բառ չփոխանակեցին, Լիլիթը ոչինչ չասաց Միայի պատմածի մասին: Երբ ներս մտան, Բլումը նստած էր՝ շրջապատված մի խումբ աղջիկներով: Հենց տեսավ Լիլիթին, աչքերը փայլեցին: Մի պահ Լիլիթն ուզեցավ մոտենալ, գրկել նրան, բայց միայն քաղաքավարությամբ բարևեց ու մնաց իր անկյունում:
-Ո՞րն է Բլումը,- շշնջաց Իննան, որովհետև նախկինում չէր տեսել նրան, միայն Լիլիթի պատմածներից գիտեր:
-Այ այն մեկը՝ հագին վարդագույն սվիտր:
Իննան դես նայեց, դեն նայեց:
-Բայց վարդագույն սվիտրով տղա չեմ տեսնում: Մենակ էն սևովն է,- ու ցույց տվեց Բլումից բացի սեղանի շուրջ նստած միակ տղային՝ Միգելին, որին Լիլիթը ջազ կաֆեից գիտեր:
Բլումին գրեց ջազ կաֆեից դուրս գալուց հետո, երբ Իննայից բաժանվեց, ուրեմն հեռախոսն այդ ժամանակ է գրպանից հանել, ուրեմն բանալիներն ընկել են այնտեղից դուրս գալուց հետո: Սա կիսով չափ կրճատում է տարածությունը՝ կենտրոնից մինչև Վելբյու: Բայց Աման չի բացառվում: Մի՞թե հեռախոսը չհանեց, երբ Ֆակտայում հերթ էր կանգնել: Այո, այո, քիչ էր մնում՝ ականջակալներն ընկնեին, հազիվ խցկեց գրպանի մեջ:
Աշխատանքի գնալու ճամփին մտավ Ֆակտա: Այնտեղ բանալիներ չէին գտել: Գնաց իր աշխատավայրի կորած իրերի բաժին: Հսկայական փայտե դարակում բազմաթիվ բանալիներ, հեռախոսներ ու կրեդիտ քարտեր էին լցված: Իր տրցակը չկար:
Բլումին շատ բան չէր գրել, մենակ սմայլիկ էր ուղարկել, ինչին նա պատասխանել էր՝ ինչու՞ չմնացիր: Բայց եթե բանալիներն ընկել էին ջազ կաֆեից մետրո քայլելու ճամփին, երբ առաջին անգամ հանեց հեռախոսը, դրանք գտնելը շատ դժվար էր լինելու:
Ուրեմն պիտի ևս երկու օր դիմանար, զանգեր ոստիկանություն, դիմանար ևս ութ օր: Կարող էր Միայից վերցնել բանալին, կարող էր տանտիրոջը խնդրել, որ նկուղի բանալի տա իրեն, մինչև ոստիկանությունից լուր ստանար: Կարող էր մի շաբաթ հասարակական տրանսպորտից օգտվել: Սթրեսային օրեր էին սպասվում: Նա արդեն ահավոր սթրեսված էր:
Գրասենյակ մտնելիս Լիլիթը զգաց, որ աշխատելու էներգիա չունի: Գլուխը դրեց գրասեղանին: Մետաղյա սառը ինչ-որ բան կպավ ճակատին: Բանալիներն էին:
Էլ ոչ մի ջազ կաֆե: