PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 2. Ռուտին



StrangeLittleGirl
13.03.2015, 18:40
Հանդիսատեսի խնդրանքով տեղադրում եմ ևս մեկ առաջադրանք (այսուհետ պարբերաբար, հենց խելքիս փչի, մի որևէ բան կտեղադրեմ):
Բոլորն ազատ են տեղադրելու իրենց լուծումը երբ ցանկանան, քննարկելու, նոր առաջարկներ անելու և այլն: Յուրաքանչյուր ոք կարող է մեկից ավելի տարբերակներ առաջարկել: Վարժությունը լավ ա ստեղծագործության սկիզբ գրելու համար:

Ռուտին

Նկարագրեք որևէ կերպարի կամ կերպարների որևէ ռուտինային գործողություն, մի բան, որ ժամանակի ու տարածության ինչ-որ հատվածում նրանք պարբերաբար անում են: Օգտագործեք ամենաշատը 500 բառ:

Որպես օրինակ տեղադրում եմ նման վարժության ժամանակ իմ առաջարկած լուծումը (ընդունվում են քլնգոցներ).

Մենք հանդիպում էինք ամեն կիրակի Կոպենհագենի սրճարաններից մեկում: Ամեն անգամ տարբեր սրճարան էինք ընտրում: Ես ժամանում էի առաջինը ու երբեք չէի ուշանում: Հետո ստանում էի հաղորդագրություն. «Կներես, մի քանի րոպե ուշանում եմ»: «Խնդիր չկա»,- պատասխանում էի: Գալիս էր տասը րոպե անց ու ներողություն խնդրում: Ոչինչ չէի ասում: Սրճարան մտնում էինք երկուսով: Նա պատվիրում էր իր լատեն ու ընտրում ամենահամեղ քաղցրավենիքը, ես՝ իմ սովորական սև սուրճը: Վերցնում էինք մեր բաժակներն ու մոտենում անկյունի սեղանին: Սկսում էինք սովորական «Շաբաթդ ո՞նց անցավ» հարցով ու շարունակում՝ անցնելով ավելի լուրջ թեմաների, ինչպիսին է ինքնասպանությունը: Ամբողջ կեսօրը միասին էինք անցկացնում, երբեմն լռում, հետևում անցնող-դարձողներին, ականջ դնում կողքի խոսակցություններին: Իսկ հետո դանդաղ ու ծուլորեն դուրս էինք գալիս սրճարանից, գնում տուն ու շարունակում մեր կյանքը:

LisBeth
13.03.2015, 19:45
Իմ կյանքի միօրինակ բաներից ամենահետաքրքիրը տուն գալս ա: Էդ ժամերին մութ ա, ես ու սիգարետս ծայրահեղ գեղեցիկ զույգեր ենք: Ձեռքս հենց մրսում ա, փոխում եմ, մյուսով էլ գրպանումս անտիկվար մի հատ կալենդար կա պտտում եմ՝ իրա շնորհիվ ես գիտեմ օրինակ, որ էս տարի 13-ը երեք անգամ շարունակ ուրբաթ ա լինելու, որից երկուսը՝ ներառյալ այսօր արդեն եղել են: Մի ծերուկ ինձնից առաջ ընկած գնում ա, միշտ: Հենց հասնում ենք մեր նրբանցք սառույցից գոյացած աստիճաններին քայլերը դանդաղեցնում, զգուշ իջնում ա: Ու եթե ես բավականաչափ մոտ եմ՝ մեկ-մեկ տենց լինում ա, շրջվում ու ձեռքը մեկնում ա ինձ: Ես սիրալիր պաղ ձեռքս դնում եմ իր տաք ու փափուկ ափի մեջ, իջնում եմ: Ոչ մի խոսք: Շքամուտքում հանում եմ կալենդարս, որի վրա գրված ա Բուլղարիա, արևոտ երկիր՝ 50 տարվա կալենդար: Կլոր մետաղյա պլաստները ծածկում են ևս մի օր, իսկ ես փորձում եմ գուշակել թե այնուամենայնիվ ինչի վրայից է այն պոկած ու ոնց ա ինձ մոտ հայտնվել:
http://i.imgur.com/0jhqw9u.jpg

Մուշու
13.03.2015, 20:24
7:30 Զարթուցիչ : Եվս 10 րոպ և վերջ :
8:10 Ուշանում եմ , պետք է պատրաստվել :
8:40 Ես գնացի , հաջողություն
9:05 Էլի առաջինը ես եմ ...
***
- Բարի լույս
-Բարև
- Ո՞նց ես
- Նորմ : Դու ՞
- Լավ ... Երազումս էլի քեզ եմ տեսել
- ... լռություն :
***
- Մեդիտացիա՞
- Չէ , ես մահացել եմ !
- Նորի՞ց : Չե՞ս ուզում էլ պարապես :
- Մահացել եմ , ո՞նց պարապեմ :

Հ.Գ. Հուսով եմ ճիշտ եմ հասկացել առաջադրանքը :

Enna Adoly
13.03.2015, 21:16
>>>

LisBeth
13.03.2015, 21:41
>>>

Էննա ինչո՞ւ ջնջեցիր, չհասցրինք կարդանք էլ

մարիօ
13.03.2015, 22:41
Ես ամեն օր արթնանում եմ առանց նրա մասին մտքերի, ես ապրում եմ, ուտում ու խմում, երազում, սովորում ու աշխատում առանց նրա, բայց ամեն 2 ամիսը մեկ նրան գրկելու անթաքույց ցանկություն եմ ունենում: Ես գնում եմ, լուռ կանգնում նրա դիմաց ու ոչ մի բառ չեմ խոսում, մենք լուռ գրկում ենք իրար, այդ գրկախառնությունը տևում է մոտ 10 րոպե: Հետո կամ ես կամ նա թողնում, հեռանում ենք ու այդպես արդեն 2 տարի շարունակ մենք միայն իրար գրկելու համար ենք: Մենք ոչ ընկերներ ենք, ոչ բարեկամներ, ոչ ծանոթներ, ոչ սիրում ենք իրար, ոչ էլ կարևոր ենք իրար համար. երբեմն ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ ենք մենք ընդհանրապես ուզում իրարից ամեն 2 ամիսը մեկ:


Հ.Գ. Բյու՜ր, ինչ լավն են առաջադրանքներդ, եթե ճիշտ եմ հասկացել, հավես ա շատ, ապրես: :love :kiss

Աթեիստ
14.03.2015, 09:55
Էննա ինչո՞ւ ջնջեցիր, չհասցրինք կարդանք էլ

Ես հասցրի, ու ասեմ, լավն էր, առաջադրանքին էլ լրիվ համաձայն։

Enna Adoly
14.03.2015, 11:39
Էննա ինչո՞ւ ջնջեցիր, չհասցրինք կարդանք էլ
պահի տակ զզվեցի գրածիցս

Enna Adoly
14.03.2015, 11:40
>>>
Սովորության համաձայն հասա 10 րոպե ուշացած: Տնօրենիս հայացքը չափչփեց ինձ, գլուխս կախեցի ու անցա գրասենյակ: Զարմանում եմ՝ ինչու՞ մինչև հիմա չի վռնդում: Բոլորը լարված տկտկացնում էին : Իմ կողմից երևում էր, որ Բ-ն ֆեյսբուքում է, իսկ Ս-ն նորություններ է թերթում: Աշխատասենակը լուսավոր էր, օդը՝ անտանելի ծանր: Չէի համարձակվում պատուհան բացել. վերջ ի վերջո ուշացել եմ: Սկսեցի հորանջել, քիչ էր՝ մնում մատներով աչքերս բաց պահեի:
...10 րոպեից ընդմիջում է: Շխշխկոցներ են սկսվում. բոլորը միասին վեր են կենում, ուղղվում խոհանոց, սուրճ խմում ու ստանդարտ թեմաներ քննարկում. դրանք ինձ սովորաբար չեն հետաքրքրում: Ինչպես միշտ Ա-ն ինձ փորձում է ներքաշել խոսակցությունների մեջ, հորանջոցս մի կերպ զսպելով՝ նստում եմ կոլեգաներիս կողքին ու սկսում բաժակիս նայել, խառնել-խառնել այնքան, մինչև տեղերով փոխվում ենք ես ու սև հեղուկը՝ հիմա էլ նա է իմ սիրտը խառնում : Ընթացքում կողքիս նստածները ինձ են նայում, ես գլխով եմ անում, բայց 94 տոկոս դեպքերում տեղյակ էլ չեմ լինում, թե ինչից են խոսում: Րոպեները ձգելով նորից տեղավորվում են համակարգչի առաջ: Ես ամենավերջինն եմ դուրս գալիս խոհանոցից, մի տեսակ ծանրացած նստում եմ, մկնիկը աջուձախ տկտկացնում: Փորձում եմ ներշնչել, որ կյանքով լեցուն եմ: Ոչ մի կերպ չի ստացվում: Վերջապես տնօրենը որոշում է դուրս գալ: Գլուխս հենում եմ սեղանին, փակում աչքերս, նայում ոտքերիս: Փոքր ժամանակ ասում էին՝ եթե նստես ու ոտքերդ օդում 6 րոպե ճոճես, մեքենայի տակ կընկնես: Առաջ վախենում էի դրանից, հիմա շարունակում եմ ճոճել, ոչ թե էլ չեմ հավատում , պարզապես ինձ համար մեկ է: Վերջին մի ժամը ամենաանտանելին է. աշխատանքը հեսա ուր որ է կավարտվի, բայց դեռ 56 րոպեն առջևում է:
Նստում եմ ավտոբուս ու նայում դիմացիս ոչինչ չասող հայացքներին. կնճիռներ, թերություններ փակող քսուքի հաստ շերտ, քրտինք, կիսափակ աչքեր: Իմ աքչե՞րն էլ են էտպես: Փորձում եմ աչքերիս մեջ ժպիտ խաղացնել, որ աչքերս հանկարծ նման չլինեն իրենց աչքերին: Չգիտեմ՝ ինչքանով եմ լավ անում դա, բայց ինձ նայող տղան այլ բան է հասկանում, ինքն էլ ինձ ժպտում: Ուրախացա, որ ինձնից բացի մեկի աչքերն էլ տարբերվեցին:
Հասա տուն, սև հեղուկ ու սենդվիչ լցրեցի ստամոքսս: Նստեցի հեռուստացույցի առաջ ու նստած քնեցի մինչև մյուս 10 րոպե ուշանալը:

Հայկօ
14.03.2015, 22:35
- Դուք ոչ մի բանի հետ գործ չունեք, ապեր, սաղ թողեք ինձ վրա: Հա, բա ոնց, մեռնեմ քեզ: Ընգեր, էս քառասուն տարի ա՝ էս գործի մեջ եմ, ինձնից լավը չեք գտնելու, ախպեր ջան: Մի հատ լույս արեք, բանալու ծակը գտնեմ: Այ սենց պահի... Ես սրա տիրոջ... Ըհը: Մերսի, ցավդ տանեմ: Մի տարի ա՝ ուզում եմ կողպեքը փոխեմ, հա ձեռս չի հասնում: Մի օր մտնելու են... Չնայած՝ ով պիտի ստեղ մտնի: Ստեղ ինձ սաղ ճանաչում են: Դե եկեք: Ո՞վ ա: Հա, ախպեր ջան, ուրախ եմ: Նայի, սենց բաներ կան: Էս մեկը՝ քառասուն հազար: Նորմալ գին եմ ասում, ընգեր: Ստեղ ինչ տեսնում ես՝ երեսուն հազարից մինչև հարյուր հազարնոց բաներ են. էս մեկը քառասունհինգ ա, բայց ախպորս քառասունով կտամ: Սենց գին էլ ոչ մի տեղ չես գտնի: Մեքենայից գո՞հ եք: Հա, դե Մերսեդեսը ուրիշ ա, էլի: Շոֆերով-բանով քսան հազար. վաղը առավոտից ձերն ա: Ախպորս ասեմ, հիմա ամենապրիստիժ կադիլակներից հետո էս ա գալիս: Կադիլակ էլ կա, կուզե՞ք: Երեսուն հազար, ամեն ինչով, կգնա, կգա, կսպասի ինչքան պետք ա: Չէ՞: Դե կարող ա էս էլ լինել, հա: Հարց չկա, ուրեմն վաղը կգա: Ու՞ր եք գնալու: Տեղը, տեղը, ասում եմ: Որտե՞ղ ա: Հա, նորմալ ա: Դե թղթերը չմոռանաք: Չէ, մինչև ձեր գալը ընդեղ արդեն սաղ արած կլինեն, էդ մեջն ա: Ըհըն, վերջ: Ինչը՞: Տնից ա՞... Հա, բա ոնց, մենք ամեն ինչ կանենք, էդ էլ հետը, վիլյուրով-բանով, ոնց որ պետք ա. խի առաջին անգամն ա՞, ախպեր ջան, նեղացնում ես: Հա: Հա, դե նայեք, հիմա մագով էլ են շատ անում, էդ էլ ա նորմալ: Բայց եթե պետք ա, զանգեմ-ասեմ, կարգին տղեք կան, երկու հոգին՝ քսան հազար, երեքը՝ քսանհինգ: Չէ՞: Դե դուք գիտեք: Հեսա թափով ամեն ինչ կկազմակերպենք: Էս իր անձնագիրն ա՞: Մի քիչ լղոզված ա, բայց էդ ոչինչ. էսօրվա օրով իննսուն տոկոսը անձնագրից ա անում: Հինգ հազար՝ սաղ իրար հետ. նորմալ, տեղը տեղին, ռամկով-բանով: Դե իրան էլ ոնց որ պետք ա՝ սաղ կանենք, կսիրունացնենք, կսարքենք կուկլա: Տղեք ջան, ո՞վ մի հատ ձեռ կքցի՝ տանենք ներս: Պահել ե՞ս: Թեքի, թեքի: Դե մենք արդեն կհերձենք, կպատրաստենք, դուք առավոտ տասին եկեք տատիի հետևից: Ապեր, մի հատ էլ լույս արա, էլի. կողպեմ, հելնենք: Հա, ստեղ եմ մնում, հենց կողքը: Մի հատիկ էլ ինձ տուր, էլի, ընգեր, իմը ավտոյի մեջ եմ թողել: Կրակ էլ, էլի: Մերսի, ցավդ տանեմ: Դե բարի գիշեր, տղեք ջան, քնեք-հանգստացեք, վաղը խառը օր ա լինելու:

375 բառ

ivy
15.03.2015, 23:25
Հայկ, ոնց էի կարոտել քո գրածներին, դու շատ գրի, մենակ թարգմանություններով մի սահմանափակվի: Շատ հավես ես գրում: