PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գրիգ. Փետուրներ



սովորական
28.01.2015, 15:10
Մետաղի սուր, կտրող ձայնը կիսում էր տոթ գիշերը, ասեղների տեսքով լցվում սենյակս: Քրտնած սավանը կպել էր մարմնիս, մարմնիս վրա մարմին էր դարձել, և երկու մարմինների արանքում շեկ, արևից խանձված երազներ էին հոսում, իսկ ձայնը համառորեն լցվում էր ականջներս, պոկում ինձ ինձնից: Ժամանակ առ ժամանակ մոտենում էի պատուհանին, մի կողմ հրելով վարագույրը նայում. ձայնը կրկնվում էր կարճ դադարներով, գալիս էր խաղահրապարակի կողմից:
Արդեն քանի գիշեր էր ուշ ժամին լսվում էր և չէր դադարում մինչև լույսը բացվելը: Պարզ էր, որ ինչ-որ մեկը ճոճվում է ժանգոտած ճոճանակի վրա, բայց ո՞վ, ո՞ւմ էր հարկավոր… Բոլոր ջանքերս տեսնելու, թե ով է, ապարդյուն էին. խաղադաշտի այդ հատվածը լուսավորված չէր, գիշերվա ժամերին ոչինչ չէր երևում, իսկ լույսը բացվելուն պես դատարկ էր: Դրությունը անտանելի էր դառնում, սկզբում վճռեցի սպասել` ակնկալելով, որ հարևանների նյարդերը իմ նյարդերից զգայուն կգտնվեն և տեղի կտան, սակայն ձայնը շարունակում էր հնչել, տպավորություն էր` ամբողջ թաղամասում միայն ինձ էր խանգարում, միայն ես էի լսում: Համբերելն անհնար էր, պետք էր անհապաղ լուծում տալ հարցին, ու երբ հերթական անգամ ձայնը լսվեց, առանց վարանելու շտապեցի խաղահրապարակ: Իջնում էի աստիճաններով, սրտումս վախ կար, որ ճոճանակին հարբեցող կամ անտուն մարդ է լինելու: Վստահ էի` մենակ է: Ի՞նչ պիտի անեմ, ձեռնամարտի հո չե՞մ բռնվելու հետը, իսկ եթե դանակ լինի՞ մոտը, մտածում էի: Այդուհանդերձ, ինչ-որ բան ստիպում էր առաջ շարաժվել:
Մարդը նստած էր ճոճանակին, օրորվում էր, լողում աղջամուղջի մեջ: Լույսը չէր հերիքում, զգում էի շարժումը և հազիվ նշմարում մարմնի ուրվագծերը: Փորձում էի կռահել` արդյո՞ք ծանոթ չէ: Արդեն մոտեցել էի, մի քանի քայլ էր բաժանում մեզ, երբ հանկարծ նկատելով ինձ` անփութորեն ցատկեց ճոճանակից ու փախավ: Մարմնի կառուցվածքից, շարժումներից կարելի էր ենթադրել` տղամարդ էր: Ամեն ինչ այնքան արագ, ակնթարթորեն կատարվեց, որ դեպքերի նման զարգացումից շփոթված` վերադարձա տուն: Կարծեց` վնասելու եմ, մի՞թե այդ աստիճան վախեցրի, գլուխը կորցրած փախչում էր, մտածում էի: Անծանոթի շարժումները այն տպավորությունն էին թողել, թե չէին համապատասխանում մարմնին, ասես ուրիշինը լինեին: Ամեն ինչ վերագրելով խմիչքին, վճռեցի, որ հարբեցող էր, և գոհ ինձնից ու բռնածս գործի հաջող ավարտից` պառկեցի քնելու: Մեկ ժամ էլ չէր անցել ձայնը նորից լսվեց:
Եվս մի քանի օր այն հանգիստ չտվեց ինձ, սակայն այլևս չհամարձակվեցի տանից դուրս գալ: Մոտենում էի պատուհանին, դիտավորյալ փեղկերը աղմուկով իրար զարկում, ոչ մի օգուտ: Չարությամբ էի լցվում տղամարդու հանդեպ, զայրույթը կրծում էր ուղեղս և չգիտեմ ինչ կլիներ հետո, եթե մի առավոտ՝ երբ կապտել էր երկինքը, պատահաբար չտեսնեի, որ ճոճանակի վրայի մարդը Արտակն է… Լրիվ մոռացել էի նրա մասին, ասես երբեք չէր եղել, բայց նա կար, հիշեցնում էր իր մասին…
Արտակի հետ կապված բոլոր հիշողությունները մանկության դրվագներ են: Մեկ տարով մեծ էր ինձնից, եթե ասեմ` ընկերներ էինք, ճիշտ չի լինի. փոքր ժամանակ էլ ընկեր ունենալը շռայլություն էր ինձ համար: Բակի տղաներով ֆուտբոլ էինք խաղում, նա մեզ հետ էր: Միշտ դարպասում էի կանգնում, դարպասապահի գործը ստացվում էր, իսկ նա հարձակվող էր, լավ էր խաղում, գնդակով նույնքան արագաշարժ էր, որքան առանց գնդակի: Նախանձում էի, որ նրա պես ճարպիկ չեմ, իմը դարպասն էր: Հիշում եմ մի օր տղաները չկային, երկուսով էինք և խաղից հետո, երբ փոշոտված հագուստով մտա տուն, հայրս կանգնած էր լուսամուտի դիմաց, կանչելով իր մոտ` տարօրինակ բան ասաց: Ասում էր, որ զգույշ լինեմ, շատ չմտերմանամ Արտակի հետ: Զգում էի` հայրիկը փորձում էր հնարավորինս մեղմ ձևակերպել խոսքը ինձ չվախեցնելու համար, կրկնում էր, որ տղաների հետ խաղամ միայն: Հետո մորիցս իմացա, որ Արտակը հիվանդ է, ասում էր` ի ծնե խնդիր ունի գլխի հետ, որ նրա հայն է ասել իմ հորը: Չէի հասկնում ինչ խնդրի մասին էր խոսքը, ծնողներիս անհանգստությունը ավելի էր բորբոքում հետաքրքրասիրությունս: Երբ հաջողեցնում էի ծլկել նրանց աչքից, Արտակի հետ էի, ուշադիր զննում էի, փորձում գտնել հիվանդությունը, բայց այն համառորեն չէր ցանկանում երևալ: Ամեն անգամ գլխին էի նայում, վստահ էի՝ խիտ մազերի տակ սպիներ են թաքնված, թրթուր հիշեցնող հաստ սպիներ:
Հիվանդությունը գտնելու բոլոր ջանքերս ապարդյուն էին, ոչ մի արտառոց բան չկար, ոչնչով չէր տարբերվում մյուս տղաներից: Սակայն ժամանակի ընթացքում զարմանալի բան կատարվեց, տարիներն անցնում էին իսկ Արտակը չէր մեծանում, ասես ժամանակը չէր նկատում նրան, անցնում էր կողքով, միայն մարմինն էր մեծանում: Ի՞նչ պատահեց, գուցե գլխում ինչ-որ կարևոր բջիջ հրաժարվե՞ց նման լինել մյուս կարևոր բջիջներին, չցանկացա՞վ անել այն, ինչ որոշված էր իր փոխարեն, ինչ մեծամասնությունն էր թելադրում: Գուցե հրաժարվեց անվերջ վախենալ մենակ մնալուց, վաղվա օրից, ժամանակից ու պայթե՞ց… Բակի տղաներով արդեն այլ հետաքրքրություններ ունեինք, իսկ նա շարունակ ֆուտբոլ էր խաղում, արդեն իրենից յոթ, ութ տարի փոքրերի հետ:
Ժամանակը թռչում էր, ընդունվեցի համալսարան, ամեն անգամ դասից վերադառնալիս հայացքս ինձանից անկախ թեքվում էր դեպի խաղահրապարակ. դժվար էր չնկատել բարձրահասակ, ամբողջ դեմքը մազակալած մարդուն, որ մանկան ոգևորությամբ խաղում էր հազիվ իր գոտկատեղին հասնող երեխաների հետ…
Հարցին` ինչպես դուրս մնաց իմ տեսադաշտից և որտեղից հայտնվեց նորից, դժվարանում էի պատասխան գտնել: Աղոտ հիշում էի, որ հարևաններից մեկը մի առիթով ասում էր, թե բնակիչներից բողոք է եղել, երեխաների համար են անհանգստանում, վախենում են մի վնաս չհասցնի, մանկամիտ է, չես իմանա, խաղի ժամանակ ոգևորվում, անկառավարելի է դառնում: Այդ պատճառով հատուկ մտավոր խնդիրներ ունեցողների համար նախատեսված գիշերօթիկ են տարել…
Արտակը կար, հիշեցնում էր իր մասին և ներսումս անորսալի զգացողություն էր, թե պարտավոր եմ հանդիպել հետը, անբացատրելի զգացողությունը շտապեցնում էր, ասես ժամանակը սուղ էր: Որոշեցի ձայնը հնչելուն պես մեկ անգամ էլ գնալ խաղահրապարակ: Մտքովս անցավ ուտելիք վերցնել. ինչ-որ գրքում կարդացել էի, թե ամերիկացի հոգեբաններից մեկը իր հիվանդների հետ առաջին կոնտակտը հաստատելու համար ուտելիք է տվել: Մինչ ճոճանակին մոտենալը կբղավեմ, որ ուտելիք եմ բերել, չի փախչի: Գիշերվա ուշ ժամին ձայնը լսվեց, ամեն ինչ կրկնվեց ճիշտ առաջին անգամվա նման, և մեծ էր զարմանքս, երբ ուտելիք տանելու անհուսալի թվացող միտքը աշխատեց: Բավական էր բղավեի ուտելիքի մասին, իսկույն կանգնեց: Նա արագ-արագ ուտում էր բերածս խնձորները, չէի տեսնում, լսում էի: Զգում էի շարժումը, մարմինը գիրացել էր, ծանր էր, ոչինչ չէր մնացել հին մարմնից: Զգում էի նաև, որ գլուխը կախ է, փախցնում էր աչքերը, չէր կարողանում իմ կողմը նայել…
Ամեն գիշեր, երբ լսվում էր ճոճանակի ձայնը, խնձոր էի վերցնում ու շտապում նրա մոտ: Խոսում էի, հարցնում արդյո՞ք հիշում է ինձ, ֆուտբոլ ենք խաղացել իրար հետ, միշտ դարպասում էի կանգնում, նախանձում էի, որ իր պես ճարպիկ չեմ, ինքը գնդակով նույնքան արագաշարժ էր, որքան առանց գնդակի, իմը դարպասն էր: Լուռ խնձոր էր ուտում: Ջանում էի խոսեցնել, բայց ինչո՞ւ, պատասխան չունեի: Շուտով խոսեց… Փորձում էի հասկանալ, կապ գտնել ասածների միջև, սակայն բառերը չէին կապվում, իմաստը վերջին պահին փախչում էր, ձուլվում օդում: Վստահ էի՝ ինքն իր հետ է խոսում, չէր պատասխանում հարցերիս, ասես չէր լսում: Մեր վերջին հանդիպման օրը պարզվեց, որ սխալվում էի. Արտակը նստած էր ճոճանակին, ձեռքին աղավնի էր, մթության մեջ սպիտակ կետ էր երևում, շոյում էր թռչունին ու խոսում հետը.
-Երբ փետուրներդ թափվեցին, չէիր կարողանում թռչել, պապան ասում էր հիվանդացել ես: Հետո փետուրներդ աճեցին ու թռար: Ես տեսա, թաքնվել էի ու տեսա, թե ինչպես թռար, պապան ասաց ` առողջացել ես… Պիտի թռչես, որ ապրես, թռչունը պիտի թռչի, որ ապրի…
Այդ օրը, հավանաբար, դուք այդտեղ չեք եղել, ես ևս չեմ եղել: Ասում էին՝ լույսը նոր էր բացվել, երբ տղամարդու լացի ձայնը արթնացրել է բնակիչներին, մարդիկ շփոթված նետվել են դեպի պատուհանները` տեսնելու` ինչ է պատահել. դրսում ձյան պես փետուրներ են եղել, բայց ձյան պես չեն թափվել, ալարկոտ օրորվելով բարձրացել են: Տղամարդը ծնկաչոք արտասվել է, ձեռքերը հարվածել գլխին, իսկ որդին մահացած է եղել: Ասում էին` աղավնու փետուրներն ամենուր են եղել, լցրել է տաբատի, վերնաշապիկի, կոշիկների մեջ ու ցատկել շենքի տանիքից: Ոչ ոք չգիտեր` Արտակն ինչու է այդպես արել, հիշում էին՝ այնքան փետուր կար օդում, որ տղամարդը հազիվ էր նշմարվում… Շատ բաներ էին խոսում մարդիկ, խղճում էին Արտակին, ավելի շատ հորը և խոսում: Հետո իմացա, որ ժամանակին բնակիչներից իրոք բողոք է եղել, բայց Արտակին գիշերօթիկ չեն տարել, հայրը չի համակերպվել այդ մտքին, տանիքում բոլորի աչքից հեռու աշխարհ է սարքել, և որպեսզի որդին չձանձրանա, մենակ չլինի, աղավնիներ է պահել…
Շատ խոսեցին մարդիկ: Հիմա ոչ ոք չի խոսում Արտակի մասին, հիշում են միայն, երբ տեսնում են ուսերը վրա բերած և ժամանակից շուտ ճերմակած մազերով մարդուն, խղճում են Արտակին, ավելի շատ հորը… Հիմա լինում են գիշերներ, լսում եմ ճոճանկի ձայնը, գիտեմ` ճոճանակը դատարկ է, խաղահրապարակում ոչ ոք չկա, բայց լսվում է: Ասես կանչում է, սահելով շենքերի կույր ստվերների միջով, համառորեն ականջներս լցվում, պոկում ինձ ինձնից, իսկ երբ կապտում է երկինքը, ձայնը լռում է… Ամեն ինչ ավարտվում է, երբ կապտում է երկինքը…

Աթեիստ
28.01.2015, 15:57
Ապրես, շատ լավն էր։

Սպասենք պրոֆեսիոնալներին ։)

սովորական
28.01.2015, 16:28
Դուք էլ ապրեք,որ կարդում եք,բայց հեղինակը ես չեմ,Գրիգն է: :)

Աթեիստ
28.01.2015, 16:37
Ուրեմն հիշենք երեք խնձորները։

Ապրեն գրողը, տեղադրողն ու կարդացողը ։)))

սովորական
28.01.2015, 16:38
;) լավ,որ ուզում ենք,թող ապրեն

Այբ
28.01.2015, 18:08
Ինչպես Գրիգի մյուս գործերը, սա ևս նրա հաջողված գործերից է։ Մանրամասը հետո կանդրադառնամ։:)

սովորական
28.01.2015, 18:34
Ինչպես Գրիգի մյուս գործերը, սա ևս նրա հաջողված գործերից է։ Մանրամասը հետո կանդրադառնամ։:)

Կսպասեմ ,սիրելի՛ Այբ: Փաստորեն մյուս գործերն էլ եք կարդացել: Ապրեք: ^_^

Այբ
28.01.2015, 18:44
Կսպասեմ ,սիրելի՛ Այբ: Փաստորեն մյուս գործերն էլ եք կարդացել: Ապրեք: ^_^

Կարդացել եմ «Հիսուսի կատուն», «Ադադա», «Պուճուր մարդը», «Փետուրներ» պատմվածքները, իսկ այս պատմվածքին դեռ կանդրադառնամ։;)

ivy
28.01.2015, 18:46
Գրիգի պատմվածքը և հետագա մյուս գործերը երևի ավելի ճիշտ կլինի տեղադրել «Ստեղծագործողի անկյունում» (http://www.akumb.am/forumdisplay.php/9-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6):

ivy
28.01.2015, 18:54
Գրիգի «Պուճուր մարդը» (http://www.akumb.am/showthread.php/64406-%D5%8A%D5%B8%D6%82%D5%B3%D5%B8%D6%82%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8) կա ակումբում, նոր հիշեցի, բայց էլի ուրիշն էր դրել:

սովորական
28.01.2015, 21:49
Այվի ջան,իհարկե,խնդիր չեմ տեսնում,բայց սա արդի գրականություն է ու ֆորումի անունին համապատասխան էր կարծես ;)

ivy
29.01.2015, 14:29
Լավն էր պատմվածքը :)

Քանի որ արդեն «Պուճուր մարդն» էլ եմ կարդացել, ուզում եմ մի բան ասել ընդհանուր:
Մի քիչ ոնց որ թե տենդենց կա հայ ժամանակակից գրողների մոտ՝ «լավ» պատմվածք գրելու համար «տխուր» պատմվածք գրել: Մեկը մեռավ, ինքնասպան եղավ, խելագարվեց, հիվանդացավ, սպանեցին, ողբացին և այլն: Կամ ուղղակի հոգու թախիծ, ախ ու վիշ, տառապանք: Աշխարհն էլ՝ գորշ ու մռայլ, անարդար, դաժան ու նման բաներ:
Կուզեի մի քիչ ավելի լուսավոր լիներ ժամանակակից հայ գրականությունը: Մի քիչ ավելի բազմազան լինեին գույները: Երևակայության խաղերը շատ լինեին:
Սյուժեները՝ ոչ միագիծ:
Եսիմ, էդ էլ իմ անձնական ցանկությունն է:

Sambitbaba
29.01.2015, 23:01
Մի քիչ ոնց որ թե տենդենց կա հայ ժամանակակից գրողների մոտ՝ «լավ» պատմվածք գրելու համար «տխուր» պատմվածք գրել...
...Կուզեի մի քիչ ավելի լուսավոր լիներ ժամանակակից հայ գրականությունը:
Էնքան սրտիցս խոսեցիր, Այվ ջան...
Մերոնց` ակումբցիներից ոմանց էլ է դա շատ յուրահատուկ և, ըստ իս, երբեմն նույնիսկ խանգարում է նրանց ստեղծագործական առաջխաղացմանը:

Ինչպես նաև Գրիգին...

Ես նրա ուրիշ պատմվածքները չեմ կարդացել, միայն այս երկուսը, և "Պուճուր մարդն" ինձ համար շատ ավելի լավն է: Դա այն պատմվածքն է, որ ասում է. այ, այսպես պետք է տխուր պատմվածք գրել; գրել այնպես, որ ընթերցողը կարդա ու լուսավորվի:

"Փետուրների" սկիզբն այնքան խոստումնալից էր... Ճոճանակի ձայնը... Արտակի փախուստը... Պատմողը ոչ թե տեսնում, այլ ավելի շուտ հասկանում է, որ դա Արտակն է... Դրան գումարած "Փետուրներ" վերնագիրը... Նաև շատ դրական հիշողությունները "Պուճուր մարդու" մասին... Մի տեսակ ինքդ ես արդեն ինչ-որ տեղ երկնքի ու երկրի միջև...

Նույնիսկ Արտակի հիվանդության մասին պատմելը, անվերջ ֆուտբոլ խաղալը` շատ էին հաջող և տեսանելի նույնիսկ:

Բայց վերջը լրիվ փետրահան արեց ինձ: Հեչ դուր չեկավ: Մի տեսակ շատ սարքած թվաց ինձ` ֆիզիկականի աստիճան: Այս մասը` "Այդ օրը, հավանաբար, դուք այդտեղ չեք եղել, ես ևս չեմ եղել: Ասում էին՝ լույսը նոր էր բացվել, երբ տղամարդու լացի ձայնը արթնացրել է բնակիչներին, մարդիկ շփոթված նետվել են դեպի պատուհանները` տեսնելու` ինչ է պատահել. դրսում ձյան պես փետուրներ են եղել, բայց ձյան պես չեն թափվել, ալարկոտ օրորվելով բարձրացել են: Տղամարդը ծնկաչոք արտասվել է, ձեռքերը հարվածել գլխին, իսկ որդին մահացած է եղել: Ասում էին` աղավնու փետուրներն ամենուր են եղել, լցրել է տաբատի, վերնաշապիկի, կոշիկների մեջ ու ցատկել շենքի տանիքից: Ոչ ոք չգիտեր` Արտակն ինչու է այդպես արել, հիշում էին՝ այնքան փետուր կար օդում, որ տղամարդը հազիվ էր նշմարվում… Շատ բաներ էին խոսում մարդիկ, խղճում էին Արտակին, ավելի շատ հորը և խոսում: Հետո իմացա, որ ժամանակին բնակիչներից իրոք բողոք է եղել, բայց Արտակին գիշերօթիկ չեն տարել, հայրը չի համակերպվել այդ մտքին, տանիքում բոլորի աչքից հեռու աշխարհ է սարքել, և որպեսզի որդին չձանձրանա, մենակ չլինի, աղավնիներ է պահել…", - կես կաթիլ անգամ չի համոզում ինձ:

Մի տեսակ... հարմարեցրած է պատմվածքին: Չէ, "հարմարեցրածն" ինչ-որ այն բառը չէ: Ռուսներն ասում են` подогнал: Ասենք, պահարան ես առել, բայց սկզբնական հաշվարկներդ այն չէին, ու հիմա ստիպված ես տաշել-տաշտշել պահարանիդ մի անկյունը, որպեսզի կարողանաս տեղավորել այն ցանկացածդ տեղում... Ու Գրիգն ինքն էլ գիտի, որ այս վերջաբանը շինծու է, - այդ պատճառով է, որ իրեն աուտսայդեր է դարձնում. "դուք չեք տեսել, ես չեմ տեսել"... իբր թե ես գործ չունեմ, ինձ էդպես են ասել, - с меня взятки гладки...

Թող ների ինձ Գրիգը կոպտությանս համար: Բայց ես չեմ կարող չասել այն, ինչ զգացել եմ, այն բանից հետո, երբ նրա արդեն մեկ պատմվածք ինձ շատ է գերել: Եթե դու խոհարար ես ու քո հաճախորդին մի համեղ ուտելիք ես հրամցրել, - ուրեմն բարի եղիր ու մտածիր, որ հաջորդն ավելի համեղ լինի: Իսկ ամեն խոհարար շահագրգռված է ավելի շատ հաճախորդներ ունենալ իր ճաշարանում` անկախ հաճախորդի ճաշակի:
Իսկ եթե քո ամեն հաջորդ պատմվածք նախորդից թյուլ լինի, ուրեմն կգա ժամանակ, երբ քեզ էլ չեն կարդա: Առնվազն ինձ համար դա շատ ափսոսալի կլիներ, որովհետև ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է շարադրում Գրիգը:


Հ.Գ. Շատ հնարավոր է, որ եթե վերջաբանը տեղադրված լիներ հեղինակի առաջին անգամ ճոճանակի ձայնը լսելուց առաջ, ամեն ինչ այլ կերպ ընկալվե՞ր...:think

սովորական
31.01.2015, 17:28
Շնորհակալություն արձագանքողներին: :Ճ

Այբ
13.02.2015, 18:44
Պատմվածքի սկիզբը արդեն շատ տպավորող է։ Տոթ գիշերվա նկարագրությունը, խաղահրապարակից լսվող ձայները և հերոսի հայտնվելը խաղահրապարակում, ճոճանակի մոտ <անծանոթին> հանդիպելը շատ պատկերավոր է նկարագրված․ կարդում ես, ու պարզ տեսնում ես․

Մետաղի սուր, կտրող ձայնը կիսում էր տոթ գիշերը, ասեղների տեսքով լցվում սենյակս: Քրտնած սավանը կպել էր մարմնիս, մարմնիս վրա մարմին էր դարձել, և երկու մարմինների արանքում շեկ, արևից խանձված երազներ էին հոսում, իսկ ձայնը համառորեն լցվում էր ականջներս, պոկում ինձ ինձնից: Ժամանակ առ ժամանակ մոտենում էի պատուհանին, մի կողմ հրելով վարագույրը նայում. ձայնը կրկնվում էր կարճ դադարներով, գալիս էր խաղահրապարակի կողմից:


Մարդը նստած էր ճոճանակին, օրորվում էր, լողում աղջամուղջի մեջ: Լույսը չէր հերիքում, զգում էի շարժումը և հազիվ նշմարում մարմնի ուրվագծերը:

Ու հենց սկզբից արդեն ինքնին պարզ է, որ պատմվածքի սյուժեն ծավալվելու է հենց այն <անծանոթի> շուրջը, որը խանգարում էր հերոսի գիշերային հանգստին։ Բայց հետո, ինչպես տեսնում ենք, անծանոթը լավ էլ ծանոթ է՝ բակի տղաներից Արտակն է, որը արդեն հասուն մարդ է։

Ո՞վ էր Արտակը։ Հիվանդ մեկը, որը դեռ մանկությունից մերժված էր, և իր հասակակիցների ծնողները արգելում էին նրա հետ շփվել․

Ասում էր, որ զգույշ լինեմ, շատ չմտերմանամ Արտակի հետ: Զգում էի` հայրիկը փորձում էր հնարավորինս մեղմ ձևակերպել խոսքը ինձ չվախեցնելու համար, կրկնում էր, որ տղաների հետ խաղամ միայն:
Մեր կյանքի իրականություն մի մասն է այս պատմվածքը։ Ինչքան մարդիկ կան, ովքեր ուղղակի մերժվում են նրա համար, որ ունեն այս կամ այն հիվանդությունը; Շրջապատը կարծես նրանց չի նկատում, այլ հակառակը՝ փորձում է պաշտպանվել ու պաշտպանել նաև իրենց երեխաներին;
Հեղինակը այս խնդիրը քննում է տարբեր տեսանկյունից․ մարդկանց անտարբերությունը Արտակի նկատմամբ և վախը, որի համար նրանք պատճառ ունեն․

Աղոտ հիշում էի, որ հարևաններից մեկը մի առիթով ասում էր, թե բնակիչներից բողոք է եղել, երեխաների համար են անհանգստանում, վախենում են մի վնաս չհասցնի, մանկամիտ է, չես իմանա, խաղի ժամանակ ոգևորվում, անկառավարելի է դառնում: Այդ պատճառով հատուկ մտավոր խնդիրներ ունեցողների համար նախատեսված գիշերօթիկ են տարել…
Բայց իրականում Արտակը անվնաս է․ նրա մեղավորությունը միայն այն է, որ հիվանդ է, ժամանակը նրա վրա չի ազդում, չի մեծանում։
Հետաքրքիր է պատմվածքում հատկապես այն, թե հերոսի շփումը/ հասուն տարիքում/ ոնց է սկսվում․

Մտքովս անցավ ուտելիք վերցնել. ինչ-որ գրքում կարդացել էի, թե ամերիկացի հոգեբաններից մեկը իր հիվանդների հետ առաջին կոնտակտը հաստատելու համար ուտելիք է տվել:
Հերոսը ոչ միայն չի վախենում, այլ կարծես թե որոշակի գաղափար ունի նման հիվանդներին մոտենալու համար; Ըստ էության, օգնություն ձեռք է մեկնում մեկին, որին բոլորը ոչ միայն մերժում են, այլև ոչինչ չգիտեն, թե ինչպիսի մոտեցում պետք է ցույց տալ նման մարդկանց;

Արտակը՝ մերժվածը, <վտանգավորը>, սակայն ևս մեկն է, որը կարող է ինչ-որ մեկին խնամել ու անհանգստանալ։

Արտակը նստած էր ճոճանակին, ձեռքին աղավնի էր, մթության մեջ սպիտակ կետ էր երևում, շոյում էր թռչունին ու խոսում հետը.
-Երբ փետուրներդ թափվեցին, չէիր կարողանում թռչել, պապան ասում էր հիվանդացել ես: Հետո փետուրներդ աճեցին ու թռար: Ես տեսա, թաքնվել էի ու տեսա, թե ինչպես թռար, պապան ասաց ` առողջացել ես… Պիտի թռչես, որ ապրես, թռչունը պիտի թռչի, որ ապրի…
Բայց Արտակին հասարակությունը չընձեռեց ապրելու հնարավորությունը; Հեղինակը կարողացել է Արտակի խորտակված կյանքը ու աղավնու օրինակով․

Պիտի թռչես, որ ապրես, թռչունը պիտի թռչի, որ ապրի…
ցույց տալ մարդկային վերաբեմունքի գործոնը թույլի, հիվանդի նկատմամբ․ Արտակին պետք է ընդունեին, որ ապրեր, նա, կոպիտ ասած՝ մարդ պիտի իրեն զգար այն հասարակության մեջ, որի մասն էր, որ կարողանար պայքարել ու ապրել։

Եթե ես անգամ չկարդամ հեղինակի անունը, Գրիգի ոճից միանգամից կհասկանամ, թե ով է հեղինակը։ Նրա բոլոր պատմվածքներում մի գիծ կա, որը, կարելի է ասել, նրա պատմվածքը դարձնում է նախորդ պատմվածքների <շարունակությունը>, թեև նրա պատմվածքները լրիվ առանձին գործեր են։ Հետաքրքիր ոճ ունի; Հիմնականում գրելով առաջին դեմքով, ընթերցողին իր տարբեր պատմվածքներում <ծանոթացնում է> տարբեր հերոսների հետ/ Պուճուր մարդը, Արտակը, Նարեկը․․․/, ու էնպիսի տպավորություն է, որ պատմվածքները առաջին դեմքով <պատմող հերոսի> կյանքի տարբեր դրվագներն ու հանդիպած մարդիկ են; Դա խոսում է հեղինակը ինքնատիպ ոճի մասին․ դեպքերը ու պատմությունները բազմազան են, իր գրելու ոճն էլ, կարելի է ասել, հեղինակը <հայտնաբերել է>։

:)

սովորական
13.02.2015, 20:46
Շնորհակալություն: :)