PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Անվանեք ինձ Իշմայել. Հերման Մելվիլի «Մոբի Դիկ կամ Սպիտակ Կետը» վեպի քննադատություն



Rhayader
11.09.2014, 19:35
Բլոգումս մաս առ մաս տեղադրվող հոդվածն այստեղ էլ կտեղադրեմ, հետաքրքրվողների համար: Նախնական հոդվածն՝ այստեղ (http://songoffall.blogspot.com/2014/09/moby-dick-1.html): Ժամանակային սղության պատճառով չեմ կարողանա փոխանցել տեքստի ֆորմատավորումը, նկարազարդումներն ու հղումները:

Ներածություն

«Անվանեք ինձ Իշմայել»: American Book Review պարբերականն իր «Գրքի 100 լավագույն առաջին նախադասություններ» ցանկի առաջին տողում նշում է հենց Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» վեպի սկիզբը, ու ես լրիվ համաձայն եմ պարբերականի հետ: Հենց այդ պատճառով էլ ես չէի կարող այլ կերպ սկսել հոդվածս: «Մոբի Դիկը» պատմում է իրական անունը չնշվող պատճառներով թաքցնող հերոսի մասին, որը նավաստի է դառնում նավապետ Ահաբի «Պեքոդ» կետորսական նավի վրա, դրանով դառնալով Ահաբի ու Մոբի Դիկ անունը ստացած ալբինոս կետի միջև մահացու պայքարի մասը:

«Մոբի Դիկը» համարվում է ամերիկյան ռոմանտիզմի շրջանի որոշիչ աշխատանքներից մեկը, թեև իր հրապարակման պահից մինչև Մելվիլի մահը ենթարկվել է ոչնչացնող քննադատության ու խիստ ցենզուրայի: Փաստացի, այն արժանի ուշադրություն է սկսել ստանալ միայն Առաջին Համաշխարհայինից հետո, երբ հաստատված, ընդունված արժեքները սկսել են վերանայվել: Կցանկանայի զգուշացնել, որ թեև մեծ է այս վեպը որպես արկածային գրականություն կարդալու գայթակղությունը (իմ կարծիքով՝ Մելվիլի ժամանակակիցների մեծ սխալներից մեկը), այն կտրուկ տարբերվում է Ստիվենսոնի, Ֆենիմոր Կուպերի, Մայն Ռիդի ու Ժյուլ Վեռնի արկածային վեպերից: Ավելին, ես պնդում եմ, որ «Մոբի Դիկը» հանդիսանում է ամերիկյան գոթական գրականության ներկայացուցիչ ու գոթական վեպ, որը պետք է դիտարկել այնպիսի աշխատանքների կողքին, ինչպիսիք են Էդգար Ալան Պոյի «Աշերի տան անկումն» ու Բրեմ Ստոկերի «Դրակուլան»:

Քանի որ արտասահմանյան գրականության հայալեզու քննադատությունը բավականին սուղ է, այն էլ ինտերնետում, հոդվածս ավելի ծավալուն կստացվի, քան նախատեսված էր, ու կանդրադառնա նաև գրական ձևերին, որոնք այստեղ քննարկվում են: Առավել մեծ կտավ վերցնելը նաև ինձ հնարավորություն կտա ցույց տալ գրական ոճի էվոլյուցիան Էդգար Ալան Պոյի, Հերման Մելվիլի ու Էռնեստ Հեմինգուեյի օրինակների վրա:

«Մոբի Դիկի» սյուժեի ու գրական ոճի վերլուծություն

«Մոբի Դիկ» վեպը բավականին յուրահատուկ կերպով է սկսում. վեպից առաջ բերվում է կետի ստուգաբանությունն ու համաշխարհային գրականության ու առասպելաբանության մեջ կետերի հիշատակումները:

Այստեղ և հետագայում բնագրից թարգմանությունները ես ինքս եմ արել, ու դրանք ակադեմիկ, ոչ թե գեղարվեստական թարգմանություններ են: Փորձ է արվել պահպանել հեղինակի ոճական առանձնահատկությունները, բառախաղերն ու որոշ բառեր չեն թարգմանվել՝ փոխարենը բացատրվելով: Ծանոթագրությունները կբերվեն կապույտ մգեցված տեքստով: Եթե թարգմանությունն իմը չի, դա առանձին կնշվի:

Ստուգաբանություն
(Քերականության դպրոցին տրամադրված հանգուցյալ թոքախտավոր Աշերի կողմից)

Գունատ Աշերը՝ մաշված վերարկուով, սրտով, մարմնով ու մտքով. կարծես աչքերիս առաջ լինի: Նա իր արտառոց թաշկինակով, որի վրա, ասես ծաղրի նշան, ասեղնագործված էին աշխարհի բոլոր հայտնի երկրների զվարթ դրոշները, անվերջ մաքրում էր իր հին բառարանների ու քերականության գրքերի վրայի փոշին: Նա սիրում էր իր հին քերականության գրքերի փոշին հավաքել. ինչ-որ կերպ դա իրեն մեղմորեն հիշեցնում էր իր մահկանացու լինելու մասին:

«Երբ հանձն եք առնում կրթել ուրիշներին, ու սովորեցնում իրենց, թե ինչ անվամբ է պետք կոչել կետաձկանը (բնագրում՝ whale-fish) մեր լեզվով, տգիտության պատճառով բաց թողնելով H տառը (whale բառում, հայերենում այն կորցնում է իր նշանակությունը), որը գրեթե մենակ ներկայացնում է բառի նշանակալիությունը, դուք փոխանցում եք այն, ինչ ճշմարիտ չի»:
—Հեքլայտ

«ԿԵՏ (նորից՝ ստուգաբանելիս կարևոր է անգլերեն WHALE բառը, քանի որ հենց նրա ստուգաբանությունն է բերվում).... Շվ. ու Դան. hval: Այս կենդանին իր անվանումը ստացել է կլորությունից կամ գլորվելուց, քանի որ Դան. hvalt նշանակում է կամարաձև (բնագրում՝ arched or vaulted, որոնք կամարների երկու տարբեր ձևեր են նշանակում)»:
—Վեբստերի Բառարան

«ԿԵՏ (WHALE).... Այն առավել ուղղակիորեն ծագում է Հոլ. ու Գեր. Wallen բառից. անգլո-սաքսոնական Walw-ian՝ գլորվել, թավալ տալ»:
—Ռիչարդսոնի Բառարան

Ստուգաբանությանը հաջորդում են վերոհիշյալ մեջբերումները, որոնք արված են բազմաթիվ աղբյուրներից, որոնք ներառում են հետևյալները.

Աստվածաշունչ
Պլուտարքոսի «Բարոյականությունների» Ֆիլմոն Հոլլանդի թարգմանությունը
Ուիլիամ Տուկի «Լյուցիանից»
Շեքսպիրի «Համլետից» ու «Հենրի արքայից»

և այլն:

Այսպիսով, ինչու՞ է հեղինակը ռոմանտիզմի շրջանի վեպը սկսում քերականության կամ բնագիտության հին դասագրքի նման: Սա հասկանալու համար դիմենք անտիկ գրականությանն ու ինվոկացիայի գրական հնարքին. մասնավորապես, Հոմերոսի «Իլիականին», թեև գրական հնարքը հատուկ է անտիկ էպիկ պոեմի ժանրին ընդհանրապես ու ժառանգաբար փոխանցվել է մինչև մեր օրերը, թեև օգտագործումը բավականին նվազել է: Իլիականից մեջբերումը բերվում է ըստ Մկրտիչ Խերանյանի 1987 թ. գրաբարից թարգմանության.

Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազնների գահավիժեց դըժոխքն ի վար

Եվ դին նըրանց րարձըրեց կեր թըռչունների և շների:
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտվըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ:

Ի միջի այլոց, նույն հնարքը դուք կնկատեք նաև Սասնա Ծռերի սկզբում: Այս հնարքն անվանում են ինվոկացիա. հեղինակը փորձում է իր կոչով իր մտքի մեջ մարմին տալ, գրեթե շոշափելի դարձնել, օգնության կանչել այն, ինչ իրեն ոգեշնչելու է ամբողջ գրքի ընթացքում: Տվյալ դեպքում նա ինվոկացիա է անում ինչպես կետին, այնպես էլ գրքերն ու հեղինակները, որոնք իրեն օգեշնչման նյութ են տվել: Բայց, իհարկե, այս ամենի մեջ, նույնիսկ որպես ոգեշնչման աղբյուր, կետը պարզապես վիթխարի տեղ է զբաղեցնում. կարծես թե ամեն ինչ՝ մարդիկ, գրքերը, գրողները, որոնք վկայակոչվում են, ընդամենը կետի մեջքին փոքրիկ, դժվար նկատելի պատկերներ են: Մյուս կողմից, հեղինակը մեզ հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են կետաձկանը տեսել տարբեր ժամանակների ու մշակույթների մարդիկ:

Այս յուրահատուկ, ոչ ավանդական ինվոկացիային հաջորդում է հանրահայտ «Անվանեք ինձ Իշմայել» նախադասությունը: Այն միանգամից ֆիքսում է, որ պատմողը չի ցանկանում իր անձը հայտնել ընթերցողին: Միևնույն ժամանակ նա ընտրում է Իշմայել արաբական անունը՝ Աստվածաշնչում Աբրահամի առաջին որդին իր ներքինի Ագարից, որին իր մոր հետ Աբրահամի կին Սառայի հրամանով արտաքսել են անապատ: Միևնույն ժամանակ հերոսը պատմում է իր աճող ապատիայի մասին, որի միջոցով ցամաքն իրեն արտաքսում է իր անապատը՝ դեպի ծով: Իշմայել անվան ընտրությունը նաև հուշում է ընթերցողին, որ վեպն իրեն խոստանում է արկած, ճանապարհորդություն դեպի այնտեղ, որտեղ նա չի եղել: Որոշելով նավաստի վարձվել կետորսական նավի վրա, նա Մանհետտենից մեկնում է Նյու Բեդֆորդ ու նավաստի դառնում Պեքոդ կետորսանավի վրա:

... հազվագյուտ ծեր նավ էր... նա (այստեղ և հետագայում հեղինակն օգտագործել է իգական she դերանունը) հին դպրոցի նավ էր, երևի բավականին փոքր, հնաոճ ճանկոտ տեսքով: Փորձված ու հողմահար բոլոր չորս օվկիանոսների փոթորիկներից ու հանդարտությունից, նրա ծեր մարմնի գույնը մգացել էր, ինչպես ֆրանսիացի նռնակաձգինը, որը նույն կերպ մարտնչել է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Սիբիրում: Նրա պատկառելի քթամասն ասես միրուքավոր լիներ: Նրա կայմերը... ձիգ կանգնած էին, ինչպես Կոլոնի երեք հին արքաների մեջքերը: Նրա հինավուրց տախտակամածները մաշված ու կնճռոտ էին, ինչպես Քենտենբերիի տաճարի ուխտագնացների կողմից երկրպագված նշանաքարը, որտեղ Բեքետն է արյունահոսել: Բայց այս բոլոր հնություններին ավելացված էին նոր ու զարմանալի գծեր, կապված վայրի արհեստի հետ, որին նա հետևում էր կես դարից ավելի... Նա հագնված էր ինչպես ամեն բարբարոսական Եթովպիական կայսր, որի վիզը ծանրաբեռնված է փայլեցրած փղոսկրից վզնոցներով: Նա հաղթանշանների մարմնացում էր: Կաննիբալ նավերի մեջ կաննիբալ, զարդարված իր թշնամիների ոսկորներով:

(շարունակելի)