PDA

Դիտել ողջ տարբերակը : Մերօրյա Լոլիտա



Լոլիտա
25.08.2014, 11:35
...Մեկ, երկու, երեք, չորս...
Հեծանիվը վազում է, քեզ էլ քարշ է տալիս հետը: Սուլելով սլանում ես` քո երգն է հնչում ականջներումդ, սիրտդ էլ դուրս է թռչում իր բնից, պար է գալիս քո երգի տակ: Վերևի փողոցի դերձակ Իշխանն պապն էլ ժպտու~մ է, ղեկդ բաց ես թողնում ու ձեռքով անում:
Պոկվում ես քաղաք, ճանապարհին քեզ պես մեկին ես հանդիպում, անծանոթ է, ձեռքով ես անում` ախր ձերոնցից է:
Վերնաշապիկիդ վերին կոճակը քամին արձակում է, օձիքդ` օրորում, վերուվար անում: Ճերմակ վիզդ բացվում է, չարաճճի քամին խաղում է մարմնիդ հետ, կուրծքդ խուտուտ տալիս:
Սիրում ես քաղաքդ,ինքն էլ` քեզ: Էդ սերը քո` իր փողոցներով սլանալն է, իր փոշին շնչելը, ինքն էլ սիրում է քեզ, որ համակերպվում է արկածախնդրությանդ:
Չգիտես էսպես ինչքան կսիրես քաղաքը, բայց քանի դեռ իր գրկում ես, իր փոշին պիտի շնչես, իր փողոցներով պիտի վերուվար անես...

Լոլիտա
21.09.2014, 11:21
Գրառումներ մահճակալի տակից
Երբ հերթապահ բժիշկը՝ գլուխը աթոռի հենակին դրած քնում էր, ու հիվանդանոցի բոլոր լույսերը մարում էին, ես կամացուկ գլուխս դուրս էի հանում մահճակալի տակից ու ձեռքդ բռնում: Քաշում էիր ձեռքիցս, ինձ բարձրացնում: Պառկում էի կողքիդ՝ փորձելով դարավոր մահճակալը չճռճռացնել: Մտնում էի վերմակիդ տակ, քեզ գրկում, ու մի լուսնային տարի պառկում էինք այդպես: Սրտիս զարկերը համապատասխանում էին քոնին, ու իրար նեղություն չէինք տալիս: Փսփսում էինք իրար ականջի, անձայն ծիծաղում. միայն ծեր բուժքրոջ խռմփոցն էր լսվում հիվանդասենյակում:
Քեզ տոպրակներով միրգ ու քաղցրավենիք էին բերում, բայց մի կտոր բերանդ չէիր դնում:
Մեր ժամին, երբ բոլորը քնած էին լինում, ձեռքիցս քաշում էիր, մահճակալի տակից ինձ հանում, միասին նստում էինք ու ագահաբար ամբողջը ուտում, վերմակի տակ պառկում մի լուսնային տարի, ու լույսը բացվելուն պես հրաժեշտի համբույր տալիս միմյանց:
Ես զգուշությամբ հարմարվում էի մահճակալի տակ, ու երկուսս էլ լուռ սպասում էինք գիշերվան, որ ապրենք էլի մի լուսնային տարի...

Լոլիտա
21.09.2014, 14:01
ՋՐԱՓՈՍ
Լուսիկ տատը տեղը չէր գտնում,երբ տղան,իր միակ տղան,որ իր հույս էր,ուրախությունը,ապրելու էն մի փոքր իմաստն ու ապագայի հանդեպ հավատը՝ ամուսնու՝ Թորոս պապի մահից հետո,մի օր եկավ ու ասաց,որ Ռուսաստան է գնում,ընտանիքին էլ հետն է տանում,որ էստեղ ապագա չկա երեխեքի համար,քանի շուտ է ,գնան տեղավորվեն,մի գործ գտնի,ընտանիքը պահի: Տատը մոլորվել էր.ախր ո՜նց,ինչի՜ համար են գնում,ի՜նչն է էստեղ պակաս,որ գնում են,իրեն էլ մենակ են թողնում էս լքված տանը: Ինքը չէր գնա,հաստատ չէր գնա,Լուսիկ տատը սովոր էր էստեղի օդին,ջրին,նա ուրիշի հողի վրա չէր ապրի:Տղան էլ արդեն հասուն մարդ էր,հասակն առած երեխեք ուներ,եթե որոշել էր,որ պիտի գնան,էլ ոչ-ոք չէր կանգնեցնի: Հարսի սիրտը կախ էր,չէր ուզում գնային,բայց ամուսնուն մենակ թողնելու միտքը հանգիստ չէր տալիս.որտեղ՝ ամուսինը,էնտեղ էլ ինքն ու երեխեքը:Իսկ երեխեքը դեռ մեկնելու լրջությունը չէին հասկանում:Թվում էր,թե Ռուսաստանում կյանքը քաղցր է,գունավոր:Ձգում էր Մոսկվան,բայց երեխեքը դեռ չէին հասկանում,որ Մոսկվայի տներում էլ պատերին ճաքեր կան,էնտեղի ջրափոսն էլ նույնն է,անձրևն էլ,ձյունն էլ: -Տա՛տ,գոնե տարվա մեջ մի օր կգաս մեզ մոտ,-խնդրում էին թոռները: -Թե սաղ մնամ,կգամ,-պատասխանում էր տատը:
Էս էր երևի վերջին խոսակցությունը գնալուց առաջ: Տղան գնում էր գործ գտներ,կինը՝ամուսնու կողքին լիներ,երեխեքն էլ աչքերը փակում ու Մոսկվան էին պատկերացնում:Մոսկվայի ծառերն էլ ավելի կանաչ էին թվում,երկինքն՝ավելի լազուր,էնտեղի արևն էլ երևի մեր արևից չէր,ուրիշ էր: Գնում էին ավտոբուսով ,ու ճանապարհին նայելով ամեն մեկը մի բան էր մտաբերում,մի այլ,մյուսի մտածածին չնմանվող մի դրվագ,մի ցանկություն էր ունենում:Ընտանիքի հայրը տխուր էր,որ գնում են հայրենի հողից,բայց կարիքն էր ստիպել:Երեխեքը երկու-երեք տարուց ուսանող կդառնան,բայց փող չկա ուսման համար,իսկ երեխեքին ուսումից կտրելու միտքը սարսափեցնում էր: Թե հենց հիմա կանգնեցնի ավտոբուսն ու դուրս հանի ընտանիքին,քանի դեռ սահմանը չեն անցել:Ոտքով հետ գնան հայրենի գյուղ,էլի նստի էն հին թախտին,որ թեկուզ չոր,բայց էնքանն իրենն էր,ինչքան հետ դառնալու մասին միտքը,որ հանգիստ չէր տալիս: Մայրը մի անգամ ասաց. -Մոսկվա գնացողը հետ չի գալիս,բալա: -Մամ ջան,կգանք,ուշ թե շուտ հետ ենք գալու: Բայց որդերը սկսեցին կրծել ներսից,որ իրեն էլ խաբեց,մորն էլ,չնայած երկուսն էլ չհավատացին : Տատը` հազիվ գլուխ հանելով էդ անտեր հեռախոսը վերցրեց ու իմացավ,որ տեղ են հասել,տեղավորվել:Հանկարծ ամեն ինչ խառնվեց իրար:Տատը ուրախացավ,հետո տխրեց,խորը շունչ քաշեց ու արտասվեց էնպես թախիծով ու անհույս,որ ծաղկի կոկոնն էլ կբացվեր էդ արցունքաջրից ու հենց արցունքի առատությունից էլ կթոշներ:
Զարմանալի էր,թե մի բուռ դարձած կնոջ մեջ որտեղից էր էդքան արցունք կուտակվել:Աչքերը փոքրացել,աննշմարելի էին դարձել,բայց էդ մանրիկ աչքերից օվկիան արցունքներ էին հոսում,իջնում գոգնոցին: Տատի հիշողության մեջ մանր-մանր դրվագներ էին հավաքվել.միացել իրար ու մի ֆիլմ դարձել.էնպիսի մի ֆիլմ,որը նայելիս սիրահարը արտասվում է,ծերունին՝մեղմ ժպտում,իսկ պատանին դժգոհում է,որովհետև դեռ չի՜ հասկանում: Տատը հիշում էր,թե ինչպես էր Լուսինեն՝ իր թոռնուհին,այգու խնձորները հավաքում,որ շատ հասունանալուց ու կարմրելուց ընկել էին խոտերի մեջ ու աչքով էին անում,իսկ տղա թոռը՝Նարեկը,պապի պատրաստած դույլը ձեռքին բարձրանում էր դեպի աղբյուրը,ջուր լցնում ու քաշ-քաշ տալով բերում տուն: Ճանապարհը սառցե սավանով էր պատվում ամեն ձմեռ,բայց Նարեկը ճարպիկ տղա էր,էնպես արագ-արագ բարձրանում էր ու ջրով լիքը դույլը իջեցնում,որ տատը հպարտանում էր հարևանների մոտ. -Նարեկս իմ օգնականն է: Հիշողությունները գալիս-գնում էին,տատի դեմքը փոխվում էր.մեկ ժպտում էր,մեկ՝գոգնոցի փեշով թաքուն սրբում արցունքի կաթիլը: Երբեմն էլ խոժոռվում էր,անիծում Մոսկվան ու բոլոր բոլորին,ովքեր էնտեղ են ապրում: Թոռների համար Մոսկվան հեքիաթ էր,տատի համար՝սարսափ: Ձմեռն եկավ ու գյուղի ջրափոսն էլ սառավ,Մոսկվայինն էլ: Տատը՝ դույլը առած գնաց ջրի:Մանրիկ քայլերով բարձրացավ բլրակը ու դույլը բերնեբարան լցրեց:Իջնելիս սայթաքեց,դույլը ձեռքից գցեց ու ընկավ սառույցին: Գյուղացիները հիվանդանոց տարան.ոտքն էր կոտրել: Ու հենց այդ ժամանակ զգաց իր մենակությունը,երբ հասկացավ,որ էդ Մսկվայի պատճառով էր,որ էսպես եղավ:Որդին գնաց,ընտանիքին էլ տարավ ստիպված,Էլ Նարեկը չկար,որ ճարպիկ քայլերով բարձրանար բլուրն ու ջուր բերեր,Լուսինեն չկար,որ հաց ու ջուր տար իրեն… Հաց ու ջուր տվողը հարևանի թոռն էր,վառարանը վառողը՝հարևան Անիկը: Ձմեռն անցավ ,բայց տատը տղային էդպես էլ չասաց,որ ընկել է:Անիկին ասում էր. — Ուզում եմ հանգիստ լինեն :Որ ասեմ,ինչ կփոխվի: Երկար պառկեց տատը,շա՜տ երկար:Ծերությունից թուլացել էր,առողջանալու ուժ չուներ:Հարևանի թոռը հոգնել էր հաց ու ջուր բերելուց,տատն էլ հոգնել էր էդ երեխու համար բեռ լինելուց: Գարնան մի անձրևային օր մահացավ Լուսիկ տատը:Հոգնեց ապրելուց,պառկեց իր չոր թախտին ու էլ չարթնացավ,որովհետև արթնացնող չեղավ: Հարևանի թոռը երբ տատին հաց տալու եկավ,գունատվեց,վազեց մոր մոտ ու ասաց,որ տատը քնել է ու չի արթնանում: Տղային զանգեցին:Հենց հաջորդ օրը ընտանիքով եկան,թաղեցին տատին՝այգում,հին ընկուզենու տակ:
Երկու օրից գնացին.գործեր կային,դասեր կային: Ոչինչ էլ չփոխվեց.բալենին էլի ծաղկեց,գյուղում էլի երեխա ծնվեց,ճանապարհի սառույցը հալվեց,բայց տղան հետ չեկավ,ու տատը էլի մենակ մնաց իր գյուղում,իսկ հարևանի հաց ու ջուր բերող թոռը հանգստացած շունչ քաշեց…

Լոլիտա
21.09.2014, 18:53
Գրկի՜ր, մայրիկ, ես բազմոցից վախենում եմ,
Հարցեր չտաս`իմ վախը պատճառ չունի,
Ես բազմոցին նստելուց հրաժարվում եմ,
Հորս ասա, թող բազմոցը դուրս տանի:

Գրկի՜ր, մայրիկ ու ջահին էլ չնայես,
Ջահի լույսը մեզ այլևս պետք չի գա,
Խոստացիր, որ իմ ասղտղերը կպահես,
Թե չե նրանք ինձ այլևս լույս չեն տա:


Գրկի՜ր, մայրիկ ու ինձ դուրս բեր այս տնից,
Մեր այս տանը ստվերներ են թափառում,
Ներս են խուժում դռնից ու պատուհանից,
Ինձ այրում են ու մոխրից կենդանացնում:
Գրկի՜ր, մայրիկ...

Լոլիտա
21.09.2014, 19:20
Իմ քամուց ծեծված պատուհանի դեմ
Մի մեծ լուսին է այսօր ծվարել
Եվ վարագույրից պատռված անցքից
Ցանկանում է ինձ կուրորեն նայել:
Ու լցնել գինու թասակս
Եվ չափել չեղած հասակս,
Լսել երգերս,
Զննել վերքերս,
Շոյել ձեռքերս,
Կարդալ մտքերս...

Լոլիտա
21.09.2014, 21:26
Բեթհովեն
Իմ անունը Բեթհովեն է,ես կատու եմ ու ապրում եմ տիրոջս` Մեյի հետ,քաղաքի ծայրամասում տեղակայված շենքերից մեկի վերջին հարկում:
Մինչև հիմա էլ չեմ հասկանում,թե ինչու է ինձ Բեթհովեն կոչել:
Մեյը տարօրինակ աղջիկ է.սրճարաններից մեկում մատուցողուհի է աշխատում և հենց աշխատանքօ ժամանակ էլ ծանոթացել է Նիկոլասի հետ:Ազատ ժամանակ նստում է մահճակալին,ինձ քաշում ոտքերի տակ ու շրթհարմոն նվագում.ես սիրում եմ,երբ նա նվագում է:
Երբեմն մեզ հյուրընկալում է Նիկոլասը,այդ ժամանակ ես այլևս չեմ երևում Մեյի աչքին,կարծես գոյություն էլ չունեմ:
Նիկոլասը ինձ դուր չի գալիս.տարօրինակ ,ճչացող արտաքին ունի` սև կաշվե տաբատ,ձեռնոցներ,ժիլետ,հայհոյախառն գրություններով շապիկ,լաքե բատիլոններ.ռոքի մոլի երկրպագու է:Ուզում է ինձ հանել տնից,Մեյի մոտ միշտ ակնարկում է,թե ես ավելորդ բեռ եմ,ով ուտում է ուրիշի հաշվին,տեղ է զբաղեցնում,խնամք է պետք,և դեռ այսքանից հետո էր օգուտ չի տալիս:
Իմ Մեյը բանի տեղ չի դնում,բայց ես գիտեմ,որ ժամանակի հարց է.այս տղան Մեյին այնպես իր ճանկը կգցի,որ խեղճը նույնիսկ չի հասկանա,թե ինչպես խաբվեց:
Ահա եկավ` մի քանի շիշ գարեջրով ու դրանից կարելի է եզրակացնել,որ գիշերը էստեղ է մնալու:Խմում են անվերջ ու զրուցում դատարկ թեմաներից,ես էլ մի անկյուն եմ քաշվել ու ինձ ավելորդ եմ զգում իմ իսկ տանը:
Զրույցի մեջ իմ անունն էլ լսեցի,բայց հեռուստացույցի ձայնը խանգարեց,որ շարունակությունն էլ լսեի:
Վաղ առավոր է,Մեյը քնած է,իսկ այս տիպն արթնացել է ու ինձ է փնտրում:Մտա մահճակալի տակ` տեսավ,ցատկեցի սեղանին,բայց բռնեց սրիկան,մի պարկ գցեց ինձ ու կամացուկ ծածկեց տան դուռը:
Մի կերպ ազատվեցի պարկի ճիրաններից ու շուրջս միայն աղբ տեսա:
Մեյ,երջանիկ եղիր այդ սրիկայի հետ...

Լոլիտա
21.09.2014, 23:27
Մի մռայլ ծերուկ` նստած աթոռին

Ու մի գեր կատու ծնկներին դրած,
Նայում է հայելուն` հայացքն անցյալին,
Կատուն էլ իրեն է նայում շիվարած:

Մի դպրոցական` գրքերը ձեռքին,
Աղջիկներին է նայում ամոթխած,
Զանգը հնչել է,կանչել բոլորին,
Նա դեռ կանգնած է` ապակուն հենված:

Մի ջահել տղա` վարդերը ձեռքին,
Մի աղջկա է սպասում շփոթված,
Ուղղում մազերը,նայում ծառերին,
Աղջիկն էլ էլի կուշանա անկասկած:

Մի հասուն տղա` կոստյումը հագին,
Ու մի օրիորդ էլ ճերմակ զգեստ հագած,
Քայլում են դեպի խորանը վերին`
Մի թաքուն տագնապ սրտներում պահած:

Մի տարեց բուժքույր` մանկիկը գրկին,
Շնորհավորում է բոլորին սրտանց,
Հայրն է մոտենում,գրկում փոքրիկին
Եվ համբուրում երջանկացած:

Մի սիրուն կին է` ճերմակը հագին,
Բայց ներկաները սև են հագնված,
Եվ մի տղա է լալիս ողբագին,
Այդ կնոջ վրա գլուխը կախած:

Այ թե ինչու է ծերուկը մռայլ...
Ու մի գեր կատու ծնկներին դրած,
Նայում է հայելուն,հայացքն անցյալին,
Կատուն էլ իրեն է նայում շիվարած...

Լոլիտա
22.09.2014, 13:02
Լուսնային գրառում
Քո նվիրած լուսինը թաքու՜ն պահել եմ բոլորից, որ երբ քաղաքը քնի, բարձիս տակից հանեմ ու նետեմ երկինք, չէ՞ որ իմ նման մեկն էլ հիմա իր լուսնին է սպասում: Այս գիշեր եկե՛ք լուսին գլորենք տանիքներով, սեր խաղանք, իսկ ով էլ կկարողանա մինչ առավոտ արթուն մնալ, նա կհաղթի լուսնախաղում, բայց հաղթողը միշտ էլ մենակ կմնա. . .

Լոլիտա
23.09.2014, 18:45
Հետմահու հուշագրություն
Երկու օրական կանխազգացումները մի ամբողջ մարդկային կյանքի վախեր են ծնում: Դեռ երկու օր առաջ, երբ ընտելացել էիր լուսամփոփիդ գցած ամեն մի ստվերին, դու գիտակ էիր ամեն տեսակ վախերի, իսկ հիմա...
Արթնանում ես ու նստում վախի մեջ, քնում ես վախով, երազներդ վախեր են, իսկ անունդ՝ Վախ:
Հեկեկոցդ անտանելի էր. հայելում հանկարծակի դեմքդ աչքովդ ընկավ. ամենասարսափելի դեմքն աշխարհում:
Արտասվող հրեշ էիր:
Եթե ինձ հարցնեն, թե սատանան ի՞նչ տեսք ունի, միանգամից քեզ կնկարագրեմ, հե՛նց քեզ՝ այդ անմեղ, մահաբեր լացովդ, որ խելագարության էր հասցնում:
Այնքա՜ն ահավոր էր լացդ խորքից լսելն ու քեզ մոտիկից տեսնելը:
Ամենաանտանելի վախն անուն ունի. պատուհան՝ բաց պատուհան, գետնից մեկ մետր բարձրության վրա, թափանցիկ վարագույրներով: Մի սարսափազդու տիկնիկ էլ փեղկերի արանքում սահմանաբաժան է քո ու արտաքին աշխարհի միջև: Սենյակիդ պատուհանից նայում ես աշխարհին ու հիստերիայի նոպայով բռնկված տիկնիկը դուրս ես նետում, շրխկացնում պատուհանը աշխարհի ու վախերիդ երեսին:
Մտքիդ վարագույրն էլ պատահմամբ տակն ես թողնում, անփու՜յթ աղջիկ: Էլ երբեք համարձակություն չես ունենալու պատուհանը բացելու, աղավաղված միտքդ էլ տակից հանելու համար:
Քո վախը Պատուհան անունն ունի:
Թվում է, թե թերթ ես կարդում: Վերևից քեզ եմ նայում: Թերթի վրա դու ես՝ մարմինդ ու դեմքդ այլանդակված: Սև մուգ տառերով արարքը որպես դաժան ու անհասկանալի դրդապատճառներով սպանություն են որակել: Սա սպանդ է, սիրելի՛ս. քեզ սպանելով քո վախերի ողջ ցեղն են ոչնչացրել, որոնց դու ես ծնունդ տվել:
Քո սպանության մասին վկայող թերթը ձեռքիդ ընկած ես հատակին՝ ինչպես թերթի նկարում: Վախերիդ բնաջնջել են, իսկ քամին խաղում է այն մազերի մեջ, որի բջիջները կմահանան ուր որ է:
Այն քամին, որ սուլում է այն բաց պատուհանից, որը պինդ փակել էիր՝ մինչ ինքնասպան լինելդ...

Լոլիտա
26.09.2014, 08:01
Ի հիշատակ այն վախի, որ հեռացավ երեկ գիշեր
Մի օր էլ տեսնեմ վախդ գրկել ես, համակերպվել ես նրան: Դադարել էիր նրան սպանելու մասին մտածել, ինքն էլ այլևս չէր ցանկանում քեզ սուր զգացողություններ պարգևել:
Քնում էիր հանգի՜ստ, ինքն էլ՝ մահճակալիդ տակ. խեղճը անհանգստություն պատճառել չէր ուզում: Առավոտյան թաքնվում էր դռան հետևում ու ուսումնասիրում մերկ մարմինդ, զգում նոր լվացած ներքնազգեստիդ բույրը: Իրերդ էր թաքուն պահում, որ ժամերով փնտրես ու ուշանաս հանդիպումից. խանդու՜մ էր, բայց ցուց չէր տալիս:
Երբ կարդում էիր՝ մահճակալին փռված, վարագույրներն էր տարուբերում, քեզ էլ թվում էր, թե քամին է: Հողաթափերդ խնամքով տեղավորում էր ու տուն մտնելուցդ մի քանի րոպե առաջ զգուշությամբ դնում դռան դիմաց. մշտապես զարմանում էիր, թե ով կարող էր անել:
Մի անգամ էլ, երբ օրերով տուն չեկար, Վախդ լու՜ռ հեռացավ քեզնից՝ առանց իր մասին վերջին անգամ հիշեցնելու:
Գտել էիր մեկին, ով խոստացել էր քեզ պաշտպանել ամեն տեսակի վախերից, նույնիսկ այն մեկից , ով քեզ աշխարհում ամենից շատ էր սիրում, բայց իր մասին հիշեցնում էր միայն վարագույրներդ շարժելով, մահճակալիդ տակ քնելով ու ձեղնահարկիդ հատակը այնպե՛ս դոփելով, որ քեզ թվար, թե առնետներ են լցվել տանիք...

Լոլիտա
28.09.2014, 21:10
Մի լուսին ունեմ, չաղլի~կ լուսին,
ՈՒ մի խուրձ աստղեր,կամ էլ ասեղներ,
Բայց սիրուն լույսով:
Բզեզներ ունեմ, խելա~ռ բզեզներ,
ՈՒ դաշտեր ունեմ,
Որ բզեզներս անվերջ թռվռան,
ՈՒ ինձ հետ մնան, ինձնից չգնան:
Պեպեններ ունեմ, անվե~րջ կետիկներ,
Էլ ոչինչ չունեմ, չեմ էլ ունեցել,
Սրանից ավել չեմ էլ ցանկացել...

Լոլիտա
29.09.2014, 07:58
Ալարկոտությանս դեմ գնալով` արթնացել եմ. սուրճ եմ խմում, մտքումս երգեր եմ երգում, որ պապիկը ձայնիցս չարթնանա: 7:56 է: Բերետս կդնեմ ,սև վերարկուս կհագնեմ ու սուլելով կգնամ դասի: Ճանապարհին էլ ջրափոսերի մեջ կչփչփամ, որ հենց սիրտս կամենա, տուն գնալու առիթ ունենամ: Սիրում եմ դասերը, բայց հիմա ոչ տեղին են, ոչ` ժամանակին: Ընթերցանությունս էլ կիսատ մնաց, սուրճս էլ ...

Լոլիտա
01.10.2014, 13:22
Հարազատ երգ եմ լսում, ամեն ինչ հիասքանչա թվում, որովհետև ինձ հիմա մի բաժակ սուրճից ավելին պետք էլ չի: Այ էդ մինիմալ վիճակներն են դուր գալիս, որ հազար տարվա մի հատ գործովի սվիտեր ունես ու դա քեզ հերիքա, դա ամենալավ սվիտերնա աշխարհիս երեսին. դու հոգիդ հյուսել ես իր ամեն մի թելիկին, ամեն մի կարկատանին: Կյանքը հրաշալի է, երբ սովորում ես մանրուքները նկատել: :oy

https://www.youtube.com/watch?v=Ry1nTSQj7pI&list=LL5uYekXM8tuChBTiqK8Rolg&index=1

Լոլիտա
03.10.2014, 08:04
Երազներիս վերջին ,էն ամենափո~քր պատառիկները կուլ տամ ու գնամ էն մսաղացը, որ նյարդերս աղան, ու ավելացնեն համընդհանուր զանգվածին: Գոնե մի լավ բան լսեմ :( :
https://www.youtube.com/watch?v=suG-c_i2fBQ&index=11&list=LL5uYekXM8tuChBTiqK8Rolg

Լոլիտա
04.10.2014, 08:07
Էս քաղաքը քնից էլ որ զարթնում է, գիշերվա մռայլությունը `քողի պես ուսերին է պահում: Իմ պես մեկն էլ, որ ալարում է տեղից վեր կենալ, ստիպված է խախտել ֆիզիկայի` շարժման մասին ամեն տեսակ բանաձևերն ու 5 րոպեում հասնել դասին: Բայց դե մեր նմանների պատճառով են էսքան խնդիրներն ու լարվածությունը, տատին էլ բարկացավ, որ սենյակս քաոսային տեսք ունի, իսկ ես միտք էլ չունեմ մատս մատիս տալու: Էդ քաոսային բառից փքվեցի ու որոշեցի, որ ես մարդ-քաոս եմ, կամ մարդ-խառնամբոխ, չգիտե~մ, գնում եմ արդեն: Սա էլ լսենք այսօր: :P

https://www.youtube.com/watch?v=1mSS9JjtdUQ

Լոլիտա
06.10.2014, 07:58
https://www.youtube.com/watch?v=okJpAybjpQs
Մանրուքներից հաճույք ստանանք...
Օրինակ, ես որ օրագիր եմ գրում, ինձ պետքական եմ զգում, որովհետև ամեն օրագիր էլ գրվում է այն հույսով, որ այն մի օր պիտի կարդան:
Թեյ խմելուց էլ հաճույք ստացա, որ հե՛նց այնքան էի շաքար ավելացրել, ինչքան սիրում եմ:
Բարձս սառն էր, Սենյակը՝ տաք, ձեռքիս տակ հետաքրքրիր վեպ կար, լոգանքի ջրի ջերմաստիճանը սրտովս էր, իմ սիրած Վան Գոգով շորս հագա,հայելու մեջ վատիկը չէի ::D Չէ՛, ես լավ եմ ապրում: :hands

Լոլիտա
06.10.2014, 19:52
Արվեստանոցյան ընթրիք
Տոպրակները լիքը-լիքը շխկշխկացնելով մտանք արվեստանոց::) Աշխատանքի բաժանում կատարեցինք. կարտոֆիլ մաքրելն էլ ինձ բաժին ընկավ: Դե՛ արի ու ձախլիկ տեղովդ կարտոֆիլ մաքրիր::think
Ախորժաբեր բույրը տարածվեց արվեստանոցով մեկ, խառնվեց ներկերի ու ծխախոտի հոտին, մի անտանելի բան դարձավ, որից ամեն մեկն իրեն հարազատն էր շնչում: Մութն ընկնում էր, պատառաքաղները՝ զնգզնգում, ծուխը թանձրանում, իսկ մենք չե՜նք էլ շտապում:
Չի կարելի լավ երգերը կիսատ թողնել ու գնալ:

https://www.youtube.com/watch?v=Fk_pcS7RcIA

Լոլիտա
07.10.2014, 08:14
Մի տաղանդավոր ու հայտնի նկարչի մոտ էի երեկ, անունը չեմ նշի: Քանի անգամ է գնում եմ ու աչքս չեմ կտրում մի կտավից: Մի տղա է՝ մինչ գոտկատեղը մերկ, ու մի սիրուն, երկարապոչ աքաղաղ ձեռքին: Նայում եմ ու նայում, երբեմն ինչ վատ եմ զգում, որ չտեսի պես էդքա՜ն նայում եմ: Աքաղաղը ինձ մանկություն էր տանում, երկար պոչն էլ կարծես ժամանակը լիներ՝ փոխակերպված ձևով, որ դանդաղորեն ծորում էր տղայի ձեռքից, խլում նրա ունեցած միակ մանկությունը:
Երեկ չդիամացա, ասացի.
-Էս նկարդ հրաշք է: Ամեն անգամ հիանում եմ:
-Քոնն է, տար հետդ:
-Լու՞րջ ես ասում, թե՞ կատակ ես անում:
-Լուրջ եմ ասում, քոնն է, տար:
-Ես էլի աքաղաղ ունեցա, ապրես:

Լոլիտա
08.10.2014, 07:41
Երեկ նշանդրեքի էի: Ճոխ, սնդուսափայլ հանդերձներ չեմ սիրում. ինչ առօրյայում էի հագնում, դա էլ հագա՝ այսինքն լրիվ սև :) Պարելու հետ էլ չունեմ, մնում էր մարդկանց զննելը: Մի երկուսը իրար հո՜ չէին կծում, զուտ նրա համար, որ պատահաբար նույն շորից էին հագել: Մնացածն էլ պարում էին՝ խմբերի բաժանված, ինչը տանել չեմ կարողանում, հետո էլ տեմպից ընկնում են ու նույն շարժումը՝ լույսի արագությամբ կրկնում անընդհատ: Ամենալավը տատիկ-պապիկներն էին. էնքա՜ն ջերմ, հուզված, ի սրտե ուրախացած: Պապիկներից մեկը գյումրեցի էր, ասաց, որ կերգի զույգի համար: Երեկոյի ամենահուզիչ պահն էր էդ երգը. էնպես գորովալից երգեց, դողացող ձեռքերով հազիվ միկրոֆոնը պահելով: Աչքերն էլ փակում էր ընթացքում ու արցունքի կաթիլներ գլորվեցին ու բեղերի մեջ կորան:
Էս երգն էր երգում...

https://www.youtube.com/watch?v=XreKH-QluyU

Լոլիտա
09.10.2014, 08:01
Նմանակ 1
Որոշել եմ հերթով գրել այն մարդկանց մասին, ում ինձ երբևէ նմանացրել են:
Հիշողություններ արթնացնող ֆիլմ, երգ: Ինձ էլ գլխավոր հերոսուհուն են միշտ նմանացրել: Ինձ իր տեղում էի պատկերացնում ու ուրախանում: Լավն է ախր, դուրեկան դեմք է::)
Մի պահ համ իրեն վերհիշենք, համ ֆիլմը:


https://www.youtube.com/watch?v=8rE2mqTudyI

Լոլիտա
10.10.2014, 08:09
Նմանակ 2
Ովքեր նայել են Անտիքրիստ, Նիմֆոմանկա ֆիլմերը, հաստատ նրան կիմանան. շատերն էլ նրան երգելիս են տեսել: Այդ կինը աչքի ընկավ դերասանական հրաշալի խաղով:
Խոսքը Շարլոտտա Գեյնսբուրի մասին է: Էնքա~ն են նմանացրել, էլ չասեմ: Միայն նրանք չեն նմանացնում, ովքեր չգիտեն Շարլոտտին:
Մի անգամ Ֆեյսբուքում գլխավոր նկարս իր նկարներից մեկն էր, մեկ էլ գնա~ց մեկնաբանությունների տեղատարապը մոտավորապես էս կարգի. շատ լավն ես, ինչպես միշտ հետաքրքրիր ես...
Ու այ էդ ժամանակ զգացի, որ մարդիկ ոչ միայն նմանացնում, այլև շատ ժամանակ չեն էլ տարբերում :
ԵՎ այսպես, ահա նա...

https://www.youtube.com/watch?v=4ERT8gND8Lk

Լոլիտա
16.10.2014, 07:55
Նմանակ 3
Ուրեմն երկարատև ընդհատումից հետո շարունակեմ նմանակների ցանկը: Բոլորն էլ դիտած կլինեն Լեոն ֆիլմը, որտեղ Նատալի Պորտմանը մարմնավորում է Մաթիլդային: Այ հենց էդ Մաթիլդային են շատ նմանացնում:Մի անգամ փորձեցի ինչ-որ նման հագուստ հագնել. փողոցում էսպիսի արձագանքներ եղան.
-Էս աղջկան որ կինոյում եմ տեսել է~, չեմ կարողանում հիշել:
-Վա~յ, Լեոնն է: :D
-Էն պիստոլետով աղջիկնա, տղեք:
Մի փոքրիկ հատված ֆիլմից :)

https://www.youtube.com/watch?v=JvTVuMzQXTM

Լոլիտա
19.10.2014, 09:36
Լեռներում տաք է...
Չգիտեմ մեր սրտերը լեռներում են, թե ոչ, բայց մենք մեր քաղաքի սառնամանիքը կոտրելով սար ենք բարձրանում: Լինում է, չէ ,որ քամին ոսկորներդ խուտուտ է տալիս. սարերում է ապրում այդ քամին`իր խուտուտով:
Տանն ինչ գտնում` հագնում ես իրար վրա, ամենամեծ ուսապարկիդ մեջ դնում օրագիրդ, մի քիչ քաղցրավենիք,մի տուփ` ինչ պատահի :Երբեմն բնությունը գալիս ականջիդ ասում է, որ հեռացել եք իրարից, դու էլ չգիտես ինչ պատասխանել, որովհետև հասկանում ես, որ ճիշտ է ասում:
Մայր բնությանը հյուր ենք գնում: :)

Լոլիտա
28.10.2014, 14:13
Նրանցից Երկարը անվերջ տխրում էր ,իսկ Հաստլիկը` ատամնաշարի ամբողջ երկայնքով մի այնպիսի ժպիտ էր խաղացնում, որ Երկարին փակում էր տեսադաշտից:
Սրանք մտնում են սրճարան. երևի փողոցն ավլել կամ մեկից մի քիչ փող են թռցրել ու իրենց ճոխություններ են թույլ տալիս: Սուրճի բաժակներից բարձրացող տաք գոլորշին պատում է Հաստլիկի դեմքը, ինչից նա սկսում է ավելիլայն ժպտալ: Երկարն `անփոփոխ. տխրում է ու տխրում, բայց տղամարդ է, ինչպես պապը կասեր, զսպում է իրեն: Հաստլիկը լեզուն մտցնում է սուրճով լի բաժակի մեջ ու մի կում անում, զգուշորեն սրբում բաժակն ու դնում սեղանին: Պատկերացնում եք քանի~ ժամ է պետք սուրճն այդ եղանակով խմելու համար:
Կողքի սեղանին էլ ես եմ ճեմում. ձեռքս` դնչիս տակ, թեյս սառչում է , բայց սրանց չնայելը հանցագործություն է:
Մեկ սրան եմ նայում, մեկ` մյուսին, ու չգիտես ոնց ու ինչու , արցունքներ են գլորվում աչքերիցս, թեյս թողնում եմ ու դուրս վազում:
Մի քիչ վազում եմ, հետո հետ գալիս ու ապակիներից նայում. դեռ սուրճ են խմում ու տխրու~մ ու ժպտու~մ...

Լոլիտա
07.11.2014, 15:59
Երիցուկի օրագրից, առօրեական
Գիտե՛ս, ես հոգնել եմ քեզ չսիրելուց, քո համար չանհանգստանալուց ու գիշերները քո պատճառով արթուն չմնալուց: Ես մեղք չունեմ, որ քո օծանելիքի բույրը երբ զգում եմ ինչ որ մեկի հագուստից, ինձ դա ոչինչ չի՛ հիշեցնում, իսկ քեզ սիրող աղջիկների մազերը փոկել չե՛մ ուզում, հասկանու՞մ ես ինձ: Երբ դու ինձ ծաղիկներ ես նվիրում, ես դրանք շաբաթներով չե՛մ պահում ու չորացնում կյանքիս օրագրի մեջ, այլ տատիկին եմ նվիրում` ասելով, թե իր համար եմ բերել:Մերկ մարմնիս վրա քո լայն վերնաշապիկները չե՛ն սազի, որովհետև ես դրանք չեմ էլ հագնի երբե՛ք : Ես չգիտեմ , թե մի օր ուժ կգտնե՞մ քո համար այն թխվածքից թխելու համար, որի մեջ միայն սեր եմ դնում: Քո խորհրդով վերցրած գրքերը երբեք չե՜ մ կարդում, հասկանու՞մ ես, ես դրանք պահարանի մի անկյունում այնքա՜ ն եմ թողնում, մինչև գրադարանավարը զանգում է ու պահանջում, որ տանեմ: Չե՜ ս հասկանում...

Լոլիտա
08.11.2014, 17:46
Երիցուկի օրագրից, տխուր-տրտում
Ջուրը էի դրել կրակին, սպասում էի եռա, որ սուրճ խմեմ, ընթացքում էլ աշխատեմ, փողը լցնեմ երազանքիս արկղի մեջ, հետո երազանքս հեչ կանեմ պահի տակ ու հավաքած փողով կգնանք մեր սիրած կեքսն ուտելու. էնքա՜ն կուտենք, որ գլուխս կդնեմ ծնկներիդ ու կքնեմ:
Մինչ այսքանը մտածում եմ, ջուրը `եռացել-եռացել, գոլորցիացել է ու անհետացել, իսկ ամբողջ տունը ծուխ է լցվել: Ահա, կամա՜ց սենյակս է լցվում, աչքերս արցունքոտվում են, ու ես էլ ոչի~նչ չեմ տեսնում:

Լոլիտա
19.11.2014, 17:34
Երիցուկի օրագրից, Քիթ
Այս առավոտ էլ տատիկը խնդրեց, որ տաք հագնվեմ, բայց դե հաստ հագուստի մեջ չեմ երևում, իսկ մարդիկ դեմքս տեսնել են ուզում: Ամբողջ օրը քթիս մեջ աղաջրով բամբակը բթած թափառել եմ, տանը նստելուց ի՞նչ օգուտ: Մտածում եմ ,որ եթե էսպես երկար շարունակվի ու քթիս արնահոսությունը չկարողանամ դադարեցնել, իմ սուղ մաթեմատիկական գիտելիքներով հաշված, մոտ երկու ամսից հետքս էլ չի մնա, տատիկն էլ մահճակալի տակ կփնտրի, հետո` հարևան Խորեն պապի տանը, իսկ այդ ժամանակ ես նամականիշերիս տուփի մի անկյունում տաքու՜կ քնած կլինեմ:

Լոլիտա
09.12.2014, 18:39
Երիցուկի օրագրից, ՙՙԿրաբատ. հին ջրաղացի լեգենդը՚՚
Նախկին դպրոցիս գրադարանը փոշոտ ու նեղլիկ մի նկուղ էր, բայց ի՜նչ գիրք ասես կար: Ես էլ փոքր էի, ինձ համար գրքի լավը նկարների առատությամբ էր որոշվում: Գրադարանավարին ամաչում էի ասել ,որ նկարներով գիրք եմ ուզում, դրա համար էլ խորամանկում էի՝ ասելով, որ ես ինքս գիրք կփնտրեմ ինձ համար:
Մի օր մի կապույտ կազմով գիրք ընկավ ձեռքս, վրան ջրաղաց, ագռավ ու բու: Վերցրի, որ նկարները նայեմ:
Պարզվեց, որ իմ չսիրած գրքերից էր. նկար չկար. ստիպված կարդացի: Ամենատպավորիչ գիրքն էր, չէ՜ որ միայն դա էի իմ կամքով կարդացել:
Անցել են տարիներ ու այդ գիրքը պատահաբար գտել եմ. հիմա նկարներ չեմ ուզում, դրանք ինձ, նույնիսկ, խանգարում են ընթերցելիս: Կարդում եմ ագահաբար ու հասկանում եմ, որ խորիմաստ վեպերից հոգնել եմ, խառիխուռն դեպքերն ինձ համար հագուցալուծում են գտնում վեպի առաջին պարբերությունում, իսկ ա՛յ հեքիաթներից չեմ հոգնել, չէ՛, հաստատ չեմ հոգնել :

Լոլիտա
09.12.2014, 18:39
Երիցուկի օրագրից, Սուտլիկ
Այսօր զարթուցիչս դրեցի 8:10 ,որ պատճառաբանեմ,թե ուշ արթնանալու պատճառով չեմ կարող դասի գնալ: Պլանս աշխատեց: Էն հագուստը հագա, որը երբ ցանկանում եմ դրսում հագնել, մայրս ասում է ,որ բուկլետ բաժանող Եհովայի վկայի եմ նման: Ամեն անգամ միասին ծիծաղում ենք:
Բոլորը գնացին իրենց գործերով, ես էլ մի տոպրակ մանդարին ու մի մեծ թեյնիկ թեյ հարմարեցրի կողքս ու 3-րդ անգամ Ամելին նայեցի: Ձևացրի, իբր ինձ հետ ամեն ինչ լավ է, որ ֆիլմը միացրել եմ ոչ թե ցրվելու, այլ ուղղակի վերհիշելու համար: Չհավատացի ինձ, բայց գոնե մեկին հավատալ պետք էր, չէ՞ ...

Լոլիտա
09.12.2014, 18:40
Երիցուկի օրագրից, ցից-ցից
Այսօր դասից ուշանանում էի, այդ պատճառով էլ անկողինս չհավաքեցի. խոսքը մեր մեջ՝ այդ առիթով: Օրս ֆիլմի պես արագ-արագ անցավ, եկա տուն, ու էստեղ ոնց որ մեկը կյանքս կանգնեցներ,որ ասենք, գնար իր համար սուրճ բերեր այդ ընթացքում, կամ անցանկալի հյուրի առաջ դուռ բացեր, ու ֆիլմը չտուժեր : Հաշվեցի այս ամիս գնած սուրճի տուփերը. այդքան սուրճից հետո ես զարմանալիորերեն երկար եմ ապրել : Նստեցի ու պատուհանից դուրս եմ նայում. ամաչում եմ ասել,բայց 17 տարի է ես ուշադիր չեմ եղել,թե ովքեր են ապրում դիմացի շենքում, ինչ են անում երեկոյան, ինչ գույնի վարագույրներ են կախում. այսօր նայեցի, տանիքին ալեհավաքները ցից-ցից , վարագույրները՝ ամենատարբեր: Մեկի վարագույրը քաշած չէր, կինն աման էր լվանում,ինքն էլ ինձ պես բազմոցին նստել, շատ կարևոր ոչնչով էր զբաղված: Մեր ամաններն ո՞վ լվանա...

Լոլիտա
09.12.2014, 18:40
Երիցուկի օրագրից, փախած
Առավոտյան քիթս էլի տեղի տվեց, արյունը գնա՜ց ու նույն հաջողությամբ այս գրառումը կարող էր էլի <<Քիթ>> կոչվել, բայց չարժի մի թեմայից էդքա՜ն գազրախոսել: Ճանապարհի կեսից հետ դարձա. դասերը իրոք զզվեցրել են. գնացի տատիկի տուն. սուրճ տվեց, հրահանգեց, որ պառկեմ ու մի լա՜վ <<բարուրեց>> , որ լավանամ ...
Արթնացա, երբ մի քանի ժամ անցել էր, վերմակը մի փոքր քաշեցի ,որ շնչեմ,բայց սառն էր օդը, էլի մտա վերմակի տակ:
Կեսօրին ծնողներս եկան, ես փախա տուն, որ մենակ մնայի, բայց զգացի,որ շենքում մենակ չեմ,մտա մահճակալի տակ, իսկ երբ ոչինչ էլ չփոխվեց, մի քիչ կուչ եկա, բա...

Լոլիտա
14.12.2014, 22:27
Էն չոր, ոսկրոտ ծնկներդ եմ ուզում,
Էն որ ես չեմ խմում, բայց քո հետ էնքան,
Որ ուս ուսի տված դատարկաբանենք,
Այ էդ կոր ուսերդ եմ ուզում,
Ժամանակի զգացողության կորուստը,
Ցուրտ եղանակին ինձ մեկնած վերարկուդ եմ ուզում,
Վզիս վրա փչած տաք շունչդ,
Ձեռքերիդ մեջ կորչող ձեռքերս եմ ուզում,
Հենց մենակ քո ձեռքեն եմ ուզում:

Լոլիտա
28.05.2015, 18:49
Երիցուկի օրագրից, Անտրամաբանական
Բարի լույս , իմ ընկեր , կամ բարեկամ, կամ էլ ընթերցող : Այսօր ավարտում եմ դպրոցը, որ հետո էլի մի տեղ սովորեմ ու ավարտեմ, իսկ հետո մի տեղ աշխատեմ , փո՛ղ , փո՛ղ , փո՛ղ ու էդպես՝ մինչև ե՛ս, հե՛նց ես ավարտվեմ . . .
Կյանք կոչված այս լաբիրինթոսում ուր էլ գնում ենք, մեկ է՝ բոլորիս սկիզբն էլ է նույնը , վերջն էլ , իսկ մեջտեղի մասը, որ ինձ մոտ ուրիշ է, քեզ մոտ՝ ուրիշ, ոչ մեկին չի հետաքրքրում, Չտխրես , դա բնական է :

Լոլիտա
28.05.2015, 19:44
Երիցուկի օրագրից, թարս
Այսօր ձախ ոտքի վրա եմ արթնացել. դրա առաջին ապացույցը սուրճիս բաժակը չլվանալն էր, սենյակը չօդափոխելը, տատիկի զանգից բարկանալը...
Երբեմն ինձնից հոգնում եմ, հայելիներից փախչում եմ, որ պեպեններս չտեսնեմ. այդ պահերին դրանք անտանելի փոշեհատիկների եմ նման, որոնք ուզում եմ կրծած եղունգներովս քերել ու լցնել լվացարանի մեջ. թող ջուրը քշի- տանի անճոռնիներին...

Լոլիտա
05.06.2015, 18:58
https://www.youtube.com/watch?v=O1_sR0uzZ6c