PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոխը և սուրճը



Baltazar
28.07.2014, 18:52
Սգո ծառայության գովազդային վահանակ հիշեցնող սև տախտակի վրա գրված էր սրճաղաց: Անձրև էր գալիս: Տեղ չունեի թաքնվելու: Որոշեցի մտնել իմ մանկական ընկերոջ` Մոխի կրպակը: Սպիտակ ներկված մետաղյա խուց էր, որտեղից ուժեղ սրճի հոտ էր գալիս ու խառնվում ասվալտի խոնավ հոտի հետ: 10 տարի չէի տեսել Մոխին: Գրեթե նույնն էր մնացել: Միայն ատամներն էին ավելի սևացել ու կուզ էր հավաքել մեջքին: Հեռախոսի մեջ ինչ-որ բան էր փորփրում : Ինձ տեսնելուն պես ոտքի կանգնեց . գլուխը քիչ էր մնում խփեր վերևից կախված լամպին: Բերանը բացեց ու մերկացրեց մոխրացած ատամները, որոնցով հաց ուտելը նույնը կլիներ, ինչ անզեն ձեռքով փայտ մեխելը: Թավ ձայնով ու հիմար տոնայնությամբ ասաց.

_ Բարլուս, մեծահարուստ : Էս չլնի՞ հիմա կոֆեի գործ ես անում:

Էլի նույն տափակն էր: Էն տիպի մարդկանցից էր, որ անընդհատ ցիտում են տարբեր հիմար հումորային հաղորդումներից դրվագներ կամ միևնույն դատարկ անեկդոտը 800 անգամ պատմում են: Ի՞նչ ընդհանուր բան եմ ունեցել նրա հետ, որ ընկերություն եմ արել: Չգիտեմ: Նրա ստվարաթղթի գույնի տաբատը 90-ականների ոճով էր,որը նրան ամենայն հավանականությամբ տվել էր հայրը: Կոշիկներն , ինչպես միշտ փայլում էին: Միշտ այնպես էր փայլեցնում կոշիկները, որ քեզ դրանք լիովին նոր թվային: Իսկ եթե նրա օպտիկական ակնոցները դնեիր մանրադիտակի տակ, հազիվ թե մի աննշան քերծվածք նկատեիր վրան: Մաքրասիրությունը նրա առաջին ու վերջին դրական հատկությունն էր:

Կրպակում ևս իդեալական մաքրություն էր: Աղացը փայլում էր: Գետնին չկար և ոչ մի սրճի հատիկ: Ոչ մի ավելորդ իր: Ժամանակակից տեխնիկայից` միայն հեռախոսը լիցքավորելու լար: Ոտքերի մոտ իր հանգիստն էր վայելում մի փողոցային սև կատու: Միայն այդ կատուն ժամանակ ուներ տանելու Մոխի ներկայությունը: Մնացած ամբողջ աշխարհը թքած ուներ նրա, նրա կատակների, նրա սրճաղացի ու նրա սև ատամների վրա ...

Կրպակի ամենավերին հատվածում խրոխտ կանգնած էր մի կավե բաժակ` վրան գրված կապուչինո: Մի տեսակ չէր համապատռասխանում այդ կապուչինո բառը ընդհանուր մթնոլորտի հետ: Մյուս կողմից դա միակ օտարածին բառը չէր` արաբիկա, բռազիլ և այլն: Սրճի հոտն ամենուրեք էր: Նույնիսկ կատուն այնպես էր կլանել այդ հոտը, որ թվում էր թրջես, սրճի սև հեղուկ զանգված կդառնա ու կարող ես խմել նրան:

Baltazar
28.07.2014, 22:15
_ Նստի, տենամ ոնց ես:

Շարունակում էր ժպտալ: Այնպես էր ժպտում ասես քիչ առաջ մի տոննա սուրճ էր վաճառել: Բայց նա Մոխն էր: Նրան ժպտալու համար շատ քիչ բան էր պետք: Նա իր ուղեղը երբեք չէր ծանրաբեռնում: Նրա էլիպսանման գլխում հազվադեպ էին լուրջ վերլուծություններ կատարվում:

_ Կոֆե, խմե՞ս:

Չհրաժարվեցի: Կատուն սկսեց քսմսվել ոտքերիս: Երբեք չեմ սիրել կատուներին: Չափից դուրս անկախ են: Եսակենտրոն: Մոխը քթի տակ ինչ-որ դարն ապրած երգ էր երգում ու կախարդում սրճեփի շուրջ: Հետաքրքիր էր ` ինչու հարցախեղդ չէր անում, ապուշ-ապուշ չէր խոսում: Իրեն բնորոշ չէր երկար չխոսելը: Կատուն անհետացավ: Սրճաղացը մաս մաքուր էր: Այնպես մաքուր, որ վրան տեսնում էի իմ արտացոլանքը:

Baltazar
29.07.2014, 20:13
_ Կներես, ախպերս, սպասացրի: Քեզ ինչ կոֆե ա՞ պետք, - ասաց կրպակի մոտ հանկարծակի հայտնված ծանր դիմագծերով մի երիտասարդ:

Շփոթվեցի: Կրպակի իսկական աշխատեցնողը` Մոխը, ետևումս սուրճ էր պատրաստում, իսկ այս անծանոթի հարցից տպավորություն էր ստեղծվում, որ կրպակն իրեն է պատկանում: Շարունակում էր իր քարքարոտ կոպիտ դեմքով հարցական հայացք ընդունած ինձ նայել: Շրջվեցի դեպի Մոխը: Ետևումս ոչ ոք չկար: Այդ ինչպե՞ս անհետացավ իմ ետևից: Սա ի՞նչ աճպարարություն էր: Անծանոթի հարցական դեմքը ծանրաձողի պես կախվել էր գլավերևումս:

_ Էս Մոխի սրճաղացը չի՞:
_ Ընկերս, էս իմ կրպակն ա հիմա: Մոխից հետո ես եմ վերցրել էս տարածքը:
_ Իսկ կարո՞ղ է նկատած լինես` Մոխն ուր գնաց:
_ Մոխը չկա:

Երևի սա էս թաղի գժերից է: Մեկ սուրճ աղացող է , մեկ Հիտլեր: Բայց հայացքը չափից դուրս ադեկվատ էր: Մոխը չկա:

_ Երեք ամիս առաջ էր` ապրիլին: Հարևաններից մեկը էկել էր մոտը կոֆե առնելու: Ձեն էր տվել Մոխին, ռեակցիա չէր տվել: Աչքերը փակ էին էղել: Մտածել էր` քնել ա: Հետո իմացանք` մահացել ա: Ասում են` ձեռին էլ մի հատ բաժակ էր` վրեն գրված կապուչինո:

Մոխը իմ ապրած կյանքի մի ամբողջ ժամանակաշրջան էր խորհրդանշում: Իսկ ես նրան երկար տարիներ մոռացության էի մատնել: Նա հեռացավ առանց ավելորդ պաթոսի , առանց ինչ-որ մեկին խանգարելու, անհանգստացնելու կամ վնաս տալու: Այդպիսին էր նա: Մինչ անծանոթը պատմում էր այդ չարաբաստիկ օրվա մանրամասները ծանրություն զգացի ձախ ուսիս: Ձեռք էր:

_ Վերջը չասիր է, կոֆե խմում ես , թե չէ, այ մեծահարուստ, - ասաց ու մերկացրեց սև ատամները:

Baltazar
30.07.2014, 17:17
Վերջ: Շնորհակալություն ուշադրության համար:

Guest
30.07.2014, 17:19
Վերջ:

Իսկ ես շարունակութուն սպասում էի…

Baltazar
30.07.2014, 17:42
Հետաքրքիր է լսել Արէայի և Սամի կարծիքը, մնացածինը մոտավորապես գիտեմ անձնական նամակներից:

Sambitbaba
30.07.2014, 17:42
Վերջը չասիր է, կոֆե խմում ես , թե չէ, այ մեծահարուստ, - ասաց ու մերկացրեց սև ատամները:

Երբ կարդացի. "Ասում են` ձեռին էլ մի հատ բաժակ էր` վրեն գրված կապուչինո", - պատմությունն ինձ համար արդեն ավարտվեց ու բավական դուր եկավ: Շարունակությունը մի տեսակ հիասթափեցրեց ինչ է, մտածեցի, թե էլ ուր ես ձգձգում...
Բայց Մոխի վերադարձը գերազանց էր, ամեն ինչ տեղն ընկավ: Հատկապես, որ այդ վերադարձը հերոսն ապրեց համարյա ֆիզիկապես ("ծանրություն զգացի ձախ ուսիս: Ձեռք էր:")...

Ապրես: