PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօր



Cassiopeia
15.07.2014, 22:57
Էսօր առաջին անգամ նստեցի մեքենայի ղեկին։ Մի անգամ մոտ 28-30 տարի առաջ եմ նստել հորաքրոջս ամուսնու կայանած մեքենայի ղեկի մոտ։ Հիշում եմ, փորձում էի ղեկը շարժել, բայց չէր պտտվում։ Մտածում էի, ի՜նչ դժվար է։ Բայց էդ մի անգամը հաշիվ չի։ Ու հաշիվ չլինելով հանդերձ, էսօր ինձ լավ խանգարեց։
Լավ, սկսեմ սկզբից։
Երբեք չեմ մտածել ու չեմ էլ երազել, որ մի օր ավտո կքշեմ։ Բայց ահա, Արտակը խնդիր դրեց. կամ ես կքշեմ, կամ ավտո չենք ունենա։ Երևի շատերդ կընդունեք, որ երեք երեխա ունեցող ընտանիքի համար ավտոմեքենան կենցաղի անհրաժեշտ տարրերից մեկն է։
Եվ ահա, որոշեցի փորձել։ Ահավոր լարված էի։ Լարվածությունից ուսերս մի տեսակ ձգվել են։ 5-6 տարեկանի անօգուտ «փորձը» ինձ լրիվ խաբուսիկ իրավիճակում դրեց։ Ինձ հա թվում էր, թե ղեկը պիտի ամբողջ ուժով պտտեմ, որպեսզի կարողանամ մեքենայի դիրքը փոխել։ Ու մեքենան շատ կտրուկ էր շարժվում դրա արդյունքում։ Չնայած, ոնց որ վերջում արդեն սկսեցի հասկանալ ղեկի լեզուն։
Ոնց որ Արտակն է ասում, արագությունը չէի զգում։ Բայց ինձ թվում է, թե դա էլ է սովորելու վրա։ Ուղղակի էս մի անգամը չափից դուրս էի կենտրոնացել ղեկի վրա, էն էլ՝ իզուր։
Շատ խանգարեց երթևեկության նշանների բացակայությունը։ Էդ նշանակում ա, որ ճանապարհ գնալուց, եթե ճանապարհն անծանոթ ա, պետք է լավ դանդաղ գնալ, որպեսզի անհրաժեշտ շրջադարձը բաց չթողնվի։

Մի խոսքով, էն, ինչ ինձ թվում էր սար շուռ տալ, բլուր շուռ տալու նման ա։ Ուղղակի պիտի «սամթը բռնեմ»։
Էհ, տեսնենք։ Հուսով եմ, էշը ոչ միայն ցեխից կհանեմ, այլ նաև ամեն ինչ ճիշտ կանեմ։

Հ.Գ. Ինստրուկտորը մի պահ դուրս չեկավ. փոխանակ ասի սենց ա կարգը, ասում ա քննություն հանձնելուց սենց պիտի անես, բայց ես սենց եմ անում։

Հ.Հ.Գ. վաղուց էսքան երկար գրառում չէի արել ակումբում։

Cassiopeia
17.07.2014, 23:24
Ասում են, թե մարդն իր սխալների վրա է սովորում: Հուսամ, որ բոլորի մոտ է այդպես: Ես որ հաստատ իմ սխալներն էսօր ուղղել էի:

Cassiopeia
18.07.2014, 11:41
Ինչ վատ ա, որ հարազատը փոխանակ հույս ներշնչի, ասում ա. չես կարա, նա տղամարդ ա ու իրան 10-ը լրիվ հերիք էր սովորելու համար, դու աղջիկ ես…

Cassiopeia
26.07.2014, 16:54
Սկսել եմ հաճույք ստանալ վարելուց։ Լարվածությունը բավական քչացել ա։ Ու կարևորը, որ ինստրուկտորը դժգոհ չի։
Էսօր առաջին անգամ ցերեկով եմ վարել։ Կարծում էի, ավելի բարդ է լինելու։ Բայց միակ տարբերությունը ցերեկվա անտանելի շոգն էր։
Քաղաքի հարավային հատվածը չափչփեցինք մեքենայով։ Երևի մի 4 ավտովթար հանդիպեց ճանապարհին։ Թեթև բաներ էին, բայց դե կային։
Կարմիր լույսի տակ կանգնած ենք։ Ինստրուկորն ասում է. «Նայի դիմացը»։ Պատասխանում եմ. «Դիմացը ավտովթար է եղել»։ Իսկ իրականում ինքը ինձ լուսացույցն էր ցույց տալիս, որով պիտի առաջնորդվեի…

Cassiopeia
03.08.2014, 19:18
Մարդ ինչքան հանգիստ ա լինում, երբ գիտակցում ա, թե ինչն ա իր ուժերին համապատասխան ու հրաժարվում ավելիից։

Cassiopeia
04.08.2014, 10:33
Այսօր ինձ համար առանձնահատուկ օր է։
Բայց հիմա ուզում եմ խոսել 6 տարի առաջվա այսօրվա մասին։ 6 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ էսքան երջանիկ եմ լինելու ու էսպիսի հրաշք ընտանիք եմ ունենալու հիմա։ Ուղղակի այդ ժամանակ ապրում էի տվյալ պահով ու դեպի առաջ չէի նայում։
Լավ, սկսեմ սկզբից։ Ուրեմն 6 տարի առաջ այս օրը ես ու Արտակն ամուսնացանք։ Նախորդ օրը ակումբցիների հետ գնացինք Սևան, իրենք էլ մեզ «համոզում» էին պրծնենք ամուսնանանք։ Ասեմ, որ շատ քիչ մարդ էր տեղեկացված, որ հաջորդ օրը հենց այդ օրն է :) Նրանցից էին Չուկն ու Մալուն, որոնց շատ շնորհակալ եմ։
Պաշտոնական մասը կատարելուց հետո (ԶԱԳՍ-ում գրանցվելուց հետո) Արտակը գնաց իր գործին, ես՝ տուն։ Ու որոշեցինք մեր ամենասիրելի ընկերների հետ նշել մեր այդ գեղեցիկ ու ամենակարևոր օրը։ Երեկոյան ակումբցիներն եկան մեր տուն. տուն, որը գրեթե դատարկ էր, կար մի սեղան, 2 աթոռ, 2 անսարք հեռուստացույց, մի հատ էլ կիսատ-պռատ պահարանատիպ մի բան, որոնք մեզ աթոռի տեղ ծառայեցին։ Աման-չաման էլ չունեյինք, մեկանգամյա օգտագործման սպասքով հյուրասիրեցինք մեր հյուրերին։ Ինձ համար ոչ մի ճոխ հարսանիք չի հասնի նրան, ինչ տեղի ունեցավ այդ երեկո :)

Հիմա հետադարձ հայացք գցելով անցած 6 տարիների վրա, զգում եմ, որ կայացած ընտանիք ենք։ 0-ից ստեղծել ենք էն, ինչ ունենք (դեռ շատ-շատ պակաս-պռատ բաներ կան, բայց հուսով եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կունենանք)։ Մեր ամենամեծ ձեռքբերումները մեր բալիկներն են։ Ու մեր ընտանիքում իշխում է սերն ու հարգանքը:

Իսկ այսօր մեր Տրդատը դարձավ կես տարեկան :)

keyboard
06.08.2014, 23:59
Այսօր ինձ համար առանձնահատուկ օր է։
Բայց հիմա ուզում եմ խոսել 6 տարի առաջվա այսօրվա մասին։ 6 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ էսքան երջանիկ եմ լինելու ու էսպիսի հրաշք ընտանիք եմ ունենալու հիմա։ Ուղղակի այդ ժամանակ ապրում էի տվյալ պահով ու դեպի առաջ չէի նայում։
Լավ, սկսեմ սկզբից։ Ուրեմն 6 տարի առաջ այս օրը ես ու Արտակն ամուսնացանք։ Նախորդ օրը ակումբցիների հետ գնացինք Սևան, իրենք էլ մեզ «համոզում» էին պրծնենք ամուսնանանք։ Ասեմ, որ շատ քիչ մարդ էր տեղեկացված, որ հաջորդ օրը հենց այդ օրն է :) Նրանցից էին Չուկն ու Մալուն, որոնց շատ շնորհակալ եմ։
Պաշտոնական մասը կատարելուց հետո (ԶԱԳՍ-ում գրանցվելուց հետո) Արտակը գնաց իր գործին, ես՝ տուն։ Ու որոշեցինք մեր ամենասիրելի ընկերների հետ նշել մեր այդ գեղեցիկ ու ամենակարևոր օրը։ Երեկոյան ակումբցիներն եկան մեր տուն. տուն, որը գրեթե դատարկ էր, կար մի սեղան, 2 աթոռ, 2 անսարք հեռուստացույց, մի հատ էլ կիսատ-պռատ պահարանատիպ մի բան, որոնք մեզ աթոռի տեղ ծառայեցին։ Աման-չաման էլ չունեյինք, մեկանգամյա օգտագործման սպասքով հյուրասիրեցինք մեր հյուրերին։ Ինձ համար ոչ մի ճոխ հարսանիք չի հասնի նրան, ինչ տեղի ունեցավ այդ երեկո :)

Հիմա հետադարձ հայացք գցելով անցած 6 տարիների վրա, զգում եմ, որ կայացած ընտանիք ենք։ 0-ից ստեղծել ենք էն, ինչ ունենք (դեռ շատ-շատ պակաս-պռատ բաներ կան, բայց հուսով եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կունենանք)։ Մեր ամենամեծ ձեռքբերումները մեր բալիկներն են։ Ու մեր ընտանիքում իշխում է սերն ու հարգանքը:

Իսկ այսօր մեր Տրդատը դարձավ կես տարեկան :)
Ջանդամ թե չեմ տուգանվելու:

Ես ձեր ջանին մեռնեմ, ձեր ընտանիքով, մեծով փոքրով ու ամեն ինչով, արա ոնց եմ ես ձեզ սիրուուուուու՜մ :love:love

Cassiopeia
07.08.2014, 12:06
Մարդ չի հասկանում, վերանորոգման պրոցեսն ա՞ դժվար, դրա հետևանքներ մաքրելը, թե երբ հարևանն ա վերանորոգում անում, երեխեքը գալիս վախից ոտքերիդ են փաթաթվում էդ աղմուկից…

Cassiopeia
06.09.2014, 23:15
Բռնածս գործի համար ժամանակը կարծես թե կանգ առավ։ Չգիտեմ էլ, թե երբ էլի առաջ կշարժվի, կամ կշարժվի՞ թե չէ։
Փոխարենը ոնց որ կայքի գործերն են առաջ գնում։ Ու դա լավ է։
Վերջը տեսնենք ոնց կլինի։

Cassiopeia
17.09.2014, 01:04
Կորյունն ու Աստղիկը երբեք չեն սիրել քնել կողքս։ Ես ժամանակին երազում էի էդ մասին, որ կողքս գոնե մի ժամ քնեն ու իրանց հոտով հարբած քնեմ։ Բայց 5 րոպե հետո երկուսն էլ լացուկոծ էին դնում, մինչև տեղափոխում էի օրորոցի մեջ։ Տրդատն ուրիշ է։ Ամբողջ գիշեր հաճույքով կքնի կողքս, ջերմ թաթիկը կդնի կամ այտիս վրա կամ էլ վզիս։ Իսկ երբ գիտի որ կողքն եմ, բայց ինձ կպած չի լինում, քնի մեջ թաթիկն է անընդհատ շարժում ու փորձում համոզվել, որ կողքս է։
Ճիշտ է, նման ձև հանգստանալ չի լինում, բայց էնքա՜ն հաճելի է էդ երևույթը։

Cassiopeia
19.09.2014, 12:56
Ճուտս էսօր ամբողջ գիշեր իրա սոսկան էր փորձում բերանս խցկել։ Երեխեն հասկանում էր երևի, որ ինձ ինչ-որ բան ա անհանգստացնում, ու ուզում էր դրանով հանգստացնել։

Cassiopeia
21.09.2014, 11:19
Էս տհաճ հիվանդ վիճակը չհաշված, նոր ինձ էնքա՜ն լավ զգացի։ ՖԲ-ում անծանոթ մի մամա իմ կայքի հղումն էր տվել, այն դեպքում, երբ նման էջեր (մանկական բանաստեղծություններին նվիրված) լիքը ուրիշ կայքեր ունեն :love։

***
Կայֆ ա, որ կարողանում ես թեկուզ աննշան, քո գումարը վաստակել։ Ու էդ վիճակը հաստատ տարիքի ու կարգավիճակի հետ չի անցնում։

Cassiopeia
02.10.2014, 01:45
Փոքր ժամանակվանից սիրել եմ շներին։ Տարբեր տեսակի շներ ենք պահել. էլ գելխեղդ, էլ պուդել, էլ հասարակ դվարնյաշկա։ Բայց ամենաշատը սիրել եմ գերմանական հովվաշանը (ավչարկային)։ Էնքան լավն էր Լեդին։ Մի օր իրա ոտով եկավ մեր տուն։ Չգիտեմ, կորել էր, թե տնից դուրս էին արել, բայց մի սիրուն օր հայտնվեց մեր տան կտուրում (կտուրը տան հետևի կողմից մուտք ունի)։ Եղբայրս առաջինը տեսավ։ Կիսախավարի մեջ շան աչքերը պլպլացել էին, ախպերս էլ փոքր էր, վախեցած վազելով եկավ տուն ու լացակումած, շնչակտուր գոռում էր. «գելը, գելը…»։ Բերեցինք տուն, պահեցինք, խնամեցինք։ Դպրոցից գալիս էի տուն, թռնում, թաթերը դնում էր ուսերիս ու երեսս էր լպստում։ Չէի զզվում, ինչքան էլ տարօրինակ ա։ (հիմա մերոնց տան շունը հանկարծ լեզվով կպնի ինձ, զզվանքից չգիտեմ ինչ կլինեմ)։
95-96թվերն էին։ Լույսը դեռ հովհարայինով ու լեվիներով էր։ Ուտելիքի առումով էլ, համենայն դեպս մեր ընտանիքի համար, սով էր։ Մենք լիքը երեխա, մենակ աշխատող պապան, էն էլ գործ չուներ…
Մի օր դիմացի հարևանի տանը Սևանից ձկներ էին բերել վաճառելու։ Էս խելացի Լեդիս գիտեր, որ տանը ուտելու բան չկա։ Նույնիսկ կաղամբ էր կրծում :) Տեսել էր, որ հարևանի դռանը դրած ձուկ են վաճառում։ Թաքուն գնացել ու 2 հատ ձուկ ատամներով շատ զգույշ բռնել (էնպես, որ ատամները չխրվեին ձկան մարմնի մեջ), բերել դրել էր մեր դռան առաջ։ Չեմ հիշում, թե էդ ձկան պատմությունն ինչով վերջացավ, բայց փաստը մնում ա փաստ, որ մենք շանն էինք տիրություն անում, ինքն էլ մեզ էր տիրություն անում։
Լեվի լույս ունենալու համար մեր հեռու հարևաններից մեկն առաջարկեց շանն իրան տալ, ինքն էլ մեզ գիծ կտա։ Մերոնք համաձայնեցին։ Ինչքան եմ լացել էդ օրը։ Բայց դե ինձ ո՞վ էր լսողը։ Արդեն հոսանք ունեինք։ Բայց ընդամենը երկու շաբաթ հետո պրծան հովհարայինները։ Բոլորը լույս ունեցան, իսկ մենք շուն էլ չունեցանք ։
***
Հիմա Կորյունն ու Արտակը (Աստղիկը հըլը չի հասկանում) հաճախ են ասում շուն պահենք։ Բայց չեմ համաձայնում։ Մամայությունն ա մեջս խոսում. Երեխեքի համար վնաս ա, մազ են թողելու և այլն, վարձով բնակարանում ենք ապրում… Բայց երևի մեջս ավելի շատ հոգեբանական պահ ա, Լեդիից հետո էլ ոչ մի շուն չեմ ուզում ունենալ։ Լեդին ուրիշ էր։

…Թե ինչի՞ Լեդիին հիշեցի…

Cassiopeia
03.10.2014, 17:57
Ուրեմն մի տաքսի կա, որից հաճախ օգտվում ենք։ Վարորդը գիտի, որ ավտո վարել եմ սովորում (մոտ 2 ամիս առաջ էլի)։ Հիմա ամեն անգամ իրա մեքենան նստելիս վարորդական դասընթաց եմ անցնում։ Տաքսիստը՝ Սամվելը, էն տաքսիստների նման չի, որ ռուսաստաններում բիզնես ա ունեցել։ Չէ, ինքը ինքնուրույն սովորել ա մեքենա քշել ու տաքսի ա քշում։ Հիմա ամեն անգամ, երբ նստում եմ իրա մեքենան, սկսում ա.
-Լավ վարորդ լինելու համար պետք ա հիշել 3 կարևոր բան.
1. դիստանցիա պահի (ինչքան հեռու, էնքան լավ)
2. մառգատը միշտ միացրու, որ հետևիդ մեքենան իմանա դու ինչ ես անում, ուր ես գնում,
3. ու սովորի հայելիների հետ աշխատել ու հայելիներով քշել։
Մնացածը ձեռի հետ կսովորես։
…Էսօր էլ Երևանի փողոցների ծակուծուկերին էր ծանոթացնում, որ Կոմիտասում խցանման դեպքում ոնց շրջանցեմ այն, կամ նույն Ավան հասնելու այլընտրանքային ճանապարհը՝ Ալմաստ գործարանի հետևի փողոցով։

Լավ ա էլի, որ մարդը իրա իմացածն ա փոխանցում դիմացինին, իրա իմացածով ա հպարտանում, ոչ թե սուտ հեքիաթներ հորինում։

Cassiopeia
21.11.2014, 19:09
Տունը հեչ պարտադիր չի, որ եվրովերանորոգված լինի, գեղեցիկ դռներով ու լավ սանհանգույցով, որ «իրեն սիրել տա»։
Էն մի տանը, որ ապրում էինք, վերջին անգամ երևի վերանորոգում եղել էր մի 20 տարի առաջ, սանհանգույցն ահավոր վիճակում էր, լուսամուտները սովետական քայքայված փայտերով։ Կարելի ա ասել, դատարկ տուն էր, գրեթե ոչ մի բան չկար մեջը։ Ինչ էլ կար, փչացած ու ավերակ էր։
Բայց ես սիրում էի էդ տունն ավելի շատ, քան էս տունը։ Ընդեղ բաց պատշգամբ կար, ուր երեխու հետ (էն ժամանակ մենակ Կոյունն էր), կարող էինք երեկոն դիմավորել սպասելով Արտակին։
Բայց էդ էլ հույժ կարևոր փաստերից չէր։ Էդ տանն ա ստեղծվել մեր ընտանիքը։ Ընդեղ ենք ընկերերով հավաքվել ու նշել մեր ամուսնությունը՝ աթոռի տեղ օգտագործելով փչացած հեռուստացույցները։
Էն տանը սկզբում ժամացույց ու հեռուստացույց էլ չկար։ Երկուսի դերն էլ կատարում էր Արտակի կոմպը։ Մի հատ հին, հալումաշ եղած բազմոց էինք ճարել, ու կոմպի մոնիտորը կինոէկրան սարքելով կինոդիտումներ էինք անց կացնում։
Հետո կամաց-կամաց ամեն ինչ էլ ավելացավ՝ մեր ջանքերով ու հարազատների օգնությամբ։ Իսկ էն, ինչը քո սեփական ձեռքերով ես ձեռքբերում, ավելի թանկ ու գնահատելի է։

էս եվրովերանորոգված տանը ապրում ենք 5 տարուց ավել։ Բայց մի տեսակ սառն ա ինքը։ Էսքան ասում ենք «Մեր տուն», բայց ախր մեջը մերը չկա, է։

Տուն եմ ուզում, «Մեր տունը»։

Cassiopeia
14.03.2015, 00:56
Փոքր հասակից 2 երազանք ունեի՝ սովորել սահել չմուշկների վրա (գեղասահք) ու լավ պարել։
Չմուշկների վրա քիչ թե շատ սովորեցի սահել ակումբի շնորհիվ, 2007 թվից սկսած :) Դե, մի երազանքս մասամբ իրականացավ։
Մյուս երազանքս էլ հիմա եմ փորձում իրականացնել։ Պարի եմ գնում։ Ու ինձ էնքա՜ն լավ եմ զգում, համ ֆիզիկապես, համ հոգեպես։ Ամեն անգամ պարապմունքից դուրս գալուց հետո մի տեսակ ավելի կենսուրախ եմ լինում։
Թե Արտակը ինչի՞ չի սիրում պարել :( …

Cassiopeia
30.03.2015, 14:19
Էնքան վատ մամա եմ ինձ զգում…
Գիշերվանից Տրդատին որոշել եմ կտրել կրծքից։ Արդեն ժամանակն է։ Բայց երեխես նենց աղեկտրուր ա լացում, երբ մոտ եմ գնում, թաթիկով ինձ կանչում… ինձ ահավոր ճնշված եմ զգում։ Երբ պառկում եմ կողքը, մեջքով եմ պառկում, որ դեմքս չտեսնի, սկսի լացել։ Հիմա ուզում եմ գրկել, բայց գիտեմ, որ գրկեցի, ամբողջ գիշերվա լացն իզուր ա անցնելու։ Պիտի մեկ-երկու գիշեր էլ դիմանամ։ Հետո կարող եմ հանգիստ գրկել, ինձ սեղմել…
Բայց արդեն կարոտում եմ, որ կողքս պառկած պինդ կպնում էր ինձ, ոտը գցում էր մեջքիս, թաթիկը դնում վրաս ու ուտում…

Մամա լինելը հեշտ բան չի :(

Cassiopeia
05.05.2015, 00:14
Սկեսուրիս երբեք «մամա» չեմ դիմել:
Արտակին հազարից մեկ եմ դիմում «կյանքս» ու հեռախոսիս մեջ ամուսնուս անունը գրված է պարզ ու հասարակ՝ Արտակ:
Տեղի ու անտեղի կեղծավորություն չկա մեր ընտանեկան հարաբերություններում:
Ու դա ամենևին չի խեղաթյուրում մեր սերը: Մենք կայացած ընտանիք ենք: Ապրում ենք մեր, ոչ թե հարևանների համար: Ու երջանիկ ենք էլի մեր համար, ոչ թե շրջապատին նախանձեցնելու համար:

Չգիտեմ ինչի գրեցի, բայց կուտակվել էր :)

Cassiopeia
25.08.2015, 00:28
Չեք պատկերացնի, թե ինչքան եմ ուզում, որ վաղվա (արդեն էսօրվա) օրն ու դրա հետևանքները արագ ու անհետ ցնդեն մտքիցս:
Ամբողջովին նյարդերի կծիկ եմ դարձել:

Cassiopeia
04.09.2015, 14:51
Ծնողը սերը երեխաների հանդեպ տարբեր է։
Կորյունը մեր առաջնեկն էր։ Նա հիմա մեզ համար խելացիության ու խելոքության մարմնացում է։
Աստղը իր «մուննաթությամբ», թիթիզությամբ ու գեղեցությամբ իր տեղն ունի։
Տրդատը… Քանի դեռ չէր ծնվել, երազում էի որ էխո-ն սխալված լինի ու նա աղջիկ լինի։ Բայց չէր սխալվել։ Կարծում էի, իրան համեմատաբար քիչ կսիրեմ (ու գրեթե բոլորն էին էդպես կարծում, քանի որ ես աղջիկ էի ուզում)։ Բայց չէ, տենց բան չկա։ Հակառակը։ Տրդատին այլ ձև եմ սիրում։ Նա լրիվ ուրիշ է։ Ուրիշ է նրա վերաբերմունքն իմ հանդեպ, նրա խանդն ու սերը, հոգատարությունը քրոջ ու եղբոր նկատմամբ։ Երբ քույրը լացում է, իր ուտելիքը տանում, տալիս է նրան, որ չլացի, իսկ երբ եղբայրն է նեղված, նրան կպաշտպանի քրոջից։ Սիրում եմ, երբ նա գիշերը կողքս պառկած իր փոքրիկ թաթիկով գրկում է վիզս, իսկ ոտքը գցում փորիս վրա, որ իրենից հեռու չգնամ։ Սիրում եմ իրա արտահայտվելու ձևը, որ ամեն ինչ հասկանում ա, իրա ուզած ձևերով հասկացնում, բայց բառ չի ասում։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ա ասելու «մամա»։ Ես չեմ ափսոսում, որ նա տղա է ծնվել։ Ես սիրում եմ իմ տղային ու հուսով եմ, որ առողջությունը երբեք չի դավաճանի իրեն ու ինքը իրեն միշտ սիրված ու հարգված կզգա։

Cassiopeia
15.10.2015, 16:48
Երիտասարդ ամուսինները երկար սպասեցին իրենց առաջնեկին։ Մինչ առաջնեկի ծնունդը 2 անհաջող հղիություններ էին եղել, որոնք ավարտվել էին վիժումով։ Վերջապես ծնվեց երկար սպասված բալիկը։ Աղջիկ էր։ Ծնողների ուրախությանը չափ չկար։ Նրանք աշխարհի ամենաերջանիկ հայրն ու մայրն էին, մինչև մի քանի ամիս անց երեխայի տարօրինակ հայացքը չնկատեցին։ Հետո զգացվեց նրա շարժումների սահմանափակումները։ Բժիշկները ախտորոշեցին «մանկական ուղեղային կաթված»։ Շոկից դուրս գալով, ծնողներն ամեն ինչ արեցին իրենց միակ զավակի վիճակը թեթևացնելու համար։ 4 երկար ու ձիգ տարիների ընթացքում, հաճախելով վերականգնողական կենտրոն, աղջիկը վերջապես քիչ թե շատ ուղիղ քայլեց։ Սակայն մտավոր հետամնաց է, իր հասակակիցների զարգացածությունից բավական հետ է մնացել։ Չի խոսում դեռ։ Մայրը հոգնել է թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ջահել ծնողները վախենում են մտածել երկրորդ երեխայի մասին, ուզում են այս մեկին քիչ թե շատ ոտքի կանգնեցնել, նոր երկրորդ բալիկն ունենալ։ Մայրը մտածում է, որ երկրորդ բալիկի ծնունդով երեխաներից մեկը խիստ կզրկվի ծնողական ուշադրությունից։

***
Տղան ընտանիքի առաջնեկն է։ 9 ամսականից բառեր էր ասում, 1-ում՝ պարզ խոսում։ Ամեն ինչ ընկալում էր ու կրկնում։ 1.8 հասակում առանց որևէ առերևույթ պատճառի դադարեց խոսել։ Արդեն 3 տարեկան է։ Գրեթե տարի ու կես մայրը նրան պարբերաբար տանում է հոգեբան-լոգոպեդի մոտ։ Դեռևս որևէ արդյունք չի գրանցվել։ Երեխայի մոտ բժիշկներն ախտորոշել են «աուտիստ սինդրոմ»։ Մայրը չի հավատում, նա գիտի, որ իր որդին չի կենտրոնանում որևէ բանի վրա, հայացքը բացակա չէ, շրջապատին ջերմորեն արձագանքում է։ Բայց մայրը չի հուսահատվում։ Ունի 1 տարեկան տղա ևս։

***
Փոքրիկ տղան 1.6 տարեկան է։ Չի կանգնում, չի նստում… «մանկական ուղեղային կաթվածի» տարատեսակ է։ Ծննդատանն ասել են, որ ամեն ինչ նորմալ է երեխայի մոտ, բայց 9 ամսականում պարզվել է, որ այնքան էլ նորմալ չի։ Ընտանիքի երրորդ երեխան է, ունի 15 տարեկան մեծ քույր, որը ևս ունի «մանկական ուղեղային կաթված» ու չի քայլում։ Եղբայրը 9 տարեկան է առողջ բալիկ է։ Իսկ երրորդը… Երրորդ հիվանդ բալիկի պատճառով քույրն այլևս դպրոց չի գնում, քանի որ ծնողները հիմա հոգ են տանում երրորդ երեխայի համար։

Հ.Գ. Ամեն մեկը մի պատմություն ունի, բայց բոլորին էլ միավորում են իրենց երեխաների հիվանդություններն ու իրենց սրտացավությունն այդ երեխաների ապագայի նկատմամբ։

Cassiopeia
11.11.2015, 13:49
93-ի այս օրը այդ տարվա առաջին ձյունն եկավ։ Պապան տուն չէր եկել գիշերը։ Հաճախ չէր գալիս տուն, գիշերն աշխատավայրում էր անց կացնում, որ հասցնի 8 բերան կշտացնել։ Ու ոտքով էր գնում գործի՝ գալիս։ Չարենցի փողոցից մինչև Արցախի փողոց՝ ՏԷՑ։ Էդ էն տարիներն էին, երբ գիշեր-ցերեկ աշխատում էին մարդիկ մի կտոր հացի համար։

Ցուրտ էր։ Տան հետևի «անտառից» հավաքած ցախն էինք վառում։ Հիշում եմ, ուրիշները գնում, ծառեր էին կտրտում, իսկ մենք գնում, գետնին թափրտված ծառի ճյուղերից խուրձ էինք անում, նստում վրան ու սղալով իջնում ներքև։ Հիմա էդ երբեմնի սիրուն ու կանաչ անտառից տափաստան է մնացել։ Էն տարիների կնիքը…

Մոմն էինք խնայում։ Մինչև մթի լավ ընկնելը բավարարվում էինք վառարանի ճեղքերից երևացող կրակի կարմիր լույսով։ Պատահում էր փոքր ամանների մեջ ձեթ էինք լցնում, մեջը բամբակի կտորից պատրույգ սարքում ու դրանով լուսավորում սենյակը։ Դրա տակ գիրք էինք կարդում։ Պապայի հետ մոմ սկեցինք սարքել։ Լյումինէսցենտրային լամպերի մեջ հալեցրած պարաֆին էինք լցնում ու մոմի տեսք տալիս։ Ճիշտ է, իրական մոմերից տարբերվում էր, բայց արդեն մթի մեջ չէինք մնում։ 94-95 թվերին արդեն «թափառող» հոսանքներ էինք բռնում ու ավտոյի 24 վատանոց լամպերով տունը շատ լավ լուսավորում էինք։ Էն աստիճան, որ ադեալներով փակում էինք լուսամուտները, որ քաղաքից չմտածեին, թե լեվի հոսանք ունենք։ Թաքուն էինք վայելում մեր հայտնագործությունը։

Թե հին հաց ու կարտոլ էր լինում, վառարանի վրա տաքացնում, եփում ու ուտում էինք։ Էդ տարիներին սկսեցի մամայի հետ լավաշ թխել։ Երբ ցախը էլ չէր լինում, ավտոյի պակռիշկաներ էինք վառում, ու մրոտ հաց ուտում։ Չէ, մենք եսիմինչ աստիճանի սոված չենք մնացել։ Պապան կարողանում էր հասցնել ինչ-որ չափ։ Չնայած եղել ա, երբ օրերով բան չենք կերել։

Ամսի 16-ին տատս մահացավ։ Ջահել էր, ընդամենը 63 տարեկան։ Բայց չգիտես ինչի, ինձ ծեր էր թվում։ Հիմա որ նայում եմ 63 տարեկաններին, զարմանում եմ… ախր ինչի՞…
Գիշերն իրա սենյակից աղմուկ լսեցի, բանի տեղ չդրեցի։ Առավոտը կիսամեռ գտանք իրան։ Մինչև հիմա մտածում եմ, որ եթե ես բարեհաճեի տաքուկ անկողնուց դուրս գալ, միգուցե չմեռներ։ Ընդամենը 13 տարեկան էի։ Բայց մութ ու ցուրտ տարիները ինձ շուտ էին մեծացրել։

Էդ օրերին փողը փոխվեց, ռուբլուց դարձավ դրամ։ Ով ոնց կարողանում էր, ձեռքի թղթադրամները ծախսում էր, որ վրան չմնա։ Եթե հնարավորություն էին ունենում, բանկերում էին դնում (հազարավոր ռուբլիները հիմա չնչին կոպեկներ են դարձել)։ Լավ եմ հիշում, 1կգ շաքարավազը 14 դրամ էր։ Լումաները չեմ հիշում, թե ինչի համար էին օգտագործվում, բայց հաստատ անգործ չէին նստում։ Հետո սկսեց դրամը կտրուկ արժեզրկվել։ Դրամը սկեցին համեմատել ճապոնական փողի հետ, որը միլիոններով է հաշվվում։


Չգիտեմ ինչի եմ սենց բաները հիշում։ Ուղեղս շատ եմ անիմաստ ծանրաբեռնում։ Էսօր որոշեցի գրել, որ տարիներ անց մեկը եթե հանկարծ կարդա, նյութեր ունենա մեր անցյալից :)

Cassiopeia
14.12.2015, 13:03
Դեռ չէինք ամուսնացել։ Արտակին հարցրեցի. «Ի՞նչ ես կարծում, միշտ միասին կլինե՞նք»։ Պատասխանեց. «Ոչ մի բան չեմ խոստանում, ոնց կստացվի»։
Անցել ա 7 տարի։ Ու էս տարիների ընթացքում Արտակը ոչ մի բան չի խոստացել, այլ պարզապես արել ա։
Ասածս ինչ ա. հեչ պետք չի, որ մինչ ամուսնանալը (ու նաև հետո) երկնքից աստղեր իջեցնելու խոստումներ տալ։ Պետք չի ոսկե դղյակներ խոստանալ կամ մի բան անել, փոշմանել արածի համար ու խոստանալ, որ էլ չի անի։ Պարզապես պետք ա ամեն քայլ անելուց առաջ կշռադատել ու ճիշտ վարվել։
Հա, ինչ էի ասում, Արտ, սիրում եմ քեզ :)

Cassiopeia
04.02.2016, 09:24
Երբեք չեմ մոռանա երկու տարի առաջվա էս օրը։ Լիքը արյուն, վախ, ահավոր սթրեսս… Բախտը ինչքան լայն ինձ ժպտաց, որ Արտակը դեռ տնից դուրս չէր եկել։ Էն որ շտապօգնության մեքենային չես սպասում, ձմեռվա սառնամանիքին առանց նասկի կոշիկ ես հագնում ու «վազում» հիվանդանոց։ Բա հիվանդանոցի պատրաստակամ անձնակազմը, որ արդեն մուտքի մոտ սպասում էր, որ մյուս վիրահատարանի հիվանդին թողել, հավաքվել էին իմ շուրջը։ Բա որ էխոյի բժիշկը երեխու սիրտը չէր գտնում… Սովորականից երկար կեսարյան… 12 ժամ անընդմեջ 2 ձեռքից ներերակային-կաթիլային։
Ու հրաշք - Տրդատը։ Էն համովս, որ 2 տարի ա ինձնից չի ուզում կտրվի մի րոպե, գիշեր-ցերեկ ինձ կպած ա, որ ամեն ինչին «մամա» ա ասում :)
Ծնունդդ (կարելի ա ասել՝ մեր ծնունդները) շնորհավոր, գանձս։ Առողջ եղիր ամենակարևորը։

Cassiopeia
11.02.2016, 13:57
Տրդատով հղի ժամանակ, երբ իմացա, որ հղիությունս բարդ է, դադարեցի Աստղին գրկել։ Նույնիսկ նստած վիճակում թույլ չէին տալիս։ Իսկ նա այն տարիքում էր, որ անընդհատ գրկվել ու սիրվել էր ուզում։ Նույնիսկ էնպես ստացվեց, որ որոշ ժամանակով Աստղը գնաց տատիկի տուն։ Հեռախոսով անգամ հետը չէի խոսում, որ ձայնս չլսեր ու ինձ չուզեր… Մինչև հիմա էլ, որ հիշում եմ այդ օրերը, ինձ ահավոր մեղավուր ու ճնշված եմ զգում։ Հիմա մեկ-մեկ էնպես եմ ուզում պինդ սեղմել իրան ինձ, որ բաց թողնվածը ինչ-որ չափով գոնե լրացնեմ։ Բայց տղերքս ամեն մեկը մի կողմից խանդի տեսարան ա սարքում։ Տրդատը գալիս, քրոջը քաշում, իջացնում ա գրկիցս, իսկ Կորյունը՝ դու ինձ չես սիրում, մենակ Աստղին ես սիրում (հոգեբանական ճնշում ա գործադրում վրաս)։ Դե արի ու երեխեքին բացատրի, թե ինչը ինչոց ա…

***
Մի տեսակ էգոիզմը արթնացել ա մեջս։ Անհամբեր սպասում եմ գարնանը, որ Տրդատն էլ գնա մանկապարտեզ ու ես օրվա մեջ մի քիչ մենակ իմը լինեմ։

Cassiopeia
26.03.2016, 00:19
Տեսնես էս կոտրվածության զգացումը երբևէ կանցնի՞ :(

Cassiopeia
11.04.2016, 01:10
Օրն արդեն անցել է, բայց նոր եմ ժամանակ գտնում գրելու համար։

Յոթ տարի առաջ այս օրվան անհամբերությամբ էի սպասում։ Դա կհասկանա միայն առաջին անգամ մայրացող կինը։ Հուզմունք, վախ, ուրախություն, անվստահություն…
Անցած յոթ տարիների ընթացքում, հուսուվ եմ, լավ մայր եմ եղել։ Արել եմ ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում էր (նաև երբեմն չէր)։ Պահեր են եղել, որ թերացել եմ։ Բայց ո՞վ է կատարյալ։

Երբ տղադ տարեդարձն է տոնում, ուզում ես համայն աշխարհով մեկ լինել ու բարձրաձայն գոռալ այդ մասին, որ բոլորն իմանան, թե ինչ լավ երեխա ունես…

Բայց իրավիճակը թույլ չտվեց։ Ես չկարողացա գոռալ էն ժամանակ, երբ մեկ ուրիշ մայր իր որդուն հողին է հանձնում, այն որդուն, ով իր կյանքի գնով ապահովեց իմ որդու անհոգ մանկության մի հատվածը։ Ահավոր դաժան վիճակ է։

Վերջին տասը օրերի ընթացքում խուսափել եմ որևէ բան գրել սոց.ցանցերում, ինչքան գովազդային ու ժամանցային էջեր կային, լրիվ փակել եմ ու միայն տեղական լրահոսով եմ բավարարվում։ Ու էսօր ինձ վատ զգացի իմ ընկերներից մեկի պատճառով, որ ընդամենը իր երեխու մի քանի ամսեկանն էր նշում ու նկարներ էր, որ լցոնել էր ֆբ՝ տորթով, մոմով և այլն։ Երեխու տարեդարձը լիներ, կհասկանայի, բայց մի քանի ամսեկանը…

Շատ եմ ուզում, որ խաղաղությունը վերհաստատվի։ Չեմ ուզում ոչ մի մոր աչքերում արտասուք տեսնել, չեմ ուզում որդուն փնտրող լացող տղամարդ տեսնել։ Ոչ մի մայր իր երեխային չի ունեցել, որ նրա մահը տեսնի, ոչ մի ծնող թող երեխայից երկար չապրի :(

Համբերություն ձեզ, որդեկորույս մայրեր։ Խաղաղություն ձեր հոգիներին, հերոս տղերք։

Cassiopeia
28.05.2016, 00:24
Ոնց են կանայք վեր կենում ու գնում դարձ՝ իրենց ամուսիններից հեռու: Ուֆ-ուֆ…

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Cassiopeia
03.06.2016, 22:38
Էսօր Կորյունենց հետ գնացել էի էքսկուրսիա։ Իրենց դասարանի հետ փաստացի առաջին անգամ էի շփվում։ Երեխեքը շա՜տ լավն էին։ Իդեան էն էր, որ ծնողական ժողովն ու էքսկուրսիան պիտի համատեղվի։ Բայց ընդամենը 4 ծնող էինք գնացել 11 աշակերտից (դասարանում ընդհանրապես 15 հոգի էին, 4-ը բացակայում էին ընդհանրապես)։ Դասվարից էլի էի լսել ու որոշ հարցերում ինքս ականատես էի եղել, թե ծնողների մի մասն ինչքան անտարբեր են իրենց երեխաների նկատմամբ։ Մի պարզ օրինակ բերեմ։

Բացակա աղջիկներից մեկի աչքերը պիտի վիրահատեն։ Խիստ կարճատեսություն ունի, ընդ որում, մի աչքը գրեթե չի տեսնում։ Դե, գրատախտակն ինքնըստնիքյան չի տեսնում դասերի ընթացքում։ Դպրոցում համակարգիչը ուսուցման անբաժան մասն է։ Բայց այդ աղջկան ուսուցչուհին թույլ չէր տալիս համակարգչին մոտենալ։ Ուսուցչուհուն ասում եմ՝ ընթերցարանը թվային տարբերակով տվեք ծնողներին, թող մեծ տառաչափերով տպեն երեխայի համար, որ հեշտ լինի, ուսուցչուհին ասեց, որ չեն անում, ինքն է երեխայի համար դասերը խոշոր տպում բերում…

Բարձունք պիտի հաղթահարեինք։ Բարձրացանք «Կոնդի բլուր» կոչված բարձունքը (Օշականին կից)։ Դասարանում մի պոնչո տղա կա, Կորյունի ասելով՝ ամենածույլիկ աշակերտը։ Մտավոր մի քիչ հետամնաց ու շարժումների մեջ՝ անզգույշ։ Չէր կարողանում բարձրանալ, մի երկու անգամ ընկավ։ Ծնողը չկար։ Ես ձեռքս առաջարկեցի։ Պինդ բռնեց ու էլ բաց չթողեց։ Նույնիսկ հարթ տեղը ձեռքս բաց չէր թողնում։ Զգացվում էր, որ մոր սիրո կարոտ երեխա է։
Ավտոբուսի մեջ պարզեցի, որ մի աղջկա մայրիկին այսօր պիտի կեսարյան անեին ու ինքն էլ անհամապատասխան հագնված էր եկել։ Մյուս ձեռքս էլ իրեն էր պատկանում։ Էլի ջերմության պակաս էի զգում մոտը։ Մի խոսքով, ինձ լրիվ էս վիճակում էի զգում էսօր.
http://s26.postimg.org/h0e6wik8l/PICT8782.jpg (http://postimg.org/image/h0e6wik8l/)

Հետո, արդեն հանգստի ժամին ուսուցչուհուն պատմեցի, որ երեխեքի մոտ մոր սիրո պակաս եմ նկատում։ Ուսուցչուհին հաստատեց։ Տղայի մայրը 2-3 տարի առաջ լքել էր ընտանիքը։ Տատիկն է պահում իրեն ու նրա մեծ քրոջն ու եղբորը։ Մորը զրկել են մայրական իրավունքից ու երեխային տեսնելու համար հատուկ օրեր ունի։
Աղջկա մայրը շատ բարդ հղիություն է տարել (երևի հաճախ պաթոլոգիա պառկելով), այսօր կեսարյան հատում պիտի անեին։ Բայց մինչ հղիությունն էլ մի բարի պտուղ չի եղել։ Աղջկա հայրը կենսաբանական հայրը չի, աղջկան հաճախ ծեծում են։ Աղջկա մոտ էլ խոսքի թերզարգացում կար։
Շատ տխուր իրավիճակ ա։ Հիմա ուզում եմ, որ կարողանամ հաճախ գնալ դպրոց, էդ երեխեքին տեսնեմ։ Միգուցե իրենք իմ մեջ հարազատ հոգի են տեսել։

Եկանք տուն, Կորյունն ասում ա. «Մամ, ինչի՞ էին քեզ կպած երեխեքը։ Երևի ամենասիրուն մաման էիր, դրա համա՞ր»… (Սրանից լավ կոմպլիմե՞նտ… չէ, հաստատ չկա)

Cassiopeia
10.07.2016, 05:10
Երեխեքին մոտ 2 շաբաթ չեմ տեսել: Ահավոր կարոտել եմ: Էսօր պիտի գան: Բայց հենց հիմա ես չեմ ուզում որ գան: Չեմ ուզում տեսնեն ամբողջ գիշեր աչք չփակած, գրիպից ամբողջ դեմքը այտուցված ու մոծակի խայթոցից մի աչքը փակ մամային: Երեխու համար մաման պիտի հնարավորինս իդեալական լինի:

Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

Cassiopeia
20.04.2018, 23:50
Ես ինձ ահավոր կիսատ եմ զգում։ Ես ինձ վատ եմ զգում, որ էլ չեմ կարող երեխա ունենալ։ Հա, ունեմ երեք հրաշք, բայց ես էլի եմ ուզում։ Ուզում եմ սրտիս տակ զգալ ուրիշ սրտիկ։ Ուզում եմ նորածին բալիկ գրկել ու գրկիցս բաց չթողնել։
Ու հիմա շատ լավ եմ հասկանում երեխա չունենալուն դատապարտված ծնողներին :(
Մի երկու օր առաջ նույնիսկ Տրդատը, ով առանց ինձ կյանք չունի, ավտոբուսի միջի փոքրիկ բալիկին ուզում էր բերել մեր տուն։ Ես նման բան չէի սպասում իրենից (Տրդատին ճանաչողները կհասկանան, թե ինչի).. Տրդատը արդեն պատրաստ ա դրան, իսկ ես՝ չէ, ես երբեք էլ պատրաստ չեմ լինի :'(