PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոյեմավարի



Նոյեմ
03.07.2014, 21:11
Գտա այնպիսի տեղ, որտեղ կարելի է գրել այն, ինչն ուրիշ ոչ մի տեղ գրելու պիտանի չէ: Ֆեյսբուքի մթնոլորտը միշտ էլ վանել ա, բլոգս էլ կարճ-մարճ բան գրելու համար հարմար չէ: Կարծում եմ՝ էս մի տեսակ թաքուն տեղ ա, որտեղ մենակ դու ես կարդում գրածներդ: Հարմար ա: :nyam

Նոյեմ
03.07.2014, 21:32
Որ ասում են,եթե մի բանը շատ ես ուզում ու վստահ ես, որ կատարվելու ա, ինքը անկախ ամեն ինչից վերջում կատարվելու ա:
Էսօր մի բան եղավ հետս, որ հաստատեց էս միտքն իմ կյանքում:


1,5 ամիս առաջ մի հատ կրթաթոշակի համար դիմում էի ուղարկել: ՈՒղարկելուց առաջ լավ զննեցի գրածներս, հատկապես՝ հիմնավորագիրս, ու համոզված էի՝ անցնելու եմ: Չնայած էդ մրցույթը խիստ կարևոր չէր ինձ համար, բայց բավականին հաճելի կլիներ անցնելը: 1 ամիս պիտի պատասխանին սպասեի: Էդ ընթացքում ինքնաբերաբար միշտ վիզուալացնում էի, որ արդեն անցել եմ: Ոնց որ թե՝ մեջս արդեն ֆիքսվել էր, որ ուրիշ տարբերակ չկա էլ, որ անցնելս արդեն ճշմարտություն ա:


Եկավ պատասխանի օրը: Ո՛չ նամակ եմ ստացել, ո՛չ էլ զանգ: Ես էլի չէի հավատում: Զանգեցի: Տվյալներս հարցրին ու թե՝ չէ, հաստատ չեք անցել:
Մի քիչ հիասթափվեցի ու լրիվ մոռացել էի սրա մասին:
Արդեն 15 օր ա անցել: Էսօր զանգ եմ ստանում:

-Բարև Ձեզ, ես Նարինեի հե՞տ եմ խոսում:
-Բարև Ձեզ, այո:
-Էսինչ ծրագրից ա, ինչու՞ լրացուցիչ փաստաթղթերը, որ Ձեզնից պահանջել ենք, չեք ուղարկել:

ՈՒ ինչ ա պարզվում: Նախ՝ պատահաբար մեյլս սխալ են գրել ու ուրիշ մէյլի ուղարկել դրական պատասխանը: Հետո էլ զանգիս են բացասական պատասխան տվել, անունս կրթաթոշակառուների մեջ խիստ պատահաբար չեն գտել: Ու ամենավերջին օրը ինձ տեղեկացնում են, որ անցել եմ: ՈՒ ես սկսում եմ հավատալ էներգետիկ ուժերի գոյությանը, օ Աստվածներ: :oy

Զարմանալի բան ա էլի,էս կյանքը:

Նոյեմ
05.07.2014, 20:50
Մի տղա կա, հեռու բարեկամ, տարել են բանակ, ընկել ա Եղնիկներ: Սաղ վախեցած են, նիհար, համեստ, կարելի ա ասել նաև՝ խեղճ տղա ա,ընտանիքն էլ լավ չի ապրում, սաղ վախեցած են , բացի իրա մամայից: Ու ի՞նչ ասի իրա մաման, որ լավ լինի՝ "Է, դե հա, վախենալու ա, բայց ոչ մի անգամ Ղարաբաղ չեմ գնացել, առիթ ա էլի, մի հատ գնամ տեսնեմ, հի-հի-հի"

:|

Բարեկամների էդ նույն գծից մի աղջիկ կա, աղիների հետ կապված խնդիր ունի,18 տարեկան ա: Անընդնհատ բերում են Երևան, անալիզ բան ա հանձնում, նոպաներ ա ունենում: Դիետա են նշանակել ու մի հատ դեղ՝ յուղի նման բան, որ հացից առաջ պետք ա խմի միշտ: Ու ինքը չի խմել ոչ մի անգամ: Ասում են, այ աղջիկ, ինչի՞ չես խմում, ասում ա՝ է՜, տեսքը լավը չի: Ոչ էլ դիետա ա պահում, ինչ ուզում ուտում ա: Ասենք, իմանաս, որ էդ քեզ անհրաժեշտ ա ու չանե՞ս, որովհետև դեղի տեսքը լավը չի:

Նայում էի իրան էսօր, ու մտածում՝ ինչի՞ էլի էս գենը իմ մեջ դոմինանտ վիճակում չի: Անդարդ, անխելք, անջատված , բայց իրանց նման երջանիկ կապրեի: Հերիք չի աշխատանք/հանգիստ -ն ա պլանավորած ինձ մոտ, մոտակա 2 տարվա գործերս, ընդհանուր նպատակներս (ինչ պիտի անեմ, ինչ չանեմ, ինչ եմ ուզում, ինչ չեմ ուզում), մի հատ էլ նաև սննդակարգ, սպորտ, յոգա: Ախր, ո՞նց կարա էլի մարդ տենց ապրի, իրանց նման: Ու , առհասարակ, ես էլ շփոթվեցի, թե արդեն որն ա ճիշտ,որը՝ սխալ: Մարդ թողնի ամեն ինչ ու անջատված գոյատևի:

Հետո սկսել եմ ջոկել, որ ,իրոք, խելքն ինչքան քիչ ա (խելք ասած մենակ գիտելիք, ինտելեկտը չէ), մարդ էնքան երջանիկ ա: :pardon

Նոյեմ
08.07.2014, 00:49
Միշտ էլ ներքին կռիվներիս առաջին վկաները եղել են օրագրերս: Վկաները մարդու տեսք են ստացել միայն այն ժամանակ, երբ ճակատամարտից վերջնական հաղթանակած դուրս եմ եկել: Ամեն մարդ զբաղված ա սեփական փոսից դուրս գալով: Դրանք անխուսափելի են: Ճանապարհով գնում ես ու, հոպ, փոս: Պետք ա հաղթահարել մենակ, այլ ելք չկա: Պետք չի խանգարել ուրիշին:

Առաջին հայացքից էս սցենարը միշտ էլ սխալ ա թվում, ինչու՞, պետք ա կիսվել, պետք ա օգնություն խնդրել: Ու բնականաբար առաջին վերաբերմունքս, որպես կանոն, էն էր, որ ես եմ սխալլը, որ սխալ եմ վարվում, որ էս թուլություն ա: Ու վկաներիս հերթականությունը փորձեցի փոխել: Շատ տանջվեցի, բայց հաջողացրի: Ամեն ինչ ավելի տխուր դարձավ:

Պետք չի բոբո լինել, պետք ա օգնել, օգնություն խնդրելուց երբեք էլ հպարտությունս գլուխ չի բարձրացել, երբեք չեմ ամաչել, որ չգիտեմ: Միայն թե տորմուզ եմ լինում, երբ գործը հասնում ա "ներքին կռիվներիս": Ես եմ ու իմ կռիվները: Բոլորին հանգիստ թողեցի ու սովորեցի էսպես ապրել, էսպես կռվել: Ամեն մարդ իրա կռվի փոսն ունի, դժվար ա նույն կռվի երկու մարդ գտնել, ամեն դեպքում՝ ինձ մոտ չի ստացվում:

Չգիտեմ՝ բնությունն ա ինձ էսպես ստեղծել, թե ես եմ էսպիսին դարձել:

Նոյեմ
10.07.2014, 17:53
Մի հատ տղա կա, գլուխս մի տարի տանում էր, թե ինչպիսին պետք ա լինի իրա ապագա ընկերուհին: Ընդհանուր առմամբ՝ զարգացած տղա ա, խելացի, արտաքինից էլ բավականին հմայիչ: Երկրպագուհիներ ուներ. բոլորին համարում էր իրանից աշխարհայացքային-ճանաչողաական-ինտելեկտուալ մակարդակով խիստ ցածր: Ձեռ էր առնում ու միշտ կոնկրետ մի աղջկա սիրային նամակներն էր ինձ ուղարկում (ոնց էր աղջիկն առաջարկում միասին ջրոցի խաղալ, միասին զբոսնել և այլն):


Էդ տղայի հետ մոտ 2 տարի ա կապը խզվել ա: Մեկ էլ երեկ նյուզֆիզում իրա պուփսիկ բնույթի կոմենտը երևաց մի աղջկա նկարի տակ, մտնեմ, օհօ՜, էն նույն աղջիկն էր: Արտաքինից աչքի ընկնող չէր, սաղ պատը սիրային նկարներով ստատուսներ, ասենք՝ "լյուձի ու կատորըխ զելյոնըե գլազա, նե վրուտ" ու համբուրվող զույգի նկար տակը: Ծիծաղս եկավ: :D


Ասում են՝ տղաները չեն սիրում խելացի աղջիկների: Ըստ իս՝ ուղղակի վախենում են մրցակցությունից, դժվար ա հավասարի կամ ավելի ուժեղի հետ) Իսկ ահա քեզնից թույլի մոտ հեշտ ու հանգիստ կարաս մաչոյի դերը խաղաս: Մի եղեք էդքան անսկզբույնքային, հավես չի) :nea

Նոյեմ
11.07.2014, 11:21
Նոր զանգեցին ինչ-որ ավիատուրից ու հայտնեցին, որ ինձ համար էժան տոմս են ճարել: Իսկ ես արդեն առել եմ էդ տոմսից 35.000 դրամ թանկ :aaa Հո չեմ տանջվում, հո չեմ տառապում :angry

Նոյեմ
13.07.2014, 15:11
Թող ստեղ էլ մնա: :think

Եթե որևէ գործնական հանդիպում ա, ինքնավստահությունս ինձ ուտում ա, սաղի "դեմքին կթռնեմ" , հաստատ ուզածիս կհասնեմ: Իսկ եթե կոնկրետ գործ չկա, ուղղակի ինքնահոսի շփում ա մարդկանց հետ, որոնք շատ են ու միաժամանակ իրար հետ մի տեղում, անհանգստություն ա լինում մեջս, տագնապ, լարվածություն: Եթե 1-4 անծանոթ մարդ ա,նօ պրոբլեմ, շատ հանգիստ եմ, բայց հենց թիվը 5+ ա դառնում, ես սկսում եմ ինձ իմ ափսեում չզգալ:

Համ գրեցի, համ նոր բացահայտեցի, որ էս իրոք սենց ա, անդուր, գործնական մարդ եմ: Կամ մի ուրիշ բան էլ կա, խուճուճ ա:

Նոյեմ
13.07.2014, 15:14
Զարթնում եմ: Գիրք կարդում: Մի տեղ փռվում: Սնվում: Գնում սարերում զբողնելու: Գալիս տուն: Գիրք կարդում: Քնում:

Եվս երկու շաբաթ, ու վերջ էս ռեժիմին: Չեմ ուզում վերջանա: :(

Նոյեմ
13.07.2014, 20:33
Երբ չգիտես էլ որ պահից, սկսես ամեն ինչի մեջ օգուտ տեսնել, եթե օգտակար չի՝ թողնել, կյանքդ կարճ ժամանակ անց կվերածվի "ճիշտ է, սխալ է" վանդակի: Երևի ինչ-որ բաներ էլ պետք ա անել առանց որևէ պատճառահետևանքային կապի: Դեռ դրան չեմ հասել: Սկվերնո:

Նոյեմ
15.07.2014, 00:27
Էսօր երկու բան ա եղել, մի հատ լավ, մի հատ՝ վատ: Սկսեմ լավից:

Նորի՜ց: Եվս մի ծրագիր, որ անցել եմ :unsure Բայց դեռ երկրորդ փուլ: Վաղը գերմաներեն հարցազրույցի եմ ու գրավոր քննության: Ու ես ընդհանրապես ժամանակ չունեցա մարդավարի պատրաստվելու:
Դեռ ոչ մի անգամ ծրագրի անցելը չէին տեղեկացրել հեռախոսիս sms ուղարկելով: Ասենք գրած ա՝ Hargeli Narine Harutyunyan, esinch cragric e. Vaxe ekeq harcazruyci blablabla ... Մդա: ՈՒ ԵՄ և ՀՀ ԿԳՆ են կաղմակերպում :esim Վաղը ինչ հասցնեմ-հասցնեմ պատրաստվել: Համ ուզում եմ անցնեմ, համ՝ չէ: Ուղիղ քննություններիս ընթացքում ա ընկնելու ծրագիրը, իսկ էդ իմ բուհի համար գլխացավանք ա ահավոր: Նորից հետո հանձնելը և այլն: ՄՈԳ-ս ավելի կարևոր ա: Մի խոսքով՝ վաղը ինձ հաջողությու՛ն:



Հիմա վատը: Էսօր Ռուսաստանից հարուստ բարեկամներս էին եկել: Իրոք շատ ազնիվ մարդիկ են, սաղ իրանց բացառիկ խելքի շնորհիվ են վաստակել:

Իմ բոլոր հաջողություններից տատուցս տեղեկանում էին: Մինչև էսօր միշտ նենց մեծ ոգևուրթյամբ էի մտածում իրանց մասին: Իսկական մոտիվացիա են, ասել են, որ միշտ կօգնեն, եթե ուզեմ ուսումս շարունակել: Էսօր սաղ փշրվեց,իզուր հույսեր, դատարկ մտքեր: Ոչ մի հոգևոր ու ֆինանսական հիմք չեն լինելու ինձ համար, ինչը որ էսքան վախտ երևակայել եմ ապագայիս հաշվով: Էլի ես եմ գլխիս ու գործերիս միակ տերն ու պատասխանատուն հիմա ու հետո: 4 իմ տարիքի ուսանող-քույրեր կայինք էսօր, ինձ 3 անգամ փաչեց տարբեր ժամանակներում՝ որպես ողջույն էլի, ինձ անդեմ X դեմքով բարեկամ էի զգում: Եզրակացություն՝ ոչ մեկի հետ հույսեր մի փայփայի, ամեն ինչ փշրվելու ա ու հիասթափվելու ես: Կյանքդ պետք ա կապված լինի մենակ նպատակների, և ոչ երբեք մարդկանց հետ: Մարդկանց պետք ա սիրել ու օգնել, բայց ոչ ինչ-որ բան սպասել:

Նոյեմ
17.07.2014, 23:44
"Ուժեղ" մարդկանց մասին

Ազնիվ խոսք, միշտ էնպես եմ զարմանում մարդկանց վրա, ովքեր ծաղրում են ուրիշիի տեսակետը: Մտածում էի՝ բավականաչափ ինքնավստահ չեմ, դրա համար այլ տեսակետներն ինձ համար ծաղրելու ցանկություն չեն առաջացնում, այլ՝ ընդունում եմ, փորձում հասկանալ՝ անկախ ամեն ինչից: Միշտ սրտիս խորքում լիովին հասկանում եմ դիմացինիս վիճակը (համենայն դեպս, ինձ էդպես է թվում), երբեք չեմ մեղադրում, եթե նույնիսկ իմ ճշմարտությանը դա դեմ է: Ախր արտաքին և ներքին այնքան գործոններ կան՝ քարոզչությունից սկսած ընտանիք-բարեկամներից վերջացրած, որ դրանց հաղեթլը գրեթե հնարավոր չէ, մաքուր անձնական կարծիք՝առանց որևէ ազդեցության, գոյություն չունի: Վստահ եմ:

Ու ինչքան էլ տարօրինակ, կան մարդիկ, ովքեր հիմնովին ժխտում են ցանկացած ուրիշ կարծիք: Որևէ կերպ չեն քննադատում իրենց, միշտ իրավացի են, ուրիշները երևում են մժեղներ, հիմարներ իրենց՝ աստվածների կողքին:


Վերջերս հետևում էի էդպիսի մի ինքնավստահի կյանքին՝ սոցիալականա կայքերով, բլոգում: Ու ամեն ինչ ջրի երես դուրս եկավ: Սա ընդամենը ինչ-որ ինքնապաշտպանական մեխանիզմ է: Էս ինքնավստահների տակ թաքնված է դեպրեսիվ ու ինչ-որ մխիթարանք փնտրող էակ: Խելացի մարդը չի տրվում միայնության, որովհետև ուրիշներից ավելի խելացի ու բարձր է իրեն համարում: Իմաստությունը կենսամերժ չէ, այլ՝ օգնում է ավելի թեթև նայել կյանքի աբսուրդիզմին: Եթե "իմաստությունդ" քեզ ստիպում է ժխտել կյանքը, ուրեմն էդ իմաստության հետ մի բան այն չէ:

Ուժեղ մարդը միշտ երջանիկ է :

Նոյեմ
18.07.2014, 13:56
Նոր հորքուրիս հետ էի խոսում հեռախոսով, փորձեցի դուխ տալ, բայց իրականում սիրտս էլի հազար կտոր եղավ: :(
Մոտ 1,5 ամիս առաջ ընկել ա, ոտքն ա կոտրվել ու ձեռքը: Հիմա քայլում ա, շարժվում ա, բայց էլի պառկած ա լինում:

Հորքուրիս չափ դեղ խմող հնարավոր չի գտնել: Օրական խմում ա 5-6 դեղ: Գլխացավի, հանգտացնող, սրտի դեղ, եսիմինչ: Երկար ժամանակ գլխացավերից էր բողոքում, ինչ բժկի մոտ ասես, որ չի գնացել: Բոլորն ասել են, որ գլխի հետ ամեն ինչ կարգին ա, որ ոչ մի խնդիր չի գտնվել: Բայց ոչ ոք իրան չի համոզել, էնքան ա գնացել, որ վերջը օրական 3-4 դեղ են նշանակել, որոնցից մեկը՝ շատ ուժեղ քնաբեր (հոգեմետ դեղ ա համարվում): Դրանից հետո հորքուրիս մոտ իսկական անկում ա սկսվել: Բավական արագ չաղացել ա, գլխացավը համարյա չի պակասել: Բայց իրա խոսքերով՝ էդ դեղն ա իրան "պահում": Եթե, օրինակ, բժիշկն ասի, որ իրա ողնաշարը կոտրված ա, կհավատա:

Հորքուրս ալտրուիստ ա: Դրա ամենաիսկական դրսևորումով: Եթե մի անգամ իրանց տանը լինում, մինչև ինչ ունի չունի ինձ չտա, չի հանգստանա: Բոլորին նվերներ ա առնում անդադար, չնայած որ մեծ վարկերի տակ շնչահեղձ ա լինում: Վերջինս էլի իրա անհամակարգված կյանքի արդյունքը: Վարկ վերցնել, որ տունը սարքի, բայց խանութների պարտքերը տալ ու հետո նոր վարկ վերցնել, նախորդ վարկը փակելու համար, ու տենց անդադար:

Մեր բոլոր հորդորները, որ էլ էդքան դեղ չխմի, որ գլխացավի վրա էդպես չֆիքսվի, որ անիմաստ առևտուրներ չանի, նվեր չանի, եթե չունի, իզուր են, դատարկ: Ու էդպես անընդհատ ներքև ա իջել հատկապես ծննդաբերությունից հետո (բավականին ուշ ա ամուսնացել), Էսօր էլ ասեց, որ սպասում ա ՝ գան սիստեմ միացնեն, իրան լավ չի զգում: Էդքան դեղերից հետո էլ ոչ մի բան վրան չի ազդում, օրգանիզմն էլ բավականին թույլ ա: Ոչ այդքան հաջող ամուսնություն, վարկեր, գլխացավեր...


Ինքը իրան ցեխի մեջ ա քցել ու ոչ ոք իրան օգնել չի կարողանում: Ինչ դարձավ իմ աշխույժ, բարի, ամենալավ հորքուրը:

Նոյեմ
19.07.2014, 21:33
Ով ինձ ներքոնշյալ հարցում խորհուրդներով օգնի, Խոստանում եմ Եվրոպայից հետս մի լավ բան կբերեմ իրա համար: :B


Ես արդեն էնքան եմ գլուխ ջարդել, վերլուծել, համադրել, դասակարգել, որ էլ թունելի վերջում լույսը չի երևում:
Ես էնպիսի մարդ եմ, որ չի կարա միաժամանակ 2 մասնագիտությամբ զբաղվի: Եթե ինչ-որ բան պետք ա շատ լավ անել, ուրեմն պետք ա մի հատ լինի: Ի՞նչ բաժին ընտրեմ Master-իս համար: Չնայած դեռ ուղիղ մի տարի ունեմ մինչ վերջնական որոշելս,բայց հիմա պետք ա իմանամ, որ էս տարում պատրաստվեմ:

1. Ֆինանսներ
Սա էն սֆերան ա, որ ես միանշանակ ռեալիզացվելու եմ: Նույնիսկ Հայաստանում արդեն լիքը դռներ եմ տեսնում բաց ինձ համար: հեշտ ու հանգիստ գործ եմ ճարելու ու անընդհատ խորանալու եմ սրա մեջ: Բայց մի բայց կա, մենակ ֆինանսներն ինձ բավական չի, ձանձրալի ա, անլիարժեքության զգացողություն ա առաջացնում:

Դրական կողմ: Հեշտ գործ ճարել, լավ փող աշխատել, բարեկամներս սաղ գոհ են ու հպարտ ինձնով: Առոք-փառոք եմ:
Բացասական կողմ: Մի բան պակաս ա,անլիարժեքություն կա: Պետք ա քաղաքականության հետ գործ ունենամ, որից նողկում եմ ու լավ գլուխ չեմ հանում:

2. Հոգեբանություն
Դեռ 10-11 տարեկան, որ նստած հեռուստացույց էի նայում ու հանկարծ "Psy" էի մի տեղ տեսնում, հոգեբանությունից էին խոսում մի տեսակ թիթեռնիկներ էի զգում մեջս, հուզվում էի, ոգևորվում, սա էն ա, ինչն ինձ ամբողջթյամբ գրավում ա, կարամ անվերջ խորանամ ու հաճույք ստանամ: Բայց չեմ ուզում խորհրդատվությամբ զբաղվել, դա հաստատ իմը չի: Ես սիրում եմ հոգեբանություն, փիլիսոփայություն, բայց որ կյանքն ու ինձ ավելի լավ հասկանամ: Իսկ հոգեբանն առանց գործի ու՞մ ա պետք:

Դրական կողմ: Սովորածիցս կայֆ եմ ստանալու, լրիվ երջանիկ կզգամ ինձ:
Բացասական կողմ: Չեմ աշխատելու, սաղ հարազատներս ընտրությունից մինչև սովորելուս վերջ անվերջ նախատելու են ինձ, որ բախտիս վրա քար եմ գցել: Ու ֆինանսական բակալավրով գլուխս չի մտնում, թե ով ինձ կընդունի Master-ի էս մասնագիտությամբ:

3. Տնտեսագիտական հոգեբանություն:
Մտածում եմ՝ խառնեմ իրար, որ ամեն մեկից քիչ-քիչ լինի:

Դրական կողմ: Դուրս կգա: Կարամ ինչքան ուզեմ իմ ուզածը սովորեմ:
Բացասական կողմ: Էլի կարող ա դժվար լինի համոզել, որ ինձ կրթաթոշակ տան: Դժվար ա էնպիսի բուհ ընտրել, որ բակալավրիատում հոգեբանություն չպահանջի: Ու հետո էլ գործ ճարելը շատ դժվար կլինի:


Մի խոսքով՝ սենց: :noti :aaa

Նոյեմ
22.07.2014, 18:24
Հարցազրույցի գնալն արդեն թեյ խմելու նման մի բան ա դառել: :D Էսօր ծրագրի վերջին փուլն էր, հարցազրույցի էի` հնարավորինս բարեհաջող: Սրանով սահմանափակում եմ հարցազրույներիս սեզոնը ու արձակուրդ եմ գնում :)) Հերիք ա :))

Նոյեմ
22.07.2014, 21:40
Չգիտեմ` լավ ա, թե` վատ, բայց էս ա: Հազարավոր բառերի փոխարեն:

Հ.գ. 10-ին ավելի լավ հորիզոնական էր էլի սազում: Ես բոբո եմ:

http://i.imgur.com/KWcj6YQ.jpg?1

Նոյեմ
29.07.2014, 11:46
Մարդկանց մոտ լինու՞մ ա ամբողջությամբ հանգիստ վիճակ: Ես իրոք չգիտեմ: Լինու՞մ ա ձեզ մոտ տենց, որ երկար ժամանակ հոգին ոչ մի բանից չթրթռա:

ՎԵրջերս հայտնաբերեցի, որ չեմ հիշում՝ ինձ մոտ երբ ա տենց եղել վերջին անգամ: Ես լիովին հանգիստ երբեք չեմ լինում: Միշտ թեթև անհանգստություն եմ զգում, եթե նույնիսկ տրամադրությունս շատ բարձր ա: "Состояние невесомости" ասածը ինձ մոտ բացակայում ա: Սիրտս շատ հանգիստ ա աշխատում, բայց մեջս ոնց որ ծովում, ալիքները իրար են խփում: Հավես չի:

Նոյեմ
29.07.2014, 23:20
Երբ տեսնում ես, թե ոնց են քեզ ամենահարզատ երիտասարդներին ու դեռահասներին ծնողներն իրենց հիմմմարագույն գերխնամքով հերն անիծում: Մի՞թե կարելի ա երեխային "խրուստալի" նման պահել, մի՞թե ակնհայտ չի, որ այդպիսով երեխայիդ ապագան, բարեկեցիկ կյանքը գրողի ծոցն ես ուղարկում: Տեսնում ես ու հասկանում՝ ինչքան անզոր ես դու էդքան բանը ծնողի գլխի մեջ խցկելու համար: Ոնց որ փայտե գլխի մեջ փորձեց երկաթյա ձող խցկել՝ առանց փայտը վնասելու:

Էդքանից հետո էդ ծնողը գալիս ա ինձնից խորհուրդ հարցնում. Երեխաս շատ ամաչկոտ ա, ոչ մեկի հետ չի կարում լեզու գտնի, շատ ինքնամփոփ ա , անիքնավստահ, բա հարզատ մարդ ես, նենց արա, որ մի քիչ բացվի, աշխատի հետը, մենակ քեզնով ես զբաղված սաղ օրը, էդքան գիրք մի կարդա, էդքան բան մի սովորի:

Դե արի ու մի ասա՝ դֆյգհդֆկյգհֆդկյգհգհգհգհգհ:

Ծնողը պետք ա ունենա անձնական կյանք: Ծնողը չպետք ա բավարարվի մենակ ծնող դերով: "Ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում"-ասածը հա՛մ ձեր հերն ա անիծում, հա՛մ ձեր էրեխեքի: Սեփական նպատակներ չունեցող, սեփական կյանքի իմաստը փնտրել չկարողացողները իրենց նույնացնում են ծնող դերի հետ ու մի հարվածող երկու նապաստակ սպանում:


Անձնական կյա՛նք ունեցեք: Սե՛փական նպատակներ ունեցեք: Ապրե՛ք ձեր կյանքով: Ու թողեք, որ ձեր երեխեքն էլ իրենց կյանքով ապրեն: Երեխան ձեր անձնական կյանքը չէ՛, երեխան ձեր կինը կամ ամուսինը չէ՛: Նա ազատ ա: նա սեփական գործողությունների պատասխանատուն է: Ձեր դերը սեփական փորձով օգնելն ու կյանքի ծով բաց թողելն է:

ԴՈւք անտանելի եք: Ան-տա-նե-լի:

Նոյեմ
30.07.2014, 00:11
Մեկ-մեկ ոնց եմ ափսոսում, որ մարդիկ քննություն չեն: Ես աչքերիս առաջ չունեմ հստակ հարցաշար, որի հիման վրա հստակ պլան կկազմեմ իմ անելիքներով՝ րոպե առ րոպե: Ու ուժեղ կամքիս ու մեծ աշխատասիրությանս շնորհիվ կկարողանամ հաղթել ցանկացածիդ, ինչ-որ անում եմ սաղ հարցաշարերիս հետ:

Այո,ի դժբախտություն ինձ, մարդիկ ինձ հետ հանդիպելուց հետո իրենց հարցաշարն ինձ չեն տալիս: :( Իսկ առանց հարցաշար անվերջ քննություն հանձնել ես դեռ չեմ կարողանում: Դուք՝ մարդիկդ... դժվար ա ձեզ հետ: :cry2

Նոյեմ
30.07.2014, 14:02
Մի տեղ սենց բան էի կարդացել "Միշտ ինձ հետաքրքիր ա, թե ինչու է վարսավիրը հարցնում՝ ինչպես կտրել, միևնույնն ա իրա ուզած ձևով ա կտրելու":
Երեկ ավանդական հարցն էր: Ասեցի՝ տակից մի քիչ, որ ճյուղավորվածները կտրվեն:

Անջատված նստած էի ամբողջ կտրելու ընթացքում, մեկ էլ վերջում հանկարծ տեսա, որ մազերիս 1/3 -ը կտրել ա :D :hands Վադ եմ: Բայց ահավոր չի, ոչինչ, ինձ համար լրիվ մեկ ա:

Հ.գ. էս էլ նկարս,թազա հեռախոսով նկար էսօրվա, ոնց որ խոստացել էի :)) դիմացի կամերան հաստատ չի փայլում իրա հմտությամբ :esim

http://i.imgur.com/zQVZTlj.jpg

Նոյեմ
07.08.2014, 23:17
5 օր ա, ինչ Գերմանիայում եմ, անհավատալի ա: Ինձ թվում ա ՝ առնվազն 1-1.5 ամիս ա ՝ ստեղ եմ: Էնքան շատ բան ա կատարվում մի օրվա ըթնացքում, որ չես հավատում՝ դեռ մի օր ա անցել: Ինքս էնքան բաներ էի նախատեսել նախաձեռնել, բայց մի վայրկյան ազատ ժամանակ չեն թողնում.. միջոցառումներ, էքսկուրսիաներ, փարթիներ.. + տնային աշխատանքներ համալսարանից: :apeape Վերջապես 10 րոպե ժամանակ գտա ՝ ինտերնետ մտնելու: Գնամ կայֆ թազա առած թեյս խմեմ, մի քիչ հանգտանամ ու անցնեմ դաս անելու:

Արդեն ժամը 21:16 ա:
Էսօր Նիդերլանդներ-Գերմանիա-Բելգիա սահմանն էին տարել: Միաժամանակ 3 տեղ լինելը զաշկալիվայէտ: Կոնեց սվյազի: Խշխշխշխ...

Նոյեմ
10.08.2014, 00:35
էսօր Ամստերդամի Sexmuseum-էի: Հերիք չի 10 րոպե հետո դուրս եկա, դուրս գալուց հետո էլ մոտ 40-45 րոպե էլ գլխապտույտ ու սրտխառնոց ունի էդ "թանգարանից": Յա յիշյօ րիբյոնոկ: Յավնո: :esim

Նոյեմ
16.08.2014, 04:06
2:19
Կողքի սենյակներից մեկում ինչպես միշտ փարթի է՝ կարճ ասած զույգավորման երեկո: ԱՂմկում եեեեն: Քունս էլ չի տանում:

Նոյեմ
21.08.2014, 01:15
Էսօր էլի կինո էինք նայում գերմաներենով: Բայց էս անգամ մենք էինք կազամկերպել, ոչ թե համալսարանը: Էն որ կինոթատրոն ա, բայց սեղաններ են առանձին, ոչ թե մենակ աթոռներ:

Դեպրեսիվ կինո էր: Գլխավոր հերոսին անընդհատ թվում էր, թե մեկը իրան հետևում ա: Պարզվեց էդ մեկը գոյոթյուն չունի, տեսողական հալյուցիացիա էր: Սկզբից անտեսում էր, հետո սկսեց հետը խոսել: ՈՒ տենց սաղ կինոն:

Վախենում եմ սենց կինոներից ու հալյուցիացիաներից:

Ափոսոս էր 3 եվրոս :((

Նոյեմ
25.08.2014, 00:31
Ամառային դասերի համալսարան գալիս ա մոտ 30-40 ուսանող (համալսարանում միայն C1+ ունեցողներն են): Էսքանիս մեջ կան 10-15 ռուս: Տարօրինակ օրինաչափություն անխտիր բոլորի համար:

ա/ շատ արագ զույգ են գտնում, էս բնորոշ ա աղջիկներին հատկապես:
բ/ սկսում են շփվել, նույն սենյակում մնալ հաճախ... մենակ վերոնշյալ զույգի հետ
գ/ կուրսից ցանկացած ուրիշի հետ մունաթով են միշտ խոսում
դ/ չեն բարևում, շնորհակալություն-խնդրեմ կյանքում չեն օգտագործում
ե/ սաղ խմբերից ռուսները իրար ճարում են ու մենակ իրանք իրանց հետ են շփվում

Փարիզում արկածախնդիր կորելուցս հետո (հավես ունենամ , կգրեմ էս շայ** պատմությունը :D) միակ արձագանքը, որ ստացա իրանցից (դեպքից հետո առաջինը իրանց եմ տեսել, ես առանց փող եմ, առանց հեռախոս, ու հյուրանոցի անունը չեմ հիշում) հետևյալն էր՝

- Իրոք որ Ք*** մեջ ես


-_-

Ասեցին ու սկսեցին իրար հետ համբուրվել:

Հատուկենտ միգուցե կարելի լավ ռուս գտնել, բայց շատ հոխմութիգ ազգ են, իմ արև :[

Նոյեմ
25.08.2014, 00:35
Անցած շաբաթ մի գերմանացու հետ ծանոթացա, ով մի տարի Երևանում կամավոր է եղել: Հերիք չի գրական հայերեն գիտեր, մի հատ էլ Երևանի ժարգոնով էր կարում խոսար :))
Հարցրի՝ Երևանի որ մասում ա ապրել, ասեց՝
-Վստրեչի կրուգի կանեց.. (Ինչ-որ սենց բան, ես բառացի չեմ հիշում): :D


Կամ էլ այգում նստած էինք, մեկ էլ ասում ա՝

-Էս ինչ գազան են բայց ստեի աղավնիները:

Դեմք ա :D

Նոյեմ
25.08.2014, 02:25
Մի կողմից տրամաբանությունս ինձ ասում ա, որ լրիվ նորմալ ա, որ կարողացա կրթաթոշակ շահել ու Գերմանիա մեկնել:Դիմելուց մի տարի առաջ տեղյակ էի ծրագրի մասին: Վստահ եմ, որ ոչ ոք դիմորդներից ինձնից շատ տեղեկացված չէր ծրագրի մանրուքների մասին: Գիտեի բոլոր ծակուծուկերը ոչ միայն մեր, այլև՝ այլ երկրների դիմորդների համար: Ու պիտի որ բնական լիներ, որ դիմումս ուժեղ կլինի ու կանցնեմ:


Մյուս կողմից էլ, գրողը տանի, դեռևս գանգատուփիս խորքերում լրիվ չի մարսվել, որ գործը գլուխ եմ բերել: Ես ԵՎրոպայում եմ, մենաաակ, ճամփոդեցի 4 տարբեր պետություններով: Ու վերջիվերջո եղա գրոոոոոողը տանի, Լուվրում, բարձրացա Այֆելը... Փարիզը ,իրոք, երազանքների քաղաք է: Առաջին օրը առանձնապես չէր գրավել ինձ: Հետո հասկացա, որ էստեղ շենքերը չեն կարևոր, էստեղ մի ուրիշ բան կա, մի ուրիշ ատմոսֆերա: ... Աննպատակ քայլում էինք կենտրոնով: Բարձր երաժշտություն էի միացրել, բոլորս բարձր երգում էինք Փարիզի մասին ու քայլում: Ես էնքան երջանիկ էի:

Նոյեմ
02.09.2014, 19:50
Մինչև Հայաստան գալս ինձ թվում էր, թե ուզում եմ հետ գամ:

Նոյեմ
22.09.2014, 22:46
Էսօր համալսարանի հաշվապահություն էի գնացել, որ տեսնեմ էսինչ հիմնադրամից, որ կրթաթոշակ էի շահել,կիսամյակի ուսման վարձի գումարը նստել ա, թե՝ չէ: Աշխատողը ֆբ-ում էր: Ընդամենը պիտի անուն-ազգանունս մուտք աներ ու ասեր՝ այո կամ ոչ: Բայց ինձ սենյակից սենյակ ուղարկեց հերիք չի,մի հատ էլ քիչ էր մնում գոռգոռար վրաս: Ասում ա, որ նստած չլինի գումարը հոկտեմբերի վերջում կասենք քեզ, դե արի ու մի ասա $$$%$%%&^:

***
Յոգայից 1 ժամ առաջ եկա տուն, երկար ընդմիջումից հետո ահագին հետ եմ վարժվել: Էսօր չէի կարողանում շնչառական վարժությունները նորմալ կատարել: Շունչս չէր հերիքում արտաշնչելուց: Մտքերիս մեջ ամեն ինչ հիանալի ա, նույնիսկ եթերային, բայց զգայական մակարդակում ինձ համար անհասկանալի ձևով հուզված եմ, անհանգիստ: Ինչու՞: Ինչի՞ց: Չգիտեմ:

Նոյեմ
10.12.2016, 00:12
Անկեղծ ասած` չէի մտածում, թե ինձ ակումբում ինչ-որ մեկը հիշում ա:


[խոսք գնաց ակումբի մասին]..
Ես: - Հա, ես էլ մի վախտ կայի:
- Լոոու՞րջ, ի՞նչ մականունով:
- Ըըըմ, Նոյեմ:
- Վայ, դու Նոյեմն եեեե՞ս:

Մի խոսքով, Նիկեան ինձ հետ բերեց էս բլոգս: Պարզվեց` թե մի շնորհակալություն հայտնող ա եղել գրառումներիս, էդ Նիկեան ա եղել :hands Մերսի բռո:

Ինձ թվում էր` թույն հիշողություն ունեմ, ու զգացածիցս ու տեսածիս մեծ մասը հիշում եմ ամենայն մանրամասնությամբ: Հերիք չի զարմացա, որ գրառումներիս դեպքերի մասնրամասները չեմ հիշում, մի հատ էլ` բլոգիս անունը դրել եմ Նոյեմավարի :o

Ակումբի հավեսս էլ մի տեսակ բացվեց: Տեսնեմ ինչ ա կատարվել վերջին 2 տարին: