PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի լքիր դու ինձ



Գալաթեա
17.04.2014, 17:58
Մի լքիր դու ինձ


Տրանզիստորներից մեկը վնասված էր, ճիշտ էր ենթադրել: Երբ հաճախորդը զանգով ասաց, որ “բուֆեռից” ձայն չի գալիս, առաջին կասկածը դա էր:
Բջջայինը զնգաց: Էկրանի նկարն Ալեքսն էր՝ դիտմամբ շաշացրած աչքերով:
- Հա:
- Մի ժամ ունես, չէ՞, -Ալեքսի ձայնն աղմուկի միջից էր գալիս, - տղերքով նստած ենք: Արի:
- Կփորձեմ,- ասաց՝ հզորացուցիչի կափարիչը տեղը դնելով, բայց պտուտակները չձգելով. միևնույն է՝ տանը նորից քանդելու էր: Կարևորը՝ փոշի չլցվի:
- Փորձել չկա, վեր կաց արի:
- Հիմա հաճախորդի տանն եմ, հետո էլ ռադիոխանութ պետք է մտնեմ, Ալ, մաս կա առնելու,- Սուրենը գիտեր՝ Ալեքսը սիրում էր, երբ ընկերներն իրեն Ալ էին ասում: Դեմքի վրայի սպին էլ իր հերթին նպաստում էր, որ սիրած ֆիլմի հերոսն զգա իրեն:
- Խանութից դուրս գալուց կզանգեմ, - ասաց ու անջատեց հեռախոսը:

- Յա, Սուրո ջան, բարև, բա էս ո՞ւր ես, - ռադիոմասերի խանութի վաճառողն ամեն անգամ այնպես էր դիմավորում, ասես վերջին անգամ մեկ տարի առաջ էր տեսել, ոչ թե ամենաշատը մի երեք-չորս օր:
- Թրաշդ շեկացել է, - Սուրենն էլ ամեն անգամ փորձում էր ինչ-որ բան ասել, որը կստիպեր վաճառողին ժպտալ: Վճռապես որոշել էր, որ մի օր հասկանալու է, թե ինչ գույնի են Թելմանի ատամները:
Թելմանը պահանջվող տրանզիստորները դրեց փոքրիկ տոպրակի մեջ, մեկնեց Սուրենին ու մի թեթև բարձրացրեց վերին շուրթի աջ անկյունը: Այդ օրվա՝ ժպիտի համար տված կռիվը կարելի էր համարել ավարտված:
Հեռախոսը նորից զնգաց: Էկրանին նկար չհայտնվեց, միայն զանգողի անունը գրվեց:
- Հա, մամ:
- Չանցավ գլխիս ցավը, Սուրեն, չի օգնում դեղը:
- ճնշումի ցավ է ուրեմն մամ, դարակի վրա է “Էնապ Հաշը”: Ջուր էլ եմ թողել:
- Բայց ես ի՞նչ իմանամ, որ ճնշումս է, Սուրեն, դո՞ւ ինչ գիտես, որ ճնշումս է:
- Մամ, որովհետև օրվա էս ժամին ճնշումդ միշտ էլ բարձրանում է...
- Իսկ եթե ճնշումս չի՞, ճնշումի դեղը խմեմ՝ ի՞նչ լինի հետս: Արի չափի ճնշումս, Սուրեն:
- Հիմա չեմ կարող, մամ:
- Ի՞նչ ունես ավելի կարևոր, պրիբորներդ հետդ բեր, նստի տանդ, գործդ արա:
- Ալեքսը...
- Մեռնում եմ Սուրեն, աչքերս սևանում են էս գլխացավից...
- Գալիս եմ, մամ...
Նայեց հեռախոսի վրայի ժամացույցին: Կհասցնեն:
Հավաքեց հեռախոսի համարն ու մոտեցրեց ականջին:
- Ա՞ն, - ինչպես միշտ՝ սիրտը սկսեց արագ աշխատել:
- Հա, Սուր,- Աննայի ձայնը ժպտում էր:
- Մոտենա՞մ:
- Հա, հենց հիմա դուրս եմ գալիս:

Սուրենի մեքենան մինչև վերջին, ամենափոքր անկյունը լցվեց Աննայով: Աննայի աչքերով, շուրթերով, տաք մաշկով ու փափուկ ձայնով՝ անգամ երբ պարզապես լուռ նայում էր Սուրենին:
- Ոնց ես, Ան:
- Լավ եմ, Սուր:
- Նոր շեֆիդ ստացա՞ր:
- Չէ դեռ, մի նոր դեմք կա, նախարարի բաջանաղի տղան, ասում են՝ իրեն են բերելու:
- Մի անգամ էլ կասե՞ս բաջանաղ:
- Ինչի՞ Սուր, - Աննան զնգուն ծիծաղեց:
- Շատ սեքսի է մոտդ ստացվում:
Սուրենը մեքենան այնքան դանդաղ էր քշում, որ անգամ ամենահամբերատար վարորդները ձեռքները «սիգնալներին» դրած վազանցում էին իրեն ու, ըստ խոսուն հայացքների ու բերանների արտահայտիչ ծռծռման՝ հայհոյում երկնաքեր հայհոյանքներով: Իսկ Սուրենին մեկ էր: Սովոր էր: Դրանք իր 15 րոպեներն էին: Իր ու Աննայի րոպեները:
Աննայենց տունն իր գործի տեղից, մեքենայով գնալու դեպքում, հինգ րոպե հեռավորության վրա էր: Ձգած տասնհինգ րոպեն ինչպես միշտ վերջացավ ասես տասնհինգ վայրկյանում:
Սուրենը մեքենան փողոցին նայող շենքի կամարի տակով մտցրեց Աննայենց բակ: Աննան չհարցրեց՝ ինչպես է Սուրենի մայրը, վաղուց արդեն չէր հարցնում: Չխնդրեց բարևել: Սուրենին վերև չհրավիրեց: Պարզապես նայում էր նրան ու ժպտում: Անխոս:
Համբույրը տաք էր ու երկար սպասված: Ուղիղ քսանչորս ժամ: Աննայի մազերի բույրը գժվեցնում էր: Սուրենը, չդադարելով համբույրները, ինքն էլ չզգաց ինչպես, իջավ մինչև Աննայի պարանոցը: Աղջկա մարմնով անցած սարսուռն այնքան ուժեղ ու շոշափելի էր, որ Սուրենին թվաց՝ շուրթերին էլեկտրական հոսանք դիպավ:
- Սուր....
Սուրենը քիթը կպցրեց Աննայի պարանոցի մաշկին ու խորը շնչեց նրա հոտն ու ջերմությունը:
- Խնդրում եմ... համ դու ես մեղք, համ էլ ես,- Աննայի այտերը վառվում էին:
Սուրենն Աննայի բլուզի տակ գովելի արագությամբ հայտնված ձեռքը չուզենալով հետ քաշեց ու հետ ընկնելով նստարանին՝ փորձեց հանդարտեցնել թփրտացող սիրտը:
- Ներիր...
- Կխոսենք երեկոյան:
Սուրենը ևս հինգ րոպե սպասեց Աննայենց բակում՝ մինչև արյունը դադարեց եռալ երակներում ու մատների թմրությունն անցավ:

Մայրը, համոզվելով որ իսկապես ճնշում ուներ, խմեց Սուրենի տված դեղն ու պահանջեց միացնել հեռուստացույցը:
- Ո՞ր ալիքը, մամ:
- Ինչ-որ ռուսական բան:
- Ո՞րը:
- Մեկ է:
- Գնում եմ սենյակս գործ անեմ, մամ, մինչև ճաշը բերեմ:
- Դուռդ չփակես: Կանչում-կանչում եմ՝ չես լսում:
- Հա մամ:
- Պուլտը տվեցի՞ր:
- Կողքդ դրված է:

Սուրենի սենյակը նաև իր արհեստանոցն էր: Ամեն տեղ լարեր, սարքավորումների մասեր, հին, կասետային մագնիտոֆոններ, որոնց տերերը նոստալգիկ մղումներից ելնելով ուզում էին իրենց տարեկից սարքավորումները նորից աշխատեն՝ անկախ նրանից, որ վերջին անգամ քսանհինգ տարի առաջ էին ժապավենով ձայներիզը ութանկյուն մատիտով հետուառաջ տվել:
Հեռախոսն էր:
- Հա Ալ:
- Չեկար էլի:
- Մաման լավ չէր:
Ալեքսը չարձագանքեց:
- Բենոն կա՞ր:
- Հա, վերջում եկավ: Ճիշտ էին տեսնողներն ասում, եղած հատուկենտ մազերն էլ թափվել էին: Աննային տարա՞ր տուն:
- Հա: Բարևում էր քեզ:
- Սուտ, - Ալեքսը հաստատ ժպտում էր:
- Մտքում էր բարևում:

***

Սուրենի մայրն արդեն քսանչորս տարի է՝ հիվանդ էր: Հայրը մահացել էր, երբ վեց տարեկան երեխա էր: Մայրը՝ սրտի և ուղեղի կաթվածի պատճառով անկողնային հիվանդ դարձավ՝ Սուրենին տասներեք տարի մենակ մեծացնելուց հետո: Հիմա էլ՝ Սուրենն էր իրեն պահում:
Քառասուներեք տարեկան: Սուրենը չէր հավատում երբեմն, որ արդեն քառասունն անց է: Ամեն անգամ, երբ իրեն թույլ էր տալիս մտածել այդ մասին, վրա էր տալիս այն միտքը, որ կյանքն ավարտված է: Ու ամեն անգամ այդ միտքը գրողի ծոցն էր գնում, երբ հիշում էր, որ Աննան կա իր կյանքում: Սիրում էր երազել, այն օրվա մասին, երբ Աննան կմտնի այս տուն՝ որպես տանտիրուհի ու իր լույսով ու պայծառությամբ կլցնի այն: Երազում էր... ու իրեն ստիպելով սովորեցրել էր այդ երազանքների պահին չհիշել իր մոր մասին: Այդ տարածքը միայն իրեն ու Աննայինն էր: Այնտեղ ինքը երջանիկ էր ու ազատ:

***

- Մամ, եկա,- Սուրենը բանալիները կախեց հատուկ մեխից ու անցավ խոհանոց՝ մոր համար նախորդ օրը պատրաստած ոսպով ու բրնձով փլավը տաքացնելու:
Մայրը չարձագանքեց:
Սուրենը նայեց ժամացույցին: Ցերեկվա քնի ժամն արդեն լրացել էր: Խոժոռվեց: Էլի գանգատվելու է, որ զոռով արթնացրեց իրեն:
Քիչ անց փլավի ափսեով, մանր կտրտած հացով ու իր եփած խնձորի կոմպոտով բեռնավորված բացովի ոտքերով սկուտեղը ձեռքին մտավ հյուրասենյակ, ուր մոր մահճակալն էր՝ հեռուստացույցի դիմաց:
Հետո երկար մտածում էր այդ մասին, վերլուծում, բայց այդպես էլ՝ չէր հասկանում՝ ինչպե՞ս միանգամից գլխի ընկավ կատարվածը: Ախր ընդամենը քնածի տեսք ուներ: Ոչ աչքերն էին բաց, ոչ բերանը: Պարզապես անշարժ էր:

Հոգեհանգիստն ու թաղումն անցան ասես երազի մեջ: Ալեքսի անպակաս օգնությամբ դիահերձարանից թաղման բյուրո, թաղման բյուրոյից գերեզմանոց, գերեզմանոցից տուն վազվզոցների արանքում մոր հեռավոր բարեկամնեերն էին երբեմն երևում, հարևանները, Աննայի տաք ձեռքն էր զգում իր ափի մեջ ու թաց աչքերը հիշում: Ու մայրը՝ պառկած, սառած, դեմքի մաշկը դեղնած: Նայում էր ու չեր հավատում, որ մայրն իրենից ոչինչ չի ուզում իր դժգոհ ձայնով, ոչնչից չի գանգատվում: Որ էլ չի գոռա, որ սենյակի դուռը բաց պահի, լողացնելիս ջուրը շատ տաք չանի, չհամարձակվի մարդ բերել “իր տունը”, հատկապես՝ եթե այդ մարդը կին է, չհամարձակվի իր ասած ժամից ուշ գա տուն, պետք եղած դեպքում գիշերն արթուն մնա, իր կողքին նստած...
Չէր հասկանում ինչու, բայց շունչը կտրվում էր, ու սենյակում լցված մարդկանց բազմությունը կապ չուներ դրա հետ:

***
Սուրենը պառկած էր մոր անկողնու վրա, որ համառորեն հրաժարվել էր հյուրասենյակից տանել՝ բանի տեղ չդնելով Ալեքսի հորդորները, ու չտեսնող հայացքով նայում էր առաստաղին: Չէր հասկանում՝ ինչ է հետը կատարվում: Գլխում կամ անտակ լռություն էր կամ ոռնացող աղմուկ, որի մեջ դադարել էր կապկցված մտքեր լսել:

Սթափվեց դռան թակոցից: Վեր կենալիս նայեց ձայնը կտրած բջջայինին. Աննան էր զանգել, վեց անգամ:
Նա կանգնել էր դռան առաջ և ժպիտի ու սիրով լցված խղճահարության խառնուրդով նայում էր Սուրենին:
- Բարև, Սուր, - կիսաձայն ասաց:
Սուրենը լուռ նայում էր:
Աննան հազիվ նկատելի շարժում արեց՝ առաջ գալու: Սուրենը տեղից չշարժվեց:
- Սո՞ւր...
- Ան, չգաս էլ էստեղ:
- Սուր...
- Խնդրում եմ Ան... չգաս էստեղ:
Սուրենը փակեց դուռը, մեկ անգամ պտտեցրեց բանալին և դանդաղ քայլերով մոտեցավ մոր անկողնուն:
Իրեն ստիպելով չնայել դռանը ու վիրավոր գազանի պես չգոռալ՝ պառկեց անկողնու վրա, շոշափելով գտավ հեռակառավարման վահանակն ու միացրեց հեռուստացույցը:
- Ինչ-որ ռուսական բան...- մրմրջաց քթի տակ:

CactuSoul
17.04.2014, 18:28
Լավ, էլի, Գալ :(

Vardik!
17.04.2014, 19:27
Ապրես Գալաթեա ջան:
Էն մարդկանց համարա,ովքեր հարյուր տարի տանջվում են,սպասում են մի բանի,հետո նոր հասկանում,որ դա իրենց պետք չէր:

Արամ
17.04.2014, 21:13
holy shit....կատարյալ էր

My World My Space
17.04.2014, 21:19
- Ինչ-որ ռուսական բան… :(

ivy
17.04.2014, 21:52
Լավն էր, Գալ:
Կարելի է՞ մանրամասն քննարկել:

Գալաթեա
17.04.2014, 21:59
Լավն էր, Գալ:
Կարելի է՞ մանրամասն քննարկել:

Ուհու :aha

ivy
17.04.2014, 22:00
Կայֆ :)
Հիմա գործի եմ վազում, գիշերը կգրեմ:
Լիքը բան ունեմ գրելու:

մարիօ
17.04.2014, 22:38
Շատ սիրուն էր :oy

Մ Մ
17.04.2014, 23:02
Աղջիկը էլի կգա .. պարզապես Սուրենը մենակ մնալ էր ուզում, .. իր մոր հետ, մորից մնացած վերջին, դեռ թարմ հիշողությունների հետ .. լավն էր .. որդիական սեր ...

Արամ
17.04.2014, 23:10
Աղջիկը էլի կգա .. պարզապես Սուրենը մենակ մնալ էր ուզում, .. իր մոր հետ, մորից մնացած վերջին, դեռ թարմ հիշողությունների հետ .. լավն էր .. որդիական սեր ...

Իսկ ես պատմության իմաստը լրիվ ուրիշ կերպ եմ հասկացել։
Ինձ չի թվում, որ Սուրենը ուղղակի մի ժամով մենակ մնալ էր ուզում կամ իրա էդ "էլ չգասը" ժամանակավոր բնույթ էր կրում։

Հ․Գ․ Հիմա ահավոր հոգնած եմ, որ չալարեմ, վաղը մի քիչ կգրեմ։

keyboard
17.04.2014, 23:17
Իսկ ես պատմության իմաստը լրիվ ուրիշ կերպ եմ հասկացել։
Ինձ չի թվում, որ Սուրենը ուղղակի մի ժամով մենակ մնալ էր ուզում կամ իրա էդ "էլ չգասը" ժամանակավոր բնույթ էր կրում։

Հ․Գ․ Հիմա ահավոր հոգնած եմ, որ չալարեմ, վաղը մի քիչ կգրեմ։

brooks was here...

Սուրենի մոտ էս վիճակն էր, նա արդեն էդ ճահճի մեջ էր, որից ելք չկար ...

Լիլ, պաչիկ քեզ, մերսի գրածիդ համար :)

Վիշապ
18.04.2014, 00:07
Ես սովորաբար սուսուփուս վայելում եմ այստեղի պատմվածքները, բայց վերջերս ինչ–որ շատ դեպրեսսիվ ու կենցաղային են, բողոքում եմ ։Ճ

Ինչ–որ ծանոթ պարադոքսալ վիճակ է, որտեղ առողջները ավելի հիվանդ են, քան թե հիվանդները… Տունը ոնց որ թե միսենյականոց չէր, ասա էդ խեղճ կնկա մեռնելուն էի՞ր սպասում, որ էն հիմար աղջկան տուն բերեիր, զուգավորվեիր, վերջում էլ ջոկեցիր, որ երկուսով հիմար եք… ու հետույքային ա։ Վադ եմ… ։Ճ Պատմվածքը տեխնիկապես շատ լավն էր, սյուժեն դեպրեսսիվ էր, հուսադրող չէր, էն աղջիկը ստանդարտ էգոիստ բլանդինկա էր… Հայկական անգույն ողբերգություն, անելանելի ավարտով։

Ariadna
18.04.2014, 00:24
Այ Վիշապ ջան, տունը մի սենյակ չէր, բայց մայրը թույլ չէր տալիս, որ ուրիշ կին մտնի էդ տուն :)

Chuk
18.04.2014, 00:48
Շատ դեպրեսիվ էր :(

Գալաթեա
18.04.2014, 00:54
Մեղավոր եմ... :)

Աթեիստ
18.04.2014, 00:58
Սուրենը պառկած էր մոր անկողնու վրա, որ համառորեն հրաժարվել էր հյուրասենյակից տանել՝ բանի տեղ չդնելով Ալեքսի հորդորները, ու չտեսնող հայացքով նայում էր առաստաղին: Չէր հասկանում՝ ինչ է հետը կատարվում: Գլխում կամ անտակ լռություն էր կամ ոռնացող աղմուկ, որի մեջ դադարել էր կապկցված մտքեր լսել:

Ես էլ չհասկացա, ու չհավատացի։
Մինչև էս պահը դեպրեսիվ էլ չէր, լավ էլ կյանքից վերցրած էր։ Նույնիսկ պոզիտիվ կար՝ մոր մահը։

Նենց տպավորություն ա, որ պետք էր դեպրեսիվ վերջաբան, ու դրա համար մտել է էս 2 տողն ու դրանից բխած անտրամաբանական շարունակությունը։

impression
18.04.2014, 01:01
սովորությունն ահավոր բան ա

ne me quittes pas

impression
18.04.2014, 01:05
... ու դրանից բխած անտրամաբանական շարունակությունը։

Արտակ ջան, ինձ թվում ա, երբ վերջանում ա հանկարծ էն, ինչը տարիներ շարունակ լցրել ա քո կենցաղը, նենց այլանդակ դատարկություն ես զգում, անդունդ, ու սկսվում ա երկրորդ ճգնաժամը՝ դրանից դուրս գալը: ընդ որում՝ բացարձակ կարևոր չի՝ էն, ինչը քո կյանքը լցրել ա, դրական բան ա էղել, թե բացասական: սրանից ելնելով՝ հերոսի պահվածքը ինձ համար շատ էլ տրամաբանական էր, ու ճիշտն ասած հեփի էնդը կլիներ սարսափելի մի բան, որը ոչ մի դեպքում չէր կարելի անել էս պատմվածքի հետ, ինչպես նաև անհեփփի էնդը: իսկ սենց օդում թողած. անորոշ, տտիպ վիճակը հեեեենց էն ա, ինչ պետք էր: աղն ու բիբարն ա: :)

keyboard
18.04.2014, 01:16
Արտակ ջան, ինձ թվում ա, երբ վերջանում ա հանկարծ էն, ինչը տարիներ շարունակ լցրել ա քո կենցաղը, նենց այլանդակ դատարկություն ես զգում, անդունդ, ու սկսվում ա երկրորդ ճգնաժամը՝ դրանից դուրս գալը: ընդ որում՝ բացարձակ կարևոր չի՝ էն, ինչը քո կյանքը լցրել ա, դրական բան ա էղել, թե բացասական: սրանից ելնելով՝ հերոսի պահվածքը ինձ համար շատ էլ տրամաբանական էր, ու ճիշտն ասած հեփի էնդը կլիներ սարսափելի մի բան, որը ոչ մի դեպքում չէր կարելի անել էս պատմվածքի հետ, ինչպես նաև անհեփփի էնդը: իսկ սենց օդում թողած. անորոշ, տտիպ վիճակը հեեեենց էն ա, ինչ պետք էր: աղն ու բիբարն ա: :)

այ հիմա դու ինձ հասկանում ե?ս :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ:D:D

Խոսենք այդ մասին? :D

Աթեիստ
18.04.2014, 01:16
Արտակ ջան, ինձ թվում ա, երբ վերջանում ա հանկարծ էն, ինչը տարիներ շարունակ լցրել ա քո կենցաղը, նենց այլանդակ դատարկություն ես զգում, անդունդ, ու սկսվում ա երկրորդ ճգնաժամը՝ դրանից դուրս գալը: ընդ որում՝ բացարձակ կարևոր չի՝ էն, ինչը քո կյանքը լցրել ա, դրական բան ա էղել, թե բացասական:

Իսկ ինձ թվում ա, որ էս քո գրածը լինում ա մենակ գրքերում, էն էլ իրականությունից կտրված գրքերում, իսկ էս պատմվածքի սկիզբը ամենևին կտրված չէր, դրա համար շարունակությունն ուրիշ օպերայից հնչեց։

impression
18.04.2014, 01:20
եսիմ, Արտ ջան, ուրեմն ես էլ եմ երևի իրականությունից կտրված գրքում ապրում :) որտև իմ կյանքում տենց հատված եղել ա

ivy
18.04.2014, 01:57
Հիշում ե՞ք «Երբ մարդը ծանր բեռ է դառնում» թեման: Այ էս պատմվածքը բոլոր հարցերի պատասխանն էր: Ու էդ պատասխանն էլ էն էր, որ իրականում չկա հստակ պատասխան: Էդ իրավիճակում հայտնված մարդու մոտ լիքը իրարամերժ զգացմուքներ են առաջանում՝ պարտքի զգացում, զայրույթ, մեղքի զգացում, սեր, կարոտ, ատելություն, ինչ ուզես:
Էդ ամենը շատ լավ երևում էր Սուրենի կերպարում: Շատ լավ կերպար էր ու տիպիկ իրավիճակ:
Ի դեպ, կարդալուց նույն զգացողություններն եմ ունեցել, ինչ «Կարոտ»-ի ժամանակ: Լավ երևում է, որ նույն ձեռագիրն է, ու դա շատ լավ է: Արդեն հստակ ոճ ու տարբերվող ձեռագիր կա:

Էս մեր հայերենը շատ դժվար լեզու է. խոսակցականն ու գրականն իրարից շատ են տարբերվում: Ու շարադրելիս պիտի լավ մտածել՝ ոնց գրել, որ լեզուն ոչ արհեստական լինի, ոչ շատ կենցաղային, ոչ թարգմանություն հիշեցնող, ոչ էլ շատ պլպլան: Ահավոր դժվար բան է. ով գրում է, կհասկանա՝ ինչ եմ ասում:
Ինձ թվում է, էստեղ էդ բալանսը լավ պահպանված է, միջինը լավ է գտնված: Մի երկու տեղ հնարավոր է, որ բառերն իրար էդքան էլ չեն սազում, ասենք՝ «տրանզիստոր»-ը «հզորացուցիչ»-ին կամ «սիգնալ»-ն ու «պրիբորներ»-ը «երկնաքեր»-ին: Բայց արդեն ասացի, որ հայերենի դեպքում էդ ահագին բարդ հարց է, ու ամեն դեպքում էս պատմվածքում ահագին լավ է որոշված «ոսկե միջինը»:

Պատմվածքում «ժպիտ»-ին վերաբերվող լիքը պահեր կան. էս էլ է շատ տիպիկ Գալաթեային: Ինքը հաճախ է ժպիտներ դնում ստեղծագործություններում, երբեմն հենց ժպիտով էլ վերջացնում է գործը, ինչպես օրինակ՝ «Թերզը» կամ «Այգում» պատմվածքները:
Էս պատմվածքի ամենալավ ժպիտը սա էր.

Աննայի ձայնը ժպտում էր:

Ամենաշատը հենց Աննայի հետ կապված նկարագրությունները հավանեցի. շատ կենդանի էին: Լրիվ զգացի:
Էն մասերը, որտեղ կերպարների հարաբերությունները ցույց են տրված գործողությունների ու երկխոսությունների միջով, շատ հաջող էին: Որտեղ ուղղակի «պատմած» էին, էդքան էլ չհավանեցի, թեև լավ էր գրված: Ուղղակի ցույց տալն ինձ ավելի է դուր գալիս, քան բառացիորեն նկարագրել/պատմելը:
Մի նախադասություն կա հատկապես, որ իմ կարծիքով էդքան էլ հաջող չի.

Նա կանգնել էր դռան առաջ և ժպիտի ու սիրով լցված խղճահարության խառնուրդով նայում էր Սուրենին:

Երբ առաջին անգամ կարդացի պատմվածքը, վերջն ինձ անբնական թվաց: Համ էլ թվաց, որ Աննայի հետ հարաբերությունները լավ բացված չէին. ինչի պիտի էդպիսի վերջաբան լիներ: Բայց հետո որ մի հատ էլ կարդացի, հասկացա, որ շատ էլ իրական էր:
Չգիտեմ, նայել ե՞ք "Los amantes del Círculo Polar" ֆիլմը. էնտեղ էլ էդպիսի իրավիճակ կա: Երբ տղայի մայրը մահանում է, ու ինքը մոտավորապես նույն ռեակցիան է ունենում իր սիրած աղջկա հանդեպ: Բոլորին գրողի ծոցն է ուղարկում, որովհետև գժվում է մեղքի զգացումից ու կորստից:
Ես հավատում եմ էդ վիճակին: Լրիվ: Ու էստեղ հարցը էն չի, թե իր ու Աննայի հարաբերությունները ոնցն էին. էստեղ հարցը Սուրենն ու մայրն են և մնացած աշխարհը:

Շատ սիրուն պատմվածք էր: Ինձ դուր եկավ:

Վիշապ
18.04.2014, 02:49
Այ Վիշապ ջան, տունը մի սենյակ չէր, բայց մայրը թույլ չէր տալիս, որ ուրիշ կին մտնի էդ տուն :)

Մայրը հաստատ հոգեկան հիվանդ չէր, կարծում եմ։ Սթափ կնիկ էր, որի էգոիզմը իր տղայի էգոիզմից չէր գերազանցում։

Հ.Գ. Վայթեմ շատ ուշադիր չեմ կարդացել, հա նոր տեսա, որ հեղինակը մի նախադասությամբ կյանքը բարդացնում է… Հակասական է ստացվել…

Մ Մ
18.04.2014, 10:21
Ինձ չի թվում, որ Սուրենը ուղղակի մի ժամով մենակ մնալ էր ուզում կամ իրա էդ "էլ չգասը" ժամանակավոր բնույթ էր կրում։



:acute Չէ, ես ուզում եմ համոզեմ, որ էս ամեն ինչը ժամանակավոր էր հերոսի մոտ։Մորը խնամելը թեկուզ և իրենից խլում եր ամենը, ինչ ուներ և ուզում էր՝ ընկերների հետ ժամանակ անցկացնելը, սիրած աղջիկը, իր կյանքը, իր սեփական աշխարհը, երիտասարդությունը, ... բայց մայրն էր։ Կապվածություն/դատարկություն .. էս վիճակն էր, ինքը ուղղակի ուզում էր գտնել իրեն, գտնել իրականության հետ կապող թելը։ Ամբողջ կյանքում, ինչքան որ գիտակցության մեջ տպված էր, զգալի տեղ էր զբաղեցնում մայրը։ Ինքը պատասխանատու էր, ինքը խնամող էր, ինքը մոր ապրելու հույսն էր, մոր ապրելու պատճառն ու հնարավորությունն էր։
Հերոսին ժամանակ էր պետք մենակ մնալու, մտածելու համար, որ հասկանա, թե հետագայում ոնց պիտի շարունակի ապրել։ Մոր մահը վերափոխեց էն, ինչը սովորույթ էր դարձել։ Իր առօրյան էր, որն ավարտվեց։ Նոր կյանք պիտի սկսեր, ինչից վախենում էր։

Հ.Գ. չնայած, որ միայն հեղինակին ա հայտնի, թե ինչ էր ուզում Սուրենը։ :roll

Գալաթեա
18.04.2014, 15:46
Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, և՛ գործին հավատացածներին, և՛ նրանց, ում հավատ չէր ներշնչել:

Վիշ, Աննայիս պերեկիսով մի գունազրկի, բլոնդ չի ինքը, լավն ա :)

Այվ, մերսի մանրամասն վերլուծության համար, ոնց կարդացի՝ կպնելու տեղ չգտա :)) Հատկապես, որ վերջին մեջբերածդ նախադասությունն անհաջող ա կազմած, ավելի քան համամիտ եմ: Եթե աշխատելու լինեմ սրա վրա, անպայման կուղղեմ:

Մ Մ ջան, քեզ էլ շնորհակալություն՝ էդքան լավատես լինելու համար :)

LisBeth
18.04.2014, 18:29
Գալ չգիտեմ ինչքանով եմ ես կոմետենտն նման հարցերում բայց եթե որոշես հետագայում աշխատես, այ էս հատվածի վրա էլ ուշադրություն դարձրու.

Սուրենի մայրն արդեն քսանչորս տարի է՝ հիվանդ էր: Հայրը մահացել էր, երբ վեց տարեկան երեխա էր: Մայրը՝ սրտի և ուղեղի կաթվածի պատճառով անկողնային հիվանդ դարձավ՝ Սուրենին տասներեք տարի մենակ մեծացնելուց հետո: Հիմա էլ՝ Սուրենն էր իրեն պահում:
Քառասուներեք տարեկան: Սուրենը չէր հավատում երբեմն, որ արդեն քառասունն անց է: Ամեն անգամ, երբ իրեն թույլ էր տալիս մտածել այդ մասին, վրա էր տալիս այն միտքը, որ կյանքն ավարտված է: Ու ամեն անգամ այդ միտքը գրողի ծոցն էր գնում, երբ հիշում էր, որ Աննան կա իր կյանքում: Սիրում էր երազել, այն օրվա մասին, երբ Աննան կմտնի այս տուն՝ որպես տանտիրուհի ու իր լույսով ու պայծառությամբ կլցնի այն: Երազում էր... ու իրեն ստիպելով սովորեցրել էր այդ երազանքների պահին չհիշել իր մոր մասին: Այդ տարածքը միայն իրեն ու Աննայինն էր: Այնտեղ ինքը երջանիկ էր ու ազատ:
ոնց որ պատմությունը կտրած լինի ու էս բացատրությունը դրած լինի մեջը, իմպլանտի պես մի բան էլի, որ լավ չի կպնում, կամ որովհետև իր տեղում չի, կամ էլ որ առանց դրա էլ ամեն ինչ կա: Երևի ես էլի ծայրահեղության մեջ եմ ընկել ու ընթերցողի հույսին շատ եմ մնում, բայց ինձ համար առանց դրա ամեն ինչ իդեալական ա: Կարող ա և հենց դա ա պատճառը որ վերջը մի քիչ կուլ չի գնում: Համենայն դեպս որոշեցի ասեմ: Մերսի քեզ, հեչ էլ դեպրեսիվ չի, տխուր ա ուղղակի, լավ իմաստով, որ զգացնել ա տալիս :)

Գալաթեա
18.04.2014, 19:42
Հետաքրքիր ա, որ համ Այվին համ դու նշել եք էն մասերը, որ ինձ էլ շատ դուր չեն եկել գրածումս, Լիզ:
Հասկանում եմ, որ մնացած պատմության հետ համեմատած էդ հատվածը մի տեսակ չոր ու ատչոտային ա ստացվել:
Բայց ինձ պետք էր, որ կարդացողս իմանա՝ քանի տարի ա տանջվել Սուրենը մոր ձեռքը: Դա կարևոր էր: Որովհետև եթե չասեի՝ ստացվելու էր, որ Վիշապի ասածի պես հիվանդ, դատարկ ու եսասեր մարդ ա ինքը, որ մորը մի երկու տարի խնամելը դարձնում ա պատմություն ու տրագեդիա:

Պարզապես հաջորդ անգամ էդ կարգի անցումը կաշխատեմ առանց լադոկների անել, որ կարդալուց թափ չտա :)

Տրիբուն
18.04.2014, 23:16
Մարկեսն ա մեռել ...

Տրիբուն
18.04.2014, 23:29
Պատմվածքն էլ լավն էր ... երկու օրում կարդացի :( Երեկ հասա արհեստանոցին ու էլ չձգեցի: Էսօր վերջացրեցի: Ուրիշ բան չմտածեք, ուղղակի հոգնած էի երեկ:

Լիլ, ես քո գրածները շատ եմ սիրում: Բայց արի կլինի հիվանդ մայրիկներով բառնաբարված սիրող սրտերին հանգիստ թող, էլի: Ախր դու էնքան սիրուն ես գրում, ու էնքան բարձր գրելու տեխնիկա ունես: Բայց ինչի՞ սենց տխուր, ջան:

Էն տողը որ կարդացի «մայրիկը 24 տարի հիվանդ էր» «պապան վաղուց մեռե» «կաթված» ... ողբ, լաց, դեղեր, սկոռի, հետո էլ թաղում, պսակ, պանիխիդ, տերտեր, քառսունք ու էս գենոցիդի մեջ Աննայի մազերի բույրը իրա պաարանոցով.... ասեցի հոպ, վայթեմ էլ չկարդամ: Որ դու գրած չլինեիր, հազար տոկոս մինչև վերջ կարդացողը չէի: Ներող ...

Գալաթեա
18.04.2014, 23:33
Մերսի անկեղծ կարծիքի համար, Տրիբուն ձյաս :)

Շինարար
19.04.2014, 16:18
Գալ, դու ամենասովորական գրառումներով էնպես ես կարողանում ճիշտ նշանակետին խփես, նույնիսկ, եթե ճիշտ ա էդպես ասելը, ապտակես, որ ստեղծագործության մեջ էլ քեզնից հենց էդպիսի ապտակներ եմ սպասում: Սխալ ա երևի նախապես ինչ-որ սպասելիքով ստեղծագործություն կարդալը, բայց ինչ արած... Ինձ համար էս գործը չոր ու ցամաք պատկերում էր, որպես կառույց՝ ճիշտ կառուցված, ամեն դետալ իր տեղում, բայց անշունչ, կներես: Գուցե ինձ պետք էր կերպարներից մեկի մտքի ընթացքին էլ հետևել, չեմ ասում գրեիր՝ մտածեց նա ու չակերտները բացեիր, բայց դու էնքան վարպետ ես, որ ճիշտ ձևը կգտնեիր: Կարող եմ սխալված լինել, բայց ինձ թվաց՝ քո պատմությունը չէր, ապրված չէր, և փառք Աստծո, և հերոսների ապրումների մեջ մտած չէր, էս դեպքում արդեն ոչ էնքան փառք Աստծո:

Էրեխեք, եթե դուք կարողանում եք սովորական գրառումն էնպես անել, որ դա կարդացվի որպես գեղարվեստական ստեղծագործություն, գեղարվեստական ստեղծագործության մեջ ինչո՞ւ եք պահում, սեղմում, կաղապարում էդ շունչը, որ դուք ունեք:

Ես էլի եմ ասել ու կկրկնեմ, որ ինձ համար դու ակումբում ամենահասուն ստեղծագործողն ես ու ոչ միայն գրելու վարպետությամբ, այլ մտածողությամբ, աշխարհընկալմամբ: Անունով գրողների մեջ նույնիսկ չեմ տեսնում էդքան կայացած, հասուն մարդկանց, գուցե պայմանավորված ա նրանով, որ առանձնապես շատ չեմ էլ հետևում արտաակումբային ժամանակակից գրականությանը: Ես ուզում եմ, որ քո էդ հասունությունը, մեծականությունը, շունչը, ինչու ոչ, ապտակները քո ստեղծագործությունների մեջ երևան: Ես հասկանում եմ, որ իմ ուզելը քիչ է:)) Կարևորն էն ա, թե դու ոնց ես ճիշտ գտնում, բայց էս էլ իմ կարծիքն էր, գուցե ոչ էնքան ճիշտ: Իսկ որ նախադասությունը որքանով ա հաջող ստացվել, ինձ թվում ա՝ երկրոդական ա, միշտ էլ կարող ես հղկել, դզել-փչել::flower

StrangeLittleGirl
19.04.2014, 17:00
Շին, էկել եմ հետդ չհամաձայնելու: Ինձ թվում ա՝ էս պատմվածքի ամենաուժեղ կողմերից մեկը հենց էդ ա, որ հեղինակը շատ լավ մտել ա կերպարի հոգեվիճակի մեջ, փոքր ծավալում, քիչ բառերով կարողացել ա լրիվ փոխանցել ընթերցողին:

Լավ, որ էկել-էկել եմ, թույլ կողմից էլ խոսեմ: Ինձ էլ Լիզբեթի մեջբերած պարբերությունն էնքան էլ դուր չեկավ: Բացի նրանից, որ «ծամում, դնում ա բերանը», մի քիչ անհարթություններ կան սկզբի մասերում, մասնավորապես՝ էն տարիքի հետ կապված մասերը: Ամեն դեպքում, կարծում եմ՝ էդ պարբերությունը ոչ թե ավելորդ ա, այլ դրա ինֆորմացիան կարելի ա ցրիվ տալ ամբողջ պատմվածքի ծավալով:

Իսկ ընդհանուր առմամբ, ապրես Գալ, իրոք շատ լավն էր: :kiss

Mephistopheles
20.04.2014, 03:49
օքեյ… ահագին ժամանակ ա կարդացել էի բայց ժամանակ չէր լինում որ մի երկու բառ գրեմ…

Սուրոյի կերպարը շատ հետաքրքիր կերպար ա ու կառուցած ա Ալեքսի, իրա զբաղմունքի մոր ու աննայի միջոցով… առաջին հայացքից ոնց որ թե սովորական պատմություն ա, դեպրեսիվ եսիմինչ, բայց իրականում բավականին հետաքրքիր ու կոնտրովերսիալ ա…

հետաքրքիր ա որ Աննան ու Սուրոյի մայրը երբեք չեն հանդիպում ոչ էլ Ալեքսը, բայց սրանք ամենակարևոր կոմպոնենտներն են Սուրոյի էության… ինչ իմաստով… mother figure-ը ըստ էության ստեղծել ու մի քիչ էլ դրական իմաստով ապակողմնորոշել ա համ ընթերցողին համ էլ երևի գրողին… իրականում մայրը երբեք չի ասել որ էդ էդ աղջկան չի ուզում, բայց էդ հակասությունը պինդ գծագրված ա Սուրոյի կերպարում… իրականում երևի Սուրոն երբեք էլ մորն աննայի հետ չի ծանոթացրել, բայց ենթագիտակցաբար իր ուղեղում կառուցել ա էդ հակասությունը որը Աննային պահում ա որոշակի դիստանցիայի վրա ըստ էության սուրոն ա պահում… սա շատ իրական ու մարդկային ա մանավանդ որ սուրոն 43 տարեկան ա խնամում ա մորն ու զբաղվում ա հին եսշատգիտեմ ինչ պրիբորներով… կարծես թե էդ հակասությունն ա ձևավորում Սուրոյի տրամաբանական ու բարոյական ստրուկտուրան…

շատ հետաքրքիր ա երբ մայրն ա մահանում… Սուրոն վռնդում ա Աննային… չուզելով… ուշադիր երբ որ նայում ես, սա շատ տրամաբանական վերջաբան ա, իհարկե ոչ միակը… պարզվում ա որ առանց մոր ու Աննայի/մայր հակասության Սուրոն սերը չի պատկերացնում… իրա մոտ փլուզվում ա էդ ստրուկտուրան ու Սուրոն մնում ա շվարած… չգիտի ինչ անի էն ազատության հետ որ ինքը ստացավ մոր մահից հետո ու կարծես մեղքի զգացում ա որ ինքը հիմա կարա հանգիստ լինի Աննայի հետ և որ մոր մահն էր իրա երազանքը իրականություն դարձնելու… դա Սուրոյի համար աներևակայելի էր… ըստ էության սուրոն գերի էր ու էն տեսակ գերի որ չգիտի ազատության հետ ինչ անել… իր անձնական/հասարակական բարոյական կոդեքսները իրան հալածել տարել են փակուղի…

ստեղ պարտադիր չի որ մայրը վատ կնիկ լինի, զուտ իրա հիվանդի կենցաղային էգոիզմը բավարար ա… կարար ավելի էգոիստ լիներ ու Աննային չուզեր, սա էականորեն չէր փոխի իրերի դրությունը… Աննան չգիտենք ինչ աղջիկ էր ու կարծես ոչ էլ կարևոր էր, սենց մշուշոտ լավ ա… սրանք բոլորն էլ Սուրոյի կերպարի կոմպոնենտներն են, դետալներն ու իրա բնույթի ողնաշարի ողերը… անգամ Ալեքսն ա ստեղ տեղին ու առանց իրա չի լինի… Ալեքսն էն էլեմենտն ա որ Սուրոյի կերպարը դնում ա հողի վրա՝ կանգնացնում ա գետնին… Թելմանը նույնը ( էդ անունը որդից ա գտել… ուրիշ անուն չկա՞ր)

մի հետաքրքրական բան էլ կա, Սուրոն բնականաբար չի սիրում մորը խնամել, ոչ թե էն բանի համար որ մորը չի սիրում այլ էն որ իրա կյանքը լցված ա դրանով, բայց ինքն առանց դրա չի կարա ու հետո մոր մահը ցույց տվեց որ անգամ սերը չի ստացվում առանց մոր…

Իմփրեշընը մի հատ լավ փօինթ էր առաջ քաշել՝ դատարկության պօինթը… ես կհամաձայնվեի հետը եթե չլիներ 43 տարեկանի փաստը he may not recover... ever... ու կարծես տենց էլ կա… Սուրոն կենսաբանորեն չի ուզում որ Աննան գնա, բայց իրա բնույթն էնքան ուժեղ ա որ չի կարողանում պահի ու հույսը դրել էր որ Աննան կարող ա մնա… Աննան չի կարա մնա… ու եթե մնա էլ Սուրոն չի կարանալու էդ void-ը լրացնի…

վերնագրի մեջից "դու ինձը" ես կհանեի… էսի ռոմանտիկ պատմվածք չի, ոչ էլ լացելու կամ դեպրեսիվ ա… Մի լքիր-ը հերիք ա… կամ "մի գնա" … անպայման պետք ա հանել "գովելի արագությամբ"-ը… ինֆպետրովյան զոշխենկոյական բաներ չեն սազում էս գրածին…

Mephistopheles
20.04.2014, 07:48
էլի բաներ կան, բայց առայժմ էսքանը... կախված թե ինչ արձագանքներ կլինեմն...

Գալաթեա
20.04.2014, 20:12
Շին, ինձ էլի են ասել, որ ես սովորական գրառումների, նամակ-երկխոսութունների ժամանակ ավելի լավն եմ, քան երբ ստեղծագործում եմ:
Փորձել եմ էդ ֆենոմենը հասկանալ ու կարծում եմ, պատճառն էն ա, որ ընկերական պարզ շփումը կամ պահի տակ մտքին եկած ու ասված սուր ու տեղին խոսքը համեմատելու չի գրական ստեղծագործության պրոցեսի հետ:
Գրելիս դու մաքսիմում ինքդ քեզ հետ ես մենախոսության մեջ մտնում, ու ինչքան ել ինքնաբավ ու շատ ինֆորմացիա կրող մարդ լինես (ընդհանրապես էլի, իմ մասին չի խոսքը) մեկ ա, դա չի համեմատվի երկխոսության ժամանակ ծնված մտքերի ու ռեակցիաների հետ: Գրելիս դու ինքնամփոփվում ես, քո հաջորդ գրելիքը կախված ա լինում նախորդ գրածիցդ, այսինքն զարգացման շատ մեծ տեղ չկա, անսպասելի շրջադարձերի հնարավորությունը շատ ավելի քիչ ա:
Իհարկե, կան մարդիկ, որ տենց լայն ու մեծ գրում են, բայց ես իրանցից մեկը չեմ: Ես ինձ երբեք նույնիսկ կիսապրոֆեսիոնալ չեմ համարել էս գործում: Հիմնականում գրել եմ էն ժամանակ, երբ զգացել եմ, որ չեմ կարա չգրեմ: Կամ երբ մրցույթի մասնակցելու հավես ա եղել:
Ընդ որում՝ մրցույթների համար միշտ շատ ավելի վատ եմ գրել:

ես չեմ ուզում վիճեմ՝ գործի մասին արտահայտածդ կարծիքի հետ, մենակ կասեմ, որ էդքան անտարբեր չեմ գրել, որքան կարա թվա: Հաշվի առնելով, որ սա կողքից տեսած պատմություն ա, էնքանով եմ իմ միջով անցկացրել, որքան որ կարող էի:

Համ էլ` մերսի :)

Գալաթեա
20.04.2014, 20:14
Մեֆ :)

Շինարար
20.04.2014, 20:32
Շին, ինձ էլի են ասել, որ ես սովորական գրառումների, նամակ-երկխոսութունների ժամանակ ավելի լավն եմ, քան երբ ստեղծագործում եմ:
Փորձել եմ էդ ֆենոմենը հասկանալ ու կարծում եմ, պատճառն էն ա, որ ընկերական պարզ շփումը կամ պահի տակ մտքին եկած ու ասված սուր ու տեղին խոսքը համեմատելու չի գրական ստեղծագործության պրոցեսի հետ:
Գրելիս դու մաքսիմում ինքդ քեզ հետ ես մենախոսության մեջ մտնում, ու ինչքան ել ինքնաբավ ու շատ ինֆորմացիա կրող մարդ լինես (ընդհանրապես էլի, իմ մասին չի խոսքը) մեկ ա, դա չի համեմատվի երկխոսության ժամանակ ծնված մտքերի ու ռեակցիաների հետ: Գրելիս դու ինքնամփոփվում ես, քո հաջորդ գրելիքը կախված ա լինում նախորդ գրածիցդ, այսինքն զարգացման շատ մեծ տեղ չկա, անսպասելի շրջադարձերի հնարավորությունը շատ ավելի քիչ ա:
Իհարկե, կան մարդիկ, որ տենց լայն ու մեծ գրում են, բայց ես իրանցից մեկը չեմ: Ես ինձ երբեք նույնիսկ կիսապրոֆեսիոնալ չեմ համարել էս գործում: Հիմնականում գրել եմ էն ժամանակ, երբ զգացել եմ, որ չեմ կարա չգրեմ: Կամ երբ մրցույթի մասնակցելու հավես ա եղել:
Ընդ որում՝ մրցույթների համար միշտ շատ ավելի վատ եմ գրել:

ես չեմ ուզում վիճեմ՝ գործի մասին արտահայտածդ կարծիքի հետ, մենակ կասեմ, որ էդքան անտարբեր չեմ գրել, որքան կարա թվա: Հաշվի առնելով, որ սա կողքից տեսած պատմություն ա, էնքանով եմ իմ միջով անցկացրել, որքան որ կարող էի:

Համ էլ` մերսի :)
:rose

Mephistopheles
20.04.2014, 21:03
:rose

ծաղիկ մի դիր, է՞… վիճի…

Շինարար
20.04.2014, 21:35
ծաղիկ մի դիր, է՞… վիճի…

Մեֆ, իմ կարծիքն ամբողջությամբ ասել եմ, Գալաթեան այն ամբողջությամբ ընկալել ու ընդունել ա դրա գոյության իրավունքը, թեկուզ որոշ բաների հետ չի կամ ամբողջությամբ չի համաձայնել: Ի՞նչ վիճեմ: Չեղած տեղից կռիվ սարքե՞մ:))

Mephistopheles
21.04.2014, 00:22
Մեֆ, իմ կարծիքն ամբողջությամբ ասել եմ, Գալաթեան այն ամբողջությամբ ընկալել ու ընդունել ա դրա գոյության իրավունքը, թեկուզ որոշ բաների հետ չի կամ ամբողջությամբ չի համաձայնել: Ի՞նչ վիճեմ: Չեղած տեղից կռիվ սարքե՞մ:))

շատ "քաղաքական" եք մոտենում… քաղաքականությունը վատ բան չի, բայց քաղաքականությունից դուրս քաղաքական լինելը, եղածի միջից կյանքը հանում ա…