PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մակերես



Alphaone
18.03.2014, 20:24
ՄԱԿԵՐԵՍ


“Imagination is more important than knowledge. For knowledge is limited to all we now know and understand, while imagination embraces the entire world, and all there ever will be to know and understand.” Albert Einstein

Եռաչափ տարածությո՞ւն… զվարճալի է: Իմ բացահայտած նորանոր չափումներն ինձ համար անհաշվելի մեծություն էին, ու ոչ թե նրա համար, որ ես դեռ չգիտեի դրանք անվանող թիվը կամ ի զորու չէի իմ գտած հերթական մեկը նախորդներին գումարել, այլ՝ իմ գտած չափումները հարափոխ էին: Եռաչափ տարածության նորմալ մարինների կողքին ես պարանորմալ սուբստանցիա էի. չկար ինձ համար նախատեսված տարածաժամանակային կետը՝ իմ ՏԵՂԸ: Ու քանի որ տեղս չէի գտնում, սկսեցի ձևափոխվել, խմորվել…
Հետո եկավ մի պահ, որ իմ աշխարհընկալումը հանկարծ դուրս եկավ ցանկացած չափումից, ապա տեղավորվեց մի հարթության մեջ ու, կարճ ասած, դարձավ տափակ: Աշխարհը թվաց իրական հեքիաթ իր տափակության մեջ. մակերեսային աշխարհընկալումը միանգամից ազատեց ավելորդ խոհերից, չարչրկված չափումներից ու փիլիսոփայություններից: Տափակությանս մեջ ես գտա մի միակ դրսևորում՝ Հարթություն:
Ուղեղիցս զատ զգացմունքներս էլ սկսեցին տափակել ու տարածվել այդ հարթությամբ: Երբեմն ինչ-որ նավթոտ շերտ էր տարածվում հարթությանս վրա, արևի լույսի տակ այն թվում էր խայտաբղետ գունային գամմա՝ ասելիքով ու գեղեցկության պատրանքով: Բայց նա, ով ավելին ուներ, քան պարզապես եռաչափությունն էր, կհասկանար, որ այդ շերտն իրականում թունավորում է գոյս:
Հարթությունս մի սքանչելի հատկանիշ ուներ, որ ոչ միանգամից էի հայտնաբերել՝ ճկուն էր: Այն կարող էր ոլոր-մոլոր անցնել այլ հարթությունների մեջ, կարող էր ցանկացած հարթության կողքին իր տեղը գտնել ու իրեն լավ զգալ, կարող էր անգամ տարածական մարմինների շարքում՝ որպես մի աբստրակտ պատկեր, ծավալի պատրանքով խցկվել ու սիրվել՝ իր նավթոտ մակերեսով ու իր մակերեսային «ես»-ով:
Արդյունքում հարթությունս սկսել էր ուրիշ հարթությունների ակտիվ հետաքրքրության առարկա դառնալ: Նրանք տարածվում էին իմ հարթությանը զուգահեռ, շարժվում իմ վեկտորին զուգահեռ, ապրում իմ կյանքին զուգահեռ ու չէին հասկանում, որ մեր հարթությունները երբեք չեն հատվի այդ զուգահեռումներում՝ ես յուրովի տափակ էի, իրենք՝ պարզապես տափակ: Որոշ ալիքվող հարթություններ ճկվելու խղճուկ փորձեր էին անում, որ հարթությանս մոտ տեղ զբաղեցնեն, բայց իմ տափակությունն այլ ուղղությամբ էր ճկվում: Տարածական մարմիններն արդեն բացահայտել էին գաղտնիքն ու խուսափում էին իմ ճկուն հարթությունից: Նրանք սարսափի էին մատնվում իմ էությունից, ենթագիտակցական մակարդակով զգալով, որ այն մի ժամանակ իրենց չափումներից դուրս չափումներ է ճանաչել: Բոլոր առումներով, ես արդեն մերժված էի եռաչափ տարածությամբ սահմանափակված մարմինների կողմից: Նրանք ինձ մենակ թողեցին…
Հարթություններին ինքս մենակ թողեցի՝ ցավով հասկանալով, որ իմ ճկունությունն ինձ է դարձնում նրանց համար հետաքրքիր, բայց՝ ոչ հակառակը: Այն ճկունությունը, որ մի ժամանակ ինձ օգնում էր ճկվել ու մոտենալ ցանկացածի՝ անկախ այն կլիներ տարածական մարմին, թե հարթություն, այժմ ինձ օգնում էր ճկվել դեպի ազատ տարածություն, ուր մարմիններ չկային:
Ես աշխարհի բոլոր հարթություններից ամենամիայնակն էի:
Մենակությունն ինձ ստիպեց, որ փորձեմ վերագտնել ծավալը… Իմ խեղճ հարթությանը տրված չէր եռաչափ լինել, իմ ճկուն հարթությունը գալարումներում ցանկանում էր ստանալ տարածական պատկեր, ու հերթական անգամ հոգնած փռվում էր իր ողջ մակերեսով՝ ինքն իրենից հաղթված, հևասպառ, հուսահատ …
Իմ նորանոր չափումներում դեգերելով՝ ես մնում էի անտեսանելի եռաչափ տարածականների համար, տառապում էի, բայց չէի կարողանում հասնել նրանց, հասկացվել նրանց կողմից, համարվել յուրային նրանց մեջ: Ուժասպառ կրկին տարածվում էի ողջ մակերեսով ու կրկին տափակում, որ հանկարծ չվերացարկվեմ իմ ունեցած իրականությունում ու ստանամ մի լրիվ ուրիշ իրականություն, որը խելագարություն է վերնագրվում թե հարթությունների, թե եռաչափ տարածականների կողմից:
Ինձ տրորված էի զգում ու դա ցավեցնում էր: Իմ ներսում ծնվեց նյութականացած հոգևոր ցավը, ուղեղիս բջիջները սղոցվեցին մի հուսահատ աղաղակով ու այն պահին, երբ ուղեղս կարող էր ժայթքել բաց տիեզերքում սեփական ճնշումից պայթող մարմնի պես, ես հասա մի սահմանի, որ հարկավոր էր թաքցնել թե ինքս ինձանից, թե մնացած ամբողջ աշխարհից… Ես մի ակնթարթ միայն հասա անթույլտրելիին: Առաջին ռեակցիան իմ ողջ հարթությամբ այդ ամենը սահմանազատելն էր եռաչափ աշխարհից: Ես դարձա մի թաղանթ աշխարհների միջև, մի յուրօրինակ կամուրջ, որով անցնելն անհնար էր: Ու այնտեղ ես հայտնաբերեցի այն, ինչ՝ ինձ հարկավոր էր: Ես գտա այն արտատարածական, վերժամանակյա արտահայտումը, որում նյութականացվեցի՝ ընդունելի թե հարթության, թե տարածության համար: Ես գտա իմ տեղը: Ես այն կոչեցի Մակերես: Տարածական մարմինները, հասնելով մակերեսիս, զգում էին, որ այն ծավալ է թաքցնում, սկսել էին ինձ հանդուրժել, հարթությունները մի պահ անակնկալի եկան՝ ինձ բախվելով ու տեսնելով, որ ճկվելու փոխարեն դիմակայում եմ, բայց իրենք էլ ինչ-որ կերպ համակերպվեցին իմ գոյության հետ:
Այդուհետ ինձ տրորելը վտանգավոր է դարձել. չես իմանա, թե ոտքդ, մակերեսիս դնելով, հարթության կհանդիպես, թե կսուզվես մի խորություն, որի դեմ Մարինյան իջվածքը ոչինչ է: Չէ որ ամեն բան աշխարհում, ի վերջո, հարաբերական է…

Հ.Գ. Գործը նվիրվում է Ալ. Էյնշտեյնին որպես մարդ, ոչ որպես գիտնական,
քանի որ հիմքում իր տեսությունը չէ, իր կյանքն է:

Արամ
18.03.2014, 23:52
“Imagination is more important than knowledge. For knowledge is limited to all we now know and understand, while imagination embraces the entire world, and all there ever will be to know and understand.” Albert Einstein

Ալբերտը ու՞ր էր, որ ես էս ասում էի․․․։

Alphaone
19.03.2014, 00:07
“Imagination is more important than knowledge. For knowledge is limited to all we now know and understand, while imagination embraces the entire world, and all there ever will be to know and understand.” Albert Einstein

Ալբերտը ու՞ր էր, որ ես էս ասում էի․․․։




էն աշխարհում :D

Sambitbaba
19.03.2014, 09:25
“Imagination is more important than knowledge. For knowledge is limited to all we now know and understand, while imagination embraces the entire world, and all there ever will be to know and understand.” Albert Einstein

Ալբերտը ու՞ր էր, որ ես էս ասում էի․․․։




Ուրեմն, ես որ ասում եմ, քո ասա՞ծն եմ կրկնում...

Եվ դու էլ, երբ չես համաձայնվում ասածիս հետ, քո ասածի հե՞տ չես համաձայնվում...:(

E-la Via
19.03.2014, 11:32
Լավն էր, Ալֆա ջան: Պատմվածքում, եթե նույնիսկ Էյնշտեյնից մեջբերված խոսքն ու նրան նվիրված տողը չլինի, ընթերցողը հանգիստ կարող է տեքստում տեսնել սեփական եսի որոնումները, այն գտնելու ճանապարհին անցնող փուլերը. հարմարվելու փորձեր, ճկուն ձևափոխություններ, սեփական յուրահատկության գիտակցում ու դրանով մեկուսացում, իսկ վերջում՝ հիմքերի վրա սեփական ձևի ու դերի գիտակցում ու նոր մոտեցման կիրառում:
Եսի որոնումներին նվիրված հետաքրքիր ալեգորիկ պատմվածք:
Ապրես դու: