PDA

Դիտել ողջ տարբերակը : Խզբզանք



Alphaone
05.03.2014, 23:30
Դեռ առաջին կուրսում պոեմ սկսեցի, կիսատ մնաց, կորավ, չորրորդում վերասկսեցի, առաջ չէր գնում, հետո նորից ու նորից վերադառնում էի գաղափարին: Այսօր տան հին համակարգչից փրկված ֆայլերի միջից գտա պոեմի սևագրերը, սկիզբն է միայն ամբողջական, տեղադրեմ, որ ինձ պարտավորեցնի շարունակել...

Անէ ձեռքերով հպվելով լուսնի
Լճակին նետած գունատ ցոլքերին
Մեղեդիներ էր քամում աննման
Զեփյուռով արբած գիշերվա ոգին:

Նա ինձ կանչում էր դեպ անհայտություն,
Այն, ինչ կոչում են արկած կամ հեքիաթ,
Նա անվանում էր սոսկ ազատություն,
Իսկ ամբողջ կյանքս՝ վատնած ակնթարթ:

Հրապուրում էր գանձերով անհայտ.
Լուսե գավերում աստղ գոհարներ,
Եվ ինձ էր նայում անվրդով, անթարթ՝
Փորձելով բեկել իմ կամքն աներեր:

Տանում էր լռին, կանչում էր համառ
Դեպ հեռու աշխարհ կայծկլտուն մթի
Կանչում, տանում էր մի կորած ամառ
Իմ տարիների բավիղում խրթին:

Նա հավերժության խոստում էր տալիս՝
Խլելով վերջին շունչն իմ փուչ կյանքի
Հավերժ անտարբեր՝ ոգին չէր լալիս
Անգամ երբ մարմից հեռացավ հոգին:

Ոգեղեն դարձած նրա հետքերով
Սահեցի դեպի աշխարհն այն անհայտ
Եվ գիշեր դարձա խավար գիշերով,
Իսկ ամբողջ կյանքս՝ միայն ակնթարթ:

Հեռու ամառի հարազատ բույրով
Ու սոսափյունով ծանոթ ծառերի
Անառակ քամու թաքուն համբույրով
Ոգին փորձում էր ինձ դարձնել գերի:

Ես սուզվել էի հին հեքիաթներում,
Որ ինձ պատմում էր խավարն արթնացած
Եվ որսում էի քամու համբույրում
Բոլոր կորցրած սերերն իմ անցած:

Բոլոր հորինած արքայազններին
Ես փնտրում էի պաղ լուսնալույսում
Ձուլված հեքիաթի անվերջ գիշերին
Ես լռում էի, իսկ ոգին՝ խոսում:

Ոգին պատմում էր՝ հզոր, գեղեցիկ
Անցած ցեղերի ասքերը վսեմ,
Թե ինչ են եղել ու դարձել մարդիկ
Թե ինչ է տեսել մութը սևասքեմ:

Գիշերվա ոգին՝ սիրտս պեղելով,
Սրտումս անհուն թախիծ էր թաղում
Նրա հետքերով լուռ հապաղելով
Ես խոկում էի, լռում, խաղաղվում: