PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեզվաբանական հարաբերականություն



Lanterfant
25.01.2014, 13:13
Հայերեն սովորելիս մեկ-մեկ հայտնաբերում են մի բառ, որ իմ մայրենի լեզվում գոյոթյուն չունի, մի եզրույթ, որին անհնար է հոլանդերեն համանիշ գտնել: Ես միշտ զարմանում եմ էսպիսի դեպքերով, վորովհետև դա նշանակում ա, որ տարբեր ազգեր որոշ չափով բոլորովին տարբեր մտային աշխարհներում են ապրում: Եվ վերջերս ինձ թվում ա, դա ոչ միայն երկիրների միջև, այլև ավելի բարձր մակարդակում տեղի է ունենում:

Իմ համար մի շատ իմաստալից օրինակ ա «գեյ պրոպագանդա» հասկացությունը: Ռուսաստանում և Հայաստանում հաճախ է լսվում, որ Արևմտյան Եվրոպայում, հատկապես Հոլնդիայում, մի երևույթ կա, որին ասում են «գեյ պրոպագանդա»: Ես մինչ այսօր չեմ կարող պատկերացնել դա ինչ պետք է լինել: Իմ հոլանդացի ընկերներին էլ եմ հարցրել, բայց մեր համար էն երկու բառերի միջև ոչ մի տրամաբանական կապվածություն չի կարող լինել: Մեզ համար էնպիսի հասկացությունը հնչում ա, ոնց որ սեռական կողմնորոշում մի քաղաքական կամ գաղափարախոսական աշխարհայացք ա, որ գովազդներով տարբեր կուսակցություններ փորձում են փոխել: Չնայած որ քսանութ տարի Արևմտյան Եվրոպայում եմ ապրել, ես երբեք չեմ տեսել մի պլակատ, գիրք, կամ գովազդ, որ տենց բան ա փորձում իրագործել: Առավել ևս, ես կյանքումս էլ երբեք ոչ մի եվրոպացի չեմ հանդիպել, որ փոխել է իր բնածին սեռական կողմնորոշումը: Այդ պատճառով ինձ համար ոնց որ աբսուրդ թատրոնից ա, որ հանդիպում եմ հայերին որ ասում են «ձեր մոտ պետությունը դարձնում ա ձեր էրեխեքին միասեռական»: Ռուսերը և հայերը, միևնույն պահին, շարունակում են օգտվել իրենց «գեյ պրոպագանդա» ֆանտաստիկ հասկացությունից, ոնց որ դա լրիվ գոյություն ունի և մի շատ լուրջ վտանգ ա իրենց հասարակությունների համար:

Ավելի տիպիկ հայկական մի օրինակ տամ: Հայերենում մի շարք հասկացություններ կա, որ բացասականորեն անդրադառնում է ազգի և արտրերկրյայի միջև հարաբերություններին՝ «օտարամոլություն», «ապազգայնություն», «հակահայկական», և այլն: Միայն մեկ բառ կա այս շարքից, որի համար մի պարզ հոլանդերեն համանիշ եմ գտել: Դա «ազգադավ» բառն ա, որ մեր մոտ գլխավորապես պատերազմի ժամանակ գերմանացիների հետ համագործակցող կոլաբորատորներին էինք ասում: Ես մնացած հասկացությունները առաջին անգամ եմ հանդիպել Հայաստանում, և ինքս ինձ էլ միշտ հարցնում ա, ինչ կարող ա դա կոնկրետ նշանակել: Ի՞նչ է կոնկրետ օտարամոլություն: Որ ամերիկական ջինս հագնես, ասիական տեխնիկայից օգտվես, հունական ժողովրդավարությանը հավատաս, ֆրանսիական հեղափոխության մարդկանց հավասարությանը կարևոր համարես, դա բառացիորեն բոլորը կարող ենք կոչել «ապազգային», «օտարամոլ», և այլն: Բայց միևնույն պահին, այն մարդիկ, որոնք օտարամոլությունից են խոսում գլխավորապես չեն քարոզում, որ Երևանում աշխատանքի գնալիս պետք է տարազ հագնես, որ պետք է աղջիկները ամուսնացնել որ տասը տարեկան են, չնայած որ դա շատ տարածված հայ ադաթ ա եղել, և այլն: Իմ ընկալմամբ, դրա համար, էս իմ լեզվում գոյություն չունեցող եզրույթները մասնավորապես հռետորական ֆունկցիա ունեն: Բայց չեմ բացառում որ սխալ եմ, ուղղակի դժվար ա հասկանալ որովհետև իմ մտային աշխարհում էդպիսի հասկացություններ շատ նոր են:

Դե հարցնեմ, ի՞նչ է ձեր կարծիքով լեզվական կամ լեզվաբանական հարաբերականություն, գոյություն ունի թե՞ չէ: Ի՞նչ ազդեցություն ունի բառերի գոյություն ունենալը կամ չունենալը տարբեր լեզուներում մեր ընկալումների, և հետևաբար, մեր առօրյա կյանքի վրա:

StrangeLittleGirl
25.01.2014, 13:24
Ռիկ ջան, հոլանդերենում էլ անձրևին վերաբերող լիքը բառեր կան, որ հայերենում չկան :)) մեզ համար անձրևն անձրև ա, չունենք հատուկ բառեր դրա տեսակներն առանձնացնելու համար :)) Դե անձրևն էլ հոլանդական ազգային արժեք ա, հո զոռով չի:

Համակարգը թույլ չի տալիս վարկանիշ տամ, էստեղ ասեմ: Շատ հետաքրքիր թեմա ես բացել :)

One_Way_Ticket
25.01.2014, 15:03
Իհարկե կա նման բան։ Կարիք չկա էլ հասնելու գեյ պրոպագանդային ու օտարամոլությանը։ Շատ ավելի պարզ բառեր ու կոնստրուկցիաներ, որոնք մի լեզվում կան, մյուսում կարող են չլինել։ Ես դրա հետ ամեն օր եմ առնչվում, քանի որ չնայած մայրենի լեզուս միայն հայերենն է, տարիների հետ ռուսերենը պրակտիկորեն նույնքան հարազատ լեզու է դարձել։ Ես որ մտածում եմ, անգամ մի նախադասության կեսը կարող է հայերեն լինել, մյուսը ռուսերեն, հլը վերջերս անգլերենն էլ է սկսել տեղ֊տեղ մեջ ընկնել։ Մի կողմից դա հարստացնում է լեզուդ ու մտածելակերպդ, մյուս կողմից ահավոր խանգարում է խոսելիս, քանի որ մտքիդ մի մասը պիտի այլ լեզվից թարգմանես ու ոչ միշտ հաջողությամբ։ Հայերեն այդ առումով հեշտ է, ծայրահեղ դեպքում կարելի է ռուսերեն արտահայտություն խցկել, ու մարդիկ կհասկանան։ Հակառակը չի աշխատում, պիտի մի ձև տակից դուրս գաս։

Շինարար
25.01.2014, 15:50
Երբ մեկը մի բան ա ասում, համաձայն են լինում, հայերենում հաճախ ասում են՝ «հա բայց իրոք որ էլի» :)) Հետաքրքիր ա՝ ուրիշ լեզուներում էլ կա՞ «այո» ասելու նման երկար անիմաստ բառաշարան տարբերակներ:

StrangeLittleGirl
25.01.2014, 16:47
Երբ մեկը մի բան ա ասում, համաձայն են լինում, հայերենում հաճախ ասում են՝ «հա բայց իրոք որ էլի» :)) Հետաքրքիր ա՝ ուրիշ լեզուներում էլ կա՞ «այո» ասելու նման երկար անիմաստ բառաշարան տարբերակներ:

Շին, բա հառաչա՞նքը: Ուֆ դե եսիմ աման է

Ուլուանա
25.01.2014, 21:21
Էս իմ սիրած թեմաներից ա։ Սրա մասին Ակումբում նույնիսկ գրառումներ ունեմ օրագրային։ Մի երկուսը մեջբերեմ։

«Էլի» բառը.

Իմ ուսանողական տարիներին մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք, մեզ հետ եկել էր նաև մեր բուհում դասավանդող ամերիկացի դասախոսներից մեկը, որը կարծեմ մի քիչ հայերեն գիտեր, որոշ բաներ հասկանում էր, ու որ հայերենից խոսք եղավ, մի հարց տվեց, որին պատասխանելը, պարզվեց, բավական բարդ էր։ Ասեց. «Ձեր «էլի» բառն ի՞նչ է նշանակում։ Ինչքան փորձում եմ հասկանալ, ոչ մի կերպ չի հաջողվում»։ Փորձեցինք բացատրել, միաժամանակ ինքներս էլ էինք փորձում ի մի բերել «էլի»–ի բոլոր հնարավոր իմաստները, ու զգացինք, որ էնքան էլ հեշտ չի։ Դե, սկզբում ասեցինք «ավելի շատ» իմաստը, բայց դա ամենահեշտն ու ամենահասկանալին էր, մեր ամերիկացին բոլորովին էլ դա նկատի չուներ. «Էն որ մի բան եք ասում, ու վերջում ասում եք՝ էլի»։ Հը՜մ... Դե արի ու էս մարդուն բացատրի էդ տեսակ «էլի»–ի իմաստը։ Օրինակներ. «մի բան արա, էլի», «գիտեմ, ուղղակի դժվարանում եմ բացատրել, էլի», «մի մտածի, լավ կլինի, էլի» «չէ՛, էլի, չգնամ», «... ընդ որում, ինքը գիտեր, էլի, որ ես գալու եմ, նենց չէր, որ անակնկալի եկավ», և, վերջապես, «լավ, էլի», «դե, զզվացրի՛ք, է՛լի»։ :D «Էլի»–ի բազմաթիվ իմաստային նրբերանգներ, որոնցից օրինակ չեմ բերել, հնարավոր է բացահայտել միմիայն համատեքստում, ու շատ դեպքերում նույնիսկ ամբողջ նախադասությունը բավական չէ՝ հենց տվյալ նրբերանգը ցույց տալու համար։ Դե արի ու ամերիկացուն բացատրի էդ բոլորը։ Դուք, օրինակ, ո՞նց կբացատրեիք նշածս օրինակներում «էլի»–ի իմաստը։ Ասենք, անգլերեն ո՞ր բառերի կամ արտահայտությունների օգնությամբ։

Ի դեպ, հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպի ու հոգեբանության անբաժանելի մաս հանդիսացող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մուննաթը, լոպպազությունը և ընդհանրապես էմոցիոնալությունը` թե՛ դրական և թե՛ բացասական իմաստներով, դրականի դեպքում, մասնավորապես, ժողովրդական լեզվով ասած՝ ջիգյարը, կարելի է նկատել, որ «էլի»–ն որոշ դեպքերում վերոնշյալ երևույթների դիպուկ արտահայտչամիջոցներից է՝ էնքան խորն արմատավորված ու միաձուլված մեր էությանը, որ շատ դեպքերում ուղղակի չենք կարող զգալ։
Մի խոսքով՝ բացառիկ կոլորիտային բառ ա, էլի։ :))

«Խառն եմ»

«Խառն եմ...»

Ինչ հարմար ու փրկարար արտահայտություն է, չէ՞, մի տեսակ տիպիկ հայկական։ Գլուխն ազատելու համար առավել հարմար արտահայտություն երևի դժվար է հորինել։ Ընդ որում՝ այն կարելի է կիրառել գրեթե ցանկացած իրավիճակում, և խաբած չես լինի։ Այն անհրաժեշտ չափով չեզոք է. բավականաչափ «թունդ» չէ, որ զրուցակցիդ մեջ անխուսափելիորեն տագնապ առաջացնի, որից էլ՝ անցանկալի հետաքրքրություն, ոչ էլ այնքան թույլ է, որ չանցնի որպես պատճառաբանություն։ Կարող ես, օրինակ, աշխատանքային, առողջական, անձնական, ֆինանսական և ցանկացած այլ տեսակի ու լրջության խնդիրներ ունենալ, և երբ հարցնեն, թե ինչու չես երևում, ինչու էսինչ տեղը չեկար/չես գալիս, ինչու էսինչ բանը չարեցիր/չես անում, կարող ես էդ երկու բառն ասել՝ խառն եմ/էի, ու առժամանակ գլուխդ ազատել։ Շատ–շատ՝ ի պատասխան հարցնեն. «Հո լուրջ բան չկա՞»։ Իսկ դրա տակից էլ սովորաբար հեշտությամբ կարելի է դուրս գալ՝ առանց որևէ կոնկրետ ինֆորմացիա տալու։ Ի վերջո, կարող ես և ոչ մի լուրջ խնդիր էլ չունենալ, պարզապես վատ տրամադրության մեջ լինել, որի մասին հեչ պարտադիր չէ, որ դիմացինիդ հաշվետվություն տաս, պարզապես ասում ես. «Մի քիչ խառն եմ»։ Հետագա բացատրությունը պարտադիր չէ. էդ արտահայտությամբ արդեն ամեն ինչ ասված է, կամ, առնվազն էնքանը, որքանը որ դիմացինդ կարող է իրեն իրավունք վերապահել իմանալու։ Իսկ թե հատկապես ինչով ես խառը, ինչի մեջ ես խառը՝ արդեն նրա գործը չէ, քանի դեռ ինքդ չես բարեհաճում պարզաբանել։

Ու ընդհանրապես մենք բոլորս էլ հիմնականում գոնե մի քիչ խառն ենք։ :)))



Երբ մեկը մի բան ա ասում, համաձայն են լինում, հայերենում հաճախ ասում են՝ «հա բայց իրոք որ էլի» :)) Հետաքրքիր ա՝ ուրիշ լեզուներում էլ կա՞ «այո» ասելու նման երկար անիմաստ բառաշարան տարբերակներ:
Ամերիկացիք դրան ասում են Exactly! :))։

Alphaone
25.01.2014, 21:41
խառն եմ, էլի :lol

Sagittarius
25.01.2014, 22:11
Ռիկ ջան, էտ բերածդ օրինակները ֆոբիանների, ուղեղի լվացման, պրոպագանդայի, մի խոսքով՝ 1984-ական բոլոր տեսակ մխտառ գործիքների արդյունք են, որոնք համակարգերը միշտ կիրառել են մարդկանց իրենց լոյալ պահելու և այլ՝ մրցակից համակարգերի, դեմ տրամադրելու համար: Տոտալիտար համակարգերը դրանք կիրառում են ավելի ինտենսիվ ու էքստենսիվ:

Իսկ մի քիչ ավելի անշառ օրիգինալ հայերեն բառերից ա «բան» բառը: Ասում ա, որ բան բառը չլիներ, ի՞նչ պտի անեինք... դե մի բան կանեյինք, էլի:

Գերմաներենում էլ մի հետաքրքիր բառ կա՝ kriegen, որը նշանակում ա՝ ստանալ, ձեռք բերել: Ու առաջացել ա Krieg բառից, որ նշանակում ա պատերազմ. գերմանական հին ցեղերի բնորոշող օրինակ ա :))

Ռուֆուս
25.01.2014, 22:21
Իսկ մի քիչ ավելի անշառ օրիգինալ հայերեն բառերից ա «բան» բառը: Ասում ա, որ բան բառը չլիներ, ի՞նչ պտի անեինք... դե մի բան կանեյինք, էլի:

Ինձ երկար ժամանակ թվում էր, թե «բանը» զուտ հայկական օրիգինալ մտահղացում է, պարզվեց իտալերենում էլ գրեթե նույն ձևի cosa (բան) բառն են օգտագործում :)) Ճիշտ է, ոչ միշտ են գործածությունները համընկնում, բայց երկու լեզվում էլ բան-ը դարձել է պարազիտ բառ: Օրինակ իտալերեն «Ի՞նչ ես անումը» հնչում է Cosa fai? - (Ի՞նչ) բան ես անում: Կոզան մի հատ էլ հոմանիշ ունի - roba, որն էլի նույն «բան» իմաստն ունի ու որոշ դեպքերում cosa-ի փոխարեն roba-ն են օգտագործում:

Chuk
25.01.2014, 22:21
Հա, բայց իրոք որ, էլի, խառն եք լրիվ, իբր լեզվաբանական թեմա եք բացել, իրականում օտարամոլություն ու ապազգայնություն եք տարածում, ձեռի հետ էլ գեյ պրոպագանդա անում: Լրիվ հակահայկական թեմա ա:

Ռուֆուս
25.01.2014, 22:28
Հա, իտալերենի հետ կապված մի բառ էլ կար, որ խոսակցականում շատ էի լսում - mica, բայց դասագրքերումս ինչքան փնտրեցի, չհասկացա, թե ինչ է նշանակում: Մի անգամ հարցրեցի, թե mica-ն ի՞նչ ա, ու ինչի՞ ունեցածս բառարաններում չկա, սկսեցին բացատրել, որ խոսակցական ձև է, գրական լեզվում չի օգտագործվում ու շատ երկար ու հանգամանալից բացատրությունից հետո պարզեցի, որ mica-ն մեր «վաբշե»-ն ա: Ու mica-ն ոչ թե «ընդհանրապես» է նշանակում, այլ կարճ ու կոնկրետ «վաբշե», որովհետև «ընդհանրապես»-ի համար իտալերենում մի քանի նորմալ գրական բառեր կան, որոնք նույնպես շատ հաճախ են օգտագործվում՝ իրենց համապատասխան կոնտեքստներում:

Շինարար
26.01.2014, 18:25
Ինձ երկար ժամանակ թվում էր, թե «բանը» զուտ հայկական օրիգինալ մտահղացում է, պարզվեց իտալերենում էլ գրեթե նույն ձևի cosa (բան) բառն են օգտագործում :)) Ճիշտ է, ոչ միշտ են գործածությունները համընկնում, բայց երկու լեզվում էլ բան-ը դարձել է պարազիտ բառ: Օրինակ իտալերեն «Ի՞նչ ես անումը» հնչում է Cosa fai? - (Ի՞նչ) բան ես անում: Կոզան մի հատ էլ հոմանիշ ունի - roba, որն էլի նույն «բան» իմաստն ունի ու որոշ դեպքերում cosa-ի փոխարեն roba-ն են օգտագործում:

Բանն էլ խոսակցականում (գուցե թուրքերենից փոխառյալ, Մունն ո՞ւր ա) հոմանիշ ունի՝ զադ: