Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Եռանկյունին



My World My Space
21.01.2014, 00:10
Գյուղի միակ խանութը, որ լավ երևում էր Գառնիկենց տան պատուհանից, էլեկտրական լույսի տակ շունչը պահած սպասում էր առավոտվան, որ լցվի մարդկանցով ու աղմկի: Պատուհանից ներս երկար ու ձիգ շարված վաճառասեղանների վրա կշեռքներն ասես անգործությունից ննջում էին: Գառնիկն էլկտրական լույսի տակ քնած խանութը նմանեցրեց ուշ աշնանային լքված ծովափի, ուր ամեն ինչ կա՝ բացի մարդկանցից, և որ էդ ամեն ինչը կարծես ծուլանում են, կամ չեն ուզում հավաքել: Ասես սպասում են մոլորված մի հանգստացողի:

Էդպես մտմտալով պատուհանից դուրս էր նայում քունը կորցրած Գառնիկը, երբ կիսամթի քողի տակ թևաբախումի ձայն լսեց: Ծանոթ էր այդ ձայնը: Իրենց կտուրի վրա ապրող արագիլներինն է:
Հետո խանութի մոտ արագիլների նկատեց: Դրսում դեռ մութ էր, պարզորոշ չէր երևում, թե նրանք ինչի վրա են կանգնած, ասես գարնան ամպերի փեշից կախված վերջին ձյան երկու ծվեններ լինեին:

Լուսաբացին, երբ կովերին ջուրն էր տանում, հանդիպեց տավարած Մամբրեին: Մամբրեն արդեն վաղուց սովորական դարձած մահակի շարժումով քշեց չեղած կովերին ու մոտեցավ Գառնիկին:
- Գառնիկ ամի, արագիլներրը եկել են:
- Լուսադեմին եկան:
- Արագիլը եկավ, գարունն էլ եկավ…,- ոտանավորի պես սկսեց Մամբրեն,- տեսնես որտե՞ղ բույն կշինեն:
- Հենց էստեղ էլ կշինեն,- պատասխանեց Գառիկը,- արագիլները որտեղ կանգնում են , այնտեղ էլ բույն են դնում:
- Էս մարդաշատ տեղո՞ւմ,- զարմացավ Մամբրեն:
- Արագիլները մարդկանցից չեն վախենում,- քթի տակ պատասխանեց Գառնիկն ու հենակները թևատակին հարմարեցնելով առաջ անցավ: Մամբրեն դեռ կանգնած նայում էր արագիլներին:


***
Գառնիկն էսօրվա պես հիշում էր արագիլների դրած բույնն իրենց կտուրին ու Տացուի խոսքերը.
- Երկու հարկանի տուն ունենք, ձգո՛ւկ, առաջին հարկում մենք ենք ապրում, երկրորդում՝ արագիլները:

Ինչպես հիմա, այնպես էլ երեխա ժամանակ անհամբերությամբ էին սպասում արագիլների գալուն, ու երբ տեսնում էին նրանց, ուրախացած հետևում էին նրանց ամեն մի շարժմանը: Հետո նրանց ներկայությունը սովորական էր դառնում: Արագիլներն էլ իրենց հերթին թվում է նրանց չէին նկատում: Գալիս, սուսուփուս կանգնում էին իրենց բնի վրա՝ հայացքները դեպի կապույտ հեռուներ: Այստեղ՝ սարերի մեջ կորած իրենց գյուղում արագիլների չէին սպանում, հրացանի փող չէին ուղղում նրանց վրա:
- Արագիլները իրենց թևերով գարունն են բերում մեզ համար,- ասում էր տացուն:

Գառնիկը հիշեց, որ գյուղի երեխաներին ասել էր, թե արագիլներն իրենցն են, ու ժպտաց բեղի տակ:
- Կթողնե՞ս գամ ձեր արագիլներին տեսնեմ,- ասում էր Բարսեղի աղջիկ Շուշանը, որ հիմա գյուղի բժիշկն է:
Գալիս էր, հացի կտորները ձեռքին ժամերով կանգնում ու սպասում էր արագիլներին, որ իջնենց, հաց վերցնեն: Հետո հուսահատված լաց էր լինում.
- Ձեր արագիլները լավը չեն…

Շուշանը չգիտեր, որ արագիլները մարդկանց ձեռքին չեն նայում՝ մի բան ստանալու համար, մտքի մեջ չգիտես ում պատմելով քայլում էր Գառնիկն ու զգում, որ ուզում է նստել ու պատմել մեկին մեկին Շուշանի մասին ու այն արագիլների, որ ամեն տարի բույն էն դնում իրենց կտուրի վրա:
« Եվ արագիլը՝ վրան գարնան ձյուն…»
Հիշեց վաղուց կարդացած բանաստեղծությունից մի տող: Էրեխեքի դասագրքերում է կարդացել էդ բանաստեղծությունը: Տեսնես ո՞վ էր հեղինակը: Որոշեց, որ տուն հասնելուն պես պիտի թերթի գրքերն ու գտնի այդ բանաստեղծությունը:

« Եվ արագիլը՝ վրան գարնան ձյուն…»

(շարունակելի)

My World My Space
24.01.2014, 01:13
***
Գառնիկը ճիշտ էր: Խանութ պատի հետ բարձրացած էլեկտրասյան վրա էլ սկսեցին բույն դնել արագիլները: Նրանք աշխատում էին եռանդով՝ առաոտից երեկո, և մի քանիօրից բույնն արդեն պատրաստ էր:

… Առաջինը դարձյալ Գառնիկը նկատեց երրորդ արագիլին: Մենակ էր եկել ու կանգնել էր խանութի արագիլների մոտ՝ հարևան էլեկտրասյան վրա: Գնում էր, գալիս ու լուռ հետևում էր արագիլների զույգին: Սկսեց նրանց հետ դաշտ թռնել և նրանց հետ վերադառնալ: Երբեմն երկար ճախրում էր նրանց գլխավերևում, հետո թևերը լայն բացած մոտենում էր բնին, փորձում էր տեղավորվել արագիլների կողքին ու նորից վերադառնում էր իր տեղը, կափկափում: Կանգնած տեղը գլխով մոլեգին շարժումներ էր անում՝ հայացքը չկտրելով արագիլների զույգից:
Արագիլների զույգն էլ էր անհանգիստ:
Մի գիշեր Գառնիկը նկատեց, որ միայնակ արագիլը սավառնում է զույգի գլխավերևում, ու դա նրան դուր չեկավ:
Ամբողջ գիշեր արագիլները չքնեցին: Առավոտյան անհանգիստ կափկափում էին, թափահարում լայն թևերն ու կտրուկ, անբնական շարժումներով ցատկոտում:
Հետո օտար արագիլը թռավ զույգի մոտ: Առանց թևերը ծալելու թռչկոտեց նրանց բնի վրա ու թռավ վերև: Նրա հետ թռավ նաև էգ արագիլը: Բնում մենակ մնացած արու արագիլն սկսեց թափահարել թևերը, երկար ու ուժգին կափկափել, բայց ընկերուհին չվերադարձավ: Ի վերջո ինքն էլ թռավ նրանց հետևից:
Ուշ երեկոյան վերադարձավ արագիլների զույգը: Արու արագիլը նստել էր բնում և կափկափյունով հորդորում էր էգ արագիլին նորից գալ իր մոտ, բայց վերջինս մի ոտքի վրա լուռ ու մռայլ կանգնել էր տանիքի եզրին:
Շուտով եկավ նաև օտար արագիլը:
Նորից սկսվեց արագիլների անհանգիստ պարն ու կափկափյունը: Գառնիկը չհամբերեց, դուրս եկավ տանից ու հենակների օգնությամբ հեևիհեև հասավ խանութ: Հենվելով մի հենակի վրա մյուսը թափահարեց օդում, ու փորձեց քշել օտար արագիլին:
- Կորի՛, անզգա՛մ, գնա քեզ համար ուրիշ ընկերուհի գտի…
Օտար արագիլը թռավ, բայց նրա հետ թռավ նաև էգ արագիլը:

***
Վերադարձան շատ ուշ: Էգ արագիլն էլի բնին մոտ չեկավ:
Գառնիկը տեսնում էր երեք արագիլներին էլ: Նրանցից մեկը կանգել էր բնի վրա, մյուսը խանութի տանիքի ծայրին, երրորդը՝ հարևան էլեկտրասյան վրա, և ամպամած երկնքի ֆոնին վրա կազմել էին երեք սպիտակ կետերով մի եռանկյունի:
Էդպես շարունակվեց մի քանի օր:
Արու արագիլները չէին բզկտում իրար երակար կտուցներով ու սուր ճանկերով: նրանք լուռ կանգնել ու սպասում էին էգ արագիլի վճռին:
Գյուղի կանայք չանչում էին օտար արագիլի ետևից: Իսկ խանութի հավաքարարը հանդիմանում էր էգ արագիլին:
- Խաղացնողն ընկերուհին է: Մի ասող լինի՝ ի՞նչու ես քանդում տունդ,-ասում էր նա:
- Չգնա՞մ հրացանս բերեմ ու էդ լրբին…,- ասում էր խանութի պահակ Ոսկանը՝ դատարկելով օղու հերթական բաժակը:
Մի օր էլ էգ արագիլը թողեց բույնն ու թռավ օտար արագիլի հետ:
Ու արու արագիլը մնաց մենակ՝ իր բնի հետ:
Նրա նախկին ընկերուհին նորեկ արագիլի հետ սկսեց բույն սարքել հարևան սյան վրա որտեղ կանգնում էր օտար արագիլը միայնակ օրերին:
Խաբված արագիլը մեկ նայում էր բույն շինող երջանիկ զույգին, մեկ խանութ այցելող մարդկանց ու լուռ մի ոտքի վրա կանգնած թախծում էր օրերով:
Օրերը տաքացան: Խանութի շրջակայքը լցվեց աղմուկով: Տարբեր շրջաններից բեռնատարներ էին գալիս ապրանք վաճառելու, փոխանակելու համար:
Մարդիկ իրենց առևտուրն էին անում, և այլևս ոչ ոք ուշադրություն չէր դարձնում արագիլներին: Մաիյն Գառնիկն էր, որ պատուհանից հաճախ էր նայում նրանց:
Սկզբում արու արագիլը բնից չէր հեռանում: Թերևս սպասում էր, որ ընկերուհին հետ կգա: հետո հույսը կտրեց և ամեն օր վաղ առավոտյան թռչում էր բնից, վերադառնում ուշ երեկոյան: վերադառնում էր կարծես գաղտագողի, որ ոչ ոք չտեսնի, ու լուռ կանգնում էր բնի եզրին:
Մինչդեռ արագիլների զույգը երջանիկ էր: Նույնիսկ գիշերները, ժամանակ առ ժամանակ արթնանում էին, երկար կտուցներով գուրգուրում միմյանց ու սիրագորով կտկտացնում:
Այդպես անցավ ամառը: Արագիլները ձագ հանեցին, մեծացրին նրանց ու մի օր էլ ամբողջ ընտանիքով թողեցին իրենց բույնն ու թռան դեպի տաք երկրներ:

***
Աշունն անցնում էր:
Այդ օրը արագիլը սովորականի նման ուշ վերադարձավ ու դարձյալ կանգնեց իր սովորական տեղում՝ բնի եզրին: Իսկ հարևան արագիլների բույնը դատարկ էր: Ամբողջ երեկո արագիլն անհանգստացած վիզը երկարում, այ ու այն կողմ էր նայում: Առավոտյան ավելի հաստատ համոզվելու համար թռավ երկինք, երկար սավառնեց բնի վերևում, հետո վախվխելով իջավ ցած, զգույշ կանգենց բնի ծայրին, հոտոտեց բույնն ու կափկափեց: Տարվա այդ ժամանակին արագիլի կափկափոցը մի տեսակ տխուր ու անսովոր բան էր:
Հետո երկար ժամանակ կտուցով քրքրում էր բնի հատակը, այնտեղից ինչ որ բան էր վերցնում, քսում էր փետուրներին:
«Երևի ընկերուհու փետուրներներն են …»,- անցավ Գառնիկի մտքով:
Գիշերն սկսեց ձյուն տեղալ:
Մթության մեջ տեղացող ձյան փաթիլների մեջից Գառնիկը հազիվ էր նշմարում մի ոտի վրա կանգնած արագիլի անշարժ ուրվագիծը:
Գառնիկը մանկուց սովորել էր արագիլների ձայներին, բայց երբեք չէր լսել, որ արագիլը տնքար:
Այդ գիշեր արագիլը տնքում էր մարդու նման:
Լուսադեմին, երբ Գառնիկն ելավ տեղից, նկատեց որ արագիլը չկա… ինչ-որ վատ բան նախազգալով դուրս պատշգամբ: Արագիլը կանգնած տեղից ընկել էր էլեկտրական լարերի վրա… Վերևից անփութորեն կախված նրա թևերը հիշեցնում էին լվացքի պարանին մոռացված ու գիշերը դրսում մնացած սպիտակ շորի կտորներ:

***
Խանութի հրապարակն արդեն աշխուժացել էր:
Արևը վեր էր բարձրացել:
Գառնիկը հենակները զգուշությամբ դնելով նոր տեղացած փափուկ ձյան վրայով բարձրանում էր տան դիմացի փոքրիկ զառիթափը: Հասավ խանութի էլեկտրասյան մոտ, նայեց վեր, դատարկ բնին, ապա մոտեցավ պատի տակ արևկող արած մանկամիտ տավարած Մամբրեին.
- Իջացրի՞ն… հետո ինչ արեցին,- անհամբեր հարցրեց Գառնիկը:
- Էլեկտրիկը տարավ տուն,- մահակի հետ խաղալով հայտնեց մամբրեն,- ասում ա, հոսանքը խփել չորացրել ա: լավ խրտվիլակ կլինի… տուն տարավ, որ խրտվիլակ շինի…

Հ.Գ. տառասխալների և վրիպակների համար ներողություն եմ խնդրում: Հեռախոսով էսքան գրելը հեշտ գործ չի... :)

Dayana
24.01.2014, 02:03
Հով, սկիզբն ավելի խոստումնալից էր, քան ավարտը: Մեջտեղի մասում մի քիչ երկարացրած էր, ու մի քիչ էլ ձեռագրիցդ հեռու, բայց ուրախ եմ, որ էլի էստեղ պատմվածքներիցդ հայտնվեց: Ապրես: