PDA

Դիտել ողջ տարբերակը : Քնելուց առաջ



Ռուֆուս
14.01.2014, 15:15
Քնելուց առաջ գլխում ծագած տարօրինակ մտքեր, դիտողություններ ու դատողություններ կյանքի ու մեզ շրջապատող աշխարհի մասին, որոշները օրիգինալ, որոշները գողացած:

Ուշադրություն. Սույն թեման հակացուցված է հղի կանանց, երեխաներին, ինչպես նաև բոլոր նորմալ մարդկանց: Թեմայի որոշ ստատուսներ կարող են առաջացնել mindf*ck ու ստիպել կյանքի ամենասովորական բաներին նայել լրիվ այլ աչքերով: Թեմայի հեղինակը բոլորին խորհուրդ է տալիս շրջանցել այս թեման ու ոչ մի դեպքում այն չկարդալ: Հեղինակը պատասխանատվություն չի կրում թեմայի որոշ գրառումների պատճառած հնարավոր բարոյահոգեբանական տրավմաների համար:

You have been warned. Proceed at your own risk.

Ռուֆուս
16.01.2014, 03:56
Չնայած էդքան զգուշացրեցի, բայց այնուամենայնիվ, որոշեցիր օրագիրս կարդալ: Դե լավ, եկել ես, լավ ես արել, գալդ բարի: Էսօր ես լավն եմ ու նվեր ունեմ:

Հիմա ժամը 12:38 է:

Կյանքը նկար է, իսկ մեր ապրած յուրաքանչյուր օրը՝ մի պիքսել

Բոլորս կյանքում ուզում ենք հաջողակ ու երջանիկ լինենք ու միայն լավ օրեր ապրենք: Մենակ թե էդ երջանկությունը միշտ ապագայում ենք պատկերացնում, մեր դիմաց նպատակ ենք դնում ու ուժերս ու կարողություններս ներդնում ենք դրան հասնելու համար: Բայց նպատակին հասնելուց հետո մի տեսակ դատարկություն ենք զգում ու ստիպված նորանոր նպատակներ ենք դնում մեր առաջ: Իսկ մեր կյանքի երջանիկ օրերը միայն ռետրոսպեկտիվում ենք կարողանում գնահատել, որովհետև մեր ապրած ամեն մի օրն ի՞նչ է. ընդամենը դատարկ ու անգույն պիքսել: Էդ պիքսելի գույնը մենք ինքներս ենք որոշում ու մեր ապրած յուրաքանչյուր օրվա պիքսելների գույներից մեր կյանքի կտավն է ստացվում: Մարդիկ կան կարողանում են գունավոր պիքսելներով սիրուն պատկերներ ստանալ, ոմանք սեր են նկարում, ոմանք՝ ընտանիք, ոմանք՝ բնություն, ոմանք էլ գիտություն, կարիերա, արվեստ, ոմանք էլ կարողանում են էդ ամբողջը համատեղել մի նկարում: Բայց շատ մարդկանց մոտ դա չի ստացվում, իրենք ընդամենը տարբեր գույներից բաղկացած անհասկանալի պատկեր են ստանում: Մարդիկ էլ կան իրենց կյանքի կտավը մռայլ գույներով են ներկում, որտեղ հիմնականում սևն ու գորշն է գերիշխում: Մարդիկ կան հսկայական կտավներ են ստեղծում, ոմանք էլ՝ ընդամենը մի փոքրիկ բացիկ:

Կյանքը նկար է, որի ամեն մի օրը ընդամենը մի պիքսել է, որի գույնը հենց մենք ենք որոշում, որոնցից էլ ստացվում է ընդհանուր պատկերը: Մինչև հիմա ապրածս կյանքը հենց էդ անհասկանալի պատկերներից է՝ առանց նպատակ, առանց իմաստ, բայց ուզում եմ, որ կտավիս դեռևս չօգտագործած մասից գոնե մի սիրուն բան ստանամ: Որ հետո գալիք սերունդները իմ կտավն էլ կախեն պատից ու ասեն. «Սա էլ Ռուֆուսի գլուխգործոցն է: Ճիշտն է, Բոտիչելլիի «Գարնան Ալեգորիային» չի հասնում, բայց ոնց որ թե էդքան էլ վատ չի ստացվել…»: Դրա համար էսօրս ներկում եմ կարմիր գույն ու գնում եմ քնելու: Հա, հենց կարմիր, որովհետև սիրածս գույնն է:

Հա, Բոտիչելլի ասեցի, միտքս ընկավ: Հիշու՞մ, ես, մի անգամ ասեցի, որ երբ մեռնեմ, հոգիս կգնա «Գարնան Ալեգորիայի» մոտ մեծ Մաեստրոյին կսպասի ու Բոտիչելլին անձամբ կգա ու իր կտավի գաղտնիքները կբացահայտի: Կտեսնես, հենց էդպես էլ կլինի:

Ոմանց համար բարի գիշեր, մյուսներին էլ՝ բարի առավոտ:

Ռուֆուս
22.01.2014, 00:19
Էսօր շուտ եմ քնելու, հոգնած եմ:

Հիմա ժամը 21:03 է:

Երկրագունդը շախմատի տախտակ է, իսկ մենք՝ ֆիգուրներ

Երկրագունդ շախմատի մի մեծ տախտակ է, իսկ մեզանից յուրաքանչյուրը՝ մի ֆիգուր: Ամեն անգամ մեր բնակության վայրը փոխելով՝ տախտակի վրա մի քայլ ենք ու սկզբում մեր քայլերը փոքր են՝ մի տնից մեկ այլ տուն, մի քաղաքից մի ուրիշ քաղաք, հետո՝ ուրիշ պետություն, մինչև մի օր գիտակցում ենք, թե մեզ մեր ընկերներից ու հարազատներից քանի հազար մղոններ են բաժանում: Եթե այդ բոլոր մղոններն իրար գումարեինք, ստացված երկարությունը երևի թե կհերիքեր մինչև Մարս հասնել, լավ, գոնե Լուսին: Ու շախմատի ֆիգուրի նման կատարում ենք մեր հերթական քայլը՝ երազելով, որ այն մեզ ավելի մոտիկացնի մեր հարազատներին:

Մանկությանս ամենաթանկ հիշողությունները մեր տան հավաքներն էին, երբ Ալավերդիից Գյումրի էր գալիս մորաքրոջս ընտանիքը ու մեզ էր միանում նաև քեռուս ընտանիքը: Ես քույրեր չունեմ, բայց մորաքրոջս աղջիկներին, ովքեր գրեթե հասակակիցներս են (մեկը մի տարի ավելի մեծ, մյուսն՝ մի տարի փոքր) հարազատ քրոջ պես եմ սիրել: Ու պատկերացրեք 8 գրեթե հասակակից երեխաներ նույն տանը մինչև ուշ գիշեր խաղում էին ու խոսում: Այդպես տարին մի քանի անգամ՝ կամ մեր տանը, կամ քեռուս տանը, կամ էլ Ալավերդիում՝ մորաքրոջս տանը: Երբ մեծացանք, մանկական խաղերին քիչ քիչ սկսեցին փոխարինել զրույցները, կատակները, մեկ մեկ էլ՝ ավագ սերնդի նյարդերի հետ խաղալը: Մոտ տասնհինգ տարի առաջ մեր աշխարհագրությունը քիչ քիչ սկսեց փոխվել, երբ մենք հերթով տեղափոխվեցինք Երևան ու մեր մեծ հավաքույթների վայրերի ցանկին ավելացրինք նաև Երևանի տները: Իսկ տասը տարի առաջ աշխարհագրությունն էլ ավելի լայնացավ՝ ընդգրկելով ԱՄՆ-ն, Հունաստանն ու Իսպանիան: Հավաքներն սկսեցին անցնել ավելի քիչ թվով մասնակիցներով, ու արդեն դժվարանում էինք բոլորովս ներկա լինել: Վերջին անգամ երբ կարողացանք մեր ամբողջական կազմով հավաքվել՝ 5 տարի առաջ էր:

Հիմա մենք սփռված ենք աշխարհով մեկ՝ այս պահին ԱՄՆ, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հայաստան, իսկ վաղը՝ չգիտես, թե ուր: Ֆրանսիայում ապրող մորաքրոջս աղջիկն արդեն երկու դուստր ունի, ոչ մեկին չեմ տեսել, ամռանը Հայաստանում էին, իսկ ես՝ այստեղ: Իսպանիայում ապրողը՝ որդի ունի, ում նույնպես դեռ չեմ տեսել... Գոնե լավ է, որ ԱՄՆ-ում ապրողի որդուն եմ կարողացել տեսել:

Հիմա ամեն մեկս շախմատային ստրատեգի նման պլանավորում ենք մեր հերթական քայլը, վաղը՝ կրկին մի նոր քայլ կանենք, կփոխենք մեր տունը, քաղաքը, երկիրը, ոմանց ավելի կմոտիկանանք, իսկ ուրիշներից՝ կհեռանանք, բայց երբեք բոլորս իրար հետ նույն տեղում էլ չենք լինի: Շատ ենք փորձել ենք, բայց ամեն անգամ խանգարող հանգամանքներ են ի հայտ եկել:

Երկրագունդը շախմատի տախտակ է, իսկ մենք՝ ֆիգուրներ, ու մեր զավակները ստիպված կշարունակեն այն խաղը, ինչ մենք ենք սկսել՝ չունենալով այն մանկությունն ինչ մենք ենք ունեցել...

Ու այս շախմատի պարտիան էլ ավելի սարսափելի է դառնում, երբ տախտակին հարազատներիցդ բացի ավելացնում ես նաև ընկերներիդ ֆիգուրները...

Ոմանց համար բարի գիշեր, մյուսներին էլ՝ բարի առավոտ:

Ռուֆուս
20.03.2014, 03:44
Հիմա ժամը 12:28 րոպե է:

Քաղաքակրթությունն ընդամենը կախարդական սնկի պատճառով առաջացած հալյուցինացիա է:

15 միլիոն տարի առաջ Աֆրիկայի սրտում բնակվող կապիկներից մեկը անտառում սունկ գտավ ու կերավ: Պրիմիտիվ պրիմատը տեղյակ չէր, որ գտածը սովորական սունկ չէր, այլ փսիլոցիբին պարունակող կախարդական սունկ էր, որն իր պրիմիտիվ ուղեղում հալյուցինացիաներ առաջացրեց: Սունկը սակայն կապիկի օրգանիզմի վրա իր ազդեցությունը թողեց ու գենետիկորեն փոխանցվելով այս մուտացիաները ի հայտ եկան կապիկի հետագա սերունդների մոտ: Հետզհետե կապիկների ուղեղի ծալքերը սկսեցին շատանալ, քիմիական ռեակցիաների հետևանքով կապիկը միլիոնավոր տարիների ընթացքում քիչ քիչ վերածվեց հոմո սափիենսի ու բնազդներին սկսեցին փոխարինել բանականությունը: Ու այս ընթացքում քանի որ նախամարդն ի վիճակի չէր բացատրել իր նեղ ճակատի տակ թաքնված փոքրիկ ուղեղում կատարվող հալյուցինացիաները, նա ստեղծեց կրոնն ու միստիցիզմը, որպեսզի կարողանար գոնե ինչ-որ բացատրություն տալ այդ հալյուցինացիաներին:

Հիմա մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, տիրապետում ենք մի քանի լեզվի, ամբողջ օրն աշխատում ոչ մի արժեք չունեցող թղթի կտորների դիմաց, ազատ ժամանակը ծախսում կոմպյուտերների, պլանշետների ու հեռախոսների վրա, խոսում վեհ, բայց իրականում ոչ մի իմաստ չունեցող հասկացություններից ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, մոռանում, թե որտեղից ենք եկել ու գաղափար էլ չունենք, թե ուր ենք գնում ու ինչու: Այնինչ մեր ամբողջ քաղաքակրթությունն ընդամենը մի մեծ հալյուցինացիա է, որն առաջացել է միլիոնավոր տարիներ առաջ մեր ապուպապի կերած կախարդական սնկից: Ամեն ինչ փուչ է ու ունայն, բայց մենք շարունակում ենք ապրել այս երազում:

Երևի ասելիքս լավ չկարողացա բացատրել, գնամ քնեմ, բարի գիշեր :)