PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիշեցումներ՝ ակումբի կողմից



Chuk
01.12.2013, 00:48
Հաշվի առնելով վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները, ընդառաջ գնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին` akumb.am առաջին ամբողջովին հայերեն ու հայատառ ֆորումը սկսել է հիշեցումների շարք: Կայքի վերին հատվածում յուրաքանչյուր թարմացման ժամանակ մեջբերումներ են կատարվում ՀՀ Սահմանադրությունից, Հայաստանի Անկախության հռչակագրից, ՀՀ լեզվի մասին օրենքից, ինչպես նաև բերվում են որոշ պատմական դրվագներ:

Մեջբերումների նպատակն է հիշեցնել, թե անկախություն ձեռք բերելու համար Հայաստանն ինչ ճանապարհ է անցել, բնակչության քանի տոկոսն է կողմ քվեարկել անկախացմանն ու ինքնիշխանությանը, ժողովրդավարական երկիր կառուցելուն, որն է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, այն ինչ կարգավիճակ ունի և այլն:

Հայկական այլ կայքերին և ֆեյսբուքյան էջերին առաջարկում ենք միանալ նախաձեռնությանը:

Chuk
01.12.2013, 00:52
Այս պահին առկա հիշեցումներն են.



Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 1


Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2


Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 12


Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր


Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր


Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր


1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց Հայաստանի անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։


1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։


1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։


Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 1. «Հայաստանի հանրապետության լեզվական քաղաքականությունը»


Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 2. «Կրթության լեզուն»


Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»


Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 3. «Քաղաքացիների լեզվական պարտականությունները»


Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել հայերեն:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»


Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»


Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 4. «Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները»


1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչությունը հանրաքվեով վերանվաճեց անկախությունը:




Նոր հիշեցումների առաջարկները կարող եք գրել հենց այս թեմայում:
Նախաձեռնության մասին քննարկումը, կարծիքները, մեկնաբանությունները ողջունվում են:

Տրիբուն
01.12.2013, 14:42
Ապեր, էս կետը ավելորդ ա, irrelevant .. հանի թող գնա ..


Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Հայաստանի անկախության մասին հռչակագիր

Անկախության հռչակագրի պահին կարող ա իմաստ ուներ, իսկ հիմա բացարձակ չունի, քանի որ ԽՍՀՄ չկա, որի ազգային-պետական կազմավորումների հետ հարաբերություններ հաստատես: Եթե շատ ես ուզում, որ արտաքին քաղաքականության մասին մի բան լինի ցանկում, մտցրա Սահմանադրության 9-րդ հոդվածը:


Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Տրիբուն
01.12.2013, 14:49
Մի բան էլ ...


1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

Վրաստանին իրար արած բոլոր քայլերի համար պետք ա միշտ արժանին մատուցել, որպես հիշեցում, որ մենք ոչխար են :D Քանի որ Վրաստանն այլևս ԱՊՀ անդամ չի, խնդրում եմ տեքստը խմբագրել հետևյալ կերպ.


1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց, սակայն 2009 թվականին օգոստոսի 18-ից դադարեցրեց անդամությունը) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

Chuk
01.12.2013, 14:55
Կփոխեմ Տրիբուն ձյա, շնորհակալություն :)

Տրիբուն
08.12.2013, 20:43
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
ՀՀ լեզվի մասին օրենք, Հոդված 1. «Հայաստանի հանրապետության լեզվական քաղաքականությունը»


Էս էլ օրենքի ֆուֆլոն ա էլի .. գրական արևելահայերենը երևի ավելի կոռեկտ կլիներ, քանի որ արևմտահայերենն էլ ա գրական:

Mephistopheles
08.12.2013, 21:33
Էս էլ օրենքի ֆուֆլոն ա էլի .. գրական արևելահայերենը երևի ավելի կոռեկտ կլիներ, քանի որ արևմտահայերենն էլ ա գրական:

Հա, բայց քո ասածն էլ ա շատ ընդհանուր… ավելի կոռեկտ կլիներ "Ռոբերտ Քոչարյանի հայերենը" կամ "Րաֆֆի Հովհաննիսյանի հայերենը"… վերջինը, իհարկե, ընդամենը մի մարդ ա խոսում ու հասկանում, բայց դե…