PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդիկ



ivy
05.11.2013, 17:59
Երևի բոլորիս կյանքում էլ հանդիպում են մարդիկ, որոնք տպավորվում են, մնում հիշողության մեջ: Մարդիկ, որոնց մասին կարելի է հետաքրքիր, տարօրինակ, հրաշալի կամ սարսափելի բաներ պատմել և մինչև անգամ պատմվածքներ գրել:
Այս թեման նախատեսված է հենց այդպիսի պատմությունների համար: Նրանց հերոսը պիտի լինի կոնկրետ մեկը, ով ինչ-որ կերպ տպավորություն է թողել մեզ վրա կամ առանձնահատուկ եղել մեր կյանքում:
Շարադրանքի ձևն ամեն մարդ ինքն է ընտրում:
Պատմելիս, ցանկության դեպքում, կարելի է հերոսների իրական անունները փոխել:

Թեման նախատեսված չէ ակումբցիների մասին գրառումների համար:

Մեկնաբանություններն ու կարծիքները խրախուսվում են :)

ivy
05.11.2013, 18:06
Ռոզիկը

Ռոզիկի մասին մեր թաղում խոսում էին, թե իբր կաղ է, բայց այնպիսի մի կաղություն ունի, որն առաջին հայացքից նկատելի չէ: Ասում էին՝ դրա պատճառով էլ ժամանակին իր «նշանը հետ էին տվել» ու այդպես էլ չէր ամուսնացել: Ռոզիկի կաղությունը տեսնելն ամեն մարդու խելքի բանը չէր: Դրա համար հատուկ աչք էր պետք՝ կյանքի փորձով, իմաստնությամբ: Տատս հենց դրա վարպետն էր: Նստում էր պատուհանի մոտ ու հետևում, թե Ռոզիկը ոնց է քայլում փողոցով: Ես որքան էլ փորձում էի նկատել Ռոզիկի կաղությունը, այդպես էլ բան չէր ստացվում: Չունեի այդ շնորհքը:
Պաժ սանրվածքով ու մեծ ակնոցով այդ կինն ինձ համար ուրիշ բանով էր առանձնահատուկ: Եվ դա իր Նունուշիկ կատուն էր: Նունուշիկ կոչվածը մի հսկա ու դանդալոշ որձ էր, որն արտաքինով ոչ մի դևից հետ չէր մնա: Բայց Ռոզիկը վերաբերվում էր նրան, ինչպես քնքուշ մի արարածի, որից ավելի հրաշալի էակ աշխարհում լինել չէր կարող: Անգամ այն մութ ու ցուրտ տարիներին նա պահում և խնամում էր իր Նունուշիկին այնպես, ինչպես վայել էր թագավորին՝ երբեմն իր բերանից հացը կտրելով ու նրան տալով: Եվ Նունուշիկը օր օրի ավելի խոշոր ու զարզանդելի էր դառնում:
Ռոզիկն իր կատվին չէր վստահում դրսի աշխարհին, և նրանք միայն երկուսով էին տնից դուրս գալիս, որ Նունուշիկի խաթրին կպչող չլինի: Նա իր կատվի վզին մանյակ էր անցկացնում, վրան թոկ կապում ու դրանից բռնած՝ դուրս հանում զբոսանքի: Դանդաղ էր քայլում Ռոզիկը, քանի որ Նունուշիկի պարարտությունը թույլ չէին տալիս կատվին արագ տեղաշարժվել: Սովորաբար արդեն մի քանի րոպե անց Նունուշիկը սկսում էր բամբ ձայնով բղավել (մլավոց ես դա անվանել չէի կարող)՝ հասկացնելով տիրոջը, որ արդեն շատ հոգնեց, հալից ընկավ, և վատ չէր լինի՝ մի կտոր հաց ուտել, կազդուրվել:
Նունուշիկի վերջը շատ տխուր եղավ: Դա իմ իմացած միակ կատուն էր (իսկ ես իմ կյանքում շա՜տ կատուներ եմ ճանաչել), որ շատակերությունից մի օր ոտքերը ձգեց: Հենց այդպես էլ եղավ նրա վախճանը: Ու բժիշկները կոռեկտ ձևով արձանագրեցին մահվան պատճառը՝ աղիների ոլորում:
Իր սիրելի կատվի մահը Ռոզիկն անչափ ծանր տարավ: Ու վշտից լրիվ կորցրեց իրեն: Սկսեց ամեն պատահած կատվի տուն բերել ու բառիս բուն իմաստով՝ ձեռքից ձեռք կամ ավելի ճիշտ՝ թաթից թաթ անցնել: Լավ էր, թե դրա փոխարեն խմել սկսեր կամ գոնե պոետ դառնար: Բայց չէ, Ռոզիկն այլ ճանապարհ էր բռնել: Օր օրի շատանում էին նրա տան կատուները՝ ամեն տեսակի, չափի ու սեռի: Հարևաններն աջ ու ձախ բամբասում էին նրա հետևից, իսկ հետո էլ արդեն բացահայտորեն բողոքում, որովհետև շենքի միջանցքից սարսափելի հոտ էր գալիս, մարդ շնչահեղձ էր լինում, երբ անգամ կողքով էր անցնում: Իսկ թե ինչ էր կատարվում Ռոզիկի տանը, դրա մասին ոչ ոք չգիտեր, որովհետև մարդիկ վաղուց արդեն դադարել էին նրա տուն ոտք դնել:
Ռոզիկի կատվանոցը դեռ մինչ օրս էլ կա: Ամեն անգամ, երբ Երևան եմ գնում, ավելի ու ավելի սարսափելի տեսքի կատուներ եմ հայտնաբերում մեր բակում: Բոլորը լավ են ճանաչում այդ դևանման հսկաներին. դրանք Ռոզիկի կատուներն են:
Ռոզիկին էլ եմ երբեմն տեսնում փողոցում՝ նույն իր պաժ սանրվածքով ու խոշոր ակնոցով: Միայն թե տարիքի հետ (ի՞ր, թե՞ իմ) արդեն ոնց որ թե սկսել եմ նկատել այն գաղտնի կաղությունը, որի մասին պատմում էր տատս:
-Բարև, Ռոզա տոտա, ո՞նց ես:
-Լավ եմ, Հռիփսիմե ջան, ի՞նչքան ժամանակով ես եկել:
Ու հարցի պատասխանը դեռ չլսած՝ արդեն վազում է խանութի մոտ պպզած կատվի ձագի ուղղությամբ՝ գրպանները քչփորելով, որ մի բան գտնի, տա: Հետն էլ ակնոցի տակից շուրջն է նայում, թե ծանոթներից ոչ ոք հո չնկատե՞ց:
Իսկ ես անցնում եմ նրանց կողքով ու փիսիկին մտքում բարի բախտ մաղթում:

Ուլուանա
05.11.2013, 18:21
Լավն էր։ Շատ հավես ես գրել :)։ Ռոզիկի կերպարն էլ լավ ամբողջական էր ու տիպիկ։
Փաստորեն, Ռոզիկն էր կատուներին տենց դանդալոշ ու դևանման արարածների վերածում, հա՞. հիվանդագին հոգատարությունից էնքան էր բտում, որ խեղճերը ամերիկացի կատուներ էին դառնում...

Ռիփ, մի երկու վրիպակ նկատեցի, ասեմ, ուղղի։ «Պարարտության» փոխարեն գրել ես «պապարտություն»։ Մեկ էլ էս նախադասության մեջ կարծես ինչ–որ բան էն չի.

Սկսեց ամեն պատահած կատվի տուն բերել ու բառիս բուն իմաստով՝ ձեռքից ձեռք կամ ավելի ճիշտ՝ թաթից թաթ անցնել:
Քո գրածով ստացվում է, որ Ռոզիկն էր ձեռքից ձեռք կամ թաթից թաթ անցնում։

ivy
05.11.2013, 18:36
Պարարտությունը ես արդեն ուղղել չեմ կարող:
Կոռեկտ բառն էլ ոնց որ թե «ռ»-ով պիտի լինի, չէ՞, նոր տեսա:
Թե ժամանակ ունես, կփոխե՞ս Ան:
Իսկ Ռոզիկի թաթից թաթ անցնելը հենց էդպես էլ ուզում էի, որ հասկացվեր:

Ուլուանա
05.11.2013, 18:45
Պարարտությունը ես արդեն ուղղել չեմ կարող:
Կոռեկտ բառն էլ ոնց որ թե «ռ»-ով պիտի լինի, չէ՞, նոր տեսա:
Թե ժամանակ ունես, կփոխե՞ս Ան:
Իսկ Ռոզիկի թաթից թաթ անցնելը հենց էդպես էլ ուզում էի, որ հասկացվեր:
Հա, կոռեկտ պիտի լինի, էդ էլ էի մտադիր ասել, մոռացա...
Ուղղեցի երկուսն էլ։

Sambitbaba
05.11.2013, 18:53
Իսկ Ռոզիկի թաթից թաթ անցնելը հենց էդպես էլ ուզում էի, որ հասկացվեր:

Ես համամիտ եմ Այվի հետ. որովհետև Ռոզին էր կատուների գերին, այլ ոչ թե կատուները՝ Ռոզիի...

Այվ ջան, ինչպես միշտ, վերևում ես: Շնորհակալություն հաճելի նվերի համար::)

Sambitbaba
05.11.2013, 19:13
Հա, կոռեկտ պիտի լինի, էդ էլ էի մտադիր ասել, մոռացա...
Ուղղեցի երկուսն էլ։

Հըմմմ:think...

Ստիպեցիք կենտրոնանալ այդ բառի վրա... և ինչ-որ արդեն տեղը չեմ բերում...

Բժիշկները կոռեկտ ձևով արձանագրեցին մահվան պատճառը՝ աղիների ոլորում:
Պե՞տք է արդյոք հասկանալ այնպես, որ բժիշկները բարեկրթորեն, կամ քաղաքավարի կերպով... Չէ՞ որ կոռեկտ՝ հենց դա է նշանակում:

"Բժիշկները բարեկրթորեն արձանագրեցին մահվան պատճառը՝ աղիների ոլորո՞ւմ"...

Բժիշկների՝ թե կատվի և թե Ռոզիի հանդեպ այդպիսի քաղաքավարի վերաբերմունքի ոչ պատճառը, ոչ էլ իմաստը չեմ տեսնում: Ինչ է, անասնաբույժը խնայում էր Ռոզիի զգացմունքնե՞րը...

Այվ ջան ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլիներ, ասենք հետևյալ ձևը.

"Բժիշկներն արձանագրեցին մահվան կոնկրետ պատճառը՝ աղիքների ոլորու՞մ"...


Շատ հնարավոր է, որ սխալ եմ, որ մեջ ընկա իմ տկար հայերենով, բայց մի տեսակ այդպես զգացի, Այվ ջան, Ան ջան...

Դու´ք եք մեղավոր. ինչու՞ փորփրեցիք: Կարդացել էի, չէի էլ նկատել, մարսվել-գնացել էր...:angry

Ուլուանա
05.11.2013, 19:21
Հըմմմ:think...

Ստիպեցիք կենտրոնանալ այդ բառի վրա... և ինչ-որ արդեն տեղը չեմ բերում...

Պե՞տք է արդյոք հասկանալ այնպես, որ բժիշկները բարեկրթորեն, կամ քաղաքավարի կերպով... Չէ՞ որ կոռեկտ՝ հենց դա է նշանակում:

"Բժիշկները բարեկրթորեն արձանագրեցին մահվան պատճառը՝ աղիների ոլորո՞ւմ"...

Բժիշկների՝ թե կատվի և թե Ռոզիի հանդեպ այդպիսի քաղաքավարի վերաբերմունքի ոչ պատճառը, ոչ էլ իմաստը չեմ տեսնում: Ինչ է, անասնաբույժը խնայում էր Ռոզիի զգացմունքնե՞րը...

Այվ ջան ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլիներ, ասենք հետևյալ ձևը.

"Բժիշկներն արձանագրեցին մահվան կոնկրետ պատճառը՝ աղիքների ոլորու՞մ"...


Շատ հնարավոր է, որ սխալ եմ, որ մեջ ընկա իմ տկար հայերենով, բայց մի տեսակ այդպես զգացի, Այվ ջան, Ան ջան...

Դու´ք եք մեղավոր. ինչու՞ փորփրեցիք: Կարդացել էի, չէի էլ նկատել, մարսվել-գնացել էր...:angry
Կարծում եմ՝ հենց կոռեկտ է նկատի ունեցել Այվին, որովհետև իրականում պատճառը շատակերությունն էր երևի, անառողջ սնվելը կամ տենց մի բան, ուղղակի բժիշկները նախընտրել էին ավելի մեղմ արտահայտվել, որ չվիրավորեն Ռոզիկին՝ ակնարկելով, որ, իբր, ինքը վատ է պահել կատվին։ Եթե սխալ եմ հասկացել, թող Այվին ուղղի ինձ։

Sambitbaba
05.11.2013, 19:27
Կարծում եմ՝ հենց կոռեկտ է նկատի ունեցել Այվին, որովհետև իրականում պատճառը շատակերությունն էր երևի, անառողջ սնվելը կամ տենց մի բան, ուղղակի բժիշկները նախընտրել էին ավելի մեղմ արտահայտվել, որ չվիրավորեն Ռոզիկին՝ ակնարկելով, որ, իբր, ինքը վատ է պահել կատվին։ Եթե սխալ եմ հասկացել, թող Այվին ուղղի ինձ։

Հնարավոր է, Ան ջան, բայց այդ դեպքում ինչ-որ չի համոզում...

ivy
05.11.2013, 20:30
Դե դուք էլ պատմեք :)

StrangeLittleGirl
05.11.2013, 21:26
Ռիփ, ապրես :) Համ թեմայի, համ պատմվածքի:

Լսի, ասում եմ` էս մեր թաղի Զոռո կատուները կարո՞ղ ա ձեր կողմերից են էկել: Մենք սենց Զոռոյի պես սև դիմակ հագած լիքը կատուներ ունենք, երևի մի յոթ-ութ հատ:

ivy
05.11.2013, 21:30
Ռիփ, ապրես :) Համ թեմայի, համ պատմվածքի:

Լսի, ասում եմ` էս մեր թաղի Զոռո կատուները կարո՞ղ ա ձեր կողմերից են էկել: Մենք սենց Զոռոյի պես սև դիմակ հագած լիքը կատուներ ունենք, երևի մի յոթ-ութ հատ:

Կարող ա :))

StrangeLittleGirl
05.11.2013, 21:33
Դե դուք էլ պատմեք :)

Իմոնք սաղ բլոգումս պատմած են :)) Բայց հավեսի գցեցիր, մի բան կմոգոնեմ:

ivy
11.11.2013, 16:51
Կիմա տատը

Այն հին ու բարի ժամանակներում, երբ հարևաններն ապրում էին մի ընտանիքի նման, ու նրանց տան դռները միայն գիշերներն էին փակվում, մենք էլ, տրված այդ կյանքին, նույն կենցաղն էինք կիսում մեր դիմացի հարևան Կիմա տատի հետ: Ինքը մեր տնից էր անպակաս, մենք՝ իրենց:
Կլորիկ ու ցածրահասակ այդ կնոջ վրայից միշտ մածնի հոտ էր գալիս, որովհետև երբ տեսնեիր՝ մածնաբրդոշ էր ուտում: Քայլելիս ոտքերը նույն տեմպով քստքստացնում էր. բոլորիս համար դրանք լավ ճանաչելի ձայներ էին. այդպես միայն Կիմա տատն էր քայլում:
Սեփական զավակներ նա չուներ, բայց մեծացրել էր ամուսնու հինգ երեխաներին: Ու հիմա էլ հարսների գլխին կարգին սկեսուրություն էր անում՝ բոլորին բռի մեջ հավաքած: Շատ բարձր էր պահում մեր շենքի սկեսուրների անունն ու պատիվը:
Տատիկիս ու նրա միջև միշտ լուռ (իսկ երբեմն էլ ոչ այնքան լուռ) մրցակցություն կար: Ո՞վ է ճաշն ավելի լավ սարքում, ո՞վ է միջանցքն ավելի շուտ ավլում, ո՞ւմ ասածներն են թոռներն ավելի արագ անում: Ու իրենք շատ լուրջ տարված էին դրանով: Այդ պարզունակ կենցաղային մրցակցությունը մեծ նշանակություն ուներ նրանց ծերունական կյանքում: Այսպես ասած, հեղինակության հարց էր:
Ըստ դրա՝ նա մեր շենքի «տատական մաֆիայի» երկրորդ դեմքն էր (դե առաջինն իմ տատն էր, դա քննարման հարց չէր): Մի երկար փայտե նստարան ունեին, հանում, դնում էին բակում, նստում վրան ու սկսում լվանալ անցող դարձողի ոսկորները: Ու եթե նստարանի վրա այդ օրը մի որևէ տատ էր բացակայում, ապա անպայման նրա ոսկորներն էլ էին լվանում:
Այդ ամենով հանդերձ՝ Կիմա տատը տարբերվում էր մեր շենքի մնացած ծերերից: Նա թերթ էր կարդում, հեռուստացույց նայում, հետաքրքրվում ժամանակակից կյանքով: Նրա հետ կարելի էր ֆիլմեր դիտել, քննարկել, խոսել ամենատարբեր թեմաներով:
Իմ ամենասիրած տատն էր, իմ մտերիմն ու ընկերը: Տարիներ շարունակ ինքն իմ մասին էր հոգ տանում, ես՝ իր: Մեր կյանքը միասին էր անցնում:
Աջ ձեռքի արմունկին մի կապույտ խալ ուներ Կիմա տատը, որին միշտ զարմանքով էի նայում: Խալն է՞լ կապույտ լիներ: Երբ շատ էի ուսումնասիրում, ժպտալով ասում էր.
-Կուզե՞ս քեզ տամ:
Ծիծաղում էի ծանոթ կատակից:
Երբեմն հեքիաթ էր պատմում իմ Կիմա տատը: Այդ հեքիաթներում դևեր կային, սատանաներ ու կախարդներ: Նկարագրվող տեսարանները հաճախ դաժան էին ու խիստ նատուրալիստական: Իսկ ամենազարմանալին այն էր, որ անվերջ էին նրա հեքիաթները. մարդ երբեք չէր իմանում, թե վերջում ինչ է լինում, որովհետև վերջ չկար...
Երբ արդեն դեռահաս էի և ուշք ու միտքս սիրային թեմաներն էին, Կիմա տատն ինձ կանչում էր իր մոտ ու «բախտ բացում»: Նրա քարտերը միշտ նույն բանն էին ասում, որ շուտով գտնելու եմ իմ «բոյով բուսաթովին»: Դրա համար հաճախ էի վազում մոտը՝ գուշակություններ լսելու: Ինքն էլ միշտ գիտեր ինձ ոնց գոհացնել:
Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ մեն-մենակ գնացի հանգստանալու: Երեք շաբաթ չկայի ու երբ վերադարձա, Կիմա տատն անկողին էր ընկել: Ինքը միշտ էլ դժգոհում էր առողջությունից, բայց այդ անգամ կարծես թե ամեն ինչ ավելի լուրջ էր: Չհասցրեցի ոչինչ պատմել նրան, մենակ կարողացա վերջին անգամ տեսնել ու ձեռքը բռնել, մինչև կհեռանար: Դա իմ կյանքի առաջին ու ծանր կորուստն էր:
Նրա թաղումից հետո աջ արմունկիս խալ առաջացավ: Կապույտ գույնի: Ճիշտ նույն տեղում, ճիշտ նույն տեսքի:
Մինչ օրս էլ կրում եմ Կիմա տատի թողած նվերը:
Ու նայելիս մտածում՝ իսկ ե՞ս ում եմ մի օր թողնելու:

Ուլուանա
11.11.2013, 17:52
Շատ լավն էր, Ռիփ։ Համով–հոտով, վերջն էլ, դե, լրիվ վերջն էր :)։
Էն դեպքերից է, երբ կարծես ոչ մի մանրուք ավելորդ չի։

Էս մասի վրա ծիծաղել եմ :)).

Ու եթե նստարանի վրա այդ օրը մի որևէ տատ էր բացակայում, ապա անպայման նրա ոսկորներն էլ էին լվանում:

Այբ
11.11.2013, 18:13
Խելառը

Հորաքույրս գյուղում է ապրում: Շատ է լինում, մանավանդ ամռանը, որ գնում եմ իրենց գյուղ և մի քանի օր մնում:
Էսօր հորաքրոջս աղջկա հետ հեռախոսով խոսում եմ, ասում է.
_Էն քո խելառը մեռավ...
_Վա՜յ...
_Ի՞նչ մի դարդ ես անում խելառի համար...

Սրանից երկու տարի առաջ էր: Գյուղում էի: Հորաքրոջս աղջկա հետ առվի մոտ նստած բամբասում էինք, երբ մի ծեր մարդ, կամաց մոտեցավ մեզ: Շորերը թափթփված էին, ճերմակ մազերը ու ճերմակ մորուքը անսովոր երկար, ինքը կեղտոտ...Խղճալի տեսք ուներ: Դժվար էր նայել նրան: Բայց ամենաանսովորը աչքերն էին: Վիշտը, թախիծը, անորոշությունը և դատարկությունը միախառնված էին նրա աչքերի մեջ: Նման աչքեր երբեք չէի տեսել: Չխղճալ չէր լինի:
_Մի պատմություն պատմե՞մ,-շատ կամաց հարցրեց ու առանց պատասխան ստանալու սկսեց խոսել, - սրանից շատ տարիներ առաջ մարդիկ մարդ չէին...
_Է՜հ, դու էիր պակաս,-կողքից վրա տվեց հորաքրոջս աղջիկը ու դարձավ ինձ,-ի՞նչ ես նստել...գնում ենք տուն: Ի՞նչ ես էդպես նայում...մեր գյուղի խելառն է:
Իսկ խելառը կարծես ոչինչ չէր լսում և շարունակում էր խոսել.
_Մարդիկ էդ ժամանակ ծառներ էին՝ մեծ, հսկա, փարթամ... Տարվա չորս եղանակին էդպես էին...չէին փոխվում. չկար ո՛չ աշուն, ո՛չ ձմեռ, կար միայն գարուն և ամառ...
Հորաքրոջս աղջիկը համարյա ինձ քաշում էր, բայց ես չէի ուզում տեղիցս շարժվել. ուզում էի լսել խելառին, ուզում էի նայել նրա աչքերին : Տարօրինակ է, չէ՞:
Ի վերջո, հորաքրոջս աղջկա ասածներին տեղի տվեցի ու սկսեցի հետը քայլել դեպի տուն: Գնալուց մի քանի անգամ հետ նայեցի, խելառը կանգնել էր, ու ինքն իր հետ էր խոսում: Երևի նրա մթագնած ուղեղը պատկերացնում էր, թե մենք դեռ առվի մոտ լսում ենք իրեն:
_Սաղ գյուղը դրան շան տեղ չի դնում, բայց դու՞...էնպես նայեցիր էդ խելառին, լացս եկավ,-հորաքրոջս աղջիկն ասեց:
Մի վարկյանում ատեցի ամբողջ աշխարհը: Ատեցի նաև հորաքրոջս աղջկան, իրենց գյուղը...Մի՞թե խելառը մարդ չէ, մի՞թե այն ժամանակ է մարդ եղել, երբ ուղեղը մթագնած չի եղել: Իսկ ինչքան հանցագործներ կան, ովքեր խելագար չեն...նրանց կարելի՞ է ասել՝ մարդ են, իսկ խելագարի՞ն: Իսկ խելագարին «սաղ գյուղը շան տեղ չի դնում»:

Հետաքրքրվեցի ու իմացա, որ այդ խելառը` Արտակ Մարտիրոսյանը, գյուղի դպրոցի տնօրենն էր եղել, որին մի ժամանակ բոլորը հարգում ու սիրում էին: Մի որդի էր ունեցել, ով բազմազավակ ընտանիքով ապրել էր Գյումրիում, իսկ ինքը՝ կնոջ հետ գյուղում: Որդին (ընտանիքի հետ) երկրաշարժին զոհ էր գնացել: Վիշտը ծանր էր եղել. Արտակի կինը մեռել էր վշտից, իսկ Արտակը՝ կորցրել առողջ բանականությունը:

Երբ իմացա, որ մահացել է, անընդհատ փորձում եմ պատկերացնել, թե ինչպե՞ս են թաղելու: Մերժված մարդու դագաղի հետևից ովքե՞ր են գնալու:

Այբ
15.11.2013, 17:01
Սոնան

Կուրսեցիս էր Սոնան: Միասին սովորեցինք 4 տարի, բայց միասին չավարտեցինք...
Էսօրվա պես հիշում եմ ավարտական տարին: Ամբողջ օրը գրադարաններից դուրս չէինք գալիս, ամբողջ օրը գրքերի մեջ էինք... Ի՜նչ վախով էինք սպասում պետականներին...բառերով չես գրի:
Սոնան միշտ աչքի էր ընկնում իր սովորելով և աշխատասիրությամբ: Բայց ի զարմանս բոլորիս, ավարտական տարվա վերջին ամիսներին, ոնց որ ինքը չլիներ: Հավասարակշռված, պարտաճանաչ Սոնայից բան չէր մնացել. դարձել էր ցրված, անտարբեր, դասերին համարյա չէր գալիս, քննությունների համար չէր պարապում:
Ընկերուհիներով անհանգստանում էինք, փորձում էինք ինչ-որ ձև օգնել, բայց մեր հարցերին միշտ նույն էր պատասխանում.
-Լուրջ բան չկա:
Բայց ախր տեսնում էինք, որ կար:
Մի օր էլ, երբ հարցերով Սոնային շատ խեղդեցինք, ասեց.
-Սիրահարվել եմ, պրծա՛ ձեզնից, հանգստացա՛ք...Պատանեկան սեր չեմ ունեցել... պատանեկան սերս նոր եմ ապրում:
Աղջիկը սիրահարվել էր, ավելի ճիշտ չէր սիրահարվել՝ սիրագերվել էր...Ոնց որ ամպերի մեջ լիներ:
-Սո՛ն, պետականներին բան չմնաց, չե՞ս գալիս գրադարան,-չորս կողմից ասում էինք: Իսկ ինքը ոչ մեկիս չէր լսում. հայտնվել էր ամպերի մեջ, ու չէր էլ ուզում իջնել երկիր:
Դասերի վերջին ամիսը դասի ընդհանարապես չեկավ, զանգում էինք՝ չէր պատասխանում, սոցիալական սայթերից նույնիսկ ջնջվել էր: Կորել էր: Ինքն էլ գյուղից էր, ու մենք էլ իր հարազատների ու գյուղի ընկերների հետ ծանոթ չէինք, և չկարողացանք գոնե հարազատների հետ կապվել:
Եկավ պետական քննությունների օրերը: Մտածում էինք, որ էսքան տարի սովորել է, ու եթե չհաշվենք վերջի տարին, Սոնան փայլուն ուսանողուհի էր եղել, գոնե կգար, որ պետականները հանձներ: Չեկավ: Պետականները չհանձնեց:

Մի տարուց ավելի էր, ինչ Սոնային կորած էի համարում, մինչև պատահաբար խանութում չհանդիպեցի: Վաճառողուհի է դարձել: Բնականաբար հարցեր տվեցի, թե ինչի՞ էր կորել և այլն, պատասխանեց.
-Է՜հ, իմ կյանքն էլ էսպես դասավորվեց:
Իսկ խանութից դուրս գալուս ժամանակ ասեց.
-Հանկարծ չսիրահարվես: Իմ սխալը չկրկնես...