PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրանտը



E-la Via
31.10.2013, 21:29
Հրանտը

Տատիկիս տուն տեղափոխվելու առաջին իսկ օրն արթնացա դրսից եկող անորոշ ձայներից , մոտեցա պատուհանին ու քնաթաթախ դուրս նայեցի: Աչքերիս համար անսովոր տեսարանից զարմացած՝ դուրս եկա պատշգամբ: Շենքի բակում ծառերի տակ մի խումբ երեխաներ ֆիզիկական վարժություններ էին անում, ավելի մեծ տարիքի տղաների մի խումբ մայթով վազում էր, մեկ այլ խումբ էլ՝ ուղիղ կանգնած, ձեռքրի ափերն իրար մոտեցրած տարօրինակ ձայներ էր հանում: Իսկ այս ամենին հետևում էր մի մարդ, որը մեկ այս, մեկ այն խմբին մոտենալով՝ նոր ցուցումներ էր տալիս:

Հրանտն էր՝ մանկությանս ամենակոլորիտ դեմքերից մեկը: Կիսասպիտակ, մի քիչ երկար, խիտ գանգուր մազերով, ձիգ կեցվածքով, միջին տարիքի տղամարդ էր, որին միշտ կարելի էր տեսնել նույն կանաչագորշավուն սպորտային հագուսոտով ու թևին սպորտային պայուսակ գցած՝ իրեն հանդիպած փոքրից մեծ բոլոր ծանոթներին հարգալից տոնով բարևելիս:

Հրանտը ֆիզկուլտուրայի դասեր էր տալիս այդ համայնքի դպրոցներից մեկում, դասերից ազատ ժամերի մարզում էր թաղի տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր երեխաների ու ամիսը մի քանի անգամ սկսում էր շատ երկար նվագել: Ասում էին՝ նա իր տունը երբեք չէր տաքացնում ու միայն հում բանջարեղեն էր ուտում: Երբ նրա բնակարանի մոտով էիր անցնում ու դուռը պատահաբար բաց էր լինում՝ քթիդ էր խփում տանից եկող տհաճ հոտը: Շենքի կանայք ասում էին, որ դա մենակ ապրող տղամարդու հոտ է: Ոչ ոք չէր հիշում, թե երբ կամ ինչպես էր Հրանտը տեղափոխվել այդ բնակարան: Նրա պարզ վարած կյանքից կարծես թե բոլորը տեղյակ էին, թեկուզև ինտրիգներ փնտրող մեր հասարակությանն այդ պարզությունն այնքան էլ չէր գոհցնում: Բայց մեկ է, շենքի կանանց կողմից Հրանտի մասին բացվող անհավանական ենթադրություններով համեմված ցանկացած խոսակցություն ավարտվում էր նույն խոսքով՝ Հրանտը ջենթլմեն է:

Հրանտին ծանոթանալու ու նրա երաժտությունը լսելու առաջին իսկ օրվանից սովորություն էի դարձրել գնալ նստել նրա պատուհանների տակ՝ մի ստվերոտ անկյունում, ու լսել ռաբիզին սովոր ականջիս խորթ այդ հնչյունները: Այդ ժամանակ մի դաշնամուրային կատարումը մյուսին էր հաջորդում: Երբ հերթական ստեղծագործությունն ավարտվում էր՝ մտքիս մեջ ասում էի՝ ‹‹Ընկեր Հրանտ, խնդրում եմ, մեկն էլ նվագիր››: Իսկ նա, կարծես լսելով խնդրանքս, հաջորդին էր անցնում: Այդպես կարող էի անվերջ լսել, քանի դեռ ականջիս չէր հասնում մորս ինձ տուն կանչող ձայնը, կամ քանի դեռ Հրանտը չէր վերջացնում նվագել:

Հերթական ‹‹երաժշտակա երեկոյից›› հետո հուզված վերադարձա տուն, մի լավ մտմտացի ու հաջորդ օրը թակեցի Հրանտի դուռը: Սիրտս արագ խփում էր: Ուր որ է հետ էի դառնալու, երբ դուռը բացվեց.
-Բարև՛, ընկեր Հրանտ:
-Բարև՛, Լիլիթ ջան:
-Ընկե՛ր Հրանտ, կարո՞ղ եմ մի րոպեով ներս գալ:
-Իհարկե, համեցի՛ր:
Ներս մտա՝ մեծ լոնքեր անելով այս ու այն կողմ դուրս ընկած պարկետների վրայով ու չնկատելու տալով տհաճ հոտը: Չէի համարձակվում սկսել խոսակցությունը:
-Ինչո՞վ կարող եմ օգնել, Լիլիթ ջան:
-Ընկե՛ր Հրանտ , մի խնդրանքով եմ եկել: Կարո՞ղ եք ,- խոսքս չավարտած՝ աչքս ընկավ մարզասարքերի վրա ու շարունակեցի,- կարո՞ղ եք ամառային արձակուրդների ընթացքում ինձ էլ մարզել ու մի քանի ինքնապաշտպանական հնարքներ սովորեցնել:
Հրանտը մի քանի վայրկյան ուշադիր նայեց ինձ ու հարցրեց.
-Իսկ ինչի՞դ են պետք ինքնապաշտպանական հնարքները: Խնդիրնե՞ր ունես դպրոցում կամ փողոցի երեխաների հետ:
Աչքերս փախցնելով՝ պատասխանեցի.
-Նման մի բան: Ավելի ճիշտ, ուղղակի շատ հետաքրքիր է ու ուզում եմ սովորել:
‹‹Վերջ, հասկացավ, որ ստում ես, Լիլիթ աղջիկ, իսկ հիմա ի՞նչ ես անելու››,- մտածեցի՝ տեսնելով Հրանտի ուշադիր զննող, մի փոքր կկոցած աչքերը:
-Լավ,-ասաց նա՝ ժպտալով,- շաբաթը երկու անգամ քառասուն րոպեով կարող ես գալ մարզվելու: Համաձա՞յն ես:
-Համաձայն եմ,- արագ պատասխանեցի ես:
-Ուրեմն պայմանավորվեցինք,-ասաց ու ձեռքը մեկնեց ինձ:
-Պայամանավորվեցինք,-ժպտացի, սեղմեցի մեկնած ձեռքը ու ուղղվեցի դեպի դուռը: Դռան մոտ մի բան հիշեով՝ շրջվեցի:
-Ընկե՛ր Հրանտ, հնարավո՞ր է անհատական մարզումներ լինեն: Հասկանո՞ւմ եք, չեմ ուզում տղաների հետ լինել:
‹‹Ի՜նչ ամաչկոտի մեկն ես է, Լիլիթ աղջիկ››,- մտքում ինքս ինձ հեգնելով իսկ դեմքիս կիսամաչկոտ արտահայտություն տալով՝ սպասեցի Հրանտի պատասխանին:
-Իհարկե, հենց այդպես էլ կանենք:
-Շնորհակալություն, ընկեր Հրանտ: Առայժմ:
-Առայժմ, Լիլիթ ջան:

Դուռը մեջքիս ետևում փակվեց, իսկ ես ինքս ինձ հետ կռիվ տալով՝ տուն վերադարձա: Լավ իմանալով տանեցիների մտածելակերպը՝ որոշեցի նրանց ոչինչ չասել:

E-la Via
31.10.2013, 21:31
Ամբողջ հունիս ամիսը բակի երեխաների հետ խաղալու պատրվակով գնում էի Հրանտի հետ մարզվելու: Չնայած ստից առաջացած լարվածությանն ու նախնական մտադրությունից հետ կանգնելու ցանկությանը՝ մարզումները շատ հետաքրքիր էին անցնում: Դրանց ժամանակ միայն մկանները ձգելու, մարմինը ավելի ճկուն դարձնելու համար հատուկ ընտրված ֆիզիկական վարժություններից բացի առաջին անգամ լսեցի առողջ սննդակարգի մասին: Նա անըդնահտ կրկնում էր՝ ‹‹հիշի՛ր, մենք այն ենք, ինչ ուտում ենք››: Ասածն առանձնապես չէի հասկանում, բայց համաձայնվեցի ինձ համար կազմած հատուկ սննդակարգով սնվել: Օր էր լինում, գալիս էի պարապմունքի, պատրաստվում անցնել ակտիվ մարզումների, իսկ նա ինձ կարգադրում էր նստել տան անկյուններից մեկում ու ուշադիր նայել առջևս դրված մոմին: Սա ինձ կատարյալ անհեթեթություն էր թվում, բացի այդ՝ շատ ձանձրալի: Բայց մեկ է, չէի բողոքում: Էդ ամենի խորհրդավորությունն ինձ գրավում էր:

Հուլիսին հերթական պարապմունքի գնալիս՝ դռան մոտից լսեցի դաշնամուրի ձայնը: Չհամարձակվեցի ընդհատել այն: Միայն ավարտից հետո դուռը թակեցի:
Ներս մտնելուց՝ աչքերս չէի կտրում դաշնամուրից ու չէի կարողանում կենտրոնանալ Հրանտի ասածների վրա:
-Ընկե՛ր Հրանտ, դու պրոֆեսիոնա՞լ դաշնակահար ես:
-Ընդամենը ինքնուս,- ժպտալով պատասխանեց ու ձախ ձեռքով մեղմ անցավ ստեղների վրայով:
-Ե՞ս էլ կարող եմ սովորել նվագել:
-Եթե կա մեծ ցանկություն, իհարկե կարող ես:
-Էդ դեպքում ինձ կսովորացնե՞ք,- չհասկացա, թե ոնց, բայց վերջապես տվեցի այն հարցը, որը չէի համարձակվել առաջին անգամ տալ:
-Իսկ ի՞նչը քեզ խանգարեց նախորդ անգամ սա հարցնել:
Զարմացա, որ սկզբից էլ գլխի էր ընկել սկզբնական մտադրությանս մասին, հետո ամաչեցի ու վերջապես համարձակվեցի խոսել.
-Տղաներն ասում են, որ դաշնամուր նվագելը խզիկների զբաղմունք է: Ու եթե իմանան, որ ես էլ եմ ուզում դաշնամուր նվագել, անկախ նրանից, որ աղջիկ եմ, ինձ էլ կսկսեն ձեռ առնել այնպես, ինչպես երաժշտական դպրոց հաճախող Մհերին, ու իրենց խմբից դուրս կհանեն:
Ասածիս վրա Հրանտը սկսեց բարձր ծիծաղել: Երբ դադարեց, հարցրեց.
-Իսկ հիմա դրա համար չե՞ս անհանգստանում:
-Թող միայն փորձեն, մռութները կջարդեմ:
Ծիծաղի հերթական պոռթկումից հետո Հրանտի հետ թվող երկրորդ պայմանը կապեցինք, ու այսուհետ խաղի պատրվակով ծլկում էի դաշնամուրի դասերի:

Մի օր, երբ պարապմունքից տուն վերադարձա, նախասրահում հանդիպեցի տատիկիս հարևանուհուն՝ հետաքրքրասեր ու հանրահայտ շատախոս Հայկուշ տոտային: Երբ ինձ տեսավ՝ ոգևորված տոնով ասաց.
- Լիլիթ ջան, էնքան ուրախացա, երբ Հրանտի տան մոտով անցնելիս տեսա, որ դաշնամուր նվագել ես սովորում: Միայն թե չգիտեի, որ Հրանտը դաշնամուրի դասեր էլ է տալիս:
Խոսքն ավարտեց, իր ուշադիր հայացքով զննեց մորս ու տատիկիս, հասկացավ, որ հասել է սպասված արդյունքին, արագ հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Նրա գնալուց հետո մայրս իմ երկար-բարակ բացատրությունները լսելուց հետո արգելեց երկու շաբաթ տանից դուրս գալ, ինչպես նաև դաշնամուրի դասերի հաճախել: Իսկ հետո ավելացրեց, որ եթե մինչ սեպտեմբեր ամիսը չկորցնեմ հետաքրքրությունս նվագել սովորելու հանդեպ, ուրեմն կսկսեմ հաճախել երաժշտկան դպրոց:
Ու թեկուզ մայրս ասաց, որ ինքն անձամբ Հրանտին տեղյակ կպահի իր որոշման մասին, բայց տնային կալանքի երկու շաբաթների ընթացքում հաստատ որոշել էի, որ ես էլ պետք է Հրանտից ներեղություն խնդրեմ ստի ու նրան անհարմար դրության մեջ գցելու համար: Հենց պատժի ժամկետն ավարտվելու օրը շտապեցի Հրանտի տուն: Դուռը թակեցի՝ տանը մարդ չկար: Որոշեցի հաջորդ օրը գնալ: Նույնը կրկնվեց: Մյուս օրն էլ փորձեցի: Բայց դուռը այդպես էլ չբացվեց իմ առջև: Մտածեցի, անպայման փողոցում կտեսնեմ ու էդպես ասելիքս կասեմ, բայց ամեն անգամ, երբ ուզում էի նրան մոտենալ՝ կամ փոխում էր ճանապարհը, կամ էլ ինչ-որ մեկի հետ խոսակցության բռնվում: Հասկացա՝ խուսափում է ինձանից: Մտածելով, որ մայրս է նման պահանջ ներկայացրել, այևս չփորձեցի խոսքի բռնվել:

Միայն մի քանի ամիս անց մորս հանդեպ ունեցած բարկությունն անցավ: Սեպտեմբերին հրաժարվեցի երաժշտական դպրոց գնալու առաջարկից: Իսկ հոկտեմբերին Հրանտի տան մոտով անցնելիս գիտակցեցի, որ այս ընթացքում մի շատ կարևոր բան էլ է պատահել. Հրանտը դադարել է նվագել:

Այդ տարվա դեկտեմբերին տեղափոխվեցինք նոր տուն:
Մի քանի տարի անց, երբ մի օր ես ,մայրս ու տատիկս հիշողությունների գիրկն էինք ընկել, խոսքից խոսք բացվելով՝ իմացա Հրանտի պահվածքի ու լռության իրական պատճառը:
Պարզվում է, որ Հայկուշը, մեր տուն այցելելուց հետո հանդիպել է շենքի բոլոր հարևանուհիներին, խոսքի մեջ , իմիջայլոց պատմել իր բացահայտման մասին, նկարագրել իմ ստից առաջացած հարազատներիս զարմանքը, իսկ հետո, որպես գաղտնիք, ավելացրել, որ Հրանտը շատ տարօրինակ կերպով է բռնած եղել ձեռքս: Խոսք խոսքի, բամբասանքը բամբասանքի ետևից այս ամենը ընկել էր թե մերոնց, թե Հրանտի ակաջը: Ու թեկուզ տատիկս ու մայրս էդ խոսակցությունները դեմն առել էին, միևնույնն է, հետագա խնդիրներից խուսփելու համար որոշվել էր, որ Հրաանտն այլևս չպետք խոսի ինձ հետ:

Զարմանքի, բարկության, ափսոսանքի, ցավի, զղջման ու զզվանքի մեկը մյուսին հաջորդող զգացումները երկար ժամանակ թույլ չէին տալիս հանդարտվել ու հանգիստ վերաբերվել այդ հիշողություններին:

Անցավ ևս մի քանի տարի: Գործերով տատիկիս հին տան թաղամաս էի գնացել: Երբ դրանք ավարտեցի՝ ոտքերս անկախ ինձանից տարան Հրանտի տան պատուհանների կողմ: Ինչպես միշտ՝ բաց էին: Նստեցի նույն ստվերոտ անկյունում: Իսկ մի քանի րոպե անց լսվեց դաշնամուրի ձայնը:

E-la Via
31.10.2013, 21:37
«Հրանտը» «Կարենի» հետ գրեթե նույն ժամանակահատվածում եմ գրել: Մտածում էի սա էլ մրցույթին ուղարկեմ, բայց հետո փոշմեցի՝ թեմային էդքան էլ չհամապատասխանելու պատճառով:
Անհամբեր կսպասեմ ձեր քլնգախառն կարծիքներին :):

ivy
31.10.2013, 22:15
E-la Via, էնպես ես շարադրել, կարծես լրիվ իրական դեպք լինի. չգիտեմ՝ իրականում էդպես է, թե չէ: Ասածս էն է, որ սյուժե սարքելու ցանկություն կարծես չլինի պատմածիդ մեջ, լրիվ «մանրապատումային», բլոգային շարադարանք է: Դա մի քիչ հասարակ է դարձնում գործը:
Մենակ վերջն է, որ շատ գեղարվեստական ու պատմվածքային է, իմ կարծիքով: Սիրուն է վերջանում:

Baltazar
31.10.2013, 22:47
Ինձ դուր եկավ: Շնորհակալություն:

Նիկեա
31.10.2013, 22:55
Չգիտեմ ինչն է պատճառը,բայց էն ամենը, ինչ կապված է հիշողությունների հետ ինձ գրավում է:Այս պատմածքն էլ էր դրանցից:Սահուն կարդացի,իսկ վերջը շատ լավն էր:

E-la Via
01.11.2013, 12:39
E-la Via, էնպես ես շարադրել, կարծես լրիվ իրական դեպք լինի. չգիտեմ՝ իրականում էդպես է, թե չէ: Ասածս էն է, որ սյուժե սարքելու ցանկություն կարծես չլինի պատմածիդ մեջ, լրիվ «մանրապատումային», բլոգային շարադարանք է: Դա մի քիչ հասարակ է դարձնում գործը:
Մենակ վերջն է, որ շատ գեղարվեստական ու պատմվածքային է, իմ կարծիքով: Սիրուն է վերջանում:

Իրականում հենց էդպես էլ մտածել էի. Վերջրերս հիշողությանս էջերից վեր հանեցի երեք լավ տպավորված կերպարների՝ Կարենին, Հրանտին ու Բաբուլին: Որոշեցի մարապատում-եռապատում գրել: Առաջին ուղարկեցի մրցույթի, երկրորդը ոնց տեսնում ես տեղադրեցի, իսկ երրորդը՝ «Բաբուլը» դեռ գրում եմ:
Քանի որ երեքն էլ մանրապատումային ուղվածություն պետք է ունենային՝ հատուկ սյուժե կառուցելու իմաստ չտեսա: Շատ էի ուզում Հրանտին էսպես "անմահացնել" ու իր կերպարի շուրջ մի փոքր ինտրիգ մտցրեցի:

Արևանուռ
01.11.2013, 13:03
Միայնակ, մերժված Հրանտ: Ջենթլմեն: Դաշնամուր նվագող Հրանտ:
Ինձ թվում է նա նվագելիս երազում է... Լավ կերպար է:
Մերսի:

Alphaone
01.11.2013, 16:53
Այվ, բայց ախր հենց էս պարզությունն էլ իր էֆֆեկտն ունի, իմ մոտ կարդալիս էնպիսի զգացողություն էր, թե հերոսուհի Լիլի կողքին, խարույկի մոտ նստել ենք, պատմում է, լրիվ մթնոլորտը կար՝ ջերմություն, անկեղծություն, առանց ավելորդ պաճուճանքի սովորական, խոսակցական շարադրանք ու էսքան սիրուն ավարտ: Ինձ ահավոր շատ դուր եկավ, չգիտեմ :)

ivy
01.11.2013, 17:21
Այվ, բայց ախր հենց էս պարզությունն էլ իր էֆֆեկտն ունի, իմ մոտ կարդալիս էնպիսի զգացողություն էր, թե հերոսուհի Լիլի կողքին, խարույկի մոտ նստել ենք, պատմում է, լրիվ մթնոլորտը կար՝ ջերմություն, անկեղծություն, առանց ավելորդ պաճուճանքի սովորական, խոսակցական շարադրանք ու էսքան սիրուն ավարտ: Ինձ ահավոր շատ դուր եկավ, չգիտեմ :)

Հնարավոր է, որ էդպես էլ կա, Ալֆա ջան, չեմ վիճում։

StrangeLittleGirl
01.11.2013, 23:31
E-la Via, էնպես ես շարադրել, կարծես լրիվ իրական դեպք լինի. չգիտեմ՝ իրականում էդպես է, թե չէ: Ասածս էն է, որ սյուժե սարքելու ցանկություն կարծես չլինի պատմածիդ մեջ, լրիվ «մանրապատումային», բլոգային շարադարանք է: Դա մի քիչ հասարակ է դարձնում գործը:
Մենակ վերջն է, որ շատ գեղարվեստական ու պատմվածքային է, իմ կարծիքով: Սիրուն է վերջանում:

Ռիփ, բայց ի՞նչ պարտադիր ա սյուժե կառուցելը: Ավելի ճիշտ, ինքը էղած սյուժեն շատ լավ կառուցել ա:

Ապրես, լավ ես գրել :) Մենակ մի քանի տեխնիկական-լեզվական թերություն կար: Լավ կլիներ` մի հատ ուշադիր խմբագրեիր տեղադրելուց առաջ: Մեկ էլ աշխատի էս տիպի ոչինչ չասող երկխոսություններից խուսափել.


-Շնորհակալություն, ընկեր Հրանտ: Առայժմ:
-Առայժմ, Լիլիթ ջան:

Sambitbaba
02.11.2013, 04:16
Շատ լավ պատմվածք էր, էն մի շնչով կարդացվողներից. չես նկատում, երբ սկսվեց, երբ պրծավ... Անմիջականության ծով...
Էնքան սահուն ու հարթ է գրված, որ տեղ չես թողել, մարդ բռնվի-կանգ առնի, մի քիչ քննադատի. չկա էդպիսի տեղ:

Ապրես, Վեյ ջան, և՝ շնորհակալություն:

E-la Via
02.11.2013, 13:19
Մեկ էլ աշխատի էս տիպի ոչինչ չասող երկխոսություններից խուսափել.

Բյուր, բայց սկսած երկխոսությունը պետք է մի ձև ավարտեմ, չէ՞: Ո՞նց է ավելի ճիշտ: Կհուշե՞ս...

StrangeLittleGirl
02.11.2013, 16:32
Բյուր, բայց սկսած երկխոսությունը պետք է մի ձև ավարտեմ, չէ՞: Ո՞նց է ավելի ճիշտ: Կհուշե՞ս...

կիսատ թող, չի զգացվի

impression
03.11.2013, 14:27
ապրես, հետաքրքրությամբ կարդացի

E-la Via
03.11.2013, 18:36
կիսատ թող, չի զգացվի

Մտքովս չէր էլ անցել: Բայց հիմա, որ նայում եմ, տեսնում եմ, որ ոչ միայն էս օրինակում, այլ ուրիշ տեղեր նույնպես կարելի ա նուրբ անցում կատարել:
Ապրիս :):