PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևի կգա մի օր...



Lusntag Lusine
28.09.2013, 13:25
Որոշեցի այստեղ օրագիր բացել ու գրել այն մտքերս, որոնք գրում եմ ինձ համար: :love

Lusntag Lusine
28.09.2013, 14:26
Առավոտյան սուրճի թարմ բուրմունքին խառնվել էր ու ամեն կումի հետ կուլ էի տալիս ականջներումս արձագանքող միակ բառը.

- Նկարե՞մ:

Ամեն տառի ծանրությունը իջնում էր սրտիս, թափանցում հոգիս ու անդադար հիշեցնում իր մասին.

- Նկարե՞մ:

- Վերցրու,- տալիս եմ թուղթն ու մատիտը,- նկարիր: Լսում եմ ինչպես է տվածս թուղթը վերածվում մանր կտորների: Քամին ծեծում է պատուհանը, որին ընկերակցում է.

- Նկարե՞մ, նկարե՞մ,նկարե՞մ:



Այսօր ամպերն այնքան տարբեր են ու գեղեցիկ - տխուր, ուրախ, թախծոտ…

Նայում եմ երկնքին ու ակամայից ականջներումս հնչում են.

- Նկարե՞մ…

Lusntag Lusine
28.09.2013, 16:41
Քո չգնացած ճանապարհով քայլում եմ ես, ու սովորում այն, ինչ չէի սովորի, եթե գնայիր դու: Սովորեցրիր սառույցի վրա պարել, առանց սայթաքելու, ու առաջին անգամից ստացվեց, կարծես միշտ պարել էի: Սովորեցրիր չվախենալ մթից, սիրել գիշերը, հիանալ սեփական միայնությամբ:Սովորեցիր հավատալ, որ հավատս ոչինչ չի բերելու,ու հանգիստ թողեցի նրան,բայց սրտիս խորքում սպասում եմ, վախենալով հավատալ, չեմ ուզում հիասթափվել::Քո օգնությամբ խորացրի համբերությանս բաժակը, որ երբեք չլցվի: Սովորեցրիր կանգնել ողջ աշխարհի դիմաց մեն- մենակ ու չսարսափել մենությունից:Իմ ուժն քո մեջ է:Իմ աշխարհն ուրիշ է քեզանով...Առանց քեզ չէի տեսնի կյանքը, չէի զգա անցածս ճանապարհի ամեն սանտիմետրը, ու չէի հասկանա որ կյանքս հրաշք է - ոչ ոք չի կարող քայլել ջրի վրայով, ինչպես ես:

Lusntag Lusine
03.11.2013, 19:32
Չգիտեմ…
Կյանքիս միակ օրն է, որ անմոռաց կմնա:
Շատ բան տվեց - մի կյանքի գնով: Սղոցեց, սղոցեց, որ հասկանայի ամեն օրվա յուրահատկությունը, որ հասկանայի – ցավին հասկանալ է պետք, ոչ թե բողոքել: Որ հասկանայի երջանիկության գինը:
Հասկացա, բայց սրտիս խորքում դեռ սղոցն իր գործն է անում: Երևի դեռ սովորելու, հասկանալու շատ բաներ ունեմ:

Սիրում եմ աշունը
Նրա ոկեզոծ գույները
ՈՒ ինձ նվիրած տերևը
Ողողված անձրևի սառը կաթիլներով...

Lusntag Lusine
10.01.2014, 23:24
Նոր աշխարհ – դու, լռությունը, մթությունը: Այժմ միայն դու ես ու անսահմանությունը: Շունչդ այս անշունչ աշխարհում գնաց դիպեց դիմացի ժայռին, ու լույսի արագությամբ արձագանքեց դեմքիդ: Ինչ ուղարկել էիր, այն էլ ստացար: Բայց զարմանալի ուժեղ ես: Մեկ ուրիշը լիներ քո փոխարեն, վաղուց հանձնվել էր, անիծել կյանքը, աշխարհին, մարդկանց, աստծուն: Իսկ դու՞: Դու եղունգներով կառչել ես կյանքի այս սև վարագույրից ու բաց չես թողնում: Զարմանալի էր, երբ այսքանից հետո լսեցի, թե ինչպես ես արտաբերում ժպիտով.
- Ես սիրում եմ կյանքը...

Lusntag Lusine
15.01.2014, 20:02
Գալիս ենք ու գնում: Ոչ ոք ոչինչ էլ չտարավ ու չի տանելու էս անիծված աշխարհից, բայց մարդիկ այդպես էլ չեն հասկանում...
Կռվու՜մ են՝ փողի, աթոռի, ժառանգության, էն մի մետր հողի համարել են կռվում: Մեկը չկա ասի - էդ ով՞ա աթոռին նստած գնացել, կամ էլ փողի տոպրակն ուսին, այ միամիտներ: Ախր ժամանակավոր ենք էս անտեր աշխարհում: Տիրոջը թողած՝ նոր տերեր ենք փնտրում, բերում նստացնում աթոռին, նրանք էլ ասում են.
- Ես եմ աշխարհի տերը, բայց շատ եմ բարձր նստած ու չեմ տեսնում ինչ է ներքևում կատարվում:

Բա չասե՞ս մի օր դու էլ ես գնալու բոլորի նման, ու աթոռդ հետդ չես տանելու, ի՞նչ պատասխան ես տալու: Բա էն փողի համար սրա նրա արյունը խմողը՝ նա էլ դատարկ գրպաններով պիտի գնա: Մտածելա՞,թե առանց փող ովա: Չի մտածել, գիտեմ...
Պատերազմը ինչքա՜ն մարդու կյանք խլեց: Քանիսը զոհվեցին, ինչքանն էլ կենդանի մեռելներ դարձան: Որը դարդից, որն էլ հոգին վաճառեց՝ մնաց դատարկ մարմինը:
Էհ, աշխարհը քանդվե՜ց, լցվեց մարդանման կենդանիներով; Օդը ծանրացավ, շնչել չի լինում: Պատերազմը վերջացավ, բայց մարդիկ էլ առաջվանը չդարձան՝ դեմքներին աստիճանաբար ժպիտը հայտնվեց, բայց հոգիները դատարկ մնացին: Օտարացավ կյանքը, տունս, աշխարհս…

Lusntag Lusine
21.01.2014, 12:40
Հրաշքներ կան ու այս էլ քանի անգամ համոզվում եմ:
-Ձյու՞ն ես ուզում:
Ձյունը գալիս է, երբ էլ չես սպասում ու ճերմակը ծածկում է ամեն ինչ:
-Նվե՞ր ես ուզում:
Վերադարձնում եմ քեզ այն տունը, որը կորցրել էիր ու որտեղ դու քեզ երջանիկ էիր զգում:
Հրաաաաաաաաշքներով լի օր:
Այն ով է ասում հրաշքներ չկա՞ն:
Կան, երբեմն մենք չենք տեսնում...

Lusntag Lusine
20.10.2014, 10:45
Քանի դեռ արտասվում ես` հաղթում ես ցավին:
Պարտվում ես, երբ այլևս չես կարողանում արտասվել:

Lusntag Lusine
01.11.2014, 22:19
Երբեք դիմացինին նվաստացնելով ինքնագնահատականդ չես բարձրացնի, բայց դրանով կապացուցես, որ նրանից ցածր ես կանգնած:

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
28.01.2015, 13:23
Արքան առյուծն է, կապիկներն են վերևներով ման գալիս:

Լուսինե Լուսնթագ

Lusntag Lusine
21.12.2015, 15:37
Սիրում եմ ձյան ճերմակը` հոգի խաղաղեցնոց մաքրությունը, բայց միշտ թվացել է, թե էլի ինչ որ անհասկանալի գաղտնիք կա նրա մեջ, որի համար սիրում եմ, բայց դեռ չեմ բացահայտել: Այսօր նրան կրկին բացահայտեցի` նուրբ, մաքուր ու ազատատենչ: Երևի կզարմանաք, թե ձյունը ինչպես կարող է ազատատե~նչ լինել: Կարող է… Գեղեցիկ է ձյան պարը իջնելիս, կարող ես անվերջ նայել ու հիանալ, բայց երբ փորձում ես վերցնել ափիդ մեջ` հալվում է ձեռքերիդ ջերմությունից, նույնիսկ սառնությունից հալվում է` իրենը չէ… Ինչքան էլ փորձես նրան ետ բերել` չես կարող: Ազատությու~ ն է սիրում ու գնում է իր արևի կանչով, բայց ինքնակամ, սիրո~վ … Մի օր կրկին կգա, գուցե տարիներ հետո` մաքուր, նուրբ ու ազատ… Չփորձես այլևս նրան դիպչել, թող նրա ճերմակ մաքրությունը երկար ապրի…
Ձյուն` մաքուր, նուրբ ու ազատ, արի~…