PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հուշեր



Chuk
24.09.2013, 02:09
Չգիտեմ, էս թեման շուտ կմեռնի, թե ինչ կլինի: Բայց գիտեմ, որ երբեմն ուզում եմ իմ կյանքից ինչ-որ բաներ գրել: Գուցե արժեր օրագիր բացել, բայց էդ պատմությունները նաև ուզում եմ ավելի գեղարվեստական ներկայացնել: Բայց նաև չեմ ուզում մտածել, ոնց հիշում եմ՝ գրելու եմ: Սուտ ու ճիշտ: Ինչքան որ հիշում, ոնց-որ հիշում եմ: Ու ոչ էլ խմբագրել եմ ուզում: Ոնց գրվեց, գրվեց: Իհարկե չբացառելով, որ մի օր կարող է խմբագրեմ: Էդտեղ կարող են լինել ուղղակի դրվագներ կյանքիցս ու հուշեր ոմանց մասին: Էդ ոմանցից ոմանց գուցե դուք էլ ճանաչեք: Կարող է վաղը ձանձրանամ ու էլ չգրեմ: Իսկ կարող է, օրը մի պատմություն գրեմ: Չգիտեմ, կերևա ընթացքում: Բայց մինչև չսկսեմ, բան չեմ իմանա:

Էնպես որ տեսնենք, թե ինչ կլինի: Գուցե ձեր՝ դրական ու բացասական արձագանքներն էլ կօգնեն կողմնորոշվել՝ շարունակե՞լ, թե՞ ոչ:

Chuk
24.09.2013, 02:11
Ես տղամարդ եմ դառնում

Էն տարիներն էին, որ մեր բակի տղերքը ամբողջ օրը կողքի բակում էին: Անուլն ու Մերին էին պատճառը, ում սիրահարված էր ամբողջ թաղը: Մեղքս ինչ թաքցնեմ, երկուսին էլ հասցրել եմ սիրահարվել: Բայց մեր բակի աղջիկներին չէի դավաճանի, մանավանդ որ ում էլ սիրահարված լինեի, մեր բակի Նելլին կար ու կար: Էս աղջիկներից ոչ մեկն էդպես էլ չիմացավ, որ ես իրենց սիրահարված եմ եղել: Կամ էլ գուցե իմացել են, բայց ոչ թե իմ համարձակության, այլ իրենց աղջկական բնազդով:

Բայց դե պատմություն դրա մասին չի, սա ուղղակի, ժամանակագրութան համար: Սա նշանակում է, որ պետք է լինեի չորրորդ կամ հինգերորդ դասարացնի, ուրեմն մոտավորապես 10 տարեկան մի երեխա:

Չգիտեմ, պատճառը Անուլն ու Մերի՞ն էին, թե՞ չէ, բայց իմ ու տղերքի տարբերությունը մենակ ամբողջ օրն իրանց բակում լինելը չէր: Ես մի տեսակ ուրիշ էի, տարված իմ մտքերով, երազանքներով, իմ հորինած աշխարհով: Ու փորձում էի, ամեն գնով փորձում էի տղամարդ դառնալ, ինքնուրույն լինել: Ու երևի դա էր պատճառը, որ ավելի շատ ձգտում էի մեծ շրջապատներին, փորձում լինել ավելի տարիքովների հետ:

Ու իմ տարբերվելու էդ վառ շրջանում բախտի քմահաճույքով որոշեցին մեր շենքի էլեկտրալարերը փոխել: Հիմա որ մտածում եմ, ապշում եմ ուղղակի, թե ոնց կարող էին նման գործի համար ուղարկել ընդամենը մի մարդու, մի ջահել տղու, երևի երեսուն տարեկան: Բայց դե կարող է իրենք նախօրոք գիտեին, որ էդ շենքում ես կամ ու ամեն ինչ նորմալ էր: Իմ ձտգումը լինել մեծերի կողքին, լուրջ գործով զբաղվել, ինձ միանգամից ուղարկեց Արծրունի մոտ:

Արծրունն էլ իմ ընկերությունից էր գոհ. թեկուզ տաս տարեկան էի, բայց անկեղծ իրեն օգնում էի, ու օգնում էի ոչ միայն ոտի տակ ընկնելով, այլ իսկապես գործ անելով: Լավ օրեր էին: Մի կողմից ինքնահաստատվում էի, մյուս կողմից՝ սովորում: Արծրունը լավ ուսուցիչ էր, չնայած իրականում ինքն էլ փորձի մեծ պակաս ուներ: Ու էսպես շենքի լարերը փոխելով գնում էինք. մուտք առ մուտք, յուրաքանչյուր բնակարան մտնելով:

Մի զարմանալի բան նկատեցի էդ օրերին: Մարդիկ մինչ այդ բողոքում էին, որ լարերը վատ վիճակում էին, հայհոյում ու պախարակում էին, բայց հիմա, երբ փոխում էին, մեծ մասը դժգոհությամբ էին ընդունում Արծրունին, խեղճ տղայի վրա թափում էին իրենց հերսն ու դժկամությամբ համաձայնվում, որ լարը մինչև տուն հասցնի:

Ու էսպես շրջում էինք տներով, երբ Արծրունը սովածանում կամ սուրճ էր ուզում, հպարտ իրեն ուղեկցում էի մեր տուն, մերոնք էլ սիրով ընդունում ու հյուրասիրում էին: Ու էս միալար պրոցեսը կշարունակվեր, եթե չհասնեինք մեր մուտքի վերջին բնակարանին:

Դուռը ծեծեցինք, հեռվից լսվեց խուլ ձայնը. «ո՞վ է»: «Լարերն ենք փոխում», - բարձր ձայնեց Արծրունը: Անցավ մի քանի րոպե, ձմեռային գլխարկը գլխին ծուռ դրած, պիժաման հագին դուռը բացեց Հենրիկ Սևանը:

- Եկեք, - ասաց ու շարժվեց դեպի խոհանոց:
- Չէ, գալ պետք չի, - միանգամից արձագանքեց Արծրունը, մենակ դռան մոտ անցք բացենք ու լարը մտցնենք տուն:
- Ոչ մի գործ, քանի մի կտոր բան չենք կերել, - Հենրիկ Սևանի ձայնը հրամայական էր:
- Չէ, չէ, ի՞նչ եք ասում: Կուշտ եմ համ էլ: Արագ գործն անենք ու գնամ:
- Նե՛րս արի:

Արծրունը սկսեց քայլել դեպի ներս, ես դեպի ներքև: Մտածեցի բակում կամ մի տեղ կսպասեմ, մինչև պրծնեն: Մեկ էլ դռան հետևից հայտնվեց Սևանի գլուխը.

- Էս ու՞ր:
- Ներքև, - ամոթխած ու կամաց պատասխանեցի:
- Հլը արագ վերև արի:

Անհաստատ քայլերով սկսեցի բարձրանալ:
- Շու՛տ:

Անցա վազքի ու մի վայրկյան անց իր տանն էին: Գնացինք խոհանոց: Սևանը դանդաղ ու հանգիստ քայլերով մոտեցավ սառնարանին, բացեց դուռը ու հանեց... բորբոսնած պանիր: Շոկի մեջ էի, մանավանդ երբ տեսա իր հպարտ հայացքը, էդ թափոնը սեղանին դնելիս: Մտածում էի՝ լավ, էս մա՞րդը խելքն էնքան է գցել, որ չի՞ տեսնում որ բորբոսնած է: Ու մինչ ես էս մտքերով էի, մեկ էլ լսեմ Արծրունի հիացած ձայնը.

- Իսկական չեչի՜լ, միլիոն տարի չեմ կերել:

Զարմանքս հասավ գագաթնակետին: Բայց երևի իմ աչքերը մատնում էին էդ զարմանքը, Հենրիկ Սևանը զվարթ ձայնով դարձավ ինձ.

- Հը՞, Արտակ, կյանքում իսկական չեչիլ չե՞ս տեսել:
- Էս փչացած չի՞, - հարցրի զարմացած:
- Չէ, ինչ փչացած, աշխարհի ամենահամով բանն ա, հեսա կուտես. Կտեսնես՜

Հետո սեղանին դրեց հաց ու պահարանից հանեց արաղի կիսատ շիշը: Բացեց թե չէ, ծիրանի թունդ արաղի հոտը բռնեց սեղանը, էնքան որ հոտին չդիմանալով հազացի:

- Հը, խմու՞մ ես, - հարցրեց ինձ, ծիծաղն անհաջող թաքցնելով:
- Հա, բա ո՜նց, - չեք մոռացել, չէ, որ ուզում էի տղամարդ դառնալ:

Ինձ քիչ լցրեց, իրենց շատ:

- Բարով տեսանք, - ասաց սովոր ձայնով: Բաժակները խփեցինք: Արծրունն ու Հենրիկը մի կումով դատարկեցին: Նայեցի, հասկացա որ ձևն էդպես է, նույնն արեցի:

Հետո չեչիլից պոկեցի, իրենց նման ու տարա բերանս: Անմահական բան էր, համը մինչև հիմա բերանումս է, էլ երբեք նմանը չեմ կերել: Հետո.. հետոն լավ չեմ հիշում: Հիշում եմ, որ երգելով մտա տուն: Հիշում եմ, որ Արծրունը հետևիցս վախեցած ու ամաչկոտ ձայնով մորս ասում էր. «կներեք...»: Իսկ ես տանն էի ու հպարտ գոռում էի.

- Արդեն տղամա՛րդ եմ...

Alphaone
24.09.2013, 03:20
Չուկ, էս գործդ որ մրցույթում լիներ, թեև Բյուրն էլ, Լիզն էլ, Գալն էլ, Անուկն էլ ինձ լացարել են, Այվին ուղղակի հասել, խփել ա արկածախնդիր ջիղիս, բայց էս գործի օգտին կքվեարկեի, վաղուց նման բան չէի կարդացել՝ պրիմիտիվի չափ պարզ ա ու իմաստունի չափ խորը:
Հ.Գ. Ես ավելի շուտ եմ տղամարդ դարձել :D

Baltazar
24.09.2013, 07:52
Լավն ա , շարունակություն անպայման: Ոնց են դզում ռեալ կյանքի ռեալ դրվագները: Սիրտս պանիր քաշեց:

Ուլուանա
24.09.2013, 08:22
Արտ, նենց լավ ես պատմել. քեզ լրիվ պատկերացրի էդ տարիքում՝ դեմքի արտահայտություններով, խոսելաձևով, շարժումներով :))։

Նաիրուհի
24.09.2013, 10:33
Դե ասա՝ լավ ենք պրծել, որ հիմա ծիրանի օղու տեղը գարեջուրն ես գերադասում :D

Լավն էր, Արտ, նենց ծանոթ էր ամեն ինչ, չնայած տղամարդ դառնալու խնդիր առանձնապես չեմ ունեցել :)

Chuk
24.09.2013, 12:12
Չուկ, էս գործդ որ մրցույթում լիներ, թեև Բյուրն էլ, Լիզն էլ, Գալն էլ, Անուկն էլ ինձ լացարել են, Այվին ուղղակի հասել, խփել ա արկածախնդիր ջիղիս, բայց էս գործի օգտին կքվեարկեի, վաղուց նման բան չէի կարդացել՝ պրիմիտիվի չափ պարզ ա ու իմաստունի չափ խորը:
Հ.Գ. Ես ավելի շուտ եմ տղամարդ դարձել :D

Ալֆա ջան, շատ շնորհակալ եմ էս գնահատականիդ համար, բայց քանի որ «մրցույթի կոնտեքստում» նայեցիր գործին, ուզում եմ հատուկ ասեմ, որ ոչ, սա արտամրցութային տարբերակ չի: Ես սա չեմ գրել հետո որոշել չուղարկել, կամ մտածել եմ մրցույթի համար գրել ու հետո չեմ հասցրել: Հասարակ պատահականություն ու զուգադիպություն ա մրցույթի օրերին լինելը: Ավելին, եթե շուտ գրած լինեի, մրցույթին չէի ուղարկի, որտև թեև մրցույթի գործերը չեմ կարդացել, բայց սա մեկ է, մրցունակ չի: Վստահ եմ, եթե մրցույթի մեջ սա լիներ, ինքդ էլ շատ ու շատ թերություններ կգտնեիր մեջը, սկսած շարադրանքից, ավարտած սյուժեով, որտև ինչ ուզում ենք անենք, բայց մրցույթում լրիվ ուրիշ ակնոցներ դրած ենք կարդում գործերը: Իսկ սա ուղղակի արագ ընթերցանության համար գրված բան է, ու կարծում եմ, որ ողջ շարքն էդպիսին կլինի, եթե իհարկե «թափս հերիքի» ու շարունակեմ :)

Chuk
24.09.2013, 17:07
Տիկին Սիլվան ու խղճուկ մանչուկը


Պապիս՝ Սաղաթել Հարությունյանի ծնունդներն այնքան շատ են եղել, որ չեմ հիշում, թե որ ծնունդին քանի տարեկան է դարձել: Հիշում եմ, որ անչափ սիրում էի իր ծնունդները, ու եթե անգամ տարվա մեջ օրերը չէի հաշվում, թե երբ պետք է վերջապես գա իր ծննդյան օրը, մեկ է, երբ մոտենում էր այդ օրը, մեջս ինչ-որ անհանգիստ սպասում էր արթնանում:

Սա մի քիչ տարօրինակ է, որովհետև պապիս ծնունդները պետք է որ ձանձրալի լինեին երեխեքի համար: Բայց կային բաներ, որ ինձ գրավում էին: Նախ դա օր էր, երբ հանդիպում էի որոշ ազգականների, որոնց տարվա մեջ ուրիշ ոչ մի օր չէի տեսնելու, ու թեկուզ նրանցից ոմանց չէի սիրում, բայց հանդիպելը հետաքրքիր էր: Հետո պապս ունենում էր ուրիշ, ոչ ազգական հյուրեր, որոնք մեծ երազանքներով փոքր երեխայի համար բավական հետաքրքիր էին. գրողներ, արվեստաբաններ, տարբեր գործիչներ, հայտնի մարդիկ: Միշտ էլ հետաքրքիր էր լսել իրենց՝ հաճախ բավական դատարկ, փիլիսոփայական, երբեմն չափազանց մեծամիտ զրույցները:

Իսկ բացի սրանից պապիս ծնունդները սիրում էի, որովհետև միշտ ինչ-որ օրիգինալ ու տարօրինակ բան կարող էիր գտնել սեղանի վրա: Այդ տարօրինակ բաների մի մասը հետադարձ տարօրինակ չեն, բայց այդ տարիների ու իմ համար դրանք զարմանահրաշ հեքիաթներ են: Օրինակ երբեք չեմ մոռանա, թե ինչպես կոկոս կերանք: Մինչ այդ ես չէի հավատում, որ նման միրգ կա, կոկոս տեսել էի միայն ինչ-որ մուլտֆիլմում ու կարծում էի, թե նույնքան հնարված բան է, որքան որ հնարված են «Դե սպասիր»-ի նապաստակն ու գայլը, Թոմը, Ջերրին, յոթ թզուկները, Կառլսոնն ու մյուսները: Բայց պարզվեց, որ ոչ միայն հնարված չի, այլև պապիս տանը կա, ու ինքը հպարտությամբ մեզ հյուրասիրեց այդ խայտառակ վատ համով միրգը, որը հետո շատ ու շատ երկար տարիներ էլ չեմ ուզել փորձել, որտև վստահ էի՝ զզվելի բան է: Իսկ իրականում երևի իր ունեցածն էր թթված ու ոչ ավելի:

Բայց բացի նման էկզոտիկ, բայց հայտնի կամ բնական ուտելիքներից պապս սիրում էր ինքը «արարել» ու իր տանը միշտ կգտնեիր իր ձեռքով քաշած անիսոնի համով բալի լիկյոր, իր ձեռքով սարքած կաթնագույն ինչ-որ ալկոհոլային խմիչք, տարատեսակ տարօրինակ ճաշեր՝ իր սեփական ռեցեպտով: Դրանցից ամենաշատը տպավորվել է «Բամբակաշատի ճաղճաղակը»: Արտակարգ համով մի ուտելիք, որը պապս որոշել էր դարձնել Բամբակաշատի ազգային ուտեստ: Ու որպեսզի գործը գլուխ գա, ինձ, որ դեռ նոր էի սովորում համակարգչային ծրագրերը, պատվիրել էր բաղադրատոմսը սիրուն սարքել ու տպել: Հիմա էլ եթե գնաք Բամբակաշատ, շատերի տներում կգտնեք մոտ 15-18 տարի առաջ սարքած այդ բաղադրատոմսը, որը սարքելուց կիրառել էի սովորածս բոլոր տեխնոլոգիաները, ամեն ինչ խառնել իրար, ու ձևավորման մեջ եղած՝ իրար չսազող դետալները այնքան շատ էին, որքան որ շատ էին Բամբակաշատի ճաղճաղակի մեջ մտնող մթերքների տարատեսակները: Ու երևի հենց դա էր պատճառը, որ գյուղում բոլորը շատ հավանել էին ձևավորումս, ինչպես որ հավանում էին Բամբակաշատի ճաղճաղակը:

Ահա այսքան հետաքրքիր բաներ կային պապիս ծնունդին ու հերթական ծնունդին իհարկե շտապել էի այնտեղ: Պապս հիվանդ էր: Այնքան հիվանդ էր, որ ոմանք երևի թե մտածել էին, թե պապիս վերջն եկել է, դրա համար այդ օրը հյուրերն ավելի շատ էին: Կային նաև հյուրեր, որոնց հատկապես էին մեծարում: Օրվա զարդն էլ պետք է լիներ Կապուտիկյան Սիլվան: Պապիս ուրիշ որևէ ծնունդ չեմ հիշում, չհաշված «մեծարման երեկոները», որ տիկին Սիլվան ներկա լիներ, ու երևի հենց դա էր պատճառը, որ պապիս կինը խառնված վազում էր տան մի ծայրից մյուս ծայրն, խառնված հրահանգներ տալիս սրան ու նրան: Պապիս կինն եմ գրում, որովհետև տատս չէր, չնայած ինձ լավ տատություն արել է: Իսկական տատս մահացել է ծնվելուցս շատ առաջ, ու ես այդ բարի կնոջը գիտեմ միայն պատմություններով ու նկարներով:

Հերթական հրահանգն ինձ էր.

- Արտակ, տիկին Սիլվան շուտով կհասնի, տաքսիով է, իջիր, դիմավորիր:
- Ինչի՞ համար, - նեղսրտեցի, - տան տեղը գիտի, չէ՞:
- Կապ չունի, նման հյուրերին պետք է լավ դիմավորել, - ինքը մեծ պատկառանք ուներ Կապուտիկյանի նկատմամբ:

Թեկուզ դժգոհ էի, բայց էլ չերկարացրի, իջա դիմավորելու: Պապիս շենքից քչերին էի ճանաչում: Երեխաներից առավել ևս քչերին: Ու պարզապես բարեբախտություն էր, որ հենց ծանոթ երեխեքն էին բակում խաղում: Մոտեցա, սկսեցինք զրուցել: Քիչ անց տեսա տաքսի է մտնում բակ: Արդեն պարզ էր որ ինքն էր, բայց տեսողություն լարեցի, նայեցի ու ապակու հետևից տեսա, որ իսկապես ինքն է:

Տաքսին կանգնեց մուտքի մոտ: Մոտեցա ու բացեցի դուռը, որ իջնի: Նայեց ինձ: Դեմքին հաղթական ժպիտ հայտնվեց, շուռ եկավ վարորդ կողմը.

- Տեսնու՞մ եք, նույնիսկ այս անծանոթ բակի խղճուկ մանչուկը հեռվից ինձ տեսնելով ճանաչեց, իսկ Դուք չճանաչեցիք, - ու իրենից գոհ իջավ մեքենայից:

Ուլուանա
24.09.2013, 17:14
Ա՜, էս պատմությունը հիշում եմ, պատմել էիր վաղուց :D։ Բայց էն ժամանակ կարծեմ «վտիտ երեխա» էիր ասել :D։

Chuk
24.09.2013, 17:15
Ա՜, էս պատմությունը հիշում եմ, պատմել էիր վաղուց :D։ Բայց էն ժամանակ կարծեմ «վտիտ երեխա» էիր ասել :D։

Ես «խղճուկ մանչուկ» եմ հիշում, բայց դե քո հիշողությունն իմինից լավ ա :))

Նարե91
24.09.2013, 17:17
Ինձ թվում ա՝ պետք չի՝ երկմտել՝ շարունակել գրել, թե ոչ: Դրա կարիքը չկա: Պիտի գրել միանշանակ:
Շաաատ լավ ես գրում: :hands
Ախր հասարակ բաներ ես պատմում է, բայց էնքան սիրուն ու հավեսով, որ մարդու քեֆը բերում ես: :)

Ռուֆուս
24.09.2013, 18:01
Ա՜, էս պատմությունը հիշում եմ, պատմել էիր վաղուց :D։ Բայց էն ժամանակ կարծեմ «վտիտ երեխա» էիր ասել :D։

Ես էլ եմ «վտիտ» հիշում, էնպես որ պատմվածքը խմբագրի :))

Իսկ եթե լուրջ, օրագիր բաց :)

Իսկ էդ ճաշի բաղադրատոմսը չկա՞

Ուլուանա
24.09.2013, 18:03
Ես էլ եմ «վտիտ» հիշում, էնպես որ պատմվածքը խմբագրի :))

Իսկ եթե լուրջ, օրագիր բաց :)
Բայց օրագրից ինչո՞վ ա պակաս որ։ Օրագիր բացի, որ էլ կարծիքներ չկարողանա՞նք արտահայտել :))։

Alphaone
24.09.2013, 18:20
Այսօր ուրիշ է կարգը :D

Alphaone
24.09.2013, 18:21
Իսկ էդ ճաշի բաղադրատոմսը չկա՞

Դե դու սրանից հետո Ռուբիի ուտելուն կկպնես, ես քեզ կասեմ :angry իսկ ճաշի բաղադրատոմսն ինձ էլ ահավոր հետաքրքրեց...

Chuk
08.11.2013, 16:35
Ես՝ հավատացյալ

Երևի թե կես տարեկան եմ եղել, երբ կնքվել եմ: Իհարկե դա չի եղել իմ ընտրությունը, բայց ես դժգոհ էլ չեմ: Ու չնայած սրան ես չեմ ապրում թունդ հավատացյալների ընտանիքում: Պետք է խոստովանեմ, որ ծնողներիս հետ երբեք մանրամասն այս թեմաներով չեմ խոսել, բայց հակված եմ կարծել, որ նման է հայ ընտանիքների մեծ մասի դեպքին, երբ որպես ազգային ինքնության մաս ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցին, երբ կնունքը դիտարկվում է որպես արարողակարգ, որն ավելի մեծ պատասխանատվություն է ստեղծում, բարոյական արժեքներ սահմանում, ինչու չէ, նաև մերձեցնում երկու ընտանիքների (քավորի և սանիկի ընտանիքներին):

Ինչևէ: Չնայած կնունքիս, ես կրոնական դաստիարակություն չեմ ստացել: Ապրել եմ ինչպես մեր թաղի բոլոր երեխաները, կրթվել եմ, ծնողներիս կողմից դաստիարակվել, ինձ աստիճանաբար ինձ փոխանցվել է մարդկային բարոյական արժեքների կոդեքսը: Դեռ նոր տառաճանաչ՝ սկսել եմ կարդալ:

Կարդալուն ինձ մայրս է հակել: Սկսում էր որևէ հեքիաթ կարդալ, հասնում էր ամենահետաքրքիր տեղին ու «հանկարծ հիշում», որ կիսատ թողած, կարևոր գործեր ունի: Մի քանի անգամից հետո ստիպված ինքս սկսեցի շարունակել կիսատ տեղից: Սկզբից տառ-տառ, հետո բառ-բառ, հետո արդեն ամբողջական գրքերի էի կլանում: Ամենից շատ սիրում էի արկածային գրքերը, մանավանդ «Գանձերի կղզին», «Սև նետը», ուրիշներ: Մի անգամ չի, որ մտքումս Ջիմ Հոքքինզի, Թոմ Սոյերեի ու Հեքլբերի Ֆիննի հետ գնացել եմ ոսկի որոնելու: Բայց ուզելով կամ չուզելով կարդում էի նաև ուրիշ գրքեր, հանրամատչելի, ուսուցողական: Հիշում եմ, որ նստած մանկական հանրագիտարան էի կարդում:

Երբեմն էլ պապս էր հատուկ գրքեր բերում նվիրում, որոնք իր կարծիքով պետք է օգնեին իմ զարգացմանը: Այդ գրքերից մեկն էլ Մանկական Աստվածաշունչն էր: Մանուշակագույն կազմով այդ գիրքը շատ արագ դարձավ իմ սիրելին: Կլանեցի շատ արագ: Բայց դրանում շատ քիչ բան կար ու իմ հարցերն անպատասխան էին: Այնպես որ թերևս տարօրինակ չէր, որ ծնողներիցս պահանջեցի ու ստացա ամբողջական Աստվածաշունչը, իհարկե զուտ ինքնակրթվելու համար: Բայց քանի կարդում, այնքան տարվում էի: Ու շուտով ես հավատացյալ էի: Էն էլ՝ խփնված հավատացյալ:

Պատկերացրեք, հավանաբար 10-12 տարեկան երեխեք, ովքեր բակում խաղալուց իրար մի քիչ էլ ծեծում են, իսկ դու չես ծեծում, որովհետև Աստվածը դա չի թույլատրում: Ես միայն վազում է մոտակա մուտքն՝ աղոթելու համար: Ծաղրի առարկա էլ դարձա: Ընկերներս ծաղրում էին հավատս, հարազատներս մտահոգվում. ամեն դեպքում դա սովորական հավատ չէր, ես շատ էի տարվել:

Ժամանակի ընթացքում իհարկե սովորեցի ավելի զուսպ լինել, շատ ցույց չտալ: Բայց ինչքան հիշում եմ, մեկ է, առանց աղոթելու չէի պառկում քնելու: Իսկ այդ ընթացքում ինչ ասես լինում էր: Օրինակ պապս բերել էր հերթական գիրքը նվիրելու՝ ինձ ու եղբորս, էս մեկը սեռահասունության մասին էր, նախատեսված երեխեքի համար, որ էստեղ-էնտեղից չլսեինք: Բայց պատահական լսեցի պապիս՝ ծնողներիս թաքուն ասածը. «Բայց երևի Արտակից հեռու պահեք, ինքը որ մի բան կարդում ա, շատ ա տարվում»: Մինչև հիմա էլ չգիտեմ, կատակու՞մ էր, թե՞ լուրջ վախեցած էր, բայց գիտեմ, որ ծնողներս ինձնից գիրքը չթաքցրին, իսկ ես մեկ է որպես արգելված պտուղ արագորեն կլանեցի, խոստովանում եմ, էդպես էլ լուրջ բան չհասկանալով:

Եթե այդ գրքի համար կատակ էլ էր անում, Ղուրանն ինձնից հաստատ թաքցնում էր պապս: Ուրիշ գրքերի հետևում: Երևի մտածում էր, հանկարծ էս տղեն մուսուլման չդառնա: Գուցե նաև հենց Ղուրան արգելված պտուղն էր պատճառ, որ սիրում էի պապիս տանը մնալ, ու թաքուն հանում, կարդում էի:

Ու էսպես երջանիկ ապրում էի, մինչև քեռիս քաղցկեղով հիվանդացավ: Որոշ հավատացյալներ կասեն, որ ես փորձությանը չդիմացա: Իսկ ես չկարողացա այդպես էլ հասկանալ, թե ոնց կարող է Աստված լինել, ու թողնի, որ իմ, բոլորին հասնող, իմ բարի, իմ սիրելի, նոր-նոր զավակ ունեցած քեռին այդպես տանջվի, հյուծվի ու... մահանա: Քեռուս մահը կյանքս լրիվ փոխեց: Ես փակվեցի իմ մեջ: Դադարեցրի կարդալը: Օրերով նստում կամ պառկում էի ու մտածում: Չէի ծիծաղում, չէի ժպտում: Հեռուստացույց չէի նայում: Երևի երկու ամիս: Ու այդ երկու ամսում մանրամասն քննում էի իմ կյանքը, վերաիմաստավորում իմ հավատը: Չգիտեմ, էդ տարիքի տղան ինչ է հասկանում կյանքից, բայց երևի առաջին անգամ սկսեցի մոտենալ ագնոստիցիզմին, չնայած իհարկե այդ տերմինն ինձ անծանոթ էր, երևույթը նույնպես: Այդպես էլ չկարողացա հավատալ, որ ինչ-որ անբացատրելի ուժ, որի ծագումը չգիտենք, չկա: Բայց նաև չկարողացա, այլևս, հավատալ այն Աստծուն, ով իր զավակներից լավագույններին չի տալիս ապրելու հնարավորություն, զավակին մեծացնելու, մարդ սարքելու հնարավորություն: Սա չէր միակ պատճառն, իհարկե, շատ էի խորացել, բայց սա էր շարժառիթն ու սա էր հիմնական հարվածը, որ փոքրիկ հավատացյալը ստացել էր: Ես այլևս հավատացյալ չէի:

Գալաթեա
08.11.2013, 16:44
Արտ, անկեղծությանդ համար շնորհակալ եմ:
Շատ քչերը կկարողանային սենց:

Արամ
08.11.2013, 17:56
Լիլը ճիշտ ա ասում, Ա՛րտ: Սիրահարվելու ազնվություն ա:love

Հ.Գ. Ուրիշ բան չմտածես, են 2 տարին դեռ չի լռացել:

Նաիրուհի
09.11.2013, 00:28
Արտ, ես էլ եմ համարյա նույնն անցել, բայց ավելի տպավորվող լինելով՝ Մանուկների աստվածաշնչից հետո էի հավատացյալ դարձել, երբ դեռ յոթ-ութ տարեկան էի։ Ու բարեբախտաբար՝ կասկածներս ծագեցին ոչ թե սիրելի մարդու կորցնելու արդյունքում, այլ մեկ այլ բան բացահայտելու։ Տասը-տասնմեկ տարեկանից տարված էի անտիկ արվեստով ու պատմությամբ (հնագույն ու հին շրջանը մինչև հիմա եմ ամենաշատը սիրում), ու չկարողացա համակերպվել էն մտքի հետ, որ էդ շրջանի հայկական մշակութային ժառանգությունը քրիստոնեության տարածման ժամանակ է ոչնչացվել։ Դե հա, ես ավելի երեխա էի, բայց էդպես էլ չկարողացա ներել դա, ու մի շրջան մոլի աթեիստ էի, մինչև դեռահասության բռնկունությունն անցավ։
Շնորհակալ եմ, նենց տպավորություն էր, որ քեզ հետ անցնում եմ բոլոր փուլերը։

Chuk
22.05.2015, 16:51
Սերգոն

Սերգոյին մի քանի անգամ տեսել էի, երբ հյուր էր գալիս իր՝ մեր բակում ապրող մորաքրոջ տղաներին: Բայց մտերմացա, երբ տեղափոխվեց ապրելու մեր դիմացի շենք ու միաժամանակ սկսեց սովորել մեր դասարանում: Երևի մենակ ես էի, որ իրան Սերգո էի ասում: Մյուսներն իրան Ցոգոլ էին ասում: Չէ, ցոգոլի սիրահար չէր, իրա ոչ այնքան ուժեղ ընդունակությունների համար էր ստացել էդ պիտակը: Ավելի ճիշտ, սկզբում իրան Դամբուլ էին ասում, բայց Սերգոն հասկացել էր, որ իրան վիրավորում են, դրա համար փոխել էին Ցոգոլի. ոչ մեկը չէր ցանկանա իր տարեկիցներից շատ ավելի բոյով, ջանով ու ուժեղ տղայի ձեռքի հարվածի տակ ընկնել: Մենակ մթերային խանութի տիրուհին՝ տիկին Մանուշն էր իրան շարունակում Դամբուլ ասել, բայց Սերգոն դա հանդուրժում էր, որովհետև տիկին Մանուշը շատ ավելի բոյով, ջանով ու դռբով էր: Իսկ մյուսները Ցոգոլ էին ասում, մեր Սերգոն էլ կարծում էր, որ դա իր անվան ձևափոխած տարբերակն ա:

Բոլորի համար զարմանալի էր, որ ես Սերգոյի հետ էդքան մտերմացել էի: Ասում էին՝ շատ տարբեր եք: Բայց ես չգիտեմ, թե ինչով էինք տարբեր: Սովորելո՞վ, միամտության աստիճանո՞վ, կարդացող-չկարդացող լինելով... Էդ ամեն ինչը մանրուք էր, որտև Սերգոն բարի, հասնող, հեշտ խոցվող, կենսուրախ մարդ էր: Մարդ էր, ում հետ կարող էիր երկար նստել ու խոսել մանկական ինչ-որ մանրուքներից:

Մինչև հիմա էլ երբեմն զգում եմ Սերգոյի կարիքը: Բայց հին Սերգոյի: Վերջին անգամները որ հանդիպեցինք, էդպես էլ չկարողացանք հաղթահարել ժամանակի ընթացքում հասունացած իրարից հեռանալն ու նստել, անկաշկանդ զրուցել: Չէ, էլի մեր՝ իրար նկատմամբ լավ վերաբերմունքը, եթե կուզեք՝ ընկերական սերը, զգացվում էր, բայց մեկ է, իրարից հեռու էինք:

Ակնոց սկսեցի դնել Սերգոյի շնորհիվ: Թաքնվոցի խաղի ամենաուժեղ խաղացողներից էի... չնայած, ոչ միայն թաքնվոցիի: Բայց էդ դեպքը եղավ թաքնվոցիի շնորհիվ: Եթե ես էի լինում փնտրողը, ապա դա առավելագույնը խաղի առաջին օյինին, որտև ցելա գցելիս պարտվում էի: Հետո արագորեն բոլոր թաքնվողներին գտնում էի, ու դրանից հետո միայն ու միայն թաքնվող լինում: Երեխեքից շատերն էին մտածում էին, թե ինչ անեն, որ Արտակը նորից լինի փնտրողը: Հանճարեղ լուծումը Սերգոն էր գտել ու բոլոր գաղտնի պահել: Պատին հենված, աչքերս ձեռքերով փակած հաշվում եմ մինչև հարյուրը ու հետևիցս զգում Սերգոյի շնչառությունը: Մտքումս մտածում եմ. այ քեզ միամիտ, ախր աչքերս բացեմ թե չէ, քո անունը կտամ, արագության վրա՞ է հույսը դնել: Աչքերս բացեցի, պատրաստ «Փթու Սերգո» ասելու, բայց չհասցրի: Սերգոն լիմոնի աղը շփեց աչքերիս: Անասելի ցավոտ էր, աչքերս վառվում էին, ու ես վիրավոր գազանի նման ամբողջ ուժովս գոռացի: Գոռոցս լսելով Սերգոն հասկացավ, թե ինչ է արել: Ու սկսեց լացել: Լացում էր բարձրաձայն, հեկեկոցով: Հարևանները, մեծերը տներից դուրս թափվեցին: Ես լացում եմ կամաց, արցունքներս հոսում են: Սերգոն լացում է ոռնալով:

- Մոտ ընկերներ եք, ինչի՞ եք կռվել, - հարցնում է մեկը:
- Արտակ, ընկերդ է, ինչի՞ ես ծեծել, - հարցնում է մյուսը:

Կարելի է կարծել, թե երազելու դեպքում կարող էի ծեծել Սերգոյին: Ու էդպես ոչ մեկը ոչ մի բան չի հասկանում: Ոչ ես եմ կարողանում խոսել ու բացատրել, ոչ Սերգոն: Վերջում երեխեքից մեկը պատմեց, որ Սերգոյին բան էլ չի եղել, ուղղակի վախեցել է, էդ ինքն է իմ աչքերի մեջ լիմոնի աղ լցրել: Նոր ինձ գրկեցին ու վազելով տարան պոլիկլինիկա: Ինձ իհարկե փրկել էին արցունքները, բայց վնասվածք ստացել էի: Վստահ չեմ, որ կարճատեսությունս հենց դրանից է, բայց էդ ժամանակ հայտնաբերվեց:

Դրանից հետո շատ երկար ժամանակ Սերգոն իմ հետ չէր խոսում: Չէ, չէր նեղացել, էդ ես պետք է նեղանայի: Վախեցել էր: Վախենում էր հետս խոսել: Իրեն մեղավոր էր զգում:

Սերգոյից մի ուրիշ դրվագ էլ հիշեցի: Էն տարիներն էին, որ լույսն օրական 1-2 ժամ էր լինում, գրաֆիկով: Երբեմն էլ ուղղակի չէր լինում՝ վթարների պատճառով: Հերթական վթարն էր, մի քանի օր լույս չունեինք: Վերջը եկան սարքեցին. վերջին մուտքում էլեկտրական անջատիչների ջարդուխուրդ եկած տուփում էր ինչ-որ բան եղել: Մի կերպ սարքեցին, լույսը տվեցին, բոլորս երջանկացանք: Իսկ Սերգոն որոշեց իր հերթական փորձն անել: Ու մինչ մենք ուրախ խաղում էինք, Սերգոն գնաց, կանգնեց այդ անջատիչների տուփից մի մետր հեռավորության վրա, թուքը հավաքեց բերանում ու ամբողջ ուժով թքեց: Դա մենք չենք տեսել: Մենք միայն գմփոցը լսեցինք, իսկ Սերգոն վախեցած ու մրոտած դեմքով խցանի պես դուրս թռավ մտքից: Մենք էլի մի քանի օր լույս չունեցանք:

Chuk
31.05.2015, 01:52
Գողություն

Կոմիտասի պողոտայով զբոսնող երիտասարդը դժվար թե պատկերացնի, որ ընդամենը կես դար առաջ այստեղ չեն եղել բարձրահարկ շենքեր, այլ միայն սեփական տներ: Մեր շենքն, ասում են, առաջին կառուցվածներից է՝ 1959-1960 թվականներին: Երբ ես ծնվել եմ, արդեն վաղուց չորս կողմը ծլել, ծաղկել ու զարգացել էին բարձրահարկ շենքերը, շատ հազվադեպ կարելի էր հանդիպել սեփական տների:

Նման սեփական տներից մեկը գաղտնի ծվարել է մեր բակում: Չորս կողմից շրջափակված բարձրահարկ շենքերով՝ լուռ հպարտությամբ վայելում է իր մենակությունը: Այդ կիսախարխուլ տունը շրջափակված է քարե պարիսպներով, մուտքը երկաթե դարպասով է, որը միշտ փակ է:

Մեր բակի այգում չորս թթենի կա: Երեքը սպիտակ ու հյութեղ թութ են տալիս, մեկը՝ քաղցր ու վարդագույն: Մի թթենի էլ կար այգուց դուրս, հենց բակում, Խաչիկ պապիկի սարքած պուլպուլակի կողքին: Մի քանի առաջ կտրեցին, որտև ոմանք բողոքում էին, որ թթի սեզոնին սև թթի չմաքրվող հյութը ոտնահետքերի հետ միասին տուն է մտնում:

Մենք երեխա ժամանակ թթի պակասություն չունեին: Մինչև փորներիս տրաքելը կարող էինք ուտել երեք տեսակի այդ թթերը՝ սպիտակ, վարդագույն ու սև: Բայց մեզ ամենից շատ գրավում էր Էմմա տատիի տան բակի թութը:

Ավելի մե՞ծ ու հյութեղ էր. դժվար թե: Նույն սորտի սպիտակ թութ էր, ինչ մեր բակինը: Բայց ասում են արգելված պտուղը միշտ էլ համով է: Երևի մեզ ավելի շատ արկածն էր հետաքրքրում. գաղտնի մտնում էիր իրանց բակ, բարձրանում ծառն ու ահը սրտումդ ուտում համեղ թութը, մինչև Էմմա տատին բահը, կամ մի դագանակ, կամ ուղղակի մի մեծ քար ձեռքին գաղտագողի կմոտենար ծառին ու կսկսեր խփել: Մի հոգու գլուխ չի, որ պատռել է Էմմա տատը, ու դա ուղեկցվում էր անեծքների մի ահռելի հոսքով: Մենք էլ իբր վախվորած, բայց իրականում էդ օրվա արկածից դուրս փախնում էինք իրենց բակից: Երբեմն մեկնումեկը փախնելուց բռնվում ու ծեծ էր ուտում:

Սեփական տան բակի թութը երկու տարբերակ ուներ վերջանալու. մեկը մեր կերածն էր, մեկն էլ քամու թափածը, որ հետո Էմմայի տղա գիժ Վովան առավոտը ժամը վեցին արթնանում, ավլում ու թափում էր, իսկ հետո կես ժամ շլանգի ջրով լվանում էր գետինը: Էմմայի մյուս տղան՝ Սերոժը, քանի դեռ իրենց հետ էր ապրում, թողնում էր որ ուտենք թութ: Բայց հետո, երբ Էմման սկսեց Սերոժի երեխեքին էլ անխնա ծեծել, մի գիշեր, երբ Վովան ու Էմման Էմմայի աղջկա տուն էին գնացել, գաղտագողի մի բեռնատար մեքենա բերեց, իր իրերը լցրեց մեջն ու փախավ: Ոչ մեկին չասեց, թե ուր են գնում ու դրանից հետո երկար, շատ երկար ոչ մեկն իրանից լուր չուներ: Միայն տարիներ հետո պետք է նորից լուր ունենայինք, ու իմանայինք, որ զրկվել է ողջ ժառանգությունից, բայց դրանից դժգոհ չէ, կարևորը, որ երեխեքին փախցրել էր Կոմիտասի այդ հին ու հազվագյուտ կանգուն մնացած տներից մեկից:

Մի քանի տարի առաջ Էմման մահացավ: Տունը մնաց Վովային ու Էմմայի աղջկան: Սկսեցին համառորեն լուրեր պտտվել, որ ինչ-որ մարդիկ ուզում են տունն առնել, քանդել, տեղը շենք կառուցել: Վախենալու հեռանկար է. մեր փոքր բակում սեփական տունն էլի ոչինչ, բայց շենքը շատերից կխանգարի: Հետո Վովան անհետացավ. ասում են, քրոջ տանն է ապրում: Մենակ երբեմն առավոտյան ժամը վեցին հայտնվում է, բակն ավլում, լվանում, հետո կողպում է դարպասը ու դուրս գալիս: Հասնում է մոտակա մուտքին, վախեցած շրջվում է, գալիս, ստուգում է դարպասը բացվում է թե չէ, տեսնում, որ փակ է, հանգստած շունչ քաշում, պտտվում ու գնում: Բայց հենց հասնում է շենքի ծայրին, վախեցած շրջվում է, արագ քայլելով գալիս, նորից ստուգում դարպասն ու նորից հանգստացած շունչ քաշելով գնում: Մի անգամ էլ հետ է դառնում, հենց հասնում է խաչմերուկին: Բայց այս անգամ համենայն դեպս բանալիով կողպեքը բացում է, նորից փակում ու նոր գնում... բայց մոտակա մուտքին հասնելով նորից շրջվում է: Ասում են, որ մարդիկ կան, ովքեր հաշվել են, թե Վովան քանի անգամ է հետ դառնում ու ստուգում դարպասի փակ լինելը, իմ համբերությունն այս երեսուն տարիների ընթացքում էդպես էլ չհերիքեց:

Էս ամենը հիշեցի, որտև նոր սերունդ կա մեր բակում. ճտպտան, համով երեխեք են: Ու թեև բակում հիմա էլ դեռ չորս թթենի կա, երեքը սպիտակ թթով, մեկը՝ վարդագույն, իրանք էլ երևի զգացել էին Էմմայի բակի թթի համը: Ու էսօր երեք համով ու ճտպտան երեխա էդ թութն էին ուտում, երբ ոստիկանները շրջապատել են բակը, երեխեքին բռնել ու բերման ենթարկել ոստիկանություն: Ասում են, որ Վովան բողոքած է եղել, որ տան մեջ ամեն ինչ իրար խառնած է, գողություն է եղել: Թե ինչ է եղել, չգիտենք, բայց երբ մենք էինք ուտում էդ թութը, ընդամենը մեր գլխին քարով խփում էին, ոչ թե ձերբակալում:

Dayana
02.06.2015, 16:33
Արտ, ձեռագիրդ նենց լավն ա, մի երկու անգամ իրար վրա կարդացի վերջին երկուսը։ (նախկինում էլ էր լավը, հիմա ավելի լավն ա)

Chuk
02.06.2015, 16:57
Արտ, ձեռագիրդ նենց լավն ա, մի երկու անգամ իրար վրա կարդացի վերջին երկուսը։ (նախկինում էլ էր լավը, հիմա ավելի լավն ա)

Շնորհակալ եմ, Արմ ջան :)
Իսկ ինձ թվում էր, որ հետ եմ վարժվել գրելուց:

Chuk
14.08.2017, 00:03
Ուզում եմ հիշեցնել, որ չնայած սրանք իրական հուշեր են, բայց վաղեմության պատճառով որոշ դրվագներ ռեստավրացիայի են ենթարկվել՝ գուցե իրականությունից ինչ-որ չափով շեղվելով, դե իսկ ծաղկեցումներն էլ առավել գեղարվեստական դարձնելու համար էր: Նաև հիշեցնեմ, որ սրանք գրվում են մի շնչով, չեն խմբագրվում, ու չեն սրբագրվում: Դե... գոնե դեռ:

Մի կահույքի պատմություն

Մեր բակից դեպի վերև՝ դիմացի բակ գնացող ճանապարհ կա, որի վերջում պուլպուլակ ու տուռնիկ կար: Հաճախ մեր խաղերն էնտեղ էին լինում, կամ գոնե դրանց քննարկումները, որտև քչից-շատից ծնողների ուշադիր հսկողությունից, տեսողությունից դուրս էինք լինում: Այդ օրն էլ բակի երեխեքով հավաքվել էինք այդտեղ, երկու թիմի բաժանվել ու ամենօրյա կռիվը սկսել. պահմտոցի՞ խաղալ, թե՞ հավալա: Արդեն հասել էինք էն պահին, որ ամեն կողմից ընտրվել էր մեկական հոգի՝ չինգաչունգով հարցին լուծում տալու: Բայց չհասցրինք, որտև շնչակտուր վազելով եկավ եղբայրս՝ Տարոնը:

- Մարիամիկի պապին ա մեռել, - մեզ հասնելով հայտնեց ցավալի լուրը:
- Ի՞նչ գիտես, - իրար խառնվեցինք մենք:
- Նոր բալկոնից նայում էի, տեսա թե ոնց մեռելի ավտոն եկավ, հետո դագաղով Մարիամիկի պապին բերեցին, դրեցին մեջն ու տարան:

Մենք փոքր երեխեք էինք, ու մեր համար մահը դեռ նոր ու ինչ-որ չափով վախենալու բան էր: Քչերն էին, որ հասցրել էին հարազատի մահ տեսած լինել ու նման լուրը, որ մեր ընկերներից մեկի պապը մահացել է, մեզնից ամեն մեկին ստիպեց բոլոր խաղերը թողնել ու վազել տուն՝ անսպասելի լուրը տնեցիքին հայտնելու:

Մեր շենքը հին շենք է, էդ տարիներին դեռ քչերն էին փոխել իրենց բնակարանը ու մեծ մասամբ իրար վաղուց, շատ վաղուց ճանաչող մարդիկ էին: Էնպես որ բոլորովին զարմանալի չի, որ լուրը արագորեն տարածվեց շենքից դուրս էլ, իսկ արդեն մի քանի րոպե անց հարևաններից առաջինը շտապես Մարիամիկենց տուն: Հետո գնաց երկրորդ հարևանը, հետո երրորդը, բայց չորրորդն արդեն տուն չհասավ, որտև գնացողները շփոթված դուրս էին գալիս տնից ու խմբվում մուտքի դիմաց՝ անհանգիստ իրար հետ խոսելով: Մենք՝ երեխեքս էլ, քիչ հեռու կանգնած, հետաքրքրված, մի քիչ էլ վախվորած հետևում էինք: Կարծեմ առաջինը Արսենի մայրն էր, որ Արսենին կանչեց մոտը՝ իմանալու թե լուրը որտեղից է իմացել: Արսենն էլ, հպարտ, որ իրենից են ուզում տենց կարևորը փաստը ճշտում, անմիջապես հայտնեց, որ Տարոնն է տեսել: Արսենին ուղարկեցին հետ, Տարոնին՝ կանչեցին:

- Տարոն, որտեղի՞ց ես իմացել, որ Մարիամիկի պապին մահացել է, - հարցրին:
- Բալկոնից նայում էի, տեսա, որ մեռելի ավտոն եկավ...
- Մեռելի ավտո՞ն:
- Հա, գռուզավիկ էր:
- Բա ինչի՞ց վերցրիր որ մեռելի է:
- Վրան ռուսերեն տառերով «մեռել» էր գրած:

Մեծերը զարմացած իրար են նայում.
- Բա հետո՞:
- Հետո տեսա, որ փակ դագաղ բերեցին, դրեցին մեջը:
- Փա՞կ:
- Հա, փակ էր:
- Բա ի՞նչ իմացար, որ Մարիամիկի պապիկն ա:
- Դե... - շփոթվեց Տարոնը, - ես գիտեի որ իրանց մուտքում ինքն ա հիվանդ:

Անհարմար, երկար լռությունը խախտեց Մարիամիկենց վերևի հարևանը.
- Դե լավ, ժողովուրդ, երեխա ա: Չի հասկացել ի՞նչ ա կատարվում...
- Բայց էս ինչե՞ր ա հորինում:
- Դե էնքան էլ չի հորինում, ուղղակի ինքը սխալ ա ամեն ինչ հասկացել: Էդ գռուզավիկը մեր մոտ էր եկել, վրան ռուսերեն «МЕБЕЛЬ» էր գրած, երեխեն սխալ ա հասկացել: Հետո էլ որ մեր տնից էն թախտը բերեցին մեջը դրեցին, կարծել ա, թե դագաղ ա:

Մեծերը կամաց-կամաց սկսեցին ցրվել տներով, ոչ էն ա կարողանալով ծիծաղել եղածի վրա, ոչ էն ա, բարկանալ: Երեկոյան եկավ Մարիամիկը, ով տանը չէր էդ օրը: Ռաֆոն վազելով եկավ, Տարոնին, թե փախի, Մարիամիկը կատաղած ա: Փախնել չհասցրեց, Մարիամիկը ձեռները դրել էր կոնքերին ու հաշիվ էր պահանջում.
- Ինչի՞ ես հենց իմ պապին մեռցրել, ուրի՞շ մարդ չկար:
- Ախր ձեր մուտքից էր, ինքն ա հիվանդ, վաղուց...
- Իմ պապիկը բուժվելու ա, - Մարիամիկի աչքերը առաջինը լցվեցին, երկրորդը Տարոնինը, հետո արդեն մյուսներինը:

Բայց հաշտությունն էդպես արագ չէր լինի: Մարիամը նեղացել էր ոչ միայն Տարոնից, այլ մյուսներիցս էլ, երևի ամբողջ աշխարհից էլ: Ինչքան էլ սիրտն ուզում էինք շահել, մեկ է տխուր էր: Ու երևի դեռ երկար մեր բակում կհիշեինք էդ պատմությունը, կծաղկացնեինք, լեգենդ կսարքեինք, եթե դրանից ուղիղ երկու օր անց սև կոստյումներով ազգականները չբերեին, ու Մարիամենց մուտքի դռանը չդնեին դագաղի կափարիչը: Երկար տևած ծանր հիվանդությունից հյուծված պապը մահացավ, ու չնայած դրանում Տարոնը կապ չուներ, բայց դեռ երկար ժամանակ ինքն իրեն մեղավոր էր զգում, Մարիամիկը «պապին մեռցնողի» հետ չէր խոսում:

Հուղարկավորությունից երևի մի տասը օր էր անցել, մենք նորից նույն տեղում մեր խաղն էինք պլանավորում, երբ նորից վազելով եկավ Տարոնը, վախեցած աչքերով ու կանչեց.
- Մարիամիկի պապը սաղացել ա:
- Ի՞նչ ես խոսում, է:
- Չեք հավատում, եկեք նայեք, իրանց պադյեզդի առաջ նստած ա:

Իրար հրհրելով վազեցինք՝ Մարիամի կենդանացած պապին տեսնելու: Ու իրանց մուտքից քիչ ներքև կանգ առանք: Մուտքի դիմացի մեծ քարին նստած էր Մարիամի պապը ու տխուր ժպտալով խոսում էր Մարիամի հետ:

Մենք ոչ էն էի փախնեինք, ոչ էն է ուրիշ բան անեինք: Մարիամը մեզ տեսավ, տեսավ, որ ուշադիր ու վախվորած աչքերով իրանց ենք նայում, ու մարտական քայլվածքով ջղայն եկավ մեր վրա.
- Հի՞մա ինչ եք ուզում:
- Մարիամիկ, պապիկդ սաղացե՞լ ա:
- Ապուշներ, - սկսեց լացել Մարիամը, - պապիկիս երկվորյակ ախպերն ա: