PDA

Դիտել ողջ տարբերակը : «Աստծու ինը միլիարդ անունները». Արթուր Կլարկ



Հայկօ
20.09.2013, 23:04
- Բավականին տարօրինակ պատվեր է.- դոկտոր Վագները փորձում էր որքան հնարավոր է զուսպ արտահայտվել:- Ինչքան գիտեմ՝ մեզնից առաջ երբեք ոչ մի ընկերության չեն դիմել՝ տիբեթյան մենաստանին ավտոմատ հաշվիչ մեքենա վաճառելու խնդրանքով: Ավելորդ հետաքրքրություն չհամարեք, բայց մտքովս էլ չէր անցնի, որ ձեր... ըըը... հաստատությանը երբևէ կարող է նման մեքենա պետք գալ: Չէի՞ք բացատրի, թե հատկապես ինչ եք ուզում անել:
- Սիրով,- պատասխանեց լաման՝ հարթելով մետաքսե զգեստի ծալքերն ու անշտապ մի կողմ դնելով լոգարիթմական քանոնը, որով ֆինանսական հաշվարկներ էր անում:- Ձեր «Մարկ 5» համակարգիչը կարող է ցանկացած մաթեմատիկական գործողություն կատարել՝ ընդհուպ մինչև տասանիշ թվերի հետ: Բայց մեր գործի համար մեզ ոչ թե թվեր են պետք, այլ տառեր: Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք, որ դուք ձևափոխեք ելքային շղթաները, որպեսզի մեքենան թվերի սյունակների փոխարեն տառեր տպի:
- Ճիշտ ասած՝ չեմ հասկանում...
- Կա մի խնդիր, որի վրա մենք աշխատում ենք արդեն երեք հարյուր տարի՝ սկսած մենաստանի հիմնադրման օրից: Այն, ինչ կասեմ, գուցե խորթ կհնչի Ձեր մտածելակերպի մարդու համար, սակայն հուսով եմ, որ Դուք առանց նախապաշարմունքների կլսեք ինձ:
- Իհարկե:
- Իրականում ամեն ինչ շատ պարզ է: Մենք կազմում ենք Աստծու բոլոր հնարավոր անունների ցուցակը:
- Ներեցե՞ք:
- Մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու,- անվրդով շարունակեց լաման,- որ այդ բոլոր անունները կարելի է գրի առնել՝ օգտագործելով ընդամենը ինը տառ՝ մեր հայտնագործած այբուբենով:
- Եվ դուք արդեն երեք դար է՝ դրանո՞վ եք զբաղված:
- Այո: Ըստ մեր հաշվարկների՝ աշխատանքն ավարտելու համար մեզ մոտ տասնհինգ հազար տարի է պետք:
- Օ՜.- դոկտոր Վագները հազիվ էր թաքցնում զարմանքը.- Հիմա պարզ է՝ ինչու եք ուզում հաշվողական մեքենա ունենալ: Բայց ես, միևնույն է, չեմ հասկանում. ի վերջո՝ ո՞րն է ձեր աշխատանքի նպատակը:

Պատասխանելուց առաջ լաման մի պահ տատանվեց: Վագներն արդեն սկսում էր կասկածել՝ արդյո՞ք հարցը վիրավորական չէր, բայց, ամեն դեպքում, երբ հյուրը խոսեց, ձայնի մեջ դժգոհության նշույլ անգամ չկար.

- Կարող եք սա ինչ-որ ծես համարել, եթե ուզում եք, բայց այն, ինչ հիմա կասեմ, մեր հավատի առանցքային մասն է: Այն բոլոր անունները, որոնցով մենք կոչում ենք Գերագույն Էակին՝ Աստված, Եհովա, Ալլահ և այլն, ընդամենը մարդու հորինած պիտակներ են: Այստեղ, իհարկե, բավականին բարդ փիլիսոփայական հարցեր էլ կան, որոնք ես ձեր թույլտվութամբ առայժմ կշրջանցեմ, բայց կարևորն այն է, որ տառերի այդ բոլոր հնարավոր հաջորդականությունների մեջ ինչ-որ տեղ թաքնված են, այսպես ասած, Աստծու իսկական անունները: Մենք փորձում ենք տառերի համակարգված փոխատեղումների միջոցով կազմել դրանց ամբողջական ցուցակը:
- Հասկանում եմ: Դուք սկսել եք ԱԱԱԱԱԱԱ-ից ու հիմա հերթով գրում եք բոլոր տարբերակները՝ մինչև ՖՖՖՖՖՖՖ:
- Միանգամայն ճիշտ եք՝ այն տարբերությամբ, որ մենք օգտագործում ենք մեր ստեղծած հատուկ այբուբենը: Տպող մեքենայի նշանները փոխելն, իհարկե, ամենահեշտ հարցն է: Շատ ավելի դժվար է այնպիսի մի ծրագիր մշակելը, որն ի սկզբանե կբացառի տառերի սխալ համադրությունները: Օրինակ՝ ոչ մի տառ չպետք է երեք անգամից ավել իրար հետևից կրկնվի:
- Երե՞ք: Դուք, իհարկե, նկատի ունեիք երկու՞:
- Ոչ, հենց երեք: Վախենամ՝ բացատրելը շատ երկար կտևի, եթե նույնիսկ իմանայիք մեր լեզուն:
- Չեմ կասկածում,- շտապ ասաց Վագները,- Շարունակեք, խնդրեմ:
- Բարեբախտաբար՝ ձեր ավտոմատ հաշվիչ մեքենան կարելի է շատ հեշտ ձևափոխել՝ այդ խնդիրը լուծելու համար: Պետք է ընդամենը ճիշտ ծրագրավորել այն, և համակարգիչն ինքնուրույն կդասավորի բոլոր տառերը, ապա կստուգի ու կտպի արդյունքները: Այն, ինչի համար մեզ տասնհինգ հազար տարի պետք կգար, մեքենան կանի հարյուր օրում:

Ներքևում եռում էին Մանհեթենի փողոցները, բայց դոկտոր Վագները գրեթե չէր լսում քաղաքի աղմուկը: Նա մտովի տեղափոխվել էր մի ուրիշ աշխարհ, որտեղ լեռները բնության ստեղծածն էին, ոչ թե մարդկանց: Այնտեղ՝ հեռու հեռվում, սերնդեսերունդ ու համբերատար ճգնում էին վանականները՝ կազմելով անիմաստ բառերի իրենց ցուցակը: Հիրավի՝ մարդկային հիմարությունը սահմաններ չունի: Բայց, անկախ ամեն ինչից, չի կարելի ցույց տալ, թե ինչ ես մտածում: Հաճախորդը միշտ ճիշտ է:

- Ես վստահ եմ,- պատասխանեց դոկտորը,- որ մենք կկարողանանք այնպես ձևափոխել «Մարկ 5»-ը, որ այն տպի ձեր ուզած ցուցակները: Ինձ ավելի շատ անհանգստացնում են մեքենայի տեղադրման ու սպասարկման հարցերը: Մեր օրերում Տիբեթ բարձրանալն այնքան էլ հեշտ բան չէ:
- Մենք ամեն ինչ կկազմակերպենք: Մեքենայի առանձին մասերը բավականաչափ փոքր են ինքնաթիռով տեղափոխելու համար. նաև դա է պատճառը, որ մենք հենց ձեր սարքն ենք ընտրել: Դուք միայն դրանք հասցրեք Հնդկաստան, մնացածը մենք կապահովենք:
- Եթե ճիշտ հասկացա, դուք նաև ուզում եք վարձել մեր ընկերության երկու մասնագետների՞:
- Այո, երեք ամսով՝ մինչև աշխատանքների ավարտը:
- Համոզված եմ, որ մեր աշխատողները կդիմանան.- դոկտոր Վագներն ինչ-որ բան նշեց ծոցատետրում:- Մնաց երկու հարց...

Վագները դեռ խոսքը չէր վերջացրել, երբ լաման նրան մեկնեց մի փոքրիկ թղթի կտոր.

- Սա Ասիական բանկում իմ հաշվի քաղվածքն է:
- Շնորհակալություն: Կարծես թե... ահ... ոչ մի խնդիր չկա: Երկրորդ հարցն այնքան պարզունակ է, որ նույնիսկ չգիտեմ էլ՝ արժի՞ այդ մասին խոսել, թե՞ ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ շատ հաճախ մարդիկ աչքաթող են անում հենց ամենաակնհայտ բաները: Դուք էլեկտրաէներգիայի ի՞նչ աղբյուր ունեք:
- Դիզելային գեներատոր՝ հիսուն կիլովատ հզորությամբ ու հարյուր տասը վոլտ լարումով: Տեղադրվել է մոտ հինգ տարի առաջ ու մինչև հիմա անխափան աշխատում է: Դրա շնորհիվ մեր կյանքը մենաստանում շատ ավելի հաճելի է դարձել: Չնայած, իհարկե, դա իրականում տեղադրվել էր աղոթքի անիվները պտտող շարժիչները սնուցելու համար:
- Դե իհարկե,- պատասխանեց դոկտոր Վագները:- Ինչպե՜ս մտքովս չէր անցել:

Բազրիքից այն կողմ փռված տեսարանը գլխապտույտ էր առաջացնում, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչին էլ կարելի է վարժվել: Երեք ամիս շարունակ նույն բանը տեսնելուց հետո Ջորջ Հենլիին այլևս ոչինչ չէր զարմացնում՝ ո՛չ ոտքերի տակ բացվող երկու հազար ոտնաչափ խորությամբ անդունդը, ո՛չ էլ ներքևի հովտում նշմարվող դաշտերի շախմատաձև վանդակները: Արմունկները հողմահար քարերին հենած՝ նա մռայլ հայացքը հառել էր հեռավոր լեռներին, որոնց անունները երբեք մտքով էլ չէր անցել հարցնել:


Սա, մտածում էր Ջորջը, ամենահիմար բանն էր, որ ես երբևէ կարող էի անել: Լաբորատորիայում ինչ-որ մի սրամիտ այս ամբողջ անհեթեթությունը տեղնուտեղը կնքել էր «Նախագիծ Շանգրի-լա» անվամբ: Արդեն քանի շաբաթ էր՝ «Մարկ 5»-ը ցնդաբանություններով ծածկված թղթերի սարեր էր տպում: Համբերատար ու անվրդով՝ մեքենան կրկին ու կրկին վերադասավորում էր տառերը՝ ստուգելով բոլոր հնարավոր համադրությունները, և սպառելով մի խումբը՝ իսկույն անցնում էր հաջորդին: Իսկ վանականները հավաքում էին տպիչից դուրս եկած ցուցակները, խնամքով կտրատում էին ու կպցնում իրենց հաստափոր գրքերի մեջ: Փառք Աստծու՝ մի շաբաթից ամեն ինչ վերջանում է: Ինչ-ինչ մութ հաշվարկների արդյունքում վանականները եզրակացրել էին, որ կարիք չկա զբաղվելու տասը, քսան կամ հարյուր տառանի բառերով, ու Ջորջի համար կատարելապես միևնույն էր, թե ինչու: Առանց դրա էլ նրան ամեն գիշեր հետապնդում էր այն մղձավանջը, որ նախնական պայմանավորվածությունը մի օր կփոխվի, ու գլխավոր լաման հանկարծ վեր կկենա ու կհայտարարի, որ նախագիծը երկարացվում է մինչև 2060 թիվը: Դրանցից ամեն ինչ սպասելի է:

Լսվեց ծանր փայտե դռան ճռռոցը, և Չակը դուրս եկավ ու կանգնեց Ջորջի կողքին: Ինչպես միշտ՝ Չակը ծխում էր իր սիգարներից մեկը, որոնց շնորհիվ առաջին իսկ օրից տեղնուտեղը մտերմացել էր վանականների հետ: Լամաները, կարծես թե, բնավ դեմ չէին այս կյանքի բոլոր փոքր ու գրեթե բոլոր մեծ հաճույքները վայելելուն: Գոնե այդ մի բանը նրանց օգտին էր խոսում. գիժը՝ դե հաստատ գիժ են, բայց որ մոլեռանդ կուսակրոններ էլ չեն՝ կասկած չկա: Ասենք՝ թեկուզ հենց այդ հաճախակի այցելությունները ներքևի գյուղ...

- Ջորջ, լսիր,- իրար խառնված ասաց Չակը.- վատ լուր ունեմ:
- Ի՞նչ է եղել: Չլինի՞ մեքենան է փչացել:

Ավելի վատ բան Ջորջը չէր էլ կարող պատկերացնել: Մեքենայի փչանալը կարող էր հետաձգել նրանց վերադարձը, իսկ դրանից ավելի սարսափելի հեռանկար Ջորջի համար գոյություն չուներ: Հիմա նույնիսկ սովորական հեռուստատեսային գովազդը նրա աչքին երկնային մանանա կթվար. ինչքան չլինի՝ գոնե քեզ տան հետ կապող ինչ-որ բան է:

Հայկօ
20.09.2013, 23:04
- Չէ, լրիվ ուրիշ բան է:- Չակը նստեց բազրիքին, ինչը բավականին տարօրինակ էր, որովհետև սովորաբար սարսափելի վախենում էր ընկնելուց:- Հենց նոր պարզել եմ, թե ինչն ինչոց է:
- Այսի՞նքն: Ինձ թվում էր՝ գիտեինք:
- Դե հա, գիտեինք՝ վանականները ինչ են ուզում անել: Բայց չգիտեինք՝ ինչու: Դու մի ասա՝ լրիվ գժանոց է:
- Նոր բան ասա,- խուլ տնքաց Ջորջը:
- Գերագույնը հենց նոր որոշեց հետս բաց խոսել: Դե գիտես՝ ոնց է ամեն օր գալիս նայելու, թե ոնց է մեքենան ցուցակները տպում: Մի խոսքով՝ այս անգամ մի տեսակ անսովոր ոգևորված տեսք ուներ, եթե իհարկե դա ընդհանրապես ընդունակ է ոգևորվելու: Երբ բացատրեցի, որ արդեն վերջին փուլում ենք, իր կոտրտված անգլերենով հարցրեց՝ արդյոք երբևէ հետաքրքրվե՞լ եմ, թե իրենք ինչ են ուզում անել: Իհարկե, ասում եմ: Ինքն էլ բռնեց ու ամեն ինչ պատմեց:
- Ասա, մի կերպ կդիմանամ:
- Դե ուրեմն լսիր: Սրանք հավատում են, որ երբ գրի առնեն Նրա բոլոր անունները, իսկ դրանք իրենց հաշվարկներով մոտ ինը միլիարդ հատ են, կիրականանա Աստծու նախախնամությունը: Մարդկային ցեղը կկատարի այն, ինչի համար ստեղծվել է, ու կյանքը շարունակելն էլ ոչ մի իմաստ չի ունենա: Մեր մեջ ասած՝ այս ամեն ինչից մի տեսակ սրբապղծության հոտ է գալիս:
- Լավ, բա հետո ի՞նչ են ուզում, որ անենք: Ինքնասպա՞ն լինենք:
- Դրա կարիքը չկա: Հենց որ ցուցակները պատրաստ լինեն, Աստված անձամբ կխառնվի ու վերջ կդնի ամեն ինչին: Բա՞:
- Լավ, հասկացա: Հենց գործը վերջացնենք, աշխարհի վերջը կգա:

Չակը ջղային քմծիծաղեց.

- Դե ես էլ նույն բանն ասացի գերագույնին: Ու գիտե՞ս՝ ինչ արեց: Ահավոր տարօրինակ նայեց վրաս, ոնց որ ինքը ուսուցիչը լիներ, ես էլ՝ դասարանի ամենաբութ աշակերտը, ու ասաց. «Այդքան միամիտ մի եղեք»:

Ջորջը մի պահ մտածեց:

- Լայն աշխարհայացք է, բան չունեմ ասելու,- վերջապես ասաց նա:- Բայց դե մե՞զ ինչ: Մեկ է՝ դա ոչ մի բան չի փոխում: Առանց դրա էլ պարզ էր, որ սրանք ծալապակաս են:
- Ճիշտ ես ասում, բայց չես հասկանու՞մ՝ սրա վերջը որն է: Երբ ցուցակը պատրաստ լինի, իսկ Ահեղ Դատաստանը կամ դրա նման մի բան չգա, ամեն ինչի համար ինձ ու քեզ են մեղադրելու: Մեքենան հո մերն է, չէ՞: Չէ, մեր այս վիճակն ինձ հեչ դուր չի գտալիս:
- Հասկացա,- դանդաղ ասաց Ջորջը:- Խելքին մոտ բաներ ես ասում: Բայց ախր այսպիսի բաներ միշտ էլ եղել են, է: Հիշում եմ, դեռ երեխա էի, երբ մեր Լուիզիանայում մի ցնդած քարոզիչ հայտնվեց: Ասում էր, որ մյուս կիրակի աշխարհի վերջը գալու է: Գիտե՞ս՝ քանի հարյուր հոգի էր հավատացել: Մարդիկ նույնիսկ տներն էին ծախում: Իսկ հետո, երբ ոչ մի բան էլ չեղավ, աչքիդ է երևում, թե ինչ-որ մեկը գոնե կես բերան բողոքեց: Մարդիկ ուղղակի որոշեցին, որ քարոզիչն ինչ-որ բան սխալ է հաշվել, ու շարունակեցին հավատալ: Ինձ թվում է՝ ոմանք մինչև հիմա էլ հավատում են աշխարհի վերջին:
- Հա, բայց եթե դեռ չես նկատել, մենք հիմա Լուիզիանայում չենք: Ու մենք ընդամենը երկու հոգի ենք, իսկ իրենք՝ մի քանի հարյուր: Բան չունեմ ասելու, լավ մարդիկ են, ու ծերուկին էլ շատ եմ խղճում, երբ պատկերացնում եմ՝ ոնց է ամբողջ կյանքի գործը աչքի առաջ փլվելու: Բայց մեկ է՝ ես այդ ժամանակ կգերադասեմ ուրիշ տեղ լինել:
- Ես արդեն քանի շաբաթ է՝ գերադասում եմ: Բայց դե մինչև պայմանագիրը չավարտվի ու ինքնաթիռը չգա, բան չենք կարող անել:
- Դե,- ասաց Չակը,- կարող ենք փորձել ինչ-որ բան փչացնել:
- Էդ էր պակաս: Դրանից ավելի վատ բան չէիր կարող ասել:
- Չէ, լսիր: Օրական քսան ժամ աշխատելով՝ մեքենան չորս օրից ամեն ինչ կվերջացնի, չէ՞: Ինքնաթիռը գալիս է մի շաբաթից: Ուրեմն ընդամենը պետք է հերթական զննման ժամանակ հանկարծ պարզենք, որ ինչ-որ մի մաս վերանորոգման կարիք ունի, ու աշխատանքը մի երկու օրով հետ գցենք: Հետո, իհարկե, առանց շտապելու ամեն ինչ կսարքենք: Եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, վերջին անունը դուրս գալու ժամանակ արդեն օդանավակայանում կլինենք: Ու էլ հաստատ չեն հասցնի մեզ բռնել:
- Ինձ այս ամեն ինչը դուր չի գալիս,- ասաց Ջորջը:- Ես դեռ երբեք սկսածս գործը կիսատ չեմ թողել: Էլ չեմ ասում, որ միանգամից վատ բան կկասկածեն: Չէ, ես մինչև վերջ մնում եմ, ու ինչ լինելու է, թող լինի:

- Մեկ է՝ ինձ այս ամեն ինչը դուր չի գալիս,- ասաց նա յոթ օր անց, երբ լեռնային պոնիներ հեծած՝ ոլոր-մոլոր կածանով արդեն իջնում էին ներքև:- Ու մտքովդ էլ թող չանցնի, որ փախչում եմ, որովհետև վախենում եմ: Ուղղակի ահավոր վատ եմ զգում այդ խեղճերի համար: Չեմ ուզում տեսնել, թե ոնց են կոտրվելու, երբ հասկանան՝ ինչքան հիմար էին: Պատկերացնու՞մ ես՝ գերագույնը ինչ կլինի:
- Գիտե՞ս,- ասաց Չակը,- չես հավատա, բայց երբ նրան հրաժեշտ էի տալիս, ինձ թվաց՝ գլխի է ընկել՝ ինչ ենք անում, բայց թքած ունի: Մեկ է՝ գիտի, որ մեքենան անխափան աշխատում է, ու գործը շուտով կվերջանա: Իսկ դրանից հետո... Դե պարզ է, որ նրա կարծիքով էլ ոչ մի «հետո» չի կարող լինել:

Ջորջը թամբի վրա շրջվեց ու նայեց վերև: Այդտեղից վերջին անգամ կարելի էր տեսնել մենաստանը: Գետնին կպած, անկյունավոր շինությունները հստակ ուրվագծվում էին մայրամուտի կարմիր երկնքի վրա: Այստեղ-այնտեղ լույսեր էին փայլում՝ ասես նավի լուսամուտները գիշերվա օվկիանոսում: Էլեկտրական լամպերը, բնականաբար, իրենց հոսանքի աղբյուրը հիմա կիսում էին «Մարկ 5»-ի հետ: Դեռ ինչքա՞ն պիտի շարունակեն կիսել, ինքն իրեն հարցրեց Ջորջը: Հուսախաբ եղած վանականները կարող են կատաղությունից ջարդուփշուր անել մեքենան: Թե՞ ուղղակի հանգիստ կնստեն ու նորից ամենասկզբից կսկսեն իրենց հաշվարկները:

Նա հաստատ գիտեր, թե հենց այդ պահին ինչ է կատարվում լեռան վրա: Մետաքսե զգեստը հագին՝ բարձրագույն լաման անվրդով նստած է իր օգնականների հետ ու հետևում է, թե ինչպես են կրտսեր վանականները տպիչից դուրս եկած թղթերը տանում ու կպցնում իրենց հաստափոր հատորերի մեջ: Բոլորը լուռ են: Միակ աղմուկը միալար անձրևի նման թղթին հարվածող ստեղների անվերջ չխկչխկոցն է: Իսկ «Մարկ 5»-ն այդ ընթացքում կատարելապես անձայն ու կայծակի նման արագ կատարում է վայրկյանում տասնյակ հազարավոր իր գործողությունները: Երեք ամիսը լրիվ հերիք է, որ ով ասես՝ խելագարվի, մտածեց Ջորջը:

- Եկե՜լ է,- ձայն տվեց Չակը՝ ցույց տալով ներքևի հովիտը:- Սիրուն է, չէ՞:

«Շատ», մտածեց Ջորջը: Հին, խարխուլ ինքնաթիռը փոքրիկ արծաթե խաչի նման փայլում էր վազքուղու ծայրում: Երկու ժամից այն իրենց թռցնելու է դեպի ազատությունն ու առողջ բանականությունը: Այդ միտքն արժեր դանդաղ, անշտապ վայելել՝ մի բաժակ թունդ լիկյորի պես: Ջորջը կրկին ու կրկին պատկերացնում էր նույն պահը՝ ճոճվելով պոնիի թամբի վրա:

Գիշերն արդեն գրեթե ծածկել էր Հիմալայները: Բարեբախտաբար՝ ճանապարհն այնքան լավն էր, ինչքան ընդհանրապես հնարավոր էր այդ վայրերում, ու նրանք երկուսն էլ ջահեր ունեին: Վտանգի նշույլ անգամ չկար. միայն ցուրտն էր մի քիչ խանգարում: Երկինքը կատարելապես մաքուր էր ու անամպ. պայծառ շողում էին ծանոթ, հարազատ աստղերը: «Լավ է», մտածեց Ջորջը. «եղանակի պատճառով որ հաստատ այստեղ չենք մնա»: Հիմա նրան այլևս ուրիշ ոչինչ չէր անհանգստացնում:

Նա սկսեց երգել, բայց շուտով լռեց: Շուրջբոլորը վեր խոյացող անհաս, բարձրաբերձ լեռներն ու թույլ առկայծող ճերմակ գագաթները ճնշում էին զգացմունքների նման բուռն դրսևորումը: Ջորջը նայեց ժամացույցին.

- Մի ժամից տեղում կլինենք,- ուսի վրայից ձայն տվեց Չակին:- Հետո մի պահ մտածեց ու ավելացրեց.- Տեսնես՝ մեքենան գործը վերջացրե՞ց: Արդեն վաղուց ժամանակն է:

Չակը չպատասխանեց, ու Ջորջը շրջվեց հետ:

Նա հազիվ ճանաչեց ընկերոջը. Չակի դեմքն ասես վերածվել էր երկնքին ուղղված սպիտակ, անշարժ մի կետի:

- Նայիր,- շշնջաց Չակը, ու Ջորջը նույնպես աչքերը բարձրացրեց դեպի երկինք: (Ամեն ինչ մի օր տեղի է ունենում վերջին անգամ): Գլխավերևում հանդարտ, անաղմուկ, մեկը մյուսի հետևից հանգչում էին աստղերը:

Հայկօ
20.09.2013, 23:10
Կլարկի այս գործը 2004-ին արժանացել է հետահայաց «Հյուգո» մրցանակի՝ որպես 1954 թվի լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք:

«Հյուգոն» համարվում է sci-fi ժանրի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը, եթե ոչ ամենահեղինակավորը :):

Alphaone
20.09.2013, 23:33
Արժանի է իր մրցանակին, չեմ հիշում այս կարգի մի գործ կար լինոտիպի մասին, ով էր գրել, էլի կրոնական տարր կար, բուդդիզմ էին քարոզում լինոտիպին, արտակարգ գործ էր, բայց սրա չափ տպավորիչ չէր :))

Հայկօ
20.09.2013, 23:44
Ինձ հիմա ավելի շատ քլունգն ա հետաքրքրում :)): Ի՞նչ փոխեմ։

Alphaone
20.09.2013, 23:53
Ինձ հիմա ավելի շատ քլունգն ա հետաքրքրում :)): Ի՞նչ փոխեմ։

Հեղինակին` էլի էդ նույն զգացողությունն ա, թե ես բնօրինակն եմ կարդացել :D Իսկ եթե ավելի լուրջ` առաջին հայացքից արտակարգ սահուն էր, բայց վաղն ավելի սթափ ուղեղով նորից մանրամասն կկարդամ ու առանց ավելորդ քլնգելու, բայց ոչ էլ կուկուշկա խվալիտ սկզբունքով կփորձեմ կարծիքս գրել :)

Mephistopheles
21.09.2013, 00:16
fuck!!!! they were right!!! լավն էր… ապրի արևդ Հայկօ ջան…

E-la Via
21.09.2013, 12:40
Ասում եմ մի ճար լիներ, Հայկին իր բոլոր գործերից կտրեինք, ասեինք ՝ ախպեր ջան, դու կլինի՞ նստես, լավ ստեղծագործություններ ընտրես, դրանք թարգմանես, մենք էլ կարդանք ու քեզ հա օրհնենք: Չէ մի մտածի, Հայկ ջան, էդ ճարի մեջ մտնում ա նաև քո հարուստ թարգմանիչ լինելու պահը :)):

Ապրես դու…

Հայկօ
21.09.2013, 16:13
Ասում եմ մի ճար լիներ, Հայկին իր բոլոր գործերից կտրեինք, ասեինք ՝ ախպեր ջան, դու կլինի՞ նստես, լավ ստեղծագործություններ ընտրես, դրանք թարգմանես, մենք էլ կարդանք ու քեզ հա օրհնենք: Չէ մի մտածի, Հայկ ջան, էդ ճարի մեջ մտնում ա նաև քո հարուստ թարգմանիչ լինելու պահը :)):

Ապրես դու…

Դա իմ մանկության բյուրեղյա երազանքն ա։ Առաջարկնե՞ր :)):

E-la Via
22.09.2013, 13:10
Դա իմ մանկության բյուրեղյա երազանքն ա։ Առաջարկնե՞ր :)):

Բա չկարողանա՞յի հիմա մի գայթակղիչ առաջարկ անեի էս տղուն :)):

Անարդար ա էլի, անարդար... Մարդու սիրտ էլ ա նեղվում...
Բա հիմա մի լավ թարգմանված պատմվածքլ չլինե՞ր, կարդայինք, սրտներս լենանար:
:)

Sambitbaba
22.09.2013, 18:15
Ինձ հիմա ավելի շատ քլունգն ա հետաքրքրում :)): Ի՞նչ փոխեմ։

Քլունգի տեղ չես թողել, Հայկօ ջան, հոյակապ թարգմանություն է: Ապրե´ս:
Բայց, քանի որ փոխելու հարց էլ ես դրել...

ա) "Գիժ"-ը մի տեսակ բարի-դրացիական է հնչում, իսկ հերոսի մոտ այդպիսի զգացմունքներ լամաների հանդեպ ես չզգացի, այնպես որ ինձ համար, երևի, ավելի ընդունելի կհնչեր "խելագար"-ը:
բ) "Շանգրի-լա": Միգուցէ սխալ եմ, բայց ինձ թվում է, թե մեր ակաջին ավելի ըկալելի կհնչեր "Շամբալա՞":

Բայց սրանք մանրուքներ են, իսկ հիմնականում` իրոք որ շատ լավ թարգմանություն է:
Շնորհակալություն:

Freeman
22.09.2013, 23:24
Շատ լավն էր, աբրիս))
«Գիժը» երևի խոսակցական դարձնելու համար էր, բայց «աննորմալ»/«խելառ»/«տավարի ցավ» տարբերակները ինձ ավելի են դուր գալիս))
----------------------------------------------
Գրեցի ու տեսա որ էդ բառը խոսակցության մեջ չի, էս դեպքում գիժն էլ ոչինչ))

ivy
23.09.2013, 00:04
Հայկ, թարգմանությունդ նենց լավն ա, որ չեմ կարողանում սյուժեի վրա կենտրոնանալ :))
Կարդալիս սաղ ուշք ու միտքս էն ա, թե ոնց ես սենց ընտիր շարադրում։ Սկի թարգմանության էլ նման չի, այ անաստված։

Ներսես_AM
23.09.2013, 01:19
Կլօր, գժական ես թարգմանում :hands
Երևի ցուցակ ունես, բայց ցուցակի մեջ պատվերներ կընդունե՞ս :)

1. Հարրի Հարրիսոն – Այլմոլորակային մահվան չարչարանքները
2. Մյուրրեյ Լեյնսթեր – Առաջին կոնտակտ

CactuSoul
23.09.2013, 01:34
"Գիժ"-ը մի տեսակ բարի-դրացիական է հնչում, իսկ հերոսի մոտ այդպիսի զգացմունքներ լամաների հանդեպ ես չզգացի, այնպես որ ինձ համար, երևի, ավելի ընդունելի կհնչեր "խելագար"-ը:
Փորձեցի «խելագարով» կարդալ, այնքան էլ լավ չի հնչում, երկար է տվյալ նախադասության համար: Միգուցե ցնդա՞ծ :8
Չնայած եթե չասեիք, լավ էլ սահուն կարդացել ու անցել էի առաջ, շատ աչք չի ծակում, ու միգուցե հենց տարբերակներից լավագույնն է գիժը:

Հայկ, զգում ես, չէ՞, էնքան քլնգելու տեղ չկա, որ կպել ենք մի հատիկ, էն էլ ոչ էնքան անհաջող բառից :))

Ամենահավես մասը նախավերջին նախադասությունն էր: Երևի չկարողանամ բացատրել, թե ինչու: Բայց հենց էդ տեղում, հենց էդ ձևակերպմամբ ու հենց փակագծերի մեջ… իր գործն արեց, մի խոսքով:

Vardik!
05.10.2013, 07:14
Էս մեկը չէի կարդացել,շատ լավն էր: Շատ լավ,հիանալի թարգմանություն էր՝ Էնքան սահուն ու հեշտ կարդացվող,ասես ի սկզբանե հայերեն է գրված եղել: :hands