Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Վաշխառուն

Baltazar
07.09.2013, 04:26
Վաշխառու Սաքոն՝ հիսուննանց կարճահասակ այդ տղամարդը, գնացել էր իր "հարկերը" հավաքելու: Մռայլ ու քարուքանդ փողոց էր` լի հավաբներ հիշեցնող
սեփական տներով: Այստեղ էր բնակվում իր գերիներից մեկը`Միշան, ով զբաղվում էր հագուստի առևտրով և ուներ երեք զավակ, որոնցից երկուսն
ուսանող էին: Միշան վերջին երեք օրը չէր պատասխանել Սաքոյի զանգերին: Երեք օր է՝ տոկոսն ուշացնում էր: Փորձառու տոկոսով փող տվող Սաքոն էլ , ինչպես նման դեպքերում սովոր է անել, որոշել էր գնալ իր պարտապանի տուն և պրոֆիլակտիկ ահաբեկել նրան և նրա ընտանիքի անդամներին վաղուց անգիր արված սարսափազդու սպառնալիքներով: Շոգ էր: Սաքոն թաշկինակով շարունակ սրբում էր իր քրտնած ճակատն ու ճաղատ գլուխը: Նա իրեն ահավոր վատ էր զգում. ուժեղ գլխապտույտ ուներ, թուլություն էր զգում , անհանգիստ էր , իսկ ոտքերը մի տեսակ չէին ենթարկվում: Սաքոն առողջական խնդիրներ ուներ. նրա արյան մեջ շաքարի պարունակությունն այքան բարձր էր, որ ինսուլին էր սրսկվում: Նա չէր հասկանում իր այդքան վատ ինքնազգացողության պատճառը, քանի որ կարծում էր, որ ժամանակին կատարել էր սրսկումը: Ծայրահեղ դեպքերի համար նա իր գրպանում ինսուլիով լցված ներարկիչ էր պահում :Նա գտավ Միշայի տունը, թաշկինակով սրբեց իր քրտնած ակնոցները , կկոցեց աչքերը և ,ծանր քայլերով մոտենալով դռանը, սեղմեց զանգի կոճակը: Սաքոն արդեն ուշագնաց էր լինում: Նրան թվում էր, թե ուր որ է կմեռնի: Նա ուզում էր փախնել այդ աղքատների թաղամասից, հասնել տուն ու շտապօգնություն կանչել: Բայց չէ. նա հասել էր Միշայի դուռը և պետք է պահանջեր իր տոկոսները: Միշան կնոջ և դստեր հետ տանն էր: Միշան սպասում էր, որ այդ անաստվածն անպայման գալու է և կռիվ տալու իր տոկոսների համար: Նա տանեցիներին ձեռքերով հասկացրեց, որ լռեն ու դուռը չբացեն, որպեսզի Սաքոն կարծի՝ իրենք տանը չեն և հեռանա: Սաքոն չէր հանգստանում և ագահորեն սեղմում էր դռան զանգը՝ խռպոտ ձայնով ու կարծես վերջին ուժերով բղավելով.
- Միշիկ բաց: գիտեմ , որ տանն ես: Վերջը քո սրիկայությունն արեցիր. ինձ քաշեցիր: Հիմա էն գեներալը կատաղել ա ու իրա փողն ա ուզում: Դրանք էլ գիտես՝ ինչ մարդիկ են ու ինչի են ընդունակ: Էս ա՞ իմ լավության պատասխանը: Որ ասեմ մեջն օգուտ ունենայի... Քո պատճառով փորձանքի մեջ ընկա:
Ընտանիքիդ մասին մտածի ...
Իհարկե, ոչ մի գեներալ էր չկար: Սաքոն պրոֆեսիոնալ վաշխառու էր. իր անձնական փողերն էր տոկոսով տալիս և մի քանի լեգենդ ուներ պահած խեղճ մարդկանց վախեցնելու համար : Իսկ Միշան էլ փող չուներ. նրա գործերը վատ էին: Ստիպված թաքնվում էր Սաքոյից:
- Միշիկ ,- խեղդվող ձայնով ասաց Սաքոն և հիշեց, որ առավոտյան մոռացել է ինսուլին սրսկվել:
Նա արդեն հոգեվարքի մեջ էր իրեն զգում: Ծնկները ծալվում էին, մարմնով դող էր անցնում: Նա ձեռքը տարավ գրպանը, որ հանի ինսուլինով լի ներարկիչը: Սակայն, երբ այն իր ձեռքերում էր, նա վայր ընկավ, իսկ սրվակը հայտնվեց նրանից մի քանի մետր հեռավորության վրա՝ փոքրիկ դույլի կողքին: Սաքոն չէր կարողանում շարժվել: Նա շատ էր վախենում մեռնելուց: Փորձում էր ամեն կերպ ձգվել դեպի ներարկիչը, բայց այն բավական հեռու էր : Վերջին ուժերով ձայն տվեց Միշային, որպեսզի նա օգնության հասնի.
- Միշիկ, հասի, մեռնում եմ:
Միշան և իր դուստրն ու կինը լսեցին այդ օգնության կանչերը: Կինը տեղից վեր կացավ: Միշան նրան կանգնեցրեց՝ ասելով.
- Նստեք, չշարժվեք: Թող այ տենց սատկի վաշխառու շունը, թե չէ մի օր մեր գլուխը կուտի:
Հասկանալով , որ Միշայենց տանից արձագանք չկա, Սաքոն մի կերպ գրպանից հանեց բջջայինը և սկսեց հերթով զանգել իր ծանոթներին: Ոչ ոք չէր պատասխանում նրա զանգերին: Բոլորը կարծում էին, որ նա զանգել է տոկոսները ուզելու և չէին պատասխանում: Չէր պատասխանում նույնիսկ նրա եղբայրը:
Այդպես ձեռքերը պարզած դեպի ներարկիչը՝ նա մտովի պատրաստվել էր վերանալ աշխարհից, երբ հրաշք տեղի ունեցավ. մի հնգամյա փոքրիկ՝ կատվի ձագը ձեռքին, մոտեցավ ներարկիչին, կռացավ, վերցրեց այն և տվեց պառկած Սաքոյին: Սաքոն մի կերպ իր մեջ ուժ գտավ և ինքն իրեն ներարկում կատարեց: Փոքրիկը լուռ հետևում էր տարօրինակ տղամարդու գործողություններին: Սաքոն մի որոշ ժամանակ պառկած մնաց՝ քիչ-քիչ վերադառնալով կյանք: Երբ զգաց, որ վտանգը նահաջել է, նա վեր կացավ, քաշեց փոքրիկի թշից ու ասաց.
- Պստո, դու հենց նոր կյանքս փրկեցիր: Ապրես: Էս վերցրու ու գնա ընկերներիդ հետ լավ ժամանակ անցկացրա:
Սաքոն երեխային տվեց հարյուրդոլլարանոց: Երեխան զարմացած վերցրեց այն ու հեռացավ ընկերների մոտ: Սաքոն ակնդետ հայացքով նայում էր երեխային: Նա տեսավ, թե ինչպես փոքրիկը մոտեցավ իր ընկերներին, որոնք գնդակով խաղում էին: Իրեն փրկած փոքրիկը թղթադրամից ինքնաթիռ պատրաստեց և նետեց ընկերների ուղղությամբ: Երեխաներից ոչ մեկին այդ ինքնաթիռը չհետաքրքրեց . նրանք զբաղված էին իրենց համար ավելի հետաքրքիր խաղով: Նրանք երբեք հարյուրդոլլարանոց չէին տեսել ...

Baltazar
07.09.2013, 20:17
Վաշխառու էր Սաքոն: Կարճահասակ, հիսունն անց տղամարդ:
Գնացել էր իր "հարկերը" հավաքելու: Մռայլ ու քարուքանդ փողոց էր` հավաբներ հիշեցնող սեփական տներով: Այստեղ էր բնակվում իր գերիներից մեկը`Միշան, ով զբաղվում էր հագուստի առևտրով: Երեք օր է տոկոսն ուշացնում էր, Սաքոյի զանգերին էլ չէր պատասխանում: Փորձառու վաշխառուն, ինչպես նման դեպքերում սովոր էր անել, գնում էր իր պարտապանի տուն, որ պրոֆիլակտիկ ահաբեկի նրան ու ընտանիքի անդամներին՝ վաղուց անգիր արված սարսափազդու սպառնալիքներով:
Շոգ էր: Սաքոն թաշկինակով շարունակ սրբում էր ճաղատ գլուխն ու քրտնած ճակատը: Իրեն էլ ահավոր վատ էր զգում. ուժեղ գլխապտույտ ուներ, թուլություն , ոտքերն էլ մի տեսակ չէին ենթարկվում:
Սաքոն առողջական խնդիրներ ուներ. արյան մեջ շաքարի պարունակությունն այքան բարձր էր, որ ինսուլին էր սրսկվում: Չէր հասկանում այդքան վատ ինքնազգացողության պատճառը, քանի որ մոռացել էր, կատարե՞լ էր սրսկումը, թե՞՝ ոչ: Միայն ծայրահեղ դեպքերի համար գրպանում ինսուլիով լցված ներարկիչ էր պահում : Արդեն ուշագնաց էր լինում: Թվում էր, թե ուր որ է կմեռնի: Ուզում էր ետ փախչել աղքատների այդ թաղամասից, հասնել տուն ու շտապ օգնություն կանչել: Բայց չէ. նա հասել էր տեղ ու պետք է պահանջեր իր տոկոսները: Վերնաշապիկին քսելով սրբեց քրտնած ակնոցները , կկոցեց աչքերը: Ծանր քայլերով մոտեցավ դռանը, սեղմեց զանգի կոճակը:
Միշան կնոջ և դստեր հետ տանն էր: Միշտ սպասում էր, որ այդ անաստվածն անպայման գալու է և կռիվ տալու իր տոկոսների համար: Նա տանեցիներին ձեռքերով հասկացրեց, որ լռեն ու դուռը չբացեն, որպեսզի Սաքոն կարծի իրենք տանը չեն ու հեռանա: Բայց Սաքոն չէր հանգստանում և առանց ձեռքը քաշելու սեղմում էր դռան զանգին՝ խռպոտ ձայնով ու կարծես վերջին ուժերով բղավելով.
- Միշիկ բաց: Գիտեմ որ տանն ես: Վերջը քո սրիկայությունն արեցիր. ինձ քաշեցիր: Հիմա էն գեներալը կատաղել ա ու իրա փողն ա ուզում: Դրանք էլ գիտես՝ ինչ մարդիկ են ու ինչի են ընդունակ: Էս ա՞ իմ լավության պատասխանը: Որ ասեմ մեջն օգուտ ունենայի՝... Քո պատճառով փորձանքի մեջ եմ ընկել: Ընտանիքիդ մասին մտածի ...
Իհարկե, ոչ մի գեներալ էր չկար: Սաքոն պրոֆեսիոնալ վաշխառու էր. իր անձնական փողերն էր տոկոսով տալիս և մի քանի լեգենդ ուներ պահած խեղճ մարդկանց վախեցնելու համար : Իսկ Միշան էլ փող չուներ. նրա գործերը վատ էին: Ստիպված թաքնվում էր Սաքոյից:
- Միշիկ ,- խեղդվող ձայնով ասաց Սաքոն ու հանկարծ հիշեց, որ առավոտյան մոռացել է ինսուլին սրսկվել:
Կարծես հոգեվարքի մեջ լիներ: Ծնկները ծալվում էին, մարմնով դող էր անցնում: Ձեռքը մի կերպ տարավ գրպանը, որ հանի ինսուլինով լի ներարկիչը: Սակայն, երբ այն ձեռքերում էր, թուլությունից վայր գցեց: Սրվակը հայտնվեց նրանից մի քանի մետր հեռավորության վրա՝ փոքրիկ դույլի կողքին: Սաքոն էլ չէր կարողանում շարժվել: Վախեցավ որ մեռնում է: Փորձեց ամեն կերպ ձգվել դեպի ներարկիչը, բայց այն բավականին հեռու էր : Վերջին ուժերով ձայն տվեց Միշային, որ սա օգնության հասնի.
- Միշիկ, հասի, մեռնում եմ:
Միշան, կինն ու դուստրը լսում էին օգնության կանչերը: Կինը տեղից վեր կացավ, սակայն Միշան նրան կանգնեցրեց՝ շշնջալով:
- Նստի՛, չշարժվես: Թող այ տենց սատկի վաշխառու շունը, թե չէ մի օր մեր գլուխը կուտի:
Հասկանալով , որ Միշայենց տանից արձագանք չկա, Սաքոն մի կերպ գրպանից հանեց բջջայինը և սկսեց հերթով զանգել իր ծանոթներին: Բոլորը մտածում էին, որ զանգում է տոկոսները ուզելու և չէին պատասխանում: Չպատասխանեց անգամ հարազատ եղբայրը:
Այդպես, ձեռքերը մեկնած դեպի ներարկիչը, նա մտովի պատրաստվում էր հրաժեշտ տալ կյանքին: Մեկ էլ հրաշք կատարվեց: Անկյունից մի հնգամյա փոքրիկ՝ կատվի ձագը գրկին, մոտեցավ, , կռացավ, վերցրեց ներարկիչը և պարզեց պառկած տղամարդուն: Սաքոն վերջին ուժերն լարելով ինքն իրեն ներարկում կատարեց: Փոքրիկը լուռ հետևում էր տարօրինակ տղամարդու գործողություններին:
Սաքոն մի որոշ ժամանակ պառկած մնաց՝ քիչ-քիչ վերադառնալով կյանք: Երբ զգաց, որ վտանգը նահանջել է, վեր կացավ, քաշեց փոքրիկի թշից, շոյեց գլուխը, ձեռքերի մեջ փող խոթեց.
-Պստո, դու հենց նոր կյանքս փրկեցիր: Ապրես: Էս վերցրու ու գնա ընկերներիդ հետ լավ ժամանակ անցկացրա:
Երեխան զարմացած նայեց ձեռքի հարյուր դոլլարանոցին ու վազեց դեպի ընկերները:
Սաքոն ակնդետ նայում էր երեխային: Նա տեսավ, թե ինչպես փոքրիկը շարժվեց դեպի ավազին նստած ընկերները: Երեխան թղթադրամից ինքնաթիռ պատրաստեց և նետեց ընկերների ուղղությամբ: Երեխաներից ոչ մեկին այդ ինքնաթիռը չհետաքրքրեց . նրանք զբաղված էին իրենց համար ավելի հետաքրքիր խաղով:
Նրանք երբեք հարյուր դոլլարանոց չէին տեսել ...

Mephistopheles
07.09.2013, 22:55
Վատը չի, ուղղակի գործողությունները շատ էն գծային ու հերթականությամբ… կարծես վաշխառուն մի համակարգ ա իսկ Սաքոն ու իր ընտանիքը մեկ այլ, բայց իրանք տենց իրար զուգահեռ էլ մնում են ու էդ երեխեն ա գալիս պատմվածքը վերջացնելու… մի քիչ անկապ ա լինում…

Ես սպասում էի որ Սաքոն այնուամենայնիվ դուռը կբացեր ու էդ խնդիրները կսկսեր հենց Սաքոյի ընտանիքի աչքի առաջ ու շատ հետաքրքիր կլիներ նրա ընտանիքի անդամների ռեակցիան… իրանք կարային գործեին որպես ընտանիք, ելնելով զուտ ընտանեկան շահերից, բայց ստեղծված մահացու իրավիճակը կարար ընտանեկան ստրուկտուրան քանդել ու զուտ մարդկային էմոցիաներից ելնելով կարար ընտանիքի մեջ կոնֆլիկտ առաջացներ…

… ավելի կարճ որ ասեմ… կօգնեի՞ն վաշխառուին թե չէ… հայրըտնտեսական շահերից ելնելով կարող ա չօգներ, կինը կանացի էմոցիոնալ տեսանկյունից կարող ա նետվեր օգնելու ու կանֆլիկտ առաջանար… երեխաները կարային կողքից նայեին ու դա ավելացներ ու թեժացներ իրավիճակը… մի խոսքով կարար գործողությունների ու կերպարների զարգացման մի ամբողջ սպեկտրում բացել…

հինգ տարեկան երեխի կարիքն էլ չէր լինի…

Արևանուռ
07.09.2013, 23:01
ես էլ մտածում եմ էդ 100 դոլարը երեխան կտա իրա հորը, որը անպայման Միշան կլինի, հը՞, Բալթազար, բոլորն էլ ուրախ, զվարթ ու բավարաված կլինեն

Baltazar
07.09.2013, 23:12
ես էլ մտածում եմ էդ 100 դոլարը երեխան կտա իրա հորը, որը անպայման Միշան կլինի, հը՞, Բալթազար, բոլորն էլ ուրախ, զվարթ ու բավարաված կլինեն

Երևում է հեփի էնդ ես սիրում :)

Baltazar
07.09.2013, 23:16
Վատը չի, ուղղակի գործողությունները շատ էն գծային ու հերթականությամբ… կարծես վաշխառուն մի համակարգ ա իսկ Սաքոն ու իր ընտանիքը մեկ այլ, բայց իրանք տենց իրար զուգահեռ էլ մնում են ու էդ երեխեն ա գալիս պատմվածքը վերջացնելու… մի քիչ անկապ ա լինում…

Ես սպասում էի որ Սաքոն այնուամենայնիվ դուռը կբացեր ու էդ խնդիրները կսկսեր հենց Սաքոյի ընտանիքի աչքի առաջ ու շատ հետաքրքիր կլիներ նրա ընտանիքի անդամների ռեակցիան… իրանք կարային գործեին որպես ընտանիք, ելնելով զուտ ընտանեկան շահերից, բայց ստեղծված մահացու իրավիճակը կարար ընտանեկան ստրուկտուրան քանդել ու զուտ մարդկային էմոցիաներից ելնելով կարար ընտանիքի մեջ կոնֆլիկտ առաջացներ…

… ավելի կարճ որ ասեմ… կօգնեի՞ն վաշխառուին թե չէ… հայրըտնտեսական շահերից ելնելով կարող ա չօգներ, կինը կանացի էմոցիոնալ տեսանկյունից կարող ա նետվեր օգնելու ու կանֆլիկտ առաջանար… երեխաները կարային կողքից նայեին ու դա ավելացներ ու թեժացներ իրավիճակը… մի խոսքով կարար գործողությունների ու կերպարների զարգացման մի ամբողջ սպեկտրում բացել…

հինգ տարեկան երեխի կարիքն էլ չէր լինի…

Երեխաներին հետաքրքիր չէ փողը: Նրանց փողը դեռ չի հասցրել փչացնել: Նրանք չեն հասկանում ոչ տոկոսներից , ոչ պարտք ու պահանջից: Նրանք մաքուր են: Սաքոն նայում է երեխաներին ու հիշում, որ ինքն էլ է երեխա եղել ու այդ ժամանակ չի մտածել փողի մասին : Երեխան նրան անշահախնդրորեն օգնեց , երբ մեռնում էր: Պտամվածքը նրա մասին է, որ մարդը մնում է մարդ այնքան ժամանակ, քանի դեռ իր կյանքում չի հայտվել փողը:

Արևանուռ
07.09.2013, 23:17
Երևում է հեփի էնդ ես սիրում :)

բա էդ 100 դոլարը քամին տանի կորցնի՞, բա ափսոս չի՞, գոնե Միշիկի խեղճացած ընտանիքը մի ամիս էլ կպրծներ ինսուլինոտ Սաքոյից

Baltazar
07.09.2013, 23:22
բա էդ 100 դոլարը քամին տանի կորցնի՞, բա ափսոս չի՞, գոնե Միշիկի խեղճացած ընտանիքը մի ամիս էլ կպրծներ ինսուլինոտ Սաքոյից

Սաքոյի նմաններից պրծում չկա. կյանքն ընթանում է իր մռայլ, նյութապաշտական հունով: Այդ երեխաների համար է ժամանակը կանգ առել. նրանք ուրախանում են ու զվարճանում ` բոլորովին չպատկերացնելով, որ մի օր էլ իրենք կմեծանան, և չի բացառվում, որ կհանդիպեն իրենց Սաքոյին կամ իրենք Սաքո կդառնան կամ էլ կզգան փողի սղությունը և փողի հետ կապված տարբեր այլանդակությունների ականատես կլինեն:

Mephistopheles
07.09.2013, 23:32
Երեխաներին հետաքրքիր չէ փողը: Նրանց փողը դեռ չի հասցրել փչացնել: Նրանք չեն հասկանում ոչ տոկոսներից , ոչ պարտք ու պահանջից: Նրանք մաքուր են: Սաքոն նայում է երեխաներին ու հիշում, որ ինքն էլ է երեխա եղել ու այդ ժամանակ չի մտածել փողի մասին : Երեխան նրան անշահախնդրորեն օգնեց , երբ մեռնում էր: Պտամվածքը նրա մասին է, որ մարդը մնում է մարդ այնքան ժամանակ, քանի դեռ իր կյանքում չի հայտվել փողը:
էդ դեպքում Միշիկն ու իր ընտանիքն ավելորդություն են… մենակ սկզբի նկարագրությունը՝ Սաքոյի լրիվ հերիք էր, իսկ երեխայի հայտնվելը անսպասելի ու քո ասածից դուրս ա գալիս որ պատմվածքի ֆոկալ պոինթը լրիվ ուրիշ տեղ էր, բայց պատմվածքը մեզ լրիվ ուրիշ կողմ ա տանում… մարդիկ ենթագիտակցորեն փորձում են երեխային միշիկի հետ կապել, բայց պարզվում ա առանց միշիկի էլ դու կարայիր քո միտքը տեղ հասցնել ու ավելի կարճ և ուղղակի…

Baltazar
07.09.2013, 23:39

Համաձայն եմ, բայց ամեն դեպքում պետք էր վաշխառուի առօրյան նկարագրել: Կարծում եմ `երևի թե կարելի է մինչև պատմվածքի հանգուցալուծումը շեղել ընթերցողին: Չգիտեմ ... Այսինքն պատմեի՞ վաշխառուի մասին, որը փողոցում վատանում է, նրան էլ փրկում է մի երեխա, որին բացարձակ հետաքրքիր չի փողը: Պետք է մտածել…

Mephistopheles
07.09.2013, 23:45

Սաքոյի ընտանիքը կարաս հանես իսկ վաշխառուինը թողնես … չնայած ինձ որ մնար ես երեխային կհանեի ու միշիկին ու սաքոյի կհանդիպացնեի…

Քո գաղափարը մի քիչ ծեծված արդեն երկար ժամանակ շահարկված թեմա ա… դեռ անհիշելի ժամանակներից…

Baltazar
07.09.2013, 23:47
... առանց միշիկի էլ դու կարայիր քո միտքը տեղ հասցնել ու ավելի կարճ և ուղղակի…

Ուղղակի ուզում էի ցույց տալ նաև, թե ինչքան էր վաշխառուն զզվցրել Միշիկին, որ նա պատրաստ էր էտպես մարդուն անօգնական թողնել, որ մեռնի: Այսինքն արանքում էլի փողն ա: Միշիկն էլ էր փողի պատճառով խիղճը կորցրել, Սաքոն էլ: Եվ մենակ երեխան էր, որ եկավ օգնեց, փող ստացավ ու այդ փողին այլ կիրառում չգտավ , քան սամոլյոտիկ պատրաստելը:

Mephistopheles
07.09.2013, 23:55

Սաքոյի նկարագրությունն արդեն դա անում ա… մինչև միշիկի տուն հասնելը…

impression
08.09.2013, 01:21
հեղինակի խնդրանքով կարդացի պատմվածքը, ու հենց իր խնդրանքով էլ գրում եմ կարծիքս, մանավանդ որ որոշել ենք՝ նեղանալ չկա:

սկսեմ լավից. հեշտ էր կարդացվում, ավելորդ բառեր գրեթե չկային:

խորհուրդ՝ լավ կլիներ համեմատություններ ու մետաֆորներ օգտագործել, դրանք ցանկացած ստեղծագործության համն ու հոտն են: բայց դրանց դեռ վարժվել ա պետք, օրինակ՝ աննշմար, ինչպես քնքուշ մութի թև... ինչքան սիրուն ա, չէ՞: բայց միանգամից տենց բան դժվար միտքդ գա: առաջինը սովորաբար հիշում ես էն, ինչը շատ ես լսել կամ կարդացել, հետևաբար՝ դրանք ծեծված են, դրանցից պետք ա խուսափել, պետք ա փորձել հորինել սեփականը:

բուն գործը թույլ էր, ոնց ասեց Մեֆիստոֆելեսը, գծային էր, ու էդ արդեն իմ աչքը շատ ա ծակում՝ շնորհիվ հենց Մեֆի ու Չակ Պալանիկի հոդվածներից մեկի: ի դեպ, շատ լավ կլիներ ժամանակակից գրողների հոդվածներին հետևել, հիանալի խորհուրդներ են տալիս: էն ամենավերջի գրված ԱԿՆԴԵՏ-ն ընդհանրապես չէր տեղավորվում մինչ այդ օգտագործված բառապաշարում: ասելիքը հին էր, ինչպես Նար-Դոսը, ով, ի դեպ, նմանատիպ բաներ արդեն հարյուրներով ունի գրած:
ես հասկանում եմ, որ շատ-շատերի կարծիքով ամեն բան արդեն ասվել ա ու նոր բան ասելը շատ դժվար ա: բայց դա տենց չի: նոր բան ասելու համար ուղղակի պետք ա գրողն ինքը ունենա լիքը նոր ու միայն իր զգացողությունները, պետք ա ունենա նենց մի բան, որը քանի չունի, չի էլ հասկանա, թե ինչի մասին ա խոսքը՝ ինքը պետք ա կարողանա աշխարհը մի քիչ շեղի ու էդ շեղված անկյունից նայի ամեն ինչին: թե չէ սաքո-մաքոների հապճեպ մահամերձությունը, որն, ի դեպ, հեչ համոզիչ չէր, ամեն մեկն էլ կգրի:
բախտի բերմամբ կամ չբերմամբ ես կարդացի չխմբագրված տարբերակն, ու էլ չկարողացա կարդալ խմբագրվածը: հուսով եմ կոպիտ ուղղագրական սխալներն ու վրիպակները, կետադրական նշաններից առաջ արված բացատներն էլ չկան խմբագրվածում:
ավել-պակաս կներես, անկեղծ եմ ուղղակի

Baltazar
08.09.2013, 01:53
Շատ շնորհակալ եմ կարծիքների համար: Ահագին նոր բան իմացա: Ես սիրողականից էլ ցածր եմ գրում, բայց շնորհիվ ձեր կարծիքների կփորձեմ քիչ-քիչ կատարելագործվել: Ախր շատ անտաղանդ եմ էէէ ... բայց ոչինչ ձեզնից ահագին բան կսովորեմ :)