PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեյ Բրեդբերի. «Ամբողջ ամառը՝ մեկ օրում»



Հայկօ
30.08.2013, 22:20
Ամբողջ ամառը՝ մեկ օրում

Ռեյ Բրեդբերի


- Պատրա՞ստ եք:
- Այո՜:
- Հիմա՞:
- Շուտով:
- Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
- Նայի՛ր, էլի: Կտեսնես:

Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:

Անձրև էր գալիս:

Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:

Դասարանը լիքն էր երեխաներով, որոնց ծնողները եկել ու հաստատվել էին այդ մոլորկում՝ բնակեցնելու համար այդ խորթ, անձրևոտ աշխարհը:

- Կտրվու՜մ է, կտրվու՜մ է:
- Այո, այո՜:

Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:

Նախորդ ամբողջ օրը նրանք դասարանում կարդում էին արևի մասին: Լսում էին, թե ինչքան դեղին է այն՝ իսկական լիմոնի նման, ու ինչքան տաք: Իսկ հետո փոքրիկ պատմություններ ու բանաստեղծություններ էին գրում դրա մասին:

Ինձ թվում է՝ արևը մի ծաղիկ է,
Որ միայն մի ժամ է ծաղկում:

Սա Մարգոյի բանաստեղծությունն էր, որ նա կամացուկ կարդաց լուռ դասարանի առաջ, մինչ դրսում հորդում էր անձրևը:

- Է՜, դա քո գրած չի,- գոռաց տղաներից մեկը:
- Իմ գրածն է,- ասաց Մարգոն:- Ես եմ գրել:
- Ուիլիա՛մ,- սաստեց ուսուցչուհին:

Բայց դա երեկ էր: Իսկ հիմա անձրևը նոսրանում էր, և երեխաները խմբվել էին մեծ լուսամուտների դիմաց ու սեղմվել էին հաստ ապակիներին:

- Ուսուցչուհին ու՞ր է:
- Հիմա կգա:
- Դե թող շուտ գա, թե չէ ամեն ինչ բաց կթողնի:

Անհամբերությունից վառվելով՝ երեխաները գնդակի պես ցատկոտում էին ու հոլի պես պտտվում էին նույն տեղում: Միայն Մարգոն էր քաշվել մի կողմ: Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Ու հիմա, միայնակ կանգնած, Մարգոն անձրևոտ ապակու միջից նայում էր դրսի թաց, աղմկոտ աշխարհին:

- Դու՞ ինչ ես նայում,- ասաց Ուիլիամը:

Մարգոն լուռ էր:

- Քեզ հե՛տ եմ խոսում:

Տղան հրեց նրան: Բայց Մարգոն չշարժվեց, ուղղակի մի քիչ ցնցվեց ու վերջ: Մյուսներն իրենց հեռու էին պահում նրանից ու նույնիսկ չէին էլ նայում վրան: Մարգոն գիտեր, որ երեխաները խուսափում են իրենից: Պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում այդ ստորգետնյա քաղաքի խուլ թունելներում խաղալ մյուսների հետ: Եթե ինչ-որ մեկը խփում էր նրան ու փախչում, ինքն ուղղակի կանգնած էր մնում, աչքերն արագ-արագ թարթելով նայում էր հետևից ու չէր հետապնդում: Երբ ամբողջ դասարանն ուրախ երգեր էր երգում երջանկության, կյանքի ու խաղերի մասին, ինքն հազիվ էր շարժում շուրթերը: Եվ միայն այն ժամանակ, երբ երգերն արևի ու ամառվա մասին էին, Մարգոն կամացուկ երգում էր մյուսների հետ՝ հայացքը թաց լուսամուտներին հառած: Իսկ իր ամենամեծ հանցագործությունն, իհարկե, այն էր, որ ինքն ընդամենը հինգ տարի առաջ էր եկել այդտեղ ու հիշում էր արևը, հիշում էր՝ ինչպես էր այն փայլում Օհայոյի կապույտ երկնքում, երբ ինքը չորս տարեկան էր: Իսկ մյուսներն ամբողջ կյանքում ապրել էին Վեներայի վրա ու ընդամենը երկու տարեկան էին եղել, երբ վերջին անգամ երևացել էր արևը, և վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպիսին է այն, ինչ գույն ունի ու ինչքան տաք է:

Իսկ Մարգոն չէր մոռացել:

- Ոնց որ մե՜ծ մետաղադրամ լինի,- մի անգամ ասաց նա ու աչքերը կկոցեց:
- Սուտ ես ասում,- գոռացին երեխաները:
- Ու օջախի կրակի պես տաք է,- ասաց նա:
- Պոչով սուտ, դու ոչ մի բան էլ չես հիշում,- գոռացին մյուսները:

Բայց Մարգոն հիշում էր: Եվ հիմա, մյուսներից առանձին կանգնած, նա լուռ նայում էր թրջված լուսամուտից դուրս: Իսկ մի անգամ՝ մի ամիս առաջ, երբ երեխաներին տարել էին լողանալու, նա հրաժարվել էր մտնել ցնցուղի տակ, ու գլուխն առած ձեռքերի մեջ, ականջները պինդ սեղմած՝ ճչում էր՝ թող ջուրը չլցվի՜ գլխիս: Ու դրանից հետո կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ ինքը տարբեր է մյուսներից, ու մյուսներն էլ էին զգում նույն բանն ու իրենց հեռու էին պահում: Ասում էին, որ հաջորդ տարի հայրն ու մայրը Մարգոյին հետ են տանելու Երկիր, ու չնայած դա հազարավոր դոլարների կորուստ էր լինելու նրա ընտանիքի համար, պարզ էր, որ դա կյանքի պես կարևոր հարց է: Եվ այդ բոլոր մեծ ու փոքր պատճառներով էլ երեխաներն ատում էին նրան: Նրանք ատում էին նրա գունատ դեմքը, ասես ինչ-որ բանի սպասող լռությունը, նիհարիկ մարմինն ու այն, որ նա գուցե վերադառնալու է Երկիր:

- Գնա՛ այստեղից,- տղան կրկին հրեց նրան:- Ինչի՞ ես սպասում:

Աղջիկն առաջին անգամ շրջվեց ու նայեց Ուիլիամին: Ու աչքերում երևաց, թե ինքն ինչի է սպասում:

- Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ջղայնացած ասաց տղան,- իզուր էլ սպասում ես, մեկ է՝ ոչ մի բան էլ չես տեսնելու:

Մարգոն անձայն շարժեց շուրթերը:

- Ոչ մի բա՛ն, ասում եմ,- գոռաց տղան,- քեզ խաբել ենք, ուղղակի ձեռ էինք առնում:- Նա շրջվեց մյուս երեխաների կողմ:- Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, չէ՞:

Բոլորը մի պահ զարմացած նայեցին նրան, ապա հասկացան ու սկսեցին ծիծաղելով գլուխները թափ տալ.

- Չէ՜, ոչի՜նչ, ոչ մի բա՜ն:
- Բայց ախր…- շշնջաց Մարգոն՝ անզոր հայացքն ուղղելով մեկից մյուսի վրա:- Ախր այսօր հենց այդ օրն է, գիտնականներն են ասել, իրենք պիտի իմանան, չէ՞, ախր արևը...
- Խաբել ենք, խաբե՜լ,- ասաց տղան ու հանկարծ կոպիտ բռնեց աղջկա ձեռքը:- Երեխեք, եկեք Մարգոյին փակենք խորդանոցում, քանի դեռ ուսուցչուհին չի եկել:
- Չէ,- ասաց Մարգոն՝ ընկրկելով:

Նրանք հարձակվեցին աղջկա վրա, բռեցին ու սկսեցին քաշքշել ու հրել: Մարգոն դիմադրում էր, հետո աղաչում էր, հետո լաց էր լինում, բայց նրան քարշ տվեցին հետ՝ թունել, ու հետ՝ դեպի ամենահեռու սենյակը, ու հետո խորդանոց, ու հետո շրխկացրեցին ու կողպեցին դուռը: Ապա, խորդանոցի դիմաց կանգնած, նայում էին, թե ինչպես է դուռը ցնցվում. Մարգոն բռունցքներով հարվածում էր դռանն ու ամբողջ մարմնով վրան էր նետվում: Լսվում էին աղջկա խուլ ճիչերը: Իսկ հետո նրանք ժպտալով շրջվեցին ու վերադարձան լուսամուտների մոտ՝ ճիշտ այն ժամանակ, երբ եկավ ուսուցչուհին:

- Պատրա՞ստ եք, երեխաներ.- ուսուցչուհին նայեց ժամացույցին:
- Այո՜,- պատասխանեցին բոլորը:
- Բոլո՞րդ եք այստեղ:
- Այո՜:

Անձրևը թուլանում էր: Երեխաները հավաքվեցին հսկայական դռան դիմաց:

Անձրևը կտրվեց:

Ասես ձնահյուսների, փոթորիկների, մրրիկների ու ժայթքող հրաբուխների մասին պատմող ֆիլմի կեսից ինչ-որ բան եղավ ձայնի հետ, բոլոր բարձրախոսները փչացան, ու աղմուկը նախ խլացավ, ապա լրիվ մարեց, լռեցին պայթյուններն ու դղրդոցներն ու որոտը, ու հետո ինչ-որ մեկը դուրս քաշեց ժապավենն ու փոխարենը դրեց արևադարձային մի գեղեցիկ պատկեր, որ ոչ շարժվում էր, ոչ էլ՝ ցնցվում: Աշխարհը շունչը պահեց: Լռությունն այնքան ամենակուլ, այնքան անհավատալի էր, որ թվում էր՝ ականջներդ խցանված են, կամ լրիվ կորցրել ես լսողությունդ: Երեխաները ձեռքերը տարան ականջներին: Նրանք հեռացան իրարից ու մնացին առանձին-առանձին կանգնած: Ապա դուռը սահեց պատի մեջ, ու հանդարտ, ասես ինչ-որ բանի սպասող աշխարհի բույրը լցվեց ներս:

Եվ դուրս եկավ արևը:

Արևը վառվում էր բրոնզագույն կրակով ու շատ մեծ էր: Իսկ շուրջբոլորը շողում էր պայծառ, կապույտ երկինքը: Իսկ հետո ջունգլիներն էլ ասես բոցավառվեցին արևի լույսից, և երեխաներն ուշքի եկան ու ճիչ-աղմուկով վազեցին դուրս՝ դեպի ամառվա գիրկը:

- Շատ հեռու չգնա՜ք,- նրանց հետևից ձայն տվեց ուսուցչուհին:- Հիշում եք, չէ՞, ընդամենը երկու ժամ ունեք: Թե չէ չեք հասցնի ծածկի տակ մտնել:

Բայց նրանք արդեն վազվզում էին դրսում, դեմքերը պարզում էին երկնքին ու զգում էին, թե ինչպես է արևը տաք արդուկի նման շոյում իրենց այտերը. նրանք հանում էին բաճկոններն, ու արևը այրում էր նրանց թևերը:

- Սա մեր բոլոր արևային լամպերից ավելի լավն է, չէ՞:
- Հազար անգամ ավելի լա՜վը:

Նրանք դադարեցին վազելն ու կանգնեցին ջունգլիի մեջ, որ ծածկում էր ամբողջ Վեներան ու անդադար աճում էր՝ բուռն ու փարթամ, աճում էր՝ ասես աչքիդ առաջ: Այն ասես ութոտնուկների վտառ լիներ, ու ծառերի հաստ ճյուղերը մսոտ շոշափուկների նման ձգվում էին դեպի երկինք, ալիք-ալիք ճոճվում էին ու ակնթարթորեն ծաղկում՝ որսալով այդ կարճ գարունը: Ծառերը ռետինի ու մոխրի գույնի էին, որովհետև երկար տարիներ արև չէին տեսել: Դրանք քարերի գույնի էին, սպիտակ պանրի ու թանաքի գույնի, դրանք լուսնի գույնի էին:

Երեխաները ծիծաղելով փռվում էին ջունգլիի ներքնակի վրա ու լսում էին, թե ինչպես է այն իրենց տակ շնչում, շշնջում ու ճկվում՝ այնքա՜ն փափուկ ու այնքա՜ն կենդանի: Նրանք վազվզում էին ծառերի տակ, սահում էին ու ընկնում, հրում էին իրար, պահմտոցի ու բռնոցի էին խաղում, բայց ամենից շատ նրանք աչքերը կկոցած նայում էին արևին՝ արցունքոտվելու չափ երկար, ու ձեռքերը պարզում էին դեպի երկնքի ոսկեգույն փայլն ու ապշեցուցիչ կապույտը, ու ներշնչում էին թարմությունն ու անվերջ լսում ու լսում էին լռությունը, որ հանդարտ ծովի նման պարուրում էր նրանց՝ անվրդով ու անշարժ: Նրանք նայում էին ամեն ինչի ու վայելում էին ամեն ինչ: Ու հետո կրկին ստորգետնյա բներից փախած վայրի գազանիկների նման սկսում էին վազվզել, աղմկել ու խաղալ: Մի ամբողջ ժամ նրանք վազում էին ու չէին հոգնում:

Իսկ հետո...

Աղջիկներից մեկը շնչակտուր կանգ առավ ու չճաց:

Բոլորը լռեցին:

Աղջիկը կանգնել էր բաց երկնքի տակ ու առաջ էր պարզել ափը:

- Նայեք,- ասաց նա ու ցնցվեց.- Նայեք:

Նրանք դանդաղ մոտեցան աղջկան: Բաց ափի վրա՝ ամենամեջտեղում, անձրևի մեծ, կլոր կաթիլ էր: Աղջիկը նայեց կաթիլին ու սկսեց կամացուկ լացել: Երեխաները լուռ շրջվեցին դեպի երկինք:

- Ահ...

Հատուկենտ սառը կաթիլներն ընկան նրանց քթերի, այտերի ու շուրթերի վրա: Թանձրացող մառախուղի հետևում խամրում էր արևը: Սառը քամի բարձրացավ: Նրանք շրջվեցին ու սկսեցին քայլել դեպի իրենց ստորգետնյա տունը՝ անժպիտ ու անշշուկ:

Դղրդաց որոտը, ու վախեցած երեխաները փոթորկի բերանն ընկած տերևների նման իրար հերթ չտալով սլացան դեպի դուռը: Կայծակը փայլեց տասը մղոն հեռվում, հետո՝ հինգ մղոն, հետո՝ մեկ, հետո՝ կես: Երկինքը մի ակնթարթում խավարեց, ասես կեսգիշեր իջավ:

Նրանք մի պահ կանգնած մնացին ստորգետնյա քաղաքի շեմին՝ մինչև ջրի շիթերը սկսեցին հեղեղի նման թափվել ներքև: Հետո փակեցին դուռն ու լուռ կանգնած լսում էին, թե ինչպես է դրսում խլացուցիչ աղմուկով հորդում անձրևը՝ ամենուր ու անվերջ:

- Ու հիմա էլի յոթ տարի՞:
- Հա, յոթ:

Հետո երեխաներից մեկը թույլ ճչաց.

- Մարգո՜ն:
- Ի՞նչ:
- Ինքը ախր դեռ խորդանոցում է, ախր դուռը կողպել էինք...
- Մարգո՜ն...

Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը: Ապա հայացքներն ուղղեցին դուրս. լուսամուտից այն կողմ հոսում ու հոսում էր անձրևը՝ անվերջ ու անսպառ: Ոչ ոք չէր համարձակվում նայել մյուսներին: Բոլորի դեմքերը մռայլ էին ու գունատ: Գլուխները կախ՝ նրանք նայում էին իրենց ձեռքերին ու ոտքերին:

- Մարգոն...

Վերջապես աղջիկներից մեկն ասաց.

- Դե՞:

Ոչ ոք չշարժվեց:

- Գնացինք,- շշնջաց աղջիկը:

Սառը անձրևի աղմուկի տակ երեխաները դանդաղ ուղղվեցին դեպի սրահի խորքը: Փոթորկի ու որոտների դղրդոցի տակ միջանցքով թեքվեցին դեպի այն հեռավոր սենյակը: Կայծակի կապույտ, ահարկու փայլը լուսավորում էր նրանց դեմքերը: Նրանք կամաց մոտեցան խորդանոցին ու կանգնեցին դռան դիմաց:

Դռան հետևում միայն լռություն էր:

Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին:


Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան

impression
30.08.2013, 22:28
ես հիմա կլացեմ....
ապրես, Հայկ

Հայկօ
30.08.2013, 22:54
ես հիմա կլացեմ....
ապրես, Հայկ
Ես արդեն լացում եմ :):

ivy
30.08.2013, 23:08
Ինչ հրաշք ա Բրեդբերին, ու ինչ հոյակապ թարգմանություն էր :love

Vardik!
30.08.2013, 23:41
Շատ լավն էր,հիանալի էր ուղղակի: Շատ զգացվեցի կարդալիս...

Հայկօ
31.08.2013, 00:23
Ինչ հրաշք ա Բրեդբերին, ու ինչ հոյակապ թարգմանություն էր :love

Էդ հոյակապ բառը շատ եմ սիրում (ու միշտ մոռանում եմ օգտագործել) :)):

Jarre
31.08.2013, 02:28
Հայկ, ասել եմ, ասում եմ ու վստահ եմ, որ դեռ կասեմ. քո մոտ թարգմանություն չկա։ Քո մոտ ստեղծագործություն ա։ Կարդում եմ ու չեմ կարողանում գտնել, թե որտեղ է թարգմանությունը։ Կարծես թե բնագիրը հենց սա է ու տեքստի բնագիր լեզուն հայերենն է։ Ապրե՛ս ու մերսի։ Ընտիր է։

Freeman
31.08.2013, 02:30
Ես սկզբում մտածում էի թե վերնագրի մեջ խի ես Բրեդբերիի անունը դրել :)) Լավն էր

Գալաթեա
31.08.2013, 02:39
Շատ սիրուն գործ ա, ապրես Հայկ ջան :)

Արէա
31.08.2013, 12:17
Ասում են թարգմանությունը սպանում ա:
Հայկը շունչ ա տալիս, ի՞նչ սպանել:
Էլջերնոնը, սա, ոնց որ սա լինի բնագիրը այ մարդ:
Բնագրով կարդացած մարդիկ հիմա ներվայն ծխում են մի անկյունում ))

Alphaone
31.08.2013, 12:23
Հիմա, երբ բոլորի մոտ, ինչպես և իմ բնագրի շուրջ կասկածներ առաջացան, մտածում եմ, գուցե և Բրեդբերին հանցավոր համաձայնության գալով Հերբերտ Ուելսի հետ, ժամանակավոր վերցրել է ժամանակի մեքենան, եկել ապագա, թռցրել Հայկի գլուխգործոցը և հրապարակել սա նրա ծննդից առաջ, որ ոչ ոք ոչինչ չկասկածի: Մնում է պարզել, թե ով է հայերենից նման բացառիկ տաղանդավոր կերպով գործն անգլերեն թարգմանել:

Հ.Գ. Հայկ ջան, կրակն ընկար, էնքան լավ ես թարգմանել, որ հիմա «Նոր թարգմանություն ենք ուզում» խորագրով ստորագրահավաք եմ կազմակերպելու ակումբում :D

Հայկօ
02.09.2013, 13:18
Հ.Գ. Հայկ ջան, կրակն ընկար, էնքան լավ ես թարգմանել, որ հիմա «Նոր թարգմանություն ենք ուզում» խորագրով ստորագրահավաք եմ կազմակերպելու ակումբում :D
Ի՞նչ կուզեիք հայերեն կարդալ :):

impression
02.09.2013, 13:21
մյուս պատմվածքները, մասնավորապես՝ «Այն միակ գիշերը» :)

Alphaone
02.09.2013, 22:16
Ի՞նչ կուզեիք հայերեն կարդալ :):

Բրեդբերի շատ եմ սիրում, բայց դեռ անգլերեն կարդացած չկամ :oy դրա համար էլ որ գործն էլ լինի, հրաշալի կլինի :D