PDA

Դիտել ողջ տարբերակը : Յարոսլավ Հաշեկ



Վոլտերա
29.08.2013, 20:43
http://i.imgur.com/fP5j8xV.gif
Կենսագրությունը

1883 թվականին Պրագայում ծնվեց Յարոսլավ Հաշեկը` չեխ գրող-հումորիստ, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրքի (1921-22թթ.) հեղինակ, I համաշխարհայինի մասնակից:
Բանկային չինովնիկի պաշտոնը չի հրապուրում ուսումնարանն ավարտած Հաշեկին, և նա հայտնվում է նախ Աֆրիկայում, ապա` Մակեդոնիայում, հետո ոտքով կտրում-անցնում է ողջ Ավստրո-Հունգարիան: 1904-ին սկսում է հարել անարխիստական շարժմանը, շուտով հիասթափվում է:
Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։ Համաշխարհային հռչակ է ստացել Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» անավարտ վեպը , որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։


… Այնտեղ մարդ կարող է հատակին մերկ սողալ, չախկալի պես կաղկանձել, դիվոտել ու կծել: Եթե մեկնումեկը նույնն աներ փողոցում, անցորդները զարմացած կմնային, իսկ այնտեղ դա սովորական բան է: Այնտեղ այնպիսի ազատություն է, որ սոցիալիստներն անգամ չեն երազել: Այնտեղ մարդ կարող է իրեն համարել և Աստված, և Մարիամ աստվածածին, և Հռոմի պապ, և Անգլիայի թագավոր, և թագավոր կայսր, և սբ. Վացլավ, ըստ որում, վերջինս շարունակ կապկպված պառկած էր մեկուսարանում: Այնտեղ կար այնպիսի մեկը, որ գոռում էր, թե ինքն արքեպիսկոպոս է և ոչինչ չէր անում, միայն խժռում էր և, կներեք, մի այնպիսի բան անում, որ հանգավորվում է խժռել բառի հետ, քանզի այնտեղ ոչ ոք չէր ամաչում այդ բանն անելուց: Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդի, որպեսզի երկու ճաշաբաժին ստանա: Այնտեղ նույնիսկ մի հղի պարոն կար, որը յուրաքանչյուրին կնունքի էր հրավիրում: Այնտեղ կային շատ շախմատիստներ, քաղաքագետներ, ձկնորսներ, սկաուտներ, նամականիշներ հավաքողներ, սիրող լուսանկարիչներ… Մեկին շարունակ պահում էին զսպաշապիկի մեջ, որպեսզի չկարողանար հաշվել, թե աշխարհի վերջը երբ է գալու… Իսկ մի ուրիշն ապացուցում էր, թե երկրագնդի ներսում մի ուրիշ գունդ կա, որը զգալիորեն մեծ է դրսի գնդից:
Այնտեղ յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ՝ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում:

«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպից

Վոլտերա
29.08.2013, 20:45
Պրագայի կամրջի տուրքը հավաքող Շտեպան Բրիխի ծառայողական պոռթկումը (Պատմվածք)

Յուրաքանչյուր ոք, ում երբևէ վիճակվել է ոտք դնել Պրագայի կամրջին, անտարակույս պիտի գիտակցած լինի այդ պահի ողջ կարևությունը։

Պահապանների պաշտոնական խիստ դեմքեր՝ պահակատնակների ներսում և դրսում, ճամփեզրին կանգնած արժանապատվությամբ լի ոստիկանի կերպարանքը, վերջապես աղյուսակը, ուր անկիրք ձևով նշված են ինչպես մարդկանցից, այնպես էլ անասուններից գանձվող տուրքի չափերը․ այս ամենն արդեն սրբազան երկյուղ է ներշնչում ձեզ։

Բավական է՝ փոքր-ինչ ուշադիր նայել կարգուկանոնի պահախանների անկաշառ դեմքերին, որոնց նկատմամբ անզոր է կանացի թովչանքն անգամ, և ձեր մեջ անհաղթահարելի ցանկություն է առաջանում՝ համբուրել կրեյցեր վերցնելու համար պարզած ձեռքը։

Անձնազոհ սերը, մագիստրատի նկատմամբ նվիրվածությունը և ծառայողական պոռթկումը հենց սկզբից շարժում է ձեր գորովանքը։ Սակայն, երբ դուք հիշում եք, որ տափակ գլխարկներով այդ մարդկանց պահպանում է պաշտոնատար անձնաց նկատմամբ ամեն մի ոտնձգություն պատժող օրենքը, դուք չեք դիմանա և, հանելով գլխարկը Պրագա քաղաքի անդրդվելի Բրուտոսների առջև, նրանց ափն եք խցկում կրեյցերը։

Մի ժամանակ այս Բրուտոսների մեջ աչքի էր ընկնում Շտեպան Բրիխը՝ Ֆրանց-Իոսիֆի կամրջի տուրք գանձողը։ Ինչպես բազե նա զգոն աչքերով նայում էր կամրջով անցնել ցանկացող երկյուղած քաղաքացիներին։ Բրիխը չէր ընդունում ոչ կատակ, ոչ էլ որևէ կողմնակի խոսք։ Բավական էր՝ քաղաքացիական հագուստ կրող այդ ապուշներից մեկն ու մեկը (զինվորականներից տուրք չէր գանձվում) թեկուզ քթի ծայրն անցկացներ Շտեպան Բրիխի պարզած ձեռքով նշված տարածքից, նրան արդեն չէին կարող օգնել ոչ ներողամտությունը և ոչ էլ արդարանալու փորձը։ Նա կամ պիտի վճարեր կրեյցերը, կամ էլ՝ իրեն զոհված պիտի համարեր։

Շտեպան Բրիխը ձեռքով նշան էր անում, և հերթապահ ոստիկանին ամեն ինչ հասկանալի էր դառնում։

Սա մոտենում էր՝ ձեռքը դրած ատրճանակի պատյանին, իսկ Շտեպան Բրիխը, արտաբերում էր միայն երկու բառ․ «Վերցնել նրան»։ Ոստիկանը բռնում էր զանցառուին և գործնականորեն հետաքրքրվում․ «Մարդավարի՞ պիտի անցնես, թե՞ խայտառակի»։

Սովորաբար մեղավորն ընտրում էր առաջին տարբերակը։

Ոստիկանության տեղամասում նրան խնդրում էին հանվել, ապաերկար ժամանակ խուզարկում էին, չափագրում, լուսանկարում, հարցաքննում, և վերջապես, տանում էին խուց։ Դրանից հետո մի օր, ամենաշատը՝ մի շաբաթ պարզում էին, թե տվյալ անձնավորությունը ապրում է նշված վայրում, թե նրա հաշվին արդյոք ինչ-որ մեղք չկա։

Վերջ ի վերջո կալանվածին բաց էին թողնում կամ, եթե նա բողոք չէր արտահայտել այդ օրինական գործողությունների առթիվ, ուղարկում էին Կառլովյան հրապարակի քրեական բաժին։

Այստեղից չարագործին, հետևելով փուլ առ փուլ գործելաձևին, ղրկում էին՝ ըստ բնակության վայրի։ Սա համարվում էր համեմատաբար մեղմ պատիժ այն հանցանքի դիմաց, որ դժբախտը փորձել էր գործել՝ վնաս հասցնելով Պրագայի մագիստրատի ֆինանսական բաժնին։

Եվ այս ամենին բավարարված էր նայում Պրագայի կամուրջների Մարատը՝ հարկահավաք Շտեպան Բրիխը։

Մի անգամ տուրք հավաքողի տնակին մոտեցավ մագիստրատի խորհրդական, ֆինանսական բաժնի ծառայող Պոյզլը և խնդրեց․

― Բարեկամ, թույլ տուր անվճար անցնել։ Սմիխով եմ շտապում, իսկ դրամապանակս թողել եմ տանը։

Բայց մի՞թե Շտեպան Բրիխը չէր ճանաչում իր պետին։ Ճանաչում էր, սիրում էր և հարգում, բայց ահա պետի նկատմամբ տածած սերը բախվել էր ծառայողական պարտքի հետ։

Հենց որ մագիստրատի խորհրդականն անցավ սահմանը, որ նախանշված էր Բրիխի առաջ պարզած ձեռքի ուղղությամբ, վերջինս բռնեց պարոն Պոյզլի բաճկոնի փեշը։

― Հետ եկեք կամ էլ տվեց կրեյցերը,― չոր, պաշտոնական տոնով ասաց Շտեպան Բրիխը։

― Էդ էր պակաս մնացել,― զայրացավ խորհրդականը։

Այդ ժամանակ Շտեպան Բրիխը գլխով արեց սարդի պես իր զոհին սպասող ոստիկանին, և արտաբերեց միայն երկու բառ․ «Վերցրե՛ք նրան»։

Երբ իր սովորական՝ «Մարդավարի՞, թե՞ խայտառակությամբ» պայմանից հետո, ոստիկանը խորհրդականին տարավ բանտ, մեր Բրուտոսի աչքերից արտասուքներ ցայտեցին, և Շտեպան Բրիխը կյանքում առաջին անգամ լաց եղավ։

Երկու շաբաթ անց մագիստրատի ֆինանսական բաժնի շենքում կայացավ համեստ, բայց փառահեղ մի հանդիսություն։

Նույն այդ պարոն խորհրդական Պոյզլի պահանջով (նրան այնուամենայնիվ խնայել էին և տուն ուղարկել՝ ըստ փուլի) մագիստրատը հավատարիմ ծառայության համար ՇտեպանԲրիխին պարգևատրել էր բրոնզե մեդալով։

Պարգևն ստանալուց հետո Շտեպան Բրիխն ավելի զգոն դարձավ։

Մայիսի 3-ի գիշերը նա հանգիստ կանգնած էր Ազգային թատրոնի մոտ գտնվող կամրջին։ Հանկարծ մեկը երևաց տնակի լուսամուտի մոտ և արագորեն վազեց կամրջով։

Ոստիկանը տեղ էր գնացել՝ իր պոստը թողնելով։ Հավանաբար, տեղամաս էր ուղեկցել հերթական զանցառուին։ Իրեն չկորցնելով, Շտեպան Բրիխը նետվեց սրիկայի հետևից՝ բղավելով․

― Կանգնի՛ր։ Նախ վճարի՛ր։

Անհայտ անձնավորությունը, կարծես չլսելով, սլանում էր առաջ։ Շտեպան Բրիխը հետապնդում էր նրան՝ գիշերային անդորրը խախտելով իր բղավոցով․ «Պարեկ, բռնի՛ր դրան։ Թող վճարի կրեյցերը»։ Այդպես վազելով, նրանք հասան Մալա Ստրանային, անցան Ուեզդը, Ռադեցկու հրապարակը, Վալշտեյնի փողոցը, շրջանցեցին Խոտկովի այգին։ Առջևում սնգսնգում էր հալից ընկած անծանոթը, փոքր-ինչ հեռու հևում Շտեպան Բրիխը, որ շարունակում էր բղավել․ «Տուր կրեյցերը, թե չէ կկրակեմ»։

Նրանք արդեն հասան Դեյվիցկու դարպասին և դուրս եկան Պոդբաբի ճանապարհը։

Երբ հայտնվեց լուսինը, փախչողը հետ նաեյց ու հանկարծ տեսավ մագիստրատի ծառայողի համազգեստային տափակ գլխարկը, ծռված բերանը և դուրս պրծած աչքերը։

Մահու չափ վախեցած, նա թեքվեց դեպի գետը և, կյանքը փրկելով, իրեն գցեց ջուրը։ Եվս՝ մի ճողփյուն, և Շտեպան Բրիխը արդեն լողում էր փախստականի հետևից։

«Տո՛ւր կրեյցերը» գոչելով, տուրք հավաքողը գետի մեջտեղում ամուր բռնեց նրա շորերից։ Մեծ ալիքը ծածկեց երկուսին․․․

Երեք օր հետո Կլեցանի մոտակայքում Վլտավայից հանեցին կրքոտ ձևով գրկախառնված երկու ջրահեղձների։ Նրանցից մեկի ջղաձգված բռունցում հայտնաբերվեց մի կրեյցեր։ Դա Շտեպան Բրիխն էր, որն այնուամենայնիվ օրհասական գոտեմարտում կարողացել էր կրեյցերը հանել զոհի գրպանից։

Այդ ժամանակներից Վլտավայի ափերին Պոդբաբի և Պոդգրայի արանքում սարսափելի են գիշերները։ Հենց վրա է հասնում կեսգիշերը, ջրի խորքից լսվում է․

― Տո՛ւր կրեյցերը։

Նույնիսկ գետի հատակին չի հանդարտվում Շտեպան Բրիխի հոգին։

:D

Վոլտերա
29.08.2013, 20:46
Տասնհինգ տարի «Պրոխազկա և ընկ․» բանկային գրասենյակում ծառայող ծեր Շիման վերջապես այնքան քաջությու ունեցոավ, որ սիրտ արեց թակել բանկիր Պրոխազկայի առանձնասենյակի դուռը՝ խնդրելու, որպեսզի նոր տարվանից իր ռոճիկն ավելացվեր քսան կրոնով։

Եվ ահա Շիման նստած է պարոն Պրոխազկայի դիմաց, որովհետև սա, խնդրանքը լսելով, գլխի շարժումով ցույց տվեց աթոռը։ Շեֆը քայլեց առանձնասենյակում և, ձեռքերը թափահարելով, ասաց․

― Ես կարող էի անմիջապես ձեզ դուրս շպրտել նման լկտի խնդրանքից հետո, բայց տրամադրությանս տակ կես ժամ ունեմ և ուզում եմ՝ անկեղծ խոսել։ Դուք ուզում եք, որ ձեր ամսեկան ռոճիկն ավելացնեմ քսան կրոնով, այսինքն, տարեկան՝ երկու հարյուր քառասուն կրոնով։ Եվ նման բան համարձակվում եք խնդրել այնպիսի մի ժամանակ, երբ դրամային շուկայի գլխավերևում կախված է համընդահնուր ֆինանսական ճգնաժամի դամոկլեսյան սուրը։ Ձեզ մի՞թե հայտնի չէ, որ Ալպին֊Մոնտանի արժեթղթերի գինն ընկել է՝ 772֊ից հասնելով 759,00֊ի, իսկ Բեդրիժխովի գործարանների արժեթղթերը ոչ թե 940 են, այլ 938։ Ջբրոեվկայի արժեթղթերը նույնպես գլորվում են ներքև, սիրելի Շիմա։ Դրանց արժեքը նվազել է՝ 728֊ից հասնելով 716,40֊ի։ Այս բոլորը, իսկապես սարսափելի է, իսկ դուք քսան կրոնի հավելում եք ուզում։

Պրոխազկան թափահարեց ձեռքերն ու հուզված շարունակեց․

― Արժեթղթերը բորսայում հաստատուն չեն։ Նույնիսկ՝ դրանցից ամենահուսալին՝ ավստրիական վարկային բանկի արժեթուղթը։ Արդյունքն այն է, որ 664,90֊ի փոխարեն սա հինգ կրոն պակաս է արժենշվում։ Տրանսպորտային ընկերությունների արժեթղթերով գրանցվում են միայն մանր գործարքները, պետական ճանապարհների արժեթղթերը ընկել են ամբողջ քսան կրոնով։ Հունգարայի կառավարությանը չհաջողվեց Ֆրանսիայից հարյուր միլիոն փոխառություն ստանալ, իսկ դուք քսան կրանի հավելում եք պահանջում։ Գերմանիան որոշել է վաճառել մետալուրգիական գործարանները, խոսակցություններ կան ավստրիական պետական կալվածքների վաճառելու մասին, իսկ դուք գալիս եք ինձ մոտ, կարծես խոսքը որևէ պատշաճ բանի մասին լինի, և ասում․ «Ես տասնհինգ տարի ձեզ եմ ծառայում ազնվորեն ու հավատարմորեն, պարոն շեֆ, և, հաշվի առնելով իմ ֆինանսական դժվարությունները, համընդհանուր թանկությունը, տասը երեխաներս և ծակ կոշիկներս, համարձակվում եմ խնդրել, որ իմ ամսեկան ռոճիկը բարձրացնեք քսան կրոնով»։

Խեղճ մարդ, դուք էլ չգիտեք, թե որքան իրավացի եք․ ֆինանասական դժվարությունները իսկապես վտանգավոր բնույթ են ստացել։ Հարավային ճանապարհի արժեթղթերը նվազել են ամբողջ հինգ կրոնով, իսկ ես դրանցից ունեմ․․․․ ասենք, ես չէ որ ձեզ պիտի հայտնեմ այդ մասին, բարեկամս։ Մի մոռացեք, նույնիսկ Բուշտեգրադի երկաթուղու արժեթղթերը լուրջ շահույթ չեն խոստանում։ Բուշտեգրադի երկաթուղու Ա լիտերի կուրսն 2515-ից ընկել է մինչև 2462, իսկ Բ լիտերինը՝ 1004-ից մինչև 976։ Ուրեմն, ձեր արածը, աղավնայկս, գժություն է, երբ հավելում եք պահանջում։ Ախր, դա ուղղակի խելագարություն է։ Մտեք Պրագայի բորսա։ Ի՜նչ հարստություն է վաճառվում, բայց գի՞նը։ Ոչ մի պահանջարկ չկա։ Բոլոր արժեթղթերի կուրսը գլորվում է ցած։ Հաստատուն թղթեր չկան։ Վարկային բանկի արժեթղթերը, որոնցով առաջ գործարքներ էին կնքվում 760֊ով, հիմա արժենշվում են 750,75֊ով։ Սրա մասին ի՞նչ կասեք, հը։ իսկ դուք, իմ վաղեմի բարեկամ, հավելում եք դեռ պահանջում։ Իսկ դուք համառորեն պահանջում եք, որ ձեր խնդրանքը բավարարվի, չնայած այն բանին, որ նույնիսկ Շվեյցարիայի կառաավությունը իրեն օդի պես անհրաժեշտ երկու միլիոն փոխառությունը ստանալու հույս չի կարող ունենալ։ Բորսայի տեղեկագրությունները վկայում են մոտալոտ ճգնաժամի մասին, և կարելի է ցնդել այս տարվա հաշվեկշռի պատճառով։ Ռումինիան, Թուրքիան, Բուլղարիան, Հունաստանը մի գրոշ անագմ վարկ չեն կարող ստանալ, իսկ դուք ուզում եք, որ ես ձեր աշխատավարձն ավելացնեմ։

Իսպանիան, Պորտուգալիան և Իտալիան ոչ մի տեղ չեն կարող վարկ տալ։ «Ֆրանս֊ֆրեր» բանկիրական տունը Լիոնում Մարոկոյի կոնֆլիկտի հետևանքով հարյուր հիսուն միլիոնի վնաս է կրել, իսկ ձեր բոլորովին էլ վեջը չէ, քանի որ գալիս եք և ասում․ «Պարոն շեֆ, խնդրում եմ՝ աշխատավարձս ավելացնեք քսան կրոնով»։ Իմ բարեկամ, դուք գիտե՞ք, որ խոսում են Ռոսիցկու ածխահանքերի ու Բեդրժիխովսկու գործարանների միանալու մասին։ Իսկ դուք գիտե՞ք, որ «Աննա֊Մարիա» հանքավայրի փայաբաժնի վաճառելը տարեկան շրջանառությունը նվազեցնելու է քսան հազարով։ Ոչ մի տեղ բորսային սպեկուլյացիա անելու հնարավորություն չկա։ Գնեք Պոդոլսկի ցեմենտի գործարանի արժեթղթերից և կտեսնեք, թե ինչ օրն եք ընկնելու։ Եվ փորձեք դրանցով բորսա մտնել․ ըհը, դուք օրորում եք ձեր գլուխը՝ չեք մտնի։ Առայժմ հաստատուն է Կոլինի արհեստական պարարտանյութերի գործարանի արժեթղթերի կուրսը․ դրանց համար հիմա պիտի 379 վճարեք, իսկ ես գնել եմ 382֊ով, հետևաբար յուրաքանչյուրի մեջ երեք կրոն եմ կորցրել։ Դուք պարզապես զարմացնում եք ինձ, բարեկամաս։ Նստել եք կոճղի նման։ Գրողը տանի ձեզ՝ շաքարի ընկերությունների հետ։ Վստահեցնում եմ՝ նրանք երերուն կուրս ունեն, թեկուզ մեջտեղից երկու կես լինես, միևնույն է՝ դրանց համար 266,50-ից ավելի չես ստանա։ Ինչպես Կոլբենի գործարանի արժեթղթերը, դրանք նույնպես ոչ ոք սիրտ չի անի ինձ առաջարկել։ Հավատացնում եմ ձեզ։ Այդպիսի մարդուն դուրս կշպրտեմ։ Իսկ գիտե՞ք, որ Վինենբերգի շինարարական կազմեկոպությունը սնանկացման եզիկն է, որ Լյուբլանայի վիճակախաղի տոմսերի գինն ընկել է։ Իսկ գիտե՞ք, որ ամերիկյան միլիարդատեր Բրաունը ինքնասպանություն է գործել։ Ատրճանակով։ Իսկ գիտեք, որ ֆինանասիստներ Մյուլլերը, Սկալատը, Կովները, Հյուբները ինքսպան են եղել, որ Ռեշեն, Կինեն, Մենը, Բյուլեխարը կախվել են, որ Կարելտը, Մորիսոնը, Կոմոտը և բանկիր Համերլը իրնեց գործակիցների հետ ջուրն են նետվել ու խեղդվել։ Իսկ դուք գիտե՞ք, որ չորս կողմը սնանկանում են ու սնանկանում, որ վառվում են Ալյասկայի քարածխի հանքախորշերը և դրանցից մեկի մեջ է իրենց գցել ամերիկյան քարածխի արքան։ Իսկ գիտեք, որ Ուրալի ծծմբի հանքաշերտերը ոչնչացել են երկրաշարժի հետևանքով, որ Զալցբուրգի երկաթգծի ու տրամվայի ընկերությունը սնանկացել է։ Ոչ, դուք այդ բոլորը չգիտեք, թե չէ ինձանից քսան կրոնի հավելում չէիք խնդրի․․․

Բանկիր Խրոխազկան թփթփացրեց անշարժ նստած Շիմայի ուսին, իսկ սա գլորվեց հատակին․ խեղճի վերջույթները սկսել էին սառչել։

Ֆինանսական այդ բոլոր ողբերգություններից նրա սիրտը պայթել էր։

Վոլտերա
29.08.2013, 20:47
Խոզուկ Կսավերի պատմությունը

Խոզուկ Կսավերին պահում էին մելասսային կերպով։ Կսավեր անունը նրան տվել էր կառավարիչը՝ ի պատիվ պետական խորհրդառու պորֆեսոր մեկերցի Կսավոր Քելների, որ խոշորագույն հեղինակություն էր կերերին վերաբերող գիտության ասպարեզում։ Սրան էր պատկանում հետևյալ փայլուն ասացվածքը․ «Քանի որ մելասսան, ինչպես ցույց են տալիս համակողմանի դիտարկումները, անչափ հոյակապ ներգործություն է ունենում, հետևաբար ոչ մի տեսակ կեր այնքան ուշադրության արժանի չէ, որքան տնական այս միջոցը»։

Խոզուկ կսավերին մելասսան շատ օգտակար էր։ Գիրանում էր օր֊օրի և փիլիփսայում իր շքեղ կացարանում կյանքի հաճույքների շուրջը՝ մռութը մելասսայով լիքը կերակրամանի մեջ մտցնելով և կերածի վրա հոյակապ կաթ խմելով։ Ժամանակ առ ժամանակ նրան այցելում էր տերը՝ Ռամմը և ասում․

― Տղաս, դու ցուցահանդես ես գնալու։ Խելոք բալիկ եղիր, ոնց որ հարկն է կեր, որ ինձ խայտառակ չանես հանկարծ։

Երբեմն էլ կոմսուհին էր գալիս։

― Ա՜խ, ինչ խոշոր է ոււ սիրուն։ Իմ սիրելի Կսավեր,― փայլատակող հայացքով բացականչում էր կոմսուհին։

Հրաժեշտ տալու ժամանակ երկուսն էլ ասում էին․

― Բարի գիշեր, փոքրիկ բարեկամ։ Քնիր հանգիստ․․․

Իսկ խոզուկ Կսավերը քնքշորեն կկոցում էր աչքերը նրանց հետևից ու այնպես երաժշտական խռխռացնում, որ կոմսուհին ասում էր ամուսնուն․

― Մեր Կսավերին լսելով, սկսում եմ հավատալ հոգու վերաբնակեցման երևույթին։

Խոզուկին այցի էին գալիս նաև տիրոջ հյուրերը։ Սրանք իրենց հիացմունքը արտահայտում էին ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, հիշատակի համար լուսանկարում նրան։

Խոզուկը վարդագույն էր, հենց նոր լողացրած մանկիկի պես, իսկ վզին շողշողում էր կոկետորեն կապված թավշյա մեծ ժապավենը։

― Ձեր Կսավերը, սիրելի կոմս, ցուցահանդեսում կստանա առաջին մրցանակը,― գուշակություններ էին անում ջենտլմենները, ազնվականները, կոմսի մտերիմները։

Սիրասուն ամուսինը Կսավերին ի թիվս ուրիշ նվերների ծննդյան օրվա առթիվ նվիրեց կոմսուհուն։ Այնպես որ Կսավերը այնուհետև պատկանում էր միայն նրան՝ անբաժան ու մշտական։ Եվ կոմսը խոզուկին պարտական էր այնպիսի կրակոտ համբույրի համար, որ կարծես դա ոչ թե հաստ, խաղաղ, դանդալոշ խոզուկ էր, այլ գեղեցիկ վայրի վարազ։

Հենց որ Կսավերը դարձավ կոմսուհու սեփականությունը ձեռնարկվեցին ավելի խիստ միջոցառումներ՝ նրա առողջությունը պահապնելու ուղղությամբ։ Խոզուկին տեղափոխեցին ահտուկ շինություն, ուր կար օդափոխության ստուգված համակարգ, որն ապահովում էր օդի իդեալական մաքրությունը։ նա ուներ իր վաննան, իր վատերկլոզետը, որ հարդարված էր կոմսական ողջ գերդաստանին բնորոշ ճաշակով։ Ամենուր ջերմաչափեր էին կախված, և կառավարիչ Մարտինը հրահանգ էր ստացել Կսավերի համար նախատեսված ջրի ու կաթի ջերմությունը չափելու, որպեսզի հետևեր, թե հանկարծ անասնաբույժի նշվածից շեղումներ չլինեն։ Դե, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ այդքան փխրուն էակի ստամոքսը մրսեր։ Չէ՞ որ դրանից կարող էր հիվանդանալ խրոնիկական կատարով և խղճուկը ողորմելի տեսք կստանար, իսկ կոմսուհին լաց կլիներ։

Այդ պատճառով կառավարիչ Մարտիը ուշի֊ուշով հետևում էր խոզուկի խմելիքի ջերմությանը, ստիպելով, որպեսզի նախատեսվածին համապատասխան տաքացնեն կամ պաղեցնեն։

Վերջ ի վերջո Կսավերի կացարանում էլեկտրական լուսավորություն անցկացրին և նրան սովորեցրին մազից պատրաստված ներքնակներին քնել, որոնք, անտարակույս նախապես հականեխված էին։ Խոզուկն այս ամենը հավանությամբ էր ընդունում և օր ըստ օրե գիրանում։

Մի անգամ կոմսուհին ամուսնու հետ այցի եկավ իր սիրելի Լակին։ Կսավերը հենց այդ պահին սքանչելի ջուր էր խմում, որ վերցրել էին մի ջրհորից, որի մանրէաբանական վերլուծությունը ցույց էր տվել, որ վնասակար մանրէների առկայությունն այնտեղ կազմում էր զրո տոկոս, իսկ քիմիական վերլուծությունը վկայում էր, որ ջրի մեջ բավարար քանակությամբ ածխաջրածինների հետ միացած երկաթի օքսիդ կար, իսկ սա անչափ անհրաժեշտ բան է խոզերի համար։

Կոմսը, սովարականի պես, ջրի մեջ մտցրեց ջերմաչաթը և չհավատաց աչքերին։ Ջերմությունը նախատեսված 8 աստիճանի փոխարեն հազիվ 7,5 էր։ Կոմսուհին գունատվեց։ Չի կարող պատահել։ Մի՞թե այդ սրիկա կառավարիչը չի փոխել ջերմությունը։

Միացյալ ուժերով կոմսն ու կոմսուհին կարողացան ջրից հետ քաշել Կսավերին։ Նրանք բացատրեցին խոզուկին, որ այդպես կարող է մրսեցնել իր ներքին օրգանները։ Հետո փակեցին ամանի բերանն ու, ափերից դուրս եկած, նետվեցին դեպի կառավարչի բնակարանը։

―Դու, սրիկա, չափե՞լ ես Կսավերի համար բերած ջրի ջերմությունը,― որոտաց կոմսը։

Մարտինը ցույց տվեց լուսամուտի մոտ գտնվող անկողինը։

― Տղաս ծանր հիվանդ է, ձերդ բարեծնություն։ Ջերմություն ունի։

― Է֊է, քեզ եմ հարցնում, չափե՞լ ես Կսավերի համար բերված ջրի ջերմությունը։

― Մոռացել եմ, ձերդ բարեծնություն։ Տղաս է հիվանդացել։ Ծարավ էր, խմելու բան պիտի տայի։ Ինձ կորցրել եմ․․․

― Ի՞նչ,― կատաղած գոռաց կոմսը։― ՈՒրմեն, այդպե՞ս ես վերաբերվում պատրականություններիդ, ավազակ։ Ուրեմն, ես քո տերը չե՞մ, անպետք արարած։ Անում ես ինչ ուզո՞ւմ ես։ Հենց հիմա հավաքիր փասա֊փուսադ։ Դու այլևս ինձ մոտ չես ծառայում։ Մինչև երեկո քո հետքն անգամ այստեղ չլինի։ Թե չէ կկարգադրեմ քեզ ու տղայիդ փողոց շպրտեն։

― Ախ, այս հասարակ խավը,― ամուսնուն պաշտպանեց կոմսուհին։

Նույն այդ օրը կառավարիչ Մարտինը մորթեց Կսավերին։ Շտապ կանչված անասնաբույժը կարողացավ միայն արձանարգել մահը։ Կոմսուհին քիչ էր մնաց վշտից խելագարվեր և երկար ժամանակ պառկած էր անզգա։ Կառավարիչ Մարտինին կապկպեցին ժանդարմները, խոզասպանի հիվանդ որդուն վռնդեցին կալվածատնից։

Լրագրերում հայտարարություն տպագրվեց/ «Գազանային դաժանություն։ Հայտնի ազնվական կոմս Ռամմի կառավարիչ Մարտինը վտարվել էր ցուցաբերած անփութության պատճառով։ Վերջինս վրեժխնդիր լինելու համար մորթել է տոհմիկ խոզի մի արժեքավոր նմուշ։ Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն նա ոչ մի կրոնի չի հետևում։ Եթե այս փաստն հաստատվի, ուրեմն սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ով աստծուն չի հավատում, ընդունակ է ամենասարսափելի արարքների»։

Երեք ամիս Մարտինը գտնվում էր նախնական կալանքի տակ։ Հարցաքննությունների ժամանակ համառություն էր անում, չէր հաճախում բանտի մատուռը։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվեցին նրա կենսագրությունում տեղ գտած որոշ աննպաստ փաստեր։ Տասնհինգ տարի առաջ երկու շաբաթով նստած էր եղել փողոցային հավաքներն արգելով օրենքը խախտելու համար։ Սրիկան չէր ցանկացել «ցրվել»՝ անտեսելով նույնիսկ ավագ դատական կատարածուի պահանջը։ Այդտեղ արդեն նշմարվում էին այն հանցագործությունների սաղմերը, որոնք հետագայում ի հայտ եկան նրա հոռի վարքում։ Հետագայում երկու օր նստած է եղել ոստիկանության հասցեին վիրավորական «Հեյ դուք կատարավորներ» բղավելու համար, իսկ սա անբարիշտ, վրեժխնդիր բնավորության ապացույց է։ Մեղադրողը այդ երեք մանրամասներն էլ օգտագործեց մեղադրյալին մեղադրելու ժամանակ։ Համառոտակի նշելով այն հանցավոր հակումները, որ դրսևորել են անցյալում, մեղադրողը հաստատ համոզվածություն արտահայտեց՝ մոլուցքի պահին Կսավերի փոխարեն, եթե կոմսն ընկներ ձեռքը, նրան էլ ինչպես խոզի պիտի մորթեր։

Պաշտպանողի առաջ դժվարին խնդիր էր կնգնած։ Անցյալը չես կարող թաքցնել, իսկ հիվանդ երեխան չափազանց ռոմանտիկ բան է և մազերից քաշելըէ մեղմացուցիչ հանգամանք։

Անհնարին էր առանց խղճահարության նայել որպես վկա հանդես եկող խեղճ կոմսուհուն, որը դառնալի արցունքներ էր թափում, երբ հայացքն ընկնում էր դատարանի նախագահի առջև դրված թավշյա ժապավենին։

― Այո, այո, այն ժապավենն է,― պատասխանեց նա նախագահի հարցին։― Ժապավենը, իմ սիրելի Կսավերի, որի աճյունը հիմա թաղված է դղյակի այգում՝ շուշանների թմբի տակ։

Կառավարիչը, զղջման ոչ մի նշան չցուցաբերելով, իրեն մեղավոր ճանաչեց գործած հանցաքնի մեջ և դատապարտվեց խիստ մեկուսացված վեց ամսյա բանտարկության՝ ուրիշի ունեցվածքը դիտավորյալ փչացնելու համար։ Եվ դրանով չպրծավ։ Արդարության հաղթանակաը լիակատար դարձավ, երբ այդ ժամանակ մեռավ նրա որդին։ Դե, աստծո պատիժը կարող է ուշանալ, բայց դրանից խուսափել հնարավոր չէ։ Իսկ խոզուկ Կսավերը խաղաղ ննջում է ճերմակ շուշանների թմբի տակ, որտեղ հուշարձան է կանգնեցված՝ հետևյալ մակարգությունով․

«Այստեղ հանգչում է մեր սիրելի Կսավերի աճյունը, մեր սիրելի Կսավերի՝ մորթված հանցագործ Մարտինի ձեռքով։ Թղված է 1907 թվականի մայիսի 8-ին, մեկ ու կես տարեկան հասակում։ Հողը թող քեզ վրա թեթև լինի»։

Կոմս Ռամմը դժբախտ խոզուկի ժապավենից իրեն փողկապ կարել տվեց, որ կրում է այդ ազնվական խոզուկի մահվան յուրաքանչյուր տարելիցին։

Վոլտերա
29.08.2013, 20:49
Օգտակար խորհուրդներ
Հետաքրքիր է, որ մարդիկ բազմապիսի խորհուրդների կարիք ունեն: Հետաքրքիր է նաև, որ փոխանակ իրենք մտածեն, սպասում են ուրիշների խորհուրդներին: Կփորձեմ, ուրեմն, մի քանի օգտակար խորհուրդ տալ, վստահ, որ եթե հետևեք իմ խորհուրդներին, աշխարհը ձեր աչքին կգեղեցկանա:

Գիշերով սպասուհու սենյակը մի մտեք
Եթե ամուսնացած եք, համոզված եղեք, որ ոչ մի կին չի ների, եթե գիշերով մտնեք իր սպասուհու սենյակը: Եթե չմտնելն անկարելի է, աշխատեք ձեռքի տակ ունենալ արդարանալու զորեղ փաստարկներ, թեև կանայք թքած ունեն այդ փաստարկների վրա: Ասել, թե գնացել էիք սպասուհուն ստուգելու` հիմարություն է: Ասել, թե շփոթել էիք սենյակները` ապուշություն է: Ասել, թե դուք լուսնոտ եք` կատարյալ էշություն է: Ամենախելամիտ արդարացումն, իմ կարծիքով, անկեղծ խոստովանությունն է:

Աշխարհին մի երևացեք թթված ու ընկճված դեմքով
Եթե մենք բոլորս հիշեինք այս պատվիրանը, լուսանկարիչները հարկադրված չէին լինի վերստին հիշեցնել, որ հարկավոր է ժպտալ: Եկեք չմոռանանք, որ ավելի սարսափելի բան չկա, քան դժբախտության ժամին տխրելն ու հառաչելը: Եթե կինդ փախչում է ուրիշի հետ, հիշիր աշխարհիս ուրախություններն ու հրճվիր: Եթե զրկվում ես ունեցվածքիցդ, ամբողջ ձայնով ծիծաղիր ու փառք տուր Աստծուն: Եթե քեզ տանում են կախաղան հանելու, քահանային անեկդոտ պատմիր ու քեզ պահիր հարեմ մտնող սուլթանի պես:

Զայրույթի պահին վճիռ մի ընդունեք
Կան մարդիկ, որոնք հեշտորեն են զայրանում: Ամեն մեկին տրված չէ զայրույթը զսպել, երբ երրորդ հարկից ծաղկաման է ընկնում գլխին կամ երբ լվացքաջուր են շփում երեսին: Հիշեք, որ նույն պահին հատուցելու ցանկությունը հաճախ պսակվում է պարտությամբ, մանավանդ, եթե գերագնահատում եք ձեր ուժերը: Կարող է պատահել, օրինակ, որ ձեր ոտքը տրորի ինչ-որ բռնցքամարտիկ: Եթե դուք անհավասարակշիռ մարդ եք և փորձում եք նույն պահին վրեժ լուծել, այս աշխարհում ձեզանից մնում է անմարմին հուշ միայն: Ժամանակին բռնիր քո ձեռքը և մի լինիր հիշաչար: Մի գոռա, թե ես կսպանեմ դրան, մի փորձիր նախապատրաստվել այդ սպանությանը: Միշտ հիշիր, որ մեր արդարադատության ու անվտանգության օրգանները զարգացման այն աստիճանին են հասել, որ քեզ կարող են բանտարկել անգամ թաքուն մտքերի համար...