PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեյ Բրեդբերի: Հավաքածու



Վոլտերա
22.08.2013, 17:17
Այս թեմայում պարբերաբար կտեղադրեմ ամերիկյան հայտնի ֆանտաստ Ռեյմոնդ Դուգլաս Բրեդբերիի պատմվածքները, մտքերը, հատվածներ վիպակներից, կենսագրական տվյալներ և այլն: Կարող եք միանալ:)

http://i.imgur.com/WJWb2Dj.jpg

Կենսագրությունը

Գիտական ֆանտաստիկայի հայտնի դասական գրող Ռեյմոնդ Դուգլաս (Ռեյ) Բրեդբերին ծնվել է 1920թ. օգոստոսի 22-ին ԱՄՆ Ուոկիգան քաղաքում: Նրա հայրը Ամերիկայի առաջին անգլիացի գաղութարարների սերնդից էր, իսկ մայրը` շվեդական հայտնի տոհմից:
Մեծ դեպրեսիայի տարիներին Բրեդբերի ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ և ապագա գրողը, ով ինը տարեկանից սիրում էր ազատ ժամանակն անցկացնել գրադարանում, ավարտում է դպրոցը (1938թ.): Ընտանիքն այնքան աղքատ էր, որ Ռեյը ստիպված է լինում կարկատված հագուստով գնալ ավարտական երեկույթին: Իհարկե, քոլեջի մասին խոսք անգամ լինել չէր կարող, քանի որ աղքատ ընտանիքը չէր կարող վճարել ուսման վարձը: Ապագա գրողը երեք տարի աշխատում է որպես թերթեր վաճառող, սակայն չի մոռանում ուսման մասին: Նա շաբաթը երեք անգամ գնում էր գրադարան և այնտեղ ծանոթանում համաշխարհային գրականությանը: Հետագայում դրա մասին նա գրում է «Ինչպես քոլեջի փոխարեն ես ավարտեցի գրադարանները կամ դեռահասի մտքերը, ով եղել է Լուսնի վրա 1932թ.» հոդվածը:
Ռեյ Բրեդբերին որոշել էր դառնալ գրող դեռևս տասներկու տարեկանում, և նրա հետագա բոլոր քայլերն ուղղված էին այդ նպատակին: Սկզբից նրա պատմվածքները տպագրվում էին էժան ամսագրերում: Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1941թ., իսկ պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1947թ.: Սակայն նրան հաջողություն բերեց պատմվածքների երկրորդ ժողովածուն «Մարսյան քրոնիկներ»-ը (1950թ.): Երբ Բրեդբերին այդ ժողովածուի ձեռագիրը ձեռքին առաջին անգամ գնում էր Նյու Յորք, գրական գործակալի հետ հանդիպման, նա չուներ բավական գումար գնացքի համար և ստիպված էր ավտոբուսով գնալ: Սակայն արդեն գրքի հրատարակումից հետո, երբ նա երկրորդ անգամ էր գնում Նյու Յորք, գնացքի կայարաններում նրան շրջապատում էին իր գրքի երկրպագուները` ինքնագիր ստանալու խնդրանքով:
Այն բանից հետո, երբ 1953թ. լույս է տեսնում «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպը, Բրեդբերին համաշխարհային ճանաչում է ձեռք բերում: Դրանից հետո նա հրատարակել է շատ պատմվածքներ, վեպեր, հոդվածներ, պոեմներ, բանաստեղծություններ` «Գինի խատուտիկներից» (1957թ.), «Մահը միայնակ գործ է» (1985թ.), «Գերեզման խելագարների համար» (1990թ.), «Մնաս բարով, ամառ» (2006թ.):
Նա նաև ակտիվ մասնակցում էր կինոյի և հեռուստատեսության կյանքին: Բացի նրանից, որ իր ստեղծագործություններն էին էկրանավորվում, Բրեդբերին ինքը ևս գրում էր կինոսցենարներ, իսկ 1985-1992թթ. հեռուստատեսությամբ վարում էր «Ռեյ Բրեդբերիի թատրոն» հաղորդումը, որտեղ ցուցադրվում էին մինի ֆիլմեր նրա պատմվածքների հիման վրա:
Մի շարք պարգևների և մրցանակների արժանացած Ռեյ Բրեդբերիին իրավմամբ համարում են ֆանտաստիկայի վարպետ, չնայած որ նա իրեն չէր սահմանափակում միայն այդ ժանրով: Ըստ կենսագիրների նրա երևակայության և ներաշխարհի վրա մի շարք հանգամանքներ են ազդել: Նա ունեցել է բացառիկ հիշողություն. հիշել է փաստեր և դրվագներ իր կյանքի առաջին տարիներից: Նրա քույրն ու մի եղբայրը մահացել են փոքր տարիքում, ինչը մեծ ազդեցություն է ունեցել գրողի վրա: Մանուկ հասակում նա խոշոր ավտովթարների ականատես է եղել (այդ պատճառով նա երբեք մեքենա չի վարել): Կա վարկած, որ նրա նախատատը եղել է վհուկ և նրան այրել են խարույկի վրա. համենայն դեպս գրողը հավատում էր, որ ինքը վհուկի թոռ է: Նման հանգամանքներ շատ են եղել, և գրողը չի թաքցրել, որ իր գրքերի գրեթե բոլոր կերպարներն իր մանկության և հասուն տարիքի հիշողություններն են:
Ռեյ Բրեդբերին ամուսնացել է 1947թ. Մարգարեթ ՄաքԿլյուրի հետ (նա միակ կինն է եղել, ում հետ գրողը ժամադրվել է): Նրանք միասին ապրել են 56 տարի` մինչև կնոջ մահը, և մեծացրել իրենց չորս դուստրերին: Երկար տարիներ Մարգարեթը շատ աշխատում էր, որպեսզի ամուսինը հնարավորություն ունենա մնալ տանը և գրել:
Բրեդբերին շարունակել է գրել մինչև խոր ծերություն` չնայած կյանքի վերջին տարիներին հաշմանդամի սայլակին էր նստած: Ամեն առավոտ նա իր օրը սկսում էր գրելով նոր ստեղծագործություններ կամ խմբագրելով արդեն հրատարակվածները: Ռեյ Բրեդբերին մահացել է երկարատև հիվանդությունից՝ 2012թ. հունիսի 5-ին, Լոս Անջելեսում:

Վոլտերա
22.08.2013, 17:28
Կյանքի օրենքները

Ի՞նչ է տիեզերքը: Տիեզերքը մի մեծ թատրոն է:

Իսկ թատրոնը մեծ հանդիսատեսի կարիք ունի. հանդիսատեսը մենք ենք: Կյանքը Երկիր մոլորակի համար ստեղծված է նրա համար, որպեսզի հաճույք ստանաս ներկայացումից: Ահա թե ինչու ենք մենք այստեղ: Իսկ եթե պիեսը ձեր դուրը չի գալիս` գնացեք գրողի ծոցը:

Եթե մարդ օր ու գիշեր մտածեր մահվան մասին, ապա նա կդառնար Վուդի Ալեն:


Մոտակա տարիներին մենք Լուսին կվերադառնանք:

Մենք Մարս կթռնենք և կհիմնավորվենք այնտեղ մոտակա մի քանի 100 տարվա ընթացքում: Իսկ հետո արդեն,պետք է մտածել, որ կթռնենք Ալֆա Ցենտավրայի վրա:

Ես 10 տարի ծախսեցի, որպեսզի գրեմ իմ առաջին ողջամիտ պատմվածքը:


Երբ 60 տարի առաջ ամուսնացա Մեգգիի հետ, մենք փող չունեինք: Մեր բանկային հաշվի վրա 8 դոլար էր: Առաջին երկու տարին մենք անգամ հեռախոս չունեինք: Մենք վարձում էինք փոքրիկ բնակարան Վենիսում` բենզալցակայանի հարևանությամբ:

Բենզալցակայանի պատի վրա կախված էր իմ առաջին հեռախոսը: Ես վազում էի դրա մոտ, վերցնում լսափողը, իսկ մարդիկ կարծում էին, թե իմ տուն են զանգում: Հեռախոս չկար, էլ ուր մնաց մեքենա ունենայի: Բայց գիտեք, թե մենք ի՞նչ ունեինք: ՍԵՐ:

Մենք բոլորս ժամանակի մեքենա ենք: Ահա թե ինչու իմ ամբողջ կյանքի ընթացքում ես գտնվում եմ ծերերի հմայքի տակ: Քանի որ ես գիտեմ հիմա կսեղմեմ նրա գաղտնի կոճակը և կհայտնվեմ 1900 թվականում, կամ էլ Քաղաքացիական պատերազմին: Փոքր ժամանակ ես հանդիպել եմ Քաղաքացիական պատերազմի վետերաններին:

Բոլոր այն աղջիկները ում հետ ես երիտասարդ ժամանակ սիրավեպ եմ ունեցել, գրադարանավարուհիներ են եղել: :))


Լավ ամուսնության մեջ մարդիկ միշտ իրար սովորեցնում են: Դուք իրար կյանքի գիտությունն եք սովորեցնում:Ամեն օր նույն անկողնում նույն բարձին պառկած, իրար դիպչելիս, դուք ակամա իրար վրա ազդում եք:

Չի՛ կարելի խելքով գրել: Պետք է ապրել քո կյանքը գրամեքենայի առաջ:

Մի փորձեք հետևել բոլոր ֆիլմերին իրենց պայթյուններով և այլ անհամություններով: Հետևեք մեծ ռեժիսորներին: Վերջերս ես դիտել եմ Դեյվիդ Լինի ֆիլմերը: Ամեն ինչ կտայի միայն թե կարողանայի սցենար գրել այդ ռեժիսյորի համար:


Լավ ռեժիսորը պետք է գրող լինի: Նա պետք է դետալներով լի լինի:

Չի՛ կարելի ապրել երեխայի պես, որը անհամբերությամբ սպասում է Սուրբ Ծննդին` տոնածառի տակ դրված նվերներով: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես արթնանում և ինքս ինձ ասում եմ. «Ես անհամբեր սպասում եմ հենց այդ օրվան»:


Ռուսաստանը կդառնա գերտիրություն միայն այն բանի շնորհիվ, որ մարդիկ կսովորեն սիրել ինքներն իրենց: Այդ բանում ինձ համոզում են ռուսական գրականությունը և ֆիլմերը:

Պետք է անընդհատ լինել ինչ-որ բանին սիրահարված: Իմ դեպքում դա գրքերն են, գրելու արվեստը:


Եթե ինչ-որ բան չես սիրում ` մի արա: Եվ հակառակը. եթե սիրում ես, ապա կհաղթահարես յուրաքանչյուր բան:


Ես գնում եմ Հոլիվուդ ընդունելությունների, հանդիպում եմ հանրաճանաչ ռեժիսորների և պրոդյուսերների: Եվ երբ տուն եմ վերադառնում հարցնում եմ ին ստամոքսին. «Հըն ո՞նց էր». պատահում է, որ ասում է «Է˜հհհ»: Ու եթե այդպես է, ուրեմն ես էլ այդտեղ երբեք չեմ գնա: Իմ ստամոքսը խելոք է. նա գիտի իմ առջև խաբեբա՞ է, գո՞ղ թե՞ պարզապես անխելք մարդ:


Ես չեմ մտածում մահվան մասին, քանի որ ես միշտ այստեղ եմ մնալու: Ես դեռ մի քանի հարյուր տարի պահած ունեմ. դա ինձ համոզում են իմ կինոնկարներով արկղերը և իմ գրքերով լի դարակները:


Մահը կենդանի լինելու հրաշալի ճոխության համար տիեզերքին վճարելու միջոց է:


Իմ մասին ես գիտեմ այսքանը. ես լավ գործ եմ արել իմ կյանքի ամեն օր` 80 տարի շարունակ: Սա իրոք հրաշալի է, այդպես չէ՞:

Վոլտերա
22.08.2013, 19:41
...

Վոլտերա
22.08.2013, 19:41
Երկրացիները (Պատմվածք)

Այ թե պոկ չի գալիս, բախում է ու բախում։ Տիկին Թթթ-ն բարկացած բացեց դուռը։

— Դե՞, ի՞նչ կա։

— Դուք անգլերենն եք խոսում,— մուտքի մոտ կանգնածը անակնկալից սառեց։

— Խոսում եմ, ինչպես կարողանում եմ։

— Մաքուր անգլերեն է։

Մարդը ինչ-որ համազգեստ էր հագել։ Նրա ետևում կանգնած էին էլի երեք հոգի։ Բոլորն էլ նկատելիորեն հուզված էին, դեմքները փայլում էին։

— Ի՞նչ եք ուզում,— կտրուկ հարցրեց միսիս Թթթ-ն։

— Դուք մարսեցի եք,— մարդը ժպտաց։— Այդ բառը ձեզ իհարկե անծանոթ է, այդպես են ասում մեզ մոտ, Երկրում։

Նա ցույց տվեց ուղեկիցներին։

— Մենք Երկրից ենք։ Ես նավապետ Ուիլյամսն եմ։ Ընդամենը մի ժամ առաջ ենք վայրէջք կատարել Մարսի վրա։ Երկրորդ արշավախումբն ենք։ Մեզնից առաջ առաջինն է ժամանել, բայց նրանց ճակատագիրը մեզ անհայտ է։ Համենայն դեպս մենք եկել ենք։ Եվ դուք առաջին մարսեցին եք, որին տեսնում ենք։

— Մարսեցի՞,— նրա հոնքերը վեր թռան։

— Ուզում եմ ասել, որ դուք ապրում եք Արեգակից հաշված չորրորդ մոլորակի վրա։ Այդպե՞ս է…

— Տարրական ճշմարտություն է,— փնչացրեց կինը, ոտքից գլուխ նրանց չափելով։

— Իսկ մենք,— Նա ձեռքով խփեց կրծքին,— Երկրից ենք։ Ճի՞շտ է, տղաներ։

— Այդպես է, հրամանատար,— ձայնեց խումբը։

— Սա Թիր մոլորակն է,— ասաց կինը,— եթե ուզում եք ստույգ անունն իմանալ։

— Թիր, Թիր,— հրամանատարը հոգնած ծիծաղեց,— հիանալի անուն է։ Բայց ասացեք, ով բարի կին, ինչպե՞ս է, որ դուք այդպես հրաշալի անգլերեն եք խոսում։

— Ես չեմ խոսում,— ասաց կինը,— ես մտածում եմ, հեռազգացություն է։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում։

Եվ նա շրխկացրեց դուռը։

Մի վայրկյան անց այդ սարսափելի մարդը նորից ծեծեց դուռը։ Կինը սրտնեղած բացեց։

— Ուրիշ ի՞նչ եք կամենում,— հարցրեց նա։

Տղամարդը կանգնած էր նույն տեղում, ժպտում էր, բայց շփոթահար էր, դեմքին չկար առաջվա վստահությունը։ Նա ձեռքը պարզեց կնոջը։

— Ինձ թվում է դուք ամեն ինչ չէ, որ հասկացաք…

— Ի՞նչ,— ընդհատեց նա։

Տղամարդու աչքերը զարմանքից կլորացան։

— Մենք թռել եկել ենք Երկրից։

— Ես ժամանակ չունեմ,— ասաց նա,— հազար ու մի գործ կա՝ եփ ու թափ, մաքրել, կար ու էլի չգիտեմ ինչ։ Ձեզ երևի հարկավոր է միստր Թթթ-ն։ Նա վերևում է, իր աշխատասենյակում։

— Այո, այո,— ասաց երկրացին՝ աչքերը թարթելով։— Աստծո սիրուն, կանչեք միստր Թթթ-ին։

— Նա զբաղված է,— կինը նորից շրխկացրեց դառը։

Այս անգամ թակոցն արդեն բոլորովին անհարկի էր։

— Գիտե՞ք ինչ,— դուռը բացվելուն պես գոռաց մարդը։ Նա իսկույն միջանցք խցկվեց, կարծես ուզում էր նպատակին հասնել հանկարծակիի բերելով,— հյուրերին այդպես չեն ընդունում։

— Իմ մաքուր հատա՜կը,— ճչաց կինը։— Այս ի՜նչ կեղտ է։ Դո՜ւրս կորեք, շուտ։ Իսկ եթե ուզում եք ներս մտնել, բարի եղեք նախ մաքրել ձեր ոտքերը։

Մարդը շփոթված նայեց իր կեղտոտ կոշիկներին։

— Հիմա մանրուքների ետևից ընկնելու ժամանակը չէ,— ասաց նա,— այսպիսի իրադարձությունը հարկավոր է նշել։

Նա սևեռուն նայեց կնոջը, կարծես հայացքով ստիպելու էր նրան ըմբռնել, թե ինչ են ուզում։

— Եթե իմ բյուրեղապակե կարկանդակները չորացել են ջեռոցում, ես ձեզ փայտով կքշեմ։

Եվ նա շտապեց փոքրիկ, տաքությունից ճարճատող վառարանի մոտ։ Վերադարձավ կարմրած ու քրտնաթոր։ Վառ դեղին աչքեր, թուխ մաշկ, նիհարիկ ու արագաշարժ՝ միջատի պես… կտրուկ, մետաղահնչյուն ձայն։

— Սպասեք այստեղ։ Գնամ տեսնեմ, գուցե և թույլ տամ մի րոպեով անցնեք միստր Թթթ-ի մոտ։ Դուք ի՞նչ գործով եք եկել։

Մարդը գունատվեց ու հայհոյեց, ասես մուրճով հարվածել էին մատներին։

— Ասեք, որ Երկրից ենք եկել, որ առաջին անգամ…

— Ի՞նչը՝ առաջին անգամ,— Նա վեր պարզեց թուխ ձեռքը։— Լավ, դա կարևոր չէ։ Ես հիմա կգամ։

Նրա հեռացող քայլերի ձայնը լսվեց քարե տան միջանցքներում։

Իսկ դրսում անհավանական կապույտ ու տոթակեզ մարսյան անշարժ երկինքն էր փռված, ինչպես երկնագույն տաք ծով։ Մարսյան անապատի վրա, որ ասես հսկայական եռացող կաթսա լիներ, ալիքվում էր տաք մշուշը։ Փոքրինչ հեռու, բլրի գագաթին, թեք կանգնած էր մի փոքրիկ տիեզերանավ։ Նրանից մինչև քարե տան դուռը ոտնահետքեր էին ձգվում։

Երկրորդ հարկից բորբոքված ձայներ էին լսվում։ Դռան մոտ մարդիկ նայում էին միմյանց, մի ոտքից մյուսին էին հենվում, ուղղում էին գոտիները։ Վերևում տղամարդը ինչ-որ բան էր փնթփնթում։ Կանացի ձայնը պատասխանում էր։ Քառորդ ժամ անց երկրացիները անգործությունից սկսեցին խոհանոցում ետ ու առաջ անել։

— Ծխե՞Նք,— առաջարկեց նրանցից մեկը։

Մյուսը ծխախոտ հանեց, սկսեցին ծխել։ Նրանք ներս էին քաշում ծխի ճերմակավուն քուլաները, կարգի էին բերում համազգեստները, շտկում օձիքները։ Վերևում ձայները շարունակում էին աղմկել։ Հրամանատարը նայեց ժամացույցին։

— Քսանհինգ րոպե անցավ,— ասաց նա,— ի՞նչ են անում այնտեղ։

Նա մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց։

— Շոգ օր է,— ասաց տիեզերագնացներից մեկը։

— Այո,— ետմիջօրեի տապից թուլացած՝ ծուլորեն նկատեց մյուսը։

Վերևում ձայների աղմուկին հաջորդեց խուլ քրթմնջոց, հետո լռություն տիրեց։ Ամբողջ տանը՝ ոչ մի շշուկ։ Ամեն մարդ լսում էր սեփական շնչառությունը։

Մի ամբողջ ժամ լուռ մնացին։

— Մեր պատճառով որևէ դժբախտություն պատահած չլինի՞,— ասաց հրամանատարը, մոտեցավ հյուրասենյակի դռանը և ներս նայեց։

Սենյակի կենտրոնում կանգնած՝ միսիս Թթթ-ն ծաղիկներն էր ջրում։

— Ես էլ մտածում էի՝ ի՞նչ եմ մոռացել,— ասաց նա նկատելով հրամանատարին։

Կինը մտավ խոհանոց։

— Ներեցեք,— մի թղթի կտոր մեկնեց,— միստր Թթթ-ն չափազանց զբաղված է։— Նա նորից անցավ իր ամանեղենին։— Բացի այդ, ձեզ ոչ թե նա է հարկավոր, այլ միստր Աաա-ն։ Վերցրեք այս երկտողը և գնացեք հարևան դաստակերտը, կապույտ ջրանցքի ափին է։ Այնտեղ միստր Աաա-ն կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին։

— Մենք ոչինչ էլ չենք ուզում հարցնել,- առարկեց հրամանատարը, շուրթերը կախ գցելով,— մենք գիտենք՝ ինչ պետք է։

— Երկտողը տվեցի, էլ ի՞նչ եք ուզում,- զայրացած բացականչեց նա։

Այլևս ոչնչի հույս չկար։

— Լավ,— ասաց հրամանատարը։ Սակայն նա չէր ուզում գնալ, կանգնել այնպես էր նայում կնոջը, ինչպես երեխան մերկ տոնածառին։— Լավ,— կրկնեց նա,— գնացինք, տղերք։

Չորս տղամարդն էլ դուրս եկան ու քայլեցին տոթ, անշշուկ ամառային օրվա միջով։

Կես ժամ անց միստր Աաա-ն, որը նստած էր իր գրադարանում և մետաղյա բաժակից էլեկտրական բոց էր խմում, սալարկված շավղից ոտնաձայներ լսեց։ Նա գլուխը հանեց պատուհանից և հայացքը սևեռեց չորս միանման համազգեստով մարդկանց, որոնք աչքերը կկոցած նրան էին նայում։

— Դուք միստր Աաա՞-ն եք,— հարցրին նրանք;

— Ես եմ։

— Մեզ ձեզ մոտ է ուղարկել միստր Թթթ-ն,— գոչեց հրամանատարը։

— Ինչո՞ւ,— հետաքրքրվեց միստր Աաա-ն։

— Ինքն զբաղված էր։

— Դե գիտե՞ք ինչ, խայտառակության է,— արհամարհանքով ասաց նա,— հո չեք կարծում, թե ես բան ու գործս թողած պիտի զվարճացնեմ այն մարդկանց, որոնցով զբաղվելու ժամանակ չունի նա։

— Հիմա դա չէ էականը, սըր,— գոչեց հրամանատարը։

— Ինձ համար էականը դա է։ Կարդալու այնքան գրիք է կուտակվել։ Միստր Թթթ-ն ոչ ոքի հետ հաշվի չի նստում։ Աոաջին անգամ չէ, որ նա այդպիսի անպատասխանատվության է ցուցաբերում իմ հանդեպ։ Խնդրում եմ ձեր ձեռքերը չթափահարեք, սըր, թույլ տվեք խոսքս ավարտեմ։ Դուք պետք է առավել ուշադիր լինեք։ Ես սովոր եմ, որ մարդիկ լսեն, թե ինչ եմ ասում։ Եվ նեղություն կրեք հարգանքով լսելու, թե չէ ընդհանրապես չեմ խոսի ձեզ հետ։

Չորսով շփոթված, բերանները բաց դոփդոփում էին ներքևում։ Հրամանատարի ճակատի երակները ուռել էին, աչքերում արցունքներ երևացին։

— Ուրեմն, ի՞նչ եք կարծում,— բարբառեց միստր Աաա-ն,— միստր Թթթ-ն ճի՞շտ է վարվել։

Քառյակը զարմանքով նրան էր նայում տոթակեզ օրվա միջով։ Հրամանատարը չդիմացավ։

— Մենք Երկրից ենք եկել։

— Իմ կարծիքով նա իրեն ջենտլմենի նման չի պահել,— փնթփնթաց միստր Աաա-ն։

— Մենք ա՜յ, այն տիեզերանավով ենք եկել։

— Եվ աոաջին անգամ չէ, որ նա այդպիսի անխոհեմության է թույլ տալիս։

— Հասկանո՞ւմ եք։ Երկրից ենք։

— Նա դեռ կտեսնի, ես կզանգահարեմ ու կհայտնեմ վրդովմունքս, այո, այո։

— Մենք՝ բոլորս, ես և այս երեքը իմ նավի՝ անձնակազմն ենք։

— Ես հենց հիմա կզանգեմ;

— Երկիր։ Տիեզերանավ։ Մարդիկ։ Թռիչք։ Տիեզերք։

— Կզանգեմ ու մի լավ կշշպռեմ,— գոչեց միստր Ասա-ն ու անհետացավ պաաուհանի առջևից, ինչպես տիկնիկային թատրոնի տիկնիկ։

Լսվում էր, թե ինչպես ինչ-որ անտեսանելի ապարատով թունդ վիճում էին։ Հրամանատարն ու անձնակազմը բակում կանգնած տխուր նայում էին հեռու սարալանջին կանգնած տիեզերանավին՝ նուրբ, սլացիկ ու հարազատ։

Միստր Աաա-ն պատուհանից գլուխը հաղթականորեն դուրս հանեց։

— Ես նրան մենամարտի կանչեցի, պատվովս եմ երդվում, լսո՞ւմ եք, մենամարտի։

— Միստր Ասա,— համբերատար սկսեց հրամանատարը։

— Կկրակեմ, կսպանեմ, իմացեք։

— Միստր Աաա, խնդրում եմ, լսեք ինձ, մենք կտրել անցել ենք վաթսուն միլիոն մղոն։

Միստր Աաա-ն առաջին անգամ նրա վրա ուշադրություն դարձրեց։

— Ի՞նչ ասացիք, դուք որտեղի՞ց եք։

— Վերջապես, ամեն ինչ կարգի ընկավ,— շշնջաց նա յուրայիններին և բարձրաձայն դարձավ միստր Աաա-ին,— վաթսուն միլիոն մղոն հեռավորությունից, Երկիր մոլորակից։

Միստր Աաա-ն հորանջեց։

— Տարվա այս եղանակին հազիվ հիսուն միլիոն, ոչ ավելի։— Նա ձեռքն առավ սարսափազդու ինչ-որ զենք,— դե, իմ գնալու ժամանակն է։ Վերցրեք ձեր հիմար երկտողը, թեև չեմ հասկանում, թե դա ձեզ ինչ օգուտ կարող է տալ, և գնացեք քաղաք, բլրի մյուս կողմը, կոչվում է Իոփր, այնտեղ ամեն ինչ կպատմեք միստր Իիի-ին։ Նա հենց այն մարդն է, որը հարկավոր է ձեզ․ ոչ այդ հիմար միստր Թթթ-ն է ձեզ պետք, որին սպանելն իմ պարտքն է, ոչ էլ ես. դա իմ ոլորտը չէ։

— Ոլորտը, ոլորտը,— պոռթկաց հրամանատարը,— ինչ կապ ունի ում ոլորտն է, երբ հարկավոր է ընդունել Երկրից եկած մարդկանց։

— Հիմարություններ դուրս մի տվեք, դա բոլորին է հայտնի,— միստր Աաա-ն արագ֊արագ իջավ սանդուղքով,— ցտեսություն։— Եվ վազեց ճանապարհով։

Տիեզերագնացները մնացին ափի բերան։ Վերջապես հրամանատարն ասաց.

— Ոչ, ինչ էլ լինի, մենք կգտնենք մեկին, որ մեզ կլսի։

— Ինչ կլինի, եթե գնանք ու նորից վերադառնանք,— հոգնատանջ ասաց ընկերներից մեկը,— թռչենք ու նորից վայրէջք կատարենք, որպեսզի ժամանակ տանք նրանց ուշքի գալու և հանդիպում կազմակերպելու։

— Թերևս այդպես էլ անենք,— հոգոց հանելով պատասխանեց տանջահար հրամանատարը։

Փոքրիկ քաղաքը եռում էր, մարսեցիները ել ու մուտ էին անում, ողջունում միմյանց։ Նրանք դիմակներ էին կրում՝ ոսկեգույն, երկնագույն, մուգ կարմիր, հաճելի բազմազանության համար կային արծաթավուն շուրթերով և բրոնզագույն հոնքերով դիմակներ, ժպտացող ու խոժոռ դիմակներ՝ կրողի բնավորությանը համապատասխան։

Երկար ճանապարհից ոտքերը հազիվ քարշ տալով, չորս երկրացիները կանգ առան ու փոքրիկ մի աղջկա հարցրին, թե որտեղ է ապրում միստր Իիի-ն։

— Այնտեղ,— գլխով ցույց տվեց աղջիկը։

Հրամանատարը ծնկի իջավ և նայեց նրա նուրբ մանկական դեմքին։

— Լսիր, աղջիկս, ուզում եմ քեզ մի բան պատմել։

Նրան նստեցրեց ծնկին և քնքշորեն իր լայն ափի մեջ առավ աղջկա թուխ թաթիկները, կարծես մտադիր էր իրիկնային հեքիաթ պատմել՝ անշտապ ծավալվող, հանդամւսնալից ու երջանիկ վերջաբանով։

— Հասկանո՞ւմ ես, փոքրիկս, կես տարի առաջ Մարս եկավ մի ուրիշ տիեզերանավ՝ Յորք անունով մի մարդ, իր օգնականի հետ։ Մենք չգիտենք, թե նրանց ի՞նչ է պատահել։ Գուցե վթարվել են։ Նրանք տիեզերանավով են եկել, ինչպես և մենք։ Ա՜յ թե տեսնեիր։ Մեծ, շատ մեծ տիեզերանավ է։ Այնպես որ մենք երկրորդ արշավախումբն ենք, մեզնից առաջ եղել է աոաջինը։ Մենք երկար ենք թռել, Երկրից ենք։

Առանց մտածելու աղջնակը ետ քաշեց ձեռքը և դեմքը ծածկեց անարտահայտիչ ոսկեգույն դիմակով, ապա քանի դեռ հրամանատարը խոսում էր, մի ոսկյա խաղալիք սարդ հանեց և շրխկացրեց գետնին։ Խաղալիք սարդը հնազանդորեն մագլցեց աղջկա ծունկն ի վեր, իսկ նա հանգիստ ու անտարբեր հետևում էր՝ իր անհույզ դիմակի ճեղքի միջից։ Հրամանատարը մեղմորեն ցնցեց նրան և համառությամբ շարունակեց իր պատմաթյունը։

— Մենք երկրացիներ ենք,— ասաց նա,— դու հավատո՞ւմ ես։

— Այո,— աղջիկը նայում էր փոշու վրա իր հետքերի թողած նախշերին։

— Ի՜նչ խելոքն ես,— հրամանատարը բարեհոգաբար, բայց մի քիչ չարացած կսմթեց նրա ձեռքը, որ ստիպի իրեն նայել։— Մենք տիեզերանավ ենք կառուցել, հավատո՞ւմ Ես։

Աղջիկը մատը խոթեց քիթը։

— Ըհը։

— Դե՛, դե՛, մատդ քթիցդ հանիր… Ես հրամանատար եմ․․․

— Պատմության մեջ դեռ ոչ ոք այդպիսի հզոր տիեզերանավով տիեզերք դուրս չի եկել,— աչքերը կկոցելով հայտարարէց փոքրիկը։

— Հրաշալի է, ինչպե՞ս կռահեցիր։

— Օ՜, հեռազգացություն է,— նա անփութորեն մատը քսեց ծնկանը։

— Դե՛, մի՞թե քեզ համար հետաքրքիր չէ,— բացականչեց հրամանատարը,— մի՞թե դու ուրախ չես։

— Դուք ավելի լավ է շուտ գնաք միստր Իիի-ի մոտ,— աղջնակը խաղալիքը վայր գցեց,— նա հաճույքով կխոսի ձեզ հետ։

Եվ նա վազեց։ Նրան կրնկակոխ հետևում էր խաղալիք սարդը։ Հրամանատարը պպզած՝ ծեռքը պարզել էր աղջկա կողմը և նայում էր նրա ետևից։ Նա զգաց ինչպես են արցունքները լճանում աչքերում, նայեց դատարկ ձեռքերին ու անօգնական բացեց բերանը։ Ընկերները կանգնել էին կողքին ու հայացքները հառել սեփական ստվերներին։ Նրանք թքեցին փողոցի սալահատակին…

Վոլտերա
22.08.2013, 19:44
...Միստր Իիի-ն անձամբ բացեց դուռը։ Նա շտապում էր դասանխոսության, կարող էր նրանց մի րոպե միայն նվիրել, եթե արագ ներս մտնեին և ասեին, թե ինչ է իրենց հարկավոր։

— Փոքրինչ ուշադրություն,— հոգնատանջ ասաց հրամանատարը՝ թարթելով կարմրած աչքերը,— մենք Երկրից ենք, եկել ենք տիեզերանավով, չորս հոգի ենք՝ երեք տիեզերագնաց և հրամանատարը։ Մենք հալից ընկել ենք, ուտել ենք ուզում, Մեզ գիշերելու տեղ է հարկավոր։ Թող մեկը քաղաքի բանալին մեզ հանձնի կամ այդ կարգի ինչ-որ բան, թող սեղմեն մեր ձեռքերը, «ուռա՜» գոչեն, շնորհավորեն։ Այսքանը։

Միստր Իիի-ն բարձրահասակ, Նիհար, մելամաղձոտ անձնավորություն էր, նրա դեղնավուն աչքերը թաքնվել էին ակնոցի հաստ կապույտ ոսպնյակների ետևում։ Գրասեղանին հակված՝ նա մտածկոտ ինչ-որ թղթեր էր թերթում և ժամանակ առ ժամանակ իր թափանցող հայացքը հյուրերին ուղղում։

— Վախենամ թե բլանկ չունենամ։

Նա քրքրեց սեղանի դարակները։

— Ո՞ւր եմ խցկել,— նա խոժոռվեց,— այստեղ պետք է լինեին։ Ահա, խնդրեմ,— նա հրամանտարին մեկնեց թղթերը,— պետք է ստորագրեք։

— Այս ամբողջ անհեթեթությունը պետք է կարդա՞մ։

Ակնոցի հարթ ապակիները ուղղված էին հրամանատարին։

— Բայց չէ՞ որ դուք ասացիք՝ Երկրից եք։ Ուրեմն ձեզ մնում է միայն ստորագրել։

Հրամանատարը ստորագրեց։

— Անձնակազմը նույնպե՞ս պետք է ստորագրի։

Միստր Իիի-ն նայեց նրան, նայեց մյուս երեքին և քրքջաց։

— Նրանք էլ ստորագրեն։ Հա՜, հա՜, հա՜, հրաշալի է։ Նրանք… նրանք,— արցունքները ցած էին սահում այտերով։ Նա ափով զարկեց ծնկանը, կռացավ, ծիծաղից խեղդվելով կառչեց սեղանից,— նրանք ստորագրե՜ն…

Տիեզերագնացները մռայլվեցին։

— Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու։

— Նրանք՝ և ստորագրել,— ծիծաղից շնչասպառ ասաց միստր Իիի-ն,— դրանից զվարճալի ի՞նչ կա։ Ես անպայման կպատմեմ միստր Ըըը-ին,— շարունակելով ծիծաղել՝ նայեց ստորագրված բլանկներին,— կարծես թե ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ էվթանազիայի ենթարկելու համաձայնությունը կա, եթե ի վերջո դրա կարիքն զգացվի։— Նա քրքջաց։

— Ինչի՞ համաձայնությունը։

— Դե լավ, բավական է, ես ձեզ համար որոշ բան կանեմ, ահա ձեզ բանալին։

Հրամանատարը ոգևորվեց.

— Օ՜, սա մեծ պատիվ է։

— Սա քաղաքի բանալին չէ, հիմար,— ընդհատեց միստր Իիի-ն։ Սա տան բանալին է։ Գնացեք միջանցքով, բացեք մեծ, դուռը, ներս մտեք և շրխկացրեք ձեր ետևից։ Կարող եք գիշերել այնտեղ։ Միստր Ըըը-ին առավոտյան ձեզ մոտ կուղարկեմ։

Հրամանատարը տատանվելով՝ վերցրեց բանալին։ Նա գլխահակ կանգնել էր, ընկերները նույնպես տեղներից չէին շարժվում։ Թվում էր՝ կյանքը սառել է նրանց երակներում, քամել հանել են տիեզերական ճամփորդության ողջ կիրքը, նրանք սպառվել էին։

— Դե, ի՞նչ պատահեց,— հարցրեց միստր Իիի-ն, — ինչի՞ եք սպասում, էլ ի՞նչ եք ուզում։— Նա կիպ մոտեցավ հրամանատարին և գլուխը խոնարհելով՝ ուշադիր զննեց նրա դեմքը,— ասացեք։

— Վախենում եմ դուք նույնիսկ ի վիճակի չլինեք…,— սկսեց հրամանատարը,— այսինքն ուզում եմ ասել, այդ մասին մտածել կամ փորձ անել…,— Նա վարանեց,— մենք շատ ենք տքնել, այդպիսի երկար ճանապարհ ենք անցել, գուցե արժեր սեղմել մեր ձեռքը և թեկուզ ասել. «Կեցցեք»։

Նա լռեց։

Միստր Իիի-ն անփութորեն մեկնեց ձեռքը։

— Շնորհավորում եմ,— նրա շուրթերին սառած ժպիտ կար,— շնորհավորում եմ,— նա շրջվեց,— իսկ հիմա իմ գնալու ժամանակն է։ Բանալին չմոռանաք։

Այլևս ուշադրության չարժանացնելով նրանց, կարծես նրանք անէացել էին, միստր Իիի-ն ետ ու առաջ էր քայլում սենյակում՝ պայուսակը ինչ-որ թղթեր լցնելով։ Դա տևեց մոտ հինգ րոպե, և այդ ընթացքում նա ոչ մի անգամ չնայեց չորս խոժոռադեմ, հոգնածությունից հազիվ ոտքի վրա կանգնող, գլուխները կախ, խամրած աչքերով մարդկանց։ Դուրս գալիս միստր Իիի-ն կենտրոնացած զննում էր իր եղունգները։



Երեկոյանում էր, նրանք քայլեցին կիսախավար միջանցքով, հայտնվեցին մեծ, փայլուն, արծաթագույն դռան առաջ և բացեցին նույնպես արծաթագույն բանալիով։ Ներս մտան, դուռը շրխկացրին ու նայեցին իրենց շուրջը։

Սենյակը ընդարձակ էր, լուսավոր։ Տղամարդկանց ու կանանց մի մասը նստոտած էր սեղանների մոտ, ոմանք էլ խումբ-խումբ կանգնած անկյուններում զրուցում էին։ Դռան շրխկոցը նրանց ստիպեց շրջվել, բոլորը նայեցին համազգեստով մարդկանց։ Մի մարսեցի մոտեցավ և խոնարհվեց։

— Ես միստր Ուուու-ն եմ։

— Իսկ ես նավապետ Ջոնաթան Ուիլյամսը, Երկրից, Նյու Յորքից,— պատասխանեց հրամանատարը առանց մեծ ոգևորության։

Դահլիճը կարծես փուլ եկավ աղաղակներից և բացականչություններից։ Մարսեցիները ձեռքները թափահարելով, հիացած գոռում-գոչում էին, շուռ տալիս սեղանները, նետվում դեպի երկրացիները, գրկում նրանց, հետո բոլորին էլ ձեռքների վրա բարձրացնելով, վեց անգամ պտտեցին դահլիճում, վեց անգամ վազելով պատվո շրջան կատարեցին՝ ցատկոտելով, պարելով ու երգելով։

Երկրացիները այնպես էին կարկամել, որ մոտ մի րոպե լուռ նստած էին նրանց ուսերին, հետո սկսեցին ծիծաղել ու բղավել միմյանց վրա։

— Այ սա ուրիշ բան է։

— Հրաշալի է, սկզբից էր հարկավոր այսպես։ էհե՜յ, տես է՜, էհեյ։

Նրանք հաղթանակած աչքով էին անում միմյանց, տարածում էին ձեռքները, ծափ էին զարկում։

— Էհե՜յ;

Մարսեցիները նրանց կանգնեցրին սեղանին; Աղմուկը լռեց։

— Ուռա՜,- գոռաց ամբոխը։

Հրամանատարը քիչ էր մնում հեծկլտար։

— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Հիանալի է։

— Ձեր մասին պատմեք,- առաջարկեց միստր Ուուու-ն։

Հրամանատարը հազաց։

Լսողները հիացած հառաչում ու թառանչում էին։ Հրամանատարը ներկայացրեց իր ընկերներին, յուրաքանչյուրը կարճ խոսք արտասանեց, շփոթվելով բուռն ծափողջույններից։

Միստր Ուուու֊ն թփթփացրեց հրամանատարի ուսը.

— Հաճելի է այստեղ հայրենակցի տեսնելը, ախր, ես էլ Երկրից եմ։

— Ինչպե՞ս թե։

— Հապա, այստեղ շատերն են Երկրից։

— Դուք… Երկրի՞ց,— հրամանատարի աչքերը չռվեցին,— չի կարող պատահել։ Դուք է՞լ եք տիեզերանավով եկել։ Այդ դեպքում ե՞րբ է սկսվել տիեզերքի նվաճումը։— Նրա ձայնում հուսախաբություն կար։— Դուք որտեղի՞ց եք, ո՞ր երկրից։

— Թուիերեոլ։ Ես այստեղ եմ եկել ոգեղեն ուժով, շատ տարիներ առաջ։

- Թուիերեո՜լ…,— ծոր տվեց հրամանատարը,— այդպիսի երկրի մասին չեմ լսել։ Եվ այդ ի՞նչ ոգեղեն ուժ է…

— Այ, միսս Ռռռ-ն էլ Երկրից է, ճիշտ չէ՞, միսս Ռռռ։

Միսս Ռռռ-ն գլխով արեց և տարօրինակ ծիծաղեց։

— Միստր Յյյ-ն, միստր Քքք-ն, միստր Վվվ-ն՝ նույնպես։

— Իսկ ես Յուպիտերից եմ,— լուրջ տեսք ընդունելով, ներկայացավ մի տղամարդ։

— Ես Սատուռնից եմ,— խորամանկորեն աչքերը փայլեցնելով, ասաց մի ուրիշը։

— Յուպիտեր, Սատուռն…,- մրմնջաց հրամանատարը, աչքերը ճպճպացնելով։

Լռություն տիրեց։ Մարսեցիները հավաքվել Էին տիեզերագնացների շուրջը, նստոտել Էին սեղանների մոտ, բայց սեղանները դատարկ էին, խրախճանքի մասին իսկի խոսք չկար։ Նրանց դեղին աչքերը փայլում էին, աչքերի տակ մութ ստվերներ էին գոյացել։ Նոր միայն հրամանատարը նկատեց, որ դահլիճը պատուհան չունի։ Լույսը կարծես թափանցում էր պատերի միջով։ Միայն մի դուռ կար։ Հրամանատարը ցնցվեց.

— Ի՞նչ տարօրինակ է, որտե՞ղ է այդ Թուիերեոլը, հեռո՞ւ է Ամերիկայից։

— Ամերիկան ի՞նչ բան է։

— Դուք Ամերիկայի մասին չե՞ք լսել։ Երկրից եք եկել և չգիտե՞ք։

Միստր Ուուու-ն զայրացած թափահարեց գլուխը։

— Երկիրը ծովերից է բաղկացած, միայն ծովերից, ուրիշ ոչինչ չկա, ցամաք չկա։ Ես այնտեղից եմ, ես հո գիտեմ։

— Սպասեք,— հրամանատարը ընկրկեց,— դուք ամենաիսկական մարսեցի եք, դեղին աչքերով, թուխ մաշկով․․․

- Երկիրը ամբողջովին ջունգլիներով է ծածկված,— հպարտ հայտարարեց միսս Ռռռ-ն,— ես Օրիից եմ, արծաթյա մշակույթի երկրից։

Հրամանատարը հայացքը մի դեմքից մյուսին էր դարձնում, միստր Ուուու-ից միստր Յյյ-ին, միստր Յյյ-ից՝ միստր Քքք-ին, միստր Քքք-ից՝ միստր Ննն-ին, հետո՝ միստր Հհհ-ին, միստր Բբբ-ին։ Նա տեսնում էր ինչպես են լայնանում ու նեղանում նրանց դեղին աչքերի բիբերը, ինչպես են նրանց հայացքները մեկ կենտրոնանում, մեկ՝ մշուշվում։ Նա սարսռաց. վերջապես, շրջվելով իր ենթականների կողմը, մռայլ ասաց.

— Հասկացա՞ք, թե սա ինչ է։

— Ի՞նչը, հրամանատար։

— Սա ո՛չ հանդիսավոր դիմավորում է,— հոգնած ասաց նա,— ո՛չ հանպատրաստից ընդունելություն, ոչ՝ բանկետ։ Ոչ էլ մենք պատվավոր հյուր ենք։ Սրանք էլ մարսյան իշխանության ներկայացուցիչները չեն։ Նայեք նրանց աչքերին, լսեք նրանց խոսակցությանը։

Տիեզերագնացները շունչները պահեցին։ Նրանք ուշադիր աչքի անցկացրին տարօրինակ, փակ դահլիճը։

— Հիմա ես հասկանում եմ,— հրամանատարի ձայնը կարծես խոր փոսից էր հնչում,— հասկանում եմ, թե մեզ ինչու էին անընդհատ նորանոր հասցեներ տալիս և սրա-նրա մոտ ուղարկում, մինչև հանդիպեցինք միստր Իիի-ին, իսկ նա տվեց ճիշտ հասցեն և նույնիսկ բանալին, որպեսզի մենք բացենք դուռը և փակենք մեր ետևից։ Ահա մենք էլ ընկանք…

— Ո՞ւր։

Հրամանատարի ուսերը կախ ընկան։

— Հոգեբուժարան։

Գիշեր իջավ։ Թափանցիկ պատերի մեջ թաքնված լուլսերը մեղմ լուսավորում էին լուռ ընդարձակ դահլիճը։ Չորս երկրացիները նստել էին փայտե սեղանի մոտ և գլուխները կախ քչփչում էին։ Հատակին խառնիխուռն քնած էին կանայք ու տղամարդիկ։ Մութ անկյուններում ինչ-որ բան էր շարժվում, ոմանք առանձնացած՝ տարօրինակ կերպով թափահարում էին ձեռքերը։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ տիեզերագնացներից մեկը մոտենում էր արծաթավուն դռանը և վերադառնում սեղանի մոտ։

— Անհնար է դուրս պրծնել, հրամանատար։ Մենք ամուր ենք փակված։

— Մեզ մի՞թե գժի տեղ են դրել։

— Իհարկե։ Ահա թե ինչու մեր երևալը հիացմունք չառաջացրեց։ Նրանց համար մենք պարզապես հոգեկան հիվանդներ ենք, ինչպիսիք այստեղ շատ են։ Սրանք բոլորն էլ խախտված են,— նա ձեռքով ցույց տվեց քնածներին,— բայց ինչպե՜ս ընդունեցին մեզ։ Ինձ մի պահ թվաց, թե հանդիսավոր դիմավորում է,— նրա աչքերը կայծկլտացին և անմիջապես էլ խամրեցին,— այդ բացականչությունները, երգերը, ճառերը… Լավ էր, չէ՞…

— Մեզ ինչքա՞ն ժամանակ կպահեն այստեղ, հրամանատար։

— Մինչև ապացուցենք, որ հոգեկան հիվանդ չենք։

— Դա հեշտ է։

— Ես էլ հույս ունեմ։

— Կարծես թե այնքան էլ համոզված չեք, հրամանատար։

— Հըմ, այո… հապա այն կողմ նայեք։

Մթության մեջ, ծնկները ծալած, մեկուսի նստել էր մի տղամարդ, նրա բերանից կապույտ բոց Էր դուրս գալիս, որը փոքրամարմին, մերկ կնոջ ձև էր ընդունում։ Ինչ-որ բաներ շշընջալով ու հառաչելով, նա հեզանազ ճախրում էր օդում, կապույտ լույսի ալիքներում։

Հրամանատարը գլխով մյուս կողմը ցույց տվեց։ Այնտեղ մի կին էր կանգնած, որը տարօրինակ կերպարանափոխության էր ենթարկվում։ Սկզբում նա բյուրեղապակյա սյան մեջ էր, հետո ոսկյա արձանիկ դարձավ, ապա մայրու ողորկ ճյուղ և ի վերջո, ընդունեց սկզբնական կերպարանքը։

Դահլիճում, կեսգիշերային մթության մեջ, տղամարդիկ ու կանայք ձեռնածություն էին կատարում մանուշակագույն բոցերի հետ, անընդհատ փոփոխվելով, տարբեր կերպարանքներ ընդունելով, քանի որ գիշերը տրտմության ու կերպարանափոխության ժամանակն է։

— Կախարդանք, մոգություն,— շշնջաց երկրացիներից մեկը։

— Ոչ, տեսապատրանքներ։ Նրանք մեզ են հաղորդում իրենց զառանցանքը, այնպես որ մենք տեսնում ենք, թե նրանք ինչ տեսողական պատրանքներ են ունենում։ Հեռազգացություն է, ինքնաներշնչում և հեռազգացություն։

— Ձեզ դա՞ է մտահոգում, հրամանատար։

— Այո, եթե տեսապատրանքները մեզ և, ոչ միայն մեզ, այդքան բնական են թվում, այդքան համոզիչ ու ճշմարտանման, զարմանալի չէ, որ մեզ թյուրիմացաբար հոգեկան հիվանդ համարեցին։ Այդ տղամարդը կարողանում է կապույտ կրակից փոքրիկ կանայք ստեղծել, իսկ այ, այն կինը ի վիճակի է սյուն կամ արձան դառնալ։ Շատ բնական է, եթե նորմալ մարսեցին մտածի, որ տիեզերանավը մեր հիվանդ երևակայության արդյունքն է։

Մթության մեջ տիեզերագնացները խուլ հառաչեցին։

Մերթ բռնկվելով, մերթ անհետանալով, շուրջը պարում էին կապույտ կրակները։ Քնած տղամարդկանց բերաններից կարմիր ավազից օձեր Էին դուրս լողում։ Կանայք փոխակերպվում էին փայլուն օձերի։ Գազանների ու սողունների հոտ էր գալիս։

Առավոտյան բոլորը թվում էին ուրախ, առողջ և նորմալ։ Ոչ մի սատանա, ոչ մի բոց։ Հրամանատարը իր անձնակազմի հետ կանգնել էր արծաթագույն դռան մոտ, հուսալով, որ կբացվի։

Միստր Ըըը-ն երևաց չորս ժամ անց։ Նրանք կասկածում էին, որ նա երեք ժամից ոչ պակաս կանգնել է դռան ետևում, հետևել, որպեսզի հետո ներս մտնի ու կանչի իր փոքրիկ աշխատասենյակը...

Վոլտերա
22.08.2013, 19:44
...Դա մի բարեհոգի, ժպտադեմ տղամարդ էր, եթե հավատ ընծայվեր նրա ոչ թե մեկ, այլ երեք տարբեր ժպիտներ պատկերող դիմակին, ի դեպ, դիմակի տակից հնչող ձայնը պատկանում էր ոչ այդքան ժպտադեմ հոգեբույժի։

— Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։

— Դուք մեզ խելագար եք համարում, բայց այդպես չէ,— ասաց հրամանատարը։

— Ընդհակառակը, ես բոլորիդ խելագար չեմ համարում,— հոգեբույժը հրամանատարին ուղղեց փոքրիկ ցուցափայտը,— միայն ձեզ, հարգելիս։ Մյուս բոլորը երկրորդական տեսապատրանք են։

Հրամանատարը ծնկին հարվածեց։

— Ահա թե ի՜նչ։ Ահա թե ինչու միստր Իիի-ն քրքջաց, երբ ես առաջարկեցի, որ նրանք էլ ստորագրեն բլանկները։

— Այո, նա ինձ պատմել է այդ մասին,— հոգեբույժը հռհռաց դիմակի ալիքաձև կտրվածքի միջով։— Հիանալի կատակ։ Ի՞նչ էի ասում։ Այո՛, երկրորդական տեսապատրանքներ։ Ինձ այցելում են կանայք, որոնց ականջներից օձեր են դուրս գալիս։ Ես բուժում եմ, և օձերն անհետանում են։

— Մենք ուրախությամբ բուժում կընդունենք, սկսեք։

Միստր Ըըը-ն խորասուզվեց մտքերի մեջ։

— Զարմանալի է։ Քչերն են համաձայնում բուժվել։ Բանն այն է, որ բուժումը խիստ արմատական բնույթի է։

— Ոչինչ, գործի անցեք, բուժեք, ինքներդ կհամոզվեք, որ բոլորս առողջ ենք։

— Թույլ տվեք նորից նայել ձեր փաստաթղթերը, ամե՞ն ինչ է ձևակերպված բուժման համար։— Նա թերթեց թղթապանակը,— այսպես… Գիտե՞ք, այսպիսի դեպքերը հատուկ մեթոդներ են պահանջում։ Նրանք, ում տեսել եք Տանը, ավելի թեթև հիվանդներ են։ Բայց երբ հոգեկան շեղումը շատ է խորանում, ինչպես ձեր պարագայում, ուղեկցվում է առաջնային, երկրորդային, լսողական, հոտառական և համային պատրանքներով, ուրեմն գործերը վատ են։ Ստիպված ենք էվթանազիայի ենթարկել։

Հրամանատարը գոռոցով վեր թռավ։

— Դե, բավական է գլուխ տանեք, սկսեք, քննեք մեզ, մուրճով հարվածեք ծնկին, լսեք սիրտը, ստիպեք պպզել ու վեր կենալ, հարցեր տվեք։

— Խոսեք ինչքան կամենում եք։

Հրամանատարը տաքացած խոսում էր մի ամբողջ ժամ։ Հոգեբույժը լսում էր։

— Անհավանական է,— մտածկոտ շշնջաց նա,— կյանքումս այսպիսի ֆանտաստիկ զառանցանք չեմ լսել։

— Գրողը տանի, մենք ձեզ ցույց կտանք մեր տիեզերանավը,— որոտաց հրամանատարը։

— Հաճույքով կնայեմ։ Կարո՞ղ եք այս սենյակում ցույց տալ։

— Իհարկե, ձեր քարտարանում է, «Տ» տառի տակ։

Միստր Ըըը-ն ուշադիր նայեց քարտարանը և հիսաթափված փակեց արկղը։

— Ինչո՞ւ խաբեցիք, այդտեղ ոչ մի տիեզերանավ չկա։

— Իհարկե, չկա, ապուշ, ես կատակեցի։ Իսկ հիմա ասեք՝ խելագարները կատակո՞ւմ են։

— Երբեմն հումորի բավական անսովոր դրսևորումներ են պատահում։ Լավ, տարեք ինձ ձեր տիեզերանավի մոտ։ Ուզում եմ տեսնել։

Շոգ կեսօր էր, երբ Նրանք մոտեցան տիեզերանավին։

— Այսպես,— հոգեբույժը մոտեցավ Նավին և թխկթխկացրեց։ Ձայնը փափուկ էր, լիքը,— կարելի՞ է ներս մտնել,— հարցրեց նա խորամանկորեն։

— Ներս անցեք։

Միստր Ըըը-ն մտավ տիեզերանավ և սառեց.

— Իմ մեղավոր կյանքում ինչ ասես չեմ տեսել, բայց այսպիսի բան…

Հրամանատարը սպասում էր, ծամելով գլանակի ծայրը։

— Ամենից ավելի ուզում եմ թռչել տուն և ասել մարդկանց, որ այլևս կապ չփնտրեն այս Մարսի հետ։ Ավելի բթամիտ դանդալոշներ տեսած չկամ…

— Ինձ թվում է, հրամանատար, այստեղ երկուսից մեկը աննորմալ է, դրա համար էլ այդքան կասկածամիտ են։

— Միևնույն է, այս անիծյալները չափն անցան։

Կես ժամ հոգեբույժը քչփորում էր, տնտղում, թխկթխկացնում, լսում, հոտոտում, լեզվով համը փորձում։ Վերջապես նավից դուրս եկավ։

— Դե, համոզվեցի՞ք,— այնպես գոռաց հրամանատարը, ասես դիմացինը խուլ էր։

Հոգեբույժը աչքերը փակեց ու քիթը քորեց։

— Սա ինձ հանդիպած զգայական ընկալման և հիպնոսային ներշնչման ամենազարմանալի օրինակն է։ Ես Նայեցի ձեր այսպես կոչված «տիեզերանավը»։— Նա թխկթխկացրեց նավի իրանը,— ես լսում եմ՝ լսողական պատրանք է,— հոտոտեց,— հոտառական պատրանք, հեռազգացությամբ հաղորդվում են զգացմունքները։— Նա համբուրեց տիեզերանավի մետաղը,— ես համն եմ զգում՝ համի պատրանք։

Նա սեղմեց հրամանատարի ձեռքը։

- Թույլ տվեք շնորհավորել։ Հոգեկան հիվանդության հանճար եք։ Սա կատարելություն է։ Ձեր խանգարված երևակայությունը ողջ սրությամբ ուրիշների գիտակցությանը հասցնելու կարողությունը անհավանական է։ Մեր մյուս հիվանդները հիմնականում տեսողական պատրանքներով են տառապում, երբեմն նաև լսողական, դուք կարողանում եք ամբողջությունից գլուխ հանել։ Ձեր խելագարությունը ապշեցուցիչ է։

— Իմ խելագարությո՞ւնը..հրամանատարը գունատվեց։

— Այո, այո, սքանչելի խելագարություն է։ Մետաղ, ռետին, ձգողության սարքեր, սնունդ, հագուստ, վառելիք, զենք, շարժասանդուղք, հեղույսներ, պնդօղակներ, գդալներ, ես շատ առարկաներ ստուգեցի ձեր նավում։ Կյանքումս այսպիսի բարդ պատկեր չեմ տեսել։ Նույնիսկ բոլոր առարկաների ստվերները։ Կամքի ինչպիսի՜ լարում։ Եվ ամենը կարելի է շոշափել, հոտոտել, լսել, համտեսել։ Թույլ տվեք գրկեմ ձեզ։

Վերջապես նա հրամանատարին բաց թողեց։

— Ես մենագրություն կգրեմ։ Դա կլինի իմ լավագույն աշխատությունը։ Հաջորդ ամիս դասախոսություն կկարդամ Մարսյան գիտությունների ակադեմիայում։ Հենց միայն ձեր արտաքինը ինչ ասես արժե։ Դուք կարողացել եք նույնիսկ ձեր տեսքը փոխել՝ դեղինի փոխարեն երկնագույն աչքեր, և մաշկն էլ ոչ թե թուխ է, այլ վարդագույն։ Հապա այս համազգեստը, և հինգ մատը՝ վեցի փոխարեն։ Ապշեցուցիչ է, հոգեկան շեղման հետևանքով տեղի է ունեցել կենսաբանական փոփոխություն։ Եվ դեռ ձեր երեք ընկերները…

Նա հանեց փոքրիկ ատրճանակը։

— Դուք, իհարկե, անբուժելի եք։ Դուք զարմանալի դժբախտ մարդ եք, միայն մահը կփրկի ձեզ։ Ուզո՞ւմ եք մի վերջին խոսք ասել։

— Սպասեիք, ի սեր աստծո, մի՛ կրակեք։

— Դժբախտ արարած։ Ես ձեզ կազատեմ այս տիեզերանավը և այս երեք մարդուն պատկերացնելու տանջանքից։ Գրավիչ տեսարան կլինի՝ ձեզ սպանում եմ, և իսկույն անհետանում են և՛ ձեր բարեկամները, և՛ ձեր տիեզերանավը։ Այ թե հոդված կգրեմ իմ այսօրվա դիտարկումների մասին՝ «Ախտածին պատրանքների քայքայումը»։

— Ես Երկրից եմ, իմ անունը Ջոնաթան Ուիլյամս է, իսկ սրանք…

— Գիտեմ, գիտեմ,— բարեհամբույր նկատեց միստր Ըըը-ն և կրակեց։ Հրամանատարն ընկավ, գնդակը սրտին էր դիպել։ Նրա ընկերները գոռացին։ Միստր Ըըը-ն աչքերը չռեց։

— Դուք դեռ գոյությո՞ւն ունեք։ Հոյակա՜պ է։ Ժամանակի և տարածության մեջ տևական տեսապատրանքներ։— Նա ատրճանակն ուղղեց նրանց վրա,— ոչինչ, ես ձեզ կստիպեմ, որ անհետանաք։

— Ո՜չ,— գոռացին տիեզերագնացները։

— Լսողական պատրանք նույնիսկ հիվանդի մահից հետո,— գործնական տոնով ասաց միստր Ըըը-ն և մեկը մյուսի ետևից սպանեց նրանց։

Նա ոտքով հրեց նրանց, հետո թխկացրեց տիեզերանավին։

Առանց որևէ փոփոխություն կրելու նրանք անշարժ պառկած էին ավազի վրա։

— Չի անհետացել, նրանք էլ չեն անհետացել։

Նա նորից ու նորից կրակում էր անկենդան մարմիններին, հետո ընկրկեց։ Սառած ժպիտով դիմակը ընկավ ոտքերի առաջ։

Հոգեբույժի դեմքի արտահայտությունը հետզհետե փոխվում էր։ Նրա ծնոտը կախվում էր։ Ատրճանակն ընկավ թուլացած ձեռքից։ Նրա հայացքը դարձավ դատարկ ու բացակայող։ Նա ձեռքերը տարածեց և կույրի պես խարխափելով շրջվեց։ Նա տնտղում էր մեռած մարմինները, անընդհատ թուքը կուլ էր տալիս։

— Տեսապատրանքներ,— տենդագին քրթմնջում էր նա,— համ, տեսանելիք, հոտ, ձայներ, շոշափելիք։

Նա թափահարում էր ձեռքերը, չռել էր աչքերը։ Շուրթերին փրփուր էր հայտնվել։

— Չքվե՛ք,— գոռաց միստր Ըըը-ն, դառնալով մեռածների կողմը։— Չքվի՞ր,— գոռաց տիեզերանավի վրա։

Նա նայեց իր դողացող ձեռքերին․

— Վարակվեցի,- հուսահատ շշնջաց նա,— անցավ ինձ։ Հեռազգացություն, հիպնոս։ Հիմա ես էլ խելագար եմ։ Վարակված եմ։ Ամեն կարգի զգայական ընկալումներ,— մի պահ անշարժացավ, հետո սկսեց չենթարկվող մատներով փնտրել ատրճանակը։— Միայն մի միջոց կա։ Միակ եղանակը ստիպելու, որ անհետանան, կորչեն։

Կրակոց լսվեց։ Միստր Ըըը-ն ընկավ։

Արևի շողեյփ տակ պառկած էին չորս մարմին։ Միստր Ըըը-ն ընկած էր նրանց կողքին։

Տիեզերանավը արևով ողողված բլրի լանջին էր, չէր անհետացել։

Երբ մայրամուտին քաղաքի բնակիչները գտան տիեզերանավը, սկսեցին գլուխ կոտրել, թե դա ինչ է։ Ոչ ոք չկռահեց։ Տիեզերանավը վաճառեցին հնոտիք հավաքողին, որը տարավ և թափոնատեղիում հանձնելու համար մասերի բաժանեց։

Ամբողջ գիշեր անձրևում էր։ Հաջորդ օրը պարզ էր ու տաք։

Հ.Գ. Ալֆա, չեմ հավատում, որ դու մարսեցի ես :(

Անվերնագիր
22.08.2013, 20:13
Մեկդ չֆայմե՞ց Բրդեբերիի ծնունդը շնորհավորի :))

Բրեդբերի՝ խելահեղ ֆանատազիստ,շնորհավոր ծնուդտ: Շնորհակալ եմ քեզ ինձ՝ նոր աշխարհներ բացահայտելու համար:

Հ.Գ. ըհն, այ հիմա կարաս հանգիստ շարունակես Մարի ջան:

Վոլտերա
22.08.2013, 20:18
Քանի շեֆը ստեղ ա, իրա ասածով անեմ: Շարունակեմ :)

Գիշերային հանդիպում (Պատմվածք)

Կապույտ լեռներին չհասած, ճանապարհին Թոմաս Գոմեսը կանգ առավ բենզինի մենավոր լցակայանի մոտ։

― Մենակությունից չե՞ս նեղվում, հայրիկ,– հարցրեց Թոմասը։

Ծերուկը փալասով մաքրեց փոքրիկ բեռնատարի հողմնապակին։

― Առանձնապես չէ։

― Իսկ ինչպե՞ս է, Մարսը դո՞ւր է գալիս։

― Լավ է, միշտ մի նոր բան կա։ Երբ անցած տարի առաջին անգամ եկա, ինքս ինձ ասացի՝ գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ զարմացիր։ Երկիրը պետք է մոռանանք, այն ամենը, ինչ եղել է, պետք է մոռանանք։ Հիմա հարկավոր է ուշադիր լինել, վարժվել և հասկանալ, որ այստեղ ամեն ինչ այնպես չէ, այլ է։ Այո, այստեղ միայն մի եղանակ է, մարսյան եղանակ, ցերեկը դժոխային շոգ, գիշերը՝ դժոխային ցուրտ։ Իսկ անսովոր ծաղիկները, անսովոր անձրևը, ամեն քայլի մի անսպասելի բան կա։ Ես եկել էի հանգստանալու, մտածում էի՝ կապրեմ այնպիսի մի տեղ, ուր ամեն ինչ այլ կլինի։ Ծեր մարդու համար միջավայրը փոխելը շատ կարևոր է։ Ջահելները նրա հետ խոսելու հավես չունեն, ուրիշ ծերուկները նրան ձանձրացնում են։ Ես էլ գլխի ընկա, որ լավագույն ելքն ինձ համար այնպիսի անսովոր տեղ գտնելն է, որ եթե չծուլանաս ու շուրջդ նայես, ամենուր զվարճություններ տեսնես։ Այ, ընտելացել եմ այս լցակայանին։ Եթե գործից հոգնեմ, այստեղից դուրս կգամ և կգնամ մի որևէ հին մայրուղի, որն այսպես բանուկ չէ։ Ինձ հարկավոր է միայն ապրուստ վաստակել, այնպես որ ժամանակ մնա շուրջդ նայելու, նաև խորհելու, որ ամեն ինչ այլ կերպ է։

— Վատ չես մտածել, ծերուկ,— ասաց Թոմասը։ Նրա թուխ ձեռքերը հանգստանում էին ղեկին։ Նա հիանալի տրամադրության մեջ էր։ Տասն օր անընդմեջ նա աշխատել էր նոր ավաններից մեկում, հիմա երկու հանգստյան օր ուներ և մեկնում էր տոնակատարությանը մասնակցելու։

— Ես այլևս ոչնչից չեմ զարմանում,— շարունակեց ծերունին,— միայն Նայում եմ և վերջ։ Կարելի է ասել՝ տպավորություններ եմ կուտակում։ Եթե Մարսը այնպես, ինչպես որ կա, քո ճաշակով չէ, ավելի լավ է Երկիր վերադառնաս։ Այստեղ ամեն ինչ գլխիվայր է՝ հողը, օդը, ջրանցքները, բնիկները (ճիշտ է, ես ոչ ոքի դեռ չեմ տեսել, բայց ասում են, որ թափառում են ինչ֊որ տեղ), ժամացույցները։ Նույնիսկ իմ ժամացույցը անկարգություն է անում։ Այստեղ նույնիսկ ժամանակը գլխիվայր է։ Երբեմն ինձ թվում է, թե ինձնից բացի ուրիշ ոչ մեկը չկա այս անիծյալ մոլորակում։ Ամայի է։ Երբեմն էլ թվում է՝ ութամյա տղեկ եմ, ճստիկ, իսկ շուրջս ամեն ինչ հսկայական է։ Աստված վկա, մարդու համար սա ամենահարմար վայրն է։ Այստեղ ես առույգ եմ, ուղղակի երջանկացել եմ։ Գիտե՞ս, թե ինչ է Մարսը։ Նման է այն խաղալիքին, որ ինձ նվիրեցին ծննդյան տոներին, յոթանասուն տարի առաջ՝ գեղադիտակ էր կոչվում. ներսում ապակու կտորտանքներ էին, ուլունքներ, զանազան զիզի―պիզիներ... Իսկ երբ նրա միջով նայում էիր արևին՝ շունչդ բռնվում էր։ Ի՜նչ նախշեր էին։ Ա՛յ այդպիսին է Մարսը։ Հիացիր և մի՛ պահանջիր, որ այլ կերպ լինի։ Տե՜ր աստված, գիտե՞ս, որ այս մայրուղին մարսեցիները տասնվեց դար առաջ են կառուցել և կարգին վիճակում է։ Մի դոլար ու հիսուն սենթ ես տալու։ Շնորհակալություն և բարի գիշեր։

Թոմասը սլացավ հին մայրուղով, քթի տակ խնդմնդալով։

Դա մի երկար ճանապարհ էր լեռների ու խավարի միջով. նա ձեռքից բաց չէր թողնում ղեկը, միայն երբեմն զամբյուղից սառնաշաքար էր հանում։ Արդեն մի ժամ գնում էր, բայց չէր հանդիպել ոչ մի մեքենա, ոչ մի լույս, միայն ճանապարհի ժապավենն էր ձգվում, շարժիչն աղմկում էր, շուրջը խաղաղ Մարսն էր։

Միշտ խաղաղ Մարսն այս գիշեր ավելի անաղմուկ էր, քան երբևէ։ Թոմասի կողքով սահում էին անապատները, չորացած ծովերը և դեպի աստղերը միտող լեռնագագաթները։

Այդ գիշեր օդում զգալի էր Ժամանակի բույրը։ Նա ժպտաց, մտովի գնահատելով իր ստեղծած պատկերը։ Վատ միտք չէ։ Իսկապես, ինչպե՞ս է բուրում ժամանակը, նրանից փոշու, ժամացույցների, մարդկանց հոտ է գալիս։ Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։ Կանչող ձայնի նման է, դատարկ արկղի կափարիչին թափվող հողի թմփոցի։ Անձրևի նման է։ Շարունակենք և հարցնենք, թե ինչի նման է Ժամանակը, ձյան պես է, որ անաղմուկ իջնում է մութ ջրհորը կամ՝ հին համր կինոնկարի, որտեղ հարյուր միլիարդավոր անձինք նոր տարվա օդապարիկների պես ընկնում են ցած՝ անէություն։ Ահա թե ինչպես է բուրում Ժամանակը և թե ինչ տեսք ու ձայն ունի։ Իսկ այս գիշեր, Թոմասը ձեռքը հանեց պատուհանից, նույնիսկ թվում է՝ կարելի է շոշափել Ժամանակը։

Նա բեռնատար էր քշում Ժամանակի լեռներում։ Պարանոցը ծակեց, և Թոմասը ուշադիր առաջ նայելով՝ ուղղվեց։ Նա մտավ փոքր, մարսյան մեռած քաղաքը, անջատեց շարժիչը և հայտնվեց շրջապատող ամայության մեջ։ Շունչը պահած, նա նայում էր լուսնի լույսով ողողված ճերմակ շենքերին, որտեղ արդեն շատ դարեր մարդիկ չէին ապրում։ Հիանալի, անթերի շենքեր, թեկուզ ավերված, բայց միևնույն է՝ սքանչելի։

Շարժիչը միացնելով, Թոմասը էլի մի մղոն անցավ, հետո նորից կանգ առավ, իջավ, վերցրեց ուտելիքի զամբյուղը և բարձրացավ թմբի վրա, որտեղից կարելի էր հայացքով ընդգրկել փոշեծածկ քաղաքը։ Բացեց թերմոսը և մի գավաթ սուրճ լցրեց։ Նրա կողքով մի բու թոավ։ Լավ էր զգում իրեն, խաղաղ։ Հինգ րոպե անց Թոմասը ինչ―որ ձայն լսեց։ Վերևում, այնտեղ, ուր հին խճուղին անհետանում էր շրջադարձի ետևում, ինչ―որ շարժում նկատեց, աղոտ լույս, հետո շրշյուն լսվեց։ Գավաթը ձեռքում բռնած՝ Թոմասը շրջվեց։

Լեռներից ինչ―որ տարօրինակ բան էր մոտենում։

Դեղնականաչավուն միջատի նմանվող մեքենա էր, որ զմրուխտի պես շողալով՝ սահուն հատում էր օդը, փայլում էին սուտակե աչքերը։ Մեքենայի վեց ոտքերը հպվում էին մայրուղուն նոսր անձրևի մարող խշշոցով, իսկ ետնամասից իր մեղրագույն աչքերն էր Թոմասին հառել մի մարսեցի. նայում էր, ինչպես ջրհորի մեջ են նայում։

Թոմասը պարզեց ձեռքը և մտովի արդեն գոռացել էր՝ «ողջո՜ւյն», բայց շուրթերը չէին շարժվել, քանի որ դիմացինը մարսեցի էր։ Բայց Թոմասը լողացել էր Երկրի կապույտ գետերում, որի ափերով անցնում էին անծանոթ մարդիկ, օտար մարդկանց հետ սեղան էր նստել օտար տներում, և միշտ նրա լավագույն զենքը եղել էր ժպիտը։ Նա իր հետ ատրճանակ չէր վերցնում։ Այժմ էլ Թոմասը դրա կարիքը չէր զգում, թեկուզ սրտի խորքում վախ կար։ Մարսեցին էլ ձեռքում ոչինչ չուներ։ Սառն օդի միջով նրանք մի պահ նայեցին միմյանց։

Առաջինը Թոմասն ուշքի եկավ.

― Ողջո՜ւյն,— գոչԵց նա։

— Ողջո՜ւյն,— պատասխանեց մարսեցին իր լեզվով։

Նրանք իրար չհասկացան։

— Դուք ասացիք՝ ողջո՞ւյն,— հարցրին երկուսը միաժամանակ։

— Ի՞նչ ասացիք,— շարունակեց յուրաքանչյուրը իր լեզվով։

Երկուսն էլ խոժոռվեցին։

— Դուք ո՞վ եք,— անգլերեն հարցրեց Թոմասը։

— Ի՞նչ եք անում այստեղ,— հարցրեց անծանոթը։

― Ո՞ւր եք գնում,— հարցրին երկուսը մտահոգ։

― Իմ անունը Թոմաս Գոմես է։

— Ինձ անվանում են Մյու Քա։

Նրանք միմյանց չէին հասկանում, բայց յուրաքանչյուրը ներկայանալիս մատով խփում էր կրծքին, և իմաստը պարզ էր։

Հանկարծ մարսեցին ծիծաղեց.

― Սպասեք։

Թոմասը այնպիսի զգացողություն ունեցավ, որ ինչ―որ բան դիպավ գլխին։

― Այ այսպես,– անգլերեն ասաց մարսեցին։– Հիմա գործներս հաջող կընթանան։

― Դուք այդպես շո՞ւտ սովորեցիք իմ լեզուն։

― Ոչ, ի՞նչ եք ասում։

Երկուսն էլ չիմանալով ինչ անել, նայում էին Թոմասի ձեռքի տաք սուրճով լի բաժակին։

― Նորությո՞ւն է,– հարցրեց մարսեցին, զննելով նրան ու գավաթը, և հավանորեն երկուսին էլ նկատի առնելով։

― Կխմե՞ք մի գավաթ,― առաջարկեց Թոմասը։

― Որքան բարի եք։

Մարսեցին դուրս սահեց իր մեքենայից։ Երկրորդ բաժակը լցվեց տաք սուրճով։ Թոմասը մոտեցրեց մարսեցուն։ Նրանց ձեռքերը հանդիպեցին և ինչպես մառախուղի միջից, անցան մեկը մյուսի միջով։

— Տե՜ր աստված,— բացականչեց Թոմասը և վայր գցեց գավաթը։

― Օ՜, երկնային ուժեր,– ասաց մարսեցին իր լեզվով։

— Տեսա՞ք, ինչ եղավ,– շշնջացին նրանք։

Երկուսն էլ վախից քարացել էին։

Մարսեցին կռացավ, բայց ոչ մի կերպ չէր կարողանում վերցնել գավաթը։

— Աստվա՜ծ իմ,— բացականչեց Թոմասը։

— Տե՛ս է,— մարսեցին կրկին ու կրկին փորձում էր վերցնել գավաթը, ապարդյուն։

Նա ուղղվեց, մի պահ մտածեց, հետո գոտուց արձակեց դանակը։

― Հե՜յ,– գոռաց Թոմասը։

— Դուք չհասկացաք, բռնե՛ք,– ասաց մարսեցին և դանակը նետեց։

Թոմասն ագուցեց ձեռքերը, բայց դանակն անցավ նրանց միջով և վայր ընկավ։ Նա ուզում էր վերցնել, բայց չկարողացավ ու ցնցվելով ընկրկեց։

Նա նայեց երկնքի հենքին կանգնած մարսեցուն։

— Աստղերը,— ասաց Թոմասը։

― Աստղերը,— արձագանքեց մարսեցին՝ Թոմասին նայելով։

Մարսեցու մարմնի միջով փայլում էին վառ, ճերմակ աստղերը, նրա մարմինը կարծես զարդարված էր դրանցով, ինչպես մեդուզայի նուրբ կայծկլտուն թաղանթը։ Աստղերը մանուշակագույն աչքերի նման շողշողում էին մարսեցու կրծքին ու փորին, թանկարժեք քարերի պես՝ դաստակներին։

― Ես տեսնում եմ ձեր միջով, — ասաց Թոմասը։

― Ես էլ՝ ձեր միջով,– պատասխանեց մարսեցին, մի քայլ ընկրկելով։

Թոմասը շոշափեց իրեն, զգաց սեփական մարմնի ջերմությունը և հանգստացավ. «Ամեն ինչ կարգին է,— մտածեց նա,— ես կամ»։

Մարսեցին ձեռքը դիպցրեց իր քթին, ապա շուրթերին։

― Ես անմարմին չեմ,― ցածրաձայն ասաց նա,— կենդանի եմ։

Թոմասը մտահոգ նայեց նրան։

― Եթե ես կենդանի եմ, ուրեմն դուք մեռած եք։

― Ոչ, դուք։

― Տեսիլք եք։

― Ուրվական եք։

Նրանք մատով մեկը մյուսին էին ցույց տալիս, և աստղերի լույսը նրանց վերջույթներում շողում էր ու երփներանգվում, ինչպես դաշույնի, սառցալուլայի կամ լուսատտիկի փայլը։ Նրանք նորից ստուգեցին իրենց զգայությունները, և յուրաքանչյուրը համոզվեց, որ ողջ―առողջ է, հուզված, սրտատրոփ, շփոթված, զարմացած, իսկ մյուսը, օ, այո, անիրական է, այն տեսլական հատվածակողմը, որը որսում և ճառագայթում է հեռավոր աշխարհների լույսը...

«Ես հարբած եմ,– ինքն իրեն ասաց Թոմասը,– վաղը ոչ մեկին չեմ պատմի այս մասին, ոչ մեկին»։

Նրանք կանգնել էին հին մայրուղու վրա. երկուսն էլ անշարժ էին։

― Դուք որտեղի՞ց եք,— վերջապես հարցրեց մարսեցին։

― Երկրից։

― Դա ինչ բան է։

― Այնտեղ է,— Թոմասը գլխի շարժումով ցույց տվեց երկինքը։

― Վաղո՞ւց։

― Մի տարի առաջ ենք եկել, չե՞ք հիշում;

― Ոչ։

― Իսկ դուք, գրեթե բոլորդ, այդ ժամանակ մահացաք։ Երևի քչերն են փրկվել։

― Դա ճիշտ չէ;

― Իսկապես, բնաջնջվել եք։ Ինքս եմ տեսել դիակները։ Սևացած դիակներ սենյակներում, տներում, և բոլորը մեռած, հազարավոր մարմիններ։

― Ի՞նչ անհեթեթություն, մենք ապրում ենք։

― Պարոն, ձերոնց բոլորին հնձեց համաճարակը։ Տարօրինակ է, որ այդ մասին չգիտեք։ Դուք ինչ―որ ձևով փրկվել եք։

― Ես չեմ փրկվել, ինչի՞ց պետք է փրկվեի։ Ինչե՜ր եք ասում։ Ես գնում եմ Էնիալյան լեռների մերձակա ջրանցքի տոնին։ Նախորդ գիշերն էլ այնտեղ էի։ Մի՞թե չեք տեսնում քաղաքը,– մարսեցին պարզեց ձեռքը։

Թոմասը նայեց և ավերակներ տեսավ։

― Բայց այս քաղաքը մեռել է հազարավոր տարիներ առաջ։

Մարսեցին ծիծաղեց.

― Մեռա՞ծ է։ Երեկ այնտեղ եմ գիշերել։

― Իսկ ես նախորդ շաբաթ էի այնտեղ, անցած շաբաթ էլ և միայն ավերակներ էին։ Տեսնո՞ւմ եք ջարդված սյուները։

― Ջարդվա՞ծ; Հրաշալի տեսնում եմ՝ ուղիղ, սլացիկ սյուներ են։

― Փողոցում փոշուց բացի ոչինչ չկա,– ասաց Թոմասը։

― Փողոցները մաքուր են։

― Ջրանցքները վաղուց չորացել են, դատարկ են։

― Ջրանցքները լի են նարդոսի գինով։

― Քաղաքը մեռած է։

― Քաղաքը ապրում է,— առարկեց մարսեցին բարձր ծիծաղելով,– դուք սխալվում եք։ Տեսնո՞ւմ եք տոնակատարության լույսերը։ Այնտեղ հրաշալի մակույկներ են՝ նրբագեղ, ինչպես կանայք, և հրաշալի կանայք, որ նուրբ են մակույկների պես։ Ավազագույն մաշկով կանայք, ձեռքներին ալ ծաղիկներ։ Ես տեսնում եմ նրանց, տեսնում եմ ինչպես են վազում փողոցներով, այստեղից շատ փոքր են երևում։ Ես էլ այնտեղ եմ գնում, տոնին մասնակցելու։ Ամբողջ գիշերը մենք ջրանցքում կնավարկենք, կերգենք, կխմենք, կսիրենք։ Մի՞թե չեք տեսնում։

― Պարոն, այս քաղաքը մեռած է չորացած մողեսի պես։ Մերոնցից ում ուզում եք հարցրեք։ Ինչ վերաբերում է ինձ, ես գնում եմ Գրին―սիթի, Իլինոյսի խճուղու նոր բնակավայրը, վերջերս ենք կառուցել։ Իսկ դուք ինչ-որ բան խառնում եք։ Մենք միլիոն քառակուսի ոտնաչափ Օրեգոնյան լավագույն փայտի տախտակ ենք բերել, մի քանի տասնյակ տոննա պողպատյա մեխեր և երկու ավան ենք կառուցել, այնպիսիք, որ աչքդ չես ուզում կտրել։ Այսօր նրանցից մեկի ավարտն ենք նշում։ Երկրից երկու տիեզերանավեր են ժամանելու, մեր կանայք և հարսնացուներն են գալիս։ Ժողովրդական պարեր կլինեն, վիսկի...

Վոլտերա
22.08.2013, 20:18
...Մարսեցին ցնցվեց։

― Ասում եք՝ այն կողմո՞ւմ։

― Այո, այնտեղ, որտեղ հրթիռներն են, — Թոմասը նրան մոտեցրեց թմբի ծայրին և ներքև ցույց տվեց,– տեսնո՞ւմ եք։

― Ոչ։

― Գրողը տանի, այնտեղ են, երկար, արծաթագույն։

― Չեմ տեսնում։

Հիմա էլ Թոմասը ծիծաղեց։

― Դուք կույր եք։

― Ես հրաշալի տեսողություն ունեմ, այդ դուք չեք տեսնում։

― Լավ, իսկ նոր ավանը տեսնո՞ւմ եք։

― Ոչինչ չեմ տեսնում օվկիանոսից բացի, հիմա էլ տեղատվություն է։

― Միստր, այդ օվկիանոսը գոլորշիացել է քառասուն դար առաջ։

― Դե, այդ արդեն չափազանց է։

― Բայց ճիշտ է, հավատացնում եմ։

Մարսեցու դեմքը լրջացավ.

― Սպասեք, դուք իսկապե՞ս չեք տեսնում իմ նկարագրած քաղաքը։ Ճերմակ, ճերմակ սյուներ, նրբագեղ մակույկներ, տոնական հրավառություն, ես բոլորը այնպես պարզ եմ տեսնում։ Հապա լսեք։ Ես նույնիսկ նրանց երգն եմ լսում։ Այնքան էլ հեռու չեն։

Թոմասը ականջ դրեց և շարժեց գլուխը։

― Ո՛չ։

― Իսկ ես,– ասաց մարսեցին,— չեմ տեսնում ձեր նկարագրածը։

Նրանք նորից, սրսփացին, կարծես նրանց մարմինները ծակծկեցին սառցե ասեղներով։

― Իսկ գուցե...

― Ի՞նչ։

― Դուք ասացիք՝ «երկնքից»։

― Երկրից։

― Երկիրը դատարկ հնչյուն է,– ասաց մարսեցին,– բայց մի ժամ առաջ, երբ ես անցնում էի լեռնանցքով,― նա շոշափեց պարանոցը,– ես զգացի...

― Սառնությո՞ւն։

― Այո։

― Եվ հիմա՞ էլ։

― Այո, նորից ցուրտ է։ Ինչ֊որ տարօրինակ բան է կատարվել աշխարհի, լեռների, ճանապարհի հետ, ինչ―որ անսովոր բան։ Եվ լույսը, և ճանապարհը այն չեն, և ես այնպիսի զգացում ունեցա, կարծես տիեզերքի վերջին բնակիչն եմ։

― Ինձ հետ էլ նույնը կատարվեց,— ասաց Թոմասը հուզված, նա կարծես զրուցում էր հին, լավ բարեկամի հետ, վստահելով նրան թանկ մի գաղտնիք։

Մարսեցին փակեց աչքերը և նորից բացեց։

― Այստեղ կարող է մի բացատրություն լինել։ Այստեղ Ժամանակի հարց է։ Այո՛, այո՛, դուք Անցյալի տեսապատրանքն եք։

― Ո՛չ, այդ դուք եք Անցյալից,― ասաց երկրացին մտածելուց հետո։

― Ի՜նչ վստահ եք։ Կարո՞ղ եք ապացուցել, թե ով է Անցյալից, ով՝ Ապագայից։ Հիմա ո՞ր թվականն է։

– Երկու հազար երկու։

― Այսինքն՝ ես դրանից ի՞նչ հասկանամ։

Թոմասը մտածեց ու թոթվեց ուսերը։

― Ոչինչ։

― Նույնն է, որ ես ձեզ ասեմ, թե հիմա մեր տարեթվով 4462853 թվականն է։ Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։ Որտե՞ղ է ժամացույցը, ըստ որի կարող ենք որոշել աստղերի դիրքը։

― Բայց ավերակները փաստ են։ Նրանք ցույց են տալիս, որ ես Ապագան եմ, ես կենդանի եմ, իսկ դուք՝ մեռած։

― Իմ ամբողջ էությունը ժխտում է նման հնարավորությունը։ Իմ սիրտը զարկում է, ստամոքսս սնունդ է պահանջում, բերանս ծարավի է ջրի։ Ո՛չ, մեզնից ոչ մեկն էլ ոչ կենդանի է, ոչ մեռած։ Ի դեպ, ավելի շատ կենդանի ենք, քան մեռած։ Իսկ ավելի ճիշտ, մենք մեջտեղում ենք։ Ահա երկու ճամփորդ հանդիպել են գիշերը, ճանապարհին։ Երկու անծանոթ, որոնցից յուրաքանչյարը իր ճանապարհն ունի։ Դուք ասում եք՝ ավերակնե՞ր։

— Այո, դուք վախենո՞ւմ եք։

— Ո՞վ է ուզում տեսնել Ապագան և ո՞վ երբևէ կտեսնի։ Մարդը կարող է միայն Անցյալին խորամուխ լինել, բայց որ... դուք ասում եք սյուները փլվել են, և ծովը ցամաքել է։ Ջրանցքները դատարկ են, աղջիկները մեռել են, ծաղիկները թոռոմել,— մարսեցին լռեց, հետո նորից նայեց քաղաքին,— բայց ահա նրանք։ Ես տեսնում եմ։ Եվ այդ էլ բավական է։ Նրանք սպասում են ինձ՝ ինչ էլ որ դուք ասեք։

Ճիշտ այդպես Թոմասին սպասում էին հրթիռները, ավանները և Երկրից եկած կանայք։

— Մենք երբեք համաձայնության չենք գա,– ասաց նա։

— Համաձայնենք համաձայնության չգալ,— առաջարկեց մարսեցին,– Անցյալ, Ապագա, մի՞թե միևնույնը չէ, միայն թե մենք երկուսս էլ կենդանի լինենք, չէ՞ որ այն, ինչ գալու է մեզնից հետո, միևնույն է՝ գալու է, վաղը լինի, թե տասը հազար տարի անց։ Որտեղի՞ց գիտեք, որ այս տաճարները ձեր քաղաքակրթության ավերակները չեն հարյուր դար հետո։ Չգիտեք։ Ուրեմն, էլ մի հարցրեք։ Սակայն գիշերը կարճ է։ Ահա տոնական հրավառությունն սկսվեց, թռչունները թռան։

Թոմասը մեկնեց ձեռքը։ Մարսեցին կրկնեց նրա շարժումը։

Նրանց ձեռքերը չդիպան, տարրալուծվեցին միմյանց մեջ։

— Մենք դեռ կհանդիպենք։

— Ո՞վ գիտե, գուցե, երբևէ։

— Կուզենայի ձեզ հետ մասնակցել ձեր տոնակատարությանը։

— Ես էլ կուզենայի ձեր նոր ավանում լինել, տեսնել տիեզերանավը, որի մասին պատմեցիք, տեսնել մարդկանց, լսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։

— Ցտեսություն,— ասաց Թոմասը։

— Բարի գիշեր։

Իր կանաչ մետաղյա մեքենայով մարսեցին անաղմուկ սլացավ լեռները, իսկ երկրացին շրջեց իր բեռնատարն ու գնաց հակառակ ուղղությամբ։

― Տե՛ր աստված, այս ի՜նչ երազ էր,― հառաչեց Թոմասը, ձեռքը ղեկին դրած՝ մտածելով հրթիռների, կանանց, թունդ վիսկիի, վիրջինյան պարերի, սպասվող ուրախության մասին։

― Ի՜նչ տարօրինակ տեսիլք էր,— մտաբերեց մարսեցին. ավելացնելով արագությունը և մտածելով ջրանցքների, մակույկների, ոսկեաչվի կանանց, երգերի մասին...

Մութ գիշեր էր։ Լուսինները դուրս էին եկել։ Միայն աստղերն էին առկայծում դատարկ մայրուղու վրա։ Ո՛չ ձայն կար, ո՛չ մեքենա, ո՛չ որևէ կենդանի արարած, ոչինչ։ Այդպես էր մինչև այդ ցուրտ գիշերվա վերջը։

Հ.Գ. Ժող, ահավոր սիրուն, դրամատիկ ու համով պատմվածք է, հետն էլ սարսափելի սիրուն ֆանտաստիկա է խառնած: Կարդացեք անպայման :)

Jarre
22.08.2013, 21:23
Mari Melikyan շնորհակալություն լավ թեմայի և տեքստերի համար։ Մի հարց։ Բրեդբերիի պատմվածքները հայերեն թարգմանված հրատարակվե՞լ են, թե՞ դու ես թարգմանում։

Alphaone
22.08.2013, 21:28
Mari Melikyan շնորհակալություն լավ թեմայի և տեքստերի համար։ Մի հարց։ Բրեդբերիի պատմվածքները հայերեն թարգմանված հրատարակվե՞լ են, թե՞ դու ես թարգմանում։

Դեռ սովետի ժամանակ են հրապարակված կային, մնացած մասով թող Մարին ասի՝ ինքն է թարգմանում, թե էն թարգմանությունն է վերցնում :)

Վոլտերա
22.08.2013, 21:29
Mari Melikyan շնորհակալություն լավ թեմայի և տեքստերի համար։ Մի հարց։ Բրեդբերիի պատմվածքները հայերեն թարգմանված հրատարակվե՞լ են, թե՞ դու ես թարգմանում։

Jarre ջան, ես չեմ թարգմանում: Հրատարակված կան :)

StrangeLittleGirl
23.08.2013, 01:12
Գիշերային հանդիպումը Մարսի քրոնիկաներից իմ ամենասիրելի գործերից ա :love

Alphaone
23.08.2013, 19:26
Ռեյ Բրեդբերի - 451 Աստիճան ըստ ֆարենհայթի /թարգմ. Լևոն Անանյան

http://freebooks.do.am/load/r_39_ey_bredberi_451_astitwan_y_39_st_farenhayt_39_i_t_39_argm_l_on_ananyany_39/4-1-0-1938

Վոլտերա
23.08.2013, 21:33
Եթե քեզ ինչ-որ բան է պետք` ինքդ հասիր դրան:

Ինչ ամոթ է, որ մարդիկ չեն կարողանում միմյանց սիրել այնպես, որ այդ սերը պահեն ողջ կյանքի ընթացքում, և դրա փոխարեն սկսում են փնտրել ուրիշ մեկին:


Այն, ինչը մեկի համար անպետք թափոն է, մյուսի համար անհասանելի ճոխություն է:

Դուք կարող եք ստանալ այն ամենը` ինչ ձեզ պետք է, եթե միայն այն ձեզ իսկապես պետք է:

Ամեն ինչ իր ժամանակն ունի: Կա քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ: Կա լռելու ժամանակ և խոսելու ժամանակ:

Չարը միայն մեկ ուժ ունի` այն, որը մենք ինքներս ենք նրան շնորհում:

Ինձ համար ամենակարևորը զարմանալ չդադարելն է:

Եթե ես մանկական հոգեբանության մասին քննախոսություն գրելու լինեի, ես դա հավանաբար «Անհամբերություն» կվերնագրեի:

Գրքերը մեզ ցույց են տալիս կյանքի դեմքի ծակոտիները:

Պատերազմում ընդհանրապես չեն հաղթում: Բոլորը միայն պարտվում են, և ով վերջինն է պարտվում` խաղաղություն է հայցում:

Երիտասարդների մեծ մասը մահու չափ վախենում են, երբ տեսնում են, որ կնոջ գլխում թեկուզ ինչ-որ մտքեր կան:

Կան ավելի ծանր հանցագործություններ, քան գրքեր այրելը: Օրինակ` դրանք չկարդալը:

Երբ ես տասնինը տարեկան էի ես պետք է ընդունվեի քոլեջ: Ես աղքատ ընտանիքից էի, մենք փող չունեինք, այնպես որ ես գնացի գրադարան: Շաբաթվա մեջ երեք օր ես կարդում էի գրքեր: Քսանյոթ տարեկանում համալսարանի փոխարեն ես ավարտեցի գրադարանը:

Վոլտերա
23.08.2013, 21:34
Մենք սիրում ենք մայրամուտը սոսկ այն բանի համար, որ այն տեղի է ունենում օրվա մեջ միայն մեկ անգամ:
Առաջին բանը, որ իմանում ես կյանքում, այն է, որ դու հիմար ես: Վերջինը, որ իմանում ես, այն է, որ դու էլի նախկինի պես հիմար ես: Այն ամենն, ինչ անսպասելի եկել է քեզ մոտ ու պիտի մնա և այլևս երբեք չի լքելու՝ «Ես ողջ եմ» միտքն է: Ես իսկապես ողջ եմ: Նախկինում ես այդ մասին չգիտեի: Իսկ գուցե գիտեի, բայց չեմ հիշում: Սակայն ոչինչ հնարավոր չէ հավերժ պահպանել: Կյանքը միայնություն է: Աշխարհ ես գալիս, մեծանում ես, ծերանում ես, մեռնում ես: Ծնունդդ քեզնից անկախ է: Սակայն հասակ առնելու, ծերանալու, մեռնելու հետ գուցե թե կարելի՞ է ինչ-որ բան անել: Մեզ բոլորիս համար դժվար է հավատալ, յուրաքանչյուրիս համար դժվար է հավատալ, որ մնացյալ ամեն բան գոյություն ունի, քանի որ մենք չափից ավելի հեռու ենք մեկս մյուսից: Երբ ամբողջ ժամանակ ապրում ես մարդկանց կողքին, նրանք ոչ մի կաթիլ չեն փոփոխվում: Դու զարմանում ես փոփոխություններից միայն այն դեպքում, երբ միառժամանակ բացակայում ես: Իսկ երբ ապրում ես հեռվում, շատ բան ես կորցնում, այդ թվում նաև վախը: Եվ ես հիմա չեմ վախենում…

Վոլտերա
23.08.2013, 21:36
Տարագիրները (Պատմվածք)

Նրանց աչքերը բոցկլտում Էին շիկացած ածուխների նման, շուրթերը կրակ էին ժայթքում, երբ կռացած՝ կաթսայի մեջ էին մտցնում մերթ ճենճոտ փայտը, մերթ ոսկրոտ մատները։

Երթ պիտի մենք կրկին խմբվենք երեքով՝
Որոտով ու կայծակով կամ անձրևով։

Հարբած, օրորվելով, նրանք պարում էին ցամաքած ծովի ափին, պղծելով օդը անեծքներով և շանթահարելով չար կատվային հայացքով։

Կաթսայի շուրջ պտույտ գործենք,
Թունոտ աղիք մեջն ածենք։
Դյութվի՛ր, դյութվի՛ր, տաժա՛նք, նյութվի՛ր,
Կաթսա՛, փրփրա՛, բո՛ց, վառվի՛ր։

Նրանք կանգ առան, շուրջը նայեցին։

— Որտե՞ղ է հուռութքը։ Ո՞ւր են ասեղները։

— Ահա։

— Լավ է, ի՛նչ լավ է։

— Դեղին մոմը պնդացե՞լ է։

— Լցրեք կաղապարը։

— Պատրաստ է։

— Եղավ, եղավ,— նրանք ափի մեջ պահում էին մոմե արձանիկը, և փափուկ մոմը մաթի պես կպչում էր նրանց գոսացած մատներին։

— Հիմա ասեղով՝ ուղիղ սրտի մեջ։

— Հուռութքը, ո՞ւր է հուռութքը։ Բախտ գուշակելու քարտերի մոտ է, փոշին վրայից թափ տվեք, իսկ հիմա նայեք...

Վհուկները աչքերը չոեցին մոգական հուռութքի վրա։ Նրանք գունատվեցին։

— Նայեք, նայեք, նայեք։

Տիեզերանավը Երկրից թռչում էր դեպի Մարս։ Նավի մեջ մեռնում էին մարդիկ։

Հրամանատարը հոգնած բարձրացրեց գլուխը։

— Ստիպված ենք մորֆի տալ։

— Բայց, հրամանատար...

— Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որքան վատ է վիճակը։

Հրամանատարը բարձրացրեց բրդյա ծածկոցը։ Խոնավ սավանի տակ պառկած մարդը շարժվեց, տնքաց։ Օդը հագեցած Էր այրված ծծմբի հոտով։

— Ես տեսա, տեսա...— Մեռնողը բացեց աչքերը, և նրա հայացքը կանգ առավ լուսանցույցի վրա, որի ետևում տիեզերական անհունն էր, աստղաբույլերը, հեռվում մնացած Երկիր մոլորակը և բոլորովին մոտակայքում՝ Մարսի հսկայական կարմիր գունդը։

— Ես տեսա նրան... մարդու դեմքով հսկայական արնախում հրեշը... թևերն էր թափահարում, թափահարում էր... թափահարում էր...

— Զարկերա՞կը,— հարցրեց հրամանատարը։

Բուժակը շոշափեց զարկերակը։

— Հարյուր երեսուն։

— Այդպես երկար չի դիմանա, մորֆի տվեք։ Գնացինք, Սմիթ։

Նրանք առաջ անցան։ Թվում էր՝ հատակի նախշերը կազմված են լուռ ճչացող մարդկային ոսկորներից ու գանգերից։ Հրամանատարը քայլում էր, ջանալով չնայել ոտքերի տակ։

— Փըրսն այստե՞ղ է,— հարցրեց նա՝ բացելով հաջորդ խցիկի դուռը։

Սպիտակ վերնոցով վիրաբույժը հեռացավ սեղանին մեկնված մարմնից։

— Ոչինչ չեմ հասկանամ։

— Ինչի՞ց է մեռել։

— Չգիտենք, հրամանատար։ Սրտից չէ, աղեղից չէ, գիտակցության կորստի հետևանք էլ չէ։ Ուղղակի դադարեց շնչել։

Հրամանատարը բռնեց բժշկի դաստակը, փնտրեց զարկերակը։ Տենդագին զարկերը խայթի պես ծակեցին մատները։ Հրամանատարի դեմքն անկիրք էր։

— Խնայեք ձեզ, ձեր սրտի զարկերն էլ արագացած են։

Բժիշկը գլխով արեց։

— Փըրսը գանգատվում էր ոտքերի ու դաստակների ցավից, ասում էր՝ կարծես ասեղներով ծակծկում են, և որ ինքը մոմի պես հալչում է։ Հետո ընկավ։ Օգնեցի, որ ոտքի ելնի։ Երեխայի պես լալիս էր։ Ասում էր՝ իբր սրտի մեջ արծաթն ասեղ կա։ Նա մեռավ։ Ահա նրա մարմինը։ Եթե ուզում եք, կարող ենք կրկնակի դիահերձում կատարել։ Լրիվ առողջ է։

— Անհավանական է, պետք է, չէ՞, մի պատճառ լինի։

Հրամանատարը մոտեցավ լուսանցույցին։ Նա զգում էր, որ մենթոլի, յոդի և բժշկական օճառի հոտ են արձակում իր խնամված ձեռքերը։ Ճերմակ ատամները ողողված էին թանկարժեք էլիքսիրով, մաքուր լվացված ականջներն ու այտերը վարդագույն էին, համազգեստը հիշեցնում էր պսպղուն աղակտոր, փայլեցրած կոշիկները նման էին երկու սև հայելու։ Գանգուր, կարճ կտրած մազերից օծանելիքի սուր բույր էր գալիս։ Նույնիսկ հրամանատարի շունչը մաքուր էր և թարմ, ինչպես օդը սառնամանիքին։ Նրա վրա ոչ մի բիծ չկար։ Նա նման էր նոր վիրադանակի՝ վարակազերծված և վիրահատության պատրաստ։ Ճիշտ այդպիսին էր նաև նրա ողջ անձնակազմը։ Թվում էր, նրանցից յուրաքանչյուրի մեջքին բանալի կա, որով եթե լարես՝ գործի կընկնեն։ Կարծես թանկ ու լավ հղացված խաղալիքներ էին՝ հլու և անխափան։

Հրամանատարը նայում էր, թե ինչպես է մեծանում մոտեցող Մարսը։

— Մի ժամ հետո վայրէջք կկատարենք այս անիծյալ մոլորակի վրա։ Սմիթ, դուք երբևէ երազում արնախում հրեշներ և այլ նողկալի մղձավանջներ տեսե՞լ եք։

— Տեսել եմ, սըր։ Նյու Յորքից մեր նավի արձակումից մի ամիս առաջ։ Սպիտակ առնետները կրծում էին պարանոցս, արյունս էին ծծում։ Վախենում էի ձեզ ասել, մտածում էի՝ չեք տանի ձեզ հետ։

— Դե լավ,— հոգոց հանեց հրամանատարը,— ես էլ եմ երազ տեսել։ Կյանքիս հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ։ Թռիչքից մի քանի շաբաթ առաջ։ Իսկ հետո՝ ամեն գիշեր։ Իբր ես ճերմակ գայլ եմ, որի հետ հաշվեհարդար են տեսել ձյունոտ բլրի վրա։ Ինձ վրա կրակել են, կապարե գնդակը մխրճվել է մարմնիս մեջ։ Իսկ հետո թաղել են հողում և սիրտս ցից խրել։— Նա գլխով Մարսը ցույց տվեց։

— Սմիթ, կարծում եք նրանք սպասո՞ւմ են մեզ։

— Ով գիտե, գուցե, մարսեցինե՞ր կան այնտեղ, սըր։

— Ուրիշ էլ ով։ Նրանք սկսեցին մեզ ահաբեկել թռիչքից դեռ երկու ամիս առաջ։ Այսօր նրանք սպանեցին Փըրսին և Ռեյնոլդսին։ Երեկ կուրացավ Գրենվիլը։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չգիտե։ Հրեշներ, ասեղներ, երազներ, առանց պատճառի մեռնող մարդիկ։ Ուրիշ ժամանակ լիներ կասեի՝ կախարդանք է, բայց մենք ապրում ենք 2120 թվականին, Սմիթ։ Մենք գիտակից մարդիկ ենք։ Ոչ մի նման բան չպետք է տեղի ունենար։ Բայց արի տես, որ տեղի է ունենում։ Ովքեր էլ որ լինեն այդ մարդիկ իրենց արնախում հրեշներով ու ասեղներով, նրանք, հավանաբար, ձգտում են վերջ տալ բոլորիս։— Նա կտրուկ շրջվեց,— Սմիթ, բերեք այստեղ իմ պահարանի բոլոր գրքերը, ուզում եմ վայրէջքի ժամանակ ինձ մոտ լինեն։

Սեղանին ոչ պակաս, քան երկու հարյուր գրքից բաղկացած կույտ գոյացավ։

— Շնորհակալ եմ, Սմիթ։ Դուք երբևէ աչքի անցկացրե՞լ եք սրանք։ Կարծում եք՝ խելագարվե՞լ եմ։ Գուցե։ Վերջին պահին դուրս գրել տվեցի պատմության թանգարանից, պատճառը այդ հիմար երազներն էին։ Քսան գիշեր շարունակ ինձ խողխողում էին, կտոր֊կտոր անում, ճղավող հրեշը գամված էր վիրահատության սեղանին, ինչ֊որ զազրելի ու գարշահոտ բան պահվում էր հատակի տակ՝ սև ւսրկղում։ Մղձավանջային, սարսափելի երազներ։ Մենք բոլորս կախարդների, չարքերի, վհուկների, ուրվականների ու հրեշների մասին մղձավանջային երազներ էինք տեսնում, որոնց մասին երբևէ պատկերացում չենք ունեցել։ Ինչո՞ւ։ Որովհետև հարյուր տարի առաջ ոչնչացվել են բոլոր գրքերը, որոնցում խոսվում էր այդ մասին։ Օրենքով արգելված են այդ սարսափելի գրքերը։ Սրանք, որ դուք տեսնում եք, Սմիթ, վերջին նմուշներն են։ Պատմության թանգարանի գրապահոցներում են պահում։

Սմիթը կռացավ, ջանալով կարդալ փոշոտ կազմերի վրայի անվանումները։

— Էդգար Ալան Պո՝ «Մտացածին և խորհրդավոր պատմություններ», Բրեմ Ստոքըր՝ «Դրակուլա», Մերի Շելլի՝ «Ֆրանկենշտայն», Հենրի Ջեյմս՝ «Պտուտակի դարձը», Վաշինգտոն Իրվինգ՝ «Քնկոտ հովտի առասպելը», Նաթանիել Հոթորն՝ «Ռապաչինիի դուստրը», Ամբրոզ Բիրս՝ «Աուլքրիք կամրջի միջադեպը», Լուիս Քերոլ՝ «Ալիսան հրաշքների աշխարհում», Ալջըրնոն Բլեքվուդ՝ «Ուռիները», Ֆրենկ Բաում՝ «Խորհրդավոր ստվեր Ինսմութի վրա»։ Հապա Ուոլտեր դե լա Մերի, Ուեյքֆիլդի, Հարվիի, Ուելսի, Ասկվիթի, Հաքսլիի գրքե՞րը։ Սրանք բոլորն արգելված հեղինակներ են, որոնց գրքերն այրեցին նույն այն տարում, երբ դադարեցին նշել սրբերի օրերն ու ծննդյան տոները։ Բայց մեր ինչի՞ն են պետք այդ գրքերը։

— Չգիտեմ,— հոգոց հանեց հրամանատարը,— առայժմ չգիտեմ։

Երեք վհուկները վեր պարգեցին հուռութքը։ Նրա մեջ նշմարվում էր հրամանատարի դեմքը։ Նրանց ականջին հասան նրա հազիվ լսելի «չգիտեմ, առայժմ չգիտեմ» բառերը։ Կախարդները հայելիները հառեցին միմյանց։

— Պետք է շտապել,— ասաց առաջինը։

— Ժամանակն է զգուշացնել քաղաքում գտնվողներին։

— Հարկավոր է նրանց ասել գրքերի մասին։ Գործներս վատ են։ Այդ հիմար հրամանատարն է մեղավոր։

— Մի ժամ հետո այստեղ վայրէջք կկատարի նրանց նավը։

Երեք վհուկները ցնցվեցին և նայեցին մարսյան ցամաքած ծովի ափին, որտեղ Զմրուխտե քաղաքն էր։ Նրա ամենաբարձր դստիկոնում փոքրամարմին մարդը մի կողմ քաշեց պատուհանի կարմրածուփ վարագույրը։ Նա նայեց ամայի տարածքին, որտեղ կախարդ պառավները իրենց խառնուրդն էին եփում և ձեռքերում տրորում մոմը։ Ավելի հեռվում հազարավոր ուրիշ խարույկներ էին երևում։ Մարսյան գիշերային օդում լողում էին գիշերաթիթեռի թևերի պես թեթև անուշահոտության կապույտ շամանդաղը, ծխախոտի սև քուլաները, եղևնու սգո ճյուղերի խարույկի ծուխը ու դարչինի հոտով մառախուղը։ Փոքրամարմին մարդը հաշվում էր վհուկների ճարճատող խարույկները։ Կարծես իր վրա զգալով երեք կախարդների հայացքները, նա շրջվեց։ Բոսորագույն վարագույրի հավաքած եզրը ցած սահեց, կիսով չափ ծածկելով պատուհանը, թվաց, թե հարևան շքամուտքը աչքով արեց, ինչպես դեղին աչք։

Վոլտերա
23.08.2013, 21:37
...Էդգար Ալան Պոն դուրս էր նայում աշտարակի պատուհանից և գինու հոտը, որ խմել էր, խտղտում էր ռունգերը։

— Հեկատեի բարեկամները հիմա շատ գործ ունեն,— ասաց նա, նայելով հեռվում երևացող վհուկներին։

— Ես տեսա, թե այսօր ինչպես էր նրանց հալածում Շեքսպիրը,— թիկունքում հնչեց մի ձայն,— ծովափին հավաքվել էր նրա ողջ թիկնազորը, հազարներ էին։ Այնտեղ էին երեք վհուկները, Օբերոնը, Համլետի հայրը, Պակը , բոլորը։ Աստված իմ, հազարներ էին, մարդկային ծով։

— Սքանչելի Վիլյամ,— Պոն շրջվեց։

Մուգ կարմիր ծալազարդ վարագույրը սահեց՝ ծածկելով պատուհանը։ Նա դեռ մի վայրկյան կանգնած մնաց, նայելով պատերի կոպիտ որմածքին, սևացած փայտե սեղանին, մոմի լույսին և սեղանի մոտ նստած մարդուն, որը պարապությունից լուցկիներ էր վառում մեկը մյուսի ետևից և նայում էր, թե ինչպես կիսով չափ այրվելուց հետո մարում են։ Դա Ամբրոզ Բիրսն էր։ Քթի տակ նա ինչ֊որ բան էր սուլում՝ ժամանակ առ ժամանակ կամացուկ ծիծաղելով։

— Հարկավոր է նախազգուշացնել պարոն Դիքենսին,— ասաց Պոն։— Առանց այդ էլ շատ հապաղեցինք, մեր տրամադրության տակ հաշված ժամեր են մնացել։ Դուք ինձ հետ կգա՞ք նրա տուն, Բիրս։

Բիրսը աշխուժորեն նրան նայեց։

— Ես հենց նոր մտածում էի՝ ի՞նչ կպատահի մեզ։

— Եթե չկարողանանք սպանել տիեզերագնացներին կամ գոնե վախեցնել, բնականաբար ստիպված կլինենք թողնել մոլորակը։ Կհաստատվենք Յուպիտերի վրա, իսկ եթե նրանք այնտեղ էլ հասնեն՝ կմեկնենք Սատուրն, եթե այդտեղ գան, մեր տրամադրության տակ են Ուրանը, Նեպտունը, վատթարագույն դեպքում՝ Պլուտոնը։

— Իսկ հետո՞...

Էդգար Պոյի դեմքը հոգնած էր, աչքերում մարմրում էին խարույկների ցոլքերը, ձայնը տխուր էր ու օտարոտի, արտահայտիչ շարժումներն ու զարմանալի ճերմակ ճակատին ընկած սև մազափունջը անհամատեղելի էին թվում։ Կարծես տապալված դև էր, պարտված զորավար։ Մտքերի մեջ ընկնելիս նա սովորություն ուներ կծոտել մուգ, մետաքսափայլ բեղերը, որոնք շատ էին տուժում։ Նա այնքան փոքրահասակ էր, որ թվում էր, թե ճերմակ, խոշոր, կարծես լույս ճառսւգող ճակատը ինքնուրույն շարժվում է սենյակի աղջամուղջում։

— Մենք մի առավելություն ունենք՝ տեղաշարժվելու ավելի կատարյալ միջոցներ,— ասաց նա,— բացի այդ, միշտ էլ կարելի է հույս դնել նրանց ատոմային պատերազմների, պետությունների կործանման, միջնադարի, հետևաբար, սնահավատության վերադարձի վրա։ Եվ մի հրաշալի երեկո բոլորս կկարողանանք վերադառնալ Երկիր։— Էդգար Պոն մտածկոտ աչքերը հառեց առաստաղին,— նրանք թռչում են այստեղ, որպեսզի այս աշխարհն էլ ավերեն։ Չե՞ն ուզում համակերպվել այն մտքին, որ դեռ ինչ֊որ բան չեն պղծել։

— Մի՞թե գայլերի ոհմակը կհանգստանա, եթե թեկուզ մի ոչխար կենդանի մնացած լինի,— ասաց Բիրսը։— Իսկական մարտ կլինի։ Ես կնստեմ հեռվում ու կհաշվեմ միավորները։ Կհաշվեմ, թե քանի երկրացի ընկավ եռացող ձյութի կաթսան և շշերում գտնված քանի ձեռագիր է նետվել խարույկը, քանի երկրացի են ասեղնահարված և քանի Կարմիր մահ է փախուստի դիմել ասեղների տեսքից, հա, հա, հա...

Պոն թեթևակի օրորվեց՝ հարբած գինուց ու զայրույթից։

— Մենք ի՞նչ ենք արել։ Ի սեր աստծո, մեզ հետ եղեք, Բիրս։ Մի՞թե քննադատները և գրախոսները արդարացի էին մեր գրքերի հանդեպ։ 0՜, ոչ։ Նրանք գրքերն ուղղակի բռնում էին մանրէազերծ ունելիներով և նետում էին կաթսան՝ եռացնելու և վնասակար մանրէները ոչնչացնելու համար։ Անիծվեն նրանք։

— Զվարճալի վիճակ է,— ասաց Բիրսը։

Աշտարակի աստիճաններից լսվող հուսահատ աղաղակը ընդհատեց զրույցը։

— Միստր Պո, միստր Բիրս։

— Հիմա, հիմա, գալիս ենք,— մի քանի աստիճան իջնելով՝ նրանք տեսան պատին հենված մարդուն։ Հուզմունքից նրա շունչը կտրվում էր։

— Լսե՞լ եք լուրը,— գոռաց նա։ Ապա դողացող ձեռքերով կառչեց նրանցից, ասես ոտքերի տակ անդունդ էր բացվել։— Մի ժամից վայրէջք կկատարեն։ Գրքեր են բերում։Վհուկներն ասում են, որ հին գրքեր են։ Իսկ դուք օրհասական այս պահին նստել եք աշտարակում։ Ինչո՞ւ ոչինչ չեք ձեռնարկում։

— Մենք անում ենք, ինչ հնարավոր է, Բլեքվոլդ,— ասաց Պոն։— Ձեզ համար դա նորություն է։ Եկեք մեզ հետ, մենք գնում ենք պարոն Չարլզ Դիքենսի մոտ...

— Որպեսզի կշռադատենք մեր վիճակը, մեր տխուր վիճակը,— ավելացրեց Բիրսը և աչքով արեց։

Նրանք սանդուղքներով իջնում էին ցած՝ ամրոցի խոր լռության մեջ, ավելի ու ավելի ներքև, այնտեղ, ուր սարդոստայն էր, փոշի ու կեղտ։

— Մի՛ հուզվեք,— ասաց Պոն, և նրա ճակատը լուսավորեց նրանց ճամփան, ինչպես խոշոր ճերմակ լամպ՝ մերթ բռնկվելով, մերթ մարելով։— Ես կանչել եմ բոլոր նրանց, ովքեր մեռած ծովի ափին են։ Նաև մերոնց՝ իմ բարեկամներին, Բլեքվուդ, ձերոնց նույնպես, Բիրս։ Բոլորն այնտեղ են։ Բոլոր գազանները, վհուկներն ու սուրատամ ծերուկները։ Թակարդները լարված են, ճոճանակներն ու հորերը սպասում են, Կարմիր մահը նույնպես,— նա կամացուկ ծիծաղեց,— այո, Կարմիր մահը։ Կարո՞ղ էի ես մտածել, որ կգա ժամանակը, երբ իսկապես հարկավոր կլինի Կարմիր մահվան գոյությունը։ Բայց նրանք ուզում են այդ և կստանան։

— Մենք արդյո՞ք բավականաչափ ուժեղ ենք,— կասկածները տանջում էին Բլեքվոլդին։

— Իսկ ի՞նչ է ուժը։ Ամեն դեպքում նրանք անակնկալի կգան։ Նրանք զուրկ են երևակայությունից, այդ մաքրակենցաղ, երիտասարդ տիեզերագնացները՝ վարակազերծ արտահագուստներով և ակվարիում հիշեցնող գնդաձև սաղավարտներով։ Նրանք նոր կրոն են պաշտում, կրծքներին ոսկյա շղթաներից հերձադանակներ են կախված, գլխներին մանրադիտակներից սարքված խույր կա, ձեռքներին՝ ծխացող բուրվառներ, մինչդեռ իրականում դրանք սոսկ մանրէասպան ավտոկլավներ են։ Նրանք ուզում են ամեն կարգի սատանայություններին մեկընդմիշտ վերջ տալ։ Պոյի, Բիրսի, Հոթորնի, Բլեքվուդի անուները չպետք է պղծվեն նրանց վարակազերծ շուրթերում։

Ամրոցից դուրս գալով, նրանք հատեցին հովիտը։ Լիճը լիճ չէր, փայլփլուն էր ու տեսլական, ինչպես մղձավանջային երազում։ Օդը լի էր ինչ֊որ ձայներով, թևաբախումներով, քամու հառաչով։ Խարույկի մոտ քրթմնջոցը մեկ լռում, մեկ նորից էր հնչում, մարմինները ճոճվում էին։ Կրակի լույսի տակ Պոն տեսավ, թե ինչպես փայլատակեցին հյուսելու շյուղերը։ Նրանք հյուսում ու հյուսում էին։ Նրանք կանխագուշակում էին ցավ, տառապանք և չարիք մոմե արձաններին, որոնք պատկերում էին մարդկանց։ Եռացող կաթսայից սխտորի, պղպեղի հոտ էր գալիս, կրակի մեջ նետված զաֆրանը գլխապտույտ առաջացնող բուրմունք էր սփռում...

— Շարունակեք,— գոչեց Պոն,— ես դեռ կվերադառնամ։

Ծովի ամայի ափին սև ֆիգուրները ձգվեցին, սկսեցին աճել և հանկարծ երկինք ելան, ինչպես սև ծուխ։ Հեռու լեռներում աշտարակների վրա զնգզնգացին զանգակները, և սև ագռավները անհանգստացած բրոնզե զանգերի աղմուկից, թևաբախումով վեր սլացան ու տարածվեցին օդում, ինչպես փոշի։

Միայնակ բլրից Պոն ու Բիրսը հապճեպ իջնում էին հովիտը և շուտով հայտնվեցին սալարկված նրբանցքում։ Ցուրտ, մռայլ եղանակ էր, նաև մառախուղ, և ետ ու առաջ անող անցորդները դոփում էին, որպեսզի մի քիչ տաքանան, մոմերի լույսեր էին երևում գրասենյակների եւ կրպակների պատուհաններում, որտեղ կախված էին Ծննդյան տոների հնդկահավերը։ Ոտքից գլուխ տաք փաթաթված աղաների խումբը գովերգում էր Ծննդյսւն տոները. «Աստված ձեզ երջանկություն տա», և նրանց շունչը սպիտակ ամպ էր դառնում ճքճքան օդում։ Աշտարակի ժամացույցը միապաղաղ ավետում էր կեսգիշեր։ Երեխաները դուրս էին վագում փռերից, կեղտոտ ձեռքերում ամուր պահած կաթսաներն ու մատուցարանները, որոնցից Նոր տարվա ճաշի գոլորշին էր ելնում։

Կանգնելով «Սկրուջ, Մարլի և Դիքենս» ցուցանակի տակ, Պոն ձեռքն առավ Մարլիի դեմքը պատկերող դռան թակը և հարվածեց դռանը։ Այն իսկույն կիսաբացվեց, և երաժշտության ուրախ հնչյունները թվաց հիմա եկվորներին կստիպեն պարել։ Անկոչ հյուրերի կողմը ուղղված սրածայր մորուքով և բեղերով մարդու թիկունքում երևում էին ծափ զարկող միստր Ֆիզուիգը և միսիս Ֆիզուիգը ՝ տեղովը ժպիտ։ Այդ զույգը այնպես կրակոտ էր պարում, որ աջ ու ձախ բախվում էր ուրիշներին։ Ճզճզում էր ջութակը, և ծիծաղի կարկաչը նման էր քամուց օրորվող բյուրեղապակյա ջահի զնգոցին։ Հսկայական սեղանին առատորեն թափված էր աղ դրած խոզի ազդրամիս, հնդկահավի ու սագի ուտեստներ, քաղցր բլիթներ, մատղաշ խոճկորներ, նրբերշիկի շղթաներ, նարինջներ ու խնձորներ։

Սեղանի մոտ նստել էր Բոբ Քրաչիթը, փոքրիկ Դորիթը և պստլիկ Թիմը, ինքը՝ միստր Ֆեյգինը, և էլի մեկը, որ նման էր տավարի չեփած մսակտորի կամ մանանեխի ավելցուկի, կամ պանրի շերտի, կամ թերխաշ կարտոֆիլի։ Դա պարոն Մարլին էր՝ իր շղթայով և ամեն ինչով։ Գինին հոսում էր գետի նման, իսկ կարմրացրած հնդկահավը անում էր, ինչ պետք է աներ՝ սքանչելի գոլորշի էր արձակում։

— Ի՞նչ եք կամենում,— հարցրեց պարոն Չարլզ Դիքենսը։

— Մենք նորից եկանք խնդրելու ձեզ, Չարլզ։ Մենք ձեր օգնության կարիքն ենք զգում,— ասաց Պոն։

— Օգնությո՞ւն։ Հույս ունեք, որ ես կօգնեմ ձեզ հաշվեհարդար տեսնել այդ հրաշալի տղաների հետ, որ այստե՞ղ են թռչում։ Իզուր։ Ես պատահմամբ եմ այստեղ։ Իմ գրքերը սխալմամբ են այրել։ Ես չեմ հետաքրքրվում գերբնական երևույթներով, երբեք սարսափազդու և անհավատալի պատմություններ չեն գրել, ինչպես դուք՝ Պո և դուք՝ Բիրս, կամ էլ ուրիշները։ Ես ձեզ հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ, սոսկալի մարդիկ եք դուք։

— Դուք համոզելու մեծ տաղանդ ունեք,— հորդորում էր Էդգար Պոն,— կարող էիք հանդիպել տիեզերագնացներին, հանգստացնել, փարատել նրանց կասկածները, միամտացնել, իսկ հետո ինքներս կզբթաղվեինք։

Դիքենսը աչքը չէր կտրում սև թիկնոցից, որի մեջ թաղված էին Էդգար Պոյի ձեռքերը։ Ժպտալով՝ Պոն թիկնոցի ծալքերից դուրս քաշեց սև կատվին։

— Իսկ սա նվեր է նրանցից մեկին։

— Իսկ մյուսների՞ն։

Պոն գոհունակ ժպտաց։

— Վաղաժամ թաղում։

— Դուք մռայլ մարդ եք, Պո։

— Ես վախեցած ու զայրացած մարդ եմ։ Ես աստված եմ, ինչպես և դուք, պարոն Դիքենս, ինչպես մենք և բոլոր նրանք, որոնց ստեղծել ենք մեր երևակայությամբ։ Մեր հերոսները, եթե կուզեք իմանալ, հիմա ոչ միայն վտանգի են ենթարկվում, այլ հալածված են, արգելված, այրված, պատառ֊պատառ արված, հիշողությունից ջնջված։ Մեր ստեղծած աշխարհները կործանվում են ու ոչնչանում։ Նույնիսկ աստվածները կարող են ապստամբել։

— Ահա թե ինչ,— Դիքենսը անհամբերությամթ շրջեց գլուխը, նա ցանկանում էր որքան հնարավոր է արագ վերադառնալ ուրախ հասարակությանը, երաժշտությանն ու համեղ ուտելիքներին,— այդ դեպքում գուցե բացատրեք, թե ինչպես հայտնվեցիք այստեղ։ Ինչպե՞ս եղավ։

— Պատերազմը պաստերազմ է ծնում, ավերումը հղի է ավերածությամբ։ Երկրագնդի վրա մի հարյուրամյակ առաջ սկսեցին արգելել մեր գրքերը։ Հրեշավոր հաշվեհարդար էր՝ ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծել էինք։ Հենց դա ստիպեց մեզ վերադառնալ։ Որտեղի՞ց։ Մահվան թվաբանությունի՞ց։ Անէությունի՞ց։ Ես վերացարկումների սիրահար չեմ։ Ուղղակի չգիտեմ։ Միայն գիտեմ, որ մեր ստեղծած աշխարհները և մեր ստեղծագործությունները օգնության էին կանչում, և մենք փորձեցինք փրկել նրանց։ Միակ հնարավորությունը այստեղ՝ Մարսի վրա մի հարյուր տարի սպասելն էր, մինչև Երկրի վրա այլևս չեն հանդուրժի կասկածամիտ գիտնականներին։ Բայց նրանք այժմ էլ որոշել են վռնդել մեզ այստեղից, մեզ ու մեր երևակայությունը՝ ալքիմիկոսներին, վհուկներին, արնախում հրեշներին ու չարքերին, որոնք մեկը մյուսի ետևից նահանջում էին գիտության հաղթարշավին զուգահեռ։ Մենք փախուստից բացի այլ ճանապարհ չունենք։ Դուք պետք է օգնեք մեզ։ Դուք կարող եք համոզել։ Դուք մեզ հարկավոր եք։

— Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ձեզ հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ։ Ես ձեզ չեմ քաջալերում, Պո, ոչ էլ ուրիշներին,— բարկացած գոռաց Դիքենսը,— ես երբեք վհուկներ, հրեշներ և այլ սատանայական բաներ չեմ հնարել։

— Իսկ ձեր պատմվա՞ծքը՝ «Սուրբ Ծննդյան երգը»։

— Դատարկ բան է, ընդամենը մի պատմվածք։ Հնարավոր է, որ ուրիշ գործ էլ գրած լինեմ ուրվականների մասին, հետո՞ ինչ։ Իմ գլխավոր գրքերը այդպիսի անմտությունների մասին չեն։

— Սխալմամբ է, թե ոչ, բայց նրանք ձեզ էլ են մեր շարքը դասել։ Նրանք ձեր գրքերն են ոչնչացրել, Դիքենս, ձեր ստեղծած աշխարհները։ Դուք պետք է ատեք նրանց։

— Համաձայն եմ, որ նրանք հիմար են ու տգետ, բայց միայն ալդքանը։ Մնաք բարով։

— Թող գոնե միստր Մարլին դուրս գա։

— Ոչ։

Դուռը շրխկոցով փակվեց։ Երբ Պոն սառած սալահատակի վրա սայթաքելով փողոցով ցած էր իջնում, եդջերափողի ձայն լսեց և տեսավ մոտեցող փոստային կառքը։ Ծիծաղելով ու երգելով, կւսրմրատակած ու աշխույժ, «Երջանիկ Ծնունդ» գոռալով դուրս թափվեցին Փիքվիքյան ակումբի անդամները և ինչքան ուժ ունեին սկսեցին թակել դուռը։

Դուռը բացեց մի գիրուկ տղա...

Վոլտերա
23.08.2013, 21:39
...Էդգար Պոն փութկոտ քայլում էր ցամաքած ծովի ափով։ Մի պահ նա կանգ էր առնում մեկ այս, մեկ այն խարույկի մոտ, որպեսզի հանձնարարություններ տա, ստուգի՝ կաթսան լա՞վ է եռում, դեղաթույնը բավարա՞ր է և կավիճով մոգական շրջանները ինչպես են գծված։

— Լա՜վ է,— բացականչեց նա և առաջ անցավ,— հրաշալի՜ է,— գոոաց և առաջ վազեց։ Մյուսները միացան նրան և վազեցին նրա ետևից։ Ահա հասան միստր Քափըրդն ու միստր Մաքընը։

Բոլոր չար օձերը և կատաղի դևերը, կրակ ժայթքող վիշապները և ֆշշացող իժերը, ցնցվող վհուկները, թունավոր տատասկները, այրող եղինջը և ծակող կաղշնուկը, այն ամենը, ինչը այս տխուր եզրն էր շպրտել երևակայությամբ նահանջած ծովը, այժմ փրփրում էր, քլթքլթում և թշշում։

Միստր Մաքընը հանկարծ կանգ առավ։ Նա չոքեց սառն ավազի վրա և լաց եղավ երեխայի նման։ Ջանում էին մխիթարել, բայց ապարդյուն։

— Ես հենց նոր մտածեցի...— շշնջաց նա,— ես մտածեցի, ի՞նչ կլինի մեզ հետ, եթե անհետանան մեր գրքերի վերջին օրինակները։

Քամին վզզոցով անցավ կողքով։

— Չհամարձակվեք այդ մասին խոսել։

— Բայց մենք պարտավոր ենք,— հեծեծաց միստր Մաքընը,— հատկապես հիմա, երբ տիեզերանավը վայրէջք կկատարի, և դուք, պարոն Պո, դուք, Քափըրդ, դուք, Բիրս, կանհետանաք, ինչպես քամուց քշված ծուխը։ Ձեր դեմքերը կսկսեն հալվել...

— Վերահաս մա՞հ է սպասվում բոլորիս։

— Մենք գոյության ունենք, քանի դեռ մեզ հանդուրժում են Երկրի վրա։ Եթե այսօր վերջնական դատավճիռ արձակվի և անհետանան մեր գրքերի վերջին օրինակները, մենք կհանգչենք կրակի պես,— Քափըրդը տխուր մտածմունքի մեջ ընկավ։

— Ո՞վ եմ ես։ Երկրի վրա ո՞ւմ հիշողության մեջ եմ դեռ ապրում, որտե՞ղ՝ աֆրիկյան մի հյուղակո՞ւմ, գուցե որևէ ճգնավոր կարդո՞ւմ է իմ պատմվածքները։ Արդյո՞ք նա վերջին մոմն է՝ ժամանակի ու գիտության քամուց երերացող։ Թույլ մարմրող բոց, որի շնորհիվ ես դեռ ապրում եմ որպես հպարտ վտարանդի։ Կամ գուցե մի տղա է նա, որը լքված ձեղնահարկում ժամանակին գոցել է ինձ։ Երեկ ես այնպե՜ս վատ էի, այնպե՜ս վատ։ Հոգին էլ մարմին ունի, ճիշտ ինչպես մարմինը, և իմ հոգու մարմինը, նրա յուրաքանչյուր մասնիկը նվում էր... Երեկ ես մոմ էի, որ հանգչում էր, բայց հանկարծ կրակը նոր ուժով բոցավառվեց, որովհետև այնտեղ, Երկրում մի երեխա փոշուց փռշտալով՝ իրենց ձեղնահարկում գտավ քրքրված, մաշված իմ գիրքը։ Եվ ահա ես կարճատև ժամանակ ստացա։

Ափին փոքրիկ խրճիթի դուռը ամուր շրխկաց։ Ցածրահասակ մարդը, որի կաշին ու ոսկորն էր մնացել, դուրս եկավ խրճիթից և ոչ ոքի վրա ուշադրություն չդարձնելով, նստեց ու հայացքը հառեց իր սեղմած բռունցքներին։

— Այ թե ում եմ ափսոսում,— տխուր շշնջաց Բլեքվուդը,— նայեք, նրա վերջը մոտ է։ Ինչ֊որ ժամանակ նա ավելի իրական հիվանդ էր, քան մենք՝ մարդիկս։ Դարեր շարունակ նրան՝ մերկ մտահղացմանը, վարդագույն մարմին էին տվել, ճերմակ մորուք, թավշյա հագուստ ու սև երկարաճիտ կոշիկներ։ Նրան տվել էին սահնակ, եղջերուներ, փայլփլուն զիզի֊պիզիներ և մի ճյուղ փշատերև։ Իսկ հետո վերցրին ու ոչնչացրին, նետեցին, ինչպես անպետք իր։

Բոլորը լուռ էին։

— Ինչպե՞ս է այնտեղ, Երկրի վրա առանց Ծննդյան տոների,— մտածեց Պոն,— առանց բոված շագանակների, տոնածառների, մոմերի ու շրխկանների... Ոչինչ չկա, միայն ձյուն, քամի ու միայնակ, իրապաշտ մարդիկ...

Նրանք նայում էին ցանցառ մորուքով, խամրած կարմիր թավշյա բաճկոնով ցածրահասակ, նիհար ծերունուն։

— Գիտե՞ք, ինչպես այդ եղավ։

— Դժվար չէ պատկերացնել, ֆանատիկոս հոգեբույժ, խելոք ձևացող սոցիոլոգ, փրփրած, դժգոհ ուսուցիչ, ֆանտազիայից զուրկ ծնողներ...

— Ողբալի վիճակ է։ Ես չեմ նախանձում ծննդյան տոների նվերներ վաճառողներին,— քմծիծաղեց Բիրսը։— Վերջերս որքան հիշում եմ, նրանք սկսել են փշարմավ կախել և ճրագալույցը նշել ամենայն սրբոց տոնի նախօրյակին։ Հիմա, եթե իհարկե դա դեռ իմաստ ունի, թերևս սեպտեմբերին նշեն...

Բիրսը հանկարծ լռեց և հառաչելով փլվեց գետնին։ Ընկնելիս հասցրեց շշնջալ.

— Ի՜նչ տարօրինակ է...

Սարսափից քարացած, նրանք նայում էին, թե ինչպես նրա մարմինը վերածվում էր գորշ կապտավուն մոխրի և ածխացած ոսկորների, մրի փաթիլները լողում էին օդում։

— Բիրս, Բիրս...

— Նա չկա։

— Զոհվեց նրա գրքի վերջին օրինակը։ Ինչ֊որ մեկը Երկրում հենց նոր այրեց։

— Աստված հոգին լուսավորի։ Նրանից այլևս ոչինչ չմնաց։ Քանի որ մենք ոչ այլ ինչ ենք, եթե ոչ մեր գրքերը, և եթե գրքերը ոչնչացնում են, անհետ կորչում ենք և մենք։

Երկնքում աղմուկն ուժեղանում էր։

Տագնապալի ճիչերով նրանք վեր նայեցին։ Կրակե բոցերով այրելով երկնակամարը, թռչում էր հրթիռը։ Ծովափին առկայծեցին լապտերների լույսերը, լսվեց ճռռոց, կրճկրճոց, խլթխլթոց, կախարդական հեղուկի հոտը տարածվեց։ Սնամեջ դդում֊գանգերը՝ դատարկ ակնախոռոչներում այրվող մոմերով, շրջում էին սառը մաքուր օդում։ Ոսկրոտ մատները սեղմված էին, և վհուկի սմքած շուրթերից անեծք էր թափվոմ։

Նավ, նավ, հապա, ջարդվիր, ընկիր,
Չքվիր, ջնջվիր, բոցավառվիր,
Ցրիվ արի, պայթիր, ճայթիր,
Պառավի դի, կատվի կաշի...

— Եկել է մեր ճանապարհվելու ժամանակը,— շշնջաց Բլեքվուդը,— Յուպիտեր, Սատուրն կամ Պլուտոն։

— Փախչե՞նք,— գոռաց Պոն,— երբեք։

— Ես ծեր մարդ եմ, հոգնել եմ։

Պոն նայեց ծերունու դեմքին և հասկացավ, որ նա ճիշտ է ասում։

Նա մագլցեց հսկայական քարաբեկորներին և դիմեց հազարավոր գորշ ստվերներին, կանաչ լույսերին ու դեղին աչքերին, ոռնացող քամուն։

— Թույնը, դեղաթույնը,— գոռաց նա։

Դառը նշի, քեմոնի, մուշկի, մանուշակի արմատի ու օշինդրի բույր տարածվեց։

Հրթիռը իջնում էր դանդաղ և անդառնալիորեն, բոլորից անիծված մեղսագործի վայունով ու հեծեծյունով։ էդգար Պոն մոլեգնել էր։ Նա վեր պարզեց սեղմած բռունցքները, և բույրերի, ատելության ու զայրույթի սիմֆոնիան հնազանդվեց։ Փոթորկի կոտրատած ճյուղերի նման վեր խոյացան չղջիկները։ Վրդովված սրտերը շիկացած օղում արկերի պես պայթում էին արնաներկ հրավառությամբ։ Ավելի ու ավելի ցած, ճոճանակի նման անկասելի, իջնում էր հրթիռը։

Զայրացած լուտանքներ թափելով, Պոն ետ էր ընկնում, իսկ հրթիռը մոտենում էր՝ շամփրելով օդը։ Մեռած ծովը դարձել էր ջրհոր, որտեղ, ինչպես ծուղակում, նրանք սպասում էին, թե երբ կացնի բերանի նման կիջնի չարագուշակ մեքենան։ Կարծես կանգնած էին լեռներից գլորվող ձնահյուսի դեմ֊հանդիման։

— Իժե՜ր,— գոռաց Պոն։

Բազմագույն գալարաժապավենները վեր սլացան, հրթիռին ընդառաջ։ Բայց այն արդեն վայրէջք էր կւստարել՝ ակոսելով, այրելով օդը։

Եվ ահա այն գտնվում էր ընդամենը մի մղոն հեռավորության վրա, հռնդալով, ավազներին հենած կրակե պոչը։

— Առա՜ջ,— մոլեգնած գոչեց Պոն,— մեր ծրագիրը փոխվեց։ Հիմա մենք միայն մի ելք ունենք։ Առա՜ջ։ Առա՜ջ։ Միասին հարձակվենք, ճզմենք, սպանենք նրանց։

Թվաց, դա հրաման էր գազազած ալիքներին՝ փոխելու իրենց վազքը, ծովին՝ ալեկոծվելու և թողնելու իր նախնական տեղը, մոլեգնած պտտահողմին՝ գալարվելու ավազների վրա, կրակին՝ հեղեղի պես լցվելու չորացած գետահուները, փոթորիկին, կայծակին, տեղատարափին՝ հարձակվելու ափերի վրա։ Ստվերները ճիչ ու սուլոցով, հեծեծյունով ու հառաչանքներով ուղղվեցին դեպի հրթիռը, որը հեռավոր հովտում շարժիչները անջատած՝ նման էր մետաղյա հանգած ջահի։ Կարծես շրջվել էր սևացած կաթսան։ Զայրացած մարդիկ և մռնչացող գազանները շիկացած լավայի նման հոսում էին ծովի հատակը անջուր մղոններով։

— Սպանենք նրանց,— գոռում էր վազող Էդգար Պոն։

Տիեզերագնացները դուրս եկան նավից, հրացանները պատրաստ պահած։ Զգուշորեն աջ ու ձախ նայելով, նրանք որսաշների պես հոտոտում էին օդը։ Ամայի էր, ոչ ոք չկար։ Նրանք թեթևացած շունչ քաշեցին։

Վերջինը հրամանատարը դուրս եկավ։ Անմիջապես հրամայեց ցախ հավաքել և խարույկ վառել։ Բոցերը երկինք ելան։ Հրամանատարը կարգադրեց կիսաշրջանաձև մոտենալ։

— Մեր առջև նոր աշխարհ է,— սկսեց նա ստիպելով իրեն խոսել հանդարտ ու վստահ, չնայած ջղաձգորեն անընդհատ գլուխը ետ էր շրջում, նայելով չորացած ծովին։

— Հին աշխարհը մնաց ետևում, սա նոր աշխարհի սկիզբն է։ Ի՞նչ կա ավելի խորհրդանշական, քան այն, որ մի անգամ ևս հաստատենք մեր նվիրվածութլունը գիտութլանն ու առաջադիմությանը։— Նա գլխով արեց օգնականին՝ գրքե՛րը։— Կրակը խաղաց գրքերի խամրած վերնագրերի հետ՝ «Ուռիներ», «Ավելորդը», «Ահավասիկ, երազող է», «Բժիշկ Ջեքըլը և միստր Հայդը», «Զմրուխտե քաղաքի կախարդը», «Փելուսիդար», «Ժամանակի լքած երկիրը», «Ամառային գիշերվա երազը» և Մաքընի, Էդգար Պոյի, Քեբըլի, Դանսընի, Բլեքվուդի, Լուիս Քերոլի ատելի անունները՝ մոռացված, բանադրված անուններ։

— Սա նոր աշխարհ է, և մենք հանդիսավորությամբ հիմա վերջ կտանք այն ամենին, ինչ մնացել է հնից։

Հրամանատարը գրքերից մի էջ պոկեց։ Պոկոտում էր մեկը մյուսի ետևից և նետում կրակը։

Ականջ ծակող ճիչ։

Մարդիկ վախեցած ընկրկեցին, և նրանց հայացքները ակամա ուղղվեցին ամայի ծովի ափին վառվող խարույկի կողմը։

Էլի ճիչ, բարձր ու ողբաձայն, նման շնչահատ վիշապի, կատաղությամբ ափի գետաքարերին զարնվող կետի հոգեվարքի, քանի որ Լևիաթանյան ծովը ընկրկեց, որ էլ ետ չգա։

Թվաց՝ օդը սուլոցով սրընթաց լցվեց դատարկության մեջ, որտեղ մի պահ առաջ ինչ֊որ բան է եղել։

Հրամանատարը խնամքով հաշվեհարդար տեսավ վերջին գրքի հետ՝ նետելով կրակը։

Օդը այլևս չէր թրթռում։

Լռություն։

— Հրամանատար, լսո՞ւմ եք։

Մարդիկ գլխահակ ականջ էին դնում։

— Ոչ։

— Ալիք է, սըր։ Այս ծովի հատակին։ Ինձ թվաց նույնիսկ տեսնում եմ։ Հսկայական սև ալիք։ Ուղիղ մեր վրա է գալիս։

— Ձեզ թվացել է։

— Նայեք ինքներդ։

— Էլի ի՞նչ կա։

— Տեսեք, տեսեք։ Հեռվում քաղաք է, կանաչ քաղաք։ Լճի ափին, ճեղքվեց երկու մասի, ավերվում է։

Առաջ թեքված մարդիկ լարեցին տեսողությունը և անհանգիստ շարժվեցին։ Սմիթը կանգնել էր նրանց մեջ, դողացնում էր։ Ձեռքը հպել էր ճակատին, ձգտում էր ինչ֊որ բան հիշել։

— Հիշեցի։ Այո, այո, հիշեցի։ Շատ վաղուց, դեռ երեխա ժամանակ մի գիրք եմ կարդացել, կարծեմ հեքիաթ էր Զմրուխտե քաղաքի մասին։ Հիշեցի՝ «Զմրուխտե քաղաքի հեքիաթը»։

— Զմրուխտե։

— Այո, քաղաքն այդպես էր կոչվում։ Ես հիմա տեսա ճիշտ այնպես, ինչպես գրքում էր նկարագրված, բայց փլվեց։

— Սմիթ։

— Այո, սըր։

— Հրամայում եմ անհապաղ գնալ հոգեբույժի մոտ։

— Լսում եմ, սըր,— Սմիթը պատվի բռնեց։

— Բոլորը զգուշություն պահպանեն։

Վախով հրացանները պատրաստ պահած մարդիկ հեռանում էին հրթիռից ու նրա լուսարձակներից, որպեսզի ավելի լավ տեսնեն կեղծ ծովը և ցածր բլուրները։

— Ինչպե՞ս, այստեղ ոչ ոք չկա՞,— հուսախաբ շշնջաց Սմիթը,— ոչ մի կենդանի շո՞ւնչ։

Քամին վայունով մի բուռ ավազ նետեց նրա ոտքերի տակ։

And my soul from out that shadow that lies floating on the floor
Shall be lifted - nevermore!

Վոլտերա
24.08.2013, 17:41
Արևի ոսկե խնձորները (Պատմվածք)

— Դեպի հարավ,— ասաց տիեզերանավի հրամանատարը։

— Բայց այստեղ,— առարկեց անձնակազմը,— տիեզերքում պարզապես անհնար է կողմնորոշվել։

— Երբ թռչում ես արևին ընդառաջ,— պատասխանեց հրամանատարը,— և ամեն ինչ դառնում է դեղին, տաք, ծուլաբեր, ապա դուք միայն մի ուղղություն ունեք։

Նա փակեց աչքերը և պատկերացնելով տիեզերքում բոցավառվռղ հեռավոր, հրաշեկ կղզին, մեղմ հոգոց հանեց։— Դեպի հարավ։

Դանդաղ գլխով արեց և կրկնեց.

— Հարավ։

Նրանց հրթիռը կոչվում էր «Կոպե դե օրո» , բայց ևս երկու անուն ուներ՝ «Պրոմեթևս» և «Իկար»։ Եվ իսկապես նրանք թռչում էին դեպի միջօրեի կուրացուցիչ արևը։ Ի՜նչ բարձր տրամադրությամբ նրանք երկու հազար շիշ թթվաշ օշարակ և հազար շիշ փրփրուն գարեջուր բեռնեցին՝ պատրաստվելով այս ճամփորդությանը դեպի անծիր Սահարա։ Եվ այժմ, երբ վերևում արևն էր քլթքլթում, նրանք հիշեցին բանաստեղծություններ և մեջբերումներ։

— Արևի ոսկե խնձորնե՞րը։

— Յե՞յթս։

— Մի վախեցիր այլևս արևի ջերմությունի՞ց։

— Իհարկե, Շեքսպիրն է։

— Ստայնբեկի «Ոսկե թասը»։ Ստիվընսի «Ոսկե սափորը»։ Իսկ հիշո՞ւմ եք ծիածանի ծայրերին թաղված ոսկե անոթները։ Գրողը տանի, ահա և մեր ուղեծրին հարմար անուն՝ «Ծիածան»։

— Ջերմաստիճա՞նը...

— Ֆարենհայթի հազար աստիճան։

Հրամանատարը նայեց նավակողի սև, վիթխարի դիտանցքից։ Ահա արևը։ Եվ նրան ամբողջովին համակեց մեն մի նվիրական միտք՝ հասնել արևին, շոշափել և ընդմիշտ մի մասնիկ փախցնել նրանից։ Տիեզերանավը միավորում էր զուսպ հարմարավետություն և սթափ հաշվարկ։ Սառցապատ միջանցքներում բքաշունչ ձմռան սառնությունն էր փչում։ Տիեզերքում բռնկվող հզոր օջախի ամենաչնչին կայծը, կրակի ամենաչնչին շնչառությունը, եթե ի վիճակի լինի սողոսկել նավի կարծր պատյանից ներս, կհանդիպի նիրհած ձմռանը, ասես այստեղ թաքնվել էին փետրվարյան ամենասաստիկ սառնամանիքները։

Բևեռային լռության մեջ քրթմնջաց խոսող ջերմաչափը։

— Ջերմաստիճանը երկու հազար աստիճան։

«Ընկնում ենք,— մտածեց հրամանատարը,— ընկնում ենք, ինչպես ձյան փաթիլը շոգ հունիսի, տոթ հուլիսի կամ օգոստոսի հեղձուցիչ տապի գիրկը»։

— Ֆարենհայթի երեք հազար աստիճան։

Ձյան ծածկոցի տակ հռնդում էին շարժիչները։ Սպիտակ օձագալար խողովակաշարով ժամում տասը հազար մղոն արագությամբ պոմպերը սառեցնող հեղուկ էին մղում։

— Ֆարենհայթի չորս հազար աստիճան։

Կեսօր։ Ամառ։ Հուլիս։

— Ֆարենհայթի հինգ հազար...

Վերջապես հրամանատարը անշտապ ազդարարեց ճամփորդության նպատակը.

— Այժմ մենք կդիպչենք արևին։

Այդ մտքից նրանց աչքերը փայլեցին հալած ոսկու նման։

— Յոթ հազար աստիճան։

Տարօրինակ է, որ մետաղական ջերմաչափի անկենդան ձայնը կարող է այդպես հուզախռով հնչել։

— Ժամը քանի՞սն է,— հարցրեց ինչ֊որ մեկը։

Բոլորը ժպտացին։

Քանի որ այստեղ գոյություն ուներ միայն Արեգակը և կրկին Արեգակը։ Արեգակն էր հորիզոնը և աշխարհի բոլոր կողմերը։ Նա էր վառում րոպեները, վայրկյանները, ավազի ժամացույցները, զարթուցիչները, նրա մեջ այրվում էր ժամանակը և հավերժությունը։ Նա այրում էր կոպերը և կոպերի ետևում գտնվող մութ աշխարհի շիճուկը, ցանցաթաղանթը և ուղեղը։ Նա այրում էր քունը և հաճելի հիշողությունները քնի ու զովասուն մթնշաղի մասին։

— Նայեցե՛ք։

— Հրամանատար։

Առաջին ղեկապետ Բրեթընը փլվեց եղյամածածկ տախտակամածին։ Պաշտպանական համազգեստը սուլեց պատռված տեղում։ Պոկվեց սառչող գոլորշու ամպը՝ մարդու ջերմությունը, թթվածինը, նրա կյանքը։

— Արագ։

Բրեթընի պլաստմասսայե դիմակը ներսից արդեն պատվել էր կաթնագույն սառցափոշով, ապակու վրա եղյամի նախշեր էին երևում։ Ընկերները հակվեցին նրա վրա։ — Համազգեստը խոտան է, հրամանատար։ Նա մեռած է։

— Սառել է։

Նրանք հայացքները հառեցին ջերմաչափին, որը ցույց էր տալիս, թե ինչ ձմեռ էր տիրում իրենց ձյունե նավում։ Հազար աստիճան զրոյից ցածր։ Հրամանատարն ակնապիշ նայեց սառած արձանին և կայծկլտող սառցաբյուրեղներին, որոնք արագորեն շաղ էին գալիս նրա վրայով։ «Ճակատագրի ի՜նչ չար խաղ,— մտածեց նա,— մարդը վախենում էր կրակից, բայց մեռավ սառնամանիքից»։

Հրամանատարը շրջվեց։

— Ժամանակ չկա։ Ժամանակ չկա։ Թողեք պառկած մնա։

Նա զգաց, ինչ դժվարությամբ է շարժվում լեզուն.

— Ջերմաստիճա՞նը։

Թվացույցը ցատկել էր չորս հազար աստիճան։

— Տեսե՞ք, հրամանատար, տեսե՛ք։

Նրանց թռչող սառցալուլան սկսեց հալչել։

Հրամանատարը կտրուկ բարձրացրեց գլուխը և նայեց առաստաղին։ Եվ ասես մեկեն լուսավորվեց կինոէկրանը, նրա գիտակցության մեջ հստակորեն ծագեց ծիծաղաշարժ տեսարանը, հեռավոր մանկության հիշողությունը։

... Գարնանային առավոտ էր։ Ինքը փոքրիկ տղա, ձյան բուրմունքը ռունգերում, իր ննջասենյակի պատուհանից կախվել էր տեսնելու, թե ինչպես է արևի տակ պսպղում ձմռան վերջին սառցալուլան։ Թափանցիկ բյուրեղյա սայրից սպիտակ գինու պես կաթում էր զով, բայց հետզհետե տաքացող ապրիլի արյունը։ Դեկտեմբերի զենքը րոպե առ րոպե դառնում էր պակաս վտանգավոր։ Վերջապես միայնակ զանգերի ղողանջով սառցալուլան զարնվեց մանրախճով ծածկված պատին։

— Հրամանատար, շարքից դուրս եկավ օժանդակ պոմպը։ Սառեցման սարքը... Սառույցը հալվում է։

Վերևից տաք անձրև տեղաց։ Հրամանատարը գլուխը աջ ու ձախ էր տարուբերում։

— Որտե՞ղ է վնասվածքը։ Գրողը տանի, մի՛ խանգարեք, մենք ժամանակ չունենք։

Մարդիկ խռնվեցին։ Հայհոյելով՝ հրամանատարը խույս էր տալիս տաք անձրևից, նրա ձեռքերը շոշափում էին սառը սարքը, փնտրում֊որոնում էին, և քանի դեռ աշխատում էր՝ աչքերի առջև հառնեց ապագան, որից իրենց, թվում էր՝ բաժանում էր լոկ մի կարճ հոգոց։ Նա տեսնում էր, թե ինչպես էր թափվում տիեզերանավի ծածկույթը, թե ինչպես անպաշտպան մարդիկ վազվզում են, պատեպատ խփվում, բերանները բաց անձայն ճիչով։ Տիեզերքը մի սեփ֊սև մամռակալած ջրհոր էր, որի մեջ կյանքը խեղդում էր իր աղաղակն ու սարսափը։ Ճչա որքան կուզես, տիեզերքը կխեղդի ճիչը ծնվելու պահին։ Մարդիկ իրար են անցել, ինչպես մրջյունները այրվող լուցկու տուփի մեջ, տիեզերանավը վեր է ածվել եռման լավայի, շոգեմրրիկի։

— Հրամանատա՞ր։

Մղձավանջը ցրվեց։

— Ահա այստեղ է։

Նա աշխատում էր վերին տախտակամածից տեղացող գոլ մանրաշաղ անձրևի տակ։

Նա շոշափեց օժանդակ պոմպը։

— Գրողը տանի։

Հրամանատարը թափով քաշեց ճոպանից։ Վերահաս մահը մահերի պատմության մեջ կլինի ամենաարագը։ Սոսկ մի ակնթարթ, ճիչ, տաք բռնկում... ապա միայն տիեզերական կրակի միլիարդավոր տոննաներ կշրշան անարձագանք, անծիր տարածության մեջ։ Հնոցը նետված մի բուռ կարմիր մորի՝ նրանց մտքերը մի պահ կքարանան շիկացած օդում՝ ավելի երկար ապրելով, քան նրանց ածխացած և լուսածորող գազի վերածված մարմինները։

— Գրողը տանի։

Նա պտուտակահանով հարվածեց պոմպին։

— Աստվա՜ծ իմ։

Հրամանատարը սարսռաց։ Լիակատար ոչնչացում։ Նա կկոցեց աչքերը, սեղմեց ատամները։

— Աստվա՜ծ իմ,— մտածեց նա,— մենք սովոր ենք մեռնել ավելի հանգիստ, րոպեների կամ ժամերի ընթացքում։ Նույնիսկ քսան վայրկյանը դանդաղ մահ է այն բանի համեմատությամբ, ինչ հիմա կանի մեզ խժռելու պատրաստվող այս քաղցած հրեշը։

— Հրամանատար, հիմա ինչ, խաղից դո՞ւրս ենք գալիս, թե մնում ենք։

— Թասը պատրաստեք։ Ա՛յ այստեղ է, արագ վերջացրեք։

Նա շրջվեց հսկայական թասի բանող սարքի կողմը և ձեռքը մտցրեց տարածական կառավարման ձեոնոցի մեջ։ Դաստակի մի շարժում, և տիեզերանավի խորքերից դուրս ցցվեց վիթխարի մի ձեռք՝ վիթխարի մատներով։ Ավելի մոտ, ավելի մոտ... մետաղյա ձեռքը ընկղմվեց «Կոպե դե օրոյի» բոցկլտուն անշունչ քուրայի մեջ։ Արեգակի անմարմին մարմնի մեջ։

Վոլտերա
24.08.2013, 17:41
...Միլիոն տարի առաջ, արագորեն մտածեց նա, թասը ուղղելով, միլիոն տարի առաջ մերկ մարդը հյուսիսային ամայի արահետի մոտ կայծակնահար ծառ տեսավ։ Մինչ նրա ցեղը ահաբեկված փախչում էր, մատներն այրելով՝ նա ճանկեց ածխակոթը և մարմնով պաշտպանելով անձրևից, հաղթականորեն նետվեց իր քարայրը, որտեղ զրնգուն ծիծաղով ածխակոթը նետեց չոր տերևների կույտի մեջ և իր ցեղակիցներին ամառ նվիրեց։ Սարսափած մարդիկ մոտ սողացին կրակին, պարզեցին իրենց դողահար ձեռքերը և զգացին, ինչպես քարայր մուտք գործեց տարվա նոր եղանակը։ Այդ դեղին, փոքրիկ կայծը եղանակը փոխեց։ Նրանք վերջապես անհամարձակ ժպտացին։ Այդպես կրակը դարձավ մարդկանց սեփականությունը։

— Հրամանատա՛ր։

Ընդամենը չորս վայրկյան էր հարկավոր, որ վիթխարի ձեռքը դատարկ թասը ընկղմեր կրակի մեջ։

«Եվ ահա մենք այսօր կրկին մի ուրիշ արահետի վրա ենք,— մտածեց հրամանատարը,— կպարզենք թասով ձեռքը թանկարժեք գազի և վակուումի ետևից, այլ տեսակի մի բուռ բոցի ետևից, որպեսզի նրա հետ, լուսավորելով մեր ճանապարհը, ետ սլանանք ցուրտ տիեզերքով և Երկիր հասցնենք անմար ընծան։ Հանուն ինչի՞»։

Պատասխանը նա գիտեր հարցը տալուց առաջ։

«Որովհետև ատոմները, որոնք հնազանդեցրել ենք Երկրի վրա, ողորմելի են, ատոմային ռումբը խղճուկ է և փոքր, մեր գիտելիքները խղճուկ են ու աննշան, և միայն արևն իսկապես գիտի այն, ինչ մենք ուզում ենք իմանալ, միայն արևը գիտի գաղտնիքը։ Դրանից բացի, հրաշալի, մեծ բան է՝ այստեղ գալ, կպչել նրան և սրընթաց ետ փախչել։ Իսկապես, այլ բացատրություն չկա, բացի մժղուկ մարդկանց հպարտությունից և սնափառությունից, որոնք հանդգնում են քաշքշել առյուծի պոչը և խույս տալիս նրա երախից։ Աստվա՜ծ իմ, մենք հետո կասենք, որ գլուխ հանեցինք։ Ահա էներգիայի, կրակի, իմպուլսների մեր թասը,— կոչեք ինչպես ուզում եք,— այն հոսանք կտա մեր քաղաքներին, ընթացքի մեջ կդնի մեր նավերը, լույս կտա մեր գրադարաններին և արևայրուկ՝ մեր երեխաներին, կթխի մեր հացը հանապազօր, և կօգնի գիտելիքներ յուրացնել տիեզերքի մասին։ Խմե՛ք այս թասից, բարի մարդիկ, գիտոթյան ու կրոնի ներկայացուցիչներ։ Թող այս կրակը տաքացնի ձեզ, ցրի տգիտության խավարը և սնահավատության երկար ձմեռը, անվստահության ցրտաշունչ քամիները ու ամեն մարդու հետապնդող մթության մեծ սարսափը։ Եվ այսպես՝ մենք ձեռք ենք պարզում մուրացիկի թասով...»։

— Օ՜հ։

Թասը ընկղմվեց արևի մեջ։ Նա թեքվեց՝ վերցնելով մի կտոր աստվածային մարմին, տիեզերքի մի կաթիլ արյուն, բոցավառվող միտք, կուրացուցիչ իմաստություն, որը նշագծել ու կառուցել է Ծիր Կաթինը, բաց է թողել մոլորակները նրա ուղեծրով, սահմանել նրանց ընթացքը և ստեղծել է կյանքը՝ իր ողջ բազմազանությամբ։

— Զգո՜ւյշ,— շշնջաց հրամանատարը։

— Ի՞նչ է լինելու, երբ մենք թասը ետ քաշենք... Առանց այն էլ այսպիսի ջերմաստիճան է։

— Աստված գիտե,— ասաց հրամանատարը։

— Օժանդակ պոմպը սարքին է։

— Միացրե՛ք։

Պոմպն աշխատեց։

— Թասը փակեք կափարիչով և ներս քաշեք։ Դանդա՛ղ, ավելի՛ դանդաղ...

Գեղեցիկ ձեռքը տիեզերանավի դրսից ցնցվեց, վիթխարի անդրադարձումով կրկնելով հրամանատարի շարժումը և անաղմուկ սահեց իր տեղը։ Ամուր փակված թասը, շաղ տալով դեղին ծաղիկներ և ճերմակ աստղեր՝ անհետացավ տիեզերանավի որովայնում։ Խոսող ջերմաչափը շչաց։ Սառեցման սարքերը ցնցվեցին, հեղուկ ամոնիակը զարնվում էր խողովակների պատերին, ինչպես արյունը ճչացող խելագարի քունքերին։

Նա փակեց դրսի օդախցանով դուռը։

— Պատրաստ է։

Բոլորը սպասման մեջ էին։ Տիեզերանավի զարկերակը բաբախեց, սիրտն սկսեց արագորեն տրոփել, ոսկե թասը նավի մեջ էր։ Սառն արյունը հորդում էր կարծր երակներով։ Հրամանատարը հանգիստ շունչ քաշեց։

Առաստաղից կաթոցը կտրվեց։ Սառույցը դադարեց հալչել։

— Այժմ՝ ետ գնացինք։

Տիեզերանավը շրջվեց ու սլացավ հեռու։

— Լսեցե՛ք։

Տիեզերանավի սիրտը զարկում էր ավելի ու ավելի հանդարտ։ Սարքերի սլաքները սրընթաց ցած էին վազում՝ հաշիվը պակասեցնելով հազարներով։ Ջերմաչափը երգում էր տարվա եղանակների հերթագայությունը։ Եվ բոլորը նույնն էին մտածում. «Սուրա՛, սուրա՛ բոցից ու կրակից, տապից ու եռքից, դեղինից ու սպիտակից հեռու։ Սուրա՛ ցրտին Լւ մառախուղին ընդառաջ»։ Քսան ժամ հետո, թերևս կարելի լինի անջատել սառնարանների մի մասը, և ձմեռը կմեռնի։ Շուտով նրանք կշարժվեն այդպիսի ցուրտ գիշերվա մեջ, հնարավոր է՝ հարկ լինի օգտվել տիեզերանավի նոր հնոցից, ջերմություն կորզել ամբարած կրակից, որ այժմ տանում են իրենց հետ, ինչպես չծնված երեխա։ Նրանք տուն էին վերադառնում։

Նրանք տուն էին վերադառնում, և հրամանատարը խոնարհվելով Բրեթընի դիակի վրա, որ պառկած էր ճերմակ ձյունակույտի մեջ, հիշեց շատ տարիներ առաջ գրած իր բանաստեղծությունը.

Երբեմն արևն ինձ թվում է այրվող ծառ,
Որի ոսկե մրգերը պայծառ լողում են տաք օդում,
Որի խնձորները ներծծված են ձգողության հյութով,
Եվ մարդիկ երկրպագում են նրան.
Արեգակը նրանց թվում է այրվող ծառ։

Երկար նստեց հրամանատարը զոհվածի կողքին, և խառն զգացումներ էին պաշարել նրան։— Ես տխուր եմ,— մտածեց նա,— և երջանիկ եմ, ու ինձ այն տղայի նման եմ զգում, որ դպրոցից տուն է գալիս ձեռքին խատուտիկների մի մեծ փունջ։

— Այսպես,— հոգոց հանեց հրամանատարը՝ աչքերը փակ նստած,— ո՞ւր ենք այժմ թռչում, ո՞ւր...

Նա գիտեր, որ իր բոլոր մարդիկ այստեղ են, կանգնած կամ նստած շուրջը, որ սարսափը մեռել է, նրանք հանգիստ են շնչում։

— Դեպի Արեգակ երկար֊երկար ճամփորդությունից հետո, երբ դու հպվեցիր նրան, հապաղեցիր մի պահ, պտտվեցիր շուրջը և սլացար հեռու, այժմ ո՞ւր ես գնում։ Երբ դու հեռացար տապից, միջօրեի լույսից ու քաղցր թմբիրից, ո՞ւր ես, արդյոք, գնում։

Անձնակազմը սպասում էր, թե հրամանատարը ինքը երբ կասի։ Նրանք սպասում էին, մինչև որ նա իր մտքի մեջ իմի բերեր ողջ սառնությունն ու սպիտակությունը, թարմությունն ու վճիտ օդը մի բաղձալի բառի մեջ, և նրանք տեսան, թե ինչպես է ծնվում բառը նրա շուրթերին ու մեղմորեն սահում պաղպաղակի կտորի պես։

— Մեզ համար տիեզերքում այժմ միայն մի ուղղություն կա,— վերջապես ասաց նա։

Նրանք սպասում էին։ Սպասում էին, քանի դեռ տիեզերանավը արագընթաց շարժվում էր լույսից դեպի ցուրտ խավարը։

— Դեպի հյուսիս,— շշնջաց հրամանատարը։— Դեպի հյուսիս։

Բոլորը ժպտացին, ասես տոթակեզ ետմիջօրեին հանկարծ փչել էր զովասուն քամի։

Վոլտերա
24.08.2013, 17:42
Կանաչ առավոտը (Պատմվածք)

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը... Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից... Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում...

Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա... Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում...

- Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած...– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

- Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

Կրակը ճայթյուն արձակեց։

- Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

Եվ կորցրեց գիտակցությունը։

Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

- Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

- Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

- Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

- Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ... ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

- Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

- Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

- Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։

Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

... Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։


Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև...

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր...

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։


Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել... Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

Առավոտը կանաչ էր։

Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

- Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

Հապա օ՜դը...

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։

StrangeLittleGirl
24.08.2013, 17:49
Էս վերջինն էլ ա Քրոնիկաներից: Բայց խոսքը մեր մեջ, էս պատմվածքների կայֆը հենց Քրոնիկաների ներսում ա, որ համ իրար հետ կապ չունեն, համ ունեն:

Վոլտերա
24.08.2013, 17:51
Էս վերջինն էլ ա Քրոնիկաներից: Բայց խոսքը մեր մեջ, էս պատմվածքների կայֆը հենց Քրոնիկաների ներսում ա, որ համ իրար հետ կապ չունեն, համ ունեն:

Բյուր, Բրեդբերին գնալով ավելի շատ է դուրս գալիս: Ախր մենակ ֆանտաստիկա չի գրում է, համ զգացմունքային, համ հումորով, համ էլ բավականին քաղցր ձեռագիր ունի, ոնց որ ընթերցողին գրկի : Հա գրողը հենց տենց պիտի լինի :)

Հայկօ
24.08.2013, 19:51
Մարի, իսկ է՞լ ինչ կա հայերեն: Ցուցակ կարող ե՞ս կազմել:

StrangeLittleGirl
24.08.2013, 19:56
Բյուր, Բրեդբերին գնալով ավելի շատ է դուրս գալիս: Ախր մենակ ֆանտաստիկա չի գրում է, համ զգացմունքային, համ հումորով, համ էլ բավականին քաղցր ձեռագիր ունի, ոնց որ ընթերցողին գրկի : Հա գրողը հենց տենց պիտի լինի :)
Հա, ինքը շատ լավն ա:
Բայց մի բան ասեմ :)) Ինքը իրան ու բազմաթիվ գրականագետներ գիտաֆանտաստ գրող չեն համարում: Ինքը գիտաֆանտաստիկայի մի կարևոր չափանիշի՝ գիտականորեն բացատրվածին չի բավարարում: Դրա համար ասում են՝ ինքը ավելի շատ ֆենթզի ա:

Freeman
25.08.2013, 00:01
Հ.Գ. Ալֆա, չեմ հավատում, որ դու մարսեցի ես :(

Կարող ա՞ երկիրը իրա երևակայության արդյունքն ա, ստուգելու մենակ մի ձև կա, հմմ :think

Freeman
25.08.2013, 00:30
Ֆրենկ Բաում՝ «Խորհրդավոր ստվեր Ինսմութի վրա»

Էս Լավկրաֆտը չի գրե՞լ, Բաումը էն հեքիաթը չէ՞ր գրել: Ես ե՞մ ծերանում :))

Վոլտերա
25.08.2013, 13:50
Մարի, իսկ է՞լ ինչ կա հայերեն: Ցուցակ կարող ե՞ս կազմել:
Սրանք են
http://www.litopedia.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2%3A%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC&search=%D5%8C%D5%A5%D5%B5+%D4%B2%D6%80%D5%A5%D5%A4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB&fulltext=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC

Lusina
25.08.2013, 15:03
Երևի մի 5 տարի առաջ եմ կարդացել իրա գործերից. 451-ի մասին դե չասեմ... Բացի դրանից Երկրացիներն ա լավ տպավորվել, ախր շատ լավն ա է:)) երևի էն ժամանակ հլը չէի էլ պատկերացնում , թե ինչքան շուտ-շուտ եմ իրանց վիճակում հայտնվելու, որ գժի տեղ դնեն :))

Վոլտերա
12.09.2013, 20:19
Մահն ու աղջիկը

Հեռու հեռվում, անտառներից ու լեռներից այն կողմ ապրում էր մի պառավ։ Իննսուն տարի ապրում էր փակված ու չէր բացում դուռը ոչ քամու, ոչ անձրևի, ոչ գող ճնճղուկների և ոչ էլ բոկոտն տղաների առաջ։ Հենց որ մեկը դիպչում էր պատուհանների փակ փեղկերին, նա իսկույն գոռում էր.

— Հեռացի՛ր այստեղից, Մահ։

— Ես Մահը չեմ,— ասում էին նրան։

Իսկ նա պատասխանում էր.

— Մահ, ես ճանաչում եմ քեզ, դու այսօր զուգվել ես աղջկա պես։ Բայց քո պեպենների տակ ես տեսնում եմ ոսկորներդ։

Կամ էլ մի ուրիշն էր ծեծում դուռը։

— Ես տեսնո՛ւմ եմ քեզ, Մահ,— գոռում էր Պառավը։— Մի սրա՜ն նայեք, հյո՜ւսն է դարձել։ Իսկ իմ դուռը երեք կողպեքով և երկու սողնակով է փակված։ Կպչուն թղթով ծածկել եմ բոլոր ճեղքերը, վառարանի ծխնելույզը լիքը լցված է փոշով, լուսամուտների փեղկերը ծածկված են սարդոստայնով, իսկ հաղորդալարերն էլ կտրատել եմ, որ հանկարծ հոսանքի հետ չմտնես ներս։ Ես հեռախոս էլ չունեմ, այնպես որ քեզ չի հաջողվի գիշերվա կեսին ինձ քնից հանել ու հայտնել իմ մահվան ժամը։ Ականջներս բամբակ եմ խցկել, խոսես֊չխոսես միևնույն է, քեզ չեմ լսում։ Լսեցի՞ր, կճատ։ Դե կորի՛ր այստեղից։

Եվ որքան որ հիշում էին իրենց փոքրիկ քաղաքի բնակիչները, միշտ էլ այդպես էր եղել։ Անտառներից այն կողմ ընկած այս հեռավոր վայրի մարդիկ անընդհատ խոսում էին նրա մասին, իսկ երեխաները, չհավատալով հեքիաթներին, երբեմն գալիս էին, ձողերով բարձրացնում տանիքի կղմինդրները և իսկույն լսում Պառավի վայնասունը. «Շո՛ւտ չքվիր այստեղից, սևավոր հոգեառ»։

Խոսում էին նաև, որ Պառավը պիտի հավերժ ապրի։ Իսկապես, Մահն ինչպե՞ս պիտի մտներ նրա տունը։ Այնտեղ եղած բոլոր հին մանրէներն արդեն վաղուց ձեռ էին քաշել Պառավից ու գնացել էին հանգստի։ Իսկ նոր մանրէները, որոնք (եթե հավատանք լրագրերին) համարյա ամեն ամիս սուրում էին երկրով մեկ, ամեն անգամ նոր անուններով, ոչ մի կերպ չէին կարողանում ներս խցկվել քարաքոսի, սպանդի փնջերի միջով, ծխախոտի տերևների ու գերչակի թփերի արանքով, որ դրված էին ամեն մի դռան առաջ։

— Նա բոլորիցս շատ կապրի,— ասում էին մոտակա քաղաքի բնակիչները։

— Ես բոլորիցդ էլ շատ կապրեմ,— ասում էր Պառավը, մթության և մենակության մեջ պասյանս բացելով հատուկ խաղաթղթերով, որ վաճառում են կույրերի համար։

Տարիներն անցնում էին, և արդեն ոչ ոք՝ ոչ փոքրիկ տղան, ոչ աղջնակը, ոչ թափառաշրջիկը, և ոչ էլ ազնիվ ճամփորդը չէին ծեծում նրա դուռը։ Տարին երկու անդամ նպարավաճառը, որն արդեն ինքը յոթանասունից անց էր, տան շեմին էր դնում դեղին առյուծներով և կարմիր սատանաներով զարդարված պողպատյա տուփեր, որոնց մեջ ամեն ինչ կար՝ սկսած թռչունների կերից, վերջացրած կարկանդակներով, իսկ ինքը գնում էր աղմկոտ անտառը, որը ձգվում էր մինչև Պառավի տան պատշգամբը։ Եվ, պատահում էր, որ այդ ուտելիքը մի շաբաթից ավելի մնում էր այնտեղ, արևը տաքացնում էր, իսկ լուսինը՝ հովացնում, ու ոչ մի մանրէ էլ կենդանի չէր մնում։ Հետո, մի գեղեցիկ օր, ուտելիքն անհետանում էր։

Ամբողջ կյանքում Պառավը մի բան էր միայն անում՝ սպասում էր։ Եվ սպասում էր զգուշությամբ, ինչպես ասում են՝ ականջը սրած, մի աչքով քնում էր, մյուսով ամեն ինչ տեսնում։

Այնպես որ, երբ նրա կյանքի իննսունմեկերորդ տարում օգոստոս ամսվա յոթերորդ օրը անտառից դուրս եկավ արևախանձ մի պատանի ու կանգ առավ Պառավի տան դիմաց, դա չզարմացրեց նրան։

Պատանու հագուստը սպիտակ էր ձյան պես, որ ձմռանը շրշյունով իջնում է տանիքներից և շերտ֊շերտ ծածկում քնած հողը։ Պատանին եկել էր ոչ թե ավտոմեքենայով, այլ ոտքով կտրել էր երկար ճանապարհ, բայց նրա տեսքը թարմ էր ու գեղեցիկ։ Նա չէր հենվում ցուպին և գլխարկ էլ չէր դրել։ Չէր վախենում, որ արևը գլուխը կայրի։ Եվ անձրևից էլ չէր թրջվել։ Իսկ ամենակարևորը՝ հետը ոչինչ չուներ, բացի կանաչ հեղուկով լի փոքրիկ սրվակից։ Ու թեև նա տարված էր այդ Սրվակով, բայց այնուամենայնիվ զգաց, որ մոտեցել է Պառավի տանը, և գլուխը բարձրացրեց։

Պատանին չդիպավ դռանը, այլ դանդաղ պտտվեց տան չորս կողմը, որպեսզի Պառավն զգա, որ ինքն այստեղ է։

Հետո նրա հայացքը, որ ռենտգենյան ճառագայթների պես թափանցում էր պատի միջով, հանդիպեց ծեր կնոջ հայացքին։

— Օ՛յ,— ցնցվելով, ճչաց Պառավը, որն այդ ժամանակ ցորենի ալյուրից թխված բլիթը բերանին ննջել էր։ — Դո՛ւ ես։ Ես գիտեմ, գիտեմ, թե ում կերպարանքն ես հիմա ընդունել։

— Ո՞ւմ։

— Հասած սեխի պես վարդագույն դեմքով այն պատանու։ Բայց դու ստվեր չունես։ Ինչո՞ւ չունես։ Ինչո՞ւ։

— Մարդիկ վախենում են ստվերներից։ Դրա համար էլ իմ ստվերը թողել եմ անտառի այն կողմում։

— Ես չեմ նայում, բայց ամեն ինչ տեսնում եմ...

— Օ՜,— հիացած բացականչեց պատանին։— Ինչպիսի՜ ձիրքով եք օժտված...

— Ես օժտված եմ դռան ետևում ինձ պահելու մեծագույն ձիրքով։

— Ես շատ հեշտությամբ կարող եմ ձեզ հաղթել,— ասաց պատանին, հազիվ շարժելով շրթունքները, բայց նա լսեց։

— Դու կպարտվե՛ս, կպարտվե՛ս։

— Իսկ ես սիրո՛ւմ եմ հաղթել։ Դե ինչ... Ես հենց շեմին կթողնեմ իմ այս սրվակը։

Պատանին տան պատերի միջից էլ զգում էր նրա սրտի արագ բաբախյունը։

— Սպասի՛ր։ Իսկ ի՞նչ կա այդ սրվակի մեջ։ Ես իրավունք ունեմ հարցնելու, թե ինչ են թողնում իմ տան շեմին։

— Լավ,— ասաց պատանին։

— Դե շուտ, ասա։

— Այդ սրվակի մեջ,— ասաց նա,— առաջին գիշերն է և առաջին օրը այն ժամից հետո, երբ լրացավ ձեր տասնութ տարին։

— Ի֊Ի՞նչ...

— Դուք լսեցիք իմ ասածը։

—Գիշերը և օրը... երբ լրացավ իմ տասնութ տարի՞ն։

— Այո։

— Սրվակո՞ւմ։

Նա վեր բարձրացրեց դեռատի կնոջ մարմին հիշեցնող կլորավուն սրվակը։ Սրվակն իր մեջ էր ամփոփում աշխարհը ողողած լույսը և հուրհրում այնպես թեժ ու կանաչ, ինչպես վագրի աչքերի ածուխները։ Պատանու ձեռքերում սրվակը մերթ հավասար լույս էր տալիս, մերթ անհանգիստ թրթռում։

— Չե՛մ հավատում,— ճչաց Պառավը։

— Ես սրվակը կդնեմ այստեղ ու կգնամ,— ասաց պատանին։— Առանց ինձ փորձեք խմել մի թեյի գդալ կանաչ միտք, որ լցված է այս սրվակի մեջ, ու կտեսնեք, թե ինչ կլինի։

— Դա թույն է։

— Ո՛չ։

— Երդվիր մորդ անունով։

— Ես մայր չունեմ։

— Իսկ ինչո՞վ կարող ես երդվել։

— Ինձնով։

— Ախր ես իսկույն շունչս կփչեմ... Դա՛ է քո ուզածը։

— Դուք միայն հարություն կառնեք ի մեռելոց։

— Բայց չէ որ ես մեռած չեմ։

Պատանին ժպտաց։

— Մի՞թե։

— Սպասի՛ր։ Թող հարցնեմ ինքս ինձ։ Դու մեռե՞լ ես։ Մեռե՞լ ես դու։ Եվ ընդհանրապես դու ապրե՞լ ես։

— Օրը և գիշերը, երբ լրացավ ձեր տասնութ տարին,— ասաց պատանին։— Լավ մտածեք։

— Դա այնքան վաղուց է եղել։

Ասես մկնիկ շարժվեց պատուհանի տակ, որն այնպես ամուր էր փակված, ինչպես դագաղի կափարիչը։

— Խմեք, և ամեն ինչ ետ կգա։

Նորից պատանին բարձրացրեց սրվակը և այնպես շրջեց, որ արևի ճառագայթներից շողշողաց հազարավոր կանաչ բույսերից քամած հյութի պես։ Ու թվում էր, թե հուրհրում է կանաչ արևի պես հանդարտ ու թեժ, ու թվում էր, թե փոթորկվում է անզուսպ ու մոլեգնած ծովի պես։

— Դա ձեր կյանքի ամենալավ տարվա գեղեցիկ օրն էր։

— Ամենալավ տարվա,— շշնջաց Պառավը իր պատուհանների փեղկերի ետևից։

— Այդ տարի դուք ասես հյութալի խնձոր լինեիք։ Իսկը ժամանակն էր ըմպելու կյանքի բերկրանքը։ Մի կում, և դուք կիմանաք նրա համր։ Ինչո՞ւ չեք ուզում փորձել, հը՞։

Նա սրվակով ձեռքը մեկնեց առաջ ու ավելի վեր, և սրվակը հանկարծ դարձավ հեռադիտակ. որ կողմից ուզում ես նայիր նրան, և կհորդան քեզ վրա այն հեռու հեռավոր ժամանակները, որ վաղուց անցել֊մոռացվել են։ Եվ շուրջն ամեն ինչ կանաչ է ու դեղին, ինչպես այս կեսօրը, երբ պատանին իր ձեռքում ամուր պահած հուրհրան սրվակով գայթակղում, հրապուրում է ետ դառնալ դեպի անցյալը։ Պատանին թափահարեց լուսեղեն սրվակը, սպիտակ տաք շողերը թիթեռի պես թռան և նվագեցին լուսամուտների փեղկերի վրա, ինչպես անձայն դաշնամուրի սպիտակ ստեղներ։ Թեթև, ասես երազներից հյուսված հրեղեն թևերը դարձան շողեր, թափանցեցին փեղկերի ճեղքերից ներս, կախվեցին օդում և սկսեցին խավարից պոկել մերթ շուրթերը, մերթ քիթը, մերթ աչքերը։ Բայց աչքերն իսկույն անհետացան, մնաց միայն հետաքրքրասիրությունը, որ նորից ալեկոծվեց լույսի շողից։ Այժմ, բռնելով այն, ինչ ինքն ուզում էր բռնել, պատանին հրեղեն թիթեռին պահում էր հանգիստ (միայն հազիվ թրթռում էին նրա բոցկլտուն թևերը), որպեսզի հեռավոր օրվա կանաչ բուրմունքը փեղկերի միջով հորդի ոչ միայն այդ հին տունը, այլև ծեր կնոջ հոգին։ Պատանին լսում էր, ինչպես է նա արագ շնչում, ինչպես է ճգնում վանել սարսափը և տուրք չտալ հիացմունքին։

— Ո՛չ, ո՛չ, քեզ չի հաջողվի խաբել ինձ,— աղերսեց նա այնքան խուլ, ասես արդեն ծածկվել էր ծուլորեն գահավիժած ալիքով, բայց և շարունակում էր ջրի խոր հատակում թպրտալ, չկամենալով բաժանվել կյանքից։— Դու վերադառնում ես նոր կերպարանքով։ Դու դիմակ ես հագնում, բայց ես չեմ կարող հասկանալ, թե դա ինչ դիմակ է։ Խոսում ես մի ձայնով, որ ես լսել եմ վաղուց, շատ վաղո՜ւց։ Ո՞ւմ ձայնն է դա։ Ահ, միևնույն է։ Եվ հետո, ծնկներիս վրա բացած թղթերն էլ են ասում, թե դու ով ես իրականում և ինչ ես ուզում ինձ հրամցնել։

— Ընդամենը քսանչորս ժամ ձեր պատանեկությունից։

— Դու ինձ բոլորովին ուրիշ բան կտաս։

— Հո ինձ չեմ տա։

— Եթե ես դուրս գամ, դու ինձ կբռնես ու կպահես ցուրտ ու մութ անկյունում, մամուռի վերմակի տակ։ Ես քեզ հիմարացնում էի տարիներ շարունակ։ Իսկ հիմա դու փնթփնթում ես իմ դռան ետևում և նոր ծուղակներ ես սարքում։ Միայն թե զուր ես չարչարվում։

— Եթե դուք դուրս գաք, ես միայն ու միայն կհամբուրեմ ձեր ձեռքը, դեռատի լեդի։

— Մի՛ ասա ինձ այդպես։ Անցածը անցած է։

— Եթե կամենաք՝ ձեր պատանեկությունն իսկույնևեթ կվերադառնա։

— Իսկույնևեթ...— շշնջաց նա։

— Վաղու՞ց էր, որ դուք զբոսնում էիք անտառում։

— Ինչո՞ւ հիշել վաղուց անցածը։ Եվ հետո ես՝ պառավս, չեմ հիշում։

— Դեռատի լեդի,— ասաց պատանին,— դուրսը հրաշալի ամառային օր է։ Այստեղ, ծառերի մեջ, կարծես կանաչ տաճար լինի, ոսկեգույն մեղուները գորգ են հյուսում, չորս կողմը գույնզգույն նախշեր են։ Հին կաղնու փչակից հրեղեն գետի պես ծորում է մեղրը։ Դեն նետեք ձեր մաշիկները և մինչև ծնկները խրվեք վայրի դաղձի մեջ։ Իսկ այն բացատում դաշտային ծաղիկները... ասես դեղին թիթեռներ լինեն, որ իջել են խոտերի վրա։ Ծառերի տակ օդը զով է ու մաքուր, ինչպես խոր ջրհորում, քիչ է մնում վերցնես ու խմես։ Ամռան օր է, հավերժորեն պատանի ամռան օր։

— Բայց ես ինչպես որ կամ, այդպես ծեր էլ կմնամ։

— Չեք մնա, եթե լսեք ինձ։ Արդար պայման եմ առաջարկում, հաստատ բան եմ ասում ձեզ, ու մենք հրաշալի կհասկանանք իրար՝ դուք, ես և օգոստոսյան օրը։

— Դա ի՞նչ պայման է, և ի՞նչ բաժին կընկնի ինձ։

— Երկար ու երջանիկ ամառային քսանչորս ժամ, սկսած հենց այս վայրկյանից։ Մենք կվազենք անտառ, հատապտուղներ կքաղենք ու մեղր կուտենք, հետո կգնանք քաղաք ու ձեզ համար կգնենք ոստայնի պես բարակ ամառային սպիտակ զգեստ, իսկ հետո գնացք կնստենք։

— Գնա՜ցք...

— Եվ կսլանանք դեպի մեծ քաղաք... որը այստեղից հեռու չէ, մի ժամվա ճանապարհ, այնտեղ կճաշենք և ամբողջ գիշեր մինչև լույս կպարենք։ Ես ձեզ համար կառնեմ երկու զույգ կոշիկ, և մի զույգը դուք իսկույն կմաշեք։

— Ա՜խ, իմ հին ոսկորներ... Ախր ես տեղիցս չեմ կարող շարժվել։

— Դուք ավելի շատ կվազեք, քան կքայլեք, ավելի շատ կպարեք, քան կվազեք։ Մենք կնայենք, ինչպես են աստղերը ցոլում երկնքում, ինչպես է բացվում արշալույսը։ Այգաբացին կզբոսնենք լճի ափին։ Մենք այնքան համեղ նախաճաշ կանենք, որ ոչ ոք այդպիսին կերած չի լինի, և մինչև կեսօր պառկած կմնանք ավազի վրա։ Իսկ երեկոյան կվերցնենք մի մեծ տուփ կոնֆետ, կնստենք գնացք ու կծիծաղենք ճանապարհին, ամբողջովին ծածկված լինելով վագոնի ուղեկցորդի դակիչից դուրս թռած գույնզգույն՝ կապույտ, կանաչ, դեղին թղթերով, իբր թե մենք հենց նոր ենք ամուսնացել, և կանցնենք մեր քաղաքով, չնայելով ոչ մեկի, ոչ մի մարդու վրա, և աղջամուղջին արբեցուցիչ բուրմունքներով լեցուն անտառով կգնանք դեպի ձեր տուն...

Վոլտերա
12.09.2013, 20:20
...Լռություն։

— Ահա և բոլորը,— ասաց Պառավը,— բայց դեռ ոչինչ չի սկսվել։

Եվ հետո հարցրեց.

— Իսկ քո ինչի՞ն է պետք դա։ Դու ի՞նչ շահ ունես։

Քնքշորեն ժպտաց պատանին։

— Սիրուն աղջիկ, ես ուզում եմ քնել քեզ հետ։

Նրա շունչը քիչ մնաց կտրվեր։

— Ես իմ ողջ կյանքում ոչ ոքի հետ չեմ քնել։

— Ուրեմն... դուք պառաված օրիո՞րդ եք։

— Եվ հպարտանում եմ դրանով։

Պատանին հոգոց հանելով, օրորեց գլուխը։

— Ուրեմն, դա ճիշտ է... դուք իրոք պառաված օրիորդ եք։

Եվ նա լուռ ունկնդրեց, բայց տնից ոչ մի ձայն չլսվեց։

Անասելիորեն կամաց, ասես ինչ֊որ մեկը ինչ֊որ տեղ դժվարությամբ պտտեց ջրի ծորակը, և քիչ֊քիչ, կաթիլ֊կաթիլ, հոսեց ջուրը կես դար մոռացության մատնված խողովակից։ Պառավը լաց էր լինում։

— Ինչո՞ւ եք լաց լինում։

— Չգիտեմ,— հեծկլտաց նա։

Վերջապես դադարեց լաց լինել, և պատանին լսեց, ինչպես է նա օրորվում բազկաթոռի մեջ, որ հանգստանա։

— Խե՜ղճ պառավ,— շշնջաց պատանին։

— Ինձ մի՛ ասա պառավ։

— Լավ,— ասաց պատանին։— Կլարինդա։

— Որտեղի՞ց իմացար անունս։ Ոչ ոք չգիտի իմ անունը։

— Կլարինդա, ինչո՞ւ դու թաքնվեցիր այս տանը։ Դեռ այն ժամանակ, վաղո՜ւց, շատ վաղուց։

— Չեմ հիշում։ Ասենք... հա։ Ես վախենում էի։

— Վախենո՞ւմ էիր։

— Տարօրինակ է։ Սկզբում կյանքից էի վախենում, հետո՝ մահից։ Միշտ ինչ֊որ բանից վախեցել եմ։ Բայց դու ասա՛ ինձ։ Ասա ողջ ճշմարտությո՛ւնը։ Երբ իմ քսանչորս ժամը լրանա... դե, լճի ափին զբոսնելուց հետո, այն բանից հետո, երբ գնացքով կվերադառնանք ու անտառի միջով կգանք իմ տունը, դու կուզե՞ս...

Պատանին չէր շտապեցնում նրան, իր խոսքերով չէր ընդհատում։

— ... քնել ինձ հետ,— շշնջաց նա։

— Այո, հազար միլիոն տարի,— պատասխանեց պատանին։

— Օ՜,— հազիվ լսելի ասաց Պառավը։— Այդքան երկա՜ր։

Պատանին գլխով արեց։

— Երկար,— կրկնեց Պառավը։— Ի՞նչ պայման ես առաջարկում, երիտասարդ։ Դու ինձ տալիս ես քսանչորս ժամ ջահելություն, իսկ ես քեզ տալիս եմ իմ թանկագին ժամանակի հազար միլիոն տարին։

— Մի՛ մոռացիր և իմ ժամանակի մասին,— ասաց պատանին։— Ես երբեք մենակ չեմ թողնի քեզ։

— Դու պառկա՞ծ կմնաս ինձ հետ։

— Իհարկե։

— Էհ, պատանի, պատանի։ Քո ձայնը շատ ծանոթ է ինձ։

— Նայիր ինձ։

Եվ պատանին տեսավ, ինչպես կողպեքի անցքից հանեցին բամբակը, ու մի աչք հայացքը գամեց իր վրա։ Եվ ժպտաց պատանին դաշտի արևածաղիկներին ու երկնային աստծուն։

— Ես կույր եմ, ես համարյա բան չեմ տեսնում,— լաց եղավ ծեր կինը։— Բայց մի՞թե Ուիլլի Ուինչեսթերն է այդտեղ կանգնած։

Պատանին չպատասխանեց։

— Բայց, Ուիլլի, դու ասես քսանմեկ տարեկան լինես, յոթանասուն տարի է անցել, իսկ դու բոլորովին չես փոխվել։

Պատանին սրվակը դրեց դռան առաջ, իսկ ինքը գնաց մի կողմ, կանգնեց խոտերի մեջ։

— Կարո՞ղ ես,— նա մի պահ լռեց,— կարո՞ղ ես ինձ այդքան ջահել դարձնել։

Պատանին գլխով արեց։

— Օ՜, Ուիլլի, Ուիլլի, մի՞թե դու ես իրոք։

Նա սպասում էր, նայելով անհոգ ու երջանիկ պատանուն, որի մազերի մեջ և այտերին խայտում էին արևի շողերը։

Անցավ մի րոպե։

— Դե, ի՞նչ ես մտածում,— հարցրեց պատանին։

— Սպասիր,— ասաց նա։— Թող մտածեմ։

Եվ պատանին զգաց, որ այնտեղ, տանը, նա հապշտապ թափ է տալիս, մաղում ողջ հիշողությունը, ինչպես ավազն են մաղում մանր մաղով, բայց թե հիշելու բան չկար՝ միայն մոխիր էր ու փոշի։ Զգում էր պատանին, որ այրվում են նրա քունքերը, իզուր է նա տակնուվրա անում հիշողությունը... մի հատիկ քար չկա ոչ մաղի մեջ, ոչ էլ մաղված ավազի։

«Անվերջ ու անեզր անապատ,— մտածեց պատանին,— և ոչ մի օազիս»։

Եվ երբ մտածեց այսպես, կինը ցնցվեց։

— Տարօրինակ է,— վերջապես շշնջաց նա։— Հենց հիմա հանկարծ ինձ թվաց, որ հազար միլիոն տարին քսանչորս ժամվա, մեկ օրվա դիմաց տալը շատ բարի, արդար և ճիշտ բան է։

— Այո, Կլարինդա,— ասաց պատանին։— Դու շատ ճիշտ ես։

Թրխկացին սողնակները, չրխկացին կողպեքները, և դուռը ճռռոցով բացվեց։ Մի ակնթարթ հայտնվեց ձեռքը, խլեց սրվակն ու անհետացավ։

Անցավ մի րոպե։

Հետո գնդացրային կրակահերթի պես տկտկացին ոտնաձայները։ Շրխկաց ետնամուտքի դուռը։ Վերևում շռինդով բացվեցին պատուհանները, և խլափեղկերը փուլ եկան խոտերի մեջ։ Ահա պառավը հասավ նաև ներքևի պատուհաններին։ Խլափեղկերը մի կողմ թռան տաշեղներ դարձած։ Փոշին ամպի պես դուրս թափվեց պատուհաններից։

Եվ վերջապես կրնկի վրա բացված դռնից դուրս թռավ դատարկ սրվակն ու ջարդուփշուր եղավ՝ զարկվելով քարին։

Եվ պատշգամբում հայտնվեց նա ինքը՝ արագ, ինչպես թռչուն։ Արևն իր ճառագայթները հեղեց նրա վրա։ Ասես բեմում լիներ կանգնած, ասես հենց նոր դուրս ճախրեց մթին կուլիսներից։ Հետո ցած վազեց աստիճաններով և բռնեց պատանու ձեռքերը։

Արահետով անցնող փոքրիկ տղան կանգ առավ ու աչքերը գամեց նրան, հետո սկսեց ետ֊ետ գնալ, լայն չռած աչքերը չկտրելով նրանից, մինչև որ անհետացավ։

— Ինչո՞ւ էր նա այդպես նայում ինձ,— ասաց Կլարինդան։— Ես գեղեցի՞կ եմ։

— Շա՛տ։

— Ուզում եմ ինձ տեսնել հայելու մեջ։

— Ոչ, ոչ։ Պետք չէ։

— Իսկ քաղաքում ես դուր կգա՞մ բոլորին։ Գուցե սա ինձ թվո՞ւմ է միայն։ Գուցե դու ինձ ձե՞ռ ես առնում։

— Դու աննման ես։

— Ուրեմն, ես գեղեցիկ եմ։ Ես ինքս էլ դա գիտեմ։ Իսկ այսօր երեկոյան բոլորը կուզեն ինձ հետ պարել։ Բոլոր տղամարդիկ, իրար հերթ չտալով, ինձ կհրավիրեն պարելու։

— Բոլորը, մեկ մարդու պես։

Եվ արդեն արահետի վրա, որտեղ բզզում էին մեղուները և խշխշում էին տերևները, նա հանկարծ կանգ առավ ու, նայելով պատանու դեմքին, որ հրաշագեղ էր ամռան արևի պես, հարցրեց.

— Օ՜, Ուիլլի, ես ուզում եմ, որ դու միշտ, միշտ քնքուշ լինես. և երբ ամեն ինչ վերջանա, և երբ մենք ետ կգանք այստեղ։ Պատանին նայեց նրա աչքերի մեջ և մատով դիպավ այտին։

— Այո,– ասաց նա քնքշորեն։— Այո։

— Ես հավատում եմ, ես հավատում եմ, Ուիլլի։

Ու նրանք վազեցին արահետով և անհետացան տեսողությունից, իսկ փոշին կախված մնաց օդում. դռները, փեղկերը, պատուհանները լայն բացված էին, և հիմա արևը կարող էր ներս թափանցել, թռչունները կարող էին բույն դնել այնտեղ և ձագեր հանել, ամառային չքնաղ ծաղիկների թերթիկները կարող էին թռչել հարսանյաց անձրևով և գորգի պես պատել սենյակներն ու դեռևս դատարկ անկողինը։ Եվ ամառային զով զեփյուռը ընդարձակ սենյակները լցրեց մի յուրահատուկ բուրմունքով, Սկզբի և Սկզբին հաջորդող առաջին ժամի բուրմունքով, երբ աշխարհը դեռ մաքուր է ու վճիտ, երբ շուրջբոլորը անդորր է ու լռություն, իսկ ծերության մասին ոչ ոք չի լսել անգամ։ Անտառում, ինչ֊որ տեղ, ինչպես արագ բաբախող սրտեր, կտկտացին ճագարների թաթիկները։ Հեռվում շչաց գնացքը և արագ֊արագ ու էլ ավելի արագ սլացավ դեպի քաղաք։

Alphaone
12.09.2013, 20:55
Մար, գժվում եմ ուղղակի էս պատմվածքի համար :kiss

Անվերնագիր
07.01.2014, 22:25
A Sound of Thunder-ը էս վերջերս կարդացի՝ հրաշալի էր: Իդեպ, եթե չեմ սխալվում ««թիթեռնիկի էֆեկտ»» արտահայտության պապան ա:

Աբելյան
08.01.2014, 13:12
Ինձ ամենաշատը դուր ա եկել "Մեռյալ քաղաքների" մասը, որ տղեն "սայտով" (:))) աղջիկ ա ճարում, բայց միանգամից հիասթափվում ա:

Արամէ
09.01.2014, 09:45
Օօօ ինչ լավ գործ է անում Վոլտերան։
Ես տանը ունեմ այդ գիրքը։ Իմ վրա ժամանակին շատ ուժեղ են ազդել այդ պատմությունները։ «Ուխտագնացություն դեպի երկիր» կապույտ գիրքն էլ ունեմ։ Բայց դա Բրեդբերին չի։ Ափսոս սովետի վերջերում սկսեցին թարգմանել շատ չհասցրեցին։ Իսկ Անանյանի թարգմանությունը ինձ ավելի է դուր գալիս քան ռուսերենը, ռուսերենը չկպավ հոգուս այնպես ինչպես հայերենը։

Malxas
05.02.2014, 19:52
Սիրելի Վոլտերա, հատուկ շնորհակալություն եմ հայտնում: Շնորհիվ քեզ ես բացահայտեցի մեծ գրողի, որը ոճի մեջ յուրօրինակ է, գրելու վարպետությամբ` անթերի: Կարդացի նրա «451 ըստ Ֆարնհեյթի» վեպը: Վաղուց այդպիսի ուժեղ գործ չէի կարդացել: Եվ մեկ անգամ համոզվեցի, որ ժանրը նշանակություն չունի, կարևորը ներկայացնելու ձևն է: Ափսոսում եմ, որ հայերեն թարգմանություններ շատ չկան: Կուզենայի նաև նշել Լևոն Անանյանի հաջողված թարգմանությունը: