PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական արբանյակ



Artgeo
13.08.2013, 12:07
Հայաստանի կապի նախարարությունը սկսել է հայկական արբանյակի ստեղծման հետ կապված աշխատանքները։ Ապագա արբանյակին վերաբերող բոլոր հարցերը կքննարկենք այս թեմայում

ՀՀ արբանյակային ծրագրին կմասնակցի նաև կանադական «MDA» ընկերությունը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Կանադայում հանդիպում ունեցավ կանադական «MDA» ընկերության տնօրինության հետ։

http://www.mtc.am/files/modules/Beglaryan_Canada.jpg

«MDA» -ն աշխարհում արբանյակների կառուցման ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացրած ծրագրերի առումով, տիեզերական ռոբոտաշինության և արբանյակաշինության ծավալներով համարվում է ոլորտի առավել փորձառու ընկերություններից մեկը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «MDA»-ի նախագահ Մագ Իսկանդերի միջև մինչ այդ տեղի էին ունեցել մի քանի հանդիպումներ Լոնդոնում և Երևանում, որոնց ընթացքում ձեռք էին բերվել համատեղ աշխատանքի պայմանավորվածություններ։



Կանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար ուղեծրային դիրքում դրա տեղադրման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը ներկայացրեց ծրագրի իրականացման ներկայիս փուլը: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքը գրանցելու նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միություն (ՀՄՄ)։ Բացի այդ, ՀՀ արբանյակային ծրագրերին հնարավոր մասնակցություն ցուցաբերելու նպատակով մի շարք միջազգային արբանյակային կազմակերպությունների հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել:

«MDA» ընկերության նախագահ Մագ Իսկանդերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին տեղեկացրեց, որ մանրամասն ծանոթացել է Հայաստանի կողմից Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրո ներկայացված փաստաթղթերին, և ընկերությունն իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի տիեզերական ծրագրում անմիջական մասնակցություն ցուցաբերելու հարցում:



Այցի շրջանակներում Գագիկ Բեգլարյանը հանդիպում ունեցավ նաև Կանադայի պետական տիեզերական գործակալության նախագահ Ժիլե Լեկլերկի և Կանադայի արտահանման զարգացման գործակալության ռազմավարական գծով տնօրեն Ջոն Միլլերի հետ:

Նախարարին ներկայացվեցին գործակալության հիմնական գործառույթները: Նշվեց, որ գործակալությունն իրականացնում է գիտական և նորարարական ուսումնասիրություններ, ծրագրերի և տիեզերական բնագավառի ռազմավարության մշակում, ինչպես նաև հանդիսանում է պետության կողմից հաստատված տիեզերական ծրագրերի պատվիրատու:
Հանդիպման ընթացքում Կանադայի արտահանման զարգացման գործակալության (EDC) տնօրինության հետ քննարկվեցին Հայաստանի տիեզերական ծրագրի նախագծի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

http://www.mtc.am/pages.php?lang=1&id=4932&page_name=news