PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Moonwalker-ի, Ռուֆուսի և ars83-ի համատեղ պատմվածքը



Chuk
09.08.2013, 14:36
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Moonwalker (http://www.akumb.am/member.php/24112-Moonwalker")-ը սկսում է, Ռուֆուս (http://www.akumb.am/member.php/11349-Ռուֆուս)ը՝ շարունակում, ars83 (http://www.akumb.am/member.php/14065-ars83)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Moonwalker
09.08.2013, 18:52
Քաղաք վերադարձող սև «Հորխը» նոր միայն բացվող օրվա կիսախավարում հանգիստ կարելի էր նմանեցնել առասպելական մի հրեշի: Թեև այս համատարած դատարկ ճանապարհին դա հազիվ թե մեկին հուզեր: Անգամ վարորդին: Վարորդն, ում Էռնստ էին կոչում, զբաղված էր նրանով, որ ընդգծված հաճույքով ու հոգածությամբ պտտում էր իր նոր գեղեցկուհու ղեկը:

«Համարյա տասնութ հազար ռեյխսմարկ... տասնութ հազար»,-կրկնում էր ինքն իրեն Էռնստը,- «...ցնդելու գումար: Միգուցե միայն իր համար. պարոնն անշուշտ կարող էր իրեն նման շռայլություն թույլ տալ՝ առանց գրպանին զգալի նեղություն տալու: Ինչ որ է՝ կարևորը, որ այս մետաղե թռչնակն ամեն երեկո՝ սովորաբար յոթից հետո, իր տրամադրության տակ էր լինելու: Իհարկե եղել էին ու լինելու էին և բացառություններ, ու ավելի ու ավելի հաճախ՝ ինչպես այսօր: Բայց այս ամենի դիմաց դրանք բոլորը մանրուքներ էին»:

Վարորդը, անկեղծ ասած, համարում էր, որ ուղևորի պարբերաբար կրկնվող գիշերային հանդիպումներում կասկածելի մի բան կա, բայց դե ինչ իմանաս՝ ինչով են զբաղվում այս պաշտոնյաները: Ու հետո պետք էր լեզուն ատամների հետևում պահել, թե չէ էլ որտե՞ղ նման պայմաններով աշխատանք կարելի էր գտնել: Անգամ հաշվի չառնելով, որ հայրենիքից հեռու էր:

Ճանապարհի ձախ կողմում գետնից մոտ չորս ոտնաչափ բարձրացող ցուցանակը բարի գալուստ էր մաղթում հավերժական քաղաք՝ Հռոմ: Էռնստը շրջվեց ու միայն մի հպանցիկ հայացք նետեց հետևի նստատեղին նստած հիսունն անց տղամարդու վրա: Ուլրիխ ֆոն Հասսելլը, չնայած պատկառելի տարիքին, բավական գեղեցիկ տղամարդ էր: Ճակատից վեր փոքր ինչ թափված մազերն ու խնամված բեղերը նրա դեմքին անհասկանալի ազնվականություն էին հաղորդում: Իսկ սառցե կապտության աչքերը ընդունակ էին հպատակեցնելու ցանկացածին՝ անգամ պաշտոնով շատ ավելի բարձր: Դրանց շանթող խորությունը Էռնստը մեկ անգամ չէ, որ զգացել էր: Գուցե այդ մասին հիշողությունն էր պատճառը, բայց վարորդն անմիջապես ոտքը տարավ արագության սեղմակին: Իտալիայում աշխատելու այս հինգ տարիների ընթացքում նա հասկացել էր երկու բան՝ որ պարոնը չի սիրում շատախոսությունը, բայց դրանից ավել՝ դանդաղկոտությունը:

Բայց այդ նույն ժամանակ ուղևորին լրիվ ուրիշ մտքեր էին հուզում: Ձեռքով անգիտակցորեն շոյելով աջ այտի հազիվ նկատելի սպին՝ Ցինդաոյում անցկացրած երիտասարդ տարիների միակ հուշը՝ նա կենտրոնացած էր ինչպես միշտ, երբ որոշում պիտի կայացներ: Վերադառնում էր երկակի զգացումներով: Մի կողմից անհագստանում էր, մյուս կողմից իր համար ոչ բնորոշ կերպով անհամբեր էր դարձել: Հասկանում էր, որ ձախողման դեպքում իրեն չեն փրկի ո՛չ դեռ նախորդ հարյուրամյակից ձեռք բերած ազդեցիկ կապերը, ո՛չ ընտանեկան հարուստ անցյալը, ո՛չ շքանշանները և ո՛չ էլ իր՝ դեսպանի աստիճանը: Դեռ մի բան էլ կարելի էր ենթադրել, որ ձախողումը կարող է կործանարար ազդել նաև Իլզեի ու երեխաների վրա: Մտքին գալիս էին պատկերներ ու ձայներ՝ անգլիացի կապավորը ինքնաթիռի մեջ, անդադար ուղարկվող հեռագրերը Բեռլինից, քիչ առաջվա զրույցը բանկիրի հետ, հոր՝ ծերուկ Ուլրիխ ավագի խորհուրդները... Գրողը տանի, մի քիչ էլ՝ ու կսկսեր աղոթել Աստծուն, որին անգամ չէր էլ հավատում:

- Հե՛ռռ Հասսելլ, արդեն տեղ ենք հասել- ականջին հասավ Էռնստի ձայնը: Ուևորը միանգամից ուշքի եկավ ու անկեղծ զարմացավ. մեքենան կանգնած էր դեսպանատան առջև: Ձեռքը տարավ գրպանի ժամացույցին՝ տասից քսանչորս էր պակաս: Ժամանակն անցնում էր սարսափելի արագությամբ: Վերցրեց ամառային թեթև վերարկուն ու դուրս եկավ մեքենայից: Չնայած դեռ միայն սեպտեմբերն էր՝ Հռոմում զարմանալիորեն ցուրտ էր: Ուլրիխն այստեղ ապրելու իրեն այդքան երկար թվացած տարիների ընթացքում երբեք նման բան չէր նկատել: Չնայած դրան՝ սկսեց բարձրանալ վերև առանց վերարկուն հագնելու. միևնույն է ներսում միշտ էլ օդը ահավոր ծանր էր լինում:
Դեռ աստիճանների վրա նրան ընդառաջ դուրս եկավ քարտուղարն ու գրեթե բղավեց.
- Շտապ գաղտնագիր ԱԱ-ից:
«Գաղտնագիր արտգործնախարարությունի՞ց: Այսքան շո՞ւտ»,- դեսպանը ողջ մարմնով լարված էր: Չնայած դրան միայն գլխով մի անորոշ շարժում արեց ու վերցրեց ծրարը: Ինչպես ամեն օր այս հինգ տարիների ընթացքում անշտապ անցավ իր սենյակ տանող երկար միջանցքը, քարտուղարուհուն զգուշացրեց, որ ինքը զբաղված է ու դուռն իր ետևից կողպեց: Բացեց ծրարն ու մի հայացքից հասկացավ, թե որ բանալին էր անհրաժեշտ կիրառել հեռագիրը վերծանելու համար: Քիչ հապաղելուց հետո կտրված գերանի նման ընկավ աթորին ու ձեռքի տակ պատահած առաջին մատինով սկսեց հազիվ ընթեռնելի գրոտել.


«ԱՆՀԱՊԱՂ, ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ
№ 294, ՆՅՈՒՐՆԲԵՐԳ, 12-Ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1937թ.

Գործերի հավատարմատարին: Վերծանել անձամբ: Խնդրում եմ Չիանոյին անձամբ հաղորդեք, որ, ինչպես երևում է անգլիական դեսպանի կողմից այստեղ ինձ արված հայտարարությունից, անգլիացիները բռնել ու վերծանել են Միջերկրական ծովում գործող իտալական սուզանավերի ռադիոհեռագրերը:

Նայրատ»:


Կրծքի շրջանում անտանելի կծկոցները, որ մի քսան տարի առաջ Մարնայի շրջանում վիրավորվելուց հետո պարբերաբար զգացնել էին տալիս երբ հուզվում էր, հանկարծ կարծես անցան: Ուլրիխը դանդախ վեր կացավ:
- Այս անգամ էլ գլուխներս ազատեցինք,- հազիվ լսելի, բայց հաստատուն բավականությամբ մրթմրթաց: Հետո մի անգամ էլ կարդաց հեռագիրն ու վերցրեց լսափոխը: