PDA

Դիտել ողջ տարբերակը : Ist Amerika wunderbar? (Ամերիկան հիասքա՞նչ է...)



Ruby Rue
09.08.2013, 08:20
Քանի որ իմ այլմոլորակայինը (http://www.akumb.am/showthread.php/63298-%D4%B1%D5%B5%D5%AC%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80)մի քիչ ավելի ղզիկ բնույթի գրառումների համար եմ օգտագործում, որոշեցի ամերիկյան արկածների, հետաքրքրությունների ու բողոքների hամար նոր օրագիր բացել: Անվանումն էլ Rammstein-ի Amerika երգից է. երգ, որը ինձ մոտիվացրել է այս մրցույթի էսսեները գրելիս, հետս հարցազրույցի է եկել ու ինձ TOEFL-ի ճանապարհել:
Ու եթե չլիներ այստեղի ահավոր ուտելիքն ու Վաշինգտոնի խեղդող ու խոնավ կլիման, վերնագիրը կլիներ ''Amerika ist wunderbar!''` <Ամերիկան հիասքանչ է>, ինչպես իմ շատ սիրելի երգում է ասվում.


http://www.youtube.com/watch?v=DgK5M1zX_jY

Բայց իմ Ամերիկան շատ հեռու է հիասքանչ լինելուց...

Իսկ հիասքանչությունը խախտող հանգամանքներից մեկն այն է, որ էս քանի օրվա ընթացքում ընդամենը մի քանի ամերիկացու հետ ենք շփվել` այն էլ ծրագրի տնօրենի ու կորդինատորների: Ընդհանուր առմամբ, հյուրանոցը միջազգային կոնֆերանսների ու մշակութային միջոցառումների համար է նախատեսված ու ավելի հաճախ ազգային տարազով պակիստանցի կտեսնես, քան տիպիկ ամերիկացիների: Մեկ էլ քանի որ ծրագիրը նախկին ԱՊՀ երկրների համար է, բոլոր մասնակիցները ռուսերեն են խոսում: Արդյունքում ինչ-որ անգլոռուսերեն մուտանտ լեզվով ենք խոսում:

Իսկ ԱՄՆ-ի հրաշքներից մեկը ժպտացող մարդիկ են: Մեր մուննաթ մարդկանց հետ համեմատած էնքան հավես է, որ ժպիտիդ ժպիտով են պատասխանում կամ առավոտյան ժպտալով անծանոթի բարևում: Թող մարդիկ ասեն, թե ժպիտները կեղծ են, բայց իրականում լիքը դրական էներգիա ես ստանում:
Մարդիկ էլ պարզ ու անմիջական են, չկան մեր երկրում տարածված դասախոս-ուսանող, տնօրեն-աշխատող ծանր ու ֆորմալ հարաբերությունները: Մարդիկ հավասար են ու իրենց ամեն քայլ դրա ապացույցն է:
Դեռ ուրիշ «ամերիկյան հրաշքներ»-ի չեմ հանդիպել. հուսով եմ վաղվա Վաշինգտոն այցը կկոմպենսացնի ուտելիքի պակասը...

Հ.Գ. Էսօր բելառուսների ու ուկրաինացիների հետ անհամ սալաթ ուտելիս մեր հարազատ բորշչին էինք հիշել: Նենց տաք ճաշիկ եմ ուզում::(

Ruby Rue
09.08.2013, 21:38
Էս ծրագրի ամենապստոն եմ: Երբ ասացի, որ 17 տարեկան եմ, բոլորը համատարած wow-ներով դիմավորեցին: Իսկ երբ ավելացրի, որ ֆիզիկա եմ սովորելու, wow-ների կրկնակի դոզա ստացա: Այստեղ մոտ 60 հոգի կա, նախկին խորհրդային երկրերից ու բոլորի մեջ ես միակն եմ, որ անչափահաս է ու գիտնական է դառնալու. հիմնականում իրավագետներ, դիվանագետներ ու լեզվաբաններ են:
Պարզվում է` ծրագիրը նախատեսված է տասնութ տարեկանից բարձր մարդկանց համար; Իսկ ես բանից անտեղյակ մասնակցել եմ ու անցել. մանրուք է, բայց չափազանց հաճելի:

Բայց դե չնայած իմ չափազանց ակտիվ ու շատախոս բնավորությանը, ես թրեյնինգներին մի տեսակ պասիվ եմ, «էշից ընկած»:
Ու ծիծաղելի է, որ պատճառը միայն նորմալ չսնվելն է: Ես որ համով բաների պակաս եմ ունենում, իմ օգտակար/վնասակար գործողության գործակիցն ու տրամադրություն միանգամից ընկնում է:
Էսօր նամակ էինք գրում մեզ, որն ուղարկելու են ծրագիրն ավարտելուց հետո: Գրեցի բոլոր նպատակներս ու երազանքներս ԱՄՆ-ի հետ կապված ու հասկացա, որ եթե շարունակեմ ոչ մի բան չուտելը, քննություններ չեմ կարողանա հանձնել: Դրա համար էլ էսօր ինձ ներշնչեցի, որ ամեն ինչ հիասքանչ համ ունի ու կերա վերցրածս ողջ ուտելիքը: :)

Չէ, խնձորն էնքան էլ թթու չի, սալաթը շատ համով ա ավոկադոյի սոուսով, իսկ քաղցր հացն էլ կարելի է յոգուրտի հետ ուտել: :D

Ruby Rue
11.08.2013, 20:53
Ինչքան քիչ ժամանակ կա գրելու, այնքան շատ բան կա պատմելու: Չգիտեմ էլ՝ որտեղից սկսեմ, որտեղ ավարտեմ...
Եռօրյա վերապատրաստման դասերի վերջին օրը մեզ Վաշինգտոն տարան՝ ավտոբուսային ուղևորության: Սիրահարվեցի Վաշինգտոնին, բայց շփվել չհասցրինք, որովհետև մոտ 3 ժամ ժամանակ ունեինք: Սպիտակ տան մոտ էլ լուսանկարվեցինք, որ հետո թիթիզանանք: :D
Նույն օրվա գիշերը, տարբեր ժամերի պիտի ամենքս մեր համալսարանը մեկնեինք: Ընդամենը 2 ժամ կարողացա քնել, չնայած սարսափելի հոգնած էի, որովհետև վերջին օրերին ընդամենը 4 ժամ էի քնում:
Քնած-քնած ճամպրուկս իջեցնելիս հասցրի անիվները կոտրել և ստիպված էի քարշ տալ 25 կգ բեռը: Որպես հավելում էդ խառը իրավիճակին, մոռացա նախաճաշով արկղիկս վերցնել, բայց բողոքական շատակերի համբավս էնքան մեծ էր, որ բոլորն իրենց նախաճաշն էին ինձ առաջարկում: :)) մեկը խնձոր տվեց, մյուսը՝ թխվածք, երրորդն էլ՝ թեյ ու ինչ-որ ռուսական երգեր երգելով հասանք Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան: Ասում եմ՝ երբեք չես կարողանա հասկանալ գլորման ու շփման ուժերի տարբերությունը, մինչև չկոտրես ճամպրուկիդ անիվներն ու այն քարշ չտաս օդակայանով մեկ:
Վերջապես ազատվելով հսկա ճամպրուկից, ստւգման անցակետ մտա ու չգիտես թե ոնց հասցրի գոտիս այնտեղ կորցնել: Բոլոր պրոբլեմներին ավելացավ նաև շալվարս վրաս պահելու գերխնդիրը:
Վաշինգտոնից Շառլոտ ադրբեջանցի աղջկա հետ էինք թռչում: Էնքան հոգնած էի, որ չեմ էլ հիշում թռիչքը երբ սկսվեց ու ոնց պրծավ, որովհետև քնել էի սարսափելի հոգնածությունից:
Շառլոտից Բիրմինգհեմ մենակ էի թռչում: Էստեղ արդեն սկսվեց անհանգստությունս ու սկսեցի թրեյնինգների նյութերը կարդալ, որ ամեն ինչ ճիշտ անեմ ու չխառնեմ: Կողքիս կինը սկսեց հարցեր տալ ու ահագին զարմացավ, որ Հայաստանից մենակ Բիրմինգհեմ սովորելու եմ եկել: Շատերի պես այն համոզմանն էր, որ Հայաստանը մուսուլմանական երկիր է ու պետական լեզուն ռուսերենն է: Զայրացնող է, չէ՞: Բայց դե մարդիկ հետաքրքրասեր են ու Հայաստանի մասին պատմածներս լայն բացած աչքերով ու վաուներով են լսում:

Ահագին վախենում էի, որ դիմավորողս կուշանա, բայց միանգամից նկատեցի քոլեջի նշանը ձեռքին ժպտացող կնոջը: Հյուրընկալող խորհրդատուս՝ պրոֆեսսոր Ռոսս Դերիքն ինձ էնպես ողջունեց, ասես հազար տարվա ծանոթներ լինեինք: Հետո օգնեց տեղափոխել ճամպրուկս, որի բռնակը կոտրվել էր Վաշինգտոն գալիս: Բիրմինգհեմից Գադսդեն ճանապարհին ահագին խոսեցինք ու հասցրեցինք լիքը ընդհանուր հետաքրքրություններ գտնել. ռոք ու մետալ էին սիրում, ֆանտաստիկա կարդում ու ատում ֆաստ ֆուդը: Մի պահ պատկերացրի, հայ դասախոսներից մեկին իր մեքենայով ուսանողին տանելիս ու հետը մետալից խոսելիս, ծիծաղս եկավ: Ուսանող-դասախոս հարաբերություններն էստեղ շատ ուրիշ են ու շատ ավելի լավը:
Հետո ինձ ռեստորան տարավ, որտեղ Հարավի ազգային, «գյուղական» կերակուրներն էին մատուցում: Լիքը ինձ անծանոթ բանջարեղեն պատվիրեց, տապակած կակաչ, մեղրով եփված խնձոր ու եգիպտացորենի հաց:

Հայաստանից գնալուց հետո առաջին անգամ նորմալ ու համով բան կերա: :D Սիրեցի Ալաբաման. բնություն հրաշալի է, մարդիկ բարի ու իրար օգնող, ուտելիքն էլ՝ համով:
Ուրիշ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Ի՞նչ անենք, որ մոտակայքում մեգապոլիս չկա, իսկ կլիման սարսափելի խոնավ է: Կարևորը հոգեպես սենց թեթև ու երջանիկ եմ զգում, դեռ էնքան բան կա բացահայտելու, էնքան բան սովորելու ու սովորեցնելու...

Վաղն էլ մի քանի քննություն պիտի հանձնեմ... Հեշտ չի լինելու, պիտի 100տոկոսանոց հանձնեմ, որ կարողանամ իմ ուզած առարկաները սովորել: Բա ո՞ր չկարողանամ...:(
Էստեղ գրելու լիքը բան էլ կա, բայց հիմա քոլլեջից պետք է գնամ, իսկ տանն ինտերնետ չկա:

Ruby Rue
12.08.2013, 06:27
Երբ պրոֆեսսոր Պաուլայի հետ եկանք քոլեջ, իմ մյուս խորհրդատուն՝ Ֆեյթ Դոբբսը, սպասում էր էնտեղ: Ֆեյթի հետ շատ էի ինտերնետով խոսել, համարյա ամեն օր նամակախեղդ էի անում, բայց ինքը արագորեն ու բովանդակալից պատասխանում էր: Իսկական Ֆեյթն իմ պատկերացրածից ավելի երիտասարդ, աշխույժ ու լավն էր:
Քոլեջով մի փոքր էքսկուրսիա արեց, հետո ինձ տուն տարավ: Մի գիշեր պիտի իր սկեսրոջ տանը մնայի, որովհետև իմ տանտիրուհու տանիքը կաթում էր, իսկ իրենց տանը վերանորոգում էր:

Պարոն Դոբբսը 80 անց տղամարդ էր, բայց տարիքից նույնիսկ 60 էլ չէիր տա: Քաղաքից դուրս մի մեծ սպիտակ տանն էր ապրում: Իր կինը, ում հետ 65 տարի ապրել է, մահացել էր մի քանի ամիս առաջ, ու հիմա վաճառում էր առանձնատունը: Դոբբսի տանն ինձ առաջինը Ռոքսին ողջունեց. պստո շունիկը, ով ինձ էնքան էր սիրել, որ ամբողջ օրը հետևիցս էր վազում, իսկ հետո՝ դժվար անունով կատուն: Ֆեյթն ինձ առաջարկեց ընտրել երեք ազատ սենյակներից մեկն ու իրերս թողելուց հետո գնացինք նոր ճամպրուկ առնելու:
Ճամպրուկ առնելուց հետո ինձ տարավ քաղաքի մեծ սուպերմարկետանման տեղ՝ walmart, իսկ հետո՝ կոշիկների ու շորերի խանութներ: Ինձ համար իրոք տարօրինակ էր, որ ակադեմիական խորհրդատուն կարող է նաև խորհուրդ տալ, թե ինչ կեդեր գնալ:
Երբ վերադարձանք, պարոն Դոբբսն արդեն եկել էր զբոսանքից: Եկել էին նաև Ֆեյթի ամուսինն ու դուստրը՝ ինձ հետ ծանոթանալու: Էստեղ՝ Հարավում, Լոս Անջելեսի ու Նյու Յորքի պես չէ ու Հայաստանից հյուր ունենալը էկզոտիկ երևույթի:
Ֆեյթն ու իր ամուսինը Լիբանանում էին եղել ու ծանոթ էին էնտեղի հայ համայնքի հետ, բայց էլի կարծում էին, որ մենք մուսուլմանական երկիր ենք:
Լինելով հերետիկոսի մեկը, միշտ հպարտությամբ եմ նշում, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է: Դոբբսերն ահագին ուրախացան էդ փաստից, որովհետև դասական հարավցու նման, չափազանց հավատացյալ են:
Ահագին պատմեցի Հայաստանի մասին, քարտեզի վրա ցույց տվեցի ու չիրով կոնֆետներ հյուրասիրեցի: Մոտ մեկ ժամ անց էլ հայտնաբերեցի, որ ավագ Դոբբսը մի հատ մեծ հանրագիտարանում Հայաստանի մասին է կարդում: Շատ ուրախացա, երբ ասեց, որ կուզենար Հայաստան այցելել...
Հետո Դոբբսն առաջարկեց աստիճանների տակի մեծ սենյակում քնել: Միանգամից թռա էնտեղ, որովհետև միշտ երազել եմ նման սենյակ ունենալ: Միանգամից քնել չստացվեց, որովհետև մեջքս ու վիզս ահավոր ցավում էին՝ հսկա ճամպրուկն ու ուսապարկը քարշ տալու պատճառով:
Իսկ առավոտյան ժամը 5ին արթնացա, հրաժեշտ տվեցի պարոն Դոբբսին ու Ռոքսիին և Ֆեյթի հետ գնացի Բիրմինգհամի օդանավակայան՝ չիլիացի Ռոդրիգոյին Իլինոյս ճանապարհելու:
Խորհրդատուս առիթը բաց չի թողնում տարբեր տեղեր տանելու ու ամեն ինչ պատմելու համար...

Ruby Rue
12.08.2013, 22:06
Էվելինն այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի նրան. տանը մնացած տարեց օրիորդ էր՝ նիհար ու չոր, ամերիկացիների ֆիրմային լայն ժպիտներից էլ չուներ: Խորհրդատուիս՝ Ֆեյթի, դիմացի հարևանն էր, ու ես պիտի նրա տանը մնայի մինչև հանրակացարանի բացվելը:

Փոքր ժամանակ շատ էի ամերիկյան սարսափ ֆիլմեր նայել ու առանձնատան մուտքի մոտ կանգնած, աչքիս առաջ էին գալիս բոլոր սարսափելի սցենարները: Տանն ինչ-որ բան կար, որ ճնշում էր ինձ. չգիտեմ ամենուր դրված խումբ-խումբ աղոթող հրեշտակնե՞րն էին, թրի պես գլխավերևումս կախված խաչե՞րը, հսկայական մոմե՞րը, թե՞ աստվածաշունչների ահռելի բանակը: Մի խոսքով, վամպիր, վհուկ ու հերետիկոս Ռուբին պատրաստվում էր ապրել բապտիստական եկեղեցում:
Ինչպես և սպասում էի, միանգամից կրոնից խոսք գնաց: Հավատալիքներիս, ավելի ճիշտ՝ չհավատալիքներիս մասին չէի ուզում պատմել, բայց Ֆեյթն ասաց, որ ես աթեիստ եմ: Բայց ես արագորեն ավելացրի, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որովհետև վախենում էի, որ նա սովատանջ կանի անհավատ էակին: Ահագին ժամանակ պետք եղավ, որպեսզի հարմարվեմ այն փաստին, որ տան հսկայական գրադարանի 99 տոկոսը աստվածաշնչերի տեսականի է, ընդ որում՝ կանացի, ամենօրյա, աֆորիզմների, սիրային...:D Դրան գումարած, աստվածաշունչներն ու քրիստոսները նույնիսկ զուգարանում էին հարմար տեղավորվել:

Բայց ես, ինչքան էլ հիստերիկ ու կամակոր լինեմ, տարօրինակ կերպով բոլոր տեսակի մարդկանց հետ լեզու եմ գտնում: Միսս Էվելինի «աչքը մտա», երբ պատմեցի, որ Հայաստանում կամավորական աշխատանք եմ շատ արել: Լինելով չամուսնացած ու քրիստոսի հետ նշանված կին, ինքն իր կյանքի մայրամուտն անց է կացնում բարեգործություն անելով: Երբ իմացավ, որ հաշմանդամ երեխաների հետ աշխատելու փորձ ունեմ, հարցրեց թե արդյոք կուզենամ իր ընկերուհի միսս Թոմմիին տեսնել, ով ինչ-որ տարօրինակ հիվանդությամբ է տառապում:
Պիտի Գադսդենի հիվանդանոցի վերակենդանացման բաժին գնայինք, ու ես միսս Էվելինի ֆանատիկ հավատը հաշվի առնելով, հույս ունեի, որ ինքը մեքենա չի ունենա ու մի քիչ կքայլեինք այս փոքրիկ քաղաքում, որտեղ անզեն աչքով հետիոտներ չես գտնի: Բայց արի ու տես, միսս Էվելինը մեկի տեղը երկու մեքենա ուներ: :D Նստեցինք սպիտակ Լեքսուսն ու գնացինք:

Ինչպես և միսս Էվելինը ենթադրել էր, միսս Թոմմին շատ ուրախացավ ինձ տեսնելով: Նա 30 տարեկանից սկսած մի հիվանդությամբ էր տառապում, որի պատճառով մահացել էին նրա ընտանիքի բոլոր անդամները: Թոմմիի կերակրափողը հեռացված էր և կոկորդում երկար խողովակ էր տեղադված: Վզի վրա խողովակն անցք ուներ, որի վրա դրվող սուլիչի նման սարքը բարձրացնում էր Թոմմիի արտաբերած հնչյունների ձայնը՝ փոքր-ինչ հասկանալի դարձնելով դրանք: Բացի այդ, Թոմմիի մարմինը համարյա անզգայացած էր: Անվասայլակի վրա էր, մատները չէին շարժվում, բայց ձեքերը մի կերպ շարժելով կարողանում էր միայնակ ուտել իր ընթրիքը:
Ինձ ներկայացնելիս միսս Էվելինն ասաց, որ ես pretty, cute and brave little lady (պուպուշ ու խիզախ փոքրիկ լեդի :oy), որ աշխարհի ծայրից այստեղ սովորելու է եկել: Թոմմին շատ ուրախացավ և խնդրեց գրել իմ ու իմ երկրի անունը իր նոթատետրում, որում նրա թելադրածն էին գրում բժիշկների համար: Էվելինը Թոմմիին պատմեց իմ երկրի քաղցր մրգերի ու մամայիս սարքած չիրերի մասին և խոստացանք հաջորդ այցին նրա համար էլ բերել:
Թեև Թոմմին էլ էր Էվելինի պես և հիվանդասենյակում հիսուսներ ու աստվածաշունչներ էին, բայց ինքն էլ ինձ շատ դուր եկավ՝ մասնավորապես այն մեծ կամքի ուժով, որով պայքարում էր իր կյանքի համար: Էվելինն էլ է հարգանքի արժանի այն փաստի համար, որ միշտ այցելում ու խնամում է իր վաղուցվա ընկերուհուն...:)

Վերադարձին ինձ համար յոգուրտ, շոկոլադ ու մրգեր գնեց, հետո՝ ընթրելու տարավ:
Իսկ այսօր առավոտյան ասաց, որ չգիտի, թե իմ կրոնն իրենից ինչ է ներկայացնում, բայց որ ես շատ լավն եմ, դա հաստատ գիտի: :oy

Հ.Գ. Սկսել եմ թեթև տանել ինձ շրջապատող հիսուսների գոյությունը: Միսս Էվելինն, իրոք, շատ լավն է:
Հ.Հ.Գ. Նոր մտա մեյլս ստուգելու, միսս Էվելինի մեյլն էր բաց ու նա "Potato chips and God" վերնագրով նամակ էր ստացել::lol

Ruby Rue
13.08.2013, 04:57
- Մեռնելուցս հետո ես այստեղ եմ թաղվելու:
Երբ որևէ մեկը քեզ հրավիրում է ճաշի կամ ընթրիքի, ուրեմն լավ է տրամադրված քո նկատմամբ, բայց երբ նա քեզ իր ապագա գերեզման է տանում, դա արդեն լրիվ ուրիշ մակարդակում է:
Ամերիկյան գերեզմանները մերինի պես քարակերտ չեն. Գադսդենի գերեզմանոցը անտառի կողքին գտնվող մեծ ու կանաչ տարածություն էր: Գազոնի վրա մի փոքրիկ անվանատախտակ էր դրված, դրա վրա էլ ծաղկաման, որում հարազատները ծաղիկներ էին դնում:
Ծննդյան տարեթիվը 1938 թվականն էր, իսկ մահվան թիվը դեռ չկար: Միսս Էվելինն առույգ կին է, հուսամ դեռ երկար կապրի: Իր ապագա գերեզմանի կողքին ամուսնու գերեզմանն էր... Փաստորեն ես սխալվում էի նրան պառաված օրիորդ համարելով, որովհետև ամուսինը մահացել էր մոտ մեկ տարի առաջ: Պարոն Մարդոքը երեք համալսարան էր ավարտել և ամերիկյան ֆուտբոլ է դասավանդել: Էվելինը պատմում է, որ ամբողջ Գադսդենը նրան «մարզիչ» է անվանել:
Միսս Էվելինն ու իր ամուսինը 35 տարի միասին են ապրել: Մի որդի ունեն, ով Էվելինին ամուսնու մահվանից հետո չի այցելել, չնայած մոտ 25 մղոն հեռավորության վրա է ապրում կնոջ ու երկվորյակ դուստրերի հետ:
Միգուցե ոմանք խելագարվեին մենակությունից այս քաղաքում, որտեղ մարդիկ նույնիսկ առևտուրն են առանց մեքենաներից դուրս գալու անում, իսկ Էվելինը երևի կրոնի ու բարեգործության մեջ է սփոփանք գտել: Բայց էն Էվելինը, ում այսօր բացահայտեցի, ամենևին էլ կրոնական ֆանատիկ ու ցնդած պառավ չէր, այլ սիրող կին ու կարոտող մայր:

Ինձանից առաջ նա մի աղջկա է հյուրընկալել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, իսկ հիմա էլ ինձ է հարազատի պես պահում: Բոլոր ծանոթների ու անծանոթների մոտ ինձ է գովում, հետո էլ ժպիտով ավելացնում, որ իր թոռնիկն եմ:
Իսկ ես էստեղ իրեն «խաբել» եմ, թե վաղվա քննության համար եմ պատրաստվում, որ կոմպն ինձ զիջի::D
Այ տենց կռիսն եմ ես:
Բայց ես չե՛մ ուզում վաղը յոթին զարթնել ու մաթեմի չարաբաստիկ քննություն հանձնել: Ուզում եմ գնալ թափառելու էս քաղաքում, որը չքնաղ բնություն ունի, բայց մարդիկ չեն քայլում :|
Սաղ հեչ, վաղվա քննության epic fail-ը մեջ:

Ruby Rue
15.08.2013, 06:58
Անգլերենի քննությունից հետո ինձ վերցնելով, միսս Էվելինն ասաց, որ անակնկալ ունի ինձ համար: Իմ սպասումների համաձայն ինչ-որ տեղ տարավ, որտեղ ինձ պետք է ծանոթացներ իր ընկերուհիների՝ մինչև 90 տարեկան ծեր, ֆանատիկ հավատացյալ կանանց հետ:
Նայում էի ինքս ու ինձ ու մտածում՝ ի՞նչ էի, ի՞նչ դարձա: Ամբողջ օրը դրսում թափառողից ծեր տիկնոջն ուղեկցող խելոք աղջնակ էի դարձել: Բայց փաստորեն անակնկալն ամենևին էլ 90-ամյա դողդոջուն տատիկները չէին, այլ այն գեղեցիկ շենքը, որի դիմաց քաղաքի խորհրդանիշը՝ ծիածան էր դրված:
Rainbow City-ի քաղաքապետարանում փոքրիկ էքսկուրսիա էր պատրաստել ինձ համար:
Թեև տանտիրուհիսէ միսս Էվելինը, յոթանասունն անց, մեթոդիստական եկեղեցուն նվիրյալ կին է, բայց պարզվում է, լավ էլ կապեր ուներ քաղաքապետարանում: Ներքևում ինձ ներկայացնելուց ու վաուների հերթական դոզան ստանալուց հետո վերև բարձրացանք: Առաջինը մի սենյակ գնացինք, որտեղ քաղապետարանի գլխավոր ինժեներն էր և մեկ էլ չաղլիկ, ժպտերես ու կարմրադեմ մի մարդ: Ինժեների հետ նախորդ օրը ռեստորանում էինք ծանոթացել, իսկ հաստլիկն ինձ հավեսով գրկելուց հետո որպես շերիֆ ներկայացավ: Շերիֆ կոչեցյալը թղթե խողովակով հարվածում էր միսս Էվելինին ու գոռգոռում, որ գրկի իրեն: Իսկ տանտիրուհիս ինձ շերիֆի հետ հատուկ պատճառով էր ծանոթացրել:
Երբ նոր էի իր տուն եկել, հայտնել էի, որ ուզում եմ կավբոյի հանդիպել ու հիմա նա ինձ շերիֆի մոտ էր բերել, որպեսզի վերջինս իմ համար կավբոյ հայթայթի: :)) Երկար փնտրտուքներից հետո, երբ ոչ մի կավբոյ չգտանք, շերիֆը ուղղեց ատրճանակը, գլուխը հպարտ բարձրացրեց ու հայտարարեց.
- Ի՞նչ վատ կավբոյ եմ որ: Մի ինձ նայեք. երիտասարդ, սիրուն, հմայիչ:
Էդ պահին ոնց որ լրիվ Կառլսոնը լիներ: Փորձում էի զսպել ծիծաղս, բայց փռթկացի էդ պահին:

- Ասու՞մ ես Գադսդեն Սթեյթ ես գնալու, հա՞: Դե որ հանրակացարան գնաս, իմ կնոջը անպայման գտի: Իրեն էնտեղ բոլորը «մամա Ջոյս են» ասում: Կարաս գնաս ու ասես, որ էն սիրուն ոստիկանն է քո մասին ասել: Անպայման սառնարան կուզես, մեկ էլ կարաս կնոջս գլխին խաղեր խաղալ: Բայց չէ՜, պետք չի, ինքը լավն ա երբ տանը չի ու խմած չի: Մի խոսքով՝ կգնաս, իմ ազգանունով ում գտնես, կասես որ օգնի քեզ:
Շերիֆի կողքին կանգնած ծիծաղում էի՝ ևս մի անգամ գիտակցելով թե ինչքան բարի ու օգնելու պատրաստակամ են էս մարդիկ, նամանավանդ երբ դու փոքր ես ու արտասահմանցի:
Շերիֆին մի քիչ էլ լսելուց հետո քաղաքապետի աշխատասենյակ գնացինք: Փաստորեն միսս Էվելինը լա՜վ էլ դեմք է քաղաքում. քաղաքապետի հետ լրիվ տնավարի էին:
Մեր մտնելու պահին քաղաքապետը՝ 40-50 տարեկան հմայիչ ու ժպտերես մի կին, մի քանի մարդկանց հետ քաղաքի հատակագծի վրա կռացած ինչ-որ բան էին քննարկում: Մեզ տեսնելով միանգամից ընդառաջ եկավ, ողջունեց ինձ իրենց քաղաքում ու հաճելի ժամանակ մաղթեց: Մի քիչ զրուցելուց հետո ներողություն խնդրեց և իր գործին վերադառնալով ասաց, որ հաճույքով կընդունի ինձ, երբ ազատ լինի:

Այս էներգիայով լի ու բարեկիրթ քաղաքապետն ինձ տարոնակերպերին, իսկ կատակասեր շերիֆը՝ վովըչկա գասպարյանին հիշեցրեց ու ևս մեկ անգամ առիթ ունեցա գիտակցելու, որ ԱՄՆ-ում մարդիկ մի բան ունեն, ինչը Հայաստանում դեռ երկար կարոտ ենք մնալու: Իրավահավասարություն, ահա թե ինչ: Այստեղ ամբողջ հիվանդանոցի տերը ձեռքով բարևում ու հավաքարարի որպիսությունն է հարցնում, այստեղ քաղաքապետը շինարարներին է օգնում, դրա համար էլ մարդիկ էսքան ուրախ ու բարեսիրտ են:
Էստեղ ոչ մեկ հավաքարարի կամ մատուցողի աշխատանքից չի ամաչում, որովհետև բոլորը բոլորին լավ են վերաբերում:

Ինչևէ, վերջն էս շերիֆս մեզ իր աշխատասենյակ տարավ: Ջուր ու սուրճ հյուրասիրելուց հետո սկսեց դարակները քանդել.
- Քեզ հռչակում եմ Rainbow City-ի «Պատանի ոստիկան»,- հանդիսավոր ասաց՝ ինձ մեկնելով համանուն կրծքանշանը:
- Իսկ սա բաժակիդ կկպցնես, սրանք էլ՝ վերնաշապիկիդ,- մի քանի փոքրիկ տարբերանշաններ էլ մեկնեց:
- Այս ատրճանակն էլ քեզ հանրակացարանում պետք կգա: Հենց մեկը սենյակդ մտնի, այ սենց կանես ու բաբա՜՜՜մ.- էնքան լուրջ ասաց, որ քիչ էր մնում հավատայի, թե ատրճանակն էլ է ինձ տալու:

Ես ու մեր ախպեր Շերիֆը
https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/557372_573851565989421_1675403347_n.jpg

Ճիշտ է, առանց ատրճանակի, բայց կրծքիս Junior Police փակցրած հպարտ-հպարտ դուրս եկա քաղաքապետարանից:

Հ.Գ. Ի գլուխ գովում ամենի, հավելեմ, որ մաթեմաթիկայիս ու անգլերենիս թեստերը ամենաբարձր մակարդակն էի հաաել ու առավելագույն միավորները հավաքել: Փաստորեն ես այնքան էլ դեբիլ չեմ, որքան երբեմն ինձ է թվում: Մնում է վաղը մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի հետ հարցազրույցի տակից էլ դուրս գամ: :)

Ruby Rue
17.08.2013, 00:55
Վաշինգտոնում թրեյնինգների ժամանակ մի սինուսոիդ նկարեցին ու ասացին, որ այդպիսին է լինելու մեր տրամադրությունը Միացյալ Նահանգներում: Սկզբում հիացած ու զարմացած ենք լինելու, ձգտելու ենք բացահայտել ու հասկանալ ամեն ինչ. այդ ժամանակը (Գրաֆիկի մաքսիմումը) կոչում են Honeymoon՝ Մեղրամիս: Իսկ երբ անցնում է մի քանի շաբաթ, արդեն ամերիկյան առօրյան դադարում է քեզ համար նոր, անբացահայտ ու հետաքրքիր լինելուց, դու սկսում ես կարոտել քո երկիրը, ընտանիքին ու ընկերներին, այդ ժամանակ գալիս է Տան կարոտի՝ Homesickness-ի ժամանակաշրջանը (Գրաֆիկի մինիմումը) :
Բայց քաղցն ինձ չթողեց Մեղրամիս ունենալ. ինչքան էլ ամեն ինչ հետաքրքիր ու հավես լիներ այստեղ, միևնույն է ես անկարող էի չկարոտել մամայի սարքած համով ճաշերն ու քաղցր մուրաբաները: Honeymoon չունեցա, որովհետև մինչև գալս լիովին պատկերացրել ու հարմարվել էի այս ամենի հետ, ինչպես նաև՝ այս մեծ, հին ու միայնակ տունը մեղրամիս անցկացնելու լավագույն վայրը չէ: Ճիշտ է, բան չունեմ ասելու, միսս Էվելենը չափազանց բարի ու հոգատար է իմ նկատմամբ, ամեն ինչ անում է, որ ես ինձ ինչպես իմ տանը զգամ, բայց ինձ համար ահավոր դժվար է ամբողջ օրը տան ու մեքենայի մեջ անցկացնել:

Այսօր տանից դուրս չեմ եկել, պարապությունից թափառում էի տանն ու հաշվարկներ անում: Իմ համեստ հաշվարկներով, հյուրասենյակում գտնվեց 12 հրեշտակ, 13 մոմ ու այնքան հիսուսներ ու խաչեր, որ հաշիվը կորցրի: Իսկ իմ սենյակում 6-ից ավել Աստվածաշունչ կա, մի ամբողջ պահարան կրոնաաղանդավորական գրքեր ու « Հավով սուպ՝ հոգու համար» գրքերի շարքը::)) Պատերից խաչեր են կախված, ամեն կողմից ինձ հիսուսներն են հետևում, ու ես ինձ մի տեսակ ճնշված եմ զգում այստեղ, եթե ցնդած ֆանատիզմի վրա ծիծաղելու տրամադրություն չեմ ունենում:
Այսօր կեսօրին, երբ պարապությունից քնած էի, բանկից քարտս էին ուղարկել: Միսս Էվելինն այն մի դեղին թղթի հետ սենյակիս դռան մոտ էր դրել: Դեղին թղթի վրա իր ձեռագրով գրված էր.

«Ինչքան շատ եմ բացում իմ սիրտը, այնքան այն ավելի է մեծանում:
Մամա Նելլը ուզում է, որ իմ պաստորն այցելի իրեն: Նա ասաց՝ ասա նրան, որ դա շտապ է: Նա նկատի ուներ, որ լուրջ է:
Home- to the sizeof print
NAKERIA-Tech-At&T
1:10 PM»

Առանց այդ էլ այսօր ինձ ճնշված ու նեղված էի զգում ու դրան ավելացավ նաև այս նամակը: Ո՞վ է մամա Նելլը, ի՞նչ պաստորի է ուզում և ամենակարևորը, ի՞նչ կապ ունեն նրանք ինձ հետ, այդպես էլ չհասկացա: Սկսում եմ կասկածել, որ միսս Էվելինը կրոնական ոտնձգություններ է անում իմ՝ սուրբ հերետիկոսի նկատմամբ: Հիմիկվա տրամադրության մեջ նույնիսկ վաղը եկեղեցի գնալու ու անապահով մարդկանց համար սնունդ փաթեթավորելու ցանկությունը փախավ:

Արդեն 6-րդ օրն է, որ նախաճաշին ելակով ու հաղարջով յոգուրտ եմ ուտում: Վերջին երկու օրերին նաև մոցարելա պանիր է ավելացել, բայց առանց հացի պանիրը նույնն է, ինչպես մալինայի մուրաբան առանց մալինայի: Ճիշտ է, կարող եմ ասել, թե ինչ եմ ուզում, ու միսս Էվելինը կգնի, բայց, հավատացեք, «ուրիշի հաշվին» ապրելը լավագույն բանը չի, որ կարող էր պատահել ինձ հետ: Գիտեմ, որ նրա պարտականությունն է ինձ կերակրել, բայց ախր չեմ էլ կարող իմ ուզածը պահանջել, երբ ես չեմ վճարում:
Ինչևէ, զգացածս Homesickness էլ չես համարի, որովհետև էնպես չի, որ տրամադրությունս մաքսիմումներում էր, հիմա՝ մինիմում ընկավ: Ուղղակի երեկ աչքերս բորբոքվել էին, արյունով լցվել, իսկ ես չգիտեի ինչ անեի այս երկրում, որտեղ դեղերն առանց բժշկի դեղատոմսի չեն տալիս: Մամայիս չէի ուզում գրել, որովհետև չէի ուզում անհանգստանա ինձ համար, բայց հետո հիշեցի, որ ինքը չի մոռացել հետս աչքի կաթիլներ ուղարկել:
Չնայած էսօր երեկվանից ավելի լավ եմ, բայց հիմա էլ գլխացավեր ու ֆիզիկական թուլություն եմ զգում: Երևի քաղցից է ու տանը երկար մնալուց. սովորաբար եթե ես մաքուր օդի դուրս չեմ գալիս, չեմ թափառում դրսում, սկսում եմ ալարկոտություն ու ֆիզիկական թուլություն զգալ:

Դուրս եմ ուզում, քարից քար թռնել ու վազել այնքան, մինչև շնչակտուր լինեմ: Ես ուղղակի ստեղծված չեմ փակի տակ մնալու ու ռոբոտացված ապրելու համար:
Միակ փրկությունս երկուշաբթին է, երբ կտեղափոխվեմ հանրակացարան: Հիմա երազանքի պես է թվում այն փոքրիկ շինությունը, որ գտնվում է անտառի եզրին, գետի ափին ու որտեղ իմ հասկաակիցներն են լինելու: Լիքը աղմուկ, ծիծաղ, մարդիկ, բնություն, ազատություն...:)

Հ.Գ. Չէի ուզում, որ բողոքական ու ղզիկ գրառումներով «պղծել» օրագիրս, բայց դե մեկին պիտի պատմեի վերջիվերջո: Բայց հանուն արդարության ասեմ, որ երեկ միսս Էվելինն ինձանից իմ ծնողների մեյլն էր խնդրում, որպեսզի նրանց հայտնի, թե ինչ քաղցր ու լավ աղջիկ ունեն ու կարող են միշտ հպարտանալ ինձանով::oy

Ruby Rue
19.08.2013, 08:02
Շաբաթ առավոտյան զարթուցիչս կրկին ժամը 7-ին զնգաց: Հարևանը բարեբախտաբար չէր անջատել իր վայ-ֆայ մոդեմն, ու ես տանից դուրս գալուց առաջ կարողացա ֆեյսբուք ու Ակումբ մտնել: Պիտի գնայի տեղի եկեղեցիներից մեկը, որպեսզի կամավորական աշխատանք կատարեի:
Միսս Էվելինն ինձ եկեղեցի տարավ, իր հեռախոսահամարը կազմակերպչին տվեց ու գնաց: Մնացի լիքը անծանոթ մարդկանց հետ մի մե՜ծ սենյակով, որը լի էր հացերով ու զանազան ուտելիքներով: Աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք է սնունդը դասավորեինք արկղերի մեջ ու բաժանեինք աղքատ ընտանիքներին:
Քանի որ արդեն սովոր եմ ինձանից տարիքով շատ մեծ մարդկանց շրջապատում գտնվելուն, ինձ ամենևին էլ չզարմացրեց, որ ես էի այդտեղի միակ «փոքրիկը»: Բայց դե էս հարավցիները ընդհանրապես չեն թողնում, որ դու իրենց շրջապատում քեզ մոլորված ու օտար զգաս: Իմանալով որ ես առաջին անգամ եմ ԱՄՆ-ում ու «Արմենիա» կոչվող ինչ-որ էկզոտիկ երկրից եմ, բոլորը գրկում ու շնորհակալություն էին հայտնում, որ իրենց օգնելու եմ եկել: Իրականում ես ոչ միայն չեմ սիրում, այլև վատ եմ զգում կրոնական կառույցների հետ կապ ունենալուց, բայց էս մարդիկ՝ կրոնական ֆանատիկներ լինելով հանդերձ, մի անբացատրելի բարի ու դրական էներգիա ունեն, որ ստիպում է սիրես ու հարգես իրենց:
Մի խոսքով, կրծքիս փակցնելով «My Name is Ruby» գրությունը, գործի անցա: Իմ խնդիրը կայանում էր նրանում, որ լիքը արկղերի միջից պետք է ընտրեի երեք տարբեր տեսակի հաց ու մի կապոց սարքեի դրանք: Ռուբին էլ դե երկար ժամանակ պարապ էր մնացել ու լիքը էներգիա ուներ կուտակած, ուստի մինչև մյուսները մի տոպրակ էին կապում, ես մի տաս հատ վերջացնում էի հերիք չի, դեռ հասցնում էի նաև դասավորել ու արկղերը տեղափոխել: Բոլորն ասում էին.
- Ռուբի, կայծակի պես արագ ես:
Դե արի ու ես մարդկանց բացատրի, որ ոնց որ ձեր աստվածը Հիսուսն է, իմն էլ էն կրակի, կայծակի ու ամպրոպի աստված Թորն է: :))
Մեկ էլ երբ հերթական տոպրակն էի կապում, բարեգործության կազմակերպիչը՝ Սենդին, ինձ ձայն տվեց:Գնացինք այն սենյակը, որտեղ պահածոների տարաներն ու դատարկ արկղերն էին շարված: Սենդին իր մի կողքին ինձ կանգնեցրեծ, մյուս կողքին էլ՝ կորեացի Միյային, հետո բոլորը պահածոների շուրջ շրջան կազմեցին, իրար ձեռք բռնեցին, Սենդին էլ հանեց իր IPhone-ն ու սկսեց աղոթք կարդալ: Նման պահերին ես շրթունքս ուժեղ կծում եմ, բայց ոչ դե ջղայնությունից, այլ ուղղակի փորձում եմ ծիծաղս զսպել: Ախր էնպիսի տպավորություն էր, ասես էդ մարդիկ ոչ թե Հիսուսին էին երկրպագում, այլ կանսերվաներին ու անանասի կոմպոտներին: Աղոթքի ավարտին բոլորով զիլինայի պես պտտվեցին, հետո եկավ խառը գրկախառնությունների պահը: Մի պուճուր-մուճուր տատիկ գրկեց ինձ, իսկ ես հանկարծ նկատեցի, որ նրա անունը Ռուբի է: Չեմ սիրում, որ ինչ-որ մեկն իմ անունից է ունենում...

Էս արարողությունից հետո ավելի մեծ եռանդով թռա աշխատելու, որովհետև վախենում էի, որ էլի ինձ աղոթել ստիպեն: Մինչ ես վերջացնում էի հացի կապոցներն անելը, աղքատների հոսքը շատանում էր: Զարմանալի էր նկատելը, որ նրանք բոլորը պարտադիր հսկայական տատուներ ունեին իրենց մարմնի տարբեր մասերին: Ու եթե Հայաստանում աղքատները խեղճ ու կրակ տեսք ունեն, ապա էս մարդիկ ուղղակի ջղային ու տարօրինակ էին: Տարօրինակ էին, որովհետև չէին ժպտում...
Արկղերը կապելուց հետո հետս աշխատող կորեացի աղջիկն ինձ հրաժեշտ տվեց ու գնաց, բայց ես ինչ-որ չէի ուզում գնալ: Վերջացնելուց հետո էլ Սենդիի ամուսինը եկավ գրկեց ինձ ու ասաց, որ ես իրենց երբևէ ունեցած ամենաարագ ու ամենալավ աշխատող կամավորն եմ: Այս խոսքերը օրվա ընթացքում դեռ շատ լսեցի՝ տարբեր մարդկանցից: :love :oy
Երբ պարապ թափառում ու մարդկանց էի զննում, նկատեցի, որ Սենդիի ամուսինն ու որդին արկղերը մեքենաների մեջ են տեղավորում: Ներս մտնելուց, մարդկանց կտրոններ էին տալիս, հետո նրանք քայլում էին սրահով, հագուստից, գրքերից ու այլ իրերից իրենց անհրաժեշտ բաներն ընտրում, հետո դուրս էին գալիս, նստում մեքենան, մոտենում հետնամուտքին ու իրենց կտրոնը տալով, ստանում էին սնունդի արկղը:
Ես էլ պարապ չմնալու համար գնացի ու սկսեցի արկղեր տեղափոխել ու դնել մեքենաների մեջ: Բոլոր աղքատ ընտանիքները ինձ ժպտում էին, շնորհակալություն հայտնում ու ասում՝ «Աստված օրհնի»:
Հավատացե՛ք, նույնիսկ իմ պես կրոնատյացի համար այդ խոսքերն ամեն ինչ արժեին, որովհետև անպատմելի, անբացատրելի հավես զգացմունք է մարդկանց օգնելը: Ընդհանրապես ասած, ես կամավորական աշխատանք անել շատ եմ սիրում, որովհետև երբ քեզ ոչ մի դրամական վարձատրություն չեն տալիս, դու ավելի երջանիկ ես զգում ինչ-որ լավ բան անելով:
Սենդիի ամուսինն ասում էր, որ Հիսուսը կփոխհատուցի իմ ժրաջան աշխատանքի համար, բայց քավ լիցի, ես փոխհատուցում չեմ ուզում, կարևորն էն ժպիտներն էին, որ ես մարդկանցից էի ստանում:
Գործն ավարտելուց հետո այ սենց ուրախ ու երջանիկ էի: Հետևումս էլ՝ հացով լի տպրակներն են:
https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-frc1/999845_574894489218462_690008059_n.jpg
Ի դեպ, արկղեր կրելու արանքում չէի մոռանում մարդկանց Հայաստանի մասին պատմել: Օգնություն ստացողներից մեկը նույնիսկ գիտեր, որ Նոյան տապանն Արարատի վրա է իջել, իսկ Արարատը Հայաստանին է պատկանել: Էնքան ուրախալի էր դա լսելը... Մեկ էլ հասկացել եմ, թե էս հարավցիներին ոնց «ստիպեմ» Հայաստանով հետաքրքրվել. հերիք է ասել, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք ու հինավուրց եկեղեցիներ ունենք ու վերջ՝ իրենք սկսում են ճամպրուկները հավաքել, որ իմ հեռավոր երկիրն այցելեն:

Վերջում էլ Սենդին ու իր ամուսինը մոտեցան ինձ, Սենդին ձեռքս բռնեց, իսկ ամուսինը՝ ձեռքն ուսիս դրեց, երկուսով աչքերը փակեցին ու սկսեցին աղոթել: Էլ ծիծաղս մի կերպ էի զսպում, բայց մտքիս մեջ էլ նյարդայնանում էի ինձ վրա. ախր էս մարդիկ իմ լավն էին ցանկանում ու դա իրենց իմացած ճանապարհով էին անում: Ինչ ուզում է լինի, հրաշք մարդիկ էին. հերիք չի 25 տարի սննդի հանգանակությունն են կազմակերպում, դեռ մի բան էլ՝ այդքան բարի են բոլորի նկատմամբ:
Պիտի տեսնեիք թե ի՜նչ լավ թիմ էինք երկուսով. ո՜նց էինք ուտելիքով լի արկղերը կրում միասին: :love
https://sphotos-b-dfw.xx.fbcdn.net/hphotos-ash4/q71/s720x720/1098233_10151792947432432_2049908623_n.jpg

Էս էլ Սենդին, ես ու իր ամուսինը
https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/1209176_10151792949577432_1651005833_n.jpg

Մի խոսքով, շա՜տ գժանոց ու դրական օր էր, հաշվի առնելով նաև այն փաստը, որ երբ միսս Էվելինը եկավ, բոլոր կամավորներն անխտիր մոտեցան իրեն ու ասացին, որ սիրահարվել են փոքրիկ, հրաշք Ռուբիին:

Հ.Գ. Իմ ինքնագնահատականը կտրուկ բարձրացել է էս մի շաբաթվա ընթացքում: Ախր էնքան են էս մարդիկ ինձ գովում ու կոմպլիմենտներ շռայլում, որ ես էլ եմ սկսել հավատալ, որ խելացի, սիրուն, քաղցր ու բարի աղջնակ եմ:
Ու նաև շա՜տ երեսառած: :))

Ruby Rue
03.10.2013, 10:43
Ինձ արդեն կարող եք միսս Ռուբի ասել: :D
Գադսդենի միջնակարգ դպրոցում պիտի դաս տամ ու պիտի երեխաների դասապատրաստմանն օգնեմ:

Հարցազրույցի նախորդ գիշերն ընդհանրապես չէի քնել՝ ամերիկյան ստանդարտների համաձայն ռեզյումե էի կազմում, ամերիկայի պատմություն կարդում, աստղագիտության տնայինն անում՝ զուգահեռ ակտիվ ֆեյսբուքյան նամակագրություն վարելով: Առաջին գիշերը չէր, որ արթուն էի անցկացնում. էստեղ արդեն սովորել եմ գիշերը շորերով 1-2 ժամ գնել, հետո վեր թռնել լուսադեմին ու դաս անել, կամ էլ զարթնել դասիս սկսվելուց տաս րոպե առաջ ու գիշերանոցիս վրայից շորերս քշտելով դասի վազել...
Ինչևէ, մի կերպ ռեզյումես ծայրը ծայրին հասցնելով վեր կացա գրասեղանի մոտից: Կարմրած աչքեր, հոգնած դիմագծեր, ո՞վ նման մեկին դպրոց կընդուներ: Համալսարանական խորհրդատուս էլ զգուշացրել էր, որ սովորականի պես չհագնվեմ, վերջիվերջո տնօրենի հետ էինք հանդիպում՝ կոկիկ ու դասական պիտի լինեի: Գտա ունեցածս միակ «դասական» վերնաշապիկը, մազերս հավաքեցի ու դուրս եկա` մտածելով, որ մեկ է այնքան էլ պատճաշ տեսք չունեմ ինտերվյուի համար:

Հասանք դպրոց: Ռեզյումես պինդ գրկած հետևում էի խորհրդատուիս: Ինձ էդ պրակտիկան ախր շատ էր պետք. պատմությանս դասերին մի երկու անգամ հայավարի ուշացել էի տաս րոպեով ու բաց էի թողել pop-quiz (բլից հարցումները)՝ ահագին միավորներ կորցնելով: Դասախոսիս առաջարկով էլ էս ծրագրին դիմեցի. ես կամավոր պիտի աշխատեմ դպրոցում, իսկ ինքը միավորներ տա դրա համար: Ուստի դպրոցում ոչ թե ֆիզիկայի կամ մաթեմի հետ կապ պիտի ունենամ, այլ պատմության ու հասարակական գիտությունների:
Մտանք տնօրենի սենյակի նախամուտք: Դասական ալաբամայական երկա՜ր ու քաղցր-մաղցր բարևից հետո աշխատող կինը տնօրենի սենյակի դուռը թակեց: Չքնելուց կարմրած ու մրմռացող աչքերս լայն բացած դռանն եմ նայում, մեկ էլ...
Մեկ էլ դռնից ցատկոտելով ու թռվռալով դուրս է գալիս մի երիտասարդ մարդ՝ հագին ծնկից վերև շորտ, գույնզգույն վերնաշապիկ ու ծաղրածուի փողկապ:
- Բարև ձեզ ես տնօրենն եմ,- ասում է, ծիծաղում, ձեռքով ողջունում ինձ ու խորհրդատուիս, հետո մի թեթև հայացք գցելով ռեզյումեիս, հետո՝ ինձ, ավելացնում,- Ես հավանեցի քեզ: Վեցերորդ դասարանը լա՞վ է:
- Ըհը,- զարմանքախառն ու լայն ժպտալով պատասխանում եմ:
- Ուրեմն երբ ուզես, ոնց ուզես կգաս: Մեր դռները միշտ բաց են...

Հետո ոնց թռչկոտելով տնօրենն էր դուրս եկել իր սենյակից, նույնպես թռչկոտելով ես հեռացա դպրոցից: :)
Սիրում եմ էս մարդկանց, հո զոռո՞վ չի:

Հ.Գ. Էսքան ժամանակ էնքա՜ն պատմելու բան ա կուտակվել, բայց իմ ալարելու գործակիցն էլ գնալով աճում է: Մեկը պիտի բզի, որ ամբողջը պատմեմ: Պատմեմ քանի հիշողությունները թարմ են...:)

Ruby Rue
05.10.2013, 08:18
- Նկարի՞չ ես:
- Չէ, առավելագույն բանը, որ անում եմ մի երկու գրաֆիկ խզբզելն է:
- Ուրեմն եթե նկարիչ չես, հաստատ գրող ես: Հայացքդ է էդ մասին մատնում:
- Չէ, ֆիզիկոս եմ դառնալու, բայց մի քանի պատմվածք ունեմ խզբզած, որոնցից երկուսը աշակերտական մրցույթներ են հաղթել:
- Կտա՞ս կարդամ:
- Ամերիկացի չե՞ս, չէ՞:
Թեև ընդհանրապես ակցենտ չուներ, բայց վստահաբար կարող էի ասել, որ ամերիկացի չէ, որովհետև ամերիկացիներն ու՞ր, կարդալն ու՞ր:
- Արմատներով Նիգերիայից եմ, բայց Անգլիայում եմ ծնվել մեծացել:
Հանդիպածս առաջին նիգերիացին էր, ում հետ խոսալու ընթացքում սլենգ, մասնավորապես՝ չքնաղագեղ ''fuckin" բառը չլսեցի: Արդեն համարյա մոռացել էի բրիտանական անգլերենի սիրունությունը, էնքան էի էս հարավային ակցենտով համեմված սլենգը լսել:
- Չե՞ս տալու կարդամ:
- Հայերեն են, անգլերեն էսսեներից էն կողմ ոչ մի բան չեմ գրում:

Երբ սկսեցինք խոսել, ամերիկացիները քիչ-քիչ գնացին: Դարվինիզմ, խաչակրաց արշավանքներ, աթեիզմ, աստվածներ... Չէ, էս ամերիկացիների ուղեղը մի կողմից համբուրգերով ու պեպսիով է սահմանափակված, մյուս կողմից էլ՝ իրենց եկեղեցիով, որին անվերապահորեն հավատում են ու ամեն կիրակի գնում: Էլ չեմ ասում, որ եթե որևէ խելացիոտ մեկն է պատահում, ուրեմն միակողմանի զարգացած է: Կյանքում չես տեսնի, որ ինժեները գրականությունից խոսի, կամ պատմաբանը տարրական բնագիտություն ունենա:
Ընդհանրապես ասած, ես շատ շփվող բնավորություն ունեմ, բայց ինձ հասակակից ամերիկացիներն ահավոր անհետաքրքիր են: Ես ոչ ռեփ ու հիփ-հոփ եմ լսում, ոչ էլ շոփփինգի մանյակ եմ, փարթիներ գնալ էլ ատելով ատում եմ, ուստի պարզ է, որ նրանց հետ համարյա ոչ մի ընդհանուր բան չունեմ: Հայաստանում ծրագրի նախկին կրթաթոշակառուները ուղեղ էին հարթուկում, որ անպայման մտերմանամ ամերիկացիների՝ հատկապես տղաների հետ, որովհետև եթե friend-ներ ձեռք բերեմ, իրենք ինձ մեքենայով ուր ուզեմ կտանեն:
Իսկ ես մարդկանց որևէ բան խնդրելն ատում եմ: Էնպես չի, որ չեմ սիրում օգնել, երբ ինձ են ինչ-որ բան խնդրում, բայց ես ինքս կարող եմ ինչ-որ բան խնդրել էն մարդկանց ում շատ մտերիմ ու սիրելի եմ համարում: Ուստի «շահադիտական» նպատակով ընկերներ ձեռք բերելն իմ ոճը չէ:
Ըհըն, մնացին միջազգային ուսանողները... Նիգերիացիները վայրենի են, գրկախառնվելու մանյակ ու ոչ ինտելեկտուալ, ռուս և ուկրաինացի աղջիկները ամբողջ օրը մի date-ից մյուսին են վազում, կոլոմբիացիները իսկ և իսկ իրենց սերիալների կրքոտ ու դատարկագլուխ աղջիկներից են, արաբներն էլ ոնց որ էն թիթիզ ու քյարթու հայ տղերքից լինեն: Այսպիսով, բացառման կարգով մնաց շվեյցարացի ընկերուհիս ու մեկ էլ ճապոնացի ընկերներս, ում նկատմամբ կանխակալ լավ վերաբերմունք ունեի. ախր գժվում եմ ճապոնական մշակույթի համար, բա անիմեները...:love
Հիմա հանրակացարանի շքամուտքում նստած, նայում եմ նշված ազգերի ներկայացուցիչներին ու բամբասում նրանցից, այնինչ իրենք գալիս, աչքերը հառում են նոթբուքիս, հարցնում, թե ինչ եմ գրում, առանց մի կաթիլ անգամ կասկածելու, որ իրենց մասին եմ գրում:

Սիրում եմ էս հանրակացարանի կյանքը, հո զոռով չի:
Ի՞նչ անենք, որ անկողինը չոր է, իսկ մատրասը՝ փոշոտ:

Ruby Rue
07.10.2013, 07:46
Միացյալ Նահանգների հարավ-արևելքը և կենտրոնական հարավը հայտնի են որպես "Bible belt"՝ «Աստվածաշնչյան գոտի»: Իմ սիրելի Ալաբաման ամենահավատացյալ նահանգն է. բնակչության ընդամենը հինգ տոկոսն է, որ ոչ մի կրոնական կազմակերպության անդամ չէ, դե դուք պատկերացրեք մնացածը: Ամեն քայլափոխին մի եկեղեցի կտեսնես. եկեղեցին էլ մի եկեղեցի լինի, տափակ շենք է՝ գլխին մի խաչ, միայն կաթոլիկ եկեղեցիներն են ավանդական, գմբեթավոր կառույցներ: Միշտ ցանկացել եմ հաշվել եկեղեցիները, բայց միշտ կորցրել եմ հաշիվս, էնքան շատ են...
Դե քաղաքացիական պատերազմների ժամանակ, երբ վերացավ ստրկատիրությունը, հարուստ ֆերմերները սնանկացան, ու երբեմնի զարգացած Հարավը դարձավ ամենաաղքատն ու հետամնացը, և առանց ստրուկների աշխատող ուժի, Հյուսիսի ճնշման տակ, մարդիկ սկսեցին կուրորեն հավատալ...
Բայց հիմա, բթացած ու դեգրադացած հասարակության մեջ, էդ կույր հավատը դարձել է ֆանատիզմ...


Ասես ալտերնատիվ ռոք համերգ լիներ, միայն թե սովորական տեքստի փոխարեն « Ջիսը՜ս, ջիսը՜ս» էին երգում: Մարդիկ նստած էին կիսաշրջանաձև շարված աթոռներին ու ձեռքերը երկինք պարզած ձայնակցում էին երգչին: Բեմի վրա մի ճաղատ, բարետես արտաքինով տղամարդ էր՝ հագին վանդակավոր վերնաշապիկ, քրքրված ջինս ու սպորտային կոշիկներ: Ակուստիկ կիթառ էր նվագում, բայց բեմի ետևում էլէկտրոկիթառ, բաս կիթառ ու հարվածային գործիքներ կային:
Աչքերս տրորելով հետևեցի ուղեկցիս՝ կորդինատորիս և պատմությանս դասախոսի որդուն, որն ինձ ուղեկցեց ծնողների մոտ:
Ահավոր հոգնած էի՝ երեկ հագեցած օր էի ունեցել, ու կորդինատորիս գրելուց հետո ուղիղ տաս րոպեում հասցրել էի անկողնուցս վեր կենալ, լվացվել, հագնվել ու սենյակից դուրս թռնել, ուստի նույնիսկ Հիսուսին փառաբանող երգը ընտիր օրորցային էր:
Երգի ավարտից հետո սկսվեց աղոթքը, ու նկատեցի, թե ինչպես մի 60-65 տարեկան մարդ մեջքի վրա պառկեց գետնին, աչքերը փակեց ու սկսեց պարբերաբար ցնցվել: Առաջ լիներ աչքերս չորս առաջ նրան կնայեի, բայց հիմա արդեն սովոր եմ ամեն կարգի անսովոր ու տարօրինակ բաների: Ուղեղս էլ սկսում էր քիչ-քիչ կտրվել ինձ շրջապատող ամեն ինչից ու նույնիսկ քարոզչի մոլեռանդ ձայնը ինձ չէր կարողանում կենտրոնացնել իրենց տափակ աղոթքի վրա: Կես ժամվա ընթացքում հասցրի հաշվել երկու ամսվա ծախսերս, մտովի դինամիկայի մի երկու խնդիր լուծեցի, կազմեցի հաջորդ օրվա պլանը, որն անխոս, չէր կատարվելու...
Բայց դե ինչքան էլ անջատված լինեի, անհնար էր, որ էս խոսքերը չսղոցեին ականջներս ու իմ ուղեղ սողոսկեին.
- Դուք պե՛տք է հավատաք Աստծուն: Հավատա՛ք ու միանա՛ք նրան, վայելե՛ք նրան: Ես կարող եմ ձեր ու Հիսուսի միջնորդը լինել, բայց երբ դուք սկսեք հարաբերություններ ունենալ, ես ձեզ մենակ կթողնեմ: Սիրե՛ք Հիսուսին, կապվե՛ք նրա հետ, վայելե՛ք նրան...
Քիչ էր մնում ծիծաղից փռվեի գետնին ու սկսեի ցնցվել էն մարդու պես. երևի դա նորմալ կդիտվեր էստեղ: Մի կերպ ծիծաղս ժպիտ սարքելով շարունակեցի զարմանալ մարդկանց ֆանատիզմի վրա: Բարեբախտաբար, իմ կորդինատորը, ով ծագումով ֆիլիպինուհի է և նրա ամուսինը՝ պատմության սիրելի դասախոսս, մղոններով հեռու են ֆանատիզմից: Ուղղակի ամիսը մեկ եկեղեցի են գնում, այնինչ այստեղ բոլորը ամեն կիրակի պարտադիր գնում են, հանդիպում ծանոթներին, զրուցում ու սրճում:

Ֆեյթը (կոորդինատորս) աղոթքի ավարտից հետո ինձ մեր կողքը նստած մարդկանց հետ ծանոթացրեց: Ամուսինը ոնց որ դասական ռոքեր լինել՝ երկար մազեր, բանդանա, լայնոտ շալվար, կինն էլ էր նույն ոճում: Պարզվեց, որ ամուսինը եկեղեցու նվագախմբում էլեկտրոկիթառ է նվագում, կինն էլ՝ հարվածային:
Հետո ինձ պաստորի մոտ տարավ: Պաստորը գետնին պառկած ու ցնցվող այն մարդն էր... Ինչպես և սպասում էի, հավեսին ու էներգետիկ մարդ էր, շուրջ դրական աուրա տարածող: Հարցրեց ինձ, թե կարո՞ղ է օրհնել: Չգիտեմ, թե որերո՞րդ անգամ ու ի՞նչ կրոնի ներկայացուցչի կողմից էի օրհնվում, բայց դե դրանից երբեք չեմ հրաժարվում. մարդիկ լավ բաներ են մաղթում, ինչի՞ մերժեմ:
Կանգնեց դիմացս, բռնեց ձեռքերս ու երկար ժամանակ ոչինչ չէր խոսում, հետո ձեռքերս թողնելով ասաց, որ չի կարողանում հոգիս գտնել, որ օրհնի: Անհոգի չեմ, ժպտացի, ժպտաց, նորից բռնեց ձեռքերս ու էս անգամ ինչ-որ վիբրացիա զգացի ամբողջ մարմնովս: Լավ-լավ բաներ ասաց, հետո էլ գրկեց հրաժեշտ տվեց ու դուրս եկանք:
Մի քանի րոպե անձրևի տակ քայլելով ու ուշքի գալով էս րիտուալից, հասանք կայանատեղ, որտեղ Դոկտոր Դոբբսը (պատմության դասախոսս) ու նրա տղան սպասում էին:
Հանրակացարանի ճանապարհին նրանք որոշեցին, որ քաղցած են ու ինձ էլ մեքսիկական ռեստորան հրավիրեցին: Բնականաբար, չհրաժարվեցի: Պատկերացնու՞մ եք՝ ի՜նչ կայֆ զգացողություն է, երբ քո ամենասիրելի դասախոսը քեզ իր ընտանիքի հետ ռեստորան է տանում: :love
Լանչի ընթացքում մի քիչ ԱՄՆ-ի պատմությունից խոսեցինք, հետո անցանք ուտելիքների տարբերությանը, ու դկ. Դոբբսը հանկարծ կարոտով լիբանանյան քաղցր սուջուխը հիշեց: Ինքն իր PhD-ն Լիբանանի մասին է արել ու թեման լավ ուսումնասիրելու համար ընտանիքով մի տարի էնտեղ են ապրել: Էնպես որ կորդինատորս նույնիսկ փախլավա սարքել գիտի.. :D
- Իսկ ես Հայաստանի պրեզենտացիայի համար սուջուխ էլ եմ բերել: Թողել եմ Էվելինի սառնարանում, որ հանկարծ չուտեմ: :))
- Ու՜խ, Ռուբի՛, դու երբևէ եղած ամենալավ պրեզենտացիան ես ունենալու...:nyam

Ruby Rue
26.10.2013, 09:52
Երկու Ամերիկա գոյություն ունի. մեկը մեգապոլիսների ու երկնաքերերի երկիրն է, մյուսը՝ ֆերմաների ու ձիերի: Մեկը McDonald's-ների ու Starbucks-ների Ամերիկան է, մյուսը՝ ռոդեոների ու կավբոյների: Մեկը չոր ու սառը յանկիների երկիրն է, մյուսը՝ տաք ու ջերմ հարավցիների, որ երբեք չեն թողնի, որ դու քեզ մենակ կամ օտար զգաս տանից էսքան հեռու լինելով:
Գալուցս առաջ, երբ իմացա, որ Ալաբամա եմ գալու, շատ էի տխրել, քանի որ Միացյալ Նահանգներն ինձ համար Մանհեթենն ու Մայամին էին, Չիկագոն ու Լաս Վեգասը: Իսկ ես պիտի գնայի Հարավ, այնտեղ, որտեղ մարդիկ պայքարում էին ստրկատիրության համար...
Ինձ ասում էին, որ չերազես, թե կինոների միջի ԱՄՆ-ն կտեսնես, չերազես, որ մարդիկ դատարկ ժպտալուց բացի ուրիշ բանով կօգնեն քեզ, բայց արի ու տես, ես մի Ամերիկա գտա, որի գոյության մասին չգիտեի:
Թող շատերն ասեն, որ Ալաբաման գյուղ է, թող ասեն, որ հետամնաց Հարավն է, ես կհամաձայնեմ: Կհամաձայնեմ, որովհետև բնության հետ շփվող մարդիկ ավելի լավն են, քան քարե տուփերում բանտարկված կիսառոբոտները:

Իրենք հանդիպածս ամենաջերմ ու բարի մարդկանցից էին: Դե ինչպե՞ս կարող են բարի չլինել այն մարդիկ, ովքեր փողոցում թափառող ոչ մի շունիկի ու փիսիկի անօթևան չեն թողնի, ովքեր երեխաների պես սիրում են իրենց յոթ ձիերին, խնամում այծիկներին ու չեն էլ մոռանում իշուկի մասին: Ամբողջ օրը ֆերմայում, հեռու քաղաքից ու աղմուկից, էս մարդիկ ոտքից գլուխ սիրտ են:
Ալաբամացի տատիկիս՝ Էվելինի հետ իր հաշմանդամ ընկերուհուն այցելելու էինք գնացել, որը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից: Ինչ խոսք, չէի ուզում գնայի չոլերում գտնվող այդ տունը, բայց գիտեի, որ նա ինձ տեսնելով շատ կուրախանա ու գնացի: Գնացի ու մենակ ու լքված տան փոխարեն անտառի մեջ մի սիրուն տնակ տեսա, դիմացն էլ երեք սիրուն ու պայծառ ձի: Հարևաններինն էին...
Տատիս ընկերուհին՝ Թոմին, իմանալով որ ձիեր շատ եմ սիրում, զանգեց ձիերի տիրոջը, որը փաստորեն իր զարմուհին էր: Ու այդ զանգն էլ եղավ իմ մուտքը Լարկի ու Ռենդիի ֆերմա:

Երբ երկու շաբաթ անց կրկին իրենց մոտ գնացի, կակաոյի գույնի ձիուկը հեռվից տեսնելով ինձ խրխնջաց. կարոտել էր: Լարկն ու Ռենդին էլ ուրախացան, որ կրկին իրենց հյուր եմ եկել: Գլխիս չափը վերցրին, որ ինձ համար կավբոյի գլխարկ գտնեն, հետո էլ խոստացան, որ ինձ ռոդեոյի կտանեն:

https://scontent-b-iad.xx.fbcdn.net/hphotos-ash4/1375839_602315916476319_614231218_n.jpg

Կարծում էի՝ ոչ գլխարկի մասին կհիշեն, ոչ էլ ռոդեոյի: Բայց արի ու տես, նախորդ շաբաթ իմ սիրուն գլխարկը նվեր ստացա, իսկ այսօր նրանք արդեն հանրակացարանի մոտ սպասում էին, որ ռոդեոյի գնանք: Ճանապարհը երկար էր, երկար խոսեցինք.

- Դե մի տղա ես ունեմ, երկու որդի էլ ամուսինս: Իսկ միասին մի որդեգրված տասնութամյա աղջիկ ունենք:
Ժպտաց... Զարմացած իրեն նայեցի, ախր երբեք չէին ասել, որ աղջիկ ունեն:
- Անունը Ռուբի է, Հայստանից...
Հիմա իմ հերթն էր ժպտալու: Ես շատ էի ասել, որ չեմ ուզում հետ վերադառնալ, իրենք էլ առաջարկեցին, որ ծնողներիս հետ խոսենք ու որդեգրեն ինձ: Դե իրականում կստացվեր, բայց ծրագրիս ու վիզայիս օրենքներից մեկն էլ այն է, որ առաջիկա երկու տարում չեմ կարող ԱՄՆ-ում ապրել: Հետո էլ ասացին, որ եթե ընտանիքս գա, կօգնեն տեղավորվել ու ինձ Շոշոնիի պես ձիուկ կնվիրեն:

Վերջը հասանք իմ էդքան սպասած ռոդեոյին: Քանթրի երաժշտություն, կավբոյներ, ձիեր, ցլեր... Ցուրտ էր, ես էլ՝ բարակ հագնված, բայց ընթացքում դասական ռոքի լավագույն երգերն էին հնչում, ես էլ թռվռում էի, գոռում ու նայում: Տաք շոկոլադ, խնձորով ու դեղձով պիրոգ, ԱՄՆ դրոշ ու կավբոյներ. մի տեսակ թվում էր, որ ինչ-որ վեստերն կինոյի մեջ եմ, ոչ թե իրականության: Համ էլ հասկացա, որ ոչ մի ֆիզիկոս, ես ուզում եմ cowgirl դառնալ: :))
Դե Թեքսաս չենք դառնա, բայց դե լավն ենք էլի:

Բայց ինչքան էլ հիացած ու ուրախ լինեմ, մեկ է, տխրում եմ վերջում: Կարոտելու եմ էս ամենը, կարոտելու եմ էս մարդկանց: Հայաստանից գալիս կարոտ չկար, որովհետև գիտեի՝ հինգ ամսից հետ եմ վերադառնալու, բայց հիմա, երբ գիտակցում եմ, որ միգուցե էլ երբեք չվերադառնամ իմ sweet home Alabama, ինչ-որ ծակող բան եմ զգում սրտումս...

Ruby Rue
04.11.2013, 05:31
- Ռուբի, բայց ի՜նչ միստիկ երկիր է ձեր Հայաստանը: Ապրես, առեղծվածները մի քիչ բացահայտելու համար,- կորեացի Դեննին:
- Իսկ գիտե՞ս, որ ձեր Արարատը ոնց որ մեր Ֆուձիյաման լինի: Սիրեցի:,- ճապոնացի Հիդետոն:
- Որ գա՞մ Երևան, ինձ էն սիրուն տեղերը ցույց կտա՞ս: Ախր շա՜տ սիրուն է Երևանը: Հլը մի քիչ հայերեն խոսա, քո լեզուն լսեմ,- ճապոնացի Կոհեյը:
- Ես մի օր անպայման Հայաստան եմ գալու, սիրահարվեցի ձեր լեռներին: ,- ԱՄՆ պատմության դասախոսը՝ դոկտոր Դոբբսը:
- Հայաստա՜՜՜ն, ես քեզ սիրում եմ,- ամերիկացի Էշտոնը՝ մամայի սարքած չիրերն ուտելուց հետո:
- Իսկ ես դեռ հիշում եմ՝« խաչ-քար», «լա-վաշ», «բա-րեվ»,- ամերիկացի Բրայանը:
- Ես բոլորին հայտարարելու եմ, որ աշխարհի ամենահամով չիրերը Հայաստանում են,- համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցներից մեկը՝ միսս Քերոլը:
- Իսկ ինչու՞ ենք մենք ասում «Արմենիա», այլ ոչ թե «Հայաստան»... Ախր Հայաստանն էնքա՜ն սիրուն է,- միջազգային բաժնի տնօրենը՝ դոկտոր Ռոսսը:
- Ամո՜թ, ամո՜թ, ինձ, որ կարծում էի, թե Հայաստանը մուսուլմանական երկիր է: Էդ ի՜նչ սիրուն եկեղեցիներ ունեք,- անգլերենի դասախոս միսս Էլիսը:
- Էս հայկական տիկնիկի պես օրիգինալ ու սիրուն տիկնիկ չէի տեսել կյանքումս: Հաստատ վուդու չի, չէ՞,- հանրակացարանի տնօրեն Ջեք Փեյջը:
- Մեկ է, ինչքան էլ ասես, որ Հայաստանը Եվրոպայում չի, ինձ չես համոզի: Հլը քեզ նայի՝ եվրոպացի ես, վա՜յ: Մեկ էլ՝ էն Հայաստանի դրոշով շապիկդ շատ լավն է, առաջ գույների իմաստը չէի հասկանում,- նիգերիացի Նամդին:


Հայաստանի մասին պրեզենտացիաս մոտ երկու շաբաթ առաջ եմ արել, բայց արդյունքները վայելում եմ մինչև հիմա: Արդյունքները գերազանցեցին սպասելիքներս. արժեր էդ մի գիշերը չքնելը, արժեր չիրերը չուտելու փորձությանը դիմանալն ու էդքան անհանգստանալը: Հավես է գիտակցել, որ դու էստեղի առաջին հայն ես ու մարդիկ քո երկիրը քեզանով են ճանաչում: Չեք պատկերացնի, թե ի՜նչ կայֆ զգացողություն է, երբ առաջ համարյա ոչ ոք քո երկրի մասին չգիտեր, իսկ հիմա անընդհատ քեզնից ինչ-որ բաներ են ճշտում, տեղեկություններ կարդում ու Հայաստան այցելելու ցանկություն հայտնում:

Ժո՜ղ, դուք եկեք, Գաղնին-Գեղարդը, Սևանն ու Տաթևը իմ վրա, համով ուտելիքներն ու չիրերն էլ՝ մամայի: Եկեք, ու կհասկանաք, թե ինչի՞ եմ ասում, որ Ամերիկայում մրգերն ու բանջարեղենները համ ու հոտ չունեն, մեր մատնաքաշն ու լավաշը կերեք, հասկացեք, թե ինչի՞ եմ էս սպունգանման հացերից զզվում: Մեր ցայտաղբյուրներից ջուր խմեք, որ իմանաք, թե ի՜նչ զզվելի են էս ջրի ֆանտանները: Մեր եկեղեցիների ու վանքերի ճարտարապետությունը տեսեք, որ հասկանաք, թե ինչի՞ եմ զարմանում ձեր քառակուսի եկեղեցիների վրա: Մեր լեռներն եկեք, որ տեսնեք, թե ինչի՞ եմ էստեղի սարերին բլուրներ ասում:

Հայաստա՜ն, տու՜ն, ուտելի՜ք, ընկերնե՜ր, փաբե՜ր, բայց ամենաշատը՝ Ի՛մ Արեգա՜կ, կարոտել եմ::love

Ruby Rue
08.11.2013, 06:13
Բախտի բերմամբ, թե պատահմամբ ուղիղ երեք ամիս հետո էլի գնում եմ այն տեղը, ուր առաջին անգամ ԱՄՆ-ում գլուխս բարձին դրեցի:
Ծրագրի օրիենտացիայի ժամանակ երեք օր այդտեղ մնացինք, հիմա էլի երեք օրով գնում եմ, բայց այս անգամ՝ քոլեջի միջազգային ուսանողների հետ: Հիշում եմ՝ ոնց էինք մեռնում Մերիլենդի ու D.C.-ի խոնավությունից, սինթետիկ բարձերից, ոնց մի անգամ քիչ մնաց հետ տայինք թխվածքից, իսկ մրգերը կծելուց հետո դեն էինք նետում: Չէի պատկերացնի, որ գալու եմ ավելի խոնավ տեղ, որ հավեսով կրծելու եմ նույն անհամ խնձորներն, իսկ բարձիցս ու վերմակիցս ալերգիա էի սկսելու, բայց ոչ թե երեք ամսվա պես փնթփնթալով ու բողոքելով ման եմ գալու, այլ ուղղակի ժպտալու եմ էդ ամենի վրա ու առաջ անցնեմ:

Էս մեր վերջին հայկական դրոշոտ նկարն էր կոնֆերանս-կենտրոնի մոտ, դրանից հետո գնացինք Վաշինգտոն, իսկ հետո՝ ամեն մեկս չվեցինք մեր նահանգներով:

https://scontent-b-mia.xx.fbcdn.net/hphotos-prn2/1098225_571912032850041_2103796896_n.jpg

Էն անգամ մտածեցի նկարվեմ էս շենքի մուտքի մոտ, մեկ է՝ էլ էստեղ չեմ գալու: :D

https://scontent-a-mia.xx.fbcdn.net/hphotos-frc1/1004943_571911716183406_325594939_n.jpg

Անցյալ անգամ Վաշինգտոնի համը մնաց բերանումս, ամբողջ օրը չորս պատի մեջ փակված մի թրեյնինգից մյուսին էինք վազում, իսկ վերջում ընդամենը տարան Սպիտակ Տունն ու Լինկոլն մեմորիալը ցույց տվին: Իսկ հիմա լիքը ժամանակ կլինի Սմիթսոնիան բոլոր թանգարանները գնալու, Վաշինգտոնի սիրուն փողոցներում թափառելու ու մեծ քաղաքից կարոտն առնելու համար:

Չգիտեմ, հաշվարկի համակարգ եմ փոխել, թե՞ սկսել եմ լույսին մոտ արագությամբ շարժվել, բայց որ ժամանակի արագացում եմ նկատել, էդ հաստատ է: Ախր էնքա՜ն արագ անցավ էս երեք ամիսը, որ ոնց որ երեկ ինքնաթիռում նստած, լա՜յն բացած աչքերով օվկիանոսին նայեի ու հրճվանքից տեղս չգտնեի: Իսկ հիմա արդեն համարյա վերադառնալու ժամանակն է. տխրության ու երջանկության հետաքրքիր խառնուրդ է մեջս:

Չնայած, վերադառնալու մասին մտածելը դեռ վաղ է: Վերջին ամիսը դեռ լիքը արկածներ է խոստանում՝ Վաշինգտոն, Նյու Յորք, Չիկագո...:love

Ruby Rue
05.12.2013, 05:33
Էս ընթացքում լիքը բան եղավ. Վաշինգտոն, Նյու Յորք, Չիկագո... Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ հիմա գրել։ Երբ նոր էինք ԱՄՆ եկել ու Վաշինգտոնում ծրագրի օրիենտացիային էինք, ինքներս մեզ նամակ էինք գրել. մեր նպատակների, ցանկությունների ու պլանների մասին։ Հետո էդ նամակները հավաքել էին ու պահել, որ ծրագրի ավարտին նոր մեզ ուղարկեն։ Ահա, այսօր չորս ամիս առաջվա Ռուբիից նամակ եմ ստացել։


Իմ սքանչելի,
Դու միշտ երազում էիր ԱՄՆ-ում սովորել, ահա, հիմա դու այստեղ` Մերիլենդում նստած, նամակ ես գրում ապագա Ռուբիին։ Հրաշալի է, չէ՞։
Հա, իրոք, հրաշալի է։ Կապ չունի, որ դու հիմա անջատված ես, քնկոտ ու ՍՈՎԱԾ… Ես գիտեմ, որ դու չես կարողանում մտածել, սովորել կամ գործել, երբ դու քաղցած ես, բայց համակերպվել է պետք. ոչ մի ամերիկյան ուտելիք չի փոխարինի քո մուրաբաներին։ Ուղղակի դու պետք է ուժեղ լինես, իսկական Ռուբի պիտի լինես, ոչ թե այնպիսի հոգնած երևույթ, ինչպիսին հիմա ես։
Դու ինձանից լավ գիտես, թե այս ծրագիրը քեզ ինչքան շատ կօգնի, որպեսզի հասնես քո նպատակներին ու երազանքներին։
ՀԻՇԻ´Ր.

Պիտի գերազանց սովորես
Պիտի Նյու Յորք ու Մայամի մեկնես
Պիտի երկրիդ մասին հիանալի պրեզենտացիա սարքես
Իսկ ի՞նչ կասես գաթա թխելու մասին :D
Չմոռանաս քո սիրած խմբերի T-Shirt-ներն էլ գնել։ Էն նրանք, որ Հայաստան shipping չէին արվում։

Եվ ես հուսով եմ, որ դու ավելի անկախ ու ինքնավստահ կդառնաս, կսովորես մենակ ապրելուն ու ինքդ քո համար ուտելիք կսարքես։ Բայց խելոք աղջիկ եղիր, չչաղանաս հանկարծ։ Ծիծաղելի կլինի, որ նիհարես։
Արյա Ռուբի, դու չպիտի ամբողջ օրը համացանցում նստես, պիտի շատ մարդկանց ճանաչես, ճամփորդես ու նորմալ սովորես։
Չէ՞ որ AMERIKA IST WUNDERBAR!!
Դե ուրեմն թռի նոր աշխարհի հրաշքները հայտնաբերելու ու բացահայտելու այն նոր, ուժեղ, խիզախ ու իսկական Ռուբիին։

Լավ աղջիկ եղիր, ի´մ սքանչելի։
Դարձի´ր այպիսին, ինչպիսին ուզում ես լինել։
Դու կարող ես հասնել քո նպատակներին, ուղղակի հիմիկվանից սկսել է պետք։
Դու գիտես չէ՞, թե ինչքա՜ն շատ եմ քեզ սիրում։
Ruby Rue


Որոշեցի մեր հին Ռուբիկին չնեղացնեմ ու պատասխանեմ իր նամակին։


Բա՜րև իմ պստո Ռուբի,
Մի նեղվի, որ քեզ փոքր եմ համարում, որովհետև տանից հեռու չորս ամսվա մենակ կյանքն ինձ ուրիշ մարդ դարձրեց։ Էն որ ասում ես. ինքնուրույն, անկախ, ինքնավստահ. էդ բոլորի ունեմ, նույնիսկ չափից ավելի։ Իսկ որ Լենինի պես ասում էիր «Սովորել, սովորել, սովորել», դեռ գլխիդ գալիքը չգիտեիր. ամեն ինչ էնքա՜ն հեշտ է, որ քննությունից առաջ կես ժամ պարապելն էլ է հերիք գերազանց ստանալու համար։ Բայց չեմ հերքի, որ լիքը կարևոր ու հետարքիր բաներ եմ սովորել. երևի ուղեղս չի ժանգոտել։
Դու ինձ սքանչելի ես ասում, բայց ես դժվար քեզ էդպես կարողանամ ասել, որովհետև ես ավելի լավն եմ, քան դու։ Հա, հավե՞ս է, չէ՞, երբ դու հասել ես քո ուզածին, ու նույնիսկ ավելին։ Չնայած, չէ, երևի սքանչելի ես դու, որովհետև դու ես ինձ սարքել։
Ռուբ, գնահատականներն ու դասերն ավելի քան լավ են, դե չհաշված որ պատմության տնայինի վերջնաժամկետի մասին էի մոռացել ու մի քանի տասնյակ միավորները Օբամայի ծոցը գնացին։
Դե երկրի պրեզենտացիայի մասին արդեն պատմել եմ. ամեն ինչ առավել քան լավ ընթացավ։ Բայց դե գաթա չթխեցի, որովհետև նույնիսկ գաթայաթխման քառակի չեմպիոնն էլ չէր կարող միկրոալիքում էս զիբիլ սննդով որևէ բան սարքել։ Մայամի էլ չգնացի, բայց փոխարենը Նյու Յորքից հետո Չիկագո մեկնեցի. հավատա´, էդ սիրուն քաղաքը էն ղզիկ ծովափ-մովափից հաստատ լավն էր։
Ես չեմ էլ չաղացել. էս զզվելի ուտելիքը բա ուտել կլինի՞։ Ոչ էլ նիհարել եմ, լավն եմ սենց, ոնց որ կամ։
Ինտերնետում երկար եմ մնում, որովհետև որ ես օնլայն տիրույթներում չլինեմ, ո՞վ պիտի տղուս հետ շատախոսի. 600 նամակը 60,000 է դարձել. չէիր պատկերացնի, չէ՞։ :love
Իսկ Ամերիկան էլ էդքան հիասքանչ չի, ինչպես դու էիր պատկերացնում կամ երազում, բայց դե չեմ էլ դժգոհում։ Դու չէիր պատկերացնի, որ քո երազած ԱՄՆ-ում սենց հայոց բանակային պայմաններում կապրես, բայց դե նաև էդ վատ պայմանների շնորհիվ է, որ հիմա էսպիսի «ուժեղ տղա» Ռուբի կա։
Ապրես, որ քո այնպիսին եղար, որ հիմա նամակդ կարդալուց ոչ թե ինձ կամ քեզ եմ փնովում, այլ գիտակցում, որ քո ուզածից ավելին եմ, թեև աճելու տեղ դեռ շատ ունեմ։
Ես էլ քեզ եմ սիրում, դեբիլի մեկը։

Ruby Rue
12.02.2014, 03:54
Հենց սկզբից էլ չէի ուզում մակույկավարության գնալ, որովհետև գիտեի՝ ինձանից պոզեր-պոչեր դուրս չեն գա: Ենթադրությունս ապացուցվեց, երբ ոտքս մակույկի մեջ դնելուն պես այն շուռ եկավ, իսկ ես էլ ընկա գետի մեջ ու թրջված մուկ դարձա: Ես հույս էլ չունեի, որ առաջին անգամ թիակը ձեռքումս բռնելով հիասքանչ կթիավարեմ, բայց որ այդքան թեյնիկ էի՝ մտքովս չէր անցնում: Միայն բոլոր հնարավոր ծանծաղուտներն ընկնելուց ու քարերին զարկվելուց հետո ուժի ու արագության վեյտորներին հիշեցի, և հրաշքով, էհ...՝ ֆիզիկայով, սկսեցի նորմալ թիավարել:
Նորմալը ո՞րն է. սահում էի գետի վրայով՝ չզգալով, թե ինչպես եմ արագություն հավաքում ու բոլորից առաջ անցնում: Երբ արդեն ամենաարագ թիավարողներն էլ էին ետևում, պառկեցի մակույկիս վրա՝ նայելով արևին ու ինձ Պոկահոնտաս երևակայելով: Էդ պահին Ամերիկան իմ համար ֆասթֆուդակեր չաղ արարածները չէին, այլ դարեր առաջվա քաղաքակրթությունը, որտեղ հնդկացիները մակույկ էին վարում ու իրենց աստվածներին զոհեր մատուցում: Անտանելի սիրուն բնությունը թույլ չտվեց, որ ես իմ պոկահոնտասային ճանապարհը փչացնեմ պեպսիով ու չիպսերով, ուստի բավարարվեցի նարինջ ու բանան ուտելով:

Արդեն ահագին ժամանակ էր անցել, բայց խոստացված վերջնակետը չէր երևում: Եվ դեռ ավելին՝ գետի հունը վարարում էր, իսկ ափերի անտառն ավելի խիտ էր դառնում: Ժամանակ առ ժամանակ գլխիս վրայով սագերի երամներ էին թռչում, իսկ ինչ-որ տարօրինակ ջրային բզեզներ ոտքերիս վրայից հացի փշրանքներ էին հավաքում: Երբ հսկա քարերը հազիվ շրջանցելով բախվեցի գետի վրա ընկած հսկայական ծառին, միայն էդ ժամանակ հասկացա որ շա՜տ հեռու եմ գնացել. քոլեջը հաստատ իր փափկասուն ուսանողներին նման փորձության չէր ենթարկի:
Որոշեցի հետ վերադառնալ: Կանգնեցի գետի մեջ, մակույկս շուռ տվեցի և սկսեցի թիավարել գետի ուղղությանը հակառակ: Երևի բոլորն էլ գիտեն, որ դա համարյա անհնար է, բայց այդ ժամանակ ես ինձ թույլ ու անօգնական էի թվում, քանի որ մեծ ուժով թիավարելուս արդյունքը միայն անշարժ կանգնած մնալն էր: Ափով անհնար էր վերադառնալ, քանի որ անտառը խիտ էր, մեջն էլ՝ հազար գել ու գազան:
Լավագույն ելքը կոորդինատորիս զանգելն էր ու սպասելը, մինչև կգան հետևիցս: Հազար ու մի տոպրակի մեջ փաթաթած ուսապարկիցս հեռախոսս գտնում եմ ու զանգում.
-Միսս Ֆեյթ, Ռուբին է, ես երևի շատ առաջ եմ գնացել: Սպասեմ ձե՞զ, թե՞ առաջ գնամ:
-Չգիտեմ թե ո՞վ ես ու ինչ ես ուզում,- ասում է ու անջատում հեռախոսը, իսկ հաջորդ զանգերին չի պատասխանում:
Ես էլ մտովի սկսում եմ հրաժեշտի նամակներ գրել իմ բոլոր սիրելիներին՝ համոզված լինելով որ ոչ մեկ չի հիշի, որ ես կամ ու ես կմեռնեմ տնից հազարավոր մղոններ հեռու, դիակս կսուզվի գետի հատակն ու կեր կդառնա վայրի կենդանիներին: Վերջին ուժերս հավաքելով, նավակն անց եմ կացնում ծառի ճյուղերի տակով՝ ընթացքում լավ ճանկռոտվելով: Արգելքն հաղթահարելուց հետո թիակս ավելի արագ ու հիստերիկ է բախվում ջրին ու ինձ առաջ տանում:
Մի կողմի վրա քարաժայռեր, մյուսում՝ խիտ անտառ: Հետ վերադարձ չկա, սպասել՝ չկա, միայն առաջ... Մակույկիս կողքից լողացող ջրային օձն աչքով է անում, ջրային բզեզն էլ վերցնում հացի վերջին փշրանքն ու ինձ լրիվ մենակ թողնում:
Հանկարծ անտառից մեկի գոռոցն եմ լսում.
-Գնա մինչև կամուրջը, էնտեղ քեզ կսպասեն: Առաջ չգնաս՝ ջրվեժ է:

Հիմա էլ հալյուցինացիա ու վերջ: Չեմ արձագանքում, բայց ձայնն էլի է կանչում: Հարցնում եմ՝ ինչքան կա, ասում՝ մոտ երկու մղոն, քեզ կսպասեն:
Քիչ անցուրիշ ձայն եմ լսում.
-Ռուբի՜, սպասի՜ր, Ռու՜բի...
Էս անգամ ձայնը հետևիցս էր. քոլեջի դասախոսներից մեկն էր: Վերջապես հասնում է ինձ, շունչը տեղը բերում.
-Կյանքումս որևէ մեկին տեսնելուց էսքան երջանիկ չեմ եղել: Ամբողջ ճանապարհին աղոթում էի, որ քեզ ողջ-առողջ գտնեմ: Միայն ես չէ, բոլորն էին աղոթում:
Վերջապես կամրջին հասանք: Ափին կանգնած երկու տղամարդիկ օգնեցին որ ափ բարձրանամ ու մակույկս տարան: Ասացին, որ ոչ ոք այսքան հեռու չէր գնացել, ու լավ է, որ ջրվեժին չհասա կամ օձերն ինձ չկծեցին:
Հասանք քոլեջի մեքենային: Ուսանողները հոգնած-թրջված ինձ ու փրկչիս տեսնելով սկսեցին ուրախությունից ծափ տալ, որ ողջ հետ եմ եկել: Ֆեյթն էլ հարցրեց, թե ինչու չէի զանգում. պարզվեց իր համարը սխալ էի գրել:

Դրանից հետո երբ խմբով ինչ-որ տեղ էինք գնում, միշտ ինչ-որ դասախոս էին ընտրում միայն ինձ հսկելու համար, երբ մնացած բոլորին էլի մեկ հոգի էր հետևում:
Ու էդ օրվանից բոլորն ինձ սկսեցին անվանել կորող աղջիկը:

06.09.2013թ.