PDA

Դիտել ողջ տարբերակը : v2.0 #ladolcevita



Ռուֆուս
24.04.2012, 23:44
Քաղցր կյանք:

Ռուֆուս
20.09.2012, 23:34
Էսօր դասից հետո կաֆեում նստած զրուցում էինք, մեկ էլ երեխեքից մեկը հարցրեց.
- Իսկ համերգին գնալու՞ ես:
– Ի՞նչ համերգ:
- Ռադիոհեդն է գալիս, երեքշաբթի օրը համերգ կա:
- :o

Պատրաստ եմ աջ ձեռքս, ոտքս ու աչքս տալ, բայց էդ համերգին ես պետք է լինեմ: Մենակ թե մինչև վաղը տոմսերը չվերջանան, թե չէ ես ինքս ինձ ամբողջ կյանքում չեմ ների...

Ռուֆուս
15.11.2012, 03:15
Հայաստանից գնալու ամենավերջին օրը գնացի վարսավիրիս մոտ մազերս կտրելու: Վերջին 8 տարիների ընթացքում մազերս միշտ իր մոտ եմ կտրել, ինքն էլ շատ լավ վարսավիր է ու եթե հաշվի առնենք, որ մազերս բավականին «անհնազանդ» են, ինքն ամեն անգամ մոտ 40-45 րոպե տանջվում էր մազերիս վրա: Երբ որ իմացավ, որ էլ իր մոտ չեմ կտրելու հատուկ շատ կարճ կտրեց, որ սանրվածքս հնարավորինս չափ երկար դիմանա:

Անցավ երկու ամիս ու մազերս էլի դարձան անկառավարելի, որոշեցի վերջիվերջո կտրել: Իտալիայում մազ կտրելը ահավոր թանկ ա, իտալացի վարսավիրների մոտ կտրվածքը մոտ 25-30 եվրո է կազմում (որակն էլ կասկածելի), ինչն իսկական տնաքանդություն ա: Բարեբախտաբար կա ավելի էժան ալտերնատիվ՝ ի դեմս չինացի ու պակիստանցի վարսավիրների, որոնք 10-15 եվրոյով են կտրում: Ու քանի որ չինացի, հնդիկ թե պակիստանցի՝ նույն *ա*ոտ արդյունքն ա, որոշեցի ամենաէժան վարսավիրանոցը գտնել ու գտա. ինչ-որ չինական վարսավիրանոց, որտեղ միայն հինգշաբթի օրերին ուսանողների մազերը կտրում են ընդամենը 5 եվրոյով: Խորը շունչ քաշեցի, վերհիշեցի իտալերենիս բոլոր գիտելիքները ու գնացի չինացիների մոտ:

Չինացիներին բացատրեցի, թե կոնկրետ ինչ եմ ուզում, բայց պարզվեց սրանք ինձանից վատ են իտալերեն խոսում: Մի խոսքով չինուհիներից մեկն անցավ գործի ու սկսեց գլուխս լվանալ: Չնայած ընդամենը 2 ժամ առաջ էի լողացել, բայց չինուհու մոտ գլուխ լվանալը տևեց մոտ 15 րոպե՝ ընթացքում էլ 10 սանտիմետրանոց եղունգները անընդհատ խրում էր գլխամաշկիս մեջ: Էդ դաժան մասաժից հետո, նստացրին աթոռին ու մի ուրիշ չինուհի եկավ, սանրն առավ ձախ ձեռքը, մկրատը՝ աջ ձեռքը ու անցավ գործի: Պարզվեց էս կինը ընդհանրապես մազ կտրել չգիտի, սանրով մազերս էր հավաքում, հետո սանրը հանում, ձախ ձեռքով մազափունջը բռնում ու մկրատով՝ խռթ: Հետո ջոգեց, որ սանրը լրիվ անիմաստ ա բռնում, դրեց մի կողմ ու սկսեց ձախ ձեռքով մազերս հավաքել ու մկրատով խռթ: Մի քիչ հետո ջոկեց, որ ձախ ձեռքն էլ ա լրիվ անիմաստ օգտագործում, հենց գխիս վրա դուրս ցցված մազ էր տեսնում միանգամից մկրատով խռթ-խռթ-խռթ: Իսկ ես այ սենց դեմքով :o նայում եմ, թե ինչ այլանդակել ա մազերս այլանդակում: 5 րոպե մազերս բռնաբարելուց հետո իրենից գոհ հարցնում ա, «Վա բենե՞(լա՞վ ա)»:

Շոկից մի կերպ դուրս եկա, իտալերենիս զոռ տալով սկսեցի սրան հասկացնել, որ «նո, նոն վա բենե» ու ստիպված հատիկ հատիկ ցույց տվեցի, թե որտեղ ա երկար թողել, որտեղ ա շատ կարճ կտրել, որտեղ ա այլանդակել, չինուհին մի երկու րոպե տանջվեց, իբր թե դզեց փչեց ու էլի. «Վա բենե՞»: Տեսա, որ մեկ ա, ինչքան փորձի սխալներն ուղղի, էդքան ավելի շատ ա այլանդակելու, ասի վա բենե, մենակ թե թողեք գնամ ստեղից: Վերջում էլ մի հատ չինարեն քարտ տվեցին, որ եթե մոտները 10 անգամ կտրեմ, 11-ը անվճար կլինի:

Մյուս անգամ մազերս պակիստանցիների մոտ եմ կտրելու ու եթե էլի նույն զիբիլն եղավ, կամ մազերս խուզելու եմ, կամ էլ երկարացնելու :angry

Հա, ինչ էի ասում, վաղը առաջին քննությունս ա..

Հ.Գ. Մոռացա ամենաբոցը ասել: Ամենավերջում հարցրեց «ջելո՞», ասի հա, հսկայական գելի ամանը բացեց (որը հաստատ 0.99եվրոյանոց խանութից էին առել), կափարիչի տակից եղունգով մի պուտ գել մի կերպ քերեց, քսեց մազերիս ու էլի «վա բենե՞» :)) Վա բենե, ես քո *** *****

Ռուֆուս
26.11.2012, 02:16
Գինու կիսադատարկ շիշը ձեռքս կվերցնեմ ու կգնամ հին քաղաքի ծուռտիկ ու նեղ փողոցներում կեսգիշերին ման գալու: Սեփական ձեռքերովս փաթաթած գլանակը կվառեմ ու ինքնաշեն սիգարետի դառնահամից հետո գինու տտիպությունը կվայելեմ: Միգուցե հենց էս պատի տակ Դանթեն, Սերվանտեսը կամ Պետրարքան է միզել, սպասեք պատմության մեջ ես էլ իմ հետքը թողնեմ :))

Ռուֆուս
05.12.2012, 03:07
Մեկ մեկ մոռանում ենք, թե մեր համար ամենահասարակ, սովորական ու բնական երևույթները ինչքան անսովոր կարող են թվալ էն մարդկանց համար, ովքեր կյանքում դա չեն տեսել:

Կուրսում 78 հոգի ենք՝ 39 տարբեր երկրներից, ուսանողների մոտ կեսը Աֆրիկայից են: Մի քանի շաբաթ եթովպացի ընկերներիս հետ դասի էի գնում, մեկ էլ մեկը ականջիս տակ գոռում ա.
- Հայկ, հլը էնտեղ նայի:
Նայում եմ, դիմացս սովորական այգի ա, ուրիշ ոչ մի բան:
- Հայկ, նայի, թափվում են:
- Ի՞նչը:
- Տերևները, հլը էն ծառին նային, վրան ոչ մի հատ տերև չի մնացել...
- :o
Ու նոր եմ հասկանում, որ Եթովպիայում աշուն չկա ու իրենք գաղափար չունեն, թե տերևաթափն ինչ ա :)) Ու քանի դեռ իրենք զարմացած քննարկում էին տերևաթափի երևույթը, ես փորս բռնած ծիծաղում էի:

Էսօր վերջապես մի կես ժամ ստից ձյուն եկավ, մենակ տեսնեիք առաջին անգամ ձյուն տեսնողների զարմանքն ու ուրախությունը: Մեկը նույնիսկ վախեցավ դուրս գալ ու ձյանը «դիպչել», մյուսներն էլ փոքր երեխեքի նման հրճվում էին, չտեսավարի նկարվում ու լեզվով ձյան փաթիլներն էին բռնում :))

Ռուֆուս
07.02.2013, 03:30
Կուրսեցիներով Ֆեյսբուքում մեր գաղտնի խումբն ունենք, որտեղ դասերի հետ կապված հարցերն ենք քննարկում, ջրիկանում, խոսում, խնդում, դասախոսներից բամբասվում և այլն: Մի քանի ամիս առաջ իմացանք, որ մեր երեխեքից մեկի եղբայրն էր մահացել ու ինքը շտապ գնացել էր Ամերիկա՝ թաղման, մենք էլ բնականաբար ցավակցեցինք, ուժ տվեցինք, փող հավաքեցինք, ինքն էլ դրանից շատ զգացված էր, որ բոլորս դժվար պահին իր կողքին էինք:

Անցավ մի երկու շաբաթ վենեսուելացի ուսանողը՝ Գոնսալոն խմբում գրեց, որ իր պապիկն ա մահացել, իրեն էլ ցավակցեցինք (որոշ ախմախներ նույնիսկ ստատուսը լայքեցին), բայց փող չհավաքեցինք ու փորձեցինք միացյալ ուժերով էս ծանր կորուստը մոռանալ ու շարունակել մեր կյանքն ապրել, բայց էդ ամենը հեչ Գոնսալոյի սրտով չէր: Հետագա երկու շաբաթների ընթացքում Գոնսալոն իր պարտքը համարեց ամեն աստծո օր բոլորիս հիշեցնել, թե աշխարհն ինչ ծանր կորուստ ունեցավ հանձինս իր պապի (ով ինչքան հասկացա Վենեսուելայում հայտնի բժիշկ էր, բայց իմ տ***ին չի): Նախ Բոլոնյայի մայր տաճարում պապի համար հոգեհանգիստ կազմակերպեց՝ ուսանողա-դասախոսական անձնակազմին Ֆեյսբուքով, ՍՄՍ-ով ու անձամբ հրավիրելով: Դրանից հետո բոլորիս event-ների հրավերներ ուղարկեց՝ նախ Վենեսուելայում պապի հոգեհանգստի, հետո պապի թաղման, հետո՝ պապի մեծարման երեկոյի: Հետո Ֆեյսբուքում պապին նվիրված 2 տարբեր էջ բացեց (մեկը անգլերեն, մեկը իսպաներեն) ու բոլորիս էջը լայքելու հրավեր ուղարկեց: Հետո պապին նվիրված բլոգներ բացեց (էլի մի հատ անգլերեն, մի հատ իսպաներեն) ու բոլորիս message ուղարկեց, որ մտնենք, կարդանք ու ևս մեկ անգամ հուզվենք: Մի խոսքով բոլորս Գոնսալոյի պապի դարդից դավադիդ եղած երանի էինք տալիս, թե երբ ա անտեր յոթն ու քառսունքն անցնելու, որ էս արհավիրքից պրծնենք:

Նոր մտա Ֆեյսբուք, Գոնսալոն նոր գույժ է գրել մեր խմբում: Հիմա էլ տատն ա մահացել ու վաղը բոլորիս հրավիրում է եկեղեցի՝ հոգեհանգստի :{

Ռուֆուս
15.02.2013, 03:26
The Cool Guy Doing the Cool Stuff

Էս 6 ամիսների ընթացքում լիքը պրոֆեսորներ ունեցանք, որոշները շատ լավը, մի երկու հոգի պարզապես :[, բայց ընթացքում ակադեմիան մնաց ակադեմիա, պրոֆեսորները դասախոս-ուսանող հիերարխիան շատ ամուր պահպանեցին ու արդյունքում ոչ մեկի հետ չընկերացանք: Բացի էս մեկից: Անունը՝ Լորենցո, PHD, Վիեննայի համալսարանի դասախոս, իտալացի՝ գերմանական մոտորով, մոտ 35 տարեկան ու մեզ դասավանդելու էր "Measuring Sustainable Performance" առարկան: Էսօր առարկան վերջացրեցինք, ես տենց էլ չհասկացա, թե "Measuring Sustainable Performance"-ը ինչ էր, որովհետև Լորենցոն մեզ սովորացրեց ամեն ինչ՝ էլ Sustainability (որն ի դեպ 2 ուրիշ դասախոս էլ են մեզ դաս տալիս, բայց երկուսն իրար հետ Լորենցոյի կեսը չարժեն), էլ Marketing, էլ Strategy, մի խոսքով էս ջահելը ամեն ինչ գիտի ու իմացածն էլ շատ լավ գիտի: Իր դասերին սուպեր օգտակար ինֆորմացիայի հսկայական ծավալ ենք ստանում, իր ասած ամեն նախադասությունը կարևոր էր, ընթացքում էլ լիքը հետաքրքիր հոդվածներ ու գրքերի անուններ է տալիս, որը կարդալը հեչ չէր խանգարի:

Բայց ամենադզողն իր դասավանդման մեթոդներն էին, որովհետև գերհագեցած դասերն անցնում էին գերինտերակտիվ ձևով, ոնց որ ինքն էր ասում, I'm the cool guy doing the cool stuff: Մեր հետ meme-երով էր խոսում, գիտեր հայտնի կինոների հայտնի տողերը, պետք եղած դեպքում հայհոյում էր ամենավերջին հայհոյանքներով:

Հա, հայհոյանքների մասին... Ուրեմն երեկ դասի ժամանակ հարց ա տալիս, որի պատասխանը պարտավոր էինք իմանալ, բայց չգիտեինք: Կատաղեց, գրատախտակին գրեց YGKN (You Guys Know Nothing) ու FYWKB (Fuck You, We Know a Bit) 1-0: Ընթացքում էլի էր հարցեր տալիս, եթե պատասխանը չգիտեինք, մի միավոր իր օգտին, իսկ եթե գիտեինք, ասում էինք Fuck You ու պատասխանը: Վերջում հաշիվը չգիտեմ ինչ էր, բայց մի միավորով մենք հաղթեցինք: Որոշել ենք ավարտելուց հետո բոլորովս հավաքվենք "Fuck You, We Know a Bit" մայկեք պատվիրենք, դրանցով նկարվենք ու նկարն ուղարկենք Լորենցոյին, որովհետև ինքը մեր ընկերն ա :))

Ռուֆուս
15.02.2013, 05:01
Էս սեմեստր մեծ թվով թիմային պրոյեկտներ ունենք (տվյալ պահին 5 հատ) ու սրանք արդեն խաղ ու պար չեն, շատ լուրջ պրոյեկտներ են, որոնք անում ենք հայտնի ընկերությունների ու ֆիրմաների համար ու պրոյեկտի դրական արդյունքից համ ընկերությունն է շահում, համ էլ մենք ենք բարձր գնահատական ստանում: Ուրեմն Լորենցոն մեզ մի հատ զզվելի պրոյեկտ ա տվել՝ շատ հայտնի ու հարուստ ֆիրմայի համար (անունը չեմ կարող նշել, բայց պիտի որ ծանոթ լինի): Անձամբ ես դեմ չէի լինի էդ ընկերության համար ձրի աշխատել (փոխարենը ռեզյումես կհարստանա), բայց բանն էն ա, որ պրոյեկտի նպատակներն ու պահանջները դեմ են իմ բարոյական մոտեցումներին, թիմակիցներս էլ են ատում էս պրոյեկտը: Երեքշաբթի օրը պետք է ընկերության ներկայացուցիչների համար նախնական պրեզենտացիա անեինք, թիմով հավաքվեցինք, մեր գերզբաղված օրացույցից մի կերպ երկու օր տրամադրեցինք, որ էդ անտեր պրեզենտացիան սարքեինք ու կիրակի իրիկուն ուղարկեցինք պրոֆեսորին, որովհետև երկուշաբթի օրը պետք է մյուս պրոյեկտի վրա աշխատենք: Առավոտ շուտ Լորենցոն նամակ ա գրում, «Բացի նախաբանից ձեր պրեզենտացիան զիբիլ ա, մի անգամ էլ եմ կրկնում, պետք ա էս ու էն անեք»: Հուսահատված 8 ժամ դաս անելուց հետո իրիկունը հավաքվում ենք, որ էդ անտեր պրեզենտացիան փոխենք: Լորենցոյի ասածի համար մինիմում մի 2-3 օր էր պետք, քանի որ գնահատականի վրա էլ արդեն թքած ունեինք, բռնեցինք լրիվ ուրիշ բան սարքեցինք, որն ամեն ինչով հակասում էր պրոյեկտի պահանջներին, ամենավերջին սլայդում էլ ընկերության տիրոջը շատ նագլի ձևով կպանք ու ուղարկեցինք :)) Հա ու մեկ էլ կարևոր ա իմանաք, թե մեր թիմը ոնց ա աշխատում, research-ն ու summary-ները թիմակիցներս են անում, PowerPoint-ն ու պրեզենտացիան՝ ես, մի խոսքով PowerPoint-ի ամեն բառը ես եմ գրում:

Երեքշաբթի առավոտ մի խումբ գալստուկավորներ գալիս են պրեզենտացիաները լսելու: Հասնում ա մեր հերթը, սկսում եմ մեր պրեզենտացիան (որը նախօրոք չէի կարդացել, որովհետև շատ լավ գիտեի, թե մեջն ինչ ա), մի քանի սլայդ փոխելուց հետո մեկ էլ էկրանին մի հատ տարօրինակ սլայդ ա հայտնվում: Սառը քրտինքը վրես ա տալիս, որովհետև ես չեմ հիշում, թե ես ոնց եմ ու ինչի համար եմ էդ անտերը գրել ու ստիպված սկսում եմ էկրանից կարդալ: Հաջորդ սլայդը՝ նույն պատմությունը, գիտեմ, որ ես եմ գրել, բայց չգիտեմ, թե ինչի, մի կերպ պրեզենտացիան արագ-արագ ավարտում եմ ու նստում, մտածելով, որ հերիք չի ամբողջ պրեզենտացիան *ա*մեջ արեցի, վերջում էլ տիրոջը կպանք, ֆսյո, մեր fail-ը պատրաստ է, պետք ա սկսենք մտածել լիկվիդի մասին :))

Էսօր ընկերությունից պատասխան էր եկել, ամենաշատը մեր պրեզենտացիան էին հավանել, որովհետև մենք միակն էինք, who could think out of the box: Արդյունքում որոշել են, որ բոլոր թիմերը պետք է աշխատեն միասին՝ ամեն մեկը պրոյեկտի մի մասի վրա, իսկ մեր թիմը պիտի էս ամենը կոորդինացնի ու մյուս թիմերին ուղղություն տա: Էս պրոյեկտը սկսել ա քիչ քիչ ինձ դուր գալ :))

Ռուֆուս
08.03.2013, 02:09
Էսօր կուրսեցիներով Harlem Shake ենք արել, մենակ թե սրա պատճառով ոչ մեկիս համալսարանից դուրս չանեն :))


http://www.youtube.com/watch?v=psNjcmHkhH4&feature=youtu.be

Ռուֆուս
19.03.2013, 03:12
Հայերի նման իտալացիների խելքն էլ ա կանաչեղենի համար գնում, բազիլիկը (որին տենց էլ լեզուս չի պտտվում կանաչ «ռեհան» ասել) կարելի ա ասել Իտալիայի պաշտոնական կանաչին ա :)) Որոշ խոտեր էլ կան, որոնք Հայաստանում լսած չկանք, օրինակ վերջերս դարձել եմ վալերիանի մեծ երկրպագու (մեկ էլ սկսել եմ համեմի (կամ էլ սամիթի, չգիտեմ որ մեկն ա) սոխուկ ուտել, բայց սա ուրիշ պատմություն է :))): Մի կանաչի կա, որի համար էլ են իտալացիները գժվում, անունը «ռուկոլա», օրինակ պիցցայի վրա թարմ ռուկոլա ես ավելացնում, պիցցան դառնում ա անմահական, կոտլետների ու տապակած մսերի վրա թարմ ռուկոլա ես դնում, մատներդ հետը կուտես, ամենասովորական սալաթին մի քիչ ռուկոլա ավելացնես, կդառնա ամենահամով սալաթը: Մի խոսքով տենց իտալացի չկա, ով ռուկոլայի համար չգժվի:

Մի քանի ամիս ա ուզում էի հասկանայի, թե էս ռուկոլան հայկական որ մի խոտն ա: Ու ամեն անգամ անունը գալիս էր լեզվիս ծերին ու տենց էլ չէի կարողանում հիշել: Վերջը հիշեցի, ռուկոլան եղած չեղած մեր կոտեմն ա, մենակ թե համն է մի քիչ ուրիշ:

Կոտեմ, տերդ թաղեմ, Հայաստանում քեզ սկի բանի տեղ չէի դնում :nea

Ռուֆուս
21.03.2013, 21:40
Բեմը ցույց կտա չքնաղ Վերոնան,
Ուր կային Երկու հայտնի գերդաստան,
Որ բորբոքելով հինավուրց մի վեճ՝
Ձեռք էին թաթախում միմյանց արյան մեջ։

Վաղը... :love

Ռուֆուս
10.04.2013, 01:48
[modern art mode on]Մի քիչ քաղաքական թեմայից շեղվենք ու անցնենք ժամանակակից արվեստին (սպասեք արտիստիկ շարֆս գցեմ վզիս, նոր շարունակեմ):

Ուրեմն մեր մոտ շոտլանդացի «արտիստ» էր եկել՝ Aeneas Wilder (http://www.aeneaswilder.co.uk/), ով փայտի կտորներով (կամ պարկետներով) տարբեր ստրուկտուրաներ է կառուցում ու հետո դրանք քանդում: Էս արտիստը մի քանի օր դպրոցի նկուղում փակվեց, դուրս չեկավ ու էսօր բոլորիս հավաքեց խաղ խաղալու: Սկսեցինք էդ պարկետներով գմբեթ սարքել, սկզբում բոլորիս մոտ :{ վիճակ էր, հետո երբ մեր կառուցած գմբեթը մի քանի անգամ փուլ եկավ, ավելի լուրջ սկսեցինք վերաբերվում ու նոր տակտիկաներ իրագործել: Էդ անկապ խաղը դարձավ հետաքրքիր, բայց ինչքան էլ տանջվեցինք, մի մետրից բարձր չկարողացանք կառուցել: Երկու ժամ տանջվելուց հետո Էնեասի հետ գնացինք նկուղ ու mother of god!!! Տեսեք երեք օրում ինչ էր սարքել...

http://i.imgur.com/ZX2Ws9H.jpg

Իսկ ամենակայֆը քանդելն էր...


https://www.youtube.com/watch?v=Pqdw5vGbJBM

Էս էլ ձեզ ժամանակակից արվեստ :} [/modern art mode off]

Ռուֆուս
10.04.2013, 12:08
Եվրոպացի տատիկ պապիկներից մի տեսակ եմ լինում, մեկ էլ տեսնում ես փողոցներում 80-90 տարեկան չորացած, թոռոմած թոշակառուները դանդաղ քայլում են, թե ուր են գնում ու ինչի համար են գնում, իրենք էլ չգիտեն: Տեսնես մտածու՞մ են, թե ինչի համար է Իտալիայում երեխաների ու նորածինների խրոնիկ դեֆիցիտ, մենակ իմմիգրանտներն են, որ էս երկրում բազմանում են:

Էն օրը ավտոբուսում մի հատ պապիկ տնկտնկալով մոտեցավ, ու դողդոջուն ձենով իտալերեն ինչ-որ բան ասեց: Չհասկացա ինչ էր ասում, բայց էդ ցրտին չկոճկած մաշված ու կեղտոտ վերարկուից ենթադրեցի, որ կարող մուրացկան է, փող է ուզում: Փորձեցի բանի տեղ չդնել, բայց ասածը էլի կմկմալով կրկնեց, տեսա որ պոկ չի գալիս, նման դեպքերի համար փրկարար նախադասությունս ասեցի. Non capisco (չեմ հասկանում): Հուսահատ հայացքը նետեց վրաս, մոտեցավ կողքս կանգնած ընկերոջս, ով ընդհանրապես իտալերեն չգիտի, ու էլի նույն բանը խնդրեց: Տեսավ, որ մեզանից օգուտ չկա, մեկ ուրիշին նույն բանը ասեց ու էս մարդը սկսեց պապիկի վերարկուն կոճկել: Վերջում էլ պապիկը նեղացած հայացք գցեց վրաս ու տնկտնկալով իջավ ավտոբուսից:

Ռուֆուս
22.05.2013, 02:25
Վիրավորական ա, երբ երկու ժամ քեզ նկարում են, վերջում կադրում 5 վայրկյան ես երևում :blin Մեր դպրոցի գովազդը.


http://www.youtube.com/watch?v=-2tb7EgjxXY

Ռուֆուս
27.05.2013, 00:18
Մոզամբիկցի կուրսեցուս՝ Վանիային աստված տվել չի խնայել, ծծերն էնքան մեծ են, որ Պամելա Անդերսոնը կերազեր տենց մեծ ու կլորիկ եմիշներ ունենար: Մեր բասկետբոլի թիմի խաղերին Վանիային էլ էինք տանում, որ բալետ աներ, ինքն էլ առանց կոմպլեքսների ունեցած չունեցածը ջիգյարով թափահարում էր, հակառակորդ թիմի խաղացողների ուշադրությունը շեղում, ու մեր թիմը տենց մի երկու խաղ իրար հետևից հաղթեց: Բայց դրանից հետո մեր թիմը հա պարտվում էր, պարզվեց մեր տղերքն էլ չէին կարողանում գայթակղությանը դիմանալ ու փոխանակ խաղին ուշադրություն դարձնեին, Վանիային էին նայում: Մեր թիմը քառորդ եզրափակիչ չանցավ, սաղ Վանիան էր մեղավոր :(

Ռուֆուս
28.05.2013, 02:36
Հայերենս էլի սկսել եմ մոռանալ... Եթե Ակումբը չլիներ, վիճակս ավելի ավելի վատ կլիներ: Գրառում եմ անում, մեջս հա կասկած ա ընկնում, էս բառը ճի՞շտ եմ գրել, էս նախադասությունը հայերե՞ն ա, թե բառացի անգլերենից եմ թարգմանել: Էն օրն էլ ինքս ինձ բռնացրեցի, որ անգլերեն երազումս իտալերեն եմ քֆրտում:

Ռուֆուս
28.05.2013, 03:32
Մի քանի ամիս առաջ ակումբցիներից մեկը ինձ ռասիզմի մեջ մեղադրեց: Ես ռասիստ չեմ, ու մինչև հոգուս խորքը վիրավորվեցի էդ խոսքերից: Բայց հիմա ոնց գցում բռնում եմ, ես ռասիստ եմ, բայց ոչ թե սևերին չեմ սիրում, այլ որոշ տեսակի աֆրիկացիների: Բայց ինձ սխալ մի հասկացեք, ոչ բոլոր աֆրիկացիներն են վատը, օրինակ մեր կուրսի եթովպացիները խառնվածքով ոնց որ հայ լինեն, ջիգյարով հավես տպեր են, իսկ մադագասկարցին նույնիսկ արտաքինով աֆրիկացու չի հիշեցնում, ավելի շուտ հնդիկի ու սևի խառնուրդ է: Մյուս աֆրիկացիների մեջ էլ են լավերը հանդիպում, բայց հիմնական մասսան անդուր արարածներ են: Իրենք լինում են երկու տեսակի՝ մեկը մեծամիտ, ինքնահավան, գոռոզ տպեր են, ովքեր առիթը բաց չեն թողնում, որ ցույց տան, որ քեզանից շատ բան գիտեն, բայց իրականում բան չգիտեն, իսկ մյուս տեսակը կլյաուզնիկներն են, ովքեր չգիտես ոնց են եկել հասել էստեղ, ոչ դասի են գալիս, ոչ սովորում են, ոչ պրոյեկտներին են contribute անում, ամեն ինչ copy paste են անում, վերջում էլ երբ որ ցածր գնահատական են ստանում նենց մի հատ վայնասուն են դնում, ոնց որ թե ամբողջ տարին ճռռացել են սովորելով, վերջում ռասիստ դասախոսը ցածր ա նշանակել: Ու ամենացավալին էն ա, որ ես պետք ա հետո 10 տարի վարկ փակեմ, իսկ իրենք սովորելու համար ոչ մի կոպեկ չեն վճարում:

Էս վերջերս երկրորդ տիպի ոմնը ինձ հարցնում էր, թե MBA-ից հետո դոկտորական պաշտպանելու եմ, թե չէ: Ասի, չէ, ես դրա համար համբերություն ու ներվ չունեմ, ավելի լավ ա աշխատանք գտնեմ, աշխատեմ, բա դու՞: Ասում ա, հա Գերմանիա մի քանի տեղ եմ դիմել, քանի որ աֆրիկացիներին հատուկ կրթաթոշակ են տալիս, գնալու եմ PHD պաշտպանելու: Ողբամ քո նման դոկտորներին...

Ռուֆուս
28.05.2013, 04:20
Քանի սիրտս բացել եմ, մի երկու բան էլ ասեմ, դրանց հասցեին:

Միգուցե ես եմ աննորմալ, բայց Իտալիա գալը իմ համար երազանք էր, էս անտեր երկիրն էնքան սիրուն ա, էնքան տեսնելու բան կա, որ մարդ գործ չունենա ու լիքը փող ունենա, գնա ինչքան տեսնելու բան կա, տեսնի: Բայց էս աֆրիկացիների մեծ մասին դա բնավ չի հետաքրքրում: Մի երկու ամիս առաջ գնացել էինք Պադուա ցուցահանդեսի, ես նախօրոք պլանավորել էի, որ ցուցահանդեսից հետո պիտի գնայի քաղաքը տեսնելու, նույնիսկ իմ համար տուր էի կազմել, թե ինչ պետք ա տեսնեի: Անկապ ցուցահանդես էր, մի ժամում վերջացրեցինք, գնացքի տոմսերն էլ 6 ժամից էր, առաջարկեցի միասին գնանք քաղաքը տեսնելու: Մի երկու հոգի հրաժարվեցին, գնացին կայարան տոմսը փոխելու, մյուսներն էլ, թե հա, Պադուայում Սան Անտոնիոյի եկեղեցին կա, անպայման ուզում ենք էդ եկեղեցին տեսնենք: Գնացինք եկեղեցին տեսանք, շատ հզոր կառույց էր, առաջարկեցի մյուս հայտնի եկեղեցին էլ տեսնել, սրանք սկսեցին չեմուչում անել, բայց երկար համոզելուց հետո, եկան: Հետո պարզեցի, որ աֆրիկացիները բողոքական են ու իրենք կաթոլիկ եկեղեցիներ չեն գնում, իսկ Պադուայի Սան Անտոնիոյի եկեղեցին աշխարհի 8 եկեղեցիներից մեկն ա, որը համարվում է բոլոր դավանանքների եկեղեցի, դրա համար էին ուզում էդտեղ գնալ: Մյուս եկեղեցուց հետո առաջարկեցի գնալ Պադուայի բուսաբանական այգի, որը աշխարհի ամենահին բուսաբանական այգին ա ու Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ա: Սրանք որ իմացան, մուտքը փողով ա (ընդամենը 2 եվրո), մի հատ նենց լացուկոց դրեցին, ոնց որ միլիոն էի ուզում, բայց եկան: Բուսաբանականից հետո էլ ձեռքս չդիմացան, հետ գնացին կայարան:

Մի ամիս առաջ էլ Մոնտեզարքիո էինք գնացել, գիշերը էնտեղ էինք մնալու: Մոնտեզարքիոն փոքր քաղաք էր, միակ հետաքրքիր վայրը բլրի գլխի ամրոցն էր, որոշեցինք իրիկունը բարձրանալ: Աֆրիկացիները չեկան, մնացին հյուրանոցում, հարբեցին, ուռեցին, երբ որ հետ եկանք, սկսեցին մեր աղջիկներին ձեռք գցել ու անկապ դուրս տալ: Ահավոր կատաղել էինք, բոլորին տարանք սենյակներում փակեցինք, որ համը չհանեին:

Մեկ էլ սրանք մոլեռանդ հավատացյալներ են, ՖԲ-ում բոլորից unsubscribe եմ եղել, որովհետև վայրյանը մեկ «Հիսուսը սիրում է քեզ, լայքիր, շեյր արա էս նկարը ու քոմենթիր «ամեն»» կարգի ստատուսներ ու նկարներ էին շեյր անում: Մեր խմբում մի հատ սիրիացի կա (մուսուլման), շատ լուրջ ու խելացի մարդ ա, պատերազմի պատճառով ընտանիքով եկել ա Իտալիա: Ինքը իմ ամենամոտ ընկերներիցս մեկն ա: Ուգանդացին կոնֆլիկտ ուներ սիրիացու հետ, պրոյեկտներից մեկի ժամանակ երկուսին նույն թիմ գցեցին ու պատերազմ սկսվեց… Ուգանդացին ամեն օր դասի ժամանակ դիսկուսիաներին պիտի հիշեցներ, որ ինքը քրիստոնյա է, որ ինքը արդար ու ազնիվ մարդ է (մյուսներն էլ թութակի պես նույն բանն էին կրկնում), բայց հենց իր թիմի հետ էր լինում, քիչ էր մնում խեղճ սիրիացուն տռաս հաներ: Էս կոնֆլիկտը էնքան խորացավ, որ սիրացին քիչ էր մնում գնար ռեկտորին բողոքեր, վերջում դասախոսներից մեկը երկուսին կանչեց, իրավիճակը հարթեց:

Ռուֆուս
29.05.2013, 23:23
Note to self: Այլևս չխմել լիտվացիների, լատվիացիների, ռուսների ու ավստրիացիների հետ, իրենք հաստատ մայրական կաթի փոխարեն սպիրտ են խմել: 6 հոգով մի գիշերվա մեջ դատարկեցինք 6 շիշ սպիտակ գինի, 5 շիշ կարմիր գինի, 3 շիշ շատ հին ավստրիական գինիներ, մի շիշ օղի, մի շիշ տեկիլա, մի շիշ լատվիական բալզամ՝ 45 տոկոս թնդության: Չգիտեմ հետո ոնց եմ գիշերվա հինգին հասել տուն, 3 ժամ քնել ու առավոտյան գնացել ինտերվյուի: Ու զարմանալիորեն ես դեռ կենդանի եմ:

New Highscore
3 new achievements unlocked
New achievement: Chronic Alcoholic
New achievement: One step closer to death
New achievement: Gigantic hangover

Press here to challenge your friends

Ռուֆուս
31.05.2013, 00:42
Հակասությունների երկիր ա Իտալիան, տղերքն ունքերն են պոկում ու տուշ քսում, իսկ աղջիկները փռչոտ ունքերով առանց մակիյաժ ման են գալիս: Երեկ սխալմամբ բաղնիքի դուռը բացեցի, տեսնեմ flatmate-ս հավեսով ունքերն ա պռճոկում, էդ տեսարանն էնքան անսպասելի էր, որ իրար խառնվեցի, հայերեն «կներես» ասեցի, ափալ-թափալ դուռը փակեցի: :o

Ռուֆուս
31.05.2013, 01:14
Իտալացիների մոտ հետաքրքիր լեզվաբանական երևույթ եմ նկատել: Իտալերենում «հ» հնչյուն ընդհանրապես չկա, գրավոր խոսքում եթե բառի մեջ h կա, չի արտասանվում, բայց երբ սրանք սկսում են անգլերեն խոսել, բոլոր ձայնավորով սկսվող բառերից առաջ պարտադիր «հ» են ավելացնում: Էսօր իտալացի ծանոթներիցս մեկից անհասկանալի մեսիջ եմ ստանում մեջն էլ heartquake բառ կար: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ա ասում, սիրային պրոբլեմնե՞ր ունի, որ սիրտը ցնցել են: Դու մի ասա ինքը ոնց earthquake-ը արտասանում ա, տենց էլ գրում ա: :))

Ռուֆուս
31.05.2013, 02:46
Հիպստերական գունավոր շալվարներից խոսք գնաց, մի բան պատմեմ:

Էս վերջերս զգացի, որ գարդերոբիս պարունակությունը բնավ չի համապատասխանում ստեղի մոդային, որոշեցի գնալ խանութ մի նոր բան առնելու: Մտա H&M, մտածեցի կարելի ա նոր ջինս առնել (չնայած ունեցածս ջինսերի կեսը երևի մի անգամ եմ հագել), պարզվեց ջինսերը խցկել են խանութի մի անփառունակ անկյուն, որովհետև հիմիկվա մոդան նեղ գունավոր շալվարներն ու շորթերն են, ընդ որում ինչքան գույնը վառվռուն՝ էդքան ավելի մոդայիկ: Բան ու գործս ինչ, որոշեցի դրանցից փորձել, միգուցե դուրս գա, առնեմ: Շոր առնելն էլ ինձ համար տանջանք ա, եթե ընտրությունս մեկից ավելի ա, ոչ մի կերպ չեմ կարողանում կողմնորոշվեմ, թե որն ա ավելի շատ դուրս գալիս: Որոշեցի երկու չեզոք գույն փորձել, մուգ կապույտն ու մոխրագույնը վերցրեցի, մտա հանդերձարան, փորձեցի, երկուսն էլ դուրս եկան: Որոշեցի էլ ավելի համարձակ գույներ փորձել, շագանակագույնը, կանաչն ու մանուշակագույնը փորձեցի, ավելի շատ դուրս եկան: Մի 10 րոպե կանգնել եմ շալվարների դեմը չեմ կարողանում կողմնորոշվել, թե որ գույնն ա ավելի լավը, խանութի աշխատողն էլ արդեն թարս էր վրես նայում, թե առնում ես, առ, թե չէ ռադդ քաշի: Ստիպված աչքերս փակեցի, ու մատս դրեցի առաջին պատահական շալվարի վրա: Պայծառ դեղին գույն էր, առանց փորձելու իմ չափսը գտա, վճարեցի ու եկա տուն:

Տանը դեղին շալվարս փորձեցի ու... լավ, ինչո՞վս էի մտածում, որ էս անկապ գույնը առա, ոչ սազում ա, ոչ համապատասխան կոշիկ ունեմ հետը հագնելու, ոչ մայկա, ոչ էլ վերնաշապիկ: Էդ անտեր շալվարը երկու շաբաթ պահարանում կախված մնաց, մինչև հետ տարա խանութ, բորդոյի հետ փոխանակեցի:

Ռուֆուս
05.06.2013, 23:46
Մարդ ինչքան նագլի պիտի լինի, որ համալսարանում հրաժեշտի քեֆի ժամանակ պլան ծխի ու առաջարկի կողքը կանգնած դասախոսին մուխ քաշել :)) Դասախոսն էլ հրաժարվի, թե ես շատ ծեր եմ ըտենց բաների համար :))

Ռուֆուս
06.06.2013, 01:54
Սուպերմարկետում արդեն 2 շաբաթ ա ծիրան են ծախում, մանր, հազիվ մի քիչ դեղնած, էն որ Հայաստանում դրանցից սեզոնին կիլոն 50 դրամից էլ էժան կարաս առնես: Սկզբում մի կիլոն 8 եվրո էր, հետո քիչ քիչ իջեցրեցին, էսօր տեսա 99 ցենտ էր: Իսկ ես ամեն անգամ կողքով արհարմարհական անցնում եմ, թե դուք ինչ գիտեք ծիրանն ինչ ա: Մեռնեմ 1 եվրո չեմ տա ձեր խոտ ծիրաններին:

Ռուֆուս
07.06.2013, 02:08
Առաջին օրվանից սենյակս դուրս եկավ, անմիջապես զգացի, որ իմն էր: Նախ շատ մեծ ա ու լուսավոր, տան ամենամեծ ննջասենյակն է, ու հետո իմացա, որ մյուս տնվորների հետ համեմատ իմ սենյակի վարձը բավականին թանկ է: Ու շատ հարմարավետ է, ինչքան փորձում եմ թափթփել, «տնավարի» ապրել, միևնույնն է տարօրինակորեն մաքուր ու լենուբոլ է մնում: Գարնանը եղբայրս եկավ մոտս 2 ամիս ապրելու, սենյակումս մի հատ էլ մահճակալ դրեցինք ու սենյակս դարձավ դժոխք: Բացարձակապես հնարավոր չէր լինում դաս անել, պարապել ու աշխատել, անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն էր, առավոտ 7-ին արթնանում էի, որ տնից փախնեի, դրսում մի տեղ նստեի, կարողանայի մի բան անել: Եղբորս գնալուց հետո սենյակս էլի իմ տիրույթը դարձավ, աշխատունակությունս բարձրացավ, տրամադրությունս էլ հետը: Մի քանի օր է՝ ընկերներիցս մեկը մի քանի օրով մոտս է տեղափոխվել, մինչև Միլանում տուն ճարի: Լավ տղա է, համ էլ հոյակապ խոհարար է, էս օրերին ինչքան հայկական ճաշատեսակ վերջին 9 ամիսների ընթացքում չէի կերել, կերա: Բայց սենյակս էլի սկսել ա ճնշել ինձ, թարսի պես էլ ամբողջ օրը գործ չունեմ անելու, որ տնից փախնեմ:

Ամբողջ օրը մի բան եմ մտածում, թե երբ ա վերջապես գնալու, իմ թագավորությունն էլի մենակ իմը դառնա: Էգոիստ մեռնում եմ:

Ռուֆուս
12.06.2013, 04:14
Իտալիա գալուցս առաջ մի հատ checklist էի պատրաստել, թե ուր պիտի պարտադիր այցելեի: Որոտ ու կայծակ, հուր ու սառույց, գահերի խաղ, ուզում էր աշխարհը շուռ գար, պիտի անպայման գնայի Ֆլորենցիա, Վենետիկ, Հռոմ ու Սիենա: Ու էս չորս քաղաքից հետո նոր կորոշեի, թե էլ ուր կարելի է այցելել: Դե պլանավորելու վատն էն ա, որ վերջում մեկ ա պլաններդ ձախողվում են: Էդ չորս քաղաքից մենակ Ֆլորենցիան տեսա (ու սիրահարվեցի) ու Վենետիկը, որը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով գրեթե չտեսնելու հաշիվ էր: Մեկ էլ Հռոմի օդանավակայանն ու կայարանը :)) Փոխարենը ուրիշ հետաքրքիր քաղաքներ գնացի, որոնք անսպասելիորեն շատ ավելի լավը դուրս եկան, քան պատկերացնում էի, օրինակ՝ Նեապոլը, որտեղ դեմ չէի լինի նույնիսկ ապրել:

Ու էս տարվա ընթացքում փողերս ալկոհոլի, դիսկոների ու այլ պիղծ ու զազրելի բաների վրա ծախսեցի ու հիմա, երբ որ ունեմ լիքը ազատ ժամանակ, բայց համեստ ֆինանսական միջոցներ, սրտիս իրոք դարդ եղավ, որ պլանս չեմ կարողանա կատարել, կամ պիտի մենակ Սիենան տեսնեմ, կամ էլ Հռոմը: Քանի որ Հռոմ հասնելն ավելի հեշտ ա, քան Սիենա, որի համար պիտի 3 գնացք փոխեմ, սրտի կսկիծով որոշեցի Հռոմ գնալ: Էս մի քանի օրը նստած Հռոմում հոստելներ էի ման գալիս, գնացքի էժան տոմսեր էի փնտրում, itinerary էի գծում, մեկ էլ ՖԲ-ում ընկերներիցս մեկից մեսիջ ստացա: Ինքն ինձ մի քանի ամիս առաջ էր Ֆեյսբուքում գտել, հայ ուսանող ա, Ֆլորենցիայում ա ապրում ու ռեստավրացիա է սովորում, ու ես հա խոստանում եմ գնալ Ֆլորենցիա իրեն տեսնելու, ինքն էլ խոստանում ա գալ Բոլոնյա ինձ տեսնելու, ու քանի որ երկուսս էլ խիստ զբաղված էինք, իրար էդպես էլ չկարողացանք տեսնել: Գրել ա, թե մի ամսից Հայաստան է վերադառնալու, վերջապես խոստումս չե՞մ ուզում կատարել: Ես էլ չեմուչում եմ անում, չեմ ուզում ասել, որ Հռոմ եմ պատրաստվում գնալ, մեկ էլ գրում ա, թե շաբաթ օրվա համար Սիենայի ավտոբուսի տոմս ունի, ինքն էլ ուրիշ քաղաք պիտի գնա, կարա էդ տոմսը ինձ կտրամադրի: Գիշերն էլ իր տանը կմնամ ու կիրակի օրը Ֆլորենցիան ցույց կտա: Գրողը տանի, առանց մի վայրկյան մտածելու մտա Հռոմի բոլոր booking-ներս cancel արեցի, ինչ Հռոմ, ինչ բան, Սիենան թողած ով ա գժվել Հռոմ գնալ :love

Գժական ուիքենդ ա սպասվում, արվեստախառն ու միջնադարյան http://www.smileyvault.com/albums/character/smiley-vault-character-171.gif

http://www.paradoxplace.com/Perspectives/Italian%20Images/images/Siena_&_South/Siena-Images/Siena_Images_2007/Siena-Nov07-NLF4379sAR800.jpg

Ռուֆուս
19.06.2013, 16:37
Սիրում եմ գիժ իտալացիներին: Արեցցոյում ուզում էի նկարվել, մի տղամարդու խնդրեցի, որ այգու սիրուն ֆոնին ինձ նկարի: Կամերան վերցրեց մի քանի րոպե ֆոկուս էր բռնում, կադր էր հարմարացնում, վերջին պահին, երբ պիտի նկարեր, շուռ եկավ, կողքի նստարանին նստած երկու սիրուն աղջիկներին նկարեց ու կամերան հետ տվեց, թե «կներես, ես մենակ սիրուն բաներ եմ կարողանում նկարել» :))

Լուկկայում երկու ժամով հեծանիվ էի ուզում վարձել, որ քաղաքի միջնադարյան պարսպի վրա քշեի: Աշխատողին հարցրեցի ժամը քանիսի՞ն պետք ա հետ բերեմ, ասում ա, դե մենք մինչև 6:30 աշխատում ենք, երբ ուզում ես, բեր: Ասեցի, դե որ էդպես է, երկու ժամի փոխարեն մի ժամ գրի: Ծիծաղեց, բայց ժամը չփոխեց: Երեք ժամից ավել քշելուց հետո հեծանիվը ետ բերեցի, աշխատողը փոխվել էր, ուրիշ տղա էր կանգնած, երկու ժամվա փող տվեցի, կեսը հետ տվեց, թե դու մի ժամ ես քշել: Ասում եմ, չէ, դեռ մի բան էլ մի ժամ ուշ եմ հետ բերել: Ասում ա, հեչ չես կանգնե՞լ, հանգստացել, ես գիտեմ, որ դու ընդամենը մի ժամ ես քշել, մի ժամվա փող պիտի տաս :))

Ռուֆուս
19.06.2013, 18:00
[արվեստագետ mode on]

Ես մանկուց Լեոնարդոյի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Դյուրերի հետ եմ մեծացել: Էն հին սովետական ալբոմ գրքերը հիշու՞մ եք, մեծ ու ծանր, հաստ ու փայլուն թերթերով: Դյուրերին պաշտում էի, Միքելանջելոյի գիրքն էնքան էի վերընթերցել, որ եթե գնամ Սիքստինյան կապելլա, առանց գիդի կասեմ, թե ով ով է ու ինչ է խորհրդանշում: Երբ հարցնում էին, թե ամենասիրածդ նկարիչն ով էր, առանց մտածելու ասում էի Ռաֆայելը: Բայց Բոտիչելլիին չէի սիրում, չէի հասկանում, թե Բոտիչելլիի հանճարը որն է: Իր նկարների փոքր ինչ ձգված դեմքերն ինձ մոտ ասոցիացվում էին միջակության հետ ու երբ Բոտիչելլիի նկարները համեմատում էի Ռաֆայելի, Լեոնարդոյի կամ Միքելանջելոյի կատարելության հետ չէի հասկանում, թե Բոտիչելլիի մեջ ինչ հանճարեղ բան էին գտնում: Դեբիլ երեխա էի մի խոսքով, արվեստից բան չէի հասկանում, չգիտեի Վերածննդի դարաշրջանների մասին, որ Բոտիչելլին վաղ վերածնունդ էր, իսկ մյուսները ուշ վերածնունդ, ու եթե ինքը չլիներ, մենք հիմա ոչ Ռաֆայել կունենայինք, ոչ Լեոնարդո, ոչ Միքելանջելո: Հետո երբ մեծացա, նոր հասկացա, թե ինչ մեծություն է ինքը:

Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում 6 ժամից ավել անցկացրինք, ընկերոջս հետ էի գնացել: Ինքը արվեստագետ ա, ու Վերածննդի մեծ գիտակ: Ամեն կարևոր նկարի մոտ մի քանի րոպե կանգնում էինք ու ինքը էնպիսի բաներ էր պատմում էդ նկարների մասին, որ ոչ մի գրքում էդ տեղեկությունները չես գտնի: Վերջում երբ պետք է դուրս գայինք պատկերասրահից, Դավիթին ասեցի, որ հետ գնանք, ամբողջ շենքով մեկ հետ ենք վազել, ընթացքում Ռեմբրանդտի, Ռուբենսի, Բոսխի, Կարավաջջոյի, Տիցիանի, Լեոնարդոյի, Ռաֆայելի սրահների միջով էինք անցնում, ես նույնիսկ չուզեցի երկրորդ անգամ իրենց նկարներին նայել, որովհետև մենակ Բոտիչելլին էր ինձ հետ կանչում: Բոտտիչելլիի սրահում կես ժամ մնացինք, մի պատին Վեներայի ծնունդն էր կախած, մյուսին՝ Գարնան Ալեգորիան:

Գարնան Ալեգորիայում ձախում Մերկուրին է, ով կադուցեյով հեռու է քշում ամպերը: Կողքին թափանցիկ զգեստներով երեք գրացիաներն են, ձեռք ձեռքի տված պարում են, իսկ վերևում կույր Ամուրը սիրո նետը ուղղել է նրանցից մեկի վրա: Կենտրոնում Վեներան է, կողքին՝ ծաղիկներով պատված Ֆլորան, ով գրկից վարդեր է թափում գետնին: Ֆլորայի կողքին Խլոյան է՝ բնության նիմֆը, ում բերանից ծաղիկները դուրս են գալիս ու պատում Ֆլորայի մարմինը: Ու վերջում կապույտ գույնի Զեֆիրոսն է, ով փորձում է առևանգել Խլոյային: Վերևում նարինջի ծառերն են, նարինջները Մեդիչիների խորհրդանիշն է: Իսկ ներքևում ֆիգուրների ոտքերի տակ ծաղիկներ են, ընդ որում պարզել են, որ Բոտիչելլին մոտ 500 տարբեր ծաղիկների ու բույսերի տեսակ է նկարել այս նկարում: Նկարում բոլոր կանայք հղի են, ասում են Բոտիչելլին նախընտրել է նկարել 3 ամսեկան հղիներին, որովհետև իրենց մաշկը սպիտակ է:

Իմ համար սա աշխարհի ամենահանճարեղ նկարն է, իսկ Բոտիչելլին հենց Վերածնունդն է: Ու Բոտիչելլիից հետո նոր գալիս են մնացած բոլոր հանճարները:

La Primavera/Գարնան ալեգորիա, Սանդրո Բոտիչելլի, 1482թ: (սեղմեք մեծացնելու համար)

http://i.imgur.com/Itf0UyH.jpg (http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/3c/Botticelli-primavera.jpg)

Հաջորդ օրը Դավիթն ինձ տարավ Ֆլորենցիայի Օնյիսանտի եկեղեցի, որտեղ Բոտիչելլիի գերեզմանն էր: Մարդիկ տարբեր լեզուներով փոքրիկ նամակներ էին թողել Մաեստրոյին, մի քանիսը կարդացի ու ուրախացա: Շնորհակալ եմ, Մաեստրո:

Վեներայի ծնունդը, Սանդրո Բոտիչելլի, 1486թ: (սեղմեք մեծացնելու համար)

http://i.imgur.com/Lfh9RCL.jpg (http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/0b/Sandro_Botticelli_-_La_nascita_di_Venere_-_Google_Art_Project_-_edited.jpg)

[/արվեստագետ mode off]

Ռուֆուս
19.06.2013, 19:44
Ասում են, ամենադժվար բանը ինքդ քեզ ճանաչելն է ու մինչև մեկ ուրիշը քո էությունը չճանաչի, դու ինքդ քեզ երբեք չես կարողանա տեսնել: Ես ինձ ուրիշի աչքերով տեսա, հանգստացա ու հաշտվեցի ինքս ինձ հետ: Միգուցե պատճառն այն էր, որ մի քանի օր հինավուրց եկեղեցու խորանի վերևում գտնվող փոքրիկ սենյակում եմ քնել ու ինչ-որ միստիկ բան կար դրա:

Հնարավոր է, որ ես սխալ եմ ու աստված իրոք կա ու իմ տեղը դժոխքում ապահովված է, բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, որովհետև գտել եմ ինքս ինձ ու սա կյանքը շարունակելու նոր ուժ է ինձ տալիս:

Ռուֆուս
23.06.2013, 13:36
Վարորդս ասում ա Նեապոլում տաքսիստները սպիտակ մայկաների վրա սև գիծ են նկարում, որ ամրագոտի չգցեն ։D

Sent from my Nexus S using Tapatalk 4 Beta

Ռուֆուս
30.06.2013, 19:31
Val d'Orcia

Երբ նոր էի Իտալիա եկել, դեսքթոփիս նկարները Վալդորչիայի նկարներն էի դրել: Նայում էի ու չէի հավատում, որ ֆոտոշոփ չէ, ու նման գեղեցկություն կա աշխարհում: Վալդորչիան Տոսկանայում գտնվող հովիտ է, որն իր գեղեցկության ու համաշխարհային մշակույթում մեծ դեր ունենալու համար ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈյի համաշխարհային ժառանգության ցանկում: Վերածննդի դարաշրջանից սկսած մարդիկ ասեղնագործել են էս հովիտը, պատկերացրեք կատարյալ գյուղական դրախտավայր, իդեալական բլուրներ, որոնց գագաթներին հին վիլլաներ են կամ փոքրիկ ամրոցներ, ամենուրեք ցորենի արտեր ու սլացիկ կիպարիսներ ու բնական գույների անսահման ներկապանակ: Վալդորչիայի գույնը ոսկեգույնն է, տարբեր երանգների դեղին ցորենի արտերի մեջ կանաչ կիպարիսներ են ու էդ ներդաշնակություն ոգեշնչել է Վերածննդի բոլոր նկարիչների պեյզաժները:

Արեցցոյում էի, արդեն պիտի հետ գնայինք, երբ ընկերս՝ Դավիթը, Անտոնիոյի հետ ծանոթացրեց: Անտոնիոն ծագումով նեապոլցի է, էդպես էլ չհասկացա, թե մասնագիտությամբ ինչ է, բայց ինքն ինձ համար փիլիսոփա է: Իր կյանքի ապրած 70 տարիները շատ բան էին սովորացրել Անտոնիոյին, կարող էիր ամբողջ օրը լսել իրեն ու չհոգնել: Առաջին բանը հարցրեց, թե Արեցցոն տեսե՞լ եմ, դրական պատասխանից հետո, միանգամից վրա բերեց, իսկ Վալդորչիայում ու Պիենցայում եղե՞լ ես, առավոտ ժամը 10-ին կգամ քո հետևից, կտանեմ, ցույց կտամ: Էս էն դեպքերից էր, երբ լրիվ մոռանում ես քաղաքավարության մասին ու միանգամից ուրախացած ասում ես, հա, ուզում եմ գնանք: Առավոտյան ուշ արթնացանք, Անտոնիոն դեռ չէր եկել: Դավիթն ասեց, թե կներես, ինքը շատ է խմում ու մոռանում է տված խոստումների համար, երևի ուրիշ տեղ գնանք: Մեկ էլ էդ պահին ավտոյի սիգնալի ձայն է գալիս, Անտոնիոն եկել էր: Ասում է, ես ժամացույց չեմ կապում, որովհետև ոչ թե ժամանակը պիտի քեզ կառավարի, այլ դու ժամանակին:

Վալդորչիան բնականից շատ ավելի գեղեցիկ էր, քան նկարներում, ու եթե դրան ավելացնենք Անտոնիոյի գունեղ նապոլիտանական ակցենտով ու էլ ավելի գունեղ հայհոյանքներով համեմված բացատրությունները, տիպիկ իտալական միջավայր էր ստացվում :))

Վալդոչիայի հենց կենտրոնում փոքրիկ բլրի գագաթին Պիենցա քաղաքն է, որը Վալդորչիայից առանձին ընդգրկված է Յունեսկոյի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Պիենցան Հռոմի պապ Պիոս 2-ի ծննդավայրն է եղել, ով 15-րդ դարում քաղաքը վերակառուցել է որպես Վերածննդի «կատարյալ քաղաք» ու իր նստավայրը Հռոմից տեղափոխել է այստեղ: Պիենցան այնքան փոքր է, որ մի ծայրից մյուսը ոտքով կարելի է կտրել 10 րոպեում, բայց իմ համար Պիենցան ոչ թե քաղաք էր, այլ պատշգամբ, որից կարելի է տեսնել Վալդորչիան իր ամբողջ գեղեցկությամբ:

Աննկարագրելի օր էր, որից ստացված տպավորությունները մինչև հիմա չեմ կարողանում լիովին մարսել: Ուրախանում ես, երբ կյանքում քեզ բարի ու անշահախնդիր մարդիկ են հանդիպում, ես Անտոնիոյի ցավը տանեմ...

http://i.imgur.com/W8weG7u.jpg

http://i.imgur.com/MVk2u4H.jpg

http://i.imgur.com/0tK1kM4.jpg


http://www.youtube.com/watch?v=AA9hc6E7azM

Ռուֆուս
01.07.2013, 02:08
Երեկ կայարանում կանգնած գնացքին էի սպասում, մի հատ նարկոման լակոտ լացակումած մոտեցավ, թե խնդրում եմ օգնիր: Ասեցի, փող չունեմ, ինքն էլ, թե փող չեմ ուզում, հեռախոսդ տուր զանգեմ, շատ կարևոր ա: Մեղքս տվեց, համարը հավաքեցի, տվեցի ու անհանգիստ սպասում էի, թե հեսա հեռախոսս կառնի, կթռնի: Խոսեց, հեռախոսը հետ տվեց, սկսեց կպրճկվել, թե որտեղացի ես, ուր ես գնում, ասի, ինձանից հեռու մնա, ռադը քաշեց, գնաց:

Մի քիչ առաջ հեռախոսիս անծանոթ համարից զանգ է գալիս, վերցնում եմ, ինչ-որ մեկը իտալերեն անհասկանալի բաներ է ասում: Ջղայնացա, մտածեցի երեկվա զանգածս համարից հետ են զանգել, գժվցնում են: Մի քանի անգամ հարցրեցի ո՞վ է, մեկ ա ինքն իր ասածն ա առաջ տանում: Արդեն ուզում էի քֆրտեի ու հեռախոսն անջատեի, մեկ էլ քահ քահ ծիծաղում է, Անտոնիոն էր, համարս իմացել, զանգել էր, որ որպիսությունս իմանար :))

Ռուֆուս
01.07.2013, 05:26
Մեկ մեկ ուզում եմ նոթբուքս, պլանշետս ու հեռախոսս պատուհանից դուրս շպրտեմ, սոց. ցանցերը (որոնք իրենց մեջ ոչ մի սոցիալական բան չեն պարունակում), չաթերն ու whatsappները ջնջեմ, քաշածս սերիալները, ֆիլմերը, երգերն ու խաղերը shift delete անեմ, տնից փախնեմ ու այգում խոտերի մեջ պառկած ինչ-որ մեկին կարոտեմ։ Ու իսկականից կարոտեմ, այլ ոչ թե դեբիլի նման մեսիջ գրեմ կամ սկայպով զանգեմ ու կարոտս առնեմ։

Նոր քնելուցս առաջ պատշգամբ գնացի ու անկախ ինձանից երկնքին նայեցի։ Ծառերի տերևներից միջից Մեծ Արջն էր ինձ նայում, իսկ ես չկարողացա հիշել, թե վերջին անգամ երբ եմ ես իրեն նայել։

Հիմա պլանշետս ոռնոցը դրել ա, ասում ա ինձ զարյադկի դիր, թե չէ կանջատվեմ։ Առը հա, թե ես քեզ զարյադկի կդնեմ, գնա սատկի, սրիկա՛։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

Ռուֆուս
03.07.2013, 20:55
Վարագույրների ու պատուհանափեղկերի մասին...

Իտալիայում դեռևս տուն չեմ տեսել, որտեղ վարագույրներ կախած լինեն, փոխարենը բոլոր տների բոլոր պատուհանները դրսից ծանր փեղկերն են փակում: Պատկերացրեք հորիզոնական ժալյուզիների նման ալյումինե, մետաղե, պլաստմասսայե, փայտե ծանր փեղկեր, փողոցով քայլում ես, նայում ես շենքերին ու առաջին միտքը, որ գլխումդ առաջանում է, սրանք սովորական շենքեր չեն, այլ բանտ: Մարդիկ կան, օր ու գիշեր փեղկերը չեն բացում, էդպես բոլոր պատուհանները փակ ապրում են: Մի անգամ գիշերը ես էլ փեղկն իջեցրեցի, առավոտյան սենյակումս էնքան մութ էր, որ ոչ մի բան չէր երևում: Չսիրեցի էդ փեղկերը, շատ դեպրեսիվ են ու զարմանալի է, որ իտալացիների նման սրտաբաց ու կենսուրախ մարդիկ չեն թողնում, որ իրենց տունը լույս ընկնի:

Բայց հետո հասկանում ես, որ քո կյանքն էլ է մի սենյակ, որի բոլոր պատուհանների փեղկերն իջեցրել ես, որ հանկարծ լույս չընկնի ու ուրիշները չտեսնեն, թե սենյակումդ ինչ է կատարվում: Ու երբ որ մթությունից զզված փեղկերը մի փոքր վերև ես բարձրացնում, սարսափում ես արևի լույսից ու էլի հետ ես գնում քո ատելի մթությունը:

Ռուֆուս
07.07.2013, 18:48
Վենետիկը իսկական լաբիրինթոս է, եթե քարտեզ չունեցար, էնպես կկորես, որ հետ գալուդ ճանապարհն էլ չես գտնի։ Ու մեկ էլ Վենետիկի խորքերում լրիվ անսպասելիորեն պատին իտալերենով ու հայերենով գրություն ես տեսնում. «բարի գալուստ հայկական թաղամաս», «Սբ. Խաչ եկեղեցի» ու հայրենիքդ ես հիշում։

Շնորհավոր Վարդավառ, ջրանցքի կեղտոտ ջրով ջրոցի ենք խաղացել :)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

Ռուֆուս
09.07.2013, 23:02
Էն որ մտածում ես, թե ինչ սարքես, որ արագ լինի ու հեշտ ու մեկ էլ հիշում ես, որ մեր թվարկությունից առաջ պիցցայի խմոր էիր առել, որը սառնարանում դրած սպասում է իր աստեղնային ժամին ու գնում ես խոհանոց, սկսում ես հավեսով պիցցա պատրաստել ու տանը ինչ ունես չունես, կտրտում, լցնում ես խմորի վրա ու ինքդ քեզ գոհունակություն հայտնում, թե ինչ համով պիցցա է ստացվելու, ու պիցցան ջեռոցը մտցնելուց հետո վերցնում ես խմորի փաթեթը, որ ճշտես, թե քանի րոպեից պիցցան պատրաստ կլինի ու ի սարսափ քեզ հայտնաբերում ես, որ առածդ խմորը եսիմ ինչի խմոր ա, բայց հաստատ պիցցայի չէ, ու պատկերացնում ես, թե գյոզալ պիցցադ ոնց ա վերածվելու եսիմ ինչի, բայց դե մտածում ես, թե խմոր ա, ի՞նչ պիտի լինի ու երբ 20 րոպե հետո սարսափով ու սրտի տրոփյունով ջեռոցը բացում ես, պարզվում ա, որ ջեռոցում գտնվող եսիմ ինչը գերազանցել է քո բոլոր վատագույն սպասելիքները ու սրտի կսկիծով էդ եսիմինչը հանում ես ու սկսում ես ուտել, որովհետև ձեռդ չի գնում թափել, բայց կեսը մի կերպ ուտելուց հետո, այն թափում ես, որովհետև ավելի լավ ա եսիմ ինչը թափել, քան թե ուտել ու հետո երբ մամայիդ հետ Սկայպով խոսում ես ու հարցնում ա, թե էսօր ինչ ես կերել, ստում ասում ես ոչ մի բան, սոված չեմ, որովհետև ավելի հեշտ ա տենց պատասխանել, քան թե բացատրել, թե ճաշին ինչ ես կերել:

Ռուֆուս
10.07.2013, 02:00
Proprietà Privata

Լեզուն

Որպես հայերենի լեզվակիրներ մենք երբեք չենք գիտակցի, թե մեր լեզուն ինչպես է հնչում օտարների ականջին, արդյո՞ք այն իսկապես կոպիտ է ու բարբարոս, թե՞ աշխարհի ամենասիրուն լեզուն է: Դրա համար առիթը բաց չեմ թողնում օտարեկրացիներին հարցնել, թե որ լեզվին են հայերենը նմանեցնում ու տարբեր պատասխաններ եմ լսում, որոնք նմանեցնում են արաբերենին, ոմանք պարսկերենին, որոշները սլավոնական լեզվի են նմանեցնում, մեկը նույնիսկ ֆրանսերենի հետ համեմատեց, իսկ մեծ մասամբ ասում են, որ հայերենը յուրահատուկ երևույթ է ու ոչ մի լեզվի էլ նման չէ: Էս վերջերս էլ մի ամերիկացի ասաց, որ տեղ տեղ հայերենը արաբերենի է նման, տեղ տեղ ռուսերենի, տեղ տեղ էլ եվրոպական որևէ լեզվի:

Քաղաքը

Բոլոնյան իմ տեսած առաջին իտալական քաղաքն էր, ես այն չէի ընտրել, ինքն ինձ ընտրեց ու առաջին օրվանից իմ տունը դարձավ: Մինչև հիմա չգիտեմ Բոլոնյան սիրու՞ն քաղաք է, թե ոչ, համեմատած Ֆլորենցիայի շքեղության, Վենետիկի ասեղնագործած ճարտապետության, Սիենայի բլուրների, Արեցցոյի ներդաշնակության, Նեապոլի քաոսի, Պիենցայի կատարյալության հետ, Բոլոնյան կարծես ուրիշ աշխարհ լինի իր կարմիր շենքերով, թեք աշտարակներով, ծածկված մայթերով, նեղ ու ծուռտիկ փողոցներով ու ակտիվ գիշերային կյանքով: Իմ համար իսկական իտալական քաղաքը հենց սա է, որտեղ առավոտյան մտնում ես քո սիրած բարը ու բարրիստան առանց քեզ հարցնելու թե ինչ ես ուզում, միանգամից դիմացդ քո սիրած կապուչինոն է դնում հետն էլ կրեմով կրուասան:

Ռեզյումեիս գլխավոր հաղթաթուղը իմ flexibility-ն է, որ եթե կարիք լինի միշտ պատրաստ եմ տեղափոխվել ուրիշ քաղաք կամ երկիր աշխատելու: Իսկ հիմա երբ շատ հնարավոր է, որ ստիպված լինեմ Բոլոնյայից տեղափոխվել ուրիշ քաղաք, սիրտս կտոր կտոր է լինում, երբ պատկերացնում եմ, որ էս ամենը թողնելու եմ հետևում, նոր տուն եմ փնտրելու, նոր քաղաքին եմ հարմարվելու ու կյանքս էլի զրոյից եմ սկսելու: Ու նոր եմ հասկանում, թե էդ անտեր flexibility բառը իրականում ինչ դաժան փորձություն է իրենից ներկայացնում: Երանի ամեն ինչ մնար ինչպես որ կար...


http://www.youtube.com/watch?v=30X-gjtVKig

Ռուֆուս
21.07.2013, 17:51
Քաշում ենք how to tie a tie ծրագիրը, վերցնում ենք փողկապը ու սկսում ենք հետևել քայլերին։ Մոտ տաս անգամ տանջվելուց հետո կատաղած դեն ենք նետում փողկապը ու ամբողջ կոկորդով մեկ գոռում «Ֆաաաա՜ք»։

Ավելի լավ ա արդուկն անեմ։ #lavitanondolce

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

Ռուֆուս
23.07.2013, 22:18
Էն Դայուշը էնքան բողոքվեց ստաժորներից, որ որպես նորաթուխ ստաժոր արդեն կոմպլեքսավորվել էի: Առաջին օրը գնացի գործի, ինձ կարելի ա ասել գրկաբաց ողջունեցին, բեջս սարքեցին ու տարան կաբինետս ցույց տալու: Էնքան ահավոր պատմություններ էի լսել, որ ստաժորներին խցկում են մի հատ անկյուն, դեմները հինավուրց Windows 95-ով (կամ DOS-ով :D) կոմպ են դնում, ու ասում են, դե քո համար բզբզա: Մտածեցի, երևի թե իմ համար էլ ինչ-որ մեկի կաբինետում մի հատ սեղան են ազատել ինձ համար: Գնացինք, քարտուղարուհու դատարկ կաբինետի միջով անցանք մի հատ հսկայական սենյակ՝ մեծ գրասեղանով, կաշվից հարմար բազկաթոռով, կոնֆերանս սեղանով, դիվանով: Ասում ա, էսօրվանից էս սենյակը քոնն ա, մեր տնօրենի նախկին կաբինետն էր, տեղափոխվել է մյուս հարկ, հիմա դատարկ ա, որոշեցինք քեզ էստեղ տեղավորել :))

Մի ժամ ընդմիջում ունեի, IT guy-ին հարցրի.
- Օֆիսում wifi կա՞, ուզում եմ տնեցիների հետ սկայպով խոսեմ:
- Չէ, wifi-ը մենակ տնօրինության համար ա:
- Լավ, շնորհակալություն:
Հինգ րոպե հետո զանգում ա.
- Բա ես տնօրինության հետ խոսեցի, ասեցին եթե նամակ գրես, քեզ գաղտնաբառը կտան:
- Չէ, նեղություն մի կրեք, պետք չէ:
Հինգ րոպե հետո էլի զանգում ա.
- Գիտե՞ս, մեր մոտ չի թույլատրվում կոմպերի վրա Սկայպ ինստոլ անել, Սկայպն ու բոլոր սոց. ցանցերը արգելված են:
- Մի անհանգստացեք, պետք չէ, պարզապես հարցրել էի:
Հինգ րոպե հետո էլի ա զանգում.
- Նոր տնօրինության հետ խոսեցի, ասին որ քո կոմպի վրա կարող ենք Սկայպ գցել, եթե էլի ինչ-որ բանի կարիք ունենաս, ասա:
- Չէ, մի գցեք, իրոք պետք չէ, աշխատանքին կխանգարի:
Էսօր գնացի, արդեն Սկայպը գցել էին :))

#aysencennayumstazhornerin

Բայց ամենաբոցը էն ա, որ ամեն ինչ անում են, որ հանկարծ շատ գործ չանեմ: Ասենք մի հատ հաշվետվություն են բերում իտալերեն, ասում են կարդա: Ասում եմ, լավ հեսա կթարգմանեմ, մի ժամից կկարդամ կվերջացնեմ: Ասում են, չէ մի տանջվի, էդքան կարևոր չի, թող մնա մինչև շաբաթվա վերջ կկարդաս, կվերջացնես: Ու սենց շարունակ...

#toghekgortsanem

Մեկ էլ ամենաանսպասելին իրենց հետ հարցազրույցն էր: Ուրեմն սպասում էինք, երբ հարցազրուցավարներից երրորդը գա, մի կին ա ներս մտնում ու ինձ ուրախ-ուրախ «բարլուս» ա ասում: Ես էլ մեխանիկաբար պատասխանում եմ «բարև»: Ինքն էլ նույն էնտուզիազմով շարունակում ա, «Բա գիտե՞ս, մի շաբաթ առաջ եմ Հայաստանից հետ եկել, քո ռեզյումեն ձեռքս ընկավ, տեսա, որ հայ ես, ասի քեզ անպայման պիտի ինտերվյուի կանչեմ»:

#yesimanushhayastani

Ռուֆուս
25.07.2013, 14:42
Ես հասկացել եմ, թե ինչու է Իտալիան խորը կրիզիսի մեջ, սրանք պարզապես չեն աշխատում։ Երեկ ընդմիջումից հետո շեֆիս հարցնում եմ, հիմա ինչ ենք անելու, ասում ա, դու գնա հաշվետվությունները կարդա, իսկ ես գնում եմ տուն։ Պարզվում ա սրանք ամռանը չորեքշաբթիից ուրբաթ օրեկան 4 ժամ են աշխատում։ Մի խոսքով, բոլորը թափով հավաքվեցին, տուն գնացին, իսկ ես դատարկ օֆիսում նստած ձանձրալի հաշվետվություններ էի թարգմանում ու կարդում մինչև 6ը գար, տուն գնայի։ Երկիրը երկիր չի։

#negr #berlusconiheratsir #chemvchari1,50evro



Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

Ռուֆուս
27.07.2013, 20:00
Շեֆս գիժ ա, հարցնում ա.

- Ի՞նչ պլաններ ունես ապագայի համար:
- Գործ ճարեմ, մնամ Իտալիայում:
- Աշխատանքն ինչի՞դ ա պետք, ավելի հեշտ ձև կա մնալու:
- Ո՞րը:
- Իտալուհու հետ ես ամուսնանում ու վերջ:
- Դեռ հարմար թեկնածու չեմ գտել:
- Ոչինչ, ես քո համար կգտնեմ:

Մի հատ 40-ն անց ահավոր գեշ կին ա անցնում, ականջիս փսփսում ա.
- Էս Ֆրանչեսկան է, ամուսնացած չէ, ճիշտ է, քեզանից մի քիչ մեծ ու էդքան էլ սիրուն չէ, բայց եթե ուզում ես, կծանոթացնեմ:
- Չէ, մերսի, կսպասեմ ուրիշ առաջարկների:

- Էսօր բուֆետում քո դիմացը նստածը Ռաֆայելլան է, ինքը հիմա տղամարդ է փնտրում, բայց պիտի հետը զգույշ լինես, ինքը գիժ է, նախորդ ընկերոջից փախել է:
Ռաֆայելլան էլ էլի 40-ն անց, կոլոտ ու գեշ կին ա: Հիմա սրան ո՞նց բացատրեմ, որ ես գերոնտոֆիլ չեմ :))

Միակ չամուսնացածը օֆիսում, ով իմ տարիքին է, իր օգնականն է՝ Միրիամը: Բայց Միրիամի անունը տենց էլ չի տալիս, աչքիս էս երկուսի միջև մի բան կա :))

#gizhitalatsiner #gerontophilia

Ռուֆուս
08.08.2013, 03:18
Մեկ էլ ամենաանսպասելին իրենց հետ հարցազրույցն էր: Ուրեմն սպասում էինք, երբ հարցազրուցավարներից երրորդը գա, մի կին ա ներս մտնում ու ինձ ուրախ-ուրախ «բարլուս» ա ասում: Ես էլ մեխանիկաբար պատասխանում եմ «բարև»: Ինքն էլ նույն էնտուզիազմով շարունակում ա, «Բա գիտե՞ս, մի շաբաթ առաջ եմ Հայաստանից հետ եկել, քո ռեզյումեն ձեռքս ընկավ, տեսա, որ հայ ես, ասի քեզ անպայման պիտի ինտերվյուի կանչեմ»:

Ես ու Քիարան գործի տեղը Հայաստանի մի հատ նենց հզոր PR ենք անում, որ երևի մի երկու ամիս հետո ամբողջ օֆիսը՝ 5000 աշխատողներով հավաքվի գա Հայաստան :))

Ռուֆուս
09.08.2013, 01:57
Մի խիյարի պատմություն

էսօր անմարդկային շոգից թուլացած օֆիսում վեր ենք ընկել, մեկ էլ Միրիամը մնաց մնաց ասում ա․
- Երբ եմ տուն հասնելու, սառնարանում մի հատ մեծ կոկոմերո ունեմ։
Իմ կողմից զրո ռեակցիա, տեսնես էդ խիյարն ինչի հիշեց, ես էլ սառնարանում փոքր պոմիդորներ ունեմ, հետո ինչ։ Մի քիչ հետո էլի.
- Ստեղ լիներ կոկոմերոն ուտեինք․․․
Իմ կողմից էլի զրո ռեակցիա։ Մեկ էլ շուռ եկավ, հարցնում ա
- Իսկ դու կոկոմերո սիրու՞մ ես։
- Դե որ լինում ա, ուտում եմ, բայց էնպես չի, որ գժվում եմ։
Զարմացած վրես ա նայում․
- Գիտե՞ս, տեսածս առաջին մարդն ես, ով կոկոմերոյի նկատմամբ անտարբեր ա, ես օր ա լինում մի հատ մեծ կոկոմերո եմ ամբողջությամբ ուտում։
Ես վաբշե մնում եմ ապշած, մի խիյարի եղածն ի՞նչ ա, որ դրել սենց պարծենում ա։ Ախր իտալացիներն էլ վարունգ գրեթե չեն օգտագործում, նույնիսկ սուպերմարկետներում չես գտնի։

Մի խոսքով բացում եմ google translateը ու պարզվում ա, իտալերեն կոկոմերոն ոչ թե վարունգն ա, այլ ձմերուկը :D Ախր ես ձմերուկի մենակ մյուս անունին էի ծանոթ՝ անգուրիա :D

#amenxiyarxiyarchi #sencekanumvorxiyarytarsaachum

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Ռուֆուս
10.08.2013, 03:58
Անմարդաբնակ երկիր ուզու՞մ եք տեսնել, օգոստոսին եկեք Իտալիա: Երևի ամբողջ տարվա ընթացքում սենց Friday Night չեմ տեսել, երբ փաբերում ամայի դատարկություն ա տիրել, սովորաբար ուրբաթ օրերին նույնիսկ փողոցներում ու հրապարակներում ասեղ գցելու տեղ չի լինում:

Երկուշաբթի օրվանից սկսվելու է սրանց արձակուրդային շրջանը՝ Ֆերրագոստոն, երբ իտալացիները ամեն ինչը՝ խանութ, գործարան, գրասենյակ, տուն, երկիր, բանալիով փակում են ու երկու շաբաթով գնում հանգստանալու: Ինչն էլ որ չեն փակում օրվա մեջ մի քանի ժամ ա աշխատելու, իսկ ծովափնյա քաղաքներից բացի մյուս քաղաքներում կատարյալ դատարկություն ա տիրելու:

Իսկ դու՛, Ռուֆուս, պիտի աշխատես, որովհետև դու նեգր ես:

#negr

Ռուֆուս
11.08.2013, 02:08
Ոնց ա բացում, որ իտալական հրատարակության իտալերենի դասագրքի բոլոր թոփիքները սիրո մասին են... ու ուտելու... ու սիրո... ու ուտելու..

Ռուֆուս
13.08.2013, 02:00
- Մենյուն բերե՞մ, թե՞ կնախընտրեք օրվա մենյուն լսել։
- Օրվա մենյուն ասեք։
Ու հետևեց մարդկությանը մինչ այդ անհայտ մի շարք ճաշատեսակների անուններ, որից մենակ մի բառ հասկացա՝ «կաստրատո»։
- Ինձ մի հատ… կաստրատո…
Պարզվեց կաստրատոն կաստրացիայի ենթարկած ոչխարի մսից նրբերշիկ էր՝ շատ սպեցիֆիկ հոտով ու համով։ Չէ, ես իրոք վստահ եմ, որ կերածս ընդամենը նրբերշիկ էր…

#castrato

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

Ռուֆուս
20.08.2013, 00:00
Սուպերմարկետում ինչ-որ տարօրինակ միրգ էին վաճառում, անունը՝ հնդկական թուզ: Խելոք մի տուփ վերցրեցի, եկա տուն: Պարվեց էս հնդկական թուզը.

ա. Հնդկական չէ, այլ մեքսիկական
բ. Թուզ չէ, այլ կակտուս, ընդ որում էնքան փշոտ, որ հիմա պինցետը ձեռքս դրա անտեսանելի փշերն եմ փորձում մատներիցս հանել
գ. Համով ոչ մի բանով չի տարբերվում ձմերուկից, դեռ մի բան էլ լիքը մանր կորիզներ ունի:

Եթե հանկարծ սա աչքներովդ ընկավ, avoid at all costs! :angry

http://www.sonoranleadership.org/prickly-pear-cactus_w1.jpg

#figastrettacomeunasigaretta #figa

Ռուֆուս
21.08.2013, 23:22
Քանի որ որոշ մարդկանց մոտ էս գրառումս (http://www.akumb.am/showthread.php/64598-v2-0-ladolcevita?p=2429759&viewfull=1#post2429759) տարակուսանք էր առաջացրել, մի անգամ էլ եմ կրկնում, որ էդ կաստրատոն ընդամենը ոչխարի միսն էր, այլ ոչ թե ուրիշ օրգանները :))

Հա, էսօր լանչի ժամին իտալացիներս էլի անցան իրենց սիրելի թեմային՝ ուտելիքին... Սկսեցին ոգևորված պարծենալ, թե ով է ամենաէքստրեմալ միսը կերել ու ընթացքում ինձ էլ էին հարցնում, թե էսինչի միսը փորձել ես: Երբ պարզեցին, որ ոչ եղնիկի միս եմ կերել, ոչ օձաձուկ, ոչ ձի, ոչ ցլի ամորձիներ, ոչ էլ արդեն չգիտեմ ինչ, զարմացան, թե ոնց կարելի ա տենց համով բաներ չուտել: Ու էդ պահին հիշեցի էն չարաբաստիկ նապաստակի միսը, որը մինչև հիմա սառնարանում ա դրած ու ասի, որ տանը նապաստակի միս ունեմ, բայց չգիտեմ ոնց պատրաստեմ: Ոչ էի հիշել... Ոգևորված ամեն մեկը սկսեց հիշել նապաստակի պատրաստման իր ռեցեպտները, մի 10 րոպե իրար մեջ քննարկեցին ու որոշեցին, որ ամենաճիշտը նապաստակը լիգուրիական ձևով պատրաստելն ա: Ռեցեպտը հիմա լավ չեմ հիշում, բայց բավականին բարդ պրոցես ա, միսը սպիտակ գինով, ձիթապտղով, բազիլիկով ու ռոզմարինով պիտի եփեի, հետո ձիթապտղի ձեթով ժառիտ անեի, գլուխն առանձին եփեի, արգանակը հետո լցնեի վրան, հետո արդեն չեմ հիշում ինչ պիտի անեի:

Մեկ էլ վերջում հարցնում են, իսկ նապաստակդ է՞գ ա, թե՞ որձ: Ասում եմ, ճիշտն ասած մինչև հիմա չեմ հետաքրքրվել դրա սեռով, ինչի՞, համերը տարբե՞ր են: Ասում են, չէ, եթե որձ ա, առնանդամն ու ամորձիները կտրում ես, սխտորով ու ռոզմարինով առանձին ժառիտ ես անում ու ուտում, ամենահամով մասն ա: :{

Լավ էլի, բա հիմա էդ անտերը ուտել կլինի՞ :(

Ռուֆուս
18.10.2013, 12:12
Էն, որ պարզում ես, որ քո գործընկերներից մեկը Յուվենթուսի ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահի դուստրն ա ու քեզ ասում ա, Իտալիա-Հայաստան խաղը տեսա՞ր, ձերոնք էդ ինչ լավ էին խաղում, ափսոս չհաղթեցին…

#qityvertnkats #forzaarmenia

Ռուֆուս
23.10.2013, 18:58
Էն որ գործից երկու ժամ շուտ ես տուն գալիս, սենյակիդ դուռը բացում ես ու հայտնաբերում, որ ինչ-որ անծանոթ անուշ անուշ քնած ա անկողնումդ։ Մի պահ վարանում ես, համոզվում ես, որ սա իրոք քո տունն է ու հենց քո սենյակը ու անծանոթին արթնացնում ես, թե ո՞վ ես դու ու վաբշե ի՞նչ ես անում իմ անկողնում։ Ինքն էլ վախեցած վեր է թռնում ու արագ արագ սկսում ա հագնվել, թե կներես, Ֆուլվիոյի հորեղբոր տղեն եմ, նոր եմ եկել Սիցիլիայից։ Ֆուլվիոն ասաց, որ 6ին ես տուն գալու, ես էլ հոգնած էի, որոշեցի մի քիչ հանգստանալ…

#vaxhorsarev #tuyneqindz #checazzo

Ռուֆուս
10.11.2013, 17:32
90-ականների սկիզբն էր, երևի 92 կամ 93 թիվը, լավ չեմ հիշում, խառը տարիներ էին, ցուրտ, մութ... Պապայիս ընկերներից մեկը խնդրել էր, որ իր ծանոթ վրացիները մի գիշեր մեր տանը մնային, տենց էլ չիմացանք, թե ովքեր էին (ու ավելի լավ, որ չիմացանք): Չնայած լավ չէինք ապրում, բայց ծնողներս էստեղից էնտեղից պարտք անելով իսկական քեֆի սեղան գցեցին, որ վրացիները չգնան ասեն, թե հայերը հյուրասեր ժողովուրդ չեն: Տան անկյուններից մեկում վրացիներից մեկը ինձ բռնցրեց ու անունս ու տարիքս հարցրեց: Անդուր մարդ էր, խմածությունից կարմրած քթով, մեծ փորով, բարձր ձենով ու վրայից ծխախոտի հոտ էր փչում: Արագ պատասխանեցի, էն հույսով որ ինձ կթողնի կգնա, գրպանից մի քանի կապոց թղթադրամ հանեց ինձ տվեց, թե սա քեզ, բայց ծնողներիդ ցույց չտաս: Կյանքումս էդքան շատ փող մի տեղում չէի տեսել, մի ակնթարթում «միլիոնատեր» դառնալու երջանկությունից խելագարված կապոցները գրպաններս խցկեցի ու վազեցի մամայիս մոտ, թե վրացի ձյաձյաներից մեկը ինձ փող է տվել: Մամաս էլ, թե, սպասիբո ասեցի՞ր: Բայց երբ գրպանիցս սկսեցի կապոցները հանել, մամաս գնաց պապայիս կանչեց, թե վրացիները տղուդ լիքը փող են տվել: Պապաս ասեց, որ փողերը տանեմ, հետ տամ: Հրաժարվեցի, թե ես իմ փողերը, հետ չեմ տալու: Պապաս ձեռիցս կապոցները խլեց, վրացուն կողքի կանչեց, թե փողերը հետ վերցրու: Վրացին հրաժարվեց հետ վերցնել, թե երեխուդ համար մի բան կառնես: Կապոցներիս երեսը էլ երբեք չտեսա ու մինչև հոգուս խորքը վիրավորվեցի...

Մի քանի օր անց մեր տան գրադարանը համալրվեց մի նոր գրադարակով՝ մեջը մենակ անգլերեն գրքեր: Ծնողներս անգլերեն չգիտեին, գնացել էին գրախանութ, ինչքան անգլերեն գիրք էին տեսել, առել էին, բառարաններ, ինքնուսույցներ, հեքիաթներ, վեպեր, բանաստեղծություններ, թարգմանություններ... Հետագայում էդ դարակը դարձավ իմ կյանքի անբաժան մասը:

Սրանից մի երկու-երեք տարի առաջ...

Առաջին դասարան էի, ծնողներս ծանոթ մեջ քաշելով ինձ մի կերպ կարողացել էին ընդունել անգլիական թեքումով դպրոց, որտեղ երկու ավագ եղբայրներս էին սովորում: Առաջին դասարանում անգլերենի դասերը իսկական երջանկություն էին իմ համար, հատկապես երբ համակարգչային լաբորատորիայում էինք դասերն անում: 1990թ-ին հայերից շատերի համար կոմպյուտերը վերացական հասկացողություն էր, իսկ մենք խաղեր խաղալով անգլերեն էինք սովորում: Նույնիսկ անգլերեն առաջին սովորածս բառերից էին space bar-ը, enter-ը ու mouse-ը: Մի անգամ էկրանին գրվեց, որ պետք է Escape կնոպկեն սեղմենք խաղը շարունակելու համար, ամբողջ դասարանով քիբորդի վրա ման եկանք, Escape կնոպկա չգտանք, վերջը դասատուն գնաց լաբորանտին կանչեց, ով բացատրեց, որ դա վերևի ձախ անկյունում գտնվող կնոպկեն ա, որի վրա ESC ա գրած:

Երկրորդ դասարանում անգլերենը ուսմասվարի կինը սկսեց դասավանդել: Ինքը ոչ կարգին անգլերեն գիտեր, ոչ էլ համակարգիչ միացնել անջատել գիտեր: Ինչքան խնդրեցինք, համոզեցինք, որ մեզ համակարգչային լաբորատորիա տանի, չտարավ, թե ընկեր Հովհաննիսյանը (իրա մարդը) ասել է, թե կոմպյուտրները բարձր դասարանցիների համար են: Ես մինչև հոգուս խորքը վիրավորվեցի ու որոշեցի, որ էլ անգլերեն չեմ սովորելու ու չսովորեցի:

Կիսամյակի վերջում ծնողական ժողովից մամաս գույնը գցած դուրս եկավ: Ով կմտածեր, որ դպրոցի լավագույն աշակերտներից մեկի մորը կասեին, որ իր կրտսեր որդուն անգլերենի դասատուն լավություն էր արել կիսամյակը 3 փակելով՝ հաշվի առնելով, որ մնացած բոլոր առարկաներից 5 ուներ: Մամաս գլխիս երկար բարոյախրատական տրակտատ կարդաց, չեմ հիշում ինչ էր ասում, բայց դրանից հետո անգլերենը էլ ավելի ատեցի ու որոշեցի որ ընդհանրապես չեմ սովորելու:

Բայց արի ու տես, որ ամենաչսիրածս լեզուն տարիներ անց դարձավ ամենասիրածս լեզուն ու եթե ժամանակին անգլերեն չսովորեի, հիմա կյանքս լրիվ ուրիշ կլիներ...



P.S. Հա, ինչ էի ասում, իտալերենի intermediate կուրսը վերջացրեցի, վաղվանից advanced-ն եմ սկսելու: Դեռևս ոչ մի լեզու էսքան սիրով չէի սովորել, էն էլ լրիվ ինքնուրույն:

P.P.S. Ինչ վերաբերվում է վրացիներին, ապա դրանց գնալուց մի քանի ամիս հետո իմացանք, որ հակառակորդ կրիմինալ կազմակերպության ներկայացուցիչները դրանց բոլորին ընտանիքներով հանդերձ սպանել էին:

Ռուֆուս
27.11.2013, 23:13
Պրոկրաստինացիայի մասին

Ինչպես շատ շատերի համար, այնպես էլ իմ համար պրոկրաստինացիան միշտ էլ եղել է մեծագույն պրոբլեմ: Հա, ես ահավոր թամբալ եմ: Հա, ես սիրում եմ կարևոր գործերը անընդհատ հետաձգել, ոչինչ չանել ու վերջին օրով պանիկայի մեջ ընկած կաշվիցս դուրս գալով, ինքս ինձ քֆրտելով գործը վերջացնել ու ափսոսալ, որ ավելի շուտ չէի սկսել: Ինչ անեմ, ես էլ տենց եմ ծնվել:

Մենակ թե կյանքիս հետադարձ հայացք նետելով համոզվում եմ, որ պրոկրաստինացիան առանձնապես լուրջ հետևանքներ չի թողել, միշտ էլ վերջին պահին պակաս բաները կարողացել եմ ծերը ծերին հասցնել: Նույնիսկ կասեի, որ վերջին մի տարվա ընթացքում բավականին բարելավվել եմ ու սկսել եմ ավելի քիչ պրոկրաստինացիա անել:

...մենակ թե էս վերջին մի ամիսը զգում եմ, որ պրոկրաստինացիա կոչվող ախտը էլի կպել է ինձ: Ընդ որում մի էնպիսի ժամանակ, երբ որ որևէ բան հետաձգելու իրավունք պարզապես չունեմ: Մի երկու շաբաթ ա պրոկրաստինացիան հաղթահարելու մասին նյութեր եմ կարդում, փորձում եմ աշխատել ինքս ինձ վրա, որ նստեմ գործ անեմ, բայց դե չի ստացվում:

Օրինակ հիմա փոխանակ էս դեբիլ գրառումը գրեի կարայի ավելի լուրջ ու կարևոր բանով զբաղվեի, բայց չեմ անում, որովհետև գործից հոգնած տուն եմ եկել, ուզում եմ մի քիչ հանգստանամ, ցրվեմ, ոչ մի բան անելու հավես չկա... Վաղն էլ գործ չունեմ, առավոտ կարթնանամ թարմ ուղեղով գործերիս կնայեմ (հույս եմ տալիս ինձ էլի), ու էստեղ ձախ ուսիս նստած սատանան խորամանկ ժպտում ա:

Պրոկրաստինատորների 12 տիպ կա, ես էդ 12 տիպին էլ համապատասխանում եմ :)) Հեսա մի քիչ Ակումբում կբզբզամ, որ տեսնեմ քանի հոգի էս գրառմանս շնորհակալություն կդնի, մի քիչ սրա նրա հետ չաթ կանեմ, հաց կուտեմ, սենյակս կհավաքեմ, վաղվա օրս կպլանավորեմ, հետո էլ ամբողջ գիշերը չեմ քնի, որ էլի գյոզալ օրս վարի տվեցի :(

Յախք © Արամ

http://i.imgur.com/HfKW36S.jpg (http://imgur.com/HfKW36S)

#procrastination #howtobeatprocrastinationbyprocrastinating

Ռուֆուս
03.12.2013, 19:58
Կուրսումս վրացի ամուսիններ կային։ Ամուսինը հասակակիցս է, կինը՝ Սալոմեն, 25 տարեկան, իրենց 5 տարեկան դստերը Վրաստանում թողել եկել էին Իտալիա սովորելու։ Սալոմեի պես աշխատասեր ու ամբիցիոզ մարդ ես չէի տեսել, ինքն եկել էր Իտալիա միայն մեկ նպատակով՝ Գուչչի ընդունվել ու ձեռից եկած հնարավորն ու անհնարինն անում էր Գուչչիում գործի անցնելու համար։ Ու ոչ ոք չզարմացավ, երբ Սալոմեն ամռանը Գուչչիում internship ստացավ։ Երեք ամսվա ստաժից հետո Գուչչին Սալոմեին աշխատանք առաջարկեց Մոսկվայում։ Իր վիզայի հարցը ընկերությունը կլուծեր, բայց ամուսնու ու դստեր հարցում ոչ մի բանով չէին օգնի։ Մի նժարին իր երազած կարիերան էր իր երազած ֆիրմայում բայց թշնամի երկրում, իսկ մյուսում՝ ընտանիքը։ Բնականաբար ընտրեց երկրորդը ու չնայած հիմա թե ինքը, թե ամուսինը գործազուրկ են, բայց ես ուրախ եմ իրենց համար համար, որովհետև իրենք կգտնեն էն, ինչին արժանի են։

Ասածս ինչ ա, ստրուկ մի եղեք։

#putingohome #putinnaxuy #wedontwannaputin

Ռուֆուս
18.12.2013, 00:15
Մի երկու շաբաթ առաջ ճաշարանում տարօրինակ ճաշատեսակ տեսա: Խոհարարին հարցեցի, ասեց tripa է: Անգլերեն tripe-ին նմանեցրի ու միանգամից հասկացա, թե ինչ էր՝ հայկական ավանդական խաշի իմ ամենասիրած բաղադրիչը՝ փորոք: Ասի դրանից եմ ուզում, սկսեց համոզել, թե ուրիշ բան վերցրու, շատ սպեցիֆիկ համ ունի ու ոչ բոլորին է դուր գալիս: Ասի, ես գիտեմ սա ինչ է ու շատ եմ սիրում: Դե բնականաբար խաշի համ ընդհանրապես չէր գալիս, բայց շատ համով էր ստացվել տոմատի, զեյթունի ու քացախի սոուսով:

Էսօր ճաշարանում ուրիշ նորույթ կար՝ ոչ ավել ոչ պակաս տավարի ոտքեր (լեննագանի բարբառով ասած տոտոխ) տոմատի ու բանջարեղենային սոուսով: Առանց երկմտելու վերցրեցի, բայց ոչ էի վերցրել, նույնիսկ իտալական ռեցեպտով դրանք ուտելու բան չեն:

Հիմա մի բան չեմ հասկանում, տնաշեններ: Փորոքն ունեք, տոտոխն ունեք, մի հատ տնական խաշն ի՞նչ ա, որ չեք դնում, մարդավարի ուտենք:

#xashikarotsmaylik #xashemuzum

Ռուֆուս
18.12.2013, 01:07
Մի երկու-երեք տարի առաջ կատարեցի ամենահիմար սխալներից մեկը՝ որոշեցի քաշել ու դիտել երբևէ նկարահանված բոլոր լավագույն ֆիլմերը: Ինտերնետում սկսեցի Top լիստեր փնտրել, համեմատել, կինոքննադատների կարծիքները կարդալ ու մի քանի ամսվա մեջ քաշեցի մոտ 800GB ծավալի տարբեր ժամանակների, տարբեր երկրների ու տարբեր ժանրերի ֆիլմեր ու չտեսավարի սկսեցի նայել: Բնականաբար սկսեցի նայել ամենանոր ֆիլմերը, ժամանակ առ ժամանակ անդրադառնալով նաև 70-ական, 80-ական ու 90-ական թվականների դասականներին: Բայց վատը գիտե՞ք որն էր, իրար հետևից գլուխգործոցներ նայելուց հետո արդեն միջին որակի ֆիլմերը չես կարողանում նայել, կեսից նյարդայնանում ես, որ սյուժեն թույլ է, դերսանական խաղը տպավորիչ չէ, ռեժիսուրան անկապ է, ու ափսոսում ես , որ էդ ֆիլմը նայելու փոխարեն թանկարժեք ժամանակդ կարող էիր օգտագործել ավելի լավ ֆիլմ նայելու համար:

Մոտ մի տարի առաջ նոր պրոբլեմի առաջ կանգնեցի, դե բնականաբար լավ ֆիլմերն էլ են սահմանափակ քանակով ու պարզեցի, որ վերջին 30-40 տարիների գրեթե բոլոր լավագույն ֆիլմերը արդեն նայել եմ: Սկսեցի ֆիլմադարանս քրքրել ու պարզեցի, որ լիքը 30-60-ական թվերի դեռևս չդիտված ֆիլմեր ունեմ, գրողը տանի նույնիսկ մի քանի հատ 20-ականների ֆիլմեր ունեմ:

Դասական ֆիլմեր սիրում եմ նայել, բայց ամենադժվարը տրամադրվելն ա, որ պիտի նախնադարյան ֆիլմ նայես, որոնք չգիտեն HD-ն ու 3D-ն ինչ են, հատուկ էֆեկտները հիմա ամենաքիչը ծիծաղելի են թվում, ձայնը մոնո ա, գույներն էլ լավագույն դեպքում սև ու սպիտակ: Ու ահագին ինքս ինձ համոզելուց հետո անցա 50-60-ական թվականների ֆիլմերին: Մեջները մեծ թվով ֆիլմեր կային, որոնք ավելի լավ է մնային պատմության գրկում՝ առանց վրայի փոշին մաքրելու, ֆիլմեր կային որոնք արժի դիտել զուտ նրա համար, որ նորարական բաներ են մտցրել կինեմատոգրաֆի մեջ, բայց գրողը տանի մեկ մեկ էնպիսի հանճարեղ ֆիլմեր են հանդիպում, որ ծալած ունեն ժամանակակից ցանկացած ֆիլմի: Մանավանդ, որ էն թվերին ֆիլմի հաջողությունը ամբողջովին կախված էր դերասանական խաղից ու գրավիչ սյուժեից, այլ ոչ թե հատուկ էֆեկտներից:

Մի քանի հատն ասեմ, անպայման նայեք:

Sunset Boulevard
North by Northwest
Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb
The Judgment at Nuremberg
Citizen Kane
The Bridge over the River Kwai
Ladykillers (հինը, այլ ոչ թե ռիմեյքը)
The Good, the Bad and the Ugly
12 Angry Men

Բնականաբար ցուցակը սրանով չի սահմանափակվում, լիքը ուրիշ ընտիր ֆիլմեր կան ու շատերը դեռ ինքս էլ չեմ տեսել: Ու բարեբախտաբար էս թվերի ֆիլմերի ահագին մեծ պաշար ունեմ ու ստիպված չեմ լինի մոտ ժամանակներս անցնել 20-30-ական թվերի համր ֆիլմերին :))

Ռուֆուս
25.12.2013, 02:40
Հին քաղաքի ծուռտիկ ու նեղ փողոցները էլ ավելի խորհրդավոր են դառնում գիշերը, երբ թանձր մառախուղը ծածկում է ամեն ինչ: Փողոցները ամայի էին, մեկ ու մեջ հնդիկ, չինացի կամ արաբ է հանդիպում, մի խոսքով մարդիկ, ովքեր իմ նման թքած ունեին այսօրվա խորհրդի վրա: Քայլեցի իմ սիրած վայրերով, որոնց հետ էնքան հիշողություններ կան կապված, դատարկ փաբերից ու կաֆեներից ամանօրյա երգեր էին հնչում, բայց մարդ չկար: Ընկերներս վաղուց կողքիս չեն, դեռ ամառվանից մարդիկ հերթով վերադառնում էին իրենց երկրներ կամ տեղափոխվում ուրիշ քաղաքներ, ու ես այդպես էլ չնկատեցի, թե ինչպես ընկերներիս քանակը արագորեն նվազեց, ավելի ճիշտ չուզեցի նկատել, ոչ էլ ուզեցի նոր ընկերական շրջապատ ձեռք բերեցի: Հիմա իրար հետ ֆեյսբուքի լայքերով ու քոմենթներով ենք շփվում, մեկ մեկ Սկայպով կամ Hangouts-ով, որոնք գնալով ավելի հազվադեպ են դառնում: Գիտես, որ շատերին միգուցե կյանքում այլևս չես տեսնի: Հիմա 78 հոգուց մնացել ենք հինգս, մի քանի օրից մեկը նույնպես կլքի Իտալիան ու կմնանք չորսով՝ ամեն մեկս մեր գործերով ու հոգսերով:

Ցուրտ էր, ձեռքերս գրպաններիցս հանեցի ու փչեցի, որ վերջնականապես չսառցակալեն: Ոտքերս ինքնաբերաբար ինձ տարան իմ ամենասիրած վայրը՝ ջրանցքի վրա բացվող պատուհանի մոտ: Լապտերի աղոտ լույսի տակ մի կերպ կարոտս խեղդեցի, որովհետև տուն եմ ուզում:

#latsakumatssmaylik #barevsirelioragir

Ռուֆուս
31.12.2013, 21:26
Ես մի բան հաստատ գիտեմ, էն օրը երբ Եվրամիության ու Հայաստանի միջև վիզային ռեժիմը հանեն, ամբողջ հայ ջահելությունը մի մարդու պես կլցվի Եվրոպա՝ ավելի լավ կյանքի ակնկալիքներով: Մենակ թե իրենց ոչ ոք չի ասի, որ Եվրոպայում կյանքը ավելի դժվար է ու հուսահատեցնող, քան Հայաստանում ու չնայած ոմանք իրոք կգտնեն իրենց տեղը կյանքում, բայց մեծամասնությանը այստեղ պոռնկությունից, ստրիպտիզ ակումբներից, գողությունից ու համբալությունից բացի ուրիշ բան չի սպասվում: Ու հիմա լրիվ էդ օրին բուլղարացի, ռումինացի, մոլդովացի ու ուկրաինացի ջահելներն են:

Մի ամիս առաջ էր, կանգառում ավտոբուսին էի սպասում, դեռ 20 րոպե կար: Օդանավակայանից եկող ավտոբուսից մի աղջիկ իջավ, հետևից ծանր ճամպրուկը քաշ տալով: Կանգառում փակցրած ժամատախտակները ուսումնասիրեց ու ոչ մի բան չհասկացավ: Հետո հեռախոսը գրպանից հանեց, սկսեց քչփորել, ընթացքում բարձրաձայն ռուսերեն հայհոյելով: Վերջում տեսավ, որ զանգել չի ստացվում, մոտեցավ ինձ ու խեղճացած կոտրատված իտալերենով "non posso telefonare, mama, mama, aiuta": Դիմացի ատամները չկային ու գրոտեսկային թլիկություն ուներ: Հետը զրուցելու հավես չունեի, բայց մեղքս էլ տվեց, հեռախոսս հանեցի ու իտալերեն ասեցի, որ համարն թելադրի: Զանգեց մորը (էդ ինչ մեր է, որ աղջկան չի գալիս դիմավորելու).
- Мама, я только что приехала... Я в остоновке... Да не знаю где я... Телефон у мальчика взяла... (Էդ էլ ես եմ էլի) Мне куда, Порта Сан Феличе? Мама, я не понимаю, какой автобус, где, куда? Ты мне навстречу?

Մի խոսքով հինգ րոպե մոր հետ խոսելուց հետո հեռախոսը հետ տվեց, առանց հասկանալու, թե ոնց պիտի գնար ու ուր իջներ: Մեղքս տվեց, ռուսերեն ասեցի, եթե Պորտա Սան Ֆելիչե ես գնում, հետս արի, ես էլ եմ էդտեղով անցնում: Հենց իմացավ ռուսերեն եմ խոսում, ուրախացավ, հազիվ իրեն հասկացող մարդ էր ճարել: Ասեց, անունը Օլգա է, Դոնեցկից է եկել Իտալիա մոր մոտ՝ աշխատանք ճարելու հույսով: Բայց հետո տեսավ, որ առանձնապես շփվելու ցանկություն չունեմ ու հանգիստ թողեց ինձ: Հասանք իր կանգառ, ասեցի որ իջնի, բայց կանգառում էլ իրեն ոչ ոք չէր սպասում:

Մի երկու օր առաջ գիշերով տուն էի գալիս: Մեր կողքի փողոցը Բոլոնյայի Ծերեթելին է, ժամը 21:00-ից հետո յուրաքանչյուր ծառի տակ մի մի հատ արևելաեվրոպական ծագման մարմնավաճառ է կանգնում: Պուտտանաներից մեկը կոտրատված ու թլիկ իտալերենով ինձանից սիգարետ ուզեց, ասեցի չեմ ծխում ու արագ առաջ անցա: Ինքն ինձ չճանաչեց, մթության մեջ ես էլ իր դեմքը չտեսա, բայց թլիկությունից Օլգային ճանաչեցի:

Ռուֆուս
14.01.2014, 14:13
Իտալերեն լեզվի պատմությունը բավականին հետաքրքիր է: Գրական իտալերենի հիմքում ընկած է Տոսկանայի բարբառը հատկապես Վերածննդի Ֆլորենցիայի լեզուն, որով գրել են Դանթեն, Պետրարքան ու Բոկաչչիոն: Մինչդեռ Իտալիայի գրեթե բոլոր ռեգիոններում խոսում են (ավելի ճիշտ խոսում էին) շատ տարբեր բարբառներով, որոնք գրական իտալերենի հետ գրեթե կապ չունեն, իսկ որոշները դասակարգվում են որպես առանձին լեզուներ օրինակ սիցիլերենը, նապոլիտաներենը, վենետերենն ու սարդիներենը: Տարբերություններն այս լեզուների մեջ այնքան մեծ են, որ շատ հաճախ իտալերեն խոսացողը ոչ մի բան չի հասկանում սիցիլիացու կամ վենետիկցու խոսացածից: Օրինակ հյուսիսային Իտալիայի բարբառները ավելի շատ նման են հարավային Ֆրանսիայի բարբառներին, հարավային Իտալիայի բարբառները կատալաներենին, իսկ վենետերենը լրիվ ուրիշ պատմություն է: 19-րդ դարի կեսերին Իտալիայի վերամիավորումից հետո Իտալիայի բնակչության ընդամենը 4% էր տիրապետում գրական իտալերենին, 20-րդ դարի սկզբին 20% ու միայն հեռուստատեսության ու ռադիոյի տարածումից հետո գրական իտալերենը վերջապես դարձավ Իտալիայի ամենատարածված լեզուն: Հիմա միայն Սիցիլիայում, Նեապոլում ու Վենետիկում են բարբառները օգտագործվում, մնացած բոլոր ռեգիոններում բարբառները կանգնած են ոչնչացման եզրին ու օգտագորվում են միայն տարիքով մարդկանց կողմից ընտանեկան նեղ միջավայրում:

Սակայն հիմա էլ Իտալիայի տարբեր ռեգիոնների բնակիչներ գրական իտալերենը շատ տարբեր ակցենտներով են խոսում, որոնք երբեմն բավականին տարօրինակ ու զվարճալի են հնչում:

Եթե մի տեսակ հայավարի են խոսում, ուրեմն Սիցիլիայից են:

Եթե էն տպավորությունն է, որ ամերիկացի է ու փորձում է իտալերեն խոսել պ, տ, կ-ն փ, թ, ք արտասանելով ու ռ-երը ամերիկյան ր դարձնելով, ուրեմն Կալաբրիայից են:

Եթե կալաբրացու նման են խոսում, բայց շեշտը դնում են առաջին վանկի վրա ու կուլ են տալիս բոլոր վերջին ձայնավորները, ուրեմն Պուլիայից են:

Եթե երգելով են խոսում, բառերը հաճախ երկու անգամ են ասում, ձայնավորների կեսը ը են արտասանում ու քեզ թվում է, թե ամեն երկրորդ բառը քֆուր է, ուրեմն Նեապոլից են:

Եթե լ-ի փոխարեն ռ են ասում, զ-ի փոխարեն էլ ս, ուրեմն Հռոմից են:

Եթե հռոմեացիների պես են խոսում ինտոնացիոն վայրիվերումներով, ուրեմն Աբրուցցոյից են:

Եթե կ-ն հ են արտասանում, գ-ն ղ, չ-ն շ, իսկ ջ-ն ժ ու էն տպավորությունն է, որ խախոլները փորձում են իտալերեն խոսել, ուրեմն Ֆլորենցիայից են: Եթե պլյուս դրան երգում են ու շեշտերը դնում առաջին վանկի վրա, ուրեմն Սիենայից են:

Եթե ս-երին շ են ասում, ձ-երը դարձնում են զ, իսկ ց-երը ս ու յուրաքանչյուր վանկը հատուկ շեշտում են, ուրեմն Բոլոնյայից են:

Եթե խոսում են վերին աստիճանի կանացի, չ-երը արտասանելով ց ու առանց այդ էլ փափուկ բաղաձայնները էլ ավելի փափկացնելով, ուրեմն Վենետիկից են:

Եթե յոդել են երգում, ուրեմն Տրենտոյից են: Եթե յոդել են երգում ու լեզուն գերմաներենի ու իտալերենի միքս է հիշեցնում ուրեմն Ալտո-Ադիջե/ՍուդՏիրոլից են:

Եթե ատամները սեղմած են խոսում ու միանգամից մեծամտության հոտ է փչում, ուրեմն Միլանից են:

Եթե քեզ սկզբում թվում է, թե լսածդ պորտուգալերեն է ու շատ ուշադիր լսելուց հետո հասկանում են, որ չէ, իտալերեն է պորտուգալական ակցենտով, ուրեմն Ճենովայից են:

Եթե ֆրանսերենի ու իտալերենի միքս է, ուրեմն Թուրինից են:

Եթե բան չես հասկանում ու գաղափար չունես, թե սա ինչ լեզու է, ուրեմն հաստատ Սարդինիայից են:

#parap #keyboardivrabutychemgtnumnerogheghek #arantsbutgrarum

Ռուֆուս
15.01.2014, 02:09
Մի հատ զվարճալի դեպք հիշեցի :))

Էս վերջին անգամ, երբ որ Ֆլորենցիայում էի, մի քանի գիշեր հոստելում մնացի: Դե գնացի սենյակ, դուռը բացեցի ու շոկ, պարզվեց յունիսեքս սենյակներ են ու ամերիկացի զույգից ու կորեացուց բացի նույն սենյակում մեր հետ երկու զառամյալ բուլղարացի տատիներ էին մնում: Բայց շոկը շուտով անցավ, վերջիվերջո տատիներն էլ են մարդ, իրենք էլ են ուզում մինչև էն աշխարհ գնալը աշխարհ տեսնել, ես էլ սարսափելի հոգնած էի, մտա տեղս փորձեցի քնել, ամբողջ գիշեր էս տատիներն էդ ի՜նչ խռռցնել էին խռռցնում, քիչ էր մնում շենքը փլվեր :)) Երկու գիշեր սրանց խռռոցները մի կերպ հանդուրժելուց հետո սրանք վեշերը հավաքեցին, գնացին ու իրենց տեղը նոր կենվորներ եկան: Նստած խոսում էինք նորեկների հետ, մեկ էլ սկսեցինք նախորդ կենվորներից բամբասվել, հետս մնացող ամերիկացին նորեկներին ասում ա.
- Բա գիտեք, ձեզանից առաջ երկու ծեր կին էին մնում: Մեկը շատ ծեր էր, (really really old), իրոք շատ ծեր էր, երևի մի 70 տարեկան կլիներ: Իսկ մյուս կինը դրանից էլ ավելի ծեր էր, երևի մի 90 տարեկան ու դրա մերն էր:
Ու մեզ երկուսիս էդտեղ մի այլ կարգի բացեց, որովհետև իրոք մեր ու աղջիկ էին :))

Ռուֆուս
15.01.2014, 13:45
Քանի որ խոսքը բամբասվելուց գնաց, սպասեք էս էլ պատմեմ, մեջս տարի ու կես կուտակվել է: Ուրեմն մի քանի անգամ ասել եմ, որ նույն տանը հետս 2 իտալացի ուսանողներ են ապրում. Ֆուլվիոն ու Վինչենցոն, երկուսն էլ Սիցիլիայից: Ֆուլվիոն անգլերեն ոչ մի բառ չգիտի, մի քիչ բառադի տիպ ա, բայց անմիջական ու հենց սկզբից չնայած լեզվական պատնեշին իրար հետ լավ լեզու էինք գտնում: Բայց այ Վինչենցոյի հետ շփման եզրեր էդպես էլ չկարողացա գտնել, չնայած շատ լավ անգլերեն ա խոսում: Սկզբում ընկերանալու փորձեր արեցի, բայց տեսա, որ ինքը բացարձակ թքած ունի դրա վրա ու էդպես էլ մեկ ու կես տարվա մեջ մեր մեջ եղած ամենաերկար խոսակցությունը եղել ա Hello, how are you?-ն: Հա, ավելի երկար խոսակցություն էլ ենք մի անգամ ունեցել, անցած տարի Ֆուլվիոն ինձ իր ծնունդին էր հրավիրել, գնացի, հետո Վինչենցոյի հետ գիշերով իրար հետ տուն եկանք: Դե լուռ իրար հետ քայլում ենք, ոչ մի բառ չենք փոխանակում, մեկ էլ Վինչենցոն ուժերը հավաքեց ու.
- Haykըըը, I want to askըըը you somethingըըը (Հայկ, մի բան եմ ուզում հարցնել: Հա, իտալացիները բոլոր բաղաձայնով վերջացող բառերից հետո ը են ավելացնում)
Օհ, աստվածներ, մի՞թե ամիսներ տևած լռությունից հետո նա վերջապես ցանկություն է հայտնում խոսել իմ հետ, մի կերպ հուզմունքս զսպելով ասում եմ.
- Yes?
- The otherըըը day I wasըըը lookingըըը for the panըըը, I couldn't find itըըը. Have you seen it? (Էն օրը թավան էի փնտրում, բայց չկարողացա գտնել, գիտե՞ս որտեղ է:)
Վայ ես քո էշ գլուխը թաղեմ, դու էլ, քո գրողի տարած թավան էլ:

Հա, բայց պատմությունս սրա մասին չէր :)) Ուրեմն, Վինչենցոյի հեռախոսի մեսիջի ձայնը հավի ծղրտոց ա, մի հատ ինձ բացատրեք, էլի, ո՞ր մի նորմալ մարդը ռինգտոնը ծղրտոց կդնի: Անտեր շունն էլ օրը մի հիսուն հատ սմս ա ստանում ու ամեն անգամ էդ ծղրտոցը լսելուց պատկերացնում եմ, որ էդ ձենը Վինչենցոն է հանում: Բայց սա դեռ ամենը չէ, Վինչենցոյի ընկերուհու ձենն էլ ոնց որ շան ձեն լինի ու էդ աղջիկն էնքան անդուր ու գռեհիկ է խոսում, ոնց որ շունը հաչա: Ու երբ որ մեկ մեկ գալիս է մեր տուն ու կողքի սենյակում սկսում ա բարձրաձայն խոսել, անկախ ինձանից իրեն հավասար մտքիս մեջ հաչում եմ. հաֆ-հաֆ, հաֆ, հաֆ-հաֆ-հաֆ: (Ընթացքում էլ Վինչենցոյին մեսիջ է մեկ մեկ գալիս)

Բայց ամեն դեպքում, ինչ սիրուն բան է կյանքը, ոնց էլ իրար գտել են, մեկը հավ, մյուսը շուն: Սերն աթարին էլ է կպնում, դեռ մի բան էլ ավել :))

#kyankygeghetsike #lavitaèbella #bambasank

Ռուֆուս
16.01.2014, 02:19
Երբ որ Հայաստան այցելած իտալացիների հետ Հայաստանից եմ զրուցում, ամոթից գետինն եմ մտնում, երբ իմանում են, որ 1-2 շաբաթում Հայաստանում իրենց տեսած տեսարժան վայրերի կեսը ես իմ ապրած ամբողջ կյանքում չեմ տեսել: Գլուխները տարուբերում են, թե, ո՞նց, դու Տաթևն ու Սելիմը չես տեսե՞լ, Ախթալա ու Օձուն էլ չես այցելե՞լ, Ղարաբաղում էլ մենակ Շուշի՞ն ես տեսել: Ո՞նց կարելի է հայ լինել ու չգնալ դրանք տեսնել:

Թու-թու-թու, վերջին մի քանի տարիներին երբ հեծանիվ էի քշում, հասցրել եմ Երևանի շրջակայքն ու Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու մոտ գտնվող հիմնական կոթողներն այցելել: Ու գրեթե ամեն ամառ Ալավերդիում մորաքրոջս տանն եմ մնացել, ու չնայած Ախթալան էլ, Օձունն էլ, Դսեղավանքն էլ Ալավերդուց հեռու չեն գտնվել, երևակայությունս մենակ Սանահին-Հաղպատի վրա է կանգ առել: Ասենք տաս անգամ Հաղպատ գնալու տեղը կարող էի մի անգամ Ախթալա գնայի, բայց դե չեմ արել: Պատճառը ֆինանսականը չէր, Հայաստանն էնքան փոքր է, որ որ ծերն ուզում ես հասի, մի գիշերում փաբում ծախսած գումարից էլ քիչ է գալիս: Ոչ էլ ավտո չունենալն է պատճառը, ամեն տեղ էլ հնարավոր է ավտոբուսով, մարշրուտկայով, տաքսիով, կամ էլ գրողը տանի, ավտոստոպով էլ կարելի է Հայաստանը մի ծերից մյուս ծերը ճանապարհորդել: Չէ, թքե՛մ ճակատիդ, Ռուֆու՛ս, էդքան տարի հեծանիվդ տակդ էր, մի օր մենակովդ ոչ մի տեղ չգնացիր:

Իրական պատճառը թամբալությունն է: Տաթևում չե՞մ եղել, ոչինչ, մի օր կլինեմ, մենակ թե 30 տարի ա, էդ անտեր օրը չի գալիս: Ու ընթացքում ուրիշները գալիս են քո երկիրն են վայելում, իսկ դու ոչ մի բան էլ չես տեսնում, որովհետև թամբալ ես ու նախընտրում ես օրվադ դատարկությունը ուրիշ դատարկությամբ լցնել:

Բայց ոչինչ :) Ես էլ իտալացիներից եմ լավ վրեժ լուծում, ես էլ ստեղ եմ լիքը տեղեր եղել, որտեղ որ իրենք կյանքում չեն գնացել ու լրիվ նույն պատճառներով, ոնց որ ես՝ Հայաստանում: Ճիշտ է Հռոմում դեռ չեմ եղել ու չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս Հռոմ գնալս կստացվի, բայց ոչինչ, լավագույնը կպահեմ ապագայի համար:

Մի խոսքով, որոշել եմ էս բացը լրացնեմ: Հենց Հայաստան եկա ու օրերը մի քիչ տաքացան, ինչը որ դեռ չեմ տեսել, գնալու եմ տեսնելու: Չեղավ-չեղավ, հեծանիվ կառնեմ, վրանն ու քնապարկը վրան կկապեմ, մենակով կգնամ ֆրֆրալու: Եթե մարդիկ միանան, էլ ավելի ուրախ կանցնի: Երբ որ ուրիշների հարստությունն ես տեսնում, նոր սկսում ես քո ունեցվածքը գնահատել: Սենց բաներ:

#ankaptag

Ռուֆուս
18.01.2014, 00:15
Մի հատ Ռուբիական գրառում անեմ :))

Ինչը ճիշտ ա, ճիշտ ա, ես իտալական խոհանոցից ավելի քան գոհ եմ: Մենակ որոշ տեսակի մրգերից եմ դժգոհ, բայց դե իտալական կարմիր նարինջներն ու մանդարինները լրիվ տեղը հանում են: Իսկ սրանց մսեղենը պարզապես անմահական ա, ամեն անգամ սալումերիաների կողքից անցնելուց ոտքերս թուլանում են, տարբեր տեսակի սալյամիներ, հում ապխտած ու եփած խոզապուխտներ, սպեք, երշիկներ, նրբերշիկներ, ինչ ասես չունեն: Նույնիսկ բաստուրմա ունեն՝ բրեզաոլա (ընդ որում տավարի մսից բացի պատրաստում են նաև հնդկահավի կամ ձիու մսից), լրիվ նույն ձևի է պատրաստած, մենակ թե առանց չամանի: Ես էլ թարսի պես բաստուրմայի չամանն եմ սիրում: Բայց դե մեկ ա, հայկական ավանդական սուջուխն ու բաստուրման կարոտում եմ:

Գարնանը երբ ախպերս եկել էր, հետը բաստուրմա, սուջուխ ու լավաշ էր բերել, տան կենվորներին մի-մի բրդուճ հյուրասիրեցի, իսկ մնացածը ինքս կերա՝ ամեն կտորը վայելելով:

Նոր տարուց առաջ հետս մնացող բուլղարացուն մերը երկու հատ սուջուխ էր ուղարկել (իրենք էլ դրանից ունեն), մեկն ամբողջությամբ ինքը կերավ, իսկ մյուսը թողեց սառնարանում ու արձակուրդներին վերադարձավ Բուլղարիա: Դե հիմա պատկերացրեք իմ վիճակը, երբ Նոր Տարվան ամեն անգամ սառնարանը բացում եմ, էդ սուջուխն ինձ ա նայում ու լուռ շշնջում. «Կե՛ր ինձ»: Էս երկու շաբաթը չգիտեմ ոնց եմ դիմացել գայթակղությանը, որ էդ սուջուխը չուտեմ, ասենք թեկուզ ուտեի էլ, սարսափելի բան չէր պատահի, բայց դե սիրուն չէր:

Էսօր բուլղարացին հետ էր եկել, խոհանոցում էի, մեկ էլ եկավ, սկսեց սուջուխը կտրել: Բերանիս լոզերը գնացին, ասի ոտս կախ գցեմ, կարող ա ֆայմի, գոնե մի կտոր ինձ էլ հյուրասիրի: Սուջուխը կտրեց, հացի վրա շարեց, առանց ինձ մի կտոր առաջարկելու, առավ գնաց սենյակը: Վայ ես քո էշ գլուխը թաղեմ, անասուն :angry

#sujukh #basturma #popokpndukmandarin***emnmannortarin

Ռուֆուս
18.01.2014, 22:31
Իտալիայում տարին երկու անգամ՝ հունվարին ու հուլիս-օգոստոսին բոլոր խանութներում մեծ զեղչեր են՝ 50-90%: Անցած տարի հունվարին գնացի շոփփինգի, նայում ես էն ինչը որ առաջ 50-100 եվրո էր կամ էլ ավելին, հիմա՝ 5 եվրո, 10 եվրո, 20 եվրո, 30 եվրո, մի հատ սրանից ես վերցնում, մի հատ նրանից, առածներդ մի մեծ բան չեն, մեկ էլ վերջում ջոգում ես, որ մի քանի հարյուր եվրոյի գցվել ես ու լիքը զիբիլ շալակած գալիս ես տուն: Տենց լավ խոշորով մի հատ էլ հուլիսին գցվեցի, թե ինչիս էր պետք էդքան շոր ու կոշիկ, չհասկացա:

Էս տարի որոշել էի, որ ոչ մի կոպեկ չեմ ծախսելու, ոչ մի բանի կարիք չունեմ, բայց գիտեի, որ գայթակղությանը չեմ դիմանալու ու հատուկ քաղաք չէի իջնում: Էսօր գնացի ֆրֆրալու, մեկ էլ տեսնեմ՝ OVS/Bata 70% զեղչ, ապրանքների գները սկսվում են 1 եվրոյից: Ամեն կերպ փորձեցի դիմադրել, բայց ոտքերս իմ կամքին հակառակ ինձ ներս տարան: Մի երկու բան փորձեցի, դուրս եկան, աշխատողներն էլ ոնց որ դիտմամբ անեին, գնում գալիս ինչ-որ բան էին բերում, թե գինը ընդամենը 5 եվրո կամ 10 եվրո, ամենավերջինն ա մնացել, վերցնու՞մ ես, թե չէ: Տենց չեղածս փողերը անիմաստ ծախսեցի, լիքը զիբիլ հավաքեցի, մի կերպ քաշ տվեցի տուն: Հիմա նստել նայում եմ իրար վրա շարված տուփերի ու տոպրակների սարին ու հարցնում, ինչու՞, ախր, ինչու՞ :(

#yaxk

Ռուֆուս
20.01.2014, 21:57
Բոլոնյայի գրեթե բոլոր մայթերը կամարներով փակված են ու մի հատ ախմախ օրենք կա, որով արգելվում է կամարապատ փակ մայթերին հեծանիվ քշել: Բայց քանի որ սա Իտալիան է, ու իտալացիները խորապես թքած ունեն բոլոր տեսակի օրենքների ու սահմանափակումների վրա, բոլորն էլ հեծանիվները էդ փակ մայթերով են քշում:

Ուրեմն հեծոյով գործի եմ գնում, մի շատ կարճ հատված կա, որտեղ փողոցը միակողմանի է ու ավտոները դիմացից են գալիս ու շատ վտանգավոր ու անհարմար է փողոցով քշելը ու միշտ բարձրանում եմ մայթ: Մի անգամ մայթով գնում էի, մեկ էլ տեսնեմ դիմացից երկու ոստիկան են գալիս ու ձեռուոտ են թափ տալիս, թե կանգնի: Իտալացի ոստիկաններն էլ սարսափելի երևույթ են, պարտադիր ատրճանակները կողքներից կախած՝ հենց էդ անտեր զենքը տեսնում ես, վախենում ես, թե կարող ա ամեն պատեհ, անպատեհ առիթի վրադ օգտագործեն: Կանգնում եմ, հարցնում եմ ինչ ա եղել, (ես էդ ժամանակ չգիտեի էդ օրենքի մասին), սրանք շատ քաղաքավարի ինձ բացատրում են, որ մայթերով արգելված է հեծանիվ քշել, կամ փողոցով պիտի քշեմ, կամ հեծանվից իջնեմ, ոտքով գնամ: Ներողություն եմ խնդրում, հեծոյից իջնում, էդ երկու ոտ ճանապարհը ոտքով անցնում: Դրանից մի երկու շաբաթ անց էլի էդ հատվածով նույն ժամին քշելով անցնում եմ, էլի էս նույն երկուսը դեմս են դուրս գալիս: Մի անգամ էլ են բացատրում, որ արգելված ա, կամ ոտքով գնա, կամ փողոցով, էլի ներողություն եմ խնդրում, ասում եմ, մոռացել եմ, անցնում գնում եմ: Ու հաջորդ օրերին էլի նույն ձևի եմ գործի գնում, ես իտալացիներից ի՞նչ պակաս եմ, որ:

Անցած շաբաթ գործից ուշանում էի, էլի էդ մասով էի հեծոյով անցնում, մեկ էլ որ չտեսնեմ, անկյունից էլի նույն երկուսը դեմս են դուրս գալիս: Միանգամից իջնում եմ հեծոյից, սկսում եմ քայլել, բայց դե արդեն ուշ ա, հասցրել են տեսնել: Հասնում եմ իրենց, կատաղած վրա են տալիս, թե արդեն որերորդ դեպքն է քեզ տեսնում ենք էստեղ հեծանիվ քշելուց, երկու անգամ զգուշացրել ենք, քեզ տուգանք ենք նշանակում՝ 30 եվրո, շուտ փաստաթուղթ ներկայացրու, թե չէ տանում ենք ոստիկանություն: Չեղածս իտալերենը խոդի եմ տալիս ու լաց ու կոծս դնում եմ, թե խեղճ ուսանող եմ, փող չունեմ, հազիվ եմ ծերը ծերին հասցնում, մի տուգանեք, էլ չի կրկնվի, սրանք էլ թե, չէ արդեն հերիք եղավ, բոլ եղավ: Մեկ էլ տեսնեմ երկու չինացիներ են գալիս հեծոներով, ասի, տեսե՞ք էն երկուսն էլ են հեծոյով, իրենց ինչի՞ չեք տուգանում: Չինացիները հասան մեզ, սրանց կանգնացրին, սկսեցին հետները բացատրական աշխատանքներ տանել, ես նստա հեծոս, արագ-արագ քշելով հո չեմ փախնում ու ամեն վայրկյան սպասում եմ, թե հեսա մեջքիցս կկրակեն :)) Բարեբախտաբար հետևիցս վազելու հավես չունեին ու ես դեռ շնչում եմ: Տուն գալուց էլ փորձեցի ուրիշ ճանապարհով գալ, մի հատ ուրիշ փողոց գտա, որով ավելի հարմար է երթևեկելը:

Դե մի հատ էլ անեկդոտ իտալացի ոստիկանների ու իրենց ատրճանակների մասին:

Ասում են, երբ որ Իտալիայում ոստիկանը տեսնում ա, որ ավտոդ հաշմանդամների համար նախատեսված տեղում ես կանգնացրել, չեն տուգանում, կրակում են ոտքերիդ, դառնում ես հաշմանդամ :))

Ռուֆուս
20.01.2014, 23:36
BBC-ն էլի եկավ :))

Էս Վինչենցոն էնքան պարապ ա, որ ամբողջ օրը ՖԲ-ում իր ամբողջ առօրյան ամենայն մանրամասնությամբ պարտաճանաչորեն նկարագրում ա. «Ես հենց նոր ճաշեցի», «Լողացա, տնից դուրս եմ գալիս», «5 կիլոմետր վազեցի», «սալսայի էն դժվար շարժումը 40 րոպեում սովորեցի»: Ու էդ ճղճիմ առօրյան ոչ մեկին հետաքրքիր չի, նյուզֆիդումս գնում կորում ա, առանց մի հատիկ լայքի կամ քոմենթի : Մի անգամ տանը հյուրեր ունեինք, մի գիշեր պիտի մնային, ահագին ռակիրովկա արեցինք, թե ով որտեղ պիտի քնի ու չգիտեմ ոնց էդ գիշերն անցկացրի Վինչենցոյի սենյակում: Գարդերոբը բացեցի, որ առավոտվա շորերս մեջը դնեմ, մեկ էլ տեսնեմ, էս խելոքը իր գարդերոբում շորերն ըստ լվացքի մեքենայի ռեժիմների է դասավորում, ասենք լիքը մայկա, կողքը թուղթ կպցրած cottone 40, սպիտակեղեն՝ cottone 90, սվիտերներ՝ delicato 30 և այլն: Բայց ամեն դեպքում էնքան քյալ է, որ լվացք անելուց մեկ մեկ գնում տանտիրոջն ա կանչում, թե էս շորը սրա հետ էս ռեժիմով կարելի՞ ա լվանալ, թե՞ չէ:

Էս վերջերս մի հատ բրդից սվիտեր առավ, որը ձեռքով պիտի լվացվի, բայց հիմա նույնիսկ ամենապայթած լվացքի մեքենաները ձեռքի լվացքի ռեժիմ ունեն, իսկ ինքը դրա մասին չգիտի :)) Նոր մի ժամ ա բաղնիք զուգարանից դուրս չէր գալիս, ասում եմ, ինչ ա անում էդքան, դու մի ասա, տաշտը դրել ուղիղ 45 րոպե էդ սվիտրն էր լվանում: Իրենից գոհ գոհ սվիտրը ձեռքը բաղնիքից դուրս եկավ, չռռռցնելով տարավ դրսում կախեց ու ուղիղ 30 վայրկյան հետո ՖԲ-ում ստատուս հայտնվեց. «Dash ձեռքի լվացքի փոշի+սվիտր=մաքրություն»: Հիմա էս խելոքի ստատուսը լայքե՞մ, որ իրեն շատ միայնակ չզգա, թե՞ ֆսյո տակի քոմենթ գրեմ, որ բրդից շորերը կախած չեն չորացնում, այլ հորիզոնական դիրքով են փռում, որ չլոճվի :))

#bambasank #BBC

Ռուֆուս
24.01.2014, 12:31
Հայերս շատ ենք սիրում ամեն ինչից բողոքվել, թե սա երկիր չի, թե սա կյանք չի, որ ապրում ենք, բայց արի ու տես, որ հայերից էլ ավելի պարապ ու բողոքավոր ազգ իտալացիներն են: Ու ի տարբերություն հայերի, ովքեր սահմանափակվում են մենակ բողոքելով, իտալացիները դիմում են կոնկրետ գործողությունների, մասնավորապես գործադուլի: Իտալերեն առաջինը սովորածս բառերից մեկը sciopero-ն էր՝ գործադուլ: Իտալական բոլոր տրանսպորտային ընկերությունների սայթերում հատուկ բաժին կա՝ գործադուլներ, որտեղ այցելելով հաճախորդները կտեղեկանան մոտակա գործադուլների օրերին ու ժամերին: Ամեն ինչ անում են մարդկանց անհարմարություն չպատճառելու համար: Ու աշխատողներն էլ պարտաճանաչորեն ամիսը մեկ անգամ գործադուլ են անում, գույնզգույն դրոշները վերցնում, բարձրախոսներով լոզունգներ գոռալով երթ անում, վերջում գալիս ֆիրմայի շենքի դիմաց հավաքվում, մի կես ժամ գոռում, գոչում, հետո հավաքվում, գնում տներով... ու էսպես ամեն ամիս :))

Նենց չի էն ընկերությունը, որտեղ որ հիմա աշխատում եմ սուրբ է, ընդհակառակը, լիքը սխալ բաներ է անում, բայց ամեն ամիս գործադուլ անելն էլ իրոք որ պերեբոր է:

Էսօր գործի էի գալիս, մեկ էլ տեսնեմ մեր օֆիսի շենքի դիմաց մի 200 հոգի մարդ է հավաքված, մի 40 հատ էլ ոստիկան՝ հինգ-վեց ոստիկանական մեքենաներով, սիրտս կանգնեց, մտածեցի դեպք է պատահել, մարդ-մուրդ են սպանել, կամ նման բան: Դու մի ասա, մի քանի բաժանմունք միացել են իրար, գործադուլ են հայտարարել: Քանի որ ես ուղղակիորեն տնօրինության հետ եմ աշխատում, գործադուլի իրավունք չունեմ, ոստիկանները փաստաթղթերս ստուգեցին, թողեցին, որ ներս մտնեմ: Հիմա գրասենյակումս նստած դրսից հնչող լոզունգների ու կոչերի տակ փորձում եմ գործ անել ու մի տեսակ Սերժիկ եմ ինձ զգում :))

#sciopero #yerkiryyerkirchi #gortsadul #serzhik

Ռուֆուս
11.02.2014, 02:37
Չնայած դասերս դեռ մայիսին էին ավարտվել, բայց մնացել էր ընդամենը մեկ պրոյեկտ, որը պարտավոր եմ հանձնել՝ պաշտոնապես ավարտելու համար: Պրոյեկտը պետք է գրեի դեռ հոկտեմբերին, իսկ դեդլայնը դեկտեմբերին էր: Եթե հոկտեմբերին հավեսով կպնեի գործին, ամենաշատը մի շաբաթում պրոյեկտը կգրեի կվերջացնեի: Բայց դե պրոկրաստինացիան իր սև գործն արեց, ձգեցի, ձգձգեցի, հասա դեկտեմբեր, դեդլայնը դարձրին հունվարին: Եկավ հունվարը, դեդլայնը դարձրին փետրվար: Մի երկու օր առաջ համալսարանից կատաղած նամակ եկավ, թե դեդլայնը վերջին անգամ երկարացնում են մինչև մարտ ու ով մինչև մարտի 15-ը պրոյեկտը չհանձնի, ավարտելու հույս թող չունենա: Ես գիտեի, մենակ ես էլ թամբալ, էն էլ պարզվեց կեսից շատը դեռ պրոյեկտները չեն ուղարկել: Էսօր վերջապես ինքս ինձ էլ քֆրտելով էլ գուրգուրելով համոզեցի, նստեցի կոմպի դիմաց ու սկսեցի գրել: Պարզվեց, գրելը շատ ավելի հեշտ ա, քան ես էի պատկերացնում, մանավանդ որ գրելու շատ բան չկա, ընդամենը արածս գործը իտալերենից թարգմանում եմ անգլերեն, մի քիչ սիրունացնում ու ճոխացնում ու վուալյա: Եթե պրոկրաստինացիա կոչվող ախտը էլի գլուխ չբարձրացնի, կիրակի օրը կվերջացնեմ:

Բայց գրելուց մի տեսակ տխուր եմ, որովհետև էս պրոյեկտով մի կյանքիս մի ամբողջ էջ եմ փակում՝ անքուն գիշերների, գիրք կրծելու ու փսիխոզի հասցնող նևրոզների մի ամբողջ տարի: Բայց նաև ուրախ եմ, որ վերջապես էդ ծանր տարին իր բոլոր բացասական լիցքերով ուսերիցս կընկնի ու կմնան միայն լավ ու դրական հիշողությունները: Հիմա հիշում եմ, ուղիղ մի տարի առաջ ես իսկական զոմբի էի՝ հոգնածությունից ու անքնությունից ուռած աչքերով, ում ամեն փոքր պրոբլեմ կարող էր հիստերիկայի հասցնել:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում խոստացել էի, որ շուտով վերադառնալու եմ Հայաստան: Մոտակա 4 ամիսներին ես դեռևս Իտալիայում եմ լինելու, պլաններս անսպասելիորեն փոխվեցին:

Ռուֆուս
16.02.2014, 21:29
Ժամանակին Ակումբում թեմա էի բացել. «Աշխարհի ամենատարօրինակ գերեզմանոցները» (http://www.akumb.am/showthread.php/51411-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8): Հռոմի ու Պալերմոյի կապուցինների դամբարաններն այցելելու հնարավորություն դեռ չեմ ունեցել, ոչ էլ կարողացել եմ Միլանի ու Ճենովայի հանրահայտ միջնադարյան գերեզմանատները տեսնել: Փոխարենը էսօր պարզեցի, որ Բոլոնյայի միջնադարյան գերեզմանատունը ոչ պակաս հանրահայտ է Իտալիայում: Ճիշտ է մարդկային ոսկորներից պատրաստված սարսափներ էստեղ չկան, բայց փոխարենը տարբեր դարաշրջանների մահարձաններ ու շքեղ ձևավորված դամբարաններ կան: Մոտակա օրերս մի մռայլ ու գորշ օր կընտրեմ, ֆոտոապարատս կվերցնեմ ու կգնամ թափառելու :)

#gothic #horror #ghosts #edgarallanpoe

Ռուֆուս
09.03.2014, 00:54
- Ջեսիկա:
- Հայկ:
- Չասես որտեղից ես, թող գուշակեմ:
- Փորձիր:
- Իսրայե՞լ:
- Չէ:
- Պաղեստի՞ն:
- Չէ, Ա տառով է ու մի քիչ ավելի հյուսիս:
- Արաբ:
- Չէ, նորից փորձիր:
- Հայ ես:
- Հա, բայց ինչի՞ց ենթադրեցիր:
- Կանաչ աչքերիցդ, կամ հրեա պիտի լինեիր, կամ արաբ կամ էլ հայ:

Սենց բաներ...

#hayiachker #sirunachker

Ռուֆուս
13.03.2014, 14:54
Էս ռոմանական լեզուները մի հատ ախմախ յուրահատկություն ունեն, իրենք հարգալից պաշտոնական «Դուք»-ը լրիվ ուրիշ ձևով են կազմում: Օրինակ իսպաներենում դրա համար հատուկ դերանուն ունեն Usted (հոգնակին Ustedes), որը երրորդ դեմքի եզակի թվի դերանուն է ու հետևաբար բայի խոնարհումը համապատասխանաբար պիտի լինի երրորդ դեմքով եզակի թվով: Երբ որ իսպաներեն էի սովորում էս Usted-ի հետ հեչ չէի համակերպվում, էնքան անբնական էր դիմացինիդ հետ երրորդ դեմքով խոսելը:

Իտալերենում վիճակն էլ ավելի տխուր է, որովհետև իրենք Usted-ին համապատասխան դերանուն չունեն ու փոխարենն օգտագործում են երրորդ դեմքի եզակի թվի իգական սեռի Lei դերանունը, համապատասխանորեն բայը երրորդ դեմքով խոնարհելով: Էս Lei-ի հետ ես ընդհանրապես չունեմ, ոչ մի կերպ ինքս ինձ չեմ կարողանում համոզել էս ձևն օգտագործել ու երբ որ դիմացինս է օգտագործում հաճախ թյուրիմացություններ են առաջանում:

Ուրեմն էսօր գործնական նպատակով զանգահարում եմ, լարված, որ հանկարծ սխալ բան չասեմ ու ծիծաղի առարկա չդառնամ, օպերատորին հարգալից ձևով ու շատ գրագետ իտալերենով խնդրում եմ միացնել Պատրիցիայի հետ: Օպերատորն էլ հարցնում է.
- E Lei chi è? (Իսկ Դուք ո՞վ եք):
Ես էլ էս հարցը հասկանում եմ, թե ՆԱ, Պատրիցիան ո՞վ է (վերջիվերջո Lei-ը իգական սեռի երրորդ դեմքի դերանունն է նաև), պատասխանում եմ, թե Պատրիցիան է:
Իտալացի կնանիք էլ ինչպես գիտեք լավ լիրբ են, զգում եմ, որ մի կերպ է ինքն իրեն հավաքում ու մի անգամ էլ է հարցը կրկնում, թե Դուք ո՞վ եք:
Ես էլ ոչ ավել, ոչ պակաս, պատասխանում եմ, թե Պատրիցիան է, ձեր մոտ է աշխատում:
Գծի էս կողմից զգում եմ օպերատորի ձեռքերի անկառավարելի ժեստիկուլյացիան ու մտքում ասվող քֆուրներն ու հիստերիկացած վրես է գոռում, թե մենք տղամարդու ձայնով Պատրիցիա աշխատակից չունենք:
Ես էլ իրար խառնված ներողություն եմ խնդրում, թե երևի սխալ եմ զանգել ու թափով հեռախոսը կախում եմ ու նոր եմ հասկանում, թե ինչ էր կատարվել:

Մի խոսքով մի կերպ խիզախությունս հավաքելով հետ եմ զանգում, թե կներեք ես իտալերեն լավ չգիտեմ, թյուրիմացություն է տեղի ունեցել, ես էսինչն եմ, ինձ Պատրիցիայի հետ միացրեք :))

#merda

Ռուֆուս
17.03.2014, 00:38
15-րդ դարում Բոլոնյայի կառավարիչ Ջովաննի 2-րդ Բենտիվոլյոն քաղաքում կառուցում է ընտանեկան մատուռ՝ նվիրված Սուրբ Չեչիլիային: Այս մատուռ մուտք կարող էին գործել միայն Բենտիվոլյոների ազնվական ընտանիքը: Մատուռի պատերը զարդարված էին Վերածննդի շրջանի բոլոնյացի հայտնի նկարիչների ֆրեսկոներով, ինչպիսիք էին Ֆրանչեսկո Ֆրանչիան, Լորենցո Կոստան ու Ամիկո Ասպերտինին: Ֆրեսկոներն այնքան գեղեցիկ էին, որ Սանտա Չեչիլիայի մատուռն անվանում էին Բոլոնյայի Սիքստինյան կապելլա: Հետագայում Բենտիվոլյոներն իրենց լավ չպահեցին, դարձան տիրաններ, Հռոմի պապը նրանց անիծեց, իսկ ժողովուրդը մի օր կատաղեց, Բենտիվոլյոների պալատը քանդեց ու ընտանիքին աքսորեց քաղաքից, իսկ մատուռը բացեցին հանրության համար ու կցեցին հարևանությամբ գտնվող Սան Ջակոմո եկեղեցուն:

Հիմա Օրատորիո դի Սանտա Չեչիլիան կարող են այցելել հասարակ մահկանացուները, հիանալ հրաշալի ֆրեսկոներով, իսկ շաբաթ, կիրակի օրերին վայելել դասական երաժշտություն: Ու քանի որ Սուրբ Չեչիլիան երաժշտության պահապան սուրբն էր, այս հինավուրց պատերի տակ դասական երաժշտությունը մի այլ կարգի աննկարագրելի հաճույք է դառնում:

Վալերիանոսի ու Տիբուրտիոսի մարտիրոսությունը (Ամիկո Ասպերտինի)
http://i.imgur.com/pLpKSc8.jpg

Վալերիանոսի ու Տիբուրտիոսի թաղումը (Ամիկո Ասպերտինի)
http://i.imgur.com/VeRBoaY.jpg

Սուրբ Չեչիլիայի թաղումը (Ֆրանչեսկո Ֆրանչիա)
http://i.imgur.com/eXZkzqZ.jpg

Վալերիանոսի մկրտությունը (Լորենցո Կոստա)
http://i.imgur.com/ZNfxYmU.jpg

Սուրբ Չեչիլիայի նվիրատվությունը (Լորենցո Կոստա)
http://i.imgur.com/OyKa9eZ.jpg

Համաձայն լեգենդի Սուրբ Չեչիլիան ազնվազարմ հռովմեացի էր, ում իր ամուսնու՝ Վալերիանոսի, նրա եղբոր՝ Տիբուրտիոսի ու հռովմեացի զինվոր Մաքսիմոսի հետ 230թ-ին մահապատժի են ենթարկում Ալեքսանդր Սեվերոս կայսեր հրամանով:

Ռուֆուս
31.03.2014, 00:59
Բոլոնյայի հայերը

Շուտվանից էի ուզում էս մասին գրեի, բայց հավես չկար: Ask.fm-ում էսօր մեկը հարցրեց, ասի գրեմ:

Նախաբան

Երբ որ նոր էի Բոլոնյա եկել, մեր կուրսում երեք հայ էինք: Մեկի հետ նորմալ ընկերություն եմ անում, ինքն ինձ էր ֆինանսների դասերին էր օգնում, ես էլ իրեն անգլերենով էի օգնում: Իսկ մյուսը ոնց հետագայում պարզվեց, մարդ չէր ու իրական դեմքը բացահայտելուց հետո հետն էլ չշփվեցի: Էս պահին երկուսն էլ Միլանում են ու մենակ ես եմ մնացել Բոլոնյայում: Ուրիշ հայեր Բոլոնյայում չգիտեի ու երկար ժամանակ մտածում էի, որ ես միակն եմ ու անկրկնելի:

Պատահական ծանոթություններ հայերի հետ

Մի անգամ Ֆլորենցիայի եկեղեցիներից մեկում հայ զույգ տեսա, ըստ երևույթին եկել էին հարսանեկան ճանապարհորդության, մի երկու հատ անկապ ադնակլասնիկային նկարներ չխկցրին, անցան գնացին, ցանկություն մոտս չառաջացավ մոտենալ, խոսել:

Ամռանը Վենետիկում էի, երկու աղջիկ անցան կողքներովս, բարձր հայերեն խոսելով: Մոտեցանք, հայերեն առաջարկեցինք «Հառաչանքների կամուրջի մոտ» նկարել, հայերեն նախադասություն լսելուց մի պահ զարմացան, իրար խառնվեցին, հետո ուրախացան, սկսեցինք զրուցել: Մի քանի օրով Իսպանիայից էին եկել ման գալու, ափսոս ուշ էր ու պետք է Սբ. Ղազար գնայինք, թե չէ կարելի էր հետները մի քիչ ավելի երկար շփվել:

Ներսեսենց հետ Սիենայում էինք, մի հատ վերին աստիճանի քյառթու զույգ անցավ մեր կողքով բարձր հայերեն խոսելով անցան: Մոտեցա, հայերենով առաջարկեցի նկարել, սկսեցին հարցուփորձ անել, թե որ «ագենտսվա»-ով ենք եկել Իտալիա ու ինչքան ենք վճարել: :))

Էլի Ներսեսենց հետ անձրևից պաշտպանվելու համար Պիզայի տաճարում էինք մի քանի ժամով լռվել: Արփիի հետ խաղում էինք, մի աղջիկ մեր կողքը ահագին նստելուց ու ականջ դնելուց հետո վերջապես խոստովանեց, որ հայ է: Թե Իտալիայում ինչ էր անում ու հետի ընկերն ինչ ազգ էր, տենց էլ բան չհասկացանք :))

Իտալիայի հայ համայնքը
Ֆլորենցիայի, Միլանի, Վենետիկի ու Մոնտեպուլչանոյի հայերի հետ ծանոթանալուց հետո մոտս ցանկություն առաջացավ վերջապես գտնել, թե արդյո՞ք Բոլոնյայում ուրիշ հայեր կան, թե՞ մենակ ես եմ: ՖԲ-ում իտալահայության խումբ կա, էնտեղ հարցրեցի, մի քանի հոգու անուն տվեցին: Բոլորին նամակ գրեցի, մեկից պատասխան չստացա, մեկը սխալ էր քաղաքը նշել ու լրիվ ուրիշ տեղ էր ապրում, իսկ երրորդը՝ Լուսինեն իրոք Բոլոնյայում էր, բայց ասեց, որ էս պահին ուրիշ քաղաքում է ու երբ Բոլոնյա գա, ինձ կգրի:

Բոլոնյայի հայությունը
Հայագիտության ամբիոնը
Երկու ամիս առաջ իտալացի գործընկերներիցս մեկն ինձ ասեց, որ Բոլոնյայում հայագիտության ամբիոն կա՝ դասախոսի ազգանունն էլ Շիրինյան: Գուգլեցի, Շիրինյանին գտա, նամակ գրեցի, ինքն էլ ինձ շատ սիրալիր ձևով (թեպետ տրանսլիտով) հրավիրեց, որ դասախոսությանը նստեմ: Գործի տեղից թույլտվություն վերցրեցի ու գնացի, պարզվեց հայոց լեզվի ու մշակույթի էս տարվա առաջին դասն էր: Շիրինյանը մեծ էնթուզիազմով ու ոգևորությամբ դաս էր բացատրում, իսկ խեղճ ուսանողները աչքերը չռած փորձում էին հասկանալ, թե էդ Հայաստանն ինչ ա ու ինչներին էր պետք դրա մասին իմանալը: Հետո երբ Շիրինյանը հայոց այբուբենը բաժանեց ու բացատրեց, որ պետք է սովորեն գրել կարդալ ու սեմեստրի ավարտին պետք է մի փոքր տեքստ հայերենից թարգմանեն իտալերեն, խեղճները լրիվ խառնվեցին իրար, թե էս տարօրինակ լեզուն ու էլ ավելի տարօրինակ գրերը ոնց պիտի սովորեն ու հասկանան: Առաջարկեցի, որ եթե օգնության կարիք ունենան, ես պատրաստ եմ օգնել: Հա, մեկ էլ Շիրինյանի դասին Լուսինեի հետ ծանոթացա, ում ՖԲ-ով գրել էի մի քանի ամիս առաջ:

Սոնան
Մի ամիս առաջ ՖԲ-ով մեկ ուրիշ հայից նամակ ստացա, ով երկար ժամանակ Իտալիայի հարավում էր ապրել ու նոր էր տեղափոխվել Բոլոնյա: Հանդիպեցինք, պարզվեց լիքը ընդհանուր ընկերներ ունենք, որոշեցինք բացահայտել Բոլոնյայում ապրող մնացած բոլոր հայերին: Մի երկու ուսանողի էլ հայտնաբերեցինք, կողքի քաղաքներում մի երկու հոգու բացահայտեցինք, պարզվեց լավ էլ հայերը շատ են, պարզապես լավ են թաքնվում:

Բաբիլոնիա քյաբաբնոցը
Մի անգամ Լուսինեն ասաց, որ լսել է, որ Բոլոնյայում հայկական շաուրմայանոց կա (Եվրոպայում շաուրման որպես քեբաբ է հայտնի), բայց կոնկրետ հասցեն չգիտեր, մենակ փողոցը գիտեր ու որ սպիտակ մուտք ունի: Որոշեցինք գնալ էդ շաուրմայանոցը գտնել: Փողոցի հենց սկզբում մի հատ կար սպիտակ մուտքով վրան էլ գրած էր Turkish kebab, մտածեցինք դժվար թե հայը շաուրմայանոցի վրան Turkish գրեր, բայց ամեն դեպքում մտանք ներս ու սկսեցինք բարձր հայերեն խոսել: Տեսանք, որ մեզ շան տեղ չեն դնում, դուրս եկանք ու շարունակեցինք քայլել, մտածելով, որ երևի թե հայերին թուրքերի հետ են խառնել: Մի քիչ անց մի ուրիշ քյաբաբնոց տեսանք, էլի սպիտակ մուտքով, անունն էլ՝ Բաբիլոնիա: Մտանք ու աշխատողին կոնկրետ հարցրեցինք, էս քյաբաբնոցում հայ կա՞, իտալացի աղջիկն էլ, թե «Արիի՞ն եք ուզում, մի րոպե, Արարա՛տ, արի, քեզ են հարցնում»: Արարատը պարսկահայ է, մոտ 20 տարի Բոլոնյայում է ապրում, ահագին խոսեցինք, վերջում էլ մեզ շատ համով շաուրմա հյուրասիրեց: Բայց ամենակայֆն էն էր, որ Արարատի շաուրմայանոցում խաղողի թփով տոլմա կա, մի օր հաստատ վերադառնալու եմ իր մոտ:

Մի խոսքով վերջին երկու ամսվա ընթացքում ավելի շատ հայի հետ ծանոթացա, քան էստեղ եղածս մեկ ու կես տարում: Մենք շատ ենք, բայց թաքնված ենք, եթե լավ փնտրես, կգտնես:

Ռուֆուս
31.03.2014, 02:02
Իտալացի բուդդիստները

Մի շաբաթ առաջ իտալացի ընկերներիցս մեկն ասաց, որ ինքը բուդդիստ է ու իրենք իրենց բուդդիստական խմբով ամեն շաբաթ մեկնումեկի տանը հավաքվում են աղոթելու ու մեդիտացիա անելու ու հարցրեց, կուզենայի՞ հետը գնալ էդ հանդիպմանը: Ինձ մի այլ կարգի բացեց, որ աշխարհի ամենակաթոլիկ ազգի ներկայացուցիչը կարող է բուդդիստ լինի, բայց ամեն դեպքում հետաքրքիր են ինձ համար նման բաները, համաձայնվեցի ու իրար հետ գնացինք: Նախօրոք հարցուփորձ արեցի ու պարզեցի որ, սրանք բուդդիզմի Սոկա Գակկայ ուղղության ներկայացուցիչներն են, մի քիչ ինտերնետում քրքրեցի, ու պարզվեց, որ Սոկա Գակկայը ընդամենը աղանդ է ու բուդդիզմի հետ էնքան կապ ունի, ինչքան որ ասենք եհովայի վկաներն ու մորմոնները՝ քրիստոնեության: Ամեն դեպքում, արդեն խոստացել էի գնալ, մոտ 20 հոգի 20-40 տարեկան տարբեր տեսակի մարդ էր հավաքվել, նախ խմբովին կերուխում արեցին, հետո գնացին մեդիտացիա անելու: Էդ մեդիտացիա կոչվածը բառերով հնարավոր չէ բացատրել, պատկերացրեք սրանք լուրջ դեմքով ճապոներեն ինչ-որ մանթրաներ են երգում առանց իմաստը հասկանալու: Ես մի կերպ եմ ծիծաղս զսպում, սենյակի մի անկյունում կանգնած անկախ ինձանից ցնցվում եմ, որ հանկարծ ծիծաղից չպոռթկամ, իսկ իրենք արդեն կես ժամ է ամենայն լրջությամբ մեդիտացիա են անում բաղաձայն երգելով ու տրանսի մեջ ընկնելով:

Էս տրագիկոմեդիան վերջապես վերջացավ, մոմերը փչեցին, անուշահոտությունները վառվեցին վերջացան, վրան հիերոգլիֆներ խզբզած մագաղաթի կտորը (գոհոնզոնը) փայտե պահարանում փակեցին ու վերջում սկսեցին իրենցից գոհ ծափահարել, թե ինչի համար, ես էդպես էլ չհասկացա:

Ու քանի որ ես նոր մարդ էի, «բուդդիստներից» մեկը սկսեց ինձ հարցուփորձ անել.
- Հետաքրքի՞ր էր քո համար:
- Ճիշտն ասած ծիծաղելի էր:
- Հա, իմ համար էլ էր սկզբում ծիծաղելի, բայց հետո երբ սկսում ես գրականությունը կարդալ ու հասկանում ես, թե նիրվանան ինչ լավ բան է, սկսում ես ավելի լրջորեն վերաբերվել: Ես երեք տարի առաջ եմ բուդդիստ դարձել ու հիմա իմ կյանքն առանց էս կրոնի չեմ պատկերացնում: Ուզու՞մ ես մեր հաջորդ հանդիպմանն էլ գաս:
- Միգուցե, կարող է էլի գամ:
Ձայնը իջացրեց, կողքուբոլորը նայեց.
- Մի հարց տամ, իսկ դու քրիստոնյա՞ ես, թե՞ մահմեդական:
- ...
Ռադ եղեք, էդ էր մնացել ձեր աղանդի հանդիպմանն էլի գամ :beee

Ռուֆուս
10.05.2014, 15:17
Ուրեմն երեկ մի ճապոնուհու հետ եմ զրույց անում։ Թեման հասավ Հայաստանին, հարցնում է, թե Հայաստանի բնակչությունն ինչքան է, ես էլ թե երեք միլիոն։ Մեկ էլ տեսնեմ ուղեղը կախեց, մի քանի րոպե մտքում բարդ հաշվարկներ էր անում, թե էդ երեք միլիոնը Տոկիոյի որ մի թաղամասի կամ ավելի շուտ որ մի բազմաբնակարանային շենքի բնակչությանն է հավասար, մեկ էլ ուղեղի լամպուշկան վառվեց, առանց էդ էլ կլոր աչքերն էլ ավելի կլորացրած վրաս նայեց ու.
- Երեք միլիո՞ն։ Պատկերացնում եմ ինչքան էիր զարմացել, երբ Իտալիա գալուց հետո էսքան շատ մարդ ես տեսնում։
Վայ ես քո էշ խելքը թաղեմ։

#copypaste

Ռուֆուս
12.05.2014, 23:31
Փետրվարից Բոլոնյայում մի նոր բնակչուհի էր հայտնվել, ամբողջ քաղաքը ցնծության մեջ: Ասում էին մինչև մայիսի 25 էստեղ է ապրելու: Կաֆեների, խանութների ապակիներին, նույնիսկ մայթերին նրա նկարն էր կպցրած, առաջին երկու ամիսը իրեն տեսնել ցանկացողների քանակությունն էնքան հսկայական էր, որ փողոցում մի քանի ժամանոց հերթեր էին առաջանում: Ես համբերատար սպասեցի, մինչև մարդիկ քիչ քիչ մոռացան իր մասին ու էսօր վերջապես գնացի այցելության: Հրաշք էր :love

Յան Վերմեեր
Մարգարտե ականջօղով աղջիկը

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/Johannes_Vermeer_%281632-1675%29_-_The_Girl_With_The_Pearl_Earring_%281665%29.jpg/537px-Johannes_Vermeer_%281632-1675%29_-_The_Girl_With_The_Pearl_Earring_%281665%29.jpg

Ռուֆուս
30.05.2014, 00:33
Մի փոքր ուշացումով էն խոստացածս գրառումը, մի քիչ երկար է, հուսով եմ շատ չեք ձանձրանա:

Ասում են, արտագաղթողները սովորաբար ավելի ազգայնական են, քան հայրենիքում ապրողները: Հայրենիքի կարոտն էս մարդկանց մոտ արթնացնում է էնպիսի զգացմունքներ, որոնք հայրենիքում սովորաբար ննջում են: Բայց ես էդպիսին չեմ: Հա, ազգայնականները շատ են ինձ հրեա/մասոն/թուրք/ոչ հայեցի անվանել ու մի բան էլ հայրենիքի դավաճան պիտակը կպցրել: Բայց ես դրսում Հայաստանը ամեն քայլափոխին հանդիպող մարդուն չեմ գովազդում, եղեռնից չեմ խոսում, չեմ ուզում, որ լացկան տանջված ազգի տպավորություն թողնենք, ոչ էլ ամեն խաչմերուկի վրա 301թ-ի ու առաջին քրիստոնյա ազգ լինելու մասին եմ գոռում: Էն էլ որտեղ, Իտալիայում, քո հին պատմությամբ ու հարուստ մշակույթով ոչ մեկին չես զարմացնի, մեր ամբողջ մշակույթն ու պատմությունը թզուկի տպավորություն է թողնում հռոմեացիների ու իտալացիների ստեղծած մշակութային գիգանտական չափսերի գանձերի կողքին:

Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը չեմ գովազդում, ընդհակառակը, շատ ակտիվորեն զբաղված եմ էդ գործով, բայց դա անում եմ շատ մտածված ու խելացի ձևով: Մարդիկ կան, ովքեր թքած ունեն, թե առաջին քրիստոնյա ազգն ով է, կամ թե Երևանը Հռոմից ավելի հին է (շատ չէ, երեսուն տարով), կամ որ մեր մոտ ամեն կիլոմետրի վրա մի հատ հին եկեղեցի կա, իրենց մենակ կյանքի վայելքներն են հետաքրքիր, էլ ինչի՞ ինձ նեղություն տամ, լեզուս չորացնեմ անիմաստ Հայաստանը գովազդելով: Բայց երբ որ տեսնում եմ, որ մարդը մի փոքր հետաքրքրված է իմ երկրով, գազ եմ տալիս ու թող ու փախի, էնքան բաներ եմ պատմում, որ վերջում սկսում են ինտերնետը քրքրել Հայաստանի ուղեգիր առնելու համար:

Ընդհանրապես իտալացիները շատ լավ ազգ են, ջերմ, բաց, կարող ես փողոցում մոտենալ ցանկացած պատահական իտալացու, խոսակցության ընթացքում ընդհանուր մի թեմա գտնես ու գնաց, դուք այսուհետ ախպերություն եք: Իսկ ամենաշատը սիրում եմ թանգարանների ու եկեղեցիների աշխատողների հետ զրուցել, մոտենում ես, մի երկու հարց ես տալիս, տեսնելով, որ հետաքրքրված ես իրենց մշակույթով ու պատմությամբ, ոգևորված սկսում են տարբեր բաներ պատմել ու ցույց տալ, հետո երբ իմանում են, որ հայ ես, էլ ավելի են ոգևորվում ու սկսում են Հայաստանի մասին իրենց գիտելիքները ցույց տալ:

Էս երկու տարվա ընթացքում ես հասկացել եմ, որ իտալացիներից ամեն ինչ սպասելի է: Իրենք Եվրոպայի սակավաթիվ ժողովուրդներից են, որ շատերը ոչ միայն նախկինում լսել են Հայաստանի անունը, այլ նաև քարտեզի վրա կարող են այն ցույց տալ: Բնականաբար, «Armenia, where is it?» տիպեր էլ կան, բայց ընդհանուր առմամբ շատ ավելի տեղեկացված են: Ոմանք Հայաստանի մասին գիտեն, որ հին պատմություն ունեցող քաղաքակրթություն ենք, ոմանք գիտեն, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, շատերը Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մասին գիտեն, ոմանք՝ ցեղասպանության ու Անտոնիա Արսլանի «Արտույտների Ագարակին» են ծանոթ, ոմանք ֆուտբոլով ու Հենրիկ Մխիթարյանով են մեզ ճանաչում, ոմանք էլ՝ շախմատով ու Արոնյանով: Ու իրոք արդեն ավելի քան համոզվել եմ, որ իտալացիներից ամեն ինչ կարելի է սպասել:

Անցած ամռանը ստաժիրովկայի անցնելու համար երկու հարցազրույց ունեցա: Ընկերություններից մեկի տնօրենը 2 շաբաթից պիտի Հայաստան գնար, իսկ մյուսի շեֆերից մեկը (որտեղ էլ գործի անցա), երկու օր առաջ էր Հայաստանից եկել: Ու Կիարայի հետ առանց չափազանցնելու մի քանի ամիս մենակ Հայաստանից էինք խոսում, ինքը նկարներն էր ինձ ցույց տալիս. ես իրեն ասում էի, թե դա որտեղ էր, Կոմիտասի երգերն էի իր համար թարգմանում և այլն:

Մի ամիս առաջ սպասելիքներս ևս մեկ level up գրանցեցին: Ինձ Ֆեյսբուքով սկսեցին իտալացիներ գտնել, ովքեր հայերեն են սովորում: Էսօր Ռեբեկկայի հետ ծանոթացա, խեղճը հայերենի դասագիրքը հանեց դրեց սեղանին ու խեղճացած ինձ նայելով, սկսեց բողոքել, թե ինչ դժվար լեզու է հայերենն ու ինչքան է տանջվում դաս անելիս: Իրար հետ փորձեցինք մի փոքր տեքստ կարդալ ու թարգմանել, պարզվեց, նորմալ կարողանում է կարդալ ու շատ բաներ նույնիսկ առանց մեծ դժվարությամբ թարգմանում է: Երկու շաբաթից գալիս է Գյումրի, Հայաստանում աշխատելու: Խոստացա, որ հետը հայերեն կպարապեմ, եթե ինքն էլ հետս իտալերեն խոսի:

Շաբաթ օրը Ստեֆանիայի հետ եմ հանդիպելու: Իրար հետ մինչև հիմա մենակ չաթով ենք շփվել, նույնիսկ նկարը չեմ տեսել, բայց ամեն անգամ, երբ ինքն ինձ գրում է «Barev Hayk jan, inchpes es?», ես փքվում են հպարտությունից (չնայած լավ կլիներ, որ հայատառ գրել սովորեր, բայց ոչինչ, կաշխատենք էս ուղղությամբ): Ու դեռ իրեն չտեսած, մի տեսակ հարազատություն եմ զգում, ամեն օր չէ, որ քո սեփականը ճանաչող ու գնահատող մարդու ես հանդիպում:

Էնպես որ ինձ ազգի դավաճան համարողներ ջան, իմ հայրենասիրությունն էլ էս ձևով է արտահայտվում, ես էլ սենց «սխալ» եմ ծնվել :)

Ռուֆուս
31.05.2014, 23:21
Ստեֆանիան լրիվ կյանք է :love Չէ, ԿՅԱՆՔ է, մեծատառերով :love Մենք արդեն վաղուց դադարել ենք զարմանալ Ռիկի վրա, որովհետև Ռիկը լրիվ հայ է դարձել, մեր լեզուն մեզանից լավ գիտի, մեր մշակույթի բոլոր ծակուծուկերից գլուխ է հանում, նույնիսկ լրիվ հայկական հումորներ է անում:

Ու իմ մտքի ծերով անգամ չէր անցնի, որ Ստեֆանիան՝ ընդամենը մի ամիս հայերեն սովորած, կյանքում երբեք Հայաստան ոտք չդրած էդքան շատ բան գիտի մեր մասին: Չէ, իր իմացածը սոսկ հանրագիտարանային գիտելիքներ չեն, մարդը տեղը տեղին ամեն ինչ գիտի, թե մեր պատմության, թե մեր մշակույթի, թե մեր հասարակության մասին: Ու երբ որ սկսեց քյառթերից ու գլամուռ տպերից խոսել (ում ինքը «դիվա»ներ էր անվանում), ես սարսափից լեզուս կծեցի, էս արդեն ձեռնառնելոցու է վերածվում, չի կարելի մի ամբողջ ազգ էդքան նագլի ձևով մերկացնել :))

Վերջում ասեցի, որ Բոլոնյայում սովորող մի գլամուռ հայ դիվա եմ ճանաչում, ասեց, բեր հանդիպման, ես իրեն տեղում կոչնչացնեմ :))

Հ.Գ. ամռանը բացօթյա կինոդիտումների ժամանակ Բոլոնյայի գլխավոր հրապարակում Փարաջանովի Նռան Գույնն են ցուցադրելու: Ափսոս ես ստեղ չեմ լինի, բայց մի այլ կարգի հպարտ եմ:

Հ.Հ.Գ. Ինչի՞ են մարդիկ էսքան լավը: :love

Ռուֆուս
01.06.2014, 00:32
Մի անգամ Բյուրն էր գրել, թե ինչքան է սիրում փողոցային երաժշտությունը: Փողոցային երաժիշտներին ու ընդհանրապես փողոցային արտիստներին, անկախ նրանից, թե ինչ են անում, մի այլ կարգի եմ սիրում ու հարգում: Իրենք ամենաանմիջական ու ամենաանկեղծ արտիստներն են, իրենք իրենց տաղանդը ոչ թե գնահատում են ծախած դիսկերով ու համերգի տոմսերով ու հիթ շքերթներում իրենց սինգլների զբաղեցրած հորիզոնականներով՝ այլ մարդկանց դեմքին առաջացած ժպիտներով ու հույզերով: Բոլոնյան իսկը փողոցային արտիստի քաղաք է, շաբաթ կիրակի օրերին քաղաքի կենտրոնը լեփ-լեցուն է մարդկանցով ու ամեն քայլափոխին մեկը նվագում է, մեկը պարում, մեկը ծաղրածույություն է անում, ամեն մեկը փորձում է իր օրիգինալությունն ու տաղանդը ցույց տալ:

Երբ նոր էի եկել Իտալիա ամեն շաբաթ-կիրակի իջնում էի քաղաք ու ժամերով քայլում էի, հերթով բոլոր արտիստներին լսելով ու նայելով: Որոշ ժամանակ անց, սկսեցի ձանձրանալ, որովհետև արդեն անգիր գիտեի բոլորի ռեպերտուարները: Էս տարի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, հին արտիստներից շատ քչերն են մնացել ու փոխարենը նոր ավելի տաղանդավոր ու հետաքրքիր սերունդ է եկել: Էսօր Նեպտունի հրապարակում մի հսկայական ամբոխ տեսա, մոտեցա, տեսնեմ երեք ջահել՝ երկու իտալացի ու մի հնդիկ ռեգգի էին նվագում: Ես վաղուց սենց հաճույք չէի վայելել, լրիվ ժամանակի մասին մոռացած կանգնած լսում էի, հետո նոր հիշեցի, որ պայմանավորված էի ու դժկամությամբ հեռացա:

Վաղը նույն ժամին գնալու եմ նույն տեղը, հուսով եմ իրենց ևս մեկ անգամ լսելու հաճույքը կվայելեմ:

Էս էլ Ինստագրամով նկարածս 15 վայրկյանանոց վիդեոն: Հուսով եմ մոտավորապես պատկերացում կկազմեք:


http://instagram.com/p/oqWHxmFpcm/

Ռուֆուս
07.06.2014, 18:46
Food Porn Alert

Ֆրանչեսկոն

Թե ոնց մտերմացա Ֆրանչեսկոյի հետ, երկար պատմություն է, իր հետ լիքը ընդհանուր ընկերներ ունեի, ու շատ վաղուցվանից էի ճանաչում, պարզապես վերջին երկու ամիսների ընթացքում նոր սկսեցի մտերմանալ իր ու իր գերմանացի ընկերուհու հետ: Թե ինչով է զբաղվում Ֆրանչեսկոն, շատ դժվար է ասել, մասնագիտությամբ բժիշկ է ու օրվա կեսը հիվանդանոցում որպես կամավոր է աշխատում, իսկ մյուս կեսին օդաչու է ու մասնավոր ինքնաթիռներ է վարում ամբողջ Եվրոպայով մեկ: Շաբաթվա ընթացքում հասցնում է մի քանի երկիր գնալ, իսկ մնացած ազատ ժամանակը նվիրաբերում է իր ամենասիրած զբաղմունքին՝ խոհարարությանը:

Իտալական խոհանոցը ես պարզապես պաշտում եմ, էս երկու տարիների ընթացքում հասցրել եմ ծանոթանալ իտալական խոհանոցի լավագույն ճաշատեսակներին, ճաշել եմ թե թանկարժեք ռեստորաններում, թե փոքրիկ գյուղերում գտնվող ընտանեկան ավանդական հացատներում, թե փողոցի անկյունում գտնվող էժան պիցցերիաներում: Ինչքան էլ որ չեմ սիրում ճաշ պատրաստել, ինքս էլ եմ սովորել մի քանի բան պատրաստել: Բայց էն ինչը Ֆրանչեսկոն անում է իր փոքրիկ խոհանոցում, բառերով նկարագրել հնարավոր չէ, պետք է ընդամենը փորձել: Ինքը երբ սկսում է ուտելիքից խոսալ, անկախ քեզանից լոզերդ գնում են: Ֆրանչեսկոյի տանը երեք անգամ եմ ճաշել, ամեն անգամ ընդունելով, որ ես իմ ամբողջ կյանքում դրանից համով բան չեմ կերել, բայց էն ինչն ինքն արեց երեկ, կյանքումս չեմ մոռանա: Երբ իմացավ, որ շուտով Հայաստան եմ վերադառնալու, իմ պատվին ճաշկերույթ կազմակերպեց, նույնիսկ նախորդ օրը գնաց Նորվեգիա, Բերգենից թարմ ծովամթերք բերեց:

Սկսեցինք անտիպաստայից՝ գրիլ արած ութոտնուկներ, որին հետևեց ծովախեցգետիններով պաստան: Հետո նորվեգական լոբստեր, հետո խորոված ադրիատիկ թունա, հետո արկտիկական տառեխ ու վերջում անանասի ու բազիլիկի սորբետ: Այս ամենին գումարած սպիտակ գինիների տեսականի ու շատ հետաքրքիր մարդկանց հետ շատ հաճելի զրույց:

Բայց մենք էսքանով չբավարարվեցինք, գիշերվա կեսին իջանք քաղաք ու երկու մեծ տաշտ կոկտեյլ գմփցրինք: Թե երբ ու ամենակարևորը ինչպես եմ տուն հասել, ճիշտն ասած չեմ հիշում, բայց առավոտյան երբ արթնացա, վրայիցս օվկիանոսի հոտն էր գալիս :love

Ֆրանչեսկոյին մի օր Հայաստան եմ բերելու, խորոված ու խաշ պատիվ տալու:

http://i.imgur.com/atHFOAh.png

Ռուֆուս
20.06.2014, 14:37
Իտալիայի կոնսուլի հետ նստած նարդի եմ խաղում, մեկ էլ ասում ա, որ զույգ ես բերում, քարերդ ինչի՞ շրխկացնելով չես խաղում, իսկական հայերը տենց են խաղում :D

Ռուֆուս
13.10.2014, 00:23
Էսօր Ազատության հրապարակում Դոգմայի ու Բամբիռի համերգն էր, համերգի ժամանակ անծանոթ համարից զանգ եկավ։ Քանի որ շուխուր էր ու բան չէր լսվում, սմս գրեցի, թե ո՞վ ա, համերգի եմ։ Ընդմիջման ժամանակ էլի զանգ եկավ նույն համարից, վերցրեցի, ասում ա. «Բա ես էլ եմ համերգի, քանի որ Բամբիռն էր երգում, հաստատ գիտեի, որ դու էլ էս էստեղ»։

Սոնան էր, հետ է տեղափոխվել Հայաստան :)


Սոնան
Մի ամիս առաջ ՖԲ-ով մեկ ուրիշ հայից նամակ ստացա, ով երկար ժամանակ Իտալիայի հարավում էր ապրել ու նոր էր տեղափոխվել Բոլոնյա: Հանդիպեցինք, պարզվեց լիքը ընդհանուր ընկերներ ունենք, որոշեցինք բացահայտել Բոլոնյայում ապրող մնացած բոլոր հայերին: Մի երկու ուսանողի էլ հայտնաբերեցինք, կողքի քաղաքներում մի երկու հոգու բացահայտեցինք, պարզվեց լավ էլ հայերը շատ են, պարզապես լավ են թաքնվում:

Ռուֆուս
24.03.2015, 01:38
Կուրսում ութսուն հոգի էինք՝ աշխարհի բոլոր մայրցամաքների հայտնի ու ոչ այնքան հայտնի երկրներից։ Հենց սկզբից փորձում էինք բոլորի ազգությունը պարզել, ինչը բավականին հեշտ էր՝ բացառությամբ մի աղջկա։ Ալեքսը Լեհաստանից էր, բավականին տարօրինակ, բայց շատ խելացի մի աղջիկ, ամբողջ մեջքը վիշապի հսկայական դաջվածքն էր ծածկում։ Որոշ ժամանակ անց մեր մյուս լեհ կուրսեցին ասաց, գրեթե լեհերեն չգիտեր։ Երբ մենք ռուսախոսներով սկսեցինք հավաքվել, Ալեքսը միացավ մեզ ու երբ հետաքրքրվեցինք, թե լեհն ինչու է այդքան լավ ռուսերեն խոսում, պատասխանեց, որ ինքն իրականում լեհ չէ, այլ ռուսի ու ուկրաինացու խառնուրդ է։

Դասերն ավարտելուց հետո Ալեքսին չթողեցին հետ վերադառնալ Լեհաստան, գնաց Կրասնոդար ու մի քանի ամիս անց հետ եկավ Իտալիա մի շաբաթով։ Բոլոնյայում մնացած մի քանի ընկերներով Ալեքսի հետ գնացինք խմելու։ Կարմիր գինի պատվիրեցինք ու սկսեցինք իրար հետևից կենացներ ասել։ Իտալերեն cin-cin ու salute-ին հետևեց գերմաներեն prost-ը հետո բուլղարերեն на здраве-ն հետո անգլերեն cheers-ը։ Հերթը հասավ ինձ, Ալեքսը հարցրեց, թե հայերն ինչպես են կենաց ասոյմ, ասեցի «Կենացդ»։ Բաժակը շրխկացնելով դրեց սեղանին, սկսեց վերարկուն հագնել։
- Ալեքս քեզ ի՞նչ եղավ։
- Գիտե՞ս տատիկս հրեա է ու մի կերպ է Հոլոքոստից փրկվել։ Հոլոքոստի թեման ես մինչև հիմա շատ ծանր եմ տանում ու դու ոչ մի իրավունք չունես ծաղրել դա։
- Բայց ես Հոլոքոստը ծաղրելու ոչ մի մտադրություն էլ չունեմ։
- Էդ դեպքում ինչու՞ ասեցիր «գենացիդ»։
- Ալեքս...
Սկսեցի բացատրել ու ապացուցել, որ իրոք էդ բառը հայերեն «կենացդ» է հնչում, այլ ոչ թե «գենացիդ» ու ձեռի հետ էլ հայոց ցեղասպանության մասին պատմեցի, Ալեքսը քիչ քիչ հանգստացավ, վերարկուն հանեց ու շարունակեց խմել մեզ հետ։

Էսօր տեսա, Ֆեյսբուքում նկար էր գցել, նորածին բալիկի հետ։ Ամուսնացել է, հիմա Իսրայելում է ապրում։ Ու նկարի տակ առաջին շնորհավորողները սիրիացի կուրսեցիներս էին, ովքեր ամբողջ սրտով ատում են հրեաներին ու Իսրայել պետությունը։

Ռուֆուս
02.05.2018, 01:11
Գնացիր ու սպանեցիր միասին ինչ-որ բան ունենալու հույսերը, փշրեցիր մեր դեռ չսաղմնավորված ու արդեն իսկ մեռած երազանքները, ընդհատեցիր խոսակցությունները, որոնք չկարողացանք սկսել։ Գիշերները չենք լուսացնի միասին նույն գիրքը սկզբից մինչև վերջ կարդալով, ոչ էլ երկար կքայլենք այգիներում՝ լուսնի լույսի տակ ։ Հետդ տարար ցավն ու տեղը դատարկություն թողեցիր, որն ինձնով լցրեցի։ Խոստացա, որ մի օր կգրեմ քեզ, բայց համարդ հեռախոսիցս ջնջեցի։ Ամեն ինչ լավ ա լինելու։

vol3.0

Ռուֆուս
01.08.2018, 00:10
Մաքսն ինձ փոխանցեց փոքրիկ բանկան, ցուցամատս մտցրեցի նեպալյան հալյուցինոգեն մեղրի ու կախարդական սնկերի խառնուրդի մեջ ու տարա բերանս։ Քաղցրադառնահամը հալվեց բերանումս ու միկրոդոզան սկսեց դանդաղ իր գործն անել։ Իդրիսը ճակատիս մեջ խրեց ակուպունկուրայի երեք ասեղները, որպեսզի երրորդ աչքս բացվի։ Ժամանակը մի պահ կանգ առավ ու հետո սկսեց դալիական կտավի պես դանդաղ ծորալ։

***
Ասում էին, Իդրիսը շաման է։ Կիսախավարի մեջ մտքերով ընկա ու խմբից մի փոքր հետ ընկա։ Աննկատ մոտեցավ, ձեռքերը դրեց ուսերիս, քաշեց դեպի իրեն ու նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Զգացի, թե ինչպես անկոչ հյուրի պես ընկղմվեց մեջս, պատրաստ չէի դրան, սարսափեցի, թե ինչեր կարող է մեջս տեսնել, հետ հրեցի ու աչքերս փախցրեցի։ Ժպտաց․
- Ամեն ինչն իր ժամանակին, իր տեղում։ Հիմա ոչ ժամանակն է ճիշտ, ոչ էլ՝ տեղը։ Դու ինքդ կզգաս, ոչ ոք չի օգնի քեզ հասկանալ դա։ Մի օր, երբ աշխատանքից հետո հոգնած հետ կվերադառնաս տուն, թեյ կպատրաստես ու տաք բաժակը գրկած հարմարավետ կտեղավորվես բազմոցին, մտածիր, արդյո՞ք դա միայնություն է, թե՞ ազատություն։

***
Քուղան կարծես մուլտիկի հերոսուհի լիներ, արահետի վրա նախազգուշական նշանների կողքին կարմիր ներկով սրտիկներ էր նկարում։ Պարանոցի տատուն երեք կարմիր սրտիկ էին՝ վերջինը դատարկ։
- Շատ լավն ա տատուդ։
- Համակարգչային խաղից է։
- Գիտեմ, Զելդայի լեգենդը, ժամանակի օկարինան, փոքր ժամանակ շատ էի խաղում։
- Ծրագրավորում եմ սովորում, ուզում համակարգչային խաղեր գրել։
Գիշերը Քուղան որոշեց միայնակ վերադառնալ իր ճամբար, առաջարկեցի ուղեկցել, հրաժարվեց, ես էլ չպնդեցի։ Առավոտյան նախաճաշին մոտեցավ ու ներողություն խնդրեց, որ մերժել էր ուղեկցելու առաջարկս, շնագայլը հետևից էր ընկել, ամբողջ ճանապարհը վախեցած շնչակտուր վազել էր։ Ասաց, որ պետք է նորից սովորի մարդկանց վստահել։

***
Լյուկին չէի սիրում, ինքն իր մեջ միավորում էր բնավորության ամենավատ գծերը, անգլիական ֆուտբոլային ֆանատի նողկալի ստերեոտիպի մարմնացում էր։ Երբ մյուսներն իրեն անընդհատ նախատում էին, թե չի կարելի այդքան անզգամ ու կոպիտ լինել, դրանից էլ ավելի էր ոգևորվում ու սկսում աջ ու ձախ էլ ավելի ուժեղ կոպտել։
Գիշերն անքնությունից անընդհատ շուռումուռ գալուց հոգնեցի, տեղիցս վեր կացա ու գնացի բակ։ Լյուկը խոտերին միայնակ նստած էր, ինձ տեսավ, կանչեց մոտը։ Առաջին անգամ հետս խոսեց առանց հայհոյանքների․
- Իմ աշխատանքն ահավոր ծանր է, աշխարհի թերևս ամենավատ աշխատանքն է, ոչ մեկին չէի մաղթի, որ այս գործն անի։ Ամեն օր հարյուրից ավել դուռ եմ ծեծում, ամեն տեսակի մարդկանց հետ եմ շփվում ու ամեն անգամ հասցնում եմ թե հիանալ, թե հիասթափվել մարդկությունից։ Հորս չեմ ճանաչել, իմ ծնվելուց հետո մորս ու քրոջս թողեց ու գնաց ուրիշի հետ ընտանիք կազմեց։ Մայրս շիզոֆրենիկ էր, հոգեբուժարան տեղավորեցինք, որպեսզի մեր կյանքը չկործաներ։ Այնտեղ էլ մահացավ։ Քույրս դրանից հետո դեպրեսիայի մեջ ընկավ ու հունվարին ինքնասպանություն գործեց։ Երբ տուն եկա ու մտա լոգասենյակ, ամբողջը արյուն էր, էդ տեսարանը կյանքում չեմ մոռանա։ Հիմա երբ ես ամեն օր քաղաքից քաղաք շրջելով մարդկանց դռներն եմ ծեծում, մտածում եմ, միգուցե դռան հետևում ինչ-որ մեկը ինքնասպանություն է փորձում գործել ու միգուցե երբ դռան զանգը լսի, կգա, դուռը կբացի ու իմ սիրուն երեսը տեսնելով հետ կկանգնի այդ որոշումից։ Ես այս ամենը քրոջս համար եմ անում, գիտեմ, որ երկնքից ինձ է նայում։ Իրեն փրկել չկարողացա, միգուցե մի օր ես ինչ-որ մեկի կյանքը կկարողանամ փրկել․․․
Հեկեկոցները չթողեցին, որ շարունակեր, ամուր գրկեցի ու փորձեցի հանգստացնել։ Մի քանի օր անց հրաժեշտ տալուց ասացի.
- Everything’s gonna be alright, Luke.
- Of course, everything’s gonna be okay, fuckhead, I hope I’ll never see your stupid face again.
Փոխադարձաբար, dipshit, բայց ամենայն հավանականությամբ կյանքը մեր ուղիները կրկին կխաչի։

***
Էմման հենց Գրանդ Քենդիի կայանած բեռնատարը տեսավ, վազեց վարորդի մոտ ու կոնֆետ պահանջեց։ Լեզվական դժվարությունները մի կերպ հաղթահարելուց հետո վարորդը վերջապես հասկացավ Էմմայի ուզածն ու երկու բուռ կոնֆետ տվեց։ Էմման կոնֆետները հաղթական վերև պարզած ուրախ հետ վերադարձավ, թե տեսեք candyman-ն ինչ բարի էր, կոնֆետներ հյուրասիրեց։ Էմմային ծնողները երևի թե չէին սովորեցրել, որ չպետք է բեռնատար քշող անծանոթ մարդկանցից կոնֆետներ վերցնել։

***
Քայիլն իմ ճանաչած ամենապարզ ու շիտակ, ամենամաքուր ու վստահելի անձնավորությունն էր։ Եթե մի օր հայտնվեմ անմարդաբնակ կղզուն ու հետս մենակ մի հոգու կարողանամ տանել, այդ մարդը հաստատ Քայիլը կլինի։ Չգիտեի իրեն ինչպես հրաժեշտ տայի, որ չլացեի։ Ու երևի ինքն էլ զգաց, որ դժվարանում եմ, մոտեցավ ու իր շոտլանդական ուժեղ ակցենտով առաջինը խոսեց․
- Ես հրաժեշտ տալուց լավ չեմ, ուղղակի արի իրար ձեռք սեղմենք ու see you later ասենք։ Հաջորդ տարի backpacking եմ անելու դեպի Չինաստան, անպայման Հայաստանով կանցնեմ։ Միասին կգնանք Երևանի փաբերից մեկում խմելու, հետո հեծանիվներով կգնանք քո երկրի հրաշք բնությունը վայելելու։ Լավ մնա ու մինչ նոր հանդիպում։
Պինդ իրար ձեռք սեղմեցինք ու բաժանվեցինք ինչպես ամենաիսկական ընկերներ, ովքեր հաջորդ օրը նորից են հանդիպելու։ Մյուս տարի Երևանի փաբերից մեկում միասին խմելը դեռ ուժի մեջ է, բայց ոնց որ թե մինչև էդ կհասցնենք Էդինբուրգում հանդիպել։

***
Ֆեյի անունը բոլորը սխալ էին արտասանում՝ Ֆայը։ Ու երբ Ֆեյն ամեն անգամ համբերատար ուղղում էր, թե ոչ թե Ֆայը, այլ Ֆեյ, կատակում էին, թե կրակոտ աղջիկ ես, անունդ էլ իսկական Կրակ։ Այնինչ Ֆեյը իր անվան պես փերի էր՝ մեծ կանաչ աչքերով։
- Հայկ, դու երջանի՞կ ես։
- Երևի։
- Գիտես, դու իմ ընկերներից մեկին ես հիշեցնում, թե արտաքինով, թե բնավորությամբ։ Ես իրեն շատ եմ սիրում։ Վերջերս շատ վատ վիճակում էր, դեպրեսիայի մեջ էր, ոչ մեկի հետ չէր շփվում։ Ու մենակ ես էի նկատում, թե նա ինչի միջով էր անցնում ու որոշեցի մենակ չթողնել։ Անընդհատ գրում էի, զանգում, հարցնում որպիսությունը, ստիպում, որ պարբերաբար հանդիպեր հետս։ Այնպես որ մի ստիր, որովհետև գիտեմ, որ դու էլ ես հիմա նման մի բանի միջով անցնում։ Դրա համար նորից եմ հարցնում, Հայկ, դու երջանի՞կ ես։
- Չէ։
- Քո երջանիկ լինելուն քեզանից բացի ոչ ոք չի խանգարում, ուղղակի պետք է քաջություն ունենաս ապակին կոտրել ու դուրս թռնել քո ստեղծած glasshouse-ից։ Ես գիտեմ, որ շուտով մենք նորից ենք հանդիպելու ու երբ այդ օրը գա, էլի նույն հարցն եմ տալու ու ուզում եմ, որ պատասխանը լինի «այո՛»։

***
Ժամանակն արագացավ ու ամեն ինչ տեղն ընկավ, ակուպունկտուրայի ասեղները զգուշությամբ հանեցի ճակատիցս։ Երրորդ աչքս իրենց տեսավ հենց այնպես ինչպես որ կային՝ արտաքինից ուժեղ, կայացած ու ինքնավստահ, իսկ ներքուստ՝ խիստ խոցելի, անպաշտպան ու սիրո կարոտ։ Նրանք բոլորը սեր էին ուզում, ու Հայաստանն իրենց անսահման սեր տվեց։ Ոմանք նորից հետ կգան Հայաստան, ոմանց ես կայցելեմ, բայց շատերին թերևս էլ երբեք չեմ հանդիպի։ Բայց հոգ չէ, որովհետև Հայաստանի կորած գյուղերից մեկում երեկոյան խարույկի շուրջ հավաքված կարողացանք մի պահ կողքի դնել մեր բոլոր տարբերությունները, հանեցինք մեր դիմակները, հետևում թողեցինք մեր վախերն ու անհանգստությունները, բոլորս մի մարդու պես իրար վստահեցինք, նայեցինք աստղերին ու հասկացանք, որ միասին մի ընտանիք ենք ու հզոր ենք։ Ու այդ պահին այնքան շատ սեր կար օդում, որ ամեն անգամ հիշելիս խեղդվում եմ։

Ռուֆուս
27.09.2018, 23:03
Ջհանդամգյոռում (հա, էս իրականում գոյություն ունեցող տեղ ա, Դժոխքի Ձորը), գամակս կապել եմ ծառերից՝ ուղիղ գետի վրա, պինդ փաթաթվել քնապարկիս մեջ, երկնքին եմ նայում ու ընկնող աստղերը հաշվում։ Տակս գետի քչքչոցն ա, կողքս գորտերն են կռռում ու ծղրիդները ծղրտում։ Վաղվա օրն այլևս գոյություն չունի։ ժամանակը կանգ ա առել, աստղերի լույսը լողացնում ա ինձ ու ասում, որ ամեն ինչ լավ կլինի։ Եթե դժոխքն էս ա, դժոխքի բաժին դառնամ ես։

Sent from my Pixel 2 using Tapatalk