PDA

Դիտել ողջ տարբերակը : 30 պատմություն



Վոլտերա
04.06.2013, 17:49
Ուրեմն :)

Մի հատ հրաշք աղջիկ կա: Իր պես հրաշք անուն ունի՝ Բյուրակն: Սենց խուճուճ մազերով, համով դեմքով մեկն ա, ում տեսնելուց գրկելու-պաչելու ցանկությունդ ոչ մի կերպ զսպել չես կարողանում:

Իսկ ես հեչ էլ Բյուրակնի մասին չէի ուզում խոսել, ուղղակի մտքիս եկավ:love

Ավելի շատ իր նախագծի մասին՝ 30 պատմություն բլոգերների համար (http://byurakn.wordpress.com/2013/05/26/30-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%AC%D5%B8%D5%A3%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/): Ինչպես միշտ ես ուշացումով պիտի սկսեմ: Էլ չասեմ որ Բայանդուրի այ էս (http://songoffall.blogspot.com/2013/04/30-2.html) նախագծին ընդհանրապես չմասնակցեցի, ինչի համար ափսոսում եմ:

Կհարցնեք ով է Բայանդու՞րը: Կասեմ: Հոգեառ, կռվարար, ավելի ճիշտ կռիվ գցող ու վրայից թռնող մեկը, ում վրա մինչև հիմա էլ մուռ ունեմ: Կհարցնեք ինչ մու՞ռ: Կասեմ: Չէ, ավելի ճիշտ պատմություններից մեկում կգրեմ, կիմանաք: Քանի որ ուշ եմ սկսում, ուշ էլ կավարտեմ: Ոչինչ չէ՞: Ի դեպ էսպիսի մի մտահաղացում ես էլ ունեմ: Օրինակ 30 հրաշալիքներ ըստ բլոգերների: Լավ, էս թողնենք հետո: Ավելի լավ է սկսեմ, թե չէ որ սկսում եմ խոսել, ինձնից պրծում չկա: Հա, շատախոսի մեկն եմ: Բայց մենակ իմ բլոգում: (Հազիվ էլ էդքան): Իրականում սուսուփուս խելոք մարդ եմ: (Դե ինչ անում են, էդ սուսիկփուսիկներն են անում): Վոլտերա, դու էլ քիչ խոսա փակագծերի մեջ: Լավ վերջ: Գնացինք:

1. Պատմություն մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ դուք կանեք

Ոչ ոք չէր սպասի որ ես կանեի՞: Հետաքրքիր սկիզբ: Ես կասեի շատ խոստումնալից սկիզբ: Եթե 180 աստիճանով թեքեմ գլուխս ու իմ անցյալը վերանայեմ, կարող եմ էս թեմայով վեպ գրել, ու մի բան էլ տալ անցնել Դաստաևսկուն ու Աճառյանին: Բայց ես սադիստ չեմ ու տենց բան երբեք չեմ անի: Մամաս միշտ ասում ա՝ ում մտքով կանցներ: Ու իրոք: Հեչ ում մտքով կանցներ, որ ես՝ նուրբ ու սենտիմենտալ Մարի Մելիքյանս, ով ժամանակին եփվում էր ռոմատնզիմի կրակների վրա, ում ուղեղը լվացել էին սուրբ ու նվիրական զգացմունքները, բայց դեռևս չէին չորացրել ամբողջությամբ, ով երազում էր երջանիկ ամուսնության մասին, ում մոտիվացիան տատանվում էր զրո աստիճան ցելսիուսի սահմաններում, ով դառնագին ողբում էր Սառայի անմեղ ճակատագրի կործանման համար ու միաժամանակ համոզված էր որ սեր գոյություն ունի և այն ցանկալի է մատուցել միայն տաք վիճակում....կդառնա Մարի- Վոլտերա՝ բնազդներով վամպիր, իր մեջ մազոխիզմի նախադրյալներ պարունակող, գոթիկայի և գրականության սիրահար, ռոք լսող ու գանգակիր մի գոյություն: Ոչ ոք: Ու առաջին հերթին ես երբեք չէի պատկերացնի իմ այդ ահռելի փոփոխությունը, որը կատարվեց ինձ հետ ինչ-ինչ պատճառներով: Պատճառների մասին չեմ ուզում խոսել: Բայց ես պատշում եմ բոլոր այդ պատճառները, որովհետև նրանց շնորհիվ ես վերաՍՏԵՂԾվեցի: Իմ մեջ ծնվեց Վոլտերան: Ու Բլրակը: Ու ես սկսեցի ԱՊՐԵԼ:

Ոչ ոք երբեք չէր պատկերացնի, որ ես մի օր հանկարծ կկարողանամ գրել: Կունենամ բլոգ ու բլոգս կխեղդեմ զգացմունքախառն մասնիկներով, որոնց մեջ մռայլությունն ու լույսը միախառնված են, որոնց մեջ լուսինը չի հանդիսանում ասպետավոր ու սիրային ռոմանտիզմի խորհրդանիշ, այլ առանձին սիմվոլ, մի ուրիշ ռոմանտիզմի, որն իմ արյան մեջ էր, պարզապես խառնված էր այլ գույների հետ ու չէր երևում: Իսկ երբ գունաթափվեցի (http://uoltera.blogspot.com/2013/04/blog-post_28.html), պարզ նկատեցի այն երեք գույները, որոնցով հիմա ապրում եմ՝ Սև, Սպիտակ, Մոխրագույն: Մռայլություն: Ահա մի բան, որ երբեք ոչ մեկի մտքով չէր անցնի: Սառնություն, փախուստ արևից, հոգևոր հաճույքի ձգտում՝ միաժամանակ չմերժելով նաև ֆիզիկականը, սիմվոլների խառնուրդ ու լիքը ցրված էություններ, որոնց փշուրները թափառում են մի ուրիշ աշխարհների ու շերտերի արանքում: Ես էլ հանգիստ ու առանց դժգոհելու հավաքում եմ դրանք, որ ստանամ հաց, իսկական հաց: Չէ որ գիտեք, թե ինչ սարսափելի է, երբ կան բաղադրամասերը, բայց պատրաստ չէ հացը: (http://uoltera.blogspot.com/2013/03/blog-post_21.html)

Ահա մի բան, որ երբեք ոչ ոքի մտքով չանցավ: Իսկ առաջին հերթին՝ իմ: Հիմա ես այնպիսին եմ, ինչպիսին որ կերազեի լինել այն ժամանակ ու ձգտում եմ լինել այնպիսին, ինչպիսին որ հիմա եմ երազում լինել:

Ամփոփում.

ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԵՍ ՀԻՄԱ ԱՆՈՒՄ ԵՄ, ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՄՏԱԾԻ, ՈՐ ԿԱՆԵՄ: Սրանից հետևություն: ԵՐԲԵՔ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՄՏԱԾԻ, ՈՐ ԵՍ ԿԼԻՆԵՄ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ՀԻՄԱ Եմ: Վերջնական արդյունք.

ԵՍ ՎՈԼՏԵՐԱՆ ԵՄ:

Վոլտերա
05.06.2013, 17:32
Օր 2. Ձեղնահարկում

Самые прекрасные люди - это мрази

2. Պատմություն մի մարդու մասին, որից վախենում էր Վոլտերան

Վախենում ԷՐ: Հետո սկսեց չվախենալ: Հետո սիրել: Հետո...Չէ, չէ, սա մի սիրո պատմությունը չի, սա պատմություն է մի մարդու մասին, որից վախենում էր Վոլտերան:

Ես տեսա նրան ձեղնահարկում: Գրքերն էր փորփրում: Գուցե փոշի սրբելու նպատակով: Չէ: Կորցրել էր պատմության գիրքը: Բայց ինչ գործ ուներ այն ձեղնահարկում: Ընդհանրապես ինչ ձեղնահարկ էր դա: Միայն հիշում եմ որ չափից դուրս մութ էր: Մտա: Բարևեցինք: Ասեց՝ հիշու՞մ ես, ոնց էիր ինձնից վախենում, քիչ էր մնում տակդ անեիր, երբ հեռախոսդ զանգեց: Ասեցի չեմ հիշում: Խաբեցի: Լավ էլ հիշում էի: Հետո ասեց, որ ինքն իրականում էդքան էլ տենց չի, ինչքան որ ցույց է տալիս: Ասեց, որ ինքը թաքցնում է իր մեջ գտնվող իքսերին ու իգրեկներին, որովհետև դրանք չափազան նուրբ են ու փշրվող մարդկանց ստեղծած աշխարհների համար: Ես չէի հասկանում: Բայց զգում էի որ ասածների մեջ ճշմարտություն կա: Ասեցի որ իքս իգրեկներ չգիտեմ, բայց ես էլ էն չեմ, ինչ ցույց չեմ տալիս, ու որ տափուկությամբ հիմա ոչ մեկին չես զարմացնի: Զարմացավ: Ասեց որ աշխարհում ամենաշատը սիրում է մարդուն: Էդ անգամ էլ ես զարմացա: Ուզում էի խոսել՝ չթողեց: Ասեց սխալ հասկացար. մարդուն սիրում եմ, մարդկանց չէ: Համ էլ կներես, որ թաքցնում եմ, իրականում ես քեզ էնքան լավ եմ ճանաչում, չէ, ես քեզ ուզում եմ ճանաչել...ու գիտեմ, որ դու Մարին ես..իսկ էն օրվա համար..էդ ես չէի: Ես միշտ էլ էն չեմ, ինչ ցույց եմ տալիս: Ես ամենաշատն ինձնից եմ վախենում: Չէ: Իմ իրականից չէ, այլ էն զզվելի դիմակից, որը դեմքիցս չեմ կարողանում պոկել: Իսկ գիտե՞ս՝ որտեղից եմ ճարել. աղբանոցից: Ինչ-որ մեկը գցել էր, ես էլ վերցրեցի: Դրա համար էլ ինձ կներես: Ես ուրիշի զզվելի ու կեղտոտ դիմակով եմ ու չեմ կարողանում պոկել դեմքիցս: Էն օրն էլ ես չէի, երբեք էլ ես չեմ լինում: Հարցրեցի իսկ ի՞նչ ես փնտրում ձեղնահարկում: Ասեց՝ դիմակս: Էստեղ եմ հանել ու չեմ հիշում որտեղ եմ դրել: Ասեց կօգնե՞ս ինձ գտնեմ: Ես առանց դրա չեմ կարող: Կմրսեմ, հասկանու՞մ ես: Ասեցի, որ դեռ վախենում եմ իրենից: Մոտեցավ ինձ, գրկեց, ասեց տես, ես էդքան էլ վախենալու չեմ, ես ավելի լավն եմ: Օգնիր հա՞: Թե չէ կսկսեմ այս անգամ դեմքեր գողանալ ու ինձ համար դիմակ կարել: Իսկական դեմքերից դիմակ: Դա՞ ես ուզում:
Ձեռքից դուրս պրծա ու ինչքան ուժ ունեի վազեցի:
Էդ գիշեր երազումս ես ու ինքը դիմակներ էինք կարում իսկական դեմքերից: Ես կորցրել էի ասեղն ու փնտրում էի: Հանկարծ ծակոց զգացի: Հետ շրջվեցի տեսնեմ՝ ինքն է: Վեր թռա: Երբ սթափվեցի՝ հասկացա, որ իմ դեմքն էր ուզում:

Չէ: Էլ չեմ վախենում իրենից: Արդեն սիրում եմ:

Վոլտերա
06.06.2013, 17:07
Ծնողներս պատմում են, որ բավական տարօրինակ ու չարաճճի երեխա եմ եղել: Ես ինձ հենց էդպես էլ հիշում եմ: Հիշում եմ ու կարոտում եմ նախկինիս: Ինձ համար մանկությունս նախկին կյանքի պես մի բան է: Իմ մանկությունը խառնված է երազներիս հետ: Երբեմն ինչ-որ բան վերհիշելիս չեմ կարողանում տարբերել՝ իրականությունն եմ հիշում, թե այն ժամանակ տեսած երազս: Դա անորոշ, բայց շատ հաճելի զգացողություն է: Իզուր չի, որ երազներն իմ կյանքում մեծ դեր ունեն: Ես կյանքն ու երազներս երկու մասի եմ բաժանել: Ու երկուսում էլ հավասարաչափ ապրում եմ: Հետաքրքիր է միաժամանակ երկու կյանքով ապրելը: Փոքր ժամանակ շատ էի սիրում մսեղեն (մինչև հիմա էլ էդպես է): Հիշում եմ մի անգամ ոնց էի ութ կտոր կոտլետ կերել ու վատացել: Մամայենք ամբողջ գիշեր չեն քնել բկլիկությանս պատճառով: Որ հիշում եմ, մի քիչ ամաչում եմ, համ էլ զարմանում եմ վրաս:
Մի դեպք մոտս շատ է տպավորվել:Մի անգամ տատիկս վրաս ուժեղ ջղայնանում է: Ես էլ նեղանում եմ ու թաքնվում մահճակալի տակ: Էդպես թաքնված մնում եմ ու քնում: Չեմ հիշում թե ինչքան եմ մնում քնած, բայց հիշում եմ որ արթնանում եմ՝ լիքը մարդիկ բարձր-բարձր խոսում են: Պարզվում է տատիկս ինձ փնտրել է ու չի գտել: Հետո հարևաններին է իրար խառնել: Փողոցից բոլոր մարդկանց հարցրել է իմ մասին, մտածելով, որ փողոց եմ դուրս եկել ու կորել: Անգամ երթուղայիններ է կանգնեցրել ու վարորդներին հարցրել: Էդպես ինձ չգտնելով բոլորն իրար են խառնվել: Աղմուկը լսելով դուրս եմ գալիս մահճակալի տակից ու տեսնում տատիկիս լացակումած դեմքը: Մինչև հիմա էլ էդ դեպքը հիշելիս կատաղում եմ վրաս: Տատիկս հիմա դժվար հիշի դրա մասին: Բայց ես լրիվ հիշում եմ: Էդ աղմուկը, պատկերները, տատիկիս դեմքը: Այ տենց ռազբոյնիցա եմ եղել: Չնայած հիշում եմ, որ շատ նուրբ սիրտ ունեի: Շուտ-շուտ էի վիրավորվում ու լացում: Բայց ես իմ նախկինին շատ եմ սիրում: Ավելի շատ, քան Վոլտերային: Երևի կարոտելուց է: Չգիտեմ:)

Վոլտերա
14.06.2013, 13:46
Ես նորից վերադարձա իմ չտեսնված գրառումներով:P Քանի որ միշտ ամեն ինչից ուշանում եմ, որոշել եմ օրական երկու գրառում անել, որ մինչև ամսվա վերջ հասցնեմ վերջացնել: Ձեր Վոլտերան ահագին ծույլիկ մարդ է: Էսքան էլ որ գրում է, մուսաների շնորհիվ է գրում: Ավելի ճիշտ մուսաների խաթեր:P

Գնացինք. 4. Պատմություն ձեր արձակուրդից

Մի անգամ կորա Սևանում: Մարդիկ սիրահարվում են Սևանում, խորոված ձուկ են ուտում, խեղդվում են, ես էլ բռնում կորում եմ: Բայց չեք պատկերացնի մարդիկ, թե ինչ հավես բան է կորելը, մանավանդ Սևանում, մանավանդ ուշ երեկոյան, մենակով, ափին, փոթորկահույզ ալիքների ներքո: Լուրջ եմ ասում, անպայման փորձեք:

Ուրեմն գնացել էինք Սևան: Մի խոսքով լողանալ, հաց ուտել, ավազների վրա չորանալ, բադմիտոն, ձու, հանդերձարան, տկլոր կնանիք, ծածկոց... սովորական պիկնիկային գործողություններից հետո պատրաստվում ենք հետ վերադառնալ արևից տառապող խեղճուկրակ Երևան: Տեղավորվում ենք գազել կոչվածներում, հավաքում ենք եղած-չեղածը՝ աման-չաման, կրծած ոսկորներ, տոպրակներ ու պատրաստվում ենք շարժվել: Մեկ էլ հանկարծ զգում ենք, որ ինչ-որ մեկը չկա: Ավելի ճիշտ ես դա զգալ չէի կարող, որովհետև հենց այդ նույն պահին գտնվում էի ներքևում՝ ափին ու թափառում էին երազկոտ դեմքով ու ռոմանտիկ կեցվածքով: Բնականաբար առաջինը մամայենք են նկատում փոքրիկ Վոլտերայի բացակայությունն ու խառնվում են իրար: Սկզբից վարորդին խնդրում են մի քիչ էլ սպասել, գուցե արքայադուստրն ինչ-որ տեղից հանկարծ հայտնվի: Բայց չէ, տեսնում են, որ արքայադուստրը գնալով քնած դշխուհու կերպարն է ստանում ու անհանգստացած այսուայնկողմ են ընկնում: Իսկ այդ նույն պահին, փոքրիկ Վոլտերա դիցուհին զբոսնելիս է լինում լճի երկայնքով ու մոռացած աշխարհում ամեն բան՝ զմայլվում է օդի գեղեցկությամբ ու մայրամուտի գույներով: Ավազին նշաններ անելով թափառում է Վոլտերան, գնում է առաջ, գլուխը տնկած գնում է առաջ: Իսկ մամայենք արդեն հույսները կորցրած Երևան են զանգում, բոլորին իրար են խառնում, թե հասեք, Վոլտերան է կորել: Մոտ մի ժամ տևող զբոսանքներից հետո Վոլտերան բախտի բերմամբ, թե պատահմամբ ուշքի է գալիս ու նոր է միայն նկատում, որ այդքան քայլելուց հետո հասել է կղզու ծայրին ու կորել: Այստեղից էլ արդեն սկսում են Վոլտի հիստերիկան ու լացուկոծը: Գոռում եմ ո՞վ կա: Իսկ ինձ ոչ ոք չի պատասխանում: Դե հո բոլորը չեն իմ պես խփնված ու անհույս: Բայց պարզվում է, որ կան մի քանիսն իմ պես, որովհետև շատ շուտով ինչ-որ ընտանիք է ինձ նկատում: Խեղճ երեխա, ասում են, կորել է, էն էլ էս մթին, Սևանում, բալես տուն-տեղ չունե՞ս, մամա-պապա չունե՞ս, համար ասա զանգեմ: Խեղճ երեխան մի կերպ հիշում է մամա-պապայի համարը, ընտանիքը զանգում է խեղճ երեխայի մամա-պապային ու արդեն երես առած Վոլտերայի մամա-պապան գալիս տեղ են հասնում: Երկար-բարակ ճառերից հետո, թե խելքդ ու՞ր էր, մի քանի նախադասություն գոռալուց հետո գնում ենք արդեն ծերացած գազել, որտեղ բոլորը հուզված-կարոտած դեմքերով ինձ են նայում, ասես Жди меня-ի հերթական հաղորդումներից մեկի ժամանակ...

Ես տենց էլ մի բան չհասկացա. ինչու՞ մամայենք ինձ գտնելուց հետո գրկելու ու համբուրելու փոխարեն վրաս ջղայնացան ու գոռացին, հ՞ն... ախր կորածների հետ էդպես չեն վարվում, ախր... :(

Վոլտերա
18.06.2013, 13:30
Հ.Գ.
Մի լսեք Վոլտերային: Անկապ-անկապ խոսում է: Իրականում իմ ամենամեծ նվաճումը երեկ եղավ: Երկու առաջ հիստերիայի մեջ, կատաղած բոլորի վրա՝ ջնջում եմ բլոգս: Ու երդվում եմ, որ երբեք այլևս չեմ վերականգնելու այն: Բացի այդ որոշում եմ, որ էլ երբեք չեմ գրելու, անգամ չեմ փորձելու գրել: Բայց դա անգամ երկու օր չի տևում: Երեկ հասկանում եմ, որ առանց բլոգիս երկար չեմ դիմանա: Ու եթե չգրեմ, հասարակության համար վտանգավոր կդառնամ: Ու վերջապես իմ մեջ ուժ գտնելով վերականգնում եմ բլոգս ու կարոտած գրկում եմ իրեն ու եթե համբուրելու հնարավորություն էլ լիներ, դա էլ կանեի:
Իմ Բլոգ, ես քեզ սիրում եմ: Ես քեզ հիմա ավելի շատ եմ սիրում, քան երբևէ սիրել եմ: Մի նեղացիր ինձնից: Ու ինձնից երես մի թեքիր:( Թե չէ առանց քեզ երկար չեմ ձգի...

Վոլտերա
18.06.2013, 14:36
Օր 6. Շշշշ...

Փիլիսոփայել և կրկին փիլիսոփայել: Չէ, էս անգամ որոշել եմ առանց դրա գրել: Մարդկային ու բոլորին հասկանալի լեզվով: Հիմա կասեք մարդկային լեզուն դա հենց բոլորին հասկանալի լեզուն է: Իսկ ես կասեմ՝ ոչ: Դա այդքան էլ տենց չի: Ու քանի որ խոստացա չփիլիսոփայել՝ համեստորեն կլռեմ:
Եվ այսպես՝ 6. Պատմություն, որ երբևէ որևէ մեկի չեք պատմել
Ոչ մեկին երբեք չեմ պատմել: Բայց ձեզ կպատմեմ: Դուք էլ խոստացեք, որ ոչ մեկին չեք պատմի: Խոստացա՞ք: Գնացինք:
Մեր դասարանում մի ընկերուհի ունեի: Իր հետ ոչ մեկ չէր շփվում: Բոլորն իրենից երես էին թեքել: Ու դրա համար ահագին պատճառներ ունեին: Մենակ ես էի, որ կողքին էի: Դեռ փոքր ժամանակից էլ սիրում էի շփվել տարօրինակ ու միայնակ մարդկանց հետ: Միշտ մերժվածի կողքին էի լինում: Դրա համար ինձ շատ էին մեղադրում: Ոչ մի կերպ չէին հասկանում, թե ոնց կարելի է նման մարդկանց հետ շփվել: (Մինչև հիմա էլ տարօրինակ ու միայնակ մարդիկ իմ թուլությունն են): Լավ: Տարօրինակ ընկերուհուս անունը դնենք M: Ուրեմն էս M-ին ես շատ էի սիրում: Դասերից հետո իրար հետ թրև էինք գալիս: Միանգամից տուն չէինք գնում: Ես երբեմն իրենց տուն էի գնում: Քանի որ մենակ էր ապրում, երկար էի մնում իրենց տանը: Ամեն անգամ տուն գնալուց հետո մամաս վրաս լավ ջղայնանում էր ուշ վերադառնալուս համար: Ինձ տանն էլ էին արգելում իր հետ շփվել: Մանավանդ եղբայրս: Դրա համար թաքուն էի շփվում: Դե թաքունը որն է, էնպես էի անում, որ տնեցիները չտեսնեին մեզ իրար հետ քայլելիս: Հա, անգամ արգելել էին իր կողքով քայլել: Բայց ես համառի մեկն էի: Մինչև հիմա էլ համառ եմ, ուղղակի այն ժամանակ չէի հասկանում, ավելի ճիշտ չէի ուզում հասկանալ, թե ինչի էր ինքը մենակ ու ինչի էին ինձ արգելում իր հետ շփվել: Դասերից հետո որ տուն էինք գնում, իր տան կողքով քայլելիս ինձ միշտ ասում էր էստեղ սպասիր, գնամ խանութ՝ գամ: Ես էլ խելոք -խելոք սպասում էի իրեն: Մի քանի րոպեից հայտնվում էր ձեռքին լիքը համով բաներ: Ասում էի որտեղից, ասում էր՝ առել եմ: Ես միշտ զարմանում էի, թե ոնց է ամեն օր էդքան փող ծախսում, որովհետև եղել էի իրենց տանն ու լավ գիտեի, որ ֆինանսապես լավ վիճակում չէին: Բայց դե փոքր էի, շատ չէի ուզում խորանալ վերլուծությունների մեջ: Էդպես գնում էինք իրենց տուն ու հարձակվում էինք քաղցրեղենի վրա: Որ տուն էի գնում, ախորժակ չէի ունենում ուտելու: Դե որ էդքան քաղցր լցնեի փորս, պարզ է, որ չէի ուզի ճաշել: Մաման չէր հասկանում: Անգամ էդ պատճառով մի քանի անգամ բժշկի է տարել, որ տեսնի թե ինչի իր երեխան դպրոցից տուն գալուց հետո հաց չի ուտում, բայց բժիշկներն ասում էին որ տարիքից է, էլի մի քանի բան հնարելով ուղարկում էին: Ու տենց շարունակ:
Մի անգամ M-ին խնդրում եմ, որ ես էլ իր հետ խանութ մտնեմ: Երկար ժամանակ չեմ կարողանում համոզել, հետո որ տեսնում է շատ եմ պնդում, ասում է լավ, բայց խոստացիր ոչ մեկին բան չես պատմի: Ես էլ խոստանում եմ: Մտնում ենք խանութ: Փոքր խանութ է լինում: Վաճառողը ներսում չի լինում: Սեղանիկից արագ-արագ մի քանի բան է վերցնում ու լցնում է պայուսակը: Ես զարմացած նայում եմ: Դեռ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Էդ պահին վաճառողն է ներս մտնում: Ասում է՝ երեխեք ջան ինչ եք ուզում, M-ն ասում է երկու հատ էսինչ պաղպաղակից: Քանի որ սառնարանը դրսում է լինում, վաճառողը դուրս է գալիս, որ բերի պաղպաղակները: Էդ պահին M-ն նորից մի քանի բան է վերցնում սեղանիկից ու այս անգամ իմ պայուսակն է լցնում: Վաճառողը մտնում է ներս: Տալիս է պաղպաղակները, M-ն վճարում է երկու պաղպաղակի դիմաց ու դուրս ենք գալիս խանութից: Դրանից հետո միշտ երկուսով էինք մտնում խանութ, նույն ձևով գողանում էինք ու դուրս գալիս: Ես զգում էի, որ լավ բան չենք անում, բայց ինձ դուր էր գալիս դա: Ինձ դուր էր գալիս, անկեղծ եմ ասում: Չգիտեմ՝ինչի: Էդ օրվանից հետո վախեցած էի քայլում փողոցում: Ինձ թվում էր՝ գալու են իմ հետևից, ինձ թվում էր բոլորն ինձ էին նայում, ինձ թվում էր բոլորը գիտեին էդ մասին, ինձ բոլորը դահիճներ էին թվում, ես վախենում էի արդեն դուրս գալ տնից, երկար ժամանակ մղձավանջային երազներ էի տեսնում, տեսնում էի թե ոնց են բոլորն իմացել ու ինձնից երես թեքել:
Մի անգամ M-ն դասարան է մտնում վախվորած աչքերով, մոտենում է ինձ ու ականջիս ասում է.
- Էլ չենք գնալու խանութ
- Ինչի՞
- Իմացել են
- Որ մե՞նք ենք
- Չէ, բայց եթե մի անգամ էլ գնանք՝ կիմանան: Ասում են, որ վաճառողը էս վերջին դեպքերից հետո հասկացել է, որ մենք ենք:
- Կորած ենք
- Դեռ չէ: Պիտի էդ կողմերում քիչ երևանք, մինչև որ անցնի գնա: Եղավ:
Այդ օրվանից մենք էլ չենք շփվում իրար հետ: Խանութը մի քանի օրից փակում են, վաճառողին հեռացնում են ու ամբողջ պարտքն իր վրա է ընկնում: Իսկ մենք ջրից չոր ենք դուրս գալիս:
Մինչև հիմա էլ այդ պաղպաղակների ու քաղցրեղենի համը դառնացել է կոկորդումս ու կուլ չի գնում: Ու երբեմն էլ երազներումս տեսնում եմ վաճառողի քմծիծաղը, որն ինձ ձեռքով է անում ճաղերի հետևից...

StrangeLittleGirl
21.06.2013, 00:05
Հ.Գ.
Մի լսեք Վոլտերային: Անկապ-անկապ խոսում է: Իրականում իմ ամենամեծ նվաճումը երեկ եղավ: Երկու առաջ հիստերիայի մեջ, կատաղած բոլորի վրա՝ ջնջում եմ բլոգս: Ու երդվում եմ, որ երբեք այլևս չեմ վերականգնելու այն: Բացի այդ որոշում եմ, որ էլ երբեք չեմ գրելու, անգամ չեմ փորձելու գրել: Բայց դա անգամ երկու օր չի տևում: Երեկ հասկանում եմ, որ առանց բլոգիս երկար չեմ դիմանա: Ու եթե չգրեմ, հասարակության համար վտանգավոր կդառնամ: Ու վերջապես իմ մեջ ուժ գտնելով վերականգնում եմ բլոգս ու կարոտած գրկում եմ իրեն ու եթե համբուրելու հնարավորություն էլ լիներ, դա էլ կանեի:
Իմ Բլոգ, ես քեզ սիրում եմ: Ես քեզ հիմա ավելի շատ եմ սիրում, քան երբևէ սիրել եմ: Մի նեղացիր ինձնից: Ու ինձնից երես մի թեքիր:( Թե չէ առանց քեզ երկար չեմ ձգի...

Մոռացել էի, որ սա ստեղծագործողի բաժնում ա, հետևաբար կարելի ա քոմենթել :) Վերականգնելու համար ապրես: Եթե չանեիր, էնքան էի ներվերդ ուտելու, մինչև անեիր:

Ինչ վերաբերում ա վերջին պատմությանը, ապրես, իսկականից ապրես: Պատմելու համար: Սենց բաները մարդիկ չեն պատմում, թաքցնում են: Էս նախագիծը սկսելու նպատակներիցս մեկն էլ նաև մարդկանց գրելու համարձակության մղելն էր: Ափսոս, էսպիսի համարձակ պատմությունները շատ քիչ են, բայց լավ է, որ կան :)