PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճառագայթ. ☄



Stranger_Friend
12.05.2013, 00:47
Մարդիկ անազատության կաղապարի մեջ թաղված անհույս ելքեր են փնտրում, իսկ ես վայելում եմ անազատության սահմանին կանգնած:

Սահմանից քանի քայլ այսկողմ կամ այնկողմ՝ նույն բանն է:
Բանտի դարպասները չեն, որ գծում են մեր սահմանը: Ամենուր բանտ է՝ մեր ներսում և դրսում:

Դժվար է ընդունել այն ճշմարտությունը, որ ազատություն չկա, բանտում ուղղակի դրա սահմանները գծած են պարիսպների տեսքով:

Ո՞ւմ ես սպսում, գնա՛, բռնի՛ր քո ազատությունը... փախա՜վ, գնա՜ց... չհասար, երբեք էլ չես հասնի: Ազատության հետևից վազելով ես անցնում անթույլատրելիի սահմանն ու պատժվում...
Հատուցմանդ ժամն է... հասիր, թե կարող ես, բե՛ր քո ազատությանը, թող նա պատասխան տա քո փոխարեն:
Տեսնենք նա ո՞ւմ կողմից վկայություն կտա՝ քո՞, որ ստիպողաբար ուզում ես ձեռքդ առնել իրեն ու ճզմել՝ մինչև սև այրուն դուրս գա, թե՞ քո Պահակի, որ փակելով դարպասները քեզ վրա՝ իրեն թողնում է ետևում:

Բանտն էլ քո ճահիճն է ու դու արդեն կիսով չափ դրա մեջ ես.
Ո՞ւ են ազատողներդ, հը՞ն.

Ախր դու մենակ ես այս բանտ կոչվող ճահճի մեջ: Ափի վրա մարդ չկա. դու անհույս սպասիր, թե երբ է գալու բարի աչքերով Մարդուկն ու ձեռքդ բռնելու...
Մարդուկն էլ է բանտի մեջ ու շուտով կգա այն պահը, երբ դու ես կանգնելու վկայի տեղը, իսկ նա շատ հարազատ տեսքով՝ գլուխը կախած, որ չտեսնի վրեժի ծարավ աչքերդ ու անհագ հույսով, թե միգուցե վերջին վայրկյանին արթնանա այն խիղճը, որը բանտարկվեց հենց նույն տեղում՝ մեղադրյալի աթոռին, կքարանա ուղիղ քո դիմաց...

Նա՛ քեզ տարավ ճահիճը, այդժամ կարտասանե՞ս արդյոք հոգուդ խորքում բազում մշակած ելույթը, որը պիտի խորտակի այն արարածին, ումից երդվեցիր վրեժխնդիր լինել: Վերապրելով թարմ չարչարանքը տեսնենք կկարողանա՞ս զոհել խիղճդ...