PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մամայի հոտ ա գալիս...



Արևանուռ
22.02.2013, 16:53
ՄԱՄԱՅԻ ՀՈՏԱ ԳԱԼԻՍ...

Կինը անտրամադիր մտավ աշխատասենյակ ու գնաց դեպի իր գրասեղանը: Պայուսակը դրեց սեղանին, դարակից հանեց գրանցամատյանը, բացեց, բայց արագ վեր կացավ.
- Սուրճ կուզե՞ք, - դիմեց բաժնի վարիչին
- Հա,- գլուխը տմբտմբացրեց Սարգսյանը, ուզեց հարցնել ուր էր, բայց հետո գերադասեց լռել,իմանալով որ անտեղի կլինի,- իմը շաքարավազով կանես:
Սուրճը տաք էր ու հաճելի դառը: Առավոտից բան չէր դրել բերանը, մտածում էր պիտի անալիզ հանձներ, էն էլ… է՜հ, մարդ պիտի բախտ ունենա, բա՜խտ…
- Լալա, քեզ են ուզում,- մի բան գտածի նման ասաց Սարգսյանը, նրան մեկնելով լսափողը.
- Մերսի, -
Սրճեփն անջատեց,- նախանձ, մի ապարատի եղածն ինչա՞, որ չես ուզում իմ համար բերել տալ, կարծես քո գրպանից ես վճարելու,- մտածելով հեռախոսին մոտեցավ կինը.
- Ո՞նց ես, գնացի՞ր հիվանդանոց,- մորաքույրն էր,-
- Ոչ մի բան էլ չկար, - ու էլ չկարողացավ շարունակել, կարծես այդ խոսքերին էր սպասում ու փղձկաց…
- Ի՞նչ եղավ, ո՞վ էր… զանգե՞մ Վահանին,- հարցրեց Սարգսյանը .
- Չէ, ջուր տվեք,- մի կերպ ասաց կինը,-
Սարգսյանը վերցրեց ձեռքից տու-տու անող լսափողն ու դրեց տեղը.
Ջուրը խմեց, հավաքեց իրեն ու նստեց տեղը.
- Կարողա՞ ճնշումդա, գնա՞մ ջերմուկ բերեմ.
- Եթե դժվար չի,- ասաց կինն ու ուրախացավ իր՝ սենյակում մենակ մնալու մտքից.
Ինքը երազում տեսել էր, որ երկու ոտքով կանգնած էր ձմերուկի մեջ, հավատում էր, դրա համար գնաց Ծաղիկի մոտ: Թեստ արեցին, մի գիծ էր, - «է՜, բա գլուխս ինչո՞ւ է հաճախ պտտում» ...

Սարգսյանը ներս մտավ, ետևից էլ Վահանը.
- Աստծո սիրուն, Լալային տիրություն արա, տուն տար.
Կինը մի կերպ ժպտաց ամուսնուն, որ նշանակում էր «բան չի պատահել»:

Վահանը մտավ հյուրասենյակ:
- Դե ասա տեսնեմ ինչ է եղել.
- Ծաղիկի մոտ էի, կասկածներս սխալ դուրս եկան.
- Դու հանգստացի, ամեն ինչ լավ կլինի, թեյ բերե՞մ թե՞ սուրճ, - համբուրեց կնոջն ու գլխով ցույց տվեց բազմոցը.
- Չէ, ուզում եմ քնել:
Անցան ննջարան: Կինը հանվեց, մտավ անկողին: Վահանը ծածկեց ուսերը վերմակով,
- Դու քնիր, ես գնամ մի քիչ աշխատեմ, վաղը գծագրերը պիտի հանձնեմ:

Մեկը մտավ վերմակի տակ ու քնքուշ փաթաթվեց իրեն .
-Հայկ ջա՞ն, եկա՞ր ,մամայի բալա, - ու ամուր գրկեց իր առաջնեկին...:
Երբ մենակ էր լինում ննջարանում, Հայկը գալիս էր մոտը, խաղում էր Տիմոշա արջուկով, լսում հերթական հեքիաթն ու ամեն անգամ պինդ գրկելով մորը, խորը շնչում էր ու ասում՝ «ինչ լավա, մամայի հոտա գալիս»...
Վախենում էր աչքերը բացել:
Ամուր գրկեց երեխային որ զգա նրա ներկայությունը, որ հավատա ուրիշներին անտեսանելի ու անհավատալի իր իրականութանը:
- համովս, սիրտս, անուշս, կյանքս, բալե՜ս… մի քիչ խաղանք, հետո հեքիաթը, հա՞...
- Չէ, մամ ջան, էսօր հեքիաթ մի պատմիր, ես քեզ կարևոր բան եմ ասելու, ես ապերիկ եմ ունենալու, ուզում եմ որ անունը Տիգրան լինի:
- Է՜, Հայկ ջան,- հառաչեց կինը.
- Հա՜, ճիչտ եմ ասում, հավատա, ու ես էսօր վերջին անգամ եմ եկել, դու էլ ինձ չսպասես, ես հետո կգամ Տիգրանի հետ ու միշտ իրեն կպաշտպանեմ:
- Մի՜… մի գնա, ես քեզ թաքուն կպահեմ, ոչ մեկը չի իմանա քո մասին, մնա հետս էլի, մի՜…,- թախանձում էր կինը արցունքների միջից.
- Լալա,- Վահանն էր դռան ետևից.
Հայկը ամուր սեղմվեց մորը, մեկ անգամ էլ շնչեց նրա բույրը, համբուրեց ու ինչպես հուշիկ մտել էր անկողին, այնպես էլ դուրս եկավ, գնաց դեպի պատն ու անէացավ:

- Բժշկուհի Ծաղիկն է զանգում,- զգուշորեն դուռը բացելով կանչեց Վահանը,- ասում է շատ կարևոր է.
- Հիմա,- արագ հագնելով հողաթափերն ու վերցնելով խալաթը՝ դեպի հյուրասենյակ շտապեց կինը
- Լալա ջան, մաղարիչ ունենք,- նոր գրասեղանս հավաքելիս նայեցի թեստին, երկրորդ գիծն էլա երևում, աննշմարա, բայց ես տեսնում եմ…
Էլ ոչինչ չէր լսում…
Մի կում հեղձուկ էր կանգնել կոկորդում- : Մի կերպ հենվեց բազմոցի թևքին.... « երկու գի՜ծ…»
երկու գիծա՜,- ու փլվեց ամուսնու գրկում .
… Կինը վերջին վեց ամսվա մեջ առաջին անգամ երջանկությունից էր լացում..
- Երկու գիծը գիտե՞ս ինչա, Վահան, երեխա՜ …

... Մամայի հոտա գալիս...

Lusntag Lusine
23.02.2013, 21:49
Այս էլ քանի անգամ եմ կարդում այս պատմվածքը, ու ամեն անգամ էլ աչքերս թրջվում են:

murmushka
23.02.2013, 22:36
էէէէէհ, թվում է առօրյա պատմություն է, շատ պարզ շարադրված, բայց երբ իրավիճակը ծանոթ է... ամեն ինչ այնքան հուզիչ է

Արևանուռ
23.02.2013, 22:41
Այս էլ քանի անգամ եմ կարդում այս պատմվածքը, ու ամեն անգամ էլ աչքերս թրջվում են:

էէէէէհ, թվում է առօրյա պատմություն է, շատ պարզ շարադրված, բայց երբ իրավիճակը ծանոթ է... ամեն ինչ այնքան հուզիչ է

իրականություն է իմ կյանքից, շնորհակալ եմ կարդալու ու արձագանքի համար

Արևանուռ
08.04.2013, 12:56
Կատվիկը նստել էր տխուր ու նայում էր ճանապարհին՝ այնտեղ հարազատ հոգի զտնելու հույսով:
Կինը քայլում էր ու չափազանց մտազբաղ էր։
- Բարև, - թույլ մլավեց կատվիկը…
Կինը չքշեց կատվիկին։ Կատվիկն ուրախացավ, ավելի ինքնավստահ մոտեցավ կնոջն ու սկսեց նրան համաչափ քայլել՝ ամեն կերպ հուսալով ուշադրության արժանանալ.

- Փիսո՛, դու գիտե˚ս որ ես կատուներին ատում եմ , - կատվիկի քսմսվելուց
խուսափելով՝ առաջ քայլեց կինը.
- Ես եկել եմ քեզ հետ հաշտվելու, դու այն ժամանակ սխալ ես հասկացել ամեն ինչ,- կարկամելով մլավեց կատվիկը,- ես ուզում էի նրան փրկել, հավատա՛ ինձ։
- Ինչու ՞ ես այդ մասին հիմա ասում, փիսո՛, իմ կյանքից կորել է 12 տարի, - շարունակեց քայլել կինը։
- Դու այն ժամանակ չէիր ընդունում ինձ, բայց այսօր պիտի լսես,- հաստատակամ մլավեց կատվիկը.
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Փիսո՛, ի ՞նչ անեմ, ասա՛, ես կորցնում եմ առողջ դատելու կարողությունը,- մտածում էր կինը, ու թվում էր, որ նա դեռ չի ներել կատվիկին.
- Ամեն ինչ առջևում է, սպասի՛ր,- գրեթե ընկնելով ոտքի տակ՝ մլավեց կատվիկը
- Փիսո՛, քեզ ո ՞վ ուղարկեց ինձ մոտ,- հանկարծ առկայծեց կնոջ միտքը։
- Քո հոգու կանչը,- կանաչ աչքերը փայլեցրեց կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Ինչի ՞ց ես վախենում,- անվստահ մլավեց կատվիկը…
- Ուզում եմ արտասվել,- արցունքախառն աչքերը թաքցրեց կինը,- ես գտել եմ իմ կորցրած հավատը, փիսո՛, ես պիտի փայփայեմ,ամուր պահեմ այն, իմ արցունքները երջանկությունից են։
- Եթե ուզում ես, լացի՛ր,- առաջ անցավ կատվիկը։
- Փիսո, ուզում եմ քեզ համբուրել,- դանդաղեցրեց քայլքը կինը։

- Ես այսօր սպասում էի քեզ, թույլ տուր քո ընկերը լինել,- շրջվեց ու ընդառաջ եկավ կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր…
- Փիսո՛, վաղը ես քեզ պանիր կբերեմ, իմ սիրած պանիրից,- բարձրաձայնեց կինը։
- Եթե վաղը չգամ, չտխրես, ես մի ուրիշ օր էլի կգամ քեզ ընկերանալու, - իր լեզվով մլավեց կատուն, որ հանկարծ հիշել էր իր ցանկությամբ երբ և ուր լինելու կատուների կանոնը։
Ուշ էր, կինը վերադարձավ տուն, իսկ կատուն երջանիկ՝ տարիներ հետո կնոջ հետ հաշտվելու մտքից, գնաց մյուս կատուների հետ կատվություն անելու…
55504
նկարը Մարիետա Հակոբյանի

Արևանուռ
29.04.2013, 13:10
ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐԸ



Տիկին Գոհար, փակեք աչքերն ու հաշվե՛ք մինչև տասը:
- Չէ, լա՛վ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

1

- Երազումս մի աղջիկ երեխա էի գրկել, ո՜նց էի սիրում, ո՜նց էի սիրում, ու պատկերացնու՞մ եք, ինքս ինձ բարձրաձայն ասում էի. «ես էս երեխային Աննայի չափ եմ սիրում»,- շոկոլադի սալիկը կոտրատելով պատմում էր Գոհարը՝ ակնարկելով քրոջ աղջկան:
- Երազում երեխան լավ չի,-սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց աշխատակցուհին,- հիվանդություն ա:
- Եթե արթնացել ես ու տրամադրությունդ լավ ա եղել, ուրեմն լավ բանի սպասի,- Մարիամն էր, Գոհարի ամենամոտ ընկերուհին:
- Տեսնես առավոտվա սուրճից ավելի համեղ բան կա՞...
- Չէ- չկա, առավոտյան սուրճն անմահական ա,- միաբերան արտասանեցին աղջիկներն իրենց հնարած կանոնն ու ծիծաղեցին:
- Էսօր երեկոյան մեր տուն կգաս, Ռաֆի ծնունդն ա, բայց նվեր չբերես,- հենց մյուս ընկերուհին սենյակից դուրս եկավ, շուտասելուկի պես վրա բերեց Մարիամը:
-Առանց նվեր ծնու՞նդ ա լինում,- ծիծաղեց Գոհարը:
Տուն գնալիս ճանապարհին մտավ խանութ, կոնյակ ու մի երկու քաղցր բան վերցրեց, հո դատարկ ձեռով չի՞ գնալու:
Հայրը դիմավորեց դռների մեջ:
- Խորովածի լավ միս եմ առել, էսօր խորովե՞մ, թե՞ մնա շաբաթ.
- Պապ ջան, էսօր ծնունդի եմ, թո՛ղ մնա:
Գոհարն արագ հաց սարքեց հոր համար, կարգի բերեց՝ առանց այդ էլ ամեն ինչ իր տեղում բնակարանն:
- Պապ ջան, արի, հացդ կեր,- ու մտավ իր սենյակ՝ զգեստափոխվելու:
Մարիամը դուռը բացեց,- արի, սրանք ինչի՞ ես բերել, չասացի՞ չբերես, արի, արի,- ու առաջնորդեց Գոհարին հյուրասենյակ:
Ա՛յ քեզ բա՜ն, հյուրասենյակում տոնական սեղան չկար դրված, բազմոցին էլ Ռաֆն էր ու Ռուբենը՝ Գլխավոր երկրաբանի բաժնի նոր աշխատողը: Տղամարդիկ կանգնեցին, ու դա ավելի շփոթեցրեց Գոհարին:
- Ռուբե՛ն, մենք իրար գիտենք, բայց ուրախ եմ օֆիցիալ ծանոթանալու համար:
Գոհարն այնպես էր ամաչում, որ միայն կարողացավ շշնջալ,- Գոհա՜ր...
- Մարիա՞մ, սա՞ էր Ռաֆի ծնունդը,- ընկերուհու ետևից խոհանոց մտավ Գոհարը.
-Ասաց, չի ուզում աշխատանքի տեղում կամ դրսում հանդիպել, էնպես լա՜վ տղայ ա, Ռաֆի դասընկերն ա, - Մարիամը շարունակեց ինչ-որ բան փնտրել պահարանում՝ խուսափելով ընկերուհու հայացքից:

Ռուբենը հետաքրքիր էր խոսում՝ ռուսերեն շեշտադրությամբ, էնպես էլ անուշ հոտ էր գալիս: Կարծես մի պայմանավորվածություն լիներ. բոլորը խոսում էին իրենց մասի: Գոհարը զարմանում էր ինքն իր վրա, թե ո՞նց այդքան շուտ վերագտավ իրեն ու կարծես թե համաձայն է, ինքն էլ չգիտի թե ինչի՞...
Հրաժեշտ տվեցին տանտերերին ու իջան աստիճաններով: Ռուբենն, իհարկե, չէր թողնի Գոհարին վերադառնալ տուն միայնակ:
-Թույլ տուր ուղեկցեմ,- ասաց:
«Ինչու՞ ոչ» մտածեց Գոհարը և գլխի շարժումով համաձայնության նշան արեց:
-Երևի թե հոգնեցրինք մեր գործերից խոսելով,-նկատեց Ռուբենը փոքր ինչ ժպիտով:
-Ո՜չ, ո՛չ, ամեն ինչ նորմալ է,-Գոհարը դեռ շարունակում էր խուսափել կողքով քայլող տղամարդու հայացքից:
-Դա սովորական է: Տղամարդիկ միշտ էլ սիրում են զրուցել գործերից, նույնիսկ տոնական սեղանի շուրջ:
-Բայց պարզվեց, որ մենք տոնական սեղանի շուրջ չէինք հավաքվել,-քմծիծաղեց Գոհարը:
-Դու սխալվում ես, - Ռուբեն կանգ առավ՝ բռնելով Գոհարի ձեռքը: Այն այնպես տաք էր, ինչ որ ուժ էր գալիս նրանից ու Գոհարն իրեն շատ հանգիստ էր զգում: - Մեր ծանոթանալն արդեն տոն է:
Ռուբենը չէր խուսափում նրանից, նրա հայաքում մի գաղտնիք էր թաքնված, որ ուզում էր դուրս ժայթքել բառերի հետ, բայց դեռ ժամանակը չէր:
-Մի մերժիր ինձ և եկ մի փոքր զբոսնենք,-հնչեց Ռուբենի խոսքը:
Վերջապես Գոհարը բարձրացրեց աչքերը:
-Լավ,-համաձայնեց նա, չփորձելով ետ քաշել ձեռքը Ռուբենի ջերմ ափից: Ձեռքն այնքան տաք էր, ինչ որ ուժ էր գալիս նրանից, ու Գոհարն իրեն շատ հանգիստ էր զգում: Նոյեմբերյան երեկոյի ցուրտը անկարող էր սողոսկել նրանց հագուստից ներս, անգամ քամին չէին զգում, որ նրանց մազերը մեկ-երկու խառնելով հեռացավ ու կորավ մթնշաղում տարուբերվող ծառերի ետևում:

Շատ հաճելի էր Ռուբենի ձայնը՝ հավատ ներշնչող: Ամեն խոսքից Գոհարը մտքում երկար-բարակ մտածում էր, բայց միայն արտաբերում էր այո, կամ … ավելի շատ՝ այո: Երջանկությունը ջերմացրել էր արյունը, դարձել հաճելի խռովք, և ժպիտի ու շիկնանքի ձևով դուրս էր հորդում նրանից:

- Քեզ հավանել եմ առաջին իսկ պահին, որ տեսել եմ, ուզում եմ իմ կինը լինես, հարստություն չեմ խոստանում,աստղեր ու լուսին էլ չէ, բայց սեր ու հավատ՝ վստահեցնում եմ:

Երկար քայլեցին քաղաքի փողոցներով, չնկատելով էլ դրանք ծանո՞թ են, թե ոչ: Իրար ձեռքից բռնած, երբեմն կանգնելով ու իրար աչքերի մեջ նայելով, քայլում էին աղջիկն ու տղան և ծրագրում իրենց ապագան:
Կեսգիշերն անց էր: Մոտեցան Գոհարենց շքամուտքին:
- Երրորդ հարկի այն պատուհանները մերն են:
-Բարձրանա՛նք.

Բնակարանի դռան մոտ Ռուբենը ձեռքերի մեջ առավ Գոհարի գլուխն ու նայեց աչքերին: Խոսքե՞ր: Արդեն ավելնորդ էին: Լռեել էին փողոցի ձայները, որ անդադար սղոցում են մարդու ուղեղը: Ա՜խ, որքա՜ն հաճելի էր ազատվել այդ աղմուկից: Լռության մեջ երկու շնչառություն էին, երկու սրտերի խփոց... Ռուբենը համբուրեց աղջկան...

Գիշերը կրկնվող երազի նման էր: Անընդհատ հիշում էր իրենց զրույցները, Ռուբենի ռուսերեն շեշտադրությունն, օծանելիքի բույրը... իսկ շուրթերը դեռ այրվու՜մ էին, ի՜նչ երանություն ...
Գոհարը շտապ վեր կացավ անկողնուց, առանց հողաթափերի վազեց դեպի գրասեղանը, փոքրիկ օրացույցի վրա կարմիր գրիչով օղակեց նոյեմբերի 29-ը, ժպտաց իր հայտնագործությանն ու հանգիստ մտավ անկողին:

2

-Սրտիկս, ես գնացի,- խելոք կմնաք, շուտ կգամ,- հայացքով շոյելով վերմակի տակից ընդգծված կնոջ փորիկը, հուշիկ համբուրելով ականջի բլթակը՝ շշնջաց Ռուբենն ու ուղղվեց դեպի ննջարանի դուռը:
Գոհարը կիսաքուն երջանիկ ժպտում էր:
- Կսպասենք, դու հանգիստ եղիր,- արտաբերեցին կիսաբաց շուրթերը,- մի ժամ էլ պառկեմ ու վեր կենամ:
Աչքերը բացեց մեջքի սուր ցավից: Անտանելի էր: Վերմակը ետ գցեց, որ վեր կենա, չկարողացավ, ոտքերն ընդարմացել էին, շարժել չէր կարողանում,- Ռուբե՜ն...,- ու այդպես կծկված տապ արեց անկողնում:
Մի քանի վայրկյանից ցավը մեղմացավ, անցավ: Փորձեց, ոտքերի զգացողությունը վերականգնվել էր, վեր կացավ տեղերից ու գնաց խոհանոց: Մի բաժակ ջուր խմեց, ասես ոտքերն էլ ամրապնդվեցին: Մտքում միայն մի հարց էր՝ մի՞թե դա հենց այն է, ինչին սպասում են, պետք է անհապաղ զանգել Ռուբենին:
- Բարև Ձեզ, պարոն Սեդրակյան, Ռուբենին կկանչե՞ք, այո, շնորհակալություն, լավ եմ, լավ ենք…, ա՜խ…
Էլի նույն ցավերը, բժշկուհին ասել էր հենց անծանոթ ցավեր ունենաս, շուտ կգաս հիվանդանոց,- Ռուբե՜ն,- թույլ տնքաց Գոհարն ու ամուր բռնեց սեղանից...
Դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ Ռուբենը:
- Սեդրակյանի մեքենայով եմ, գնում ենք հիվանդանոց ...
Բժշկուհին շփոթված էր: Ցավերի հաճախականությունը մոտ է ծննդաբերության, բայց Գոհարի մարմինը՝ ոչ: Միգուցե կեսարյա՞ն անեն, երեխային կորցնելու վտանգ կա: Զանգեց վիրաբույժին:
- Ուշ է վիրահատության համար, պետք է բնական ճանապարհով ծննդաբերի, ամուսնուն կանչե՛ք, - մտախոհ ասաց վիրաբույժը:
- Գոհարի մոտ խնդիրներ կան, Երեխան արդեն ֆիքսվել է, իսկ համապատասխան չափսեր չկան, պետք է վիրաբուժական միջամտություն, եթե ոչ, երեխային կորցնելու վտանգ կա, ուզում ենք, որ դուք էլ ներկա լինեք:
Ռուբենը լվացվեց, հագավ բուժքրոջ տված խալաթն ու գլխարկը: Շատ մտահոգ էր: Նա ինքն էլ անհանգստանում էր կնոջ ու երեխայի համար, բայց պիտի հավաքվի, որ Գոհարն ոչինչ չզգա: Ո՞վ կպատկերացներ, որ կարող է ներկա գտնվել իր զավակի լույս աշխարհ գալուն: Աչքերը լցվեցին, բայց միայն մի պահ, արագ սթափվեց, ինքը ուժեղ էր պետք Գոհարին:
Կինը ցավերից կծկվել էր ու անձայն տնքում էր, արցունքները գլոր-գլոր հոսում էին աչքերից: Ռուբենին որ տեսավ, ամաչությունից ուզեց վեր կենալ պառկած տեղից.
- Էս ու՞ր, աղջիկ ջան, ամուսնուդ բերել ենք որ քեզ ուժեղ զգաս...
Հայացքը հառեց բժշկուհուն, որտեղ և՛ խնդրանք կար, և՛ պահանջ, և՛ համաձայնություն:
-Գոհար ջան, դու ուշադիր լսիր ինձ, մենք հիմա միասին պիտի օգնենք ձեր բալիկի ծնվելուն :
Ռուբենը բժշկուհու ցուցումով կանգնեց կնոջ գլխավերևում, բռնեց ձեռքերը: Նրա տաք ու հուսադրող, չէ՛, վստահություն փոխանցող ձեռքերը ամեն ինչ էին Գոհարի համար: Ու նա ապավինեց դրանց՝ ջանալով ամեն կերպ կատարել դրանցով իրեն հասնող հրահանգները…

- Տղա է, - ուրախ բղավեց Ռուբենը՝ չնկատելով բժշկուհու խեթ հայացքը:
Գոհարը քնքշորեն կրծքին էր սեղմել նորածնին ու երջանկությունից փայլում էր: Հայկը ծնվել էր իր ու Ռուբենի ծանոթության օրը, նոյեմբերի 29-ին՝մեկ տարի անց:

3

Հիվանդասենյակի դուռը ծեծեցին: Ռուբենի «մտե՛ք»-ին պատասխան՝ սենյակ մտավ բուժող բժշկուհին:
- Տիկին Գոհար, վաղը վիրահատվում ենք,- ականջին հաճելի հանգիստ տոնով սկսեց նա,- մենք ուժեղ ենք չէ՞,- ու շոյեց սրսկումից կապտած ձեռքը,- այս պահից ոչինչ չուտեք ու չխմեք, ու՝ հանգիստ եղեք: Նայեք աչքերիս, ամեն ինչ լավ է լինելու, դե՞, դե՞...
Մի ձեռքը բժշկի ափում, մյուսը՝ ամուսնու, արցունքները զսպած կոպերի տակ՝ Գոհարը ժպտում էր անբնական ժպիտով ու չէր զգում թե որքան ամուր է սեղմում Ռուբենի ձեռքը:
- Վաղը սենյակը հանձնելու եք,-դիմեց բժշկուհին Ռուբենին, մի անգամ էլ ժպտաց Գոհարին- բարի մնացեք, մի՛նչ առավոտ:
- Դու մի քիչ ննջիր, ես մի հատ ծխեմ ու գամ,- բժշկուհու հետ դուրս գնաց Ռուբենը:
Գոհարը փորձեց պառկել: Ո՛չ, խառը մտքեր են, անհանգիստ վիճակ, մենակ չի ուզում մնալ:
Միջանցքում միայն հերթապահ քույրն էր ու մի հիվանդապահ: Արդեն քանի անգամ ետ ու առաջ էր անում ողջ երկարությամբ՝ չնկատելով, թե որքան արագ է քայլում:
- Վա՞տ եք զգում...
- Ինձ վաղը վիրահատելու են...
- Գիտեմ, ,- ու ժպտաց, որ նշանակում էր «ոչնչից մի վախեցեք»:
Միջանցքի ծայրից գալիս էր Ռուբենը, օ՜, աստված, Երվանդի հետ է, իր դասընկերոջ:
- Գոհա՛ր...
Միանգամից փլվեց Երվանդի գրկում: Երվանդը հայացքով լռեցրեց Ռուբենին.
- Գնա՛նք, գնանք սենյա՛կ.
- Երվանդ ջան, էս որտեղի՞ց, ո՞նց...
- Ընկերոջս հորն են վիրահատել, սպասասրահում տեսա Ռուբենին... էս ինֆարկտը ո՞նց ես հաջողացրել:
Հարցուփորձ արեց նրա ընտանիքից, հետո անցան իրենց պատանեկությանը, վերհիշեցին դասընկերներին , Երվանդի սերերին (իրեն էլ էր հետամտում անպիտանը), առանց իրար հերթ տալու պատմում էին ու այդ ամենը՝ ընդմիջելով ծիծաղով: Ռուբենը երախտապարտ հայացքով նայում էր Երվանդին. «ինչ լավ մարդ ես դու, աստված քեզ ուղարկեց»:

Հեռուստացույցով Նունե Եսայանն էր երգում, կարծես ձյան մասին էր.
- Ուզում եմ քնել, հոգնեցի, լույսը չանջատես, լա՞վ...
Ռուբենը վաղ առավոտյան գնաց Նորքի եկեղեցում մոմ վառելու՝ ի հաջողություն սպասվող վիրահատության: Երբ վերադարձավ, Գոհարը լվացված, մազերը հարդարած ու նոր խալաթով նստած էր աթոռին:
- Ամեն ինչ հավաքել եմ, - ցույց տվեց դռան անկյունը:
Եկավ բուժքույրը, անվասայլակ էր բերել.
- Չէ, ես ինքս կգնամ,- բռնելով ամուսնու ձեռքը, սենյակից դուրս եկան:
Վիրահատարան տանող վերելակի մոտ ժպտաց ամուսնուն, համբուրեց ձեռքերը...
- Ես չեմ վախենում, չմտածե՛ս...
****

- Տիկին Գոհար, հաշվե՛ք մինչև տասը.
- Չէ, լավ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

- Գոհա՜ր, Գոհա՜ր,- լսվում էր հեռվից տղամարդու ձայնը:
Մի ծանրություն էր զգում կրծքավանդակում, մտածեց որ իրեն արդեն անզգայացնում են, իսկ ձայնն էլի կանչում էր.
- Գոհա՜ր, բացի՛ր աչքերդ..
Լուսավոր, իրեն անծանոթ սենյակ էր, գլխավերևում տղամարդու դեմք էր, աղոտ նմանեցրեց Հրայրին: Աչքերը չդիմացան վառ լույսին ու նորից փակեց:
- Շնորհավորում եմ նոր սիրտդ, դու հերոսուհի ես,- Տղամարդը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժն էր:
Փորձեց պատասխանել, բայց ինչ.որ բան կոկորդում խանգարում էր խոսելուն:
Մտքում բարձրաձայն արտասանեց. «նոյեմբերի 29, Հրայր, դու էլ Աստվա՜ծ ես» ....