PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուֆուսի ուղեցույցը. Իտալիա

Ռուֆուս
04.02.2013, 02:55
Վաղուցվանից մտադրություն ունեի նման թեմա բացելու ու ակումբցիներին Իտալիայի հրաշալիքների հետ մոտիկին ծանոթացնեի: Շատ բաների մասին տուրիստական ուղեցույցներում տեղեկություններ չեք գտնի, համ էլ մտածում եմ հետաքրքիր կլինի:

Հ.Գ. Նկարների մեծ մասը իմը չեն:

Ռուֆուս
04.02.2013, 03:34
Բոլոնյա

http://i.imgur.com/WZfWXrR.jpg

Իտալիական տուրիստական քաղաքների ցանկում Բոլոնյան էդքան էլ պոպուլյար այցելության վայր չէ: Պատմության ընթացքում Բոլոնյան երբեք չի ունեցել ոչ Ջենովայի ու Վենետիկի հարստությունը, ոչ Հռոմի հզորությունը, ոչ էլ Ֆլորենցիայի գեղեցկությունը, բայց Բոլոնյան միշտ էլ եղել է Իտալիայի ամենակարևոր քաղաքներից մեկը ու հսկայական ազդեցություն է թողել եվրոպական կրթության, գիտության ու արվեստի վրա:

Բոլոնյան երեք մականուն ունի - la dotta (կրթված), la rossa (կարմիր) la grassa (չաղ):

Bologna dotta: Բոլոնյան կրթված է, որովհետև այստեղ է գտնվում Եվրոպայի ամենահին համալսարանը: Չնայած պաշտոնական տարբերակով այն հիմնվել է 1088թ-ին, շատ գիտնականների կարծիքով Բոլոնյայի համալսարանը շատ ավելի հին կառույց է, քան 11-րդ դարը: Հետագայում Բոլոնյայի համալսարանի օրինակով ստեղծվեցին Պադուայի, Սիենայի, Փարիզի, Օքսֆորդի ու միջնադարյան այլ համալսարաններ: Բոլոնյայում են սովորել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին են Դանթե Ալիգիերին, Թոմաս Բեքքեթը, Ալբրեխտ Դյուրերը, Նիկոլայ Կոպեռնիկոսը, Պետրարկան, Սերվանտեսը, Ումբերտո Էկոն և այլոք: Հիմա էլ համալսարանը շատ կարևոր դեր է կատարում Բոլոնյայի համար, քաղաքի մոտ 300.000 բնակչության մոտ մեկ երրորդը ուսանողներ են: Համալսարանի նշանաբանն է Alma Mater Studiorum - Կրթության մեծ մայրը:

Bologna rossa: Բոլոնյան կարմիր է երկու պատճառներով: Նախ ամբողջ քաղաքը կառուցված է կարմիր քարից: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անընդմեջ այն կառավարել է Իտալիայի կոմունիստական կուսակցությունը: Ընդհանրապես Էմիլիա Ռոմանյա նահանգը, որի մայրաքաղաքը Բոլոնյան է ու Տոսկանան, որի մայրաքաղաքը Ֆլորենցիան է, հայտնի է եղել «կարմիր գոտի» անունով: Կոմունիստների ու ձախակողմյան ազատամիտ քաղաքականության շնորհիվ Բոլոնյան հիմա ունի ամենազարգացած քաղաքային ինֆրաստրուկտուրան ու ամենաբարձր կենսամակարդակը Իտալիայում:

Bologna grassa: Բոլոնյան միանշանակորեն իտալական խոհանոցի մայրաքաղաքն է: Այստեղ են ծնունդ առել իտալական խոհանոցի ամենահամեղ ու ամենահայտնի ճաշատեսակները. լազանյա, բոլոնեզե սոուսով (որն այստեղ անվանում են ռագու) տալյատելե պաստան, մորտադելլա երշիկը, տորտելլինին և այլն: Ի դեպ տորտելլինիի մասին, մի անգամ Հռոմի պապի ապօրինի դուստր Լուկրեցիա Բորջիան ճանապարհորդում է Հռոմից Ֆերրարա ու կանգ է առնում Բոլոնյայում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցի տերը այնքան է հիանում Լուկրեցիայի գեղեցկությամբ, որ որոշում է բանալու ծակից հետևել, թե ինչպես է իր սենյակում շորերը հանում Լուկրեցիան: Սակայն միակ բանը, որը կարողանում է տեսնել՝ Լուկրեցիայի պորտն էր, որից ոգեշնչված պատրաստում է առաջին տորտելլինին:

http://i.imgur.com/uXmDlns.jpg

Շարունակությունը հետո, երբ որ հավես ունենամ :))

Ռուֆուս
04.02.2013, 04:14
Բոլոնյա - Պորտիկոները, Նեպտունը և Ջրանցքները

Առաջին բանը ինչ կնկատեք Բոլոնյայում պորտիկոներն են՝ կամարապատ փակ մայթերը:

http://i.imgur.com/rTe03aF.jpg

http://i.imgur.com/PQJh75X.jpg

Բոլոնյայի հին քաղաքի գրեթե բոլոր մայթերը ծածկված են այսպիսի պորտիկոներով: Բոլոնյացիները սիրում են կրկնել, որ անձրևոտ եղանակներին կարիք չկա անձրևանոց վերցնել: Անձրևից պաշտպանելուց բացի ամռանը պորտիկոները զով են պահում քաղաքը: Բոլոնյան երկու ռեկորդ ունի պորտիկոների շնորհիվ. նախ այն ամենամեծ թվով պորտիկոներ ունեցող քաղաքն է աշխարհում (պորտիկոների ընդհանուր երկարությունը մոտ 45կմ, որից 38կմ-ը քաղաքի պատմական կենտրոնում է): Բացի դրանից Բոլոնյայում է գտնվում ամենաերկար անընդմեջ պորտիկոն. Պորտա Սարագոցցայից Սան Լուկկա ձգվող պորտիկոն մոտ 3.8կմ երկարություն ունի ու բաղկացած է 666 սյուներից: Սկզբում պորտիկոները կառուցել են պրակտիկ պահանջներից ելնելով. ամեն տարի նորանոր ուսանողներ էին գալիս Բոլոնյա ու քանի որ քաղաքը ի վիճակի չէր բոլորին տեղավորել, սկսեցին փայտե սյուների շնորհիվ շենքերը մեծացնել՝ մայթերի հաշվին: 16-րդ դարում Բոլոնյայի իշխանությունները նոր օրենք հանեցին, որի համաձայն բնակիչները պետք է քանդեին փայտե սյուները և փոխարենը քարե սյուներ կառուցեին և այն բոլոր շենքերը որոնք պորտիկոներ չունեին, պարտավոր են պորտիկոներ կառուցել: Նույնիսկ հատուկ պահանջ կար, ըստ որի պորտիկոն պետք է այնքան բարձր լիներ, որ ձիավորը կարողանար անցնել դրա տակով և պետք է այնքան լայն լիներ, որ մարդը կարողանար պառկել դրա լայնքով:

Նեպտունն ու Ջրանցքները

http://i.imgur.com/46ru5j5.jpg

Բոլոնյայի հովանավորը Նեպտունն է, որի շատրվանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Չնայած հիմա տարօրինակ է թվում, որ ծովից 100կմ հեռու գտնվող քաղաքի հովանավորը ծովերի աստվածն է, բայց սա Բոլոնյայի փոքրիկ գաղտնիքներից մեկն է:

Պատճառն այն է, որ մինչև 19-րդ դարը Բոլոնյայի հյուսիսային և արևմտյան մասում փողոցների փոխարեն ջրանցքներ են եղել: Բոլոնյան միջնադարում եղել է մետաքսի արտադրության կենտրոն ու ջրանցքները սպասարկել են մետաքսի ֆաբրիկաները: Ջրանցքների ընդհանուր երկարությունը մոտ 18կմ է եղել ու միջնադարում ջրանցքների միջոցով Բոլոնյան ելք է ունեցել դեպի ծով: 19-րդ դարում քաղաքի իշխանությունները որոշեցին ջրանցքների վրա փողոցներ կառուցել, բացառությամբ մի փոքրիկ մասի, որը կարելի է տեսնել գաղտնի պատուհանից :)

http://i.imgur.com/V67DrDy.jpg

Ռուֆուս
04.02.2013, 04:19
Հ.Գ. Եթե Նեպտունի արձանին նայեք հետևից, կհասկանաք, թե ինչու են բոլոնյացիները նրան անվանում il Gigante (գիգանտ) :))

http://i.imgur.com/goZNyAW.jpg

StrangeLittleGirl
04.02.2013, 12:10
Ռուֆ, մի հատ սենց հարց էլի, քո փորձից էլ հենց ասա: Իտալիան վտանգավո՞ր երկիր ա: Այսինքն, ես եթե մենակ աղջիկ հալով գնամ մի տեղ, ինչքա՞ն ա, ասենք, հոսթելում թալանվելու հավանականությունը:

Ես շատ եմ լսել Իտալիայում զանազան գողությունների մասին, բայց ուզում եմ հասկանալ՝ հասարակ անզգուշությա՞ն արդյունք ա, թե՞ իրանց պրոֆեսիոնալիզմն էնքան մեծ ա, որ ոչ մի զգուշավորություն չի փրկի:

Ռուֆուս
04.02.2013, 14:48

Բյուր, Իտալիան ահավոր տարբեր ա: Հյուսիսը լավ զարգացած է ու համեմատաբար ապահով, ժողովուրդը հարուստ է ու լավ ա ապրում, բայց ինչքան հարավ ես գնում, էդքան վիճակը վատանում ա: Ես մինչև հիմա միշտ խմբով եմ ճանապարհորդել, դրա համար ապահով եմ զգացել, բայց եթե մենակ որևէ տեղ գնամ, ռյուկզակս դիմացից կկախեմ ու դրամապանակս ապահով տեղ կպահեմ: Տուրիստական քաղաքներում (Վենետիկ, Ֆլորենցիա և այլն) ահավոր շատ մարդ կա ու պիտի ուշադիր լինես, հատկապես կայարանների ու տեսարժան վայրերի մոտ: Օրինակ Ֆլորենցիայում ամբողջ փողոցային առևտուրը ալբանացիների ձեռքն էր, փողոցային տոնավաճառներում շատ հանգիստ կարող են դրամապանակդ թռցնեն: Բոլոնյան ապահով քաղաք ա, բացառությամբ մի փոքրիկ հատվածի, որտեղ նույնիսկ ցերեկով անցնելն ա վտանգավոր: Դե ստեղ լիքը ուսանողներ կան ու նույնիսկ գիշերը 3-4-ին փողոցներում լիքը ջահելություն կա: Ասում են, որ Հռոմն ու Նեապոլն է շատ վտանգավոր:

Փոքրիկ քաղաքներում մտածելու բան չունես, սովորաբար դատարկ են լինում:

Չեմ կարծում, որ քեզ հոստելում կթալանեն, բայց ավելորդ զգուշությունը չէր խանգարի: :)

Alphaone
04.02.2013, 14:53

Մի խոսքով, եթե ադրենալինի պակաս կա՝ գնալ Իտալիա: Ինձ Բոլոնիան շատ դուր եկավ, առաջիկա տարիներին անպայման էնտեղ լինելու եմ... :))

One_Way_Ticket
04.02.2013, 15:03
Ես Հռոմում ու Տոսկանայում եմ եղել, ոչ մի վտանգավոր բան չեմ զգացել: Այն, որ արտաքին գրպաններում մեծ գումար կամ այլ թանկարժեք իրեր պահել չի կարելի, մեկ էլ որ պայուսակը պետք է անցկացնել ոչ թե այսպես.

http://blot.am/photos/P1010116.jpg

այլ այսպես.

http://blot.am/poland/P1130814.jpg

ինձ համար վաղուց է ակնհայտ, ու ոչ միայն Իտալիայում:

P.S. Հոսթելներում երբեք չեմ մնացել, չգիտեմ, թե ինչ կարգի զգուշություն է պետք, բայց մի բան, որ հաստատ արժի անել. tripadvisor-ում կարդալ review-ները, եթե գոնե մի դեպք է նկարագրված թալանման, այդտեղ չգնալ:

ivy
04.02.2013, 15:48
Չեմ կարծում, որ քեզ հոստելում կթալանեն, բայց ավելորդ զգուշությունը չէր խանգարի: :)

Հոսթելում էլ են թալանում, հոթելում էլ. բառացիորեն մտնում են սենյակ, սրբում տանում: Ինձ Իտալիայում ոչ մի անգամ չեն կողոպտել, բայց ծանոթներից շատերին են արել: Փողոցում, հոթելում, ռեստորանում:
Իտալիայում արժի շատ զգույշ լինել: Ուրիշ վնաս դժվար թե հասցնեն, բայց որ անզգուշության դեպքում ունեցած-չունեցածը կարղ են սրբել տանել, էդ հաստատ: Ու էնպես էլ պրոֆեսիանալ են, ձեռքիդ բռնած պայուսակը կբացեն, դրամապանակը կհանեն, հետո պայուսակը նորից սիրուն կփակեն, տենց բաց հո չեն թողնի :)

Ուղղակի հարցն էն է, որ ջահել, ուսանող մասսան հազվադեպ է իրենց ուշադրության կենտրոնում. ուսանողից ինչ պիտի պոկես, թե բան ունես, դու պիտի տաս :)
Իսկ այ կարգին տուրիստերը, հատկապես, եթե մի քիչ տարիքով են կամ գործուղման եկած, լավ հագնված մարդիկ վտանգի գոտում են:

One_Way_Ticket
04.02.2013, 15:59
Հոսթելում էլ են թալանում, հոթելում էլ. բառացիորեն մտնում են սենյակ, սրբում տանում:
Աղբարկղ է պետք ուղարկել այն հյուրանոցը, ուր օտար մարդը կարող է բառացիորեն սենյակ մտնել, սրբել, տանել:

One_Way_Ticket
04.02.2013, 16:06
Ի դեպ, ես Հռոմում բնակարան էի վարձել Տրաստեվերե թաղամասում, առաջին հարկում: Տանտերը մի քանի անգամ նշեց, որ այստեղ անվտանգ է, դուռը անպայման փակ պահեք, իսկ պատուհանները կարելի է կիսաբաց թողնել ու գնալ, բան չի լինի: Չեմ կարծում, որ նա շահագրգռված էր, որ գողեր մտնեին:

Valentina
04.02.2013, 17:01
Հոթելն ու հոսթելն ինչով են տարբերվում?

One_Way_Ticket
04.02.2013, 17:14
Հոթելն ու հոսթելն ինչով են տարբերվում?
Հոթելում դու առանձին սենյակ ունես, հոսթելում քնում ես նույն սենյակում այլ հյուրերի հետ: Չնայած հոսթելում կարող են նաև առանձին սենյակներ լինել:

Agni
04.02.2013, 17:40
Ռուֆ, մի հատ սենց հարց էլի, քո փորձից էլ հենց ասա: Իտալիան վտանգավո՞ր երկիր ա: Այսինքն, ես եթե մենակ աղջիկ հալով գնամ մի տեղ, ինչքա՞ն ա, ասենք, հոսթելում թալանվելու հավանականությունը:

Ես շատ եմ լսել Իտալիայում զանազան գողությունների մասին, բայց ուզում եմ հասկանալ՝ հասարակ անզգուշությա՞ն արդյունք ա, թե՞ իրանց պրոֆեսիոնալիզմն էնքան մեծ ա, որ ոչ մի զգուշավորություն չի փրկի:
Ես ինչքանով հասկացա փորձում են պաշտպանվածությունը ապահովել, օրինակ Միլանում հոսթելում եմ մնացել ու ամեն անկյունում տեսախցիկ կար, իրերի համար էլ կողպեքով դարակներ կային...

StrangeLittleGirl
04.02.2013, 22:22
Աղբարկղ է պետք ուղարկել այն հյուրանոցը, ուր օտար մարդը կարող է բառացիորեն սենյակ մտնել, սրբել, տանել:

Դե Հռոմից բավական շատ պատմություններ եմ լսել թալանի, ընդ որում՝ պատմողները խիստ կասկածներ ունեին, որ գողերը ոչ թե օտար մարդիկ էին, այլ հենց հյուրանոցի աշխատակիցները:

Դե հա, ես միշտ էլ ռյուկզակը դեմից եմ կախում, կողպեքն էլ վրան: One way, ես տենց պայուսակներով չեմ էլ ճամփորդում: Իսկ եթե ստիպված եմ լինում ձեռքիս փոքրիկ պայուսակը վերցնել, միշտ գրկած եմ պահում: Բայց դե ամեն դեպքում... Իտալիայի մասին նե՜նց լեգենդներ եմ լսել որ: Ռուֆ ու Ռիփ, մերսի ինֆոյի համար: Ամեն դեպքում, լավ կծրագրեմ ուղևորությունս մեկնելուց առաջ, որ սյուրպրիզներ չլինեն:

One_Way_Ticket
04.02.2013, 22:50
Դե Հռոմից բավական շատ պատմություններ եմ լսել թալանի, ընդ որում՝ պատմողները խիստ կասկածներ ունեին, որ գողերը ոչ թե օտար մարդիկ էին, այլ հենց հյուրանոցի աշխատակիցները:
Ինձ թվում է՝ դա արդեն կոնկրետ երկրի հետ առանձնապես կապ չունի։ Իհարկե, նման դեպքեր լինում են։ Լավագույն ֆիլտրերից մեկը, էլի եմ ասում, այսօր review-ներն են։ Գողության դեպքի մասին թեկուզ մեկ review-ն հյուրանոցի ռեպուտացիային շատ ուժեղ հարվածում է։ Մի քանի նման review-ն մահապատժի է հավասար։
Review կոչվող զենքի ուժը ավելի լավ է զգացվում օրավարձով տրվող բնակարանների դեպքում։ Բավական փորձ ունեմ տարբեր երկրներում բնակարան վարձելու, ու միշտ տանտերերը իրենց աստծու գառի պես են պահում, մանր խնդիրների վրա էլ աչք են փակում, որ հետո լավ բաներ գրեմ։

StrangeLittleGirl
04.02.2013, 23:01

Կոնկրետ երկրի հետ, կարծում եմ, կապ ունի: Ասենք, Գերմանիայի կամ Ֆինլանդիայի հյուրանոցների մասին երբեք նման բան չեմ լսել: Իսկ ռիվյուներին էլ էնքան չեմ վստահում, չնայած ինքս միշտ պարտաճանաչորեն ռիվյու գրում եմ: Չեմ վստահում, որովհետև պատահել ա՝ վատ ռիվյուներ են էղել կոնկրետ հոսթելի մասին, բայց ինձ էնքան ա դուր էկել, որ նույնիսկ երկրորդ անգամ եմ էնտեղ գնացել, դեռ ման եմ էկել, որ ուրիշ քաղաքներում էլ գնամ:

Իսկ վարձով տներ-հյուրանոց-բաներն իմ հագով չեն, ես ուսանող մարդ եմ: Համ էլ ահագին անհետաքրքիր են. էնտեղ նոր մարդկանց հետ չես շփվում: Հոսթելների մթնոլորտը լրիվ ուրիշ ա:

One_Way_Ticket
04.02.2013, 23:10
Իսկ ռիվյուներին էլ էնքան չեմ վստահում, չնայած ինքս միշտ պարտաճանաչորեն ռիվյու գրում եմ: Չեմ վստահում, որովհետև պատահել ա՝ վատ ռիվյուներ են էղել կոնկրետ հոսթելի մասին, բայց ինձ էնքան ա դուր էկել, որ նույնիսկ երկրորդ անգամ եմ էնտեղ գնացել, դեռ ման եմ էկել, որ ուրիշ քաղաքներում էլ գնամ:
Չէ, հակառակը իհարկե, ճիշտ չէ :) Այսինքն, եթե ասում են վատն է, կարող է իրականում շատ էլ լավը լինել։ Պետք է նայել, թե կոնկրետ ինչից են բողոքում։ Բայց ես ուրիշ բան նկատի ունեի․ եթե դժգոհողներ չկան, ուրեմն լավն է։ Ինձ հետ միայն մի անգամ է եղել, որ բարձր ռեվյուներին հավատացել եմ, բայց իրականում դժգոհ եմ մնացել։ Հենց իմ համարի տակ Irish pub էր, պատուհանի ձայնամեկուսացումն էլ գրեթե զրոյական։ Շաբաթ գիշեր էր, չկարողացա քնել, մինչև փաբի հաճախորդները չցրվեցին։ Զարմանալի է, որ այդ մասին գրեթե ոչ ոք չէր գրել։
Մնացած բոլոր դեպքերում ստացել եմ այն, ինչ ըստ review-ների ակնկալում էի։

StrangeLittleGirl
04.02.2013, 23:18

Ցանկացած հարցում ինձ ռիվյուներն ամենաքիչն են հետաքրքրում, որովհետև չգիտեմ՝ ինչ մարդ ա դրա հետևում նստած ու ինչ ա գրել: Եթե հնարավորություն կա, ծանոթներից եմ հարցուփորձ անում: Եթե չէ, սեփական ինտուիցիայիս եմ վստահում: Մինչև հիմա մի անգամ եմ շատ խիստ սխալվել Բրյուսելի հարցում:

Ինձ համար երկու բան ա կարևոր հոսթելի հարցում. տեղն ու գինը: Մնացած ամեն ինչը տանելի ա: Բայց այ գողությունը երբեք չես կարող երաշխավորել: Ի դեպ, հոսթելների ղեկավարությունն էլ չի երաշխավորում անվտանգությունը, խորհուրդ ա տալիս թանկարժեք իրերը սեյֆում պահել:

Sagittarius
05.02.2013, 01:21
Իտալիայում հոսթել միայն Հռոմում եմ մնացել: Գրեթե ոչ մի խնդիր չեմ ունեցել: Միայն ժամանելուց սկզբում հոսթելը չէի գտնում, արդեն մտածում էի, որ քցել են ինձ ու ընդհանրապես նման հոսթել չկա՝ ինտերնետով էի պատվիրել: Բայց երբ զանգեցի իրանց, ասացին «մեր մուտքը ուրիշ հասցեով է»... ուրիշ հասցեով է՝ դե ձեր գրանցած հասցեում գոնե մի հատ ցուցանակ կախեք՝ մուտքի հասցեով: Սա երևի Իտալիայի /հիմնականում Հարավի/ միակ թերությունն է՝ համեմատաբար անկազմակերպ ա՝ հատկապես երբ սովորում էս Գերմանիայի կազմակերպվածությանը: Եվս մեկ օրինակ, որ նույնիսկ գլխավոր կայարանները հիմնականում գիշերները փակ են լինում:

Բայց հոսթելի մասին. լավ կենտրոն տեղ էր, հին շինություն էր՝ բարձր առաստաղներով, ռետրո կահույքով: Հսկա սենյակը նախատեսված էր երեք հոգու համար, բայց մենակ երկու հոգի էինք: Առավոտները նախաճաշ կար: Գրեթե ողջ Հռոմը /կենտրոնը/ ուշ երեկոյան շրջել եմ, ոչ մի տարօրինակ. վտանգավոր բան չեմ նկատել. եսիմ, կարող ա ինչ-որ վտանգավոր թաղամաս եմ եղել, ինքս չեմ իմացել: Բայց իմ տպավորությամբ՝ տուրիստների համար ավելի պակաս վտանգավոր ա, քան Բարսելոնան:

Երկու անգամ Իտալիայում գիշերային գնացք եմ նստել, կրկին ոչ մի վտանգ՝ գնացքում հիմնականում ինձ նման տուրիստ ուսանողներ էին: Մի անգամ էլ մի Իտալացի պատմաբանի ու բրազիլացի երիտասարդ զույգի հետ եմ կիսել կուպեն: Պատմաբանը Տոսկանիայից էր ծնունդով, ես էլ Ֆլորենցիա էի գնում, ահագին օգտակար խորհուրդներ տվեց: Թոլքեյնից էլ ահագին խոսացինք ընթացքում, ես էտ ժամանակ Հոբիթն էի կարդում, իսկ իրանք բոլորը Թոլքեյնի սիրահար էին: Բայց իտալացին նաև շատ լավ էր տիրապետում Հայոց պատմությանը ու վերջում էս միամիտ բրազիլացի զույգին տխրեցրեց /կարելի ա ասել համարյա լացացրեց/՝ բացատրելով, թե ինչու մեր ու թուրքերի ջրերը նույն առվով չեն հոսում: :))

Մի խոսքով՝ Իտալիան հրաշք ա: Նույնիսկ եթե «ռիսկ» կա, այն արդարացված է. կարծում եմ շատ հրաշալի տպավորութուններ կկորցնեի, եթե ճանապարհորդեի «նովիյ ռուսկիների» ուղեկցությամբ ինքնաթիռներով և մնայի հյուրանոցներում:

հ.գ. Իտալիայի հյուսիսում եղել եմ Ուդինե միայն... ձանձրալի էր, Իտալիա չէր՝ Ավստրիայի շարունակություն էր, նույնիսկ մարդիկ ավելի շատ գերմանացիների, էէէ ավստրիացիների էին նման: Ես տեղ կապրեի, կաշխատեի, բայց ազատ ժամանակս չէի անցկացնի:

հ.գ.գ. բայց էս թեման ոնց որ Ռուֆուսի թեման ա, մենք ի՞նչ ենք մեջտեղ ընկել :))

StrangeLittleGirl
05.02.2013, 02:34
Կարո՞ղ ա վերջը համոզեք, Իտալիա էլ գնամ :))

Ռուֆուս
19.10.2013, 01:44
Էս թեման երկար ժամանակ է մոռացության էի մատնել :)) Մի բան ավելացնեմ.

Ինչպե՞ս ուտել Իտալիայում առանց իտալացիներին վախեցնելու

1. Իտալիայում երբեք մի պատվիրեք Սպագետտի/Տալյատելլե/Տորտելլինի ալլա Բոլոնյեզե, ինչպես նաև Բոլոնյա երշիկ:

Նման ճաշատեսակներ Իտալիայում գոյություն չունեն: Իրականում Բոլոնյեզե սոուսը Իտալիայում կոչվում է «ռագու», իսկ ամերիկայում «Բոլոնյա» անունը կրող երշիկը՝ Մորտադելլա: Չնայած տուրիստական քաղաքների ռեստորաններում մատուցողները ձեր պատվերը կհասկանան, բայց անպայման կսովորացնեն ճաշատեսակների ճիշտ անվանումը:

2. Ճաշին խմեք միայն գինի ու ջուր

Գարեջուրը ու մյուս ալկոհոլային խմիչքները իտալացիները խմում են ճաշելուց առաջ (ապերետիվոյի ժամանակ) կամ հետո:

3. Կեսօրից հետո ոչ մի դեպքում կապուչինո չպատվիրեք

Կապուչինոն ու կրուասանը իտալական նախաճաշի բաղադրիչներն են, բայց եթե նախաճաշից ու հատկապես լավ ճաշելուց հետո կապուչինո պատվիրեք, պատրաստ եղեք դիմանալ իտալացիների խոժոռ հայացքներին:

4. Նախքան պեպերոնի պիցցա պատվիրելը ճշտեք, թե պեպերոնին իտալերեն ինչ է նշանակում:

Պեպերոնին իտալերեն նշանակում է պղպեղ, պեպերոնի պիցցա պատվիրելով կստանաք ոչ թե համով երշիկով պիցցա, այլ բուլղարական պղպեղով զարդարված բուսական պիցցա:

5. Աղցան պատվիրելիս մայոնեզի, թթվասերի, ֆրանսիական համեմունքների հույս չունենաք:

Իտալական աղցաններին ավելացնում են միայն ձիթապտղի ձեթ ու բալզամիկ քացախ:

6. Ուտելիքը դանդաղ կերեք ու հաճույքով:

Ուտելը կարելի է ասել իտալացիների երկրորդ ամենապոպուլյար զբաղմունքն է սիրով զբաղվելուց հետո… Կամ էլ նույնիսկ առաջինը:

7. Մի զարմացեք, եթե իտալական հացատեսակներից շատերը անալի լինեն:

Իտալացիները հացն օգտագործում են ուտելը վերջացնելուց ափսեն մաքրելու համար, ինչը կոչվում է fare la scarpetta (փոքրիկ կոշիկ անել):

8. Հավի մսով պաստա՞, մոռացեք դրա մասին

Հավի միսն ու մակարոնեղենը միանգամայն անհամատեղելի բաներ են իտալացիների համար:

9. Սուրճ պատվիրելիս երբեք մի պատվիրեք լատտե

Իտալիայում սա այնքան հաճախ է պատահում ամերիկացի տուրիստների հետ, որ արդեն վերածվել է անեկդոտի:
Ամերիկացի տուրիստը լատտե է պատվիրում, իսկ բարրիստան պարզում է՝
- Տա՞ք, թե՞ սառը:
- Իհարկե տաք:
Ու քանի դեռ տուրիստը սպասում է իր երանելի կաթով սուրճին, բարիստան նրա դիմացն է դնում սովորական տաք կաթ :))

Լատտե իտալերեն նշանակում է կաթ, իսկ կաթով սուրճը կոչվում է կաֆե մաքիատո:

StrangeLittleGirl
19.10.2013, 10:02
Աաաա, Ռուֆ, էս կապուչինոյի պահը հիշում եմ :D ուրեմն էս կուրսեցիներիցս մեկը իրա PhD-ն Տրենտոյում ա անելու: Եսիմ որտեղից իմացել էր, որ լանչի հետ կամ լանչից հետո կապուչինո խմելն ընդունված չի: Ու աշխարհի սաղ դարդերը թողած ամեն օր դրանից էր բողոքում, թե ոնց ա ապրելու առանց ճաշից հետո սուրճ խմելու :D

Ռուֆուս
19.10.2013, 22:57

Սկզբում ես էլ էի ամբողջ օրը կապուչինո խմում, ինչքան էլ որ վրաս թարս էին նայում։ Հետո մանրից անցա մաքիատոյին, որը շատ նման ա կապուչինոյին, մենակ թե պորցիան ա շատ փոքր։ :)

Մի բան էլ հիշեցի, որ նոր էի Իտալիա եկել, մտածում էի, թե սրանք ալկաշներ են, բոլոր փողոցներում իրար մոտիկ մոտիկ բարեր կային ու բարում առավոտից իրիկուն լիքը մարդ։ Հետո ջոկեցի, որ ստեղ բարը կաֆե ա իրականում, էդ մարդիկ ոչ թե ալկոհոլային խմիչքներ են խմում այլ սուրճ :D Իսկ մեր իմացած բարը ստեղ փաբ ա։

Տրիբուն
19.10.2013, 23:11
Ի դեպ, ես Հռոմում բնակարան էի վարձել Տրաստեվերե թաղամասում, առաջին հարկում: Տանտերը մի քանի անգամ նշեց, որ այստեղ անվտանգ է, դուռը անպայման փակ պահեք, իսկ պատուհանները կարելի է կիսաբաց թողնել ու գնալ, բան չի լինի: Չեմ կարծում, որ նա շահագրգռված էր, որ գողեր մտնեին:

Տրաստեվերեն երևի Հռոմի ամենապահով թաղամասն ա. հարուստ սպալնի ռայոն ա, որը, եթե չեմ սխալվում, հնում եղել ա ամենաղքատների թաղամասը :D

Ես Տերմինիի կողքն եմ մնացել մի անգամ: Այ էտ խայտառակ թաղամաս ա, ուշ դուրս գալ չի կարելի, ցերեկն էլ պետք ա ուշադիր լինել: Դե, գնանցքների կայարանն ա Տերմինին, պատկերացնում եք ինչ պիտի լինի: Բայց ես իմ համար մի հատ կանոն ունեմ ցանկացած վայրում - երբեք պետք չի աչք ծակել, dress down, հագնվել շատ սովորական, ոչ մի թանկարժեք բան չկրել, լինել ուշադիր, հատկապես փողերի ու փոստաղթերի նկատմամբ, ու եթե վատնգավոր թաղամասում ես, իզուր տեղը գլխիդ փորձանք զոռով ման չգալ, не искать приключений на свою жопу :D Ասենք, ոչ մկեը քեզ չի խնդրում փիս հարբած, դոշերդ բաց, օտար քաղաքում, անհայտ թաղամասում, բարձր երգելով ու iphone-ով խաղալով ման գալ:

Ռուֆուս
30.11.2013, 00:26
Եթե ժամանակ ունեք նայեք. շատ հետաքրքիր հաղորդում Իտալիայի երեք նահանգների՝ Էմիլիա-Ռոմանյայի, Լոմբարդիայի ու Պիեդմոնտի մասին:

Առաջին մասը Էմիլիա-Ռոմանյայի ու հատկապես Բոլոնյայի մասին է, քաղաքի պատմության, տեսարժան վայրերի ու բոլոնյական խոհանոցի մասին.

Էմիլիա-Ռոմանյա ու Բոլոնյա

http://www.youtube.com/watch?v=5pzKXigzSzU

Լոմբարդիա ու Միլան

http://www.youtube.com/watch?v=R9QXy0oWR3E

Պիեդմոնտ ու Թուրին

http://www.youtube.com/watch?v=H9gmJOKQqiI

Ռուֆուս
06.04.2014, 14:56
Իտալական քաղաքների սիրտը գլխավոր հրապարակն է՝ պիացցան: Այստեղ կարելի է հանդիպել ընկերներին, սուրճ խմել, զվարճանալ, զբոսնել: Իտալական պիացցաները իրենց գեղեցկությամբ նմանը չունեցող արվեստի գործեր են :)

(2:19-ին Լամբորգինիները Բոլոնյայում :love)

https://www.youtube.com/watch?v=NGOY-fy6tQk