PDA

Դիտել ողջ տարբերակը : Alpha mission



Alphaone
11.01.2013, 18:22
Դեռ երեկ էր: Իմ երեկն անհայտից անհայտ ճառագայթում ծնունդից մինչև ներկա հատվածն է ու այդ երեկի մի հատվածում ես երեք տարեկան էի: Դեռ երեկ էր, կոնկրետ հատվածի կոնկրետ կետում ես նույն անքունն էի, ինչ այսօր եմ: Զուր էր մայրիկս չարաշահում բլիթի ու մահակի մեթոդները, զուր էին հորդորները, փոքրիկ այլմոլորակայինը չէր ցանկանում քնել: Չմոռանամ ասել, որ իմ երկրային մարմնում թյուրիմացաբար այլմոլորակաին հոգի էին install արել :( : Ինչևէ, փոքրիկ այլմոլորակայինին հերթական անգամ քնեցնելու անհաջող փորձերից, օրորոցայիններից հետո խորհրդավոր շշուկով մայրիկը մատնացույց արեց պատուհանից այն կողմ դողացող ստվերները.
- Սատանաներ են, եթե խելոք չմնաս, կգան քեզ կտանեն, քնիր, էլ մի պտտվի հոլի նման, որ չտանեն քեզ:
Սատանանե՞ր: Իմ այլմոլորակային էությունը միստիկ էակների բացահայտման երանավետ կանխազգացմամբ նետվեց պատուհանի ուղղությամբ ու տխուր-տրտում ետ վերադարձավ:
- Մամ, մի վախեցի, սատանաներ չեն, խաղողի ծառի ստվերն էր:

Իմ ամենահին մանկական հիշողություններից:

Alphaone
14.01.2013, 03:39
Դպրոցական տետրերս արխիվացրել էի: Նոստալգիա: Բացում եմ, թերթում, նայում ահավոր անճոռնի ձեռագրիս ու հանկարծ խնամքով գրված տեքստ հայտնաբերում՝ ինֆորմատիկայի տետրս էր, նաև կենսաբանության տետրումս էր նույն հրաշքը՝ հոգատար, սիրուն սխեմաներ ու նկարներ էի գծել, բջիջի կառուցվածքն ուղղակի հիացրեց ու հիասթափեցրեց, որ կորիզից ու ցիտոպլազմայից էն կողմ արդեն ոչինչ չէի հիշում: Հիմա մտածում եմ, որ հինգ տարի իրավաբանության վրա ոչնչացնելով ու հիմա էլ հոգեբանի ոդիսականը սկսած՝ իմ կյանքն ու մի չկայացած գիտնականի կենսագրություն աչդյո՞ք չեմ խորտակել:
Չէ, չի կարելի անցյալով ապրել, թերթում եմ էջը…
Այժմյան տետրերս եմ նայում, ամենախնամքովը գրել եմ հոգեֆիզիոլոգիան, ու հեչ նրա համար չէ, որ դասախոսը ռեկտորն է, ինքը տետրերը երբեք չի նայում...
Եզրակացություն 1՝ մասնագիտություն ընտրելիս անպայման նայել, թե որ առարկան ինչքան խնամքով ես թղթին հանձնել, եթե անգամ գիտակցաբար ուրիշ բան ես ընտրում, ենթագիտակցությունն ընտրում է կոչումը…
Եզրակացություն 2՝ անքուն փիլիսոփայելու փոխարեն լավ է անջատել համակարգիչն ու փորձել քնել, քննությունները դարանել են շատ մոտ ապագայում...
Եզրակացություն 3՝ ես, այնուամենայնիվ, գրող եմ բառի բոլոր իմաստներով, թե ինչքան լավ գրող, ինքս էլ գիտեմ՝ դեռ ահավոր վատ, բայց դե գրող...

Alphaone
15.01.2013, 17:19
Նստել ոգևորված գրում էի, գրեցի, գրեցի, գրեթե վերջացրել էի, կարևոր զանգ եկավ, շտապ փակեցի word-ը.
do you want to save the changes to...?
no
Ա՜...
Ախր զանգն այդ աստիճան կարևոր չէր… :(

Alphaone
28.01.2013, 05:02
Երբ դեռ փոքր էի ու ինձ դեռ ոչ ոք չէր բացատրել, որ գոյություն ունի գրավիտացիա, ես ճախրում էի: Տիեզերական ձգողականությունն ինձ չէր բանտում ու ես թափառում էի մոլորակից մոլորակ: Ամենուր կյանքն էր, չէ որ ես դեռ փոքր էի, ու ինձ դեռ ոչ ոք չէր բացատրել, որ կյանքի գոյության համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Երբ ես փոքր էի, ես հավատում էի Աստծուն, քանի որ ոչ ոք ինձ չէր բերել գիտական աթեիզմի հիմնավորումներ: Ես մեծացա, կյանքի ճամփին ինձ շատ բաներ բացատրեցին, ես շատ բաներ սովորեցի, բայց երևի ես դեռ փոքր եմ, որ շարունակում եմ սավառնել, որ շարունակում եմ... երևի ես երբեք չուզենամ մեծանալ…

Alphaone
20.02.2013, 13:38
Օրը սկսվել է դատարկության տհաճ զգացողությամբ: Այն օրերից է, որ արթնանալու պահից գլխացավը հուշում է՝ կորած է: Նման օրերը երկու ավարտ են ունենում՝ հանձնվում ես, ոչինչ չես անում, պառկում ես քնելու կորած օրվա զզվելի զգացողությամբ, պայքարում ես, փորձում ինչ-որ բան անելու ու էլի պառկում քնելու կորած օրվա... Հերթական անգամ որոշել եմ, որ այս օրն այդպիսին չի լինելու: ՈՐՈՇԵԼ ԵՄ...

Alphaone
04.03.2013, 16:57
Մարսում գարուն չի լինում, չի լինում ձմեռ, ամառ, աշուն, մեր ստորգետնյա բազայում միշտ նույն եղանակն է: Դրա համար եմ Երկիր մոլորակում ամենաշատը սիրում եղանակների հերթափոխը, բայց ամենաշատը սիրում եմ գարունը. մարսյան մեր բազայի զով ջերմությունն է հիշեցնում...

Alphaone
22.03.2013, 05:10
Երկուսն են: Նորից հակասական բաներ են շշնջում: Որոշել եմ՝ այս անգամ լսելու եմ հրեշտակին, մնում է որոշել, թե երկուսից որ մեկն է հրեշտակը:

Alphaone
04.04.2013, 19:20
Ոչինչ, որ սիրտը կորված է, ես դեռ ունեմ ուղեղ: Դե՞ռ... Չէ, արդեն...

Alphaone
25.04.2013, 18:24
Փոքր-մոքր, խեղճուկարկ բալիկ էի: Այն երանելի ժամանակներն էին, երբ խոսում էի գրական հայերենով, բարեկրթության մարմնացում էի, ձայնս երբեք, ոչ մի տոն չէր բարձրանում ու եթե նույն կերպ շարունակվեր, երևի հիմա իմ իդեալը լինեի... Ինչևէ, բոլոր պատմություններում կա «բայց»- ը:
Նորեկ էի դասարանում: Հենց սկզբից էլ խեղճությունն ու բարեկրթությունը, հիմարավուն ազնվությունը հալածանքի առարկա դարձան: Երկու տարի հալածանքները լուռ կուլ էի տալիս՝ տանը, դրսում, ոչ մի տեղ, ոչ ոքի հաղորդակից չէի դարձնում ներքին պայքարին: Կուտակվում էր: Ես չգիտեի՝ ինչ հատկապես, բայց մի սև, մածուցիկ, մաղձոտ զանգված էր, հազիվ էի զսպում՝ չժայթքեր:
9-րդ դասարանից նոր դասարան տեղափոխվեցինք: Արագ մտա ներս, պայուսակս դրեցի առաջին պատահած տեղն ու վազեցի դուրս. ծառեր էինք տնկել, ուզում էի դասամիջոցին անպայման ջրել: Արդեն դպրոցի բակում տեսա, որ մեր բարալիկ, դեռ նոր արմատակալած շիվերը ցածր դասարանցիները հողից հանել՝ իրար են մտրակում:
Չլացեցի: Շատ լացկանն էի, փիսիկի նման մտնում էի մի մութ անկյուն ու լաց լինում: Այդ անգամ չլացեցի: Քարացած, ռոբոտանման աստիճանները բարձրացա, մտա դասարան ու հենց էդ պահին դասարանիս աղջիկը իր գերազանցությունը ցույց տալու հերթական առիթ բաց չթողեց՝ երկու մատով պայուսակս բարձրացրեց.
- Էս իմ տեղն ա, էլ չտեսնեմ սումկեդ էստեղ, Էղա՞վ:
Պայուսակս հետևի նստարանին հայտնվելու փոխարեն աղմկոտ վայրէջք կատարեց հատակին:
- Վերցրու:
- Դու վեկալ, չես սատկի:
- Անմիջապես վերցրու, - ձայնս մի տոն բարձրացել էր:
- Տեսնես, որ չվերցնեմ, ի՞նչ ես անելու, այ պուճուր:
Դանդաղ առաջացա, բարձրացրեցի մետաղյա աթոռն ու մետաղական ձայնով ասացի.
- Եթե չվերցնես, սրանով գլուխդ կջարդեմ, պուճուրներին չեն դատում:

Դասարանցիս կիսահեգնական բարձրացավ, առաջ եկավ, աթոռը բռնեց, սկսեց քաշել: Կտրուկ թողեցի, աթոռով հանդերձ ընկավ հատակին, ապա ձեռքից խլեցի աթոռն ու արդեն ևս մեկ տոն բարձր ու զզվելորեն սպառնալի տոնով ֆշշացրեցի՝ վերցրու, թափ տուր, դիր տեղը: Անսպասելիության գործոնն իմ կողմն էր: Չհսականալով՝ ինչ կատարվեց, լուռ բարձրացավ, պայուսակը բարձրացրեց, դրեց սեղանին:
- Փոշին թափ տուր:
Թափ չտվեց: Աթոռը դղրդոցով թռավ խեղճի ուղղությամբ, չհասցրեց խուսափել, աթոռով հանդերձ հերթական անգամ գետին տապալվեց: Աղմուկի վրա ուսուցիչներ եկան: Ամբողջ դասարանը չկարողացավ ապացուցել, որ թատրոնի սցենարիստը ես էի: Ուսուցիչներից ոչ ոք չհավատաց, որ աշխարհի ամենախեղճ էակը կարող է ներսում սատանաներ բուծել: Դրանից հետո տրամաբանական էր, որ ինձ պիտի ատեին ու արհամարհեին, բայց ինձ սկսեցին հարգել ու սկսեցին ինձանից վախենալ: Մինչև ավարտելու օրը իմ ձայնի մի տոնի բարձրացումը նշանակում էր հրահանգի անհապաղ կատարում: Ես ինձ ատում էի...
Ժամանակը ոչ առաջվա իմ եսը վերադարձրեց, ոչ էլ թողեց, որ լինեմ այն առանց զգացմունքների, բայց ուժեղ դիվուկը:

Ինչո՞ւ սա հիշեցի: Հա, այսօր ինձ զգում եմ նույնքան զզվելի, որքան այն ժամանակ, երբ դասարանիս աղջիկը ուսուցիչների հեռանալուց հետո լացելով թափ էր տալիս պայուսակս , բայց չեմ ուզում դառնալ նույնքան զզվելի, որքան դրանից հետո դարձա: Ուզում եմ վերադառնալ այդ բեկումնային պահն ու կանգնեցնել ինձ...

Alphaone
25.04.2013, 18:29
Սկել եմ ավելի ու ավելի հաճախ հիշել անցյալում եղածը: Մի բան կյանքումս փոխվել է ու ինձ փոխել, առաջ ես ավելի լավն էի, հիմա միայն բոժոժ եմ, թիթեռը լքել է:
Մի անգամ, երևի երեք մաքսիմում չորս տարեկանում բոժոժից դուրս եկող թիթեռ տեսա, մի կերպ ազատվեց բոժոժից, ճմրթված թևերը հազիվ կարգի բերեց ու անճարակ թռավ՝ հերթով ավելի ու ավելի ինքնավստահ: Չեմ հիշում մեծերից ով ինձ բացատրեց բոժոժի էությունը:
- Մի օր, երբ մեծանամ, ես էլ բոժոժ կսարքեմ, կմտնեմ մեջն ու երբ դուրս գամ, կկարողանամ թռչել,- նման մի բան ասացի:
Երկար տարիներ ապրում էի այդ երազանքով:
Մեծացա ու հասկացա, որ մարդիկ երբեք բոժոժ չեն հյուսում ու թիթեռ դառնում: Բայց դեռ շարունակում եմ հավատալ երազանքներին: Սնահավատություն:

Alphaone
20.07.2013, 17:24
Երբ ապագան թակուղի է, կրկին ու կրկին վերադառնում եմ անցյալ ու փորձում այնտեղ որոնել ներկայի ճահճացման պատճառները: Ինչո՞ւ ես մանկություն չունեցա: Մանկությունս ավարտվեց այն պահին, երբ ռազմի դաշտից վիրավոր վերադարձած զինվորը գլուխն ափերի մեջ առաջ ընկերոջ մահն էր սգում: 5 տարեկանում շատ բաներ չես հասկանում, բայց բաներ էլ կան, ոչ հասկանում ես, թեև չպիտի հասկանայիր: Ես հասկանում էի պատերազմը, ես հասկանում էի մահը, ես հասկանում էի մարդկանց ուսերին նստած սև ու սպիտակ էակների փսփսոցը: Այն ժամանակ աշխարհը չճանաչող իմ փոքրիկ գլխում ամեն ինչ պակաս սարսափելի էր, քան իրականությունն է, բայց, միևնույն է, ես հասկանում էի, որ մի երեխա անհայր է մնացել, որ մեր հերոսներն անհայր են թողել մի երեայի, ում հայրը գուցե և հրեշ էր, բայց ինքը դեռ անմեղ...
Մի ժամանակ ռուսախոս գնչուհին մի քանի ընկերներիս խաղաղության նոբելյան մրցանակ խոստացավ... ծիծաղեցինք...
Ո՞վ ինձ խաղաղություն կխոստանա...
Իմ թշնամին մարդիկ չեն, ժողովուրդները չեն, իմ թշնամին իմ ու բոլորի ներսի չարությունն է...ամենուր...

Alphaone
09.09.2013, 18:16
Մանկության առաջին հիշողությունս Սոնան է: Երկուսս էլ մոտ վեց ամսեկան երեխաներ էինք, խաղում էինք միասին, քաշքշում իրար: Իմ առաջին սերն էր (առաջին մարդը, ում ոչ թե սիրում էի, քանի որ իմ ընտանիքն էր, այլ՝ քանի որ ինքս էի ինձ հասակակից տասնյակ երեխաներից հատկապես իրեն ընկեր ընտրել), միակ մանկության ընկերը, որ ունեցել եմ: Հիմա անգամ չգիտեմ՝ ուր է Սոնան, ինչ է անում, նրանից հիշողություն մնացել է մի քանի լուսանկար: Լիքը հիշողություններ կան Սոնայի հետ կապված, բայց լուսանկարներում եղած օրը չեմ հիշում:

Սոնայի հանդեպ մինչև այսօր էլ վստահություն ու հարազատություն եմ զգում, բայց էն պստիկ Սոնայի, ում գրկում ու լացում էի, երբ մի տեղ ցավեցնում էի, հիմիկվա Սոնային վախենում եմ գտնել, վախենում եմ ճանաչել, վախենում եմ կորցնել:

Alphaone
23.09.2013, 03:53
Օրագիրս կյանքիս նման է՝ անցյալ, ներկա, ապագա, լրիվ խառնում եմ իրար, խճճվում, թպրտում, որ ազատվեմ ու... Բայց հիմա դա չէ, որ ինձ մտահոգում է, ավելի մտահոգիչ է քննաշրջանը: Պատճառաբանում եմ, որ չեմ կարողանում կենտրոնանալ, պարապել: Ո՞ւմ եմ խաբում: Չեմ ուզում ու վերջ: Կորցրել եմ իմաստներս, ինձ ամեն ինչի համար անպիտան եմ զգում: Ժամանակին ինձ սփոփում էի, թե գրում եմ ու լավ եմ գրում, բայց իրականում հարամում եմ էն գաղափարները, որ հմուտ ձեռքերում գլուխգործոց կդառնային:
Ժամանակին ինձ ամբողջովին ներծծել էր ոչ ֆորմալ կրթության գաղափարը: Կյանքում էնքան սեմինարների եմ մասնակցել, էնքան տարբեր պիտանի ու անպիտան թեմաներով, որ հաշիվը կորցրել եմ ու կեսից շատն էլ անգամ սիվիում չկան, որ յոթ էջանոց ապուշությունը տասնյոթ էջ չդառնա, առանց այդ էլ կրճատում եմ, կրճատում, վերջը չի երևում:
Սեմինարներին միշտ փայլել եմ՝ բրեյն սթորմինգ, խաղեր, քննարկումներ... Խակ ուսանող էի, մտածում էի, թե այդ ամենն ինձ կօգնի կյանքում կայանալ, ավելի պատրաստ լինել կյանքի փորձություններին, բայց կյանքը սեմինար ու սեմինարի ժամանակ ինչ-որ մեկի մտածած դերային խաղ չի: Իմ կյանքը բեմ չէ, ես էլ չեմ խաղում, բայց ապրել էլ դեռ չեմ սովորել:
Վերջերս հասկացա, թե որն է այդ ոչ ֆորմալ կրթություն կոչվածը՝ ապրելը, ինչքան շատ ես ապրում, էնքան շատ փորձ ես կուտակում, բայց դա քիչ է, ապրելուց բացի պիտի կարդաս: Կապ չունի հեղինակը ժուռնալային մակարդակի միջակություն է, թե նոբելյան մրցանակի արժանացած հանճար, եթե ուղեղ ունես, ինչ հումք էլ տաս, կվերամշակի ու ստացածդ ոչ թե հումքից կախված կլինի, այլ՝ ուղեղիցդ: Հիմա ես երկու բան եմ ուզում՝ ապրել ու կարդալ, բայց մեկը մյուսին խանգարում է:
....
Տաս տարի է անցել: Ընդունելության քննություններ պարապելու փոխարեն պատմությանս մեծ գրքի հետևում հանգիստ գեղարվեստական գիրք էի թաքցնում ու ծնողներիս աչքի առաջ ժամերով «պարապում»: Դեռ դպրոցի ավարական քննությունների ժամանակ հասկացա, որ ես մեդալ չեմ ուզում, կարմիր դիպլոմ չեմ ուզում, շքանշաններ չեմ ուզում, ուզում եմ ազատ լինել: Այդ ձմեռ առաջին անգամ կյանքում ծանր հիվանդացել էի, պառկելու ու երկար մտածելու ժամանակ ունեի, առաջ եթե նորմալ էր թվում իրավաբանի հարգի մասնագիտությունը, հիմա զզվանք էր առաջացնում: Էլի վերադարձել էր ծրագրավորող դառնալու մարմանջը, բայց ես ինչ մաթեմատիկայի ուսուցչուհուս հետ գժտվել էի, ոչ մի նոր բան չէի սովորել, իսկ այն, որ դպրոցական թեթերից ձական 20-ը հավաքում էի կամ թեորեմներից մեկ երկուսը կարողացել էի ինքնուրույն ապացուցել, քիչ էր ինձ մաթեմատիկա իմացող հռչակելու համար: Գիտակցում էի, լա՜վ էի գիտակցում: Աստղագնաց դառնալու երազանքս կարմիր խաչի ներքո էր, ինձ արդեն մեծ էի համարում՝ ռեալ երազանքով: Ուզում էի ֆիլմեր ստեղծել, գժվելու չափ ուզում էի Մատանիների տիրակալը նկարել, էն ժամանակ դեռ ֆիլմը չկար, գժվելու չափ ուզում էի Ազիմովի ցնդած աստղագետներին ու խավարման արդյունքում խելագարության հասցնող աստղերի գեղեցկությունը նկարել, բայց ուժերիս վստահ չէի, մենակ էի, ոչ ոք իմ ցնդաբանությունները չէր խրախուսում:
Դպրոցի հայոց լեզվի քննությունից առաջ ծնողներիս հետ լուրջ խոսեցի՝
- Չեմ ուզում իրավաբան դառնալ, եթե ռեժիսիորին համաձայն չեք, թույլ տվեք ծրագրավորող դառնալ (Սիմոնա ֆիլմը դեռ չէի տեսել, բայց ֆիլմ նկարելու համար ծրագիր ստեղծելը իմ կյանքի գործն ու ապագայի տեսլականն ու երազանքների իրականցաման գրավականն ու ինքնաարտահայտման լավագույն ձևն էր թվում): Մի տարի էի խնդրում, միայն մի տարի, որ պարապեմ, հիմք ունենամ, կարողանամ այդ հիմքի վրա սովորել ոչ այն մասնագիտությունը, ինչին մի ամբողջ տարի նախապատրաստվել էի մասնավոր պարապմունքներով ու ձևանալով, թե պարապում եմ:
Չստացվեց:
- Ուրեմն ես ոչ էլ ավարտական քննություններին կգնամ, եթե դպրոցը չավարտեմ, ոչ մի բուհ էլ չեմ ընդունվի:
Թե ոնց համոզելով, հարկադրելով, քարշ տալով ու խնդրելով ինձ քննության տարան, ապուշ ու ոչ հիշարժան պատմություն է:
Այդ օրը քննությունից հետո վարձով տանն, ուր ապրում էինք, չօգտագործվող և ավելի շատ սիմվոլիկ փայտի վառարանում ես այրեցի բոլոր ստեղծագործություններս, երեք մեծ տոպրակ լի ցնդաբանություններով ու իրականում արժեքավոր գործերով, որ ոչ միայն ինձ համար էին արժեքավոր, այլ գրականությունից գլուխ հանող ու իրականում խելացի մարդկանց համար, ովքեր մինչև հիմա էլ արածիս համար պատրաստ են ինձ էլ վառել:
Անհեթեթ պատմությունների շարան է և իմ համալսարան ընդունվելը: 16 տարեկանում շատ խակ ես սեփական որոշումներ կայացնելու համար: Դրա համար էլ ես խելոք-խելոք հերթով հանձնեցի բոլոր քննություններն ու ինչպես և սպասում էին ինձանից՝ կուրսում ամենաբարձր բալերով ընդունվեցի համալսարան:
18-ս լրանալուն պես ես պիտի տանից հեռանայի, աշխատանք գտնեի ու ընդունվեի ինքս էլ չգիտեի ուր՝ ռեժիսիոր դառնալու: 18 տարեկանում ընտանիքում էնպիսի խնդիրներ կային, որ ես ուղղակի բարոյապես չկարողացա նոր հարված հասցնել ծնողներիս:
Ավատեցի:
Ընդունվելու օրվանից մինչև ավարտելու օրը ես այդպես էլ գրեթե գեղարվեստական գիրք չկարդացի: Ես, որ դպրոցում ուղղակի կլանում էի գրքերը, ես, ում կյանքի սերը դարձան գրքերը, որ սկսվեցին պարզունակ Բկլիկ ձկնիկով ու Այբոլիտով, շարունակվեցին... Ինձ ուղղակի հրապուրեցին նոր աշխարհները, երբ կարդում էիր սուր-սուր փշերով ատոմների ու կլոր, հարթ ատոմների մեղրին ու մանանեխին համ տալու մասին, իսկ հետո բացահայտում՝ ոչ, սնունդը լրիվ ուրիշ պատճառներով է, որ համ ունի: Երբ հիմալայներում պայքարում էի կատաղած փղի դեմ, հետո հայտնվում Ֆլորիդայի տապում՝ ջինջ ավազաններով շրջապատված: Երբ հաղթահարում էի երկրի ձգողականությունն ու թռչում գալակտիկայից գալակտիկա, բայց առաջինը գնում Մարս, իմ Մարս, իմ տարերք, որ սկսեմ իմ պատերազմն ու հաղթեմ իմ պատերազմում: Գրքե՜ր, արդեն չեմ հավատում, որ ես կարող էի շուրջ յոթ տարի գրքեր չկարդալ:
Հիմա, երբ հիվանդ, կոտրված, անքուն նստել ու փորձում եմ հասկանալ, թե ինչու երջանիկ չեմ, ես հասկանում եմ:

Ամեն ինչի մեղավորը ես եմ:

Հարկավոր է ապրել ու կարդալ:

Անհրաժեշտ է այս երկուսը համատեղել:

Alphaone
03.11.2013, 11:08
Ես չգիտեի, որ կան նման մարդիկ՝ գրողներ, ես կարդում էի իմ մանկական պարզունակ գրքերն ու չգիտեի, որ դրանք մարդիկ են ստեղծում: Ես հորինել էի լուսեղեն էակների մոլորակը, որտեղից գալիս են բոլոր գրքերը: Հիմա աղոտ եմ հիշում...
Ես չգիտեի, որ կան լուսեղեն էակներ՝ մուսաներ, ես կարդում էի..... ու մտածում, որ մարդիկ են ներշնչում լուսեղեն էակներին իրենց պատմությունները...
Բայց հերթական անգամ մեծացա, հայտնաբերեցի, որ աշխարհը թարս է...

Alphaone
11.11.2013, 20:47
Ծխե՞լ, թե չծխե՞լ...
Դպրոցական էի, որ առաջին անգամ այդ զզվելի երևույթը թոքերս լցվեց սեփական նախաձեռնությամբ:
Չեմ հաշվում էն ժամանակները, երբ դեռ տաս տարեկան էլ չկայի ու մեր տանն էին հավաքվում տարօրինակ մարդիկ՝ արվեստագետներ, գիտնականներ, թափառաշրջիկներ, ծնողներիս գյուղի ու քաղաքի հին ու նոր ծանոթները՝ շատերը ծխի շղարշից անբաժան: Այդ ժամանակ ես էլի շնչում էի ծուխը դռան հետևից, քանի որ ծխով լի սենյակ գնալը յուրօրինակ տաբու էր, որ շուտ-շուտ խախտում էի:
Այդպես իմ իսկական ծխելու փորձը եղավ 15 տարեկանում, երբ դասարանիս տղաները իրենց նոր սուպեր կարողությամբ՝ ծխելով, ամբարտավանորեն իրենց ավելի բարձր կաստա էին համարում, քան չծխողներն էին:
- Իբր ի՞նչ կա դրա մեջ,- հեգնաքով ասաց իմ մեջ այդ ժամանակներում ապրող դիվուկը:
- Այ որ մի հատ քաշես ու սատկես, կիմանաս, - հեգնեց դասարանցիս:
- Մի հատ տվեք:
Ինձ ոչ մի կերպ, բնականաբար, արդեն չէին կարող համոզել հրաժարվել անհեթեթ մտքից: Ծուխը զզվելի համ ուներ ու ահավոր հազ առաջացրեց հենց առաձին շնչից: Շուռ եկա, աչքերիցս հոսող արցունքները զսպելու համար կամքի գերկուտակում էր պետք, որ ես չունեի, բայց այդ պահին չգիտես որտեղից հայտնվեց: Հանգիստ հետ շուռ եկա ու արդեն մինչև վերջ առանց արկածների ներս քաշեցի գլանակը՝ արհամարհանքով մի կողմ նետելով ծխուկը:
- Զիբիլ, ու ի՞նչ եք հասկանում առավոտից իրիկուն էս աննորմալությունը շնչելուց:
- Աղջիկն էդ չի հասկանա, - հեգնեց դասարանցիս:
- Հա, աղջիկներն ամեն հիմարություն ոչ էլ պարտավոր են հասկանալ:
Գենդերային անհավասարության մոլի կողմնակից ես ավելի ուշ դարձա՝ պնդելով, որ կանայք միշտ պետք է գերակա դիրք ունենան: Այդ ժամանակ դեռ առաջին ծիլերն էին պարարտորեն ջրվում դասարանցիներիս կողմից:

Երկրորդ անգամ ես ծխեցի ընդունելության քննություններից հետո: Մի շիշ գարեջուր, մինթոլով բարակ սիգարետներ, լճափ, լիալուսին, ռոմանտիկա... Բախտս էի սգում, որ ես էնքան էլ ուժեղ դիվուկ չէի, որ ծնողներիս կամքին հակառակ գնայի, որ ունենայի այն կյանքը, որին ձգտում եմ, ոչ թե այն կյանքը, որ ինձնից հասարակությունն էր սպասում:
Լուսինը վերևից հեգնում էր՝ ես էլ երբեք չէի քայլի լուսնի վրայով:

Հետո մի անգամ ծխելու դեմ ակցիա էինք անում, այդ ժամանակ ծուխը ներս քաշեցի: Սցենարով պետք էր դիտավորյալ հազալ, բայց իրականում հազացի, աչքերիցս կայծեր էին թռչում, արցունքներն անխնա հոսում էին, մինև հիմա զարմանում եմ, թե մարդիկ ոնց են էժանագին սիգարետի ծուխը թոքերը լցնում:

Հետո արդեն հիստերիկաֆիկացված պահերին սիգարետը դառնում էր փրկություն, ծխում էի զզվանքով, բայց ագահորեն:
Վերջին անգամ ծխելու ցանկություն ունեցա Իմփի ծխելուն նայելուց, բայց ինձ զսպեցի, էնպիսի զգացողություն էր, որ եթե հիմա տրվեմ պահի թուլությանն ու ծխեմ, ամբողջ կյանքում ծխելու եմ: Իմփի քաղաքավարի առաջարկած գլանակը մերժեցի աննկարագրելի ափսոսանքով:

Ես ամբողջ կյանքում ծխելուն դեմ կլինեմ, եթե անգամ սկսեմ ծխել, դա հիմար ու մարդուն խեղող սովորույթ է, դա կախվածություն է, դա ազատության սահմանափակում է, դա հեթանոսություն է՝ ծխի պաշտամունք...

Alphaone
28.11.2013, 23:01
Կան մարդիկ, որ հաճախ ինձ հետ չափազանց գռեհիկ, ցինիկ ու կոպիտ են վարվում: Նման մարդկանցից շատերին ուղղակի դուրս եմ թողնում իմ կյանքից ու շրջանցում, բայց որոշ մարդկանցից չեմ վիրավորվում ու չի նշանակում, որ արհամարհում եմ, ուղղակի կան մարդիկ, որոնց արարքներում ու բառերում գերիշխում է ցավը ու ես կարողանում եմ էդ ցավը վերցնել, մի կողմ դնել, ես կարողանում եմ էդ բացասական էներգիան ոչ թե կուտակել, այլ տրանսֆորմացնել: Երբեմն ներսումս մնում է մնացորդային ինչ-որ զանգված, որ կուտակվելով դառնում է ցավ ու ես եմ այդ ժամանակ ինչ-որ մեկի հանդեպ գռեհիկ, ցինիկ ու կոպիտ լինում: Երազում եմ, որ նման պահերին ինձ վրա խաչ քաշելու փոխարեն վերցնեն ու տրանսֆորմացնեն իմ ցավը...

Alphaone
05.12.2013, 19:14
Աշակերտական տարիներիս մի երևույթ կար՝ կարծիքի տետր, տալիս էին դասարանցիները, բակի երեխաները լրացնում էին: Հիմնականում բաց հարցեր էին՝ ինչպիսի՞ արտաքին ունեմ, ինչպիսի՞ ընկեր եմ ու էդպես, կամ ազատ շարադրանքով ինչ ուզում գրում էին: Երբ առաջին անգամ նման տետր ձեռքս ընկավ, չգիտեի, որ չգրված կանոն կա՝ գրել միայն լավը: Դրա համար ինչ ասես չգրեցի՝ թե լավ, թե վատ: Հետո պատմություն, իրարից նեղանալ, լաց, արցուքներ, «տետրս ավիրեցիր» և այլն: Դրանից հետո ես ահավոր դժվարությամբ եմ մարդկանց վատ բաներ ասում, պիտի ահավոր վստահելի ու մտերիմ լինի, որ ինձ թույլ տամ մարդու հետ իր թերությունների մասին խոսել:
Էսօր մի պահ ինձ շատ գովեցին, իրականում պետք եղածից շատ ու հանկարծ սրտանց ցանկացա մի կարծիքի տետր էլ ես ունենալ, որտեղ էն ժամանակվա իմ գրածի նման անկեղծ կգրեն լավն էլ, վատն էլ: truthly-ում անգամ իմ վատ գծերի մասին գրեթե չեն գրում կամ հումոր են անում, իսկ հիմա ինձ իրականում պետք ա, որ բարի մարդիկ, ոչ չարությամբ, ոչ էլ ավելորդ բարյացկամությամբ ինձ ասեն էն բոլոր գծերը, որ ինձ ավելի վատն են դարձնում, բոժոժս գրեթե բացվել է, չեմ ուզում էնտեղից ուղղակի դատարկ թիթեռնիկ դուրս գա...

Alphaone
08.12.2013, 19:05
Ձյո՜ւն...
Առաջ սիրում էի ձյունը, ձմեռը, մինչև որ իմունիտետս չսկսեց դավաճանել: Տարօրինակ օրինաչափութամբ հիվանդանում եմ էն ժամանակներում, երբ ամառները չի ստացվում ամեն օր մինչև գրեթե կեսգիշեր բակում խաղալ: Առաջին անգամ էդպես անկողնուն գամվեցի տասերորդ դասարանում, երբ խաղերի փոխարեն ընդունելության քննությունների էի պատրաստվում ու դպրոցում գլուխ պահած տաս տարին փորձում մի տարում ուղեղս լցնել: Ուսանողական տարիներին խաղերը վերականգնեցի, էլ չէի հիվանդանում: Գրասենյակային խիստ, կոկիկ հագուստը մի կողմ նետելով՝ վազում էի բակ ու ամառ ձմեռ մերթ գնադակով, մերթ ձնագնդիներով խաբում ժամանակին, թե դեռ երեխա եմ: Վաղուց չեմ խաղացել, շարժման պակասն արտաքինի վրա էլ է անդրադառնում, էլ երեխայի տեսք չունեմ: Հիվանդ նստել եմ տանն ու վճռականություն եմ հավաքում՝ մի քիչ խելքի գալուն պես իջնել դատարկ բակ, ուր էլ երեխաներ չկան, ու ինքս ինձ հետ ձնագնդի խաղալ...

Alphaone
12.12.2013, 17:25
Այսօր առաջին անգամ զգացի 2013-2014 ձմեռը: Դեռ մուտքից ինձ դիմավորեց հետևյալը.


http://i.imgur.com/Ouknmp1.jpg

http://i.imgur.com/kB2QRek.jpg

http://i.imgur.com/sQSrJlD.jpg

Աշխատանքի չգնացի մարդաբոյ ձյան պատճառով, քայլել նման ձյան միջով անհնար էր, տաքսիների աշխատանքը ևս կասեցվել էր: Մի խսքով, տեսարան քաղաքից.

http://i.imgur.com/eP6hCCW.jpg

http://i.imgur.com/KsGVrWx.jpg



Խեղճ ժիգուլիս էլ, որ պլանավորել էի հաջորդ տարվա սկզբներից սանձել, հայտնվեց լրիվ անաշխատունակ վիճակում :(

http://i.imgur.com/EC29JjJ.jpg

Ինչպես միշտ, էստեղ՝ իմ բանտը դարձած ցուրտ քաղաքում մրսած եմ...

Alphaone
13.12.2013, 05:39
Այդ մարդը հենց սկզբից ուշադրություն գրավեց: Հետո լիքը հակասական մոտեցումներից հետո դարձավ հարազատ: Ամենահաճելի անակնկալն իմ մանկության գրքին ծանոթ լինելն էր «Ինչից է ամեն ինչը»: Ծանո՞թ լինել: Չէ: Թերևս, ճանաչել ու սիրել...
Նա աստճանաբար դարձավ փոքր ժամանակ իմ հորինած երկվորյակ եղբայրը, որ ողջ կյանքում երազում էի ունենալ: Բայց հետո եկավ անտարբերությունը: Ոչ թե աստիճանաբար, այլ՝ միանգամից, վարկենական: Այդ մարդու նկատմամբ ես աննկարագրելի դրական էի տրամադրված, եղան կոնֆլիկտներ, որ ոչ մի կերպ չփոխեցին վերաբերմունքս, բայց հանկարծ մի պահ ֆեյսբուքում հայացքս կանգ առավ նրա անվանը և ես հասկացա, որ ոչ մի հարաատ թրթիռ կամ հակակրանք չկա, բացարձակ անտարբերություն: Հետո հասկացա, որ ես նրան որպես մարդ չէի ընկալում, ես նրան որպես իմ հորինած կերպար էի ընկալում: Զզվել եմ ինձ համար իդեալներ հորինելուց, alarm, եթե վաղը հանկարծ կտրուկ ուրիշ դառնամ ձեր հանդեպ, պատճառը ձեր մեջ մի փնտրեք, պատճառն իմ մեջ է...

Alphaone
13.12.2013, 20:30
Ձյունը ծնկներիցս բարձր էր, որոշ տեղերում հասնում էր գոտկատեղիս: Մայթերն ամբողջովին այդ շերտի տակ էին ու մարդիկ քայլում էին հենց փողոցով: Վտանգավոր էր, նեղլիկ տարածքը քիչ էր հետիոտների ու մեքենաների համար: Ամբողջ օրը թափառել եմ այստեղ-այնտեղ, փորձելով թեկուզ քիչ-քիչ անցնելու ճանապարհ բացել մայթերի վրա: Թրջված էի, սառած ու երջանիկ: Վերադարձին այն մայթերը, որտեղով անցել էի, արդեն տրորված, անցանելի ճանապարհ էին, այնտեղ, ուր ուժասպառ ուղղակի շրջանցել էի, առաջվա բարձր ձյան շերտն էր: Էլ ուժ չկար այդ ձյունն էլ տրորելու: Ավելի ուժեղ, բարձրահասակ ու թերևս ավելի տաք հագնված մարդիկ էին իմ կողքով այսօր անցնում: Ինչո՞ւ ոչ ոք չցանկացավ լինել առաջինը, ինչո՞ւ ոչ ոք չցանկացավ ճանապարհ հարթել մնացած մարդկանց համար:

Alphaone
20.12.2013, 14:15
Ինքը գիտեր, թե ինչ ասի, որ ես վատ զգամ, գիտեր ինչն ա ինձ ամենաշատը նվաստացնում, տրորում, ցավեցնում... Ասում էր ու ես ցավ էի զգում ոչ թե իր ասածներից, այլ նրանից, որ ուզում էր ինձ հնարավորինս վիրավորած լիներ...

Երեկ նորից վիճեցինք, էս անգամ լուռ էի, չէի վիճում, չէի հակաճառում, գոռաց, գոռգոռաց, վերջում ասաց՝ կներես: Շարունակում էի լռել, սկսեց արդարանալ, բացատրել, կոկորդումս ոչ այն է լացն էր լռվել, ոչ այն է աղաղակը, ես դեռ լուռ էի: Փորձում էի հասկանալ, էս անգամ էլ ասում էր այն, ինչ ես պետք է լսեի, թե ասում էր այն, ինչ զգում էր: Հոգեբանությունը միայն գիտելիքներով չի, պետք է լիքը մարդկանց հանդիպել, ճանաչել, որ գա փորձը: Վանդակում ապրելով՝ ես մարդկանց չեմ ճանաչի, երբեք...

Alphaone
04.01.2014, 00:20
Հիշում եմ, որ տանն իտալական հեքիաթների ժողովածու ունեինք, որ կլանում էի, ոչ մի ժողովրդի հեքիաթներ էնքան հաճույքով չեմ կարդացել, ինչքան իտալականը: 10 տարեկան էի, երբ սկսեցին ժողովածուի հեքիթանցից մեկի՝ Գեներալ Ֆանտա-Հիրոյի հիման վրա ֆիլմ ցուցադրել: Հեքիաթը գրեթե անգիր հիշում եմ, ֆիլմը, թեև ժամանակին կլանված նայել եմ, չեմ հիշում: Հենց նոր գտա, նայելու եմ :)


http://seasonvar.ru/serial-3643-Fantagiro_ili_Peshera_zolotoj_rozi.html

Alphaone
07.01.2014, 05:28
Հիշում եմ, որ տանն իտալական հեքիաթների ժողովածու ունեինք, որ կլանում էի, ոչ մի ժողովրդի հեքիաթներ էնքան հաճույքով չեմ կարդացել, ինչքան իտալականը: 10 տարեկան էի, երբ սկսեցին ժողովածուի հեքիթանցից մեկի՝ Գեներալ Ֆանտա-Հիրոյի հիման վրա ֆիլմ ցուցադրել: Հեքիաթը գրեթե անգիր հիշում եմ, ֆիլմը, թեև ժամանակին կլանված նայել եմ, չեմ հիշում: Հենց նոր գտա, նայելու եմ :)


http://seasonvar.ru/serial-3643-Fantagiro_ili_Peshera_zolotoj_rozi.html

Ֆիմը դուր չեկավ, երևի փոքր ժամանակ կռիմ-մռիվ, սրամարտ, կախարդներ հրապուրել էին, բայց հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ հեքիաթի շունն էլ չէր...

Ի դեպ, գիրքի վերնագիրը «Երեք նարինջ» էր՝ հեքիաթներից մեկի վերնագիրն էր, բայց ինձ համար հենց այդ հեքիաթն էր ամենապարզունակը...

Alphaone
14.01.2014, 17:43
Երբ խղճում ես, դառնում ես անզոր: Հա, ես խղճում եմ իրեն, դրա համար իրենից հոսող բացասական հեղեղի դեմ անպաշտպան եմ, խղճում եմ, չեմ կարողանում ավելի ցավեցնել, առանց այդ էլ ցավը նրան խեղդում է... փոխարենը նա է կարողանում ինձ ցավեցնել, ճզմել, փոշիացնել... ինքը չի խղճում, իր համար միևնույն է...

Alphaone
19.01.2014, 15:45
Ներսիս հանճարն ու հիմարն իրար ատում են, էն միամիտ, գավառական, ֆենած մազերով, կոկետ, թիթիզ, կոտրատվող...յա՜խք կերպարն ատում է ակումբի համազգեստով, բոթասներով, կարճ մազերով էն խուլիգանկային, ում հիվանդագին սիրում էի, կորցրել էի, սկսում եմ վերագտնել: Բայց հիմա ինչ-որ երրորդն է հայտնվել, խիստ կանացի, դասական, բայց և հարմարավետ հագուստով, կոկիկ, խնամված, բայց առանց շպարի ու որևէ ավելորդության, մի տեսակ վերամբարձ արհամարհանքով է նայում երկուսին էլ: Զգում եմ, որ ես եմ, որ լրիվ իմ կերպարն է, բայց դեռ նշաձողին չեմ ձգել: Դեռ երբեք էսքան երկար մետամորֆոզ չեմ ունեցել, արդեն վախենում եմ անգամ գուշակել, էս անգամ ինչ եմ դառնալու: Բռռռ...

Alphaone
22.01.2014, 04:43
Մանանեխ: Այո, եթե գիշերն անքուն պարապում ես ու հիվանդագին ուզում քնել, սուրճը քեզ չի փրկի, բերանդ լցրու ռուսական տեպնոլոգիայով պարտաստված մանանեխը, մաքրիր արցունքներն ու վայելիր աննկարագրելի թարմությունը: Երաշից էլ մեջբերեմ՝ После этого мне уже ничего не страшно...

Alphaone
27.01.2014, 18:13
Մեր երկրում երջանիկ մանկությունը ձևավորում է «ամեն ինչ անցյալում է» մտածելակերպ, էնտեղ, ուր ապահով ծերություն է «ամեն ինչ առջևում է» մտածելակերպն է: Արդյունքում մոտիվացիաներն ահավոր տարբեր են լինում: Հիմա ուզում եմ բալանսի գամ անցյալի ու ապագայի միջև, ամեն ինչ հիմա է, այս պահին, անցյալ ու ապագա չկան, հիշողություն ու միֆ են...

Alphaone
31.01.2014, 14:08
Երբեմն էնքան շատ եմ հիմարություններ անում, որ հետո նայում եմ հետ ու իրականում չեմ հավատում, որ էդ ցնդաբանության կույտը ես եմ հեղինակել: Հիմարանում եմ ես սովորաբար էն մարդկանց շրջապատում, ովքեր ինձ համար կարևոր են, ում վրա փորձում եմ դրական տպավորություն թողնել: Դա սիրահարվածության հիմարանալը չի, դա ավելի շատ քեզ խելոքի տեղ դնելու հիմարանալն ա դասախոսների, ավագ ընկերների մոտ: Միշտ ավելի շատ հարգել եմ սեփական պարզունակ մտքեր արտահայտող մարդկանց, քան հանճարների մտքերը ցիտող ու սեփական մտքեր բնավ չունեցողներին, բայց հիմա ինձ էնպես եմ զգում, ասես ես էլ եմ դարձել սեփական մտքերից զուրկ ծրագիր: Ավելի ու ավելի հաճախ իմ գրածներում ուրիշների մտքերի եմ հանդիպում: Ես էն հանճարը չեմ, որ էդ մտքերը գեներացնեմ, նշանակում է ժամանակին մի տեղ կարդացել եմ, արխիվացրել ու ուղեղս հիմա որպես սեփական հանճարի արգասիք է ներկայացնում: Փորձում էի Բրեդբերիի ոճով գրել, սկիզբն ահավոր նման ստացվեց: Shift-delete: Վախենում եմ գրեմ, պարզվի մի տեղ վաղուց կարդացել եմ, էլի լցրել եմ արխիվ ու հիմա Բրեդբերիի գրածը հրամցնում եմ որպես իմ գրած, որ գրել եմ իր ոճով: Աննորմալություն:

Հ.Գ. 37.9 աստիճան ջերմությամբ զառանցում եմ, լուրջ չընդունեք:

Alphaone
02.02.2014, 01:11
Ակումբցիներ կան, ում մյուս ակումբցիները մանկությունից գիտեն՝ Արամը, Ջոնը... ու ինչքան էլ իրեն մեծանում են, ինչքան էլ հասուն ու լայնախոհ են դառնում տարիների հետ, ակումբցիների համա մնում են առաջվա երեխան: Երբ ես եմ արդեն մեծացած «երեխաների» հետ ծանոթանում, իրենք մի բան էլ ինձանից ավելի հասուն, լուրջ են թվում ու զարմանում էի, թե ոնց են իրենց երեխայի նման վերաբերում: Մինչև չնկատեցի մի օրինաչափություն՝ մարդիկ մեր հիշողության մեջ մնում եմ այնպիսին, ինպիսին ճանաչել ենք ի սկզբանե:

Alphaone
04.02.2014, 16:11
Երբեք մտերիմ չենք եղել: Էսօր լացակումած զանգեց.
- Մի քիչ գովա ինձ:
- Ի՞նչ:
- Ինչ-որ լավ բան իմ մեջ նկատել ես, գոնե մի դրական գիծ, խնդրում եմ, ասա էն ամենը, ինչ իմ մեջ լավ ա(սա խմբագրած եմ գրում, քանի որ բառացի չեմ հիշում բոլոր անկապակցված արտահայտությունները):
- Ասեմ էն, ինչ կա, թե էն, ինչ ուզո՞ւմ ես լսել:
Մի քիչ մտածելուց հետո:
- Էն, ինչ ուզում եմ լսել:

Alphaone
06.02.2014, 15:17
Անցյալ տարվա պես որոշել եմ, հենց առողջանամ, ձնեմարդ եմ սարքելու, մնում է անցյալ տարվա պես միայն ամռանը չառողջանամ...

Alphaone
08.02.2014, 23:15
…ես ոտքի տակ ընկնող, ոտքերս լպստող սև կատուն չեմ, ես մազերիս մեջ խճճված տարօրիանկ մեծ ու տարօրինակորեն սև ագռավը չեմ, ոչ էլ սրածայր գլխարկով այս արտացոլանքը հայելում…
…ես աստղերի մեջ մոլորված ու աստղի պես կայծկլտուն աստղանավը չեմ, ես չեմ այս բարալիկ շոշափուկներով դոնդողանման ստվերն ու անգամ իլյումինատորից դուրս նայող աննորմալ մեծ գլխով ու աննորմալ բարալիկ մարմնով լողլողը ես չեմ…
…ես չեմ սառը սոսափյունը կեսգիշերին, ու ճերմակ սավանի թրթիռ հիշեցնող դողը չեմ ես, ոչ, ես չեմ նաև այս մարդկային թափանցիկ մարմի նմանությամբ բացակայությունը…
…ես չեմ այս չղջիկը, ոչ էլ սրատամ այն գեղեցկուհին արնաքամ լինող դիակի կողքին, լճին առանց արտացոլանքի նայող այն երկարամազ երիտասարդն էլ ես չեմ…
…ես չեմ եղել նաև աստղանույշ, չեմ եղել վիշապ, թզուկ, այլքերից և ոչ մեկը, չեմ եղել կախարդ, չեմ եղել…
Բայց նրանցից բոլորից մի մասնիկ եկել, բնակություն է հաստատել իմ մեջ ու նրանցից ոչ մեկը չլիելով հանդերձ ես դարձել եմ նրանց ծաղրանկարը… Արդյունքում, նրանցից ոչ մեկը չլինելով` ես չեմ եղել նաև պարզապես մարդ…

Alphaone
09.02.2014, 20:56
Վերջնականապես ցնդել եմ. դարակիցս գտել էի երեկոյան շրջազգեստ, որի գոյության մասին մոռացել էի, երջանկությունից աչքերս փայլում էին... Հայկօ-ն մի պատմվածք էր թարգմանել՝ «Ծաղիկներ Ալջերնոնի համար»: Եթե սկսել եմ լաթերով ուրախանալ, ուրեմն վերածվում եմ այդ պատմվածքի գլխավոր հերոսի... Ամենասարսափելին այն է, որ գիտակցում եմ վերածվելը:
- Վերադարձիր փոքրիկ Վիրջինիա:
Օսկար Ուայլդ, «Քենթրվիլի ուրվականը»

Alphaone
10.02.2014, 20:11
Երբ ներսից հազարավոր մանր փշեր ծակծկում են, ուղղակի հանիր ներսը, շուռ տուր, հագիր դրսից, այդ նույն փշերը կսկսեն պաշտպանել...

Alphaone
11.02.2014, 00:28
Ծուլությունն ալարում ա մոտիցս ուրիշ տեղ գնա... :(

Alphaone
12.02.2014, 00:46
Բնապահպանական նոպաներ մոտս ժամանակ առ ժամանակ սկսվում են: Մի պահ լրիվ բուսակեր էի, անգամ մեղր ու ձու չէի օգտագործում: Հետո «դարձի եկա», թեև մինչև հիմա էլ չգիտեմ, թե դարձի գալn իրականում որն է: Այսօրվա անվերջ մրսածությանս ակունքները գնում են այն ժամանակներ, երբ հրաժարվեցի մորթե միջուկով վերարկուից ու սկսեցի բարակ կտորից վերարկու հագնել, կոշիկներս էլ կաշի չէին, բնականաբար, ոչինչ, որ ոտքրես միշտ թաց էին. ես գնահատում էի կյանքը:
Հետո մոտս սկսվեց առանձնահատուկ դաժանության ու վամպրիրիզմի շրջանը: Արդեն միս էլ էի խժռում, կաշվից իրեր հայտնվեցին՝ բաճկոններ, պայուսակներ ու անգամ ուզում էի ձկնորսության/որսի գնալ, չստացվեց:

Ու չէի հասկանում, թե ով եմ ես: Տարբեր շրջաններում ես տարբեր էի:

Այսօր ցրտահարված ձեռքերիս արջի ճարպից պտրաստված ինչ-որ քսուք տարածելուն զուգահեռ պատկերացնում էի սպանված արջի արյուն եմ ձեռքերիս քսում: Բժշկուհին, որ հենց այդ քսուքն էր խորհուրդ տվել, վերածվել է իմ ոխերիմ թշնամու ու այս պահին էլ գրում եմ՝ ձեռքերիս այդ քսուքը: Հենց այս պահին անգամ արյան հոտ եմ զգում, այն աստիճան է նյութականացվել մաշկիս մակարդված արյան զգացողությունը:

Ժամանակ առ ժամանակ, ամեն հերթական նոպայի ժամանակ իմ նոր «ես»-ը նախորդին արհամարհում և ատում է, մերթ «հիմար հավատացյալ», մերթ «անիծյալ սատանիստ» հայտարարելով: Ու հիմա, էն տարիքում, երբ շատերը սկսում են իրենց կորցնել, ես ինձ չեմ գտել, ես դեռ չգիտեմ, թե էդ երկու իրարամերժ էություններից որ մեկն եմ ես, չգիտեմ, թե վաղը որ մեկը կլիեմ արթնանալուց հետո... Հիմա մի երրորդ էակ եմ, դիտորդ, որ արհամարհախառն հեգնանքով է նայում երկուսին էլ, բայց հիմա նաև այդ երկուսն եմ, հենց հիմա երկուը պատերազմում են, երրորդն ուսումնասիրում... Խելագարվել կարելի է, եթե արդեն իսկ չեմ հաջողացրել...

Alphaone
14.02.2014, 22:24
Ալֆ, արդեն մեծ ես, եկել ա լուրջ խոսելու ժամանակը:
Մեկ, էլ երբեք, կյանքում քեզ չես թերագնահատում, թե չէ կկախեմ: Հենց քեզ թերագնահատում ես, մարդիկ են հայտնվում, որ հավասար էլ չէ, քեզանից բարձր են իրենց դասում: Չեն հասկանում, որ իրենց ու քեզ դու տարբեր սանդղակներով ես չափում ու էն, ինչի համար իրենց խելոք ես անվանում, ինքդ քեզ մտավոր հետամնաց կկոչեիր: Սրանից հետո սանդղակներդ հավասարեցնում ես, քեզ էլ, ուրիշներին էլ սկսում ես գնահատել էն սանդղակով, որով քեզ ես ժամանակին գնահատել: Միանգամից կոմպլեքսներդ կդառնան առոչինչ, քեզ յոթերորդ երկնքում կզգաս ու նման բաներ: Էնպես որ, պայմանավորվեցինք, կարմիր վարկանիշներդ վկա:
Երկրորդ, Ալֆ, էլ կոտրվել չկա: Կյանքում ինչ դժոխքի միջով ասես չես անցել, ոչ ոք հեռավոր գաղափար չունի անգամ էն կյանքի փորձի, ապրումների, կորուստների մասին, որ մի քանի կյանքի դեպրեսիայի կհերիքեր: Էն ժամանակ, որ ուրիշները դժբախտ սերը համարում էին ինքնասպանության պատճառ, հիշո՞ւմ ես, ոնց էիր երազում, որ քո խնդիրն էդ լիներ: Հիմա, երբ դեռ 4-5 տարեկանից հերթով ամեն ինչ հաղթահարել ես, ի վիճակի ես եղել հաղթահարել, ուժեղ լինելու տարիքին ես հասել, դրել ամեն մանրուքից դեպրեսվում ես: Չանցավ, Ալֆ, մեկ-երկու անգամ կոտրվելդ ներել եմ, ծանր էր, գիտեմ, բայց հիմա արդեն ուժեղ լիենլու ժամանակն ա գալիս, լիքը բան կա անելու, թե քեզ համար, թե երկրիդ. բնությունը քեզ շռայլորեն չի օժտել, որ պարապուրդով, նվնվոցով ու ժամանակ սպանելով ուժերդ վատնես, եկել ա կիսատ թողածն ավարտելու ու նորը սկսելու ժամանակը, չնահանջես, իրավունք չունես: Ու մի անգամ էլ, հերիք ա, ինչքան դեպրեսիաներում կյանքդ խեղդեցիր, ներսից՝ տառապյալ, դրսից ծաղրածու եղար, հերիք ա, ինչքան հիմար, դատարկ թեմաներով զավզակվեցիր, որ հանկարծ ցավոտ թեմաներով չխոսես, եկել ա ուժեղ լինելու ժամանակն ու կլինես, ես քեզ ճանաչում եմ, ես տեսել եմ, թե ինչես ես արել, ես գիտեմ, որ դու մակերեսային հիմարիկ չես, գիտեմ քո բոլոր շերտերը, բոլոր ծանծաղուտներդ ու իջվածքները, ուղեղդ աշխատեցնելու ժամանակն է անկախ ամեն ինչից ու ի հեճուկս ամեն ինչի:
Ի վերջո, Ալֆ, հիմա անցյալից եկել եմ, սա գրում եմ, որ աչիդ առաջ լինի, հետո էլի կչքվեմ անցյալ, դու կմնաս էստեղ մենակ՝ քո իրական եսի ծաղրանկարը, բայց ժամանակ առ ժամանակ էս կարդա, հիշի ով էիր, ինչպիսին էիր ու ուժեղ եղի, շատ ուժեղ, ժամանակն անցնում ա, լճանաս, էլ ոչինչ ետ չես բերի, գործելու ժամանակն ա...հիշիր, անգամ էսպես լճացած, միևնույն ա, ես սիրում եմ քեզ, առաջ ատում էի, բայց հիմա սիրում եմ, քանի որ գիտեմ, էսպիսին երկար չես մնա:
Առայժմ կամ մնաս բարով...

Alphaone
16.02.2014, 13:19
Ալֆ, էլ կյանքում ոչ մի բանից հետ չմնաս: Տես, կարդում ես մրցույթի նյութերն ու անգամ մեկ հայացք գցելով նյութին կարողանում որոշել, թե ում են նմանակել, ոչ մի անգամ չսխալվեցիր, Ալֆ, դրա համար ապրեն նմանակողները, որսացել են նոտան, բայց դու էլ ապրես, որ ժամանակին հեղինակին սեփական գործով միանգամից տեղը չէիր բերում, հիմա նմանակումներն ես կարողանում անգամ տեղը բերել:
Քո Սարոյանական ու Բրեդբերիական պատմվածքները, որ շիֆթ Դիլիթի արժանացան մեծն կոմպլեքսներիդ պատճառով, բնավ էլ սարսափելի չէին լինի մյուս նմանակումների կողքին ու նրա համար չէ, որ մյուսներն էին վատը, քո գրածն էր լավը, Ալֆ... Սրանից հետո երբեք ռիսկի գնալուց չխուսափես, դու չէիր, որ դեռ ամենապուճուր ժամանակներդ աշխարհին ձեռնոց էիր նետում, էլ չթաքնվես, որ հիմա դնես, դարդոտած մտածես, որ կարող էիր գրածիդ մասին քլնգոցներ ու գովասանքներ կարդալ... ձեռզայ...

Alphaone
18.02.2014, 23:37
Հիշո՞ւմ ես էն վախվորած, խուճուճիկ աչոնին, որ ուշացած մտավ դասարան ու բոլորի թարս հայացքի ներքո գնաց, նստեց վերջի նստարանին: Համ մարմնով էր բոլորից փոքր, համ տարիքով, ուսուցչուհին տեսավ ոնց ա կանգնում, նայում գրատախտակին, նստում, տեղափոխեց առաջին նստարան: Հիշում ես, ոնց էր ատում առաջին նստարանին նստելը, գերադասում էր ամեն հարմար առիթով վերջում մենակ նստել... Հիմա էլ ինքը վերջում ա ու մենակ, բայց էս անգամ ինքը չի ընտրել: Մի օր իրեն էլի բերելու են, առաջին նստարանին նստեցնեն, մեկ, քանի որ ինքը ամենապուճուրն ա, երկու, քանի որ լավ ա սովորում, ու գուցե էդ ժամանակ էլի վերջի նստարանը երազի, բայց ոչ հիմա, հիմա ինքն ուզում է առջևում նստի, ուզում է կողքին մեկը նստած լինի, ում հետ կարող է զավզակվել ու դասամիջոցին շոկոլադ կիսել, ուզում է մի պահ երազելու փոխարեն, այլմոլորակայիններ ու էլֆեր նկարելու փոխարեն կենցաղային թեմաներից խոսի, ուզում է չլինի հիմարի ու հանճարի հատույթում ու եթե երկրորդը տրված չէ լինել, գոնե առաջինը լինի...

Alphaone
22.02.2014, 15:49
Հնարավոր բոլոր հասկացություններից ամենահարաբերականը երջանկությունն է: Ես չունեմ երջանկության սահմանում, երջանկության բանաձև, ես չունեմ պարտադիր պայմանների ամբողջություն, որոնց համատեղ առկայության պարագայում ինձ երջանիկ կհամարեմ, բայց կան մարդիկ, շատ քիչ մարդիկ, ում մասին հիշելը ստիպում է հաճելի խլրտոց զգալ սրտում, ստիպում է թիկունքում զգալ բացվող թևերը, ստիպում ճախրել... երևի հենց այդ մարդիկ են երջանկությունը...

Alphaone
24.02.2014, 13:44
Միանշանակ գարնանային դեպրեսիա. սկսել եմ ապրելուց հաճույք ստանալ՝ չնայած վերջին քանի օրն իրար հաջորդող մանր ու մեծ անհաշիվ ձախորդություններին: Հետո մի բան էն չի :(

Alphaone
10.03.2014, 12:49
Արդեն քանի անգամ ասում են, որ իմ մոտ չափածոն ավելին ա, քան արձակը: Ոմանք չափածոն երկինք են բարձրացնում, ոմանք ուղղակի ասում լավն է՝ կախված կարդացվածության աստիճանից ու ճաշակից: Իսկ ես ինձ պոետ չեմ զգում: Ես պոեզիա չեմ կարդում, իսկ գրողի համար կարևորագույն հատկանիշը կարդացած լինելն է: Գրողը պարզապես հայելի չէ, ֆիլտր է, ինչպես մեղուն է իր մարմնի միջով անցկացնելով ծաղկափոշին մեղրի վերածում, էնպես էլ գրողը պիտի աշխարհն իր ուղեղի միջով անցկացնելով արվեստ դարձնի: Ու չկարդացած գրողը կլինի մեղու առանց ծաղկափոշու: Մի տարբերակ էլ կա, ճամփորդել, անընդհատ նոր փորձառություն ձեռք բերել, որ կուտակվի, գրելու նյութ դառնա, բայց մարդկային կյանքն այդ առումով կարճ է, ժամանակը չի բավականացնի ու էլի փրկությունը կլինեն գրքերը:
Ու հիմա ես գրում եմ մի բան, ինչը չեմ կարդացել: Բառացիորեն օդից որսում արտահայտություններ, զգացմունքներ ու դառնում ուղղակի գրամեքենա մուսա կոչվածի համար, առանց մտածելու, մշակելու: Եթե արձակս ամեն մշակումից հետո ավելի լավն է դառնում, ապա պոեզիան հարամում, թողնում եմ:
Հիմա դարդ եմ անում, ի՞նչն ինձ ավելի երջանիկ կդարձնի, լճանալ, լինել գրամեքենա մուսայի համար, արժանանալ դափնիենրի, գովասանքների, թե ինձ թափ տալ, նորից վերադառնալ օրը մոտ հարյուր էջ կարդալու ռիթմին ու չհասկացվելու գնով էլ, առանց դափնիների մնալու ռիսկին ենթարկվելով գրել իմ ֆանտաստիկան...
Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, թե որն եմ ընտրելու...

Alphaone
16.04.2014, 12:00
Ամեն նախորդ օրվա միտքը հաջորդ օրվա «ես»-ին հիմարություն է թվում, բայց երբեմն լինում են պայծառացման պահեր, որ անցյալից մի միտք վերադառնում է ու «ես»-ին մնում է զարմանալ՝ մի՞թե սա ես եմ գրել...

Alphaone
21.05.2014, 23:39
Ո՞վ է որոշում հագուստը, արտաքինը, ոճը:
Որոշո՞ւմ են ծնողները:
Որոշո՞ւմ է հասարակությունը:
Որոշո՞ւմ եմ ես:
Ո՞վ է որոշում ի՞նչն է կանացի, ինչը տղամարդկային:
Ո՞վ է ստեղծում նորաձևությունը:
Ո՞վ է ստեղծում մեզ...
Միակ բնականը դա նուդիզմն է՝ առանց ծածկվելու հագուստով կամ ներկերով, մնացած ամեն ինչն ընտրություն է, ու պետք չէ սահմանափակել միմյանց ընտրության ազատությունը...

Alphaone
23.05.2014, 02:20
Ինձ քանդել ու դետալ դետալ հավաքում եմ... հետաքրքիր է դետալների տեղերը շփոթելը, մի դեպքում չաշխատող մեխանիզմ ես ստանում, մեկ այլ դեպքում՝ դառնում քո իդեալը....

Alphaone
17.06.2014, 20:31
Վերջերս ինձ ճանաչող շատ մարդկանց մոտ իմ մասին կարծիք է ձևավորվել, թե շատ սովորում եմ, շատ կարդում, շատ նպատասկասլաց եմ...
Երանի չէր...
Իրականում սարսափելի ծույլիկն եմ, կլանված կարող եմ սովորել միայն այն, ինչ ինձ իրականում հետաքրքիր է, բայց դրանից օգուտ չկա, քանի որ ամեն բան կիսատ եմ թողում:
Մի ժամանակ մտածում էի, որ եթե շատ կարդամ, շատ սովորեմ, շատբան իմանամ, կոմպլեքսներս կկորեն, բայց ինչքան շատ եմ սովորում, այնքան ավելի եմ հասկանում իմ նախիկն բոլոր ժամանակների «ես»երի անկատարությունը:
Չեմ համակերպվում ինքս ինձ հետ:

Alphaone
08.08.2014, 19:15
Սիրել... ես կյանքում մի անգամ էի սիրել ու այն էլ վստահ չէի, որ հենց դա է սերը, մինչև որ չեկավ ատելությունը...

Եթե մի մարդու ատելուց հետո նորից ներս ես թողում քո սիրտ, նորից կարոտում, տեղափոխում քո աշխարհի կենտրոն ու մնացած ողջ տիեզերքդ իր շուրջ պտտում, եթե հասկանում ես, որ ահավոր տարբեր եք միասին երջանիկ լինելու համար, բայց ապագայիդ հիմքում հենց այդ մարդուն տեսնում, ուրեմն ցավակցում եմ, Ալֆ, բայց դու սիրահարված ես:

Alphaone
18.09.2014, 01:10
Ես ընդամենը 14 տարեկան երեխա էի, բավական մեծ հասկանալու ու դեռ շատ փոքր գիտակցելու համար:
Հայրդ հեկեկում էր:
...սկզբում մայրը, հիմա՝ ինքը...
... եթե վազվզեք, սիրտը չի դիմանա...

Ես գիտեի, որ մեռնելու ես, դու՝ ոչ... ուզում էիր վազել, խաղալ, իսկ ես ասում էի, թե ես հիվանդ եմ ու ինձ վազել չի կարելի: Ժպտում էիր:
Դու չգիտեիր, բայց զգում էիր...ժպտում էիր դառը հեգնանքով...պաթոս...
Ես միայն երեք տարի անց իմացա, որ դու...

Կներես, հարազատս, ես քեզ վաղուց չէի հիշել, իսկ դու կենդանի ես, քանի դեռ քեզ հիշում եմ... ես թույլ չեմ տա, էլ թույլ չեմ տա, որ մահանաս...

Alphaone
19.09.2014, 10:49
Էսօր ես հասկացա «տեղս չեմ գտնում» արտահայտութունն իր բոլոր իմաստներով, ենթաիմաստներով, շերտերով ու... էսօր ես տեղս չեմ գտնում... ես շատ բաներ կարող եմ հաղթահարել, բայց էլ ավելի շատ բաների դեմ լիովին անզոր եմ: Երբ իրավաբանություն էի կրծում, իմ մոտիվացիան էր օգնել կարիքավորներին, բայց հենց այդ նույն կարիքավորների հետ աշխատելուց սեփական անզորությունից ու անզոր կատաղության արդյունքում սկսեցի թե նրանց, թե ինձ ատել: Մարդիկ իրենց հիմարության պատճառով այնպիսի պատմությունների մեջ էին թաթախվում, որ արդեն ոչ մի իրավաբան նրանց դուրս քաշել չէր կարող:

Էլ ավելի սարսափելի էր այդ ամենը մարդուն ասելուց հետո տեսնել նրանց տառապալի աչքերը՝ հուսահատ, թշվառ:

Հոգեբանություն սկսեցի սովորել նրանց օգնելու համար, բայց երբ ինձ համար հարզատ մարդիկ տառապում են, հասկանում եմ, որ միակ օգնությունը նրանց հանգիստ թողնելն է...

Ու միայն գրել եմ կարողանում, հուսահատությունս, ցավերս կարկտահարում եմ ստեղնաշարին...

Ինձ մակաբույծ եմ զգում, ուզում եմ մի բան անել, ներսիս իդեալիստը պահանջում է մեծ ու բարի գործեր անել, բայց ես անզոր եմ, քանի որ տեղս չեմ գտնում:

Alphaone
19.09.2014, 11:16
արագ պատասխանել...նոր գրեցի, վայրկյաններ առաջ, բայց հիմա մենակ նստած չկա մարդ, ում հետ կարողանամ զրուցել, դրա համար փակելուց հետո նորից բացում եմ էջն ու ինքս ինձ պատմում, թե ինչ դժվար է երկիր մոլորակում պարզապես տնվոր լինելը, ում չեն հասկանում, չեն սիրում, բայց հանդուրժում են:
Երբ ինչ-որ մեկը ինձ մի լավ բան է անում, ես անմիջապես փորձում եմ փոխհատուցել՝ նվեր եմ գնում, ինչ-որ աշխատանք անում այդ մարդու փոխարեն, ամեն ինչ, միայն թե ինչ-որ մեկին պարտական չլինեմ ու ինձ մակաբույծ չզգամ:
Մի մարդ կա, ինքն էլ չիմանալով ինձ համար շատ բան է արել, իմ ինքնախարազանման ու հուսահատ լճացման ժամանակ ինձ հիմնովին թափ է տվել, հասցրել ինքնանվաստացման գագաթնակետին, իսկ հետո հույս տվել: երբ ինձ գիտաժողովի ժամանակ խոստումնալից իրավաբան էին ասում, ես ինձ մեռած էի զգում, երբ նա ինձ խոստումնալից գրող կոչեց, ես վերակենդանացա...
Հիմա նա օգնության կարիք ունի, բայց ես միայն օտարական եմ, ով կողքից հետևում է նրա ցավին, անզորությունից ոռնում ու հասկանում, որ այս մի պարտքը երբեք չեմ կարողանա վերադարձնել....

Alphaone
23.09.2014, 17:38
Ինքն իմ կողքին կլինի, միշտ... Հրաշալի գիտակցում է, որ մենք տարբեր մոլորակներից ենք, շատ լավ գիտի, որ հաճախ մենք ուղղակի բութ կնայենք իրար երեսի՝ առանց իրար հասկանալու, որ ես չեմ նստի իր հետ կոմեդիա նայելու ու ինքը չի նայի իմ ֆենտեզիներն ու թրիլլերները: Ինքը հասկանում է, որ կլինեն պահեր, որ իրեն իմ պատճառով աշխարհի ամենադժբախտ մարդը կզգա, բայց ինքը միշտ կլինի կողքիս:
Իսկ ե՞ս...
Ահավոր է, որ ուղեղն ու սիրտը սկսում են իրար հակասել, էլ ավելի ահավոր է, երբ ուղեղը պարտվում է սրտին: Ընտանիք կազմելու որոշումն արդեն կայացված է, ներիր ուղեղ, բայց ես նրան դրական պատասխան եմ տալու, քանի որ նա միակն է, աշխարհում միակը, ով ինձ չընդունելով հանդերձ չի փորձում փոխել, միակ մարդն է, ով կարող է այլմոլորակայինի հետ համակրեպվել:

Alphaone
07.10.2014, 01:26
Ինձ հոգեբաններ են շրջապատում, լիքը դասախոսներ, որ ոչ տեսնում են, ոչ հասկանում, թե հետս ինչ է կատարվում, կամ ուղղակի թքած ունեն: Ինքը ոչ հոգեբան էր, ոչ էլ առանձնահատուկ հոգ էր տանում իմ մասին, ուղղակի եկավ, նստեց կողքիս, մի քիչ խաղաց սուրճի պլաստմասայե բաժակով, հետո խոսեց.
- Երբ գնաս, ոչ թե կամուրջի կողմով կգնաս, այլ՝ հակառակ:
- Ինչի՞:
- Դու լավ գիտես, որ եթե կամուրջն անցնես, ցատկելու գայթակղությունը մեծ կլինի:
- Իսկ ինչո՞ւ չցատկել, ի՞նչ իմաստ ունի ապրելը, եթե էլ չեմ կարողանում գրել:
- Ոչ մի իմաստ չունի:

Ասում են, եթե դու գիտակցում ես խելագար լինելդ, ուրեմն խելագար չես, իսկ ես նրան հորինել եմ, նրան տեսնում եմ, նրա հետ զրուցում, շոշափում... Այդ օրը ես կամուրջից չցատկեցի, նա ցատկեց, արդեն որերորդ անգամ ինքնասպան եղավ իմ փոխարեն ու հետ եկավ՝ հոգնած, ջախջախված, արնաշաղախ:

- Վերջնական ես որոշե՞լ, գնում ես:
- Անգլերենս դեռ մի քիչ խելքի պետք է բերեմ, վերջացնելու եմ ու գնամ:
- Ո՞ր երկիր:
- Չգիտեմ, երևի որտեղ շատ կամուրջներ կան...

Alphaone
24.10.2014, 10:31
Դասախոսների մի տեսակ կա, որ քեզ մղում է հետազոտության, ստիպում, որ ուղեղդ աշխատեցնես, սովորեց քննադատաբար մոտտենալ նյութին, մոտենալ բազմակողմանի ու իրերին նայես գիտնականի աչքերով: Նման դասախոսի քննությանը դու սովորում ես, գնահատվում են քո կատարված աշխատանքն ու վերլուծական կարողությունները, թյուրիմացությունները բացատրվում են մարդկայորեն, համբերատար, սովորելը ոչ թե հակամարտություն է, այլ՝ թիմային աշխատանք, նման դասախոսներից ես սովորում եմ: Մեկ այլ տեսակ կա, որ <<ծամում, դնում է բերանը>>: Քննությանը քեզ տալիս են նյութ, որ ուղղակի պետք է կրծես: Ոչ մի սեփական վերլուծություն, քեզ հասած պատճենների ենթավերնագերն իդեալական համընկնում են հարցաշարի վերնագրերին, դու ոչ մի ջանք չես գործադրում գտնելու համար այն նյութը, որ քեզ հարկավոր է տվյալ հարցին պատասխանելու համար, դու կարդացածիդ շուրջ ոչ մի վերլուծություն չես անում: Նման դասախոսներին շատերը գուցե պաշտեն, բայց ես նման դասախոսների հետ աշխատելիս բթանում եմ:

Alphaone
31.10.2014, 12:46
Ատելություն:
Հայկական ատելության կարծրատիպն իմ մեջ խորն արմատներ ուներ, մինչև որ ես չսկսեցի ամեն ինչին նայել փաստերի լեզվով ու կարծրատիպը դադարեց ուղղակի հավատամք լինելուց, այլ՝ վերաճեց ավելի խոր ու ցավալի իրողության, որ գալիս է գիտակցման ու կորստի ցավի հետ: Արդեն պարզապես ատելություն չէի զգում, գումարվում էր անզորությունը, անորոշությունը, նորից ու նորից բազմապատկվող ցավը:
Տունը:
Ես երբեք, ոչ մի տեղ կյանքում ինձ տանը չեմ զգացել: Մենք քաղաքից գյուղ, գյուղից քաղաք ենք տեղափոխվել, տասնյակ բնակարաններ փոխել, այս տան սեփականության վկայականը դարակում դրած է, այստեղ ապրել ենք արդեն գրեթե տաս տարի, բայց այստեղ էլ ես տանը չեմ:
Երազները:
Ինձ մանկությունից հետապնդում էին կրկնվող երազները: Մեր տոհմում առասպելի պես պատմում են, որ նախնիների տունը, Արևմտյան Հայաստանում, Կոգովիտում է եղել, կառուցված է եղել գետի ոլորանում, երկու շերտ պարիսպով, ամրոցի պես բոլոր հարվածներն առաջինն ընդունելով... գետի մյուս ափին ամրոցի հովանու տակ տարածվել է գյուղը: Ես ամեն անգամ քայլում էի այնտեղ, ներս մտնում պարսպից, հայտնվում էր տան ուրվականը, ես հայտնաբերում էի, որ ես էլ ուրվական եմ, ներս էի մտնում բարձր դռներից ու վերջապես ինձ տանը զգում:
Միստիկա, գենետիկ հիշողություն, կոլեկտիվ անգիտակցական կամ էլի ինչ-որ աբրա կադաբրա:
Արևմտյան Հայաստանի մասին պատմող հաղորդումներից մեկում ես տեսա իմ տան ավերակները, ամեն ինչ կրկնում էր երազը, ամեն քար ընկած էր այնպես, ինչպես երազում... տասնյակ անգամ նույն երազը տեսնելիս արդեն կարողանում ես մանրուքներ հիշել: Նկարահանումներն արված էին Այրարատ նահանգում, ենթադրում եմ, որ հենց Կոգովիտ գավառն էր... ինչքան որոնեցի, հաղորդման օնլայն տարբերակը չգտա, ես կգնամ, անպայման կգնամ գտնելու իմ տան ուրվականը:
Տունը և ատելությունը
Թուրքերին ատելու հայերի համար ընդհանուր պատճառներից բացի ես ունեմ իմ պատճառը, նրանք խլել են իմ տունը: Ոչ թե ինչ-որ հիպոթետիկ, վերացական հայրենի հող, այլ՝ իրական, շոշափելի, հարազատ ու տաք տունը՝ բարձր դռներով, քանդակազարդ փեղկերով, սալիկապատ բակով ու խնամված, կոկիկ այգով տունը: Նրանց պատճառով ես երբեք, ոչ մի տեղ ինձ տանը չեմ զգա...
Թուրքեր
Նրանց հետ ես միայն վիրտուալ տարածքում էի շփվել: Մի մասը ընդունում էին իրենց կատարած ոճիրը, մյուսները մեղադրում, որ մենք բամբասանքներով փորձում ենք գցել իրենց ազգի վարկանիշը, երրորդները հորինում էին, թե իրենք ուղղակի պաշտպանվել են՝ ռուսամետ հայերին տեղահան անելով վտանգավոր գոտուց: Իսկ հայերն արդեն, որպես փնթի ժողվուրդ, ճանապարհին մեռել էին հիվանդություններից:
Հանրագիտարանի 7-րդ հատորը
Մի անգամ, դեռ դպրոց չէի գնում, ինչ-որ բանի շուրջ էինք բակում վիճում, քանի որ այն ժամանակ ինտերնետը կար միայն իմ երևակայության մեջ, ես ամեն ինչ ճշտում էի սովետական հանրագիտարաններից՝ վանկերով կարդալով մանր տառերն ու կարդացածիս մեծ մասն էլ չհասկանալով: Այդ ժամանակ էր, որ գրքում բացեցի էջ, որտեղ կային ցեղասպանության լուսանկարներ: Իմ փոքր տարիքի մեծագույն ֆոբիաներից մեկը դարձավ սովետական կանաչ հանրագիտարանը, խելագարված Կոմիտասի կերպարը իմ մյուս սարսափն էր, որ երբեմն հայտնվում էի մղձավանձների տեսքով:
Էլի այդ ատելությունն ու աշխարհաքաղաքացին
Երբեմն իմ այլմոլորակային դառնալը ես վերագրում եմ պաշտպանակն ռեակցիային: Իմ էությունն ատող էություն չի, ես խաղաղարար տեսակին եմ պատկանում: Բայց դարեր տևած մաքառումից հետո, ցեղասպանությունից ու վերջինիս լպիրշ հերքումից հետո հայի համար պարտականության պես մի բան է ատելը: Նստած է ենթագիտակցության շերտերում ինչ-որ տեղ: Ես ատել չեմ ուզում: Ներե՞լ, մոռանա՞լ: Ո՛Չ: Բայց նաև չատել: Ես գրող եմ, գուցե կան մարդիկ, որ գրող դառնում են, բայց ես գրող ծնվել եմ, դեռ երեք տարեկանից հավաքել եմ շուրջս երեխաների, հեքիաթներ հորինել ու պատմել: Ի՞նչ երեք տարեկան, ես խոսել սկսել եմ հանգերով, սովորել եմ մանկական բանաստեղծություններ, հանգ բառը չիմանալով զգացել ներքին ռիթմն ու սկսել... Գրողներն ազգություն ունեն, ունե՛ն, բայց նրանք ազգինը չեն, աշխարհինն են, ես աշխարհինն եմ, ես չեմ ուզում ատել:
Սիլա
Երեկ ենք ծանոթացել: Ուսանողների խումբ էր, տարբեր երկրներից, ոչ անունները գիտեի, ոչ ազգությունները: Գավառում մեր էրեխեքը խոշոր ծրագիր են արել՝ տուրիզմի զարգացմանն ուղղված, լիքը նյութեր են վեր հանել, արխիվները, գրքրերը քրքրել, հետաքրքիր պատմական փաստեր գտել, ուղղակի անգլերեն լավ չգիտեին, ես օգնում էի թարգմանել: Պատմում էի, թե ոնց են հայերն Արևմտյան Հայաստանից տեղափոխվել, եկել, բնակություն հաստատել այստեղ, ոնց են հետո այդ վայրից տները տարածվել քաղաքով մեկ:
- Ինչո՞ւ, - հարցրեց մի սիրունիկ, խուճուճիկ աղջիկ: Սիլան էր:
Պատմեցի, որ երեք-չորս արտագաղթի ալիք է եղել: Առաջինն ուղղակի չի դիմացել թուքական լծին: Երկրորդ ալիքը փրկվել է Համիդյան ջարդերից: Երրոդը՝ ցեղասպանություն վերապրած մարդիկ էին: Ի վերջո, նաև այն սփյուռքահայերը, ովքեր կարողացել են ներս սողոսկել ԽՍՀՄ սահմաններից և միանալ իրենց հարազատներին: Կան նաև Պարսկաստանից ներգաղթածներ, բայց բնակչության գերակշռող մեծամասնությունը Բայազետից է:
Խնդրեցին պատմել ցեղասպանության մասին:
Այս թեման իմ մոտ առանց արցունքների չի անցնում, խուսափեցի, ասացի, որ զգայուն թեմա է, հիմա չեն ուզում անդրադառնալ: Զարմացան: Մի շեկլիկ աղջիկ ունեին, ասաց, որ հայերը «հաճույքով» են այդ մասին խոսում: Կատաղեցի ու սկսեցի պատմել, հենց սկզբից ասացի, որ զգացմունքներս մի կողմ եմ դնելու ու խոսելու փաստերի լեզվով: Սկսեցի տարբեր միջազգային փաստաթղթերից մեջբերումներ անել, պատմել իմ իմացած աղբյուրների ու վկայությունների մասին: Պատմեցի նաև թուրքիայի տարբերակն ու լեգենդները: Ասացի, որ ժամանակին ինքս էլ մտածել եմ՝ իմ ուղեղն է մեր կառավարությունը լվանո՞ւմ, թե՞ իրենց ուղեղներն են լվածված սեփական կառավորության կողմից: Պատմեցի, որ սկսել եմ ոչ հայկական լիքը աղբյուրներ ուսումնասիրել, մինչև որ հասկացել եմ, որ իրենց կառավարությունը սրիկայաբար ստում է թե միջազգային հանրությանը, թե սեփական ժողովրդին: Ոչ ոքի դուր չի գա ոճրագործի թոռ լինել: Ասացի, որ եթե ես ընտրելու շանս ունենայի, կընտրեի, որ իրականում ցեղասպանությունը մի խումբ հայերի առասպելը լիներ: Ավելի լավ է մտածել, թե մի քանի տասնյակ սրիկաներ կան սեփական ազգի մեջ, որ ի վիճակի են նման բան հորինել, քան գիտակցել, որ իրականում քո ժողովուրդը վերապրել է այդ դժոխքը: Ես ցեղասպանությանը չեն նայում թվերի լեզվով, ինձ համար դա մեկ ու կես միլիոն հայի կոտորած չէ, դա միլոնավոր կոտրված, խեղված, խելագարված ճակատարգեր են, դա հիմիկվա գոմ դարձած եկեղեցիներն ու ատելու պարտականությունն է, քանի որ ներել ի զորու չես: Խոսում էի իրար խառնելով անգերեն ու հայերեն բառերը, մի շնչով, երևի թե կատաղած, մինչև որ չզգացի՝ աչքերս արցունքոտվում են ու կտրուկ լռեցի: Ծանր ու թանձր լռություն իջավ: Գրեթե մթնել էր, վերադառնում էինք: Սիլան կողքիս դողում էր:
- I'm so sorry.
Խոսքի մեջ ասել էր, որ պապն Էրզրումից է: Մտածում էի, որ չի կարելի մեղադրել, որ հայերեն չգիտի, շատ հայեր հիմա իրենց ազգությունը կորցրել են ու ես իրենց չեմ մեղադրում: Սահուն ազգության թեման շրջանցեցի: Այդ պահին դեռ չգիտեի, որ իրականում թուրք է, անգամ անունը չգիտեի:
Քիչ անց հարցրեց, թե արդյոք ոչ մի թուրք չի օգնել հայերին, պատմեցի, որ շատերն են օգնել: Ասաց, որ կնախընտրեր, որ իր նախնիները այն մարդկանցից լինեն, ովքեր օգնել են: Հետո գործի դրեց թուրքական դիվանագիտությունը: Հարցրեց, թե մեզ ինչ կտա՞, եթե իրենց կառավարությունը ճանաչի ցեղասպանությունը, ի՞նչ կփոխվի դրանից...

շարունակելի

Alphaone
01.11.2014, 13:44
...Սիլա
Սիլան առաջին թուրքն էր, ում կյանքում հանդիպել էի: Իր շեկլիկ ընկերուհին, սլավոն էր, կոնկրետ ազգը չգիտեմ, ինձ վրա ավելի էր բացասական ազդում, քան ինքը՝ Սիլան: Սիլան ընդհանրապես, ոչ մի ներքին նյարդային լարվածություն, ագրեսիա, ոչինչ ինձ մոտ չէր առաջացնում, դրական, պայծառ աչոն էր 17 տարեկան: Ավելի լայնախոհ էր, շատ ավելի լայնախոհ, քան իմ ճանաչած ինտերնետային թուրքերը: Եթե իրենք Դար ակումբ ունենային, Սիլան հաստատ ակումբցի կլիներ: Բայց ինքն արդեն եղել էր ուրիշ մարզերում, շփվել ոչ թե իմ թիմի, այլ՝ թուրքատյաց քյառթուիզմի հետ, ում մոտ ոչ թե ազգային ինքնագիտակցություն ու արժեհամակարգ է, այլ՝ ազգային կարծրատիպություն: Սիլան մեզնից վախենում էր, Սիլան նաև վախենում էր, որ եթե իրենց կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունը, մենք կխլենք իրենց հողերը, այհ հողն ուր անցել է իր մանկությունը: Նա ներկայացնում էր իր արդարությունը, որ բախվում էր իմ արդարությանը: Եթե մի փոքր ավելի մեծ լիներ, ես կարող էի դաժան գտնվել, բայց 17 տարեկան երեխային ես չէի կարող կոտրել ու ասել, որ հիմա դու ապրում ես արյան վրա, որ եթե մենք մեր հողը վերադարձնենք միլիոնների, անզեն ու անպաշտպան, խաբված միլիոնների արյուն թափելով, ապա հարյուր տարի անց մեր սերունդները, ովքեր հենց իրենց հողն են վերադարձրել, միևնույն է, բարոյական իրավունք չեն ունենա ասել, որ հարյուր տարի է անցել ու դուք արդեն չպետք է զգաք նույն ցավը ր չպետք է ատեք մեզ:
Սիլան ասում էր, որ ինքը մեղավոր չէ:
Սիլան ահավոր նման էր Գավառում ապրող իմ ընկերուհուն, ասես, երկվորյակ քույրեր լինեին: Անգամ բնավորությունն ու շարժումներն էին նման:
Սիլայի մեջ, միանշանակ կար հայկական արյուն:
Հիմա գրեթե բոլոր թուրքերն էլ ինչ-որ հայկական գեն կրում են, շատ են բռնի կերպով իրենց ձուլել:
Հիմա գրեթե բոլոր թուրքերի մեջ մի մասնիկ հայ կա:
Հիմա գրեթե բոլոր թուրքերից մեկի պապը հայ է սպանել:
Հիմա զգացմունքները Սիլայի հանդեպ հակասական են:

Ինքը բաներ էր ասում, որ ինձ հունից հանում են, որ կարող էին ստիպել ատել իրեն: Ինքն իրեն դիվանագետ երևակայելով փորձում էր ինձ «մատերի վրա խաղացնել»:

Բայց ժամանակ առ ժամանակ ինքը կորցնում էր վերահսկողությունն ու ցույց տալիս իր էությունը:

Իր էությունը, բոլոր լավ ու վատ գծերով ես սիրեցի:
Դիվանագետ, «ինքնապաշտպանվող» Սիլային ես ատում եմ:

Ես չեմ ուզում ատել, երբեք ու ոչ ոքի ատել չեմ ուզում....

Alphaone
15.11.2014, 00:48
Ավելի քան տաս տարի ճանաչում էի նրանց: Երկուսն էլ ծեր, չորացած, չարությամբ ու ատելությամբ լցված մարդիկ էին: Ծերունին ծուլորեն նստում էր արևի տակ ու նզովում այն օրը, որ ընտանիք կազմեց այդ վհուկի հետ: Պառավը շուկայում գնումներ անելուն զուգահեռ անիծում էր իր «էշ խելքը», որ լսեց ծնողներին ու «դրանց ընտանիք հարս գնաց»:
Երբ պառավը հիվանդացավ, որդին ռուսաստաններից չեկավ խնամելու, որդու ուկրաինուհի տիկնիկը/կինը հայտարարել էր, որ ինքը եթե ծեր խնամող լիներ, կգնար Ուկրաինա ու սեփական մորը կխնամեր: Դուստրը ամուսնու հերթական ծեծից հետո հաշմանդամ էր, մեկը լիներ, իրեն խնամեր, ուրիշ մարզից գալ, հասնել չէր կարող:
Ծերուկը նստարանին նստած էլի բախտն էր անիծում, մինչև որ կողքից մեկը չասաց. «պառավդ մեռնում ա, դու էստեղ վեր ես ընկել»:
Չգիտեմ ինչ մոգական գաղտնաբառ կար այդ բառերի մեջ, բայց ծերունին դրանից հետո կերպարանափոխվեց: Ի՜նչ հոգատարությամբ ու ուշադրությամբ էր կնոջը խնամում: Մի ամսում կինն ապաքինվեց: Դրանից հետո երկուսն էլ կերպարանափոխվել էին: Ծայրագույն ուշադրություն, հոգատարություն ու սեր կար, առաջվա մռայլ չարության փոխարեն լույս էին ճառագում: Հետո երկար ժամանակ իրեցից ոչ մի լուր չունեի: Այսօր պատմեցին, որ մի քանի օր առաջ ծերունին մահացել է: Կինն ամբողջ օրը լացել է, գիշերը պառկել քնելու ու չի արթնացել: Ինչ-որ հեքիաթի էր նման՝ և մեռան նույն օրը: Ուղղակի ուղեղումս չի տեղավորվում զավեշտը, մարդիկ, որ կարող էին իրար այդպես սիրել, այդքան ջերմ ու երջանիկ լինել, այդպես գնահատել իրար, ինչո՞ւ են մի ամբողջ կյանք իրար ատել ու իրար դժբախտացրել...

Alphaone
18.11.2014, 00:01
Երբ ես ավելի ուժեղ էի, քան զգացմունքները,
Դեռ չգիտեի,
Որ ես հենց իմ զգացմունքներն եմ:
Իմ ճանաչած աշխարհը խորտակեց սերը,
Որ հանձնեցի քեզ,
Հիմա դու իմ սրտում տեր ես:
Դու ինձ հրամայում ես, ես՝ ապստամբում,
Քեզ մեղադրում եմ,
Մինչդեռ ինքս եմ ինձ քեզանով շղթայել:

Alphaone
03.01.2015, 01:39
Ինչո՞ւ եմ հենց այս ժամանակ ծնվել, երբ քարտեզի վրա սպիտակ բծեր էլ չկան, իսկ միջաստղային ճամփորդությունները դեռ չեն սկսվել: Սա քո ժամանակը չի, Ալֆ, քո մոլորակը չի...

...սրանից 5-10 տարի հետո, լինի մենակ, ընտանիքով, թե ընկերախմբով, նավ եմ վարձելու ու մայրցամաքներով ճամփորդեմ, ամենուր լինել անհնար է, մի տարի կթափառեմ, ուր ինչքան խելքս փչի կմնամ:
Հետ կգամ ֆինանսապես սնանկացած ու ներսումս գանձեր կուտակած: Կկարդամ, կգրեմ, շատ կգրեմ, կհղկեմ նորից ու նորից, խզբզանքներս արվեստի կվերածեմ, ԿԱՆԵՄ:
Սա քո ամենակարևոր գրառումներից մեկն է, Ալֆ, արդեն գիտես՝ քեզ ինչ է հարկավոր, առաջ...

Alphaone
18.01.2015, 23:56
հիմա, երբ ինքս ինձ փակուղու մեջ եմ դրել, արդեն ուշ է ելքի մասին մտածելը...
անկապ զավզակվում եմ ֆեյսբուքում, անկապ մեկնաբանություններ գրում, մինչդեռ դեռ երբեք էսքան շատ չի եղել մեռնելու ցանկությունը...
վաղն ակադեմիա եմ գնալու, անընդհատ ուղեղումս կիևյանի կամուրջն է...

Alphaone
06.02.2015, 23:43
«Մենք ձեզ տեղակայում ենք այստեղ, բթամիտների ուսումնական հաստատություն և նա, ով չի ցանականում համակերպվել դրա հետ, այն մարդն է, ում մենք փնտրում ենք: Գուցե դա դաժամ մեթոդ է, բայց իրեն լիովին արդարեցնում է: Չի կարելի մարդուն դնել, ասել. «Դու կարող ես արարել, ուրեմն արարիր»: Շատ ավելի ճիշտ է սպասել, երբ մարդ ինքը կասի. «Ես կարող եմ արարել, ես կստեղծեմ նորը, ուզում եք դա, թե ոչ»: Կա մոտավորապես տաս հազար քո նման մարդ, Ջորջ, նրանցից է կախված մոտ հինգ հարյուր աշխարհների տեխնիկական առաջընթացը: Մենք չեն կարող մեզ թույլ տալ կորցնել թեկուզ մեկին կամ վատնել ջանքերը նրա վրա, ով ամբողջովին չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին»:
Ջորջը մի կողմ հրեց դատարկ ափսեն և շուրթերին մոտեցրեց սուրճի բաժակը:
- Իսկ ի՞նչ է լինում նրանց հետ, ովքեր այնքան էլ չեն համապատասխանո՞ւմ պահանջներին:
- Ի վերջո նրանք ստանում են կրթության լիցք ու դառնում սոցիոլոգներ: Ինջենսկին նրանցից մեկն էր, ես ինքս դիպլոմավորված հոգեբան եմ: Մենք, ոնց ասեմ, կազմում ենք երկրորդ դասը...»

Այզեկ Ազիմով, «Մասնագիտություն»

Ալֆ, դու ինչ որ կերպ կգրես անիծյալ թեզը, դու ծայրը ծայրին կավարտես ակադեմիան, դու կստանաս հոգեբանի որակավորում, բայց էլ երբեք դու չես լինի առաջին դասում, քանի որ 18 տարեկանում դու չգնացիր քո երազանքի հետևից, դու չասացիր «Ես կարող եմ ստեղծել ու կստեղծեմ, ուզում եք դու դա, թե ոչ... հիմա արդեն ուշ է, հիմա դու ստանում ես քո կրթական լիցքն ու դառնում հոգեբան... զզվելի զգացողություն է կյանքը վատնելն ու տիղմի մեջ խրվելը: Զզվելի է գիտակցել, որ այդ տիղմը ոչ պետությունդ, հասարակությունը, ոչ ընտանիքդ, ոչ ոք քեզ չի հրամցրել, իրենց ընդամենը հրաժարվել են մի կողմ շպրտել, փոխարենը դու համբերատար հավաքել, կուտակել ու ստացել ես մի իսկական ճահիճ: Բոլոր թակարդների օրենքի համաձյան՝ դուրս գալու համար անհույս թպրտոցդ քեզ ավելի ամուր է խրել ճահճումդ:

Երբ գործերը կուտակվում են ու խեղդում, հայտնվում եմ Քովիի ժամանակի կառավարման չորրոդ քառակուսում՝ անում ոչ կարևոր ու աչ հրատապ գործեր կամ ուղղակի դնում, խաղ խաղում: Խաղալիս, երբ ձախողվում եմ, փայլուն արդյունքի հնարավորությունը կորում է, անջատում, սկզբից եմ խաղում... կյանքն անջատել ու սկզբից ապրել չեմ կարող, հաջորդ կյանքերին չեմ հավատում, եթե հենց հիմա ամբողջ կյանքս նվիրեմ ժամանակի մեքենա սարքելուն, գնամ անցյալ ու իմ անցյալի սնապարծ «ես»-ին զգուշացնեմ ուր է գնում, ինձ չի հավատա, դադարել եմ երազել, որ արթնանամ ու տեսնեմ, որ վերջին 23 տարին երազ էր... միակ լավ բանը, որ կարող եմ անել ու չեմ անում, դա գոնե ուրիշներին ճանապարհի վտանգավորության մասին զգուշացնելն է, «ճահիճ» ցուցանակը կախելը, ելքը սկսած ու կիսատ թողած «տաղանդավոր, բայց ծույլ» շարքս է, ուր ուզում եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում մի մարդու հետ, ով ամեն ինչ ստանում է առանց ջանքեր գործադրելու, մինչև որ չի գալիս իրականում բարդ խնդիրների ժամանակը, բայց դեռ այդքան ուժ մեջս չեմ գտնում այդ աստիճան անկեղծանալու.... փակուղի...

Alphaone
10.02.2015, 00:13
Բոլոր «հրատապ» գործերը թողել եմ, ակումբի մրցույթի համար պատմվածք սկսել... ես ոչ հոգու անմահությանն եմ հավատում, ոչ երկրորդ կյանքին, արդեն չէ, պետք ա էս կյանքը երկրորդական բաների վրա չվատնել, առաջնայինը գրելն է, ես միայն գրելիս եմ երջանիկ, ես միայն գրելով եմ ինձ գտնում, իսկ եթե շատ գրեմ, արդեն տեխնիկան կհարթվի, գաղափարների հետ կապված միակ խնդիրս էլ այն է, որ չեմ հասցնում թղթին հանձնել... այնպես որ գրել, գրել, գրել....կարդալ, կարդալ, կարդալ...գրել... ապրելու համար երկու կոպեկ էստեղից էնտեղից հոդված գրելով էլ կաշխատեմ, երևի շուտով աշխատանքն էլ թողեմ ու սկսեմ կյանքս աղբից մաքրման աշխատանքները...

Alphaone
19.03.2015, 13:39
Ես թարս մարդ եմ եղել, միշտ...
Պուճուր ժամանակներումս, երբ «եվրոպական արժեքները» քննադատում էին, մեղադրում էն մարդկանց, որ երեխաներին մասնավոր դպրոց ու ծնողներին ծերանոց էին նետում, ես երազում էի մասնավոր դպրոցի մասին... հիմա էլ նստել, մտածում եմ, որ ես ինձ ծերանողում ավելի լավ կզգամ, քան ընտանիքում, բայց հայկական ծերանոցի տնազերում չէ, էլի, իսկական ծերանոցում...

Alphaone
24.04.2015, 00:43
խառն ու հակասական է լինելու գրածս, մտքերս համակարգել չի ստացվում, ցրիվ են եկել, բզկտվել, ասես չիչխանի փշերին բզկտված պոլիէթիլենային տոպրակները լինեն կամ հետսովետական սարսափ ժանրի գործարանները՝ անկենդան, լքված, վանող...
Դպրոցում երբեք գերազանցիկ չեմ եղել, բայց միշտ եղել եմ ամենախելոքը: Ես սովորական խնդիրները չէի լուծում, իսկ էն բոբո խնդիրները, որ դասարանցիների համար սարսափ երազ էին, իմ համար երանություն էին... էն ժամանակներում իմ մեծագույն սարսափը ուղեղս կորցնելն էր: Արտաքինով չէի փայլում, դասարանում ամենակարճահասական էի (այդ ժամանակներում ինձ չէր սփոփում մյուսներից մեկ-երկու տարի փոքր լինելու միտքը), կենցաղային գործերի համար բացարձակ անպիտան էի, միշտ ցրված, ամեն ինչ միշտ ձեռքերիցս թափվում էր, ամեն ինչ կորցնում էի ցրվածության պատճառով, ամեն ինչ վատ էր բացի իմ փայլուն հանճարեղ ուղեղից:
Ու ինքս ինձ համար որոշել էի, որ ես էն մարդն եմ, ով վերականգնելու է պատմական արդարությունն, ով էնքան ուժեղ ու խելացի է մեծանալու, որ ոչ թե իր երկրի, այլ՝ աշխարհի մակարդակով է միավոր լինելու: Ես էգոցենտրիկ ու ինքս ինձանից երևակայող ապուշ չէի, էն ժամանակերում ես բավականաչափ ներուժ ունեի:

Հետո ես կոտրվեցի:

Ավելի ուշ՝ փշուր-փշուր եղա:

Հետո ես կորցրեցի ամենաթանկն իմ համար: Մշտական դեպրեսիաներն ու լճացումներն ինձանից խլել են ուղեղս, էլ առաջվա նման սուր չեմ մտածում, առաջվա նման չեմ կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, առաջվա նման մի գիշերում ի վիճակի չեմ մի տարվա նյութ կարդալ ու տող առ տող հիշել... ես իմ առաջվա «ես»-ի ծաղրանկարն եմ հիմա:

Ու երբ բառացիորեն աչքերիցս հոսող արցունքներով մտածում եմ, որ ամբողջ թուրք ժողվուրդը, թքած հողերի ու փողերի վրա, պետք է ծնկաչոք ներողություն խնդրի արածի համար, ես հասկանում եմ, որ ես կարող էի լինել էն մարդը, ով կհասներ դրան, բայց չեղա, քանի որ ինչքան էլ խելացի, տաղանդավոր, ուժեղ լինեի, ես նպատակասլաց չէի, իմ ամբիցիաները բախվում էին ծնողներիս ամբիցիաներին, իմ արժեքները՝ հասարակության արժեքներին:

Մեր մեջ լիքը պստոներ կան, իրենցից յուրաքանչյուրը մի օր կարող է աշխարհի մակարդակով միավոր դառնալ, իրենցից յուրաքանչյուրն էս անիծյալ, հոշոտված, բզկտված, անտեր երկրի դարմանն ու ապագան է:

Ոչ ոք, երբեք իրավունք չունի հալածել նրանց միայն նրա համար, քանի որ նրանք տարբեր են, դրանով մենք մեր ու մեր երխաների ապագան ենք հալածում...

Alphaone
30.04.2015, 18:41
Իմ բոլոր տարեդարձերն անխտիր անցել են տանը: Վերջին քանի տարում տարեդարձը նշել ենք միայն ընտանիքի անդամներով և այն մարդկանցով, ովքեր առանց հրավերի պարզապես որոշել են գալ-շնորհավորել՝ ձանձրալի, միապաղաղ, պարտականության նման:
Այս տարի ծննդյանս օրն իմ ծրագրային թիմի ուսանողների հետ համաժողովի էի: Դեռ մի շաբաթ առաջ ծնողներիս խնդրեցի, որ գան, միասին հյուրանոցում նշենք: Մերժեցին խնդրանքս: Խնդրեցի ընկերոջս, մի մարդու, ում համար արդեն հինգ տարի իմ կյանքի բոլոր պլանները ջուրն եմ նետում, որ երեկոյան մեկ երկու ժամով գա, ֆոեյում նստենք, գինի խմենք, զավզակվենք... իրականում զբաղված էր, չեմ հերքում, դեդլայնները խեղդում էին (ծրագրավորողները կհասկանան), բայց միևնույն է, չեմ կարողանում գլխիցս նետել էն միտքը, որ եթե իրականում ցանկանար գալ՝ ելք կգտներ:
Ընկերներիս ակնարկեցի, որ գան, բայց վստահ էի, որ չեն գա:
Հենց ծննդյանս օրն էինք համաժողովի գնալու, Վարդանն ուղեկցում էր, օգնում իրերը դասավորել գնալուց առաջ: Ես էլ իմ զզվելի բնավորությանը զոհ գնալով, մի քիչ էլ երևի Դոկտոր Հաուզի ազդեցության տակ դիմեցի մանիպուլյացիայի.
- Վարդան, էսօր քանիսի՞ն եք գալու:
- Դու որտեղի՞ց գիտես որ գալու ենք:
Իրենց մատնեց: Իմացա, որ գալու են: Երջանիկ էի:
Երեկոյան արդեն այնքան ուշ, որ էլ շանս չկար, թե կգան, զանգեց Շուշանը, շնորհավորեց, ասաց, որ եղանական ահավոր էր, ճանապարհ գնալը՝ վտանգավոր, չեն գալու:
Ինչ-որ կասկածելի ինտոնացիա կար ձայնում. մտածեցի, որ խաբում է:
Հետո մտածեցի, որ եթե աշխարհում ինձ ամենահարազատ մարդիկ, հանուն ում իմ համար ամենաթանկն ու հենց ինքս ինձ անընդհատ զոհել եմ, չեն գալու, տրամաբանական է, որ ընկերներն, ինչքան էլ լավ ընկերներ իրենք լինեն, չեն գա:
Գնացի մի անկյուն գտա ուսանողներիս աչքերից հեռու ու լիքը լացեցի:
Հետո ինձ հավաքեցի՝ ավելի լավ, որ էս վտանգավոր եղանակին ճամփա չեն ընկել: Իրենց անվտանգությունն ինձ համար ավելի թանկ է, քան ինչ-որ երկու րոպեն, որ միասին տորթ կուտեինք ու կբաժանվեինք:
Հետ եկա, ուսանողներիս ժպտացի, հայտարեցի, որ գնում եմ՝ տորթը բերելու:
Գոհարը՝
- Հիմա մի բեր, թող ընթրիը վերջանա, թե չէ հացը թողած կսկսեն տորթ ուտել:
Համոզեց, մի քիչ ձգեցի, հետո որոշեցի, որ այնուամենայնիվ արժի բերել, արագ կտրել, ձևականություններից պրծնել, գնալ, փակվել սենյակում ու շունչ քաշել՝ մենակ, մերժված, կոտրված:
Տորթն առած իջա, սկսվեց մեկ ուրիշ խնդիր՝ մատուցողները ոչ մի կերպ չէի կտրում, հետո մոգոնեցին, որ ես մոմ չեմ բերել, սկսեցին ժամերով մոմեր ման գալ, իմ տոնական, թիթիզ հագուստն արդեն խեղդող ու ծիծաղելի էր թվում: Կոկորդս կծկվում էր, շուրթերս՝ ժպտում:
Ու հանկարծ մի ուրիշ, սիրուն, սպիտակ տորթ առած ընկերներս 10 հոգով ներս եկան: Պարզվեց Գոհարն իրենց գաղտնի գործակալն էր, տորթը կտրելը ձգձգում էր, մատուցողների հետ էր հանցավոր համաձայնության եկել, որ մինչև մյուս խմբի գալը տորթը չկիսեն: Իսկական էֆորիա էր, առաջին քանի րոպեն անգամ չէի հավատում, որ ամեն ինչ իրական է: Իմ կյանքի լավագույն տարեդաձն էր: Արագ-արագ տորթը խժռեցինք, բաժակները խփեցինք իրար, կենացներս ասեցինք-լսեցինք, ուրախացանք, թռվռացինք, նկարվեցինք ու ինչքան անսպասելի եկել էին, էդպես էլ արագ ուղարկեցի, որ շուտ գնան տուն, քանի ճանապարհները չեն սառել ու վտանգավոր դարձել:

Հետո նույն խմբի հետ՝ էն մարդկանց, ովքեր ուսանողական առաջին տարիներիցս էս մռայլ քաղաքի իմ գույներն են, որոշեցինք, որ միասին գնալու ենք Ղարաբաղ՝ էնտեղի մեր զինվոր ընկերներին տեսնելու:

Տանը վաղուց չեմ հարցնում, տեղյակ եմ պահում: Բայց երբ հայրիկին էսօր ասացի, որ գնալու եմ Ղարաբաղ մի քանի օրից, մինգամից մարտական ռեակցիա եղավ՝ ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ ես գնում, իրենք ովքե՞ր ենք, որ իրենց հետ օրերով ճամփա ես գնում ու էդպես....

Վիրավորանքից տեղս չեմ գտնում: Տանը ոնց որ կահույքի մաս լինեմ (որի բացակայությունն աչքի համար անսովոր է), ոչ թե ընտանիքի անդամ:

Ամեն անգամ երբ 10-ին, 11-ին եմ տուն գալիս, կոնֆլիկտ է տեղի ունենում, իսկ ավելի շուտ գալու դեպքում հետս բառ չեն փոխանակում՝ հոգնած եմ, գլուխս է ցավում ու էդպես...

Ղարաբաղ, բնականաբար, կգնամ:

Իմ երեխաների համար (եթե երբևէ երեխաներ ունենամ) «չի կարելի» արտահայտութունը չի լինի, եթե անգամ դրա պատճառով ինձ մի օր քրեական պատասխանատվության ենթարկեն:

Alphaone
12.06.2015, 02:17
Չեմ հիշում երբ եմ Ալքիմիկը կարդացել: Հատվածներ կային, որ դուր էին եկել, բայց ընդհանուր գործն «իբր ի՞նչ» տպավորություն էր թողել: Ուսուցչուհիս շատ էր գովում, իր գովասանքների ազդեցությունն էր, թե ինչ, գիրքը հավանել էի ու դեռ փրփուրը բերանիս հայրիկին ապացուցում էի, որ լավն է... Վերջերս արագ թերթեցի, անցա. արդեն ես էլ էի ապուշություն համարում: Ինձ ծիծաղելի էի թվում: Կյանքում էնքան շատ եմ էմոցիաների ազդեցության տակ, քնաթաթախ կամ մի քանի բաժակ չարաշահած «մտքեր» արտահայտել, որ վերհիշելիս ինձ ծիծաղելի են թվում: Նախկինում ահավոր ամաչում էի, նախկինում ահագին բարձր էի գնահատում իմ թողած տպավորությունը, հիմա հերթական չխկիկը չի աշխատում ու արդեն հանգիստ եմ: Կան շատ քիչ մարդիկ, ում հետ շփվելիս չեմ ուզի, որ թյուրիմացություն լինի, իմ պատճառով իրենց վատ, անհարմար, վիրավորված, որևէ կերպ խոցված զգան, մնացած բոլոր դեպքերում ես լիովին հանգիստ եմ:
Էնպես չի, որ վառ գույներ սիրել եմ, բայց էս ամառ սևասքեմ քաղաքում վառ գույներով թափառում եմ ու ինձ հրաշալի զգում:
Ես երջանիկ չեմ, դեռ լիքը չխկիկներ կան, որ պետք ա կոտրել՝ երջանկության հասնելու համար, բայց ահռելի խնդիրների բեռան տակ ես արդեն ունեմ բավականաչափ խախտվածություն ինձ դժբախտ չզգալու համար:

Alphaone
08.08.2015, 06:02
Էնքան հակասական ա զգացածս:
Էսօր փողոցում մուրացիկ կինը մոտեցավ, համար պարզեց, խնդրեց իմ հեռախոսով խոսա:
- Սևան հիվանդանոց ա:
Համարը հավաքեցի, տվեցի: Ծեր կին էր, չէր կարող հեռախոսը վերցնել, փախնել, բայց հերթով ավելի էր հեռանում, ես էլ ընկերներիցս հեռանում, դանդաղ հետևից քայլում էի ճարահատյալ: Արդյունքում խոսակցության պատառիկներ էի լսում՝ վախ, որ ինչ-որ մեկին վիրահատելու են, կինը լացում էր, ներքին դող կար:
Սպասում էինք, որ Աստղը գա, գրասենյակի համար նոր տարածք նայենք, Աստղը դեռ չէր եկել, ժամանակ կար:
Արդեն մոտ հինգ րոպե անցել էր, երբ Հովհաննեսը շատ կոպիտ, դու-ով մոտեցավ, նետեց «կարճ կապի, նամուսն էլ ա լավ բան», կինը կմկմաց, արագ հրաժեշտ տվեց, հեռախոսը մեկնեց:
Հովհաննեսին ես ճանաչում եմ որպես հրաշալի մարդ, մեր թիմի պահապան հրեշտակ, ինչ փաստաթուղթ ժամանակին չեմ հասցրել կազմել, հաշվապահ է, արագ օգնել է, գլուխ ենք բերել, գնացել, ոտքով հասել է բառացիորեն «եսիմուր», որ տաքսու ֆակտուրաները բերի, միշտ սենյակ գալիս է բարի ձմեռ պապիկի նման՝ քաղցրեղենով, երբ ինչ-որ տեղ ենք թիմով մագլցում՝ կանգնում, բոլորին օգնում է, ամեն մանրուքում լիքը հոգատարություն ու ուշադրություն կա շրջապատի հանդեպ: Ես իրեն վաղուց եղբայրագրել եմ ու շատ եմ գնահատում:
Ճամբարակի գայլի դեպքերի հետ կապված իմիջիայլոց արտահայտվեց՝ կենդանի ա, էլի, որ ռակը գցում ենք ջուրը, եփում ենք, ավելի ա տանջվում, ոչխարը կոտորել ա, պետք ա սատկացնեին:
Էդ ժամանակ նստվածք մնաց:
Նույն նստվածքը մնաց էսօրվա դեպքից հետո:
Տխրեցի:

Alphaone
09.08.2015, 02:42
Վերջ, էլ ոչ ոք երբեք շանս չի ունենալու, ոչ մի... միայն ինքը...

Ես իրեն հորինել եմ:

Ինտելեկտուալ է... աննկարագրելի, աննորմալ խելացի է, գրեթե մոգական ռեալիզմի աստիճան խորաթափանց, կարող է մարդկանց հասկանալ անգամ այն ժամանակ, երբ իրենք իրենց չեն հասկանում:
Ինքնամփոփ է, երբեք իր անձն ուրիշին չի պարտադրում, խոսում է հազվադեպ ու իմաստալից:
Հրաշալի հումորի զգացողություն ունի, սպանիչ սարկազմ, բայց նաև կարողանում է տարորոշել կատակ-անձնական վիրավորանք սահմանն ու երբեք այն չհատել:
Սիրում է կարդալ ֆանտաստիկա, ֆենտեզի, մոգական ռեալիզմ, ձանձրալի իրականությունից դեպի մտքի թռիչք ու արկածներ տանող որակյալ գրականություն:
Խոսում է գրական «ինչ-որ լեզվով»՝ երբեմն խոսքն օրիգինալ ժարգոնային կամ բարբառային բառերով համեմելով, ունի վառ ընդգծված այլմոլորակային ակցենտ:
Բարձրահասակ է՝ 180-190սմ:
Աչքերը մուգ-մուգ, գրեթե սև են, բայց շեկ խոպոպներ ունի, գժվում եմ շեկ խոպոպների համար...

Եթե հանդիպեք, ասեք, որ փնտրում եմ իրեն :)

Alphaone
11.08.2015, 16:30
Օ՜, աստվածներ, միթե՞ ես էնքան հետաքրքիր մարդ եմ, որ ինձ հետ կարելի ա արդեն մի ամիս համարյա գիշեր-ցերեկ զավզակվել ու չխելագարվել.... )) Շնորհակալութուն, բարեկամս, քեզնից լիքը բան եմ սովորել, ինձ համար լրիվ մուսա ես ու անգամ ակումբում չկաս՝ լիքը կարող եմ քեզնից «բամբասել» :D

Alphaone
15.09.2015, 02:26
Երբ 23-ում սիրահարվեցի, դեռ խակ էրեխա էի: Ինձ թվում էր թե փրկվել եմ, էդ զգացմունքն ինձ շրջանցեց, բայց էդ զգացմունքն էնպիսի հեղեղով ծածկեց տարավ կյանքիս հինգ տարիները, որ հետո միայն փլատակներ մնացին: Ու երբ բաժանումը եղավ՝ փոխադարձ մեղադրանքների տարափով, ցավով, երբ սկսեց գոռալ ու հնարավոր բոլոր սահմաններն անցնել, ես էլի սահմանները չանցա, ես իր դեմքին չնետեցի էս տարիների անկեղծացումները, ոնց ինքն արեց... ու ամեն ինչ ավարտվեց նրանով, որ ինքն անիծում էր ինձ ճանաչելու օրը: Ես ցավի փոխարեն ազատություն էի զգում, ոնց որ ցմահ ազատազրկման դատապարտվածի դեմ դռները բացեին, թույլ տային հեռանալ...
Էս ընթացքում ես ծանոթացել եմ Տ...ի հետ՝ իրականում գիտնականի. բազմակողմանի զարգացած, խորը ու հավասարակշիռ մարդու հետ: Թեև իրական կյանքում հանդիպել ենք մոտ 15 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էինք ու էն ժամանակներից էլ ոչ մի անգամ իրար չենք տեսել (ինքն ինձ չի էլ հիշում, ես եմ, որ ոչ ոքի, եթե անգամ մի անգամ եմ տեսել, չեմ մոռանում) բայց էն զգացողությունն էր, որ ամբողջ կյանքում ընկերներ ենք եղել: Գիշեր ցերեկ գրվում էինք էն թեմաների շուրջ, որ միշտ երազել եմ ինչ-որ մեկի հետ քննարկել՝ գիտության տարբեր բնագավառներ, գիտական ֆանտաստիկա, արվեստ, հրաշալի հումորի զգացողություն ու սարկազմ ու ոչ մի ռուտին... ես արդեն հավատում էի, որ հնարավոր է կյանքում առաջին սերը թաղել ու գտնել ինչ-որ մեկին, ով քո համար կլինի հետաքրքիր ու հաճելի մարդ, պարտադիր չի, որ այդ մեկը լիներ Տ...ը, ուղղակի ինքն ապացուցում էր, որ մոլորակում կան մարդիկ, ում կողքին ես լճանալու փոխարեն ավելի լավն եմ դառնում:
Բայց ինձ ու անիծյալ առաջին սիրուն մի շարք ընդհանուր գործեր էին կապում, որոնցից փախչելու հնար չկար... ու ստիպված էինք ուղղակի ժամանակ առ ժամանակ իրար զանգել: Էդ զանգերը ծանրագույն պարտականություն էին: Սկզբում չոր գործնական խոսակցություն էր, հետո ավելացավ ձևական «ոնց ես»-ը, հետո անկեղծ «ոնց ես»-ն ավելացավ: Ու հետո ես էնքան ապուշ գտնվեցի, որ խնդրեցի ուղղակի մի քանի օրը մեկ զանգել, իմանալ ոնց է, ինչ է անում՝ ինքը սարսափելի վատ վիճակում էր ու ես չնայած մահացու, աններելի վիրավորանքին իր համար անհանգստանում էի ու մեղավոր զգում, որ երջանիկ եմ:
Ու սկսվեց պարզապես մարդկային շփում, շաբաթը մեկ-երկու անգամ զանգել, իմանալ ոնց է կյանքը, գործերը, մի քանի հերթապահ բառ փոխանակել, անջատել:
Հետո սկսեց սկայպով գրել՝ չէի արգելափակել, սկայպը թեև ավտոմատ միանում է, բայց ահավոր հազվադեպ եմ օգտագործում: Ու երկու օր առաջ գրեց՝ կներես, որ ասում եմ, բայց ես քեզ շատ-շատ եմ սիրում: Էն զգացողությունն է էդ պահից ի վեր, որ ձեռնաշղթաներով եմ ապրում... և սիրուց չեմ կարողանում ազատվել, և վիրավորանքից... տասնյակ անգամներ մնասբարով ասելուց հետո արդեն չեմ վերադառնա, բայց շղթաները պահում, ոչ էլ թույլ են տալիս առաջ գնալ...

Alphaone
06.02.2016, 02:17
Փոքր ժամանակ ծաղկամանում խուրմայի սերմեր էինք թաղել: Մի օր կանաչ ծիլ դուրս եկավ: Չգիտեինք ծառ էր, թե մոլախոտ: Տարօրինակորեն արագ էր աճում: Այդ ժամանակներում ինտերնետ չունեինք, գրքերում նայեցինք խուրմայի ծառի ընձյուղի նման էր: Կասկածելին միայն աննորմալ արագ աճն էր: Մեծացավ, մեծացավ, պարզվեց կանեփ էր: Մի օր կատաղած հողից քաշեցի, դեն շպրտեցի:
Ու հետո հողի մեջ ցանում, խնամում էի իմ երազանքները: Դրանք աճում, մեծանում էին, դառնում այն, ինչ ես չէի ուզում ստանալ:
Կատաղում, քաշում մի կողմ եմ շպրտում, ինչպես իրավաբանի մասնագիտությունը, հոգեբանի կրթությունն ու առաջին, հիմար սերը…
Հետո գիտեմ, ոչ մի բան չեմ ցանի, չեմ խնամի, կթողեմ ինքնահոսի:
Խոպան հողում կամ ինչ-որ անսպասելի ու լավ բան կաճի, որ չէի համարձակվում անգամ երազել, կամ կաճեն մոլախոտեր ու ինձ կխեղդեն:
Վաղը հերթական սերմն եմ դնելու հողի մեջ…

Alphaone
09.03.2016, 03:53
Էլի ահավոր դատարկված ու սրտնեղած Սվեծիկին եմ գրում...
Ինքն էլ իր դարդերից ա պատմում՝ «Этот ...ин сын»...
Խնդրում եմ, որ իմ հետ խոսելուց իր լեքսիկոնը թարգի, շարունակում ա «ՈՒրեմն, այդ հնագույն մասնագիտության ներկայացուցչի որդին...»...
Սիրել Սվեծիկին, մի այլ կարգի սիրել: Ո՞ւմ մտքով կանցներ, որ օնլայն խաղում կարելի է նման մարդու հետ ծանոթանալ:

Alphaone
30.03.2016, 00:24
Կրիայիս՝ Չուպակին գնելուց դեռ չգիտեի, որ նման երգ կա... զգուշացնեմ, որ բավական գռեհիկ է...

https://www.youtube.com/watch?v=AQqiUusn04k

Alphaone
29.06.2016, 21:06
Անցյալ տարի էս օրը ֆեյսբուքում էի գրել...
Մի քիչ կիսվեմ, թեթևանամ, քնեմ....

Մի ցույցի պատմություն

Վերջին շրջանում ես իմ նեղ անձնական խնդիրներով էնքան էի դեպրեսված, որ ամեն կարգի լրահոսից մեկուսացել էի...

Աշխատանքային սենյակում տղաներից մեկը իր ֆեյսբուքյան էջը քրքրելիս.
«Էս տղի յանը տարել ա, էս ինչ նկարներ ա դրել»....
Ջրցաններին ընդառաջ էպիկ լուսանկարն էր, բացեցի, սկսեցի կարդալ ինչ է կատարվում Բաղրամյանում:

Վերջերս սպոնտան քիչ բան եմ անում. դրեցի, սկսեցի ուսումնասիրել հարցն ու հասկացա, որ իրականում ատոմակայան ունեցող երկրի համար եղած առանց այդ էլ բարձր սակագինը բարձրացնելն աբսուրդ է:

Վերցրեցի առաջին պատահած նկարներն ու պրոֆիլ-քովեր նկարները փոխեցի:

Ինչ-որ բան նախաձեռնել, իմ հետևից մարդկանց տանել, պայքարելը թվում էր ավելի շատ քաղաքացիական պարտականություն, քան սրտից բխող գործողություն. ես սոցիոֆոբ եմ, երևի, ամբոխ ահավոր չեմ սիրում:

Ամեն տեղ Հայաստանում ցույցեր էին, Գավառում՝ լռություն:

Առաջարկեցի մի բան կազմակերպել: Էն մարդիկ, ովքեր մեր միջոցառումների կորիզն են՝ կամ մերժեցին, կամ չարձագանքեցին:

Բաղրամյան գնալ չէի կարող. կուտակված գործեր, տանեցիներ, տուպը ֆինանսական խնդիրներ, առողջական վիճակ ու ինչ-որ հետ պահող հոգեբանական գործոն, որ մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչն է:

Երևանի էն ինտելեկտուալ, նախաձեռնող, ինտուզիազմով լի ընկերներս պարբերաբար գրառումներ էին անում, հոգով իրենց կողքին էի, հիանում էի իրենցով, բայց գիտեի, որ Բաղրամյան գնացողը չեմ: Խնդիրը հայհոյանքներն ու բերման ենթարկվելու վախը չէր, խնդիրն ինչ-որ տեղ ներսումս իմ սեփական պրոբլեմների մեջ խճճված ոչ սթափ դատելու վախն էր:

Խոսում էին, որ իբր եվրոպան ու ամերիկան են իրար խառնվել, ուզում են Հայաստանում մայդան անել:

Վախենո՞ւմ էի դրանից: Ոչ: Այս պայքարը հենց սկզբից ինձ համար քաղաքացիական պայքար էր, ոչ մի քաղաքական ենթատեքստ, ուղղակի ժողովուրդը ձայն էր բարձրացրել, երբ իր շահերը բռի կերպով ոտնահարել էին: Ինչքան ուզում են, թող տարբեր երկրների լրտեսական խաղեր տեղի ունենան, հայերը վերջապես սկսել են խաղալ հօգուտ Հայաստանի...
***
Մի անգամ դպրոցական տարիներին սպորտլանդիայում լիդեր էի, ոտքս ոլորեցի վճռական պահին, թիմն իմ պատճառով պարտվեց:

Ես մենակ խաղալուց կարող եմ պարտության ռիսկին գնալ, բայց մարդկանց անգամ երաշխավորված հաղթանակի դեպքում իմ հետևից չեմ տանում այլևս:

Ֆեյսբուքյան աշխատանքային էջերում ոչ մի գրառում չարեցի՝ Գավառում ցույց կազմակերպելու: Կազմակերպիչ լինելը շոու չի, դա նշանակում է անընդհատ, վարկենական փոփոխվող իրադարձություններից տեղյակ լինել, դա նշանակում է անքուն գիշերներ, չդադարող հեռախոսազանգեր, գլխացավ, պատասխանատվություն, ռիթմ:

Չափազանց հյուծված էի դրա համար:

Տղաներից մեկը խմբում ամոթանք տվեց, որ ակտիվ երիտասարդներ ենք կոչվում, բայց ոչինչ չենք անում:

Եթե սկզբում պնդում էի՝ մի բան անենք, ասենք, որ էստեղ էլ մարդ կա, վերջին երկու երեք օրը թեման փակել էի ու ֆեյսբուքյան լրահոսին հետևելուց բացի ոչ մի բան չէի անում:

Էջիս սկսեցին հրավերներ գալ տարբեր անհատների կողմից, որ Գավառում ուզում էին տարբեր օրերի, ժամերի հավաքներ կազմակերպել:

Սպոնտանություն, ցաքուցրիվություն, անկազմակերպվածություն...

Նյարդերս տեղի տվեցին, քաղաքացիական պարտքի զգացողությունը հաղթեց պարտության վախին: Գրեցի՝ ես էլի կազմակերպիչ չեմ, դուք որոշեք ինչ եք անում, իսկ էս խումբը ձեզ հարթակ պայմանավորվելու, համակարգելու... Չհամակարգվեցին:

Ես ընդամենը ֆեյսբուքում խումբ բացեցի, բոլոր իվենթների ստեղծողներին, ակտիվիստներին հղումը տվեցի ու քաշվեցի էն կողմ: Գրել էի, որ ցույցերին ամենայն հավանականությամբ չեմ միանալու՝ շաբաթ օրն ընտանեկան գործեր, իսկ կիրակի Բյուրին էի տեսնելու, ահավոր կարոտել էի:

Կիրակի օրվա հանդիպմանը շատ էի սպասում, միայն Բյուրը չէր գալու, լիքը մարդիկ կային, որ Բաղրամյանի էպիկենտրոնում են եղել, գիշերներ լուսացրել, ինձ օդի նման հարկավոր էր օբյեկտիվ ինֆորմացիա առանց լրագրողական քանդակագործության:

Բայց հանդիպելիս ցույցերից կլանված հարցուփորձ անելու փոխարեն սկսեցինք խոսել դատարկ բաներից, կատակել, ցրվեցինք, ես էլ եկա Գավառ:

Գավառում ընտրություն կար՝ գնալ Գավառ տուրի նկարահանումներին Շուշենց հետ, թե մնալ ցույցի: Ես միանշանակ նկարահանումների կողմն էի: Տղաներից զանգեցին, խնդրեցին մարդիկ հավաքեմ միանամ:

Ես մենակ գնացի՝ անիծյալ քաղաքացիական պարտքը թվում էր ճտին պարտք, ցույց անելն արդեն վերջնափուլում, երբ Երևանում էլ իրարից բան չեն հասկանում, թվում էր ուղղակի ներկայացում, չէի հավատում, թե մի բան կստացվի:

Տեղում 30 հոգի էին, որոնցից 20-նն անչափահասներ:

Հավաքվել էինք Գավառում հրապարակին կից Ս. Քոչարյանցի հուշարձանի հարակից տարածքում, այգենաման վայր է: Մոտ հարյուր մետր հեռավորությամբ մայթին կանգնած էին ոստիկաններ: Կանչեցին սկզբում տղաներից մեկ-երկուսին, հետո դպրոցականներն ինքնագլուխ մոտեցան, մեզ՝ մեծերիս կանչեցին, մոտեցանք, սկսվեց բանավեճ:
Հիմնական դերակատարն, ասում են, Գավառի ոստիկանապետի տեղակալն էր, չեմ ճանաչում, պնդել չեմ կարող: Փաստարկներ էր բերում:
Փաստարկ մեկ՝
Անչափահասներ են(մարդիկ ճիշտ են ասում, հակաճառելու բան չկա, ներկաների գերակշիռ մեծամասնությունն անչափահասներ էին):
Փաստարկ երկու՝
Մենք չենք կարող անվտանգություն ապահովել (կարելի է հարցնել՝ ումի՞ց. մի կերպ ինձ զսպեցի, որ չխոստանամ, թե այլմոլորակայինները չեն գրոհի: Հանկարծ ու իմ ազդեցությունցից դուրս մի մոլորակ որոշի երկիրը նվաճել)
Փաստարկ երեք՝
Էն տղան հենված սյունին քաշում պոկում էր (անհեթեթություն, պարզապես սյունին էր հենվել, հանրային գույքի որևէ վնասում չէր լինի. ֆիզիկապես խեղճն ի վիճակի չէր լինի տեղից պոկել սյունը)
Փաստարկ չորս՝
Էրեխեքը կընկնեն մեքենայի տակ, իրենց ծնողներին ո՞նց եք պատասխան տալու:
Էստեղ ես չդիմացա, ասացի, որ մենք այգու խորքում էինք, մեքենաների վտանգից հեռու, դուք կանչեցիք, բերեցիք մայթեզր: Ընդհանուր աղմուկի մեջ հակաճառումը տաղանդավոր կերպով աչքաթող արեցին: Հիմնական թիրախը դարձել էր աղջիկներից մեկն, ում հիմարաբար, հա, հենց հիմարաբար հաամրում էին Երևանից եկած տեղում ցույց կազմակերպող «սադրիչ»:
Հետո տեղի հոգևորականներն առաջարկեցին եկեղեցի գնալ, աղոթել, խաղաղվել:
Լավ առիթ էր անչափահասներին տուն ուղարկելու ու մեծերով շարունակելու:
Բայց էլ ոչ ոք չշարունակեց:
Ես էսօրվա ցույցը չէի ուզում, բայց օրվանից հետո ինձ դատարկված ու կյանքից երես թեքած եմ զգում, խունկի հոտն էլ ինչ-որ սպեցիֆիկ օծանելիքի խառնված մոտս ալերգիկ ռեակցիա է առաջացրել, թե ինչ, պարբերաբար արցունքները հոսում են:

Չեմ պատկերացնում, որ մի օր ասեն ռուսահայ, ամերիկահայ, կամ ջհանդամահայ գրող, ես ուզում եմ պարզապես հայ լինել, ապրել իմ երկրում ու հպարտ լինել իմ երկրով...

Alphaone
23.09.2016, 23:00
Ուզում եմ հավատալ, որ բոլորի կյանքում էլ լինում են դատարկության պահեր, երբ ուղղակի բացարձակ ոչինչ կյանքից չես ուզում: Երազում ես պառկել մինչև մեռնելն ու էդ ծուլություն չի, դեպրեսիա չի, հուսահատություն չի: Ուղղակի հանկարծ վերցնում ու չքանում են բոլոր իմաստները, էն, ինչ խանդավառում էր, կորցնում է դիմակն ու դու տեսնում ես պարզապես ինքնախաբեություն... ու միակ լավ բանը, որ կարող է պատահել, քնել, այլևս երբեք չարթնանալն է:

Alphaone
23.11.2016, 21:20
Կյանքն էլ երբեք առաջվանը չի լինի: Իմ նեղ շրջապատի մի քանի հոգի միաժամանակ կորցրեցին վստահությունն ու էդ ժամանակ ես ստոր բան արեցի՝ սկսեցի բոլորին, բոլորին անխտիր ինձ համար թանկ մարդկանցից վստահության քննության ենթարկել: Ոչ ոք չանցավ քննությունը: Ես շատ քիչ եմ մարդկանց հետ հարաբերություններում պահանջել՝ դրա դիմաց ինձ ամբողջովին տալով: Խաղի կանոնները փոխվում են, փնտրում եմ ընկերներ, ում հետ ամեն բան փոխադարձ է լինելու՝ վստահություն, անձնվերություն ու էդպես....

Alphaone
10.12.2016, 03:05
Ասում են քեզնից չես փախչի, ուր էլ գնաս, քեզ հետդ տանելու ես: Բայց ես ուզում եմ գնալ: Ուզում եմ ճամփորդել, տեսնել նոր դեմքեր, նոր մշակույթներ, բացահայտել նորը: Ուզում եմ իմ կյանքում մնան միայն ամենակարևոր, ամենահարազատ մարդիկ ու ուղղակի անծանոթներ, որ երբ ուզեմ մենակ մնալ, հասկանան ու մենակ թողեն, որ երբ մենակությունից պատերը ճանկռելու զգացողություն առաջանա, իմանամ ում ձայնն եմ ուզում գիշերվա կեսին լսել, ում կարող եմ զանգել ու ուղղակի խոսել ինչից պատահի: Ուզում եմ կյանքում լիքը խելոք մարդկանց հանդիպել, ումից լիքը սովորելու բան կլինի, ուզում եմ իմ իմացածը, կարեցածը, հասկացածը կարողանամ ուրիշներին փոխանցել: Իմ թևերն աճել են ու դրանք ահավոր մեծ են, քյավառում ես դրանք բացել չեմ կարող, տարածությունը խեղդում է, ուզում եմ թռիչքի դուրս գալ…

Alphaone
11.12.2016, 21:48
Ներսիս դոնկիխոտը մեռել է...
Ժամանակներ առաջ, երբ Սերվանտեսի մասին կարդում էի, թե ինչպես է բանտում գրել իր «Դոն Քիշոտը», մշուշոտ կասկած կար, որ իմ կյանքն էլ հողմաղացների դեմ պայքար է լինելու: Արդեն չէ: Արդեն գիտեմ, որ ոչ մի բանի դեմ պայքարել պետք չէ, պետք է դնել վերջնանպատակ ու հստակ քայլերով գնալ դեպի նպատակը: Այդ դեպքում հորիզոնում նպատակն է, հողմաղացները չես էլ նկատում:
Հայրիկն ասում էր, որ նորմալ ծրագրավորող դառնալու համար քսան տարի պետք է: Անհույս գործ եմ սկսել, իմը գրելն է:
Չեմ հանձնվելու: Կնստեմ, կսովորեմ, կհասնեմ որոշակի մակարդակի, որ թեկուզ ծայրը-ծայրին կկարողանամ իմ օրվա հացը ծրագրավորմամբ վաստակել:
Նարեկն ասում էր, որ եթե շատ խորանամ ծրագրավորման մեջ, կթողեմ գրելը: Բայց ամեն անգամ, երբ բացում, web-ի հերթական դասը կարդում եմ, զգում եմ կյանքի ջիղն ու գաղափարների հեղեղը: Ապագայում ծրագրավորման ոլորտում իմ գործը կլինի պարզապես գաղափարներ տալն ու գրելը, շատ գրելը, ԼԱՎ գրելը: Առաջին անգամ կյանքում զգում եմ, որ ես արժեք եմ ստեղծելու:

Alphaone
23.01.2017, 02:39
Կան բաներ, որ չեմ ներում: Մարդն իմ հանդեպ ոչ մի վատ բան չի արել, բայց իր արարքների ամբողջությունը վերցնելով՝ ուղղակի իմ կյանքում իր լինելը չեմ ներում: Չեմ համակերպվում իր տեսակի գոյություն ունենալու հետ: Ու ամաչում եմ, որ ներելու համար բավականաչափ մեծահոգի չեմ, ամաչում եմ, որ ուղղակի ջնջում եմ իմ կյանքից մարդու՝ ասես ինքը չի էլ եղել երբևէ: Ամաչում եմ, որ չեմ դնում, երկար նամակով գրում, բացատրում ջնջելու պատճառը: Երբեք այնքան մոտ չենք եղել, որ կորստի ցավ զգամ, բայց մի բան ես ամեն դեպքում կորցրել եմ ու ժամանակի հետ կհասկանամ՝ ինչ:

Alphaone
26.01.2017, 01:16
Մեկ-մեկ մարդ էնքան շատ ա ամեն ինչ խճճում իր կյանքում, որ էլ քանդել հնարավոր չի: Էստեղ հիշում ես Գորդյան հանգույցը: Մեկնումեկդ Ալեքսանդր Մակեդոնացու տեղ ասեք:

Alphaone
25.03.2017, 21:47
Օրագրիս անունը կարդալուց քմծիծաղ ա առաջանում՝ ինչքան էրեխա եմ եղել ակումբ գալուց: Առաքելություն, բան...
Էնպես չի, որ հայտնվեցի ակումբում ու սկսեցի երկրաչափական պրոգրեսիայով աճել, բայց 2012-ից ի վեր մոտս ահռելի դրական տեղաշարժ կա ու էստեղ ակումբն ու ակումբցիները հիմնավոր դեր ունեն: Հիմա քմծիծաղ են առաջացնում նաև լիքը թեմաներ, որոնց շուրջ ակումբում բանավիճել եմ, եթե անգամ տեսակետս նույնն ա, տեսակետի փաստարկումն ա ակումբի շնորհիվ փոխվել: Հիմա ավելի ինքնավստահ ու շրջահայաց եմ, բայց դրանով հանդերձ կարող եմ ինձ էքսցենտրիկ ու երեխա լինել թույլ տալ: Անկախ ամեն ինչից, առանց ակումբ ես էն չէի դառնա, ինչ կամ հիմա: Շնորհակալություն, ակումբ, քո շնորհիվ մեծացա:

Alphaone
15.07.2017, 19:14
Երբ ես նկարել սովորեմ, առաջինը նկարելու եմ գյուղի հին տունը, որտեղ, ասում էին, մեզանից հարյուր տարի առաջ մարդիկ են ապրել, իսկ հիմա խոտանոց է: Նկարելու եմ անհամաչափ, կոպիտ տաշված քարերը, արանքում սպիտակ կավի շերտն ու ժանգի մեջ կորած ժամանակին երկնագույն ներկված ճաղերը: Նկարելու եմ բակի գերանների բուրգը, որոնց վրա սիրում էի նստել ու խաղալ: Շուրջը թափված թեփն ու արևի տակ դրված օրորոցները: Մեր կյանքի ամենածանր օրերն էին, բայց երևի մենք երջանիկ էինք էն ժամանակ, երբ հայրիկը ոչ թե միջնին օղակի պետական պաշտոնյա էր, այլ՝ օրորոցներ էր սարքում: Անպայման նկարելու եմ բակի ծաղիկներն ու մեր փոքր բանջարանոցը: Հետո վառելու եմ նկարը:

Alphaone
06.08.2017, 14:33
Ներիր, որ աղաղակում եմ՝ բաց թող ինձ, բայց ես քեզ բաց չեմ թողում:
Ներիր, որ քեզ մոռանալու համար ուրիշի գիրկն եմ նետվում:
Ներիր, որ ի վիճակի չեմ քեզ ներել իմ վերապրած դժոխքը, որ ինչքան էլ ինձ համոզում եմ, թե սիրահարվել եմ ուրիշի, արդեն վերջ, միևնույն է, իմ ամբողջ աշխարհն ու բանականությունն ախտահարված են քեզանով:
Ներիր, որ սիրելով հանդերձ քեզ հեռու վանեցի: Երբ դու չկաս իմ կյանքում, ես ուժեղ, դատող, զարգացող տեսակ եմ, բայց հենց դու հայտնվում ես, ամեն ինչ փուլ է գալիս, մի անուղղելի սխալը հաջորդում է մյուսին:
Ներիր, որ այլևս էսպես շարունակել չեմ կարող:

Alphaone
07.08.2017, 20:35
Աբողջ աշխարհը պատրանք է, մեր զգայարանները թարգմանում են աշխարհը, բնօրինակը պետք է որ ավելի լավը լինի:

Alphaone
15.08.2017, 22:32
Տեսնում եմ ոնց ես սուզվում:
Հստակ գիտակցում եմ քո մեծությունը՝ ինչ կարող էիր լինել, հստակ գիտակցում նաև, թե ինչ ես հիմա: Էս աստիճան թաղել պոտենցյալն ու ոչնչացնել սեփական անձը: Ախր ինչի՞: Մարդիկ քեզ վրա չարանում են՝ հիմնավոր: Ես ցավ ու խղճահարություն եմ զգում: Մարդիկ ատելություն են զգում, ես խորը ափսոսանք:
Մի ժամանակ մտածում էի՝ քեզ մոտիվացիա է պակասում, մուսա, բան, եթե մեկը ձեռք մեկնի, կբարձրանաս:
Հետո պետք է գիտակցեի, որ կողքից օգնել հնարավոր չի, եթե ինքդ փոփոխություն չես ցանկանում: Մնում է դեպրեսված նստել ու կողքից նայել, թե ոնց ես սուզվում:
Գիտե՞ս ինչի է նման զգացածս՝ տեսնել, որ մարդ է ճահիճը խրվել, բայց չնետվել փրկելու՝ հստակ գիտակցելով, որ իմ սուղ միջոցներով ու խղճուկ ուժով ինքս էլ ճահիճը կխրվեմ:
Բայց նաև բավականաչափ ուժ չունեմ շուռ գալ, հեռանալու:
Ես էսպես կողքից աննկատ հետևելու եմ քո խորտակվելուն, տեսնելու եմ՝ ոնց ես տիղմի տակ թպրտում ու անէանում: Հետո շուռ եմ գալու, հեռանամ՝ արդեն քո բաժին բոլոր արտասուքները դատարկած, չոր աչքերով:

Alphaone
21.08.2017, 00:54
Մի ժամանակ, երբ ես էլ ավելի պրիմիտիվ ու հարիֆ էի, քան մեր օրերում, ես միամիտ հավատ ունեի, որ էն «աղջիկ կպցնող» օդնոյական մասսան, երբ տեսնի ադեկվատ մարդկանց ռեակցիան իրենց ստանդարտ տեքստերին, ուղղակի խելքի կգա, կդադարի նման պրիմիտիվ ու անասնական վարք դրսևորել: Հա, էն ժամանակներում մարդկանց հիհիհահան իմ սքրինշոթերի տակ ադեկվատ ռեակցիա էր թվում:
Աղջիկ կպցնելու ամենաօրիգինալ ձևն էր՝ սովորեցրու ինձ:
Իրականում էդ մարդուց ես լիքը բան սովորեցրեցի, ինքը ձեռի հետ բարձրացրեց վարագույրն ու ցույց տվեց էդ ստանդարտ տեքստերին աղջիկների պատասխանները: Իրար արժանի էին, ես ոչինչ էլ չէի կարա փոխել, ես ջահակիր չէի, որ լույս տաներ խավարամիտներին, ստանդարտ ապուշ էի, որ հավատում էր, թե լավ բան ա անում, բայց խցկվում էր մի տեղ, որ իր տեղը չէր:
Ես լրիվ ջնջվեցի էդ կողմերից, էլ անելիք չկար, չէր զվարճացնում: Ու իմ ամբողջ ժամանակը նվիրեցի էն մարդկանց, ովքեր ինձ համար իրականում հետաքրքիր էին, ումից ես կարող էի մի բան սովորել: Պահ էր գալիս, որ արդեն իմ անձը պարտադրում էի իրենց (հիմա եմ հասկանում, էն ժամանակ հասկանայի, չէի անի): Ստեղծագործ մարդկանց աշխարհում երջանիկ լինելու ու տեղս գտնելու սիրուն սագան ավարտվեց խորը հիասթափությամբ: Իմ ամենահարազատ մարդը հիմա ապրում է, շնչում, բայց ես էնքան խորը ցավ եմ զգում, ինչքան կզգայի, եթե մահացած լիներ: Ինձ համար ինքը մահացավ: Մարդիկ մեռնում են, երբ սկսում ես իրենց ոչ թե հորինել, այլ՝ ճանաչել:
Քնաթաթախ պաթոս ա ստացվում, ինչևէ...
Երբ մարդ ուզում ա խեղդվի, ինչքան փրկօղակ կա ձեռքի տակ՝ շպրտիր, չի կառչի, իրեն դրանք պետք չեն: Միակ փրկելու ձևը ջուրը նետվել, զոռով իրեն հանելն է: Բայց եթե լողալ չգիտես, ջուրը նետվելու իմաստ էլ չկա: Ու կան մարդիկ, քեզ համար էնքան կարևոր, որ երբ իրենց հետևից նետվում ես, էլ չես մտածում լողալ գիտես, թե չէ: Հա, էս վերջին օրինակն այլաբանություն չէր, երբ հինգ թե վեց տարեկան լողալ չիմացող երեխա էի երեք թե չորս տարեկան քրոջս հետևից առանց մտածել նետվեցի, գետից հանեցի՝ կամրջից ջուրն էր ընեկել:
Մի հատ էլ ինչևէ...
Բոլոր էն մարդկանց, հանուն ում ես խելակորույս ջուրը չեմ նետվի, ինձ համար կարևոր անձանց ցուցակից ջնջել եմ ու իմ տիեզերքը հիմա էլ իմ անձի, իմ ախմախ խնդիրների ու ափսոսանքների շուրջ չի պտտվում, այլ՝ էս մարդկանց: Մնացած բոլորը կան, բայց փրկօղակ նետելու կարևորության են, եթե սուզվեն, իմ տիեզերքը փուլ չի գա:

Alphaone
21.08.2017, 22:59
Փորձում եմ քեզ նորից սիրել: Հասկանում եմ, որ եթե մի անգամ քեզանից գլուխս առել, փախել եմ, ուրեմն հիմա էլ պետք ա փախնել: Բայց հիմա ամեն ինչ ուրիշ կերպ ենք սկսել, հիմա ես եմ լրիվ ուրիշ մարդ: Գիտեմ, որ ինձ սիրում ես ու երևի դու միակ տղամարդն ես, որ ինձ կսիրի ոնց ես կամ, գիտեմ, որ արդեն քեզ չեմ սիրում, բայց սովորելու եմ սիրել, սովորելու եմ քեզ հետ երջանիկ լինել ու քեզ չցավեցնել: Համակերպվել եմ, որ մեր հարաբերություններում ուժեղը ես եմ, հենարանը ես եմ լինելու, էն դասական տղամարդու դերն իմ ուսերին ա լինելու, բայց մենակ ապրելուց հետո հավես ա մտածել, որ գործից հոգնած կգամ տուն ու տանը տաք ճաշ կլինի, որ առավոտյան կարթնանամ սուրճի հոտից ու հիվանդ ժամանակ ինձ հոգ տանող կլինի: Դախացել եմ, արկածներն ու ռոմանտիկան մնացին չիրականացած երազանք, հիմա ինձ էս ա պետք:

Alphaone
25.08.2017, 00:13
Մի ամերիկացի ընկեր ունեմ: Միակ օնլայն ծանոթը, ով իրականում հարազատ է: Նոր էի երևի սկսել ինտերնետում նավարկել, որ ծանոթացանք, մինչև հիմա իրար գրում ենք, իրար կյանքից պատմում: Իր պատմվածքի հերոսուհուն իմ անունով էր կոչել, հալվել էի:
Երբ ամբողջ աշխարհս փուլ ա գալիս ու մոտս երեխայական «ինձ ոչ մեկ չի սիրում» վիճակներ են լինում, ինքը միակ մարդն ա, ում կարիքն ունենում եմ: Ու ինքը միշտ էնտեղ ա, երբ էլ գրեմ, գիտեմ, գալու ա պատասխանը՝ hello my alien sister...
Եթե ես իմ պատմվածքի էն հերոսը լինեի, որ գալիս ա տեսնի մարդկանց արժի ոչնչացնել, թե չէ, ես կասեի՝ չէ, մի հոգի կա, հանուն ում մարդ տեսակը արժի, որ ապրի:

Alphaone
19.09.2017, 15:39
Սպառվել եմ: Էլ բացարձակ ոչ մի մոտիվացիա չկա, ոչինչ մոտս չի ստացվում: Մի այլ կարգի բթացել եմ ու անընդհատ խուճապ եմ զգում: Դեպրեսիան չափազանցված բառ է, բայց ներսս քանդող անհանգստությունը եթե չհաղթահարեմ, վիճակս միանշանակ կվերաճի դեպրեսիայի: Երկու շաբաթ տևած մրսածությունը մեկ նահանջում է, մեկ էլի գրոհում: Արանքում մի օր որ լավ զգամ, գործերս կհասցնեմ, բայց հիմա ինչ ասես մոգոնում, անում եմ, բացի աշխատելուց: Համ գիտակցում եմ, որ ինչ-որ լպրծուն մաղձի մեջ եմ խրվում, համ ինձ թափ չեմ տալիս՝ դուրս գամ: Կամ դեռ երբեք էսքան խղճուկ չեմ եղել, կամ նոր եմ սկսում գիտակցել, թե ինչքան խղճուկ եմ:

Alphaone
09.01.2018, 22:45
Ոգևորված կիսվում էի ապագայի պլաններով: Ասացի, որ երեք-չորս կազմակերպության fb էջերը ես եմ վարելու, զբաղվելու եմ իրենց սոշլ մեդիա մարքեթինգով, Instagram, Twitter, LinkedIn եմ ավելացնելու, եթե ուրիշ բաներ էլ Հայաստանում հայտնի դառնան, դրանք էլ: Ունենալու եմ իմ վիդեոբլոգն ու ինքնուս պրոֆեսոր չլինելու համար սովորելու եմ նաև արտասահմանում՝ ինչ-որ ծրագրով հաջորդ տարի գնալու եմ հատուկ մարքեթինգ սովորելու:
Հեգնեց, ասաց, որ վիդեոբլոգը Հայաստանում էշություն ա, որ ես ոչ մի բանի ունակ չեմ ու էդպես:
Հերթական անգամ իրեն մնաս բարով ասացի, երևի վերջին անգամն էր:
Մի ժամանակ ակումբի Ռայն ասել էր, որ իմ ամբիցիաները գերազանցում են իմ կարողությունները ու ես ահագին զսպել էի ամբիցիաներս, դադարել էի մեծ բաներ երազել:
Հետո գիտակցեցի, որ սխալ կողմից եմ հարցին մոտեցել, սկսեցի կարողություններս զարգացնել: Մոտիվացիան հեղեղում ա ինձ, թե գրելու մե՜ծ ներուժ կա էս պահին, թե ուզում եմ վերջապես անել էն, ինչ ինձ մոտ վատ չէր ստացվում, անել ավելի նվիրված ու պրոֆեսիոնալ: Գրելը էդ կոչում ա, մասնագիտությունը պետք ա, որ եկամտի աղբյուր ունենամ, որ էս աշխարհին չպառազիտեմ ու ինձ համար թանկ մարդկանց կարողանամ նեղն ընկած ժամանակ օգնել անզորությունից ոռնալու փոխարեն:
Որոշեցի ամբողջ նեգատիվը թոթափել, զանգել, հայրիկի հետ խոսել:
Ոչ մի բան էնքան չի կոտրում, ինչքան էն, որ հայրդ սեփական ամբիցիաները քո ապագայից ու երջանկությունից գերադասում ա: Հայրիկը համոզեց, որ մարքեթինգը իրեն սպառաշ ոլորտ ա, ապագայի աշխարհում արտադրությունը փոխվելու է ու էլի լիքը կուտ, ոնց ժամանակին ասում էր՝ ինչիդ ա պետք ճամփորդելըլ, նստի, ճամփորդական հաղորդումներ նայի: Ասաց, որ կենտրոնանամ, գիրքս գրեմ, ինձ գումար վաստակել պետք չի, գիրքս գրելուց հետո ինձ լրիվ ուրիշ ձև կզգամ ու էդպես շարունակ: էս մանիպուլյացիայի արդյունքում ես չդարձա էն, ինչ հայրիկն էր ինձնից սպասում, ոչ փայլուն իրավաբան եղա, ոչ քաղաքական գործիչ: Բայց նաև չդարձա ինչ ինքս էի ուզում՝ իմ նկարած ֆիլմերն աղբ են, ես ռեժիսուրայից լուսատարիներով հեռու եմ ու ծրագրավորող էլ արդյունքում չեմ դարձել, քանի որ ուրիշի վարկ էի փակում ու սովորելու փոխարեն երեք աշխատանք անում զուգահեռ:
Հայրիկի հետ խոսելուց հետո կոկորդս լացը քերում էր:
Ես էնքան լավ գիտեմ, որ իմ կյանքը վարի տվողը ես եմ ու ոչ մեկ դրանում մեղավոր չի:
Բայց էնքան ահավոր ա ցավեցնում, որ երբ փորձում եմ ճահճից դուրս գալ, ինձ փայտ մեկնելու փոխարեն էդ փեդը տալիս են գլխիս:

Alphaone
10.01.2018, 20:28
Արդեն իսկ սկսել եմ Լուսինի ֆեյսբուքյան էջի նամակներին պատասխանել: Էսօր Լուսինում կոնտենտ պլանը վերջնական տեսքի բերեցինք, բաշխեցինք պարտականությունները, երկուշաբթի օրվանից սկսելու եմ կանոնավոր գրառումներ կատարել: Պայմանավորվեցիք, որ եթե դրական արդյունք տա մարտավարությունը (like, share, comment, պատվեր), ապա կստանամ 10 000 դրամ, դրան գումարած ըստ պրոյեկտի՝ որոշակի տոկոս իմ ամեն բերած պատվերից:
5-10 տոկոս ստանալու եմ Նովայի ամեն վաճառած մուշտակից, օրինակ, եթե 1000 դոլարանոց մուշտակ վաճառվեց fb էջի միջոցով, ապա 50 դոլարն իմն է:
Բայց ինձ հենց SMM չի, որ ոգևորում է, ինձ ոգևորում է, որ ես կարողանում եմ իմ շուրջ ստեղծագործ միջավայր ձևավորել:
Հաջորդ ամիս Ծաղկավանքի համար նոր էջ կստեղծեմ, ավելի կարճ ու հնչեղ անուն կմտածեմ մանկական կենտրոնի համար ու այս մի տարին կվարեմ նաև այդ էջը:
Ամռանը արդեն կբացեմ photo+ը, լոզունգն ընկերներով մտածեցինք՝ «Ավելին, քան լուսանկար»: Հաստատ ավելին է լինելու՝ մարդկանց հետ զրուցելու ենք, դրական տրամադրություն ենք հաղորդելու, երեխաների հետ խաղալու ենք, նոր նկարենք՝ ինքը երջանկության ու դրական էմոցիաների աղբյուր է լինելու. հոգեբանության խղճուկ գիտելիքներն ինձ օգնական:
Ու քանի որ ինձ մոտ ծանրաբեռնվածությունն ուղիղ համեմատական է արդյունավետությանը, էս հաճելի ծանրաբեռնվածության պարագայում ես սկսկսեմ ավելի շատ կարդալ ու ավելի շատ գրել. հաջորդ տարի ես կգնամ դուրս՝ մարքեթինգ սովորելու ու նաև գիրքս արդեն կավարտեմ հաջորդ տարի:
Երբ երեք տարի հետո վերադառնամ Հայաստան, ես պետք է որ բավականաչափ աճած լինեմ լուրջ կազմակերպությունում մարքեթոլոգ աշխատելու համար, իսկ դրանից հետո մոտ 35-36 տարեկանում կունենամ իմ մարքեթինգային կազմակերպությունն ու առնվազն երկու գիրք: Այ էդ ժամանակ իմ կյանքը նոր մղձավանջի կվերաճի՝ աշխատանք, ստեղծագործական տաժանակիր աշխատանք, աշխատանք, բայց էդ ժամանակ ես կանեմ էն, ինչ ուզում եմ, ոչ թե՝ ինչ ստիպված եմ ու անգամ ուժասպառության, հիվանդության ու հուսահատության պահերին ես կսիրեմ իմ կյանքը, քանի որ էդ դրսից պարտադրված սցենար չի լինելու, ես եմ լինելու սցենարիստն ու ռեժիսիորը:

Alphaone
26.04.2018, 01:17
Ամեն ինչ չափազանց արագ կատարվեց: Ես ջայլամություն էի անում՝ գլուխս խրել էի գործերի մեջ ու չէի նկատում երկրում կատարվելիքը:
- Սաք, եթե «Մերժիր Սերժինի» փոխարեն «Մերժիր ռեժիմ» գոնե լիներ, ես էլ կգայի, բայց ես ընդդեմ չեմ պայքարում, հանուն եմ պայքարում, դրա համար էլ ձեզ չեմ միանա, - ասում էի մի քանի օր Երևանի փողոցներում գիշերած ուսանողիս:
Իմ մասնակցությունը Fb-ում գրառումներ անելն էր, ահագին բանից խաբար չէի՝ հետ էի ընկնում լուրերից՝ գործով տարված:
21-ից 23-ը Աղվերանում ուսանողներիս համաժողովի էի տարել: Երբ լսեցի Մարտի մեկի սպառնալիքի մասին, չհավատացի, մինչև երկու անգամ չնայեցի կադրը, հետո ահագին երկար ժամանակ զոմբիացել, վեր էի ընկել:
Ինձ համար որոշել էի, թող էս Սերժի տակը լինի, ԱՄՆ բեմականացում լինի, ՌԴ շոու կամ այլմոլորակայինների կողմից երկիրը նվաճելու պլանի մի մաս (էլի լիքը կարծիքներ էին պտտվում ֆեյսում), բայց ժողովուրդը պետք ա իր խոսքը ասելու համարձակություն հավաքի, պետք ա կարողանա ժողովդավարություն կառուցել:

Փոքր էի, քեռիս իր ֆիդայի ընկերների հետ ժամանակ առ ժամանակ գալիս էր թիկունք, խոսում էին, որոշ բաներ հասկանում էի: Ու էդ մարդկանցից մի կայծ էր անցել ինձ, տեղս չէի գտնում, ժողովրդին կյանքի գնով էլ լինի, պետք ա պաշտպանել: Վերջապես համաժողովն ավարտվեց ու հետ դառնալ, ցույցերին միանալու պահն էր: Ճանապարհը փակած էրեխեքին ասացի, որ Քյավառ ցույց անելու ենք գնում, թողնեն, անցնենք: Ասում էի հենց հասանք Քյավառ, Սերժը հրաժարական ա տալու:
Երբ հասանք Քյավառ, ժողովուրդն արդեն տոնում էր, թեթևություն զգացի: Վախենում էի քրեաօլիգարխիկ զանգվածը դեռ արյուն ուզի, ու թվում էր, թե Սերժի գնալով՝ ռիսկը պետք ա անցներ, փոփոխություններ սկսվեին:
Ուր էր թե:
24-ին քայլում էի Քյավառով. նույն մեռած քաղաքն էր, ոչ մի բան չէր փոխվել: Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ երբ ծաղիներ էի դնում, լացս գալիս էր, մաման կողքս չլիներ, երևի հեկեկալով լաց լինեի: Դատարկություն ու հուսահատություն էր: Երկրորդ ալիքը եկավ, երբ կարդացի՝ բանակցություններ չեն լինելու:
Առավոտյան ցույցերին մասնակցելու վճռականությամբ արթնացա, բայց երբ հասա հրապարակ՝ մարդ չկար: Զանգեցի ուսանողներիս, ասացին, որ արդեն ցրվում են տներով: Կանչեցի, գան, գոնե տեսնվենք: Եկան, էլի մարդիկ եկան: Լիքը դպրոցականներ կային: Մի բարի բիձուկ ինքն էլ չէր հասկանում՝ ինչ էր խոսում, մինչև որ հերթով կուտակված ցավն ու վրդովմունքը չժայթքեցին: Էրեխեքն էլ էին ոգևորվում, վանդալիզմը կանխելու համար մի երկու բառ ասացի, հետո էլի ու էլի էին պահանջում խոսել, խոսում էի: Տեղի հեռուստաընկերությունից մի երկու կադր վերցրեցին, գնացին, լճացում սկսվեց, ելանք երթի, հետ եկանք հրապարակ, մի քանի հոգով գնացինք պլակատներ նկարելու, երբ ետ եկանք՝ հինգս էինք մնացել:Հինգով ելանք, նոր մարդկանց հավաքեցինք, հետ եկանք: Ու էստեղ բոլորը շրջապատել հարցնում են՝ հիմա ո՞ւր գնանք, ի՞նչ անենք: Հասավ մի պահ, ուզում էի աղաղակել՝ ինձնից ի՞նչ եք ուզում ժողովուրդ: Ու էստեղ հասկացա, թե Նիկոլը լինի սուրբ, թե սատանա ինչ ահավոր ծանր գործ ա արել վերջին օրերին ու ինչքան շնորհակալ եմ իրեն ժողովրդին հույս տալու համար:
Ամեն անգամ, երբ մարդիկ ագրեսիվ կոչեր էին անում, ես խոսում էի մեր արածի կարևորությունից, երկրին տեր կանգնելու պատասխանատվությունից, պահանջատիրությունից ու ժողովրդավարությունից ու էդ կոչերից մարդիկ ավելի շատ էին հավաքվում, քան ատելության կոչերից: Պատասխանատվությունն էնքան մեծ էր, հանգիստ ու ինքնավստահ լինելն էնքան դժվար, որ իրիկվա կողմ արդեն լրիվ ուժասպառ էի: Իմ գնալուց մարդիկ էլ սկսեցին ցրվել, բայց մնալու ուժ չկար: Վաղն էլի ցույցի եմ: Հետո, գիտեմ, էս գրածս կարդալու եմ, պաթոսախառը զառանցանք համարեմ, բայց պետք էր էսքանը թողել էս իմ անկյունում, խաղաղվել ու քնել, վաղվա համար ուժ հավաքել: Էս ցույցերից հետո ոչ մի ելույթ հրապարակներում, իմ անշառ կյանք քաղաքականություն չեմ ուզում լցնել, բայց հիմա մինչև վերջ էս պայքարի մասնիկն եմ, վաղը պատրաստ եմ ժողովրդի հետևից գնալ, պատրաստ եմ ժողովրդին իմ հետևից տանել, բայց էս երկրում օրը եկել ա, որ մարդիկ վախի վանդակից դուրս գան ու համարձակ իրենց վերջնագիրը ներկայացնեն:

Alphaone
27.04.2018, 00:25
Ասաց, որ էշ եմ, ոչ մի բան չեմ հասկանում, որ ցույցերի քյավառում իմ ամբիցիաների համար եմ մասնակցում, որ ինձ հարվածի տակ եմ դնում՝ հեսա կհաշվառեն ու էլի լիքը նման բաներ...
Էս ութ տարվա ընթացքում հազար անգամ բարիշել ու բաժանվել ենք, էս վերջին բաժանումն էր, պետք ա մեծանալ, գիտակցել, որ առաջին սերը մեծ թյուրիմացություն էր, որ հիմնահատակ քանդեց իմ կյանքը: Հիմա նոր Հայաստան ենք կառուցում, կառուցենք, աղբից մաքրենք, անցնեմ նոր կյանք կառուցելուն:

Alphaone
11.05.2018, 01:18
Էս ընթացքում էնքան մարդ վիրավորական ու ստորացուցիչ ենթադրություններ շպրտեց դեմքիս ցույցերին իմ մասնակցության մոտիվացիայի վերաբերյալ, որ արդեն սուցիդալ զառանցանքների մեջ էի ընկել: Մի կողմից, հասկանում էի, որ բոլորի համար տարօրինակ էր իմ ակտիվ մասնակցությունն էն դեպքում, երբ հարազատ հորաքրոջս տղան փոխնախարար էր, մոտ ազգականս նախարար: Մյուս կողմից, ես էդ մարդկանց կցված չէի, անհատ էի՝ սեփական պարադիգմաներով, ճշտի ու սխալի սեփական պատկերացումներով , բարոյականության սեփական կոնցեպտով ու երկրի ապագայի սեփական տեսլականով: Տրորում էին անխնա, ոչ մեկի հետ չէի քննարկում, ինձուինձ տանջվում էի ու էլի հաջորդ օրը դուրս գալիս փողոց՝ ընկերներիս կողքին կանգնելու: Էսօր առավոտվանից էլի քննադատության անձրևի տակ էի երկու ճակատից էլ՝ թե դիմություն, թե ընդդիմություն: Էնքան զզվելի, ցածր մոտիվներ էին ինձ վերագրում, որ խնդալու էր արդեն: Եկա տուն,ուժասպառ քնեցի, երազում իմ հորինած Ֆիլին (անտառների ոգին ա) եկավ, մազերիս հետ խաղաց, զրուցեցինք, ասաց, որ ես անհույս իդեալիստ եմ, որ ուրիշ իրականություն եմ հորինել ուր բոլորն ավելի լավն են, ավելի բարձր, ավելի շատ են սիրում մարդկանց ու աշխարհը: Հուսահատությանն ու չարանալուն, ասաց, որ իմ ու իր աշխարհում տեղ չկա, մեր աշխարհը սիրո ու ներումի աշխարհն է ու ինքը չպետք է ինձ դա հիշեցներ, ես ինքս պետք ա հիշեի: Արթնացա, հետ եկա իմ մռայլ իրականություն, ուր ես ավել վատն եմ, քան երազներում ու աստղայինը մի այլ կարգի տարավ՝ ինչքան անհավանական լավն եմ ես, որ մարդկանց գիտակցության մեջ էդ չի տեղավորվում ու ճարահատյալ սկսում են ցածր, տմարդի մոտիվացիաներ վերագրել իմ քայլերին: Էս աստղայինը տանելուց հետո ես վատ մարդ եմ լինում, իդեալները մեռնում են, բայց քանի ինքնապաշտպանության էս հոգեբանական մեխանիզմը միացած ա, ցանկացած քննադատության ու ստորացման ի վիճակի եմ վերևի նոտաներով, ցինիկ ու անտարբեր մոտենալ:

Alphaone
10.06.2018, 00:47
Ներսիս քաոսը համակարգելը հրատապ անհրաժեշտության ա վերաճել:

***
Անցյալ տարի էս օրը քեզ կորցրեցի, ֆեյսբուքը հիշեցրեց: Մի քանի օր առաջ վերագտա: Հիմա քեզ ավելի շատ եմ գնահատում, բայց ավելի քիչ վստահում: Հիմա էլ չեմ կարող քեզ գրկել ու լացել, անգամ երբ լիքը լացելիք ա կուտակվել: Մեր ընկերությունն աշխարհի ամենասիրուն պատմություններից էր, դու իմ մանկության ընկերն էիր, կիրքը սաղ հարամեց: Քո կիրքը, ես մի հոգու էի ընտրել, տիեզերքս իր շուրջն էի պտտեցնում, մինչև որ չհասկացա, որ մենակ ինձ եմ սիրում:

***
Գիշերը ինչ-որ զզվելի տագնապի ու անորոշության զգացում էր, չէի կարողանում քնել: Հա, էլի էսօրվա գործը կարևոր էր, բայց զգացածս ուրիշ բան էր՝ տոտալ անզորություն: Նիստից առաջ տեսա՝ Զաքարը գիշերը գրել էր: Գործի բերումով տարին երկու անգամ ահավոր կարևոր օր ա լինում, էսօր էդ օրերից մեկն էր, բայց գործերս, ուսանողներիս թողած թաքնվել էի կոմպի վիթխարի էկրանի հետևում ու լացում էի: Էս պահին աշխարհում իմ ամենահարազատ մարդն ինձանից հազարավոր կիլոմետրերի վրա տանջվում ա ու ես ախմախ պաթոսով խեղդված լացկան նամակից բացի ուրիշ ոչ մի բան ի վիճակի չեղա իրեն տալ: 2008-ին երբ օնլայն ծանոթացանք, չէի էլ կարող երևակայել, որ տաս տարի հետո մի մարդու, ում կյանքում չեմ տեսել, կհամարեմ էությանս մասնիկն ու մեր եսերն էնքան կներթափանցվեն իրար մեջ, որ ես Մասաչուսեթսի իր քաղաքի ամեն ծակուծուկը կիմանամ՝ իր սիրած թաքուն տեղերով, ինքը՝ Քյավառն ու էս քաղաքի իմ տվայտումները:
Եթե ես տոտալ լուզեր չլինեի, վաղը արդեն վիզայի ու տոմսի հարցերով կզբաղվեի:
Hello my alien sister... էս տեքստը հիմա արդեն երկար չեմ կարդա, մինչև իր ցավը մեղմանա, ամեն ինչ ընկնի տեղը:

***
Նիստից հետո էրեխեքը համերգի գնացին: Մի ժամանակ (երևի 2010-ն էր) հայրիկին պատմեցի, որ իմ տարօրինակ երազանքներից մեկը բացարձակ մենակության մեջ դասական համերգ լսելն ա ֆիլարմոնիկ նվագախումբ, բան:
Հայրիկն ասաց, որ ես զզվելիորեն ինքնասիրահարված ու էգոցենտրիկ մարդ եմ դարձել:
Քյավառում մի քանի օր առաջ համերգի էր, էստեղ հիշեցի՝ ոնց էր էս երազանքը ծնվել: Սպեղանի երգչախումբն էր. երաժշտությունն ուղղակի չէիր լսում, ներծծվում էր մաշկիդ տակ, երակներով հոսում, զգում էիր ոնց են զարկերակներդ ռիթմով բաբախում: Ու էդ ոգեղեն վիճակներում լրիվ ուրիշ ռիթմով հետևում նստած ջահելը ոտքն աթոռիդ էր խփում ու դիալոգներ էին հասնում ականջիդ՝
- Աղջի, վը՜, էդ կոշիկները հնչես հաՔե:
- Մե խատ էս սումկեն կպախես:
- Դը զզվցրիր, ձենդ կդրա, կառնեմ էդ անտերը:
Ու էսպես շարունակ: Ու հիշեցի, որ նույնը դպրոցական տարիքում էր՝ Քյավառում մինչև էդ ինձ համար աննախադեպ դասական համերգ էր ու էլի դիալոգներ: Կենդանի երաժշտություն եմ ուզում, բացարձակ լռության մեջ: Երբ ես լավ երաժշտություն եմ լսում, երաժշտությունը մարմնավորվում ա, ես տեսնում էի, ոնց ա կոմիտասի երաժշտության ներքո սարերի խոտը քամին շոյում, ոնց ա ինչ-որ տեղ վերևում արծիվ պտտվում ու բարձունքից արծիվի աչքերով տեսնում էի կանաչի մեջ գետի կապույտ-կապո՜ւյտ, ոլորապտույտ ժապավենը ու հանկարծ՝
- Ոտս մի կոխրճա:
Պատկերը փշրվում էր ու մշուշի միջից մի տեսակ տտիպ համով էր օդը թոքեր լցվում:
Էս ամենից մնացած հակասական նստվածքն էր պատճա՞ռը, որ էրեխեքի հետ Սևան համերգի չգնացի՝ ցրվելու, թե՞ կյանքի ամենադժվար պահերից մեկում Զաքարի կողքին չլինելու համար էր խիղճս հեղափոխություն անում: Չգիտեմ, չեմ կողմնորոշվում:

***
Համարյա յոթ տարի իր հետ ընկերություն եմ արել: Հիմա արդեն վերջնական վերջն ա, էլ ոչ մի գնով իր մոտ չեմ վերադառնա, իրեն խղճում եմ, արհամարհում, ինձ եմ արհամարհում, որ իրեն սիրել եմ: Էսօրվա քաոսում զանգել, սպառնում էր, որ կգնա հայրիկի հետ կխոսի, ամեն ինչ կպատմի մեր մասին: Էս իրեն ոչ մի բան չէր տա, հայրիկը կնյարդայնանար, մի երկու օր հարաբերությունները հայրիկի հետ կփչանային, հետո ամեն ինչ հունի մեջ կընկներ: Էսքանը բացատրելու փոխարեն ներսիս սաղ կուտակվածն իր գլխին կոտրեցի ու ցինիկ ձևով հայտարարեցի, որ ընկեր ունեմ, ով ինձ պետք ա ուղղակի իրար հետ քնելու համար, չեմ պատրաստվում երբևէ տևական հարաբերություններ կառուցել: Առաջ էս կաշխատեր, ինձ գրողի ծոցը կուղարկեր, էսօր մլավում, խնդրում էր նման բան չանեմ: Ես իրեն գրողի ծոցն ուղարկեցի, նորից, գործից ռադս քաշեմ, ֆեյսից կմաքրվեմ, համարս կփոխեմ, գուցե գլուխս վերջապես ազատեմ իր հետապնդումներից:

***
Ու էս կիսաանքուն, կիսահիվանդ, կիսախեղճացած, կիսատ ապրումներում ա գալիս էն գիտակցումը, որ իմ անիծյալ կյանքում ես երբեք ոչ մի բանի չեմ հասնի, քանի որ էս կյանքից ոչ մի բան չեմ ուզում:

Alphaone
12.06.2018, 22:18
Ինքն իմ կյանքը թունավորելու բացառիկ տաղանդ ունի: Էսօր իր տասերորդ զանգից հետո Երևանում մտածում էի կամուրջ հասնելու մասին: Քրոջս հետ հանդիպումը դիտավորյալ էր՝ էրեխուն տեսնել էր պետք, որ հասկանայի՝ ինչի եմ ապրում:
Եթե ընտրեմ մեռնելը՝ միմիայն ազատ անկում, ես միշտ երազել եմ թռիչք ճանաչել (պարաշույտով թռչել չստացվեց՝ իր վարկերն էի փակում):

Alphaone
15.06.2018, 01:17
Կինոթերապիա եմ անցնում: Այսինքն՝ կյանքիս էն ահավոր ժամանակներում, երբ ուզում եմ «սատկել, պրծնել», դնում, որակյալ կինոներ եմ նայում: Ես լավ երևակայություն ունեմ, կաշվիցս դուրս եմ գալիս, մտնում պերսոնաժների կաշվի տակ, կյանքիցս դուրս եմ գալիս, իրենց կյանքն ապրում: Ու էն ամբողջ բեռը, որ ուսերիս փլվել ա, դառնում ա կողքից ընկալում: Կողքից ուրիշի ցավը միշտ ավելի թեթև ա, ես աշխարհի էն քիչ անիծյալ էմպաթներից եմ, որ ուրիշի ցավը սեփականից սուր են տանում: Երբ կինոյի պերսոնաժն եմ դառնում, էն մյուս իրականությունում նաև էս էմպաթն եմ դադարում լինել: Դզում ա:
Բյուրը ֆրանսիական զգայական, տարօրինակորեն թեթև ու միաժամանակ խորը ֆիլմ էր խորհուրդ տվել: Նայում էի: Քնեցի:
***
Ուրվականների զնգզնգոց-քռթքռթոցներից եմ լսում, արթնանում: Կամքի լարումով բարձից պոկում եմ գլուխս, շուրջս նայում. բացարձակ մթություն: Հիշում եմ, որ դուռը բաց եմ թողել: Էսօր տանը մենակ եմ, էս ձայներից տագնապի անորոշ խլրտոց ա ներսովս ալիքվում, անցնում, բայց էնպես չի, որ վախենում եմ: Ձեռքս տանում եմ հեռախոսին, էկրանը չի պայծառանում, մտածում եմ՝ լիցքաթափվեց,մի երկու խոսք մտքում ինձ ասում, որ չեմ դրել՝ լիցքավորվի ու խարխափելով լույսի անջատիչը ման գալիս: Լույսը չի վառվում, հոսանքն անջատել են: Բանալիների զրնգոց եմ լսում դռան կողմից ու դեպի դուռն առաջանում: Խարխափելով անցնում եմ երկար միջանցքը, նախասրահը, հասնում դռանը, փակում, խարխափելով գալիս, պառկում: Քնում:

Նույն կիսամիստիկ զրնգոցներն ու քռթքռթոցը: Մշուշոտ կերպով գիտակցությանս հասնում ա, որ քիչ առաջ կատարվածը երազ էր: Նույն մթությունն ա: Հեռախոսիս էկրանը սև ա: Դուռը բաց ա, գնամ, փակեմ: Գնում եմ, իրականում բաց էր, ուրեմն նախորդը հաստատ երազ էր: Փակում եմ, քնում:

Ուրվականները դեռ խլվլում են տանը: Արթնացնում են: Երազի ու իրականության սահմանը լղոզված ա: Մութ ա: Հեռախոսը՝ լիցքաթափված: Դուռը, վստահ եմ, որ փակել եմ: Քնաթաթախ, խարխափելով հասնում եմ դռանը: Բաց էր: Փակում եմ:

Մոտ տաս-քսան անգամ էս ամենը երազում կրկնվում ա, մինչև որ արթնանում եմ: Ննջարանում չեմ, նախասենյակում կոմպի մոտ նստած եմ, կինոն համարյա վերջանում ա: Կինոն ժամանակային հանգույցի մասին չէր: Ժամանակային հանգույցի մասին կինոներում հանգույցը քանդվում ա, երբ ինչ-որ բան են հասկանում: Իմ երազն ուղղակի լիքը անգամներ կրկնվելուց հետո անկապ վերջացավ: Դուռն ամեն դեպքում ստուգեցի: Բաց էր: Փակեցի:

Alphaone
23.06.2018, 03:31
Նորից ու նորից թարմացնել էջը: Նամակին սպասելը վերաճել է մտասևեռման: Ո՞նց ես: Ո՞ւր ես:
Ես էսպես էլ չկարողացա քեզ նկարագրել էն ամբողջ մղձավանջային սարսուռը, որ զգացի քո գոյությունը կասկածի տակ առնելուց: Երբեք չէի ցանկանա, դու զգաս այն, ինչ՝ ես, երբ մտածեցի, որ եթե քեզ մի բան լինի, ես երբեք չեմ իմանա:
Հետո դու գրեցիր, որ նույն բանն ես մտածել, գրեցիր նաև, որ էլ չես վախենում, քանի որ մեր էություններն էնքան են հիմա իրար ձուլվել, որ դու կզգաս, եթե ես էլ չլինեմ քո ժամանակում:
Առաջին անգամ, երբ գրեցիր, որ ես սիրված եմ՝ ժամանակից ու տարածությունց դուրս, ինձ էդ պաթետիկ զառանցանք թվաց: Հիմա, երբ ես քեզ սիրում եմ հավերժ ու անսահման, արդեն տեղ ա հասնում քո բառերի մոգական խորությունը: Վոննեգուրտի բոկոնիստի նման քեզ իմ աշխարհի մարդ եմ ընկալում: Ես ու դու նույն կարասից ենք, էնքան քիչ մարդ կա մեր կարասից, որ երբ իրար գտնում ենք, սիրում ենք իրար՝ ժամանակից ու տարածությունից դուրս:
Երբ ԱՄՆ-ից Ազիմովի գրքերով լցված արկղը եկավ, ես շոշափեցի քո իրականությունը, երևի միայն էդ ժամանակ հավատացի, որ կաս, երբ փոստից օֆֆիս տարա արկղը ու ուրիշներն էլ այն տեսան: Հիշում եմ հիացախառն ու էրեխու նման երջանիկ ինչ-որ բաներ էի ասում:
- Բա պսակվեք, պրծեք, - ասաց գործընկերս:
Էդ ես որպես ինցեստի առաջարկ ընկալեցի, աբսուրդ էր:
Իմ ու քո սերն ուրիշ ա, մարմնից բարձր ա, դու իմ եղբայրն ես ու բոլոր մեր հորինած ժամանակներում ու իրականություններում ու իմ եղբայրն ես:
sister of my soul... էս բառերը քանի՜ քանի անգամ եղել են էն ուժը, որ ստիպել են ապրել, էն պառճառը, որ ինձ հետ է պահել սուիցիդալ զառանցանքներից:
my dearest... վերջին նամակը էս բառերով եմ սկսել: Գրել եմ, որ երազում եմ մի օր քեզ հանդիպել, բայց երևի խաբել եմ, էս ստեղծագործական հովերով տարած չափազանց փմփուլավոր ու պերճ բառերից մինչև միջուկը մերկացնող պարզունակություն պարունակող մեր նամակներում ես քեզ ոնց էլ լինի հորինել եմ, դու էլ՝ ինձ: Ուզում եմ մինչև վերջ իրար համար էդ հորինվածքը մնանք ու մեկնումեկս մի օր կզարթնի լրիվ դատարկված ու առանց իմաստների ու կիմանա, որ մյուսն էլ չկա:
Էս քանի օրը կտակ եմ գրելու, անպայման նշելու եմ քո էլ. հասցեն ու խնդրելու, որ քեզ իմ վերջին նամակն ուղարկեն, ամենաանկեղծ բանը, որ կյանքում գրել եմ, միջուկը, իմ բոլոր ախմախ շերտերից ներս էն խորությունը, որ մենակ դու կարողացար տեսնել ու հատակին չհասնել... ոչ ես, ոչ դու հատակ չունենք:

Alphaone
24.06.2018, 03:00
Կարդում էի նամակդ ու աչքերիցս մաքրում կյանքիդ անձրևը: Քյավառում անձրևը դեռ շարունակվում է, իմ մղդձավանջներից ես էնքան չեմ վախենում, ինչքան քո մղձավանջներից: Քո ցավը հիմա քեզ ավելի քան բավական է, իմ ցավը մոտս եմ պահում, առատորեն սևագրում եմ ցավս էս խեղճ օրագրում, որ հետո, երբ ցինիկ անհոգությունս գա, քմծիծաղեմ իմ մելամաձոտ թուլության վրա ու առաջ անցնեմ:
Նեղացած էի, էս ծրագրի հիմքում իմ գաղափարն էր, ես եմ գրել, տվել ձեռները, առանց իմ օգնության էս ծրագիրը չէր լինի, բայց երբ պետք էր բացման խոսք ու հետաքրքիր վարժություններ անել, որտեղ ես պրոֆի եմ, ուրիշին խնդրեցին: Ու մանր ամբիցիաները սկսեցին խլվլալ, ես մանր ամբիցիաները կարողանում եմ սատկացնել սիրո ուժով, էս անգամ չէին սատկում: Բարձր ջերմությանն ու կարմիր կոկորդիս էի վերագրում, մինչև հասկացա, որ խնդիրը մանր ամբիցիաները չէին, անարդարությունն էր: Ես ոչ իմ, ոչ ուրիշի հանդեպ անարդարությունը չեմ մարսում, չարանում եմ, սուր-սուր ատամներ են աճում: Ինձ խնդրում էին մանր, կենցաղային հարցերով օգնեմ՝ ասիստենտի կարգի մի բան, ատամներս ասում էին, կծոտեմ, թքեմ, գնամ, ներսիս էն պուպուշ աչոնն աչքով արեց, թե մնա: Արդյունքում հետաքրքիր մարդիկ հայտնաբերեցի, արդյունքում երեք պստոյի օգնեցի, որ իմ սխալներն իրենք էլ չանեն, արդյունքում մի աղջկա հոդված վաղը կտպագրվի, մյուսն իր բանաստեղծությունները չի վախենա բոբո քննադատի ուղարկելուց ու հետո ըստ այդմ առանց կոտրվելու իր վրա աշխատելուց, էն կոնֆլիկտաբան տղան էլ ոնց գրել էր՝ պարադիգմաները կընդլայնի, էսօր ասում էր, որ աշխարհին սկսել ա լրիվ նոր դիտանկյունից նայել՝ մարդասիրության: Թե ասա, բալիկ ջան, դու երբ ես պոզով-պոչով, սուր-սուր ատամներով մարդասեր տեսել...
... Նամակում գրել էիր, որ վաղը արևը կծագի: Էնքան սիմվոլիկ էր: Ուրիշը մեր նամակներում ճոռոմ ավելորդություններ կտեսնի, քանի որ չի կարդացել ու երբեք չի կարդա մայսփեյսում կորած մեր նամակները: Տարօրինակ ա, որ իմ ցավի ժամանակ դու չես դառնում տիեզերքիս կենտրոնը, հենց քո դժբախտություններն են ինձ քեզ կապում, քո ծանր օրերում ա հոգեվոր էս խրոնիկ կապը սրվում: Ռոուլինգի դեմենտորերը լուսավոր հույզերով էին սնվում, ես նոր եմ զգացել, ինչ դիպուկ եմ դրել բլոգիս անունը՝ անտիՄՈՒԹ, ես խավարով եմ սնվում, մաքրում եմ ուրիշների մութ հույզերն ու ներսս լցնում, մինչև պայթեմ ու դրանք բոլորը հետ շպրտեմ աշխարհ: Քո մութ հույզերը ես փայփայում եմ, դրանց մեջ բանաստեղծություն կա: Ստանդարտ հուզահեղեղում չէ, աղոթքի նման հնչող բառերի մոգությունից, որ երգի ռիթմով արձագանքում ա թե սրտում, թե ուղեղում:
Էսօր ահավոր հիվանդ էի, բայց վերջին սևագործությունն էլ արեցի՝ հոդվածը խմբագրեցի ու տղաներին չխնդրեցի՝ տուն տանեն, տաքսի կանչեցի: Հարևաններն ասում են՝ օրը մի մեքենայից եմ իջնում: Հարևանները չգիտեն,որ ամռան առաջին երկու ամիսը մեր ծրագրերի ամենախառը շրջանն են, երբ տաժանակիր աշխատանք են անում: Ու հա, կարանք գիշերը մինչև տասը նստենք, տեղեկատվական անվտանգության անիծյալ պրեզենտացիան անենք, որ գյուղապետարանների կոմպերի մոտ նստած տատիկ պապաիկներին պատմենք ոնց կարելի ա կոմպը չպայթացնել:
Գրել էիր,որ մեր համատեղ պատմվածքի իմ մասն էդպես էլ չուղարկեցի: Հայերեն շարունակել եմ արդեն, չի ստացվում թարգմանել, բայց քեզ էդ չգրեցի, չեմ կարող բացատրել՝ ինչի, պարզապես ցրեցի թեման, թե թեթևանամ, ուղարկեմ:
Ես միշտ մենակ եմ եղել՝ չնայած շուրջս եղած լիքը մարդկանց: Մտածում էի, երազանքի արքայազն կգտնեմ, ամեն ինչ տեղը կընկնի: Պարզվեց ես արքայադուստր էի, քանի որ արքայազնի փոխարեն չոբան գտա: Բայց արքայազն իմ հեքիաթում նույնպես կար, իմ հեքիաթի արքայադուստրը եղբայր ունի:
Վերջնական ուշքի արի, brother of my soul, քեզ մի քանի կյանք ունեմ պատմելու՝ բուռն օրեր էին, լիքը երևակայել եմ, լիքը ճամփորդել ժամանակի մեջ:

Alphaone
24.06.2018, 19:11
Նվնվոցը, փաստորեն, ուղիղ համեմատական էր կոկորդի ցավին: Կոկորդս ավելի քիչ ա ցավում: Քյավառում նորից անձրև ա, հագիս նոր տարի ա՝ հաստ, եղնիկ-փաթիլներով բլուզս ա. ամենատաքն ա եղածներից: Թեյի արդեն որերորդ բաժակը ոչնչացնելուց հետո զգացի, որ քանի օր ստամոքսս մամլող սրտխառնոցը չկա: Լավատեսությունը դեռ հետ չի եկել, գերհոգնածություն եմ զգում, բայց նաև ինչ-որ աղոտ, մշուշված հույսեր են, որ փոփոխություններ են գալու: Բարի փերիների մասին հեքիաթները էրեխեքին փչացնում են, երբեք ոչ ոք չի գալու մի օր մեզ փրկելու, քանի որ մենք լավն ենք եղել: Մեր բարի փերին ինքներս ենք, որ մեր բուռն ենք հավաքում կյանքը ու լավ առիթներ սպասելու փոխարեն նախագծում ու կառուցում էդ լավ առիթները: Նորմալ մարդիկ էս ամենաուշը 15 տարեկանում հասկացած են լինում: Ես պարանորմալ եմ, սաղ կյանքս էլ էս գիտեի, բայց չէի ուզում հավատալ:

Alphaone
25.06.2018, 22:40
Չեն նկատել, որ կողքները կանգնած եմ:
- Ինքը մի տեսակ չի շփվում, քիթը ցցած ա:
- Չէ, ուղղակի յանը տարած արվեստագետ ա:

Alphaone
27.06.2018, 01:44
Լոգանք՝ ծովի աղով, լավանդայով, լավ երջաժշտությամբ, գրքով, որ դիտավորյալ պատճենահանել էի «մի օր լոգանք ընդունելուց կկարդամ» մտայնությամբ:
Ծաղկային փնջով թեյ՝ անուշաբույր, առանց քաղցրի, ներքին տարօրինակ քաղցրությամբ. ասես օլիմպիական նեկտար լինի:
Գլխացավը, որ առավոտվանից ստիպում էր գլուխս բառացիորեն պատեպատ տալ, թուլացել է, գրեթե չկա:
Երջանկությունը, երբ կա, չենք նկատում, չենք գնահատում, բայց կյանքում էս մանրուքներն ունենալու հնարավորությունն ա իմ երջանությունը, անգամ այս պարագայում, երբ հիվանդ պառկած ժամանակ հասցրել եմ տունը անհուսորեն թափթփել, ու հիմա քնելուց առաջ հավաքելու մոտիվացիա ես կորզում թեյիցս:

Alphaone
29.06.2018, 23:16
Լուսինեի համար երբեք լավ քույր չեմ եղել: Պահեր են եղել, որ ուզել եմ ընդհանրապես քույր չունենալ, որ ստիպված չլինեմ օրինակ ծառայել: Լուսինեի ներկայությունն իմ կյանքը վերածել ա բեմականացման, իմ ողջ գիտակից կյանքում ես խաղացել եմ օրինակելի երեխայի/մարդու դեր, ումից քույրս պետք ա օրինակ վերցներ ու ատելության չափ չարացել էն ազատության վրա, որ ինքն իրեն կարողանում էր թույլ տալ, քանի որ տանն ավելի փոքր երեխա չկար, կարիք չկար օրինակ ծառայել: Իմ բացակա ու դժբախտ վիճակները, գրքեր կարդալով ինքնամոռացումը քրոջս մենակության են դատապարտել:
Դեռ մանկուց դեբիլ էրեխա եմ եղել, մի խոսքով:
Քրոջս աղջիկը՝ Աննան, միստիկ ձևով նման ա քրոջս՝ նույն շեկլիկ, խաժակն գեղեցկությունը, միակ տարբերությունը երևի էն ա, որ Լուսինեն թմբլիկ էր, Աննան ավելի բարձրահասակ ու նիհար: Նույն աչքերը, շուրթերի նույն գծագրությունը: Ու էսօր հանկարծ մտածեցի, որ Աննայի համար ես հեչ էլ մորքուր չեմ, չնայած ինքն ինձ մորքուր ա ասում, Աննայի համար ես էն ավագ քույրն եմ, ինչ պետք ա լինեի Լուսինեի համար, եթե չլիներ ծնողներիս հանճարեղ մանիպուլյացիան:
Ինչքան հեռանում եմ մերոնցից, էնքան ավելի եմ մտերմանում քրոջս հետ, չեմ հասկանում՝ ինչի՞ են ամբողջ կյանքում ծնողներս շեշտել, վերաշեշտադրել, թե մենք ոնց որ նույն տան էրեխա չլինենք, ինչի՞ են մեր մեջ արհեստական անդունդ փորել, ինչի՞ ա իմ քույրը ավելի քիչ սեր ստացել, քան ես, ինչ ա թե խաղում էի մի մարդ, ով երբեք չեմ եղել:
Աննայի շնորհիվ լիքը բան մերոնց ներել եմ, սկսել եմ ծնողներիս ավելի շատ սիրել, բայց դեռ մտածում եմ, որ ես ավելի լիարժեք մարդ կմեծանայի մանկատանը, քան կյանքի բոլոր իմաստները կորցրած դժբախտ մարդկանց ընտանիքում, որ վաղուց դադարել էին իրար սիրել, բայց «հանուն» ինձ ու քրոջս մինչև ծերություն իրար հանդուրժել են :

Alphaone
30.06.2018, 23:41
Նախորդ գրառումը ոչ տանն եմ քննարկել, ոչ առավել ևս Աննայի հետ:
Անյուտան գրել չի սիրում, արտագրելուց՝ ուղղակի զզվում, իսկ ես բոբո-մոքուր վիճակներում ստիպում էի գրեր, որ ձեռքը վարժվեր:
- Ի՞նչ գրեմ:
- Ինչ ուզում ես գրի, կարևոր չի, թեկուզ խառը տառեր:
Ու գրեց. «Վարդուհին իմ ու մամայի քուրիկն է»:
https://i.imgur.com/E5uh7fk.jpg

Alphaone
02.07.2018, 21:57
Հեչ ի՞նչ եմ արել էսօր
-լվացք արեցի,
- կատվին կերակրեցի,
- նախաճաշ խզարեցի
- օֆիսում կազմեցի հարցումների տեքստերը,
- իրավաբան ընկերներիցս խորհուրդ հարցրեցի, ամբողջացրեցի,
- սարքեցի Սյուզիի գլխին՝ համայնքապետարանների անունները փոխելը:
- Բագրատի հետ քննարկեցինք պրեզենտացիայի մեջ ինչ ա լինելու, թողեցի ինքնուրույն զանգի գյուղապետարաններ,
- Վաղարշակի ծրագրով շտապեցի ֆակտուրա կազմելու: Խանութի հաշվապահը գերբնական դանդաղ էր, երեք ժամ տևեց գործը:
- ուժասպառ գնացի բանկ, դրամական փոխանցումներն արեցի, եկա,
- Սյուզիի ծրագրով վաղվա անելիքը վերջնական ճշտեցինք,
- Վարդանի հետ գնացինք Կարմիր գյուղ, Բագը, Նորայրն ու Թրեվրն էլ միացան:
- մտանք խանութ ներկերն ու վրձիններն ընտրելու
- Կարմիր գյուղում հավաքեցի խառը թիմ՝ կամավոր ուսանողներս հազար տարվա, ցույցերի ընկերներս, տեղի կնանիք, որ մանկապարտեզի ժամանակներից ինձ գիտեին,
(կամուրջներից մեկը ուղղակի ներկեցինք, որ հավաքված կամավորներ տեսնեն, գործի մասին գյուղում աղմուկ բարձրանա: Հիմա հաջորդ կամուրջի տախտակները որ արդեն փոխելու լինենք՝ լիքը մարդիկ կլինեն հետներս՝ շուխուրը գյուղով տարածվել ա):
- Եկա գյուղից,
- ընթրեցի
- մի թեթև փիար էլ ֆեյսում արեցի ու նստեցի ակումբի գրառում անելու:
Ու էս ամենը ես կարողացա անել առանց մի կաթիլ հոգնելու, քանի որ նախորդ երկու օրը հանգստացել էի, մնացել էի տանը, ոչ թե որ հիվանդ եմ, այլ ուղղակի հենց հանգստանալու համար, զբոսնել էի բնության գրկում ու լավ ֆիլմեր նայել, գիրք կարդացել, երաժշտություն լսել:
Չեմ հիշում վերջին երկու տարում երբ եմ էսպես ուղղակի հանգստացել, վարկերի մասին մտքերը թույլ չէին տալիս ապրել: Հիմա էլ վարկերս կան, բայց էն մարդը, ում պատճառով դրանք վերցրել էի՝ չկա: Էլի լինում են ահավոր ընկճված ու իմաստազուրկ պահեր, ապրումներ, որ ներսը քամում են լույսի ամեն կաթիլից, բայց ավելի ու ավելի հազվադեպ:
Ու զվարճալի միջադեպը:
Թրեվրը լրիվ ներկ էր եղել, կատակում ա՝
- Չե՞ս ուզում ուսերդ մերսեմ, հոգնած ես երևում:
- Հիմա չէ, գիշերը, - ասում եմ:
Խեղճը խառնվում ա իրար, հետո եմ ջոկում, որ երեկոյանը թնայթը չի, լավ ա մեր միջնադրայան գյուղում անգլերեն չգիտեն, չջոկեցին՝ ինչ կատարվեց: :D

Alphaone
05.07.2018, 03:49
Փողոցում քայլող աննորմալին երջանիկ մարդ են համարում: Մարդիկ չգիտեն, որ ինչ ինձ հիշում եմ, սուիցիդալ զառանցանքներ ունեմ:
...
Հենց դու կյանքիցս կորում ես, երջանիկ մտքեր են հայտնվում, բայց դու էլի ու էլի հետ ես գալիս իմ կյանք, քշել չի ստացվում, շանտաժն արդեն սպանում ա, խանդի տեսարանը, երբ ես քեզ վերջին անգամ շանս տալուց հետո արդեն քանի ամիս թողել եմ, անգամ խղճուկ չի, գարշելի ա:
...
Նստել, մտածում էի՝ ոնց եմ երազում մեռնել: Հիշում էի, ոնց էի ամբողջ կոկորդով հեռախոսի մեջ գոռում՝ մեռի, հարցնում ես ինչ եմ ուզում էս կյանքից, որ մեռնես, մեռի, մեռի, մեռի...
...
Ես եմ ուզում մեռնել: Ես գիտեմ, որ իմ նվիրումի վրա մարդիկ ոտքերը մաքրում են, էդպես շատ է եղել: Գուցե և ես եմ գերագնահատում իմ դերը, չգիտեմ, բայց էդ դեպքում էլ խի՞ են մատը փուշ մտնելուց զանգում ոչ թե էն մարդկանց, ում շնորհակալ են, այլ՝ ինձ:
...
Ինձ սևագրություն եմ զգում, լիքը մարդկանց կյանքում զուգարանի թղթի նման մի բան, ամենակեղտոտ գործն են վստահում ու դեն նետում, բայց երբ չկա՝ խուճապի են մատնվում:
...
Երեկ չէ առաջի օրն ինքնասպան չէղա, քանի որ վախենում էի դիակս Աննան գտնի ու դա իր ամբողջ կյանքի համար տրավմա դառնա:
...
Երեկ, չնայած դու դժոխքս շարունակում էիր, հարազատ մարդկանց հետ անցկացրեցի, գիշերով անտառով զբոսնում էին ու փորձում հիշել՝ աստղագիտությունից որ համաստեղությունն ենք հիշում, ես շատ չէի թիթիզանում, որ ավելի խելոք չերևամ, քան կամ: Ես հասկացել եմ, որ ինչքան դու տաղանդավոր ու խելոք ես, էնքան քեզ ավելի շատ են պառազիտում ու էնքան ավելի քիչ սիրում, քանի որ դրանով հանդերձ դու ունես մի քանի անուղղելի տրավմա, որ քո ինքնագնահատականը գցել են Մարինյան իջվածք ու դեռ շարունակում են սեղմել, որ ավելի խորը մի չեղք գտնի, էլի իջնի: Ես շնորհակալ եմ հարազատ մարդկանց, բայց անգամ իրենց հետ ես մինչև վերջ ի վիճակի չեմ լիցքաթափվել:
...Զզեցրել են հազար կողմից անկապ խորհուրդները: Սրտխառնոցի չափ զզվեցրել, անգամ 17 տարեկան լակոտը կարա pm գրի, թե էսինչ մի լսի, էդ մարդու ուղեղը հալեցնում ա,հոպարս դրանից էր լսում, ինքնասպան եղավ: Հետո էդ լակոտին պասլած անելուց կարա իր էջով գրի լակոտի մաման ու հետդ բազառ անի: Ուզում ես փսխել էդ ամենի վրա ներսիդ կուտակված ամբողջ տոքսիկ շիլան, որ օրգանիզմդ մաքրվի, հետո հիշում ես, որ քո մատերիան արդեն իսկ տոքսիկ ա, քեզ կյանք տվող թթվածինը ժանգով ա վաղ թե ուշ երազանքներդ ծածկելու, ինքդ քեզ փսխել չես կարա:
...
Եթե առաջ փորձում էիր օգնություն խնդրել,հիմա քեզ էդ պետք չի, հակառակը, պետք ա, որ քեզ հանգիստ թողեն:
...
Սեպտեմբերին ուզում էի երևան տեղափոխվել, բայց էս կիսամյակի գործերը կպրծնեմ ու դժոխք կտեղափոխվեմ, ինձ հիմա հանգիստ ա պետք, բայց հանգստի գնալուց առաջ պետք ա մի երկու կոպեկ ունենալ, որ կարողանամ ինձ թույլ տալ չաշխատել, ես երկու կոպեկ չունեմ, քանի որ ամեն ինչ կյանքում կամ կամավոր եմ արել, կամ մսխել անարժան մարդկանց վրա:
...
Կյանք եմ խաղում, լիարժեք կյանք՝ զբոսնում եմ, կիթառ նվագում, նկարում, անգլերեն պարապում՝ ամեն օր, բայց տունը աղբանոցի եմ վերածել,հավաքելու ուժ չկա, ներսս ու դուրսս բալանսի են գալիս: Կյանք խաղալն ինձ դարձնում ա երեկ սուպերմարկետից առած կիտրոնը՝ անուշաբույր, սիրուն, բայց բավական ա կտրել, բորբոսի նեխահոտը տհաճ պղտոր գույնով աչքերից արցունք ա քամում՝ զզվանք արցունքներ, հա, նման բան էլ ա լինում:
...
Դեռ մի քանի օր առաջ ես ապրել ցանկանալու վերջին, հուսահատ քայլերն էի անում, դեռ մի քանի օր առաջ ես երազում էի, որ մի օր կհայտնվի մեկը, որ ձեռք կմեկնի, դուրս կգամ ճահճից, թևերս կչորացնեմ ու կթռչեմ: Էսօր ես արդեն գիտեմ, որ ցավերից երբ ոռնում էի, չեմ զգացել, որ դրանցից մեկն էլ փետրահան արվող թևերի ցավն էր:
Դեռ մի քանի օր առաջ ինձ սփոփում էի, որ կապրեմ հանուն գրելու, բայց ես միջակություն եմ ստեղծում, իսկ ամբիցիաներս ձգտում են ամենաների: Մի անգամ ակումբի Ռայն ասաց, որ իմ ամբիցիաներն իմ կարողություններից ավել են: Էն ժամանակ չարացա, հիմա հասկանում եմ, որ քիչ մարդիկ կան, որ անկեղծ ճշմարտությունը շպրտել են դեմքիս, ինքն էդ քիչ մարդկանցից էր, երևի, կամ ուղղակի չարացած, չեմ իմանում, մարդիկ իրանք իրանցից գլուխ չեն հանում, ուր մնաց՝ ես:
...
Կյանքում բոլոր գործատուներն ինձնից դժգոհ են եղել, ես ահավոր ցրված ու անդուր տիպ եմ, նվնվացող, կոմպլեքսավորված: Խնդիրը մենակ իմ մեջ չէր, բայց ամենամեծ խնդիրն իմ մեջ ա: Ես կարող եմ մուսա լինել, ես ցանկացած լուզերից մարդ եմ ստանում, բացի իմ կյանքը քանդած լուզերից, ինքն անհույց դեպք ա: Բայց ուրիշ ոչ մի բանի, բացի մարդկանց խանդավառելուց ու ճահճից հանելուց ես չեմ կարողանում: Էն զգացողությունն ա, թե մեծ-մեծ խողովակներով իմ կյանք եմ հոսեցրել ուրիշերի ճահիճը ու հիմա խրված եմ հազար-հազար ճահիճներում, որ ուրիշները կարողանան ճախրել:
.....
Էնքան շատ մանր ու զզվելի գծեր ես ունեմ, ահավոր, անհաշվելի, բայց էդ ամենով հանդերձ ես դեռ ոչ մի անգամ ոչ մի մարդու չեմ հանդիպել, որ ավելի քիչ նեխած լինի ներսից, քան ես: Ասում են մեծացի: Մեծանալը կյանքի կեղտաջրի մեջ լողալ սովորելն ա, ես մինչև կոկորդս էդ կեղտաջրի մեջ եմ արդեն, չեմ ուզում գլխովին ընկղմվել, չեմ ուզում մեծանալ: Գլխիս սպիտակ մազ էր աճել, ջոկեց որ իր տեղը չի, ընկավ: Չեմ ուզում մեծանալ, կմեռնեմ քանի դեռ էրեխա եմ, ինձնից հետո ոչ մի բան չեմ թողի, հոգին անմահ չի, չեմ ուզում անմահ լինի: Ու չեմ ուզում սուիցիդ, չեմ ուզում ինձնից հետո հարցականներ ու առասպելներ թողեմ: Վերջնական, անվերադարձ հանգիստ եմ ուզում ու վերջ: Վերջ եմ ուզում:

Alphaone
08.07.2018, 00:49
Ու էդ հոգեկանից մենակ մի փախնելու տեղ կա՝ էն աշխարհ: Մի հարյուր հազարի չափ բան ա մնացել, աշխատավարձը որ արձակուրդայինի հետ եկավ, կփակեմ ու կգնամ....

Alphaone
10.07.2018, 01:05
Փորձում եմ ինչքան հնարավոր ա ավելի հագեցած դարձնել կյանքս: Մի քանի օր առաջ հայտարարեցի, որ որոշել եմ՝ էլ ուրիշի համար չեմ աշխատի, բայց աշխատեցի: Մարը լավ ծրագիր կար, խնդրեց բանավեճի թիմին մարզեմ: Էնքնա նվիրված չաշխատեցի, ոնց առաջ, բայց ահագին ժամանակ ու ջանքեր տրամադրեցի: Էսօր կամ պետք ա մնայի օգնեի եզրափակիչի կառուցողականը գրել կամ էն օֆիսի հետ, որտեղ կամավոր PR մենեջեր եմ, գնայի հավես ժամանակ անցկացնելու սևանի ափի ռեստորաններից մեկում: Ես ընտրեցի Լուսինի թիմի հետ գնալը: Ընտիր օր ունեցա, բայց հիմա հասել եմ տուն ու ինձ սրիկա եմ զգում, որ բանավեճի թիմի հետ չեմ մնացել, աշխատել, ընտրել եմ զվարճանքը:
Փոքր ժամանակվանից երբ աշխատելու բան կար, մասնագիտականի, կարիերայի աճի, հայրիկը թողում էր գնալ, եթե անգամ ես միակ աղջիկն էի թիմում, երբ քեֆ անելու թեմա էր, էքսկուրսիա կամ էլի նման մի բան, իմ գնալն արգելված էր: Մինչև հիմա չեմ հասկացել ՝ինչի, բայց ես վարժվել եմ, որ պետք ա անընդհատ աշխատեմ, եթե անգամ էդ աշխատանքն ինձ տհաճ ա ու գերադասեմ աշխատանքը զվարճանքին: Արդյունքում ես ոչ թե փայլուն աշխատող դարձա ցնցող կարիերայով, այլ ցրված մի տիպ, որ նույն գործի վրա երկար չի կարողանում կենտրոնանալ, միշտ ցանցառ վիճակներում է կամ ագրեսիվ ու ընկճված:
ՈՒ հիմա պետք ա իմ մեջ դաստիարակեմ, որ անգամ եթե անում եմ կամավոր աշխատանք, էդ ոչ թե պետք ա պարզապես աշխարհը լավը դարձնի, եթե անգամ ինձ բան չի տալիս, այլ՝ ինձ ինչ-որ բան տա, թեկուզ CV նոր կետ:
Պետք ա սովորեմ անել էն, ինչ կամ ինձ հաճույք ա պատճառում կամ փող բերում կամ և, և... տհաճ գործերը, որոնց համար ես չեմ վարձրատրվում, ինչ ա մեկին պետք ա լավություն անեմ, իմ կյանքից իսպառ ջնջելու եմ:
Ու պետք ա սովորեմ, որ պետք չի ինձ սրիկա զգալ ուրիշին լավություն անելու փոխարեն ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու համար, եթե անգամ էդ ուրիշն իրականում ուներ քո կարիքը, եթե անգամ էդ ուրիշն իրականում քեզ համար մոտ մարդ էր, քանի որ իմ կյանքում երբ ես օդի պես օգնության կարիք եմ ունենում, ինձ համար ոչ մեկ անձնազոհության չի գնում, ինքս եմ էդպես սովորեցրել:

Alphaone
11.07.2018, 01:34
նվնվոցս... չարժի խմած ժամանակ գրառումներ անել, ցնդած անադեկվատություն ա ստացվում, ինչի համար հետո փոշմանում ես, կիսատ կարդացի, ընկճող ա, իսկ ես հիմա դրական էմոցիաներ եմ կառուցում:

Alphaone
11.07.2018, 02:43
Ես երբեք, դեռ վաղ մանկությունից ոչ մի անգամ փողոցում մենակ չեմ քայլել:
Երևի նոր էի քայլել սովորել, հիշում եմ՝ Երևանի պապիկը կանգնեցնում էր ինձ իր ոտնաթաթերին ու քայլել սովորեցնում: Ու մեր հետքերով քայլում էր Ձյունիկը՝ սպիտակ, փափուկ, երկհարկանի տան չափ մեծ շունը:
Երեք տարեկանից ուղարկում էին, վազում էի շենքի անկյունի խանութ՝ գնումների: Ու երբեք, անգամ հարևան թաղամասեր խանութ գնալիս կամ ավելի ուշ գյուղում, երբ գիշերով հարյուր մետր անցնում էի, որ դրսի առանձին տնակի նման կանգնած զուգարան հասնեի, չէի վախենում, քանի որ հետքերովս միշտ Ձյունիկը գալիս էր:
Չեմ հիշում, երբ Ձյունիկն անհետացավ ու սկսեցին իմ հետքերով քայլել ստվերները, բայց հստակ հիշում եմ, երբ Քյավառ եկանք, էլի մենակ չէի, քանի որ ինձ հետ էր սարդը: Տաս տարեկան էի, ուր գնում էի, սարդս ինձ հետ գալիս էր: Միայն ես էի իրեն տեսնում, զրուցում էի հետը: Սև կատու էլ կար, միչև հիմա չեմ կողմնորոշվում՝ կատվին միայն ես էի տեսնում, թե մյուսների համար էլ տեսանելի էր:
Սարդից հետո մի որոշ ժամանակ ես թափառում էի ստվերների հետ, երևի համալսարանում էի արդեն, երբ հայտնվեց Ցերբերը: Քայլում էի փողոցում, խոսում ստվերների հետ, բանավիճում էինք իրավական ինչ-որ հակասության շուրջ, երբ հանկարծ մտքիս ծայրով անցավ, որ մենակ եմ, ստվերները չկան: Չէի հասցրել ինձ մենակ զգալ, երբ հանկարծ նկատեցի սուր քթով դոբերմանին՝ սև ու ահարկու: Դոբերմանն էնքան նման էր իրականի, որ ես հավատում էի՝ ինչ-որ մեկի շունն է: Բայց չէ, իրեն ես էի միայն տեսնում: Երբ ծանոթներ էին հանդիպում, Ցերբերն անհետանում էր, հետո գալիս, հետքերովս քայլում: Ցերբերն այնքան հզոր չէր, երևի, ինչքան սարդը, կատուն ու սպիտակ շունն էին, բայց Ցերբերի հետ էի հենց ես ունենում էն ամենակարող չարության զգացողությունը: Ինքն իմ սուիցիդալ մտքերի ամենահավատարիմ ընկերն էր. Ձյունիկը դրանցից տեղյակ չէր, սարդը միջատ էր՝ առանց ապրումակցման, սև կատուն հազվադեպ էր գալիս, թույլ էր, փոքրիկ, իրեն ինչ ասեի, իսկ ստվերներին ես բավականաչափ չէի սիրում, որ ներսս վստահեի: Ցերբերը գիտեր ամեն բան իմ կեղտոտ ցանկությունների ու վեհ մղումների մասին: Ցերբերը երբեք չէր մեղադրում, քննադատում, ուղղակի կողքիս էր՝ անտեսանելի ու ամենակարող: Ինքն իմ սեփական անդրշիրիմի պահապանն էր, երեք գլուխ չուներ, բայց երեք գլխի խելք կար գլուխը: Ցերբերի հետ իմ ուշադրությունը, հիշողությունը, ընկալումները սրվում էին: Բայց ես սիրահարվելու հիմարություն ունեցա ու նյաշկա վիճակներից զզված Ցերբերն ինձնից հեռացավ: Երևի պետք ա ինչ-որ վարդագույն, պուպուշ գազանիկ հայտնվեր, բայց արդեն 23 տարեկանում ես նայեցի վերև ու տեսա երկնքում պտտվող պտերոդակտիլանման արարածին: Զզվելի էր, էդ հիմա եմ հասկանում, էն ժամանակ ինքն ինձ թևեր էր տալիս: Էնքան վառ ու հետաքրքիր էր, ես փողոցում քայլում էի, բայց աշխարհը տեսնում վերևից՝ նրա աչքերով: Միայն այդ ժամանակ հիշեցի, որ նաև Ձյունիկի աչքերով էի տեսնում, իմ Սարուլկայի ու Սևուկի (հետո բոլոր իրական սև կատուներիս Սևուկ էի կոչում) աչքերով չեմ հիշում, որ աշխարհին նայած լինեմ: Ստվերները վերադարձան, նրանց աչքերով ևս չէի նայում աշխարհին:
Նախանցյալ տարվա վերջերին հայտնվեց վիշապը: Թարգարյանների վիշապներից չէ, ավելի շատ չինական դիցական վիշապներից էր, The NeverEnding Story-ի վիշապի նման, ուղղակի՝ սև: Իմ կյանքի ամենածանրաբեռնված օրերի ընկերն էր: Մի կողմից դեռ սիրելով էի մնաս բարով ասում մեկին, ում հետ գրեթե վեց տարի միասին էինք, մյուս կողմից փակում էի իր վարկերն ու դրա համար երեք տեղ աշխատում: Կյանքիս մասն էին ընկերների կողմից սիրտս քամելու չափ տխուր տրորելն ու լիքը ուտիճ էմոցիաներ, իսկ գլխավերևում թռնում էր սև վիշապն ու ինձ ուժ տալիս, մինչև որ չորոշեցի, որ ես ռեալիստ եմ լինելու, չի լինելու վիշապը, չեն լինելու ստվերները: Ու վերջերս, երբ վիշապին վռնդեցի, ես էլի մենակ չէի քայլում փողոցում: Զարմանում էի, թե մարդիկ ոնց չեն տեսնում իմ հետքերով քայլող հազար-հազար գերեզմանափոր բզեզներին:
Էն որ սարկազմով ասում են՝ այն ինչ եղավ հետո...
Այն, ինչ եղավ էսօր, շատ հուզիչ էր:
WordPress-ը պրիմիտիվ բան ա, կարելի ա ինքնուրույն բզբզալով սովորել, բայց որ մոտիվացվեմ, սովորեմ, դասերի եմ գնում: Դասից տուն գալուց վախենում էի մենակ մնամ՝ ինձ վերջ տամ: Տոտալ հուսահատություն էր: Գնացի ընկերուհուս մոտ, որ ցրվեմ, քանի որ տուն գնալը գիտակցում էի՝ հակացուցված ա: Անկապություններ էինք խոսում, երբ զանգեցին, խաբեության քր. գործով տուժող ա, գնաց դատախազություն ստիպված: Իրեն էնքան հազվադեպ են կանչում ու հենց էսօր...
Գլխահակ տուն էի գալիս, հողը ոտքերիս տակից փախնում էր, ես ինձ մոտիվացնում էի ապրել, որ էս մի ամսում կիսատ գործերը համակարգեմ,մերոնք երազում են իմ գիրքը, գիրքս ավարտեմ ու ինձ վերջ տամ: Գերեզմանափոր միջատների շրշյունն իմ շուրջ սպանում էր: Հասա տան մոտի կամուրջին, կանգնեցի, նայեցի ներքև ու մտածում էի, եթե կամուրջը բարձր լիներ՝ կնետվեի:
Ու էստեղ գիտակցեցի, որ մենակ եմ: Բզեզները գնացել էին, ստվերները չէին եկել, ես լիովին մենակ էի: Ու քանի դեռ մենակությունից սիրտս ճմլվում էր ու լացը կառչուն մատները փաթաթել կոկորդիս, սեղմում էր, թիկունքում հաչոց լսվեց: Սև շուն էր: Ցերբե՞ր:
Գրկել էի, նստել ու բարձր ձայնով հեկեկում էի:
Քյավառում կամուրջի վրա նստած հեկեկացող աղջիկը ՝ ուսապարկն ուսերին, քրքրված ջինսով ու կեպիով, նորմալ տեսարան չի, բայց ավելի ուշ մտքովս անցավ, որ ինձ էդպես տեսնեին, աննորմալի տեղ էին դնելու: Ես գտել էի Ցերբերին, շոյում էի մորթին, ականջները,հետը խաղում, Ցերբերը վախեցած ինձ էր նայում, լպստում, էլի նայում կարեկցանքով ու վախեցած, չէր խոսում:
- Չե՞ս վախենում:
20-21 տարեկան տղա էր:
- Ինչի՞ց, - ինքը պետք ա որ Ցերբերին տեսած չլիներ:
- Ռեքսից, սաղով դոբերմաններից սարսափում են, դու բռնել, սիրում ես:
Հետո դրեց, կյանքը պատմեց, շան կյանքն էլ վրադիր, որ իբր ոչ մեկի մոտ չի գնում, հրաշք ա, որ ինձ չի հոշոտել, կապը պոկեց, փախավ ու նման բաներ...
Նկատեց, որ աչքերս արցունքների մեջ կորած են: Ալերգիայի մասին ինչ-որ բան ստեցի ու շուռ եկա, սկսեցի գետին նայել: Կանչեց Ռեքսին, Ռեքսն իր հետ գնաց: Ցերբերը մնաց: Ու հույս ծնվեց: Հիմա, երբ Ցերբերը նորից ինձ հետ է, անդրաշխարհի չար զորությունը վերադարձել է: Ինձ ուժեղ եմ զգում ու ուզում եմ ծերանալ, որ երբ լրիվ սպիտակ լինեմ, գիշերը ձյուն գա ու ոնց փոքր ժամանակ էր, առատ ձյան մշուշի միջից ինձ ընդառաջ գա Ձյունիկը՝ բարի հեքիաթների ու անբիծ ուրախության ընկերը, ով երբեք չիմացավ, որ ես ուզում էի մեռնել:
- Տուն չե՞ս գնում, - հարցրեց Ցերբերը:
- Էլ քո իմացած տանը չենք, էդ տունը վարձակալել են, հիմա էնտեղ օֆիս ա:
- Եվ որտե՞ղ է քո տունը:
- Մի քանի քայլի վրա եմ ապրում, բայց իմ տունն ուր ա՝ չգիտեմ:
- Կգտնենք:

Alphaone
12.07.2018, 00:07
ֆեյք պրոֆիլով գրել, փորձում էր հասկանալ՝ իմ ուղեղը լվացել են, որ իրեն թողել եմ, թե սեփական նախաձեռնություն էր: Էդ աստիճա՞ն իդիոտ:

Alphaone
12.07.2018, 03:41
հարազատ հոգի ա ուղարկել, թե լսի... էնքան իմ ներսով ֆիլտրած ա թվում

https://www.youtube.com/watch?v=C-BnRZ52jHs

Alphaone
21.07.2018, 00:00
Գերհոգնածություն ու մոտիվացիայի իսպառ բացակայություն: Փորձում էի արհեստականորեն ստիմուլներ հնարել՝ էրեխեքի հետ ծովափ էի գնացել, Դիլիջանի անտառներով թափառելու դրանից առաջ: Բայց ավելի շատ խաղում եմ ապրելը, քան ապրում: Նորմալ մարդիկ ինչ որ լուսավոր կետ ունեն կամ նախապայմանների ամբողջություն, որ էդ բոլորը լինեն, երջանիկ կլինեն: Իսկ ես լուսավոր վերջնակետ չունեմ, ձգտում չունեմ էս պահին, էնքան եմ վերջին տարիներին չլվել, որ հենց մի բան եմ ուզում՝ հանգիստ, գոնե կես տարի ինքս ինձ հետ մնալ, ամեն ինչ թողել, սոց. մեդիայից ջնջվել, հրաշքով ապրելու փող հայտնվի ու մի մեկուսի տեղ, ուր կարամ լիքը կարդամ ու գրեմ: Ու հետո գուցե մեխանիզմը խելքի գա, ձգտումներ հայտնվեն, ապրելու ցանկություն...

Alphaone
21.07.2018, 18:44
Էսօր չլացեցի: Տարօրինակ էր, որ չլացեցի. մտածում էի, որ շատ եմ լացելու, առատ արցունքներով, դատարկված: Ուսանողներիցս չորսը բանակ են գնալու վաղը, ես էսօր արդեն սկսել եմ անհանգստանալ: Ես մի օր աշխարհ եմ ստեղծելու ու էդ աշխարհն ավելի լավը կլինի, վստահաբար:

Alphaone
26.07.2018, 23:15
մի օր իրական կյանքում երբ հանդիպենք, էլ խոսելու բան չի մնա, կնստենք, կնայենք իրար ու էսքան տարվա բոլոր ցավերն ու երջանկությունը կվերհիշենք, որ միշտ կիսել ենք իրար հետ: Բառեր չեն լինի, կլռենք ամբողջ աշխարհի մասին, մեր աշխարհների ու մեր համատեղ աշխարհի մասին: Ու իրար կողք նստած լռությունը կլինի իմ կյանքի ամենախորն ու ամենաերջանիկ հիշողությունը: Ամենաիսկականը կլինի, ամենաապրեցնողն ու ընդհանրապես, ամենան, կյանքի երեսունքանի տարիների կուլմինացիան ու նոր, ավելի լավ շրջափուլի սկիզբը:

Alphaone
03.08.2018, 13:46
Աշխատանքի հարցազրույցի օրն արդեն իսկ գիտեի, որ մերժելու են, էսօր մերժեցին: Ուսանողական համաժողովից էի հարցազրույցին գնացել՝ քնաթաթախ, գզգզված, ուղեղս չէր աշխատում: Հիմա Թրեվերի հետ անգլերեն հանգիստ բլբլացնում եմ, բայց էնտեղ ուղեղս կախել էր, որ ասեմ հուզվում էի՝ չէ, բացարձակ, ուղղակի սատկելու չափ ուզում էի քնել երեք անքուն գիշերներից հետո: Հիմա էլի աշխատանք եմ փնտրում, Քյավառից գնալը դարձել ա սևեռուն գաղափար: Անգլերենի քննություն մի երկու ամիս պարապելով՝ կարամ հանձնեմ ընտիրագույնս, հիմա էլ հապատրաստից գնամ, յոլա կտանեմ: Արդեն հստակ որոշել եմ, որ ուզում եմ մարքեթինգ սովորել, որ իմ կազմակերպությունն եմ ունենալու օրերից մի օր:
Գրելը եկամտի աղբյուր չեմ դիտարկում, արդեն չէ, գրելն էն ա, առանց ինչի ես ուղղակի չեմ կարող ապրել, երբ գաղափարը հասունանում ա, ուղղակի չեմ կարող չգրել, ուղեղը կպայթի: Իսկ ապրելու ու ինքնահաստատվելու համար լիքն ուրիշ տարբերակներ կան: Արդեն կայքեր եմ ստեղծում, շուտով կսկսեմ ոչ թե wordpress-ով հավաքել, այլ՝ դնել, ինքնուրույն խզարել, ուղղակի դեռ լեզվի ընտրության վրա եմ լռվել: Ու կյանքը կարգավորվում ա, արդեն ծնողներիս չեմ պառազիտի, դեռ մի բան էլ կօգնեմ: Շուտով, շա՜տ շուտով աշխատանք որոնելու կարիք էլ չի լինի, ինքս կդառնամ գործատու, բայց հիմա հենման կետ ա պետք, որ կարողանամ առաջ շարժվել, աշխատանք, որ ոչ թե ուղղակի փող աշխատելու համար կլինի, ոնց վերջին տարիներին էր, այլ՝ կապահովի գոյության մինիմումը ու կտանի ինքնազարգացման: Կգտնեմ:

Alphaone
04.08.2018, 19:50
Ես ապրում եմ քաղաքում, ուր բնականից մի աննշան տարբեր երանգ ունեցող մազեր ունեցողին մարմնավաճառ էին պիտակում, եթե անգամ դա մազերի բնական գույնն էր:
Էս քաղաքում կապույտ մազերով ես ցույցերի էի մասնակցում, ինձ բեմից բարձրախոսով կանչում էին՝ կապույտ մազերով աղջիկ, Տելեգրամում էլ ի՞նչ են գրել, արի, պատմի մարդկանց:
Էս քաղաքում կապույտ մազերով ես խանութ էի գնում, դպրոցներ, մանկապարտեզ ու ամեն տեղ ինձ նորմալ էին վերաբերում, դրական, առանց չարության:
Հետո ես հասկացա, քանի որ ես բաց էի, մաքուր էի իմ ու մարդկանց առաջ ու սիրում էի իրենց: Իմ կապույտ մազերը ավելի լավն ինձ համարելու կոչ չէին:
Ես ապրում էի քաղաքում, ուր այգում խոտերի մեջ ոչ ոք չէր համարձակվում նստել, գիրք կարդալ: Երբ ես առաջին անգամ գիրքն առա ու նստեցի, հետաքրքրասեր երեխաներ հավաքվեցին, մի փոքր զրուցեցինք, ցրվեցին: Ու էլ ոչ ոք դրա համար ինձ չհալածեց:
Ես ապում եմ քաղաքում, ուր մարդիկ սև ու գորշ գույների մեջ ձուլվում են ամբոխին, ուր վառ գույները խարան էին, աննամության դրոշակ:
Իմ վառ հագուստին թարս էին նայում, հետո իմ շուրջ շատացան վառ հագուստով մարդիկ: Էսօր խանութ գնալիս իմ ճչան կարմիր շալվարին ոչ ոք թարս չէր նայում:
Ու էսօր ինքնագնահատականս պահի տակ երկինք թռավ՝ լիքը բան էս քաղաքում ես եմ փոխել, էս քաղաք ազատություն բերող մարդկանցից մեկը ես եմ եղել: Ու ոչ մի բանի չէի հասնի, եթե առաջինն իմ ներսի անազատին բանտից չհանեի:
Ես ապրում եմ քաղաքում,ուր կինը պետք ա ինֆանտիլ, տնակյաց արարած լիներ՝ լիքը պարտականություններով ու գրեթե առանց իրավունքների:
Ես էլ չեմ ուզում ապրել էս քաղաքում, բայց գնալու եմ ոչ թե ատելով ու հիասթափված, այլ՝ նոստալգիկ կարոտով ու սիրելով: Իմ ցանած սերմերն էս քաղաքում ծառեր են դառնում, էդ ծառերն ուրիշների ծառերի հետ մի հավեսագույն անտառ կդառնան, երբ արդեն հետ գամ:
Ես ապրում եմ քաղաքում, ուր մարդիկ ծառերը ոչնչացնում են, բայց անտառը, միևնույն է, աճում է:

Alphaone
08.08.2018, 05:23
- Ես ուղղակի հիմարի մեկն եմ:
- Դու հիմար չես, դու խելացի, բայց անինքնավստահ ու կոմպլեքսավորված կերպար ես, ով ինքն էլ չգիտի՝ ինչ ա էս կյանքից ուզում:

Հետո վերլուծում, խճճվում եմ, հասկանում, որ ոչ էնքան խելացի եմ, որքան կուզեի լինել, ոչ էդքան տաղանդավոր, բայց էն, ինչ ունեմ, ոչ խելքի, որ տաղանդի հետ չեմ փոխի: Ու մենակ էնպիսի երևակայություն ունենալու համար, ինչպիսին իմն ա, ես կարող եմ իմ հիմնահատակ քանդած կյանքը սիրել: Բեկումնային պահերին կա ինքը, դժոխք վերապրած ու դժոխքին հաղթած կինը, որ մի քանի ամսից կունենա իր առաջնեկին՝ ի հեճուկս չար աստվածությունների պլանների ու ինքը կարողանում է հենց էն ԱՄԵՆԱ խորհուրդները տալ, թե ոնց քանդեմ ներսս ու հասկանամ ինքս ինձ: Երևակայական ընկերները լավ բան են, հատկապես երբ հետո հանդիպում ես իրենց իրական կյանքում:

Alphaone
24.08.2018, 03:38
Երազում քեզ տեսա: Վատ էիր: Արթնացա: Արթնացումը նման էր անկման, ասես անկողինս գետնի տակ էր փլվում ու մարմնիս յուրաքանչյուր մասնիկ զգում էր գահավիժելս: Հետո անկումը դադարեց, նստեցի: Փորձեցի երազս հիշել:
Մոտ մի տարի քեզանից լուր չունեմ: Աշնա՞նն էր, որ վերջին անգամ գրեցի, չեմ հիշում: Քեզ ուղղակի կյանքիցս հեռացրեցի: Բայց կարոտում էի: Դու հենարան էիր, խոստովանահայր, դու ինձ համար դարձել էիր ամենավստահելին, ես կարող էի քեզ սիրել. ժամանակավոր չէ՝ խորը, սիրուն, նվիրված, ամբողջ կյանքի համար կարող էի սիրել: Բայց քեզ կյանքիցս ջնջեցի, տհաճ բան է օգտագործված լինելը: Էսօր արթնացա, հասկացա, որ ես էլ քեզ էի օգտագործում: Գիտակցաբար չէ, ոնց դու էիր անում, ուղղակի իմ կյանքի բեռը փորձում էի փլցնել ուժեղ ուսերիդ: Հիմա ես գիտեմ, որ իմ ուսերն ավելի ուժեղ են: Հիմա ես ավելի շատ եմ ճանաչում ինձ, ավելի խորը: Հիմա ես ինձ սիրում եմ: Ոչ թե թերարժեքությունն եմ սվաղում գերարժեքությամբ, այլ՝ ուղղակի սիրում եմ հերթական հետաքրքիր միտքը, հերթական ակնկանխատեսելի քայլը, հերթական սպոնտան որոշումն ու մնացած բոլոր էն աննորմալությունները, որոնցից հավաքված է իմ անձը, սիրում եմ դրանք բացահայտելու պրոցեսը: Քեզ էլ եմ հիմա սիրում, տարօրինակ սեր է, նման պապիկի ներողամիտ հայացքին՝ ուղղված չարություն արած թոռնիկին: Էսօր ֆեյսբուքի էջդ բացեցի: Մի տարի էդ կողմերում չէի երևացել: Մտածեցի, որ ընդհանուր ընկերները շատացել են: Փորձում էի հիշել, թե քանի ընդհանուր ընկեր ունեինք ժամանակին, բայց հասկացա, որ երբեք դրա վրա չեմ սևեռվել: Ուրեմն ինչի՞ հիմա սևեռվեցի, դեռ մի բան էլ որոշեցի, որ ավելի շատ ընդհանուր ընկերներ ունենք: Ուզո՞ւմ էի քեզ հետ կապ տեսնել. ինչ-որ մարդիկ կան, որ մեզ կապում են իրար, ու հիմա այդ մարդիկ ավելի շատ են: Էս մտքերն էին պատճառը, որ էջդ արագ փակեցի: Ես ինձ խոստացել էի այլևս սպոնտան հիմարություններ չանել: Ես դադարել էի սպոնտան հիմարություններ անելը: Բայց հիմա արեցի: Արդարացնում եմ ինձ, որ անհանգիստ էի, քնաթաթախ, երազի ազդեցության տակ: Ո՞նց կարար էջդ ներխուժելը քեզ փրկել իմ չար երազից: Ու էլի հարցեր: Ես ուզո՞ւմ էի դու վատ լինես, դրա համար տեսա էս երազը, դու իրականում վա՞տ ես, ես քեզ հիմա պե՞տք եմ:, ես ուզո՞ւմ էի քեզ հարկավոր լինել: Ինչո՞ւ: Քո մասին վաղուց չէի մտածել: Նայեցի հեռախոսիս մեջ. համարդ ջնջել էի: ՈՒրախացա, իմ անադեկվատ կեսը գուցե դներ ու քեզ զանգեր «քշերվա հազարին»: Հետո ի՞նչ էի ասելու՝ կներես, երազ եմ տեսել: Պատկերացրեցի քո շփոթված դեմքն ու ժպտացի, որ էդքան աղոտ եմ քո դեմքը հիշում: Ինձ համար քո դեմքը դարձել էր Ֆեյսբուքի ավատարը: Դա լավ է, գուցե, որ դու էլ անձ չես՝ 0-ներ ես դու ու 1-եր:
Մի քանի տարի հետո հիմարություն, այնուամենայնիվ, կանեմ՝ կգրեմ, կհարցնեմ՝ ոնց ես: Հիմա չէ, հիմա դեռ կյանքս մաքրելու փուլում եմ, աղբն եմ թափում, դարակները դասավորում: Հետո, երբ կյանքս պայծառ, լուսավոր, կոկիկ տուն դարձած կլինի ու բուխարի լինի իմ կյանքում, քեզ կգրեմ: Ու ուզում եմ՝ էդ ժամանակ ասես, որ լավ ես: Ու ուզում եմ, որ չխաբես, իրականում լավ լինես:

Alphaone
09.10.2018, 15:45
Երբ ինձ ուզում են հաճոյախոսություն անել ու ասում են՝ բացառիկ սիրուն ես, լարվում եմ, եթե անգամ էդ օրն ինձ բացառիկ սիրուն եմ զգում, միևնույն ա, մի բան խլվլում, գռմռում ա: Էսօր մեկն ասաց, որ բացառիկ հետաքրքիր եմ գրում՝ անկանխատեսելի, կենդանի... ու ես ներսից էնպես պսպղացի, որ կայծերն աչքերիցս ու մազերիցս շաղ եկան, սկսեցի ինձ բացառիկ գեղեցկություն երևակայել:

Alphaone
30.11.2018, 00:31
Ուզում եմ պատմել իր մասին:
Հիվանդ, օրորվելով, մշուշված հայացքով առաջացա: Դեռ ավտոբուս չբարձրացած՝ հայացքս իր վրա կանգ առավ: Կինոների սպեցէֆֆեկտների նման իր վառ պատկերն առանձնանում էր գորշ իրականությունից: Աշնան տերևների գույնի անջրացիկ վերարկու էր հագին՝ թեթևակի խամրած երանգով: Սպիտակ մազերը ներկած չէին, ազատ, կարճ խոպոպներով գրեթե հասնում էին ուսերին, կոկիկ գլխարկն անփույթ քաշել էր գլխին, բայց ինչ-որ նրբագեղության թրթիռ ուներ այդ անփութությունը: Ու ես հասկացա, որ էս ծեր կինը աշխարհի բոլոր երիտասարդ գեղեցկուհիներից սիրուն ա ինձ համար:
Ու ինքն էր պատճառը, որ էսօր ես դադարեցի երիտասարդ մեռնելու մասին մտածել ու ուզեցի ծերանալ: Ու ծերությունը թվաց անհավանական սիրուն, նուրբ ու խորհրդավոր զորություն, որ միայն լիքը տարիներով ֆիլտրվելու արդյունքում ա մարդու շնորհվում: Ծերության խղճուկ անզորության մասին կարծրատիպս փշրվեց հույսի հազար-հազար բեկորների:
- Նստի՛ր, հիմա կընկնես:
Մի կարծրատիպ էլ կոտրեց՝ ծեր կինը տեղը զիջում է երիտասարդ աղջկա, թեև էդ պահին մեր երկուսից ինքն էր, որ երիտասարդությանը վերագրվող ավյունն ուներ: Ամաչեցի նստել, զոռով նստացրեց՝ ես հաջորդ կանգառում իջնում եմ: Արդեն հաջորդ կանգառին էինք մոտենում:
- Ո՞ւր ես գնում:
Ասացի, առաջարկեց տանել: Չպատկերացրեցի ոնց պիտի տանի, կամ ինչ է կատարվում, գլուխս պտտվում էր, մտածում էի՝ հիմա էլի քթիցս կարնահոսի, ու էդպես կիսասասատկած, կիսամշուշ վիճակներով ուղղակի հլու քայլեցի ձեռքիցս քաշող խորհրդավոր տատիկի հետքերով:
Մինչ ես շշմած նայում էի մեքենայի ղեկին նստած տատիկին, ինքն արդարանում էր, որ մեքենան հեռու էր կայանել, հետ դառնալուց արդեն մրսում էր, դրա համար էր տրանսպորտ նստել:
- Արի, ինչի՞ց ես վախենում, - ծիծաղեց:
Հիմա որ վերլուծում եմ, երևի թե արժեր վախենալ ավտոբուսում հանդիպած անծանոթ կնոջից, ով քեզ համարյա ուժով ավտոբուսից իջեցրեց ու իր մեքենան էր տանում, բայց այդ պահին բնական ու նորմալ թվաց իր կողքին տեղավորվելը:
- Գրքեր կարդո՞ւմ ես, - առաջին հարցն էր մեքենայում:
- Ահամ, գիտական ֆանտաստիկայի ֆան եմ հիմնականում, բայց ֆենտեզի,միստիկա, սարսափ գործեր էլ եմ երբեմն հավանում, - հազի միջից քրթմնջացի:
Պարզվեց, ես էլ իրեն դրանով հաճելիորեն զարմացրեցի՝ սայ-ֆայ ֆան էր տատին: Ազիմովից մի փոքր խոսեցինք, չեմ հիշում ինչից խոսք գնաց, ասաց, որ մոտոցիկլ վարելու դասերի է գնում ու թող իրեն էքսցենտրիկ տատի չհամարեն, ինքը մոտոցիկլի վրա ավելի հարմոնիկ կլինի, քան ինչ-որ թինեյջեր աղջնակ: Ասաց ու սրտանց ծիծաղեց:
Մտածեցի, որ քնել եմ տրանսպորտում, էնքան սյուռ էր ամեն ինչ, որ եղունգներս խրել էի ափիս մեջ՝ ցավ զգալու կամ գուցե արթնանալու համար:
Հետո սկսեց խոսել երազանքներից, փաստորեն, ծեր տարիքում ոչ թե լացում ու ասում ես՝ ես իմն արդեն ապրել եմ, այլ՝ կարող ես երազանքներ ունենալ: Իմ ճանաչած ծեր կանայք թշվառության արձաններ էին, էս տատին՝ երջանկության մարմնավորված աստվածություն ինչ-որ մոռացված ժողովրդի դիցարանից:
Էլի հիվանդ էի, բայց տեղ հասնելու պահին ներսս էնքան լույս էր լցվել, որ կայծերով ցրվում էր աջուձախ:
- Ես ուզում եմ էլի Ձեզ հանդիպել, - ասացի արդեն իջնելու պահին՝ գիտակցելով, որ չեմ ֆայմել անգամ անունը հարցնել:
Ու մի պահ գլխումս փայլատակեց, որ հիմա էն կինոների նման էս տատին ասելու ա, որ ինքն իմ ապագան էր, եկել էր ինձ դաս տալու կամ նման մի բան: Բարեբախտաբար, նման շաբլոն վերջաբան էս պատմությունը չունեցավ: Աչքով արեց, ասաց, որ գուցե մի օր էլի հանդիպենք:
- Աշխարհը կլոր ա, - եզրափակեց ու մեքենան տեղից պոկվեց:
Ու Քյավառ գալու ամբողջ ճանապարհին տարակուսանքով մտածում էի ծեր կնոջ մասին, փորձում հասկանալ՝ ինքն իմ հիվանդ զառանցանքն էր, թե իրական մարդ, ով հիմա մի տեղ քնած ա, թեյ ա խմում, գիրք կարդում կամ էլի ինչ-որ բան: Բայց դա էական էլ չի: Էականը, որ էսքանը գրելու կամքի ուժ գտա էս հիվանդ վիճակներում ու երբ էսօրվա նման քայլեմ ու մտածեմ Կիևյանից վայրէջքի մասին, կարելի ա բացել, կարդալ, վերհիշել ու կյանքը սիրել, քանի որ ինքը դեռ անհույս վատնած չի, քանի որ անգամ ծեր տարիքում կարելի ա երջանիկ լինել, լինել անհավանական սիրուն ու ... մոգական:

Alphaone
25.03.2019, 20:12
Եվս մեկ սուիցիդալ ճգնաժամ մնաց անցյալում: Ամսաթիվը մոտենում է, ձախողումների ցուցակը մեծանում, ՕԳԳ ֆայլ եմ բացելու մոտս, ձեռքբերումներն ու ձախողումները գրեմ, հեչ որ չէ, գոնե կհամակերպվեմ, որ լուզեր եմ, վերմակիս չափով կմեկնվեմ:

Alphaone
27.03.2019, 22:11
Սնահավատ սարսուռ կա էս ամեն ինչում: Մենք տարբեր երկրներում ենք, տարբեր մայրցամաքներում: Դու երբեք չես գրում, նվնվում, նույնը՝ ես, ուզում եմ միայն դրական հույզեր քեզ տալ, ցավերս տեղում մեկնումեկին գրկած լացել: Բայց մենք հենց Ցավի ընկերներ ենք: Հազար տարի քեզ չէի գրել, մի օր առավոտից ուղեղումս դու էիր, մի կերպ գործերը գլուխ բերեցի ու տուն հասնելուն պես գրեցի քեզ: Ուրախ եմ, որ վտանգն անցում է, մայրդ կապրի: Բայց երբ իմացա, թե ինչու չէիր պատասխանում, միագամից ապրումներս հիշեցի, անբացատրելի մտահոգությունը, ձեռքդ ամուր սեղմելու ցանկությունը, «դու մենակ չես քո ցավի դեմ» ասելու ցանկությունը: Երկու օր առաջ, երբ աշխարհն օրորվում էր ոտքերիս տակ ու էնպիսի զգացողություն էր, որ իրականությունը հատիկ-հատիկ փշրվելու, փաթիլների պես պտտվելու է շուրջս, մինչև որ ես մենակ մնամ սև ձմռան աշխարհում, վերջապես գրեցիր: Նկարագրում էիր իմ ապրումները, ասացիր, որ քնից արթնացել, գրել ես: ԵՐազ եթե տեսել ես, չես հիշում, բայց էն զգացողությունն էր, թե անհատակ ձմռան մեջ քեզ եմ կանչում ու հեկեկում:
Ինչ-որ իզոթերիկ պատում է մեր ընկերությունն ու երևի ամենաթանկ բանը, որ աշխարհում ունեմ: Մի օր կհանդիպենք ու իրականությունը կցրի մեր սիրուն հեքիաթը, բայց քանի դա տեղի չի ունեցել, ես կյանքի մեծագույն հրաշքի սպասումով բացելու եմ հերթական նամակը՝
"Hello, my alien sister..."

Alphaone
22.04.2019, 02:06
Չեմ հիշում ով էր սա ասում մի քանի տարի առաջ, բայց արտահայտությունը մեխվել էր ուղեղում. «Լավ ա նեգՌ լինես, քան գեյ»:

Առաջ ես հանդուրժող էի, հիմա տարօրինակորեն ագրեսիվ անհանդուրժողականություն է հայտնվել հենց չհանդուրժողների հանդեպ: Էնքան բաներ կան այլ մարդկանց մեջ որ չենք հասկանում կամ չենք ընդունում: Առաջ ես ծիծակ կոշիկների հանդեպ էի խտրական, ռաբիս երաժշտություն ֆիզիոլոգիական մակարդակում չէի կարողանում լսել: Հիմա ինչ-որ մոգությամբ ստացվում է ընկալել ու ընդունել մշակութային արմատապես տարբեր շերտերի մարդկանց: Ու բնավ պարտադիր չի, որ իրենց հասկանամ: Ու այս ամենի ֆոնին պաթալոգիկ ծանր եմ տանում, երբ էս տարբեր շերտերից մեկը մյուսին քխ ա կոչում ու սկսում հալածել: Էն ռուսակակն մուլտիկի կատուն ա մեջս գլուխ բարձրացրել՝ ներքին Լեոպոլդը ու մի գլուխ պնդում ա, որ պետք ա խաղաղ ապրել:

...

Ինձ մենակությունը դուր է գալիս՝ մենակ մնալ, սարերում մենակ շրջել, երկար ճանապարհն առանց ուղեկիցների՝ մենակ գնալ, կարդալ, մտորել, փորփրել մտքերս: Միայնակությունն ինձ սարսուռի չափ վախեցնում ա: Ու չնայած սկսել եմ տարբեր խմբերի ընդունել ոնց կան, բայց պատկանելիության զգացում չկա: Ոչ մի մասնագիտության, հոբբիների տեր մարդկանց միջավայրում պատկանելիության զգացում չկա: Հիմա, երբ դպրոցականի նման սիրահարված եմ, ես չեմ պայքարում, որ մարդն իմ կողքին լինի, քանի որ գիտակցաբար գիտեմ, որ իր հետ երկար չենք ձգի, իսկ վառ ու կարճ սիրավեպ չեմ ուզում: Բայց գիտակցաբար լիքը բաներ վերահսկողության տակ պահելը չի ազատում միայնակության քերող զգացումից ու խճճվում եմ ուղեղ ու էմոցիա բռնցքամարտում:

.....
Եթե ես ապրեի մի հասարակությունում, ուր մարդկանց ընդունում են՝ ոնց կան, թողում են մարդիկ անեն ինչ ուզում են, քանի էդ մարդիկ իրենց չեն վնասել, ես էլի չէի ուզի՞ կարճ ու վառ սիրավեպ: Չեմ կարողանում պատասխանը գտնել, ոչ մի կերպ չեմ կարողանում: Մնում ա ուղղակի խաչ քաշել եսի տառապանքների վրա, մի տեղից բուդդայի դիմակ ճարել ու լծվել էս աշխարհն ապրելու համար ավելի լավ տեղ դարձնելուն: Իմ ներսից գլուխ չեմ հանում, ոչինչ, թող սենյակս թափթփված մնա, այգին կխնամեմ:

Alphaone
29.04.2019, 01:50
Ներքին դիալոգ էր: Ինքս ինձ համար բացահայտում եմ, որ էս գյուղաքաղաքում աղջիկներին մանկուց ամրոցում փակված արքայադուստր են մեծացնում: Թե բա կգա ասպետն ու կհաղթի վիշապին, ասել կուզի՝ կհայտնվի քո կյանքում ամուսնյակ ու կլուծի խնդիրներդ: Բայց մոռացնում են դաստիարակության պրոցեսում գոնե հպանցիկ նշել, որ հետո ասպետը նիբելունգների առասպելների սկզբունքով ինքն ա վիշապի վերածվում: Էնպես որ հավաքի քեզ ու վիշապներիդ հախից արի:
Ու էստեղ ներքին աննորմալ թինեյջերը լրիվ հարամում ա:
- Ահամ, հաղթիր վիշապին, որ ինքդ վիշապ դառնաս ^^
Չէ, ես չեմ մեծանա, քանի որ մեծերի աշխարհն անհրապույր, ախմախ աշխարհ ա:

Alphaone
06.05.2019, 20:29
Ուզում եմ պաշտպանական մեխանիզմներից հերքումը միանա, ինձ համոզեմ, որ դու չես մահացել, որ ես հիմա կարթնանամ մղձավանջից, իսկ դու դեռ ապրում ես: Չի ստացվում, ես լրիվ սթափ գիտակցում եմ, որ մի ամիս առաջ երբ քեզ տեսա ու արագի մեջ հրաժեշտ տվեցի, թե դեռ կհանդիպենք, էդ վերջին հանդիպումն էր, վերջին հրաժեշտը, էլ չենք հանդիպի: Մահի հետ եկող կիաստության զգացողությունը հիմա չկա, թե էսինչ չհասցրեցի անել կամ ասել, բայց կա անզորության ցավը, ամենադաժաններից:
Անարդար ա, որ էդքան ջահել են մեռնում, բայց քո դեպքում ամեն ինչ ա անարդար, ահավոր, աննկարագրելի անարդար, ախր: Հաննայի մահից հետո դու նոր էիր սկսել ապրել, դու նոր էիր ներսիդ սատանաներին սատկացնել ու սկսել էիր գործել, սովորել էիր նորից սիրել կյանքը: Հիմա ես էլ սիրում եմ կյանքն ու ուզում եմ ապրել, բայց պատրաստ եմ հազար անգամ մեռնել քո փոխարեն: Ափսոս, որ չեմ կարող, իմ գիժ ընկեր: Դու էն հազվադեպ մարդկանցից էիր, որ ՊԻՏԻ ապրեիր:
Էսօր կհարբեմ:

Alphaone
09.05.2019, 11:34
Օսկար Ուայլդ էի կարդում, չնայած ողբալու տրամադրությանը, մի քանի անգամ քթի տակ ծիծաղեցի ու հանկարծ հասկացա, թե ինչի Կարգին հաղորդումն իմ համար խնդալու չէր, ես էս գրքային սուբլիմացված հումորն եմ իմը դարձրել:

Alphaone
02.06.2019, 21:45
Ասալայից էր, թուրք դիվանագետի սպանության պատմությունն էր անում: Սպանել բառը չէր օգտագործում, ասում էր՝ գործողություն, թե բա՝ գործողությանը նախապատրաստվեցի, գործողությունը կատարեցի, գործողության ընթացքում...
Պատմում էր, որ երբ ձերբակալվեց, քննիչը զարմացել էր, որ կարելի է մարդ սպանել ու էդքան հանգիստ լինել:
- Ես մարդ չեմ սպանել, ես թուրք եմ սպանել, - ասել էր էն ժամանակ:
Ու ակամա մտածում էի, որ ցեղասպանության ժամանակ իրենց մեզ մարդ չէին համարում, գյավուր էին սպանում:
Ու երևի հեշտ ա էդպես անել, ասել՝ դիմացինը մարդ չի ու տալ, սպանել, հերոսանալ:
Գիտեմ, որ էս մարդիկ լիքը համակարգային խնդիրներ են կանխել, որոնց էսօր ես չեմ բախվել, գիտեմ, որ մեկ ա ինձնից շատ բան են տեսել, վերապրել, հասկանում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ինքս իմ ներսում իրենց հերոս համարեմ ու գործողությունները վեհացնել էլ չէ, գոնե արդարացնեմ:
Հանդիպմանը մինչև վերջ չմնացի, աննկատ կեսից դուրս եկա, ինձ լրիվ դատարկված էի զգում, ասես քանի էնտեղ նստած էի, մի մեծ սարդ եկել, էությունս թաքուն ներծծել, գնացել էր:

Alphaone
02.06.2019, 21:55
Էսօր երեկոյան խաղաղվել էի ուզում, գնացել, գետի ափին նստել էի: Հետևում երևի պապ ու թոռ կովեր էին արածեցնում ու ալարկոտ զրույցի էին բռնվել:
Պապը պատմում էր, որ ջահել ժամանակ ոչխարի հոտը սար էր տարել, մի ամբողջ սոված ոհմակ է հարձակվել: Պատմում էր, որ երկու մեծ գամփռերը փախել են, մենակ փոքր շունը՝ Ճուտոն ա իր կողքին մնացել: Մոտը հրացան չի եղել, բայց կրակ ա արել, մինչև մարդիկ հասել են, փրկվել են: Ու ահագին պաթոսով խոսում էր հավատարմության մասին, թե իրեն դավաճանած շներին խեղդված են գտել, իսկ Ճուտոն, որ հավատարիմ էր, դեռ տաս տարի էլ դրանից հետո ապրեց:
- Ճուտոն մեջներից հավատարիմը չի եղել, մեջներից շուստրին ա եղել, - պապու լիրիկան վախճանեց թոռը:
Ու էդպես ինձուինձ փիլոյում էի,որ մենք աշխարհի եղած-չեղածը մեր ներքին ֆիլտրով ենք զտում, բիձուկի ֆիլտրով՝ էդ հավատարմությունն էր, էրեխու ֆիլտրով՝ խորամանկությունը, բայց մենակ Ճուտոն գիտի, թե ինչն էր իրեն էդ օրը պահել տիրոջ կողքին: