PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Mary Melikyan-ի, Alphaone-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը



Chuk
23.12.2012, 22:37
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Mary Melikyan (http://www.akumb.am/member.php/28292-Mari-Melikyan)-ը սկսում է, Alphaone (http://www.akumb.am/member.php/28250-Alphaone)-ը՝ շարունակում, Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-Գալաթեա)ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը.-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-պրոյեկտ.-գրանցամատյան/page14):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Վոլտերա
10.01.2013, 13:08
Ես մահացա ինն անց երեսուն րոպեին, երբ Բարիդսկի փողոցի լույսերը դեռ չէին վառել։ Ես շտապում էի տուն և ճիշտն ասած տրամադրություն չունեի զբոսնելու Բարիդսկուն կից գտնվող այգում։ Այդ օրն իմ կյանքի ամենաանհաջող օրն էր։ Առավոտյան ես արթնացա շատ ուշ և այդ պատճառով ուշացա մի շատ կարևոր հանդիպումից։ Արթնանալուց հետո փորձեցի նախաճաշ պատրաստել, որը նույնպես անհաջող ստացվեց, և ես ստիպված եղա պատվիրել որևէ բան՝ սովամահ չլինելու համար։ հետո սկսվեց զանգերի տեղատարափն այն անձանց կողմից, որոնց հետ պետք է հանդիպեի։ Ես անջատեցի հեռախոսն ու տանից դուրս եկա։ Դեռ ժամը երեքն էլ չէր, երբ ուժեղ գլխացավ սկսվեց և ստիպված եղա տուն վերադառնալ, քանի որ մոռացել էի խմել բժշկի նշանակած հաբերը։ Տուն հասնելուց հետո հասկացա, որ բանալին տանն եմ թողել։ Ինքս ինձ հայհոյելով ոտքով հարվածեցի դռանը, որով կատաղեցրեցի հարևանի շանը, և որն էլ սկսեց միալար հաչալ, ու ես ստիպված եղա փախչել այդտեղից։ Եվ դրանից բացի գլխացավս ուժեղացավ և ես լուռ շտապեցի դեղատուն։ Լավ էր՝ գրպանումս գումար կար և ես դեղատանը պարտք մնացի այդ հաբերի գումարի ուղիղ կեսը։ Հետո հանկարծ հիշեցի, որ իմ տան բանալիներից մեկը ես տվել էի իմ մտերիմ ընկերոջը։ Այդ ժամանակ ես քաղաքից դուրս էի մեկնում, և նա խնդրել էր իմ բացակայության ընթացքում մնալ իմ բնակարանում, և ես նրան չէի մերժել։ Իսկ հետո լրիվ մոռացել էի բանալու մասին։ Ես կենտրոնացա և փորձեցի ծրագրել, թե ինչպես եմ հասնելու ընկերոջս մոտ, (Նա բնակվում էր Մալզիվի փողոցում) եթե մեքենան այնտեղ է հասնում մոտավորապես կես ժամում, իսկ ես ինձ մոտ ոչ մի գրոշ չունեի, և որոշեցի ոտքով գնալ, ու ըստ իմ հաշվարկների՝ ես Մալզիվի պետք է հասնեի մոտ տասն անց երեսուն րոպեին։ Բայց դա դրսում մնալուց ավելի լավ էր։ Նախ որոշեցի, թե որ ճանապարհով գնամ, որ ավելի շուտ հասնեմ, սակայն շուտով պարզեցի, որ Բարիդսկուց Մալզիվի հասնելու միայն մեկ ճանապարհ կա, որն ամենևին էլ կարճ չէ։ Ճանապարհին ոչ ոքի չհանդիպեցի։ Դա անգամ լավ էր, քանի որ կարող էի հանդիպել նրանց, ում հետ այդ օրը հանդիպման էի։ Բայց այդ միտքն ինձ անհեթեթ թվաց, որովհետև նրանք հազիվ թե այդտեղով անցնեին։ Հաճելի էր քայլելը, եթե չհաշվեինք ուժեղ գլխացավս և արդեն շարքից դուրս եկած նյարդերս։ Արդեն մթնում էր, և ես լսում էի փողոցային շների հաչոցները։ Ես արագացրի քայլերս։ Ինձ հետաքրքիր էր, թե ժամը քանիսն է։ Նայեցի ժամացույցին. Յոթն անց էր երեսուն րոպե, իսկ ես արդեն հասնում էի։ Մի քանի րոպե անց վառվեցին փողոցի լույսերը և ես ավելի պարզ տեսա այն վայրը, որտեղով քայլում էի։ Դա մի փոշոտ տեղ էր կիսաքանդ շինություններով։ Կես ժամ անց հասա Մալզիվի՝ մի աղքատիկ փողոց իր մռայլ շենքերով։ Նորից նայեցի ժամացույցին։ Ժամը ութն էր։ ես սխալվել էի իմ հաշվարկներում՝ ոնց որ միշտ։ Ինձնից ևս մի քանի րոպե պահանջվեց գտնելու ընկերոջս բնակարանը, որովհետև վաղուց նրան չէի այցելել։ Ես փորձեցի մտածել այն մասին, թե ինչ կլինի ինձ հետ, եթե ընկերս տանը չլինի։ Սակայն դա չպատահեց։ Նա տանն էր և սովորության համաձայն բարձր երաժշտություն էր լսում, որի պատճառով ուշ բացեց բնակարանի դուռը։ Սկզբում զարմացավ ինձ տեսնելով, բայց հետո համակերպվեց այդ մտքի հետ ու ինձ ներս հրավիրեց։ Մենք խոսելու ժամանակ չունեցանք, որովհետև, ինչպես հասկացա, նա մենակ չէր և ընկերների հետ զբաղված էր խմելով։ Մի քանի բառով նկարագրեցի գալուս պատճառը։ Նա անհայտացավ սենյակից, և երբ վերադարձավ՝ ինձ հանձնեց իմ բնակարանի բանալին։ Դրանից հետո ինձ գումար տվեց տուն հասնելու համար, և ես հասկացա, որ իմ գնալու ժամանակն է։ Երբ արդեն դուրս էի եկել մուտքից, ինձ թեթևացած զգացի՝ ձեռքումս զգալով բանալին ու գումարը։ Փողոցում մի քանի րոպե սպասելուց հետո տաքսի նստեցի և ուղևորվեցի Բարիդսկի։ Տեղ հասնելով՝ իջա մեքենայից և քիչ էր մնում մոռանայի վճարել գումարը, և ավելորդ անախորժություններից զերծ մնալու համար գումարն արագ խցկեցի վարորդի ձեռքն ու քայլեցի տուն։ Բարիդսկու լույսերը դեռ չէին միացրել։ Տուն հասնելու համար պետք էր փողոցն անցնել։ Քանի որ մութ էր, ուշադիր նայեցի փողոցի երկու կողմերը և մեքենա չտեսնելով՝ քայլեցի առաջ։ Այդ պահին հանկարծ մեքենայի ձայն լսեցի և աչքերիս առաջ երևացին մեքենայի աղոտ լույսերը, որոնք աստիճանաբար վերացան։ Ինչ–որ գրողի տարած մեքենա էր դա, որը հավանաբար ինձ չնկատելով՝ անխղճաբար անցել էր վրայովս։ Իսկ հետո ավելորդ խնդիրներ չունենալու համար լուռ հեռացել էր, ասես ոչինչ չէր պատահել։ Իմ դիակը գտան առավոտյան և Բարիդսկուց անմիջապես տեղափոխեցին դիահերձարան։ Ես մահացել էի վզիս կոտրվածքից և գլխի ուժեղ ցնցումից։ Դիահերձարանում էլ հայտնաբերեցին ևս մի քանի կոտրվածք, որոնք արդեն ոչ մի նշանակություն չունեին։
Ես մահացա այդպես էլ չհասնելով տուն։
Ավտոմեքենայի աղոտ լույսերից հետո ես աղմուկ լսեցի։ Բացեցի աչքերս և տեսա այն ավտոմեքենայի փախուստը, որի տակ քիչ առաջ էի ընկել։ Հետո տեսա ինչ–որ պառկած մեկին, որի գլխից սև գույնի հեղուկ էր հոսում։ Շուտով հասկացա, որ դա ես ինքս եմ։ Ես ինձ տեսնում էի մի փոքր բարձրությունից և չէի հասկանում, թե որտեղից այդ աղմուկը, չէ՞ որ փողոցում ոչ ոք չկար։ Ես մտածում էի՝ եթե ես մահացել եմ, ապա ինչու չեն գալիս իմ հետևից, մի՞թե մահիցս հետո էլ պետք է ապրեմ այդ զզվելի Բարիդսկում։ (Երբ ավելի ուշ մտածում էի իմ մահվան մասին, ինձ շատ զարմացրեց այն, որ ես ամենևին էլ չզարմացա, երբ տեսա իմ սեփական մարմինը, որովհետև ես չէի հավատում հետմահու կյանքին և համոզված էի, որ մարդու վերջին հանգրվանն իր գերեզմանն է)։ Ինձ մի պահ թվաց, որ իմ հետևում ինչ–որ մեկն աղմկում է։ Ես հետ շրջվեցի, բայց ոչ ոքի չտեսա։ Արդեն սկսել էի ձանձրանալ։ Հավատացած եղեք, շատ ձանձրալի է հետմահու կյանքը, եթե իհարկե դա կարելի է այդպես կոչել, այնպես որ ավելի լավ է ժամերով թափառել փողոցով և լսել հարևանի շան հաչոցները։ Ես փորձեցի շարժվել, սակայն դա ինձ չհաջողվեց։ Ու հանկարծ...

Alphaone
10.01.2013, 22:13
Արդեն երրորդ օրն է, տարօրինակ զգացողությունն ինձ չի լքում: Հաճախ եմ մոռանում, որ արդեն մահացած եմ: Անձայն ծիծաղում եմ, երբ հերթական անգամ բարևում եմ փողոցում հանդիպող ծանոթներիս կամ խուսանավում տհաճ մարդկանցից այս կամ այն նրբանցքում:

Հինգերորդ օր: Սովորել եմ, որ մարդիկ նայում են իմ միջով ու անցնում: Բայց մի անգամ ահավոր վախեցա՝ պառավը էլ ավելի սարսափելի, քան մահն էր, երևի, նայեց ուղիղ ինձ, սարսափած ճչաց, նզովեց ու խելակորույս փախավ: Սևեռուն գաղափար դարձավ հայելի գտնելը, ճանաչելը իմ նոր գոյը: Բայց չէի արտացոլվում այդ նզովյալ հայելիներում: Չգիտեի ինչի էի նման: Փորձեցի ձեռքերս առաջ մեկնել ու նայել գոնե ձեռքերիս, բայց ես ձեռքեր չունեի: Կա՞մ ես: Մեռա՞ծ եմ, թե ուղղակի քնել եմ:

Տասերորդ օր: Այս օրը ես նկատեցի, որ աշխարհը տեսնում եմ ոչ ինչպես առաջներում: Շուրջս թափառող մարդիկ նման էին հիշողության մեջ արթնացած կցկտուր դրվագների, ստվերների: Ես աշխարհը սկսել էի տեսնել վերհուշի նման, բայց դա չէր ինձ սարսափեցնողը...

Տասներեքերորդ օր: Այս օրը միստիկ կերպով իմ սկեպտիկ ուրվականը դարձրեց սնահավատ: Տասներեք, ուրբաթ, լիալուսին: Երիցս չարչրկված սնահավատությունն ինձ սարսափով էր պատում: Ինչ-որ քայքայիչ վախ էր սողոսկում: Ես ցանկացա տեսնել իմ քայքայվող մարմինը, բայց այն չգտա: Ինձ ուղարկել էին դիակիզարան, հիմա ես պարզապես մոխիր էի: Ես վախենում էի կենդանիներից ու մեռյալներից, հրեծտակներից ու դևերից: Ես ամենաշատը վախենում էի ուրիշ ուրվականներից:

Արդեն կորցրել եմ օրերի հաշվարկը...

Սկզբում ես ուշադրություն չէի դարձնում այդ ձայնին: Ես վաղուց դադարել էի ձայներ լսել, պետք է, որ այդ ձայնն ինձ սթափեցներ, բայց ես ուշադրություն չէի դարձնում այդ ձայնին: Այն նման էր քամու խաղին եղեգնուտում, ուներ հայկական դուդուկի ողբաձայն ու ինչ որ ջութակային լացակումած թրթիռներ, բայց ես ուշադրություն չէի դարձնում այդ ձայնին: Մեկ այլ ձայն արդեն գրավեց իմ ուշադրությունը: Քամուց քշվող թերթի խշշոցն առաջին անգամ լսեցի մայրամուտին: Ակամա շրջվեցի՝ չկար ոչ քանի, ոչ թերթ: Ես նորից գնացի գերեզմանատուն ու սկսեցի աննպատակ թափառել գերեզմանաքարերի արանքով: Մի լպրծուն սարսուռ թրթռացրեց ողջ էությունս սառցե զարհուրանքով ու նոից հետևից լսվեց քամուց քշվող թերթի խշշոցը: Համարձակությունս չբավականացրեց, որ շուռ գամ, բայց հետևումս ես զգում էի խորհրդավոր անհայտի ներկայությունը: Ես հասկացա, որ արդեն լրացել է քառասուն օրը, ինչ-որ մեկը եկել էր իմ հետևից: Ինձ պիտի տանեին, բայց ես չգիտեի ՝ուր: Իմ սնահավատ դարձած էությունը սկսեց մտովի հաշվարկել դրախտի ու դժոխքի հավանականությունը: Ո՞ւր էին ինձ տանելու:

Գալաթեա
13.01.2013, 04:34
Մարմարե մարդաբոյ արձանների ու փոքր սեփական տան չափով գերեզմանների կողքով անցնելիս հիշեցի կենդանի ժամանակ ինձ հաճախ այցելած միտքը: "Քանի կենդանի են, մարդավարի, մարդաբոյ վերաբերվեք, ոչ թե հետո ձեզ ձև տվեք": Շարունակեցի քայլել ու հանկարծ հասկացա՝ ինձ այս ամբողջ ժամանակ ինչն էր անհանգստացնում, ներսից մզմզում: Ինչո՞ւ այս ողջ ընթացքում ոչ մի ուրվական չեմ տեսել: Այո, սարսափում էի ուրիշ ուրվականներից, բայց ինչպե՞ս կարող էի գոնե մեկին չտեսնել: Հո մենակ ե՞ս չէի մահացել տարածքում: Նույնիսկ Սեմի կինոյի մեջ, Սեմը լիքը ուրիշ ուրվականների էր տեսնում: Սա չի կարող առանց պատճառի լինել...
- Ճիշտ ես:
Անակնկալից կտրուկ հետ քայլ արեցի ու հետևիս վրա ընկա գերեզմանի սառը մարմարին: Եթե կենդանի լինեի՝ դխկունս կընկներ աշխարհ:
Մի կերպ չորեքթաթ կանգնեցի ու նայեցի ձայնի ուղղությամբ:
Մեջքը "Սլավիկ 58"-ի սև մարմարին հենած՝ նայում էր: Չէ, մանգաղով ու ոտքերի տակ ընկնող թիկնոցով Մահը չէր: Դե, համ էլ մի քիչ ուշ էր արդեն իր գալու համար:
- Դու ոչ մի ուրվական չես տեսնում, որովհետև նրանք այստեղ չեն: Սա իրենց տեղը չի:
Բարձրացա ոտքերիս վրա և փորձեցի ավելի պարզ տեսնել մարմարին հենված ուրվագիծը:
Մարդ էր, սովորական մարդ: Փողոցում տեսնեի՝ բանի տեղ չէի դնի: Անտեսանելիների շարքից էր:
- Լավը չե՞մ
Չտեսա, մութ էր, բայց հաստատ ժպտում էր սա ասելիս:
Հանկարծ նեղվեցի:
– Եթե ամեն մտածածս լսելու ես, ես նստեմ, մտածեմ, էլ չխոսեմ:
- Մի վրդովվիր, լավ: Մի բան ասե՞մ, ուրախանաս:
- Ընտրություն ունե՞մ:
- Ոչ: Տեսնո՞ւմ ես այն թարմ գերեզմանը: Դեռ մենակ հողաթումբն է երևում, - ձեռքով ցույց տվեց:
Տեսնում էի:
- Քեզ մեքենայի տակ գցողն է:
Չկարողացա կողմնորոշվել՝ ինչ զգամ:
- Կին է, երկու երեխա ունի,- ասաց:
- Դա իր փախչելը չի արդարացնում:
Փաստորեն, լավ էլ գիտեի էի՝ ինչ զգամ:
- Ինչի՞ց:
- Գուշակիր:
Ժպտում էր նորից: Մի տեսակ շատ ուրախ:
- Մեքենայի տակ է ընկել, - հանկարծ ոչ թե հարցրեցի, այլ հաստատեցի:
- Բեռնատարի,- ճշտեց:
Լռեցինք մի քիչ:
– Հարցրու, - ասաց առանց դեսուդեն ընկնելու:
- Ո՞վ ես:
- Դու ինձ սպասում էիր: Լսում էիր մոտենալս:
- Բայց ո՞վ ես:
- Ուշադիր նայիր: Սկզբում կենդանի մարդու պես նայեցիր, հին սովորույթով, առանց տեսնելու նայեցիր: Հիմա դու չես կարող դա թույլ տալ քեզ, տեսնելը միակ զբաղմունքդ է:
Նայում էի ու քանի գնում թափանցիկ, չեղած աղիքներս ավելի էին ոլորվում՝ ներսումս աճող տագնապից:
- Ինչո՞ւ ուրիշ ուրվականների չեմ տեսնում,- խոսքը կտուր գցեցի, որ մտածելու ժամանակ ունենամ: Ու անմիջապես հիշեցի, որ գրողի տարածը մտածելս լսում է:
- Սա ուրվականների տեղը չի: Ուրիշ ուրվականների: Ասացի արդեն:
- Քառասուն օրս շուտով կլրանա...
Սկսեց ծիծաղել:
- Սպասում ես՝ ուր են առաքելո՞ւ,- ու ծիծաղում էր՝ արձագանքը գցած գերեզմանոցով մեկ, - էդ ձեր հեքիաթները...
Ավելի ու ավելի էի կծկվում: Զգում էի՝ ինչպես եմ վախից կնճռոտվում: Ուզում էի դեմքս շոշափել՝ համոզվելու համար, բայց հիշեցի, որ շոշափելու բան չկա:
Միաժամանակ քայլ արեցինք իրար ընդառաջ:
Նայեցի՝ արդեն իմանալով, չգիտեմ որտեղից, բայց իմանալով, թե ինչ եմ տեսնելու:
Մեռնելուս պահին հագած շորերովս էր: Ինքս ինձ չտեսնելու պատճառով մոռացել էի՝ ինչ եմ հագել: Իմ դեմքն էր, առանց կնճիռների: Մազերս էին: Մարմինս էր:
Ես չէի:
- Ափսոս չես կարող հետ գնալ ու պատմել, թե որն է դժոխքը: Իրական դժոխքը,- ժպիտն էլ էր իմը, բայց մենակ բերանս էր ժպտում... աչքերս ապակուց էին:
- Ինչո՞ւ ես... իմ...
- ... Արտաքինո՞վ: Պոզուպոչ էի՞ր սպասում:
- Ես անտեսանելի չեմ եղել...
- Դու գիտես: Դա քո միտքն էր, իմը չէր:
- Ի՞նչ եմ անելու ես այստեղ:
- Քո դժոխքն է, ես ի՞նչ իմանամ:
- Միշտ պետք է իմ արտաքինո՞վ լինես:
- Դա արդեն պայմաններից մեկն է... Լավ, գնամ տեսնեմ՝ ինչ կա հեչ քո կողմերում: Կհանդիպենք:
Անհետացավ նույնքան անսպասելի, որքան եկել էր:
Մարմարե աչքերով ինձ էր նայում Սլավիկ-58-ը:

***

Երբ դուրս եք գալիս տնից, հիշեք երկու բան:
Չմեռնել:
Հագնել ձեր սիրած շորերը:
Մի ամբողջ հավիտենականություն "ձեր" հագին դա եք տեսնելու:

Ուլուանա
13.01.2013, 06:56
Լավն էր :)։
Հատվածներն, իհարկե, տարբեր էին շատ, բայց իրար լավ լրացնող։

Հիմա՝ հատվածների մասին առանձին–առանձին։

Մարիի հատվածը հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ էր՝ միաժամանակ ամենաբազմազան շարունակությունների հնարավորություն տվող։ Իմ կարծիքով, գնալ–գալու ընթացքը նկարագրող մանրամասները մի քիչ շատ էին, որոշ դեպքերում դրանց բացակայությունից գրվածքը չէր տուժի։ Ամեն դեպքում ընդհանուր առմամբ հետաքրքիր էր կարդացվում։

Մեկ էլ, Մարի ջան, հուսով եմ՝ չես նեղանա, եթե մի երկու մանր խորհուրդ–դիտողություն անեմ շարադրանքի հետ կապված։ Ուղղակի կուզենայի, որ հետագայում ուշադրություն դարձնեիր դրանց վրա. համադասական նախադասություններն իրար կապող «և» շաղկապը մի քիչ շատ էր։ Էդ կառույցը մի տեսակ ականջ էր ծակում (ես էսինչ բանն արեցի, և էսինչ բանը եղավ...)։ «Ես» դերանունն էլ էր չափից դուրս շատ գործածված։ Հայերենը, բարեբախտաբար, ճկուն է էդ առումով ու հնարավորություն է տալիս շատ դեպքերում «ես»–ը պարզապես բաց թողնել՝ միաժամանակ առաջին դեմքի իմաստը պահպանելով։ Օրինակ, փորձիր գրածդ կարդալ ու հենց սկզբից առաջին ես–ից հետո եկող մի քանի «ես»–երը հանել, դրանց հաջորդող ես–ից հետո՝ նույնը։ Դու էլ կնկատես, որ էդպես ավելի լավ է հնչում։ Առաջին հայացքից մեծ բան չեն, ու հետևելը դժվար չի, բայց ազդում են ընդհանուր տպավորության վրա։

Alphaone–ի հատվածում պատմվածքի ուղղությունը կարծես ավելի հստակ դարձավ։ Նկարագրությունները լավն էին, կենդանի ու պատկերավոր։ Բայց կուզենայի, որ էդ ընդհանուր վիճակը նկարագրող հատվածը մի քիչ ավելի երկար լիներ, մի տեսակ ոնց որ չհերիքեր, չգիտեմ։ Նկատի ունեմ՝ ընդհանուր Alphaone–ի հատվածը։

Չգիտեմ՝ ես եմ էսօր կրկնությունների նկատմամբ զգայուն դառել, թե ոնց :)), բայց էս հատվածում էլ ականջս ծակեց վերջին պարբերության մեջ «այդ ձայնին» արտահայտության կրկնությունը. իրար հաջորդող երեք նախադասություններն էլ ավարտվում են «այդ ձայնին» բառերով։ Գուցե հատուկ ինչ–որ էֆեկտի համար է արված, գուցե պարզապես անփութություն է, չգիտեմ, բայց եթե էֆեկտ էր, ապա ես չընկալեցի։

Ի դեպ, Մարին կիսատ նախադասություն էր գրել, որը շարունակություն էր ակնկալում հենց կիսատ թողնված տեղից, բայց էդ պահն անտեսել ես կամ չես նկատել։ Չնայած մեծ բան չի, բայց եթե շարունակում ես, ուրեմն ճիշտ կլինի նախորդի ամեն ինչն էլ հաշվի առնել։

Գալաթեայի հատվածն ամենաշատը հավանեցի։ Հետաքրքիր հանգուցալուծում էր տվել։ Ճիշտ է, իմ պատկերացմանն էնքան էլ չէր համապատասխանում, բայց հետաքրքիր էր ու տպավորիչ։ Հատկապես վերջին բառերը մի տեսակ ոնց որ համոզում են, էլի :))։

Մի խոսքով՝ ընդհանուր լավն էր, ապրեք :)։

Alphaone
13.01.2013, 16:44
Ես էլ Մարիի ու Գալաթեայի հատվածներն իմից շատ սիրեցի: Մարիին շատ էի ուզում նախադասության կեսից շարունակել, բայց ինչ գրեցի, ապուշություն ստացվեց ու հանկարծ էն մուլտերի լամպից վառվեց, որ էդ անորոշ ու հանկարծը և արդեն մեռած ժամանակվա շարունակությունը գուցե հենց լավ էֆֆեկտ դառնա: Սխալցվեցի: Վերջում բառի կրկնությունն արդեն էֆֆեկտ չէր, շտապողականություն էր, էնքան էի ուզում վերջն իմանալ ինչ է լինելու, որ վռազ-վռազ գրեցի: Թողեցի Գալաթեան ավարտի, ես ուզում էի կոմայից հետ բերել, ինքն իմանար, որ չի մահացել, բայց դա մի կողմից ավարտ կլիներ, մյուս կողմից՝ շատ անմարդկային մեռնողի հանդեպ :), ճարահատյալ մի միջանկյալ աշխարհ հորիցնեցի նախքան հանդերձյալ հավիտենությունը: Ու այդ առումով Գալաթեայի շարունակությունն ուղղակի հիացրեց, քանի որ իմ հերոսը անընդհատ տառապում էր, վախենում էր, տանջվում էր, էլ դրանից լավ ի՞նչ դժոխք :D

Ingrid
13.01.2013, 18:23
Երեք մասերն էլ հետաքրքիր էին, բայց գրելաոճերով շատ տարբեր:
Մարիի հատվածը շատ ձգձգված էր, կրկնությունները շատ էին, կային "սկսնակին" բնորոշ ձևակերպումներ:
Ալֆայի հատվածը ավելի գեղարվեստական էր, բայց շատ էին մակդիրները, մի քանիսը որ պակասեին, գործը ավելի կշահեր: Դուր եկավ, ըստ օրերի թվարկման, նկարագրությունը. ճիշտ է՝շատ ֆիլմերում ու գրքերում հանդիպել եմ, բայց սիրում եմ այդ ոճի նկարագրությունը:
Գալաթեայի հատվածը կտրուկ տարբերվում էր նախորդներից, հատկապես՝ գրելաոճով: Հանգուցալուծումը շատ լավ էր արված, բայց սկզբում կային նախադասություններ, որ կարող էին նաև չլինել:

Գալաթեա
14.01.2013, 16:56
Գալաթեայի հատվածը կտրուկ տարբերվում էր նախորդներից, հատկապես՝ գրելաոճով: Հանգուցալուծումը շատ լավ էր արված, բայց սկզբում կային նախադասություններ, որ կարող էին նաև չլինել:

Ինգրիդ ջան, իսկ կասե՞ս՝ որ նախադասություններս են ավելորդ ու ինչո՞ւ:

Նիկեա
14.01.2013, 20:16
Լավն էր:Ակամայից մտածելու տեղիք է տալիս.ի՞նչ կլինի իմ հետ երբ մեռնեմ:Հետաքրքիր էր:;)

Դավիթ
14.01.2013, 20:54
Վոլտերայի բլոգի տիրուհին ավելի հմուտ պետք է շարադրի իր գործը:

Mephistopheles
14.01.2013, 21:05
Ընղհանուր առմամբ վատը չէր… մի քիչ էնթըրթեյնմենթի կողմն էր ավելի, բայց վերջում Գալաթեան մի քանի հետաքրքիր առաջարկներ էր արել… բայց հետևից չէր գնացել. սպանողի գործոնը, մեկ էլ ինքն իր հետ հանդիպումը… սրանք պատմվածքը քաշում են հետ դեպի կյանք… բայց արդեն տարբեր տեսնկյունից… վերջաբանը մի քիչ կաղում էր… երկու "ես"-ը դուրս եկավ …

Մարին վատ չէր սկսել … սենց մոնոտոն, գորշ տանում ա, տեքստի գրաֆիկան հոծ ու մի անգամից կանգնացնում ա… հաջորդին կարծես փաստի առաջ կանգնացնի… կար միանվագ տեքստ որտեղ անգամ մահն ա ընդունվում կյանքի մի մաս (որն իրականում է) ու իրա "բայց"-ը անակնկալի ա բերում… շարունակողին ոնց որ պարտադրի անպայման հետմահու կյանքից գրել ու մտածել… մի քիչ թակարդ ա, որի մեջ Ալֆան կարծես ընկավ…

Ալֆան կարծես չարչարվել ա մի քիչ… ու ընդունել ա "մարտահրավեր"-ը… մի քիչ տարել ա արդեն "հայտնի" ուղղությամբ… սառնությունն ու մթությունը հանել ա առաջին մասից մի որոշ ժամանակ… դա դուրս եկավ, բայց հետո նորից հետ բերեց… կարելի էր թերևս էդ ուղիով տանել…

Երեքն էլ իրար հետ կապվելու խնդիր ունեն… վերջինը կարա նույնիսկ ինքնուրույն տեքստ լինի… չգիտեմ դա լավ ա թե վատ էս դեպքում… կոնտրաստը հիմնականում վերջինի մեջ էր… առաջինը առաջարկեց կոնտրաստ, բայց Ալֆան կարծես մեղմացրեց սկզբից, բայց հետո էլի բերեց մեջտեղ…

Բոլորդ էլ ապրեք… շատ լավ, օգտակար վարժություն ա… կարևորը էքսպերիմենտալ ա, որը ես շատ եմ սիրում…

Տեխնիկական մասով բան չեմ կարող ասել… շատ չեմ հասկանում…

Ingrid
15.01.2013, 13:55
Ինգրիդ ջան, իսկ կասե՞ս՝ որ նախադասություններս են ավելորդ ու ինչո՞ւ:
Իհարկե, Գալաթեա ջան, հիմա ասեմ:
"Մարմարե մարդաբոյ արձանների ու փոքր սեփական տան չափով գերեզմանների կողքով անցնելիս հիշեցի կենդանի ժամանակ ինձ հաճախ այցելած միտքը: "Քանի կենդանի են, մարդավարի, մարդաբոյ վերաբերվեք, ոչ թե հետո ձեզ ձև տվեք": Շարունակեցի քայլել ու հանկարծ հասկացա՝ ինձ այս ամբողջ ժամանակ ինչն էր անհանգստացնում, ներսից մզմզում":
Այս նախադասություններում ոնց որ դու քեզ տրամադրել ես մտնելու գործողության մեջ, տեսնելու պատկերը, այդ տրամադրվածությունը լավ է, բայց այս հատվածում, ըստ իս, ավելորդ է: Ոչ մի կապ չունի ընդհանուր իմաստի հետ, այս մասի չլինելը ոչ մի բանով չի վնասի ընդհանուր հատվածին, այլ ընդհակառակը կօգնի: Կարող ես ասել, որ դա միս ու արյուն տալու համար է արվել, բայց , նորից եմ կրկնում, առանց այս մասի, հատվածն ավելի հասուն կլիներ: Հենց սկսվեր այս տողից. "Ինչո՞ւ այս ողջ ընթացքում ոչ մի ուրվական չեմ տեսել:"
րՆախ՝ երկու իրար հաջորդող նախադասություններում գործածել ես մարդաբոյ մակդիրը, որը , հատկապես երկրորդ դեպքում տեղին չէր, ըստ իս:Հետո օգտագործել ես շաբլոն արտահայտություն, որը ոչ միայն առօրյայում է շատ ծեծված, այլև գրականության, կոմիքսների ու անեկդոտների մեջ՝ ""Քանի կենդանի են, մարդավարի, մարդաբոյ վերաբերվեք, ոչ թե հետո ձեզ ձև տվեք"": Ճիշտ է՝ բառերը փոխել ես, բայց դրանից ավելի ինքնատիպը չի դարձել:
Նորից կարդա քո գրած այս նախադասությունը. Շարունակեցի քայլել ու հանկարծ հասկացա՝ ինձ այս ամբողջ ժամանակ ինչն էր անհանգստացնում, ներսից մզմզում: Հանկարծ բառը խորհուրդ են տալիս հնարավորինս չօգտագործել պատմվածքներում, որովհետև վատ ոճի նշան է: Իսկ նախադասությւոնն ամբողջությամբ ներքին մի մեծ իմաստ չունի, որը պարտադիր է հատվածը ավելի լավ հասկանալու համար: Հենց նշածս նախադասությամբ սկսելով՝ ոչ մի ինֆորմացիա չէր կորչի, հետն էլ ավելրոդ նախադասություններից զերծ կլիներ հատվածդ:
Բայց ընթացքը և վերջը այնքան հետաքրքիր ու լավ են գրված, որ հետո մոռանում ես նաև սկզբի այդ ձգձգվածությունը: Շատ հաջող հանգուցալուծում ես տվել:

Գալաթեա
15.01.2013, 15:30
Ամեն գրածիդ հետ չի, որ համաձայն եմ, Ինգրիդ ջան: Ինքդ հեղինակ ես, գիտես՝ հեղինակներն իրենց հստակ տեսությունն են ունենում իրենց գրածի հետ կապված :)
Բայց մեկ ա, շատ մերսի, ուրիշ հայացքով նայեցի գրածիս:

Մարիի սկզբի հետ կապված: Էդ մոնոտոնությունն ու շարժման նկարագրությունը համ հետաքրրիր էր համ մեկ-մեկ՝ նյարդայնացնող: Իսկ նյարդայնացնելու պահը լավ ա. էմոցիա ա առաջացել գրածի հանդեպ ուրեմն, վերաբերմունք ա ձևավորվել...դա միշտ շատ ավելի լավ ա անտարբերությունից:
Ապրես Մարի ջան, դու ինչքան կարաս շատ գրի:

Ալֆայի շարունակությունը ոճի կտրուկ փոփոխություն էր: Էդ էր պատճառը, որ ես նույնպես ոճը փոխեցի... ես որպես կանոն՝ խստորեն նույն ոճով եմ գրում՝ ինչ ինձ նախորդածները: Բայց քանի որ փոփոխությունն արդեն կատարվել էր ու ես մտքումս էս ավարտն ունեի՝ ես այն չէի կարող ոչ Մարիի ոչ էլ Ալֆայի ոճով գրել: Փոխեցի դրա համար էլ: Հուսով եմ՝ դրանից պատմությունը շատ չէր տուժել:

Շնորհակալ եմ Մարի ու Ալֆա ջան:
Առաջինը լինի՝ վերջինը չլինի :)

Alphaone
15.01.2013, 17:12
Ես սովորաբար հաճախ եմ Ingrid-ի հետ համամիտ լինում, անգամ շաաատ հաճախ, բայց էս անգամ մի տեսակ ոնց որ սրտիցս չխոսեր, Գալաթեայի մասն ինձ էնքան էր դուր եկել, որ մի տառի փոփոխության անգամ համամիտ չէի լինի ու հենց այդ ներքին անհամաձայնությունն էլ էր դուր գալիս կառուցվածքի, քանի որ միաժամանակ նույն գործի մեջ լրիվ տարբեր աշխարհներ էին, Մարին մոնոգամ, մանր անախորժություններով ու ամեն վայրկյան դարանակալ փորձանքով աշխարհն էր տվել, ես Մարիի ուզած հունով էի տարել, քանի որ այդ մասին արդեն հասցրել էինք շաղակրատել, տվել էի մի դրվագ անդրշիրիմից՝ Գալաթեային թողնելով վերջնական ճակատագիրը, իսկ Գալաթեան ուղղակի հրաշալի կերպով վճռել էր, որ մեր կերպարն ըստ իր ընդհանուր կարագրի դրախտի չէր ձգում ու ուղղակի հրաշալի հանգուցալուծել տարաբախտի դեգերումները՝ վերջում էլ մռայլ ֆոնը ցրելով շատ խորքային, բայց և թեթև հումորով, ինձ էս գործը շաաաատ դուր եկավ, մի խոսքով... :))

Ingrid
15.01.2013, 20:00
Ամեն գրածիդ հետ չի, որ համաձայն եմ, Ինգրիդ ջան: Ինքդ հեղինակ ես, գիտես՝ հեղինակներն իրենց հստակ տեսությունն են ունենում իրենց գրածի հետ կապված :)
Բայց մեկ ա, շատ մերսի, ուրիշ հայացքով նայեցի գրածիս:

Մարիի սկզբի հետ կապված: Էդ մոնոտոնությունն ու շարժման նկարագրությունը համ հետաքրրիր էր համ մեկ-մեկ՝ նյարդայնացնող: Իսկ նյարդայնացնելու պահը լավ ա. էմոցիա ա առաջացել գրածի հանդեպ ուրեմն, վերաբերմունք ա ձևավորվել...դա միշտ շատ ավելի լավ ա անտարբերությունից:
Ապրես Մարի ջան, դու ինչքան կարաս շատ գրի:

Ալֆայի շարունակությունը ոճի կտրուկ փոփոխություն էր: Էդ էր պատճառը, որ ես նույնպես ոճը փոխեցի... ես որպես կանոն՝ խստորեն նույն ոճով եմ գրում՝ ինչ ինձ նախորդածները: Բայց քանի որ փոփոխությունն արդեն կատարվել էր ու ես մտքումս էս ավարտն ունեի՝ ես այն չէի կարող ոչ Մարիի ոչ էլ Ալֆայի ոճով գրել: Փոխեցի դրա համար էլ: Հուսով եմ՝ դրանից պատմությունը շատ չէր տուժել:

Շնորհակալ եմ Մարի ու Ալֆա ջան:
Առաջինը լինի՝ վերջինը չլինի :)
Դե, Մարիի հատվածի հետ կապված՝ եթե ֆիլմ լիներ, երևի ավելի հետաքրքիր դիտվեր այդ կրկնող գործողությունների պահը, բայց կարդալիս, խոստովանում եմ, որ մի վեց-յոթ նախադասություն չկարդացի, որովհետև հիշեցի նման ֆիլմեր, հասկացա, թե հեղինակը ինչ էր ասելու, ու սկսեցի շարունակել այն պահից, երբ արդեն ոնց որ մի նոր բան էր կատարվում:
Ինքս էլ ընթերցող եմ ու ասում եմ այն, ինչ զգացել եմ կարդալիս: Լավ է, որ մնացած կարդացողները այլ կարծիքներ ունեն: Ամեն մի հեղինակ էլ բոոլր կարծքիներից կվերցնի այն, ինչը ճիշտ կհամարի:
Եթե ընդհանուր հետաքրքիր չլիներ, չէի էլ մեկնաբանի: Ուղղակի ստացված պատմվածք դառնալու համար, ըստ իս, լավ կլիներ բաժանել վերնագրված հատվածների, որը երևի կբացատրեր գրելաոճերի տարբերությունը, կամ մի չորրորդ հեղինակի խմբագրությամբ ստեղծել ընդհանուր մշակված պատմվածք: Չնայած ես հասկանում եմ, որ այստեղ ավելի կարևոր է գրական խաղը, փորձ ձեռք բերելու կարողությունը, բայց այս էքսպերիմենտների արդյունքում ստեղծվածները ևս կարող են դառնալ գրական գործեր. ուղղակի որոշ մշակել է պետք. դա երևի միայն իմ կարծիքով:
Եթե գտնում եք, որ ամեն ինչ ավելի քան տեղին է, ապա ավելացնելու ոչինչ չունեմ. կարևորը լավ ընթերցողների մեծամասնության կարծիքն է:

Sambitbaba
22.01.2013, 03:58
Չգիտեմ, թե որտեղ են գտնվում Բարիդսկու և Մալզիվի փողոցները, բայց իմ երևակայության մեջ ես նրանք տեղադրեցի կաֆկայա-մեյրինկյան Պրագայում, այնքան որ ծանր ու խորհրդավոր էր Մարին նկարագրել իր հերոսի ճամփորդությունն այդ քաղաքում: "Այ-այ-հենց-հիմա-ինչորմեկը-կրունկներս-կտրորի" զգացմունքը պատմվածքի ամենասկզբից բռնում ու բաց չի թողնում արդեն Ալֆային էլ, ով իր մասն ամբողջությամբ գրել է, զգալով այդ "օտարի" շնչառությունն իր մեջքին, ասես թե հազիվ հասցնելով վերջին պահին ազատվել այդ բեռից, նետելով այն երրորդ մաս, որտեղ, իր էության մեջ անորոշություններ ընդհանրապես չհանդուրժող Գալաթեան, Սլավիկ-58-ի մոտ վերցրեց ու դեմքով դեպի իրեն շուռ տվեց այդ անորոշությունը:

Լավն էր ձեր պատմվածքը, երեխեք. ապրե՛ք: Եվ այնքան կյանք կար մահվան մասին այդ պատմվածքում… Հետաքրքիր է, կարելի՞ է ասել. զարկերակով պատմվածք:
Նկատված համարյա բոոլոր թերությունների քննադատություններն էլ արդարացի եմ համարում, բայց միևնույն է, կարևորն այն է, որ իրոք լավ պատմվածք է ստացվել և մի փոքր մշակման դեպքում հարյուր տոկոսանոց տպագրման արժանի գործ կարող է դառնալ:

Մարի ջան - միանում եմ Գալին. գրիր հնարավորինս շատ, ու դա քեզ կհղկի, իսկ մեզ էլ ապագա սպասելիք ուրախություններ կբերի:

Ալֆա-մեկ ջան - եթե չալարեմ, երևի այսուհետ քեզ կոչեմ "Ալֆաոնե", - Հանս Հեյնց Էվերսի միստիկական հերոսուհու՝ Ալրաունեի անվանը համահունչ: Ցանկությունն ունեմ սկսած այն պահից, երբ առաջին անգամ կարդացի քո պոէզիան: Այստեղ դու ուղղակի ամրապնդեցիր կարծիքս:

Գալ ջան - չեմ կարող ասել, թե դա իմ պատկերացրած ավարտն էր, բայց դու այնքան վարպետորեն ես ամեն ինչ ասում, որ դառնում ես պատկերացումներ փոխող վարպետ: Ու չգիտեմ անգամ, թե որն է ինձ համար ավելի հետաքրքիր. երբ դու սկսու՞մ ես, պատմվածքը, թե՞, երբ ավարտում ես: Երկու դեպքում էլ վարպետ ես:

Շնորհակալություն բոլորիցդ:

Alphaone
22.01.2013, 06:14
Ո՜նց ոգևորվեցի :)