PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Կարինեն...



Claudia Mori
02.11.2012, 20:38
Արդեն 26 տարեկան աղջիկ էր, բայց նրան չէին ասում՝ Կարինե ջան ե՞րբ ես ամուսնանալու, Կարինե ջան գործերդ ո՞նց են, դասերդ ո՞նց են, Կարինե ջան ո՞նց ես...

Պատմությունը իմ մասին չէ, ուղղակի իրական կյանքից վերցրած այս պուճուրիկ գործի հերոսուհու անունն էլ էր Կարինե, ում այս մի քանի օրը անընդհատ հիշում եմ…Որոշեցի, որ պետք է հավերժացնեմ հիշողություններս, քանի որ արժանի է:

Որտեղ գնում էր գունավոր մալուխներ ու ամուր թելեր էր փնտրում: Բոլորը մտածում էին, թե Կարինեի առողջական խնդիրներն են պատճառը. ինքը պարզապես ուներ մի շարք խնդիրներ, որոնք նրան առանձնացնում էին բոլորից՝ մտավոր հետամնացության նշաններ ուներ ու շատ գեր էր:

Ոչ մեկին չէր հետաքրքրում, թե այդ աղջնակը ինչու է մալուխներ հավաքում, մինչեւ մի սիրուն օր Կարինեն չեկավ մեր բակ, չհայտնվեց մեր շենքի հետնամասում դրված երկաթե սյունի մոտ ու գրպանից չհանեց այդ գունավոր գունդը:

Ինքը պարզապես իրար էր միացրել այդ բոլոր գունավոր կարճ ու երկար մալուխները ու ստացել էր աշխարհի ամենաերկար ու ամենասիրուն պարանը մեզ համար: Այն կապեց սյունից, նստեց հեռվում նայեց մեզ՝ պուճուրիկներիս: Մենք բնազդաբար շարժվեցինք դեպի պարանը՝ «Պիծի մինուտկան» մեր մտքում:

-Կարինե, պարան կգցե՞ս, խաղանք:

Կարինեն ուղղակի ժպտաց ու սկսեց «Գետակից»:

Գալիս էր ամեն օր՝ երեկոյան ժամը 6-ին, գնում էր՝ երեկոյան ժամը 8-ին: Մենք արդեն հալումաշ էինք լինում խաղալուց, բայց չէինք դադարում ու գնալուց Կարինեին ասում էինք.

-Էլի կգաս չէ՞…

Կարինեն նայում էր մեր խնդրող հայացքներին ու ժպտալով գլխով էր անում:

Ու ոչ մեկիս մտքով չէր անցնում շնորհակալություն ասել… որ հիշում եմ, ո՜նց եմ ջղայնանում ինձ վրա…

Հետո Կարինեի հեղինակությունը բարձրացավ մյուս բակերում: Կարինեին գալիս տանում էին բոլոր այն բակերը որտեղ երկաթե սյուն կար: Կարինեն չէր նեղացնում բոլորին ու բոլոր տեղեր էլ հասցնում էր գնալ: Երբեմն քթի տակ ծաղրում էին, բայց ինքը միշտ ժպտում էր...

Մի օր չեկավ, շշուկներ լսեցինք, որ հիվանդ է, տարել են բուժելու…Դրանից հետո էլ չտեսանք…

Այսօր խանութ էի գնացել, երբ դիմացս հայտնվեց Կարինեին շատ նման մի աղջիկ: Քարացա, չմոտեցա՝ վախեցա, որ ինքը չի…մտածեցի, Աստված տա ինքը լինի…

Հուսով եմ դու ողջ ես իմ մանկությանը գունավոր օրեր պարգեւած աղջիկ… Շնորհակալ եմ քեզ…