PDA

Դիտել ողջ տարբերակը : Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները



Tig
24.10.2012, 14:15
Վերջապես...
Մնում է հետևողական լինեն:

Բժիշկների բաց նամակը հասարակությանն ու իշխանություններին (http://hetq.am/arm/opinion/19808/)
11:10, 24 հոկտեմբերի, 2012

Մենք' ֆեյսբուքյան «Բժշկական ազատ անկախ արհմիություն» խմբում միավորված բուժաշխատողներս, արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը առողջապահության ոլորտում տեղ գտած մի շարք բացասական երևույթների կապակցությամբ, որոնք առաջացրել են համընդհանուր անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ թե հիվանդների, և թե բուժաշխատողների մոտ: Առողջապահությունը նախ ինքը պիտի առողջ լինի: Ներկայումս գործող ՀՀ բնակչության բուժօգնության մասին օրենքը, իր անորոշ ձևակերպումներով, արդյունավետ չի կանոնակարգում բուժօգնության համակարգը, չի արտահայտում ո՛չ բուժօգնությունն իրականացնողի, ո՛չ էլ բուժօգնություն ստացողի, հետևաբար ոչ էլ պետության շահերը: Առողջությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ, այն համամարդկային արժեք է բոլորի համար:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարել է առողջապահությունը որպես առաջնահերթություն, և հայտարարել է նպատակային թիրախ' հստակ մրցակցային առավելություն համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում: Միգուցե նաև տիեզերական, ով գիտե: Բայց մեզ առավել հետաքրքրում է մեր ժողովրդին մատուցվող ծառայությունների որակը, ու այդ ծառայությունները մատուցողների վիճակը:

Բոլորը պետք է հասկանան, որ ժողովուրդ - բժիշկ - իշխանություն հարաբերության մեջ բժիշկը միշտ ժողովրդի հետ է և' իր գործով, և կյանքում: Անթույլատրելի է այլ նպատակներով սեպ խրել ժողովրդի և բժշկի միջև' բժիշկներին դարձնելով քավության նոխազներ: Զուտ բժշկական պարտականություններից բացի, այսօր բժշկի ֆունկցիային ավելացել են բժշկական և սոցիալական ոլորտների կառավարման թերությունները ծածկելը' բժշկի սեփական նյարդերի և լրացուցիչ անվճար աշխատանքի հաշվին: Այդ ավելացումների մեջ են նաև ազատազրկման դատապարտվելը որպես քավության նոխազ, և երբեմն հիվանդի և հիվանդատերերի կոպտությունն ու բռնությունը անխոս տանելը: Հարգելինե՛րս, այդքան շատ մատնացույց արվող Հիպոկրատի երդման մեջ նման կետեր ՉԿԱՆ:

Մեր կոչը և համագործակցության առաջարկ է բոլոր շահագրգիռ անձանց, և հստակ գիտակցում, որ այսպես այլևս չի կարելի:

Մենք միայն չենք քննադատում, այլ փորձում ենք գտնել լուծման ուղիներ:

Խնդիրներ և լուծումների տեսլական

Ֆինանսական խնդիրներ

Եթե պետության բյուջեն չի կարող ամբողջ առողջապահական ծախսը վերցնել իր վրա և անխուսափելի են համավճարներն ու վճարները, պետք է ընդունել նաև, որ շատ մարդկանց բյուջեն նույնպես չի թույլատրում նման ծախսեր, և միայն ճարահատյալ են դիմում հիվանդանոց: Արդյունքում մենք չենք կարող ունենալ ժամանակակից բժշկություն, մեր բժշկությունը էքստրեմալ բժշկություն է' պայքար խորացված հիվանդությունների, ծայրահեղ վիճակների հետ: Մենք ռեալիստ ենք ու համընդհանուր գործազրկության պայմաններում չենք հուսում համընդհանուր ապահովագրություն:

Լուծման տարբերակ առաջարկում ենք'

1.Կատարել առողջության վարկավորման ծրագիր' քիչ տոկոսադրույքով, արագացված թղթատարությամբ, նույնիսկ հիվանդանոցում: Գումարը տրվում է ոչ թե հիվանդին, այլ հիվանդանոցին' ծառայության դիմաց: Հետագայում հարաբերությունների կողմեր են հիվանդը, հարազատը կամ երաշխավորը' մի կողմից, բանկը' մյուս կողմից, իսկ ռիսկերը վերցնում է պետությունը, քանի որ բանկը և պետությունը ունեն փողային վիճելի հարցերը կարգավորելու մշակված մեխանիզմներ, ինչը չունեն բժիշկը և հիվանդանոցը:

Եթե մարդը չի կարող միանգամից 100 000 դրամ տալ, միգուցե ի վիճակի լինի ամիսը վճարել10 000: Անվճարունակության դեպքում նման մարդկանց ծախսերի ռիսկերը պետք է վերցնի պետությունը' համապատասխան սոցիալական ծրագրերով, մասամբ կամ լրիվ: Նման ձևով պետությունը կարող է մարել նաև արտոնություններ ունեցող մարդկանց գումարը արդեն առկա սոցիալական ծրագրերից: Բժիշկը սոցիալական վիճակի համար մեղք չունի: Բժիշկը իրեն օրենքով ամրագրված լիազորություններով չունի ոչ հիվանդից համավճար պահանջելու, ոչ պահանջը չիրականացնելու դեպքում ստիպելու, ոչ չվճարելու կամ պետպատվերի վերջանալու դեպքում հիվանդին մերժելու կամ չբուժելու, ոչ վիճարկելի դեպքերում գումար հետ վերադարձնելու իրավական գործառույթներ: Մենք բժիշկ ենք' առանց գանձապահի կամ կատարածուի ֆունկցիաների, թողեք մեր գործով զբաղվենք:

Անհասկանալի է, որ բժիշկը (և հիվանդանոցը) նույն հիվանդությունը բուժելու համար ստանում է տարբեր վարձատրություն' պետպատվերի արտոնություն ունեցող հաշմանդամության խումբ ունեցող հիվանդից (ով համավճար չի վճարում) 11.500 դրամ, չունեցողից' 23.500 դրամ: Ինչու՞, ո՞րն է տրամաբանությունը: Իրականում բժիշկը և հիվանդանոցը հաշմանդամին բուժելու համար ավելի մեծ ջանք ու ծախս են անում: Օրինակ' դիաբետով հիվանդին վիրահատելու դեպքում ավելանում են հակադիաբետիկ, մետաբոլիկ, սիրտանոթային դեղորայքները, կատարվում են մեծ քանակի լրացուցիչ բիոքիմիական անալիզներ, ԷՍԳ, էնդոկրինոլոգի, թերապևտի, ակնաբույժի կոնսուլտացիաներ ու հսկողություն, վերքերի ուշ լավացման ու բարդությունների պատճառով երկարատև հոսպիտալիզացիա, կրկնակի միջամտություններ, և այդ ամենը թողնվում է բժշկի և հիվանդանոցի ուսերին: Նույնը կարելի է ասել սիրտ-անոթային, երիկամային, թոքային և այլ հիվանդություններ ունեցողների կապակցությամբ: Արտոնություն ունեցող հիվանդը պիտի անվճար բուժվի պետության, ՈՉ ԹԵ բուժող բժշկի (և հիվանդանոցի) հաշվին:
Կամ ինչու պիտի բժիշկը ընդհանրապես պետական վճարից կրկնակի ավելի քիչ վճարվի, քան հիվանդի վճարածից: Ինչու է այդքան անիմաստ բարդացվել վճարման համակարգը, փոխանակ միջինացվելու:

Նույնը վերաբերվում է մարզային բժիշկներին: Մարզերում վճարների չափը 2-3 անգամ քիչ է Երևանի հիվանդանոցների վճարներից: Քանի որ տոկոսները նույնն են, մարզային բժիշկները ստանում են նույն աշխատանքի համար նույնքան անգամ քիչ, աշխատելով առավել բարդ աշխատանքային և սոցիալական պայմաններում: Համաձայն ենք, որ մարզերում ժողովրդի վճարունակությունը քիչ է, բայց միգուցե մարզերում տոկոսները բարձրացվեր: Այսօր մարզային բժշկությունը դեռ մի կերպ յոլա է գնում նախկին սովետական կադրային քաղաքականության վերջին մոհիկանների հաշվին, բայց աղետը մոտ է: Պետք է գոնե շտապ վերանայել առկա արժեքներն ու տոկոսները, որևէ իմաստ թողնելով մարզերում աշխատելու համար:

2. Բժշկի նվազագույն աշխատավարձ համարել ոչ թե 50 000, այլ գոնե 200 000 դրամը: Եթե համապատասխան տոկոսներից գոյացած գումարը գերազանցում է նշվածը, պարզ է որ պետք է վճարել: Նման մեխանիզմով աշխատելու դեպքում հիվանդանոցը ինքը շահագրգռված կլինի գոնե մինիմում ծավալով ապահովել բոլոր բժիշկներին աշխատանքով, ինչը առավել կարևոր է նորավարտ բժիշկների կայացման, իրենց մինիմալ կենցաղային խնդիրները լուծելու և արտագաղթի կասեցման համար, և աշխատավարձի երբեմն տասնյակ անգամ գերազանցող տարբերություններ նույն հիվանդանոցում չեն լինի:

Այն բուժաշխատողները, ովքեր աշխատում են ֆիքսված աշխատավարձով (նաև բուժքույրերն և մայրապետերը), չեն վճարվում ավելացած աշխատանքային ժամաքանակի համար:

Մենք չենք ուզում խոսել առանց ապացույցների, սակայն դեռ կան թերի աշխատավարձի ստացման դեպքեր:
Պոլիկլինիկայի բժիշկների վարձատրման չափը ուղղակի խայտառակություն է: Նեղ մասնագետ չի նշանակում նեղ կենսապայմաններով մասնագետ. ևս մեկ անգամ հիշեցնենք, որ պոլիկլինիկայի նեղ մասնագետի աշխատավարձը կասզմում է 30-40 հազար դրամ: Շուտով պոլիկլինիկաներում ակնաբույժը, հոգեբույժը, նյարդաբանը և այլ մասնագետներ դառնալու են էկզոտիկա:

Մանկաբույժները, նեոնատոլոգները ընդհանրապես վերանում են նման վճարային համակարգի հետևանքով: Շրջանում մեկ երեխայի հետծննդյան բուժօգնության համար մանկաբույժն ստանում է պաղպաղակի գումար' 400-600դրամ:
Անեսթեզիոլոգները, վիրաբույժները առավել ցայտուն են զգում իրենց իրավական անպաշտպանությունն ու մասսայաբար արտագաղթում են: Որ մեկն ասես:

...շարունակելի

Tig
24.10.2012, 14:16
...շարունակություն

Իրավական խնդիրներ

Մշակել կոշտ պատժաչափ և դրա գործելու մեխանիզմներ' ծառայողական պարտականություններ կատարելիս բժշկին խանգարելու կամ վնասելու վերաբերյալ.

Այս պահանջին կարելի է հասնել ընդամենը ՀՀ Օրենսգրքում Հոդված 316-ում ավելացնելով փրկարար և բժիշկ բառը: Այսպիսով առաջարկում ենք օրենքը վերաձևակերպել այսպես'
Հոդված 316. Իշխանության, փրկարարական և բժշկական ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը'

1. Իշխանության ներկայացուցչի, փրկարարի և բժշկի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին, փրկարարին և բժշկին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Իշխանության ներկայացուցչին, փրկարարին և բժշկին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

5. Սույն հոդվածը հավասարաչափ գործում է, երբ բռնություն է գործադրվում փրկարարի և բժիշկի հանդեպ' իր ծառայողական պարտականությունները կատարելիս, երբ դրա արդյունքում տուժում է փրկարարական կամ բուժօգնություն ստացողը' փրկարարի կամ բժշկի գործունեության խափանման հետևանքով:

Այս հարցի հետ կապված' միաժամանակ կոչ ենք անում պարգևատրել հետմահու' շտապ օգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին (ք. Գյումրի), ով չի դադարել կատարել իր ծառայողական պարտականությունները' անգամ իր հանդեպ բռնություն կատարվելուց հետո:

Բժշկին տրվող պատժաչափի կանոնակարգում

ա) Հստակեցնել բժշկական ՍԽԱԼ և ՀԱՆՑԱՆՔ հասկացությունը և այն լուսաբանել ԶԼՄ-ներում, հասկացնելով, որ այն տարբեր երանգ ունի, և մի մասն անխուսափելի է' տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Անել քայլեր' բժշկի աղավաղված անունը վերականգնելու համար (նաև ԶԼՄների միջոցով):
Առավել հստակ լինելու համար ներկայացնենք գերմանական օրենքում բժշկական հանցանքի դասակարգումը.
- Կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
- Ոչ կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
- Բժշկական օգնություն չցուցաբերելը
- Բժշկի օգնությամբ հիվանդի ակտիվ ինքնասպանություն (էֆթանազիա)
- Ֆինանսական հափշտակում (օր. հիվանդության կեղծ ծանրացում ավելի մեծ վճար գանձելու համար, չարված կամ ցուցում չունեցող դիագնոստիկայի կատարում լրացուցիչ շահույթ ստանալու համար և այլն)
- Բժշկական տվյալների (օր. դիագնոզի) կամ ոչ բժշկական տվյալների (օր. բժշկական գործունեության հետ կապված եկամուտի, սոցիալական վճարների և այլն) կեղծում
- Բժշկական գործունեության հետ կապված կաշառք կամ օրենքով չթույատրված այլ նյութական արժեքներ վերցնելը
- Բժշկական գաղտնիքի հրապարակում բացի օրենքով չարգելված դեպքերից:
Օրենքը յուրաքանչյուր դեպքի համար սահմանում է որոշակի հստակ պատիժ:

բ)Բժշկական սխալի համար բժշկից ստորագրություն վերցնել չբացակայելու համար' մինչ դատավճիռ, ոչ թե ձերբակալել (խոսքը չի գնում կանխամտածված կերպով ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ մահ պատճառելու մասին): Միաժամանակ չխանգարել բժշկին' կատարել իր գործունեությունը այդ ընթացքում' աշխատանքային և մարդկային դրական բնութագրերի, համապատասխան որակավորման և կոլեգաների երաշխավորման առկայության դեպքում: Առավել գործուն և օգտակար է բժշկական կառույցներում, քննարկումներում և ամսագրերում սխալների օբյեկտիվ վերհանումն ու քննարկումը' հետագա սխալներից խուսափելու և թերությունները շտկելու համար: Փորձված բժշկին մեկուսացնելուց ամենաշատը տուժում է հենց հասարակությունը: Պետք է վերջ տալ բժշկին մի կողմ շպրտելու, զոհաբերելու երևույթին:

գ) պատժաչափի տեսակ ընդունել կամ առավել հաճախակի կիրառել բժշկին մասնագիտական լիազորությունից ժամանակավոր զրկելը կամ նրա ֆունկցիայի նվազեցնելը' թույլատրելով աշխատել ավելի կրտսեր պաշտոնի, մինչ նորից լիցենզիոն հանձնաժողովի (դրա ֆունկցիաներն էլ է պետք ակտիվացնել) ատեստավորում անցնելը:

դ) Բացառիկ ծանր դեպքերում, երբ բժշիկն ազատազրկվում է առանձնակի ծանր (բայց ոչ կանխամտածված) սխալի համար, ազատազրկման վայրում բժշկին տրամադրել հնարավորություն բուժաշխատողի գործառույթ կատարել (բուժակ, հնարավորության դեպքում' բժիշկ ընդհանուր պրոֆիլի):

Պետք է ներդնել ապահովագրություն ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ դեմ' ԱՊՊԱ-ի նման, բայց իր առանձնահատկություններով: Բժշկի ՆՈՐՄԱԼ աշխատավարձից ապահովագրական վճարը գանձելով պետք է ձևավորվի ԲԺՇԿԱԿԱՆ ՖՈՆԴ, որից գնալու են և՛ հիվանդին ֆինանսական հատուցումները, և՛ բժշկական հաշտարարի վճարը:

Մասնագիտական բժշկական սխալի համար պետք է տուժողին ֆինանսապես հատուցել' այնուամենայնիվ հասկանալով, որ դա չի փոխհատուցում ֆիզիկական, բարոյական և հոգեկան վնասը: Այդ հատուցումը պետք է ՊԱՏՇԱՃ լինի, որը սակայն բժշկի գրպանով հնարավոր չէ (անգամ եվրոպական չափանիշով վարձատրվելու դեպքում էլ, քանի որ հատուցումը, իրոք, պետք է զգալի լինի): Իսկ բժիշկն անսխալ չէ, քանի որ կան սխալներ, որոնցից խուսափել շատ դժվար է (անատոմիական հազվագյուտ առանձահատկություններ, դեռ չպարզված հիվանդություններ), հատկապես ԹԵՐԻ հետազոտական և բուժական միջոցներով հագեցվածության պայմաններում: Դա թերևս նույնքան անհրաժեշտ է և ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿԻՆ, քանի որ բուժհիմնարկն էլ է պատասխանատու իր աշխատողի մատուցած ծառայության սխալի կամ թերության համար:

Անհասկանալի է' ինչպիսի բժշկագիտություն է ընդունված հիմա մեզ մոտ. սովետական, եվրոպական, ամերիկյան թե զուլու ցեղախմբի: Դրանց ցուցումներն ու մեթոդները բավականին հակասական են, ու երբ չկան չափորոշիչներ և պրոտոկոլներ, վիճարկելի դեպքերում հղումը համապատասխան երկրների փորձին, ձեռնարկներին չունի ապացուցողական բնույթ ու կարող է տարատեսակ մեկնաբանվել: Անհասկանալի է նաև, թե ինչի հիման վրա են գրվում դատաբժշկական եզրակացությունները, եթե որևէ օրինական ընդունված հիմք չկա, օրինակ բուժական մեթոդների վերաբերյալ: Բուժական մեթոդները(օրինակ վիրահատությունները, միջամտությունները) դեղորայքից պակաս ազդեցիկ չեն, անհասկանալի է միայն դեղորայքը կարգավորելու, լիցենզավորելու միակողմանի մոտեցումը: Նման չափորոշիչները արտասահմանում գրվում են հսկայական ստատիստիկ տվյալների, ծախսատար հետազոտությունների, փորձարարական բժշկության նվաճումների արդյունքում, ինչը մեր երկրում դժվար է իրականացնել: Առավել իրատեսական է հեծանիվ հնարելու փոխարեն վերցնել որևէ մոդել' վերապատրաստումներով կարճ ժամկետում ներդնելով մեր բժշկության մեջ:

6. Սովետական մնացուկ է մեր բժշկական թղթարարությունը: Պետք է օպտիմալացնել բժշկի աշխատանքը, ներդնել համակարգչային համակարգեր: Այսօր չունեն համակարգչային փաստաթղթավորում մի քանի աֆրիկյան երկիր ու Հայաստանը: Դրանով կկարգավորվեն նաև տվյալների բազաները, պետության վերահսկողության օպերատիվությունը:

7.Անհրաժեշտ է ստեղծել անկախ բժշկական մասնագիտական խորհրդատվական կենտրոններ' անհրաժեշտության դեպքում հիվանդին կամ դատարանին եզրակացություն տրամադրելու համար: Թող դրանք ունենան նաև ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ նմանատիպ ֆունկցիաներ:

Այդ կենտրոնի մեր պատկերացրած մոդելը մոտավորապես այսպիսին է' այն բժիշկների և իրավաբանների խումբ է (ինչպես որ ֆինանսական հաշտարարի դեպքում ֆինանսիստների և իրավաբանների խումբն է), որի ֆինանսավորումը պիտի պետականորեն կատարվի, ինչպես որ պետական փաստաբանի ծառայությունը: Այդ կենտրոնի աշխատակիցները պիտի տիրապետեն օրենքի իմացությանը' համապատասխան ոլորտում, և ուղղորդվեն ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՎ' չմոռանալով, որ հնարավոր է լինեն բացառություններ սովորական դեպքերից: Նրանց կարող են որպես խորհրդական լինել հանրապետության գլխավոր մասնագետները:

Իհարկե, դրանով կարող է դիմորդը չբավարարվել, և կարող է վարձել կամ դիմել իր ուզած մասնագետին (ինչպես օրինակ վարձում են մասնավոր փաստաբան):

...շարունակելի

Tig
24.10.2012, 14:17
...շարունակություն

Սոցիալական խնդիրներ

ա. Պետական և մասնավոր ապահովագրությունները սպասարկող անձը 'բժիշկը, չունի ապահովագրություն: Ինչի՞ է նման, երբ բժիշկը սեփական կամ հարազատի վիրահատության կամ լուրջ հիվանդության բուժման համար գումար չունի, կամ աշխատանքային պայմաններում բուժաշխատողի ստացած բոլոր տիպի վնասվածքների և հիվանդությունների, տուբերկուլյոզի, հեպատիտի և ՄԻԱՎ-ի վարակի դեպքում ինքը միայնակ պիտի կրի ամբողջ ծանրությունը: Պահանջում ենք բուժաշխատողների համար անմիջապես ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն:
բ. Բուժաշխատողի աշխատանքային գործունեության, հանգստի, սննդի և հիգիենիկ պայմանների իրական ապահովում (համապատասխան տարածք, գույք, աշխատանքային գրաֆիկ):

Առողջապահության որակի բարձրացում

ա) Բժշկի մասնագիտական շարունակական կրթությունը նրա անձնական պարտականությունն է: Այնուամենայնիվ բուժհիմնարկը պետք է բազմակողմանիորեն նպաստի այդ գործընթացին: ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք պահպանել աշխատողի աշխատավարձի վճարումը առանց ընդհատման, եթե վերապատրաստման կուրսի տևողությունը մեկ օրացուցային ամսից չի անցնում և մասնագիտական ուղղվածություն ունի, անգամ եթե վերապատրաստումը Հայաստանում չէ և պետական չէ: Պահպանել աշխատողի աշխատատեղն առանց աշխատավարձի վճարման, եթե վերապատրաստման կուրսի տևողությունը մեկ ամսից ավելի է, սակայն չի անցնում վեց օրացուցային ամսից:
Պետությունը պահանջում է մոտ 5 տարին մեկ անցնել վերապատրաստում 4 շաբաթով, որն արժե մոտ 54 հազար դրամ (բերված է ԲԿ ԱԻ-ի 4 տարի առաջ գործող գինը): Իսկ ինչու՞ պիտի բժիշկն ինքը միայն վճարի, երբ դա հիվանդի և հիվանդանոցի, նաև պետության համար է: Անհասկանալի է նաև այն տրամաբանությունը, որ այդ վերապատրաստումը բժիշկը պիտի անցնի իր իր արձակուրդի կամ չվճարվող արձակուրդի հաշվին (խոսքը չի վերաբերվում մեկ ամսից ավելի տևող և բուժհիմնարկի հետ չհամաձայնեցված վերապատրաստմանը): Նույնիսկ երբ բժիշկը իր ուժերով գտնում է միջազգային ծրագրեր և մեկնում է վերապատրաստման, փոխանակ դրա համար նա խրախուսվի, մի բան էլ իր հաշվից է վերցնում արձակուրդը, քանի որ պատճառաբանվում է, թե վերապատրաստումը ոչ պետական է: Ցավոք, պետությունը չի խրախուսում նման ձգտումները:

բ) դադարեցնել ձևական վերապատրաստումները' խիստ հսկողություն սահմանելով պայմանների իրական կատարման ուղղությամբ: Էական է ոչ թե թուղթը, այլ գիտելիքը:

գ) վերապատրաստումից և բժշկի գիտելիքներից ու հմտությունից բխող խրախուսումների' աստիճանակարգերի և լրացուցիչ վճարումների համակարգի ներդրում:

դ)Բժշկին հնարավորություն տալ հիվանդի բժշկմամբ պատշաճ զբաղվելու' վերջ տալով «ԴԻԲԱԶՈԼԱՅԻՆ» բժշկությանը: Դրանով պետականորեն վնաս է հասցվում բնակչության առողջությանը, ինչպես նաև' բժշկի վարկանիշին, քանի որ հնարավոր չէ նման ճահճացած մոտեցմամբ հաջողություն ունենալ, և բժշկի անունը բարձր պահել: Ստիպում եք բժշկին ակամայից ներգրավվել հիվանդին հիմարացնելու գործընթացի մեջ:

Այլ խնդիրներ

ա) Համակարգում կիրառվող դեղորայքի մի մասը վաղուց չի կիրառվում նորմալ երկրներում' դրանց ՎՆԱՍԱԿԱՐության պատճառով (այնինչ հիվանդանոցներում և հատկապես շտապ. օգնության համակարգում շարունակվում են դեռ կիրառվել նախնադարյան դեղորայքներ' անալգին, դիբազոլ, պապավերին...): Դեղորայքների մի մասն էլ, որ էժանագին են (վիտամիններ և այլն), որ ուղղված են նշանակման թերթիկը լցնելուն' ավելի շատ հիվանդի վրա տպավորություն թողնելու, քան իրական բժշկման համար: Միաժամանակ, արտասահմանում կիրառվող դեղորայքների մեծ մասը անհասանելի է մեր հիվանդների' ֆինանսական անհասկանալի "հասկանալի" պատճառներով:

բ) Անհասկանալի են մնում ստացիոնար բուժման, ինչպես նաև դժվարամատչելի հետազոտությունների ՊԵՏՊԱՏՎԵՐԻ «ժամանակից շուտ վերջանալու» երևույթը ' հատկապես ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ բուժօգնության համար կոմպյուտերային տոմոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի և կորոնարոգրաֆիայի հարցում:
ԵՐԲԵՔ հնարավոր չէ արդիական բժշկությունով զբաղվել, առանց վերոհիշյալների: ՊԱՐՈՆԱՅՔ, ֆինանսական կառավարման թերությունը ՄԵՆՔ' բժիշկներս «կոմպենսացնել» չենք կարող, ինչքան էլ մեր էներգիան և ուշադրությունը կրկնապատկենք: Ի՞նչ անենք հիմա... հիվանդին ասենք, թե ԿՏի հնարավորություն չունենք, թե՞ ասենք, որ նրանք այն վճարովի անցնեն: Երկուսի իրավունքն էլ մենք չունե՛նք: Աստված ոչ անի, բայց փորձանք առաջանալու դեպքում ոչ մի իշխանավոր չի կանգնի բժշկի կողքին, այլ ՀԱԿԱՌԱԿԸ, կներկայացվի, որ իրականում ԿՏ-ի հնարավորություն կա, և բժիշկը պարզապես ոտնահարել է հիվանդի իրավունքները: Հասկանալի ՉԷ այդ փոքրոգիությունը... Չէ՞ որ հիվանդի թերհետազոտումը և թերբուժումը ՈՉ ՄԻԱՅՆ վնասում է հիվանդին, այլ նաև բուժող բժշկին' ոչ միայն իջեցնելով հիվանդների վստահությունը բժիշկի մասնագիտության հանդեպ, այլև բժշկին կանգնեցնելով իրավական խնդիրների առջև: Միաժամանակ արժե իմանալ, որ ճիշտ ախտորոշել և բուժել չկարողանալը' միջոցների պակասի պատճառով, բժշկի մոտ առաջացնում է մտավոր գերլարում և հոգեբանական լուրջ ապրումներ' խղճի և ափսոսանքի զգացման պատճառով:

գ) Ներկայումս խիստ անհրաժեշտ է հիվանդանոցային բժշկական սպասարկման մեջ վերականգնողական բժշկության դերը: Շատ դեպքերում հիվանդին վաղ ցուցաբերված ճիշտ վերականգնողական բուժումը ավելի օգուտ է տալիս, քան դեղորայքային ամենաթանկ բուժումը: Հետևաբար, խիստ անհրաժեշտ է հատկապես վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական և նյարդաբանական բաժանմունքներում ավելացնել ԱՐԴԻԱԿԱՆ կրթություն ստացած վերականգնողական մասնագետների հաստիքներ'կինեզոլոգ, ֆիզիոթերապիստ, ինչպես նաև լոգոպեդ: Նաև ծանր հիվանդների խնամքի ապահովման համար պետք է ավելացնել բուժքույրերի կամ հատուկ վերապատրաստում անցած մայրապետերի քանակը: Հարազատների սրտացավ վերաբերմունքը ԵՐԲԵՔ չի կարող փոխարինել մասնագետի ՃԻՇՏ աշխատանքին' հատուկ խնամք ունեցող հիվանդների խնամելու և վերականգնողական բուժման հարցում: Այդ հարցում մենք ԽԻՍՏ ուշացել ենք:

դ) Անհրաժեշտ է նաև լուսավորչական լայն աշխատանք կատարել բնակչության շրջանում' հատկապես հեռուստատեսությամբ, հիվանդների' ժամանակին պոլիկլինիկա կամ ստացիոնար դիմելու նպատակով:
Արդեն հայկական սովորություն է դարձել օրերով կամ շաբաթներով զսպել ցավն ու հիվանդությունը' հուսալով, որ այն կանցնի, և չգիտես ինչու, երկու շաբաթ հետո միայն գիշերվա ժամը 4-ին են հասկանում, որ իրենց մոտ բարելավում չի գնում: Դիմելով կեսգիշերին, երբ հիվանդանոցի մասնագետների և հետազոտման հնարավորությունների քանակը անհամեմատ սակավ է աշխատանքային ժամերից, հիվանդները զարմանում կամ ցասումով են լցվում, որ բժիշկները օժտված չեն աստվածային շնորհով' իրենց արագ բուժելու-փրկելու հարցում:

Բուժհիմնարկներում, ուր առկա է վերակենդանացման, վնասվածքաբանական, այրվածքային, ծննդաբերական, կամ սրտաբանական բաժանմունքներ, ՊԱՐՏԱԴԻՐ դարձնել շուրջօրյա ոստիկանական (կամ պարեկային) ծառայությունը: Բավակա՛ն է աչք փակել բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող բռնությունների վրա:

Ելնելով վիճակի վերաբերյալ խոր մտահոգությունից' մենք, այս նախաձեռնությանը միացած բուժաշխատողներս, պահանջում ենք մեր պետությունից, մասնավորապես ՀՀ Ազգային Ժողովից և կառավարությունից, անհապաղ ձեռնարկել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ուղղված վերոհիշյալ խնդիրների լուծմանը: Միաժամանակ խնդրում ենք բոլոր պետական և հասարակական կազմակերպություններին' զորավիգ լինել մեր կոչին և բոլոր հնարավոր միջոցներով նպաստել անհրաժեշտ քայլերի կատարմանը:

Պահանջում ենք արագ վերակառուցում առկա ռեսուրսների սահմանում' ձերբազատվելով անհասկանալի շոուներից և վնասակար դեղորայքներից, ինչպես նաև արագ կերպով ձեռնարկել արդիականացման քայլեր:

ՀԻՄՆՈՎԻՆ վերակառուցել ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ' նրան ավելի լայն գործառույթներ շնորհելով:
Արհմիության գործունեությունը մարտի 8 և Նոր Տարի շնորհավորելուց, սգո ծաղկեպսակ տանելուց ՊԵՏՔ է անցնի նաև բուժաշխատողի շահերի ԻՐԱԿԱՆ պաշտպանությանը: Արհմիությունը պետք է իրական հակակշիռ լինի, որպեսզի կողմերի շահերի բախումներից ու կոմպրոմիսներից ծնվեն փոխշահավետ լուծումներ:

Պահանջում ենք խաղի կանոններից անցնել սահմանադրական օրենքներից բխող լիարժեք և ՀՍՏԱԿ մշակված օրենքների ընդունմանը և դրանց իրական կիրառմանը' ի պաշտպանություն մեր բուժաշխատողների և ի շահ մեր հասարակության:

Հարգանքներով' «Բժշկական Ազատ Անկախ Արհմիություն»-ում միավորված բուժաշխատողներ

Աղբյուր՝ hetq.am

StrangeLittleGirl
25.10.2012, 22:41
Կեցցեն: Վերջապես ուշքի էկան: Մի օր սա տեղի էր ունենալու: Մնում ա՝ հետևողական լինեն, որ ամեն ինչ ճիշտ հունով ընթանա, թե չէ իրոք արդեն սարսափելի ա բժշկի վիճակը

Tig
09.11.2012, 20:05
http://www.youtube.com/watch?v=8IRGxSEQ2ro&list=UUJAgQoem7xNQLQ1rEKPrjVQ&index=1&feature=plcp

Tig
16.01.2013, 13:47
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=vgPXKw95voQ

Tig
28.01.2013, 22:04
Նախագահը կօգնի՞ ատամնաբույժներին (http://lurer.com/?p=72518&l=am&fb_action_ids=10200430597585077&fb_action_types=og.likes&fb_ref=.UQa17ZNzJKw.like&fb_source=timeline_og&action_object_map={%2210200430597585077%22%3A403262703097211}&action_type_map={%2210200430597585077%22%3A%22og.likes%22}&action_ref_map={%2210200430597585077%22%3A%22.UQa17ZNzJKw.like%22})
2013-01-28 20:07:09

«Դե, ի՞նչ ա էղել որ, ամիսը 3000 դոլար փող են աշխատում, թող մի 200 դոլար էլ հարկ մուծեն»,- ոչ պաշտոնական քննարկումներում այսպես էր մեկնաբանում ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Արտոնագրային վճարների մասին» օրենքն ու ատամնաբուժական յուրաքանչյուր բազկաթոռի համար մտցված 80 հազար դրամ վճարը: Օրենսդիր մարմնում բոլոր հարցերը լուծող ՀՀԿ խմբակցությունում նստած առողջապահության ոլորտի գլխավոր գիտակի նման մոտեցումն էլ, ըստ երևույթին, դրվել է այս օրինագծի հիմքում և «օգնել» դրան առնչված մեր օրենսդիրներին ու գործադիրներին՝ «ճիշտ կողմնորոշվել»:

Ատամնաբույժների աշխատած «հազարավոր դոլարները», երևի թե, հանգիստ չեն տվել նաև նախարար Դումանյանին, ով ևս «Արտոնագրային վճարների մասին» օրենքի կնքահայրերից մեկը պետք է լինի և ում գիտությամբ ու թողտվությամբ էլ, հավանաբար, օրենքն ընդունվել է՝ առանց ատամնաբույժների հետ նախնական քննարկումներ անցկացնելու:

Դեռևս ամբողջությամբ չհաստատված, բայց արդեն իսկ շրջանառվող լուրերի համաձայն, ատամնաբույժների գլխին կախված «դամոկլյան սուրը» բռնողներից մեկն էլ Սամվել Ալեքսանյանն է: Ասում են՝ ատամնաբույժների դեմ կազմակերպված «դավադրության» հիմնական նպատակը այստեղ ևս մոնոպոլիա մտցնելն է. անտրամաբանական վճարների պատճառով բազմաթիվ կլինիկաներ կփակվեն, բազմաթիվ ատամնաբույժներ՝ հատկապես լավագույն մասնագետները, որոնք ավելի քան վստահ են իրենց մրցունակության վրա, կարտագաղթեն, որից հետո, ըստ երևույթին, կբացվեն նոր կլինիկաներ՝ մոնոպոլիստին պատկանող կլինիկաների ցանց, որտեղ արդեն մնացած ատամնաբույժները՝ որպես վարձու աշխատողներ, ստիպված կլինեն աշխատել գրոշների դիմաց: Ընդունված օրենքով էլ սրա օգտին խոսող որոշ փաստարկներ կան. 4 և ավելի ատամնաբուժական բազկաթոռ ունեցող կլինիկան կարող է 80 հազարի փոխարեն վճարել 46 հազար դրամ: Ալեքսանյանն իրեն պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնում արդեն իսկ մեծ ատամնաբուժարան է բացել՝ երևի թե, դեռ առաջինը «Նատալի Ֆարմ»-ի հետագա «պլաններում»: Եթե այս վարկածը հաստատվի և ալյուրի, շաքարավազի, անասնակերի և մյուս մոնոպոլիաներին զուգահեռ Ալեքսանյանին հաջողվի իր «մուրազին հասնել» նաև ատամնաբուժության՝ ավելի քան եկամտաբեր բիզնեսում, ապա Սամվել Ալեքսանյանին այսուհետ «Հայաստանի թիվ մեկ օլիգարխի» փոխարեն կարելի կլինի կոչել պարզապես «Հայաստանի հզորագույն անձնավորություն»:

Սամվել Ալեքսանյանի, Արա Բաբլոյանի, Դերենիկ Դումանյանի հետ, թե առանց նրանց, Հայաստանում գործող 10-12 հազար ատամնաբույժներն այսօր հայտնվել են ավելի քան աննախանձելի վիճակում: Թե ինչպե՞ս է նախագահի կողմից ստորագրվելիք օրենքներին «դաբրո» տվող Վիկտոր Դալլաքյանը (Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ) վրիպել և թույլ տվել, որ Սերժ Սարգսյանը նման օրենք ստորագրի, զարմանալի է, սակայն ատամնաբույժները դեռ մինչև վերջ չեն հուսալքվել և ասում են, թե իրենց միակ երաշխիքը նախագահն է, իրենք պետք է կարողանան նախագահին բացատրել ընդունված օրենքի վտանգավորությունը, քանի որ նման սխալ թույլ տվածներից և ոչ մեկը չի գնա ու խոստովանի, թե ատամնաբույժների հետ քննարկում չեն կազմակերպել, ո՞նց արդարանան, թե էդպիսի կոպտագույն սխալ են արել:

Շաբաթ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում շուրջ 1200 ատամնաբույժներ՝ հիմնականում կլինիկաների տնօրեններ, հավաքվել էին հենց այդ նպատակով՝ հասկացնելու, որ եթե օրենքը չվերանայվի, հանրապետությունում գործող 10-12 հազար ատամնաբույժներ (նրանց կողմից կերակրվող ընտանիքներն էլ հաշված՝ մոտ 50 հազար հոգի) կհայտնվեն ծանր վիճակում: Ատամնաբույժները հատկապես վիրավորված են այն փաստից, որ իրենց մի տեսակ դուրս են շպրտել բժիշկների շարքից և, որ հատկապես ստորացուցիչ է 10 տարի և ավելի բժշկական կրթություն ստացող այս մասնագետների համար, ատամնաբուժարանները հավասարեցրել են խաղատների, բիլյարդի, թենիսի սեղանների, վարսավիրանոցների հետ:

«Նույնացնելով զեխության հետ և մարդասիրական գործունեության նկատմամբ արհամարհանք դրսևորելով՝ միևնույն ժամանակ տարանջատել են ատամի պահպանման համար կիրառվող ռենտգենի, վիրաբուժական և մյուս ծառայությունները: Միգուցե բամբակի, թքամանի և ատամի սրսկման համար և՞ս առանձին վճար պահանջեն: Ինչո՞ւ բազկաթոռ կամ սեղան, այլ ոչ թե գյուղամեջի գերան կամ ութոտնուկ, ինչո՞ւ 80 հազար դրամ և ոչ թե՝ 800 հազար: Առողջապահությունը հավասարեցրել են հաճույքին ու զվարճանքին»,- այս և այլ բովանդակությամբ տարբեր ելույթներ կարելի էր լսել բորբոքված ատամնաբույժներից: Հատկապես մեծ ոգևորություն առաջացրեց բժիշկներից մեկի՝ Մարո Մկրտչյանի ելույթը: Բժշկուհին հայտարարեց, թե իրենք են մեղավոր, քանի որ լուռ, առանց որևէ մեկին ասելու, տրտնջալու, բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարելով կայացրել են ոլորտը. «Բազմիցս հարկայինի աշխատողներն ասել են՝ ինչի չգիտե՞նք, թե պլոմբն ինչ գումարով եք դնում, ինչի չգիտե՞նք՝ իմպլանտն ինչքանով եք դնում: Իսկ չգիտե՞ն՝ ինչ է, թե որքան ատամնաբույժներ են այս տարիներին դիմել դեսպանատներ՝ երկրից հեռանալու, որքան ատամնաբույժներ վարկեր ունեն բանկերում, որքան ատամնաբույժներ են պարտքով նյութեր վերցնում խանութներից: Գիտե՞ն, թե ինչ դժվարությունների միջով ենք անցել, ինչպես են մեր ծնողները վաճառել իրենց ունեցածը մեզ կրթություն տալու, հետո էլ աշխատանքի համար պահանջվող նախնական ներդրումներն ապահովելու համար»:

Բժիշկները կանխատեսում են, որ օրենքի գործադրման դեպքում վարձակալությամբ գործող ատամնաբուժարանները կփակվեն, մտցված վճարների և տույժերի պատճառով (ՀԴՄ «չխփելու» դեպքում տուգանքը հասցվել է 500 հազար դրամի՝ էլի, ըստ երևույթին, տնտեսվարողներին պարզապես սնանկացնելու նպատակով) մի կերպ գոյություն պահպանածները ևս կհայտնվեն վտանգի տակ: Այս օրենքով երևի թե խաչ քաշվի նաև վերջին տարիներին բավական լայն թափ ստացած «դենտազբոսաշրջության» վրա: Հայաստանը խորհրդային երկրների շարքում այսօր առաջատար է թե՛ իր մասնագետներով, թե՛ տեխնիկական հագեցվածությամբ: Բազմաթիվ տուրիստներ նախընտրում են հենց Հայաստանում լուծել իրենց ատամների հետ կապված հարցերը: Ընդունված օրենքով՝ առանձին վճարներ են սահմանվել նաև ատամնապրոտեզների սեղանների համար, իսկ մեկ պրոտեզը մինչև ավարտուն տեսք ստանալը մի քանի սեղան է անցնում, ինչը, բնականաբար, կբերի նաև ատամնատեխնիկական ծառայությունների առնվազն եռակի թանկացման, այնպես որ նման ծախսերի դեպքում այլևս անիմաստ կլինի Հայաստան գալը՝ հաշվի առնելով, որ տուրիստն ատամները բուժելու ընթացքում գումար է ծախսում նաև հյուրանոցի, սննդի և այլ հարցերի վրա:

Ատամնաբույժներն ասում են, թե լավագույն մասնագետները միանշանակ կարտագաղթեն (բորբոքված ատամնաբույժներից շատերն են ասում, թե սա դիտավորյալ է արված՝ իրենց արտագաղթը կազմակերպելու համար), ինչի պատճառով երիտասարդները կզրկվեն ավագ մասնագետների օգնությունից: Երիտասարդներին, սակայն, կլինիկաներն այլևս շահագրգռված չեն լինի աշխատանքի ընդունել, ինչը նշանակում է, որ նրանց ևս ուղիղ օդանավակայան ենք ուղարկում: Այս փոփոխությունների դեպքում (եթե հանկարծ ու նախագահն էլ սրա դեմը չառնի) ատամնաբուժական ծառայությունների գների կտրուկ բարձրացմանը զուգընթաց կընկնի նաև որակը (հիմա իրենց հարգող ատամնաբույժները միմիայն բարձրորակ, թանկարժեք նյութեր են օգտագործում. հարկային փոփոխությունների դեպքում, եթե ատամնաբույժները ցանկանան շարունակել նույն ոգով, ապա նույն ծախսերի պարագայում՝ հարկեր, կոմունալ վճարումներ, աշխատակիցների աշխատավարձեր (բուժքույր, հավաքարար), նյութեր, գործիքներ, պարզապես կսնանկանան):

Որ ցանկացած ոլորտում պետությունը պետք է որոշակի կարգուկանոն մտցնի և հարկ եղած դեպքում անհրաժեշտ շտկումներ կատարի, քննարկման ենթակա չէ: Որ ատամնաբուժական ոլորտը ևս կարիք ունի կանոնակարգման՝ հատկապես այն պահով, որ յուրաքանչյուր՝ ինստիտուտի անուն կպցրած բուդկայում «բարձրագույն ատամնաբուժական կրթություն» ստացածն իրեն ատամնաբույժի տեղ չդնի ու մտքով անցած տեղում ատամնաբուժական կլինիկա բացելով՝ չսկսի մարդկանց գռփել ու նրանց առողջության հետ խաղ խաղալ (որքան էլ նույն «ատամնաբույժն արևելյանները» փորձեն բողոքել), ևս չպետք է քննարկման ենթարկվի: Բայց երբ ինչ-որ մեկի խելքին փչում է պետության անունն օգտագործելով, օգտվելով ամանորյա խառնաշփոթից՝ «անակնկալ» մատուցել և տասնյակ հազարավոր մարդկանց (այն էլ այն մարդկանց, որոնց շնորհիվ պետությունը միմիայն դրական վարկանիշ է ձեռք բերում) աշխատանքից կտրել և ստիպել գոյության նոր ճանապարհներ որոնել, ոչ թե պետք է ուղղակի քննարկվի, այլ հարկավոր է քննարկել ինչպես հարկն է, գտնել մեղավորներին և պատժել այնպես, որ հետագայում նույնանման արկածախնդիրների մտքով անգամ չանցնի համանման փորձ անել և ավելորդ դժգոհություն մտցնել՝ առանց այն էլ հազար ու մի դեռևս չկարգավորված խնդիրների պայմաններում ապրող ՀՀ քաղաքացիների շրջանում: Եթե, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն իսկապես նպատակ է դրել դառնալ ապահով երկիր, իսկ ապահով երկրում, ինչպես հայտնի է, բժիշկներն ավելի քան ապահովված են ու հարգված:

Լուսինե Կեսոյան

Աղբյուր՝ lurer.com

StrangeLittleGirl
28.01.2013, 22:25
Նե՜նց լավ կանեն, որ ստոմատոլոգները մի հատ տեղը տեղին գործադուլ անեն: Իսկականից գնալով հաբրգում ա էս պետությունը: Միակ իսկական մրցունակ ոլորտն ա, էն էլ սենց համը հանում են: Լուրջ եմ ասում՝ ես իմ ապահովագրությամբ եվրոպաներում կարամ ատամներս ձրի բուժեմ, բայց գալիս եմ Հայաստան, փող եմ տալիս, որտև գիտեմ՝ լավ են գործ անում: Ուֆ, ջղայնացա:

Tig
30.01.2013, 12:47
http://www.youtube.com/watch?v=jvHiEN1bgVw&feature=youtu.be

Tig
30.01.2013, 15:09
http://www.youtube.com/watch?v=p_oQgJXx15g&feature=share

Brian_Boru
31.01.2013, 00:35
Նե՜նց լավ կանեն, որ ստոմատոլոգները մի հատ տեղը տեղին գործադուլ անեն: Իսկականից գնալով հաբրգում ա էս պետությունը: Միակ իսկական մրցունակ ոլորտն ա, էն էլ սենց համը հանում են: Լուրջ եմ ասում՝ ես իմ ապահովագրությամբ եվրոպաներում կարամ ատամներս ձրի բուժեմ, բայց գալիս եմ Հայաստան, փող եմ տալիս, որտև գիտեմ՝ լավ են գործ անում: Ուֆ, ջղայնացա:
Բեսպրեձել: :[

Tig
31.01.2013, 12:49
Ես մի բան չեմ հասկանում, եկամտահարկից բացի աթոռահարկը որն ա?
Լրիվ են էշի տեղ դնում:

Ատամնաբույժները բողոքեցին, ընտրեցին «զանգ» կախողներին և մի լավ «շուխուռ» արեցին։ Ու ոչ միայն դժգոհեցին, այլ հայրենիքից հեռանալու սպառնալիքով հանդես եկան։ Պարզվում է՝ 2013թ–ից շրջանառության մեջ մտած նոր հարկային օրենսդրությունը հարկային բեռը թեթևացնելու փոխարեն «ցեխն» է գցել որոշ տնտեսավարողներին, այդ թվում նաև ատամնաբույժներին։ (http://www.emedia.am/hy/%D5%80%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8+%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%BE+%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B 4%D5%AB%D5%B6.+%D5%A5%D5%9E%D6%80%D5%A2+%D5%A7+%D5%B4%D5%B8%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82+%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A1%D 5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%AA%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%AB+%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D 6%81%D5%AB%D5%A1%D5%B6)

«Ես փոքր ատամնաբուժարան ունեմ և նոր օրեքով դեռևս չեմ հարկվել։ Բողոքողներին միացել եմ և հույսով սպասում եմ, որ իշխանությունները խոհեմ կգտնվեն և կվերանայեն օրենքը»,–eMedia.am–ի հետ զրույցում ասում է ատամնաբույժ Վահե Կարապետյանը (հերոսի անունը փոխված է)։

Ստորագրած նոր օրենքի համաձայն, բացի եկամտահարկից, որը ատամնաբույժներն արդեն վճարում էին, այժմ պետք է ամսական վճարեն 1-ից 3 նստատեղի համար՝ 80 հազարական դրամ, ամեն հաջորդի համար՝ 48 հազար դրամ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կարծում է, որ որոշ դեպքերում հարկման պահանջը կրկնակի է դրված։ Մասնավորապես, դա վերաբերվում է ռենտգեն ծառայության, օրթոպետիկ տեխնիկական սեղանների, համալսարանական կլինիկաներում ատամնաբուժական աթոռների, ինչպես նաև զննման կաբինետների համար վճարներին։

«Տեխնիկական սեղանիկի վրա էլ են հարկ դնում, այնտեղ նստում՝ 5000-անոց պրոտեզներ են սարքում, նույնը՝ ռենգենի վրա, առանց որի նորմալ ատամնաբուժարան ուղղակի չի աշխատում», – նշում է ատամնաբույժ Կարինեն (անունը փոխված է)։

Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չթաքցրեց, որ նախքան նոր օրենքը շրջանառության մեջ դնելը ֆինանսների նախարարությունը խնդիրը չի քննարկել առողջապահության նախարարության հետ։ Արդյունքում, ծագած խնդիրների պատճառով, հարցը մնաց առկախ։ Այս պահին ուսումնասիրություններ ու քննարկումներ են ընթանում, որոնց մասնակցում են նաև ատամնաբույժները։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, անդրադառնալով ատամնաբույժների բողոքներին, ընդգծում է, որ իրենք կանխավ նպատակ չեն ունեցել հարկային նոր օրենսդրությամբ ատամնաբուժարանների գործունեությանը վնաս հասցնել։ Նա ևս առիթ ունեցավ լրագրողներին ասել, որ ստորագրված փաստաթուղթը հնարավոր է և փոփոխության ենթարկվի։

«Այնպես չէր, որ նախկին հարկը քիչ էր։ Եկամտահարկի դեպքում բավականին գումար էր կազմում։ Իսկ հիմա հաստատագրված վճար է, խնդիրն այն է, որ արդյոք ես կկարողանամ այնքան եկամուտ ունենալ, որ 80 հազար վճարեմ»,–ասում է Վահեն։

Նա համոզված է, որ սա հատուկ է արվում, որպեսզի համեմատաբար եկամտաբեր համարվող բժշկության այս ճյուղից ավել գումար գանձվի։ «Եթե խնդիրը հօգուտ մեզ չլուծվի, փակելու եմ ատամնաբուժարանս և տեղափոխվելու եմ Սամարա, այնտեղ գործ հիմնելու»,–շեշտում է ատամնաբույժը։
Իսկ մինչ պատկան մարմինները դանդաղորեն կհասկանան խնդիրը և վերջնական որոշում կընդունեն, ի հայտ է գալիս խնդրի ընդգծված սոցիալական, ինչ որ իմաստով ցինիզմի հասնող կողմը։

«Սպասենք–տեսնենք ինչ ա լինում՝ նոր գնանք ատամնաբույժի մոտ...»,–ասում է ուսանողուհի Նառան։

Աղբյուր՝ emedia.am

Tig
31.01.2013, 23:14
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=da4ROHL0xio

Tig
05.03.2013, 10:05
http://www.youtube.com/watch?v=e6LtF1OPdcQ&feature=youtu.be