PDA

Դիտել ողջ տարբերակը : Օտարալեզու բառերի տառադարձություն

Rhayader
08.10.2012, 13:09
Ընդհանուր առմամբ, որոշ անգլերեն բառեր թարգմանվելու փոխարեն տրանսլիտերացվում են հայերեն (հնչյունային համարժեքներով են փոխարինվում), ինչը հաճախ վիճելի կետեր է առաջացնում (Էյնշտեյն-Այնշտայն, Ֆրեյդ-Ֆրոյդ և այլն):

Նախ՝ անդրադառնամ տ-թ տրանսլիտերացիային, որի խնդիրն առավել ցավոտ է: Ռուսերենը չունի թ հնչյուն (ինչպես անգլերենը չունի տ հնչյուն), ինչի պատճառով սովետական շրջանում տրանսլիտերացված բառերում խուլ բաղաձայնն էր կիրառվում (տ), իսկ հետսովետական ռեակցիոն շրջանում, ռուսերենից կարծես հեռանալու նպատակով, կիրառվում էր անգլիական թ-ն՝ ձայնեղ խուլ բաղաձայն: Ինչևէ, իրականում տ-թ տրանսլիտերացիան ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ընդհանուր առմամբ, եթե նայենք անգլերենի ծագումնաբանական տեսանկյունից, կտեսնենք այդ երկու հնչյունները թե՛ հույների մոտ (տաու-թետա), թե՛ սկանդինավյան լեզուներում (տեյվազ-թունոր): Հունական երկու աստվածուհիների անունների օրինակի վրա պարզ է դառնում, թե ինչպես են անգլերեն տրանսլիտերացվում հունական տաուն ու թետան. Θέτις` Thetis, Թետիս, ու Τηθύς` Tethys, Տեթիս: Ակնհայտ է դառնում, որ հունական թետան, հայերեն համարժեքը՝ թ, անգլերենում հնչյունափոխվում է th բաղաձայն հնչյունին (իր երկու տարբերակներով, ձայնեղ ð-ն ու անձայն θ-ն): Նույնը տեղի է ունենում Þ թեյվազ ու T տունոր հին սկանդինավյան հնչյունների հետ (Thor - Týr): Հունական դիցաբանության հետ ես ծանոթացել եմ ռուսական աղբյուրներից, որոնց հեղինակները... թ հնչյունի բացակայության պատճառով նույնացրել էին Թետիս ու Տեթիս աստվածուհիներին, հայ թարգմանիչներն էլ ընդամենը Тетис բառի առաջին Т-ն Թ էին դարձրել:

Տեսնելով, թե ինչ տրամաբանությամբ են անգլերենում տրանսլիտերացնում հունական ու նորդական Տ ու Թ հնչյունները, կարող ենք հետևություն անել, թե ինչպես է պետք անգլերենից տրանսլիտերացնել T ու Th հնչյունները: T=Տ, Th=Թ:

Ֆրեյդի ու Էյնշտեյնի խնդիրն ավելի բարդ է: Ռուսերեն դրանք փոխանցվել են գրելաձևից ենթադրված տրանսլիտերացիայով, հայերեն մտել ռուսերենից: Ֆրոյդ ու Այնշտայն գրելաձևերի կողմնակիցները, որպես արգումենտացիա բերում են, որ նախնական լեզվով դրանք այդպես են արտասանվել: Հակափաստարկ՝ ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, հնդիկներն իրենցը՝ Բհարատա, վրացիներն իրենցը՝ Գեորգիա: Ինչևէ, մենք դրանք անվանում ենք այլ լեզուներից փոխառած կամ հնուց ձևավորված անուններով՝ Ֆինլանդիա, Հնդկաստան, Վրաստան: Անձամբ իմ կարծիքով, այս հարցին կարելի է առավել ճկուն մոտենալ ու երկու տարբերակն էլ ճիշտ համարել:

Իհարկե, ես լեզվաբան չեմ, ու հետաքրքիր կլիներ մասնագետ լեզվաբանի կարծիք լսել այս հարցի շուրջ:

Rammstein
08.10.2012, 14:08
Շնորհակալություն թեմայի համար, Ռայադեր: Նման թեմա վաղուց էի ուզում բացել:

Ես էլ լեզվաբան չեմ, բայց ունեմ իմ տեսակետը: Համարում եմ, որ էն բառերը, որոնք արդեն ունեն հստակ գրելաձեւ, չարժե փոխել: Օրինակ` ակումբում հանդիպել եմ «սիգարեթ» գրելաձեւը, բայց էդ բառը վաղուց կիրառվում ա «սիգարետ» տարբերակով: Կամ հանդիպել եմ «մոնոլիթ» գրելաձեւը, որը կիրառվում ա «տ»-ով տարբերակով (չնայած` էս բառի հայերեն տարբերակն էլ կա` «միաձույլ», բայց բայց «մոնոլիտ» գրելուց միշտ «տ» եմ հանդիպել): Նույն շարքից` Յունիքոդ, որը միշտ հանդիպել եմ «կ»-ով, առավել եւս, որ ունենք «կոդ» բառը: Եւ այլն:
Սրանց, կարծում եմ, չարժե ձեռք տալ:

Ինչ վերաբերում ա անուններին. օրինակ` Այնշտայնի ազգանունը, հիշում եմ, դպրոցական ֆիզիկայի գրքում հենց Այնշտայն էր գրած: Գուցե Էյնշտեյն տարբերակը ավելի տարածված ա, բայց քանի որ երկու տարբերակն էլ կիրառվում են, նախընտրում եմ օրիգինալը` Այնշտայնը: Առավել եւս, որ «Էյնշտեյն» տարբերակը ոչ թե տառերի պակասի հետեւանք ա, այլ սխալ կարդալու:

Հետո, եսի՞մ, ինձ թվում ա պիտի մի քիչ նենց լինի, որ հայերենի նման հնչի: Իսկ էդ որ բոլոր t-երը «թ» են սարքում, p-երը «փ» են սարքում, k-երը «ք» են սարքում, մի թեսաք շաթ արհեսթաքան ա, հեչ հայերեն չի հնչում: :))

Շինարար
08.10.2012, 14:23
Նախ՝ անդրադառնամ տ-թ տրանսլիտերացիային, որի խնդիրն առավել ցավոտ է: Ռուսերենը չունի թ հնչյուն (ինչպես անգլերենը չունի տ հնչյուն), ինչի պատճառով սովետական շրջանում տրանսլիտերացված բառերում խուլ բաղաձայնն էր կիրառվում (տ), իսկ հետսովետական ռեակցիոն շրջանում, ռուսերենից կարծես հեռանալու նպատակով, կիրառվում էր անգլիական թ-ն՝ ձայնեղ խուլ բաղաձայն: Ինչևէ, իրականում տ-թ տրանսլիտերացիան ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Մեր մամուլը մի սարսափելի սովորություն ունի հիմա: Ռուսերենից հատուկ անունները թարգմանելիս բոլոր տ-երը թ ա դարձնում, կ-երը ք և այլն, տենց Կադաֆին մարդկանց թեթև ձեռքով Քադաֆի դարձավ, Կատարը՝ Քաթար, որ սովետի վաղտից Կատար ա եղել, մնում ա Կահիրեն էլ Քահիրե սարքեն ու պրծնենք, մինչդեռ Կատարն ու Կադաֆին նույն Կ-ով են, ինչ Կահիրեն, որ հայերեն ավելի շուտ Ղ կդառնա, ինչպես Կուրանը Ղուրան է դառել, քան Ք: Ես Ֆեյսբուքում մի լրատվամիջոցի նյութի տակ քոմենթ արեցի, ինձ անգրագետ անվանեցին ու դավայ-դասվիդանյա ասացին, այսինքն՝ լսել էլ չեն ուզում որևէ դիտողություն: Արաբագիտության ամբիոնն էր համալսարանի մի հսկայական ցանկ պատրաստել էսպիսի սխալ տառադարձումների, ուզում էին ուղարկեն լրատվամիջոցներին, տենց էլ չիմացա՝ ինչ եղավ:

Արէա
08.10.2012, 14:56
Շնորհակալություն բացատրության համար :)

Իմ ուսանող տարիներին պոլիտեխնիկում մի ամբիոն կար, անունը լրիվ չեմ հիշում, բայց "քոմփյութերային" բառ կար անվանման մեջ: Էդ ամբիոնում սովորող ընկերներ ունեի, ամեն անգամ կռիվ էի անում հետները, թե իրենց ամբիոնի անունը սխալ է, պետք է լինի, եթե ոչ համակարգչային, ապա գոնե կոմպյուտերային: Ինձ կոմունիստ էին ասում, իբր դու ինչ ես հասկանում նորագույն տեխնոլոգիաներից, ես էլ ինձ մեջից ուտում էի, բայց չէի կարողանում ապացուցել թե ինչու "քոմփյութեր"-ի փոխարեն պետք է "կոմպյուտեր" լինի :)

Գալաթեա
08.10.2012, 15:24
Նմանօրինակ դեպքերից ինձ ամենաշատը ՊրաՀա-ն ա տապալում:
Ինչի ախր, ինչի՞՞՞՞ :noti

One_Way_Ticket
08.10.2012, 15:25
Նմանօրինակ դեպքերից ինձ ամենաշատը ՊրաՀա-ն ա տապալում:
Ինչի ախր, ինչի՞՞՞՞ :noti
Որովհետև չեխերեն Պրահա է:

Գալաթեա
08.10.2012, 15:26
Որովհետև չեխերեն Պրահա է:

Հա ինչ անենք:
Չեռնոգորիան էլ չեռնոգորիերեն Չեռնոգորիա ա: Ինչի՞ են Մոնտենեգռո ասում:

Գալաթեա
08.10.2012, 15:31
Աշխարհով մեկ կարան ասեն՝ Պրագա, Փրագ, մենք պետք ա Պրահա ասենք:
Բա բոլորին ստիպենք, որ մեզ Հայաստան ասեն: Ինչի՞ են Արմենիա ասում :)

Malxas
08.10.2012, 15:38
Որովհետև չեխերեն Պրահա է:

Չեխերեն լեզվում H տառը կարդացվում է գ :
Դժվար է ասել, թե որն է ճիշտ: Ֆրանսերենով էլ Պաղի է, բայց մենք առանց մեզ վատ զգալու Փարիզ ենք ասում:

One_Way_Ticket
08.10.2012, 15:38
Աշխարհով մեկ կարան ասեն՝ Պրագա, Փրագ, մենք պետք ա Պրահա ասենք:
Բա բոլորին ստիպենք, որ մեզ Հայաստան ասեն: Ինչի՞ են Արմենիա ասում :)
Ֆինները, էստոնացիներն ու լիտվացիներն էլ են Պրահա ասում :) Բայց ինչ վատ է հնչու՞մ, որ: Իմ կարծիքով հայերենին Պրահան ավելի է սազում, քան Պրագան:

Գալաթեա
08.10.2012, 15:43
Ֆինները, էստոնացիներն ու լիտվացիներն էլ են Պրահա ասում :) Բայց ինչ վատ է հնչու՞մ, որ: Իմ կարծիքով հայերենին Պրահան ավելի է սազում, քան Պրագան:

Ախր բարեհունչ չի է Պրահան... Հայերենում ձայնավորների միջև ընկած հ-ն նորմալ ա հնչում, երբ երկրորդ ձայնավորի վրա ա շեշտը: Օրինակ՝ "ահա", "մահակ" բառերի մեջ:
Երբ առաջինի վրա ա ընկնում շեշտը, հ-ն խուլ ա հնչում ու բարեհունչ չի ստացվում, ոնց որ երկու հատ "ա" ասես:
Թեև կարող ես Հայլուրի պես ասես: Էդ դեպքում կստացվի՝ Պրահա՛ :D

One_Way_Ticket
08.10.2012, 15:47
Չեխերեն լեզվում H տառը կարդացվում է գ :
Դժվար է ասել, թե որն է ճիշտ: Ֆրանսերենով էլ Պաղի է, բայց մենք առանց մեզ վատ զգալու Փարիզ ենք ասում:
Բայց ես հիշում եմ, որ Պրահայի օդանավակայանում անձնագրային ստուգում էի անցնում, սահմանապահը ուզեց նստեցման կտրոնս (դեպի Վարշավա էի շարունակում), նայեց, հարցրեց. Պրահա-Վարշա՞վա: Ու հաստատ Պրահան "հ"-ով ասաց, ոչ թե "գ"-ով, լավ եմ հիշում: Գուցե հայ էր :D

Malxas
08.10.2012, 15:56

Ֆուտբոլի հաղորդավարն էր այդպես բացատրում ;)

Ուլուանա
08.10.2012, 16:19
Լավ թեմա է :)։

Մեջբերում եմ լատինագիր լեզուների p, t, k (c)–ի տառադարձման վերաբերյալ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուում սահմանված կանոնները.

Անգլերեն p, t, k–ն և k արտասանվող c–ն տառադարձել բառասկզբում փ, թ, ք, մնացած դիրքերում՝ պ, տ, կ. վերջին դեպքում կրկնավորները ևս տառադարձել մեկ բաղաձայնով. օրինակ՝ Փիռլ Հարբոր (Pearl Harbor), Փիտ (Pitt), Փայկ (Pike), Փեյն, Թաֆտ (Taft), Թեյլոր (Taylor), թենիս (tennis), թիմ (team), Թոյնբի (Toynbee), Թուկ (Tooke), Քարտեր (Carter), Քենեդի (Kennedy), Քլարկ (Clark), Լիպման (Lippman), բադմինտոն (badminton), Դուայտ (Dwight), միստեր (mister), Ռուզվելտ (Roosevelt), Սկոտ (Scott), ֆուտբոլ (football), Լասկի (Laski), Հոկ (Hawke) և այլն։

Ծանոթություն 1. Արդեն լայն տարածում գտած բառերի և հատուկ անունների ավանդական ուղղագրությունը թողնել անփոփոխ, օրինակ՝ կոնգրեսմեն (congressman), կու–կլուքս–կլան (Ku Klux Klan), (փխկ. քու–քլուքս–քլան), Նյու Յորք (փխկ. Նյու Յորկ), Տվեն և այլն։

Ծանոթություն 2. Բառասկզբի p, t, k (c)-ի տառադարձության ընդհանուր կանոնը տարածել այն բաղադրյալ բառերի և հատուկ անունների երկրորդ բաղադրիչների վրա, որոնց բաղադրիչները լիովին գիտակցվում են (մասնավորապես, եթե դրանք միացվում են ապաթարցով, գծիկով կամ գրվում անջատ), օրինակ՝ Ջորջթաուն, (Georgetown), Օ՛Քեյսի (O'Casey), Օ՛Քոնոր (O'Connor), Մակ–Թավիշ (MacTavish), Մակ–Քինլի (McKinley), Մակ–Քորմիկ (McCormick), Փորտ–Փատրիկ (Port Patrick), Լեյկ Փլեսիդ (Lake Placid) և այլն։

Ուլուանա
08.10.2012, 16:23
Եթե թեմայի հեղինակը դեմ չէ, առաջարկում եմ թեման ընդլայնել՝ վերնագրից հանելով «տ–թ»–ին վերաբերող մասը։ Կարծում եմ՝ իմաստ չունի մյուս տառադարձական հարցերի վերաբերյալ առանձին թեմաներ բացել, իսկ դրանք շատ են։ Բացի դրանից, արդեն իսկ սկսել ենք քննարկել այլ հնչյունային տառադարձության դեպքեր։

Moonwalker
08.10.2012, 16:24
Ֆուտբոլի հաղորդավարն էր այդպես բացատրում ;)

Լսում ենք, թե սովորական չեխն ինչպես է արտասանում (http://www.forvo.com/word/praha/):

Գալաթեա
08.10.2012, 16:35
Լսում ենք, թե սովորական չեխն ինչպես է արտասանում (http://www.forvo.com/word/praha/):

Իմ մոտ ձեն չի գալիս :(

Peace
08.10.2012, 16:45
Փաստորեն երկուսն ձևն էլ ճիշտ է:

http://www.thefreedictionary.com/Praha

http://www.thefreedictionary.com/Prague

Ուլուանա
08.10.2012, 16:50
Իմ մոտ ձեն չի գալիս :(
Բոլորն, առանց բացառության, հ–ով էին արտասանում, Լիլ։

One_Way_Ticket
08.10.2012, 16:50
Փաստորեն երկուսն ձևն էլ ճիշտ է:

http://www.thefreedictionary.com/Praha

http://www.thefreedictionary.com/Prague
Անգլերենում ընդունված է համ անգլիականացված անունը ճիշտ համարել, համ օրիգինալ լեզվինը: Այլ օրինակներ. Krakow - Cracow, Luzern - Lucerne, և այլն:

Ուլուանա
08.10.2012, 16:51
Փաստորեն երկուսն ձևն էլ ճիշտ է:

http://www.thefreedictionary.com/Praha

http://www.thefreedictionary.com/Prague
Բայց տվյալ դեպքում կարևորն այն է, թե ոնց պիտի արտասանվի հայերենում, ինչն էլ իր հերթին պիտի հիմնված լինի օրիգինալի վրա, ոչ թե անգլերենի։ Իսկ օրիգինալում, ինչպես տեսանք, հ–ով է։

Գալաթեա
08.10.2012, 16:54
Բայց տվյալ դեպքում կարևորն այն է, թե ոնց պիտի արտասանվի հայերենում, ինչն էլ իր հերթին պիտի հիմնված լինի օրիգինալի վրա, ոչ թե անգլերենի։ Իսկ օրիգինալում, ինչպես տեսանք, հ–ով է։

Ան, էդ դեպքում էլի եմ ասում, թող ամեն ինչ օրիգինալի վրա հիմնենք:
Սերբերն ու չեռնագորցիները Չեռնագորիա են ասում: Ինչո՞ւ են մերոնք պետական մակարդակով Մոնտենեգրո ասում: Օրենքը բոլոր դեպքերը չպետք ա՞ ներառի:

Peace
08.10.2012, 16:56
Գալաթեան ասում էր.

Աշխարհով մեկ կարան ասեն՝ Պրագա, Փրագ, մենք պետք ա Պրահա ասենք:

Այդ առումով ասեցի, որ երկուսն էլ ճիշտ են:

One_Way_Ticket
08.10.2012, 16:59
Կարևորը չինական անվանումները չսկսենք օրիգինալի վրա հիմնվելով արտասանել, տակից դուրս չենք գա :)

Ուլուանա
08.10.2012, 17:03
Ան, էդ դեպքում էլի եմ ասում, թող ամեն ինչ օրիգինալի վրա հիմնենք:
Սերբերն ու չեռնագորցիները Չեռնագորիա են ասում: Ինչո՞ւ են մերոնք պետական մակարդակով Մոնտենեգրո ասում: Օրենքը բոլոր դեպքերը չպետք ա՞ ներառի:
Դե սխալ ենք անում։ Բայց համոզված չեմ, որ պաշտոնապես ընդունված ձևը Մոնտենեգրոն ա, ոչ թե Չեռնոգորիան։ Կփորձեմ ճշտել մի հատ։

Գալաթեա
08.10.2012, 17:07
Դե սխալ ենք անում։ Բայց համոզված չեմ, որ պաշտոնապես ընդունված ձևը Մոնտենեգրոն ա, ոչ թե Չեռնագորիան։ Կփորձեմ ճշտել մի հատ։

Չգիտեմ դա պաշտոնական ա համարվում թե չէ, բայց Եվրատեսիլի ժամանակ Մոնտենեգրո են ասում, որից ես մեղմ ասած վրդովվում եմ:

Ուլուանա
08.10.2012, 17:09
Չգիտեմ դա պաշտոնական ա համարվում թե չէ, բայց Եվրատեսիլի ժամանակ Մոնտենեգրո են ասում, որից ես մեղմ ասած վրդովվում եմ:
Ինձ թվում ա՝ դու ինձնից լավ գիտես, որ Եվրատեսիլը ու ընդհանրապես հեռուստատեսությունը, մեղմ ասած, հիմք չի հայերենում ճշտի ու սխալի մասին եզրակացություններ անելու։

Պաշտոնական ասելով՝ նկատի ունեմ, որ Լեզվի տեսչության կողմից հաստատված լինի։

Գալաթեա
08.10.2012, 17:10

Գիտեմ:
Բայց նույն հեռուստատեսությունը սրբորեն ասում ա Պրահա :D

Ուլուանա
08.10.2012, 17:18
Գիտեմ:
Բայց նույն հեռուստատեսությունը սրբորեն ասում ա Պրահա :D
Դե հիմա, մարդ են, մեկ–մեկ իրենք էլ կարող են սխալվել ու ճիշտ արտասանել :))։ Ներողամիտ եղիր :D։

Malxas
08.10.2012, 19:22
Լսում ենք, թե սովորական չեխն ինչպես է արտասանում (http://www.forvo.com/word/praha/):

Վերջ, էլ ֆուտբոլային հաղորդավարներին հավատալ չկա, մի երկու անգամ էլ եմ դրանց կոպիտ սխալներ անելիս բռնացրել.. բայց դե չեխական Գ Հ ի դեպքում, այնքան վստահ էր խոսում ու դեռ օրինակներ բերում, որ չկասկածեցի: :)
Ինչևէ անցնենք առաջ: Բայց ինչու օրինակ ֆրանսերենում և իսպաներենում չենք հենվում օրիգինալի վրա: Օրինակ փոխանակ ասելու Մալախա`, ասում ենք Մալագա և այլն...

Ռուֆուս
08.10.2012, 23:17
Չգիտեմ դա պաշտոնական ա համարվում թե չէ, բայց Եվրատեսիլի ժամանակ Մոնտենեգրո են ասում, որից ես մեղմ ասած վրդովվում եմ:

Հայերենում պաշտոնական անվանումը «Չեռնոգորիան» է, պարզապես Եվրատեսիլի վարողներն են անգրագետ :)

Վերջ, էլ ֆուտբոլային հաղորդավարներին հավատալ չկա, մի երկու անգամ էլ եմ դրանց կոպիտ սխալներ անելիս բռնացրել.. բայց դե չեխական Գ Հ ի դեպքում, այնքան վստահ էր խոսում ու դեռ օրինակներ բերում, որ չկասկածեցի: :)
Ինչևէ անցնենք առաջ: Բայց ինչու օրինակ ֆրանսերենում և իսպաներենում չենք հենվում օրիգինալի վրա: Օրինակ փոխանակ ասելու Մալախա`, ասում ենք Մալագա և այլն...

Մալխաս, ժողովրդին մի շփոթեցրու, Մալագան իսպաներեն էլ ա Մալագա:

Տրիբուն
09.10.2012, 00:15
Ան, էդ դեպքում էլի եմ ասում, թող ամեն ինչ օրիգինալի վրա հիմնենք:
Սերբերն ու չեռնագորցիները Չեռնագորիա են ասում: Ինչո՞ւ են մերոնք պետական մակարդակով Մոնտենեգրո ասում: Օրենքը բոլոր դեպքերը չպետք ա՞ ներառի:

Ոնց որ սերբերեն «Ցըռնո Գոռա» ա ճիշտ ձևը: Հայերեն որ սենց ասենք, մի քիչ անհամեստ բան կստացվի:

Ու իրանք իրանց ձեռով, սահմանդրության պաշտոնական թարգմանության մեջ նշում են Montenegro:

Sagittarius
09.10.2012, 00:48
Ան, էդ դեպքում էլի եմ ասում, թող ամեն ինչ օրիգինալի վրա հիմնենք:
Սերբերն ու չեռնագորցիները Չեռնագորիա են ասում: Ինչո՞ւ են մերոնք պետական մակարդակով Մոնտենեգրո ասում: Օրենքը բոլոր դեպքերը չպետք ա՞ ներառի:

Ճիշտն ասած Չեռնագորիան էլ օրիգինալ չի... սերբերն ասում են Ցռնագորիա :))

Ոնց որ սերբերեն «Ցըռնո Գոռա» ա ճիշտ ձևը: Հայերեն որ սենց ասենք, մի քիչ անհամեստ բան կստացվի:

Ու իրանք իրանց ձեռով, սահմանդրության պաշտոնական թարգմանության մեջ նշում են Montenegro:

Չէի տեսել :)

Rhayader
09.10.2012, 01:39
Պրահան հաստատ հ-ով են ասում Չեխիայում, մայրիկիս մորաքույրն այնտեղ է ապրում:) բայց Անուկը կհաստատի ռուսերենի Գ-ն Հ թարգմանելու վնասական հետևանքները, երբ Պոլ Գելլիկոյի անունը թարգմանել էին «Պոլ Հալիկո» :D

Տրիբուն
09.10.2012, 03:46
Ճիշտն ասած Չեռնագորիան էլ օրիգինալ չի... սերբերն ասում են Ցռնագորիա :))

Ցռնա Գոռայի սահմանադրության առաջին հոդվածը :D

Crna Gora je demokratska, socijalna i ekološka država.

Ցըռնա Գոռան դեմոկրատական, սոցիալական և էկոլոգիական պետություն է:

Ոնց կարա Ցըռնան էկոլոգիական լինի ? :think

Գալաթեա
09.10.2012, 13:20
Ոնց կարա Ցըռնան էկոլոգիական լինի ? :think

Կարա, ծովի ափին ա :)

Malxas
09.10.2012, 13:27
Հայերենում պաշտոնական անվանումը «Չեռնոգորիան» է, պարզապես Եվրատեսիլի վարողներն են անգրագետ :)

Մալխաս, ժողովրդին մի շփոթեցրու, Մալագան իսպաներեն էլ ա Մալագա:

Իսպանացիները գ տառ չունեն J և G տառերը արտասանվում են խ, մեկը ուժեղ, մյուսը թույլ:

Շինարար
09.10.2012, 13:36
Իսպանացիները գ տառ չունեն J և G տառերը արտասանվում են խ, մեկը ուժեղ, մյուսը թույլ:

Ես գուգլով լսեցի, ավելի շատ ղ-ի էր նման:

StrangeLittleGirl
11.10.2012, 19:13
Չեխերեն լեզվում H տառը կարդացվում է գ :

հ ա կարդացվում :angry
Էդ ասում եմ որպես Չեխիայում ապրած ու մի քիչ էլ չեխերեն իմացող:

Բայց Պրահա-Պրագա հարցն իրոք ահավոր ա: Մինչև 90-ականների վերջը Պրագա ձևն էր պաշտոնական, բայց հետո լեզվի տեսչությունը Պրահան սարքեց ճիշտ: Նենց որ որոշ մարդիկ էնտեղ նստած իրենց համար հանկարծակի որոշել են, որ Պրահան ա ճիշտ: Ուֆ է: Չեմ հասկանում՝ լեզվի տեսչությունն ինչի համար ա, եթե մի որոշում ընդունելուց առաջ մանրամասն վերլուծություն չեն անում:

Ինչ վերաբերում ա ընդհանուր տառադարձման երևույթին ու Ռայի բերած օրինակներին: Մի քիչ համաձայն չեմ t-th-ի կանոնի հետ: Եթե նայենք ավելի հին բառերին, կտեսնենք, որ անգլերենում ասում են tea, հայերենում՝ թեյ:

Ամեն դեպքում, ինձ թվում ա՝ ցանկացած բառ տառադարձելիս երկու բան պետք ա հաշվի առնել.
1. թե ինչպես ա տվյալ բառը հնչում օրիգինալ լեզվում
2. թե ինչքանով ա էդ հնչողությունը հակասում կամ հարմարվում հայերենի հնչյունաբանությանը

Բացառապես տառային տառադարձմանը կտրականապես դեմ եմ, որովհետև էդ դեպքում բառը կարա լրիվ ուրիշ կերպ արտասանվի հայերենում: Իսկ բացառապես հնչյունային տառադարձումն էլ անհնար ա, որովհետև լիքը հնչյուններ կան, որ հայերենում չկան, կան նաև հնչյունային համադրություններ, որոնք մեզ համար դժվարարտասանելի են:

Մի անգամ ինձ քննադատեցին հոլանդերենի g-ն խ տառադարձելու համար: Ախր ինչու՞ չէ, եթե մենք ունենք խ հնչյունը: Թող անգլոամերիկացիներն էդ բոլոր աշխարհագրական անունները գ-ով արտասանեն:

Հա, ի դեպ, լինելով հնչյունային տառադարձման կողմնակից՝ այնուամենայնիվ դեմ եմ վաղուցվանից տառադարձված բառերը նոր տարբերակներով փոխարինելուն: Օրինակ, Փարիզը վաղուց արդեն հայերենում ընդունված ձև ա, կարիք չկա Պաղի սարքելու:

StrangeLittleGirl
11.10.2012, 19:18
Ես գուգլով լսեցի, ավելի շատ ղ-ի էր նման:

Շին, բարբառից ա կախված: Որոշ բարբառներում էլ հ-ի նման բան ա լսվում:

Ստանդարտ իսպաներենում [ɣ] ա, որը հնչեղ վելար ֆրիկատիվ ա (կներեք ոչ հայեցի տերմիններիս համար) ու հնչում ա ղ-ի նման, բայց լեզուն ոչ թե հանգիստ վիճակում ա, այլ մոտենում ա փափուկ քիմքին

Իսկ j-ն կարդացվում ա [x], որը [ɣ]-ի խուլն ա: Դա մեր հայերենի մաքուր խ-ն չի. նորից, լեզուն մոտենում ա փափուկ քիմքին այն արտասանելու համար:

Rhayader
14.10.2012, 01:11
Ինչ վերաբերում ա ընդհանուր տառադարձման երևույթին ու Ռայի բերած օրինակներին: Մի քիչ համաձայն չեմ t-th-ի կանոնի հետ: Եթե նայենք ավելի հին բառերին, կտեսնենք, որ անգլերենում ասում են tea, հայերենում՝ թեյ:
Թեյը տառադարձում չի անգլերենից, ի գիտություն:) չինարենի Մին Նան բարբառից ա, ի սկզբանե ներմուծվել ա որպես thee :) Մանդարինով նույն հիերոգլիֆը կարդացվում ա «չա»:

Հարմարվելուն որ նայենք, Սուոմին ու Բհարատան Ֆինլանդիայից ու Հնդկաստանից վատ չեն հնչում, հա:))

Հնչյունային տառադարձումը պատճառ ա դառնում, օրինակ, որ Jon (Jonathan, Հովնաթան անվան կրճատ տարբերակը), Jon (Seán իռլանդական անվան տառադարձումներից մեկը, կհավատաք, թե չէ, բայց ծագում է նույն արմատից, ինչ Հովհաննես անունը), John (անգլերենի սեփական Հովհաննեսը) թարգմանվում են նույն զահրումար Ջոնն ու թարգմանություններուն լիքը մթնոլորտ է կորում (հնարավոր այլընտրանքային տառադարձման տարբերակ է՝ Ջոն, Շոն, Ջոուն), կամ որ Տեթիս ու Թետիս աստվածուհիները նույնացվում են: Ես կողմ եմ մշակութային-կոնտեքստային տառադարձմանը. նախ հաշվի է առնվում բառի ծագումն ու մշակութային կոնտեքստը, հնչողությունների ծագումները, հնարավոր տառադարձման տարբերակները, որպեսզի տառադարձումն ու բառի նախնական ձևն ունենան միանշանակ տրամաբանական կապ ու մեկից մյուսը հնարավոր լինի վերարտադրել: Հետո ընտրվում է ստացված տարբերակներից առավել վերջնական լեզվի կոնտեքստին համապատասխանը:

Malxas
14.10.2012, 01:39
հ ա կարդացվում :angry
Էդ ասում եմ որպես Չեխիայում ապրած ու մի քիչ էլ չեխերեն իմացող:

Մինչև քո բարկանալը ես արդեն ընդունել էի իմ սխալը ;)

StrangeLittleGirl
14.10.2012, 19:56
Թեյը տառադարձում չի անգլերենից, ի գիտություն:) չինարենի Մին Նան բարբառից ա, ի սկզբանե ներմուծվել ա որպես thee :) Մանդարինով նույն հիերոգլիֆը կարդացվում ա «չա»:

Հարմարվելուն որ նայենք, Սուոմին ու Բհարատան Ֆինլանդիայից ու Հնդկաստանից վատ չեն հնչում, հա:))

Հնչյունային տառադարձումը պատճառ ա դառնում, օրինակ, որ Jon (Jonathan, Հովնաթան անվան կրճատ տարբերակը), Jon (Seán իռլանդական անվան տառադարձումներից մեկը, կհավատաք, թե չէ, բայց ծագում է նույն արմատից, ինչ Հովհաննես անունը), John (անգլերենի սեփական Հովհաննեսը) թարգմանվում են նույն զահրումար Ջոնն ու թարգմանություններուն լիքը մթնոլորտ է կորում (հնարավոր այլընտրանքային տառադարձման տարբերակ է՝ Ջոն, Շոն, Ջոուն), կամ որ Տեթիս ու Թետիս աստվածուհիները նույնացվում են: Ես կողմ եմ մշակութային-կոնտեքստային տառադարձմանը. նախ հաշվի է առնվում բառի ծագումն ու մշակութային կոնտեքստը, հնչողությունների ծագումները, հնարավոր տառադարձման տարբերակները, որպեսզի տառադարձումն ու բառի նախնական ձևն ունենան միանշանակ տրամաբանական կապ ու մեկից մյուսը հնարավոր լինի վերարտադրել: Հետո ընտրվում է ստացված տարբերակներից առավել վերջնական լեզվի կոնտեքստին համապատասխանը:
Բայց չեմ ասել, որ անգլերենից փոխառություն ա թեյը: Այլ ասում էի, որ չնայած անգլերենում t-ով ա գրվում, հայերենում թ ա արտասանվում՝ անկախ նրանից, թե ոնց ա մտել երկու տարբեր լեզուների մեջ նույն ծագումն ունեցող բառը: Ավելին ասեմ՝ ֆրանսերենում th-ով ա գրվում, բայց ֆրանսերենում th-ը հենց թ էլ կարդացվում ա, ի տարբերություն t-ի, որն ավելի շուտ տ ա հնչում:

Freeman
21.10.2012, 21:47
Ընդհանուր առմամբ, եթե նայենք անգլերենի ծագումնաբանական տեսանկյունից, կտեսնենք այդ երկու հնչյունները թե՛ հույների մոտ (տաու-թետա), թե՛ սկանդինավյան լեզուներում (տեյվազ-թունոր): Հունական երկու աստվածուհիների անունների օրինակի վրա պարզ է դառնում, թե ինչպես են անգլերեն տրանսլիտերացվում հունական տաուն ու թետան. Θέτις` Thetis, Թետիս, ու Τηθύς` Tethys, Տեթիս: Ակնհայտ է դառնում, որ հունական թետան, հայերեն համարժեքը՝ թ, անգլերենում հնչյունափոխվում է th բաղաձայն հնչյունին (իր երկու տարբերակներով, ձայնեղ ð-ն ու անձայն θ-ն): Նույնը տեղի է ունենում Þ թեյվազ ու T տունոր հին սկանդինավյան հնչյունների հետ (Thor - Týr): Հունական դիցաբանության հետ ես ծանոթացել եմ ռուսական աղբյուրներից, որոնց հեղինակները... թ հնչյունի բացակայության պատճառով նույնացրել էին Թետիս ու Տեթիս աստվածուհիներին, հայ թարգմանիչներն էլ ընդամենը Тетис բառի առաջին Т-ն Թ էին դարձրել:

T-ի ու th-ի հետ կապված հունական ծագում ունեցող բժշկական տերմիններում ու դեղերի անվանումներում էլ ա th-թ, t-տ: